Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ.
ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
Ա. ԳԵՂԱՐՎԵՍՏԱ — ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» (2019 թ.):
Ծնվել է 1989 թ. հուլիսի 25-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Ութամյա դպրոցն ավարտել է տեղում` 2005 թ., իսկ միջնակարգը` Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում` 2007 թ.: Նույն թվականին ընդունվել է Երևանի մենեջմենթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2011 թ.: Ընթացս սովորել է նաև Ստեփանակերտի պետդրամթատրոնի դերասանական ստուդիայում (2008-2010 թթ.), իսկ 2009 թ-ից միաժամանակ աշխատել է որպես դերասանուհի: Խաղացել է Բերտա (Կ. Դանիելյան` «Տո լաճ տնավեր»), Թագուհի (Ա. Վանոյան` «Երջանկության նետ»), Շողիկ (Ա. Սանթրոսյան` «Հրաշագործ ծաղիկը»):
2010-2014 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրիատում` «Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա» մասնագիտությամբ` Ե. Ղազանչյանի արվեստանոցում: 2016 թ. գերազանցությամբ ավարտել է նույն ինստիտուտի նույն բաժնի մագիստրատուրան:
Ուսումնառության տարիներին Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է Մ. Տվենի «Թոմ Սոյերի արկածները», Ստեփանակերտի պետդրամթատրոնում` Էդ. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը» պիեսները: 2016թ. հրավիրվել է աշխատելու Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի գեղարվեստական ղեկավար: Հեղինակել է. Յու. Գրուշաս` «Սեր, ջազ, սատանա», Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում», Ա.Պուշկին` «Եվգենի Օնեգին», Վ. Շեքսպիր` «Ռոմեո և Ջուլիետ», Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ» բեմադրությունները:
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՐԻԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ
Ծնվել է 1986 թ. նոյեմբերի 20-ին, ք. Ստեփանակերտում: 2003 թ. ավարտել է քաղաքի թիվ 7 միջն. դպրոցը: Դպրոցական տարիներին հաճախել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական խմբակը:
2003-2008 թթ. սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը` ստանալով թատրոնի ռեժիսորի որակավորում (ղեկ.` Մայիս Ռաֆայելյան):
2008 թվականից որպես բեմադրող ռեժիսոր աշխատում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միաժամանակ 2008-2011 թթ. բեմական խոսք է դասավանդել Ստեփանակերտի պետդրամթատրոնի դերասանական ստուդիայում, իսկ 2013-2019 թթ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի բաժանմունքի Շուշիի մասնաճյուղի դերասանական ֆակուլտետում:
Կ. Կարապետյանի ուշագրավ բեմադրություններից են. Գ.Խանջյան` «Ավերակների պահակները» (2008 թ.), Հ. Հակոբյան` «Սերը ճամփեզրին» (2009 թ.), Ե. Շվարց` «Սառցե թագուհին» (2010 թ.), Մ. Կամոլետի` «Ֆրանսիական սիրաշփոթ» (2015 թ.), Թ. Ուիլյամս` «Կատուն շիկացած տանիքին» (2017 թ.), Ա. Տոլստոյ` «Բուրատինոյի արկածները (2018 թ.):
Մ. Կարապետյանը հանդես է գալիս նաև որպես դերասանուհի: Հիշարժան դերակատարումներից են. Աղջիկ` «Ավերակների պահակները» (2008 թ.), Սյուզի` «Սերը ճամփեզրին» (2009 թ.), Կին` Ս. Խալաթյան «Սերը պահարան չի հարցնում»:
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԻՍԱՀԱԿԻ
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2015 թ.), արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի (2008 թ.), ՀԹԳՄ Ոսկե մեդալի (2012 թ.), ԱՀ ՄԵՀԶ նախարարության Իսահակ Ալավերդյանի անվան մրցանակի (2019 թ.):
Թատերագետ, լրագրող Կարինե Իսահակի Ալավերդյանը ծնվել է 1952 թ. մարտի 31-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում£ 1969 թ. Ոսկե մեդալով ավարտել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 միջն. դպրոցը, իսկ 1976-ին գերազանցությամբ` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը£ 1977-1980 թթ. աշխատել է ԼՂԻՄ հեռուստառադիոյի մարզային կոմիտեում որպես թողարկման խմբագիր£
1980-1982 թթ. սովորել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում, որն ավարտելուց` 1982-1990 թթ. պաշտոնավարել է Կոմունիստական կուսակցության ԼՂԻՄ մարզկոմի գաղափարախոսության և քարոզչության բաժնում` հրահանգչի պաշտոնում, զբաղվել է մշակույթի և լրատվության հարցերով£ 1991-1993 թթ. «Մաշտոց» հրատարակչության խմբագիրն է եղել£
1993-1999 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, պահեստազորի ավագ լեյտենանտ է£ Կ. Ալավերդյանը ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» զինվորական թերթի հիմնադիրներից է, նրա առաջին խմբագիրն է եղել 1993-1994 թթ.£ Որպես զինվորական լրագրող` հեղինակել է տասնյակ հոդվածներ, ակնարկներ Արցախյան հերոսամարտի քաջազունների մասին, իսկ հրադադարից հետո նրա գրչի կիզակետում են եղել հատկապես ազատամարտիկների սոցիալական և առողջապահական հիմնախնդիրները£
1999 թ. աշխատում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում որպես գրական-գեղարվեստական մասի վարիչ£ Հեղինակ է «Լեոնիդ Հարությունյան» (2000 թ.), «Իսահակ Ալավերդյան» (2001 թ.), «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն-70» (2003 թ.), «Հայ բեմի մեծահամբավ վարպետները և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնը» (2003 թ.), «Բեմարվեստի մեր վարպետները» (2007 թ. Ա և 2009 թ. Բ հատորներ), «Երկու լուսավոր աստղ» (2015 թ.), «Թատերական սևեռումներ… Մտերմիկ անդրադարձներ» (2016 թ.), «Արեգա Պետրոսյան» (2016 թ.), «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2019 թթ.» (2019 թ.) գրքերի£
Բազմիցս կազմել է արվեստագետների մասին պատմող բուկլետներ, կազմակերպել և վարել է նրանց հոբելյանական երեկոները, հանրապետական մամուլում տպագրել է 120-ից ավելի հոդվածներ, ակնարկներ Ստեփանակերտի թատրոնի, արվեստի և մշակույթի այլ բնագավառների երախտավորների մասին£
2002-2005 թթ. ԼՂՀ հանրային ռադիոյով վարել է «Բեմարվեստի մեր վարպետները» հեղինակային հաղորդաշարը, իսկ 2008-2009 թթ. ԼՂՀ հանրային հեռուստատեսությամբ` «Դիմակներ» հեղինակային ծրագիրը, որի խտասկավառակները` «Բեմարվեստի մեր վարպետները» խորագրով, թողարկվել են 2012 թ.£ ԼՂՀ մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած բեղուն գործունեության համար արժանացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (2009 թ., 2012 թ.), ԼՂՀ կրթության և գիտության նախարարության (2011 թ.), ԼՂՀ Ազգային ժողովի (2012 թ.) պատվոգրերին£
Բ. ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԱՐՍԵՆԻ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982 թ.), ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004 թ.), ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալակիր (2008 թ.), ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր (2001 թ.), ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն ասմունքող (2006 թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2012 թ.), ԼՂՀ վարչապետի հուշամեդալով (2013 թ.):
Ծնվել է 1948 թ. հունվարի 12-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, այնուհետև ավարտել է Շուշիի գիշերօթիկ դպրոցը: Աշակերտական տարիների երազանքը` դերասան դառնալ, իրականացրել է 1965 թվականին` ընդունվելով Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոն որպես դերասան: Շնորհիվ բնատուր շնորհքի, աշխատասիրության, պարտաճանաչության, սովորելով վարպետ դերասաններից և փորձառու ռեժիսորներից` հմտացել է բեմարվեստում, տարիների ընթացքում ձեռք է բերել վարպետություն և հանդիսատեսի ու թատերախոսների կողմից գնահատվել արժանվույնս: 1972 թ. նա հեռակա ուսուցմամբ ավարտել է Մոսկվայի արվեստների ժողովրդական համալսարանի «Դերասանական արվեստ» բաժինը:
Ք. Հարությունյանը բազմապլան դերասան է: Նրա լավագույն դերակատարումներից են. Սեյրան, Ոսկան, Սաղաթել (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար»), Համբո (Հ. Թումանյան` «Գիքորը»), Մուրիկ (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Միքայել (Գ. Սունդուկյան` «Էլի մեկ զոհ»), Բելոգուբով (Ա. Օստրովսկի` «Եկամտավոր պաշտոն»), Պավել (Յա. Օտչենաշեկ` «Ռոմեոն, Ջուլիետան և խավարը»), Վաչագան (Խ. Ավագյան` «Անահիտ»), Արմեն (Գ. Յաղջյան` «Մի կաթիլ արև»), Առլեկին (Դ. Ռեկարդու` «Առլեկինը արքա»), Աղաբաբ Սանոյան (Ս. Խալաթյան` «Քառասուն օր համբառնալուց առաջ»), Նազար (Գ. Տեր-Գրիգորյան` «Զգուշացեք, նա դեռ կա»), Հասան Ջալալ (Մուրացան` «Ռուզան»), Պատմիչ (Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում»), Մեծ հայրիկ (Թ. Ուիլյամս` «Կատուն շիկացած տանիքին»), Սարգսյան (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ») և այլն:
Ք. Հարությունյանը իր ուժերը փորձել է նաև ռեժիսորական աշխատանքում, բեմադրություններ է հեղինակել ինքնագործ թատերական խմբերում, ինչպես նաև Ստեփանակերտի պետդրամթատրոնում. Ժ. Անանյան` «Լույս քեզ տեսնողին», Գ. Գևորգյան` «Սրտի հետ խաղ չեն անի», Վ. Օվյան` «Ակամա մեղավորներ» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի, իսկ 2015 թվականին` Վանաձորում, պարգևատրվել Հովհ. Աբելյանի անվան հուշամեդալով` Հասան Ջալալի (Մուրացան` «Ռուզան») դերակատարման համար:
Դրվագային դերերում նկարահանվել է Գ. Վարդանյանի «Ճակատագիր» (թուրք գաղափարախոս), Ջ. Ավետիսյանի «Թևանիկ» (Ծերունի), «Ընդհատված մանկություն» (Ծերունի), Մ. Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» (Գեորգի Աշոտովիչ), Ա. Աբադի «Եվա» (Կաթնավաճառ), Ա. Գևորգյանի «Խորտկարանը ճամփեզրին» (Վարորդ) ֆիլմերում:
ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՐԱՄԻ
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2004 թ.), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր (2006 թ.), ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի (2001 թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2011 թ.):
Ծնվել է 1951 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: 1972 թ. ավարտել է Ստեփանակերտի կարուձևի մասնագիտական տեխնիկումը, որից հետո աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան թատրոն` որպես դերասանուհի: 1974-1980 թթ. աշխատել է Կամոյի (Գավառի) Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ 1980 թ.-ից մինչ օրս աշխատում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնում:
Ս. Թովմասյանը դրամատիկական խառնվածքի դերասանուհի է, անձնավորել է նաև բնութագրական դերեր, հատկապես նրա մոտ հաջողվել են մայրերի և տատիկների կերպարների մարմնավորումը: Նրա խաղացած նշանակալից դերերից են. Տիկին Զվարթ (Ժ. Անանյան` «Տաքսի, տաքսի»), Ջավահիր, Երանուհի (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի», «Պատվի համար»), Նատալյա (Մ. Գորկի` «Վասսա Ժելեզնովա»), Ֆլորենս (Ջոն Պատրիկ` «Տարօրինակ միսիս Սևիջը»), Սաթենիկ (Ա. Քալանթարյան` «Վաճառքի ենթակա չէ»), Թագուհի Աստինե (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Դեդի (Հովհ. Թումանյան` «Գիքորը»), Գալչիխա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Թենի (Մուրացան` «Ռուզան»), Դայակ (Ա.Պուշկին` «Եվգենի Օնեգին»), Նազիկ տատ (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ»):
2006 թ. Հայաստանում Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակին նվիրված հանրապետական թատերական փառատոնում արժանացել է «Արտիստ» մրցանակի:
Դրվագային դերերում նկարահանվել է «Տունը ճամփեզրին» (Մայր), Ս. Հասան Ջալալյանի «10-րդ նահանգ» (Թագուհի), Ջ. Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» (Տատ), «Թևանիկ» (Մայր), «Վերջին բնակիչը» (Տատ) ֆիլմերում:
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԵԳԱ ՄԻՔԱՅԵԼԻ
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2004 թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2012 թ.):
Ծնվել է 1948 թ. սեպտեմբերի 1-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Բալուջա (այժմ` Այգեստան) գյուղում: Միջնակարգն ավարտելուց` 1968-1970 թթ. աշխատել է ԼՂԻՄ երգի-պարի պետական անսամբլում` որպես պարուհի: 1969 թ. թվականից` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի դերասանուհի է:
Ա. Պետրոսյանը կերտել է 70-ից ավելի գլխավոր և դրվագային դերեր: Արտիստուհին ունի կերպարի հոգեբանության մեջ ներթափանցելու կարողություն և բեմական փայլուն պլաստիկա: Նրա խաղը թեթև է և սահուն, որով կարողանում է անմիջական կապ ստեղծել հանդիսատեսի հետ: Խաղացել է դրամատիկական, ողբերգական և կատակերգական դերեր, նրան հաջողվել է նաև փոքրիկ տղաների կերպարներ անձնավորել: Դերասանուհու լիարժեք և ավարտուն կերպարանավորումներից են. Կարինե (Ա. Պապայան` «Արտասահմանյան փեսացու»), Պերդիտա (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ»), Դավիթ Կոպերֆիլդ (Չ. Դիկկենս` «Դավիթ Կոպերֆիլդ»), Պոլյա (Մ. Գորկի` «Քաղքենիներ»), Մարթա (Ա. Կասոնա` «Ծառերը կանգնած են մահանում»), Ալյոնուշկա (Ս. Կարնաուխովա, Լ. Բրաուսևիչ` «Ալվան ծաղիկ»), Սոնա (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի»), Գեղամ (Վ. Հակոբյան` «Արցախյան բալլադ»), Կորինկինա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Կատրին (Ա. Ֆրանս` «Համր կինը»), Մամքան (Մուրացան` «Ռուզան»):
Ա. Պետրոսյանը 1976 թ. Երիտասարդ դերասանների հանրապետական փառատոնում արժանացել է երրորդ կարգի դիպլոմի, 2006 թվականին Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակին նվիրված հանրապետական թատերական փառատոնում` «Արտիստ» մրցանակի:
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2008 թ.), ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի (2005 թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2012 թ.):
Ծնվել է 1945 թ. հունիսի 14-ին ԼՂԻՄ Խանածախ գյուղում: Ուսումնառությունը ստացել է սկզբում տեղի 8-ամյա դպրոցում, այնուհետև ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դերասանական բնատուր շնորհքը երևան է եկել դեռևս դպրոցական տարիներին` տարբեր մրցույթների, փառատոների հաղթող ու դափնեկիր է ճանաչվել, ինչն էլ 1963 թ. նրան բերել է Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետդրամթատրոն, որտեղ լավագույն ռեժիսորների ձեռքի տակ և վարպետ դերասանների խաղընկերությամբ հղկվել է նրա շնորհքը, ձեռք է բերել վարպետություն ու նվիրվածությամբ ծառայել բեմին:
Սկզբնական շրջանում մարմնավորել է քնարական-դրամատիկական հերոսուհիների, այնուհետև նրա դերացանկում հայտնվել են նաև կատակերգական, բնութագրական գունեղ կերպարներ, որոնք առանձնացել են վառ, ընդգծված, անկաշկանդ խաղակերպով:
Ա. Առաքելյանի լավագույն դերակատարումներից են. Սյուզի (Ա. Կրոնին` «Բրոուդիի ամրոցը»), Ֆուրտիկ (Վ. Գագլոև` «Ասք մոր մասին»), Սուսան, Ջավահիր (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Չար ոգի»), Օլգա (Մ. Զարուդնի` «Ծիածան»), Մոպսա (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ»), Կորինկինա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Շահանդուխտ (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Ադելաիդա (Տ. Վարդազարյան` «Ադելաիդան նորահարս»), Սիլվիա (Մ. Սովաժոն` «Գիշերային իրարանցում»), Կուլա (Դ. Պսաֆաս` «Պահանջվում է ստախոս»), Աննա (Մ. Գորկի` «Վասսա Ժելեզնովա»), Նատո (Հովհ. Թումանյան` «Գիքորը»), Ուստիան (Գ. Տեր-Գրիգորյան` «Զգուշացեք, նա դեռ կա»), Վենեսուելա (Ս. Խալաթյան` «40 օր համբառնալուց առաջ»), Մամքան (Մուրացան` «Ռուզան») և այլն:
Ա. Առաքելյանը բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով, արժանացել է տարբեր թատերական փառատոների դափնեկրի կոչման: Դրվագային դերերում նկարահանվել է Գ. Վարսդանյանի «Ճակատագիր» (Գյուլնար), Գ. Տոնունցի «Կամո» (Կին) ֆիլմերում: