Սոֆիկ ՍԱՐԳՍՅԱՆ / ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Զրույց Լևոն Քալանթարի հետ
Կանգնած էի թատերական ինստիտուտի երկրորդ հարկի միջանցքում: Շրջվեցի ու հայացքս ընկավ պատին կախված Լևոն Քալանթարի լուսանկարին: Հանկարծ շրջապատը, միջանցքում քայլող, զրուցող ուսանողները «վերացան»: Մեխվել, կանգնել եմ. զգում եմ, որ ոտքերս չեն շարժվում, չեն ուզում հեռանալ այդ քառակուսի մետրից: Լա՜վ, ինչքա՞ն պիտի մեխված մնամ: Հայացքս սահեցնում եմ մյուս լուսանկարների վրայով: Մեր մեծերն են. բայց ո՛չ, սա ուրիշ բան է, ես ուզում եմ մնալ ձե՛ր նկարի առջև, ձե՛ր կողքին, ձե՛զ հետ: Մի անհուն ջերմություն պարուրեց ինձ:
— Լևոն Ալեքսանդրովիչ, դուք է՞լ եք կարոտել Նրան… Ուզո՞ւմ եք պատմեմ, թե ի՞նչ եղավ հետո…
Պատմությունս Նրա մասին սկսվում է 1971 թվականից: Արդեն հայտնի անուն էր, որ հանդիպեցի: Գնացել էի թատրոն: Կանգնած էի Սունդուկյանի անվան թատրոնի մուտքի մոտ: Պրեմիերա էր. Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսի բեմադրությունն էր:
Ես այդ տարիների «գժերից» մեկն էի. համարյա ամեն երեկո այնտեղ էի, բոլորից շուռ տնկված էի լինում այգում: Մեկ էլ տեսնեմ՝ նստարանին մի չքնաղ հրեշտակ է նստած, 10-12 տարեկան մի աղջնակ, շե՜կ, երկա՜ր, արձա՜կ մազերով, կապո՜ւյտ աչքերով: Տեսնես ո՞ւմ երեխան է, ո՞ւմ է սպասում: Եկավ հայրը: Աղջնակը վեր կացավ տեղից ու բռնեց հոր ձեռքը (հաստատ հայրն էր, իր նման կապտաչյա, իր նման եզակի մի մարդ): Այդ մարդը նայեց ինձ, ժպտա՜ց… Հետո պիտի հասկանայի, թե որքա՛ն թանկ էր նրա համար ինձ նման հանդիսատեսը՝ «այն միա՛կը, որի համար ինքը ստեղծագործում էր»:
— Լևոն Ալեքսանդրովիչ, լսո՞ւմ եք, որքա՜ն եղավ զարմանքս և ուրախությունս, երբ այդ նույն մարդը ներկայացման վերջում բեմ եկավ ծափողջույններին խոնարհվելու: Դուք պիտի տեսնեի՜ք նրան… Ձեր սիրելի ուսանողին՝ Հենրիկ Մալյանին, որն արդեն հասցրել էր նկարահանել «Ճանապարհ դեպի կրկես», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը: Այդպիսի ռեժիսոր ես չեմ տեսել. ո՜նց էր ամաչում, ո՜նց էր ուզում փախչել բեմից, դերասաններին գրկում էր եղբո՛ր պես, հո՛ր պես: Հետո պիտի ճանաչեի ու հասկանայի, որ արվեստում ամենից շատ սիրում էր աշխատե՛լ, փո՛րձ անել, նկարահանե՛լ, իսկ ամենից քիչ սիրում էր վերջնական արդյունքը, մանավանդ ծափե՛րը, դափնինե՛րը, կոչումնե՛րը: Ստեղծագործական պրոցե՛սն էր սիրում, ոչ թե արդյունքը:
Այդ նույն տարին Մանկավարժական ինստիտուտում ռեժիսորական կուրսն ինքն էր «հավաքելու»: Նետվեցի այնտեղ: Բազմաթիվ, բազում դիմորդներից ինձ էլ ընտրեց: Ինձ անշուշտ հիշում էր, մանավանդ որ նույն զգեստն էր հագիս, ուրիշը չունեի:
— Ընկեր Քալանթար, ուզում եմ ամեն ինչ պատմել՝ ինչ գիտեմ, ինչ չգիտեմ: Բայց պիտի գնամ՝ դասի եմ: Այսօր այսքանը: Ես վաղն անպայման կգամ: Գնացի՜:
ՀԱՋՈՐԴ ՕՐԸ
— Բարև ձեզ, Լևոն Ալեքսանդրովիչ, ես եկա: Բայց դուք նույնիսկ իմ անունը չգիտեք: Անունս Սոֆիկ է: Արդեն պարզ է ձեզ համար, որ ես Հենրիկ Մալյանի ուսանողուհին եմ:
Նա մեզ չէր սովորեցնում գերխնդիր, միջանցիկ, հակամիջանցիկ, կոնֆլիկտ, ենթատեքստ (մանավանդ՝ ենթատեքստ): Նա անգիր, անսխալ «կարդում էր» մեր թաքուն մտքերը: Նա մեզ սիրելով էր սովորեցնում այդ ամենը: Մի աներևույթ էներգիա, ջերմություն էր հաղորդվում մեզ, որի մեջ և՛ սեր կար, և՛ միտք, և՛ հայրենիք, և՛ թատրոն, և՛ կինո: Մագնիսի նման ձգում էր: Ամենաիսկական հիպնոս էր: Սիրահարվում էինք ամեն րոպե, ամեն ժամ և անհամբեր սպասում, թե երբ պիտի փորձի ժամանակ կանչի, կողքին նստեցնի:
Հատվածները բեմադրելիս զարմացնում էր գիտելիքի խորությամբ, երևակայությամբ: Բայց ամեն ինչ հումորով, ծիծաղով թաքցնում էր, որ հանկարծ չմտածեինք, թե ինքն ամենակարող է:
Առաջին կուրսում, հենց առաջին օրը, մեզ ասաց. «Նպատակս ձեզնից հանճարեղ դերասան կամ ռեժիսոր դուրս բերելը չէ, ուզում եմ, որ 15 հայ կարողանան սիրել միմյանց»:
Պիտի ասեմ, որ նպատակին հասել է, մենք պաշտում ենք իրար: Առաջարկեց օրագիր պահել: Մինչև այսօր (անցել է 30 տարի և ավելի) սրբությամբ պահվում են կուրսի օրագրերը, որտեղ մեզնից յուրաքանչյուրն ի՛ր ձեռագրով, ի՛ր անհատականությամբ գրանցել է ռեժիսուրայի յուրաքանչյուր դասը, իսկ հետո այնքան սովորեցինք օրագրին, որ նրան սկսեցինք պահ տալ մեր կյանքի բազում րոպեներ: Մալյանն էլ իր մոտ ալբոմ էր պահում՝ մեր լուսանկարներով, որտեղ գրանցում էր մեր մասին՝ սկսած իր առաջին տպավորությունից: Ալբոմը տվել էր, մյուս դասախոսներն էլ էին գրել: Երկար չի գրել: Մենք տեսել ենք ավարտելուց շատ հետո միայն, թաքուն էր պահում: Առաջին կուրսում էինք, որ նկարահանեց «Հայրիկը»: Դասերից մեկ օր անգամ չբացակայեց: Առավոտ շուտ, 08.30-ին դասի էր, հետո գնում էր կինոստուդիա:
Կուրսի տղաները գնացել էին նկարահանումը նայելու՝ արգելել էր: Տղաները ստիպված ծառն էին բարձրացել, բայց էլի նկատել էր, չէր թողել: Շատ էր ամաչում, երբ ստեղծագործելիս ծանոթ, հարազատ մարդ կար մոտերքում: Ասեմ, Լևոն Ալեքսանդրովի՛չ, էդպիսին է նաև Ջիգիրխանյան Արմենը, մեր տաղանդավոր դերասաններից մեկը: Նկարահանման ժամանակ ինձ խնդրեց, որ իր կնոջն զգուշացնեմ՝ նկարահանման հրապարակից հեռանա: «Ամաչում եմ, թող գնա»,- ասաց: Ապշել էի, այդպիսի բան միայն Մալյանից էի տեսել:
«Հայրիկը» ֆիլմի ավարտին, երբ փոքրիկ տղան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ձեռքը բռնած կտրում-անցնում էր Լենինի հրապարակը, այդ տեսարանը նկարահանելու պահին ես անցնում էի այդտեղով և ուրախացած կանգնեցի, որ տեսնեմ: Մալյանն ինձ նկատեց, հեռվից ինձ թվաց, որ նույնիսկ Աղասի Այվազյանին (սցենարիստին) և Կարեն Մեսյանին (օպերատորին) ցույց տվեց: Չարգելեց նայել: Չվռնդեց նկարահանման հրապարակից…
Տարիներ հետո պիտի հայտնվեի «Նահապետ» ֆիլմի նկարահանման հրապարակում, իր կողքին՝ որպես Նուբարի դերակատար:
(Լուսանկարում, ձախից՝ Հենրիկ Մալյան, Սոֆիկ Սարգսյան, Սոս Սարգսյան)
Դասի ժամերին, փորձերի արանքում, անընդհատ նկարում էր ձեռքն ընկած թղթի վրա, հատկապես իրեն, Ֆրունզիկին ու Շերենցին էր նկարում: Նրա գնալուց հետո դրանք հավաքում էի: Մի օր էլ նկատեց, որ հավաքում եմ, նկարելուց հետո սկսեց պատռել, մանրել, բայց ես դրանք էլ էի հավաքում: Եվ մի ամբողջ տետր ունեի: Ցավոք, այսօր ընդամենը մի ճեպանկար է մնացել:
Կյանքս երկու մասի եմ բաժանում՝ մինչև Մալյանին հանդիպելը և Մալյանին հանդիպելուց հետո… Ուսանողներիս այդպես էլ պատմում եմ…
Առավոտյան ժամը 8-ին գնում էի, սկսում էի մաքրել մեր լսարանը, 8.15-ին գալիս էր:
Այնքան շռայլ մարդ էր: Դասի վերջում կկանչեր, կհարցներ, թե արդյոք չե՞մ գնալու թատրոն: Հենց պատասխանս բացասական էր լինում, անմիջապես ձեռքը գրպանն էր տանում և երեքանոց, տասանոց էր մեկնում ինձ: Հրաժարվում էի, ամաչում էի, ամոթից գետինն էի մտնում: Համոզում էր: Մի անգամ որոշեցի այդ դրամը պահել իրենից հիշատակ: Անմիջապես գուշակեց.
— Ինչո՞ւ չես ծախսում, գնա՛ թատրոն, ես էլի կտամ:
Ո՞նց էր զգում, ո՞նց էր հասկանում: Անխո՜ս: Տարիներ հետո գլխի ընկանք, որ շատ մեծ հոգեբան էր, ամենաիսկական էքստրասենս:
Տեսներ՝ կուրսում իրարանցում է, քչփչոց է, գլխի էր ընկնում, ձեռքը գրպանն էր տանում, գումար էր տալիս տղաներին: Հիշում եմ, հանրակացարանի, որտեղ մեր արվեստանոցն էր, հավաքարարի հետ դժբախտություն էր պատահել, մենք էլ որոշել էինք մասնակցել ինչ-որ չափով: Կանչեց մեր Էռնեստին. «Այսքանը հերի՞ք է»,- ասաց…
Դիպլոմային ներկայացումից հետո մեր կուրսի փեսաները (մենք բեմում էինք՝ Գոգոլի «Ամուսնությունն» էինք խաղում, ի դեպ, միշտ ասում էր Գո՛գո՛լ, երբեք չէր ասում Գո՛գըլ) սեղան էին գցել: Մեր հարցին, թե էս ամենը որտեղի՞ց, պատասխանեցին, որ գումարը Մալյանն է տվել: Իսկ Մալյանն արդեն ո՛չ դահլիճում էր, ո՛չ լսարանում, ո՛չ էլ ինստիտուտում: Փախչում էր կերուխումերից: Նստում էր Թիֆլիսի գնացքը և գիշերով մեկնում: Երևի գնում, նստում էր ծնողների մոտ: Սուսուփուս: Ու ոչ մի խոսք այն մասին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ հրաշալի բեմադրություն էր արել կամ արվեստում էլի մի հաղթանակ էր ունեցել:
Գիտե՞ք, ընկեր Քալանթար, էստեղ՝ թատերական ինստիտուտում, լավ ուսանողներ, լավ շրջանավարտներ շատ ունենք, ուրեմն իզուր չէ այս ամենը, դեռ կծնվեն Հենրիկ Մալյաններ:
Ցտեսությո՜ւն, մինչև վաղը…