#Հաղթելու ենք. Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ / ԲԱՐՁՈՒՆՔ
Հերոսական դրամա
Նվիրվում է Արցախյան ազատամարտի հերոսներին
Գործող անձինք
ՀԱՅԿ — դասակի հրամանատար, 30 տարեկան
ԳԵՎՈՐԳ — ազատամարտիկ
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – երիտասարդ քահանա
ԱՐԱՔՍ — բուժքույր, Բաքվի փախստական
ՀՐԱՏ — ջոկի հրամանատար, 17-18 տարեկան
ԱՐԳԱՄ — ջոկի հրամանատար, 25 տարեկան
ՄԵԴՎԵԴ — Խորհրդային բանակի սպա
ԹՈՒՐՔ ԳԵՐԻ
ՏԱՆԿԻՍՏ
Գործողության ժամանակը՝ 1992 թվական, Արցախ, Մարտակերտի շրջան:
Ժայռոտ բարձունք. կատարին մենավոր ծառ, շուրջը՝ ցից քարեր, թմբեր, թփուտներ, հեռվում ուրվագծվում են բարձրագահ սարերի կատարները:
Հեռահար թնդանոթների կրակոցներ, արկերի պայթյուններ, զրահամեքենաների, տանկերի հռնդյուն, ավտոմատների կրակահերթեր:
Արցախյան ազատամարտի մի դասակ խրամատավորվել է բարձունքում, որը չորս կողմից շրջապատված է խորհրդային բանակի և թուրք ՕՄՕՆ—ականների ստորաբաժանումներով: Հայկը, քարի տակ պատսպարված, ռադիոկապով օգնություն է խնդրում:
ՀԱՅԿ — (տագնապած): Բազե՛, Բազե՛, ես Արծիվն եմ, ես Արծիվն եմ… (Գոռում է:) Բազե, օգնություն ուղարկեք: Զինամթերքը վերջանում է: Մինչև իրիկուն չենք դիմանա: Բա՛րձր խոսեք… Բուժքրոջն ընդունել ենք: Զինամթերք, զինամթերք ուղարկեք: Տանկերով են գալիս: Մենակ թուրքերը չեն: Ի՞նչ, ի՞նչ… Հակատանկային նռնակներ ուղարկեք: (Գոռում է:) Բազե՛, Բազե՛, Բազե՜… Ես Արծիվն եմ, Արծիվն եմ: Բազե՛, Բազե՛…
Պայթյունը ընդհատում է ռադիոկապը: Գևորգն ու Հրատը քարշ տալով բերում են գլխին պարկ հագցրած, ձեռքերը կապկպված գերուն, գցում Հայկի ոտքերի տակ:
ԳԵՎՈՐԳ — (շունչը տեղը բերելով): Հոգիս բերանս էկավ… Հրամանատար, թույլ տուր զեկուցել: Ծննդյանդ օրվա առթիվ կերած, խմած խոզ ենք նվեր բերել:
ՀԱՅԿ — Այսպիսի արժեքավոր նվեր երբև չեմ ստացել:
ՀՐԱՏ — Երեքն էին: Երկուսի հարցը տեղում լուծեցինք:
ԳԵՎՈՐԳ — (տափաշշից ջուր է խմում): Ի սրտե ընդունիր նվերս ու վայելիր, հրամանատար:
ՀԱՅԿ — Զինվո՞ր է, թե՞ սպա:
ԳԵՎՈՐԳ – Չգիտեմ:
ՀՐԱՏ — Էս տրակտորիստը էնենց տվեց գանգին, լեզուն կուլ գնաց, հրամանատար:
ԳԵՎՈՐԳ — (ոտքով հրում է գերուն): Խոսիր: Կարդաշ, այ կարդաշ, խոսիր:
ՀԱՅԿ — (բուժքրոջը): Արաքս, Արաքս…
ԱՐԱՔՍ — (քերծի ետևից դուրս գալով): Լսում եմ, հրամանատար:
ՀԱՅԿ — Արաքս, տես սա՞ղ ա, թե սատկած:
ԱՐԱՔՍ — (մոտենում է գերուն, զննում է): Ողջ ա, հրամանատար:
ՀՐԱՏ — Կարդա՜շ, կարդա՜շ… (Զննում է:) Տղերք, ոնց որ կարդաշ չի:
ԳԵՎՈՐԳ — Թուրք ա, թուրք ա՜… (Գերուն.) Այ մոլլա, խոսիր, բլբլա, սատկած…
ՀԱՅԿ – Քանի անգամ եմ քեզ ասել, Գևորգ, որ մարդն ու տրակտորը տարբեր բաներ են, եղբայր ջան: Ջարդուփշուր ես արել, վայրենի, սա էլ խոդի չի ընկնի: (Ծիծաղում են:)
ԳԵՎՈՐԳ — Արաքս ջան, խնդրում եմ, խելքը մի կերպ տեղը բեր, թե չէ կամանդիրը կտուգանի:
ԱՐԱՔՍ – Հիմա, հիմա… (Պայուսակից ներարկիչ է հանում, սրսկում է գերուն:)
ԳԵՎՈՐԳ — Աչքերը բացեց… Հրատ, օգնիր…
Գևորգն ու Հրատը գերուն ոտքի են կանգնեցնում, գլխից հանում պարկը:
ՀԱՅԿ — (զարմացած): Մե՞դ… Մե՜դ… Ա՛յ քեզ հանդիպում: Մեդվեդ, դու էստե՞ղ… եղբայր, խոսիր, խոսիր, Մեդվեդ…
ՄԵԴՎԵԴ — (տապալվում է գետնին): Ա՜խ…
ՀԱՅԿ — (ծնկի է իջնում, դանակով կտրում ձեռքի կապերը, տափաշշից ջուր խմեցնում): Էս ի՞նչ օրի ես գցել ընկերոջս, այ վայրենի: Էսենց նվեր են բերո՞ւմ:
ԳԵՎՈՐԳ — Ուզում էիր թշնամուն գրկած բերեի, գլխին էլ բանտիկ կապա՞ծ: (Ծիծաղում է:)
ՀԱՅԿ – Սա թշնամի չի, սա թուրք չի, Աֆղանստանի ընկերս է: Երկու տարի մի ամանից ճաշ ենք կերել, ջուր խմել… (Կանչում է:) Արաքս, վիրակապիր…
ԱՐԱՔՍ – Լսում եմ, հրամանատար: (Վիրակապում է:)
ԳԵՎՈՐԳ — Հրամանատար, հիմա սա մեր թշնամին ա՞, թե՞ բարեկամը:
ՀԱՅԿ – Սա ռուս զինվոր է: Ռուս տղա, Մեդվե՛դ: Մեդվեդ…
ՄԵԴՎԵԴ — (տնքում է): Օ՜խ…
ԱՐԱՔՍ – Մի շարժվիր:
ՄԵԴՎԵԴ — Շնորհակալություն, քույրս… (Ոտքի կանգնելով, զարմացած:) Հա՛յկ, եղբայր… (Գրկախառնվում են:)
ՀԱՅԿ – Մեդվեդ, դու էստեղ …
ՄԵԴՎԵԴ — Մեր զորամասն Ուրալից բերել են, որ կռվենք Սովետական պետության թշնամիների՝ էքստրեմիստների դեմ:
ՀԱՅԿ — Երբեք չէի պատկերացնի, որ դու հայի դեմ զենք կբարձրացնես, չէ՞ որ մենք արյան եղբայրներ ենք: Հազար անգամ մահվան աչքերին ենք նայել, մի պատառ հաց ու մի կում ջուրը կիսել իրար հետ…
ՄԵԴՎԵԴ — Հայկ, ծառայություն է… Ես…
ՀԱՅԿ — (բարկացած): Ի՞նչ ծառայություն: Չե՞ս ամաչում, գետինը չե՞ս մտնում: Մոռացե՞լ ես Աֆղանստանը: Կյանքս վտանգելով փրկել եմ քեզ, որ գաս հայ երեխա՞ սպանես, հայի տո՞ւն այրես, իմ դե՞մ կռվես…
ՄԵԴՎԵԴ — Քեզ հետ կռիվ չունեմ, Հայկ, ես ծառայության մեջ եմ: Հրաման կատարող եմ:
ՀԱՅԿ — Դու իմ ազգի դեմ ես կռվում, ուրեմն ի՛մ դեմ ես կռվում: Ձեր բանակի տանկերն են թուրքերի ճանապարհը բացում ու մեկը մյուսի ետևից դատարկում մեր գյուղերը: Ձեր հրետանին ու ռմբակոծիչներն են մեր դիրքերը հրետակոծում ու ռմբակոծում£ Դո՛ւ, դու էլ նրանց հետ ես, նրանց մեջ ես… Եկել ես, որ պա՞րտքդ վերադարձնես… Վա՜յ, Մեդվեդ, վա՛յ, «եղբայր»…
ՄԵԴՎԵԴ — Հայկ, նորից եմ ասում, ես հրաման եմ կատարում:
ՀԱՅԿ – Մի արդարացիր: (Կատաղած:) Գնա՛… Չեմ ուզում տեսնել քեզ…
ՄԵԴՎԵԴ — Խնդրում եմ, լսիր… խնդրում եմ…
ՀԱՅԿ – Լռի՛ր:
ՄԵԴՎԵԴ — (ծնկի է գալիս): Կրակիր, Հայկ, այսքանից հետո ես չեմ կարող ապրել… կրակիր… Դե կրակի՛ր…
ՀԱՅԿ — (ուսից իջեցնում է ավտոմատը, ուղղում Մեդվեդի վրա: Դադար): Մորդ ձեռքի հացն եմ կերել, չեմ կարող ուրանալ հացը… (Գոռում է:) Վեր կաց, Մեդվեդ…
ՄԵԴՎԵԴ — (գոռում է): Կրակի՛ր… Դու փրկել ես իմ կյանքը, դու էլ … կրակի՛ր:
ՀԱՅԿ — Ես հայ քրիստոնյա եմ: Հասկանո՞ւմ ես, դա ինչ է: Գնա, միացիր թուրքերին… Երկրորդ անգամ փրկում եմ կյանքդ: Գնա, ու թող պարտքի զգացումն սպանի քեզ: (Գոռում է:) Գնա՛…
Դադար: Մեդվեդը ոտքի է կանգնում, մի քանի քայլ անում դեպի Հայկը: Լուռ նայում են իրար, դանդաղ մոտենում ու գրկախառնվում են:
ՄԵԴՎԵԴ — Լույսը շուտով կբացվի, թուրքերը մեր զորամասի հետ շրջապատել են ձեզ: Գեներալը հրամայել է ոչնչացնել: Ձեզանից ոչ ոք կենդանի չի մնա: Այս բարձունքը մարտավարական կարևոր նշանակություն ունի, անպայման պետք է գրավեն: Ձերոնք շրջապատման օղակը ճեղքել չեն կարող ու ձեզ չեն կարող օգնել…
ՀԱՅԿ – Մենք կռվելու ենք մինչև վերջ: Ես զենքը վայր դնող չեմ: Գնա, Մեդվեդ, գնա փրկվիր…
ՄԵԴՎԵԴ — (երկար դադարից հետո): Հայկ…
ՀԱՅԿ – Ի՞նչ…
ՄԵԴՎԵԴ — Չեմ գնա: Ես քո կողքին եմ: Աֆղանստանում ինձ մի բանաստեղծություն էիր սովորեցրել: Ես շատ սիրում եմ այդ բանաստեղծությունն ու բանաստեղծին: Պուշկինի նման հանճարեղ այդ պոետին: (Մրմնջում է:)
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում…
Թնդանոթների, հրազենների, տանկերի, ռմբակոծիչների աղմուկը խլացնում են նրա ձայնը:
ՀԱՅԿ — (հրամայում է): Գնացեք դիրքերը, տղերքի մոտ: Գնացեք…
ՄԵԴՎԵԴ — Զենք տուր, Հայկ:
ՀԱՅԿ — Զենք տվեք սրան:
Հրատը զենքը շպրտում է, Մեդվեդը բռնում է զենքը:
ԳԵՎՈՐԳ — Բոլոր կողմերից գալիս են, հրամանատար…
ՀԱՅԿ — Գնա, Մեդվեդ, քավիր մեղքդ:
ՄԵԴՎԵԴ — Շնորհակալ եմ եղբայր: (Կանգնում է Գևորգի ու Հրատի կողքին:)
ՀԱՅԿ – Փամփուշտները խնայեք:
ՀՐԱՏ – Շատից՝ շատ, քչից՝ քիչ: Կկռվենք:
ԳԵՎՈՐԳ — Բարձունքը չենք տա, հրամանատար…
ՀԱՅԿ – Ով ուզում է մեռնի՝ կմեռնի, ով չի ուզում՝ չի մեռնի…
Վազում են դեպի դիրքերը: Գնդացիրների, ավտոմատների ճարճատյուն: Գալիս է Տեր Ավետիսը: Ավտոմատը դնում է քարին, ծունր իջնում, աղոթում է:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Հայր մեր՝ որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցե արքայություն Քո,
Եղիցին կամք Քո
Որպես յերկինս և յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր…
Բոլոր ձայները մարում են: Լռության մեջ հնչում են եկեղեցիների զանգերի տագնապահար ղողանջները: Լույսի շողերի մեջ հայտնվում է կարմիր վեղար հագած, ձեռքին սուր ու խաչ բռնած Գարեգին սրբազան եպիսկոպոսը: Դանդաղ մոտենում է աղոթող Տեր Ավետիսին, ձեռքը դնում գլխին:
Տեր Ավետիսն ընդհատում է աղոթքը, զարմացած նայում Գարեգին սրբազանին:
ԳԱՐԵԳԻՆ ՍՐԲԱԶԱՆ – Լույսը բարի, քահանա:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Բարի լույս սրբազան… (Կռանում է, որ ձեռքը համբուրի:)
ԳԱՐԵԳԻՆ ՍՐԲԱԶԱՆ – Ոտքի ելիր, տեր Ավետիս, ձեռք համբուրելու ժամանակը չէ: Լսո՞ւմ ես զանգերի ղողանջը: Սարդարապատի ճակատամարտի օրը ղողանջեցին Հայաստանի եկեղեցիների բոլոր զանգերը: Ես սևի փոխարեն կարմիր հագա, խաչի փոխարեն սուր բռնեցի, զինվորներին կենաց ու մահու մարտի տարա… Երբ թշնամին ջարդում է տանդ դուռը, ոչ թե պետք է աղոթել, այլ զենք վերցնել: Կա աղոթելո՛ւ ժամանակ, կա և զենք վերցնելո՛ւ ժամանակ: Աստված օգնում է միայն ուժեղին: Աստված վախկոտներին ու թույլերին չի սիրում… Հազարամյակներով ողորմացինք, երբ պետք չէր ողորմալ, խոնարհվեցինք, երբ պետք էր ըմբոստանալ, ներեցինք մեր տունն ավերողներին, գազանի նման նախահարձակ չեղանք, երբ տանում էին մորթելու… Պետք է կռվել՝ առանց սպասելու օրհասին: Աստված ամենափոքր արարածին անգամ, ապրելու իրավունք է տվել: Ոտքի ել, վերցրու զենքդ, սպանիր թշնամուդ: Քեզ եմ փոխանցում Սարդարապատի մահապարտների սուրն ու ոգին: (Մեկնում է սուրը:) Վերցրու, անվախ կանգնիր քո թշնամու առաջ և փակիր նրա ճանապարհը: Գնա, թշնամու գնդակը կվախենա քեզնից:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (ոտքի է կանգնում, գլխից վերև պահում սուրը): Ես թուրքի գնդակից չեմ վախենում, սրբազան: Ես այլևս ոչնչից չեմ վախենում: Իմ նախնիների հզոր ու անմահ ոգիներն ինձ հետ են:
Եկեղեցու զանգերի ղողանջները մարում են: Գարեգին սրբազանը հեռանում է: Լսվում են արկերի, ռումբերի պայթյուններ, զինտեխնիկայի հռնդյուն:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (բարձրանում է ժայռաբեկորի վրա): Գալիս են, գալիս են մրջյունների պես… Պինդ կացե՛ք, տղերք, Աստված մեզ հետ է, սատկացրեք շներին… (Նռնակ է նետում:) Թող շատ լինեն, թող հազարը լինեն, մեզ մահ չկա, մեր աստվածներն են մեզ առաջնորդում: (Գնում է դիրքերը:)
Գևորգը սողալով քարշ է տալիս վիրավոր Հրատին:
ԳԵՎՈՐԳ — Ցավդ տանեմ ախպերս… Հրա՛տ… Հազար անգամ ասել եմ՝ գլուխդ դուրս մի հանի: (Ջուր է ցայում դեմքին:) Հրա՛տ… (Գոռում է:) Արա՛քս, Արա՛քս… Ուշքի արի, ախպերս… Արա՛քս… (Մոտիկից կրակոցներ են լսվում: Սողեսող գնում է դեպի թումբը:) Ձանձրացել եք ապրելո՞ւց, հա՞, ձանձրացել ե՞ք… (Նռնակ է նետում: Պայթյուն, աղիողորմ ճիչեր:) Սատկեցին… Հրա՛տ, սատկեցին, էս բարձունքը մերն է, երկիրը մերն է, տունը մերն է… (Կրակահերթ է տալիս:) Հրա՛տ… (Վազում է Հրատի մոտ: Գոռում է:) Արաքս, Արա՛քս…
Կուզեկուզ գալիս է Արաքսը, շնչահատ փռվում գետնին:
ԱՐԱՔՍ – Հրամանատար… Տղերքը…
ԳԵՎՈՐԳ — Հրատին ուշքի բեր, ամեն ինչ արա, որ ողջ մնա… (Ուժգին պայթյունի ձայնը խլացնում է նրանց խոսքերը:) Աջ թևում մարդ չի մնացել, ես գնամ… (Գնում է:)
ԱՐԱՔՍ — (մոտենում է Հրատին): Ախպերիկս, ցավդ տանեմ… (Վիրակապեր է հանում:) Համբերիր, մի քիչ համբերիր, թուրքերի գրոհը հետ մղենք, քեզ կհասցնեմ հոսպիտալ… (Մոտիկից թուրքերեն գոռոցներ են լսվում: Թողնում է Հրատին, մոտենում է թմբին, նռնակ նետում:) Շնե՛ր, չեք թողնում վիրակապեմ… (Կրակահերթ է տալիս: Ձայները լռում են: Մոտենում է Հրատին, շարունակում վիրակապել:) Հրատ, ախպերիկս… խոսիր, բան չկա, վերքդ խոր չի, քերծվել է, կանցնի, բաց, բաց աչքերդ… Հիմա ցավազրկիչ կսրսկեմ… ցավ չես զգա: (Ցավազրկիչ է ներարկում:)
ՀՐԱՏ — (շշնջում է): Մայրիկ, եկել եմ, մայրիկ… Մենակ չեմ, Սոսեի հետ եմ…
Ձայները մարում են: Հնչում է հարսանեկան երաժշտությունը: Լույսերի փնջի մեջ հայտնվում է Սոսեն՝ հարսանեկան զգեստով:
ՍՈՍԵ — Հրատ, ավարտական քննությունները գերազանց էիր հանձնել, մենք հանդիպեցինք սիրահարների այգում, խոսեցի՜նք, խոսեցի՜նք, չիմացանք՝ գիշերը ոնց կիսվեց… Ասացի՝ բարի գիշեր: Դու ծոցագրպանիցդ հանեցիր Պերսի Շելի բանաստեղծությունը:
Հնչում է Հրատի ձայնը.
Բարի գիշե՞ր: Օ՜, ոչ: Չէ՞ որ այդ խոսքերով
Չենք միանա, կբաժանվենք մի ողջ գիշեր.
Եկ, սիրելիս, դեռ միասին մնանք սիրով՝
Այդ ժամանակ դա կլինի բարի գիշեր:
ՍՈՍԵ –
Թեկուզ և մենք երազներում մեկտեղ լինենք՝
Մենակ գիշերն արդյոք ինչպե՞ս բարի կոչեմ,
Թե չմաղթես բարի գիշեր դու ինձ երբեք՝
Այդ ժամանակ դա կլինի բարի գիշեր£
Երբ սրտերը մթնշաղից մինչ այգեբաց
Իրար ձուլված մրմնջում են մեղմ անուրջներ,
Օ՜, գիշերը բարի է միշտ նրանց համար,
Թե չեն մաղթում նրանք իրար բարի գիշեր:
Ես երբեք, երբե՛ք չեմ մոռանա այդ գիշերը և այդ բանաստեղծությունը, սիրելիս: Անգիր եմ սովորել և միշտ արտասանում եմ, երբ կարոտում եմ քեզ… Բարի գիշեր… Բարի գիշեր…
Արկի հզոր պայթյունից ամեն ինչ թաղվում է խավարի մեջ: Արաքսը լապտեր է վառում: Լուսավորվում է Հրատի դեմքը:
ՀՐԱՏ — Սոսե՜, Սոսե՜ … Սոսե, ո՞ւր գնացիր…
ԱՐԱՔՍ — Ախպերիկս, չի գնացել, էստեղ է, չի գնացել…
ՀՐԱՏ – Մայրիկ, Սոսեն ո՞ւր գնաց, մայրիկ…
ԱՐԱՔՍ – Տեր Աստված, տեր ամենակարող, դու փրկիր, աչքը մուրազին սիրահար էս տղին… դու փրկիր, Տեր…
Գալիս է Գևորգը:
ԳԵՎՈՐԳ — Տանկը պայթեցրի, շները ետ են քաշվում… Ո՞նց է վիճակը, Արաքս:
ՀՐԱՏ — Գևորգ, ախպեր ջան… կռիվը վերջացնենք, Սոսեին մեր տուն կբերենք: Դու հարսանիքիս քավորը կլինես:
ԳԵՎՈՐԳ — Քո հարսանիքը Շուշիում կանենք, Հրատ: Առաջին հարսանիքը Շուշիում քո հարսանիքը կլինի: (Կռանում է Հրատի վրա:) Հրատ, Հրատ…
ԱՐԱՔՍ — (կռանում է, ջրով շփում է դեմքը): Գիտակցությունը կորցրեց…
ՀՐԱՏ — (շշնջում է): Սոսե, Սոսե, մի գնա…
ԳԵՎՈՐԳ — Արաքս, մի թող՝ Հրատը մեռնի, Սոսեն սպասում է: Նամակ էր ստացել, անընդհատ կարդում էր… Արաքս, փրկիր Հրատին…
ԱՐԱՔՍ – Կփրկեմ, կփրկեմ… (Ցավազրկող է սրսկում:)
ՀՐԱՏ — Գևո՞րգ… Սոսեն ո՞ւր գնաց…
ԳԵՎՈՐԳ — Էստեղ եմ ախպեր ջան, քո կողքին եմ, ասա:
ՀՐԱՏ — (նվաղած): Գևորգ, ծոցագրպանումս է, հանիր Սոսեի նամակը…
ԳԵՎՈՐԳ — (զգուշությամբ հանում է նամակը: Մեկուսի): Արյունոտվել է…
ՀՐԱՏ — Գևորգ, ինչո՞ւ լռեցիր… կարդա նամակը…
ԳԵՎՈՐԳ — (կարդում է): Հրատ ջան, սիրելիս, կյանքս, ամեն օր երազում տեսնում եմ քեզ: Էս գիշեր էլ տեսա, արթնացա ու էլ չկարողացա քնել: Երազումս ես ու դու բարձրանում էինք Արագածի գագաթը: Ցուրք էր, քամի: Ես ասում էի՝ ետ դառնանք, Հրատ, դու ասացիր՝ ինչ գնով էլ լինի, պիտի բարձրանանք£ Մենք հասանք գագաթին ու կանգնեցինք այնտեղ: Հայոց աշխարհը փռված էր մեր դեմ: Հետո իջանք, ներքևում, լեռան լանջին, մի գեղեցիկ տեղ հանգստացանք: Աղբյուր կար, դու ասացիր՝ ինչ լավ տեղ է տուն կառուցելու համար: Ես ու դու սկսեցինք տուն կառուցել: Երկհարկանի, կարմիր տուֆից, գեղեցիկ տուն… (Հուզմունքից խեղդվում, լռում է:)
ՀՐԱՏ – Ինչո՞ւ լռեցիր, կարդա… Գևորգ կարդա….
Գևորգը Արաքսին է տալիս նամակը:
ԱՐԱՔՍ – (շարունակում է նամակը): Հրատ ջան, կյանքս, սիրելիս, կարոտել եմ, շատ եմ կարոտել, ուզում եմ գալ, քեզ տեսնել: Դո՛ւ արի, արի մեր տո՛ւնը կառուցենք, թշնամիներին ջախջախիր, արի… (Սրբում է արցունքները:)
ՀՐԱՏ – Սոսեն… (Լռում է:)
ԳԵՎՈՐԳ — Հրա՛տ, Հրա՜տ… (Չոքում է, գրկում գլուխն ու լուռ արտասվում:)
ԱՐԱՔՍ – Նա զինվոր է, հայրենիքի զինվոր… Հայրենիքի զինվորին պատվով, հպարտությամբ հանձնում են հայրենի հողին… (Գետնին է փռում վրան-թիկնոցը:)
Գևորգն ու Արաքսը Հրատին պառկեցնում են վրան-թիկնոցի վրա: Կրակոցներ: Մարտի ժխոր: Հրատին տանում են: Դադար:
Գալիս են Հայկը, Տեր Ավետիսն ու Մեդվեդը:
ՀԱՅԿ – Շրջապատման օղակը սեղմվում է: Զինամթերքը վերջանում է…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Մի երկնչիր, Հայկ, Աստված մեզ հետ է:
ՀԱՅԿ – Երկար չենք դիմանա… Թուրքերը հասկացան, որ հետևակը չի կարող գրավել բարձունքը, հիմա տեխնիկան առաջ կտան…
ՄԵԴՎԵԴ — Ամոթից գետինն եմ մտնում, թուրքերը մեր հրամանատարությանը փողով առել են: Աջ թևում մեր տանկերն են: Ձախ թևում՝ թուրքերը: Նրանք զինվոր չեն խնայելու: Բայց այդ ուղղությամբ մի քանի հոգով էլ կարող ենք դիրքերը պահել: Բարձունքը պահելով մենք խափանում ենք թուրքերի ծրագիրը, դրա համար էլ կատաղել են:
ՀԱՅԿ — (դաշտային պայուսակից հանում է քարտեզը, փռում գետնին, ցույց տալիս): Տանկերը միայն այստեղով կարող են բարձրանալ, մեր ունեցած երկու հակատանկային ականը տեղադրել ենք նրանց ճանապարհին: Նռնականետորդին երկու հոգու հետ կուղարկենք այնտեղ՝ հակատանկային նռնակներով:
ՄԵԴՎԵԴ — (քահանային): Բատյուշկա, օրհնանքդ տուր, եթե զոհվենք՝ միանգամից դրախտ գնանք: (Ծիծաղում է:)
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Օրհնյալ լինես, զավակս: (Ծիծաղում են:)
ՀԱՅԿ — (ծալում է քարտեզը, շպրտում մի կողմ): Ի՛նչ ես խոսում, Մեդվեդ, ի՛նչ զոհվել: Աֆղանստանում կարող էինք զոհվել, մեր ոտքի տակ ուրիշի հող էր: Ես ինչպե՞ս կարող եմ այստեղ զոհվել, տղերքն ինչպե՞ս կարող են զոհվել: Նրանցից ամեն մեկը մի բանակ է, բանակն ինչպե՞ս կարող է զոհվել: Մեդվեդ, մենք մեր տանն ենք, մեր տունն ենք պաշտպանում: Մենք չենք զոհվելու: Եթե օգնությունը չգա էլ, դարձյալ պահելու ենք բարձունքը, դրանից շատ բան է կախված:
ՄԵԴՎԵԴ — Հայկ, քեզ ոչ ոք չի կարող հաղթել…
ՀԱՅԿ – Հեմինգուեյին հիշո՞ւմ ես՝ ծերունին ինչ է ասում:
ՄԵԴՎԵԴ — Մարդուն կարելի է սպանել, բայց հաղթել չեն կարող:
ՀԱՅԿ – Տեր Ավետիս, դու գնա աջ կողմի դիրքերը, քո ներկայությունը կոգևորի տղաներին:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Լսում եմ, հրամանատար: (Գնում է:)
ՀԱՅԿ – Մեդվեդ…
ՄԵԴՎԵԴ — Լսում եմ հրամանատար:
ՀԱՅԿ — Դու կարող ես գնալ ձերոնց մոտ… Հա, կարող ես գնալ:
ՄԵԴՎԵԴ — (դադարից հետո): Ոորտեղ դու, այնտեղ էլ ես:
ՀԱՅԿ – Շնորհակալություն…
ՄԵԴՎԵԴ — Ես կգնամ տանկերի դեմ: Տանկիստները մեր տղաներն են, նրանց հետ լեզու գտնելն ինձ համար հեշտ կլինի… (Ծիծաղում են:)
ՀԱՅԿ — Դե…
ՄԵԴՎԵԴ — Չէ, չէ, մի՛ ասա, նորից տեսնվելու ենք… Էն ինչ էիր մի անգամ եփել Աֆղանստանո՞ւմ… համով ճաշ էր…
ՀԱՅԿ – Խաշ:
ՄԵԴՎԵԴ — Հա, խաշ, թթի օղիով: Էստեղ էլ մի օր խաշ ենք եփելու:
ՀԱՅԿ – Ցտեսություն, եղբայր: (Գրկախառնվում են:)
ՄԵԴՎԵԴ — Տանկերը կմնան ձորակում: (Գնում է:)
Հայկը միացնում է ռադիոկապը:
ՀԱՅԿ – Բազե՛, Բազե՛… Օղակը սեղմվում է, օգնություն ուղարկեք: Զինամթերքը վերջանում է…
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ – Արծի՛վ, Արծի;վ, դիմացեք, պահեք բարձունքը: Կենտրոնից երկու տանկ են ուղարկել, հենց տեղ հասնեն, կուղարկեմ: Արծիվ, դիմացեք: Եթե թուրքերը բարձունքը վերցնեն, նրանց զրահատեխնիկան մեզ ոտնատակ կտա… Արծիվ, մեր հույսը ձեզ վրա է…
Պայթյուններ, կրակոցներ:
ՀԱՅԿ — Բազե, թուրքերը վրա են տալիս, չեմ կարող խոսել: Զինամթերք հասցրեք, զինամթե՜րք… (Սողեսող գնում է դեպի մենավոր ծառը, նռնակներ է նետում, ետ է գալիս:) Բազե, Բազե, թուրքերը գրոհում են… (Պայթյուն: Վազում է դեպի ժայռաբեկորը: Գոռում է:) Տղե՛րք, խրամատներից դուրս չգաք, դիրքերը չլքեք: Գալիս եմ, գալիս եմ, տղերք… (Գնում է:)
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ — Արծիվ, Արծիվ, ի՞նչ եղավ… Արծիվ, պատասխանիր… Հայկ, Հայկ…
Պայթյուն, զրահատեխնիկայի հռնդյուն: Գալիս է Արգամը:
ԱՐԳԱՄ — (տենդագին ինչ—որ բան է փնտրում): Գոնե ջուր լիներ, տղաները ծարավից խեղդվում են… (Բղավում է:) Տեր Ավետիս… Տեր հայր, համբարձվեցի՞ր… (Բարձրանում է քարին, հեռադիտակով նայում:) Օհո՜, նորից հյուրեր են գալիս, հարկավոր է մարդավարի դիմավորել… (Վերցնում է նռնականետը, դուրս գնում: Լսվում է պայթյունի որոտը: Գալիս է:) Առաջին տանկը պայթեց ականի վրա, մյուսները ետ գնացին: Տղերք, կրակը պատրաստ է, խորովածի շշերը բերեք… (Կրակահերթ:) Ես ձեր… (Թաքնվում է: Սողեսող գալիս է Մեդվեդը:)
ՄԵԴՎԵԴ — Արգա՛մ…
ԱՐԳԱՄ — Ես եմ…
ՄԵԴՎԵԴ — Հայկն ուղարկեց օգնության£
ԱՐԳԱՄ – Ծխախոտ կունենա՞ս…
Մեդվեդը ծխախոտ է տալիս Արգամին: Ծխում են:
ԱՐԳԱՄ – Մալադեց, ռուս եղբայր, հիմա երկուսով թուրքերի վայը կտանք: Հատկապես մարդասիրական օգնություն ստանալուց հետո… (Ծիծաղում են:)
ՄԵԴՎԵԴ — (լարում է լսողությունը): Կարծես տանկերը նորից են գալիս…
ԱՐԳԱՄ — (հեռադիտակով նայում է): Երկու տանկ բարձրանում են մեր ուղղությամբ:
ՄԵԴՎԵԴ — Ինձ երկու զինվոր տուր ու երկու հակատանկային նռնակ, կդիմավորեմ
ինչպես հարկն է:
ԱՐԳԱՄ — Երկու հոգի չեմ կարող, նռնականետորդի հետ գնացեք: Չվրիպես, Մեդվեդ, էլ չունենք…
ՄԵԴՎԵԴ — Կարող ես վստահ լինել: (Գրպանից հանում է ծխախոտի տուփն ու վառիչը:) Առ ծխախոտը… վառիչն էլ վերցրու… Տանկերին բարի գալուստ մաղթեմ, գամ, հանգիստ ծխենք… (Գնում է:)
ԱՐԳԱՄ — Առանց քեզ չեմ ծխի… (Քարերի մեջ ինչ—որ բան է փնտրում:) Գոնե ջուր լիներ… (Քարի տակից կանաչ գույնի տափաշիշ է գտնում:) Ջուր կա մեջը… Ջո՜ւր… (Բղավում է:) Տղե՛րք, ջո՜ւր… Դիմացեք, բերում եմ… (Պայթյուն է լսվում: Կանգնում է, նայում:) Ապրեք, տղերք… Տանկերը վառվում են… (Դուրս է վազում:)
Տեր Ավետիսը, ավտոմատը թուրք գերու վրա պահած, բերում է: Ճակատից վիրավորված է:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (հրում է թուրքին): Գնա՛… (Խաչակնքում է:) Տեր Աստված, մեղա, մեղա՜… (Կանչում է): Արա՛քս, Արա՜քս…
ԳԵՐԻ — (դժվարությամբ է խոսում): Տեր հայր, դու Աստծո ծառա ես, դու քրիստոնյա ես, դու ինձ չես սպանի… Ծծկեր երեխա ունեմ…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Քրիստոնյա եմ, Աստծո ծառա եմ, Մահմեդին էլ եմ հարգում: Ձեր Մահմեդն ա ասել՝ գաք, մեր տուն ու տեղին տեր կանգնեք ու մեզ էլ սպանեք… Մեղա, Տեր Աստված, մեղա՜… Մեր հրամանատարը ինչ որոշի, էն էլ կանենք… Էն Աստված, շատ խոսես, կսատկացնեմ: (Բղավում է:) Արա՛քս, Արա՜քս…
Գալիս է Արաքսը՝ տանջահար:
ԱՐԱՔՍ – Լսում եմ, Տեր Հայր:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Օրհնած, էս տականքը դանակով քերծել է ճակատս, վիրակապիր:
Արաքսը զարմացած նայում է գերուն, ապա հարձակվում, բռնում կոկորդից, սկսում է խեղդել: Գերին պաշտպանվում է:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (փորձում է Արաքսի ձեռքից խլել գերուն): Ի՞նչ եղավ քեզ, գժվեցի՞ր… ԱՐԱՔՍ – Տեր Ավետիս, շնորհակալ եմ, շնորհակալ եմ քեզնից…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Ի՞նչ եղավ, Արաքս…
ԱՐԱՔՍ – Համադասարանցիներ ենք, Տեր Ավետիս, Բաքվի Զեյնալովի անվան դպրոցն ենք ավարտել: (Գերուն.) Լա՜վ ձեռս ընկար… (Տեր Ավետիսին.) Ամուսնուս տանջամահ անողը, անչափահաս քրոջս բռնաբարողն ու սպանողն է…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Մեղա, մեղա՜, Տեր Աստված… քո դասընկերը, միասին մեծացած, միասին ապրած, քո հարևանը տանջամահ է արել ամուսնո՞ւդ, բռնաբարել է անչափահաս քրոջդ ու սպանե՞լ… Դու ես սրա դատավորը, Արաքս, ինչպես ուզում ես՝ վարվիր հետը:
ԱՐԱՔՍ — (ավտոմատը իջեցնում է ուսից): Սողո՛ւն… Մուսլիմ Ալիզադե Իսմայիլօղլի:
ԳԵՐԻ – Արաքս, խնայիր կյանքս, հայրս բարձր պաշտոն ունի, ինչ ասես քեզ համար կանի, փող կտա, ոսկի… Ինձ մի սպա…
ԱՐԱՔՍ – Քո կյանքը մի ռուբլի էլ չարժե: Դու մարդ չես, դու արժեք չունես:
ԳԵՐԻ — Արաքս, մի կտոր հաց ենք կիսել իրար հետ, ես ձեր տանը հաց եմ կերել, իմ մայրը քեզ շատ էր սիրում… Հանուն այդ սիրո, հանուն այդ մի կտոր հացի, ինձ մի սպանիր…
ԱՐԱՔՍ — Աղ ու հա՞ց… Դու ես խոսում աղ ու հացի՞ց, հա՞, դո՛ւ, որ ծննդյանս տարեդարձին եկել էիր մեր տուն որպես դասընկեր, աչքդ տնկել էիր մանկահասակ քրոջս վրա, անասնական վավաշոտ հայացքով լափում էիր: Երբ դիտողություն արեցի, լորձերդ թափելով, իբր թե կատակում ես, ասացիր՝ միևնույն է, ջեյրան քույրիկդ իմն է լինելու: Կատակ չէիր անում, չէ՛, դու բռնաբարեցիր նրան ու սպանեցիր… Աղուհացը չհիշեցի՞ր… Աղուհացը մոռացա՞ր…
ԳԵՐԻ — Ես սխալ եմ արել… Էդ սխալը դու մի արա: Դու քրիստոնյա ես, դու բարի ես, դու հայ ես, մի սպանիր…
ԱՐԱՔՍ – Սովոր եք հարևանի քրտինքով, նրա արդար աշխատանքով վաստակածը թալանել, նրան մորթել, կյանքից զրկել, նրա տուն ու տեղին տեր կանգնել: Ինչո՞ւ ես այստեղ, չգիտե՞ս, որ սա քո հայրենիքը չէ: Եկել ես սպանելու, թալանելու, մեր ձեռքից խլելու մեր հայրենիքը, մեր հողը, որ հազարավոր տարիներ իրենց քրտինքով ջրել ու պահել են մեր պապերն ու պապերի պապերը… Չէ, չի ստացվի, այս անգամ չի ստացվի, կսատկացնեմ քեզ ու աշխարհից մի ավազակ կպակասի:
ԳԵՐԻ – Հայրս իմ կյանքի համար քեզ ոսկու մեջ կլողացնի…
ԱՐԱՔՍ – Կյանքդ ինձ համար մի կրծած կոպեկ չարժի…
ԳԵՐԻ — Դուք շրջապատման մեջ եք, մի քանի ժամվա կյանք ունեք: Փեշիդ քարը թափի, միասին փախչենք, խոստանում եմ քեզ ապահով ու երջանիկ կյանք:
ԱՐԱՔՍ — Ամեն ինչ փողով չի գնվում ու վաճառվում, ստոր արարած£
ԳԵՐԻ — Ձերոնք չեն կարող օգնության գալ, տանկերով ճզմելու ենք ձեզ: Քեզ ապրելու հնարավորություն եմ տալիս:
ԱՐԱՔՍ – Բարձունքը չենք հանձնի, այստեղ ձեր և ձեզ օգնող ռուսների գերեզմանն է լինելու:
ԳԵՐԻ — (ցինիկաբար ժպտում է): Շատ կզղջաս, որ ինձ հետ չես փախչում…
ԱՐԱՔՍ – Լռի՛ր… (Ավտոմատն ուղղում է վրան:)
ԳԵՐԻ — (ծնկի է գալիս): Մի սպանիր, խնդրում եմ… փոքր երեխա ունեմ…
ԱՐԱՔՍ — Գնա, գնա, չեմ ուզում լսել բորենու կաղկանձը:
Գերին սողում է դեպի ժայռը:
ԱՐԱՔՍ – Սատկի՛ր… (Մի քանի կրակահերթ է տալիս: Դադար: Թուլացած նստում, երկու ձեռքով բռնում է գլուխը: Երգում է:) Եղբայր դարձան Հայաստան-Ադրբեջան… (Դառնաղի ծիծաղում է:) Կարդաշ օլուբ Հայաստան-Ազերբայջան…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (որ լուռ հետևում էր, ծոցից հանում է խաչը, մոտենում, դնում է Արաքսի գլխին): Քեզ չեն կարող հաղթել, Արաքս, քեզ գնդակ չի կպչի: Եթե կպչի էլ, չի սպանի…
Պայթյուն, կրակոցներ: Արաքսը վազքով դուրս է գնում: Գալիս է Գևորգը:
ԳԵՎՈՐԳ — Տեր հայր, օրհնի:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Աստված օրհնի:
ԳԵՎՈՐԳ — (հեռադիտակով զննում է թշնամու դիրքերը): Տանկերը ետ են գնում, Տեր հայր:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Տուր, տուր տեսնեմ…
ԳԵՎՈՐԳ — Կարո՞ղ ա հույսները կտրել, հեռանում են:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Հեռադիտակը տուր, տեսնեմ: (Նայում է հեռադիտակով:) Չէ, սա նահանջ չէ, թուրքերը նոր ոճիր են պատրաստում:
ԳԵՎՈՐԳ — (վերցնում է հեռադիտակը, նայում): Շուտով հրետակոծություն կսկսվի, տեխնիկան ետ են քաշում, որ չվնասեն: Տեր Ավետիս, մի բան պիտի խնդրեմ:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Խնդրիր, որդյակս, ով խնդրում է, նա ստանում է:
Գևորգը համազգեստի գրպանից ծրար է հանում:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Այդ ի՞նչ է, որդյակս:
ԳԵՎՈՐԳ — Նամակ է, Տեր Ավետիս, փոքրիկիս եմ գրել, Հովոյիս: (Ծրարից հանում է նամակը:) Հովոյիս թաթիկն է նկարված: Թաթիկը դրել թղթին, նկարել, ուղարկել են ինձ… Թաթիկ, թաթիկ ջուր բեր, փլավ եփեմ, դու կեր… (Համբուրում է թաթիկը:)
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Ես եմ փոքրիկին կնքելու:
ԳԵՎՈՐԳ — Երեկ մեկ տարեկան դարձավ: Նամակ եմ գրել Հովոյիս: Չկարողացա ուղարկել…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Կուղարկես, մի անհանգստացիր:
ԳԵՎՈՐԳ — Հա, կուղարկեմ, կուղարկեմ, բայց… Քեզ եմ տալիս, անձամբ, քո ձեռքով կհանձնես Հովոյիս:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Ես քո փոստատարը չեմ, ինքդ կտանես ու քո ձեռքով կհանձնես…
ԳԵՎՈՐԳ — Գրկեի, մռութը, թաթիկները համբուրեի… Էնպե՜ս եմ կարոտել…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Բարձունքը մաքրենք, թուրքերին քշենք, մի քանի օրով տուն գնա:
ԳԵՎՈՐԳ — Հա, ճիշտ ես ասում, մի քանի օրով տուն կգնամ: (Նամակը դնում է գրպանը:)
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (հեռադիտակով նայում է): Թուրքերն առաջ են գալիս:
ԳԵՎՈՐԳ — Դեսը տուր… (Վերցնում է հեռադիտակը:) Ինչքան էլ շատ են… Ես գնացի, Տեր հայր… Անասուններ… (Գնում է:)
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (խաչակնքում է, ավտոմատն ուսից իջեցնում, գնում է): Կրակեք, կրակեք, քաջեր…
ԳԵՎՈՐԳ — (կրակելով ետ է գալիս): Խփեք, տղերք, խփեք… (Հանկարծ ցնցվում է, ավտոմատը գրկած ընկնում🙂
Պայթյուններն ու կրակոցները մարում են: Լսվում է մանկան ծիծաղ: Կինը երեխային գրկած, դանդաղաքայլ, կարծես սահելով մոտենում է:
ԿԻՆ — Գևորգ, տղադ արդեն մի տարեկան է: Քեզ կարոտել ենք… Քեզ տեսնի, չի ճանաչի… Գիտե՞ս, ինչ դժվարությամբ ենք ապրել այդ մեկ տարին ու դարձել մեկ տարեկան: Ցուրտ, մութ, հերթեր… Ձմռան սառնամանիքին մեր Հովոյին շնչովս եմ տաքացրել… Գիտե՞ս, ինչ դժվար բան է երկու-երեք ժամ հացի հերթ կանգնել ու դատարկ տուն վերադառնալ, իմանալով, որ հացի սպասողներ կան… Պատահել է, օրերով հաց չենք ունեցել՝ օգնության լոբի ու ձավար ենք կերել… Հովհարային անջատումները սովորական առօրյա են դարձել, Գևորգ… Դժվար, շատ դժվար է եղել, բայց չենք տրտնջացել, չենք բողոքել, միայն քո մասին ենք մտածել: Բոլոր մայրերն ու կանայք մտածել են իրենց որդիների ու ամուսինների մասին և օր ու գիշեր աղոթել են Աստծուն, որ հաղթանակով վերադառնան: Մայրդ կես տարուց ավելի է՝ անկողին է ընկել, առողջությունը չներեց ապրելու այս դժվար կյանքը… Բայց չմտածես, Գևորգ ջան, մենք կդիմանանք բոլոր դժվարություններին, միայն թե դու ողջ մնաս ու հաղթանակով տուն վերադառնաս, կարոտներս առնենք… Հիանալի, ուժեղ, անկոտրում մայր ունես, հիվանդությունն անգամ չի հուսահատեցնում, համոզված է, որ մենք հաղթելու ենք և այս դժվար պայմանները ժամանակավոր են: Ապրում է հույսով, հավատով ու մեզ էլ ապրելու ու սպասելու հույս է տալիս… Մի մտածիր մեր մասին, մի մտածիր, մենք լավ ենք, ապրում ենք… սպասում ենք…
Պայթյունները խլացնում են բոլոր ձայները: Կինը հեռանում է: Գալիս են Տեր Ավետիսն ու Արաքսը:
ԱՐԱՔՍ — (կռանում է Գևորգի վրա): Կրծքից է վիրավոր… (Բռնում է զարկերակը:) Սիրտն աշխատում է:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Սիրտն ամեն ինչ զգում է, սիրտը, մարդու սիրտը…
ԱՐԱՔՍ — (ցավազրկող է սրսկում): Չի օգնի, բայց տանջանքները կթեթևանան:
ԳԵՎՈՐԳ — (շշնջում է): Տեր Ավետիս, Արաքս…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (ծնկի է գալիս): Լսում եմ, եղբայր:
ԳԵՎՈՐԳ — Նամակը… Նամակը կտաս Հովոյին…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Խոստանում եմ… Կտամ… (Գևորգի գրպանից հանում է նամակը, թաքցնում փարաջայի գրպանում:)
ԳԵՎՈՐԳ — Արաքս… (Ձեռքը թուլացած ընկնում է:)
Արաքսը սրբում է արցունքները:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (փակում է Գևորգի աչքերը): Անիծյալ լինես, թուրք… (Արաքսին.) Լացի ժամանակ չէ, Արաքս…
Արաքսը փռում է վրան—թիկնոցը, երկուսով Գևորգին պառկեցնում են վրան—թիկնոցի վրա, դուրս տանում:
Գրոհը դադարում է: Ողջ մնացածները հավաքվում են:
ՀԱՅԿ — (ձեռքը վիրակապված է): Արգամ, գնում ես աջ թևը, այնտեղ մարդ չի մնացել… Տեր Ավետիս, Արաքսի հետ գնում ես ձախ… Այնտեղ չորս հոգի կան, առյուծասիրտ տղերք են… Ես մնում եմ մեջտեղում: Անհրաժեշտության դեպքում կհասնեմ օգնության… Մեդվե՛դ…
ՄԵԴՎԵԴ — Հրամայիր, եղբայր, լսում եմ:
ՀԱՅԿ — Գնա ձերոնց մոտ, կասես՝ գերի էին վերցրել, փախել եմ: Գնա՛…
ՄԵԴՎԵԴ — (ծիծաղում է): Կինո ենք նկարո՞ւմ… Ոչ մի տեղ էլ չեմ գնա:
ՀԱՅԿ – Քեզ ասում եմ՝ գնա, մնացածը դու գիտես: (Հրամայում է:) Գրավեք ձեր տեղերը, խրամատներ փորեք, մտեք մեջը: Փորեք՝ ոնց կարող եք, դանակներով, եղունգներով, ատամներով… Շուտով հրետակոծությունը կսկսվի: Նրանք դեռ գլխի չեն ընկել, որ տեղափոխվել ենք: Հին դիրքերն են հրետակոծելու, բայց դա նշանակություն չունի…
ՄԵԴՎԵԴ — Հրամանատար, ես գնում եմ Արգամի հետ:
ՀԱՅԿ – Դու քո պարտքն արդեն մարել ես, կարող ես հեռանալ:
ՄԵԴՎԵԴ — Հրետանին ու զինտեխնիկան մերոնք են աշխատացնում, թուրքերը բութ են, ուշ են հասկանում: Ես մնում եմ՝ պարտքս մարելու համար:
ՀԱՅԿ – Պարտքդ չես կարող մարել, Մեդվեդ, շատ մեծ է:
ՄԵԴՎԵԴ — Իմ որոշումը կայացրել եմ: Ոչ ոք չգիտե՝ կես ժամ, մեկ ժամ հետո ինչ է լինելու, գուցե ինչ-որ բանով օգնեմ… Գնում եմ Արգամի մոտ, ամենաթույլ օղակը դա է: Եղբայր, շատ համով խաշ կեփես, թթի օղիով, կնշենք հաղթանակը: (Ծիծաղում են:)
Կրակոցներ, պայթյուններ: Մեդվեդը գնում է: Մի պահ լռություն է տիրում: Ռադիոկանչ:
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ — Արծիվ, Արծի՛վ… Բազեն է, պատասխանիր: Ի՞նչ վիճակ է ձեզ մոտ:
ՀԱՅԿ – Բազե՛, տասը հոգի ենք մնացել: Կռվում ենք: Զինամթերքը վերջանում է: Հաղթելուց առաջ կզեկուցեմ… (Ծիծաղում է:)
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ — Արծիվ, դիմացե՛ք, խնդրում եմ, դիմացե՛ք: Այդ բարձունքը վաղվա մեր հաղթանակի երաշխիքն է: Ամեն գնով բարձունքը պահեք, վաղը հակագրոհ կկազմակերպենք:
ՀԱՅԿ — Վաղը… Վաղը կհանդիպենք…
Ուժեղ հրաձգություն է սկսվում: Հայկն անջատում է ռադիոկապը, վերցնում նռնականետն ու դուրս է գնում:
Արգամը շալակած բերում է գլխից վիրավոր Մեդվեդին: Վիրակապում է:
ԱՐԳԱՄ – Մենք մեր հողի համար ենք զոհվելու, դո՞ւ ինչի…
ՄԵԴՎԵԴ — Խելքս մաղվում է, երևի լուրջ վիրավորվել եմ:
ԱՐԳԱՄ – Լավ էլ հայերեն ես խոսում:
ՄԵԴՎԵԴ — Աֆղանստանում Հայկն է սովորեցրել: Ոչ միայն խոսել, կարդալ գիտեմ: Աֆղանստանից հետո հայոց պատմություն եմ կարդացել:
ԱՐԳԱՄ — Բա ո՞նց էիր մեր դեմ կռվում:
ՄԵԴՎԵԴ — Զարմանալի բան է, Հայաստան, հայ հասկացողությունն ինձ համար Հայկով սահմանափակվում էր:
ԱՐԳԱՄ — Էդ ո՞նց:
ՄԵԴՎԵԴ — Հիմա ուրիշ է… Մի օրվա մեջ ավելի շատ բան հասկացա, քան իմ ապրած ողջ կյանքում:
ԱՐԳԱՄ – Ընտանիք ունե՞ս:
ՄԵԴՎԵԴ — Մայր ունեմ: Աֆղանստանից վերադարձա, բոլոր աղջիկներն ամուսնացել էին: Իսկ դո՞ւ…
ԱՐԳԱՄ – Մի աղջիկ ունեմ: Մի չքնաղ հրեշտակ:
ՄԵԴՎԵԴ — Ես մայր ունեմ, բարի, սիրուն մի մայր… Մի քիչ լաց կլինի ու կհաշտվի: Мама, милая, не скучай…
ԱՐԳԱՄ – Մենք մեռնողը չենք:
ՄԵԴՎԴ — Հայկը հզոր տղա է, գեներալ կդառնա:
ԱՐԳԱՄ — Երկու տղա ունի, երկու զինվոր:
ՄԵԴՎԵԴ — Ափսոս է Հայկը, շատ ափսոս…
ԱՐԳԱՄ – Հանուն հայրենիքի, հանուն հողի ոչ մի բան էլ ափսոս չի: Էս հողի համար հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, որ պահել են: Երբեմն լավ չեն կռվել մեր պապերը, վախեցել են մահից, ծուլացել են, իրենց չեն զոհաբերել, դրա համար էլ այսօր խնդիրներ ունենք թուրքի հետ: Վերջը վերջով մի սերունդ պիտի իրեն զոհաբերի, որ հաջորդ սերունդը խնդիրներ չունենա: Թող մենք լինենք էդ սերունդը:
ՄԵԴՎԵԴ — Այն ազգն է հզոր ու մեծ, որ առանց ափսոսալու մի սերունդ է զոհաբերում եկող սերունդների համար…
Պայթյունի ձայնը խլացնում է նրանց խոսակցությունը: Ռադիոբարձրախոսի խռխռոց է լսվում: Պայթյուններն ու կրակոցները դադարում են:
ԹՈՒՐՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ — Ես Գերամբոյի գնդի հրամանատար գնդապետ Արազովն եմ: Հայեր, անիմաստ է դիմադրելը: Դուք շրջապատված եք բազմաթիվ անգամ գերազանցող ուժերով: Օգնության բոլոր ճանապարհները փակված են: Առաջարկում եմ հանձնվել: Խոստանում եմ գերի հանձնվելու դեպքում պահպանել ձեր կյանքը: Մտածելու համար տասը րոպե եմ տալիս: Տասը րոպե հետո դուրս եկեք, ձեռքներդ վեր պահած շարժվեք դեպի մեզ: Հակառակ դեպքում բոլորիդ կոչնչացնենք:
Բարձրախոսը լռում է:
ԱՐԳԱՄ – Վախենում են: Հսկա զորքով տասը հոգուց վախենում են: (Ծիծաղում է:)
Գալիս են Տեր Ավետիսը, Հայկը, Արաքսը:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Տղաներ, պինդ մնացեք: Մեզ չեն կարող հաղթել: Մենք արդեն հաղթել ենք:
ԹՈՒՐՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ – Տասը րոպեն անցավ, առանց զենքի, ձեռքներդ գլխներիդ դրած, մեկ-մեկ դուրս եկեք խրամատներից…
ՀԱՅԿ – Հարմար դիրքեր ընդունեք: Չենք հանձնվի, երբե՛ք:
ԱՐԱՔՍ – Հույս չունենաք, թուրքեր, հույս չունենաք, որ մեզ գերի կվերցնեք: Մինչև մեռնելս մի քանի շուն էլ կսատկացնեմ…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (հանկարծ ծափ է տալիս, վերվեր թռչում): Գտել եմ, գտել եմ, էս քարի տակից մի տուփ փամփուշտ եմ գտել…
ԱՐԳԱՄ — (ուրախացած): Փամփո՞ւշտ… Փամփո՜ւշտ… Տուր տեսնեմ, տեր Ավետիս:
ՀԱՅԿ – Հավասար բաժանում ենք: (Մի պահունակ տալիս է Արգամին:) Սա՝ քեզ:
ԱՐԳԱՄ — Դե հիմի թող գան: (Վերցնում է պահունակը:)
ՀԱՅԿ — (մի պահունակ տալիս է Մեդվեդին): Սա էլ՝ քեզ:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ – Իսկ ի՞նձ… Ինձ չի՞ հասնում:
ՀԱՅԿ – Տեր Ավետիս, ավետարանն ի՞նչ է ասում՝ մի սպանիր: (Ծիծաղում են:) Սա՝ քեզ, Արաքս:
ԱՐԱՔՍ — (վերցնում է պահունակը): Դեռ կկռվենք…
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (Հայկին): Օրհնած, ավետարանն ասում է՝ ակն ընդ ական: Ինձ կամ փամփուշտ տուր, կամ մի նռնակ:
ՀԱՅԿ — (նռնակ է տալիս քահանային): Տեր Ավետիս, դու հրաշալի երգում ես: Երգելով էլ մեզ մարտի տար: (Մեղմ սկսում է երգել).
— Արև ելավ, Զեյթունցինե՛ր,
Դեհ, ձի հեծնեք, առնենք զենքեր, դիմենք առաջ,
Ինչո՞ւ, ինչո՞ւ գըլուխ ծըռենք
Բըռնավորին մեր վիզ պարզած:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (ձայնակցում է).
Զեյթունցի ենք, մեր սփոփանք
Են պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան
Են խաղալիք մեր հավիտյան:
ԱՐԳԱՄ — (ձայնակցում է).
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստեր ենք,
Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք
Մեր գերողին կրելու զայն:
ԲՈԼՈՐԸ — (ձայնակցում են).
Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,
Թող չտեսնի ստրկություն.
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի՛ Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն£
Պայթյուններ, կրակոցներ, զրահատեխնիկայի հռնդյուն:
ԱՐԳԱՄ — Երկու նռնակ ունեմ, մեկը թուրքի համար, մեկն էլ դարձյալ թուրքի համար: Գնացինք, Մեդվեդ: (Գնում են:)
ՀԱՅԿ — (հետևում է մարտին): Խփեք, տղերք, չթողնեք ուշքի գան:
ԱՐԱՔՍ — (ճչում է): Ընկա՛ն, տղերքն ընկա՛ն… (Վազում է դեպի ընկերները:)
ՀԱՅԿ — (բռնում է նրան): Չես օգնի, մի գնա… (Արաքսը լաց է լինում:) Լացի ժամանակը չէ:
ԱՐԱՔՍ – Ճիշտ ես, հրամանատար, լացի ժամանակը չէ: (Վերցնում է ավտոմատը: Պայուսակը դնում է մի կողմ:) Գալիս են, գալիս են… Ո՞ւր եք գալիս, ո՞ւր… (Բարձրանում է դեպի ծառը:)
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Արաքս, Արաքս, ցած իջիր…
Կրակահերթ, Արաքսը ձեռքից ցած է գցում ավտոմատը, փաթաթվում է ծառին: Տեր Ավետիսը վազում է նրա մոտ:
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — Արաքս, Արաքս…
ԱՐԱՔՍ — Ես առա իմ սիրելի ամուսնու, իմ չքնաղ աղջկա վրեժը… մեկի փոխարեն տասին, քսանին այն աշխարհ ուղարկեցի… Տեր Ավետիս, կներես, որ քեզ մենակ եմ թողնում… (Ծառի բունը գրկած, սահելով վայր է ընկնում:)
ՏԵՐ ԱՎԵՏԻՍ — (վերցնում է Արաքսի ավտոմատը): Սողուննե՛ր, գալիս եք ու գալիս… Չէ, բարձունքը չենք հանձնելու, չե՛նք հանձնելու… (Նռնակը նետում է:) Դժոխքի բաժին դարձան: (Խաչակնքում է:) Մեղա Տեր, մեղա… (Պայթյուն: Ավտոմատը ձեռքից ընկնում է:) Նամակը, Գևորգի նամակը չկարողացա հանձնել… (Ծոցից հանում է նամակը, կարդում է:) «Հով ջան, մարդկության ծննդից մինչև այսօր միշտ կռիվ է մի երկրի, անգամ մի թիզ հողի համար: Ես չգիտեմ, գուցե Աստված մարդուն այդպես է ստեղծել: Կռիվ է ու կռիվ: Կռիվ է հարևանը հարևանի, անգամ հեռավորի հետ: Երեկվա բարեկամն այսօրվա թշնամին է: Իսկ մեր հարևանը մի ազգ է, անունը՝ թուրք, որ բնույթով ավազակ է, թալանով ապրող: Երբ մեծանաս, կարդաս նամակս, երբեք չմոռանաս դա: Տղաս, դադարից օգտվելով գրեցի այս նամակը, դրա համար էլ կարճ եմ գրում, չնայած ասելու շատ բան ունեմ: Մենք պաշտպանում ենք շատ կարևոր մարտավարական նշանակություն ունեցող մի բարձունք և շրջապատման մեջ ենք: Ինչ էլ լինի, քո հայրը և իր ընկերները կռվում են հայրենիքն ազատագրելու համար: Իմացիր, յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է պաշտպանել իր ազգի, իր ժողովրդի, իր հայրենիքի պատիվը, իր ազատ, անկախ հայրենիքի սահմանները… Ներիր, ընդհատում եմ նամակս, թուրքերը, ռուսների հետ միացած, մեծ ուժերով գրոհում են… Հովո ջան, ես քեզ շատ, շատ սիրում եմ: Քո հայրիկ Գևորգ»: (Նամակը ձեռքից ընկնում է, ծնկի է իջնում, գլորվում ներքև: Լռություն:)
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ – Արծի՛վ, Արծի՛վ… Պատասխանիր Բազեին…
ՀԱՅԿ — (գալիս է, վիրավորված է): Բազե՛, Բազե՛, ես եմ մնացել, փամփուշտներս վերջացել են…
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ – Արծիվ, դիմացիր, շուտով օրը կվերջանա, գիշերը հետախույզները կգտնեն քեզ: Խնդրում եմ, Արծիվ… Արծիվ…
ՀԱՅԿ – Հրամանատար, խնդրում եմ, տղաներին պարգևի ներկայացնես: Գրիր անունները. Գևորգ Ասլանյան, Հրատ Սանասարյան, Տեր Ավետիս քահանա Աստվածատրյան, Արգամ Քաջվորյան, Արաքս… (Կրակահերթը խլացնում է ձայնը: Ռադիոկապը մի կողմ է նետում: Մարտաբաճկոնի գրպանից հանում է վերջին նռնակը:)
Բարձրախոսից լսվում է թուրք հրամանատարի ձայնը:
ԹՈՒՐՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ – Հայ, դու քաջ հրամանատար ես: Մենք հարգում ենք քաջերին, եթե անգամ դրանք մեր թշնամին են: Գերի հանձնվիր, կխնայենք կյանքդ: Ափսոս է մեռնի քեզ նման քաջը…
ՀԱՅԿ — Եթե տղամարդ կա ձեր մեջ, թող գա, գերի վերցնի…
Բոլոր ձայները մարում են: Հնչում է «Մարտիկի երգը»: Խորհրդային բանակի սպայի համազգեստով, կրծքին՝ շքանշաններ ու մեդալներ, գալիս է Մուշեղը՝ Հայկի հայրը:
ՄՈՒՇԵՂ – Հայկ, տղաս, իմ միակս, սիրելի զավակս, հպարտ եմ քեզանով, որ դու կռվում ես մեր հայրենիքի, մեր սուրբ հողն ազատագրելու համար…
ՀԱՅԿ — Զոհվեցին բոլոր զինվորներս, հայր: Ես ի՞նչ հրամանատար եմ: Ընկերներս, զինվորներս զոհվեցին հերոսաբար:£ Ամեն մեկը մի Հայկ Նահապետ էր, մի Վարդան զորավար, մի Անդրանիկ զորավար: Բոլորը հերոսներ էին՝ մի պահ անգամ չմտածեցին դիրքը լքելու մասին… Ես մնացի մենակ, հայր, բայց քանի դեռ շնչում եմ, թուրքը չի կարող գրավել այս բարձունքը: Այս բարձունքը մերն է, այս հողը մերն է… Ես պիտի պաշտպանեմ մինչև վերջին շունչս, որ արժանի լինեմ իմ զինվորներին, հայր…
ՀԱՅՐ – Քո զինվորները չեն զոհվել, որդիս, հայրենիքի համար կռվող զինվորներն անմահ են: Ես էլ հրամանատար էի, գնացինք մինչև Բեռլին… Հասա Բեռլին, Ռայխստագի պատի վրա գրեցի անունս: Չորս տարի կռվեցինք, քաջաբար կռվեցինք, բայց ոչ մեր հողի համար: Վանն ու Սասունը թողած, Մշո դուրանն ու Կարսը թողած, կռվեցինք Եվրոպայի քաղաքներում ու տափաստաններում: Դժոխքի բոլոր պրակներով անցած մեր ժողովուրդը 600.000 զինվոր հանեց պատերազմի դաշտ ու 300000-ը զոհվեցին… Երեք հարյուր հազարը… Բայց քո զինվորները չեն զոհվել: Դուք չեք զոհվի: Դուք մեր սուրբ հողի համար եք կռվում: Հայրենիքի ազատագրության համար կռվող զինվորներն անմահ են, որդիս… Սա մեր վերջին կռիվը չէ, տղաս, պահպանիր քեզ… Դեռ կռիվ ունենք… Գերված Մասիսն է սպասում մեզ, մեր պապերի երկիր Վանը, Մուշն ու Սասունը… Դեռ ավերակ Անին պիտի շենացնենք… Քո զինվորները մեր եռագույնը պիտի ծածանեն Մասիսի ու Նեմրութի գագաթներին…
ՀԱՅԿ – Կհամբուրես տղաներիս, կասես՝ շատ եմ կարոտել, բայց կռիվ է… Էս կռիվը վերջացնենք, կգամ… Հայր, խնդրում եմ, եթե զոհվեմ, տղաներիս զինվոր կմեծացնես…
«Մարտիկի երգը» շարունակվում է այնքան, մինչև Մուշեղը հեռանում է: Հայկը մարտաբաճկոնի գրպանից հանում է նռնակը:
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՁԱՅՆԸ — (ռադիոկապով): Հա՛յկ, Հա՛յկ… Արծի՛վ, Արծի՛վ, դիմացիր, թուրքերին ճզմում ենք… Շուտով բարձունքում կլինենք… Հայկ, Հա՛յկ, Հա՜յկ…
Հայկը գնում է: Պայթյուն:
Հեռվից լսվում են հայկական մարտական քայլերգի հնչյունները, որը դանդաղ մոտենում ու հեղեղում է բարձունքը: Ներս է գալիս տանկիստի համազգեստով հայ զինվորը, ձեռքին՝ եռագույնը, ուսից՝ ավտոմատը կախ:
ՏԱՆԿԻՍՏ – Տղերք, տղերք… Ձեն հանեք, տղե՛րք… (Նկատում է գետնին ընկած ռադիոկապը, վերցնում է:) Բազե՛, լսո՞ւմ ես, Արծիվն է, Արծիվն է… Բարձունքը մերն է: (Ռադիոկապն անջատում է:) Տղերք, եղբայրներ, լսո՞ւմ եք, ձայն հանեք… (Եռագույնը ամրացնում է ծառին:) Տղերք, տղերք, ձայն տվեք, ո՞ւր եք…