ԺԱԿ ԴԸ ԴԵԿԵՐ / ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒԽ, ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ
«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ
Ժակ դը ԴԵԿԵՐԻ «ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒԽ, ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում
ԺԱԿ ԴԸ ԴԵԿԵՐ
ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒԽ, ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ
Պիես 2 գործողությամբ
Գործող անձինք
ԿԱՐՈԼ
ԻՆԳՐՒԴ
ՇԱՌԼ
ԻՎԱՆ
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Գործողությունը տեղի է ունենում արձակուրդի համար վարձված լեռնային առանձնատանը:
Մտնում է Կարոլը: Հագին ճերմակ վերնաշապիկ է և ջինս: Ձգվում է, նստում բազմոցին, սիգարետ վառում, մի քանի անգամ ծուխը ներս քաշում և հատակին թափված իրերին նայելով՝ հանգցնում է: Մի փողկապ է վերցնում, կապում վզին և ժպտում, ասես նայում է հայելու մեջ:
Մտնում է Շառլը: Կիսամերկ է: Բաց գույնի շալվար է հագել: Թերևս խառնածին է:
Տեսարան առաջին
ՇԱՌԼ — Վատ չէ, սազում է ձեզ: Իսկ գուցե կանանց փողկա՞պ առաջարկենք: Չէ՞ որ տղամարդիկ թաշկինակ կապում են: Արժե մտածել այդ մասին:
ԿԱՐՈԼ — Դուք շարունակ ձեր մասնագիտության մասին եք մտածում:
ՇԱՌԼ — Մի՞թե այլ կերպ կարելի է: Փողոցում անդադար նայում եմ լավ կամ վատ հագնված մարդկանց: Յուրաքանչյուր անցորդ մի մարտահրավեր է ինձ համար: Հիմնականում նրանց մարմնի ձևերն են հետաքրքրում: Մտածում եմ՝ հնարավո՞ր է մարմնի կերպերը թաքցնել զգեստների տակ: Եթե մարմինն ինձ դուր է գալիս, խաղի մեջ եմ մտնում: Ամենաարտաոոց հագուստներն եմ պատկերացնում: Ինձ համար ամենաանհետաքրքիրը նրբագեղներն են:
ԿԱՐՈԼ — Որովհետև չեք կարող նրանց ձեր ուզածի պես կերպարանափոխե՞լ: Որովհետև չեք կարող նրանց վերստեղծե՞լ:
ՇԱՌԼ — Ճիշտ է… Հենց այդպես:
ԿԱՐՈԼ — Եվ, այնուամենայնիվ, հագուստն առանձնապես կարևոր մի բան չէ: Հագուստն արտաքին մի բան է, առավել, քան արտաքին:
ՇԱՌԼ — Դուք գտնում եք, որ ինչ արտաքին է, կարևոր չէ՞: Իսկապե՞ս: Ձեր մաշկը ձեզ չի՞ հետաքրքրում: Դուք այն չե՞ք խնամում, չե՞ք շոյում… Դուք ուրիշների մաշկը չե՞ք շոյում: Ձեր մաշկն ուրիշ մաշկին հպվելիս չի՞ սարսռում: Ինչի՞ մասին էիք մտածում գիշերը:
ԿԱՐՈԼ — Ես մտածում էի՝ իսկ ինչո՞ւ մանեկեն չդառնամ: Ոչ թե փողի համար… Ասում են՝ մանեկենները շատ են վաստակում: Իհարկե, աստղերը: Բայց դա ինձ շատ չի հետաքրքրում:
ՇԱՌԼ — Իսկ ինչո՞ւ չեք փորձել: Իսկապես, դուք կկարողանայիք մանեկեն դառնալ: Դուք կարող եք դառնալ: Դուք անթափանց հայացք ունեք, մի հայացք, որ գրավող է, և մարմին, որի վրա կարելի է ամեն զգեստ հարմարեցնել:
ԿԱՐՈԼ — Ինձ ասել են: Ինձ հաճախ են ասել այդ մասին: Բայց, հավանաբար, պիտի իմ ձեռքից բռնեին ու տանեին:
ՇԱՌԼ — Ձեր ձեռքից բռնեի՞ն:
ԿԱՐՈԼ — Այո, իմ մտքով երբեք չի անցել, որ ինքս, մեն-մենակ դիմեմ որևէ գործակալության և իմ ծառայություններն առաջարկեմ, ասենք՝ գնամ ձեզ նման որևէ նշանավոր մոդելյորի մոտ… Երբեք չեմ կարողացել այդ քայլն անել:
ՇԱՌԼ – Ինչո՞ւ: Դրա համար պիտի հատուկ վճի՞ռ ընդունեիք:
ԿԱՐՈԼ — Ճիշտ այդպես: Ես չեմ սիրում նախաձեռնող լինել: Ընդհակառակը, սիրում եմ, որ ինձ ստիպեն:
ՇԱՌԼ — (ծիծաղում է): Ստիպեն նախաձեռնո՞ղ լինել: Մինչև հիմա որևէ մեկին հաջողվե՞լ է ձեզ ստիպել: Երբևէ որևէ մեկը կկարողանա՞ այդ բանն անել: Շատ կուզեի աչքովս տեսնել: Ինձ թվում է՝ դուք այն էակներից եք, որոնց հանդեպ ոչ ոք չի կարող որևէ բռնություն կիրառել:
ԿԱՐՈԼ — Ես չեմ սիրում «բռնություն» բառը: Ես երբեք հարկադրանք չեմ ընդունի: Ոչ էլ զոհ կլինեմ: Ոչ մեկը, ոչ մյուսը: Երբեմն… երբեմն ափսոսում եմ:
ՇԱՌԼ — Դուք գիտե՞ք՝ ինչ է զոհը:
ԿԱՐՈԼ — Այո, ես շարունակ հանդիպում եմ նրանց: Նրանք գալիս են ինձ մոտ և ասում. «Վերցրու ինձ»: Նրանք ինձ ասում են. «Սեղմեք ինձ ձեր կրծքին, շնչահեղձ արեք ինձ, խժռեք ինձ»: Զոհերը միշտ էլ կան:
ՇԱՌԼ — Իսկ դուք ի՞նչ եք, գիշատի՞չ եք:
ԿԱՐՈԼ — (ծիծաղում է): Ինչո՞ւ ոչ: Դուք՝ նույնպես:
ՇԱՌԼ — Ոչ, ինչպես ասում են, ես փափուկ սիրտ ունեմ:
ԿԱՐՈԼ — Ինձ մի ծիծաղեցրեք: Ուրեմն, դուք ոչ գիշատիչ եք, ոչ էլ զոհ: Դուք խուսափել եք ջունգլիի օրենքներից: Ձեզ ի՞նչ անուն տալ: Կարծում եմ՝ կենդանական աշխարհում ձեզ նման անորոշ էակ չկա: Կարծում եմ՝ ձեզ նման մակաբույծ արարած ոչ մի տեղ չկա:
ՇԱՌԼ- Մակաբո՞ւյծ: Մակաբույծներ կան, ես շատ եմ հանդիպել:
ԿԱՐՈԼ — Այո, սակայն կարծում եմ, որ մակաբույծներն էլ իրենց օգտակարությունն ունեն, ինչպես նշագեղձերը, կույր աղիքը: Երբեք չեմ ցանկացել դրանք վիրահատել: Ես ամեն ինչ պահել եմ: Ամեն ինչ ունեմ… Իմ ատամները, իմ հայացքը… Ես ձեզ շատ լավ տեսնում եմ: Շատ լավ լսում եմ, թե ինչ եք ասում:
ՇԱՌԼ — Իսկ ձեր սեռական օրգաննե՞րը… պահե՞լ եք: Ձեր սեռական օրգանն ինչի՞ն է ծառայում: Երեխաներ ունե՞ք:
ԿԱՐՈԼ — Ոչ:
ՇԱՌԼ — Իսկ կունենա՞ք:
ԿԱՐՈԼ — Ճիշտն ասած, նորաձևությունն ինձ ավելի է հետաքրքրում: Մոտս նորաձևության բազմաթիվ ամսագրեր ունեմ: Դրանք գնում եմ փոքր հասակից: Սկզբում կարդում էի մորս ամսագրերը: Հետո սկսեցի իմ նախասիրած հանդեսները գնել: Դիմահարդարություն սովորեցի:
ՇԱՌԼ — Կարուձև արե՞լ եք:
ԿԱՐՈԼ — Դրանից միշտ սոսկացել եմ: Նայում էի, թե ինչպես է մայրս կարում ու խղճում էի նրան:
ՇԱՌԼ – Խղճո՞ւմ էիք: Ի՞նչ բան է խղճահարությունը:
ԿԱՐՈԼ — Չէի ուզում նրա նման լինել:
ՇԱՌԼ – Մի՞թե դա խղճահարություն է: Չցանկանալ ուրիշների նման լինել, որոնք տարբեր են ձեզնից… Մի՞թե դա խղճահարություն է: Մուրացկան տեսնել և ասել, թե չէի ուզի մուրացկան լինել: Դուք չգիտեք, թե ինչ բան է խղճահարությունը:
ԿԱՐՈԼ — Իսկ դո՞ւք:
ՇԱՌԼ — Տանել չեմ կարող, երբ ինձ խղճում են:
ԿԱՐՈԼ — Ձեզ հետ դա պատահե՞լ է:
ՇԱՌԼ — Դուք իմ կյանքի պատմությունը չգիտեք: Չգիտեք, թե ով եմ:
ԿԱՐՈԼ — Դուք ամեն ինչի համար ինքներդ ձեզ եք պարտական: Բռունցքները սեղմած մագլցել եք աստիճաններով վեր: Ձեզ մանր-մունր հանձնարարություններ էին տալիս, քորոց ու գնդասեղ էիք ամրացնում: Գործատերը սիրահարված էր ձեզ, և տասներկու տարեկան էիք, երբ բռնաբարեց: Այդ օրվանից դուք չգիտեք՝ ով եք:
ՇԱՌԼ – Ի՞նչն է ձեզ ստիպում դա ասել: Ո՞վ է ձեզ իրավունք տվել դուրս տալ այդ հրեշավոր տխմարությունները:
ԿԱՐՈԼ — Դուք նվիրված եք կանանց:
ՇԱՌԼ — Եվ տղամարդկանց: Ավելի ճիշտ, ես տղամարդկանց հետ վարվում եմ, ինչպես կանանց, իսկ կանանց հետ՝ ինչպես տղամարդկանց:
ԿԱՐՈԼ — Ինձ զարմացնում եք:
ՇԱՌԼ — Ամեն մեկն իր տեղն ունի: Ինչպե՞ս անցավ ձեր գիշերր:
ԿԱՐՈԼ — Իսկ ձե՞րը:
ՇԱՌԼ — Շատ ուրախ, հայտնագործություններով և գյուտերով լեցուն:
ԿԱՐՈԼ — Իմ գիշերվա մասին ասելու բան չունեմ: Դժվար որևէ բան կարողանամ ասել: Գուցե ավելի ուշ: Գիշերները մի քիչ նման են գեղեցիկ համերգներին: Դուրս ես գալիս այնտեղից առանց որևէ բառ ասելու, կատարելապես լուռ, անձդ, ասես, մոռացած, զգացմունքներով լցված:
ՇԱՌԼ – Ի՜նչ հետաքրքիր է… Անկեղծ ասած, չէի սպասում ձեզնից:
ԿԱՐՈԼ — Դուք ինձ նյարդայնացնում եք՝ իմ մտքերն ու զգացածը բնորոշելու ձեր ցանկությամբ: Ի՞նչ գիտեք իմ մասին: Երեկ երեկոյան միայն հանդիպեցիք ինձ այստեղ:
ՇԱՌԼ — Արդեն մի քանի օր է՝ ձեզ զննում եմ: Ձեզ տեսա դահուկ քշելիս, նաև պարի հրապարակում: Երեկ, կեսօրին, տեսա ծածկած լողավազանում: Դուք ջրահարսի պես եք լողում:
ԿԱՐՈԼ — Ինձ թվում է՝ պիտի վերադառնամ:
ՇԱՌԼ — Դուք նրանց չե՞ք սպասելու:
ԿԱՐՈԼ — Չգիտեմ: Այն ամենից հետո, ինչ կատարվեց…
ՇԱՌԼ — Գուցե ասեք, թե առաջին անգա՞մ է ձեզ հետ նման բան պատահում: (Դուրս է գալիս:)
Տեսարան երկրորդ
Կարոլը սենյակն է հավաքում: Աջից հայտնվում է Ինգրիդը: Հագին զարմանալի շրջազգեստ է: Ոտաբոբիկ է:
ԻՆԳՐԻԴ – Թողե՛ք, Կարոլ: Ժամը տասին Դելֆինը կգա: Լավ քնեցի՞ք:
ԿԱՐՈԼ — Շնորհակալ եմ, շատ լավ: Ձեզ մոտ շատ հանգիստ է:
ԻՆԳՐԻԴ — Պատճառը հավանաբար այն է, որ գյուղից մի քիչ հեռու ենք: Միայն երբ ջահելները գիշերով սրճարաններից դուրս են գալիս, սոսկալի աղմկում են: Զարմանում եմ, թե դրանք ինչպես են զվարճանում: Ամբողջ օրը դահուկ են քշում, գիշերը գազանի պես պարում են այդ ծխահարված նկուղներում: Բոլորը կարմրած են կամ սևացած և կիսաստվածների պես՝ գեղեցիկ: Իսկ գիշերը լուսացնում են մի ուրիշ տեղ… Այն տպավորությունն ունեմ, թե առողջությունը նրանց խանգարում է:
ԿԱՐՈԼ — Չգիտեմ: Ես էլ, մինչև վերջերս, նրանց պես էի ապրում: Ինձ թվում էր՝ ամեն ինչ հնարավոր է, որ մարմինս ինձ միշտ հնազանդ կլինի: Եվ հետո, նրանք շատ ողջախոհ են:
ԻՆԳՐԻԴ – Իսկապե՞ս: Այսինքն, ինչո՞ւ ոչ: Ողջախոհություն… Վաղուց է, այդ բառը չեմ լսել: Շատ հետաքրքիր բառ է: Հիշեցնում է ամորձատումը, այդպես չե՞ք կարծում:
ԿԱՐՈԼ — Չգիտեմ:
ԻՆԳՐԻԴ — Ինձ համար այդ երկու երևույթները գրեթե նույնն են:
ԿԱՐՈԼ — Երբեք չեմ մտածել այդ մասին: Գուցե ճիշտ եք: Դա ինձ շատ չի մտահոգում:
ԻՆԳՐԻԴ — Դա բնական է, ձեր տարիքում դեռևս չեն մտածում՝ եռանդի պաշար մնացե՞լ է: Կարծում են՝ անսպառ են, կարող են անվերջ խմել այդ ակունքից, ինչպես ջահելները, որ ամբողջ գիշեր պարում են: Մինչև կհնչի առաջին տագնապը կամ առաջին շչակը: Ես հաճախ եմ լսում շտապ օգնության մեքենաների այդ սուր ազդանշանները և սարսռում: Ես այդ սարսուռն եմ ապրում, երբ նայում եմ ինձ, երբ հանդիպում եմ իմ տարեկից ընկերոջը, երբ մտածում եմ մորս մասին, աղջկաս մասին: Կարոլ, դուք չեք կարող իմանալ, դուք դեռ չեք կարող իմանալ:
ԿԱՐՈԼ — Գուցե: Դուք մի երեխա՞ ունեք:
ԻՆԳՐԻԴ — Երեքը: Նրանք այստեղ չեն: (Ծիծաղում է:) Կարծում եմ՝ նրանք այլևս չեն ուզում ինձ տեսնել: Որ այլևս չեն ուզում մեզ տեսնել: Չէ, ես սա հենց այնպես եմ ասում: Ընդհակառակը, նրանք շատ սիրալիր են, շատ ուշադիր: Նրանք երբեք չեն մոռանում իմ ծննդյան օրը, Մայրերի տոնը… Հեռագրեր են ուղարկում: Փոքր աղջիկս շատ գեղեցիկ նամակներ է գրում: Նա շատ է ճանապարհորդում: Անընդհատ… Ես նույնիսկ չեմ հասցնում հետևել: Նույնիսկ վստահ չեմ, թե ստանում է իմ պատասխանները… Նամակներս ուղարկում եմ ցպահանջ, այն քաղաքի հասցեով, որտեղից վերջին անգամ ինձ գրել է, բայց նա թափառական է, տեղից-տեղ է գնում: Ինձ թվում է, թե նամակներս չեն հասնում նրան, եթե ոչ՝ կպատասխաներ: Գիտի, որ իրեն գրում եմ, կարծում եմ՝ այդքանն արդեն իրեն բավական է:
ԿԱՐՈԼ — Իսկ մյուս երկո՞ւսը:
ԻՆԳՐԻԴ — Մյուս երկուսը նման են այս ջահելներին: Բայց նրանք երևույթներին ուրիշ կերպ են նայում: Նրանք սովորում են:
ԿԱՐՈԼ – Ի՞նչ են սովորում:
ԻՆԳՐԻԴ — Շատ տեղյակ չեմ… Արդեն մի քանի տարի է՝ կարգին չգիտեմ, թե ինչով են զբաղված: Ըստ էության, ես նրանցով երբեք շատ չեմ զբաղվել: Սակայն, եթե չեմ սխալվում, ճարտարապետություն են ուսանում:
ԿԱՐՈԼ — Երկուսն է՞լ:
ԻՆԳՐԻԴ — Այո, երկուսն էլ:
ԿԱՐՈԼ — Երկուսն էլ տղա՞ են:
ԻՆԳՐԻԴ — Ոչ, տղա և աղջիկ: Իրարից անբաժան են, և միշտ այդպես են եղել:
ԿԱՐՈԼ – Երկվորյա՞կ են:
ԻՆԳՐԻԴ — Ոչ, բոլորովին: Տղան երկու տարով փոքր է: Այնպես ստացվեց, որ նա ուսման հարցում հասավ քրոջը: Աղջիկս դասերից բացակայում էր, քննությունների չէր ներկայանում: Երկու անգամ մնաց նույն դասարանում: Ու հիմա նույն կուրսում են: Կարծում եմ՝ շատ երջանիկ են:
ԿԱՐՈԼ — Ճարտարապետություն… Իսկ ինչո՞ւ ճարտարապետություն:
ԻՆԳՐԻԴ — Ես էլ… Մենք էլ նույն հարցն ենք տալիս: Նրանք հատկապես չեն ուզում անել այն, ինչում կկարողանայինք նրանց օգնել: Դուք գիտեք, մեր բարեկամները հենց այդ ասպարեզում են, մեծ ծրագրեր ունեն: Պատրաստվում են հսկա համալիրներ կառուցել, արդիական շենքեր, ամառանոցներ, նավահանգիստներ… Մենք կարող էինք բարեխոսել: Բայց նրանք լսել անգամ չեն ուզում:
ԿԱՐՈԼ — Իսկ ի՞նչ են ուզում կառուցել:
ԻՆԳՐԻԴ — Շատ կուզեի իմանալ: Կարծում եմ՝ նրանք պատրանքների մեջ են: Երազում են իդեալական քաղաքների, հրաշք գյուղերի մասին: Կառուցելուց հետո կմտածեն ուրիշ բաների մասին: Նրանք մեզնից առաջ են անցել:
ԿԱՐՈԼ — Նրանք միշտ այդպես մտերի՞մ էին:
ԻՆԳՐԻԴ — Միշտ: Սկզբում քույրն էր հովանավորում: Նա շատ սիրալիր էր եղբոր հետ, ասես մայրը լիներ: Հետո, երբ եղբայրը մեծացավ, դերերը փոխվեցին կամ, եթե կուզեք, հավասարվեցին: Հիմա ավելի շատ քույրն է փոքրի տեղ անցնում: Երկուսն էլ շատ գեղեցիկ են, և ես նրանց շատ եմ սիրում:
ԿԱՐՈԼ — Ձեզ չեն գրո՞ւմ:
ԻՆԳՐԻԴ — Կարծում եմ՝ գրել չգիտեն: Նրանք նկարում եմ, մանր-մունր բաներ են սարքում… Ձեռքներից ամեն ինչ գալիս է: Առաջարկեցի, որ իրենց նամակները ձայնագրեն և ուղարկեն, նույնիսկ ձայնագրիչ տվեցի: Սակայն դա էլ չօգնեց:
ԿԱՐՈԼ – Մի՞թե այդքան լռակյաց են:
ԻՆԳՐԻԴ — Կարծում եմ՝ ուրիշ պատճառ կա: Ինձ թվում է՝ նրանք չեն ուզում խոսել, որպեսզի ոչինչ չասեն: Նրանք չափազանց արտառոց են: Գիտե՞ք, ինչ եմ մտածում երբեմն, ասում եմ՝ երևի մուտանտներ եմ լույս աշխարհ բերել: Մարդկային մի նոր ցեղ: Քիչ է ասել, թե մի նոր սերունդ է գալիս, մի նոր դարաշրջան է ասես սկսվում: Նրանք մեզնից այնքա՜ն տարբեր են մտածում:
ԿԱՐՈԼ — Դուք երջանի՞կ եք:
ԻՆԳՐԻԴ — Երբ մտածում եմ նրանց մասին, այո, երջանիկ եմ: Վստահագրով, միջնորդությամբ, եթե կուզեք: Ես երջանիկ եմ երրորդ անձի շնորհիվ:
ԿԱՐՈԼ — Միշտ էլ միջնորդ անձի օգնությամբ ենք երջանկանում:
ԻՆԳՐԻԴ – Ի՞նչ եք ուզում ասել:
ԿԱՐՈԼ — Մենակ երբեք երջանիկ չես:
ԻՆԳՐԻԴ — Այո, ես էլ հաճախ նույնն եմ մտածում: Բայց մենք երբեք մենակ չենք: Բարեկամներ ունենք, օրինակ՝ դուք:
ԿԱՐՈԼ – Բարեկամնե՞ր: Դուք ինձ չեք ճանաչում: Առաջին անգամ երեկ հանդիպեցինք, ռեստորանում:
ԻՆԳՐԻԴ — Այո, բայց ես ձեզ ճանաչեցի: Ես գիտեի, որ ձեր կարիքն ունենք: Ի դեպ, դուք եկաք:
ԿԱՐՈԼ — Ես ազատ էի: Անելու բան չունեի: Ձանձրանում էի հյուրանոցում:
ԻՆԳՐԻԴ — Արձակուրդը մենա՞կ եք անցկացնում:
ԿԱՐՈԼ — Այո, հանգստանում եմ: Ընդմիջում եմ անում: Երկու արկածների միջև:
ԻՆԳՐԻԴ — Ձեզ ո՞վ է ասել, թե հաջորդն արկած կլինի:
ԿԱՐՈԼ — Դուք կարծում եք՝ մեր ապրած կյանքն արկած չէ՞:
ԻՆԳՐԻԴ — Իհարկե: Արկածը վաղանցուկ է, խտացված, մոլեգին, հոգնեցնող:
ԿԱՐՈԼ — Կողքից նայելիս՝ ամեն ինչ արկած է: Կան, որ կարճատև են, կան, որ երկար են տևում: Արկածներ կան՝ տաղտկալի են, արկածներ էլ կան, որ գրավիչ են, ամբողջ կյանքդ կարող են լցնել:
ԻՆԳՐԻԴ — Գուցե: Բայց կարևոր է, որ վերջը լավ լինի: Չէ՞ որ պատասխանատու ենք: Վերջում աշխատում են կարճ կապել կամ թողնում են անորոշ: Ինչպես դիրիժորը համերգի ավարտին: Գիտեք, երաժշտությունից առանձնապես բան չեմ հասկանում, բայց ուշադիր հետևում եմ, թե ինչպես են ավարտում սիմֆոնիան կամ համերգը: Դիրիժորներ կան, ասես վազում են դեպի ավարտը: Կարծես ուզում են հոգիներն ազատեն: Իսկ ոմանք հաշվում են յուրաքանչյուր ակնթարթը, ասես բնավ չեն շտապում: Եվ դա անում են զուսպ, աննկատ: Դիրիժորներ էլ կան, որ շատ են շարժվում, աղմուկ անում, քրտնում, որ պաթոս են սիրում: Ես սոսկում եմ պաթոսից:
ԿԱՐՈԼ — Դուք երբեք լաց չե՞ք եղել:
ԻՆԳՐԻԴ — Ոչ, ես երբեք լաց չեմ եղել: Ես սրբում եմ արցունքներս:
ԿԱՐՈԼ — Իսկ դա հաճա՞խ է պատահում:
ԻՆԳՐԻԴ — Այո, հաճախ:
ԿԱՐՈԼ — Դուք շատ ուժե՞ղ եք:
ԻՆԳՐԻԴ — Ոչ, պարզապես չափազանց անկիրք եմ: Ըստ երևույթին, դա տեսակի հարց է, կենսաբանական քմահաճույք:
ԿԱՐՈԼ — Երբեմն դա լավ է:
ԻՆԳՐԻԴ – Ի՞նչն է լավ:
ԿԱՐՈԼ — Լաց լինելը երբեմն լավ է: Թեթևանում ես, ցավը միջիցդ դուրս է գալիս: Ես շատ եմ սիրում այդ վիճակը՝ արցունքներից հետո, ինչպես պարտեզն անձրևից հետո:
ԻՆԳՐԻԴ — Կարոլ, դուք ապ-շեց-նո՛ղ եք:
ԿԱՐՈԼ — Դուք էլ: Ես շատ եմ սիրում ձեզ լսել: Դուք ինձ շատ բան եք սովորեցնում:
ԻՆԳՐԻԴ — (կեղծ լրջությամբ): Այո, փորձառու կանանց միշտ պետք է լսել:
ԿԱՐՈԼ — Եվ հետո, մենակ մնալով, հիմարություններ անել:
ԻՆԳՐԻԴ — (ծիծաղում է): Ճիշտ այդպես: Ես շատ ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ, Կարոլ:
ԿԱՐՈԼ — Ես էլ: Ես ուզում էի առավոտ շուտ մեկնել: Վերադառնալ հյուրանոց:
ԻՆԳՐԻԴ – Ինչո՞ւ:
ԿԱՐՈԼ — Կարգին չհասկացա, թե ինչ կատարվեց: Մի քիչ վախենում էի: Շատ երջանիկ եմ, որ մնացի:
ԻՆԳՐԻԴ — Միշտ պիտի մի լավ բան սպասես եկող օրվանից, ինչպես հիմա, առավոտ կանուխ: Դրանք հատուկ պահեր են: Ես սիրում եմ այսպիսի առավոտները: Կուզեի՞ք ցնցուղ ընդունել:
ԿԱՐՈԼ — Որոշել էի հյուրանոցում…
ԻՆԳՐԻԴ — Ոչ, մնացեք այստեղ: Եկեք ձեզ ցույց տամ, թե որտեղ է լոգանքի սրահը: Եկեք, Կարոլ: (Դուրս են գալիս:)
Տեսարան երրորդ
Մտնում է Իվանը: Ձեռքի լրագրերից մեկն ընկնում է, վերցնում է, նստում բազկաթոռին, կարդում է: Մտնում է Շառլը: Բազմոցի արմնկակալին տեսնում է փողկապը, որ Կարոլի ձեռքին էր, երբ խոսում էր իր հետ: Վերցնում է և կապում վզին:
ՇԱՌԼ- Ի՞նչ են գրում թերթերում:
ԻՎԱՆ — Ամեն ինչ և ոչինչ, ինչպես միշտ: Միացյալ Նահանգների ապագա նախագահի դիմանկարը… Պորտուգալիայի նախագահության թեկնածուի մասին… Մի փիլիսոփայի մահը: Ամեն ինչի մասին՝ մի քիչ:
ՇԱՌԼ — Ես թերթ չեմ կարդում:
ԻՎԱՆ — Դա ինձ չի զարմացնում: (Թերթը ծալում է, նայում նրան:)
ՇԱՌԼ — Դուք իսկապե՞ս կարծում եք, որ թերթ կարդալն ապացույց է, թե մարդ իրենից զատ ուրիշ բանով էլ է հետաքրքրվում: Դա պարզապես նշանակում է, որ դուք կուզեիք ձեր կայսրությունն ընդարձակել: Ձեզ թվում է՝ տեղեկանալով տիրապետում եք: Ես գոնե գիտեմ, որ ոչինչ չգիտենք:
ԻՎԱՆ — Տրամադրություն չունեք այս առավոտ, Շառլ: Դա ձեզ նման չէ:
ՇԱՌԼ — Որովհետև քիչ առաջ Կարոլի հետ էի խոսում: Ի՜նչ տարօրինակ արարած է: Նա ստիպում է ենթարկվել իրեն, պատին է դեմ տալիս:
ԻՎԱՆ — Ճիշտ է: Բայց չե՞ք կարծում, որ դա մեզ անհրաժեշտ է: Երեկ երեկոյան, երբ ռեստորանում տեսա, այն համոզումն ունեցա, որ նա շատ հազվագյուտ և արժեքավոր անձնավորություն է:
ՇԱՌԼ — Դուք հազվագյուտ իրեր եք հավաքում:
ԻՎԱՆ — Շառլ, դուք առարկաների մարդ եք: Ստեղծում եք դրանք, հորինում… Օգտվում եք դրանցից, որպեսզի ամեն մի կենդանի բան վերածեք առարկայի: Տղամարդկանց, կանանց, որոնց զգեստներ եք հագցնում, վերածում եք խամաճիկների: Դուք փաստորեն մի փոքրիկ, ծիծաղելի աստված եք: Աշխարհը շինում եք ըստ ձեր պատկերի, փայլուն թղթի վրա տպված ձեր պատկերի համաձայն: Եվ եթե որևէ մեկը չի համապատասխանում ձեր իդեալին, դուք վտանգված եք զգում:
ՇԱՌԼ — Մի չափազանցրեք: Այս առավոտ բոլորդ իմ հանդեպ մի տեսակ եք: Սկզբում Կարոլն էր, հիմա՝ դուք: Կարոլը նույնիսկ ինձ մակաբույծ անվանեց:
ԻՎԱՆ — Իսկապես, շատ չար է… և, ի վերջո, անարդար: Երբ տեսնում եմ շահույթ կորզելու ձեր հմտությունը և ձեզ շրջապատող արբանյակներին եմ տեսնում, սառած ժպիտները դեմքներին տպած ձեր շքախմբի անդամներին… Շառլ, միայն թե չմտածես, թե հետդ չունեմ: Պարզապես մեզ համար դժվար է նույն լեզվով խոսել, ահա ամբողջը:
ՇԱՌԼ — Դուք խելացի եք, Իվան: Ես այդ բախտը չունեմ:
ԻՎԱՆ — Դուք դեռ այն կարծիքին եք, թե խելոք լինելը բախտավորությո՞ւն է: Տեսեք, ինչ են տպել թերթում: Ամերիկան, հավանաբար, իր բախտը հանձնի պիստակի վաճառականին կամ երկրորդական ֆիլմերի դերասանին: Պորտուգալիան գուցե ընտրի մի պարծենկոտի: Բոլորը հավատում են, որ նա կոչված է պետության ղեկավար լինել: Եվ գուցե այդ միամիտ հավատի շնորհիվ է, որ նրանք ոչ միայն կհասնեն հաղթանակի, այլև, բարեպատեհ առիթի դեպքում, գուցե կարողանան իրենց պարտականությունների բարձրության վրա լինել: Այդ թեկնածուների առավելությունն այն է, որ ի դեմս նրանց մյուսները տեսնում են ամենախենթ երազների իրագործումը: Բեյսբոլ են խաղում, պիստակ ծախում և, ճարպկությամբ ու արմունկները բանեցնելով, ղեկավարում աշխարհի ամենահզոր ազգը: Տաքգլուխ են, պետք եղած դեպքում կարողանում են հարձակվել և իրենց թվում է, թե ծնվել են երկրով մեկ հրամաններ արձակելու համար: Իսկ այդ ընթացքում մի փիլիսոփա է վախճանվում Շվարցվալդում: Թերթերն ընդամենը քսանչորս ժամ են հիշում նրան: Լրագրողները գլուխներն են քորում, որպեսզի չափից ավելի տխմարություն դուրս չտան նրա մահվան առթիվ: Սահմանափակվում են նրա մտքերի մասին մի քանի տափակություն ասելով: Բայց լրջորեն մեկնաբանում են նրա քաղաքական մի սխալը, որ թույլ է տվել քառասուն տարի առաջ: Չէ, Շառլ, խելք ունենալն անեծք է:
ՇԱՌԼ — Այնուհանդերձ, դուք ձեր ամբողջ կյանքն եք նվիրել դրան: Ձեր ժամանակը նվիրում եք մտածող գործիքներ ստեղծելուն:
ԻՎԱՆ — Իսկապես, ես մտածող գործիքներ եմ ստեղծում, ինչպես դուք ասացիք: Ես իմ միտքն եմ փոխանցում: Դա մի հինավուրց պատրանք է՝ միտքը տարագրել, տեղավորել մեքենայացված տուփի մեջ: Գլխից դուրս բերել և զետեղել մետաղյա տուփի մեջ: Պետք է, որ նա մեզ խանգարի, երբ ամեն կերպ ուզում ենք ազատվել նրանից: Եվ սակայն…
ՇԱՌԼ — Սակայն ի՞նչ:
ԻՎԱՆ — Երբեք դա չի ստացվի: Կարողանում են ազատվել միայն մտքի պարզունակ, կրկնվող, երկրորդական տարրերից: Երբ մտածում ես, որ անգամ իմ և ձեր միջև, այստեղ, հաղորդակցվելու այս հրաշալի պայմաններում (խանգարող աղմուկ չկա, երկուսս էլ բավական ժամանակ ունենք, արձակուրդի մեջ ենք, հոյակապ տրամադրության մեջ) բազմաթիվ բաներ կան, որ չենք կարողանում իրար ասել, որոնք սակայն մեծ ցանկություն ունենք ասելու… Եվ, սակայն, եթե նույնիսկ ասեինք, միևնույն է, կարգին չպիտի հասկանայինք: Այսօրվա թերթում մի հուզիչ բան կա Շվարցվալդի փիլիսոփայի վերաբերյալ: Այցելուներից մեկին մի անգամ ասել է, որ իր բոլոր երկերի բանալին հանդիսացող բառը ոչ մի անգամ ճիշտ չի թարգմանվել ֆրանսերեն: Այդ բառը, ասում է նա, թարգմանվել է որպես «անձուկ»: Մինչդեռ նա այդ բառով ուզում էր արտահայտած լինել զրկանքին մոտեցող մի զգացում: Ըստ որում, ոչ թե դժբախտացնող զրկանք, այլ հրաժարումից ծնվող անխռով մի վիճակ, որը համեմատում է ձեն բուդդիզմի հետ: Մինչդեռ մի բուռ բարձրակարգ մտածողներ տասնյակ տարիներ շարունակ գլուխ են ջարդել, որպեսզի վերծանեն և ֆրանսերենով արտահայտեն այն, ինչ ցանկացել է ասել այդ փիլիսոփան: Չե՞ք կարծում, որ սա հուսահատեցնող երևույթ է:
ՇԱՌԼ — Երբեք այդպիսի հարց չեմ տվել ինքս ինձ: Ի տարբերություն ձեզ, ես ուրիշ լեզու եմ կիրառում:
ԻՎԱՆ — Պիտի որ այդպես լինի:
ՇԱՌԼ — Ես ձեռքերով եմ մտածում, աչքերով:
ԻՎԱՆ — Նաև ձեր մարմնով: Դուք հրաշալի եք պարում: Վարձու պարընկեր չե՞ք եղել:
ՇԱՌԼ — Ժամանակին մի կնոջ էի ուղեկցում պարահանդեսների, ընդունելությունների, բարձրաշխարհիկ երեկոների: Նա ինձ մարդամեջ էր հանում, և դա հաճելի էր ինձ:
ԻՎԱՆ — Ու դուք պարո՞ւմ էիք նրա հետ:
ՇԱՌԼ- Այո, բավական շատ:
ԻՎԱՆ — Դուք խոսո՞ւմ էիք նրա հետ:
ՇԱՌԼ — Շատ քիչ: Երբեք չկարողացա պորտուգալերեն սովորել:
ԻՎԱՆ — Բայց իրար հետ լեզու գտնո՞ւմ էիք:
ՇԱՌԼ- Հրաշալի կերպով:
ԻՎԱՆ – Հաճա՞խ եք հիշում նրան:
ՇԱՌԼ — Շատ հաճախ: Ամեն ինչով պարտական եմ այդ կնոջը:
ԻՎԱՆ — Նա ո՞ղջ է:
ՇԱՌԼ — Քաղցկեղից մահացավ: Ինձ մի գումար կտակեց, որի շնորհիվ կարողացա գործ սկսել:
ԻՎԱՆ — Դուք այնպիսի տպավորություն ունեի՞ք, թե ծանոթ էիք նրան:
ՇԱՌԼ — Այո, ունեի: Չնայած չգիտեի նույնիսկ նրա ծննդյան թվականը, ոչ էլ նրա կյանքի մանրամասները: Գիտեմ միայն, որ մինչև կյանքի վերջը մաշկը գունատ էր ու ողորկ: Նա մի մարմին ուներ, որ չափազանց զգայուն էր, անմիջապես անդրադարձող… Հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել:
ԻՎԱՆ — Ուրեմն, այդ սիրուհու շնորհիվ դուք գործի տեր դարձաք:
ՇԱՌԼ — Ուզում եք ասել՝ իբրև թե գործի տեր: Ճիշտ է, իմ անունն ամեն տեղ հնչում է, սակայն որպես մի խենթի: Բայց ես ոչինչ չեմ որոշում: Ինձ թվում է, թե որոշում եմ: Ես որոշում եմ տիրապետող գույնը, գլխավոր գիծը: Բայց ոչ մի բանի տերը չեմ, ես ոչինչ չեմ ղեկավարում, քանզի նրանք, ովքեր վարում են այս գործը, ովքեր իմ անունն են կրում, թքած են ունեցել իմ հորինածի վրա այն պահից, երբ դա շահույթ բերեց: Իմ հաստատությունը, իմ ազգանունը, իմ անունը, իմ ձեռագիրը կատարելապես անանուն են: Ես ինձ լավ եմ զգում այդ իրավիճակում: Ես զբաղված եմ իմ ժառանգորդին պատրաստելով, իմ մյուս ես-ը ձևելով: Շուտով կարող եմ այլևս ոչինչ չանել և մեկ ուրիշն իմ տեղը կգրավի՝ իմ անվան տակ: Ազգանուններն այսօր լոկ մակնիշների կերպավորումն են: Ոչ, ես գործի տեր չեմ, ես ընդամենը ալիբի եմ:
ԻՎԱՆ — Իրավացի եք: Մենք բոլորս ալիբի ենք: Ես առավել ևս գործի տեր չեմ, քանզի պատասխանում եմ կոմիտեներից, խորհուրդներից, գլխավոր մարմիններից եկած հրահանգներին: Հրահանգներ, որ գալիս են ամեն տեղից և ոչ մի տեղից: Գոյություն ունի միայն ուժերի հարաբերություն: Ես մտածում եմ, որ նույնիսկ հիմա, իմ ու ձեր միջև տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան գաղտնի մենամարտ, ուժերը չափելու մի փորձ: Գուցե մեր թաքուն մղումները ոչ այլ ինչ են, քան շուրջբոլորն ամեն ինչ տրորելու և ի վերջո պարապության մեջ, անապատում, սառցադաշտի վրա մեն-մենակ հայտնվելու ցանկություն: Չգիտե՞ք, Կարոլը և Ինգրիդը որտեղ են:
ՇԱՌԼ — Նրանք լոգանք են ընդունում: Այստեղ մտնելիս լսեցի, թե ինչպես են իրար վրա ջուր լցնում լոգարանում:
ԻՎԱՆ — Գեղեցիկ տեսարան է:
ՇԱՌԼ — Այո, հավանաբար: Նրանք արդեն վերջացրած պիտի լինեն: Ես կուզեի Կարոլի հետ դուրս գալ զբոսանքի:
ԻՎԱՆ — Ես այդպես էլ հասկացա: Վերցրեք նրան: Դուք ժամանակ չեք կորցնում: Դուրս գալուց գարաժով կանցնեք: Երբ գնում էի թերթեր գնելու, ձյունն այնտեղ մաքրեցի: Երևի նորից հանդիպենք: Այս գյուղը շատ փոքր է: Կարող է այնպես ստացվել, որ այս օրերին ընկնենք, ջարդվենք, հետո հայտնվենք հիվանդանոցի մահճակալին՝ ոտքերս գիպսի մեջ, անշարժ պառկած: Նման պարագայում շատ կուզեի, որ հիվանդասենյակի հարևանս դուք լինեիք: Երբ զրույցից բացի ուրիշ հաճույք չի մնում, կարողանում եմ տիրապետել իրավիճակին:
ՇԱՌԼ — Ես համոզված չեմ: Մենք կրկնակներ ենք: Հակառակ ծայրերից, բայց և այնպես կրկնակ ենք:
ԻՎԱՆ — Ճիշտ է: Մենք կարծես թարս ու շիտակ տպված դրոշմանիշ լինենք: Ֆիլատելիստները հոգի կտան նման դրոշմանիշի համար: Ցը՛, Շառլ, հուսամ, դեռ կտեսնվենք:
ՇԱՌԼ — Ցտեսություն, Իվան: (Դուրս է գնում:)
Տեսարան չորրորդ
Իվանն ակնոց է դնում և խորասուզվում ընթերցանության մեջ: Քիչ հետո թերթը դնում է մի կողմ, ծխամորճը հանում, վառում, նորից կարդում է: Մտնում է Ինգրիդը: Նա լոգարանից է դուրս եկել: Առանց դիմահարդարանքի է, մազերը սանրված չեն:
ԻՆԳՐԻԴ – Այստե՞ղ ես:
ԻՎԱՆ — Այո, թերթերը բերեցի:
ԻՆԳՐԻԴ — Եղանակն ինչպե՞ս էր:
ԻՎԱՆ — Հոյակապ:
ԻՆԳՐԻԴ — Երեկվանից այդպիսի եղանակ էր սպասվում: Երեկ շատ մեղմ էր: Երեկոն ընտիր էր, չե՞ս կարծում:
ԻՎԱՆ — Այո, իսկապես:
ԻՆԳՐԻԴ – Գիշերը՝ նույնպես:
ԻՎԱՆ — Այո:
ԻՆԳՐԻԴ — Երկուսն էլ սքանչելի են:
ԻՎԱՆ — Ես չէի ասի սքանչելի, նրանք շատ ավելին են:
ԻՆԳՐԻԴ — Դու նկատի ունես Կարոլի՞ն:
ԻՎԱՆ — Ոչ, երկուսին: Կարոլն իրոք անսովոր անձնավորություն է:
ԻՆԳՐԻԴ — Մյուսների նման չէ՞:
ԻՎԱՆ — Կյանքի մարդ է, ջերմոցային բույս չէ: Առանձնահատուկ մի բան ունի:
ԻՆԳՐԻԴ – Կարո՞ղ ես ավելի ճշգրիտ ասել:
ԻՎԱՆ — (թերթն իջեցնում է): Ինչպե՞ս ասեմ, չգիտեմ… Մի թրթիռ կա նրա մեջ, մի աուրա ունի: Դժվարանում եմ ճիշտ բառը գտնել: Նա իրոք սովորական մարդ չէ:
ԻՆԳՐԻԴ — Մինչև քո գալը նրա հետ էի զրուցում:
ԻՎԱՆ — Դու նրան լոգարան հրավիրեցիր:
ԻՆԳՐԻԴ — Այո, նա նաև շատ գեղեցիկ է:
ԻՎԱՆ — Ինչ վերաբերում է Շառլին, նա շատ ավելի հետաքրքիր է, քան կարող էի կարծել:
ԻՆԳՐԻԴ — Ես քեզ ասել էի այդ մասին: Նա իսկական վիրտուոզ է: Այնպիսի ճկուն մատներ ունի և շարունակ ոգեշնչված է:
ԻՎԱՆ — Զարմանալի ժպիտով ասացիր այդ մասին: Եթե շները ժպտալու լինեին, նրանք քեզ նման կժպտային: Խոնավ հայացք, կոպերն իջեցրած, շրթունքները ետ քաշած: Եվ բազմաթիվ կնճիռներ՝ աչքերի անկյունում:
ԻՆԳՐԻԴ — Կնճիռների կրեմ դեռ չեմ քսել:
ԻՎԱՆ — Պետք էլ չէ, որ քսես: Այսօր կուզեի, որ կրեմ չքսես, դիմահարդարանք չանես: Որպեսզի լինես այնպես, ինչպես կաս. առանց դիմակի, առանց օժանդակ բաների:
ԻՆԳՐԻԴ — Դու էլ պաշտպանությունից հրաժարվիր: Թերթդ մի կողմ դիր, ծխամորճդ, ակնոցդ: Նայիր ինձ: Ամենահետաքրքիրն, ի վերջո, այն է, որ ես կկարողանայի ամբողջ կյանքս այսպես քեզ նայել և այն տպավորությունը կունենայի, թե դա է իմ հացն ու ջուրը:
ԻՎԱՆ — Ես էլ: Ոչ մի վայրկյան չեմ ձանձրացել քո կողքին: Դու հակաձանձրույթն ես: Դու հորդուն կյանքն ես, բերնեբերան լեցուն ժամանակը: Եվ այնքան առատ, որ երբեմն ինձ թվում է, թե կարող ես խեղդել ինձ:
ԻՆԳՐԻԴ — Ճիշտ այդպես: Երբեմն պատահում է, որ ինչ-որ բան է կոկորդս բռնում: Երբ գիշերները ելնում եմ, դու գիտես, որ պիտի լքեմ սենյակը, թաքնվեմ լոգարանում, կծկվեմ ջեռուցման մարտկոցի կողքին, մտնեմ լվացարանի տակ, որովհետև ինձ թվում է, թե վարար գետի ջրերը տանում են ինձ, քշում, իջեցնում հատակը, սեղմում քարերի արանքում: Ես այս զգացումն ունեցել եմ առաջին իսկ օրվանից, առաջին իսկ ժամերից: Բավական էր՝ դուրս գայի մեքենայից կամ սենյակից, անմիջապես վազում էի պարտեզ կամ դաշտերը, որպեսզի լիաթոք թթվածին շնչեմ: Երբեմն իմ ուժերից վեր է քո կողքին ապրելը: Քիչ է մնում աղջնակի պես ուշաթափվեմ: Ես շփոթվում եմ, կորցնում հավասարակշռությունս, քիչ է մնում շնչահեղձ լինեմ: Հիմար վիճակ է…
ԻՎԱՆ — Ես էլ հաճախ նույն զգացողությունն եմ ունենում: Նման դեպքերում բավական է գլուխդ քամուն տաս, լավ օդ շնչես, դուրս գաս վանդակից: Դու ամեն ինչ լցրել ես քեզնով, Ինգրիդ: Ինձ թվում է, թե արդեն կուլ ես տալիս ինձ: Մեր պարագան շատ հետաքրքրական է: Մենք իսկական ոզնիներ ենք: Դու գիտե՞ս ցրտում հայտնված ոզնիների պատմությունը: Քանի որ երկուսն էլ մրսում են, մոտենում են և իրար սեղմվում: Բայց քանի որ մոռացել էին, որ ասեղներ ունեն, ծակում են իրար և ստիպված տարածություն են պահպանում: Ու նորից սկսում են մրսել:
ԻՆԳՐԻԴ — Գեղեցիկ պատկեր է… Որևէ ծրագիր ունե՞ս այսօրվա համար:
ԻՎԱՆ — Թերթս կարդալ մինչև վերջին էջը: Ապերիտիվ խմել:
ԻՆԳՐԻԴ — Ո՞ւմ հետ:
ԻՎԱՆ — Այս երեկո կտեսնես: Կեսօրից հետո պիտի գնամ զբոսնեմ: Երբեք չեմ եղել սառցադաշտի կողմերը:
ԻՆԳՐԻԴ — Այնտեղ շատ վտանգավոր է:
ԻՎԱՆ — Գիտեմ: Իսկ դո՞ւ: Ժամանակդ ինչպե՞ս ես ծախսելու:
ԻՆԳՐԻԴ — Ժամադրություն ունեմ:
ԻՎԱՆ — Ո՞ւմ հետ:
ԻՆԳՐԻԴ — Կտեսնես այս երեկո:
ԻՎԱՆ — Անհեթեթ վիճակ է: Ասա տեսնեմ՝ ո՞վ է:
ԻՆԳՐԻԴ — Դու գիտես, որ այդ մասին ոչինչ չգիտեմ: Դու լավ գիտես, որ առավոտյան չեմ կարող այդքան մանրամասների մեջ մտնել:
ԻՎԱՆ — Կուզեի իմանալ՝ գյուղում ինչ են մտածում մեր մասին:
ԻՆԳՐԻԴ — Պիտի ասեն՝ կյանքից ետ մնացած մարդ ես:
ԻՎԱՆ — Պարզապես ինքս ինձ հարց եմ տալիս, ահա ամբողջը:
ԻՆԳՐԻԴ — Այդ կապակցությամբ կարող եմ հետևյալն ասել. նրանք հավանաբար ասում են, թե մենք ինչ-որ տեղերից եկած արտառոց արարածներ ենք, ուրիշ մոլորակից եկած միջնորդներ կամ վայրենիներ, ի՞նչ իմանամ:
ԻՎԱՆ — Նրանց տեղը լինեի, ուրիշ համեմատություններ կփնտրեի: Լեռնային այս փոքրիկ գյուղում նրանք պետք է որ ավելի բորբոքուն երևակայություն ունենան: Նրանց պատկերացմամբ մենք արյան ծարավ գիշերային գազաններ ենք, վամպիրներ: Այո, Դրակուլայի կամ կոմսուհի Բատորիի հետ պիտի համեմատեն:
ԻՆԳՐԻԴ — Խեղճ վամպիրները պիտի սովամահ լինեն:
ԻՎԱՆ – Ինչո՞ւ:
ԻՆԳՐԻԴ — Գոնե մի կույս աղջիկ ցույց տուր այս կողմերում, ու ես քեզ մի մեծ գավաթ արյուն կտամ: Գրկիր ինձ:
ԻՎԱՆ — Դու վախենալու բան չունես:
ԻՆԳՐԻԴ — Երկուսս էլ վախենալու բան չունենք: Մենք իրար չեզոքացնում ենք: (Համբուրվում են:)
ԻՎԱՆ — Հաջողություն քեզ, սիրելիս:
ԻՆԳՐԻԴ — Հաջողություն քեզ, իմ սեր:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
(Տասնինը տարի հետո…)
Տեսարան առաջին
Սպասասրահ: Կարոլը և Շառլը թերթ են կարդում, դեմքերը չի երևում:
ԿԱՐՈԼ — Դուք հաճա՞խ եք գալիս այստեղ:
ՇԱՌԼ — Այն օրվանից, ինչ այլևս չեմ ապրում ծնողներիս մոտ:
ԿԱՐՈԼ — Առանց կատակի… Ինձ պարզապես հետաքրքրում է:
ՇԱՌԼ – Ինչո՞ւ, Տեր Աստված: Ի՞նչ առնչություն ունի ձեզ հետ:
ԿԱՐՈԼ — Դուք կուզեիք այդ գաղտնիքը ձեզ պահել, չէ՞: Ձեր գաղտնիքների փոքրիկ կծիկը: Դուք այն պահում եք այստեղ, դռան ետևում ու գնում:
ՇԱՌԼ — Ես ձեզ արգելո՛ւմ եմ…
ԿԱՐՈԼ — Ահա, անմիջապես զորավոր միջոցների եք դիմում: Հանեք ձեր ատրճանակը, եթե ուզում եք, և սառնասրտորեն սպանեք ինձ: Սպանեք նրան, ով չափից ավելին է պահանջում: Միշտ չափից ավելին են պահանջում… բոլորից: Եթե անկեղծ ասեմ, ինձ չի հետաքրքրում:
ՇԱՌԼ — Լսեք, ինձ թվում է՝ ինչ-որ բան շփոթում եք: Ձեր ասածն այստեղ չէ, այլ կողքը:
ԿԱՐՈԼ — Հենց դա էի ասում: Օրինակ՝ խոստովանությունները: Հատուկ տներ կան դրանց համար: Ինչպես և՝ հանգստանալու կամ խանդավառվելու համար, կամ մահվան համար, կամ կյանքի համար:
ՇԱՌԼ – Ի՞նչ եք ուզում ասել:
ԿԱՐՈԼ — Ուզում եմ ասել, թե այսօր մեռնում են որոշակի, կանխատեսված վայրերում: Դուք լավ գիտեք՝ ծերերդ, որ հանկարծակի ընկնում եք ուղղակի ձեր պարտեզի խորքում, վարդի թփերը խնամելիս: Ովքեր քիչ օգնության կարիք են զգում՝ տեղավորում են վանդակի մեջ: Նրանք նայում են ալյումինե պատուհանների գոգին դրված արհեստական ծաղիկներին: Նրանք թոշնում են: Ինչ-որ բան պիտի թոշնի: Պատուհանի շրջանակը չժանգոտող մետաղից է: Ծաղիկը և ծաղկամանը նույն նյութից են պատրաստված: Եվ փոքրիկ ծերերը մնում են իրենց գերեզմանների նման ծաղիկներով զարդարված պատուհանների ետևում: Գերեզմանների վրա էլ ծաղիկներն ավելի ու ավելի արհեստական են դառնում, այդպես կարողանում են խուսափել հաճախակի այցելությունների անհրաժեշտությունից:
ՇԱՌԼ — Լսեք, ես տրամադրություն չունեմ: Սովորաբար, այստեղ մենակ եմ լինում: Եվ երբեք չեմ սպասում:
ԿԱՐՈԼ — Ներս մտնելիս ձեզ չասացի՞ն: Նա լռվել է մեքենաների խցանումի մեջ: Իր մեքենայի միջից է զանգել:
ՇԱՌԼ — Ինձ ասացին, որ հարկ կլինի սպասել, ահա այդքանը: Ինձ հարցրին՝ արդյոք դա ինձ չի՞ անհանգստացնի: Ես դեմ չեմ սպասելուն, բայց հանգիստ, առանց շտապելու: Հանգստությունը թանկարժեք բան է:
ԿԱՐՈԼ — Դուք նախընտրում եք, որ ես լռե՞մ:
ՇԱՌԼ — Ես այդպես չասացի:
ԿԱՐՈԼ — Իհարկե, ինչո՞ւ պիտի ասեիք: Դուք ստիպված կլինեիք հստակորեն հայտնել ձեր ցանկությունը: Շատ բան եմ ձեզնից պահանջում: Պետք է գլխի ընկնել, այդպես չէ՞: Պետք է կանխազգալ, նախատեսել: Բերանս փակեմ, որովհետև ձեր ալիքները պիտի ինձ հասած լինեին: Պետք է գնամ, որովհետև գտնում եք, որ չափն անցա: Մի գնդակ արձակեմ գլխիս, որովհետև գտնում եք, թե լավ կլիներ, որ ռադս քաշեմ: Ճի՞շտ հասկացա:
ՇԱՌԼ — Լսեք, ինձ թվում է՝ ավելի լավ կլիներ, որ…
ԿԱՐՈԼ — Որ գնայի՞: Ուրիշ էլ ի՞նչ կուզեիք: Ես ձեզնից առաջ եմ եկել այստեղ:
ՇԱՌԼ — Ես այդպիսի բան չասացի:
ԿԱՐՈԼ — Դուք այդպիսի բան երբեք չեք ասել: Դա ձեզ վախեցնում է: Սակայն պետք է նրա հետ խոսել այդ մասին, եթե մինչև այժմ չի ասվել: Նա այդ գործից գլուխ հանում է: Եթե, իհարկե, դուք այնտեղ չլինեք, որպեսզի հարցազրույց տաք ձեր «ես»-ի մասին: Դա ամենահավանականն է: Ի դեպ, ասելու շատ բան կլինի: Ձեր «ես»-ը շարունակ ուռչում, ընդարձակվում է: Իմիջիայլոց, ինձ վրա ամենուր ձեր անունն է: Կուզե՞ք տեսնել: Ձեր անունը դաջված է վրաս: Տեսեք, շապիկիս վրա ձեր մակնիշն է, փեշիս վրա՝ նույնպես: Նույնիսկ վարտիքիս վրա, կուզե՞ք տեսնել:
ՇԱՌԼ — Ոչ, ոչ…
ԿԱՐՈԼ — Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Ես ձեր ճաշակով չե՞մ: Պիտի մտածած լինեի այդ մասին:
ՇԱՌԼ – Ինչո՞ւ, դուք միասեռականներին դե՞մ եք:
ԿԱՐՈԼ — Ոչ, ես ոչ մեկի ճաշակով չեմ:
ՇԱՌԼ — Դա ինձ կզարմացներ:
ԿԱՐՈԼ — Ձեր կարծիքով, ես ի՞նչ եմ անում այստեղ:
ՇԱՌԼ — Դուք որոշակի հմայք ունեք: Ես գտնում եմ, որ դուք շատ գրավիչ եք: Անկեղծ: Կարող եք ինձ հավատալ:
ԿԱՐՈԼ – Ինչո՞ւ: Դուք մասնագե՞տ եք, ի՛նչ է: Եվ ձեր ասածից ի՞նչ պիտի փոխվի: Ինձ տեսնում են, ինձ սիրահետում են, ինձ շինում են: Այդ երգը ես լավ գիտեմ: Արդեն քառորդ դար է, ինչ այսպես է: Ժամանակին հորս տարիքի պարոնայք էին, հետո ես հավասարակշռեցի՝ ընկերուհիներիս ամուսիններն էին, երբ նրանք դեռևս իմ ընկերուհիներն էին: Հիմա երիտասարդներն են, պատանիները: Աղջիկները՝ նույնպես:
ՇԱՌԼ – Իսկապե՞ս:
ԿԱՐՈԼ — Ինձ թվում է՝ իրար հասկացանք: Մենք կարող ենք փոխանակություն կատարել: Ես ձեզ կտամ իմ տղաներին, դուք ինձ կուղարկեք ձեր աղջիկներին…
ՇԱՌԼ — Օ՜, ես… դա արդեն վաղուց վերջացած է…
ԿԱՐՈԼ – Երբվանի՞ց:
ՇԱՌԼ — Պիտի իմ կյանքը պատմե՞մ:
ԿԱՐՈԼ — Ուզում եք ասել, թե դա մեծ չարի՞ք էր: Եվ վերջ տվեցի՞ք, այդպե՞ս է:
ՇԱՌԼ — Իսկ դո՞ւք:
ԿԱՐՈԼ — Ես լավ հոտառություն ունեմ, նրանց հեռվից եմ զգում: Քունքերից, այտերից: Երբ սկսում է փոս ընկնել: Դա առաջին նշանն է: Հայացքն այլևս առաջվանը չէ: Նման մի քանիսին փրկել եմ, եթե կարելի է այդպես ասել:
ՇԱՌԼ – Հա՜, որովհետև դուք դեղամիջո՞ց ունեք:
ԿԱՐՈԼ — Ինչ-որ առումով՝ այո:
ՇԱՌԼ — Ինձ կբացատրե՞ք:
ԿԱՐՈԼ — Ես ձեզ հետաքրքրո՞ւմ եմ: Ժամանակն է: Վախն է, որ ստիպում է իրար հետ խոսել: Ելքը որտե՞ղ է: Վերելակն իսկապե՞ս լռվել է: Դուք կարո՞ղ եք սիրալիր լինել և ձեր ոտքը մի կողմ քաշել, խնդրում եմ ձեզ, պարզվում է, որ այն հայտնվել է ուղիղ իմի վրա:
ՇԱՌԼ — Ուզում եք բարեկրթության կանոններին հետևել:
ԿԱՐՈԼ — Ժամանակ է պետք, որպեսզի դիմացինը զսպի իր բնազդները: Մեծ երջանկություն է ապրել ուրիշի համար:
ՇԱՌԼ – Գիտե՞ք, որ ինձ հիշեցնում եք ինչ-որ մեկին: Մի երիտասարդ աղջկա, լեռնային առանձնատանը… Դա պետք է որ շատ վաղուց եղած լիներ…
ԿԱՐՈԼ — Մի չարչարվեք: Ուղիղ տասնինը տարի առաջ էր: Առավոտյան մենք մի զրույց ունեցանք, որը մի քանի րոպե տևեց: Երբ ներս մտաք, միանգամից հիշեցի: Դուք չեք փոխվել:
ՇԱՌԼ – Դուք՝ առավել ևս:
ԿԱՐՈԼ — Կատակո՞ւմ եք:
ՇԱՌԼ — Ուզում եմ ասել՝ բարոյապես չեք փոխվել:
ԿԱՐՈԼ — Շնորհակալ եմ:
ՇԱՌԼ — Ինչ վերաբերում է մնացյալին, ես չեմ պատրաստվում ևս մեկ անգամ ծաղիկներ նետել ձեր ոտքերի տակ:
ԿԱՐՈԼ — Ես շատ եմ սիրում այդ ծաղիկները: Դրանք ոչ բնական են, ոչ էլ երևակայական: Դրանք անշոշափելի են:
ՇԱՌԼ – Ի՞նչ եք անում այստեղ:
ԿԱՐՈԼ — Իսկ դո՞ւք:
ՇԱՌԼ – Օ՜, ես… տասը տարի կլինի արդեն:
ԿԱՐՈԼ — Դա ոչ իմաստ է, ոչ էլ բացատրություն: Ես… արդեն երկու ամիս է:
ՇԱՌԼ — Ես ձեզ նախանձում եմ:
ԿԱՐՈԼ — Որ գալիս եմ այստե՞ղ: Դա իմ տասնվեցերորդն է: Մնացածներն ինձ լքել են: Կամ ինքս եմ լքել: Երևի նույնը չեմ մնացել:
ՇԱՌԼ — Բայց դուք լավ եք դիմանում:
ԿԱՐՈԼ — Գոնե այդքանն է մնացել հոգիս թեթևացնելու համար, հո դրանից էլ չեմ զրկվելու:
ՇԱՌԼ — Իսկ ես այլևս չեմ կարող ինձ թույլ տալ:
ԿԱՐՈԼ — Դուք նրան սիրո՞ւմ եք:
ՇԱՌԼ — Ո՞ւմ:
ԿԱՐՈԼ – Նրան՝ բարձրահասակ Ժակին: Այն մեկին, ով ձեռքից առիթը բաց չի թողնում, ով իր տրորված սիգարն է ծխում: Սֆինքսին:
ՇԱՌԼ — Հարցը դա չէ:
ԿԱՐՈԼ — Հենց առաջին պահից, երբ այստեղ մտա, հասկացա, որ նա ինձ նույնիսկ չնայեց:
ՇԱՌԼ — Դա պիտի որ հաճախ չպատահի:
ԿԱՐՈԼ — Նա լսում է, նա չի պատասխանում, չնայած կարծես քո դեմ ոչինչ չունի:
ՇԱՌԼ — Նա, փաստորեն, թքած ունի, եթե թույլ կտաք այդպես ասել:
ԿԱՐՈԼ — Հնարավոր է: Ես էլ թքած ունեմ: Շատ եմ սիրում երբեմն երկար լռել:
ՇԱՌԼ — Դա նկատելի է:
ԿԱՐՈԼ — Միայն նրա ծխելու ձայնն է լսվում: Իսկ ես լսում եմ սրտիս զարկերը: Այդպես նստում ենք՝ երկուսով: Մի օր ուզեցի նրա ձեռքը բռնել, ինչպես պապիս ձեռքն էի բռնում, երբ փոքր էի: Իսկ դո՞ւք, ձեզ վրա ի՞նչ տպավորություն է թողնում:
ՇԱՌԼ — Ես երբեք հայր չեմ ունեցել, ուստի չեմ կարող ասել:
ԿԱՐՈԼ — Բայց որդի ունե՞ք:
ՇԱՌԼ — Որդեգրել եմ… Ընկերս… Իր համաձայնությունը տվեց: Մեռած է:
ԿԱՐՈԼ – Հիվանդությունի՞ց:
ՇԱՌԼ — Հենց սկզբից: Այդպես էլ չիմացանք՝ ինչ էր: Այդ մասին չենք խոսել:
ԿԱՐՈԼ — Հա, ի՞նչ էի ասում: Ես երեք երեխա ունեմ: Լավագույն բանը, որ կարողացել եմ անել: Երկուսն իրենց հայրերի հետ են, այո, այո, հոգնակի: Ինձ զրկեցին պահելու իրավունքից: Երկուսից մեծը մեկ ամիս առաջ եկավ ինձ տեսնելու: Գեղեցիկ է: Շատ գեղեցիկ: Ես պարզապես պապանձնվել էի: Դա առավելություն է՝ չտեսնել, թե ինչպես են մեծանում:
ՇԱՌԼ — Իսկ երրո՞րդը:
ԿԱՐՈԼ — Երրորդը… Ինձ հետ է մնում: Տասներեք տարեկան է: Ասում է, թե պաշտում է ինձ:
ՇԱՌԼ – Ի՞նչ եք անում այստեղ:
ԿԱՐՈԼ — Պայքարում եմ լռության դեմ, արդեն ասացի:
ՇԱՌԼ — Ես մի բան եմ ուզում ձեզ խնդրել:
ԿԱՐՈԼ – Ի՞նչ:
ՇԱՌԼ — Որ միասին լռենք: Կուզեի՞ք փորձել: Խնդրում եմ, ինձ շատ դուր եկավ ձեր ասածը, բայց լռենք մի պահ:
ԿԱՐՈԼ — Լռության մեկ րոպե, ինչպես մահվան համար:
ՇԱՌԼ — Ոչ: Կյանքի համար: (Լռում են: Հնարավորին չափ երկար:) Գիտե՞ք, ես մի առաջարկ ունեմ:
ԿԱՐՈԼ — Պաշտում եմ առաջարկները: Հատկապես անպարկեշտ:
ՇԱՌԼ — Գուցե վեր կենանք:
ԿԱՐՈԼ – Միասի՞ն:
ՇԱՌԼ — Այո: Ըստ երևույթին, նա այլևս չի գա: Հավերժ չենք մնալու այստեղ: Դրսում լավ եղանակ է:
ԿԱՐՈԼ — Համաձայն եմ, սակայն մի պայմանով:
ՇԱՌԼ – Ի՞նչ:
ԿԱՐՈԼ – Որ ձեռքս բռնեք:
Տեսարան երկրորդ
Ինգրիդի աշխատասենյակում, նրա տան առաջին հարկում:
ԿԱՐՈԼ – Օ՜, գիտե՞ք, ես ու քաղաքականությունը…
ԻՆԳՐԻԴ — Նույնը ես եմ ասում վաղուց ի վեր: Ինչպե՞ս այդ կարծիքին չլինես: Ոչ մի գրավիչ բան չունի, եթե դրսից նայես:
ԿԱՐՈԼ — Իսկ ներսի՞ց, ինչ է, ավելի լա՞վ է: Դա ինձ կզարմացներ: Նկատի ունեցեք, ես դրանից ոչինչ չեմ հասկանում: Երբեք թերթերում այդ էջերը չեմ կարդում: Բայց հեռուստացույց նայելիս չես կարող դրանից խուսափել… Ինձ թվում է…
ԻՆԳՐԻԴ — Պիտի ասեմ, որ ինձ մոտ էլ նույնն է: Կրթության հարց է:
ԿԱՐՈԼ — Իմ պարագան տարբեր է: Եթե ես կրթություն ստացած լինեի, կկարողանայի ասել: Սակայն, ինչպես տեսնում եք, առանց դրա էլ հնարավոր է:
ԻՆԳՐԻԴ – Ինչպե՞ս կարողացաք դիմանալ:
ԿԱՐՈԼ – Կարծում եք՝ դա միակ փրկությո՞ւնն է:
ԻՆԳՐԻԴ – Ոչ, այսինքն՝ այո: Դա արդյո՞ք նրա համար չէ, որ ինչ-որ բանի հակադրվես, ինչ-որ բան լինի, որի դեմ պայքարես:
ԿԱՐՈԼ — Սակայն քաղաքականության մասին նույնը չեք ասում:
ԻՆԳՐԻԴ — Երկար ժամանակ, այո, չէի ասում: Իմ շրջապատում քաղաքականություն չէին սիրում: Հանդիպում էինք մարդկանց, ովքեր զբաղվում էին դրանով: Նրանք հաճախ էին գալիս մեր տուն: Հորս ծանոթներն էին, մի քանիսն էլ՝ դասընկերները: Հայրս վերևից էր նայում նրանց: Հաճախ ինձ ասում էր. «Դուք՝ աղջիկներդ, բախտավոր եք: Քաղաքականությունը ձեր կողքով է անցնում»:
ԿԱՐՈԼ — Համոզված չեմ:
ԻՆԳՐԻԴ — Ինքներդ եք տեսնում, որ քաղաքականությունը ձեզ առնչվում է:
ԿԱՐՈԼ — Այո, թեթևակի: Սակայն դրան չեմ խառնվում… Ինչպես դուք:
ԻՆԳՐԻԴ — Դա անսպասելի գլխիս ընկավ, մոտ վաթսուն տարեկան էի, լավ չէի հասկանում, թե ինչին եմ ծառայում: Եկան, ինձ գտան:
ԿԱՐՈԼ – Ինչպե՞ս եղավ, որ ձեզ հիշեցին:
ԻՆԳՐԻԴ — Ես պայքարում էի, որպեսզի մեր տան դիմացը ոչ մի ծառ չկտրեն:
ԿԱՐՈԼ — Որպեսզի ձեր բնանկարը չաղավաղե՞ն: Դա ձեր բնակարանի գինը կգցե՞ր:
ԻՆԳՐԻԴ — Իհարկե, ես ապրում էի անտառի դիմաց: Մենք այդ տեղը ընտրեցինք տեսարանի համար:
ԿԱՐՈԼ — Ես ձեզ հասկանում եմ, չէր կարելի դա փչացնել: Հավանաբար բնակելի շենքեր էին ուզում կառուցել: Հը՜մ:
ԻՆԳՐԻԴ — (ծիծաղում է): Ոչ, նախատեսված էր շքեղ առանձնատներ կառուցել, և մենք կտեսնեինք մեր բոլոր ընկերների դեսանտը: Սարսափելի է:
ԿԱՐՈԼ — Դուք դա անվանում եք քաղաքականությո՞ւն. մոլեգնորեն պաշտպանել սեփական տարածքը, մերժել համագոյակցությունը ձեզ նմանների հետ:
ԻՆԳՐԻԴ — Դա քաղաքականություն չէր: Ի դեպ, ժամանակին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն բնավ չունեի, այդ մասին ձեզ արդեն ասացի:
ԿԱՐՈԼ — Այդ դեպքում ես կապ չեմ տեսնում:
ԻՆԳՐԻԴ — Մյուսները տեսան: Նրանք գտան, որ այդ գործը լավ տարա, որ համոզում էի, ապացուցում, որ հաջողությամբ պայքարեցի:
ԿԱՐՈԼ — Եվ հետո՝ կին էր հարկավոր…
ԻՆԳՐԻԴ — Կանայք միշտ պետք են, այդպես չե՞ք կարծում:
ԿԱՐՈԼ — Այո, անկասկած:
ԻՆԳՐԻԴ — Նրանք չէ, որ պիտի զբաղվեն մեր գործերով:
ԿԱՐՈԼ — Չէի սպասում, թե այդպես կխոսեք:
ԻՆԳՐԻԴ – Ինչո՞ւ:
ԿԱՐՈԼ — Ես հիշում եմ մեր հանդիպումը տասնինը տարի առաջ: Դուք ինձ թվացիք այնքան հավասարակշռված, այնքան հանգիստ:
ԻՆԳՐԻԴ — Սխալվում եք: Ի դեպ, դրանից հետո ես պոռթկացի, պայթեցի:
ԿԱՐՈԼ — Պայթեցի՞ք, իսկապե՞ս:
ԻՆԳՐԻԴ — Խորտակվեցի, իջա մինչև հատակը, կարծում էի՝ այդ վիճակից այլևս դուրս չեմ գա:
ԿԱՐՈԼ – Երկա՞ր տևեց:
ԻՆԳՐԻԴ — Ամիսներ, այսինքն՝ ի՞նչ եմ ասում, տարի ու կես: Սոսկալի վիճակում էի, մնացել էի առանց Իվանի:
ԿԱՐՈԼ – Տեսնո՞ւմ եք, որ նրանք զբաղվում են մեզնով:
ԻՆԳՐԻԴ — Անհատապես, որոշ դեպքերում՝ այո: Կարծում եմ՝ բախտ ունեցա:
ԿԱՐՈԼ — Եվ, այնուամենայնիվ, ես զարմանում եմ: Դուք ամեն ինչ ունեիք, այդ թվում և՝ տղամարդ, իսկական տղամարդ: Ու դա չփրկեց:
ԻՆԳՐԻԴ — Դժվար է բացատրել: Դա այնպիսի զգացում էր, ասես պարապի մեջ ես, դատարկության, ոչ մի բանի պետք չես, այլևս սպասելիք չունես, հուսալու ոչինչ չունես: Ձեզ հետ չի՞ պատահել:
ԿԱՐՈԼ — Այդ աստիճան՝ ոչ: Չեմ կարծում: Ես բազմաթիվ հոգեբույժների մոտ եղա, ճիշտ է, բայց ավելի շատ կանխելու համար… Եղել է՝ մտածել եմ ինքնասպան լինել, այդքանը միայն:
ԻՆԳՐԻԴ — Կարծում եմ՝ ձեր դեպքում ես գործողության կանցնեի: Հոգեբույժները գժերի պահապաններ են:
ԿԱՐՈԼ – Չե՞ք գնացել գոնե մեկի մոտ:
ԻՆԳՐԻԴ — Ժակն ընկերս է: Ես նրա հետ եմ շատ խոսել:
ԿԱՐՈԼ — Իր տա՞նը:
ԻՆԳՐԻԴ — Ոչ, երբեք, ոչ մի դեպքում: Նա գալիս էր ինձ մոտ: Ես նրան հրավիրում էի, որովհետև Շառլը նրա մասին պատմել էր:
ԿԱՐՈԼ — Դուք շարունակո՞ւմ էիք Շառլին տեսնել:
ԻՆԳՐԻԴ — Մի քանի տարի առաջ նորից հանդիպեցինք: Նա եկել էր Իվանին տեսնելու: Գործով: Նրանք շատ էին մտերմացել:
ԿԱՐՈԼ — Տարօրինակ է…
ԻՆԳՐԻԴ – Ինչո՞ւ:
ԿԱՐՈԼ — Տարօրինակ են այդ կապերը, որ ամրանում են: Կապեր էլ կան, որ չեն խորանում: Առանց այդ պատահական հանդիպման նրան նորից չէի տեսնի:
ԻՆԳՐԻԴ — Ոչ էլ ես:
ԿԱՐՈԼ — Ոչ էլ դուք:
ԻՆԳՐԻԴ — Շառլն անմիջապես ինձ զանգեց: Նա երջանիկ էր: Ես ձեր հեռախոսը հարցրի: Ես ձեզ նման մարդու կարիքն ունեի իմ նախընտրական քարոզարշավի համար:
ԿԱՐՈԼ — Բայց այդ ոլորտում երբեք ոչինչ չեմ արել, ես ձեզ արդեն ասել եմ, քաղաքականությունն ու ես տարբեր բաներ ենք:
ԻՆԳՐԻԴ — Բայց դուք աշխատում էիք նման մի ասպարեզում, ձեզ տեսել եմ հեռուստացույցով:
ԿԱՐՈԼ — Ես ներկայացնում էի հեռախոսային մի խաղ, դա առանձնապես բարդ չէր: Այնտեղի պատասխանատուներից մեկն ինձ համար գժվում էր: Ես սոսկում էի դրանից: Պատկերացրեք՝ այդ խաղի մեջ մենք չէինք խաբում: Մարդիկ իսկապես զանգում էին, բայց երբ զանգող չէր լինում, ապուշի պես մնում էի տնկված տեսախցիկի առջև: Այդպիսի պահերին քիչ էր մնում գետնի տակը մտնեի: Այնպես որ, երկար չտևեց, այդ գործը շուտով թողեցի:
ԻՆԳՐԻԴ — Ես գտնում եմ, որ այդ հաղորդումը շատ հաջող էիք վարում: Պատկերացրեք, ձեզ չճանաչեցի: Եթե որպես Կարոլ ներկայանայիք, գուցե ճանաչեի:
ԿԱՐՈԼ — Գլխիս կեղծամ էր, աչքերիս՝ գունավոր ոսպնյակներ, անունս էլ՝ Անուկ: Նրանք էին ինձ այդպես կնքել:
ԻՆԳՐԻԴ — Երբ Շառլն ինձ բացատրեց ամեն ինչ, ես հասկացա, որ հազվագյուտ գանձ եմ գտել:
ԿԱՐՈԼ — Դուք այդպես էլ չբացատրեցիք, թե խնդիրն ինչ է:
ԻՆԳՐԻԴ — Դա մի հսկայական գործ է: Պատկերացնել անգամ չեք կարող:
ԿԱՐՈԼ — Դուք ինձ ոգևորում եք:
ԻՆԳՐԻԴ — Հազար ու մի անելիք կա: Գործը հսկայական է, բայց շատ հետաքրքիր: Եվ հետո, ամեն պատահածի հետ չես աշխատի, պետք է այնպիսի մեկը լինի, ում հետ նույն գաղափարներն ես կիսում:
ԿԱՐՈԼ- Եվ ի՞նչը ձեզ ստիպեց այդպես մտածել:
ԻՆԳՐԻԴ — Մի վաղանցուկ տպավորություն, իսկապես, վաղուց տեղի ունեցած մի զրույցի հիշատակ: Այդ պահն ասես մի պարգև լիներ:
ԿԱՐՈԼ — Գժվել կարելի է: Շառլն ինձ նույն բանն ասաց:
ԻՆԳՐԻԴ — Եվ Իվանն, իհարկե, կհամաձայնի:
ԿԱՐՈԼ — Բայց ոչինչ տեղի չունեցավ:
ԻՆԳՐԻԴ — Այո, արտաքուստ ոչինչ տեղի չունեցավ: Դուք մի պահ վեր կացաք, թեթևակի ճոճվում էիք, հարցրիք՝ ինչպես սենյակ գնաք: Ես ձեր ձեռքը բռնեցի:
ԿԱՐՈԼ — Այդ մեկը հիշում եմ՝ ձեր ձեռքն իմ ձեռքի մեջ:
ԻՆԳՐԻԴ — Դուք փռվեցիք ուղղակի վերմակի վրա և միանգամից քնեցիք: Մի քանի րոպե անց Շառլը փռվեց մյուս վերմակի վրա, ուրիշ մահճակալի, մեկ ուրիշ սենյակում: Շատ խմեցինք: Այդ օրերին ես ու Իվանը շատ էինք խմում: Հիմա այլևս՝ վերջ: Կարևորը հաջորդ օրն է՝ ճիշտ հետևություններ անելը: Հիշում եմ՝ ձեզ բաներ ասացի, որոնք ոչ մեկին չէի վստահի:
ԿԱՐՈԼ — Այո, ճիշտ է, հիշում եմ, որ քեֆներս լավ էր: Կարելի էր այդպես նստել և ամբողջ օրը զրուցել: Բայց ես մի քիչ քաշվում էի, ասես անկոչ հյուր լինեի:
ԻՆԳՐԻԴ — Մենք էինք ձեզ հրավիրել:
ԿԱՐՈԼ — Հաճախ եմ մտածել, թե ինչու:
ԻՆԳՐԻԴ — Մենք էլ: Պարզապես չէինք ուզում մենակ մնալ:
ԿԱՐՈԼ – Ձանձրանո՞ւմ էիք:
ԻՆԳՐԻԴ – Ընդհակառակը՝ իրար զզվացրել էինք: Երեխաների պակասն էինք զգում, եթե նույնիսկ չէինք ուզում դա խոստովանել: Չէինք ուզում տանը մենակ քնել: Ես դա շատ ուշ հասկացա: Կարծում էինք՝ մեծ գայթակղիչներ ենք, բայց ընդամենը մեր պստիկ, տնաբույս երջանկությունն էինք փայփայում: Մենք պարզապես մեծ գիշատիչների կատակերգությունն էինք խաղում:
ԿԱՐՈԼ — Ես կարծում էի՝ դուք և Շառլը…
ԻՆԳՐԻԴ – Շա՞ռլը: Մի անգամ ինձ այսպիսի զվարճալի բան ասաց. կանայք իմ մեջ ոչինչ չեն առաջացնում, եթե դա այնպես լիներ, ինչպես տղամարդկանց հետ է…
ԿԱՐՈԼ — Եվ չնայած դրան՝ դուք բարեկամներ դարձաք:
ԻՆԳՐԻԴ — Բավական ուշ և պատահականորեն, ձեզ պատմել եմ այդ մասին:
ԿԱՐՈԼ — Իսկ հիմա բոլորին, առանց խտրության, ներգրավում եք այդ քաղաքական գործունեության մեջ:
ԻՆԳՐԻԴ — Ոչ, ես իրերի ուրիշ հարաբերություն եմ բացահայտում: Ես իրոք կաշվիցս դուրս եմ գալիս:
ԿԱՐՈԼ — Ո՞ւմ շահերն եք պաշտպանում:
ԻՆԳՐԻԴ — Ահա գլխավոր հարցը: Որևէ մեկի համար չէ, որ այստեղ եմ: Ես աշխատում եմ վերլուծել, տեսնել հստակ, գործել այնտեղ, որտեղ դա օգտակար է:
ԿԱՐՈԼ — Դուք շարունակո՞ւմ եք ծառերը պաշտպանել մարդկանցից:
ԻՆԳՐԻԴ — Ես մարդկանց եմ պաշտպանում մարդկանցից: Նրանք ավելի փխրուն են: Ես աշխատում եմ միջամտել այնտեղ, ուր անարդարությունն ամենաաղաղակողն է:
ԿԱՐՈԼ – Չե՞ք կարծում, որ հայտնի մակնիշի ձեր շրջազգեստն արդեն անարդարություն է:
ԻՆԳՐԻԴ — Շառլն է ինձ փոխարինաբար տվել: Այդպես է ինձ զորավիգ լինում:
ԿԱՐՈԼ — Թե՞ իր գովազդն է ապահովում:
ԻՆԳՐԻԴ — Այդպես մտածելով կարող եք մաքսիմալիստ դառնալ:
ԿԱՐՈԼ — Իմ սկզբունքն է՝ ամեն ինչ կամ ոչինչ:
ԻՆԳՐԻԴ — Ես գիտեմ, որ դա այդպես չէ, այլապես ձեզ չէի կանչի: Ես գիտեմ, դուք ամեն ինչ հստակ եք տեսնում, բնազդաբար, դուք ծանրութեթև եք անում ամեն ինչ: Դուք չեք փոխվել:
ԿԱՐՈԼ — Դա ամենալավն է: Հիմա Շառլի պես պիտի ասեք, թե բարոյապես մազաչափ անգամ չեմ փոխվել:
ԻՆԳՐԻԴ — Նա այդպիսի բան է ասե՞լ: Տեսնո՞ւմ եք, որ մենք նույն կերպ ենք մտածում:
ԿԱՐՈԼ — Լուրջ ասեք, իսկապե՞ս կարծում եք, թե ես կարող եմ օգտակար լինել:
ԻՆԳՐԻԴ — Վստահ եմ: Դա իմ իմանալու բանն է, այդպես չէ՞:
ԿԱՐՈԼ — Ռիսկի դիմողը դուք եք, դուք չգիտեք, թե ինչ վտանգի եք ենթարկում ձեզ:
ԻՆԳՐԻԴ — Ես ռիսկը սիրում եմ: Դուք՝ ո՞չ:
ԿԱՐՈԼ — Այո, իհարկե:
ԻՆԳՐԻԴ — Ուրեմն, համաձա՞յն եք:
ԿԱՐՈԼ – Ե՞րբ ենք սկսում:
ԻՆԳՐԻԴ — Ընտրությունները երեք ամիս հետո են: Դեռ բավական ժամանակ կա:
ԿԱՐՈԼ — Աֆիշ փակցնողներ ունե՞ք:
ԻՆԳՐԻԴ — Ես ձեզ աֆիշ փակցնելու համար չեմ կանչում:
ԿԱՐՈԼ — Ես գիտեմ մեկին, որը շատ հարմար կլիներ:
ԻՆԳՐԻԴ — Ո՞վ է:
ԿԱՐՈԼ — Իմ տղան: Նա շատ կզարմանա, եթե ասեմ, որ քաղաքականությամբ եմ զբաղվելու: Նա այդպիսի բաների խենթ է: Ձեր փրկված ծառերի պատմությունը նրա ճաշակով է:
ԻՆԳՐԻԴ — Ուրեմն սկսո՞ւմ ենք:
ԿԱՐՈԼ — Շատ տարօրինակ է, երբեք ձեզ չէի պատկերացնի այդպիսի բաներով զբաղվելիս:
ԻՆԳՐԻԴ — Որովհետև այդ դերին չե՞մ սազում:
ԿԱՐՈԼ — Որովհետև այդ մարդիկ մեզնից այնքա՜ն հեռու, այնքա՜ն տարբեր էին թվում:
ԻՆԳՐԻԴ — Հենց այդ մտայնությունը պետք է փոխել: Բոլորիս գործը պետք է բոլորիս առնչվի:
ԿԱՐՈԼ — Ձեզ չեմ պատկերացնում փողոցում պլակատ բռնած:
ԻՆԳՐԻԴ — Այդ ամենը վերջացավ: Ուրիշներին ես ծառայում, այդքան մի բան: Սա ուրիշներին շահագործելու հակառակն է: Երբ հասկանում ես դա, իսկապես կարող ես ազդել այն ամենի վրա, ինչ շրջապատում է քեզ:
ԿԱՐՈԼ — Դա տարօրինակ է: Դա շատ խորհրդավոր է և հետաքրքրում է ինձ: Ես չգիտեմ՝ ուր եմ գնում:
ԻՆԳՐԻԴ — Իսկ հայտնի՞ է արդյոք, թե ուր ենք գնում: Բայց դա ամենը չէ: Այսպիսով, ես համարում եմ, որ դուք հանձն առաք:
ԿԱՐՈԼ — Որ ես հանձն առա, այո:
ԻՆԳՐԻԴ — Հատկապես դա կուզեի ձեզնից լսել:
Տեսարան երրորդ
Ինգրիդի և Իվանի բնակարանի հյուրասրահում՝ նույն շենքի հարկերից մեկում: Իվանը նստած է հաշմանդամի սայլակին:
ԻՎԱՆ — Հաջորդ անգամ ես կգամ քեզ տեսնելու:
ՇԱՌԼ — Քո վիճակո՞ւմ: Բայց այստեղ ամեն ինչ նախատեսված է քեզ խնամելու համար:
ԻՎԱՆ — Ես մեքենա վարում եմ, ուրեմն ինչո՞ւ քեզ մոտ չգամ:
ՇԱՌԼ – Նախ՝ ես իմ տանը չեմ, դու լավ գիտես:
ԻՎԱՆ — Նկատի ունեի գործիդ տեղը:
ՇԱՌԼ — Հենց այնտեղ է, որ քեզ համար համապատասխան պայմաններ չկան, չորս կողմը սանդուղքներ են, անհրաժեշտ սարքավորումներ չկան: Եվ հետո, ես սիրում եմ այստեղ գալ: Դու լավ գիտես: Ինձ համար սա հարազատ օջախ է:
ԻՎԱՆ — Հարազատ օջա՞խ… Ծիծաղո՞ւմ ես:
ՇԱՌԼ — Ոչ, ես զգում եմ, որ ինձ այստեղ ընդունում են, ցանկանում, ինչպես մի երեխայի: Երբ դուրս եմ գալիս ձեր մոտից, ինձ քաջալերված եմ զգում:
ԻՎԱՆ — Ուրեմն բախտավոր ես:
ՇԱՌԼ — Բայց ի՞նչ է քեզ պատահել: Քեզ երբեք այսպես չեմ տեսել: Բարի եղիր, գնացի՛նք:
ԻՎԱՆ — Ճիշտն ասած, ես հենց դա եմ ուզում, մի քիչ իրար գամ, մի քիչ շարժվեմ: Միշտ դու ես գալիս, որ հաշվետվություն ներկայացնես:
ՇԱՌԼ — Քո վթարից հետո ես լավ չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչ կերպ կարելի էր անել:
ԻՎԱՆ — Հա, բայց դա արդեն սովորություն ես դարձրել…
ՇԱՌԼ — Դե, ասա նաև, որ գալիս ու երկար եմ մնում:
ԻՎԱՆ — Կարծես ձեռնտու է քեզ, որ ես այս վիճակում եմ՝ անշարժ, լռված:
ՇԱՌԼ – Ինչե՞ր ես խոսում:
ԻՎԱՆ — Համենայնդեպս, դա Ինգրիդի սրտով է:
ՇԱՌԼ — Ես կարող եմ հակառակը վկայել: Դու նրան չես տեսել, երբ կոմայի մեջ էիր և երբ նրան ասացին, թե ոտքերդ այլևս քեզ չեն ենթարկվում: Նա լրիվ քանդվել էր:
ԻՎԱՆ — Ինչը դու քեզ թույլ չտվեցիր:
ՇԱՌԼ — Նա, կարծեմ, առաջինը ինձ զանգեց՝ դեպքից հետո: Պիտի խոստովանեմ, որ շատ զգացված էի: Ես հարց էի տալիս՝ Երկնային Աստված, ինչո՞ւ ես:
ԻՎԱՆ — Ծիծաղս գալիս է քո այդ արտահայտությունից:
ՇԱՌԼ – Ինչո՞ւ:
ԻՎԱՆ — Դա հնաբույր է, մոդայից դուրս եկած:
ՇԱՌԼ — Աստված երբեք մոդայից դուրս չի գա:
ԻՎԱՆ — Նորաձևության տները լքում են ասպարեզը: Փոքրիկ Աստվածը զենքերը վար է դնում մեծ Աստծո առաջ: Գրազ կգամ, որ դու աղոթում ես:
ՇԱՌԼ — Յուրաքանչյուր ցուցադրումից առաջ, կուլիսներում, զգեստասենյակում, գրեթե ամեն անգամ: Դա գրազ գալու իմ ձևն է:
ԻՎԱՆ — Եվ եթե տանուլ ես տալիս, ինքդ քեզ մխիթարում ես, թե մոռացել ես աղոթել:
ՇԱՌԼ — Այդ երկուսի մեջ երբեք կապ չեմ տեսել:
ԻՎԱՆ – Դարձյալ՝ բախտը…
ՇԱՌԼ — Այդպես չէի ասի: Ես վստահություն ձեռք չեմ բերում, երբ այդ մի քանի բառը հայտնվում է լեզվիս ծայրին: Չգիտեմ, թե ինչու եմ այդ աղոթքն անում:
ԻՎԱՆ — Ցլամարտիկները բոլորն են աղոթում՝ պատնեշի ետևը կանգնած, ուղղակի ասպարեզ մտնելուց առաջ: Հեռուստացույցն աշխարհով մեկ ցույց է տալիս այդ տեսարանը: Սպորտային մեքենաների վարորդները՝ նույնպես: Քո ասածն արդեն քարոզչություն է:
ՇԱՌԼ- Մակնիշի համար:
ԻՎԱՆ — Թող այդպես լինի: Ասենք՝ մակնիշների հեղինակության համար: Ես քեզ չեմ հասկանում: Ասում ես՝ դա անում ես առանց որևէ հստակ նպատակի, այսինքն՝ դատարկ տե՞ղը:
ՇԱՌԼ — Ավելի շատ՝ լիքը տեղը: Դա գործելու մի կերպ է, երբ ուղղորդվում ես այն գաղափարով, թե ամեն ինչ կապակցված է:
ԻՎԱՆ – Զառանցա՛նք: Երբեք այդպես չի եղել: Մենք ենք, որ այդպես ենք դարձնում:
ՇԱՌԼ — Է հետո՞, ավելի լավ է այդպես լինի, քան տեսնել, թե ինչպես իրերի մի կարգ է հաստատվում, որին ոչինչ ենթակա չէ:
ԻՎԱՆ — Լռիր, հիմա պիտի կարծեմ, թե Ինգրիդն է խոսում: Անընդհատ դա եմ լսում նրանից: Այնուամենայնիվ, չպետք է ամեն ինչ ինքնահոսի մատնենք, պետք է առաջ անցնել դեպքերից: Ամենատարօրինակն այն է, որ չեմ կարողանում պարզել, թե որտեղ է նրա տեղը:
ՇԱՌԼ — Իր կուսակցության մեջ:
ԻՎԱՆ — Ընդամենը: Նրան ընդունել են համամասնությունը պահպանելու համար: Կանայք են պետք եղել, հասուն մարդիկ: Նա երկու պահանջներին էլ համապատասխանել է: Այդ օրվանից ի վեր նա ամեն ինչ ինքնագլուխ է անում: «Նա անհսկելի է»,- ասաց նրա նախագահը: Ստիպված էի խոստովանել, որ վաղուց եմ եկել այդ համոզման:
ՇԱՌԼ — Տարօրինակ է, որ հենց այդպես՝ հանկարծակի սկսեց, ինչպես մի քմահաճույք:
ԻՎԱՆ — Ես զգում էի, որ այդ սպառնալիքը մեզնից հեռու չէ, ավելի շուտ, ինձնից հեռու չէ: Փաստորեն, մեր ծանոթության օրվանից: Համալսարանից սկսած: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, նա թռուցիկներ էր տպագրում տրոցկիստների համար: Որոշել էր այդ կերպ դառնալ ինքնուրույն: Հիսունական թվականների սկիզբն էր: Նա խորշում էր ամերիկացիների քաղաքականությունից: Իրեն Էթել Ռոզենբերգի տեղն էր դրել… Գուցե դա էր, որ ինձ դուր եկավ:
ՇԱՌԼ — Քեզ դուր եկավ հեղափոխակա՞նը:
ԻՎԱՆ — Ես տնտեսագիտություն էի ուսումնասիրում: Իմ պետն էր ինձ ուղարկել այդտեղ: Մարշալի պլանն էի վերլուծում: Ինգրիդը պլանային տնտեսությունն էր ուսումնասիրում: Դա 68-ի մայիսից շատ առաջ էր: Ուսանողների, մանավանդ ուսանողուհիների մեջ դեռևս գոշիզմ չկար: Հետո նա հայտնվեց այդտեղ: Ինգրիդից զատ ուրիշ ոչ մեկն աչքիս չէր երևում:
ՇԱՌԼ — Որովհետև քեզ դիմադրո՞ւմ էր:
ԻՎԱՆ — Անկասկած: Ես երդվել էի, որ հասարակությունը պիտի փրկեմ այդ վհուկից: (Ծիծաղում է:) Ես նրան մեկուսացրի: Ամուսնություն: Երեք երեխա: Բոլոր ժամանակներում տղամարդիկ այս կերպ են կարողացել կանանց հեռու պահել իշխանությունից: Կլիմաքսից հետո կանայք ոչ մի բանի պետք չեն: Ես խոսում եմ այն շրջանի մասին:
ՇԱՌԼ – Կարոտո՞վ:
ԻՎԱՆ — Ամենևին: Ես քեզ ասում եմ, որ դա ինձ գրգռում էր: Նրա հայացքներն իմինից շատ հեռու չէին: Ես պարզապես ուզում էի համոզվել դրանում: Դա կստիպեր ուրիշ կերպ նայել ինքս ինձ: Այդ նա էր, որ հանգստացավ: Նա ուրիշ բաներ էլ ուներ իր կյանքում: Երեխաների մեջ հետքերը կան, իրենց կարմիր մոր հետքերը:
ՇԱՌԼ – Ասենք՝ վարդագույն:
ԻՎԱՆ — Թողնում եմ՝ դու որոշես, գույների մասնագետը դու ես:
ՇԱՌԼ — Նրանք հիմա հանդարտվե՞լ են:
ԻՎԱՆ — Փողը միշտ ուծացնում է:
ՇԱՌԼ — Իհարկե, ոչ Ինգրիդին:
ԻՎԱՆ — Ինգրիդն ավելի արտառոց է դարձել: Նա բռնագրավել է ամբողջ առաջին հարկը: Երբ մեկ-մեկ մտնում եմ այնտեղ, ինձ թվում է, թե վերականգնել է իր այն խուցը, որի մեջ ապրում էր, երբ քսան տարեկան էր: Եթե չհաշվենք նրա ռևանշը:
ՇԱՌԼ – Ի՞նչ ռևանշ:
ԻՎԱՆ — Այնտեղ միայն կանայք են՝ Կարոլի գլխավորությամբ:
ՇԱՌԼ — Կարծում եմ՝ հաջող ընտրություն էր:
ԻՎԱՆ — Ինչպես երևում է, դու ես նրան առաջարկել: Այդ ի՞նչ տարօրինակ գաղափար է:
ՇԱՌԼ — Նա գլուխը կորցրել էր:
ԻՎԱՆ — Այս երևույթը շատ անգամներ եմ նկատել: Նրբամիտ և աշխույժ աղջիկներ, որոնք ասես կրկնակի կյանքով են ապրում: Իսկ այն գլորվում-անցնում է:
ՇԱՌԼ – Ի՞նչն է գլորվում:
ԻՎԱՆ — Այն, ինչը կոչվում է կյանք: Մի մեծ մտածող կյանքը բաժանել է չորս շրջանների. երանելի մանկություն, երջանիկ պատանեկություն, դժվարին հասունություն և ողբալի ծերություն: Կարոլը հիմա դժվարին հասակում է, և ես կարծում եմ, որ նրա կյանքի նախորդ շրջանները համապատասխանում են այդ բաժանումին:
ՇԱՌԼ — Երբեմն միտք եմ անում՝ հնարավոր չէ՞ այդ հաջորդականությունը շրջել: Քեզ նայելով չէի ասի, թե այդ հասակը ողբալի է:
ԻՎԱՆ — Դու ինձ ուշադիր նայե՞լ ես:
ՇԱՌԼ- Ինձ թվում է՝ քո ծանոթների շրջանակը չափազանց բարերար ազդեցություն է ունենում քեզ վրա, արդեն ասել եմ այդ մասին:
ԻՎԱՆ — Երբ պայծառամտությունը փոքրիկ բաժիններով ես ընդունում, ինչպես դու, կազդուրիչ է դառնում, և թուլացնում է, եթե դառնում է մշտական: Մենք Կարոլի մասին էինք խոսում: Ես շատ եմ ուզում, որ նա նորից ուշքի գա: Այդ առումով դու ճիշտ ես արել: Նա խայթող հայացք ունի: Նա իրեն լավ է զգում այդ տան մեջ, որ դարձել է իգական շտաբ: Թող քեզ չզարմացնի, որ ես մի քիչ չափազանցնում եմ:
ՇԱՌԼ — Եվ ա՞յդ է պատճառը, որ ուզում ես՝ ինձ մոտ հանդիպենք:
ԻՎԱՆ — Ճիշտ այդպես:
ՇԱՌԼ — Դու չե՞ս ուզում նրան հսկել:
ԻՎԱՆ – Ինչո՞ւ:
ՇԱՌԼ — Որպեսզի նա չդրդի արուներին ոչնչացնել:
ԻՎԱՆ – Ինչպե՞ս կարող ես նրան արգելել: Դա իսկական պատերազմ կդառնա: Նրանք վաղուց ի վեր շարունակում են հակառակն անել: Սակայն, այնքան էլ ապուշ չեն:
ՇԱՌԼ – Կարծո՞ւմ ես:
ԻՎԱՆ — Պետք է թողնել, որ զբաղվեն իրենց խոհանոցով, կարուձևով՝ ինչպես դու:
ՇԱՌԼ – Եվ երեխաներ բերելո՞վ:
ԻՎԱՆ – Դա վաղուց ի վեր հաստատված կարգ է:
ՇԱՌԼ – Ի՞նչ ես ուզում ասել:
ԻՎԱՆ — Ես չեմ կարող կյանքիս քսան տարին կորցնել, որպեսզի կարգուկանոն հաստատեմ այդ գործում: Պետք է նոր մասնագիտություններ գտնել՝ մեր օրերին համապատասխան: Երեխա բերող մայր. դա կլինի վերադարձ դեպի աշխատանքի բաժանում:
ՇԱՌԼ — Իսկ այն կանայք, որ դա սիրո՞ւմ են…
ԻՎԱՆ — Ոչ ոք ոչ մեկին չի արգելել վերադառնալ ռադիոընդունիչներին կամ պտտովի հեռախոսներին:
ՇԱՌԼ — Իսկ ի՞նչ կմնա տղամարդու և կնոջ միջև՝ որպես կապ:
ԻՎԱՆ — Եվ դո՞ւ ես այդ հարցը տալիս, դո՛ւ, որ վաղուց ի վեր խաչ ես քաշել դրա վրա: Դուք ցանկանում էիք մի հասարակություն, որտեղ կին չլինի՝ մայրերից բացի: Կանայք ասում են, թե մայրերին մեքենայացրել են: Դա լավագույն պատասխանը չէ: Պետք չէ մոլորության մեջ ընկնել, դա է, որ բորբոքվում է ներքևում՝ մի մեծ երեկո, որ պատրաստվում է առաջին հարկում: Ավելին, օրը ցերեկով նրանց պատուհանները լայնորեն բացված են, վարագույրները՝ նույնպես: Նրանք նույնիսկ թաքնվելու կարիք չունեն: Եվ դու զարմանում ես, որ ուզում եմ գնալ մի ուրիշ տեղ՝ շունչ քաշել:
ՇԱՌԼ- Ուրեմն այլևս իրար ասելու բան չունե՞ք:
ԻՎԱՆ — Ճիշտ հակառակը: Ես գտնում եմ, որ շատ գրավիչ է լինել առաջին օթյակում: Ի դեպ, ժամանակ առ ժամանակ նրանք բարձրանում են ինձ մոտ՝ խորհրդակցելու: Ես պատասխանում եմ, բացատրում, ես փաստորեն աշխատում եմ մեր դեմ: Պետք է ասել, որ մի քիչ էլ մենք ենք մեղավոր:
ՇԱՌԼ — Քո հոռետեսությունը չեմ կիսում:
ԻՎԱՆ — Դու ձայնի իրավունք չունես:
ՇԱՌԼ — Կարծես թե մարդկանց հանդիպելու համար պիտի անպայման սեռական կապ ունենաս: Քո ասելով, ամեն անգամ հանդիպելուց կրքոտ գրկախառնումներ են տեղի ունենում:
ԻՎԱՆ – Ինչպիսի՜ սոսկում:
ՇԱՌԼ — Այդպես ասելու առիթ չտվեցի: Հենց այդ տրամաբանությունն է, որ կանայք կոտրում են: Հոգուս խորքում գուցեև սիրում եմ Ինգրիդին, սիրում եմ Կարոլին, ավելի, քան դու: Եթե նույնիսկ մեկից երեք երեխա ես ունեցել, իսկ հետո ցատկել ուրիշի վրա:
ԻՎԱՆ — Ինչ վերաբերում է Կարոլին, ես նրան նույնիսկ մատով չեմ կպել: Գուցե դա է պատճառը, որ թուլություն ունեմ նրա հանդեպ: Եթե դա կարող է քեզ համոզիչ թվալ: Ես միշտ գնահատել եմ քո դիպուկ պատասխանները: Խոստովանեմ, որ այդ հակումը շարունակ աշխուժանում է: Մենք մեր փոխադարձ ողբերգության վստահելի անձինք կլինենք: Աշխարհը հիմա միայն այդպիսի մարդկանցով է լցված: Այլևս հերոս չկա, միայն՝ շահույթ: Այլևս մարդ չի մնացել, որ գնահատես:
ՇԱՌԼ – Մարդ՝ գուցե, բայց ոչ՝ ամեն ինչ: Մնացել է մեր հաշվետվությունը, որ դեռ չենք էլ նայել:
ԻՎԱՆ — Թվերը, դու իրավացի ես, մնում են թվերը: Տպավորիչ են թվերը: Չափազանց պատշաճ՝ հաղորդակցվելու համար:
ՇԱՌԼ — Քո կյանքում միայն դրանց հետ ես գործ ունեցել:
ԻՎԱՆ – Ինչո՞ւ ես կարծում, թե հաճույք եմ ստանում քեզ հետ դատարկաբանելուց:
ՇԱՌԼ — Դե լավ, ցուցակը բեր տեսնեմ:
Տեսարան չորրորդ
Իվանի և Ինգրիդի հյուրասրահում:
ԻՎԱՆ — Վերջապես բարձրացար, շատ շուտ չէ՞:
ԻՆԳՐԻԴ — Իվան, էլի մի սկսիր:
ԻՎԱՆ – Ի՞նչն սկսեմ: Ի՞նչը չսկսեմ:
ԻՆԳՐԻԴ — Ինձ նախատել, երբ վերադառնում եմ: Այդպիսի բան երբեք չի եղել մեր միջև: Հասել ես այդ տարիքին և դարձել կասկածոտ:
ԻՎԱՆ — Ակնարկում ես. կասկածոտը էֆեմի՞զմ է:
ԻՆԳՐԻԴ — Ուզում ես, որ քեզ անվանեմ խանդո՞տ:
ԻՎԱՆ — Այդպես ավելի ճիշտ կլինի:
ԻՆԳՐԻԴ — Բայց ես նույնիսկ տնից դուրս չեմ եկել:
ԻՎԱՆ — Դա ոչինչ չի փոխում: Նույնիսկ ավելի վատ: Ամենասոսկալի դավաճանությունները գործվում են նույն տանիքի ներքո: Ընտանիքի բարեկամի հետ, որի ոտքն ես տրորում սեղանի տակ: Հարկային տեսուչի հետ, հեռուստախաղի հաղորդավարի հետ, որին հանդիպում ես ամեն երեկո նույն ժամին: Նրա խաղալիք արջուկի հետ:
ԻՆԳՐԻԴ — Ես երբեք նման բան չեմ արել: Ես երբեք արջուկ չեմ ունեցել: Կամ, եթե կուզես, իմ արջուկը դու ես:
ԻՎԱՆ — Շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Ի՞նչ եք մոգոնում այնտեղ:
ԻՆԳՐԻԴ — Այս երեկո հուշագիր վերջացրինք աշխատաժամի կրճատման մասին: Երեք շաբաթ է՝ ճգնում էինք դրա վրա: Կարծում եմ՝ գործն ավարտին ենք հասցրել:
ԻՎԱՆ — Դա անում եք հենց այնպե՞ս: Առաջիկա երեք տարում ընտրություններ չկան:
ԻՆԳՐԻԴ — Քեզ համար հասարակական խնդիրները ժամանակավոր զբաղմունք են՝ կապված միայն նահանջ տարիների հետ:
ԻՎԱՆ — Դա պատրաստել եք հենց այնպե՞ս… Ո՞ր դեպքի համար:
ԻՆԳՐԻԴ — Ինչպես մեր տատիկներն էին ասում գուլպա գործելիս. «Եթե հանկարծ պատերազմ լինի…»: Պատերազմը եկավ, և գուլպաները պատրաստ էին: Միշտ այդպես է եղել:
ԻՎԱՆ — Իսկ Կարոլը. նա՞ ինչ դեր ունի այդ ամենի մեջ:
ԻՆԳՐԻԴ — Նա ամեն ինչին համապատասխան տեսք հաղորդելու հանճար է: Նա ամփոփում է, համադրում, բանաձևելու տաղանդ ունի: Այդ նա է, որ «կրճատված աշխատաժամը» փոխարինել է «բաժանված աշխատաժամով», որ կարողացել է բոլորին համոզել և ձևակերպել դրա առավելությունները:
ԻՎԱՆ — Բացատրիր:
ԻՆԳՐԻԴ — Կարևորը կյանքն է, ոչ թե աշխատանքը: Սակայն աշխատանքը դարձել է այնպիսի հազվագյուտ մի բան, որ պատրաստ են աշխատանք ձեռք բերելու դեպքում զոհաբերել սեփական կյանքը: Պետք է այդ տրամաբանությունը փոխել: Աշխատանքն արժեք ունի միայն այն դեպքում, եթե բարելավում է մարդու կյանքը բոլոր առումներով:
ԻՎԱՆ — Ես քեզ լսում եմ, և միայն քո ձայնն է, որ հասնում է ինձ… Ոչ թե բառերդ… Ցավում եմ:
ԻՆԳՐԻԴ — Դա արդեն ասել ես:
ԻՎԱՆ – Ե՞րբ:
ԻՆԳՐԻԴ — Շատ վաղուց: Այգում, առաջին օրը, երբ ինձ տարար զբոսնելու, չեմ հիշում այլևս՝ ինչ պատրվակով:
ԻՎԱՆ — Որպեսզի ծանոթագրենք քո ուսումնասիրությունը՝ նվիրված կոմունիստների դերին Ֆրանսիայի վերականգնման գործում, Ազատագրումից հետո:
ԻՆԳՐԻԴ – Ինչպիսի՜ հիշողություն:
ԻՎԱՆ — Այդպիսի բաները չեն մոռացվում:
ԻՆԳՐԻԴ — Նստած էինք խոտերին, դու ինձ ստիպում էիր հատվածներ կարդալ: Պառկել էիր կողքիս, աչքերդ փակել: Ձեռքերդ դրել էիր գլխիդ տակ: Դու ինձ ասացիր. «Ես այլևս ձեր բառերը չեմ լսում, ես լսում եմ միայն ձեր ձայնը»:
ԻՎԱՆ — Եվ ի՞նչ տպավորություն թողեց քեզ վրա:
ԻՆԳՐԻԴ — Ես քեզ համարում էի հանդուգն, նույնիսկ երբ չէիր չարաշահում քո իշխանությունը:
ԻՎԱՆ – Ի՞նչ իշխանություն:
ԻՆԳՐԻԴ — Դու դասախոս էիր, ես՝ ուսանողուհի:
ԻՎԱՆ – Դասախո՞ս: Չչափազանցնենք: Ես ընդամենը տիրոջ պայուսակը կրողն էի: Եվ թքած ունեի: Եթե մեզ այդտեղ բռնացնեին, անմիջապես ինձ կվռնդեին: Ժամանակին նման բաների հետ կատակ չէին անում: Այդ դու ինձ տարար այնտեղ: Ես միշտ երախտապարտ կլինեմ, որ ինձ քո ուղու վրա կանգնեցրիր:
ԻՆԳՐԻԴ – Ինչի՞ մասին էիր մտածում, երբ այդպես ցրված լսում էիր ինձ:
ԻՎԱՆ — Ծանրութեթև էի անում իմ հնարավորությունները:
ԻՆԳՐԻԴ — Թե նույն երեկո քեզ հետ դուրս կգա՞մ:
ԻՎԱՆ — Ճիշտ այդպես: Ինչպե՞ս կռահեցիր:
ԻՆԳՐԻԴ — Որովհետև նույն հաշվարկն էի անում, դու լավ գիտես:
ԻՎԱՆ — Ուրեմն հանդիպում ենք մեկնումի բաժնո՞ւմ:
ԻՆԳՐԻԴ — Եթե ուզում ես, ինձ դա ավելի է դուր գալիս, քան ժամանումի բաժինը: Մի նոր մեկնում է սպասում մեզ: Դու տնակյաց մարդ ես, իսկ ես՝ աշխարհը նվաճող:
ԻՎԱՆ — Իշխանության հակում…
ԻՆԳՐԻԴ — Ամենևին: Երբ ասում եմ կին, ինձ նկատի չունեմ, նույնիսկ՝ ընդհանրապես կանանց, ես կարծում եմ միայն, թե ժամանակն է, որ լծակները մեր ձեռքն առնենք: Մենք ձեզ թողեցինք ազատ գործել, տեսնում ես՝ դա ինչի հասցրեց: Արյան բաղնիքները դարձել են ամենօրյա իրողություն: Երեխաները ծնվում են մեռնելու համար, մարդկային զանգվածներ զրկված են ապագայից: Պետք է վերջ դնել դրան:
ԻՎԱՆ — Եվ դուք պետք է այդ ամենը փոխե՞ք:
ԻՆԳՐԻԴ — Պետք չէ ցանկանալ ամեն ինչ փոխել, ոչ էլ երազել այդ մասին: Մենք ուտոպիստներ չենք: Տեսանք՝ դա ուր հասցրեց մեզ: Մեր տունը, մեր դրամը, մեր բարեկեցությունը, իմ անդորրը, իմ երջանկությունը, իմ վստահությունը ես դնում եմ կշեռքի վրա: Մեծ գործեր անելու համար պարտադիր չէ կատաղի լինել:
ԻՎԱՆ — Թույլ կտա՞ս, քեզ ընդհատեմ: Դու դերանունը փոխեցիր…
ԻՆԳՐԻԴ — Ես չեմ կարող քո անունից խոսել: Ես հանգիստ եմ, երջանիկ և վստահ: Քո մասին ոչինչ չգիտեմ:
ԻՎԱՆ — Ինձ համար բավական է, որ դու այստեղ լինես:
ԻՆԳՐԻԴ — Դու ընկճվում ես, երբ իջնում եմ սանդուղքով, այդպես չէ՞:
ԻՎԱՆ — Բայց վերածնվում եմ, երբ դու բարձրանում ես…
ԻՆԳՐԻԴ — Մի փոքրիկ հաճույք պատճառիր ինձ, խնդրում եմ:
ԻՎԱՆ – Ինչպիսի՞:
ԻՆԳՐԻԴ — Մի քիչ ավելին սիրիր ինձ, երբ այստեղ չեմ:
Իվանը երգում է:
ԻՎԱՆ – Նույնքա՞ն, երբ իմ կողքին ես:
ԻՆԳՐԻԴ — Սիրիր մի քիչ ավելին, երբ այստեղ չեմ: Քանզի կարող եմ երազել…
ԻՎԱՆ, ԻՆԳՐԻԴ — (միասին): Քո մասին: (Ծիծաղում են:)
ԻՎԱՆ — Ես սիրում եմ քո ծիծաղը:
ԻՆԳՐԻԴ — Ես էլ քոնն եմ սիրում:
ԻՎԱՆ — Սիրում եմ երեկոն, ուշ երեկոն, երբ միասին ենք այստեղ, երկուսով:
ԻՆԳՐԻԴ — Տուր ինձ ձեռքդ: (Իվանն առաջ է բերում իր սայլակը:) Տեսնո՞ւմ ես, ինձնից ավելի դյուրաշարժ ես, կարող ես քայլել նույնիսկ առանց վեր կենալու:
ԻՎԱՆ — Այո, բայց դու մեքենա ունես: (Նրանք իրար ձեռք են մեկնում:) Հաջողություն եմ ցանկանում, սիրելիս:
ԻՆԳՐԻԴ — Շնորհակալություն, իմ սեր:
Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ