Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇՈՒՇԻԿ ՍԱՐԳՍԻ
(20.05.1916 – 12.10.1994)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1979թ.):
Ծնվել է 1916 թ. մայիսի 20-ին ԼՂԻՄ Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
1933 թ. տեղափոխվել է Բաքու և աշխատանքի անցել Վոլոդարսկու անվան կարի ֆաբրիկայում: Այնուհետև դարձել է Բաքվի Շահումյանի անվան մշակույթի տան թատերական խմբի դերասանուհի, որը ղեկավարում էր նշանավոր արտիստ Ալ. Հովհաննիսյանը:
1935-1939 թթ. սովորել է Բաքվի թատերական ուսումնարանում, որն ավարտելուց աշխատանքի է անցել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում: Նրա բեմական կյանքի առաջին շրջանի լավագույն դերակատարումներից էին. Ջեմմա (Է. Վոյնիչ` «Բոռ»), Բարբարե (Գ. Սունդուկյան` «Էլի մեկ զոհ»), Լիդիա (Ա. Կորնեյչուկ` «Պլատոն Կրեչետ»):
Շ. Գրիգորյանը դրամատիկական, բնութագրական, ինչպես նաև կատակերգական դերերի լավագույն կատարող էր: Նրա հիշարժան անձնավորումներից են. Շպպանիկ, Սանամ, Նատաշա, Շուշան, Երանուհի (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Մորգանի խնամին», «Չար ոգի», «Պատվի համար»), Աննա (Ա. Օստրովսկի` «Հորձանուտ»), Շահանդուխտ (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Անահիտ (Վ. Հարությունյան` «Անահիտ»` ըստ Ղ. Աղայանի), Լամբրինի (Ա. Պարնիս` «Աֆրոդիտեի կղզին»), Ակուլինա Իվանովնա (Մ. Գորկի` «Քաղքենիներ»), Կովալիխա (Ա. Կոլոմիեց` «Կապույտ եղնիկներ»), Նուբար (Ա. Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Ֆաննի (Ցաո-Յու` «Թայֆուն»), Ադելաիդա (Տ. Վարդազարյան` «Ադելաիդան` նորահարս»):
Շ. Գրիգորյանը շուրջ տասը տարի աշխատել է նաև Գորիսի և Աշտարակի շրջանային պետական թատրոններում, սակայն լավագույն տարիները անմնացորդ նվիրել է Ստեփանակերտի թատրոնին:
Մահացել է 1994 թ. հոկտեմբերի 12-ին Երևանում:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՖԵՆՅԱ ԳՐԻԳՈՐԻ
(12.04.1918-16.09.2004)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982 թ.):
Ծնվել է 1918 թ. ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի Խերխան գյուղում: 1924 թ-ից ապրել է Ստեփանակերտում: 1934 թ-ից հանդես է եկել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի հիմնադիր կազմում:
Արֆենյա Հովհաննիսյանը անսամբլի դերսանուհի էր, խաղացել է երկրորդ պլանի դերեր, ավելի շատ` բնութագրական և կատակերգական:
Լավագույն դերակատարումներից են. Միանսազ, Շպպանիկ (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի», «Նամուս»), Ցացաննա (Կ. Բուաչիձե` «Բակում կատաղի շուն կա»), Կապա (Ս. Կարնաուխովա, Լ. Բրաուսևիչ` «Ալվան ծաղիկ»), Խենովեվա (Ա. Կասոնա` «Ծառերը կանգնած են մահանում»), Քեթևան (Գ. Սունդուկյան` «Խաթաբալա»), Տիկին Միլլեր (Ֆ. Շիլլեր` «Սեր և խարդավանք»), Արուս տատ (Հ. Մաթևոսյան` «Աշնան արև») և այլն:
Արֆենյա Հովհաննիսյանն իր բեմական գործունեության ընթացքում ակտիվորեն մասնակցել է նաև թատրոնի հասարակական կյանքին, ղեկավարել է տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատանքները:
Մեծ հայրենականի տարիներին դերասանուհին կամավոր մեկնել է ռազմաճակատ և 1942 -1944 թթ. իր սրբազան պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: Արտիստուհին արժանացել է կառավարական պարգևների, նրա կուրծքը զարդարել են մարտական և աշխատանքային բազմաթիվ մեդալներ:
Արֆենյա Հովհաննիսյանը մահացել է 2004 թ. սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում:
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՍՅԱ (ՀԵՐԻՔՆԱԶ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
(1925-1989)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1973 թ.):
Ծնվել է 1925 թ.: 1951թ. ավարտել է Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (կուրսի ղեկավար` Մուրադ Կոստանյան): Աշխատել է Հայաստանի տարբեր թատերախմբերում:
1961 թ. տեղափոխվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1977 թ.: Կարճ ժամանակահատվածում հասցրել է առավելս դրսևորել իր դերասանական կարողություններն ու արտիստական անհատականությունը և հաստատուն տեղ գրավել թատրոնի պատմության մեջ:
Ա. Սիմոնյանը դրամատիկական, հերոսական և բնութագրական դերերի լավագույն կատարող էր. Մարգարիտա (Ջ. Ֆլետչեր` «Ինչպես կառավարել կնոջը»), Բեատրիչե (Կ. Գոլդոնի` «Վենետիկյան երկվորյակներ»), Սոսիպատրա Սեմյոնովնա, Կորինկինա (Ա. Օստրովսկի` «Գեղեցիկ տղամարդը», «Անմեղ մեղավորներ»):
Նա կերտել է նաև հերոսական կերպարներ. Ռուզան (Մուրացան` «Ռուզան»), Գոհար (Ս. Խանզադյան` «Մխիթար Սպարապետ»), Ալմաստ (Վ. Օվյան` «Մեծ լոռեցին») և այլն:
Ա. Սիմոնյանի լավագույն դրամատիկական դերերից են. Աշխեն (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Դայակ (Ժ. Անույ` «Մեդեա»), Տիկին Տրոդվուտ (Չ. Դիկկենս` «Դավիթ Կոպերֆիլդ»), Զարուհի (Ա. Դանիելյան` «Այրվող պատիվ»), Հռիփսիմե Օրդինյան (Գ. Բալայան` «Մայրը մնում է մայր»):
Անմոռաց են նրա կերտած բնութագրական դերերը. Ջավահիր, Սանամ (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի», «Նամուս»), Էփեմիա (Գ. Սունդուկյան` «Պեպո»), Պոլինա (Ա. Մակայոնոկ` «Տրիբունալ»):
Ա. Սիմոնյանը 1978 թ. տեղափոխվել է Վանաձորի (Կիրովականի) Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոն և մինչև կյանքի վերջն անմնացորդ ծառայել հայ բեմին:
Մահացել է 1989 թ. Վանաձորում:
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԲԱՂԻՐԻ
(01.11.1907 — 12.02.1978)
Ծնվել է 1907 թ. նոյեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Քռասնի գյուղում: 15 տարեկանում տեղափոխվել է Բաքու, աշխատել է մեքենաշինական գործարանում, միաժամանակ խաղացել է ինքնագործ թատերական խմբերում:
1928 թ. շնորհալի երիտասարդին ընդունել են Բաքվի Լ. Երամյանի անվան հայկական պետական թատրոն, որտեղ հմտացել է դերասանի մասնագիտության մեջ, իսկ 1934 թ. տեղափոխվել է Ստեփանակերտի նորաստեղծ պետդրամթատրոն: Կարճ ժամանակում բազմաշնորհ դերասանը սիրվել է հանդիսատեսի կողմից: Լինելով եվրոպական և ազգային պարերի վարպետ` միաժամանակ թատրոնի ճեմասրահում կազմակերպել է պարերի երեկոներ, երիտասարդներին ուսուցանել տանգո, վալս, ֆոքստրոտ:
Հայրենական մեծ պատերազմը իր հորձանուտի մեջ է առել նաև Գ. Գրիգորյանին: Պատվով կատարելով զինվորական պարտքը հայրենիքի առաջ` նա նորից վերադարձել է Ստեփանակերտի թատրոն:
Գ. Գրիգորյանը անչափ անհանգիստ և անդադար մարդ էր, ինչով էլ բացատրվում է նրա հաճախակի տեղափոխությունները թատրոնից թատրոն: Նա որոշ ընդմիջումներով աշխատել է Գորիսի, Ղափանի, Նոր Բայազետի, Անդիջանի թատրոններում: 1956 թ. վերջնականապես խարիսխ է ձգել Ստեփանակերտի թատրոնում, որտեղ էլ անձնավորել է 150-ից ավելի փոքր ու մեծ դերեր: Նա ուներ իր ստեղծագործական նկարագիրը, ուրույն խաղակերպն ու խաղաոճը:
Տարբեր տարիների նրա անմոռաց դերակատարումներից են` Զամբախով, Բարսեղ աղա (Գ. Սունդուկյան` «Խաթաբալա», «Քանդած օջախ»), Մինթոև, Բարխուդար, Ոսկան (Ա. Շիրվանզադե` «Մորգանի խնամին», «Նամուս», «Չար ոգի»), Շմագա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Բատկո (Գ. Բալայան` «Մայրը մնում է մայր»), Պրեզիդենտ (Վ. Շիլլեր` «Սեր և խարդավանք»), Վառավին (Ա. Շտեյն` «Անձնական գործ»), Մարգար (Ա. Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Գնդապետ (Ժ. Հարությունյան` «Գլխի գինն է 50 միլիոն») և այլն:
Գ. Գրիգորյանը մահացել է 1978 թ. փետրվարի 12-ին Ստեփանակերտում:
ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
(10.12.1917 — 26.10.1983)
Ծնվել է 1917 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Պառավաթումբ գյուղում: 1932 թ. տեղափոխվել է Բաքու և ընդունվել Բաքվի Լ. Երամյանի անվան պետական հայկական թատրոնին կից դերասանական ստուդիան, ավարտելով այն 1936 թ., աշխատանքի է անցել տիկնիկային թատրոնում` որպես դերասան տիկնիկավար: 1938 թ. հրավիրվել է աշխատելու Շուշիի նորաստեղծ Կոլխոզ-սովխոզային պետական շրջիկ թատրոնում, որտեղ և դերասանական ակտիվ գործունեություն է ծավալել: 1942 թ. մարտին Շուշիի թատրոնը փակվում է` ձուլվելով Ստեփանակերտի պետդրամթատրոնին, և Առուշանյանը իր ողջ ստեղծագործական կյանքը կապում է մշակույթի այս օջախի հետ:
Վ. Առուշանյանին համարում էին փոքր դերերի հմուտ վարպետ: Նրան հաջողվում էր էպիզոդիկ դերերում ստեղծել ավարտուն և տպավորիչ կերպարներ: Նա սիրով ստանձնում էր և՛ դրամատիկ, և՛ բնութագրական, և՛ կատակերգական կերպարներ: Ուներ ուրույն խաղաոճ, ստեղծում էր կոլորիտային, մնայուն կերպարներ:
Լավագույն դերակատարումներից են. Փիլոյան («Սերը ճամպրուկի մեջ»), Կարասով («Մորգանի խնամին»), Վարշամ («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Փրփուրյան («Ա՜խ, սեր…»), Ջհանգիր («Ասք մոր մասին»), Բուբնով («Հատակում»), Պարամոնով («Դատական գործ»), Սերգեյ Բեկ («Նամուս»), Վինչենցո («Տոսկանայի արծիվը»), Գևո («Արտասահմանյան փեսացու»), Սերոբ («Հարսնացու հյուսիսից»), Տոդորովիչ («Տիկին Մինիստրուհի») և այլն:
Վ. Առուշանյանը երկար տարիներ բծախնդիր պարտաճանաչությամբ վարել է նաև թատերախմբի վարիչի պաշտոնը: Նա արվեստի համեստ մշակ էր, ում կյանքի իմաստը և ճակատագիրը թատրոնն էր:
Մահացել է 1983 թ. հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտում:
ՄԵԼՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՀԱՄԲԱԿԻ
(1908-199?)
Ծնվել է 1908 թ. Դիլիջանում: Դեռևս դպրոցական տարիներին նրա մոտ ակնհայտ երևան է եկել երգելու, պարելու, արտասանելու շնորհք և նա դարձել է տեղի ինքնագործ թատերախմբերի ակտիվ մասնակիցը: 1930 թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ սովորել է Անտոն Մայիլյանի և Գուրգեն Թավրիզյանի ղեկավարությամբ գործող երաժշտական-թատերական ստուդիայում: 1935 թ. ավարտելով ուսումնառությունը` վերադարձել է Դիլիջան և աշխատանքի անցել տեղի նորաբաց թատրոնում, խաղացել է բավականին նշանակալից դերեր, վարպետացել իր մասնագիտության մեջ: Հ. Մելոյանը 1939 թ. հրավիրվել է Ստեփանակերտի պետական թատրոն և ողջ ստեղծագործական կյանքը նվիրել մշակույթի այս օջախին:
Նրա լավագույն դերակատարումներից են. Միլովզորով («Անմեղ մեղավորներ»), Բրաբանցիո («Օթելլո»), Օթարյան («Պատվի համար»), Համբո («Գիքորը»), Գավուշ բիձա («Ծաղկասար»), Հեթում ապեր («Սոս և Վարդիթեր»), Մինթոև («Մորգանի խնամին»), Զաքարե («Ռուզան»), Վասիլ («Գլխի գինն է 50 միլիոն») և այլն:
Հ. Մելոյանը թատրոնի նվիրյալ էր, ապրել է թատրոնով և թատրոնի համար: Անտրտունջ կատարում էր թատրոնի հետ կապված բազմաբնույթ հասարակական աշխատանքներ: Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել է Բաքու, այնտեղից էլ Դիլիջան, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն` մի կյանքի չափ վաստակ թողնելով թատերարվեստում և բարի անուն` մարդկանց սրտերում:
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՊԵՏՐՈՍԻ
(16.12.1912-06.09.1982)
Դիմահարդար, վարսահարդար, դերասան Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1912 թ. դեկտեմբերի 16-ին Կիսլովոդսկում: Ծնողները ծնունդով Լեռնային Ղարաբաղից էին, ուստի նրանց վաղաժամ մահից հետո նա հայտնվել է հարազատների մոտ` Հադրութում: 1936 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ, ընդունվել նորաբաց թատրոն, որպես վարսավիր: Այստեղ էլ դիմահարդարման և վարսահարդման առաջին փորձերն է կատարել:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին առաջինների թվում մեկնել է ռազմաճակատ, հասել է մինչև Բեռլին: Մի կարճ միջոց ապրել է Դրեզդենում, գերմանական մի ընտանիքում, որի տանտերը քաղաքի թատրոնի վարսահարդարն էր և առաջնակարգ մասնագետ կեղծամների, բեղ ու մորուքի պատրաստման գործում: Սերգեյը կարճ ժամանակում նրա մոտ տիրապետում է այդ արհեստի գաղտնիքներին և իր հետ վերցնելով բոլոր անհրաժեշտ գործիքները` վերադառնում է Ստեփանակերտի թատրոն` դառնալով նրա անփոխարինելի վարսահարդար-դիմահարդարը:
Ս. Ավետիսյանը իր ուժերը փորձել է նաև դերասանական արվեստի ասպարեզում և հաջողել է` խաղալով դրվագային և բնութագրական դերեր: Նրա լավագույն դերակատարումներից են. Քյոսա Մուխտար («Մելիքի աղջիկը»), Յասաուլ («Սոս և Վարդիթեր»), Պապաշա («Քաոս»), Հաթիբ («Թեհրան»), Իլիկո («Սայաթ-Նովա»), Ծերունի («Լալվարի որսը») և այլն:
Ս. Ավետիսյանը մահացել է 1982 թ. սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտում:
ՎԻՐԱԲՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼԻ
(21.01.1950-11.04.2006)
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2005 թ.), արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի (2004 թ.), ԼՂՀ ԿՄՍ նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասան (2004 թ.):
Ծնվել է 1950 թ. Հայաստանի Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում: 1969 թ. ընդունվել է Կիրովականի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դերասանական ստուդիան, միաժամանակ աշխատել է որպես սկսնակ դերասան: 1972-1976 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Ավարտելուց` աշխատանքի է անցել Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում:
Շնորհալի դերասանը կարճ ժամանակահատվածում իր իրատեսական, անմիջական, կոլորիտային խաղով սիրվել է հանդիսատեսի կողմից, արժանացել դրվատանքի և գնահատանքի թատերախոսներից:
Ս. Վիրաբյանը բազմապլան դերասան էր: Նրա լավագույն դերակատարումներից են. Բարխուդար, Ոսկան, Գիժ Դանիել (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Չար ոգի»), Կամիլիո (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ»), Նիլ (Մ. Գորկի` «Քաղքենիներ»), Հակոբ (Ա. Ցագարելի` «Խանումի արարքները»), Ադամյան (Ժ. Հարությունյան` «Այստեղ ապրել է մարդը»), Հովումյան (Ժ. Անանյան` «Բնակարանամուտ»), Գարուշ (Ա. Քալանթարյան` «Մոսես ապեր»), Դևդարյան (Ն. Դումբաձե` «Մեղադրական եզրակացություն»), Բոեմոնդ (Դ. Ռեկարդու` «Առլեկինը արքա»), Գոգի (Ս. Խալաթյան` «Քառասուն օր համբառնալուց առաջ»), Բազազ Արտեմ (Հովհ. Թումանյան` «Գիքոր»):
Ս. Վիրաբյանը մահացել է 2006 թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտում: