#Հաղթելու_ենք. Բաց նամակ / Սամվել Խալաթյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ստեղծագործական միություններին.

Հարգելի գործընկերներ, արդեն 9-րդ օրն է, որ մեր հայրենիքի մի հատված վեր է ածվել ռազմաբեմի: Արյունահեղություն է ոչ միայն ռազմաճակատում, որտեղ մեր հերոսական Հայոց բանակը արժանի հակահարված է տալիս թշնամուն՝ անառիկ պահելով մեր սուրբ սահմաններն ու հողը, այլև ռմբակոծվում են մեր բնակավայրերը, զոհվում են խաղաղ բնակիչներ, ծերեր, կանայք, երեխաներ:
Այն իրողությունները, որ Թուրքիան ժամանակակից հզոր զենքերով անընդհատ զինում է Ադրբեջանին, որ ազերիների ռազմաստրատեգիական գործողությունները թելադրվում, ուղղորդվում են թուրքական բարձրաստիճան զինվորականների կողմից, որ Թուրքիայի կողմից շուրջ 4000 ահաբեկիչ–վարձկաններ հավաքագրվել, տեղափոխել և նետվել են մարտադաշտ, նաև՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հնչեցվող բացահայտ սպառնալիքները՝ Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին, կասկած չեն թողնում, որ Թուրքիան, առիթ դարձնելով Արցախյան հակամարտությունը, գործնականում սկսել է իր ծավալապաշտական պանթուրքիստական ծրագրերի իրականացման ռազմական արշավը, որի միակ անկոտրում խոչընդոտն այս կարևորագույն տարածաշրջանում եղել և մնում է հայ ժողովուրդը:
Սա ոչ միայն հակամարտող կողմերի, այլև քաղաքակրթությունների պայքար է:
Մենք՝ հայ արվեստագետներս, իրավունք չունենք լռելյայն հետևելու գործողությունների ընթացքին, երբ մեր ժողովուրդը, բառի բուն իմաստով, գոյապայքարի պատերազմական մաքառումների մեջ է, երբ մեր սահմաններին է դրված այն նժարը, որի վրա են առաջադեմ քաղաքակրթության պատմությունն ու արժեքները՝ ընդդեմ խավար, ետադիմական, մարդատյաց ուժերի:
Կարծում եմ ժամանակն է, որ Հայաստանի և Արցախի ստեղծագործական միությունները ահազանգեն, բողոքի ձայն բարձրացնեն, հանդես գան սանձազերծված պատերազմի ու դրան հովանավորող ուժերի դեմ միասնական կոչով՝ ուղղված աշխարհի արվեստի, մշակույթի առաջադեմ կազմակերպություններին, միություններին, ընկերություններին և հանրահայտ գործիչներին, հորդորով՝ միանալ մեզ և դատապարտել Թուրքիայի սանձազերծած ագրեսիան, որը հղի է Հայոց Մեծ Եղեռնի շարունակություն դառնալու վտանգով:
Օրվա հրամայականը ամեն մեկիս կողմից մեր ունեցած հնարավորությունները մինչև վերջ օգտագործելն է:
Մշակույթի միջազգային ասպարեզում քաջածանոթ են հայ ժողովրդի ստեղծած քաղաքակրթության հինավուրց արժեքներին, նաև՝ ժամանակակից ձեռքբերումներին ու դրանց տաղանդավոր հեղինականերին: Ուստիև, համոզված եմ, որ մեր կոչն անարձագանք չի մնա:

Հարգանոք՝
Սամվել Խալաթյան
դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։