ՋԵՅՄՍ ՋՈՅՍ / «ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐ»
ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում
ՋԵՅՄՍ ՋՈՅՍ
ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐ
Գործող անձինք
ՌԻՉԱՐԴ ՐՈՈԻԵՆ — գրող
ԲԵՐԹԱ — նրա կինը
ԱՐՉԻ — նրանց որդին՝ 8 տարեկան
ՌՈԲԵՐՏ ՀԱՆԴ — լրագրող
ԲԵԱՏՐԻՍ ՋԸՍԹԱՅՍ — նրա ազգականուհին, երաժշտության ուսուցչուհի
ԲՐԻՋԻԴ — Րոուեն ընտանիքի տարեց սպասուհի
Բրիջիդն ու Բեատրիս Ջըսթայսը ներս են մտնում ձախակողմյան դռնից: Բրիջիդը տարեց կին է՝ ցածրահասակ, ճերմակահեր: Բեատրիս Ջըսթայսը նիհար, թխահեր, մանկամարդ կին է, 27 տարեկան: Հագել է ճաշակով կարված ծովակապույտ կոստյում, գլխին՝ սև, դրվազարդված ծղոտե գլխարկ, ձեռքին՝ փոքրիկ պայուսակ:
ԲՐԻՋԻԴ — Տիրուհին և միստր Արչին լողալու են գնացել: Նրանք չէին սպասում, որ կգայիք: Դուք նրանց լուր ուղարկե՞լ էիք, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ – Ո՛չ, ես հենց նոր տեղ հասա:
ԲՐԻՋԻԴ — (ցույց տալով բազկաթոռը): Նստեք, իսկ ես կհայտնեմ միստր Րոուենին, որ դուք այստեղ եք: Վաղո՞ւց եք գնացք նստել:
ԲԵԱՏՐԻՍ — Առավոտյան:
ԲՐԻՋԻԴ — Միստր Արչին ձեր բացիկն ստացել է՝ Յոուհելի տեսարաններով… Երևի լավ հոգնել եք, չէ՞:
ԲԵԱՏՐԻՍ — Օ՜, ոչ, ոչ: (Չափազանց նյարդայնացած է հազում:) Իսկ Արչին դաշնամուր պարապո՞ւմ էր, երբ այստեղ չէի:
ԲՐԻՋԻԴ — (ծիծաղում է սրտանց): Պարապե՞լ… Չէ մի՝ չէ… Միստր Արչի՞ն պարապի… Հիմա նրա խելքը գնում է կաթնավաճառի ձիու համար: Այնտեղ, ձեզ մոտ լա՞վ եղանակ էր, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ — Շատ էր ամպամած:
ԲՐԻՋԻԴ — (կարեկցանքով): Այ քեզ բան… Մի գլուխ անձրև է գալիս: (Մոտենալով աշխատասենյակի դռանը:) Հիմա նրան կասեմ, որ դուք այստեղ եք:
ԲԵԱՏՐԻՍ — Միստր Րոուենը ներսո՞ւմ է:
ԲՐԻՋԻԴ — Այո, այնտեղ է: Նա շատ է չարչարվում… ինչ-որ բան է գրում, մարդ չի հասկանում: Մինչև կեսգիշեր գրում էր: Հիմա նրան կկանչեմ:
ԲԵԱՏՐԻՍ — Մի անհանգստացրեք նրան: Ես կսպասեմ՝ մինչև նրանք վերադառնան:
ԲՐԻՋԻԴ — Երբ ձեզ ներս էի հրավիրում, փոստարկղում ինչ-որ բան տեսա: (Մոտենում է դռանը, կամացուկ բացում է և ձայն տալիս:) Միստր Ռիչարդ: Միսս Ջըսթայսը եկել է, որ միստր Արչիի հետ դաշնամուր պարապի:
Ներս է մտնում Ռիչարդ Րոուենը, ձեռքը մեկնած առաջանում է դեպի Բեատրիսը: Նա բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով տղամարդ է, չափազանց դանդաղաշարժ, ակնոց է կրում:
ՌԻՉԱՐԴ – Ողջո՛ւյն:
ԲԵԱՏՐԻՍ — (տեղից ելնում, ձեռքով բարևում է նրան: Թեթևակի շառագունած): Բարի երեկո, միստր Րոուեն: Ես չէի ուզում, որ Բրիջիդը ձեզ անհանգստացներ:
ՌԻՉԱՐԴ — Անհանգստացներ ի՞նձ: Աստծո սիրույն…
ԲՐԻՋԻԴ — Սըր, փոստարկղի մեջ ինչ-որ բան կա:
ՌԻՉԱՐԴ — (գրպանից հանում է բանալիների փոքրիկ տրցակն ու տալիս նրան): Ահա…
Բրիջիդը դուրս է գնում ձախ դռնով, լսվում է փոստարկղի բացվելու և փակվելու ձայնը: Ներս է մտնում՝ երկու լրագիր ձեռքին:
ՌԻՉԱՐԴ – Նամակնե՞ր են:
ԲՐԻՋԻԴ — Ոչ, սըր, միայն իտալական լրագրեր:
ՌԻՉԱՐԴ — Դրեք իմ գրասեղանին, խնդրում եմ:
Բրիջիդը վերադարձնում է բանալիները, լրագրերը դնում գրասեղանին, դուրս է գնում:
ՌԻՉԱՐԴ — Նստեք, խնդրում եմ: Բերթան ուր որ է՝ կգա: (Բեատրիսը նորից նստում է բազմոցին: Ռիչարդը՝ սեղանի մոտ:) Ես սկսել էի մտահոգվել, որ այլևս չեք վերադառնա:
ԲԵԱՏՐԻՍ — Ես էլ էի այդպես կարծում: Բայց եկա:
ՌԻՉԱՐԴ — Դուք մտածե՞լ եք իմ ասածների մասին, երբ վերջին անգամ այստեղ էիք:
ԲԵԱՏՐԻՍ — Բավականին շատ:
ՌԻՉԱՐԴ — Երևի նախքան այդ էլ իմացել էիք, այնպես չէ՞: (Բեատրիսը լռում է:) Դուք մեղադրո՞ւմ եք ինձ:
ԲԵԱՏՐԻՍ — Ոչ:
ՌԻՉԱՐԴ — Դուք կարծում եք, ես ձեր հանդեպ… տմարդի՞ եմ վարվել… Ո՞չ… Կամ մեկ ուրիշի հանդեպ:
ԲԵԱՏՐԻՍ — (նայում է տխուր, շփոթված): Ես այդ հարցն ինձ եմ տվել:
ՌԻՉԱՐԴ — Իսկ ի պատասխա՞ն…
ԲԵԱՏՐԻՍ — Չկարողացա պատասխանել:
ՌԻՉԱՐԴ — Եթե նկարիչ լինեի և ասեի, որ ձեր ուրվանկարների ալբոմ եմ արել, դուք այնքան էլ տարօրինակ չէիք համարի, այնպես չէ՞:
ԲԵԱՏՐԻՍ — Դա նույն բանը չէ, ճի՞շտ է:
ՌԻՉԱՐԴ — (թեթևակի ժպտալով): Ես ձեզ նաև ասացի, որ ցույց չեմ տա իմ գրածը, մինչև չխնդրեք: Ճի՞շտ է:
ԲԵԱՏՐԻՍ — Իսկ ես ձեզ չեմ խնդրի:
ՌԻՉԱՐԴ — Իսկ կուզեի՞ք այն տեսնել:
ԲԵԱՏՐԻՍ – Շա՜տ:
ՌԻՉԱՐԴ — Որովհետև ձեր մասի՞ն է:
ԲԵԱՏՐԻՍ — Այո: Բայց ոչ միայն…
ՌԻՉԱՐԴ — Որովհետև ե՞ս եմ գրել: Այո՞… նույնիսկ եթե դաժա՞ն բաներ գտնեք այնտեղ:
ԲԵԱՏՐԻՍ — (ամաչկոտ): Դա նաև ձեր մտքի մի մասն է:
ՌԻՉԱՐԴ – Ուրեմն՝ իմ մի՞տքն է ձեզ հրապուրում: Այո՞, այդպե՞ս է:
ԲԵԱՏՐԻՍ — (տարակուսանքով նայում է նրան): Ձեր կարծիքով, ինչո՞ւ եմ եկել:
ՌԻՉԱՐԴ — Բազմաթիվ պատճառներով: Ասենք՝ Արչիի հետ պարապելու: Նաև՝ մենք միմյանց ճանաչում ենք երկար տարիներ՝ մանկությունից ի վեր. Ռոբերտը, դուք և ես: Ճիշտ չէ՞… Դուք միշտ հետաքրքրվում էիք ինձանով, նախքան այստեղից հեռանալս: Հետո մեր միմյանց գրած նամակները՝ իմ գրքի մասին: Հիմա այն հրատարակվել է: Ես նորից այստեղ եմ: Գուցե դուք զգում եք, թե մի նոր բան է կուտակվում իմ ուղեղում, գուցե զգում եք, որ պետք է իմանաք: Դա՞ է արդյոք պատճառը:
ԲԵԱՏՐԻՍ — Ոչ:
ՌԻՉԱՐԴ — Էլ ի՞նչ…
ԲԵԱՏՐԻՍ — Այլ կերպ չէի կարող հանդիպել ձեզ:
ՌԻՉԱՐԴ — (դադարից հետո կրկնում է անվստահ): Այլ կերպ չէի՞ք կարող ինձ հանդիպել:
ԲԵԱՏՐԻՍ — (շփոթված): Լավ կլինի՝ գնամ: Բերթան ու Արչին ուշանում են: (Տեղից ելնելով:) Միստր Րոուեն, ես պետք է գնամ:
ՌԻՉԱՐԴ — (ձեռքը մեկնելով): Բայց դուք փախչում եք: Մնացեք: Ինձ բացատրեք, թե ինչ են նշանակում ձեր բառերը: Դուք վախենո՞ւմ եք ինձնից:
ԲԵԱՏՐԻՍ – Վախենո՞ւմ… Ո՛չ:
ՌԻՉԱՐԴ — Դուք վստահո՞ւմ եք ինձ: Դուք զգո՞ւմ եք, որ ճանաչում եք ինձ:
ԲԵԱՏՐԻՍ — Դժվար է ճանաչել մեկին՝ քեզնից բացի:
ՌԻՉԱՐԴ — Ինձ դժվա՞ր է հասկանալ: Չէ՞ որ Հռոմից իմ գրքի գլուխներն էի ուղարկում: Նաև նամակներ, ինը երկար ու ձիգ տարիներ… Լավ, ութ տարիներ: Եվ դուք իսկույն պատասխանեցիք: Դրանից հետո հետևում էիք իմ տառապանքներին: (Միակցելով ձեռքերը, բավական լրջորեն:) Ասեք ինձ, միսս Ջըսթայս, դուք զգացե՞լ եք, որ այն, ինչ կարդացել եք, նվիրված է ձեր աչքերին: Կամ որ դուք եք ինձ ներշնչել:
ԲԵԱՏՐԻՍ — Այդ հարցին չեմ ուզում պատասխանել:
ՌԻՉԱՐԴ – Ինչո՞ւ:
ԲԵԱՏՐԻՍ — (մի պահ լուռ է): Չեմ կարող ասել:
ՌԻՉԱՐԴ — (որոշակի կրքոտությամբ): Ուրեմն ինչ ես արտահայտել եմ ձեզ ուղարկած իմ նամակներում և գրքի գլուխներում, որտեղ իմ կյանքն է, իմ բնավորության շատ գծեր, բոլորովի՞ն չեն թափանցել ձեր հոգին, և չե՞ք կարող հպարտանալ կամ արհամարհել:
ԲԵԱՏՐԻՍ — Չկարողացա:
ՌԻՉԱՐԴ — (հակվելով նրա կողմը): Չկարողացաք, որովհետև չհամարձակվեցիք: Ճի՞շտ է:
ԲԵԱՏՐԻՍ — (գլուխը կախելով): Այո:
ՌԻՉԱՐԴ – Այլո՞ց պատճառով, թե՞… ինչո՞ւ…
ԲԵԱՏՐԻՍ — (կամաց): Համարձակության:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն դուք ինձ հետևում էիք՝ ձեր սրտում ունենալով հպարտություն, նաև՝ արհամարհա՞նք…
ԲԵԱՏՐԻՍ — Նաև՝ միայնություն:
ՌԻՉԱՐԴ — Դուք դեռ սիրո՞ւմ եք նրան:
ԲԵԱՏՐԻՍ — Նույնիսկ չգիտեմ:
ՌԻՉԱՐԴ — Ահա թե ի՛նչն էր ինձ ետ պահում, թեև զգում էի ձեր հետաքրքրությունն իմ հանդեպ, թեև զգում էի, որ ինչ-որ բան նշանակում էի ձեր կյանքում:
ԲԵԱՏՐԻՍ — Այո…
ՌԻՉԱՐԴ — Դա ինձ հեռացնում էր ձեզնից: Ես զգում էի, որ երրորդն էի: Ձեր անունները միշտ միասին էին հնչում՝ Ռոբերտ և Բեատրիս:
ԲԵԱՏՐԻՍ — Նախ, մենք զարմիկներ ենք: Եվ տարօրինակ բան չկա, որ հաճախ միասին էինք:
ՌԻՉԱՐԴ — Նա ինձ պատմել է ձեր գաղտնի հանդիպումների մասին: Նա ինձնից ոչ մի գաղտնիք չի պահում, իմ կարծիքով, դուք էլ գիտեք:
ԲԵԱՏՐԻՍ — (կաշկանդված): Ինչ կատարվել է… մեր միջև… այնքան վաղուց է եղել… Այն ժամանակ ես երեխա էի:
ՌԻՉԱՐԴ — (ժպտում է չարախինդ): Երեխա՞… Դուք վստա՞հ եք: Դա պատահել է նրա մոր տան այգո՞ւմ: Այո՞… (Մատնացույց է անում այգին:) Ահա՝ այնտեղ: Ասում են՝ դուք խոսք եք տվել նրան համբույրով: Հետո նրան եք նվիրել ձեր ծնկակապը: Կարելի՞ է դա հիշեցնել ձեզ:
ԲԵԱՏՐԻՍ — Եթե կարծում եք՝ դա արժանի է հիշեցնելու…
ՌԻՉԱՐԴ — Կարծում եմ՝ դուք չեք մոռացել: (Հանդարտ խաչաձևում է ձեռքերը:) Դա չեմ կարող հասկանալ: Կարծում էի՝ իմ հեռանալուց հետո… շատ էիք վշտացել:
ԲԵԱՏՐԻՍ — Ես էլ համոզված էի, որ մի օր վերադառնալու եք: Ես չէի տառապում, ուղղակի իմ մեջ փոփոխություն եղավ:
ՌԻՉԱՐԴ – Նրա՞ հանդեպ:
ԲԵԱՏՐԻՍ — Ամեն ինչ էր փոխվել: Նրա կյանքը, նույնիսկ միտքը կարծես փոխվել էր այդ բանից հետո:
ՌԻՉԱՐԴ — Այո… Ես հասկացա, որ դուք փոխվել եք, երբ մեկ տարի անց ստացա ձեր նամակը: Նաև հիվանդությունից հետո էիք փոխվել: Այդ մասին նույնիսկ նամակում էիք գրել:
ԲԵԱՏՐԻՍ — Այդ հիվանդությունից հետո քիչ մնաց՝ մահանայի: Դա ինձ ստիպեց այլ կերպ նայել կյանքին:
ՌԻՉԱՐԴ — Եվ այդպես, ձեր մեջ աստիճանաբար սառնություն սկսվեց, այո՞:
ԲԵԱՏՐԻՍ — (կիսախուփ աչքերով): Ոչ իսկույն: Ես նրա մեջ տեսնում էի ձեր աղոտ արտացոլանքը: Հետո դա էլ խամրեց: Հիմա այդ մասին խոսելն այլևս անօգուտ է:
ՌԻՉԱՐԴ – Ինչպե՞ս կարող է դա այդքան ողբերգական լինել:
ԲԵԱՏՐԻՍ — Ոչ այնքան ողբերգական: Ես կամաց-կամաց կապաքինվեմ: Ասում են՝ քանի որ այն ժամանակ չեմ մահացել, հավանաբար կապրեմ: Ինձ կյանք ու առողջություն է տրված, իսկ ես չեմ կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Ես ապաքինված եմ:
ՌԻՉԱՐԴ — (քնքշորեն): Ուրեմն ոչ մի բան կյանքում ձեզ հանգստություն չի՞ բերել: Իհարկե, այն կա՛ ձեզ համար, ինչ-որ տեղ:
ԲԵԱՏՐԻՍ — Եթե կուսանոցներ լինեին մեզանում, գուցե այնտեղ խաղաղություն գտնեի: Համենայնդեպս, երբեմն այդպես եմ կարծում:
ՌԻՉԱՐԴ — Ոչ, միսս Ջըսթայս, նույնիսկ այնտեղ հնարավոր չէր լինի: Դուք այնտեղ էլ չեք կարող լիովին նվիրվել:
ԲԵԱՏՐԻՍ — Ես փորձում էի:
ՌԻՉԱՐԴ – Այո՛, դուք փորձում էիք: Դուք հրապուրվել էիք նրանով, իսկ ձեր միտքը՝ ինձնով: Դուք հեռացաք նրանից: Ինձնից՝ նույնպես, բայց տարբեր կերպ: Դուք չեք կարող նվիրվել ազատ և լիովին:
ԲԵԱՏՐԻՍ — Միստր Րոուեն, ահավոր դժվար է նվիրվել ազատ ու լիովին և լինել երջանիկ:
ՌԻՉԱՐԴ – Հասկացե՛ք, երջանկությունը այն լավագույնն ու բարձրագույնն է, որը մենք կարող ենք ըմբռնել:
ԲԵԱՏՐԻՍ — Երանի կարողանայի հասկանալ:
ՌԻՉԱՐԴ — Եթե իմանայիք, թե ինչպես եմ տառապում այս րոպեին… նաև ձեր պատճառով… Եվ այդ տառապանքի ամենամեծ բաժինն իմն է: Ինչքան եմ աղոթում, որ գուցե նորից արժանանամ հանգուցյալ մորս կարծր սրտի հաճությանը: Ես պետք է գտնեմ որոշակի աջակցություն իմ կամ այլոց շնորհիվ: Ու ես դա կգտնեմ:
ԲԵԱՏՐԻՍ — Մահվանից առաջ նա լուր ուղարկե՞լ էր ձեզ, միստր Րոուեն:
ՌԻՉԱՐԴ — (մտացրիվ): Ո՞վ:
ԲԵԱՏՐԻՍ — Ձեր մայրը:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն նաև… իմ ընկերնե՞րն են ինձ բամբասում, որ… մահվանից առաջ մայրս լուր է ուղարկել ու ես չե՞մ գնացել:
ԲԵԱՏՐԻՍ — Այո:
ՌԻՉԱՐԴ – Ո՛չ, նա լուր չէր ուղարկել: Նա մահացել էր միայնակ, ինձ չներելով, մխիթարվելով միայն սուրբ եկեղեցու ծեսերով:
ԲԵԱՏՐԻՍ — Միստր Րոուեն, ինչո՞ւ էիք ինձ հետ այդպես խոսում…
ՌԻՉԱՐԴ — Ինչի համար այս պահին տառապում եմ, կասեք՝ ձեր պատիժն է:
ԲԵԱՏՐԻՍ — Իսկ նա գրե՞լ էր ձեզ: Նկատի ունեմ՝ նախքան…
ՌԻՉԱՐԴ — Այո: Զգուշացնող նամակ, հորդորելով ինձ մոռանալ անցյալն ու հիշել իր վերջին խոսքերը:
ԲԵԱՏՐԻՍ — Նույնիսկ մա՞հը ձեզ չհուզեց, միստր Րոուեն: Ուրեմն՝ վերջ: Մնացյալ ամեն բան այնքան անորոշ է:
ՌԻՉԱՐԴ — Երբ նա ողջ էր, երես թեքեց ինձնից, իմ ընտանիքից, այն ամենից, ինչը որոշակիորեն ինձ է պատկանում:
ԲԵԱՏՐԻՍ — Ձեզնից և՞…
ՌԻՉԱՐԴ — Բերթայից, ինձնից և մեր երեխայից: Եվ դրա համար ես սպասում էի ավարտին, ինչպես դուք եք ասում, և այն վրա հասավ:
ԲԵԱՏՐԻՍ — Օ՜, ոչ… Անշուշտ՝ ոչ…
ՌԻՉԱՐԴ – Ինչպե՞ս կարող են իմ խոսքերը վիրավորել նրա խեղճ մարմինը, որ փտում է գերեզմանում: Ի՛նչ է, կարծում եք, չե՞մ խղճում նրան իմ նկատմամբ ցուցաբերած սառը սիրո համար: Ես կռվում էի նրա ոգու դեմ՝ մինչև նրա դառը վախճանը: Նա դեռ կռվում է իմ դեմ… այստեղ:
ԲԵԱՏՐԻՍ — Այդպես մի խոսեք, միստր Րոուեն:
ՌԻՉԱՐԴ — Նրա պատճառով ես հեռացա: Նրա պատճառով տարիներ շարունակ ապրեցի աքսորված, համարյա ծայր աղքատության մեջ: Ես երբեք չէի ստանում նրա չնչին նպաստները, որոնք ինձ էր ուղարկում բանկի միջոցով: Ես չէի սպասում նրա մահվանը, ես սպասում էի, որ նա մի քիչ հասկանար ինձ, իր հարազատ որդուն, իր մարմնի ու արյան պտղին, ինչը երբեք չեղավ:
ԲԵԱՏՐԻՍ — Նույնիսկ Արչիի ծնվելուց հետո՞:
ՌԻՉԱՐԴ — Դուք նկատի ունեք իմ որդո՞ւն: Մեղքի և ամոթի զավակի՞ն… Դուք լո՞ւրջ եք խոսում, միսս Ջըսթայս: Այստեղ բազմաթիվ լեզուներ կային, որոնք պատրաստ էին նրան ասելու ամեն բան, թունավորելու նրա տկար միտքը, մեկ անգամ էլ թունավորելով՝ ուղղեցին մեր անաստված, անանուն երեխա Բերթայի դեմ: Դուք չե՞ք կարողանում լսել նրա ծաղրանքը՝ իմ խոսելու պահին: Անշուշտ, դուք ճանաչում եք ձեզ «սև բողոքական», «ուխտադրուժի աղջիկ» կոչող ձայնը: Ինչ որ է՝ նա յուրահատուկ կին էր:
ԲԵԱՏՐԻՍ — Համենայնդեպս, դուք հիմա ազատ եք:
ՌԻՉԱՐԴ — Նա չկարողացավ վերափոխել հորս, ոչ էլ՝ ապրել հավիտյանս:
ԲԵԱՏՐԻՍ — Հիմա երկուսն էլ չկան, միստր Րոուեն: Երկուսն էլ սիրում էին ձեզ, հավատացեք ինձ: Իրենց կյանքի վերջում նրանք միայն ձեր մասին էին մտածում:
ՌԻՉԱՐԴ — (մոտենալով, թեթևակի շոշափում է նրա ուսը, մատնացույց անում գունավոր մատիտանկարը): Տեսնո՞ւմ եք նրան… ինչպես է ժպտում և ինչքան է հրապուրիչ: Նրա վերջին մտածումները… Ես հիշում եմ նրա մահվան գիշերը: Տասնչորս տարեկան տղա էի: Նա կանչեց իր մահճի մոտ: Գիտեր՝ ուզում էի թատրոն գնալ՝ «Կարմեն» լսելու: Նա մորս պատվիրեց մեկ շիլլինգ տալ ինձ: Ես համբուրեցի հայրիկին ու գնացի: Երբ տուն վերադարձա, արդեն մահացել էր: Դա է իմ վերջին հիշողությունը նրա մասին: Արդյո՞ք դրա մեջ գեղեցիկ ու ազնիվ բան չկա:
ԲԵԱՏՐԻՍ — Միստր Րոուեն, ձեր մտքում մի բան կա, որն ստիպում է ձեզ այսպես խոսել: Ինչ-որ բան փոխել է ձեզ, երբ երեք ամիս առաջ վերադարձաք այստեղ:
ՌԻՉԱՐԴ — (աչքերը դարձյալ հառելով պատի նկարին): Հավանաբար նա ինձ կօգնի՝ իմ ժպտացող, հրապուրիչ հայրը: (Դռան թակոց:) Ոչ, ոչ: Ո՛չ ժպտացող հայրս, միսս Ջըսթայս: Պառաված մայրս… Ինձ նրա ոգին է պետք: Ես գնում եմ:
ԲԵԱՏՐԻՍ — Դուռը բախում են: Նրանք վերադարձան:
ՌԻՉԱՐԴ — Ոչ: Բերթան բանալի ունի: Այդ նա է: Համենայնդեպս, ես գնում եմ՝ ով էլ նա լինի:
ԲԵԱՏՐԻՍ – Նա՞: Ո՞վ:
ՌԻՉԱՐԴ — Հավանաբար Ռոբերտն է: Ես դուրս եմ գնում այգու միջով: Հիմա չեմ կարող նրան տեսնել: Ասեք, որ գնացել եմ փոստ: Ցտեսություն:
ԲԵԱՏՐԻՍ — Դուք… Ռոբերտին չե՞ք ուզում տեսնել:
ՌԻՉԱՐԴ — Մի պահ… գուցե: Այս խոսակցությունն ինձ հունից հանեց: Նրան խնդրեք՝ թող սպասի:
ԲԵԱՏՐԻՍ — Դուք կվերադառնա՞ք:
ՌԻՉԱՐԴ — Եթե Աստված կամենա: (Արագ գնում է այգու միջով:)
Մի քանի վայրկյան անց Բրիջիդի հետ ներս է մտնում Ռոբերտ Հանդը: Նա 30-40 տարեկան է:
ՌՈԲԵՐՏ — Իմ թանկագին զարմուհի… Բրիջիդն ասաց, որ այստեղ եք: Ես ոչ մի լուր չունեի: Դուք հեռագիր ուղարկե՞լ էիք մայրիկին:
ԲԵԱՏՐԻՍ — (աչքերը հառելով վարդերին): Ոչ:
ՌՈԲԵՐՏ — Ձեզ դո՞ւր են գալիս իմ վարդերը: Գնել եմ տանտիրուհու համար: Վախենամ՝ գեղեցիկ չեն:
ԲՐԻՋԻԴ — Օ՜, շատ հաճելի են, սըր: Տանտիրուհուն շատ դուր կգան:
ՌՈԲԵՐՏ — Տանը ոչ ոք չկա՞:
ԲՐԻՋԻԴ – Կա՛, սըր: Նստե՛ք, սըր: Ձերո՞նք ինչպես են Յոուհելում: Սովորականի պես ձանձրանո՞ւմ են:
ԲԵԱՏՐԻՍ — Նրանք լավ էին, երբ մեկնում էի:
ՌՈԲԵՐՏ — Օ՜, կներեք, չգիտեի, որ գալու էիք, թե չէ ձեզ կդիմավորեի կայարանում: Ինչո՞ւ այդպես արեցիք: Դուք տարօրինակ բաներ եք անում, ճիշտ չե՞մ ասում, Բեթթի…
ԲԵԱՏՐԻՍ – Շնորհակալությո՛ւն, Ռոբերտ: Ես սովորել եմ միայնակ յոլա գնալ:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, բայց ես նկատի ունեի… Այո՛, դուք տեղ եք հասել ձեր յուրահատուկ ձևով…
Այստեղ տարածք է մնում
Արչին սենյակ է ցատկում բաց պատուհանից:
ԲԵԱՏՐԻՍ — Արչի… Աստծո սիրույն… Ի՞նչ է պատահել…
ԱՐՉԻ — Ամբողջ ճանապարհը վազելով եկա:
ՌՈԲԵՐՏ — Բարև, Արչի: Ինչո՞ւ էիր վազում:
ԱՐՉԻ — Բարի երեկո: Մենք ձեզ տեսանք տրամվայում: Ես բղավեցի՝ միստր Հա՛նդ: Բայց դուք չնկատեցիք ինձ: Իսկ ես ու մայրիկը տեսանք ձեզ: Նա հիմա կգա: Ես վազելով եկա:
ԲԵԱՏՐԻՍ – Ա՛խ, խեղճ տղա…
ԱՐՉԻ — Բարի երեկո, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ — Դուք շա՞տ տխրեցիք, երբ անցյալ ուրբաթ պարապմունքի չեկա:
ԱՐՉԻ — Ոչ:
ԲԵԱՏՐԻՍ — Իսկ ուրա՞խ էիք:
ԱՐՉԻ — Բայց այսօր արդեն շատ ուշ է:
ԲԵԱՏՐԻՍ — Բայց կարելի է, չէ՞… Մի քիչ չպարապե՞նք…
ԱՐՉԻ — Իհարկե…
ՌՈԲԵՐՏ — Դուք լողավազա՞ն էիք գնացել:
ԱՐՉԻ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Դուք հիմա ավելի լա՞վ եք լողում:
ԱՐՉԻ — Ոչ: Մայրիկն ինձ թույլ չի տալիս խորը տեղեր հասնեմ: Իսկ դուք լա՞վ եք լողում, միստր Հանդ:
ՌՈԲԵՐՏ — Հրաշալի… Ինչպես քարը՝ ջրում:
ԱՐՉԻ — Քարի պես… (Մատով ցույց է տալիս:) Քցվում եք, էսպե՞ս:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, ներքև, ուղիղ ներքև: Իսկ ինչպե՞ս դա կարելի է ասել իտալերեն:
ԱՐՉԻ – Դա՞… Gin. (Վերուվար մատնացույց անելով:) Սա gin է, իսկ սա՝ su—ն: Դուք ուզո՞ւմ եք խոսել հայրիկիս հետ:
ՌՈԲԵՐՏ — Այո: Ես եկել եմ նրան հանդիպելու:
ԱՐՉԻ — Ես նրան կասեմ: Նա այնտեղ է… գրում է:
ԲԵԱՏՐԻՍ – Ո՛չ, ո՛չ, տնից դուրս է եկել: Փոստ պիտի գնար, ինչ-որ նամակներ էր ուղարկելու:
ՌՈԲԵՐՏ — Անհանգստանալու կարիք չկա: Ես նրան կսպասեմ, եթե իրոք փոստ է գնացել:
ԱՐՉԻ — Մայրիկը գալիս է: Ահա՛, մայրիկը գալիս է…
Ներս է մտնում Բերթան: Մանկամարդ կին է՝ բարեկազմ, հրապուրիչ:
ԲԵՐԹԱ — Բարի երեկո, միսս Ջըսթայս: Մենք էլ կարծում էինք, դեռ Յոուհելում եք:
ԲԵԱՏՐԻՍ — Բարի երեկո, միսիս Րոուեն:
ԲԵՐԹԱ — Բարի երեկո, միստր Հանդ:
ՌՈԲԵՐՏ — Բարի երեկո, սինյորա: Պատկերացնո՞ւմ եք, եթե նրան չհանդիպեի, չէի իմանա, որ վերադարձել է:
ԲԵՐԹԱ – Ի՞նչ է, դուք միասին չե՞ք եկել:
ԲԵԱՏՐԻՍ – Ո՛չ, ես առաջինը եկա: Միստր Րոուենը դուրս էր գնում: Ասաց՝ դուք ուր որ է կվերադառնաք:
ԲԵՐԹԱ — Կներեք: Եթե դուք գրեիք կամ երկտող ուղարկեիք այդ աղջկա միջոցով…
ԲԵԱՏՐԻՍ — Ես ուղղակի ժամ ու կես առաջ եմ տեղ հասել: Մտածեցի՝ հեռագիր ուղարկել, բայց դա շատ անհուսալի բան թվաց:
ԲԵՐԹԱ – Այո՞: Դուք հենց նո՞ր եք եկել:
ՌՈԲԵՐՏ — Ես հոգնել եմ հասարակական և անձնական կյանքից: Ես՝ նրա ամենամտերիմ զարմիկն ու ժուռնալիստը, տեղյակ չեմ նրա ճամփորդություններից:
ԲԵԱՏՐԻՍ — Իմ ճամփորդություններն այն
քան էլ հետաքրքիր չեն:
ՌՈԲԵՐՏ — Ամեն աղջկա ճամփորդություն էլ հետաքրքիր է:
ԲԵՐԹԱ — Բայց չե՞ք ուզում նստել: Դուք շա՞տ եք հոգնել, այո՞:
ԲԵԱՏՐԻՍ – Ո՛չ, այնքան էլ հոգնած չեմ: Հենց նոր եկա: Ուզում եմ Արչիի հետ մի քիչ պարապել:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, ո՛չ… Ես չեմ ուզում այդպիսի բան լսել, միսս Ջըսթայս: Այդքան երկար ուղևորությունից հետո…
ԱՐՉԻ — Բացի այդ, նոտաները չեք բերել, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ — Մոռացել եմ: Բայց մենք կարող ենք հին պիեսը կրկնել, այո՞:
ՌՈԲԵՐՏ – Ա՛յ դու փոքրիկ սրիկա… Ուզում ես դասից ծլկել, հա՞..
ԲԵՐԹԱ — Դասի համար մի անհանգստացեք: Դուք հիմա պետք է նստեք և մեկ գավաթ թեյ խմեք: Հիմա Բրիջիդին կասեմ՝ թեյ պատրաստի:
ԱՐՉԻ — Ես կասեմ, մամա:
ԲԵԱՏՐԻՍ – Ո՛չ, խնդրւմ եմ, միսիս Րոուեն: Արչի… Ես իսկապես կնախընտրեի…
ՌՈԲԵՐՏ — Փոխզիջում եմ առաջարկում: Թող այսօրվա դասի կեսը պարապեն:
ԲԵՐԹԱ — Բայց նա իրո՛ք հոգնած է:
ԲԵԱՏՐԻՍ — Բոլորովին: Գնացքում միայն դասի մասին էի մտածում:
ՌՈԲԵՐՏ – Տեսնո՞ւմ եք, ինչ է նշանակում խղճմտանք ունենալը, միսիս Րոուեն:
ԱՐՉԻ — Դուք իմ դասի մասի՞ն էիք մտածում, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ — Տասն օր է, ինչ դաշնամուրի ձայն չեմ լսել:
ԲԵՐԹԱ — Շատ լավ: Եթե այդպես է…
ՌՈԲԵՐՏ — Բոլոր դեպքերում՝ եկեք դաշնամուր լսենք: Ես գիտեմ, թե այս պահին ինչ է լսվում Բեթթիի ականջում: Ասե՞մ…
ԲԵԱՏՐԻՍ — Եթե գիտեք…
ՌՈԲԵՐՏ — Իր հոր հյուրասենյակի ներդաշնակ քրքջոցը: Խոստովանիր:
ԲԵԱՏՐԻՍ — Ես կարողանում եմ դա լսել:
ՌՈԲԵՐՏ — Ես նույնպես լսում եմ բողոքականության շնչահեղձ ձայնը:
ԲԵՐԹԱ — Դուք այնտեղ չէի՞ք զվարճանում, միսս Ջըսթայս:
ՌՈԲԵՐՏ – Ո՛չ, նա չի զվարճացել, միսիս Րոուեն: Նա այնտեղ է գնում մեկուսանալու համար, երբ բողոքականությունը հաղթում է՝ տեղի տալով մելամաղձոտությանը, լրջախոհությանը, ճշմարտացիությանը:
ԲԵԱՏՐԻՍ — Ես այնտեղ գնում եմ հորս տեսնելու:
ՌՈԲԵՐՏ — Իսկ այստեղ վերադառնում եմ՝ մորս հանդիպելու: Դաշնամուրի ձայնը մեզ է հասնում կողքի սենյակից: Լա՛վ, միսս Ջըսթայս, եթե կկամենայիք որևէ բան նվազել… Բայց, խնդրում եմ, չհոգնեք Արչիի հետ:
ԲԵՐԹԱ – Նվազե՛ք, Բեթթի: Դուք էլ հենց դա եք ուզում:
ԲԵԱՏՐԻՍ — Արչին ուզո՞ւմ է գալ, թե՞ ոչ:
ԱՐՉԻ — Միայն լսելու համար:
ԲԵԱՏՐԻՍ — Մի քիչ էլ՝ պարապելու… Շատ կարճ:
ԲԵՐԹԱ – Լա՛վ, պարապմունքից հետո կմնաք թեյի:
ԲԵԱՏՐԻՍ — Արչի, գնացինք:
Բեատրիսն ու Արչին գնում են:
ԲԵՐԹԱ — Դուք այս երկտողը երեկ երեկոյան ինձ տվեցիք: Սա ի՞նչ է նշանակում:
ՌՈԲԵՐՏ — Դուք չգիտե՞ք:
ԲԵՐԹԱ — (կարդում է): «Կա մեկ բառ, որը ես երբեք չեմ համարձակվել ձեզ ասել…»: Դա ի՞նչ բառ է:
ՌՈԲԵՐՏ — Որ ես շատ խորն եմ սիրում ձեզ: Այս վարդերը ձեզ համար եմ բերել: Խնդրում եմ, վերցրեք:
ԲԵՐԹԱ — (վարդերը վերցնում, դնում է գրասեղանին): Իսկ ինչո՞ւ չհամարձակվեցիք այդ բանն ասել անցյալ գիշեր:
ՌՈԲԵՐՏ — Չէի կարող ձեզ հետ խոսել կամ ձեզ հետևել: Այդ փոքրիկ մարգագետնի վրա չափից ավելի շատ մարդ կար: Իսկ ես ուզում էի, որ մտածեիք այդ մասին, դրա համար երկտողը ձեզ տվեցի, երբ հեռանում էիք:
ԲԵՐԹԱ — Իսկ հիմա համարձակվեցիք ասել:
ՌՈԲԵՐՏ — (ձեռքերը սահեցնելով աչքերի վրայով): Դուք անցաք: Փողոցը խավարել էր աղոտ լույսից: Ես միայն տեսնում էի մուգ կանաչավուն ծառերի զանգվածներ: Դուք սահեցիք դրանց ետև: Դուք լուսնի էիք նման:
ԲԵՐԹԱ – Ինչո՞ւ հենց լուսնի:
ՌՈԲԵՐՏ — Ձեր այդ զգեստով, նուրբ մատներով, մանրիկ, համաչափ քայլերով: Ես տեսա լուսինը, որը սահում էր խավարի մեջ… Մինչև անհետացաք իմ տեսադաշտից:
ԲԵՐԹԱ — Դուք մտածո՞ւմ էիք իմ մասին անցյալ գիշեր:
ՌՈԲԵՐՏ — Ես միշտ եմ մտածում ձեր մասին… որպես հեռավոր, գեղեցիկ… լուսին, կամ հոգեթով մի երաժշտություն…
ԲԵՐԹԱ — Իսկ անցյալ գիշեր ես ո՞ր մեկն էի:
ՌՈԲԵՐՏ — Ես արթուն էի կեսգիշերին: Լսում էի ձեր ձայնը: Խավարի մեջ տեսնում էի ձեր դեմքը, աչքերը… Ես ուզում էի խոսել ձեզ հետ: Դուք ինձ կլսե՞ք: Կարո՞ղ եմ խոսել:
ԲԵՐԹԱ — Կարող եք:
ՌՈԲԵՐՏ — Դուք ձանձրանո՞ւմ եք ինձ հետ:
ԲԵՐԹԱ — Ոչ:
ՌՈԲԵՐՏ — Կարծում էի՝ կձանձրանաք: Որովհետև իմ խղճուկ ծաղիկներն այնպես անտարբեր մի կողմ դրեցիք:
ԲԵՐԹԱ — (վերցնելով ծաղիկներն ու դրանցով շոյելով դեմքը): Ուզում եք, որ այսպե՞ս վարվեմ վարդերի հետ:
ՌՈԲԵՐՏ — Ձեր դեմքը նույնպես վարդ է, բայց ավելի գեղեցիկ: Մի վայրի վարդ, որ ծաղկում է կանաչ պարտեզում: (Աթոռն ավելի է մոտեցնում:) Ինչո՞ւ եք ժպտում: Իմ ասածների վրա՞…
ԲԵՐԹԱ — Կարծում եմ, այդ բառերը նաև ուրիշ կանանց էլ եք ասել, այո՞:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ կանանց:
ԲԵՐԹԱ — Ուրիշ կանանց: Ասում են՝ դուք այնքան շատ երկրպագուհիներ եք ունեցել:
ՌՈԲԵՐՏ — Ահա թե ինչու դուք նույնպես…
ԲԵՐԹԱ — Բայց ունեք, ճի՞շտ է:
ՌՈԲԵՐՏ — Ընկերներ… այո:
ԲԵՐԹԱ — Դուք նրանց հետ է՞լ եք այդպես խոսում:
ՌՈԲԵՐՏ – Ինչպե՞ս կարող եք այդպիսի հարց տալ: Ինձ ո՞ւմ տեղն եք դնում: Կամ ինչո՞ւ եք ինձ լսում: Ձեզ դուր չի՞ գալիս իմ խոսելը:
ԲԵՐԹԱ — Ձեր ասածը շատ հաճելի էր: Շնորհակալություն, որ այդպես եք կարծում:
ՌՈԲԵՐՏ — Բերթա…
ԲԵՐԹԱ – Այո՞:
ՌՈԲԵՐՏ – Կարո՞ղ եմ ձեզ անունով դիմել: Ինչպես ինը տարի առաջ, երբ մենք «Բերթա և Ռոբերտ» էինք: Չե՞նք կարող հիմա էլ այդպես լինել:
ԲԵՐԹԱ — Օ՜, այո… Ինչո՞ւ ոչ:
ՌՈԲԵՐՏ — Բերթա, դուք գիտեիք: Հենց այն գիշեր, երբ իջաք Կինգսթաուն նավամատույց՝ գիտեիք: Ես վերապրեցի ամեն ինչ: Իսկ դուք գիտեիք: Դուք տեսնում էիք:
ԲԵՐԹԱ — Ոչ: Ոչ այդ գիշեր:
ՌՈԲԵՐՏ — Իսկ ե՞րբ:
ԲԵՐԹԱ — Այն գիշեր, երբ իջանք նավամատույց, ես շատ հոգնած էի ու ցրված: Ես դա չնկատեցի:
ՌՈԲԵՐՏ — Ասացեք, ի՞նչ տեսաք այդ գիշեր… ձեր առաջին տպավորությունն ինչպիսի՞ն էր:
ԲԵՐԹԱ — Դուք մեջքով կանգնած էիք նավի կամրջակին ու զրուցում էիք երկու կանանց հետ:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, երկու անբարետես կանանց:
ԲԵՐԹԱ — Ես իսկույն ճանաչեցի ձեզ: Նկատեցի՝ լավ գիրացել էիք:
ՌՈԲԵՐՏ – Ա՛խ, այդ խեղճ, չաղ Ռոբերտը… Այն ժամանակ շա՞տ անդուր էի: Նրա ասածներից ոչ մի բանի չհավատացի՞ք:
ԲԵՐԹԱ — Կարծում եմ՝ բոլոր տղամարդիկ էլ այդպես են խոսում իրենց դուր եկող կանանց հետ: Ի՛նչ է, ուզում եք, որ ես հավատա՞մ:
ՌՈԲԵՐՏ – Բոլո՞ր տղամարդիկ, Բերթա:
ԲԵՐԹԱ — Կարծում եմ՝ այո:
ՌՈԲԵՐՏ — Ես նո՞ւյնպես:
ԲԵՐԹԱ — Այո, կարծում եմ՝ դուք նույնպես:
ՌՈԲԵՐՏ — Ուրեմն բոլո՞րը, առանց բացառությա՞ն: Նա նո՞ւյնպես… Ռիչարդը… Այսինքն՝ բոլորի՞ նման… Թե՞ նա ուրիշ է:
ԲԵՐԹԱ — Նա ուրիշ է:
ՌՈԲԵՐՏ — Դուք վստա՞հ եք, Բերթա:
ԲԵՐԹԱ — Ես պատասխանեցի ձեզ:
ՌՈԲԵՐՏ – Կարո՞ղ եմ ձեր ձեռքը համբուրել: Թույլ տվեք: Կարո՞ղ եմ:
ԲԵՐԹԱ — Եթե ուզում եք: (Ռոբերտը համբուրում է: Բերթան ականջ է դնում:) Լսեցի՞ք դռնակի ձայնը:
ՌՈԲԵՐՏ — Ոչ: Մի հեռացեք: Դուք հիմա չպետք է հեռանաք: Ձեր կյանքն այստեղ է: Ես նույնպես եկել եմ… խոսելու նրա հետ. հորդորելու նրան՝ ընդունել այս իրավիճակը: Նա պետք է ընդունի: Իսկ դուք պետք է համոզեք նրան: Դուք մեծ ազդեցություն ունեք նրա վրա:
ԲԵՐԹԱ — Դուք ուզո՛ւմ եք, որ նա այստեղ մնա:
ՌՈԲԵՐՏ — Այո:
ԲԵՐԹԱ – Ինչո՞ւ:
ՌՈԲԵՐՏ — Հանուն ձեզ, որովհետև շատ եք դժբախտ: Ու որովհետև նա պետք է մտածի իր ապագայի մասին:
ԲԵՐԹԱ — Բայց հիշո՞ւմ եք՝ ինչ ասաց, երբ խոսում էիք անցյալ գիշեր:
ՌՈԲԵՐՏ – Ինչի՞ մասին: Այո… Նա արտասանեց «Հայր մերը»՝ մեր հանապազօրյա հացի մասին: Նա ասաց՝ ապագայի մասին հոգ տանելու համար պետք է խորտակել հույսն ու սիրել աշխարհը:
ԲԵՐԹԱ – Չե՞ք կարծում, որ նա տարօրինակ է:
ՌՈԲԵՐՏ — Այդ հարցում՝ այո:
ԲԵՐԹԱ — Մի քիչ էլ խելագար, այո՞:
ՌՈԲԵՐՏ — Ոչ: Նա խելագար չէ: Երևի խելագարը մենք ենք: Իսկ ինչո՞ւ դուք…
ԲԵՐԹԱ — Ես ձեզ եմ հարցնում, որովհետև դուք ինտելիգենտ եք:
ՌՈԲԵՐՏ — Դուք չպետք է հեռանաք: Ես ձեզ թույլ չեմ տա:
ԲԵՐԹԱ – Դո՞ւք…
ՌՈԲԵՐՏ — Այս աչքերը չպետք է հեռանան: Կարո՞ղ եմ համբուրել ձեր աչքերը:
ԲԵՐԹԱ — Համբուրեք:
ՌՈԲԵՐՏ — (Ռոբերտը համբուրում է նրա աչքերը, հետո մազերն է շոյում): Փոքրիկ Բերթա…
ԲԵՐԹԱ — Բայց ես այդքան էլ փոքր չեմ: Ինչո՞ւ եք ինձ փոքրիկ անվանում:
ՌՈԲԵՐՏ — Փոքրիկ Բերթա… Թույլ կտա՞ք գոնե մի անգամ գրկեմ… (Գրկում է նրան:) Նորից իմ աչքերի մեջ նայեք:
ԲԵՐԹԱ — Բայց ես միայն ոսկեգույն, փոքրիկ կետեր եմ տեսնում: Այնքան էլ շատ են:
ՌՈԲԵՐՏ — Ձեր ձայնը… Թույլ տվեք համբուրեմ ձեր շուրթերը:
ԲԵՐԹԱ — Համբուրեք:
ՌՈԲԵՐՏ — Ես վախենում եմ: (Համբուրում է և շոյում մազերը:) Վերջապես ձեզ սեղմեցի իմ գրկում:
ԲԵՐԹԱ — Եվ գոհացա՞ք:
ՌՈԲԵՐՏ — Թողեք զգամ ձեր շուրթերի հպումը:
ԲԵՐԹԱ — Եվ կգոհանա՞ք:
ՌՈԲԵՐՏ — Ձեր շուրթե՛րը, Բերթա:
ԲԵՐԹԱ — (փակում է աչքերը և փութով համբուրում նրան): Ահա: Իսկ ինչո՞ւ չեք ասում՝ շնորհակալություն:
ՌՈԲԵՐՏ — Իմ կյանքը լիովին ավարտված է:
ԲԵՐԹԱ — Ռոբերտ, այդպես մի՛ խոսեք… այս պահին…
ՌՈԲԵՐՏ — Վերջ, վերջ: Ես ուզում եմ ավարտել այս ամենը և հեռանալ:
ԲԵՐԹԱ — Դուք հիմար տղա եք:
ՌՈԲԵՐՏ — (ամուր սեղմելով նրան): Վերջ տալ ու մեռնել: Ծովը նետվել մի բարձր ժայռից:
ԲԵՐԹԱ – Խնդրո՛ւմ եմ, Ռոբերտ:
ՌՈԲԵՐՏ — Լսելով երաժշտություն այն կնոջ գրկում, որին սիրում ես… ծով, երաժշտություն և մահ…
ԲԵՐԹԱ — Ձեր սիրած կնո՞ջ:
ՌՈԲԵՐՏ — Ես ուզում եմ խոսել ձեզ հետ, Բերթա… առանձին… ոչ այստեղ: Կգա՞ք…
ԲԵՐԹԱ — Ես էլ եմ ուզում խոսել:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, սիրելիս, ես գիտեմ: (Նորից է համբուրում:) Ես կխոսեմ և ամեն ինչ կասեմ: Հետո կհամբուրեմ, երկար, երկար համբույրով… երբ գաք ինձ մոտ… երկար ու քաղցր համբույրներով:
ԲԵՐԹԱ – Որտե՞ղ:
ՌՈԲԵՐՏ — Ձեր աչքերը: Ձեր շուրթերը: Ձեր աստվածային մարմինը:
ԲԵՐԹԱ — (վանելով նրան): Հարցնում եմ՝ որտե՞ղ եք ուզում, որ գամ:
ՌՈԲԵՐՏ — Իմ տուն: Մայրս այնտեղ չէ: Ես կգրեմ հասցեն: Դուք կգա՞ք:
ԲԵՐԹԱ – Ե՞րբ:
ՌՈԲԵՐՏ — Այսօր: Ութից մինչև ինը: Եկեք: Այսօր երեկոյան կսպասեմ: Հետո՝ ամեն գիշեր: Կգա՞ք: (Կրքոտ համբուրում է:)
ԲԵՐԹԱ — (ականջ դնելով): Այգու դուռը բացվեց:
ՌՈԲԵՐՏ — Ես կսպասեմ ձեզ:
Բերթան դանդաղ հեռանում է նրանից: Ռիչարդը ներս է մտնում այգուց:
ՌԻՉԱՐԴ — Բարի երեկո:
ՌՈԲԵՐՏ — Բարի երեկո, Ռիչարդ:
ԲԵՐԹԱ – Տե՛ս, ինչ գեղեցիկ վարդեր է ինձ բերել միստր Հանդը:
ՌՈԲԵՐՏ – Վախենամ՝ դրանք չափից ավելի են բացվել:
ՌԻՉԱՐԴ — (հանկարծակի): Մի վայրկյան… ինձ կներեք, լա՞վ: (Մտնում է իր աշխատասենյակը:)
ՌՈԲԵՐՏ — (մի քանի տող գրում, արագ տալիս է Բերթային): Ահա հասցեն: Լանսդաու փողոցում տրամվայ կնստեք:
ԲԵՐԹԱ — (վերցնելով): Ես ոչինչ չեմ խոստանում:
ՌՈԲԵՐՏ — Ես կսպասեմ:
Ռիչարդը ներս է մտնում:
ԲԵՐԹԱ — Գնամ վարդերը ջրի մեջ դնեմ:
ՌԻՉԱՐԴ — (գլխարկը նրան տալով): Լավ: Սա դիր կախիչին:
ԲԵՐԹԱ — Ես ձեզ միասին կթողնեմ, որ մի լավ զրուցեք: Որևէ բան չե՞ք կամենում: Սիգարետ… որևէ բան…
ՌԻՉԱՐԴ — Շնորհակալություն, մենք ունենք:
ԲԵՐԹԱ — Ուրեմն կարող եմ գնալ: (Գնում է:)
ՌԻՉԱՐԴ — Ահա ձեր պատվարժան տեղը:
ՌՈԲԵՐՏ — Շնորհակալություն: Տեր Աստված… այսօր ինչ շոգ է… Արևի լույսը կարծես քորոցով աչքերս ծակի: Ուղղակի շլացնում է:
ՌԻՉԱՐԴ — Բայց սենյակը շատ խավար է: Կարծում եմ՝ վարագույրն իջեցված է: Բայց եթե ուզում ես…
ՌՈԲԵՐՏ – Ո՛չ, ո՛չ, պետք չէ: Գիտեմ՝ ինչն է պատճառը: Ահա գիշերվա աշխատանքի արդյունքը:
ՌԻՉԱՐԴ – Իսկապե՞ս:
ՌՈԲԵՐՏ — Այո: Ես անպայման պետք է ամեն գիշեր լրագրերը աչքի անցկացնեմ: Հետո իմ առաջնորդող հոդվածները… Մենք դժվարին պահի ենք մոտենում: Եվ ոչ միայն այստեղ:
ՌԻՉԱՐԴ – Նորությո՞ւն ունես:
ՌՈԲԵՐՏ — Այո, ես ուզում էի քեզ հետ լրջորեն խոսել: Այսօր կարող է շատ կարևոր օր լինել քեզ համար… ավելի ճիշտ՝ այս երեկո: Առավոտյան հանդիպեցի փոխռեկտորի հետ: Նա շատ բարձր կարծիք ունի քո մասին: Ասաց՝ կարդացել է գիրքը:
ՌԻՉԱՐԴ — Նա գիրքը գնե՞լ է, թե՞ փոխարինաբար է վերցրել:
ՌՈԲԵՐՏ — Կարծում եմ՝ գնել է:
ՌԻՉԱՐԴ — Մի սիգարետ ծխեմ… Երեսունյոթ օրինակ վաճառվել է Դուբլինում:
ՌՈԲԵՐՏ – Լա՛վ, հարցը փակված է: Այսօր դու շատ ես զբաղված լինելու: Այսօր քո հաջողության օրն է:
ՌԻՉԱՐԴ — Թույլ տուր մնացածը լսեմ:
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդ, դու շատ կասկածամիտ ես: Դա քո թերությունն է: Նա ինձ վստահեցրեց, որ ամենաբարձր կարծիքն ունի քո մասին… ինչպես շատերը… Դու հենց այն մարդն ես, որն ամենից շատ է արժանի այդ պաշտոնին: Համոզված, որ այդքան շատ ես հռչակավոր, նա ճիգ ու ջանք չի խնայի, կխորհրդակցի գիտխորհրդի հետ: Իսկ ես… ես էլ իմ կողմից կնպաստեմ մամուլով և անձամբ: Դա համարում եմ հասարակական պարտականություն: Ռոմանտիկ գրականության ամբիոնն իրավամբ քոնն է՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գրական անհատականություն:
ՌԻՉԱՐԴ — Բայց կան բաներ…
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ բաներ: Դու ապագա՞ն նկատի ունես:
ՌԻՉԱՐԴ — Ո՛չ, անցյալը:
ՌՈԲԵՐՏ — Անցյալի այդ դրվագը մոռացված է: Բնազդային արարք… Մենք բոլորս հանկարծահաս բնազդով ենք շարժվում:
ՌԻՉԱՐԴ — Բայց այն ժամանակ դա անվանում էիր հիմարություն: Ինը տարի առաջ ինձ բացատրում էիր, թե ջրաղացքար եմ կախում պարանոցիցս:
ՌՈԲԵՐՏ — Ես սխալ էի: Հիմա լսի՛ր, Ռիչարդ… բոլորն էլ գիտեն, որ տարիներ առաջ դու փախար մի ջահել աղջկա հետ: Ինչպես բացատրեմ… մի ջահել աղջկա, որ, ճիշտն ասած, այնքան էլ համապատասխան չէր քեզ: Կներես, Ռիչարդ, դա միայն իմ կարծիքը չէ, ոչ էլ իմ խոսքն է: Ես ուղղակի գործածում եմ այն մարդկանց խոսքը, որոնց կարծիքը չեմ կիսում:
ՌԻՉԱՐԴ — Փաստորեն դու ներկայացնում ես քո առաջնորդող հոդվածներից մեկը:
ՌՈԲԵՐՏ — Թեկուզ այդպես: Այն ժամանակ դա մեծ սենսացիա առաջացրեց: Խորհրդավոր անհետացում… Իմ անունը նույնպես հոլովվեց՝ որպես լավագույն ընկեր… այսպես ասած, այդ հռչակավոր դիպվածի առիթով: Անշուշտ, շատերը կարծում էին, ես ոչ ընկերաբար վարվեցի, բնազդորեն: Լավ, այդ բոլորը հայտնի է: Բայց թե ինչ պատահեց հետո, հայտնի չէ:
ՌԻՉԱՐԴ – Իրո՞ք:
ՌՈԲԵՐՏ — Իհարկե, դա քո գործն է, Ռիչարդ: Եվ արդեն այնքան էլ երիտասարդ չես: Իմ առաջնորդող հոդվածներում դա արտահայտված է, այնպես չէ՞:
ՌԻՉԱՐԴ — Դու ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում, որ սուտ խոսեմ իմ անցյալի մասին:
ՌՈԲԵՐՏ — Ես մտածում եմ քո ապագա կյանքի մասին… այստեղ: Հասկանում եմ քո հպարտությունն ու ազատատենչ զգացումը: Ես հասկանում եմ նաև մյուսների տեսակետը: Այնուամենայնիվ, ելք կա. քեզ հասնող ցանկացած բամբասանք պարզապես ականջ մի դիր: Իսկ մնացյալը… ինձ թող:
ՌԻՉԱՐԴ — Այսինքն, դու կարող ես այդ բամբասանքները ջրի երես հանել, այո՞:
ՌՈԲԵՐՏ — Այո: Եվ Աստված է ինձ օգնական:
ՌԻՉԱՐԴ — Հանուն հասարակական պարտականությունների՞…
ՌՈԲԵՐՏ — Նաև մեր ընկերության… մեր երկարատև ընկերության:
ՌԻՉԱՐԴ — Շնորհակալություն:
ՌՈԲԵՐՏ — Իսկ ես քեզ կասեմ ողջ ճշմարտությունը:
ՌԻՉԱՐԴ — (ժպտում է): Այո: Խնդրում եմ, ասա՛:
ՌՈԲԵՐՏ — Ոչ միայն հանուն քեզ: Նաև հանուն քո ներկայիս կյանքի ընկերոջ:
ՌԻՉԱՐԴ — Հասկանում եմ: Իսկ ինչո՞ւ հանուն նրա:
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդ, դու լրիվ անկե՞ղծ ես եղել նրա հետ: Հիմա ինձ կհամոզես, թե դա նրա ազատ կամքով եղավ: Բայց նա ազատ էր ընտրություն կատարելիս: Նա մի պարզունակ աղջիկ էր: Եվ ընդունեց այն, ինչ դու նրան առաջարկեցիր:
ՌԻՉԱՐԴ — Ուզում ես ասել՝ ես նրա առաջարկածը չընդունեցի՞:
ՌՈԲԵՐՏ — Ես հիշում եմ: Եվ նա հեռացավ քեզ հետ: Ասում եմ՝ դա նրա ազա՞տ կամքով եղավ: Պատասխանիր ինձ անկեղծորեն:
ՌԻՉԱՐԴ — Ես կռվում էի բոլոր նրանց դեմ, ում մասին ասում էիր, և ես հաղթեցի:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, դու հաղթեցիր:
ՌԻՉԱՐԴ — Կներես, որ մոռացա: Մի քիչ վիսկի չէի՞ր խմի:
ՌՈԲԵՐՏ — (լցնում է բաժակը): Իսկ դո՞ւ… Հաստա՞տ: Տեր Աստված, երբ մտածում եմ մեր բուռն գիշերների մասին… Ժամեր տևող մեր զրույցները, խնջույքները, խրախճանքները…
ՌԻՉԱՐԴ – Այո՛, մեր տանը:
ՌՈԲԵՐՏ — Իսկ հիմա դա իմն է: Ես այն պահել եմ, չնայած հաճախ չեմ գնում այնտեղ: Երբ ուզենաս գալ, ինձ տեղյակ պահիր: Մի երեկո անպայման արի: Մենք նորից քեֆ կանենք հին օրերի պես:
ՌԻՉԱՐԴ — Դա ոչ միայն խրախճանքի տուն էր, դա նոր կյանքն էր: Եվ հանուն դրա բոլոր մեղքերը գործեցինք:
ՌՈԲԵՐՏ — Մեղքեր… Կերուխում և հայհոյանքներ Աստծուն ուղղված՝ իմ կողմից: Նաև հարբեցողություն և ավելի վատ՝ հերետիկոսություն քո կողմից: Դու ա՞յդ մեղքերը նկատի ունես:
ՌԻՉԱՐԴ — Էլի բաներ կան:
ՌՈԲԵՐՏ — Դու դրա՞նք նկատի ունես: Ես խղճի խայթ չեմ զգում: Երևի դու զգո՞ւմ ես: Բայց մենք երկու բանալի ունեինք նման առիթների համար: Ասում եմ, դու խղճի խայթ զգո՞ւմ ես:
ՌԻՉԱՐԴ — Քեզ համար դա բնակա՞ն էր:
ՌՈԲԵՐՏ — Ինձ համար բնական է համբուրել մի կնոջ, որն ինձ դուր է գալիս: Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ նա ինձ համար գեղեցիկ է:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն դու համբուրում ես այն ամենը, ինչը քեզ գեղեցի՞կ է թվում:
ՌՈԲԵՐՏ — Ամեն բան, եթե կարելի է համբուրել: Օրինակ՝ այս ողորկ քարը: Սա այնպես սառն է, այնպես ողորկ, այնպես գեղեցիկ՝ ինչպես կնոջ քունքը: Այն լուռ է և ամոքում է մեր կիրքը… շատ գեղեցիկ քար է: Դրա համար ես համբուրում եմ: Եվ ի՞նչ է կինը: Նա նույնպես բնության գործ է և նման է քարի, ծաղկի կամ թռչունի: Համբույրն ուղղակի հարգանքի տուրք է նրան:
ՌԻՉԱՐԴ — Դա կնոջ և տղամարդու միություն է նշանակում: Չնայած մենք հաճախ այդ գեղեցկությանն ուզում ենք կրքով ու տենչանքով տիրանալ… Ուրեմն գեղեցիկն այն է, ինչին մենք ուզում ենք տիրանա՞լ, փախցնե՞լ…
ՌՈԲԵՐՏ — (քարը սեղմելով ճակատին): Ինձ գլխացավանք կպատճառես, եթե ստիպես մտածել… այսօր: Ես չեմ կարող այսօր մտածել: Ես բնական մարդ եմ, չափազանց հասարակ: Ի վերջո, ի՞նչն է ամենագրավիչը՝ թեկուզև ամենագեղեցիկ կնոջ մեջ:
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչն է:
ՌՈԲԵՐՏ — Ոչ թե այն բարեմասնությունները, որոնք մյուս կանայք չունեն, ո՛չ… այլ՝ բոլորը, ընդհանուրը, որ յուրաքանչյուր կին ունի: Ես նկատի ունեմ ամենասովորական բաները: (Քարի հակառակ կողմն է սեղմում ճակատին:) Նկատի ունեմ, թե գրկվելիս ինչպես է ջերմանում նրա մարմինը, արյան խայտանքը, ինչպես է իսկույն փոխվում հավանաբար անդուր կերակուրից առաջացած վատ մարսողությունը… Բայց ինչքան գռեհիկ եմ այսօր… Դու այդ մտքից երբեք չես ցնցվել, չէ՞: Այսինքն, նման մտքեր չե՞ն համակել քեզ:
ՌԻՉԱՐԴ — Շատ մտքեր են համակում մի տղամարդու, որն ինը տարի ապրել է կնոջ հետ:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, մարդ համակվում է նման մտքերով… Իսկ այս գեղեցիկ, սառը քարն ինձ ամոքում է: Սա պրեսպապյե՞ է, թե՞ գլխացավի դեղ:
ՌԻՉԱՐԴ — Դա մի օր Բերթան բերեց ծովափից: Ինքն էլ է ասում, որ գեղեցիկ է:
ՌՈԲԵՐՏ — Նա ճիշտ է ասում: (Խմում է:)
ՌԻՉԱՐԴ — Դու ընդամենը ա՞յդ էիր ուզում ինձ ասել:
ՌՈԲԵՐՏ — Էլի բան կա: Փոխռեկտորը երեկոյան քեզ հրավիրում է ճաշկերույթի: Դու գիտե՞ս նա որտեղ է ապրում: (Ռիչարդը գլխով է անում:) Կարծում էի՝ մոռացած կլինեիր: Իհարկե, դա խիստ անձնական հրավեր է: Ուզում է նորից քեզ տեսնել և շատ անկեղծ էր հրավիրում:
ՌԻՉԱՐԴ — Ո՞ր Ժամին:
ՌՈԲԵՐՏ — Ժամը ութին: Բայց ինքն էլ քեզ պես ազատ և անհոգ մարդ է ժամանակի հարցում: Ռիչարդ, դու անպայման պիտի գնաս: Էսքան բան: Կարծում եմ՝ այսօր շրջադարձային կետ է լինելու քո կյանքում: Դու կապրես այստեղ, կաշխատես այստեղ, կմտածես այստեղ, վերջապես, պատվի կարժանանաս մեր ժողովրդի, մեր ազգի ծոցում:
ՌԻՉԱՐԴ — Ես համարյա տեսնում եմ, թե ինչպես երկու պատվիրակներ մեկնում են ԱՄՆ՝ հանգանակություն կատարելու… հարյուր տարի հետո կառուցվող իմ հուշարձանի համար:
ՌՈԲԵՐՏ — Ժամանակին մի փոքրիկ էպիգրամ էի գրել հուշարձանների վերաբերյալ: Դրանք բոլորը երկու տեսակ են: (Ձեռքերը խաչում է կրծքին:) Մեկն ասում է. «Ինչպե՞ս պետք է իջնեմ այս պատվանդանից», իսկ մյուսը… (Պարզում է աջ ձեռքը:) «Իմ ժամանակ աղբակույտն ահա այսքան բարձր էր»:
ՌԻՉԱՐԴ — Երկրորդն ինձ նվիրիր, խնդրում եմ:
ՌՈԲԵՐՏ – Չէի՞ր բարեհաճի քո սիգարներից մեկն ինձ նվիրել: (Կպցնելով «Վիրջինիա» սիգարը:) Այս սիգարներն ինձ ավելի են եվրոպականացնում: Եթե Իռլանդիան պետք է Նոր Իռլանդիա դառնա, պետք է նախ եվրոպական լինի: Ահա թե ինչու դու պետք ես այստեղ: Մի օր մենք ստիպված պետք է ընտրություն կատարենք Անգլիայի և Եվրոպայի միջև: Ես ժառանգորդն եմ թերուս օտարերկրացիների… Ահա թե ինչու եմ նախընտրում լինել այստեղ: Գուցե երեխայություն եմ անում: Բայց, Դուբլինից բացի, որտե՞ղ կարող ես այսպիսի սիգար գտնել կամ մեկ գավաթ սև սուրճ: Նա, ով սև սուրճ է խմում, անպայման գրավելու է Իռլանդիան: Իսկ հիմա կես կում վիսկի կխմեմ՝ քեզ ապացուցելու համար, որ չկա և ոչ մի հիվանդագին զգացում:
ՌԻՉԱՐԴ — Վիսկի խմիր:
ՌՈԲԵՐՏ — (ումպ է անում): Շնորհակալություն: Հետո դու, որ այդպես փռվել ես բազմոցին, քո որդին, որ այնպես կանչում է, հետո… հետո Բերթան… Թույլ կտա՞ս նրան այդպես անվանել: Նկատի ունեմ որպես երկուսիդ վաղեմի ընկեր:
ՌԻՉԱՐԴ — Իհարկե:
ՌՈԲԵՐՏ — Ձեր մեջ մի կատաղի զայրույթ է կուտակվել, որը կարող է խոցել Սվիֆտի սիրտը: Դուք բարձրաշխարհիկ եք և զայրանում եք, համոզվելով, որ աշխարհը երկչոտ է և ստոր: Իսկ ես… Ասե՞մ…
ՌԻՉԱՐԴ — Անպայման:
ՌՈԲԵՐՏ — Իսկ ես ցածր խավից եմ բարձրացել և շատ եմ զարմանում, երբ հասկանում եմ, որ կա մեղքը լիովին քավելու հնարավորություն:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն դու իմ ընկե՞րն ես:
ՌՈԲԵՐՏ — Ես միշտ պայքարում էի քեզ համար, երբ դու հեռվում էիր: Ես ուզում էի քեզ վերադարձնել: Քո տեղն այստեղ պահպանելու կռիվ էի տալիս: Ես դեռ կկռվեմ քեզ համար, որովհետև հավատում եմ քեզ այնպես, ինչպես աշակերտն՝ իր ուսուցչին: Ես չեմ կարող ղրանից ավելին ասել: Դա կարող է տարօրինակ թվալ: Լուցկին տուր:
ՌԻՉԱՐԴ — (լուցկու հատիկը վառում, նրան է տալիս): Բայց կա մի հավատ, որն ավելի տարօրինակ է, քան աշակերտի հավատն իր ուսուցչի հանդեպ:
ՌՈԲԵՐՏ — Եվ… Ո՞րն է դա:
ՌԻՉԱՐԴ — Ուսուցչի հավատը աշակերտի հանդեպ: Աշակերտ, որ դավաճանում է նրան:
ՌՈԲԵՐՏ — Եկեղեցին մի աստվածաբան է կորցրել հանձինս քեզ: Բայց կարծում եմ, դու չափազանց խորությամբ ես նայում կյանքին: (Սեղմում է նրա ձեռքր:) Ուրախ եղիր: Կյանքն արժանի չէ դրան:
ՌԻՉԱՐԴ – Գնո՞ւմ ես:
ՌՈԲԵՐՏ — Պետք է գնամ: Ուրեմն ամեն ինչ կարգին է: Մենք այսօր կհանդիպենք փոխռեկտորի մոտ: Ես կերևամ տասի մոտերքը: Այնպես որ, դու մեկ ժամ կունենաս քո տրամադրության տակ: Կսպասե՞ս մինչև իմ գալը:
ՌԻՉԱՐԴ — Լավ:
ՌՈԲԵՐՏ — Մեկ հատ էլ որ լուցկի վառես, ես երջանիկ կլինեմ: (Ռիչարդը վառում է:)
Ներս է մտնում Արչին՝ Բեատրիսի ուղեկցությամբ:
ՌՈԲԵՐՏ — Շնորհավորիր ինձ, Բեթթի: Ես հաղթեցի Ռիչարդին:
ԱՐՉԻ — (անցնելով աջ դռնից): Մամա… միսս Ջըսթայսը գնում է:
ԲԵԱՏՐԻՍ — Իսկ ի՞նչ առիթով պետք է ձեզ շնորհավորել:
ՌՈԲԵՐՏ – Անշուշտ՝ հաղթանակի: Արչիբալդ Համիլթըն Րոուենի ժառանգորդը տուն է վերադարձել:
ՌԻՉԱՐԴ — Ես Համիլթըն Րոուենի ժառանգորդը չեմ:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ է պատահել:
Բերթան ներս է մտնում՝ վարդերի փունջը ձեռքին:
ԲԵԱՏՐԻՍ — Բայց… Միստր Րոուե՞ն:
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդն այս երեկո գնալու է փոխռեկտորի ճաշկերույթին: Մի չաղ հորթ պիտի ուտվի: Հուսով եմ՝ տապակած: Իսկ հաջորդ ուսումնական տարում… Ցտեսություն, Ռիչարդ: Կհանդիպենք երեկոյան:
ՌԻՉԱՐԴ — Ֆիլիպի մոտ:
ԲԵԱՏՐԻՍ — (նույնպես հրաժեշտ տալով): Ընդունեք իմ լավագույն բարեմաղթանքները, միստր Րոուեն:
ՌԻՉԱՐԴ — Շնորհակալություն: Բայց մի հավատացեք նրան:
ՌՈԲԵՐՏ – Հավատացե՛ք ինձ, հավատացե՛ք: (Բերթային.) Ցտեսություն, միսիս Րոուեն:
ԲԵՐԹԱ — Ցտեսություն: Շնորհակալություն: (Բեատրիսին.) Դուք չե՞ք մնալու թեյին, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ – Ո՛չ, շնորհակալություն: Ես պետք է անպայման գնամ: Հաճելի երեկո եմ ցանկանում: Ցտեսություն, Արչի:
ՌՈԲԵՐՏ — Addio, Արչիբալդ:
ԱՐՉԻ — Addio:
ՌՈԲԵՐՏ – Սպասե՛ք, Բեթթի: Միասին կգնանք:
ԲԵԱՏՐԻՍ — (Բերթան ուղեկցում է): Օ՜, մի անհանգստացեք:
ՌՈԲԵՐՏ — Բայց ես թախանձում եմ՝ որպես ձեր զարմիկ:
Բոլորը դուրս են գնում:
ԱՐՉԻ — (ճանկում է հոր թևը): Լսի՛ր, պապա…
ՌԻՉԱՐԴ — (վերացած): Ի՞նչ է:
ԱՐՉԻ — Ուզում եմ քեզ մի բան խնդրել:
ՌԻՉԱՐԴ — Ի՞նչ կա:
ԱՐՉԻ — Մայրիկին կասե՞ս՝ թույլ տա, որ կաթնավաճառի հետ գնամ:
ՌԻՉԱՐԴ — Կաթնավաճառի՞:
ԱՐՉԻ — Այո: Նրա սայլակով: Նա ասում է՝ թույլ կտա սայլակը քշեմ, երբ ճանապարհին մարդիկ չլինեն: Պապա, ձին շատ բարի կենդանի է: Կարո՞ղ եմ գնալ:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ԱՐՉԻ — Մայրիկին ասա՝ Արչին հիմա կարող է գնալ: Կասե՞ս:
ՌԻՉԱՐԴ — Կասեմ:
ԱՐՉԻ — Կաթնավաճառը խոստացավ ցույց տալ իր կովերը: Գիտե՞ս, նա քանի կով ունի:
ՌԻՉԱՐԴ — Քանի՞:
ԱՐՉԻ — Տասնմեկ: Ութը՝ կարմիր, երեքը՝ ճերմակ: Բայց մեկը հիմա հիվանդ է:
ՌԻՉԱՐԴ – Կովե՞րը:
ԱՐՉԻ — Հա: Ոչ թե ցուլերը: Որովհետև ցուլերը կաթ չեն տալիս: Տասնմեկ կով: Նրանք հաստատ շատ կաթ կտան: Իսկ ո՞վ է ստիպում կովին, որ կաթ տա:
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչ իմանաս: Բայց դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում մի բան տալ:
ԱՐՉԻ – Տա՞լ: Այո:
ՌԻՉԱՐԴ — Երբ դու ունես մի բան, որը կարող են վերցնել քեզանից:
ԱՐՉԻ – Գողերի՞ կողմից: Ո՞չ:
ՌԻՉԱՐԴ — Բայց երբ դու տալիս ես, ուրեմն տվել ես: Ոչ մի գող չի կարող վերցնել քեզանից: Այսինքն՝ դա միշտ քոնն է, երբ տվել ես: Եվ միշտ քոնը կլինի: Ահա թե ինչ է նշանակում՝ տալ:
ԱՐՉԻ — Բայց… պապա՞…
ՌԻՉԱՐԴ – Այո՞:
ԱՐՉԻ — Իսկ ինչպե՞ս կարող է գողը կով գողանալ: Բոլորը կտեսնեն նրան: Գուցե գիշե՞րն է գողանում:
ՌԻՉԱՐԴ — Գիշերը… այո:
ԱՐՉԻ — Այստեղի գողերը Հռոմի գողերի՞ պես են:
ՌԻՉԱՐԴ — Ամեն տեղ էլ աղքատ մարդիկ կան:
ԱՐՉԻ — Նրանք ատրճանակներ ունե՞ն:
ՌԻՉԱՐԴ – Այո՛, այո՛: Դանակներ էլ ունեն, ատրճանակներ էլ:
ԱՐՉԻ — Մայրիկը գալիս է: Նրան ասա:
ՌԻՉԱՐԴ — Կասեմ:
ԱՐՉԻ — Հայրիկ, նստիր այստեղ: Ես դուրս գնամ, հետո ասա: Ես այգում կլինեմ:
ՌԻՉԱՐԴ – Լա՛վ, գնա:
ԱՐՉԻ — (համբուրում է նրան): Շնորհակալություն:
Ներս է մտնում Բերթան:
ՌԻՉԱՐԴ -Հը, ի՞նչ կա:
ԲԵՐԹԱ — (վերացած): Դե… Նա ասում է, որ ես իրեն շատ եմ դուր գալիս:
ՌԻՉԱՐԴ — Ցույց տվեցի՞ր նրա երկտողը:
ԲԵՐԹԱ — Այո: Նրան հարցրի՝ ի՞նչ է դա նշանակում:
ՌԻՉԱՐԴ — Իսկ նա՞ ինչ է կարծում:
ԲԵՐԹԱ – Ասաց՝ ես հաստատ գիտեմ՝ ինչ է նշանակում: Ես էլ պատասխանեցի, որ պատկերացնում էի: Հետո ասաց, որ շատ է ինձ սիրում: Որ ես գեղեցիկ եմ և այլն, և այլն…
ՌԻՉԱՐԴ – Երբվանի՞ց…
ԲԵՐԹԱ — Երբվանից… Ի՞նչը…
ՌԻՉԱՐԴ — Ասում է՝ երբվանի՞ց ես նրան դուր եկել:
ԲԵՐԹԱ — Նա միշտ է ասել: Բայց ավելի շատ՝ այն օրվանից, ինչ եկել եմ: Իմ այս նարդոսագույն զգեստով իբր նման եմ լուսնի: Նրա հետ որևէ բա՞ն խոսեցիր իմ մասին:
ՌԻՉԱՐԴ — Առօրյա բաներից էինք խոսում: Քո մասին… ոչ:
ԲԵՐԹԱ — Բայց նա շատ նյարդայնացած էր: Նկատեցի՞ր:
ՌԻՉԱՐԴ — Այո: Նկատեցի: Հետո՞… ուրիշ ի՞նչ եղավ:
ԲԵՐԹԱ — Նա իմ ձեռքը խնդրեց:
ՌԻՉԱՐԴ — (ժպտալով): Ամուսնանալո՞ւ համար:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, ուղղակի բռնելու:
ՌԻՉԱՐԴ – Այո՞… Իսկ դու տվեցի՞ր… ձեռքդ:
ԲԵՐԹԱ — Այո: (Վարդից մի քանի թերթիկ պոկելով:) Հետո շոյեց ձեռքս և խնդրեց՝ թույլ կտա՞մ, որ ինձ համբուրի: Ես թույլ տվեցի:
ՌԻՉԱՐԴ — Հետո՞:
ԲԵՐԹԱ — Հետո հարցրեց՝ կարո՞ղ է ինձ գրկել… գոնե մեկ անգամ… Հետո…
ՌԻՉԱՐԴ – Հետո՞:
ԲԵՐԹԱ — Նա ասաց, որ ես գեղեցիկ աչքեր ունեմ: Եվ հարցրեց՝ կարո՞ղ է համբուրել աչքերս: Ես ասացի՝ համբուրիր:
ՌԻՉԱՐԴ — Եվ նա համբուրե՞ց:
ԲԵՐԹԱ — Այո: Նախ մեկը, ապա՝ մյուսը: Դիկ, ասա, այս բոլորը քեզ չի՞ անհանգստացնում: Միայն այն պատճառով, որ ասացի՝ ես չեմ ուզում այդպիսի բանե՞ր անել: Իմ կարծիքով, դու ձևացնում ես, թե չես անհանգստանում: Իսկ ես չեմ անհանգստանում:
ՌԻՉԱՐԴ — Գիտեմ, թանկագինս: Ես ուզում եմ հասկանալ, թե նա ինչ է զգում, երբ դու նման բաներ ես անում:
ԲԵՐԹԱ — (մատնացույց անելով նրան): Հիշիր, դու թույլ տվեցիր, որ շարունակեմ: Ես անկեղծորեն ամեն ինչ պատմեցի քեզ, հենց սկզբից:
ՌԻՉԱՐԴ — Գիտեմ, սիրելիս… Իսկ հետո՞:
ԲԵՐԹԱ — Նա խնդրեց համբուրել: Ես ասացի՝ համբուրիր:
ՌԻՉԱՐԴ — Իսկ հետո՞:
ԲԵՐԹԱ — (վարդի մի բուռ թերթիկներ ճմլելով): Նա համբուրեց ինձ:
ՌԻՉԱՐԴ – Բերա՞նդ համբուրեց: Բերա՞նդ:
ԲԵՐԹԱ — Այո: Մեկ, թե… երկու անգամ:
ՌԻՉԱՐԴ – Երկա՞ր:
ԲԵՐԹԱ — Բավականին երկար: (Հիշելով:) Այո՛, տևական երկար:
ՌԻՉԱՐԴ — Իսկ չխնդրե՞ց, որ դու էլ իրեն համբուրես:
ԲԵՐԹԱ — Խնդրեց:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դո՞ւ:
ԲԵՐԹԱ – Այո՛, ես համբուրեցի նրան:
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչ ձևով:
ԲԵՐԹԱ — (ուսերը թոթվելով): Դե, սովորական:
ՌԻՉԱՐԴ – Հուզվեցի՞ր:
ԲԵՐԹԱ — Պատկերացրու… այնքան էլ չէ: Նա լավ շրթունքներ չունի: Բայց հուզվեցի: Ճիշտ է, ոչ այնպես, ինչպես քեզ հետ համբուրվելիս:
ՌԻՉԱՐԴ — Իսկ նա՞:
ԲԵՐԹԱ – Հուզվե՞ց: Այո: Կարծում եմ՝ հուզվեց: Նա հոգոց հանեց: Ահավոր նյարդայնացած էր:
ՌԻՉԱՐԴ — (ճակատը բռնելով): Հասկանում եմ:
ԲԵՐԹԱ — Դու խանդո՞ւմ ես:
ՌԻՉԱՐԴ — Ոչ:
ԲԵՐԹԱ — Դու խանդում ես, Դի՛կ:
ՌԻՉԱՐԴ — Բայց ինչի՞ համար խանդեմ:
ԲԵՐԹԱ — Որովհետև նա համբուրել է ինձ:
ՌԻՉԱՐԴ — Ընդամենը այդքան բա՞ն:
ԲԵՐԹԱ – Այո՛, այդքան բան: Միայն թե նա ինձ խնդրեց՝ կուզենայի՞ հանդիպել իրեն:
ՌԻՉԱՐԴ — Քաղաքից դո՞ւրս… որևէ տե՞ղ:
ԲԵՐԹԱ — Ոչ: Իր տանը:
ՌԻՉԱՐԴ -Իր մոր տա՞նը:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, նա տուն ունի: Նա գրեց հասցեն: (Երկտողը տալիս է նրան:)
ՌԻՉԱՐԴ — Այո… մեր քոթեջն է…
ԲԵՐԹԱ — Ահա:
ՌԻՉԱՐԴ — (կարդալով): Այո: Մեր քոթեջն է:
ԲԵՐԹԱ – Ձե՞ր:
ՌԻՉԱՐԴ — Ո՛չ, նրա: Ես դա ուղղակի մերն եմ անվանում: Այն քոթեջը, որի մասին քեզ այնքան հաճախ էի պատմում: Երկուսս էլ բանալի ունեինք: Հիմա քոթեջը միայն նրանն է: Մենք սովորաբար այնտեղ էինք խրախճանքներ անում գիշերները: Զրուցում էինք, խմում, ծրագրեր կազմում… այն ժամանակ… Այո՛, բուռն գիշերներ էինք անցկացնում: Ես ու նա: Իսկ երբեմն էլ՝ ես միայնակ: Բայց ոչ բոլորովին միայնակ. ես արդեն պատմել եմ քեզ: Հիշո՞ւմ ես:
ԲԵՐԹԱ — Այդ քոթե՞ջր:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ԲԵՐԹԱ – Որտե՞ղ է գտնվում… այդ քոթեջը:
ՌԻՉԱՐԴ – Չգիտե՞ս:
ԲԵՐԹԱ — Նա ինձ ասաց՝ տրամվայ նստեմ Լանսդաուն փողոցում և վարորդին խնդրեմ՝ ինձ տեղն ասի: Իսկ դա… վա՞տ տեղ է:
ՌԻՉԱՐԴ — Ոչ… քոթեջ է, էլի: Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր նրան:
ԲԵՐԹԱ — Ոչինչ չպատասխանեցի: Նա ասաց՝ կսպասի ինձ:
ՌԻՉԱՐԴ — Այսօր երեկոյա՞ն:
ԲԵՐԹԱ — Նա ասաց՝ ամեն երեկո: Ութի և իննի արանքում:
ՌԻՉԱՐԴ — Հենց այդ ժամին էլ ես պետք է հանդիպեմ փոխռեկտորին՝ իմ նոր աշխատանքի հարցով: Այդ ժամադրությունը Ռոբերտն է դասավորել՝ այսօր երեկոյան, ժամը ութի և իննի արանքում: Տարօրինակ է, չէ՞: Նույն ժամին:
ԲԵՐԹԱ — Շատ:
ՌԻՉԱՐԴ — Իսկ նա չհարցրե՞ց՝ ես կասկածո՞ւմ եմ, թե՞ ոչ:
ԲԵՐԹԱ — Ոչ:
ՌԻՉԱՐԴ — Նա չհիշե՞ց իմ անունը:
ԲԵՐԹԱ — Ոչ:
ՌԻՉԱՐԴ — Ոչ մի անգա՞մ:
ԲԵՐԹԱ — Ոչ… Ինչքան հիշում եմ՝ ոչ:
ՌԻՉԱՐԴ — Այո… իհարկե: Պարզ է:
ԲԵՐԹԱ — Ի՞նչ:
ՌԻՉԱՐԴ — Ստախոս, գող, հիմար: Լրիվ պարզ է: Սովորական գող է: Էլ ուրիշ ի՞նչ: Իմ լավագույն ընկերը… էլ չեմ ասում՝ հայրենասերը… Գող… գող… Էլ ուրիշ ինչ… Ու նաև՝ հիմար:
ԲԵՐԹԱ — Իսկ ի՞նչ պիտի անես:
ՌԻՉԱՐԴ — Հետևեմ, գտնեմ, ասեմ նրան: Ասեմ՝ հիմար ես ու… գող:
ԲԵՐԹԱ — (երկտողը գցելով բազմոցին): Ես հիմա եմ ամեն ինչ հասկանում:
ՌԻՉԱՐԴ – Է՞…
ԲԵՐԹԱ — Սատանայական գործ: Սատանա…
ՌԻՉԱՐԴ –Նա՞:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, դու: Սատանա… Դու նրան հանում ես իմ դեմ, ինչպես մի ժամանակ փորձում էիր հարազատ երեխայիս իմ դեմ հանել: Միայն թե դա քեզ չհաջողվեց:
ՌԻՉԱՐԴ – Ինչպե՞ս: Ի սեր Աստծո, ինչպե՞ս հասկանամ…
ԲԵՐԹԱ — Այո, այո, ես ասում եմ այն, ինչ կա: Բոլորն էին դա տեսնում: Երբ փորձում էի նրան թեկուզ չնչին բաների համար նկատողություն անել, դու նրա ասածն էիր պնդում, դու խոսում էիր նրա հետ այնպես, կարծես նա չափահաս տղամարդ լիներ: Դու կործանում էիր խեղճ երեխային: Իհարկե, ես դաժան մայր էի, միայն դու էիր սիրում նրան: Բայց քեզ չհաջողվեց նրան իմ դեմ հանել, որովհետև երեխան շատ էր բնական և անկեղծ:
ՌԻՉԱՐԴ — Ես երբեք չեմ փորձել նման բան անել, Բերթա: Դու գիտես, որ ես չեմ կարող խիստ լինել նրա հետ:
ԲԵՐԹԱ — Պատճառն այն է, որ երբեք չես սիրել քո հարազատ մորը: Մայրը միշտ մայր է մնում, անկախ այն բանից, թե նա ինչպիսին է: Ես դեռ չեմ լսել, որ մեկն ասի, թե չի սիրում մորը: Մայր, որ նրան լույս աշխարհ է բերել… Բացի քեզանից:
ՌԻՉԱՐԴ — Բերթա, այնպիսի բաներ մի ասա, որ հետո զղջաս: Դու ուրախ չե՞ս, որ իմ որդին սիրում է ինձ:
ԲԵՐԹԱ — Իսկ ո՞վ է նրան այդպես դաստիարակել: Ո՞վ է նրան սովորեցրել, որ վազելով քեզ ընդառաջ գա: Ո՞վ էր քեզ հիշեցնում, որ երեխայի համար խաղալիք բերեիր, երբ ժամեր շարունակ թափառում էիր անձրևի տակ, մոռանալով և՛ երեխային, և՛ ինձ: Այդ բոլորը ես էի անում: Ես էի նրան հորդորում, որ սիրեր քեզ:
ՌԻՉԱՐԴ — Այո, սիրելիս, գիտեմ, որ դու էիր հորդորում:
ԲԵՐԹԱ — Իսկ հետո փորձում էիր բոլորին իմ դեմ հանել: Ես կեղծ ու դաժան եմ թվում բոլորին, միայն դու այդպիսին չես: Որովհետև դու, ինչքան հնարավոր էր, օգտվում էիր իմ միամտությունից, ինչպես առաջին անգամ…
ՌԻՉԱՐԴ — Եվ դու նույնիսկ համարձակվում ես ինձ այդ մասին բան ասել:
ԲԵՐԹԱ — Այո: Ես համարձակվում եմ: Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա: Քանի որ, քո կարծիքով, ես միամիտ եմ, և դու կարող ես ինձ հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես: Իսկ հիմա հետևիր նրան, նրա մոտ ստորացրու ինձ: Ստիպիր նրան, որ նվաստանա քո առաջ, ստիպիր, որ արհամարհի ինձ: Հետևիր նրան:
ՌԻՉԱՐԴ — Դու մոռանում ես, որ քեզ լիակատար ազատություն եմ տվել և դեռ թույլատրում եմ, որ ազատ լինես:
ԲԵՐԹԱ – Ազատությո՜ւն…
ՌԻՉԱՐԴ — Այո՛, լիակատար: Բայց նա պետք է հասկանա, որ ես ամեն ինչ գիտեմ: Բերթա, հավատա ինձ, սիրելիս, սա խանդ չէ: Դու ունես լիակատար ազատություն՝ անելու այն, ինչ ուզում ես: Դու և նա: Բայց ոչ այս ձևով: Նա չի կամենա արհամարհել քեզ: Դու չես կամենա մոլորության մեջ գցել ինձ՝ իբրև թե դավաճանում ես ինձ նրա հետ: Ճի՞շտ է:
ԲԵՐԹԱ — Ոչ: Ես այդպիսի բան չեմ անի: Բայց մեզանից, մեր երկուսից ո՞ր մեկն է դավաճանողը:
ՌԻՉԱՐԴ – Մեզնի՞ց: Ինձնից և քեզնի՞ց:
ԲԵՐԹԱ — Ես հիմա եմ հասկանում, թե ինչու ինձ թույլ տվեցիր, ինչպես դու ես ասում՝ լիակատար ազատ լինեմ:
ՌԻՉԱՐԴ – Ինչո՞ւ:
ԲԵՐԹԱ — Որ ինքդ լիակատար ազատ լինես այդ աղջկա հետ:
ՌԻՉԱՐԴ — Բայց, ի սեր Աստծո, դու բավականին երկար ժամանակ այդ բանը գիտեիր: Ես երբեք դա չեմ թաքցրել:
ԲԵՐԹԱ — Դու թաքցրել ես: Ես էլ կարծում էի, թե դա յուրօրինակ բարեկամություն է՝ մինչև մեր վերադառնալը, և հասկացա…
ՌԻՉԱՐԴ — Հենց այդպես է, Բերթա:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, ո՛չ: Դա արդեն չափից ավելին է. ահա թե ինչու ես ինձ լիակատար ազատություն տալիս: Ամբողջ գիշեր այնտեղ նստած, միայն նրա մասին ես գրում: Եվ դա համարում ես բարեկամությո՞ւն:
ՌԻՉԱՐԴ — Հավատա ինձ, Բերթա, թանկագինս: Հավատա ինձ այնպես, ինչպես ես եմ քեզ հավատում:
ԲԵՐԹԱ — Տեր Աստված, ես զգում եմ, ես գիտեմ… Ախր, բացի սիրուց, ձեր միջև էլ ուրիշ ի՞նչ կա:
ՌԻՉԱՐԴ — Դու փորձում ես այդ միտքը գլուխս մտցնել, բայց զգուշացնում եմ քեզ, ես այլոց գաղափարները չեմ ընդունում:
ԲԵՐԹԱ — Այո, այո: Ահա թե ինչու ես թույլ տալիս, որ Ռոբերտը շարունակի: Իհարկե… Այդ բոլորը քեզ չի հուզում, որովհետև դու սիրում ես նրան:
ՌԻՉԱՐԴ — Սեր… Ես չեմ կարող վիճաբանել քեզ հետ:
ԲԵՐԹԱ — Դու չես կարող, որովհետև ես ճիշտ եմ: Իսկ ի՞նչ կասեն մարդիկ:
ՌԻՉԱՐԴ — Քո կարծիքով, դա ինձ մտահոգո՞ւմ է:
ԲԵՐԹԱ — Իսկ ես մտահոգվում եմ: Դու, որ այնքան շատ ես խոսում բարձրագույն զգացմունքներից, որ տածում ես իմ նկատմամբ, այնինչ այդ բոլորը մեկ ուրիշ կնոջ համար է: Եթե նա այդ բանն իմանա… Եթե նա այդ բանն աներ, կամ մի ուրիշ տղամարդ, ես կհասկանայի, որովհետև նրանք բոլորը կեղծ ձևամոլներ են: Իսկ դու, Դիկ… Ինչո՞ւ չես ասում նրան:
ՌԻՉԱՐԴ — Ինքդ կարող ես ասել, եթե ուզում ես:
ԲԵՐԹԱ — Կասեմ: Իհարկե, կասեմ:
ՌԻՉԱՐԴ — Նա ինքը կբացատրի քեզ:
ԲԵՐԹԱ — Նա մի բան չի ասում և այլ բան՝ անում: Նա ազնիվ է իր ձևով:
ՌԻՉԱՐԴ — (պոկում է վարդերից մեկը և նետում նրա ոտքերի մոտ): Իհա՜րկե… Նա ազնվության տիպար է:
ԲԵՐԹԱ — Ինչքան ուզում ես, կարող ես նրան ծաղրել: Ես լավ եմ հասկանում, թե ինչ է կատարվում, ավելի՝ քան ինքդ ես կարծում: Տարիներ շարունակ այդքան երկար նամակներ գրելով նրան, իսկ նա էլ՝ քեզ: Բայց ես արդեն ամեն ինչ հասկացել եմ, մեր վերադառնալուց հետո:
ՌԻՉԱՐԴ — Դու չես հասկանում: Ոչ էլ Ռոբերտը:
ԲԵՐԹԱ — Իհարկե: Ոչ նա, ոչ էլ ես չենք կարող դա հասկանալ: Միայն այդ աղջիկը կարող է: Որովհետև դա այնքան խորիմաստ բան է:
ՌԻՉԱՐԴ – Ո՛չ նա, ո՛չ դու, ո՛չ էլ այդ աղջիկը չեք հասկանում:
ԲԵՐԹԱ — Այդ աղջիկը… Նա կհասկանա: Այդ հիվանդոտը…
ՌԻՉԱՐԴ — Բերթա… Հետևիր բառերիդ:
ԲԵՐԹԱ — Ես վատ բան նկատի չունեմ: Ես նրան ավելի լավ եմ հասկանում, քան դու, որովհետև ես կին եմ: Ես անկեղծ եմ և ինչ ասում եմ՝ ճշմարիտ է:
ՌԻՉԱՐԴ — Բայց դա ազնիվ բա՞ն է: Մտածիր:
ԲԵՐԹԱ — Այդ աղջիկը ազնիվ չէ: Հիմա հիշիր, թե ինչ եմ ասում:
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչ:
ԲԵՐԹԱ — Դիկ, դու այդ կնոջը շատ ես նվիրվել: Գուցե նա արժանի է դրան: Գուցե այդ բոլորը նա նույնպես հասկանում է: Ես գիտեմ, նա այդպիսին է:
ՌԻՉԱՐԴ — Դու հավատո՞ւմ ես դրան:
ԲԵՐԹԱ — Հավատում եմ: Բայց համոզված եմ, որ փոխարենը շատ քիչ բան ես նրանից ստանալու — կամ նրա ցեղից: Հիշիր իմ բառերը, Դիկ: Որովհետև նա ազնիվ չէ, նա և մյուսները ազնիվ չեն: Հիմա ինչ որ ասում եմ, սխալ եմ ասում, այո՞:
ՌԻՉԱՐԴ — Ոչ: Ոչ ամեն ինչ: (Հատակից վերցնում է վարդը, դնում է ծաղկամանի մեջ:)
Բրիջիդը երևում է աջ կողմի դռանը:
ԲՐԻՋԻԴ — Թեյը սեղանին է, տիրուհի:
ԲԵՐԹԱ – Լա՛վ, շնորհակալություն:
ԲՐԻՋԻԴ — Իսկ միստր Արչին այգում է:
ԲԵՐԹԱ — Ներս կանչիր նրան:
ԲՐԻՋԻԴ — (այգում): Միստր Արչի… Եկեք թեյելու…
ԲԵՐԹԱ — Ես պե՞տք է գնամ այդ քոթեջը:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դու ուզո՞ւմ ես գնալ:
ԲԵՐԹԱ — Ես ուզում եմ պարզել՝ նրա նպատակը ո՞րն է: Գնա՞մ:
ՌԻՉԱՐԴ — Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Ինքդ որոշիր:
ԲԵՐԹԱ — Դու ինձ ասո՞ւմ ես, որ գնամ:
ՌԻՉԱՐԴ — Ո՛չ:
ԲԵՐԹԱ — Դու արգելո՞ւմ ես, որ գնամ:
ՌԻՉԱՐԴ — Ո՛չ:
ԲՐԻՋԻԴ — Շուտ եկեք, միստր Արչի:
ԲԵՐԹԱ — (երկտողը ծալում, դնում է գրպանը): Ինձ ասա՝ մի գնա, և ես չեմ գնա:
ՌԻՉԱՐԴ — Ինքդ որոշիր:
ԲԵՐԹԱ — Հետո ինձ կմեղադրե՞ս:
ՌԻՉԱՐԴ — Ոչ, ոչ: Ես քեզ չեմ մեղադրի: Դու ազատ ես: Ես չեմ կարող քեզ մեղադրել:
ԲԵՐԹԱ — Ես քեզ չեմ խաբել: (Դուրս է գնում:)
ԱՐՉԻ — (ներս մտնելով): Դու հարցրի՞ր նրան:
ՌԻՉԱՐԴ — Ի՞նչ հարցնեմ:
ԱՐՉԻ – Կարո՞ղ եմ գնալ:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ԱՐՉԻ – Առավոտյա՞ն: Նա համաձայնվե՞ց:
ՌԻՉԱՐԴ — Այո: Առավոտյան:
ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ ԵՐԿՐՈՐԴ
Ռոբերտ Հանդի քոթեջը Րանելայում: Նա նստած է դաշնամուրի մոտ:
ՌՈԲԵՐՏ — Բերթա… (Գնում է դուրս, լսվում են ողջագուրանքի ձայներ: Քիչ անց ներս է մտնում Ռիչարդ Րոուենի ուղեկցությամբ:) Նախ, թող սրանք դուրս տանեմ: (Վերցնում է գլխարկն ու անձրևանոցը:) Այ քեզ բան… Քո բախտը բերեց, որ ինձ գտար այստեղ: Ինչո՞ւ նախօրոք չասացիր: Դու միշտ էլ անակնկալ բաներ ես արել: Կարծում եմ՝ անցյալի իմ ապրումները չափազանց են քո տաքարյունության համար: Տես, ինչքան արտիստիկ եմ դարձել: (Ցույց է տալիս պատերը:) Դաշնամուրը նոր է: Վագներ էի ծնգծնգացնում, երբ դու ներս մտար: Ժամանակ սպանելու համար: Տեսնո՞ւմ ես՝ պատրաստ եմ վիճաբանել: Իսկ քիչ առաջ մտածում էի՝ դու և փոխռեկտորը ինչպե՞ս եք յոլա գնալու: Բայց այդ կոստյումո՞վ պիտի գնաս: Լավ, կարծում եմ, դա այնքան էլ նշանակություն չունի: Բայց ինչպե՞ս է ժամանակն անցնում: Այո… Ութն անց է քսան րոպե:
ՌԻՉԱՐԴ – Ժամադրվա՞ծ ես:
ՌՈԲԵՐՏ — Այո, դու միշտ էլ կասկածամիտ ես եղել:
ՌԻՉԱՐԴ — Լավ, իսկ կարո՞ղ եմ նստել:
ՌՈԲԵՐՏ — Իհարկե, իհարկե: Համենայնդեպս, մի քանի րոպե: Հետո մենք կարող ենք միասին գնալ: Մեր ժամանակը սահմանափակ չէ: Նա ասաց՝ ութի և իննի արանքում, այնպես չէ՞: Հետաքրքիր է, հիմա ժամը քանի՞սն է: Այո, ութն անց կես:
ՌԻՉԱՐԴ — Քո ժամադրությունն է՞լ նույն ժամին էր: Այստեղ:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ ժամադրություն:
ՌԻՉԱՐԴ — Բերթայի հետ:
ՌՈԲԵՐՏ — Դու խելագա՞ր ես:
ՌԻՉԱՐԴ – Ճի՞շտ է, որ ժամադրված ես:
ՌՈԲԵՐՏ — Քեզ ո՞վ ասաց:
ՌԻՉԱՐԴ — Բերթան:
ՌՈԲԵՐՏ — Այո: Երևի ես խելագար եմ եղել: Լսիր, Ռիչարդ: Ինձ համար մեծ սփոփանք է, որ եկար, մեծագույն սփոփանք: Ես անկեղծ եմ ասում, այսօր, միջօրեից հետո, շարունակ մտածում էի՝ ինչպես վերջ դնեմ այս ամենին՝ հիմար դրության մեջ չընկնելով: Մեծ սփոփանք է: Ես նույնիսկ ուզում էի քեզ լուր ուղարկել… մի քանի տող նամակ: Բայց հետո չափազանց ուշ էր: Թույլ տուր անկեղծորեն խոսեմ քեզ հետ, թույլ տուր քեզ ամեն բան ասեմ:
ՌԻՉԱՐԴ — Ես ամեն ինչ գիտեմ: Ես արդեն գիտեի:
ՌՈԲԵՐՏ – Երբվանի՞ց:
ՌԻՉԱՐԴ — Այն օրվանից, երբ դա սկսվեց քո և նրա միջև:
ՌՈԲԵՐՏ — Այո, երևի ես խելագար էի: Դա պարզապես թեթևամտություն էր: Ես ընդունում եմ, որ այս երեկո նրան այստեղ ժամադրելը սխալ էր: Ես կարող եմ ամեն ինչ բացատրել քեզ: Եվ կբացատրեմ: Ճշմարտորեն:
ՌԻՉԱՐԴ — Բացատրիր, ո՞րն է այն բառը, որը դու կամենում, բայց երբևէ չէիր համարձակվում նրան ասել: Եթե կարող ես կամ կամենում ես:
ՌՈԲԵՐՏ — Այո, ես կասեմ: Ես հափշտակված եմ քո կնոջ… անձով: Ահա այդ բառը: Ես կարող եմ ասել: Դա գաղտնիք չէ:
ՌԻՉԱՐԴ — Իսկ ինչո՞ւ էիր ուզում թաքուն պահել քո սիրահետումները:
ՌՈԲԵՐՏ – Սիրահետումնե՞րը:
ՌԻՉԱՐԴ — Ուզում եմ ասել՝ քո մոտևորվելը նրան՝ կամաց-կամաց, օրեցօր: Հայացքներ, շշնջոցներ, սիրաբանություններ:
ՌՈԲԵՐՏ — Բայց որտեղի՞ց գիտես այդ բոլորը:
ՌԻՉԱՐԴ — Նա էր ինձ ասում:
ՌՈԲԵՐՏ — Այսօր երեկոյա՞ն:
ՌԻՉԱՐԴ — Ոչ: Ժամ առ ժամ, ինչպես որ տեղի էր ունենում:
ՌՈԲԵՐՏ — Դու իմացե՞լ էիր: Նրանի՞ց: Այդ ամբողջ ժամանակ դու հետևո՞ւմ էիր մեզ:
ՌԻՉԱՐԴ — Ես հետևում էի ձեզ:
ՌՈԲԵՐՏ — Ես ի՛նձ հետևելը նկատի ունեմ: Իսկ դու երբեք չէիր խոսում: Դու ուղղակի պետք է մի բառ ասեիր, ինքս ինձանից փրկվելու համար: Դու փորձում էիր ինձ: Դա սոսկալի դատավարություն էր: Հիմա դարձյալ շարունակվում է: Լավ, ինչ եղել է, եղել է: Դա ինձ դաս կլինի: Այո, դու հիմա ատում ես ինձ իմ արածի համար և այն բանի համար, որ…
ՌԻՉԱՐԴ — Ես ասացի՞, որ ատում եմ քեզ:
ՌՈԲԵՐՏ – Չե՞ս ասում: Դու պե՛տք է ասես:
ՌԻՉԱՐԴ — Եթե նույնիսկ Բերթան չասեր, ես կիմանայի: Դու չնկատեցի՞ր, երբ այսօր մի պահ մտա իմ աշխատասենյակ:
ՌՈԲԵՐՏ — Այո, հիշում եմ:
ՌԻՉԱՐԴ — Որ քեզ ժամանակ տայի՝ կենտրոնանայիր: Ես շատ վշտացա՝ տեսնելով քո աչքերը: Նաև՝ վարդերը: Ես չեմ կարող բացատրել՝ ինչու այդքան շատ բացված վարդերի փունջ:
ՌՈԲԵՐՏ — Կարծում էի՝ դրանք պիտի նրան նվիրեի: Ի՞նչ տարօրինակ բան կա: Երևի չափից ավելի շա՞տ էր: Կամ չափից ավելի՞ էր թառամած, կամ հասարա՞կ…
ՌԻՉԱՐԴ — Ահա թե ինչու չատեցի քեզ: Այդ բոլորն իմ մեջ խղճահարություն առաջացրեց:
ՌՈԲԵՐՏ — Եվ սա իրականություն է: Դա երբեմն պատահում է մեզ: Բերթան նույնպես փորձում էր ինձ. ինձ վրա փորձեր էր կատարում, հանուն քեզ…
ՌԻՉԱՐԴ — Դու կանանց ավելի լավ ես ճանաչում: Նա ասում է, որ խղճում է քեզ:
ՌՈԲԵՐՏ — Խղճում է ինձ, որովհետև ես այլևս… իդեալական սիրեկան չեմ: Իմ վարդերի պես: Հասարակ, թառամած ու ծեր:
ՌԻՉԱՐԴ — Բոլոր տղամարդկանց պես դու ունես հիմար ու մոլորված սիրտ:
ՌՈԲԵՐՏ — Այո, դու վերջապես խոսեցիր: Դու ճիշտ պահն ընտրեցիր:
ՌԻՉԱՐԴ — Ռոբերտ, բայց ոչ այս ձևով: Ոչ մեր երկուսի համար: Մեր տարիները, մեր ամբողջ կյանքը, մեր ընկերությունը: Մի պահ մտածիր: Մանկությունից, պատանեկությունից սկսած: Ոչ, ոչ: Ոչ այս ձևով — գողերի պես — գիշերով: Եվ այստեղ… Ոչ, Ռոբերտ, դա մեզ նման մարդկանց համար չէ:
ՌՈԲԵՐՏ – Ինչպիսի՜ դաս… Ռիչարդ, դու չես պատկերացնում՝ ինչպիսի սփոփանք է ինձ համար, որ խոսեցիր, և այդ վտանգն անցավ: Այո, այո: Որովհետև… կար որոշ վտանգ նաև քեզ համար, եթե կուզես իմանալ: Չկա՞…
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչ վտանգ:
ՌՈԲԵՐՏ — Չգիտեմ: Ուզում եմ ասել՝ եթե դու չխոսեիր: Եթե դու հետևեիր և շարունակեիր սպասել, մինչև…
ՌԻՉԱՐԴ — Մինչև՞…
ՌՈԲԵՐՏ — Մինչև նրան ավելի ու ավելի շատ սիրեի, ավելի խորը սիրեի նրան: Դա, իհարկե, իմ թեթևամիտ մտադրությունն էր… Այն ժամանակ դու կխոսեիր ինձ հետ այնպես, ինչպես հիմա: Դա ուրիշ կլիներ, այնպես չէ՞: Քանի որ այն ժամանակ կարող էր չափազանց ուշ լինել, մինչդեռ հիմա ուշ չէ: Այն ժամանակ ի՞նչ կարող էի ասել: Ես միայն կարող էի ասել. դու իմ ընկերն ես, իմ թանկագին ու բարի ընկերը: Շատ եմ ներողություն խնդրում, բայց ես սիրում եմ նրան: Ես սիրում եմ նրան և կխլեմ քեզանից, ես կարող եմ դա անել, որովհետև սիրում եմ նրան:
ՌԻՉԱՐԴ — Ահա հենց այդ խոսակցությունն էր, որն այնքան հաճախ լսում էի ու երբեք չէի հավատում: Դու նկատի ունես գողությա՞մբ, թե՞ բռնությամբ խլել: Իմ տանը գողություն չէիր կարող անել, որովհետև իմ դռները բաց էին… Ոչ էլ կարող էիր բռնությամբ խլել, քանի որ դիմադրություն չկար:
ՌՈԲԵՐՏ — Դու մոռանում ես, որ երկնքի թագավորությունը տառապում է բռնությունից: Իսկ երկնքի թագավորությունը նման է կնոջը:
ՌԻՉԱՐԴ — Շարունակիր:
ՌՈԲԵՐՏ — Կարծում ես, իրավունքնե՞ր ունես նրա վրա, նրա սրտի վրա:
ՌԻՉԱՐԴ — Ոչ:
ՌՈԲԵՐՏ – Ինչո՞ւ ես նրա համար այդքան շատ բան արել՝ չպահանջելով ոչինչ:
ՌԻՉԱՐԴ — Ոչի՞նչ:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ եմ ասում: Ի՞նչ եմ մտածում: Երանի կշտամբեիր ինձ, հայհոյեիր, ատեիր ինձ, ինչին ես արժանի եմ: Դու սիրում ես այս կնոջը: Ես հիշում եմ քո նախկին բոլոր ասածները: Նա քոնն է, քո աշխատանքի պտուղը: Ահա թե ինչու ես նույնպես տարվեցի նրանով: Դու այնքան ուժեղ ես, որ նույնիսկ ինձ ես հրապուրում նրա միջոցով:
ՌԻՉԱՐԴ — Ես թույլ եմ:
ՌՈԲԵՐՏ — Դու… Ռիչարդ… Դու ուժի մարմնացում ես:
ՌԻՉԱՐԴ — Ահա, շոշափիր, զգա այս ձեռքերը:
ՌՈԲԵՐՏ — Այո: Իմ ձեռքերն ավելի ուժեղ են: Բայց ես ուրիշ ուժ նկատի ունեմ:
ՌԻՉԱՐԴ — Կարծում եմ, դու կփորձեիր նրան խլել կոպտությամբ:
ՌՈԲԵՐՏ — Դրանք այն բացահայտ խելագարության պահերն են, երբ անզուսպ կիրք ենք տածում կնոջ նկատմամբ: Մենք ոչինչ չենք տեսնում: Ոչնչի մասին չենք մտածում: Միայն տիրանալ… Անվանիր դա անասնական ու վայրենի… ինչ ուզում ես՝ անվանիր:
ՌԻՉԱՐԴ — Վախենամ, այդ կնոջը տիրանալու ցանկությունը սեր չէ:
ՌՈԲԵՐՏ — Ոչ մի տղամարդ, որ երբևէ ապրել է այս երկրի վրա, չի ցանկացել տիրանալ… տիրանալ այն կնոջ մարմնին, ում սիրում է: Դա բնության օրենքն է:
ՌԻՉԱՐԴ — Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ես, ի՛նչ է, համաձա՞յն եմ դրան:
ՌՈԲԵՐՏ — Բայց եթե դու սիրում ես… էլ ուրիշ ի՞նչ կարելի է ասել դրան:
ՌԻՉԱՐԴ — Նրան բարին ցանկանալ:
ՌՈԲԵՐՏ — Իսկ այն կիրքը, որն այրում է մեզ գիշեր ու ցերեկ՝ տիրանալու նրան: Դու զգում ես դա, ինչպես ես: Բայց դա քո ասածը չէ:
ՌԻՉԱՐԴ — Դու լիովին համոզվա՞ծ ես, որ քոնն է այն ուղեղը, որի կոնտակտի միջոցով նա պետք է մտածի և հասկանա, որ քոնն է այն մարմինը, որի կոնտակտի միջոցով նրա մարմինը պետք է զգա: Քո հոգու խորքում դու լիովին համոզվա՞ծ ես:
ՌՈԲԵՐՏ — Իսկ դո՞ւ:
ՌԻՉԱՐԴ — Ես ժամանակին ունեի այնպիսի հստակ համոզմունք, ինչպես իմ գոյությունը:
ՌՈԲԵՐՏ — Իսկ հիմա՞:
ՌԻՉԱՐԴ — Եթե դու ունենայիր և ես զգայի, որ ունես, թեկուզ հիմա…
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ կանեիր:
ՌԻՉԱՐԴ — Կհեռանայի: Ոչ թե ես, այլ դու պետք կլինեիր նրան: Միայնակ, ինչպես էի նախքան նրան հանդիպելը:
ՌՈԲԵՐՏ — Մի սիրուն, փոքրիկ բեռ՝ իմ խղճմտանքի վրա:
ՌԻՉԱՐԴ — Դու հանդիպեցիր որդուս, երբ այսօր եկար մեր տուն: Նա ինձ ասաց: Ի՞նչ զգացիր այդ պահին:
ՌՈԲԵՐՏ — Հաճույք:
ՌԻՉԱՐԴ — Ուրիշ ոչի՞նչ:
ՌՈԲԵՐՏ — Ուրիշ ոչինչ: Ուղղակի ես մտածում էի երկու բանի մասին, միաժամանակ: Ես այդպիսին եմ: Եթե իմ լավագույն ընկերը պառկած լիներ դագաղի մեջ, իսկ նրա դեմքը ծիծաղելի արտահայտություն ունենար, ես անպայման կժպտայի: Ես այդպիսին եմ: Բայց նաև կվշտանայի, խորապես:
ՌԻՉԱՐԴ — Դու խոսում էիր խղճմտանքից… Որդիս քեզ միայն երեխա՞ երևաց, թե՞ հրեշտակ:
ՌՈԲԵՐՏ — Ոչ: Ոչ հրեշտակ, ոչ էլ անգլո-սաքսոն: Իմիջիայլոց, երկուսի նկատմամբ էլ շատ քիչ համակրանք ունեմ:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն բոլորովի՞ն չունես: Նույնիսկ Բերթայի՞ նկատմամբ: Ասա, ես ուզում եմ իմանալ:
ՌՈԲԵՐՏ — Իմ սրտի խորքում ինչ-որ ուրիշ բան եմ զգում: Ես հավատում եմ, Դատաստանի օրը (եթե դա երբևէ լինելու է), երբ բոլորս միասին հավաքվենք, Ամենակարողը մեզ հետ կխոսի այսպես: Մենք կասենք, որ ապրել ենք մաքրաբարո մեկ այլ արարածի նկատմամբ:
ՌԻՉԱՐԴ — Ստել նրան…
ՌՈԲԵՐՏ — Կամ կփորձենք: Եվ նա մեզ կասի. «Հիմարներ… Ո՞վ է ձեզ ասել, որ դուք պետք է նվիրվեք միմիայն մեկ արարածի: Դուք արարվել եք, որպեսզի ազատորեն նվիրվեք շատերին: Ես այդ օրենքը իմ մատով ձեր սրտերին եմ գրել»:
ՌԻՉԱՐԴ — Կնոջ սրտին նույնպե՞ս:
ՌՈԲԵՐՏ — Այո: Կարո՞ղ ենք մեր սիրտը փակել այն սիրո հանդեպ, որն այնպես խորն ենք զգում: Պե՞տք է մենք փակենք: Պե՞տք է այդ կինը փակի:
ՌԻՉԱՐԴ — Մենք խոսում ենք մարմնական կապի մասին:
ՌՈԲԵՐՏ — Տղամարդու և կնոջ ճշմարիտ սերը պետք է հանգի դրան: Մենք չափից ավելին ենք դրա մասին մտածում, որովհետև մեր մտքերը ծուռ են: Այսօր մեզ համար ավելի կարևոր կապ գոյություն չունի, քան համբույրն է:
ՌԻՉԱՐԴ — Եթե այլ կապ կարևոր չէ, ինչո՞ւ դրանով չբավարարվեցիր, փորձելով ավարտին հասցնել: Ինչո՞ւ էիր սպասում այստեղ մինչև երեկո:
ՌՈԲԵՐՏ — Կիրքը նպատակ ունի հնարավորին չափ հեռու գնալ: Ինձ հավատո՞ւմ ես, թե՞ ոչ, բայց ավարտին հասցնելու մտադրություն չունեի:
ՌԻՉԱՐԴ — Հասցրու, եթե կարող ես: Ես քո դեմ ոչ մի զենք չեմ կիրառի, թեկուզ ամբողջ աշխարհի զենքն իմ ձեռքում լինի: Եթե քո ասած օրենքը այն օրենքն է, որն Աստծո մատը գրել է մեր սրտերին, ապա ես նույնպես Աստծո ստեղծածն եմ:
ՌՈԲԵՐՏ — Ես միշտ իմ սրտում զգացել եմ դա: Նաև ուրիշների:
ՌԻՉԱՐԴ – Այո՞:
ՌՈԲԵՐՏ — Բոլորը: Նաև կինը, իրավունք ունեն փորձելու բազմաթիվ տղամարդկանց, մինչև սերը գտնելը: Սա անբարոյական տեսակետ է, այնպես չէ՞: Միշտ ուզեցել եմ գիրք գրել այդ մասին: Ես արդեն սկսել եմ:
ՌԻՉԱՐԴ – Այո՞…
ՌՈԲԵՐՏ — Որովհետև մի կնոջ էի ճանաչում, որն այդպես էր վարվում՝ այդ գաղափարն իրագործելով իր անձնական կյանքում: Նա ինձ շատ էր հետաքրքրում:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դա ե՞րբ է եղել:
ՌՈԲԵՐՏ — Ոչ շատ վաղուց: Երբ ղու հեռացել էիր այստեղից: Տեսնո՞ւմ ես, ես ավելի ազնիվ եմ, քան դու կարծում էիր:
ՌԻՉԱՐԴ — Երանի հիմա նրա մասին չմտածեիր, ով էլ այդ կինը եղած լինի կամ է:
ՌՈԲԵՐՏ — Նա բորսային միջնորդի կինն էր: Հիմա էլ նրա կինն է:
ՌԻՉԱՐԴ — Դու ճանաչո՞ւմ ես այդ միջնորդին:
ՌՈԲԵՐՏ — Շատ մտերմորեն: Կարելի՞ է քեզ մի հարց տալ:
ՌԻՉԱՐԴ — Կարող ես:
ՌՈԲԵՐՏ — Այս տարիների ընթացքում քեզ հետ երբեք չի՞ պատահել… Ուզում եմ ասել, երբ դու հեռու ես եղել նրանից, ասենք, մեկնել ես ճամփորդության… կամ… այդ ընթացքում նրան չե՞ս դավաճանել… Դավաճանել, նկատի ունեմ, առանց սիրելու: Մարմնապես: Այսինքն, դա քեզ հետ երբեք չի՞ պատահել:
ՌԻՉԱՐԴ — Պատահել է:
ՌՈԲԵՐՏ – Հետո՞, դու ինչպե՞ս վարվեցիր:
ՌԻՉԱՐԴ — Հիշում եմ՝ առաջին անգամ ես եկա տուն: Գիշեր էր: Տանը ծպտուն չկար: Փոքրիկ տղաս քնած էր: Նա նույնպես քնած էր: Ես արթնացրի նրան և ամեն ինչ պատմեցի: Արտասվեցի նրա մահճակալի մոտ: Զգում էի՝ շատ էի խոցել նրա սիրտը:
ՌՈԲԵՐՏ — Բայց, Ռիչարդ, ինչո՞ւ ես այդ բանն արել:
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչ, որ դավաճանե՞լ եմ նրան:
ՌՈԲԵՐՏ — Ոչ: Ինչո՞ւ ես նրան քնից արթնացրել ու ամեն ինչ պատմել: Հենց դա է խոցել նրա սիրտը:
ՌԻՉԱՐԴ — Նա պետք է ինձ ճանաչի:
ՌՈԲԵՐՏ — Բայց դա քեզանից չէ: Ուղղակի իրականության մի պահ:
ՌԻՉԱՐԴ — Իսկ ես բորբոքում եմ նրա անմեղության բոցն իմ մեղքերով:
ՌՈԲԵՐՏ — Բայց դու մի խոսիր մեղքի և անմեղության մասին: Դու ես նրան այդպիսին դարձրել: Դու շատ տարօրինակ և զարմանալի մարդ ես: Համենայնդեպս, իմ աչքում:
ՌԻՉԱՐԴ — Կամ սպանել եմ նրան:
ՌՈԲԵՐՏ – Սպանե՞լ ես նրան:
ՌԻՉԱՐԴ — Նրա հոգու կուսությունը:
ՌՈԲԵՐՏ — Կորստյան ես մատնել… իսկ նա ի՞նչ կլիներ առանց քեզ:
ՌԻՉԱՐԴ — Ես փորձում էի նրան նոր կյանք պարգևել:
ՌՈԲԵՐՏ — Եվ դու պարգևել ես: Մի նոր ու հարուստ կյանք:
ՌԻՉԱՐԴ — Իսկ այդ բոլորն արժե՞ այն բանին, ինչը ես խլել եմ նրանից՝ նրա կուսությունը, նրա ծիծաղը, անմեղ գեղեցկությունը, մանկամարդ սրտում փայփայած հույսերը:
ՌՈԲԵՐՏ — Այո: Արժե: Քանի որ դու անտեսել ես նրան՝ ապրելով բուռն կյանքով, այնքան հեռացնելով նրան և տառապանք պատճառելով:
ՌԻՉԱՐԴ – Ե՞ս եմ այդպիսի բան արել:
ՌՈԲԵՐՏ – Հասկանո՞ւմ ես, այստեղ շշուկներ են տարածվել քո արտասահմանյան բուռն կյանքի մասին: Մի քանիսը, ովքեր ճանաչում էին քեզ, հանդիպել կամ քո մասին լսել էին Հռոմում: Սուտ բամբասանքներ…
ՌԻՉԱՐԴ — Շարունակիր:
ՌՈԲԵՐՏ — Չնայած նրա մասին երբեմն մտածում էի որպես զոհի: Եվ, իսկապես, Ռիչարդ, ես միշտ զգում և հասկանում էի, որ դու մեծատաղանդ մարդ ես եղել կամ ավելին, քան տաղանդն է: Եվ դա է քո արժանիքն իմ աչքում:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դու երևի կարծում էիր, թե այս պահին արհամարհո՞ւմ եմ նրան: Գուցե դեռ լռե՞մ: Իսկ նա վերջապես կարող է տրվել քեզ: Լիովին և բազմաթիվ անգամներ:
ՌՈԲԵՐՏ — Իմ թանկագին Ռիչարդ, իմ թանկագին ընկեր: Երդվում եմ, եթե ուզեմ էլ՝ չեմ կարող տառապանք պատճառել քեզ:
ՌԻՉԱՐԴ — Եվ դու այն ժամանակ երևի հասկանաս, հոգով և մարմնով, այլևայլ ձևերով, շարունակ անհանգստացած, ինչը մի ծեր աստվածաբան, Դան Սքոթուս անունով, կարծեմ անվանել է ոգու մահ:
ՌՈԲԵՐՏ – Մա՞հ… Ո՛չ, դրա հաստատումը: Մա՛հ… Կյանքի գերագույն պահը, որից ամբողջ կյանքն է բխում, բնության հավերժական օրենքը:
ՌԻՉԱՐԴ — Իսկ բնության մյուս օրենքը, ինչպես դու ես անվանում, փոփոխությունն է: Ինչպե՞ս կարելի է, որ դեմ լինես նրան և ինձ, երբ նրա գեղեցկությունը, ինչպես դու ես ասում, ձանձրացնելու է քեզ, իսկ իմ համակրանքը քո նկատմամբ կեղծ ու տհաճ է լինելու:
ՌՈԲԵՐՏ — Դա երբեք չի լինի, երբե՛ք:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դու նույնիսկ քո դեմ ես դուրս եկել՝ ինձ ճանաչելով, նաև առուծախի՞ ենթարկելով երկուսիս:
ՌՈԲԵՐՏ — Երբեք նման բան չի լինի, Ռիչարդ: Համոզված եղիր:
ՌԻՉԱՐԴ — Ինձ շատ քիչ է մտահոգում, թե ինչ է կատարվում ձեր միջև: Որովհետև մի բան կա, որից ավելի շատ եմ վախենում:
ՌՈԲԵՐՏ – Դո՞ւ ես վախենում: Ես քեզ չեմ հավատում, Ռիչարդ: Երբ մենք փոքր տղաներ էինք, ես հետևում էի քո մտքին: Քո մտքով էլ չի անցնում, թե ինչ բան է բարոյական վախը:
ՌԻՉԱՐԴ — Լսիր: Նա մեռած է: Նա պառկած է իմ անկողնում: Ես նայում եմ նրա մարմնին, որին չեմ դավաճանել կեղտոտ ձևով ու բազմաթիվ անգամներ: Ես նաև սիրում էի և արցունք թափում նրա վրա: Գիտեմ նաև, որ նրա մարմինը միշտ եղել է իմ օրինական ստրուկը: Ինձ, միայն ինձ էին այն նվիրել…
ՌՈԲԵՐՏ — Այդքան մի տանջվիր, Ռիչարդ: Կարիք չկա: Նա օրինականորեն քոնն է՝ մարմնով և հոգով: Էլ ինչո՞ւ ես վախենում:
ՌԻՉԱՐԴ — Ես այդ վախը նկատի չունեմ: Ես վախենում եմ, որ հետո կշտամբելու եմ ինձ՝ ամեն ինչ ինձ վերցնելու համար, որովհետև նա այդքան չէր տառապի, եթե մեկ ուրիշին տար այն, ինչն իրենն է և ոչ իմը, տալ, որովհետև ես նրանից ստացել եմ նրա հավատարմությունը՝ փոխարենը նրա կյանքը ավելի ողորմելի դարձնելով սիրո մեջ: Ես դրանից եմ վախենում: Ահա թե ինչու եմ ամեն վայրկյան կանգնում նրա և կյանքի միջև: Ես այդ բանը չեմ անի: Չեմ կարող և չեմ անի: Ես չեմ համարձակվում:
ՌՈԲԵՐՏ — Հիմա լսիր, Ռիչարդ: Մենք ասացինք այն ամենը, ինչ պիտի ասվեր: Թող անցյալն անցած լինի:
ՌԻՉԱՐԴ — Սպասիր: Մի բան էլ կա: Դու նույնպես ինձ պետք է հասկանաս այնպես, ինչպես հիմա ես եմ հասկանում:
ՌՈԲԵՐՏ — Մի բա՞ն էլ կա: Ի՞նչ կա:
ՌԻՉԱՐԴ — Ես քեզ արդեն ասացի: Երբ այսօր միջօրեին տեսա քո աչքերը՝ տխրեցի: Նաև քո խոնարհությունը և շփոթմունքը, և զգացի, որ մենք կապված ենք եղբայրաբար: Այդ պահին ես վերապրեցի մեր անցյալի ամբողջ կյանքը միասին և շատ ուզեցի գրկել քեզ:
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդ, քո կողմից չափազանց ազնվություն է, որ ինձ այսպես ներում ես:
ՌԻՉԱՐԴ — Բայց ես քեզ ասել էի՝ երանի դու որևէ կեղծ ու ծածուկ բան չանես իմ դեմ, մեր ընկերության, նրա դեմ, չգողանաս նրան ինձանից խորամանկորեն, ծածուկ, ստորաբար… խավար գիշերվա մեջ… Դո՛ւ, Ռոբերտ, իմ ընկեր:
ՌՈԲԵՐՏ — Ես գիտեմ: Դա մեծ ազնվություն է քո կողմից:
ՌԻՉԱՐԴ — Ոչ: Ազնիվ չէր: Անազնիվ էր:
ՌՈԲԵՐՏ – Ինչպե՞ս: Ինչո՞ւ:
ՌԻՉԱՐԴ — Ահա թե ինչ պետք է ասեմ քեզ: Որովհետև իմ անազնիվ սրտի խորքում ես փափագում էի դավաճանված լինել քո և նրա կողմից՝ խավար գիշերվա մեջ, ծածուկ, ստորաբար, նենգորեն: Քո և նրա կողմից, իմ լավագույն ընկեր: Ես փափագում էի դա կրքոտ և անամոթաբար, որ խայտառակվեմ հավիտենորեն, սիրո և կրքի մեջ:
ՌՈԲԵՐՏ — (ձեռքի ափով փակելով նրա բերանը): Բավական է: Բավական: (Ձեռքը հեռացնելով:) Բայց ոչ: Շարունակիր:
ՌԻՉԱՐԴ — Լինել հավիտյանս խայտառակ արարած՝ իմ հոգին դարձյալ վերանորոգելով ամոթալի ավերակներից:
ՌՈԲԵՐՏ — Ահա թե ինչու էիր ուզում, որ նա…
ՌԻՉԱՐԴ — Նա միշտ խոսում էր իր հավատարմության մասին, իսկ երբ ես էի խոսում իմ մեղքի մասին, միշտ նվաստանում էի:
ՌՈԲԵՐՏ – Ուրեմն՝ հպարտությունի՞ց:
ՌԻՉԱՐԴ — Հպարտությունից, նաև ամոթալի փափագից: Նաև մի դրդապատճառից, որը շատ խորն է:
ՌՈԲԵՐՏ — Հասկանում եմ քեզ: Գուցե այնպես չէ, որ մենք հիմա այստեղ ենք և պահի տակ, որը մեզ կազատի, երկուսիս՝ ինձ ու քեզ, վերջին կապանքներից, որն անվանվում է բարոյականություն: Իմ ընկերությունը քեզ հետ այդպիսի կապանքների մեջ է դնում ինձ:
ՌԻՉԱՐԴ — Ինչպես երևում է՝ թույլ կապեր են:
ՌՈԲԵՐՏ — Ես գործել եմ խավարի մեջ, ծածուկ: Ես այլևս այդպիսի բան չեմ անի: Դու այդքան խիզախություն ունես, որ թույլ տաս՝ գործեմ ազատորեն:
ՌԻՉԱՐԴ — Մենամարտ երկուսիս միջև՞:
ՌՈԲԵՐՏ — Ճակատամարտ մեր երկու հոգիների, որոնք տարբեր են, ընդդեմ այն ամենի, ինչը կեղծ է մարդկանց մեջ և կյանքում: Քո հոգու ճակատամարտն ընդդեմ ընկերության ուրվականի: Ամբողջ կյանքը հաղթանակ է, մարդկային կրքի հաղթանակը երկչոտության պատվիրանների դեմ: Ունե՞ս, Ռիչարդ: Ունե՞ս այդ համարձակությունը: Թեկուզ դա ատոմի մասնիկների բաժանի մեր ընկերությունը, թեկուզև դրանով վերջ դրվի այդ վերջին պատրանքին քո անձնական կյանքում: Այո՞: Նախքան մեր ծնվելը հավիտենություն էր, մեկ ուրիշ հավիտենություն է լինելու մեր մեռնելուց հետո: Միմիայն կույր բնազդի պահը, կիրքն է ազատ, անամոթ, անհաղթահարելի և դա՛ է միակ ելքը, որով մենք կարող ենք ճողոպրել այն թշվառությունից, որը ստրուկները կյանք են անվանում: Մի՞թե սա չէ այն խոսակցությունը քո իսկ երիտասարդության, որ քեզնից այնքան հաճախ լսել եմ հենց այստեղ, ուր հիմա նստած ենք: Դու փոխվե՞լ ես:
ՌԻՉԱՐԴ – Այո՛, դա իմ պատանեկության լեզուն է:
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդ, դո՛ւ ես ինձ հասցրել այս կետին: Ես և նա միայն հնազանդվել ենք քո կամքին: Դու ինքդ ես այս բառերն արթնացրել իմ ուղեղում: Քո սեփական բառերն են: Պե՞տք է մենք լինենք ազատորեն միասին:
ՌԻՉԱՐԴ – Միասին՝ ոչ: Ինքդ պայքարիր միայնակ: Թող, որ ես էլ… ինքս միայնակ պայքարեմ:
ՌՈԲԵՐՏ — Ուրեմն ինձ թույլատրո՞ւմ ես:
ՌԻՉԱՐԴ — Դու ազատ ես:
Դռան թակոց:
ՌՈԲԵՐՏ — Սա ի՞նչ կարող է նշանակել:
ՌԻՉԱՐԴ — Երևի Բերթան է: Նրան չե՞ս խնդրել, որ գա:
ՌՈԲԵՐՏ — Այո, բայց… Այդ դեպքում ես գնում եմ, Ռիչարդ:
ՌԻՉԱՐԴ – Ո՛չ, ես եմ գնում:
ՌՈԲԵՐՏ
— Ռիչարդ, աղաչում եմ քեզ: Թող ես գնամ: Վերջ: Նա քոնն է: Պահպանիր նրան, և կներեք ինձ… երկուսով:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն դու այնքան ազնիվ ես, որ թույլատրո՞ւմ ես ինձ…
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդ, ես կբարկանամ քո վրա, եթե ինձ այդպիսի բան ասես:
ՌԻՉԱՐԴ — Բարկանաս, չբարկանաս, ես չեմ ապրելու քո ազնվությամբ: Դու նրան խնդրել ես հանդիպել, այստեղ, այսօր երեկոյան, միայնակ: Այդ հարցը երկուսով որոշեք:
ՌՈԲԵՐՏ — Դուռը բացիր: Ես կսպասեմ այգում: Ռիչարդ, նրան հնարավորին չափ լավ բացատրիր: Հիմա նրան չեմ կարող հանդիպել:
ՌԻՉԱՐԴ — Ես պետք է գնամ: Ասում եմ քեզ: Եթե ուզում ես, սպասիր այստեղ:
Ռոբերտը դուրս է գնում պատշգամբով, բայց դարձյալ վերադառնում է:
ՌՈԲԵՐՏ — Անձրևանոցը… (Դուրս է գնում:)
Ներս է մտնում Ռիչարդը՝ Բերթայի ուղեկցությամբ:
ՌԻՉԱՐԴ — Բարի վերադարձ, հնամենի Իռլանդիա՜…
ԲԵՐԹԱ — Սա՞ է այն տեղը:
ՌԻՉԱՐԴ — Այո, սա է: Ինչպե՞ս գտար:
ԲԵՐԹԱ — Ես կառապանին բացատրեցի՝ ուր եմ գնում: Իսկ նա գնացե՞լ է:
ՌԻՉԱՐԴ — Սպասում է այգում: Սպասում էր, երբ եկա:
ԲԵՐԹԱ – Տեսնո՞ւմ ես, դու վերջապես եկար:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դու կարծում էիր՝ չէի՞ գալու:
ԲԵՐԹԱ — Ես գիտեի, դու չէիր կարող անտարբեր մնալ: Հասկանո՞ւմ ես, դու ի վերջո նման ես մյուս բոլոր տղամարդկանց: Դու ստիպված էիր գալու: Դու խանդոտ ես, ինչպես մյուսները:
ՌԻՉԱՐԴ — Երևում է՝ բարկացար, երբ ինձ գտար այստեղ:
ԲԵՐԹԱ – Բա՞ն է պատահել ձեր միջև:
ՌԻՉԱՐԴ — Ես նրան ասացի, որ ամեն բան իմացել եմ, որ վաղուց գիտեի: Նա հարցրեց՝ ինչպե՞ս: Ես էլ պատասխանեցի՝ Բերթայից:
ԲԵՐԹԱ — Նա ատո՞ւմ է ինձ:
ՌԻՉԱՐԴ — Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ կա նրա սրտի խորքում:
ԲԵՐԹԱ — Այո: Նա ատում է ինձ: Համոզված է, որ ես հիմարացրել եմ նրան, դավաճանել եմ նրան: Գիտեմ՝ նա այդպիսին է:
ՌԻՉԱՐԴ — Ես բացատրեցի, որ դու անկեղծ ես եղել նրա հետ:
ԲԵՐԹԱ — Նա չի հավատա: Ոչ մեկը չի հավատա: Ես առաջինը պետք է նրան ասեի, ոչ թե դու:
ՌԻՉԱՐԴ — Իսկ ես կարծում էի, թե նա սովորական գողացող էր, նույնիսկ պատրաստվում էր ուժ գործադրել քո նկատմամբ: Ես ստիպված էի քեզ պաշտպանել նրանից: Դու վստա՞հ ես:
ԲԵՐԹԱ — Բավական էր նրան ասեի, որ դու արդեն գիտեիր՝ ես այստեղ եմ: Հիմա ես ոչինչ չեմ կարող պարզել: Նա ինձ ատում է: Նա իրավունք ունի ինձ ատելու: Ես նրա հետ վարվեցի ստոր և անամոթ կեպով:
ՌԻՉԱՐԴ — Բերթա, ինձ նայիր:
ԲԵՐԹԱ – Այո՞:
ՌԻՉԱՐԴ — Ես չեմ կարողանում նաև քո սրտի խորքը կարդալ:
ԲԵՐԹԱ — Դու կարող էիր հեռու չպահել քեզ: Ինձ չե՞ս վստահում: Ախր տեսնում ես, որ ես շատ հանգիստ եմ: Չէ՞ որ կարող էի այղ բոլորը թաքցնել քեզանից:
ՌԻՉԱՐԴ — Կասկածում եմ:
ԲԵՐԹԱ — Օ՜, հեշտությամբ, եթե ուզենայի:
ՌԻՉԱՐԴ — Երևի հիմա ափսոսում ես, որ չես թաքցրել:
ԲԵՐԹԱ — Գուցե:
ՌԻՉԱՐԴ — Բայց ինչ հիմարություն արեցիր, որ ինձ ասացիր: Ի՜նչ հրաշալի կլիներ, եթե գաղտնի պահեիր այդ բոլորը:
ԲԵՐԹԱ — Ինչպես ինքդ ես անում, չէ՞:
ՌԻՉԱՐԴ — Այո, ինչպես ես եմ անում: Առայժմ:
ԲԵՐԹԱ – Գնո՞ւմ ես:
ՌԻՉԱՐԴ — Իհարկե: Այստեղ ինձ հասանելիք դերն ավարտվեց:
ԲԵՐԹԱ — Երևի նրա մո՞տ ես գնում:
ՌԻՉԱՐԴ — Ո՞ւմ:
ԲԵՐԹԱ — Նորին պայծառափայլություն այն լեդիի: Իմ կարծիքով, այս բոլորն այնպես ես ծրագրել, որ պատեհ առիթ լինի հանդիպել նրան: Եվ ինտելեկտուալ զրույց ունենալ:
ՌԻՉԱՐԴ — Հանդիպում սատանայի հո՜րը…
ԲԵՐԹԱ — Շատ լավ: Դու կարող ես գնալ: Հիմա արդեն գիտեմ, թե ինչ պիտի անեմ:
ՌԻՉԱՐԴ — Նույնիսկ դու քո ասածներին չես հավատում:
ԲԵՐԹԱ — Դու կարող ես գնալ: Ինչո՞ւ չես գնում:
ՌԻՉԱՐԴ — Հետո, որ գա, իմ մասին բանե՞ր մոգոնես: Այդպե՞ս է, այո՞:
ԲԵՐԹԱ — Այս ամենի մեջ միայն մեկը կա, ով հիմար չէ: Այդ մեկը դու ես: Իսկ նա…
ՌԻՉԱՐԴ — Եթե այդպես է, դու անշուշտ ստոր ու անամոթաբար վարվեցիր նրա հետ:
ԲԵՐԹԱ — Այո: Բայց դա քո մեղքով եղավ: Իսկ ես հիմա վերջ կտամ դրան: Ես ուղղակի գործիք եմ քեզ համար: Դու չես հարգում ինձ: Երբեք էլ չես հարգել, որովհետև ես արել եմ այն, ինչ արել եմ:
ՌԻՉԱՐԴ — Իսկ նա հարգո՞ւմ է:
ԲԵՐԹԱ — Հարգում է: Այն օրվանից, ինչ վերադարձել եմ, նա միակն է, որ հարգում է ինձ: Եվ հասկանում է, որ մարդիկ միայն կասկածում են: Ահա թե ինչու հենց սկզբից համակրեցի նրան և շարունակում եմ համակրել: Այդ աղջիկը նույնպես մեծ հարգանք ունի իմ նկատմամբ: Ինչո՞ւ ինը տարի աոաջ նրան չխնդրեցիր, որ հետդ գար:
ՌԻՉԱՐԴ — Դու գիտես՝ ինչու, Բերթա: Ինքդ քեզ հարցրու:
ԲԵՐԹԱ – Այո՛, ես գիտեմ՝ ինչու: Դու գիտեիր այն պատասխանը, որն ուզում էիր ստանալ: Ահա թե ինչու:
ՌԻՉԱՐԴ — Ահա թե ինչու՝ ոչ: Ես նույնիսկ չհարցրի քեզ:
ԲԵՐԹԱ — Այո: Գիտեի՛ր, որ ես գալու էի՝ հարցնեիր թե չհարցնեիր: Ես անում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում:
ՌԻՉԱՐԴ — Բերթա, ես ընդունում եմ այն, ինչը կա: Ես վստահեցի քեզ: Դեռ էլի եմ վստահելու:
ԲԵՐԹԱ — Որ այդ վստահությունն իմ դե՞մ գործադրես: Իսկ հետո էլ լքես: Այդ դեպքում ինչո՞ւ ինձ չես պաշտպանում նրանից: Ինչո՞ւ ես հիմա հեռանում ինձնից, նույնիսկ մեկ բառ չասելով: Դի՛կ, ի սեր Աստծո, ի՞նչ ես ուզում, որ անեմ:
ՌԻՉԱՐԴ — Չեմ կարող, թանկագինս: Քո սիրտն ինքը կհուշի քեզ: Բերթա, ես մոլեգին հաճույք եմ զգում իմ սրտում, երբ նայում եմ քեզ: Ես տեսնում եմ քեզ այնպես, ինչպես որ կաս: Այն, որ ես առաջին անգամ քո կյանք մտա, կամ նրանից առաջ՝ այն ժամանակ — դա կարող է ոչինչ չնշանակել քեզ համար: Դու գուցե կարող ես նրանն ավելի շատ լինել, քան թե իմը:
ԲԵՐԹԱ — Ոչ: Ուղղակի նրա նկատմամբ զգացմունքներ ունեմ:
ՌԻՉԱՐԴ — Ես նույնպես: Դու կարող ես լինել նրանը և իմը: Ես կվստահեմ քեզ, Բերթա, ու նաև՝ նրան: Ես պարտավոր եմ: Ես չեմ կարող ատել նրան, քանի որ նրա ձեռքերը գրկել են քեզ: Դու մեզ մոտեցրիր միմյանց: Կա՞ մի ավելի իմաստուն բան, քան քո սրտի իմաստությունն է: Ո՞վ եմ ես, որ ինձ պետք է համարեմ քո կամ մեկ այլ կնոջ սրտի տիրակալը: Բերթա՛, սիրիր նրան, եղիր նրանը, նվիրվիր նրան, եթե շատ ես ուզում, կամ եթե կարող ես:
ԲԵՐԹԱ — Ես կմնամ:
ՌԻՉԱՐԴ — Ցտեսություն: (Գնում է:)
Բերթան պատշգամբ է գնում ու ձայն տալիս:
ԲԵՐԹԱ – Է՜յ, ո՞վ կա այդտեղ: Ռոբե՜րտ…
ՌՈԲԵՐՏ — Դու մենա՞կ ես:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Իսկ նա ու՞ր է:
ԲԵՐԹԱ — Գնացել է: Դա ինձ վախեցրիր: Որտեղի՞ց եկար:
ՌՈԲԵՐՏ — Այգուց: Նա քեզ չասա՞ց, որ այնտեղ սպասում էի:
ԲԵՐԹԱ — Այո, ասա՛ց: Բայց ես միայնակ վախենում էի այստեղ: Դուռը բաց սպասում էի: Իսկ ինչո՞ւ ես այդպես կանգնել դռան շեմին:
ՌՈԲԵՐՏ – Ինչո՞ւ: Ես նույնպես վախենում եմ:
ԲԵՐԹԱ – Ինչի՞ց:
ՌՈԲԵՐՏ — Քեզնից:
ԲԵՐԹԱ — Հիմա դու ատո՞ւմ ես ինձ:
ՌՈԲԵՐՏ — Ես վախենում եմ քեզնից: Ես վախենում եմ նոր տառապանքներից, նոր թակարդներից:
ԲԵՐԹԱ – Ինչո՞ւ ես ինձ մեղադրում:
ՌՈԲԵՐՏ – Ինչո՞ւ ինձ այս բանին հասցրիր: Օրեցօր, աստիճանաբար: Ինչո՞ւ ինձ չկանգնեցրիր: Դու կարող էիր թեկուզ մեկ բառով… Բայց նույնիսկ մեկ բառ չասացիր: Ես մոռացել էի ինքս ինձ և նրան: Դու տեսար դա: Որ ես կործանում էի ինքս ինձ նրա աչքում՝ կորցնելով նրա ընկերությունը: Դու է՞լ դա էիր ուզում:
ԲԵՐԹԱ — Դու երբեք չես հարցրել ինձ:
ՌՈԲԵՐՏ — Չեմ հարցրել ի՞նչ:
ԲԵՐԹԱ — Որ նա կասկածում էր կամ գիտեր:
ՌՈԲԵՐՏ — Իսկ դու ուզո՞ւմ էիր, որ հարցնեի:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Դու նրան պատմե՞լ ես ամեն բան:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Նկատի ունեմ՝ մանրամասները:
ԲԵՐԹԱ — Ամեն ինչ եմ ասել:
ՌՈԲԵՐՏ — Հասկանում եմ: Դու փորձ էիր կատարում հանուն նրա: Եվ ինձ վրա: Այո՛, իսկ ինչո՞ւ՝ ոչ: Իմ կարծիքով, ես լավ սուբյեկտ եմ: Այնուամենայնիվ, դա քո կողմից մի քիչ դաժան էր:
ԲԵՐԹԱ — Փորձիր ինձ հասկանալ, Ռոբերտ: Դու պետք է փորձես:
ՌՈԲԵՐՏ — Լավ, կփորձեմ:
ԲԵՐԹԱ – Ինչո՞ւ ես այդպես կանգնել դռան
մոտ, նյարդայնանում եմ:
ՌՈԲԵՐՏ — Փորձում եմ հասկանալ: Եվ հետո, ես վախենում եմ:
ԲԵՐԹԱ — Վախենալ պետք չէ:
ՌՈԲԵՐՏ — (բռնում է նրա ձեռքը): Ինձ գործածում էիք, որ վրաս ծիծաղե՞ք… միասի՞ն… Բայց հիմա ես պետք է խելքս գլուխս հավաքեմ, թե չէ երևի նորից վրաս ծիծաղեք… այս երեկո:
ԲԵՐԹԱ — Խնդրում եմ, ինձ լսիր, Ռոբերտ: Բայց դու մինչև ոսկորներդ թրջվել ես: Օ՜, խեղճ տղա… Այսքան ժամանակ, այնտեղ, անձրևի տակ… Ես մոռացել էի:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, դու մոռացել էիր…
ԲԵՐԹԱ – Իրոք, լավ թրջվել ես: Դու պետք է հագուստդ փոխես:
ՌՈԲԵՐՏ — Հիմա ինձ ասա, ուրեմն խղճո՞ւմ ես ինձ, ինչպես նա… ինչպես Ռիչարղն է ասում:
ԲԵՐԹԱ — Հանիր վերարկուդ, Ռորերտ, երբ ես եմ խնդրում: Դու շատ վատ կմրսես: Փոխի՛ր, խնդրում եմ:
ՌՈԲԵՐՏ — Իսկ ի՞նչ էիք անում քիչ առաջ:
ԲԵՐԹԱ – Որտե՞ղ ես պահում հագուստներդ: Այստե՞ղ:
ՌՈԲԵՐՏ — (ցույց տալով խորքի դուռը): Այնտեղ: Ինձ թվում է, ես ժակետ ունեմ: Կարծեմ՝ ննջասենյակում:
ԲԵՐԹԱ — Ուրեմն, գնա բեր:
ՌՈԲԵՐՏ — Իսկ դո՞ւ:
ԲԵՐԹԱ — Ես այստեղ կսպասեմ քեզ:
ՌՈԲԵՐՏ — Ինձ հրամայո՞ւմ ես:
ԲԵՐԹԱ – Այո՛, հրամայում եմ:
ՌՈԲԵՐՏ — Լավ: Իսկ չե՞ս հեռանա:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, ես կսպասեմ: Բայց երկար չմնաս այնտեղ:
ՌՈԲԵՐՏ — Ընդամենը մեկ վայրկյան: (Սենյակից:) Դեռ չե՞ս գնացել:
ԲԵՐԹԱ — Ոչ:
ՌՈԲԵՐՏ — Ես խավարի մեջ եմ: Պետք է լույսը վառեմ: Քեզ դո՞ւր է գալիս լույսը:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Այդտեղից գեղեցի՞կ է երևում լույսը:
ԲԵՐԹԱ — Այո, միանգամայն լավ:
ՌՈԲԵՐՏ — Դա քեզ համար էր:
ԲԵՐԹԱ — Ես նույնիսկ դրան արժանի չեմ:
ՌՈԲԵՐՏ — Սիրո ապարդյուն ճիգեր…
ԲԵՐԹԱ — Ռոբերտ…
ՌՈԲԵՐՏ – Այո՞:
ԲԵՐԹԱ — Եկ այստեղ: Ասում եմ՝ արագ, լսո՞ւմ ես:
ՌՈԲԵՐՏ — Լսում եմ: Ի՞նչ է, Բերթա:
ԲԵՐԹԱ — Ես վախենում էի:
ՌՈԲԵՐՏ — Մենակ մնալո՞ւց:
ԲԵՐԹԱ — Դու գիտես՝ ինչ նկատի ունեմ: Իմ նյարդերը խանգարվել են:
ՌՈԲԵՐՏ – Ե՞ս եմ պատճառը:
ԲԵՐԹԱ — Խոստացիր ինձ, Ռոբերտ, որ այդպիսի բան չես մտածի: Երբեք: Եթե ինձ ընդհանրապես սիրում ես:
ՌՈԲԵՐՏ – Կարծեցի՝ այն պահին…
ԲԵՐԹԱ — Բայց խոստացիր, եթե ինձ սիրում ես:
ՌՈԲԵՐՏ — Եթե սիրո՞ւմ եմ, Բերթա: Խոստանում եմ: Իհարկե խոստանում եմ: Դու ամբողջ մարմնով դողում ես:
ԲԵՐԹԱ — Թող մի տեղ նստեմ: Հիմա կանցնի:
ՌՈԲԵՐՏ — Իմ խեղճ Բերթա: Նստիր: Ահա: Հիմա անցա՞վ:
ԲԵՐԹԱ — Այո: Ուղղակի մի պահ… Ես շատ հիմար էի: Վախեցա, որ… Ուզում էի քեզ իմ կողքին տեսնել:
ՌՈԲԵՐՏ — Երբ… դու ինձ ստիպեցիր չմտածե՞լ:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Կամ որևէ այլ բա՞ն…
ԲԵՐԹԱ — Ռոբերտ, ես ինչ-որ բանից վախեցա: Վստահ չեմ, թե ինչից:
ՌՈԲԵՐՏ — Իսկ հիմա՞:
ԲԵՐԹԱ — Իսկ հիմա դու այստեղ ես: Ես կարող եմ քեզ տեսնել: Հիմա անցավ:
ՌՈԲԵՐՏ — Անցավ: Այո: Սիրո ապարդյուն ճիգերը…
ԲԵՐԹԱ — Լսիր, Ռոբերտ, ես ուզում եմ քեզ բացատրել: Ես չէի կարող դավաճանել Դիկին: Երբեք: Ոչ մի գնով: Ես նրան պատմեցի ամեն ինչ՝ սկզբից: Հետո շարունակվեց ու շարունակվեց. իսկ դու ինձ ո՛չ հարցնում, ո՛չ էլ խոսում էիր: Մինչդեռ ես դա էի ուզում:
ՌՈԲԵՐՏ – Ճի՞շտ ես ասում, Բերթա:
ԲԵՐԹԱ — Այո, որովհետև ինձ անհանգստացնում էր, որ քեզ կարող էր թվալ, թե ես նման էի… նման էի մյուս կանանց, որոնց, իմ կարծիքով, այդ ձևով ես իմացել: Կարծում եմ, Դիկը նույնպես ճիշտ է: Ինչո՞ւ պետք է գաղտնիքներ լինեն:
ՌՈԲԵՐՏ — Այնուամենայնիվ, գաղտնիքներ կան, որոնք կարող են շատ քաղցր լինել: Այնպես չէ՞:
ԲԵՐԹԱ — Այո, գիտեմ, կարող են լինել: Բայց, հասկանո՞ւմ ես, ես չէի կարող գաղտնիքներ պահել Դիկից: Բացի այդ, ի՞նչ օգուտ: Այդ գաղտնիքները, ի վերջո, պարզվում են: Ավելի լավ չէ՞, որ մարդիկ իմանան:
ՌՈԲԵՐՏ – Ինչպե՞ս կարող էիր դու, Բերթա, ամեն ինչ պատմել նրան: Պատմե՞լ ես: Ամեն մի մանրամասնությո՞ւն, որ եղել է…
ԲԵՐԹԱ — Այո: Ամենը, որ հարցրեց ինձ:
ՌՈԲԵՐՏ — Նա քեզ շա՞տ բան հարցրեց:
ԲԵՐԹԱ — Դու նրա բնավորությունը լավ գիտես: Նա հարցնում է ամեն ինչի մասին: Բոլոր մանրամասներով:
ՌՈԲԵՐՏ — Մեր համբուրվելու մասին նույնպե՞ս:
ԲԵՐԹԱ — Իհարկե: Ես նրան ամեն ինչ պատմեցի:
ՌՈԲԵՐՏ — Ինչ արտասովոր, մանրախնդիր մարդ է: Իսկ դու չամաչեցի՞ր:
ԲԵՐԹԱ — Ոչ:
ՌՈԲԵՐՏ – Բոլորովի՞ն չամաչեցիր:
ԲԵՐԹԱ — Ոչ: Ինչո՞ւ: Իսկ դա վտանգավո՞ր բան է:
ՌՈԲԵՐՏ — Իսկ նա ինչպե՞ս ընդունեց: Ասա: Ես նույնպես ուզում եմ ամեն ինչ մանրամասն իմանալ:
ԲԵՐԹԱ — (ծիծաղում է): Դա նրան հուզեց: Սովորականից ավելի:
ՌՈԲԵՐՏ – Ինչո՞ւ: Նա դեռ գրգռվա՞ծ է…
ԲԵՐԹԱ – Այո՛, շատ: Երբ խորասուզված չի լինում իր փիլիսոփայության մեջ:
ՌՈԲԵՐՏ — Ինձնից ավելի՞ է գրգռված:
ԲԵՐԹԱ — Քեզնից շատ: Ես ինչպե՞ս կարող եմ պատասխանել: Երևի երկուսով եք այդպիսին, չէ՞: Դեռ բարկացա՞ծ ես ինձ վրա:
ՌՈԲԵՐՏ — Դու ես ինձ վրա բարկացած:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, Ռոբերտ: Ինչո՞ւ պետք է բարկանայի:
ՌՈԲԵՐՏ — Որովհետև քեզ խնդրեցի այստեղ գալ: Փորձեցի այս քոթեջը նախապատրաստել քեզ համար: Հանգստանալու նպատակով:
ԲԵՐԹԱ — (մատներով շոշափելով նրա ժակետը): Սա նույնպես հանգստացուցիչ է: Քո գեղեցիկ, վելվետե ժակետը:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, սա նույնպես: Ես ոչ մի գաղտնիք չեմ թաքցնում քեզնից:
ԲԵՐԹԱ — Դու ինձ մեկի նկարն ես հիշեցնում: Այս հագուստով ինձ դուր ես գալիս: Բայց դու բարկացած չես, ճի՞շտ է:
ՌՈԲԵՐՏ — Այո… Ես սխալվեցի, երբ քեզ խնդրեցի այստեղ գալ: Դա զգացի, երբ այգուց տեսա քեզ՝ այս սենյակում կանգնած: Բայց էլ ուրիշ ի՞նչ կարող էի անել:
ԲԵՐԹԱ — Նկատի ունես, որ ուրիշ կանայք է՞լ են այստեղ եղել:
ՌՈԲԵՐՏ — Այո:
ԲԵՐԹԱ — Բայց այդ բոլորը գիտեի, նախքան իմ գալը: Ես չեմ բարկանում:
ՌՈԲԵՐՏ – Ասենք, դու ինչո՞ւ պիտի բարկանայիր: Դու նույնիսկ նրա վրա չես բարկանում… սրանից ավելի վատ բաների համար:
ԲԵՐԹԱ — Նա պատմե՞լ է իր մասին:
ՌՈԲԵՐՏ — Այո: Մենք բոլորս այստեղ խոստովանում ենք: Մեկս մյուսին: Դեմ առ դեմ:
ԲԵՐԹԱ — Ես փորձում եմ դա մոռանալ:
ՌՈԲԵՐՏ — Քեզ չի՞ անհանգստացնում:
ԲԵՐԹԱ – Հիմա՝ ոչ: Ուղղակի ինձ դուր չի գալիս այդ մասին մտածել:
ՌՈԲԵՐՏ — Քո կարծիքով դա պարզապես մի դաժան բան է և քիչ նշանակություն ունի:
ԲԵՐԹԱ — Դա հիմա ինձ չի անհանգստացնում:
ՌՈԲԵՐՏ — Բայց չէ՞ որ մի բան կա, որ քեզ շատ է անհանգստացնելու և դու չես փորձի մոռանալ:
ԲԵՐԹԱ — Ի՞նչը:
ՌՈԲԵՐՏ — Միայն թե ինչ-որ դաժան բան չլիներ որևէ անձնավորության նկատմամբ, թեկուզ մի պահ: Միայն թե լիներ գեղեցիկ և հոգևոր բան՝ միայն մեկի նկատմամբ, մեկ կնոջ նկատմամբ: Եվ հավանաբար, նաև դաժան: Այն սովորաբար վաղ թե ուշ հանգելու է դրան: Դու կփորձեի՞ր մոռանալ և ներել:
ԲԵՐԹԱ — (խաղալով ապարանջանի հետ): Ո՞ւմ:
ՌՈԲԵՐՏ — Որևէ մեկի: Ինձ:
ԲԵՐԹԱ — Նկատի ունես Դիկի՞ն:
ՌՈԲԵՐՏ – Ասացի՝ ինձ: Բայց դու կփորձեի՞ր:
ԲԵՐԹԱ — Կարծում ես՝ ի՞նքս վրեժ կլուծեմ: Չէ՞ որ Դիկը նույնպես ազատ չէ:
ՌՈԲԵՐՏ — Դա քո սրտից չի բխում, Բերթա:
ԲԵՐԹԱ – Այո՛, այդպես է. թող որ նա նույնպես ազատ լինի: Նա ինձ էլ ազատ է թողնում:
ՌՈԲԵՐՏ — Իսկ գիտե՞ս՝ ինչու: Եվ հասկանո՞ւմ ես: Եվ քեզ դո՞ւր է գալիս: Իսկ դու ուզո՞ւմ ես լինել: Եվ դա քեզ երջանի՞կ է դարձնում: Եվ քեզ երջանի՞կ է դարձրել: Մի՞շտ: Ազատության այս ընծան, որը քեզ նվիրել է ինը տարի առա՞ջ:
ԲԵՐԹԱ — Բայց ինչո՞ւ ես այսքան շատ հարցեր տալիս, Ռոբերտ:
ՌՈԲԵՐՏ — Որովհետև այն ժամանակ մեկ այլ ընծա ունեի առաջարկելու, մի սովորական պարզ ընծա՝ ինձ նման: Եթե ուզում ես իմանալ՝ կբացատրեմ:
ԲԵՐԹԱ — Անցյալն անցած է, Ռոբերտ: Կարծում եմ, հիմա ես անպայման պետք է գնամ: Համարյա ժամը ինն է:
ՌՈԲԵՐՏ — Ոչ, ոչ: Դեռ ոչ: Կա էլի մեկ խոստովանություն, և մենք իրավունք ունենք խոսելու:
ԲԵՐԹԱ — Սյո, Ռոբերտ: Ես գիտեմ, որ սիրում ես ինձ: Կարիք չկա, որ խոստովանես: Տե՛ս, լամպի պատրույգը շատ բարձր է:
ՌՈԲԵՐՏ — Քամին ուժեղանում է: Ես փակեմ դուռը:
ԲԵՐԹԱ — Դեռ անձրևում է: Պարզապես թույլ զեփյուռ էր:
ՌՈԲԵՐՏ — (շոյելով նրա ուսը): Ինձ ասա, եթե շատ ցուրտ լինի: Չմրսես: Դուռը փակե՞մ:
ԲԵՐԹԱ — Ոչ: Չեմ մրսում: Ես հիմա գնում եմ, Ռոբերտ: Ես անպայման պետք է գնամ:
ՌՈԲԵՐՏ — Ոչ, ոչ: Ոչ մի գնալ: Մեզ այստեղ էին թողել, որ խոսենք: Իսկ ղու ճիշտ չես, Բերթա: Անցյալն անցած չէ: Հիմա այստեղ ներկա է: Իմ զգացմունքը քո նկատմամբ հիմա նույնն է, ինչպես այն ժամանակ, որովհետև դու նույնն ես մնացել: Դու արհամարհում էիր:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, Ռոբերտ, ես չեմ արհամարհել:
ՌՈԲԵՐՏ — Դու արհամարհում էիր: Ես դա զգում էի այն բոլոր տարիների ընթացքում, չհասկանալով… մինչև հիմա: Նույնիսկ երբ ապրում էի մի տեսակ կյանքով, որը քեզ հայտնի է և չես սիրում դրա մասին մտածել, մի կյանքով, որի համար ինձ մեղադրում էիր:
ԲԵՐԹԱ — Ե՞ս:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, երբ դու արհամարհեցիր այն սովորական ու պարզ ընծան, որը քեզ առաջարկեցի: Փոխարենը նրա ընծան ընդունեցին:
ԲԵՐԹԱ — Բայց դու երբեք…
ՌՈԲԵՐՏ — Ոչ: Որովհետև ղու նրանն էիր ընտրել: Ես տեսնում էի: Ես նկատեցի այն առաջին գիշերը, երբ մենք երեքով հանդիպեցինք: Ինչո՞ւ նրան ընտրեցիր:
ԲԵՐԹԱ — Մի՞թե դա սեր չէ:
ՌՈԲԵՐՏ — Եվ ամեն գիշեր, երբ մենք երկուսով, ես ու նա, գալիս էինք այդ անկյունը՝ հանդիպելու քեզ, ես տեսնում և զգում էի: Հիշո՞ւմ ես այդ անկյունը, Բերթա:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Երբ դուք գնում էիք զբոսնելու, իսկ ես միայնակ քայլում էի փողոցով, զգում էի դա: Երբ ինձ հետ քո մասին էր խոսում և ասաց, որ հեռանալու է այստեղից և նման բաներ…
ԲԵՐԹԱ – Ինչո՞ւ՝ և այլ բաներ:
ՌՈԲԵՐՏ — Որովհետև հետո ինձ մեղավոր զգացի նրա նկատմամբ, իմ առաջին դավաճանությամբ:
ԲԵՐԹԱ — Ռոբերտ, ի՞նչ ես ասում, քո առաջին դավաճանությո՞ւնը, Դիկի հանդե՞պ:
ՌՈԲԵՐՏ — Իսկ դա իմ վերջին դավաճանությունը չէր: Նա խոսում էր իր և քո մասին: Թե ինչպես էիք ձեր կյանքը միասին անցկացնելու՝ ազատ և այլն: Այո՛, ազատ: Նա նույնիսկ չէր խնդրում իր հետ գնալ: Նա չխնդրեց: Բայց միևնույն է, դու գնացիր:
ԲԵՐԹԱ — Ես ուզում էի նրա հետ լինել: Դու հասկանում ես: Դու գիտես, թե մենք ինչպիսին էինք այն ժամանակ — Դիկն ու ես:
ՌՈԲԵՐՏ — Նրան խորհուրդ տվեցի մենակ գնալ, քեզ չտանել, ապրել միայնակ, որ համոզվի, թե քո նկատմամբ տածած զգացումն անցողիկ էր, ինչը կարող էր ավերել քո երջանկությունը և նրա կարիերան:
ԲԵՐԹԱ – Այո՛, Ռոբերտ, դու տմարդի վարվեցիր իմ նկատմամբ: Բայց ես ներում եմ քեզ, որովհետև դու մտածում էիր նրա և իմ երջանկության մասին:
ՌՈԲԵՐՏ – Ո՛չ, Բերթա: Ես տմարդի չեմ եղել: Եվ դա էր իմ դավաճանությունը: Ես իմ մասին էի մտածում՝ միգուցե երես թեքեիր նրանից՝ նրա հեռանալուց հետո և նա էլ՝ քեզնից: Հետո ես քեզ կառաջարկեի իմ ընծան: Հիմա գիտես՝ դա ինչ ընծա էր: Մի պարզ ու հասարակ ընծա, երբ տղամարդիկ առաջարկում են կանանց: Հավանաբար՝ ոչ լավագույնը: Լավագույնը կամ վատթարը՝ դա քոնն էր լինելու:
ԲԵՐԹԱ — Նա չընդունեց քո խորհուրդը:
ՌՈԲԵՐՏ — Ոչ: Իսկ այդ գիշեր դուք փախաք միասին: Օ՜, ես ինչքան երջանիկ էի…
ԲԵՐԹԱ – Հանդարտվի՛ր, Ռոբերտ: Ես գիտեմ, դու միշտ ինձ սիրել ես: Բայց ինչո՞ւ ինձ չմոռացար:
ՌՈԲԵՐՏ — Ինչքան երջանիկ էի ինձ զգում, երբ տեսա հեռվում լուսավորված նավը, որն անցնում էր սև գետի վրայով, հեռու տանելով քեզ ինձնից: Բայց ինչո՞ւ նրան ընտրեցիր: Դու բոլորովի՞ն ինձ չէիր սիրում:
ԲԵՐԹԱ — Այո: Ես սիրում էի քեզ, որովհետև դու նրա ընկերն էիր: Մենք հաճախ էինք քո մասին խոսում: Ամեն անգամ, երբ նամակ էիր գրում, գրքեր կամ լրագրեր ուղարկում Դիկին: Ես դեռ քեզ սիրում եմ, Ռոբերտ: Ես քեզ երբեք չեմ մոռացել:
ՌՈԲԵՐՏ — Ոչ էլ ես՝ քեզ: Գիտեի, որ նորից պիտի տեսնեի քեզ: Դա իմացա այն գիշեր, երբ դուք հեռացաք: Ահա թե ինչու էի ուզում քեզ նորից տեսնել այստեղ:
ԲԵՐԹԱ — Դու ճիշտ էիր գուշակում, ես վերադարձել եմ:
ՌՈԲԵՐՏ — Ինը երկար ու ձիգ տարիներ: Դու ինն անգամ ավելի ես գեղեցկացել:
ԲԵՐԹԱ — Բայց այդպե՞ս է: Ւ՞նչ ես իմ մեջ գեղեցիկ տեսնում:
ՌՈԲԵՐՏ — Արտասովոր գեղեցիկ մի տիկնոջ:
ԲԵՐԹԱ — Խնդրում եմ, ինձ նման բան չասես:
ՌՈԲԵՐՏ — Դու ավելին ես: Երիտասարդ ու գեղեցիկ թագուհի:
ԲԵՐԹԱ – Վա՜յ, Ռոբերտ:
ՌՈԲԵՐՏ — Բայց դու չգիտե՞ս, որ շատ գեղեցիկ կին ես: Չգիտե՞ս, որ ունես գեղեցիկ ու դալար մարմին, գեղեցիկ ու…
ԲԵՐԹԱ — Բայց մի օր ես կպառավեմ:
ՌՈԲԵՐՏ — Ահա, հենց դա՛ չեմ կարողանում պատկերացնել: Այսօր դու երիտասարդ ես և գեղեցիկ: Այսօր դու վերադարձար ինձ մոտ: Ո՞վ գիտե՝ ինչ կլինի վաղը: Գուցե այլես չտեսնեմ քեզ կամ երբեք չտեսնեմ, ինչպես հիմա:
ԲԵՐԹԱ — Այդ ժամանակ դու կտառապեի՞ր:
ՌՈԲԵՐՏ — Այս սենյակը, այս ժամը պատրաստ էին քո գալուն: Երբ դու չկայիր, ընդհանապես ոչինչ չկար:
ԲԵՐԹԱ — Բայց դու ինձ նորից կտեսնես, Ռոբերտ, առաջվա պես:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, նրան՝ Ռիչարդին, տառապանք պատճառելով:
ԲԵՐԹԱ — Նա չի տառապի:
ՌՈԲԵՐՏ — Ոչ, ոչ, նա կտառապի:
ԲԵՐԹԱ — Նա գիտե, մենք համակրում ենք իրար: Դրանում ի՞նչ վատ բան կա:
ՌՈԲԵՐՏ — Վատ բան չկա: Ինչո՞ւ մենք չպետք է սիրենք իրար: Նա չգիտե մեր զգացմունքների մասին: Նա մեզ թողեց միայնակ, գիշերով, այս ժամին, այս քոթեջում, որովհետև շատ է ուզում իմանալ, նա ուզում է ազատվել:
ԲԵՐԹԱ — Ազատվել ինչի՞ց:
ՌՈԲԵՐՏ — (ընդհուպ մոտենալով): Ամեն մի օրենքից, Բերթա, ամեն մի կապանքից: Նա ամբողջ կյանքում երազել է ազատագրվել ամեն ինչից: Նա կոտրել է ցանկացած շղթա, բացի մեկից, և այդ մեկը ինքներս պետք է կոտրենք, Բերթա, ես և դու:
ԲԵՐԹԱ — Դու վստա՞հ ես:
ՌՈԲԵՐՏ — Ես վստահ եմ, որ մարդու կողմից ստեղծված ոչ մի օրենք սրբազան չէ կրքի նկատմամբ: Ո՞վ է մեզ ստեղծել միայն մեկի համար: Դա հանցագործություն է մեր իսկ էության դեմ, եթե մենք այդպիսին ենք: Չկա և ոչ մի օրենք բնազդի հանդեպ: Օրենքներն ստրուկների համար են: Բերթա, արտասանիր իմ անունը: Թող քո ձայնը արտասանի: Մեղմորեն…
ԲԵՐԹԱ – Ռոբերտ…
ՌՈԲԵՐՏ — (գրկում է): Միայն երիտասարդության ու գեղեցկության նկատմամբ բնազդը չի մեռնում: Լսիր…
ԲԵՐԹԱ – Ի՞նչ է:
ՌՈԲԵՐՏ — Անձրև է գալիս: Ամռան անձրևը հողի վրա: Գիշերային անձրև: Խավար, ջերմություն, կրքի հորձանք: Այսօր հողը սիրվում է, սիրվում է և տրվում: Հողի սիրեկանի բազուկները գրկել են նրան, իսկ նա լուռ է: Խոսի՛ր, թանկագինս:
ԲԵՐԹԱ – Սո՜ւս…
ՌՈԲԵՐՏ — Ոչինչ: Ոչ ոք չկա: Մենք մենակ ենք:
ԲԵՐԹԱ — (լամպը ցույց տալով): Նայիր:
ՌՈԲԵՐՏ — Քամուց է: Մյուս սենյակից բավականին լույս է թափանցում: (Մարում է լույսը:) Հիմա երջանի՞կ ես: Ասա:
ԲԵՐԹԱ — Ես գնում եմ, Ռոբերտ: Շատ ուշ է: Բավական է:
ՌՈԲԵՐՏ — (մազերը շոյելով): Դեռ ոչ, դեռ ոչ: Ասա՛, գոնե մի քիչ սիրո՞ւմ ես ինձ:
ԲԵՐԹԱ — Ռոբերտ, դու ինձ դուր ես գալիս: Իմ կարծիքով՝ դու բարի ես: Հիմա գո՞հ ես: ՌՈԲԵՐՏ — (համբուրում է մազերը): Մի՛ գնա, Բերթա: Դեռ ժամանակ կա: Դու նույնպես սիրում ես ինձ: Ես սպասել եմ երկար ժամանակ: Դու սիրո՞ւմ ես երկուսիս՝ նրան ու ինձ… Այո՞, Բերթա՛: Ճիշտն ասա: Ասա ինձ: Ասա ինձ քո աչքերով: Կամ՝ խոսիր:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
Բրիջիդը ներս է մտնում՝ ձեռքին դույլ ու ավել:
ԲՐԻՋԻԴ — Ողորմած Աստվա՜ծ… Տիրուհի… Սիրտս տեղից պոկվեց: Ինչո՞ւ եք այդքան շուտ արթնացել:
ԲԵՐԹԱ — Իսկ ժամը քանի՞սն է:
ԲՐԻՋԻԴ — Յոթն անց է, տիրուհի: Վաղո՞ւց եք արթնացել:
ԲԵՐԹԱ — Քիչ առաջ:
ԲՐԻՋԻԴ — Երևի վատ երա՞զ եք տեսել:
ԲԵՐԹԱ — Ամբողջ գիշեր չեմ քնել, որ արևածագը տեսնեմ:
ԲՐԻՋԻԴ — Հաճելի առավոտ է էսքան անձրևից հետո: Բայց երևի լավ հոգնել եք, տիրուհի: Ի՞նչ կասի միստր Րոուենը, որ այդպիսի բան եք արել: (Թակում է դուռը:) Միստր Ռիչարդ…
ԲԵՐԹԱ — Այնտեղ չէ: Մի ժամ կլինի՝ դուրս է եկել:
ԲՐԻՋԻԴ – Գետա՞փ է գնացել:
ԲԵՐԹԱ — Այո:
ԲՐԻՋԻԴ — Դուք անհանգի՞ստ եք, տիրուհի:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, Բրիջիդ:
ԲՐԻՋԻԴ — Մի անհանգստացեք: Նա միշտ էլ այդպիսին է, միայնակ թափառելու սովորություն ունի: Նա տարօրինակ, ազատ թռչնակի նման է: Միստր Ռիչարդի մեջ ոչ մի փոփոխություն չկա: Եթե լիներ՝ կիմանայի: Հիմա դուք անհանգիստ եք, որովհետև նա ամբողջ օրն իր գրասենյակում է անցկացնում: Գրում ու գրում է: Նրան հանգիստ թողեք, նա նորից կվերադառնա ձեզ մոտ: Նա գիտե, որ ձեր դեմքը առաջվա պես փայլում է գեղեցկությունից:
ԲԵՐԹԱ — Այդ ժամանակներն անցել են:
ԲՐԻՋԻԴ — Ես լավ հիշում եմ, թե նա ինչպես իր հասցեն տվեց ձեզ: Գիտե՞ք, նա միշտ, ամեն ինչ պատմում էր ձեր մասին, բայց ոչ մի բան չէր ասում իր մորից… Աստված նրա հոգին լուսավորի: Բա ձեր նամակնե՞րը…
ԲԵՐԹԱ – Ի՞նչ: Իմ ուղարկած նամակնե՞րը:
ԲՐԻՋԻԴ — Այո: Աչքիս առաջ է նա՝ խոհանոցի մոտ նստած, ոտքերը ճոճելով, երկար-բարակ պատմություններ հյուսելով ձեր, Իռլանդիայի, իր գժությունների մասին: Պատմում էր ու պատմում ինձ նման անգրագետ մի կնոջը: Նա միշտ էլ այդպիսին է, բայց հենց մի բարձրաստիճան մարդու է հանդիպում, ինքն է մի քանի գլուխ նրանից բարձրաստիճան դառնում: Ի՜նչ… Դուք լաց եք լինում: Լաց մի եղեք: Լավ ժամանակները դեռ նոր են գալու:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, Բրիջիդ, դա կյանքում լինում է միայն մեկ անգամ:
ԲՐԻՋԻԴ — Մի գավաթ սուրճ չէի՞ք ուզի, տիրուհի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը:
ԲԵՐԹԱ — Կուզեի: Բայց կաթնավաճառը դեռ չի եկել:
ԲՐԻՋԻԴ — Միստր Արչին ինձ ասել է, որ իրեն արթնացնեմ: Նա կաթնավաճառի սայլակով զբոսնելու է գնում: Հիմա սուրճ կդնեմ: Թարմ ձու էլ չէի՞ք ուզի:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, շնորհակալություն:
ԲՐԻՋԻԴ — Կամ մի քիչ թխվա՞ծք:
ԲԵՐԹԱ – Ո՛չ, Բրիջիդ, շնորհակալություն: Միայն մի գավաթ թեյ կխմեի:
ԲՐԻՋԻԴ — Հիմա կբերեմ: Բայց նախ պետք է արթնացնեմ միստր Արչիին, թե չէ հետս կռիվ կանի:
Ներս է մտնում Արչին՝ Բրիջիդի ուղեկցությամբ:
ԱՐՉԻ — (մոտենում է, դեմքը մոտեցնում, որ մայրը համբուրի): Buon giorno, mama:
ԲԵՐԹԱ — Buon giorno, Արչի: Բրիջի՛դ, տակից նրան շոր հագցրե՞լ ևս:
ԲՐԻՋԻԴ – Չուզե՛ց, տիրուհի:
ԱՐՉԻ — Ես չեմ մրսում, մայրիկ:
ԲԵՐԹԱ — Քեզ ասացի, չէ՞, որ հագնես:
ԱՐՉԻ — Բայց հո ցուրտ չի՞:
ԲԵՐԹԱ — (իր մազերից հանում է սանրը, տղայի մազերն է սանրում՝ բաժուք բացելով): Քունդ դեռ աչքերիդ է:
ԲՐԻՋԻԴ — Երբ դուք երեկ գիշեր դուրս եկաք, նա գնաց քնելու:
ԱՐՉԻ — Մայրիկ, գիտե՞ս, կաթնավաճառն ինձ թույլ է տալու սայլակը քշեմ:
ԲԵՐԹԱ – Պա՜հ… արդեն մեծ մարդ ես դարձել, ձի ես քշում:
ԲՐԻՋԻԴ – Դե՛, նրա խելքը գնում է ձիերի համար:
ԱՐՉԻ — Ես արագ կքշեմ: Դու պատուհանից կտեսնես, մայրիկ: Մտրակով եմ քշելու: Avanti:
ԲՐԻՋԻԴ — Էդ խեղճ ձին մեղք չէ՞, որ խփում ես:
ԲԵՐԹԱ — Արի բերանդ մաքրեմ: (Գրպանից հանում է թաշկինակը, լեզվով խոնավացնում ու մաքրում է երեխայի բերանը:) Բերանդ լրիվ մրոտել ես, այ փնթի երեխա:
ԱՐՉԻ — Smudges2: Ի՞նչ է Smudges-ը:
ԲՐԻՋԻԴ — Ըհը… Կաթնավաճառը եկավ:
ԱՐՉԻ — Սպասիր: Սպասիր: Ցտեսություն, մայրիկ: (Արագ համբուրում է մորը:) Հայրիկն արթնացե՞լ է:
ԲՐԻՋԻԴ — Դե լավ, գնացինք:
ԲԵՐԹԱ — Արչի, տե՛ս, անկարգություն չանես ու չուշանաս, թե չէ էլ թույլ չեմ տա գնաս:
ԱՐՉԻ – Լա՛վ, մամ: Պատուհանից կնայես՝ ոնց եմ քշում: Ցտեսություն:
ԲՐԻՋԻԴ – Տե՛ս, ինչպես է լուրջ-լուրջ նստել:
ԲԵՐԹԱ — Պատուհանից մի կողմ գնա: Ես չեմ ուզում երևալ:
ԲՐԻՋԻԴ – Ինչո՞ւ, տիրուհի, ի՞նչ է եղել:
ԲԵՐԹԱ – Ասա՝ դեռ չեմ արթնացել, ինձ լավ չեմ զգում: Ես հիմա չեմ կարող ոչ մեկին տեսնել:
ԲՐԻՋԻԴ — Իսկ ո՞վ է նա, տիրուհի՛:
ԲԵՐԹԱ — Լավ, ասա՝ տանն եմ:
ԲՐԻՋԻԴ – Այստե՞ղ:
ԲԵՐԹԱ — Այո: Ասա՝ հենց նոր է արթնացել:
Ներս է մտնում Բեատրիս Ջըսթայսը:
ԲԵԱՏՐԻՍ — Միսիս Րոուեն, կներեք, որ այս ժամին եկա:
ԲԵՐԹԱ — Բարի լույս, միսս Ջըսթայս: Ի՞նչ է պատահել:
ԲԵԱՏՐԻՍ — Չգիտեմ: Ես էլ ուզում էի ձեզնից հարցնել:
ԲԵՐԹԱ — Ձեր շունչը կտրվում է: Չէի՞ք կամենա նստել:
ԲԵԱՏՐԻՍ — Շնորհակալություն:
ԲԵՐԹԱ — Կարևոր բա՞ն կա լրագրերում:
ԲԵԱՏՐԻՍ — Այո:
ԲԵՐԹԱ — Դիկի մասի՞ն է:
ԲԵԱՏՐԻՍ — Այո: Ահա: Մի մեծ առաջնորդող հոդված, որ իմ զարմիկն է գրել: Այստեղ Ռիչարդի ամբողջ կյանքն է նկարագրված: Կուզեի՞ք աչքի անցկացնել:
ԲԵՐԹԱ – Որտե՞ղ է:
ԲԵԱՏՐԻՍ — Մեջտեղում: Վերնագիրը՝ «Նշանավոր իռլանդացին»:
ԲԵՐԹԱ — Հօգուտ Դիկի է գրվա՞ծ, թե՞ նրա դեմ:
ԲԵԱՏՐԻՍ – Իհարկե՝ հօգուտ նրա: Կարո՞ղ եք կարդալ, թե նա ինչ է գրում միստր Րոուենի մասին: Ռոբերտը մինչև ուշ գիշեր մնացել էր այնտեղ, որ այդ հոդվածը գրեր:
ԲԵՐԹԱ — Այո… Իսկ դուք վստա՞ հ եք:
ԲԵԱՏՐԻՍ — Այո: Շատ ուշ էր: Ես լսեցի, թե ինչպես տուն եկավ: Ժամը երկուսն անց էր:
ԲԵՐԹԱ – Շա՞տ վախեցաք: Ուզում եմ ասել, երբ արթնացաք առավոտյան այդ ժամին:
ԲԵԱՏՐԻՍ — Ես խոր չեմ քնում: Բայց գիտեի, որ Ռոբերտը եկել է օֆիսից և հետո… Կարծում էի՝ հոդված է գրել միստր Րոուենի մասին, դրա համար էր այդքան ուշ եկել:
ԲԵՐԹԱ — Բայց ինչքա՞ն շուտ եք հանգել այդ մտքին:
ԲԵԱՏՐԻՍ — Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ այստեղ երեկ երեկոյան: Նկատի ունեմ, թե ինչ առաջարկեց Ռոբերտը և միստր Րոուենն ինչպես ընդունեց այն: Եվ բնական էր, որ պետք է ենթադրեի…
ԲԵՐԹԱ — Ախ, այո: Բնականաբար:
ԲԵԱՏՐԻՍ — Բայց ես դրանից չանհանգստացա: Անմիջապես հետո, երբ ձայներ լսեցի իմ զարմիկի սենյակից:
ԲԵՐԹԱ — Ի սեր Աստծո, ի՞նչ է եղել: Ասացե՛ք:
ԲԵԱՏՐԻՍ — Իսկ ինչո՞ւ այդքան շատ անհանգստացաք:
ԲԵՐԹԱ – Այո՛, իհարկե, ես հիմարություն արեցի: Իմ նյարդերը լրիվ քայքայվել են: Ես էլ եմ շատ վատ քնել: Դրա համար եմ այսքան շուտ արթնացել: Բայց ասացեք, ինչո՞ւ էր նա անհանգիստ իր սենյակում:
ԲԵԱՏՐԻՍ — Ուղղակի իր ուղեպայուսակն էր քարշ տալիս հատակին: Հետո լսեցի՝ ինչպես էր գնում-գալիս սենյակում, զգուշորեն: Վերջապես, պայուսակի փակվելու և կապվելու ձայնը:
ԲԵՐԹԱ – Ուրեմն՝ նա մեկնում է:
ԲԵԱՏՐԻՍ — Հենց դա ինձ վախեցրեց: Կարծեցի, թե վիճել է միստր Րոուենի հետ, քանի որ նրա հոդվածը քննադատական էր եղել:
ԲԵՐԹԱ — Բայց ինչո՞ւ պետք է նրանք վիճեին: Դուք նրանց միջև այդպիսի բան նկատե՞լ եք:
ԲԵԱՏՐԻՍ — Կարծում եմ՝ այո: Մի տեսակ սառնություն կա:
ԲԵՐԹԱ – Վերջե՞րս:
ԲԵԱՏՐԻՍ — Վերջերս:
ԲԵՐԹԱ – Գիտե՞ք պատճառը:
ԲԵԱՏՐԻՍ — Ոչ:
ԲԵՐԹԱ — Բայց եթե այդ հոդվածը հօգուտ նրա է, ինչպես դուք եք ասում, ուրեմն նրանք չեն վիճաբանել: Նա հոդվածը երեկ գիշեր է գրել:
ԲԵԱՏՐԻՍ — Այո: Ես իսկույն գնեցի այդ համարը, որ աչքի անցկացնեմ: Այդ դեպքում ինչո՞ւ է նա այդքան հանկարծակի հեռանում: Զգում եմ, որ այստեղ մի սխալ բան կա: Ես զգում եմ, որ ինչ-որ բան է պատահել նրանց:
ԲԵՐԹԱ — Դուք կվշտանա՞ք, եթե նա հեռանա:
ԲԵԱՏՐԻՍ — Ես շատ կվշտանամ: Հասկանում եք, միսիս Րոուեն, Ռոբերտն իմ առաջին զարմիկն է, և ես շատ վատ կզգամ, եթե նա տմարդի վարվի միստր Րոուենի հետ, մանավանդ հիմա, երբ նա նոր է վերադարձել: Թեկուզ նրանք ունենային լուրջ վիճաբանություն, մանավանդ այն պատճառով, որ…
ԲԵՐԹԱ — Այն պատճառով, ո՞ր…
ԲԵԱՏՐԻՍ — Որովհետև հենց իմ զարմիկն էր միշտ հորդորում, որ միստր Րոուենը վերադառնա: Դա իմ խղճին կծանրանա:
ԲԵՐԹԱ — Դա պետք է միստր Հանդի խղճին ծանրանա, այնպես չէ՞:
ԲԵԱՏՐԻՍ — Իմ խղճին՝ նույնպես: Որովհետև ես խոսել եմ միստր Րոուենի մասին իմ զարմիկի հետ, երբ նա հեռացել էր, և ինչ-որ տեղ ես էի, որ…
ԲԵՐԹԱ — Հասկանում եմ: Եվ դա՞ է քո խղճին ծանրացած: Միայն դա՞:
ԲԵԱՏՐԻՍ — Իմ կարծիքով՝ այո:
ԲԵՐԹԱ — Այնպես է թվում, միսս Ջըսթայս, որ իմ ամուսնուն հենց դուք եք վերադարձրել Իռլանդիա:
ԲԵԱՏՐԻՍ – Ե՞ս, միսիս Րոուն:
ԲԵՐԹԱ – Այո՛, դուք: Նրան գրած ձեր նամակներով, հետո ձեր զարմիկի հետ խոսելով նրա մասին, ինչպես հենց նոր ասացիք: Չե՞ք կարծում, որ հենց դուք եք նրան վերադարձրել այստեղ:
ԲԵԱՏՐԻՍ — Ոչ: Ես այդպես չեմ կարծում:
ԲԵՐԹԱ — Դուք գիտե՞ք, որ ամուսինս, ինչ վերադաձել է, շատ է գրում:
ԲԵԱՏՐԻՍ – Այո՞:
ԲԵՐԹԱ – Ի՞նչ է, չգիտեի՞ք: Նա գիշերվա մեծ մասն անցկացնում է գրելով: Գիշերներ շարունակ:
ԲԵԱՏՐԻՍ — Իր աշխատասենյակո՞ւմ:
ԲԵՐԹԱ — Այնտեղ կամ ննջասենյակում. կարող եք անվանել, ինչպես կամենաք: Նա քնում է այնտեղ, բազմոցին: Հենց անցյալ գիշեր էր քնել: Եթե ինձ չեք հավատում, կարող եմ ցույց տալ:
ԲԵԱՏՐԻՍ — Իհարկե, ես հավատում եմ ձեզ, միսիս Րոուեն:
ԲԵՐԹԱ — Այո: Նա գրում է: Իսկ դա, անշուշտ, վերաբերում է մի բանի, որը նրա կյանքի մեջ է մտել վերջերս՝ այն օրվանից, երբ Իռլանդիա ենք վերադարձել: Նրա մեջ որոշակի փոփոխություն կա: Դուք գիտեք, որոշակի փոփոխություն է կատարվել նրա կյանքում: Դուք հասկանո՞ւմ, թե՞ զգում եք դա:
ԲԵԱՏՐԻՍ — Միսիս Րոուեն, այդ հարցն ինձ չէ, որ պիտի ուղղեք: Եթե վերադարձից հետո որևէ փոփոխություն է նկատվում նրա կյանքում, ինքներդ պետք է իմանաք և զգաք:
ԲԵՐԹԱ — Դուք էլ կարող էիք դա նկատել: Դուք շատ մտերիմ եք այս ընտանիքին:
ԲԵԱՏՐԻՍ — Միայն ես չեմ մտերիմ:
ԲԵՐԹԱ — Ուրեմն դուք նույնպե՞ս ատում եք ինձ, միսս Ջըսթայս:
ԲԵԱՏՐԻՍ — Ատեմ ձե՞զ: Ե՞ս:
ԲԵՐԹԱ — Այո: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում ատել մեկին:
ԲԵԱՏՐԻՍ — Իսկ ինչո՞ւ պիտի ատեի ձեզ: Ես երբեք որևէ մեկին չեմ ատել:
ԲԵՐԹԱ — Իսկ երբևէ որևէ մեկին սիրե՞լ եք: Ասացեք: Սիրե՞լ եք:
ԲԵԱՏՐԻՍ — Այո: Անցյալում:
ԲԵՐԹԱ — Իսկ հիմա՝ ոչ: Կարո՞ղ եք ինձ ասել – ճշմարտորե՞ն: Ինձ նայեք:
ԲԵԱՏՐԻՍ – Այո՛, կարող եմ:
ԲԵՐԹԱ — Հենց նոր ասացիք, որ մեկ ուրիշ մտերիմ էլ ունի այս ընտանիքը: Նկատի ունեիք ձեր զարմիկի՞ն: Այո՞:
ԲԵԱՏՐԻՍ — Այո:
ԲԵՐԹԱ — Դեռ չե՞ք մոռացել նրան:
ԲԵԱՏՐԻՍ — Ես փորձում էի:
ԲԵՐԹԱ — Դուք ինձ ատում եք: Կարծում եք, որ ես երջանիկ եմ: Միայն իմանայիք, թե ինչքան եք սխալվում:
ԲԵԱՏՐԻՍ — Չեմ սխալվում:
ԲԵՐԹԱ – Երջանի՜կ: Երբ ոչինչ չես հասկանում նրա գրածներից, երբ չես կարողանում որևէ կերպ օգնել, նույնիսկ չես կարողանում նրա ասածների կեսը հասկանալ: Իսկ դուք կարողանում էիք և կարող եք: Բայց ես վախենում եմ երկուսի համար, նրա համար: Նա չպետք է այդ ձևով հեռանա: (Դարակից թուղթ է հանում և հապճեպ ինչ-որ բան է գրում:) Ո՛չ, դա անկարելի է: Նա խելագա՞ր է, ի՞նչ է, որ այդպիսի բան է անում: Նա դեռ տա՞նն է:
ԲԵԱՏՐԻՍ — Այո: Դուք գրե՞լ եք, որ նա գա այստեղ:
ԲԵՐԹԱ — Այո: Բրիջիդը կտանի այս երկտողը: Բրիջի՛դ…
ԲԵԱՏՐԻՍ — Ուրեմն դա ճշմարիտ է:
Ռիչարդը ներս է մտնում այգուց:
ՌԻՉԱՐԴ – Այնտեղ՝ գետափին, դևեր կան: Ես լսում էի նրանց շաղակրատանքը՝ լուսաբացից մինչև հիմա:
ԲԵԱՏՐԻՍ — (նայելով նրա ոտքերին): Միստրւ Րոուեն:
ՌԻՉԱՐԴ — Ճիշտ եմ ասում: Կղզին լիքն է ձայներով: Ձեր ձայներով նույնպես: Թե չէ ես չէի կարող ձեզ տեսնել: Նաև նրա ձայնը: Բայց վստահեցնում եմ ձեզ, նրանք բոլորը դևեր են: Ես խաչակնքեցի, և նրանք լռեցին:
ԲԵԱՏՐԻՍ — Միստր Րոուեն, ես այսքան շուտ եմ եկել, որ սա ցույց տամ ձեզ: Ռոբերտն է ձեր մասին գրել, անցյալ գիշեր:
ՌԻՉԱՐԴ — Իմ թանկագին միսս Ջըսթայս, կարծեմ երեկ էր, որ ասացիք, թե ինչու եք եկել այստեղ, իսկ ես երբեք ոչ մի բան չեմ մոռանում: Բարի լույս:
ԲԵԱՏՐԻՍ — Ես սրա համար եմ եկել: Սա նրա հոդվածն է ձեր մասին: Երեկ գիշեր է գրել: Դուք կկարդա՞ք:
ՌԻՉԱՐԴ – Կարդա՞մ, հիմա՞: Իհարկե:
ԲԵԱՏՐԻՍ — Միստր Րոուեն, ես տխրում եմ՝ ձեզ նայելով: «Վերապատվելի Մալհոլի մահը»: Սա՞ է:
ՌԻՉԱՐԴ – Այո՛, սա է: «Նշանավոր իռլանդացին»: (Կարդում է:) Ամենակարևոր կենսական պրոբլեմներից մեկը, որ կանգնած է մեր երկրի դեմ, նրա վերաբերմունքն է իր իսկ զավակների նկատմամբ, ովքեր կարիքի ժամանակ լքելով նրան, հիմա ետ են կանչվել, երկար սպասված հաղթանակի նախօրյակին, որին միայնության և աքսորի մեջ սովորեցին սիրել: Բայց մենք պետք է տարբերակենք տնտեսական աքսորը հոգեկան աքսորից: Կան այնպիսիները, ովքեր լքում են այն՝ հանապազօրյա հաց գտնելու, որի շնորհիվ մարդիկ գոյատևում են, և կան մյուսները, երկրի ամենասիրելի երեխաները, ովքեր լքում են այն՝ այլ երկրներում հոգևոր հաց գտնելու, որի շնորհիվ մարդ արարածը իր կյանքն է պահպանում: Նրանք, ովքեր վերակոչում են Դուբլինի տասնամյա ինտելեկտուալ կյանքը, ունենալու են բազմաթիվ հիշողություններ միստր Րոուենի մասին:
Բերթան երևում է դռան շեմին:
ԲԵԱՏՐԻՍ – Տեսնո՞ւմ եք, միստր Րոուեն, ձեր հաջողության դուռը վերջապես բացվեց: Նույնիսկ այստեղ: Դուք տեսնում եք, որ ունեք մի անկեղծ ընկեր՝ ի դեմս Ռոբերտի, մի ընկեր, ով հասկանում է ձեզ:
ՌԻՉԱՐԴ — Իսկ դուք նկատեցի՞ք սկզբի այն փոքրիկ պարբերությունը. «Նրանք, ովքեր լքեցին նրան նեղության ժամին»: (Մտնում է աշխատասենյակ:)
ԲԵՐԹԱ — (ինքն իր հետ խոսելով): Ես ամեն ինչ մի կողմ դրեցի հանուն նրա՝ կրոն, ընտանիք, անձնական խաղաղությունս…
ԲԵԱՏՐԻՍ — Բայց չեք զգում նաև, որ միստր Րոուենի գաղափարները…
ԲԵՐԹԱ — Գաղափարներ… գաղափարներ… Բայց այս աշխարհում մարդիկ այլ գաղափարներ ունեն կամ ձևացնում են, թե ունեն: Նրանք հանդուրժում են նրան՝ հակառակ նրա գաղափարների, որովհետև Ռիչարդը ունակ է ինչ-որ բան անելու: Իսկ ես՝ ոչ:
ԲԵԱՏՐԻՍ — Դուք կանգնեք նրա կողքին:
ԲԵՐԹԱ – Է՛հ, անմտություն է, միսս Ջըսթայս: Ես ուղղակի մի բան եմ, որին նա խճճվել է, իսկ որդիս պարզապես գեղեցիկ անուն է: Կարծում եք՝ ես քա՞ր եմ: Կարծում եք՝ դա չե՞մ տեսնում նրանց աչքերում, նրանց վարվելակերպի մեջ, երբ հանդիպում են ինձ:
ԲԵԱՏՐԻՍ — Թույլ մի տվեք, որ նրանք նվաստացնեն ձեզ, միսիս Րոուեն:
ԲԵՐԹԱ – Նվաստացնե՜լ ինձ: Ես էլ շատ հպարտ եմ, եթե կուզեք իմանալ: Ո՞վ է ինչ արել նրա համար: Ես եմ նրան տղամարդ դարձրել: Ովքե՞ր են մնացածները նրա կյանքում: Ընդամենը նրա կոշիկի տակի ցեխ: Նա հիմա կարող է նաև ինձ արհամարհել, ինչպես մնացած բոլորին: Դուք նույնպես կարող եք ինձ արհամարհել, բայց երբեք չեք կարող նվաստացնել: Ձեզնից և ոչ մեկը չի կարող:
ԲԵԱՏՐԻՍ — Բայց ինչո՞ւ եք ինձ նախատում:
ԲԵՐԹԱ — Ես այնքան մեծ տառապանքի մեջ եմ: Ներեք ինձ, եթե կոպիտ եղա: Ես ուզում եմ, որ մենք բարեկամներ լինենք: (Ձեռքը մեկնելով:) Դուք կլինե՞ք իմ բարեկամը:
ԲԵԱՏՐԻՍ — Ուրախությամբ:
ԲԵՐԹԱ — Ինչքան հաճելի, երկար թարթիչներ ունեք: Իսկ ձեր աչքերն այնքան տխուր են երևում:
ԲԵԱՏՐԻՍ — Ես այդ աչքերով շատ քիչ եմ տեսնում: Թույլ տեսողություն ունեմ:
ԲԵՐԹԱ — Բայց շատ գեղեցիկ են: (Գրկում, համբուրում է նրան:)
Ներս է մտնում Բրիջիդը:
ԲՐԻՋԻԴ — Ես երկտողը տվեցի նրան, տիրուհի:
ԲԵՐԹԱ — Նա ոչինչ չասա՞ց:
ԲՐԻՋԻԴ — Նա դուրս էր գնում, տիրուհի: Ասաց, որ քիչ հետո այստեղ կլինի:
ԲԵՐԹԱ — Շնորհակալություն:
ԲՐԻՋԻԴ — Թեյ ու թխվածք չէի՞ք կամենա, տիրուհի:
ԲԵՐԹԱ – Հիմա՝ ոչ, Բրիջիդ: Երևի հետո: Երբ միստր Հանդը գա, իսկույն նրան ներս կհրավիրես:
ԲՐԻՋԻԴ — Լավ, տիրուհի: (Դուրս է գնում:)
ԲԵԱՏՐԻՍ — Ես պիտի գնամ նախքան նրա գալը:
ԲԵՐԹԱ — Ուրեմն մենք բարեկամնե՞ր ենք:
ԲԵԱՏՐԻՍ — Մենք կփորձենք այդպիսին լինել: Դուք թույլ կտա՞ք դուրս գալ այգու միջով: Ես հիմա չեմ ուզում հանդիպել իմ զարմիկին:
ԲԵՐԹԱ — Իհարկե: Այնքան անսովոր է, որ հիմա այս ձևով ենք խոսում: Բայց ես միշտ ուզում էի: Իսկ դո՞ւք:
ԲԵԱՏՐԻՍ — Կարծում եմ՝ ես նույնպես:
ԲԵՐԹԱ — Նույնիսկ Հռոմում: Երբ Արչիի հետ դուրս էի գալիս զբոսանքի, միշտ ձեր մասին էի մտածում՝ թե ինչպիսին եք դուք: Դիկն էր ձեր մասին պատմել: Միշտ նայում էի տարբեր կանանց, ովքեր դուրս էին գալիս եկեղեցիներից կամ կառքերով էին անցնում, և պատկերացնում էի՝ դուք էլ նրանց նման կլինեք: Դիկն ինձ ասել էր, որ դուք թուխ եք:
ԲԵԱՏՐԻՍ – Իսկապե՞ս:
ԲԵՐԹԱ — Առայժմ:
ԲԵԱՏՐԻՍ — Հաճելի առավոտ:
ԲԵՐԹԱ — Ես ձեզ կուղեկցեմ մինչև մուտքի դուռը:
Ներս է մտնում Ռիչարդ Րոուենը:
ԲԵՐԹԱ — Դիկ…
ՌԻՉԱՐԴ – Այո՞…
ԲԵՐԹԱ — Դու ինձ հետ չես խոսել:
ՌԻՉԱՐԴ — Ես ոչինչ չունեմ ասելու: Իսկ դու ունե՞ս:
ԲԵՐԹԱ — Դու չե՞ս ուզում իմանալ, թե ինչ եղավ անցյալ գիշեր:
ՌԻՉԱՐԴ — Ես դա երբեք չեմ իմանա:
ԲԵՐԹԱ — Ես քեզ կպատմեմ, եթե հարցնես:
ՌԻՉԱՐԴ — Դու ինձ կպատմես: Բայց ես երբեք չեմ իմանա: Երբեք՝ այս կյանքում:
ԲԵՐԹԱ — Ես քեզ կասեմ ճշմարտությունը, Դիկ, ինչպես միշտ եմ ասել: Ես երբեք չեմ խաբել քեզ:
ՌԻՉԱՐԴ — Այո, այո: ճշմարտությունը: Բայց ես երբեք չեմ իմանա, ասում եմ քեզ:
ԲԵՐԹԱ — Ուրեմն ինչո՞ւ ինձ լքեցիր անցյալ զիշեր:
ՌԻՉԱՐԴ — Քո ծանր պահին:
ԲԵՐԹԱ — Բայց դու ինձ ստիպեցիր: Ոչ թե՝ որ սիրում ես ինձ: Եթե ինձ սիրեիր կամ իմանայիր, թե ինչ բան է սերը, ինձ չէիր լքի: Հանուն քո ինքնասիրության դու ստիպեցիր ինձ այդ քայլին դիմել:
ՌԻՉԱՐԴ — Ես չեմ ստիպել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:
ԲԵՐԹԱ — Որպեսզի միշտ երեսիս շպրտես դա: Ինչպես միշտ՝ նվաստացնես ինձ: Որ ազատ լինես: Նրա հետ: Ահա դա է քո սերը: Քո ասած յուրաքանչյուր բառը սուտ է:
ՌԻՉԱՐԴ — Իզուր է քեզ խնդրելը, որ ինձ լսես:
ԲԵՐԹԱ — Լսել քեզ: Միայն այն կնոջը կարելի է լսել: Ինչո՞ւ պետք է քո ժամանակը ինձ վրա վատնես: Գնա՛, նրա հետ խոսիր:
ՌԻՉԱՐԴ — Հասկանում եմ: Դու հիմա նրան հեռացրել ես ինձնից, ինչպես իմ բոլոր ընկերներին, յուրաքանչյուր մարդ արարածի, ով փորձել է մոտենալ ինձ: Դու ատում ես այդ աղջկան:
ԲԵՐԹԱ — Այդպիսի բան չկա: Դու ես նրան դժբախտացրել, ինչպես ինձ: Ինչպես քո հանգուցյալ մորը, որին սպանեցիր: Կնասպա՛ն: Ահա թե դու ո՛վ ես:
ՌԻՉԱՐԴ — Arrivederci!
ԲԵՐԹԱ — Նա հրաշալի ու ազնիվ բնավորությամբ աղջիկ է: Նա իր ծնունդով ու կրթությամբ և այլ հատկանիշներով բարձր է ինձնից: Դու փորձում էիր նրան կործանել, բայց չկարողացար: Որովհետև նա խելացի է: Իսկ ես՝ ոչ: Եվ դու գիտես դա:
ՌԻՉԱՐԴ – Ի՞նչ գրող ու ցավի մասին էիր խոսում նրա հետ:
ԲԵՐԹԱ — Ա՜խ, երանի քեզ հետ հանդիպած չլինեի: Ինչպե՜ս եմ անիծում այդ օրը:
ՌԻՉԱՐԴ — Ես կանգնել եմ քո ճանապարհին, այո՞: Դու հիմա ուզում ես ազատ լինել: Դու ուղղակի միայն մեկ բառ պիտի ասես:
ԲԵՐԹԱ — Երբ ուզես, ես պատրաստ եմ:
ՌԻՉԱՐԴ — Որ կարողանաս հանդիպել սիրեկանի՞դ… ազատորե՞ն:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌԻՉԱՐԴ — Գիշերներ շարունա՞կ:
ԲԵՐԹԱ — Հանդիպել իմ սիրեկանին: Այո՛, իմ սիրեկանին…
ՌԻՉԱՐԴ — Բերթա… Բերթա, դու ազատ ես:
ԲԵՐԹԱ — Ինձ չդիպչես: Դու օտար ես ինձ համար: Դու բոլորովին ինձ չես հասկանում: Չգիտես՝ ինչ է կատարվում իմ հոգում և սրտում: Օտար… Ես ապրում եմ օտարականի հետ:
Ներս է մտնում Ռոբերտը: Ռիչարդը մտել է իր աշխատասենյակը:
ՌՈԲԵՐՏ — Բրիջիդին ուղարկել էիր իմ ետևից:
ԲԵՐԹԱ — Այո: Դու խելագա՞ր ես: Մտքովդ ի՞նչ է անցնում, որ հեռանում ես այդ ձևով՝ նույնիսկ այստեղ չգալով ու հրաժեշտ չտալով…
ՌՈԲԵՐՏ — (ցույց տալով լրագիրը): Այն, ինչ պիտի ասեմ, գրված է այստեղ:
ԲԵՐԹԱ – Ե՞րբ ես գրել: Անցյալ գիշե՞ր, իմ հեռանալուց հետո՞:
ՌՈԲԵՐՏ — Լրիվ ճիշտ լինելու համար ասեմ. մի մասը գրել էի իմ մտքում նախքան քո հեռանալը: Մնացած՝ ամենավատ մասը հետո գրեցի: Շատ ավելի ուշ:
ԲԵՐԹԱ — Բայց ինչպե՞ս կարողացար գրել երեկ գիշեր:
ՌՈԲԵՐՏ — Ես լավ վարժված կենդանի եմ: Ես ամբողջ գիշեր թափառեցի, հետո գնացի իմ օֆիս, փոխռեկտորի տուն, գիշերային ակումբ, դարձյալ թափառումներ փողոցներում, վերջապես՝ տուն: Քո պատկերը միշտ աչքերիս առաջ էր, քո ափը՝ իմ ափի մեջ: Բերթա, ես երբեք չեմ մոռանա անցյալ գիշերը: Ինչո՞ւ ինձ չես նայում: Կարո՞ղ եմ շոյել քեզ:
ԲԵՐԹԱ — Դիկը աշխատասենյակում է: Իսկ ո՞ւր ես գնում:
ՌՈԲԵՐՏ — Արտասահման: Այսինքն՝ իմ զարմիկի՝ Ջեք Ջըսթայսի մոտ: Նա մի հրաշալի գյուղում է ապրում, որտեղ կլիման բարեխառն է:
ԲԵՐԹԱ – Ինչո՞ւ ես գնում:
ՌՈԲԵՐՏ — Դու նույնիսկ մեկ պատճա՞ռ չես ենթադրում:
ԲԵՐԹԱ – Ե՞ս եմ պատճառը:
ՌՈԲԵՐՏ — Այո: Ինձ համար հաճելի չէ հենց հիմա այստեղ մնալը:
ԲԵՐԹԱ — Բայց, Ռոբերտ, սա դաժան բան է քեզ համար: Դաժանություն է իմ հանդեպ, նաև՝ նրա:
ՌՈԲԵՐՏ — Նա հարցրե՞ց… թե ինչ է եղել:
ԲԵՐԹԱ — Ոչ: Նա հրաժարվում է որևէ բան հարցնել: Ասում է՝ ինքը երբեք էլ չի իմանա:
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդն այդ հարցում ճիշտ է: Այո՛, նա միշտ է ճիշտ:
ԲԵՐԹԱ — Բայց, Ռոբերտ, դու պիտի խոսես նրա հետ:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ պետք է ասեմ նրան:
ԲԵՐԹԱ — Ճշմարտությունը… Ամեն ինչ…
ՌՈԲԵՐՏ – Ո՛չ, Բերթա: Ես տղամարդ եմ և տղամարդու հետ եմ խոսելու: Ես նրան չեմ կարող ամեն բան ասել:
ԲԵՐԹԱ — Նա կհամոզվի, որ դու հեռանում ես, որովհետև վախենում ես դեմ առ դեմ հանդիպել նրան՝ անցյալ գիշերվա պատճառով:
ՌՈԲԵՐՏ — Ես նրանից քիչ համարձակ չեմ: Ես կհանդիպեմ նրան:
ԲԵՐԹԱ — Հիմա կանչեմ նրան:
ՌՈԲԵՐՏ — Բերթա: Ի՞նչ է եղել անցյալ գիշեր: Ո՞րն է ճշմարտությունը, որ պետք է նրան ասեմ: Դու ի՞մն էիր սիրո այդ սրբազան գիշերը: Կամ ես երազիս մե՞ջ էի:
ԲԵՐԹԱ — Հիշիր քո երազը: Դու երազում էիր, որ ես քոնն էի անցյալ գիշեր:
ՌՈԲԵՐՏ — Եվ դա՞ է ճշմարտությունը, այդ երա՞զը: Ես դա՞ պիտի պատմեմ:
ԲԵՐԹԱ — Այո:
ՌՈԲԵՐՏ — (համբուրում է նրա ձեռքերը): Բերթա… Իմ ամբողջ կյանքում միայն այդ երազն է իրական: Ես մոռացել եմ, թե ինչ բան է հանգիստը: Իսկ հիմա կարող եմ Ռիչարդին ասել ճշմարտությունը: Կանչիր նրան:
ԲԵՐԹԱ — (թակում է աշխատասենյակի դուռը): Դիկ… Միստր Հանդն այստեղ է: Նա ուզում է խոսել քեզ հետ… հրաժեշտ տալ: Նա հեռանում է: Դիկ…
Ռիչարդ Րոուենը ներս է մտնում:
ՌԻՉԱՐԴ — Շնորհակալ եմ իմ մասին գրած քո բարյացակամ հոդվածի համար: Ճի՞շտ է, որ եկել ես հրաժեշտ տալու ինձ:
ՌՈԲԵՐՏ — Շնորհակալության կարիք չկա: Այժմ և ընդմիշտ ես քո ընկերն եմ: Հիմա ավելի, քան երբևէ: Հավատո՞ւմ ես ինձ, Ռիչարդ:
Բերթան դուրս է գնում, լսվում է ձկնավաճաո կնոջ ձայնը փողոցից:
ՁԿՆԱՎԱՃԱՌ — Դուբլինի թարմ տառե՜խ…
ՌՈԲԵՐՏ — Ես կասեմ քեզ ճշմարտությունը, Ռիչարդ: Դու լսո՞ւմ ես:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ՁԿՆԱՎԱՃԱՌ — Թարմ տառեխնե՜ր… Դուբլինյան թարմ տառեխնե՜ր…
ՌՈԲԵՐՏ — Ես ձախողվեցի, Ռիչարդ: Ահա ճշմարտությունը: Դու հավատո՞ւմ ես ինձ:
ՌԻՉԱՐԴ — Ես լսում եմ:
ՌՈԲԵՐՏ — Ես ձախողվեցի: Բերթան քոնն է, ինչպես ինը տարի առաջ, երբ առաջին անգամ հանդիպեցիր նրան:
ՌԻՉԱՐԴ — Ուզում ես ասել՝ երբ մե՛նք առաջին անգամ հանդիպեցինք նրան:
ՌՈԲԵՐՏ — Այո: Ես կարո՞ղ եմ շարունակել:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Նա հեռացավ: Ես մնացի մենակ երկրորդ անգամ: Ես գնացի փոխռեկտորի տուն և ճաշեցի: Նրան ասացի, որ միստր Ռիչարդը ուրիշ անգամ կգա: Ես էպիգրամներ եմ գրել՝ հին ու նոր, որոնցից մեկը հուշարձանների մասին է: Մի քիչ բորդո խմեցի, գնացի իմ օֆիս և գրեցի այդ հոդվածը:
ՌԻՉԱՐԴ – Հետո՞:
ՌՈԲԵՐՏ — Գնացի մի գիշերային ակումբ: Այնտեղ տղամարդիկ կային, նաև՝ կանայք: Համենայնդեպս, նրանք կանանց նման էին: Ես պարեցի նրանցից մեկի հետ: Նա ինձ խնդրեց հյուր գնալ իր տուն: Կարո՞ղ եմ շարունակել:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Ես նրա տուն գնացի կառքով: Նա ապրում է Դոննիբրովի մոտակայքում: Կառքի մեջ տեղի ունեցավ այն, ինչն իմաստուն Դանս Սքոութսն անվանում է հոգու մահ: Կարո՞ղ եմ շարունակել:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Նա արտասվեց: Պատմեց, որ փաստաբանի ամուսնալուծված կին է: Ես նրան մի ոսկեդրամ տվեցի, որովհետև ասաց, որ փողի կարիք ունի: Չէր ուզում վերցնել և շատ լաց եղավ: Հետո մի քիչ հանքային ջուր խմեց տափաշշից, որը պայուսակից հանեց: Ես սպասեցի, մինչև նա տուն մտավ: Հետո ոտքով տուն հասա: Տանը տեսա, որ կոստյումս լրիվ թրջվել էր հանքային ջրից: Երեկ մի կոստյում էլ անձրևից էր թրջվել: Բախտս նույնիսկ կոստյումի հարցով չի բերում: Դա երկրորդն էր: Հետո, մտքովս անցավ, հագուստս փոխել և մեկնել առավոտյան նավով: Ես կապկպեցի ուղեպայուսակս և անկողին մտա: Մեկնելու եմ հաջորդ գնացքով, իմ զարմիկ Ջեկ Ջըսթայսի մոտ: Չգիտեմ, երևի կարճ ժամանակով կամ երկար… Դու զզվո՞ւմ ես:
ՌԻՉԱՐԴ – Ինչո՞ւ նավով չես մեկնում:
ՌՈԲԵՐՏ — Չհասցրեցի:
ՌԻՉԱՐԴ — Դու որոշել էիր հեռանալ առանց հրաժեշտ տալո՞ւ:
ՌՈԲԵՐՏ — Այո:
ՌԻՉԱՐԴ – Ինչո՞ւ:
ՌՈԲԵՐՏ — Ես այնքան էլ պատշաճ բաներ չպատմեցի, այո՞:
ՌԻՉԱՐԴ — Այնուամենայնիվ, եկար:
ՌՈԲԵՐՏ — Բերթան էր լուր ուղարկել, որ գամ:
ՌԻՉԱՐԴ — Միայն դրա՞ համար:
ՌՈԲԵՐՏ — Միայն դրա համար ես չէի գա:
ՌԻՉԱՐԴ — Իսկ մտքովդ չանցա՞վ, որ եթե մեկնեիր առանց այստեղ գալու, ես ամեն ինչ կհասկանայի:
ՌՈԲԵՐՏ – Այո՛, այդպես էլ կարծում էի:
ՌԻՉԱՐԴ — Ուրեմն ինքդ ես ուզում, որ հավատամ:
ՌՈԲԵՐՏ — Ուզում եմ հավատաս, որ ես ձախողվեցի: Որ Բերթան քոնն է, ինչպես ինը տարի առաջ, երբ դու… երբ մենք… առաջին անգամ հանդիպեցինք նրան:
ՌԻՉԱՐԴ – Ուզո՞ւմ ես իմանալ, թե ե՛ս ինչ արեցի:
ՌՈԲԵՐՏ — Ոչ:
ՌԻՉԱՐԴ — Ես իսկույն տուն վերադարձա:
ՌՈԲԵՐՏ — Դու լսեցի՞ր՝ ինչպես Բերթան տուն եկավ:
ՌԻՉԱՐԴ — Ոչ: Ես ամբողջ գիշեր գրում էի: Նաև՝ մտածում: Այնտեղ՝ աշխատասենյակում: Լուսաբացից առաջ դուրս եկա և վերուվար քայլեցի ծովափով:
ՌՈԲԵՐՏ — Տառապելով: Ինքդ քեզ տառապեցնելով:
ՌԻՉԱՐԴ — Ես ձայներ էի լսում իմ շուրջը: Նրանց ձայները, ովքեր ասում են, թե սիրում են ինձ:
ՌՈԲԵՐՏ — Այդ մի ձայնը: Իսկ ի՞մը:
ՌԻՉԱՐԴ — Նաև մեկ ուրիշինը:
ՌՈԲԵՐՏ — Ճիշտ որ… Իմ տարօրինակ և մի քիչ մելամաղձոտ զարմուհին: Իսկ նրանք ի՞նչ էին ասում քեզ:
ՌԻՉԱՐԴ — Նրանք ինձ ասում էին՝ հույսդ կտրիր:
ՌՈԲԵՐՏ — Իրենց սերը ցույց տալու տարօրինակ ձև: Այ քեզ բան… Իսկ դու հուսահատվելո՞ւ ես:
ՌԻՉԱՐԴ — Ոչ:
Արչիի դեմքն է երևում՝ ապակուն սեղմվելուց տափակած:
ԱՐՉԻ — Պատահանը բաց… Պատուհանը բաց…
ՌՈԲԵՐՏ — Դու նրա ձայնը նույնպես լսում ես, Ռիչարդ, մյուսների հետ,- այնտեղ, ծովափին: Քո որդու ձայնը: Լսիր… Ինչքան լի է հուսահատությամբ:
ԱՐՉԻ — Խնդրում եմ, պատուհանը բաց, էլի…
ՌՈԲԵՐՏ – Ռիչա՛րդ, հավանաբար մեր փնտրած ազատությունն այնտեղ է. դու քո ձևով ես փնտրում, ես՝ ուրիշ: Նրա մեջ, և ոչ թե մեր: Հավանաբար:
ՌԻՉԱՐԴ – Հավանաբա՞ր:
ՌՈԲԵՐՏ — Ես ասացի՝ հավանաբար: Ես կասեի՝ գրեթե անկասկած, եթե…
ՌԻՉԱՐԴ — Եթե ի՞նչ…
ՌՈԲԵՐՏ — Եթե Արչին իմ որդին լիներ: (Արչին պատուհանից սենյակ է ցատկում:) Երեկվա նման, հը՞:
ԱՐՉԻ — Բարի լույս, միստր Հանդ: Buon giorno, babbo.
ՌԻՉԱՐԴ — Buon giorno, Archie.
ՌՈԲԵՐՏ — Իսկ դու որտե՞ղ էիր, երիտասարդ:
ԱՐՉԻ – Դրսում՝ կաթնավաճառի հետ: Ես ձի էի քշում: Գնացել էինք Բութերսթաուն: Էնքան սոված եմ, որ…
ՌՈԲԵՐՏ — Ռիչարդ, ցտեսություն: Մինչ նոր հանդիպում:
ՌԻՉԱՐԴ — Ցտեսություն:
ՌՈԲԵՐՏ — Գլխարկդ վերցրու: Արի ինձ հետ, ես քեզ համար կարկանդակ կգնեմ: Քեզ բան եմ պատմելու, հեքիաթ:
ԱՐՉԻ — (ներս մտնող Բերթային): Մայրի՛կ, կարո՞ղ եմ գնալ:
ԲԵՐԹԱ — Այո:
ԱՐՉԻ — Ես պատրաստ եմ:
ՌՈԲԵՐՏ — Ցտեսություն, պապա և մամա: Բայց վերջնական ցտեսություն չեմ ասում:
ՌԻՉԱՐԴ — Դուք ինձ հեքիաթ կպատմե՞ք, միստր Հանդ:
ՌՈԲԵՐՏ – Հեքիա՞թ: Ինչո՞ւ ոչ: Ես քո կախարդական կնքահայրն եմ:
Արչին ու Ռոբերտը գնում են:
ԲԵՐԹԱ — Դիկ, թանկագի՛նս, հիմա հավատո՞ւմ ես, որ ես ազնիվ էի քո նկատմամբ: Թե՛ երեկ գիշեր, թե՛ միշտ:
ՌԻՉԱՐԴ — Ինձ մի՛ հարցրու, Բերթա:
ԲԵՐԹԱ — Ես ազնիվ էի, սիրելիս: Իհարկե, դու հավատում ես ինձ: Ես նվիրվել եմ քեզ լիովին: Ես ամեն բան զոհել եմ հանուն քեզ: Իսկ դու ինձ լքեցիր:
ՌԻՉԱՐԴ – Ե՞րբ եմ լքել քեզ:
ԲԵՐԹԱ — Դու լքել ես ինձ, իսկ ես սպասում էի, որ վերադառնայիր ինձ մոտ: Դիկ, թանկագի՛նս, եկ այստեղ, ինձ մոտ: Նստիր: Դու գուցե շատ հոգնած ես: (Քաշում է նրան բազմոցին:) Այո՛, թանկագինս: Ես սպասում էի քեզ: Աստված է վկա, թե ինչպես էի տառապում այն ժամանակ, երբ ապրում էինք Հռոմում: Դու հիշո՞ւմ ես մեր տան բակը:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ԲԵՐԹԱ — Ես միշտ նստում էի այնտեղ ու սպասում: Խեղճ երեխայի խաղալիքներն էինք վերցնում մեզ հետ: Սպասում էի, մինչև Արչին քնում էր: Մեր բարձր բակից երևում էին քաղաքի բոլոր տանիքները և Տիբրոս գետը: Այդպե՞ս էր անունը:
ՌԻՉԱՐԴ — Տիբր:
ԲԵՐԹԱ — (իր այտը շոյելով Ռիչարդի ձեռքով): Դա շատ հաճելի էր, Դիկ, միայն թե այնքան տխուր էի: Ես միայնակ էի, Դիկ, մոռացված քեզնից, բոլորից: Ես զգում էի, որ իմ կյանքն ավարտված էր:
ՌԻՉԱՐԴ — Իսկ այն դեռ չէր սկսվել:
ԲԵՐԹԱ — Եվ ես միշտ նայում էի երկնքին, որն այնքան գեղեցիկ էր և ջինջ: Եվ այն քաղաքը, որը, ինչպես դու էիր ասում, այնքան հին էր: Հետո անընդհատ մտածում էի Իռլանդիայի և մեր մասին:
ՌԻՉԱՐԴ — Մե՞ր:
ԲԵՐԹԱ — Այո: Մեր մասին: Չկա մի օր, որ չտեսնեմ ինձ ու քեզ՝ ինչպիսին էինք, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Չէ՞ որ ես հավատարիմ եմ եղել քեզ այդ ամբողջ ժամանակ:
ՌԻՉԱՐԴ – Այո՛, Բերթա: Աքսորավայրում դու իմ հարսնացուն էիր:
ԲԵՐԹԱ — Ուր էլ գնաս, կհետևեմ քեզ: Եթե ուզում ես հենց հիմա հեռանալ՝ ես հետդ կգամ:
ՌԻՉԱՐԴ — Ես մնալու եմ: Դեռ շատ շուտ է հուսահատվելու համար:
ԲԵՐԹԱ — Ճիշտ չէ, որ ես ուզում եմ բոլորին հեռացնել քեզնից: Ես ուզում էի ավելի մոտեցնել քեզ ու… Ռոբերտին: Խոսիր ինձ հետ: Սիրտդ անկեղծորեն բաց իմ առաջ: Ի՞նչ ես զգում և ինչո՞ւ ես տառապում:
ՌԻՉԱՐԴ — Ես վիրավորված եմ, Բերթա:
ԲԵՐԹԱ – Ինչպե՞ս թե՝ վիրավորվել ես: Բացատրիր՝ ի՞նչը նկատի ունես: Ես կփորձեմ հասկանալ ամեն ինչ, որ դու կասես: Ինչպե՞ս ես վիրավորվել:
ՌԻՉԱՐԴ — (կնոջ գլուխն առնելով ափերի մեջ): Ես ունեմ կասկածանքի խորը, շատ խորը վերք իմ հոգում:
ԲԵՐԹԱ — Կասկածանք ի՞մ նկատմամբ:
ՌԻՉԱՐԴ — Այո:
ԲԵՐԹԱ — Ես քոնն եմ: Եթե այս պահին մեռնեմ, էլի քոնն եմ:
ՌԻՉԱՐԴ — (խոսելով կարծես բացակա անձնավորության հետ): Իմ հոգին վիրավորված է քո պատճառով… կասկածանքի մի խորունկ վերքով, որը երբեք չի կարող բուժվել: Ես երբեք չեմ կարող իմանալ, երբեք՝ այս կյանքում: Ես չեմ ուզում իմանալ կամ հավատալ: Ինձ չի հետաքրքրում: Սա մշուշոտ, խավար հավատով չէ, որ ես ցանկանում եմ քեզ: Այլ անհանգստացնող, կենսունակ, կասկածանքով լի վիրավորանք: Չպահել քեզ ոչ մի կապանքով, նույնիսկ սիրո… ձուլվել քեզ մարմնով և հոգով, լիակատար մերկությամբ՝ ահա սա էի ես փափագում: Իսկ հիմա ես հոգնած եմ, Բերթա: Իմ վիրավորանքը հոգնեցրել է ինձ:
ԲԵՐԹԱ — Հանուն ի՛նձ, Դիկ: Մոռացիր ինձ և դարձյալ սիրիր, ինչպես առաջին անգամ: Ես իմ սիրեկանին եմ ուզում: Ուզում եմ հանդիպել նրան, գնալ նրա մոտ, ինքս տրվել նրան: Դու… Դի՛կ, իմ օտարական, խենթ սիրեկան, նորից վերադարձիր ինձ մոտ… (Փակում է աչքերը:)
Անգլերենից թարգմանությունը՝ Վանիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ