Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ / ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ
Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում
Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ
Գործող անձինք
ՍԱՄԱՆԻ
ԷՐԻՄՈ
ՏՈՍԱ
Անընդմեջ երկրաշարժերի հետևանքով Յակու թերակղզին ավերվել ու ամայացել է: Բնակչության 40 տոկոսը զոհվել է, փրկվածների կեսը վերաբնակվել է այլ վայրերում, մյուս կեսը, հաշտվելով կամ լավ ապագայի հույսը չկորցնելով, մնացել է թերակղզում:
Բեմը ներկայացնում է կիսամութ բնակարան, ուր մանկության երեք ընկերուհիներն արթուն անցկացնում են գիշերները մոմի լույսի տակ: Տագնապի զգացումը չի լքում թե՛ հերոսներին, թե՛ հանդիսատեսին:
ՍԱՄԱՆԻ — (սարսափահար): Երկրաշարժ է…
ԷՐԻՄՈ — (ուշադիր հետևելով): Չէ, գնացքն էր:
ՏՈՍԱ – Ի՞նչ ես ասում, երկաթուղին վաղուց ավերված է:
ԷՐԻՄՈ — Առավոտյան տեսա… վերանորոգել են:
ՍԱՄԱՆԻ — Դու առավոտյան տնից դուրս չես եկել:
ԷՐԻՄՈ — Դուք դեռ քնած էիք՝ դուրս եկա մաքուր օդ շնչելու:
ՏՈՍԱ – Քնա՞ծ էինք… Բայց մենք քանի՜ գիշեր է՝ չենք քնում:
ԷՐԻՄՈ — Այո, իզուր տանջում ենք մեզ: Ինձ թվում է՝ վտանգն անցել է:
ՍԱՄԱՆԻ — Հիմարությո՛ւն: Եթե անցած լիներ, գոնե էլեկտրացանցը կաշխատեր:
ՏՈՍԱ — Էլ մոմ չկա: Սա… վերջինն է:
ԷՐԻՄՈ — Առավոտյան այդ մասին կհոգամ:
ՍԱՄԱՆԻ – Առավոտյա՜ն… Այդքան հեռավոր պլաններ մի կազմիր, գուցե սա մեր վերջին գիշերն է:
ԷՐԻՄՈ — Դու ամեն գիշեր կյանքի հետ փակում ես հաշիվներդ, իսկ երբ առավոտյան պարզվում է, որ ողջ ես, դա վերագրում ես երջանիկ պատահականությանը: Այդ կերպ կարելի է մեռնել մինչև աղետը:
ՍԱՄԱՆԻ — Որն ավելի նախընտրելի է:
ՏՈՍԱ – Սը՜ս… Ի՞նչ ձայն է, ինչ-որ մեկը կարծես լալիս է:
ՍԱՄԱՆԻ — Երեխա է:
ԷՐԻՄՈ — Չէ, կատու է:
ՏՈՍԱ — Կատուները ձմեռը չեն վայում:
ՍԱՄԱՆԻ – Երեխա՛ է:
ՏՈՍԱ — Մութ է, ոչինչ չի երևում:
ԷՐԻՄՈ — Լռեց…
ՏՈՍԱ — Ռադիոն միացնե՞մ:
ՍԱՄԱՆԻ և ԷՐԻՄՈ — (միասին, տագնապով): Ո՛չ:
ՏՈՍԱ – Ինչո՞ւ վախեցաք, միևնույն է՝ գիծ չկա:
ԷՐԻՄՈ — (դադարից հետո): Հիշում եմ, անցյալ ամառ ծովում քիչ մնաց՝ խեղդվեի, երկու անգլիացի փրկեցին, ասացին՝ երջանիկ աստղի տակ եմ ծնվել:
ՍԱՄԱՆԻ — Անգլիացիների ասածը լուրջ մի՛ ընդունիր, նրանք կատակելու առիթը բաց չեն թողնում:
ՏՈՍԱ — Գոնե ռադիոն աշխատեր:
ԷՐԻՄՈ — Ավելի լավ, կորած երեխաների մասին հոգեմաշ հայտարարություններ չենք լսի:
ՍԱՄԱՆԻ — Եկեղեցուց կանգուն է մնացել մի պատ:
ՏՈՍԱ — Այդ եկեղեցին պատերազմից հետո էր ավերվել:
ՍԱՄԱՆԻ — Ինձ մի սովորեցրու, պատերազմից հետո երեք պատն էր մնացել, իսկ հիմա՝ մեկը:
ՏՈՍԱ — Ուզում ես ասել, որ գարեջրատունը եկեղեցու տեղ եմ դրել և ամեն կիրակի այնտեղ մո՞մ եմ վառել:
ՍԱՄԱՆԻ — Երևի մենք տարբեր եկեղեցիների մասին ենք խոսում:
ՏՈՍԱ — Ոչ, եկեղեցին մեկն է, մեր ընկալումներն են տարբեր: Ի դեպ, ես մտադիր եմ վաղը ևեթ այցելել այդ քանդված եկեղեցին և աղոթել հոգուս փրկության համար: Չէի՞ք միանա ինձ:
ԷՐԻՄՈ — Մեր հոգին անմահ է: Նա չի մեռնի, երբ մարմինն սպանվի, հոգու համար գոյություն չունի ոչ ծնունդ, ոչ մահ: Մենք շունչ-հոգի ենք և որպես այդպիսին հավիտենական ենք: Այնպես որ, հոգիս փրկելու փորձեր չեմ անի:
ՏՈՍԱ — Այդ անմահությունը կատարյալ հոգիներին է վերաբերում, որոնք բարձր են կանգնած խղճից, տգիտությունից, վայելքներից:
ԷՐԻՄՈ — Վայելքը ծնունդով իմ իրավունքն է ու ես նրանից բարձր կանգնելու ցանկություն չունեմ:
ՏՈՍԱ — Ուրեմն շտապիր եկեղեցի՝ հոգուդ փրկության վերջին աղոթքն անելու:
ՁԱՅՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՏԵՎԻՑ — Դե բավակա՛ն է, թողեք քնենք, ամեն գիշեր նույն հիմարություններն ենք ստիպված լսում:
ՍԱՄԱՆԻ — Իսկ դու ականջներդ մի՛ սրի, քնիր, եթե համոզված ես, որ վաղը կարթնանաս:
ԷՐԻՄՈ — Մի բորբոքիր հարևաններին, թե չէ երեքիս էլ դուրս կշպրտեն, ինչպես անցյալ գիշեր:
ՏՈՍԱ — Անցյալ գիշեր երկրաշարժը կրկնվեց, այդ պատճառով դուրս թռանք:
ՍԱՄԱՆԻ — Այս անգամ ես դուրս չեմ գա, չսպասեք:
ԷՐԻՄՈ — Ես էլ կմնամ, չեմ ուզում դրսում սառցակալել:
ՏՈՍԱ — Իսկ ես, համենայնդեպս, դուրս կվազեմ:
ՍԱՄԱՆԻ — Ինչ է, դու իրո՞ք ուզում ես փրկվել:
ԷՐԻՄՈ — Դեռ երիտասարդ է, ապրել է ուզում, մի՛ մեղադրիր նրան:
ՍԱՄԱՆԻ – Տանե՛լ չեմ կարող, երբ մի օր ավել ապրելու համար գլուխ են ջարդում:
ԷՐԻՄՈ — Թող ապրի, ի՞նչ ես կպել նրանից, գուցե նրան դուր է գալիս այդպես ապրելը:
ՍԱՄԱՆԻ — Կուզենայի ողջ մնալ միայն մի բան համար, որ կուշտ ծիծաղեմ նրա վրա:
ԷՐԻՄՈ — (սարսափած): Երկրաշարժ է:
ՍԱՄԱՆԻ — Չէ, գնացքն է:
ԷՐԻՄՈ – Երկրաշա՛րժ է:
Սամանին ինքնամոռաց փորձում է դուրս փախչել:
ՏՈՍԱ — (մեղավոր): Այդ ես դիպա սեղանին… պատահաբար…
ՍԱՄԱՆԻ — (շփոթահար նստում է): Մոմը վերջանում է:
ԷՐԻՄՈ — Այլևս մոմ չկա: Սա… վերջինն էր: