Հուշապատում ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ-ցիներից / Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Համաճարակային օրերը ցավալիորեն շարունակվում են,
ու քանի դեռ հուշերի մասով էլ «սահմանափակումներ» չեն եղել,
այս անգամ էլ «Մայր թատրոնի» տաղանդավոր դերասանները
վերհիշել են «կենդանի», հուզիչ ու ծիծաղելի պատմություններ:
Արմեն Մարգարյանը վերհիշում է. «Խաղում էինք «Մեր բաժին ուրախություն» ներկայացումը, այն 1915թվականին մազապուրծ եղած գաղթականների մասին էր, թե ինչպես Հովհաննես Թումանյանը նրանց տեղավորել էր Թիֆլիսի հայկական թատրոնում և հոգ էր տանում նրանց մասին: Ներկայացման դերասաններից մեկի բացակայության պատճառով, նույն դերի համար նրան փոխարինելու էր եկել իմ համակուրսեցի, լավ ընկեր, լավ դերասանուհի Անի Սարգսյանը: Մինչ ներկայացման սկիզբը փորձեր եղան Անիի մասնակցությամբ, որպեսզի նոր դերասանուհու հետ ճշտեն տեսարաններն ու տեքստը: Ներկայացման մեջ կար մի տեսարան, որը ռեժիսորի աչքից վրիպել էր և Անին բացարձակ տեղյակ չէր, թե ի՞նչ պետք է ասի: Հավանբար ռեժիսորը մտածել էր, որ Անին այդտեղ անելիք չունի և ավելորդ անգամ պետք չէր ժամանակ ծախսել այդ տեսարանի վրա: Խաղում ենք ներկայացումը և հասանք այդ տեսարանին. մենք «գաղթականներով» եկանք առաջնաբեմ, Անին էլ մեզ հետ, մի գծով շարվեցինք, ու հիմա մեծ հույզով և կարոտով ամեն կերպար պետք է արտասաներ իր հայրենի ծննդավայրի անունը: Շատ հուզիչ տեսարան էր, բոլորը կորցրել են իրենց տունը, մեկը` երեխաններին, մյուսը` ծնողներին, հարազատներին և կարծես հոգեվարքի մեջ են, ընկճված և կիսախելագար: Ու հերթականությամբ, կարծես ակամա ասում են իրենց ծննդավայրի տեղանունը: Այդ պահին Անիի մոտ խուճապ սկսվեց, նա չգիտեր՝ իր կերպարը որտե՞ղից է ու ի՞նչ անուն պետք է ասի: Իսկ ես կանգնած էի նրա կողքին, դերասանները մեկը մյուսի ետևից արտասանում էին`Բաղեշ, Վան, Մուշ, Իգդիր, այդ ընթացքում Անին շփոթված ինձ, որպես վստահելի մարդու, շշուկով հարցնում է իր քաղաքի անունը, ու քանի որ հերթը արդեն հասնում էր իրեն, և վերջին հնչած արևմտյան տեղանուններն էին` Քանաքեռ, Զեյթուն, Մալաթիա, Սեբաստիա, ես էլ կամաց հուշեցի` Չարբախ: Անիին էլ ժամանակ չէր մնացել խորհելու իմ ասածի մասին, ու նա շատ հուզիչ ձայնով արտասանեց` Չարբա՜խ: Եվ տեղի ունեցավ անսպասելին, դահլիճը հռհռաց, հուզիչ կերպարներով կանգնած մեր դերասանական շարքը ուղղակի քանդվեց ծիծաղից, այն պահել հնարավոր չէր ու ստիպված շրջվեցինք դեպի բեմը, որպեսզի հանդիսատեսը իբր մեր դեմքը չտեսնի: Ետնաբեմում իրարանցում տեղի ունեցավ, չհասկացան, թե ի՞նչ կատարվեց: Ռեժիսորը և իր օգնականը, հուշարարի հետ միասին, պիեսի մեջ փնտրում էին Չարբախ տեղանունը՝ մտածելով, արդյո՞ք նման անուն է եղել այնտեղ ու իրենք չեն իմացել: Մի խոսքով, կարելի է ասել, տեսարանը քանդվեց, իրավիճակը լարվեց: Իհարկե, ծիծաղելի պատմություն ստացվեց, բայց իմ արածը շատ անլուրջ էր: Ես նկատողություն ստացա, Անին էլ երկար ժամանակ ինձ հետ չէր խոսում, բայց ամիսներ անց մենք, իհարկե, հաշտվեցինք: Իսկ ավելի ուշ Անին մահացավ: Հիանալի, շնորհքով օժտված դերասանուհի էր նա: Շատ ափսոս: Շատ կուզենայի՝ նա լիներ, և հիմա ծիծաղով կհիշեինք այս պատմությունը»:
Նելլի Խերանյանը այսպիսի պատմություն հիշեց. «Տարիներ առաջ, Մոսկվայում` հյուրախաղերի շրջանակներում, խաղում էինք Ա. Չեխովի «Բալի այգի» ներկայացումը։ Լորենց Առուշանյանը ուշացավ մուտքից, արդյունքում՝ անելանելի իրավիճակ ստեղծվեց։ Որպես փրկության օղակ բոլորս շվարած նայեցինք Տիգրան Ներսիսյանին, ում խաղացած կերպարը ողջ ներկայացման ընթացքում դեղահաբեր էր տալիս Լյուբով Անդրեևնային (Վարդուհի Վարդերեսյան)։ Տիգրանը ժամանակ շահելու համար դեղահաբեր առաջարկեց, մտածելով, որ տիկին Վարդուհին կասի. «Չեմ ուզում», ինքն էլ կհամոզի և ժամանակ կանցնի։ Սակայն տիկին Վարդուհին անմիջապես համաձայնեց, վերցրեց ու խմեց հաբերը։ Բոլորս հասկացանք, որ ինչ-որ բան պետք է մոգոնել կրկին: Գործի անցավ Արմեն Մարությանը, ով նույնպես հաբեր առաջարկեց տիկին Վարդուհուն, վերջինս էլ կրկին պատրաստակամ ընդունեց դրանք։ Լորենցն ուշանում էր ու գործի լծվեց Գրետա Մեջլունյանը, նա տիկին Վարդուհուն հորդորեց դեղահաբեր ընդունել, որոնք այսօր չի ընդունել։ Տիկին Վարդուհին հուսահատված վերցրեց հաբերը, կուլ տվեց ու շշուկով խնդրեց գտնել Լորենցին։ Ես որոշեցի փրկել իրավիճակը. վազելով կուլիսներից մտա բեմ և իմ կերպարին բնորոշ միամտությամբ հարցրեցի. «Լյուբով Անդրեևնա, ջուր բերե՞մ ձեզ համար», որին հետևեց տիկին Վարդուհու ամեն ինչ ասող հայացքը։ Տիկին Վարդուհին չէր հասցրել ինձ ուղարկել այնտեղ, որտեղից եկել էի, երբ բեմ վազեց Լորենցը և մինչ կհասկանար, թե ի՞նչ է կատարվում, հարցրեց. «Լյուբա, դեղահաբերդ ընդունե՞լ ես»։ Տիկին Վարդուհին չհասցրեց պատասխանել որովհետև Լորենց Առուշանյանն անմիջապես տվեց ճիշտ ռեպլիկը, և ամեն բան ընկավ իր ճիշտ հունի մեջ։ Եվ այս ամենը տևեց մեկից-երկու րոպե, ինչը բեմում թվում էր մի ամբողջ հավերժություն»։
Տիգրան Ներսիսյանը պատմում է. «Տարիներ առաջ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց Ալբեր Քամյուի «Կալիգուլա» ներկայացումը, որտեղ ես պետք է մարմնավորեի Կալիգուլայի դերը: Աշխատանքները շատ հետաքրքիր էին անցնում, և կարծում եմ, ներկայացումն էլ հաջողություն ունեցավ՝ դատելով հանդիսատեսի ընդունելությունից: Ինչպես հայտնի է, Կալիգուլան՝ 12 կեսարներից մեկը, շատ դաժան ավարտ է ունենում, բոլոր պատրիկները նրան դաժանորեն սպանում են: Եվ ներկայացումն էլ այդպես էր ավարտվում, ինձ պետք է սպանեին բեմի վրա: Ֆինալում բեմում հայտնվում էր մի մեծ խեցի և երբ պատրիկները մի քանի տասնյակ դաշույններով սպանում էին ինձ, ես սողոսկելով մտնում էի այդ խեցու մեջ, այն փակվում էր, ներկայացումը՝ ավարտվում: Հերթական ներկայացումներից մեկի ժամանակ` ֆինալում, երբ դաշույններով հարվածեցին, ես սողալով մտա խեցու մեջ, այն փակվեց և մթության մեջ զգացի, որ գլուխս խփեցի փայտին և վնասեցի: Մի մեխ ծակել էր գլուխս, զգացի, որ ձեռքս թրջվեց, այսինքն՝ արյուն էր գալիս: Իսկ կուլիսներում, ինչպես միշտ, այդ տեսարանը նայում էր մեր բանվորներից մեկը` Ռուբենը, շատ բարի և թատրոն սիրող տղա էր, մենք էլ նրան էինք շատ սիրում և հարգում: Երբ խեցին բացվեց, դուրս եկա… գլուխս և ձեռքերս արնաթաթախ: Ռուբենը կուլիսներից ապշած նայում էր ինձ, հանկարծ շուռ եկավ և վազելով սկսեց բարձր գոռալ. «Ժողովո՜ւրդ, Ներսիսյանին դերասանները սպանեցին․․․ սպանեցին, ժողովո՛ւրդ, իսկականից սպանեցին»: Բոլորին ոտքի էր հանել, նույնիսկ մարդիկ կային, որ հավատացել էին: Ես մոտեցա նրան և ասացի. «Հանգստացիր, Ռուբե՛ն ջան, սա իմ արյունն է, մի փոքր գլուխս վնասել եմ, մի անհանգստացիր»: Նա փայլփլող աչքերով նայեց իմ երեսին ու փաթաթվեց ինձ: Երանի այսպիսի մարդիկ շատ լինեն թատրոնում և միշտ»:
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը զավեշտալի մի դեպք հիշեց, որը տեղի է ունեցել հենց ներկայացման ժամանակ. «Խաղում էինք «Ռուզան»-ը: Ներկայացման ամենադրամատիկ տեսարանի ժամանակ կատու ներս մտավ ու իր համար ճեմելով քայլում էր ավանսցենայով: Ամբո՛ղջ այդ տեսարանը փչացրեց փիսոն: Բայց դա բավական չէր` կատուն իջավ դահլիճ, շատ սլացիկ քայլվածքով, պոչը շարժելով, հանդիսատեսի ոտքերին քսվելով ճեմում էր, մարդիկ էլ ոտքերը վեր էին բարձրացնում, որ անցներ, գնար: Մենք սպասեցինք, մինչև նա դուրս եկավ դահլիճից, ու նոր միայն շարունակեցինք ներկայացումը»: