Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ /«ՍԵՐԸ ՊԱՀԱՐԱՆ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ»
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ՍԵՐԸ ՊԱՀԱՐԱՆ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում
Ուշադիր նայեք այս լուսանկարին, մի՞թե սա երգիծաբանի դեմք է: Ամենևի՛ն: Սա հանրապետության նախագահ է կամ ամենաքիչը՝ Աժ պատգամավոր: Ահա այստեղից էլ սկսվում է կատակերգությունը:
Իսկ եթե նախագահը կամ պատգամավորը պիեսներ գրեն՝ կսկսվի ողբերգությունը: Գրո՛ղը տանի, որտե՞ղ է ոսկե միջինը: Պատասխանը հար կրկնված է և հանրածանոթ. յուրաքանչյուր ոք իր տեղում պետք է լինի և պետք չէ, Աստծո սիրուն, պետք չէ կեցվածք ընդունել…
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
ՍԵՐԸ ՊԱՀԱՐԱՆ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ
Կատակերգություն 2 գործողությամբ
Գործող անձինք
ԱՐՏԱՇԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ — բժիշկ
ԱՆՆԱ – Արտաշեսի կինը
ԱՐԱՅԻԿ, ԱՆՈՒՇԻԿ – Վարդանյանների երեխաները
ԺԻՐԱՅՐ — Աննայի դասընկերը, դերասան
ԶԻՆԱ — Ժիրայրի կինը, դերասանուհի
ԱՐԱՄ — դերասան
ԱԲՈ — հարբած այցելու
ԶԱՐԻԿ — Աբոյի երիտասարդ ուղեկցուհին
ՍԵԴԱ — վթարի ենթարկված կին
ՍԵՄ ՉԱՐԼԶ — կանադահայ
Դեպքը կատարվում է հունվարի 1-ին, ժամը 11. 00 -14. 00-ը:
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Վարդանյանների հյուրասենյակը: Կահավորանքի մեջ պարտադիր է սպասքի ապակե դռներով և հագուստի համար նախատեսված երեք փակ հարկաբաժնով մեծ պահարան: Ուտեստեղենով ծանրաբեռնված ամանորյա սեղանը, բազմոցն ու բազկաթոռը, բարձրակախ ջահը և անկյունում՝ զարդարված տոնածառը լրացնում են կահավորանքը:
Դիմահայաց ձախակողմում խոհանոց տանող միջանցքն է՝ չերևացող նախամուտքով:
Խոհանոցից լսվում է ռադիոյով հաղորդվող պարեղանակ, ապա՝ կին հաղորդավարի ձայնը. «Հաղորդեցինք տոնական համերգ՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ: Երևանի ժամանակով ժամը 11-ն է: Ռադիոլսող բարեկամներ, այժմ լսեք զրույց այն մասին, թե ինչպես են հնում մեր նախնիները տոնել Նոր տարին»: Այր հաղորդավարի ձայնը. «Հնում հայերը Նոր տարին անվանել են Ամանոր և տոնում էին…»:
Այս ընթացքում, տոնական հագուստի վրա գոգնոց կապած Աննան, խոհանոցից սենյակ մտնելով, սեղանի կենտրոնում տեղադրում է Կանադայի դրոշը, ուղղում է սպասքը, ձեռքին՝ «Հայերեն-անգլերեն զրուցարանը», «դիմելով» դրոշին, բարձրաձայն «պարապում է»:
ԱՆՆԱ — Շնորհավոր նոր տարի… Հափի նյու յը… Գուդ մունին, միստր Չարլզ, հաու ա յու… Ի՛նչ հաճելի է, որ դուք եկաք՝ իթս սոու փլիզդ յու քուդ քամ… Որքա՞ն ժամանակ եք մնալու Երևանում՝ հաու լոն ա յու սթեյին ին Յերեվըն… Ես աշխատանք եմ փնտրում՝ այըմ լոքին ֆոր ը ջոբ… (Դռան չընդմիջվող զանգ:) Դուռը բաց է, համեցեք: (Սթափվում, զրուցարանը մի կողմ է դնում, գոգնոցն արձակելով շտապում է նախամուտք:) Գուդ մունին, միստր Չարլզ… Հափի նյու յը… (Հյուրասենյակի մուտքի մոտ շփոթված ետ քաշվելով՝ ներս է թողնում այցելուին:) Համեցեք: Ներս եկեք, խնդրեմ…
Մտնում է Ժիրայրը՝ Ձմեռ պապի հանդերձանքով:
ԺԻՐԱՅՐ — (շեմից հանդիսավոր արտասանում է).
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, իմ բալիկներ,
Հազա՜ր ողջույն մեծ ու փոքրին,
Բերել եմ ես ձեզ նվերներ,
Շնորհավո՜ր ձեր Նոր տարին…
(Տեսնելով, որ սենյակում մարդ չկա, տարակուսում է:) Ներեցեք, իսկ որտե՞ղ են երեխաները…
ԱՆՆԱ — (գոգնոցը ձեռքերում ճմրթելով, շփոթված): Ներեցեք… Ձմեռ պապ… Ամուսինս երեխաներին ծնողների տուն տարավ: Ես զանգել եմ թատրոն, ձեզ չե՞ն զգուշացրել… Համեցեք, խնդրեմ, նստեք… (Ժիրայրը գավազանը, նվերների պարկը մի կողմ դնելով՝ տեղավորվում է սեղանի մոտ: Աննան թխվածք է դնում նրա ափսեի մեջ:) Ի՞նչ կխմեք՝ կոնյա՞կ, օղի՞…
ԺԻՐԱՅՐ – Ո՛չ, ո՛չ… Ղեկի վրա չեմ խմում:
Հեռախոսազանգ:
ԱՆՆԱ – Դո՞ւք եք վարում մեքենան: (Մոտենում է հեռախոսին:) Հյուրասիրվեք, Ձմեռ պապ, հյուրասիրվեք: (Վերցնում է լսափողը:) Այո… Բարև ձեզ: Ինչը չեք հասցրե՞լ… Հա՜, Ձմեռ պապն արդեն այստեղ է: Ոչինչ, ոչինչ: (Լսափողը ցած է դնում: Ժիրայրին.) Թատրոնի ադմինիստրատորն էր. ներողություն էր խնդրում, որ չի հասցրել զգուշացնել ձեզ՝ պատվերը հանելու մասին: Օգտվեք, Ձմեռ պապ:
ԺԻՐԱՅՐ — (ախորժակով ուտում է թխվածքը): Ներեցեք, դուք կարծես շտապում եք, իսկ ես… Հիմա կուտեմ ու կգնամ:
ԱՆՆԱ — Ոչինչ, ոչինչ: (Նստում է դիմացը, չիմանալով անելիքը՝ հյութ է լցնում բաժակը:) Ներող եղեք… Այդպես ստացվեց: Երեխաներին պապիկի տուն տարանք… Քիչ մնաց մոռանայի, ձեզ վարձատրել է պետք, այնպես չէ՞: (Ոտքի է կանգնում:)
ԺԻՐԱՅՐ — (լիքը բերանով): Չէ, ի՞նչ եք ասում: Այլ բան էր, եթե երեխաները տանը լինեին: Ես ի՞նչ արի, որ…
ԱՆՆԱ — Նվեր, բենզինի ծախս, չորս հարկ բարձրացել եք…
ԺԻՐԱՅՐ — Մանրուք է: Այնքան համեղ էր: Եթե կարելի է, մի կտոր էլ:
ԱՆՆԱ — Խնդրեմ: (Ժիրայրն անմիջապես թխվածք է վերցնում:) Իսկ ո՞ր մագնիտոֆոնից եք բերել: (Պայուսակից փող է հանում:) Կդնենք բարձի տակ, երեխաներին կասենք՝ Ձմեռ պապը գիշերով էր եկել:
ԺԻՐԱՅՐ — (լիքը բերանով): Դո՞ւք եք թխել:
ԱՆՆԱ – Հա՛: Անուշ արեք: Երեխաները շատ էին ուզում մագնիտոֆոն ունենալ: Մտածեցինք, ավելի լավ է՝ Ձմեռ պապից նվեր ստանան: Ափսոս, հանգամանքները փոխվեցին: Ի՞նչ արժե:
ԺԻՐԱՅՐ — Երեխաները մե՞ծ են:
ԱՆՆԱ — Տղաս երրորդ դասարանում է, աղջիկս՝ առաջին:
ԺԻՐԱՅՐ — Հրաշալի է:
ԱՆՆԱ – Ի՞նչ եմ վճարելու:
ԺԻՐԱՅՐ — (շարունակում է ուտել): Ութ հարյուր դոլար:
ԱՆՆԱ — Ութ հարյուր դոլա՞ր… Փոքր մագնիտոֆոնի համա՞ր:
ԺԻՐԱՅՐ — Մագնիտոֆոն, պլյուս՝ բենզինի ծախս, պլյուս՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ հարկ… Հա, երկու կտոր թխվածքի գինը՝ հարյուր դրամը կարող եք հանել:
ԱՆՆԱ — (փորձում է ժպտալ): Դուք… կատակո՞ւմ եք:
ԺԻՐԱՅՐ — Ամենևին: Նկատի ունեցեք, որ այդ վարձի մեջ մտնում է ամենակարևոր ծառայությունը՝ բախտ բացելը:
ԱՆՆԱ – Ի՞նչ բախտ բացել, ինչե՞ր եք ասում:
ԺԻՐԱՅՐ — Ձեր բախտը: Ես այդ ծառայությունն էլ եմ կատարում: (Ոտքի է կանգնում: Աննան, պայուսակը կրծքին սեղմած, ընկրկում է:) Չե՞ք հավատում: (Առաջանում է:) Հիմա կհավատաք: (Աննան ետ-ետ է գնում:) Ձեր անունը Աննա է, ուսուցչուհի եք, ձեր ամուսնու անունը Արտաշես է, բժիշկ է: Նրան մշտապես խոստանում են Շտապօգնության կայանից տեղափոխել կլինիկական հիվանդանոց՝ չի հաջողվում: Ի վերջո, նա վիրաբույժ է, քանի՞ տարի կարող է Շտապօգնությունում աշխատել: Բարձր ռոճիկ կստանա, չհաշված՝ ամեն վիրահատության համար տրվող նվիրատվությունները…
ԱՆՆԱ — (տագնապած): Դուք… ո՞վ եք:
ԺԻՐԱՅՐ — Ձմեռ պապը:
ԱՆՆԱ — Ձմեռ պապը գուշակություններ չի անում:
ԺԻՐԱՅՐ — (խորհրդավոր): Նայած՝ ի՛նչ Ձմեռ պապ է, նայած՝ ո՛ւմ տուն է եկել:
ԱՆՆԱ — (նյարդայնացած): Հանե՛ք ձեր կեղծամը:
ԺԻՐԱՅՐ — Կեղծամ չէ, ես իսկական Ձմեռ պապ եմ: (Գրկելու համար տարածում է ձեռքերը:) Եվ արդեն քանի տարի է՝ փնտրում եմ իմ Ձյունանուշիկին…
ԱՆՆԱ – Վե՛րջ տվեք: Ես ոստիկան կկանչեմ: Կորե՛ք այստեղից: (Դռան զանզ: Աննան օգնություն կանչելու պես գոռում է:) Դուռը բաց է, մտե՜ք… (Կոպտորեն հրում է ճանապարհը փակած Ժիրայրին, իրեն գցում է նախասրահ:)
Ժիրայրն նստում է սեղանի մոտ: Աննայից առաջ ընկած՝ մտնում է կիսահարբած Աբոն, ապա՝ Զարիկը:
ԱԲՈ — (Զարիկի ձեռքը բռնած՝ ձգելով բերում է: Մյուս ձեռքում կոնյակի շիշն է): Արի՜, արի՜, մի ամաչի, ըստե ախպերություն ա… Պա՛հ, Ձմեռ պապն էլ ա ըստե՜… (Ճիգով պահում է հավասարակշռությունը:) Բարով, մեռնեմ կյանքիդ… (Շիշը դնում է սեղանին:) Ի՛, էս տանեցիք ո՞ւր են: Սաշան ո՞ւր ա…
ԱՆՆԱ — (փորձում է բացատրել): Ներեցեք, դուք…
ԱԲՈ — (ցուցամատը շուրթին դնելով՝ սաստում է): Շը՛շ… Վրա մի տու: (Զարիկին.) Զարո, մի հատ… արտասանի:
ԶԱՐԻԿ — (ամաչկոտ): Ի՞նչ արտասանեմ:
ԱԲՈ- Քուչիկն ու փուչիկն էլ չգիտե՞ս… Արտասանի, թող Ձմեռ պապը լսի: (Կոնյակի շիշը բացում է:) Պապը ցանեց մի շաղգամ… Որ լավ արտասանես, պապը նվեր կտա: Ճիշտ չե՞մ ասում, պապ ախպեր:
ԱՆՆԱ — Շիշը մի բացեք, դուք սխալ եք եկել:
ԱԲՈ — Քուրո ջա՜ն, Աբոն չի կարա սխալ ըլնի… (Ժիրայրը ոտքի է կանգնում:) Աբոյի ճիշտը աշխարհը չունի, ախպեր… (Շիշը բացում, լցնում է բաժակները:) Սաշայի կյանքին մեռնեմ, նա իմ մեծ ախպերն ա… (Բաժակներից մեկը վերցնելով՝ մի կումով դատարկում է, ձեռքը մեկնում է խորտիկի, բայց բարձրացնում է դրոշակը:) Ի՛… արա, էսի դրոշն ա, բա մնացա՞ծն ուր ա:
ԱՆՆԱ — (նյարդային): Դուք… Ի՞նչ եք փնտրում:
ԱԲՈ — Էսի թփով տոլմայի դրոշը չի՞…
ԱՆՆԱ – Տե՛ղը դրեք: Դա Կանադայի պետական դրոշն է…
ԱԲՈ – Հա՜… (Դրոշը տեղն է դնում:) Սաշայի կյանքին մեռնեմ… Զարո ջան, ծաղկացրու, ցավդ տանեմ: (Փռված նստում է աթոռին, դիմում Ժիրայրին ու Աննային:) Արա, նստեք, ընչի՞ ոտքի հելաք… Զարո, քեզ տեսնեմ…
Ժիրայր ու Աննան նստում են: Զարիկը մանրաքայլ մոտենում է տոնածառին, փեշերի հետ խաղալով կեցվածք է ընդունում:
ԶԱՐԻԿ — (Աբոյին): Սկսե՞մ:
ԱԲՈ – А что ж…
ԶԱՐԻԿ — (հանդիսավոր): Պարույր Սևակ:
ԱԲՈ — Так держать!
ԶԱՐԻԿ — Պարույր Սևակ. «Դու»:
ԱԲՈ — (խանդաղատանքով): Ջա՜ն…
ԶԱՐԻԿ – Դու՝ երկու տառ,
Դու՝ հասարակ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով,
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…
ԱԲՈ- Ստո՛պ: Լավ ասիր: Տե՛ր եմ… (Բաժակը կոնյակ է լցնում:) Տեր եմ, ախպեր… Էտի նշել ա պետք: (Աննային ու Ժիրայրին.) Զարիկին դասատուս ա միջնորդե, որ իմ օֆիսում գործ տամ: Էսօր քննություն ա հանձնում: Ո՛ղջ: (Խմում է, մի ձիթապտուղ վերցնելով՝ շպրտում է վեր, բերանով որսում:) Արա, էս մեր Սաշան ի՞նչ էլավ…
ԱՆՆԱ — (ոտքի է կանգնում): Ես ձեզ ասացի՝ դուք սխալ եք եկել, այստեղ Սաշա չկա:
ԱԲՈ — (մի կերպ ոտքի է կանգնում): Մի… մի րոպե… կ-կարող ա, նաղդով՝ չկա… կարող ա… բայց Աբոն չի կարա սխալ ըլնի… չի՛ կա՛-րա՛… (Գլուխ է տալիս, ուղղվում դեպի ելքը:) Զարո՛, за мной!
ԱՆՆԱ — (ճչում է): Սպասե՛ք… Մի՛ գնացեք:
ԱԲՈ — (շեմից շրջվում է): Չը՛-հա՛ս-կա՛-ցա՛…
ԱՆՆԱ — (տագնապով մեկ Աբոյին է նայում, մեկ՝ Ժիրայրին): Ձը-ձը-մեռ պապիկն էլ է արդեն գնում, միասին գնացեք…
ԺԻՐԱՅՐ — (արժանապատիվ ու հանդիսավոր՝ Աբոյին ու Զարիկին): Գնացե՛ք, բարեկամներ, գնացե՛ք: Ձմեռ պապը դեռ չի զվարճացրել երեխաներին, նվերներ չի տվել, դեռ չի ավարտել իր գործը… Գնացե՛ք:
ԱԲՈ — (Աննային): Աբոն, քուրո ջան, էրեխու փայ կտրող չի: (Շրջվում է, որ գնա:)
ԱՆՆԱ – Սպասե՛ք… ըը… ձեր շիշը մոռացաք:
ԱԲՈ — (ի նշան հրաժեշտի՝ թափահարում է ձեռքը): Աբոյի կենացը կխմեք: (Գնում են:)
ԱՆՆԱ — (դուրս փախչելու պատրաստ): Գնացե՛ք այստեղից:
ԺԻՐԱՅՐ — Մի՞թե Ձմեռ պապին վռնդում են: Ես ոչ մի տեղ չեմ գնա: (Խռովկան երեխայի պես:) Տարվա մեջ հյուր գնալու մի օր ունեմ, էն էլ գլխիս հարամ են անում… Չեմ գնա՜…
ԱՆՆԱ — Ախ, այդպե՞ս… Դե՝ մնացեք: Ձեր վրա կկողպեմ դուռը, իսկ քիչ հետո բացատրություն կտաք ոստիկանությունում:
ԺԻՐԱՅՐ — (արտիստիկ): Օ՛հ, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ…
ԱՆՆԱ — (արհամարհանքով): Համլետիս տեսեք… Դուք մոլագար եք կամ խելագար:
ԺԻՐԱՅՐ — Օ՜, ես դժբախտ սիրահար եմ: (Ոտքի է կանգնում, հուզմունքով արտասանում է:) Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին…
ԱՆՆԱ — (պայծառանում է): Ժիրա՜յր… Գի՛ժ… Ես էլ մտածում եմ, այս ի՞նչ տարօրինակ Ձմեռ պապ է հայտնվել:
Գրկախառնվում են:
ԺԻՐԱՅՐ — (քննախույզ նայում, կնոջ ձեռքն առնում է ափերի մեջ): Իսկ դու նույն Աննան ես… Չէ, ի՞նչ եմ ասում, ավելի ես սիրունացել:
ԱՆՆԱ — (ձեռքն ազատում է Ժիրայրի ափից, կանացի հեգնանքով): Նույնը չեմ կարող ասել քո մասին:
ԺԻՐԱՅՐ – Շա՞տ եմ փոխվել:
ԱՆՆԱ — (ծիծաղում է): Շա՜տ: Հազար տարեկան ծերունի ես: (Ժիրայրը հանում է գլխարկը, կեղծամը:) Ա՛յ, հիմա ուրիշ բան: Ժիրայրն ես… Մի քիչ մեծացած: (Նստում են դեմ-դիմաց:) Դե, պատմիր, ինչպե՞ս ես, այս տարիներին ո՞ւր էիր կորել:
ԺԻՐԱՅՐ — (վերցնում է բաժակներից մեկը): Ի՞նչ պատմեմ: Երբ իմ սերը մերժեցիր ու ամուսնացար ապագա բժշկի հետ, քիչ մնաց՝ խելագարվեի: (Խմում է:) Տեղս չէի գտնում: Գնացի Ռոստով, հետո՝ Խարկով, հետո՝ Մոսկվա: (Կոնյակ է լցնում:) Ավարտեցի թատերական ինստիտուտը, ամուսնացա համակուրսեցուս հետ, միասին աշխատեցինք թատրոնում: Բայց հայրենիքը ձգում էր: Ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, աշխատանքի անցանք: (Խմում է:)
ԱՆՆԱ — Ղեկի վրա ես, քիչ խմիր:
ԺԻՐԱՅՐ — Ձմեռ պապիկին ո՞վ է կանգնեցնում:
ԱՆՆԱ — Երեխաներ ունե՞ս:
ԺԻՐԱՅՐ — Աղջիկ: Ռուս կանայք չեն սիրում շատ երեխաներ ունենալ: (Դադար: Յուրաքանչյուրն իր խոհերի հետ է:) Այսպես էլ ապրում ենք: (Ոտքի է կանգնում:) Գնանք, դու, կարծեմ, շտապում էիր:
ԱՆՆԱ — (խոհերից սթափվում է): Հա, իսկապես… Բայց ես հեռու չեմ գնում: Հարևանի տուն եմ մտնելու: Կանադացի գործարար է հյուր գալու և Արտաշեսն առանձին զրույց ունի, հետո երևի ինձ կկանչեն: (Ոտքի է կանգնում:) Ամուսինս հույսեր է կապում նրա հետ… Անկեղծ ասած, երեխաներին այդ պատճառով տարավ: Նրանց ներկայությամբ պետք չէր նման խոսակցություն վարել: (Տխրամած:) Արտաշեսը վատ վիրաբույժ չէ, բայց տարիներն անցնում են, իսկ նա դեռ… Մի խոսքով, հուսալքվել է, ուզում է՝ Կանադա տեղափոխվենք: Չգիտեմ, սիրտս կախ է… Ծանոթ է ճարել, գործ է դասավորում:
ԺԻՐԱՅՐ — Գուցե այստե՞ղ ծանոթ ճարվեր, միջնորդեր, փոխեին աշխատանքը:
ԱՆՆԱ — Չի ստացվում: Ում ասես՝ չենք դիմել…
ԺԻՐԱՅՐ — Դե ինչ… ես գնամ: Կարծում էի՝ շտապում ես: Ճիշտ է, «Մերսեդես» չէ, աղքատ դերասանի «Ժիգուլի» է…
ԱՆՆԱ — Լավ, լավ: Մերն էլ «Մերսեդես» չէ: (Հիշելով՝ ծիծաղում է:) Ո՞վ կմտածեր, թե Ձմեռ պապ կհրավիրենք և այդ պապը դու կլինես:
ԺԻՐԱՅՐ — Բայց ես պատվերով չեմ եկել:
ԱՆՆԱ — Ո՞նց… Երեկ պատվերն ընդունողն ասաց, որ հունվարի 1-ին, ժամը 11-ից 14-ը սպասենք Ձմեռ պապին:
ԺԻՐԱՅՐ — Իրոք, պատվերով չեմ եկել: Կինս է ընդգրկված Ձյունանուշիկների խմբում, ես ազատ եմ: Որոշեցի կատակել, անակնկալ մատուցել, տոն օրով ծանոթանալ երեխաներիդ, ամուսնուդ հետ: Կարծում եմ՝ նա չի խանդի… (Արդարանալով:) Ի՞նչ վատ բան կա:
ԱՆՆԱ — Դե, իհարկե, վատ բան չկա: Արտաշեսն ինձ վստահում է: Ես էլ, գիտես, նրան եմ սիրում: (Հայացքը խոնարհում է:)
ԺԻՐԱՅՐ — Բա ես դրա զոհը չե՞մ:
Ծիծաղում են:
ԱՆՆԱ — Հիմա էլ ես եմ զոհ դառնում, հասնելու եմ Կանադա:
Դռան զանգ, մահակով թակոց, ապա՝ Ձմեռ պապի ձայնը.
«Ո՞վ է, ո՞վ է դուռը թակում,
Ձմեռ պապն է հյուր եկել,
Դիմավորեք Ձմեռ պապին,
Ասեք՝ բարով ես եկել…»
ԱՆՆԱ — Ահա և մեր իսկական պատվերը: (Գնում է նախամուտք՝ դիմավորելու:)
ԺԻՐԱՅՐ — Սպասիր: Չէի ցանկանա, որ գործընկերներս ինձ այստեղ տեսնեն:
ԱՆՆԱ – Ինչո՞ւ:
ԺԻՐԱՅՐ — Դե… (Ակնարկում է Ձմեռ պապի հանդերձանքը:) Կմտածեն՝ խալտուրա եմ անում:
ԱՆՆԱ — Դե լավ: Գնա խոհանոց, մինչև ճանապարհեմ:
Ժիրայրը, վերցնելով իրերը, գնում է խոհանոց: Աննան շտապում է նախամուտք: Մտնում են Ձմեռ պապ Արամն ու Ձյունանուշիկ Զինան:
ԱՐԱՄ – Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, իմ բալիկներ,
Հազար ողջույն մեծ ու փոքրին,
Բերել եմ ես ձեզ նվերներ,
Շնորհավոր ձեր Նոր տարին…
(Աննային.) Իսկ որտե՞ղ են երեխաները:
ԱՆՆԱ — (ծիծաղում է): Ներեք մեզ, Ձմեռ պապիկ, սիրելի Ձյունանուշիկ, երեխաները հյուր են գնացել: Զանգեցի, որ պատվերը հանեն, երևի չեն հասցրել զգուշացնել: Նոր տարի է: Նվերը կդնենք բարձի տակ, կասենք՝ Ձմեռ պապը գիշերով էր եկել: Նստեք, խնդրեմ:
ԱՐԱՄ – Ի՞նչ արած: (Զինային.) Շունչ առնենք ու գնանք: (Նստում է:)
ԶԻՆԱ — (ամաչկոտ՝ Աննային): Извините, կառելի է вас на минутку? (Աննայի ականջին շշնջում է:)
ԱՆՆԱ — Իհարկե, համեցեք: (Զինային ուղեկցելով միջանցք՝ առաջարկում է:) Սուրճ կկամենա՞ք:
ԱՐԱՄ — (նայում է ձեռքի ժամացույցին): Կարելի է, ժամանակ կա:
ԱՆՆԱ — Հիմա: (Գնում է խոհանոց:)
Արամը հանում է կեղծամը, գլխարկը, թաշկինակով սրբում է ճակատը: Այլայլված ներս է մտնում Զինան:
ԶԻՆԱ — Он здесь.
ԱՐԱՄ — Ո՞վ:
ԶԻՆԱ — Этот подлец… Мой муж…
ԱՐԱՄ – Ժիրա՞յրը…
ԶԻՆԱ — (արտասվաձայն): К любовнице пришел… В кухне прятался…
ԱՐԱՄ – Չի՛ կարող պատահել:
ԶԻՆԱ — Արդեն պատաել: (Գլուխն առնում է ափերի մեջ, տենդագին ետ ու առաջ է քարում ու կտրուկ կանգնում է Արամի դիմաց:) Ты — мой свидетель.
ԱՐԱՄ — Զինա, возьми себя в руки, Ժիրայրը կարգին տղա է:
ԶԻՆԱ — (հեգնում է): Կառկին տխա՜… Արամ, дорогой, надо им застичь врасплох, не дать ему оправдаться… (Նայում է չորս կողմը, ճանկում Արամի ձեռքը, ձգում է դեպի պահարանը, բացում է դուռը:) Входи!
ԱՐԱՄ — Одурела,что ли?
ԶԻՆԱ — Ни слова! Մտի՛ռ… Ես էլ կողքինում կմտնեմ: (Արամին հրում է պահարանի մեջ, խցկում նաև գավազանը, պարկը, կեղծամը, գլխարկը, ինքն էլ մտնում է կողքի բաժինը:)
Կարճ դադար: Նախամուտքից լսվում է Արտաշեսի ձայնը. «Տեղ հասանք… Շա՞տ է ցավում»: Մտնում է Արտաշեսը՝ բերելով դժվարությամբ քայլող Սեդային:
ՍԵԴԱ — (թույլ ձայնով): Ա՜խ, սիրտս նվաղում է…
ԱՐՏԱՇԵՍ — (տագնապած): Հիմա… Հիմա ամեն ինչ լավ կլինի: Նստեք այստեղ: (Նստեցնում է բազմոցին, արձակում է կնոջ վերարկուի կոճակները:) Ձեր բախտը բերել է, որ բժիշկ եմ:
ՍԵԴԱ — Իմ բախտը կբերեր, եթե կարգին վարորդ լինեիք… Ա՜խ…
ԱՐՏԱՇԵՍ — Դուք էլ տեսաք՝ ժամանակին արգելակեցի, ճանապարհը սառած էր… (Օգնում է վերարկուն հանել:) Վերնաշապիկն էլ հանեք: Հիմա կզննեմ: Ախր, ճանապարհն իմն էր, կարմիր լույսի տակով անցաք ու նետվեցիք մեքենայի վրա…
ՍԵԴԱ — Այդ սրիկան… Այդ սրիկան էր պատճառը…
ԱՐՏԱՇԵՍ – Ի՞նչ սրիկա…
ՍԵԴԱ — Դերենիկը, էլ ո՞վ…
ԱՐՏԱՇԵՍ — (ապշած): Նա ձեզ հրեց մեքենայի վրա՞…
ՍԵԴԱ — Ոչ… նրան բռնացրի Իրայի հետ համբուրվելիս… ծաղկեփունջ էր նվիրում… գլուխս պտտվեց… Ես նրան ծաղիկ ցույց կտամ… Դավաճան… Ա՜խ…
ԱՐՏԱՇԵՍ — Հանգստացեք, խնդրում եմ: Խանդը հիվանդություն է: Եթե սիրում ես, պետք է վստահես: (Արձակում է վերնաշապիկի կոճակները:)
ՍԵԴԱ — Ջուր… ջուր տվեք:
ԱՐՏԱՇԵՍ — Դիմացեք, խնդրում եմ, ջուր չի կարելի: Աստված չանի, կարող է խոռոչավոր օրգանների պատռվածքներ լինեն:
ՍԵԴԱ – Լրի՞վ պետք է հանվեմ: (Արտաշեսի օգնությամբ հանում է վերնաշապիկը, մնում է կրծկալով:)
ԱՐՏԱՇԵՍ — Եթե միայն կողն է ցավում, լրիվ հանվել պետք չէ:
ՍԵԴԱ – Ա՛խ… ա՜խ…
ԱՐՏԱՇԵՍ – Որտե՞ղ է ցավում:
ՍԵԴԱ — Մի խանգարեք: Ա՛խ, Դերենիկ տղա, ես քեզ ցույց կտամ… Գոնե էն տիպը կտրած Իրան չլինե՜ր… Ա՜խ…
ԱՐՏԱՇԵՍ — Հանգստացեք, ձեզ պիտի զննեմ…
ՍԵԴԱ — Բայց ձեր մատները դողում են…
ԱՐՏԱՇԵՍ — Հուզմունքից է…
ՍԵԴԱ — Այդքան շո՞ւտ եք հուզվում:
ԱՐՏԱՇԵՍ — (մատները հպում է կնոջ կողերին): Ցավո՞ւմ է:
ՍԵԴԱ – O՛յ…
ԱՐՏԱՇԵՍ — Իսկ այսպե՞ս…
ՍԵԴԱ — Չէ:
ԱՐՏԱՇԵՍ — Պառկեք մեջքի վրա: (Կնոջ վերարկուն ծալում, բարձի փոխարեն դնում է նրա գլխի տակ, օգնում է պառկել:) Զգույշ, կտրուկ շարժումներ չանեք: (Մատներով շոշափում, սեղմում է որովայնը:)
ՍԵԴԱ – Ճմռթվե՞ց:
ԱՐՏԱՇԵՍ — Ոչ: Դուք հրաշալի մաշկ ունեք:
ՍԵԴԱ — Վերարկուս նկատի ունեմ:
ԱՐՏԱՇԵՍ – Ա՜: Մի լարվեք… այսպես… ցավ կա՞…
ՍԵԴԱ — Ընդհակառակը, Դերենիկի ինատու՝ հաճելի է:
Խոհանոցից լսվում է Աննայի ձայնը. «Կներեք, բալոնի գազը վերջացավ, էլեկտրական սալիկի վրա եմ եփում: Հիմա կբերեմ»:
ԱՐՏԱՇԵՍ — (քարանում, այլայլվում է): Կինս… տանն է:
ՍԵԴԱ – Հետո՞ ինչ:
ԱՐՏԱՇԵՍ – Շը՜շ…
ՍԵԴԱ – Վախենո՞ւմ եք նրանից:
ԱՐՏԱՇԵՍ — (կիսաձայն): Լռեք, Աստծու սիրուն… Նա հարևանի տանը պիտի լիներ… (Չորս կողմն է նայում, հայացքը կանգ է առնում պահարանի վրա:) Նրան տեղ կուղարկեմ, դուք մի քանի րոպեով մտեք պահարան…
ՍԵԴԱ — Բժիշկ, ձեր խելքը տե՞ղն է… Բա խոռոչավոր օրգաններս…
ԱՐՏԱՇԵՍ – Շը՜շ… Ամեն ինչ կարգին է, ընդամենը թեթև սալջարդ եք ստացել, քերծվածք… Վտանգավոր ոչինչ չկա…
ՍԵԴԱ — (նույնպես կիսաձայն): Բայց սիրտս…
ԱՐՏԱՇԵՍ — Դա վախից է: Խնդրեմ՝ ջուր… (Փութով մոտենում է սեղանին, չնկատելով, որ օղի է, մեծ բաժակով լցնում-մեկնում է Սեդային:) Խմեք, հուզմունքը կանցնի:
ՍԵԴԱ — (տեղում նստում է): Վստա՞հ եք: (Վերցնում է բաժակը:)
ԱՐՏԱՇԵՍ — Հարյուր տոկոսով: Խմեք, կհանդարտվեք:
ՍԵԴԱ – Վստա՞հ եք, որ խոռոչավոր…
ԱՐՏԱՇԵՍ – Հա՛, հա՛, խմեք ու մտեք պահարան, գրողը տանի:
ՍԵԴԱ — Այդ դեպքում տուն կգնամ:
ԱՐՏԱՇԵՍ – Աստծո՜ւ սիրուն… Չեք հասցնի, հիմա ներս կմտնի: Խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե կտևի:
ՍԵԴԱ — Ախ, այդպե՜ս… Փչացած Իրան Դերոյի հետ զբոսնի, ես պահարան մտնե՞մ: (Կուրծքը ցցելով:) Իրայից վա՞տն եմ…
ԱՐՏԱՇԵՍ — Խնդրում եմ, աղաչում եմ… Ես վարձահատույց կլինեմ…
ՍԵԴԱ — Տղամարդիկդ, բոլորդ էլ, սրիկա եք: (Թափով խմում է, շնչահեղձ լինում, փորձում է շունչը ետ բերել:) Ա՛հ… ա՛հ… ա՛հ…
ԱՐՏԱՇԵՍ – Ի՞նչ պատահեց… (Ճանկում է Սեդայի դաստակը, բռնում զարկերակը:)
ՍԵԴԱ – Ա՛հ… ջը… ջը… ջո՜ւր… (Օղու բաժակը դեմ է անում Արտաշեսի քթին:)
ԱՐՏԱՇԵՍ — Գրողը տանի… (Վերցնում է ֆանտայի շիշն ու խցկում կնոջ բերանը:)
ՍԵԴԱ — (թափով հրում է): Խը… խը… խցանը հանեք…
ԱՐՏԱՇԵՍ — Տեր Աստված… (Հանում է խցանը, շիշը դարձյալ խցկում կնոջ բերանը:)
ՍԵԴԱ — (ջղաձգվելով՝ շշի պարունակության մեծ մասը ցփնում է վրան): Դուք… Դուք բժիշկ չեք… Դուք ղասաբ եք…
ԱՐՏԱՇԵՍ — Ներեցեք… խնդրում եմ…
ՍԵԴԱ – Ներեցե՜ք, ներեցե՜ք… (Աստիճանաբար զգացվում է ալկոհոլի ազդեցությունը:) Ներեցեք, ձեզ մեքենայի տակ գցեցի… Ներեցեք, կարևոր հանդիպում ունեմ, գործս մի փչացրեք… Ներեցեք, կինս տանն է… (Շիշը շպրտում է մի կողմ:) Չե՛մ ներում… (Փորձում է կանգնել, փլվում է տեղում:) Քեզ էլ… չեմ ներում… (Լեզուն արդեն փաթ է ընկնում:) Կը… Կնոջդ էլ չե՛մ ներում: Դե… Դերենիկին… չե՛մ ներում… Ի-Իրային ատո՜ւմ եմ… Ես քնել եմ ուզում… (Փլվում է բազմոցին:)
ԱՐՏԱՇԵՍ — Տեր Աստված… (Գրկում, քարշ է տալիս դեպի պահարանը:) Եկեք, եկեք՝ այստեղ քնեք: (Բացում է պահարանի դուռն ու քարանում: Կիսանինջ Սեդան նրա ձեռքերից սահում է հատակին:) Ի՞նչ եք անում այստեղ:
ԱՐԱՄ — (շփոթված դուրս է գալիս պահարանից): Ես… Ես Ձմեռ պապն եմ…
ԱՐՏԱՇԵՍ – Լա՜վ պապ ես… Խոսք չկա:
ԱՐԱՄ — Թույլ տվեք բացատրեմ:
ԱՐՏԱՇԵՍ — (զայրույթից հևում է): Բացատրե՞ս… կսպանե՜մ… (Ճանկում է խաշլամայի դանակն ու հարձակվում:) Կսպանե՜մ…
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Նույն հյուրասենյակը: Արամը կառչած է ջահից, Արտաշեսը փորձում է նրան ցած բերել:
ԱՐՏԱՇԵՍ — (դանակը պարզած՝ զուր ճիգով վեր ցատկելով): Ցած իջիր… Ցած իջիր, կսպանեմ…
ԱՐԱՄ — (հարվածի պահին՝ ոտքերը կծկելով): Բա բժիշկը մարդ կսպանի՞…
ԱՐՏԱՇԵՍ — Դու… դու մարդ չես… (Ցատկում է:) Դու… դու Ձմեռ պապ ես…
ԱՐԱՄ — Բա բժիշկը Ձմեռ պապ կսպանի՞…
ԱՐՏԱՇԵՍ — Քեզ պես Ձմեռ պապին մորթելն էլ քիչ է: (Մոտ է քաշում աթոռներից մեկն ու փորձում է բարձրանալ վրան:) Դու… դու սրիկա ես… (Սայթաքում է, ընկնում հատակին քնած Սեդայի վրա:)
ՍԵԴԱ — (երանությամբ ամուր գրկում է նրան): Դերենի՜կ…
ԱՐԱՄ — Այ, հիմա կինդ ներս կմտնի, կտեսնենք՝ ով է սրիկան:
ՍԵԴԱ — (ավելի ամուր է կառչում): Սիրելի՜ս…
ԱՐՏԱՇԵՍ — (փորձում է ազատվել կնոջ գրկից): Բա՛ց թողեք… Ես Դերենիկը չեմ…
ՍԵԴԱ – Հոգի՜ս…
ԱՐՏԱՇԵՍ — (մի կերպ ազատվելով կնոջ գրկից՝ նրան քարշ է տալիս դեպի պահարան: Արամին.) Չփորձես ցած իջնել ու փախչել… Մեկ է՝ չես հասցնի…
ԱՐԱՄ — Քո մասին մտածիր, ես ինձ լավ եմ զգում:
ԱՐՏԱՇԵՍ — (Սեդային խցկում է պահարանի մեջ): Կզգա՜ս… Քիչ հետո ավելի լա՜վ կզգաս…
ՍԵԴԱ — (քնի մեջ): Իսկ խո-ռո-չավո՜ր օրգաննե՞րս…
ԱՐԱՄ — Անբարոյականի մեկը:
ԱՐՏԱՇԵՍ — (Սեդայի հագուստը հավաքելով՝ շպրտում է պահարանի մեջ): Դեռ կտեսնենք, թե ով է անբարոյականը: (Դարձյալ վերցնում է դանակն ու վրիժառու սևեռվում է վեր:) Ցա՛ծ իջիր:
ԱՐԱՄ — (խրատական): Դուռը փակիր:
ԱՐՏԱՇԵՍ – Ի՞նչ…
ԱՐԱՄ — Ասում եմ՝ պահարանի դուռը փակիր, կինդ չգա՝ տեսնի խայտառակությունդ:
ԱՐՏԱՇԵՍ – Հա՜… (Փակում է դուռը:)
ԱՆՆԱ — (խոհանոցից): Ներող եղեք: Արդեն եփվեց, բերում եմ:
Արտաշեսը խուճապով աջ ու ձախ է նայում՝ չիմանալով անելիքը:
ԱՐԱՄ — Դանակը դիր տեղը:
ԱՐՏԱՇԵՍ – Ի՞նչ…
ԱՐԱՄ — Դանակը տեղը դիր ու նստիր սեղանի մոտ: Իմ սուրճը քեզ եմ զիջում:
ԱՐՏԱՇԵՍ — Անպատկա՜ռ… (Դանակը տեղն է դնում:) Հիմա կպատռեմ երկուսիդ դիմակը:
ԱՐԱՄ — Զսպիր քեզ, որ լավ պատռես:
ԱՐՏԱՇԵՍ — Լավ, Ձմեռ պապ տղա… (Նստում է:) Փորձես ձայն հանել՝ կմորթեմ:
Սկուտեղի վրա սուրճի երկու գավաթ դրած՝ մտնում է Աննան:
ԱՆՆԱ — Ահա և սուրճը: Խմեք, հետո կվճարեմ: (Տեսնելով ամուսնուն՝ զարմացած:) Արտաշե՞ս, ե՞րբ եկար:
ԱՐՏԱՇԵՍ — (հազիվ է զսպում իրեն): Այդ օրին ես հասել, որ դու ես վճարում, հա՞…
ԱՆՆԱ — (գավաթները դնելով սեղանին): Դու որ տանը չես, ո՞վ պիտի վճարի: Իսկ նա՞ ուր գնաց:
ԱՐՏԱՇԵՍ — (քինոտ): Եվ ինչքա՞ն ես վճարելու, եթե գաղտնիք չէ:
ԱՆՆԱ — (օգտագործած բաժակները սկուտեղի վրա շարելով՝ ծիծաղում է): Ութ հարյուր դոլար:
ԱՐՏԱՇԵՍ — Մի այցելության համա՞ր, թե՞ անցած տարվա վերջնահաշվարկն է:
ԱՆՆԱ — (խաղարկուն): Ե՛վ այցելության, և՛ բենզինի ծախսի, և՛ չորս հարկ բարձրանալու, և՛ բախտ բացելու…
ԱՐՏԱՇԵՍ — (ձեռքը խփում է սեղանին): Ո՞վ է իմ տանը:
ԱՆՆԱ — (վախեցած ընկրկում է): Քեզ ի՞նչ պատահեց, Արտաշես…
ԱՐՏԱՇԵՍ — (ոտքի է ցատկում): Այդ ի՞նչ Ձմեո պապ է իմ տանը… Դա էլ նո՞ր ձև է՝ Ձմեռ պապ ձևանալով տուն մտնել…
ԱՆՆԱ — (ծիծաղում է): Ա՜յ քեզ գիժ… Հանգստացիր, քեզ չի սազում, Ժիրայրն իմ դասընկերն է:
ԱՐՏԱՇԵՍ – Հետո՞…
ԱՆՆԱ — Տասը տարի չէինք հանդիպել…
ԱՐՏԱՇԵՍ — Տասը տարի է՝ չէի՜ք հանդիպել…
ԱՆՆԱ — Որոշել է մեզ անակնկալի բերել:
ԱՐՏԱՇԵՍ – Փայլո՜ւն անակնկալ, խոսք չկա:
ԱՆՆԱ — (դեպի խոհանոց): Ժիրայր, ներս արի: Սկզբում որ եկավ, ես էլ վախեցա, բայց հետո, երբ հանվեց…
ԱՐՏԱՇԵՍ – Հանվե՞ց…
ԱՆՆԱ — (տարակուսած): Հա՛…
ԱՐՏԱՇԵՍ — Ու ես տուն մտա, դու նրան թաքցրիր… (Սպառնալից առաջանում է:)
ԱՆՆԱ — (ընկրկելով): Ի՞նչ թաքցնել, ինչե՞ր ես ասում… (Մտնում է Ժիրայրը:) Ահա նա… Ինչո՞ւ պիտի թաքցնեմ…
ԱՐՏԱՇԵՍ — (տեղում քարանում է): Սա… Նա… Ո՞վ է…
ԺԻՐԱՅՐ — (բարեկամաբար պարզում է ձեռքը): Ժիրայրն եմ: Ծանոթանանք:
ԱՐՏԱՇԵՍ — (մեկ նրան է նայում, մեկ՝ ջահից կախված Արամին): Ժը… (Ցուցամատը տնկում է վեր:) Բա սա՞ ով է… (Աննան ճչում, ափերով փակում է դեմքը:) Սա ո՞վ է…
ԺԻՐԱՅՐ — (զարմացած): Արամն է…
ԱՐՏԱՇԵՍ — (գոռում է): Դո՞ւ ով ես…
ԱՐԱՄ — (ցած է թռչում): Ժիրայրն է: (Նստում է բազմոցին:)
Նախամուտքից լսվում է Աբոյի ձայնը:
ԱԲՈ — (երգում է): Իմ ախպե՜րը, լույս ախպե՜րը, համով ու լուռ մո՜ւնջ ախպերը… (Զարիկի հետ ներս է մտնում:) Բարև, ախպերությո՜ւն… (Ձեռքի շիշը բացելով՝ օրորվելով մոտենում է սեղանին:)
ԱՐՏԱՇԵՍ – Սա՞ ով է…
ԱՆՆԱ — (վիրավորված ինքնասիրությամբ հայացքը շրջում է ամուսնուց): Աբոն է:
ԱՐՏԱՇԵՍ — Ա… Աբոն ո՞վ է…
ԱՆՆԱ — Սաշայի ընկերը:
ԱԲՈ – Մալադե՛ց, ճի՛շտ է…
ԱՐՏԱՇԵՍ — Ում ընկե՞րը…
ԱԲՈ – Շը՜շ… Ախպերության մեջ ով-ում չկա: (Լցնում է բաժակները:)
ԱՐՏԱՇԵՍ – Ի՞նչ գործ ունեն սրանք իմ տանը…
ԱԲՈ — Ախպերության մեջ, ախպեր, իմ ու քու չկա… Ես Սաշայի կյանքին մեռնեմ: Երեկ զանգեցի հյուրանոց, ասավ՝ Աբո ջան, վաղը արի՝ հալալ օջախում հանդիպենք: Զարո, մի հատ արտասանի: (Ժիրայրին.) Դասատուս ա միջնորդե, որ Զարոն իմ օֆիսում աշխատի…
ԺԻՐԱՅՐ — (կոնյակի շիշը վերցնելով՝ մեկնում է Աբոյին): Դուք սխալ եք եկել:
ԱԲՈ — (մի կողմ է հրում Ժիրայրի ձեռքը): Ով-ով, Աբոն, ախպեր, չի կարա սխալ ըլնի… (Նկատում է Ձմեռ պապի հագուստով, կեղծամը հանած Արամին:) Վա՞յ… Ձմեռ պապին թրաշվել ա՜… Թրաշդ անուշ, Ձմեռ պապ…
ԺԻՐԱՅՐ — Ես կրկնում եմ՝ դուք սխալ եք եկել:
ԱԲՈ – Ի՛, արա, ախպեր, մի տղա դու ես, մի տղա էսի ա: (Ցույց է տալիս Արտաշեսին:) Էդ ինչի՞ նա չի խոսում, դու ես վրա տալի…
ԱՐՏԱՇԵՍ — (աքլորացած): Ճիշտ է ասում, ի՞նչ իրավունքով եք իմ տանը կարգադրություններ անում:
ԱԲՈ — Մալադե՛ց: Արի՝ մի հատ պաչեմ… (Արտաշեսին գրկում, ջրալի համբուրում է, լիքը բաժակը մեկնում է նրան:) Խմենք ախպերության կենացը: (Մի կումով դատարկում է բաժակը:) Մեծ ախպեր, բա մեր Սաշան ո՞ւր ա…
ԱՐՏԱՇԵՍ – Սաշա՞ն… (Խիստ տոնով՝ Աննային:) Որտե՞ղ է թաքնված Սաշան:
ԺԻՐԱՅՐ — Դուք ձեր հարցերը պարզեք, ես պիտի գնամ: (Աննային.) Ներիր, խնդրում եմ:
Թափով բացվում է պահարանի դուռը, դուրս է նետվում Զինան:
ԶԻՆԱ — Врешь! Не уйдешь!
ԺԻՐ ԱՅՐ – Զինա՞…
ԶԻՆԱ — (հիստերիկ արտասվելով): Да, Зина, Зина… Не ожидал?
ԱԲՈ – Պա՛-հո՜… Զարո, գնացինք: (Հուշիկ դուրս են գալիս:)
ԶԻՆԱ — (Ժիրայրին): Объясни, при всех признайся, ի՞նչ անել այստեխ…
ԺԻՐ ԱՅՐ — Դու… (Արամին.) Դուք… ի՞նչ էիք անում այստեղ…
ԱՆՆԱ — (բռնում է գլուխը): Գժվե՜լ կարելի է…
ԱՐՏԱՇԵՍ – Իհա՜րկե, մանավանդ որ բոլորին գժվացնողը դու ես:
ԶԻՆԱ — (ամուսնուն): Դռա ամար ասում ես՝ Այաստա՜ն, Այաստա՜ն: (Արտասվում է:) Դռա ամա՞ր Այաստան: (Մատնացույց է անում Աննային:) Это твоя шлюха?
ԱՆՆԱ — Как вам не стыдно?
ԶԻՆԱ — Это вы должны стыдиться! (Շուրջը ցույց տալով:) Смотри, что ты натворила… (Արտասվելով փարվում է Արտաշեսին:)
ԱՐՏԱՇԵՍ — (Աննային): Ճի՛շտ է ասում: Կանադա մեկնելուց առաջ հրաժե՞շտ ես տալիս սիրեկաններիդ:
ԺԻՐԱՅՐ – Լռե՛ք, դուք իրավունք չունեք…
ԱՐՏԱՇԵՍ — Դե իհա՜րկե, իմ բոլոր իրավունքներն արդեն քեզ ու Ձմեռ պապ կոչվածինն են:
ԱՐԱՄ — Լսեք, ամեն ինչ իր սահմանն ունի: (Գրպանից հանում, պարզում է թուղթը:) Ահա ձեր պատվերով գրված անդորրագիրը: Խնդրեմ, նվերն էլ՝ տիկնիկ:
ԱՐՏԱՇԵՍ — (ծառս է լինում): Բռնվեցի՜ք, ես տիկնիկ չեմ պատվիրել: (Հաղթական տոնով:) Ես մագնիտոֆոն եմ պատվիրել:
ԱՐԱՄ — (տարակուսած): Այստեղ… տիկնիկ է գրված: 250 դրամանոց: Գումարած այցելության վարձը՝ 500 դրամ:
ԱՐՏԱՇԵՍ — Ուշադիր կարդա, պահարան մտնելն էլ է՞ գրված, դրա համա՞ր ինչքան վարձ պիտի տամ:
ԱՐԱՄ — Բայց այստեղ տիկնիկ է գրված: (Կարդում է:) Դպրոցի փողոց, 2-րդ շենք, բնակարան 17, տիկնիկ:
ԱՆՆԱ — Հասցեն շփոթել եք: Սա Դարբնոցի փողոցն է:
ԱՐԱՄ — Ներեցեք:
ԱՐՏԱՇԵՍ – Չե՛մ ներում: Պահարանի հասցեն է՞լ էիր շփոթել, ի՞նչ գործ ունեիր պահարանում:
ԺԻՐ ԱՅՐ — (Արամին): Պահարանո՞ւմ… Դու եղել ես պահարանո՞ւմ…
ԱՐԱՄ — (գլխահակ): Ներիր… Զինան ստիպեց: Քեզ խոհանոցում տեսել էր, կասկածել, ստիպեց… (Արտաշեսին ցույց տալով:) Հետո սա եկավ, նկատեց, դանակով սպառնաց, ես էլ…
ԱՐՏԱՇԵՍ – Հեքիաթնե՜ր եք պատմում: Ես պատիվ եմ պահանջում: (Աննային.) Առաջին հերթին՝ քեզնից: Վճռված է, դու Կանադա չե՛ս գա: (Նյարդային քայլում է սենյակում:) Ի՜նչ ծրագրեր ունեի, ի՛նչ ծրագրեր… Կանա՜դա… Օտտա՜վա, բարեկեցիկ կյա՜նք, վիլլա՝ Հավայան կղզիներո՜ւմ… (Աննային.) Մենք բաժանվո՛ւմ ենք: Կպահանջեմ զրկել քեզ մայրական իրավունքից…
ԱՆՆԱ — Իսկ ես քեզնից ոչ մի պահանջ չունեմ: (Մոտենում է պահարանին, հանում է ճամպրուկը, բացում է պահարանի մյուս դուռն ու դուրս գլորվող Սեդայից վախեցած՝ ընկրկում է:) Ա՛հ…
ՍԵԴԱ — (շաղված հայացքով արտաբերում է): Բոլոր տղամարդիկ սրիկա են…
ԱՆՆԱ — Սա ո՞վ է… (Մի կերպ ոտքի կանգնող Սեդային:) Դուք… ո՞վ եք:
ՍԵԴԱ – Ե՞ս… (Պահում է հավասարակշռությունը:) Ես լքված եմ և անարգված… Դերենիկը ինձ լքեց: (Մատնացույց անելով Արտաշեսին:) Իսկ սա լողացրեց ֆանտայով…
ԱՆՆԱ — Ոչինչ չեմ հասկանում:
ՍԵԴԱ — (մատը տնկելով Արտաշեսի կողմը): Հարցրեք նրան… կբացատրի: (Օրորվելով գնում է դեպի բազմոցը:) Որտե՞ղ են իմ շորերը… (Արտաշեսին.) Որտե՞ղ են իմ շորերը…
ԱՐՏԱՇԵՍ — (վախեցած, շփոթված): Ըը… երևի պահարանում են: Չե՞ս հիշում:
ՍԵԴԱ — Երբ հանում էիր վերարկուս… հիշում եմ… երբ հանում էիր շապիկս… հիշում եմ… երբ պառկեցրիր բազմոցին… (Վայելքով ժպտում է:) Հիշո՜ւմ եմ… Բայց պա-հա-րան… (Օրորվելով մոտենում է պահարանին:) Չեմ հիշում… Գլուխս պտտվում է:
ԱՆՆԱ — (Արտաշեսին): Կարո՞ղ ես բացատրել, սա ինչ է նշանակում:
ՍԵԴԱ – Նա՞… Նա չի կարող… Ես կբացատրեմ՝ դատարանում, երբ քեզ կզրկեն մայրական իրավունքից, Իրային՝ Դերենիկից… (Մատնացույց է անում Արտաշեսին:) Սրան՝ Կանադայից…
ԱՆՆԱ – Դատարանո՞ւմ…
ՍԵԴԱ — …և Իրայի հախից կգամ…
ԱՆՆԱ — Իրան ո՞վ է…
ԱՐՏԱՇԵՍ — Դերենիկի սիրուհին է:
ՍԵԴԱ — …և Դերենիկի հախից կգամ…
ԱՆՆԱ — Դերենիկն ո՞վ է…
ԱՐՏԱՇԵՍ — (Սեդային ակնարկելով): Նրա մտերիմն է:
ՍԵԴԱ — (Արտաշեսին): Եվ քո հախից կգամ…
ԱՆՆԱ — (Արտաշեսին): Այս կինն ո՞վ է:
ԱՐՏԱՇԵՍ – Չգիտեմ:
ՍԵԴԱ — (ընդհուպ մոտենում է Արտաշեսին): Դու ինձ չգիտե՞ս…
ԱՐՏԱՇԵՍ — (վախեցած): Չգիտեմ… Չեմ ճանաչում:
Դռան զանգ, որին ոչ մեկը ուշադրություն չի դարձնում:
ՍԵԴԱ — (ապտակում է): Սրիկա՛: (Գնում է դեպի պահարանը՝ հագուստները փնտրելու:)
Դռան զանգը կրկնվում է: Ձեռքը այտին՝ Արտաշեսն ուղղվում է դեպի Աննան:
ԱՆՆԱ — (մյուս այտին է ապտակում): Վախկո՛տ:
Հյուրասենյակի շեմին հայտնվում է Սեմ Չարլզը՝ պայուսակն ու ֆոտոապարատը ուսից կախ:
ՍԵՄ – Հելլո՜… Կարելի՞ է: (Բոլորը շրջվում են նրա կողմը:) Պարոն Արտաշես Վարդանյանի բնակարա՞նն է…
ԱՐՏԱՇԵՍ — (ներկաներին հրելով՝ ձեռքերը պարզած առաջանում է): Այո՛, այո՛, պարոն Սեմ, համեցեք…
ՍԵՄ – Դո՞ւք եք պարոն Արտաշես Վարդանյանը:
ԱՐՏԱՇԵՍ — Այո… Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ… (Օգնություն հայցելով:) Աննա՜…
ԱՆՆԱ — (հայացքը մի կետի հառած, անկիրք արտաբերում է): Գուդ մունին, միստր Չարլզ… Իթս սոու փլիզդ յու քուդ քամ… հաու լոն ա յու սթեյին ին Յերըվըն…
ՍԵՄ — Սեմ Չարլզ, բիզնեսմեն: Սակայն, իմին կնունքիս անունը Սանասար է: (Գլուխ է տալիս:) Սանասար Չառլիկյան: Սանասարը գիտե՞ք…
ԱՆՆԱ — (իրեն ստիպում է տանտիրուհու դերում լինել): Այո, իհարկե: Սանասարը Մեծ Մհերի հայրն էր, Սասունցի Դավթի պապը…
ՍԵՄ – Նո՛, նո՛, նո՛… Ադոնց չեմ ճանչնար: Սանասարը իմին մեծ հայրն էր: Հայաստանին մեջ դուք պապ կըսեք: Ատ Սանասարի մեծ հայրն ալ Սանասար եղած է, անոր մեծ հայրն ալ Սանասար էր և անոր մեծ հայրն ալ Սանասար էր: Ատոր մեծ հայրն ալ Սանասար եղած է և ասոր մեծ հայրն ալ Սանասար էր: Այսինքն, ես մեր տոհմին մեջ սեվընթ… ըըը… յոթ… յոթերորդ Սանասարն եմ: Հասկցա՞ք:
ԱՐՏԱՇԵՍ — Այո, իհարկե: Համեցեք, նստեք, հյուրասիրվեք:
ՍԵՄ — (չի շտապում նստել: Պայուսակից փոքրիկ սարք է հանում, մոտեցնում ուտեստեղենին): Ես բիզնես կընեմ: Բարի գործերու բիզնես: Պարոն Արտաշեսին պես սանկ գիտուն մարդոց չեմ թողուր դժբախտության, աղքատության մեջ կործանվին: Ամեն տեղեն ինձի պատվերներ կըլլան: Իրանեն, Մեքսիկայեն, Փելոռուսիյեն… (Խնձորը մոտեցնում է սարքին, արհամարհանքով տեղն է դնում:) Սանասար ըլլալովս, Միացյալ Նահանգներու մեջ ինձի Սեմ կըսեն: Սեմ Չարլզ: (Դրոշակը վերցնում, մոտեցնում է սարքին, հոտոտում է ու անտարբեր գցում մի կողմ:) Կանադային մեջ… (Արամին.) Դուք Կանադա եղած կա՞ք…
ԱՐԱՄ — Չէ:
ՍԵՄ — Կանադային մեջ ինձի Սեմուել կկոչեն: (Ժիրայրին.) Դուք Արժենթին եղած եք, անշուշտ:
ԺԻՐԱՅՐ — Ոչ, Արգենտինայում չեմ եղել:
ՍԵՄ — Շատ ափսոս: Հոնդեղ ինձի Չարլո կըսեն: Եգիպտոսին մեջ ինձի Սենեքերիմ կըսեն, Ֆրանսիո մեջ Սիմոն կըսեն: (Կիսամերկ Սեդային.) Անշուշտ, դուք Հնդկաստան կապրիք: Հոնտեղ ինձի Սեմի կըսեն, Սեմի Չար: (Կտրվում է սեղանից՝ Արտաշեսին:) Ինչո՞ւ այսքան թույն հավաքեր եք…
ԱՐՏԱՇԵՍ – Թո՞ւյն… Ձեր պատվին ամենաթանկ, ամենաընտիր…
ՍԵՄ – Նո՛, նո՛, նո՛… Խոլեսթերին է: (Սարքի ցուցմունքը վկայակոչելով:) Ամենին մեջ՝ խոլեսթերին…
ԺԻՐ ԱՅՐ — Մենք գնանք:
ՍԵՄ – Օ՜, նո՛, իմ այցելությունը չպիտի խանգարե ֆամիլի գյադերինգին: (Արտաշեսին.)
Անշուշտ, ձեր բարեկամներն են: Ծանոթացրեք, խնդրեմ:
ԱՐՏԱՇԵՍ — Ըըը… ծանոթացեք:
ՍԵՄ — Եթե որևէ մեկդ ցանկություն ունենաք Ամերիկա երթալու, ես կօգնեմ:
ՍԵԴԱ — (վերնաշապիկը կոճկելով, նյարդային): Իմ անունը Սեդա է: Ամերիկայում էլ են Սեդա ասում, Երևանում էլ, Համզաչիմանում էլ… Իսկ Ամերիկա գնալու միտք չունեմ:
ՍԵՄ – Շա՜տ, շա՛տ հաճելի է: (Սեդայի վերարկուն բռնած Արամին:) Ձեր տիկինն է՞:
ՍԵԴԱ — Ոչ: Ես ամուսնացած չեմ:
ՍԵՄ — (պայծառանում, ձեռքերը մեկնած առաջանում է): Անչա՜փ, անչա՜փ ուրախ եմ…
ՍԵԴԱ — (ընկրկում է): Դե, դե…
ՍԵՄ — (համբուրում է ձեռքը): Դեդե՞… Օ՛, մայ Գոդ… Դեդե ըլլալուս դեռ շատ տարի կա: Ես կրնամ բոյ-ֆրենդ ըլլալ… (Արամին.) Երևի դուք եք բոյ-ֆրենդը: Ձեր անունն ի՞նչ է…
ԱՐԱՄ — Ձմեռ պապ:
ՍԵՄ — Սանտա Կլաո՞ւս… Օ քե՛յ, եվրոպական, առանց մորուքի… Առաջադիմություն է: (Ժիրայրին.) Դո՞ւք…
ԺԻՐԱՅՐ — (վրա է տալիս): Ես տանտիրուհու դասընկերն եմ: Ոչ թե Սանտա Կլաուս, այլ Ձմեռ պապ ձևացած եկա վաղեմի ընկերուհուս տուն՝ նրան և ընտանիքի անդամներին ուրախացնելու: Կինս, որպես Ձյունանուշիկ, Արամի հետ եկավ, նկատեց, խանդեց, թաքնվեց պահարանում, որ հետևի ինձ: Պարոն Արտաշեսը եկավ, նկատեց Արամին, չցանկացավ ծանոթանալ ինձ հետ, խանդի տեսարան սարքեց՝ զուր տեղը վիրավորեց իր կնոջը: Հետո դուք հայտնվեցիք և ժամանակն է, որ մենք գնանք այստեղից: Բայ, բայ:
ՍԵՄ — (կանխում է): Սորի… Չհասկցա:
ԺԻՐԱՅՐ — Ես ոչ թե ձեր, այլ պարոն Արտաշեսի հասկանալու համար ասացի, որին շուտով երևի միստր Արչո կկոչեն:
ԶԻՆԱ — (փարվում է ամուսնուն): Жирайр, я тебя люблю.
ՍԵՄ – Նո՛, նո՛… նո՝ Արչո: (Պայուսակից թղթեր է հանում: Պարծանքով:) Արչի՛լ Վարթսո՛ն: Բոլոր թղթերը պատրաստ են: (Արտաշեսին.) Արժենթինին մեջ՝ Արչիլո Վարթսոնե, Եգիպտոսին մեջ՝ Ալի Վաթան, Ֆրանսիո մեջ՝ Ալեն Վարլեն, Հնդկաստանին մեջ՝ Աշոկ Ռաջա:
Լսվում է Աբոյի երգը:
ԱԲՈ — (Զարիկի ձեռքից բռնած, շիշը՝ մյուս ձեռքում, ներս է մտնում:) Իմ ախպե՜րը, լույս ախպե՜րը, համով ու լուռ մո՜ւնջ ախպե՜րը…
ԱՆՆԱ – Նորի՞ց դուք… Այստեղ Սաշա չկա:
ԱԲՈ — (հրճվագին): Ո՞նց չկա… (Սեմին.) Սաշա ջան, կյանքիդ մեռնեմ, տեղդ ասում ես ու վախտին չես գալի:
ՍԵՄ – Օ՜, պարոն Աբո: (Գրկախառնվում են:) Հայաստանին մեջ ինձի Սաշա կըսեն: Պարոն Աբոյին ալ Արժենթին պիտի ուղարկեմ: (Մոտենում է Արտաշեսին:) Չմոռնամ ըսել, որ ձեր կրոնքն ալ պիտի փոխեք… Բան մը չէ, կաշիեն քիչիկ մը կտրվելու է:
ԱՐՏԱՇԵՍ — Ինչ ասացի՞ք…
ՍԵՄ — (բազմանշանակ շարժում է անում): Բան մը չէ, կաշիեն՝ քիչիկ մը կտրվելու է: Ամեն մի թուղթին համար ալ 500 դոլար պիտի վճարեք: Ահավասիկ: (Թղթերը խցկում է Արտաշեսի ձեռքը:) Կստորագրեք և դրամի հետ ինձի կուտաք: Բան մը չէ, եղած-չեղածը՝ 10 հազար 534 դոլար 78 ցենթ…
ԱՐՏԱՇԵՍ — (ահով): 10 հազար հինգ հարյո՜ւր… Տուն ու տեղս էլ որ ծախեմ…
ՍԵՄ — Բան մը չէ, ջանըմ, երբ վիզան պատրաստ ըլլա, 1500 դոլար ևս պիտի վճարեք:
ԱՐՏԱՇԵՍ — 1500… Մեքենաս էլ որ ծախեմ…
ՍԵՄ — Բան մը չէ: Ամեն ինչ կարգադրված է: Ոչ մեկ նեղություն չիկա: Օտտավային մեջ ամենեն խոշոր գործատունը պիտի աշխատիս: (Պարծանքով:) Բեռնակի՛ր:
ԱՐՏԱՇԵՍ — Ինչպես թե՝ բեռնակիր…
ՍԵՄ — Այո, բան մը չէ… Ամենեն մեծ գործատունն է, գիտե՞ս: Ամեն մեկուն գործ չեն տար: Երկու տարի պիտի աշխատիս…
ԱՐՏԱՇԵՍ — Բեռնակի՞ր…
ՍԵՄ — Այո, ըսի, բան մը չէ, երկու տարի ետքը ջաջի… ըըմ… դատավորի մոտ կերթաս, ու թե գործդ հաջողվի, սիթիզըն պիտի ըլլաս և այն ատենը, եթե կուզես, քննություն պիտի հանձնիս ու բժիշկ կրնաս աշխատիլ… Պատվավո՜ր, պատվավո՜ր գործ…
ԱԲՈ — Սաշայի ասածն, ախպեր, աշխարհի համար օրենք ա: Գիտե՞ս, քանի հոգու ա մարդ դարձրե…
Ժիրայրն անզուսպ ծիծաղում է: Արամն ու Զինան միանում են նրան:
ԱՐՏԱՇԵՍ — (հիստերիկ): Լռե՜ք: (Բոլորը լռում են: Հարբածի պես օրորվելով՝ մոտենում է Սեդային:) Ձեր անունն ի՞նչ է…
ՍԵԴԱ — Սեդա:
ԱՐՏԱՇԵՍ — Սեդա, դուք սալջարդ ունեք, թեթև քերծվածք: Իսկ Դերենիկի հետ… մի շտապեք կռվել: Ամեն ինչ պարզեք, հետո կորոշեք՝ մեքենայի տա՞կ ընկնել, թե՞ ոչ… (Մոտենում է ամուսնուն փարված Զինային:) Ձեր անունն ի՞նչ է:
ԶԻՆԱ — (թեթե կոտրատվելով): Զինա:
ԱՐՏԱՇԵՍ — Մի շտապեք պահարան մտնել, Զինա: (Արամին.) Իսկ դուք մի շփոթեք հասցեն: (Մոտենում, թևաթափ կանգնում է Աննայի դիմաց:) Ես… ո՞վ եմ…
ԱՆՆԱ — (վիրավորված շրջում է հայացքը): Չգիտեմ:
ԱՐՏԱՇԵՍ — Ես էլ չգիտեմ: (Գլխահակ, լուռ արտասվում է, ապա հիստերիկ պատառոտում է թղթերն ու շպրտում:) Դո՛ւրս, դո՛ւրս իմ տնից…
ԱԲՈ — Արա, էս ուրիշ կուպե ընկանք…
ԱՐՏԱՇԵՍ – Դո՛ւրս իմ տնից…
Մթություն:
Կարճ դադարը խախտում է ռադիոն. «Երևանի ժամանակով ժամը 13-ն անց է 45 րոպե: Բարեկամներ, այժմ փոքրիկների հյուրն են Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը, որոնք… Բայց ավելի լավ է չշտապենք: Եվ այսպե՜ս…»,- հնչում է երաժշտական նախաբանը: Դանդաղ լուսավորվող բեմում, բազմոցի վրա, գլուխն ափերի մեջ առած՝ նստած է Արտաշեսը, նրան թիկունք արած-նստած է Աննան: Ռադիոյից՝ դերակատար երեխայի ձայնը. «Հայրի՜կ, մայրի՜կ, Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկն են հյուր եկել, դիմավորեք նրանց…»: Նախամուտքից լսվում են Արայիկի ու Անուշիկի հրճվագին ձայները. «Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկն են գալի՜ս… Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկն են գալի՜ս»: Խանդավառ երեխաները վազքով ներս են մտնում, Արայիկը փարվում է մորը, Անուշիկը՝ հորը:
ԱՆՆԱ — (անակնկալի եկած): Արայի՞կ… դուք ինչպե՞ս եկաք…
ԱՐՏԱՇԵՍ – Անուշի՞կ… ձեզ ո՞վ բերեց…
ԱՐԱՅԻԿ — Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշիկները մեզ գտան ու տուն բերեցին:
Հնչում է պարեղանակ, պարելով ներս են մտնում երեք Ձմեռ պապիկ և նույնքան Ձյունանուշ: Երեխաները միանում են նրանց: Արտաշեսն ու Աննան մի կողմ են քաշվում: Խմբից առանձնանալով, պարելով նրանց են մոտենում Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
ՁՄԵՌ ՊԱՊ — (դիմում է Արտաշեսին՝ Ժիրայրն է): Պարոն Վարդանյան, հուսով եմ, իմ այս անակնկալն արդեն ձեզ դուր կգա և մեզ չեք վռնդի:
ՁՅՈԻՆԱՆՈԻՇ — (դիմում է Աննային՝ Զինան է): Сестричка, նեռիր ինձ, խնդրում եմ… Так получилось… Извини. (Պարելով հեռանում են:)
Նրանց անմիջապես հերթափոխում է մյուս զույգը:
ՁՅՈԻՆԱՆՈԻՇ — (դիմում է Արտաշեսին՝ Սեդան է): Բժիշկ, այնուամենայնիվ, դուք լավ վարորդ եք…
ՁՄԵՌ ՊԱՊ — (դիմում է Աննային՝ Արամն է): Ձեզ խոստանում եմ՝ այլևս երբեք հասցեն չշփոթել… (Պարելով հեռանում են:)
Կատարվածից ուշքի չեկած ամուսիններին մոտենում է երրորդ զույգը:
ՁՅՈԻՆԱՆՈԻՇ — (դիմում է Աննային՝ Զարիկն է): Իսկ ինձ խոստացան թատրոնում սիրող-դերասանուհի ընդունել:
ՁՄԵՌ ՊԱՊ — (դիմում է Արտաշեսին՝ Աբոն է): Արա, ախպեր, էս ընչի՞ ես շշկռված կայնե… Շիշը բաց, մի բան խմենք: (Պարելով հեռանում են:)
Վազքով ծնողներին են մոտենում մագնիտոֆոն ու տիկնիկ բռնած երեխաները:
ԱՐԱՅԻԿ — Հայրիկ, Ձմեռ պապն ինձ մագնիտոֆոն նվիրեց: (Փարվում է հորը:)
ԱՆՈԻՇԻԿ — Մայրիկ, տե՛ս, Ձմեռ պապն ինձ տիկնիկ նվիրեց: (Փարվում է մորը:)
ԱԲՈ – Ստո՛պ… (Պարն ընդհատվում է, բոլորը նրան են նայում:) Քիչ մնաց՝ մոռանայի, ախպեր… (Գրպանից հանում է Հայաստանի եռագույն դրոշակը:) Էս էլ՝ իմ նվերը: (Տեղադրում է սեղանի վրա:)
Ճռռոցով բացվող պահարանի դուռն իր վրա է սևեռում բոլորի ուշադրությունը: Պահարանից դուրս է ցցվում մի ոտք, այնուհետև հայտնվում է Սեմ Չարլզը:
ՍԵՄ — (շփոթված ու մեղավոր): Ներեցեք… Ներեցեք, կաղաչեմ… Երբ պարոն Արտաշեսը պոռաց և տանից վռնդեց, դուռը… դուռը շփոթեցի… Ներեցեք… Օդը չէր բավեր… չկրցա մնալ… Ես երթամ… (Ուղղվում է դեպի դուռը:)
ԱՆՆԱ — Սպասեք, պարոն Սեմ: Մնացեք մեզ հետ, ի վերջո Նոր տարի է…
ՍԵՄ — Կարելի է՞…
ԱՐՏԱՇԵՍ — Իհարկե, համեցեք, համեցեք…
ՍԵՄ — Անանկ է, նե՞… (Ետ է գալիս:)
ԱԲՈ — Զարո, պարի՜…
Դարձյալ հնչում է պարեղանակ: Պարողներին է միանում նաև Սեմը:
Աննան, չմարած բարկությամբ, բռունցքներով հարվածներ է տեղում Արտաշեսի կրծքին, աստիճանաբար հարվածները մեղմանում են, փարվում է ամուսնուն: Գրկախառնված ամուսիններին կենտրոնում թողնելով՝ մյուսները շուրջպար են բռնում: