Մարիամ ՕՀԱՆՅԱՆ / ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Մարիամ ՕՀԱՆՅԱՆԻ «ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ» պիեսը տպագրվել է  «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

Մարիամ ՕՀԱՆՅԱՆ

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Գործող անձինք

ԱՆՆԱ

ԱՄՈՒՍԻՆ 

Մութ բեմ, կենտրոնում նստած է կինը: Լույսն ընկնում է նրա թիկունքից՝ վանդակապատ օդափոխիչ խողովակից, և այն տպավորությունն է, որ կինը գտնվում է բանտախցում: Աստիճանաբար բեմը լուսավորվում է, երևում են իրեր՝ սեղան, պահարան, գազօջախ… նա խոհանոցում է: Բեմի լուսավորվելուն և կնոջ պատմությանն հընթացս իրերն ավելի ու ավելի են մոտենում նրան:

ԱՆՆԱ — Անունս Աննա է… Ամուսնացած եմ… Երկու երեխա ունեմ, տղա և աղջիկ: 35 տարե­կան եմ: Ի՞նչ է 35 տարին: Սկզբի վե՞րջն է, թե՞ վերջի սկիզբը: Չգիտեմ… Մինչև վերջերս ինձ լիակատար երջանիկ էի զգում՝ ամուսին, երեխաներ, աշխատանք: Ամեն ինչ այնքան պարզ էր ու հստակ…

Ամեն ինչ պարզ ու հստակ էր, մինչև հայտնվեց ՆԱ: Մարդ, ում ես բացարձակապես չգի­տեմ, բայց ում մասին չեմ կարող չմտածել: Նա ինձ հանեց հավասարակշռությունից, և աշխար­հը՝ այնքան լուսավոր ու խնդալի, հանկարծ բացվեց իմ դեմ սարսափելի դատարկությամբ: Ու ես հասկացա, որ ամբողջ կյանքս սևագրու­թյուն է եղել…

Ես երբեք ինձ չեմ պատկանել, միշտ վախե­ցել եմ ինքս ես լինելուց, միշտ եղել եմ ինչ-որ մեկի բաղադրյալը, լրացումը: Մինչև ամուսնա­նալը ծնողներիս սեփականությունն էի: Ես պարտավոր էի արդարացնել նրանց հույսերն ու ոչ մի դեպքում չպիտի հիասթափեցնեի նրանց: Ամուսնացա, ու պիտի ծառայեի ամուս­նուս, համապատասխանեի նրա ընտանիքի պահանջներին, իսկ երեխաների ծնվելուց հետո դարձա նրանց սեփականությունը: Իսկ ես եր­բեք էլ չեմ եղել:

Ամուսնացա, որովհետև արդեն 29 տարեկան էի, որովհետև պիտի հասցնեի արդեն հեռացող գնացքի մեջ թռչել ընթացքից, որովհետև պիտի լինեի՝ ինչպես բոլորն են: Հիշում եմ հարսա­նիքս, որն այնպես չեղավ, ինչպես ես կուզենա­յի, այլ եղավ՝ ինչպես ուզում էին նրանք: Եվ ամուսնական առաջին գիշերվան հաջորդած առավոտը, անվերջ նվաստացումները, ինչ է,

թե լրիվ պատահական մարդիկ համոզված էին, որ իրավունք ունեն խառնշտորել իմ անկո­ղինը: Ամուսնություն, որում ես մշտապես ձգ­տում էի բավարարել ամուսնուս պահանջները՝ մրցելով սկեսրոջս հետ «ով է ավելի ուժգին սի­րում» մրցամարտում, ու նաև կռիվ տալ ինչ-որ ժամանակ նրան պատկանած, սիրված կամ պարզապես ցանկալի կանանց հետ, վախենա­լով կորցնել նրան ոչ այն պատճառով, որ սի­րում եմ, այլ որ՝ նա իմն է…

Ու երեխայի ծնունդը, կյանքը կարծես իմաստ ստացավ…

Ճաշ, լվացք, արդուկ, երեխաների լաց, ջուր բեր, աղի է, անալի է, ես սա ուտողը չեմ, պոմի­դորի սեզոնն է, պահածո պիտի փակել, իսկ հի­մա՝ բացել բանկաները, և այսպես՝ անընդ­հատ: Այդ միապաղաղ կրկնության մեջ ինչ-որ թմրեցնող, քնեցնող բան կար, ու ես հաշտվեցի: Հաշտվեցի այդ շուրջանակի կյանքին, իրար կրկնող օրերի շարանին: Վարժվեցի:

Ու հանկարծ՝ սեր: Նույնիսկ ոչ թե սեր, այլ խենթացնող ցանկություն, կիրք, հիվանդու­թյուն:

Ո՛չ, ես ոչնչի չեմ հավակնում: Ես պարզապես ուզում եմ տեսնել նրա հեգնական, քիչ թախ­ծոտ աչքերը, լսել խռպոտ, ինձ տակնուվրա անող ձայնը, ճանաչել պայծառ մտքով ու այր­վող սրտով մարդուն՝ դաժան, փշոտ, չար, հեգ­նող ու անսահման խոցելի: Ճանաչել, ճաշա­կել… Սիրել ու մեռնել…

 

ԱՄՈՒՍԻՆ — (հայտնվում է ոչ մի տեղից): Ինձ կանչեցի՞ր:

ԱՆՆԱ — Ոչ:

ԱՄՈՒՍԻՆ — Ո՞չ:

ԱՆՆԱ — Ոչ: Թեև… մտածում եմ… գուցե բա­ժանվելը ամենալավ ելքն է:

ԱՄՈՒՍԻՆ — Գժվեցի՞ր: Իմ կարծիքով, մենք նորմալ, երջանիկ զույգ ենք: (Փորձում է գուրգուրել, Աննան խույս է տալիս:) Եվ, ընդհան­րապես, ինձ դուր է գալիս քեզ հետ սեր անե­լը, զգալ՝ ինչպես ես հանգստանում:

ԱՆՆԱ – Հետո՞ ինչ, որ հանգստանում եմ, դա ոչ մի կապ չունի զգացմունքների հետ: Ես պարզապես սեքսուալ եմ:

ԱՄՈՒՍԻՆ — Դու առանց սեքսի ապրել չես կարող:

ԱՆՆԱ — Հնարավոր է, բայց ես չեմ ուզում սեքս անել քեզ հետ:

ԱՄՈՒՍԻՆ — Ստում ես:

ԱՆՆԱ — Չեմ ստում:

ԱՄՈՒՍԻՆ – Ստո՛ւմ ես:

ԱՆՆԱ – Չե՛մ ստում: (Ճչում է:) Դու ինձ բռնաբարում ես, ամեն անգամ, երբ քեզ ասում եմ «ոչ», դու ինձ բռնաբարում ես: Դա քեզ դուր է գալիս, որովհետև ես քո սեփականությունն եմ, որովհետև քեզ պարտական եմ ու որովհետև դու միշտ կարող ես ինձ ուժով վերցնել: Ես ատում եմ քեզ, ես քեզ չե՛մ ուզում: Դու ինձ զզվելի ես, տհաճ ես, ես արհարմարհում եմ քեզ…

ԱՄՈՒՍԻՆ – Սիրահարվե՞լ ես, ինչ է:

ԱՆՆԱ- Չգիտեմ:

ԱՄՈՒՍԻՆ — Եվ ո՞վ է նա:

ԱՆՆԱ — Չգիտեմ, բոլորովին չգիտեմ: Նա կռվում էր, երբ ամուսնացա: Նա ողջ մնաց: Ողջ մնաց, որովհետև ծնվել էր ինձ համար, իսկ ես նրան չսպասեցի:

ԱՄՈՒՍԻՆ — Հերոս ես գտել… ամեն մեկս էլ քիչ ու միչ կռվել ենք…

ԱՆՆԱ – Ստո՛ւմ ես: Երբ հիշում եմ՝ վախեցած ոնց էիր թաքնվում տանն ու վեր թռչում դռան զանգից, ավելի եմ քեզ ատում:

ԱՄՈՒՍԻՆ — Դե իհարկե… քեզ պետք էր այրի մնալ զինկոմիսարիատի դռները մա­շելու ու մայթերի վրա վաճառվելու համար, ինչ է, թե սոված չսատկեիր: Կամ էլ այդ ամենն անեիր՝ հաշմանդամին խնամելն էլ վրադիր: ԱՆՆԱ — Դու չես հասկանա… բարձր գաղա­փարներով ապրելու, մահվանից չվախենալու, Հայրենիքի համար մեռնելու ունակությունը մի ուրիշ բան է:

ԱՄՈՒՍԻՆ — Ինձ թվում է, լավ կյանքից խելքդ թռցրել ես: Կուշտ, անշնորհակալ պոռ­նիկ: Իսկ գուցե դա… ոնց են ասո՞ւմ՝ քառասու­նամյա կնոջ ճգնաժա՞մն է…

ԱՆՆԱ — Գուցե… Բայց ինչ-որ բան կոտրվեց, ինչ-որ բան անվերադառնալիորեն քանդվեց ու ես չեմ կարող ապրել առաջվա պես: ԱՄՈՒՍԻՆ — (սկսում է նյարդայնանալ): Լսիր, քեզ վա՞տ եմ վերաբերվում, ինչ-որ բանի պակաս ունեցե՞լ ես:

ԱՆՆԱ — (կուչ է գալիս, ձայնը հնչում է ավելի ու ավելի կամաց): Ոչ:

ԱՄՈՒՍԻՆ — Քի՞չ եմ վաստակում:

ԱՆՆԱ — Ոչ:

ԱՄՈՒՍԻՆ — Երեխաների մասին հոգ չե՞մ տանում:

ԱՆՆԱ — Ոչ:

ԱՄՈՒՍԻՆ — Քեզ չե՞մ օգնում:

ԱՆՆԱ — Ոչ: Դու լավն ես, շատ լավն ես, պարզապես ինձ համար անհետաքրքիր ես:

ԱՄՈՒՍԻՆ — (կոտրված, ձայնի մեջ՝ չարու­թյուն ու հուսահատություն): Բայց դու գիտես, որ քեզ երբեք ազատություն չեմ տա:

ԱՆՆԱ — Գիտեմ:

ԱՄՈՒՍԻՆ — Դու լավ գիտես, որ աոանց քեզ ապրել չեմ կարող: (Ծնկի է իջնում, սկսում է համբուրել Աննայի ձեռքերը, նա սկզբում փոր­ձում է ազատվել, հետո դանդաղ շոյում է ամուսնու գլուխը:)

ԱՆՆԱ — Գիտեմ: Ես նույնիսկ գիտեմ, որ կան բաներ, որոնց մասին խոսելն անիմաստ է, որովհետև եթե դրանք ի սկզբանե անհասկա­նալի են, անբացատրելի են ընդհանրապես:

Խավար:

Ամուսինն անհետանում է:

ԱՆՆԱ — Սեր… Այն ինձ համար միշտ էլ ան­թույլատրելի շռայլություն է եղել, սիրո հետ միշտ էլ անհաջողության եմ մատնվել: Ո՞վ եմ ես, ոչինչ, փոշեհատիկ աշխարհում… Ո՞վ է նա: Անծանոթ ճամփորդ, որ ստվերի պես անցավ իմ ճակատագրի կողքով, ով չիմանալով՝ ավերեց, ով ապրում է ինձ հետ նույն տարածության, ժա­մանակի մեջ, անսահման ցանկալի, մտերիմ և այդքան անհասանելի, օտար: Նա կա ու չկա միաժամանակ…

Սիրահարվել՝ սեփական անազատությանդ ողջ խորությունը գիտակցելու համար: Գիտակ­ցելու համար սեփական դժբախտությանդ անսահմանությունը, կյանքիդ անիմաստությունը, գոնե ինչ-որ բան փոխելու անզորությունդ:

Բայց ես ունեմ սխալվելու իրավունք:

 

Աննային շրջապատող իրերն այնքան են մոտեցել, թվում է՝ ճնշում են նրան: Նա սկսում է սալաթ պատրաստել: Պատա­հաբար կտրում է մատը:

ԱՆՆԱ – Ա՛հ: Ատո՛ւմ եմ, ատո՛ւմ եմ, ատո՛ւմ եմ… Ատո՛ւմ եմ այս ճաշը, տունը, լվացքը, ար­դուկը… (Փորձում է դեղորայքի պահարանիկից դուրս բերել թանզիֆը: Դարակներից մեկի պարունակությունը թափվում է հատակին: Ցա­սումի մեջ՝ ջարդում, փշրում է կահույքը, լսվում է փշրվող ապակու ձայն:) Ատում եմ ամեն ի՛նչ, ամե՛ն ինչ, ամե՛ն ի՛նչ… (Լսվում են երեխաների ձայներ, նրանք կռվում են, լաց են լինում: Աննան բռնում է գլուխը:) Աստված իմ, ինչո՞ւ են նրանք կռվում, անընդհատ կռվում են: Ես չեմ ուզում այսպես ապրել, ես ընդհանրապես չեմ ուզում ապրել, այսպիսի կյանքի իմաստը ես չեմ տեսնում: Ես չեմ տեսնում այսպես ապրելու իմաստը:

Խավար:

Մութ միջանցք: Դռան զանգ: Աննան վառում է լույսը, բացում է դու­ռը:

ԱՄՈՒՍԻՆ — (համբուրում է այտը, ծաղիկ­ներ տալիս): Ողջույն, սրանք՝ քեզ:

ԱՆՆԱ — (զարմացած): Ի՞նձ: Շնորհակալու­թյուն:

ԱՄՈՒՍԻՆ — Մեր հարսանիքի տարեդարձի առթիվ…

ԱՆՆԱ — Իսկ ո՞ւր են երեխաները:

ԱՄՈՒՍԻՆ — Թողեցի տատիկի մոտ:

ԱՆՆԱ — (հմայված նայում է ծաղիկներին: Ամուսինը սկսում է համբուրել, նա ետ է մղվում): Այսօր ինձ հանգիստ թող:

ԱՄՈՒՍԻՆ — Վերջ տուր, հազիվ երեխանե­րին ցրեցի, մեզ ոչ ոք չի խանգարի:

Աննան գլուխը թաղում է ծաղիկնե­րի մեջ: Ամուսինը նայում է՝ նա արտասվում է:

ԱՄՈՒՍԻՆ – Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լա­լիս:

ԱՆՆԱ — Չգիտեմ… երևի… երջանկությունից է: Գնամ անկողինը բացեմ… (Գնում է:)

ԱՄՈՒՍԻՆ — (տարակուսած): Ու ո՜նց է կա­րողանում ամեն ինչ փչացնել…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։