Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ / «ՇՆԱՁԿԱՆ ՍՏԱՄՈՔՍԸ»
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆԻ «ՇՆԱՁԿԱՆ ՍՏԱՄՈՔՍԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում
Թատրոնը ժողովրդի հավաքական ինտելեկտի արտահայտությունն է: Թատրոն ունեն միայն ձևավորված համաբանությունները: Նույնիսկ մեկ հանճարեղ հունդը ընձյուղ չի կարող տալ թերավարուկ գեղագիտական հողի մեջ: Եվ այդ է պատճառը, որ թերակշիռ երկրների կատարուն հունդը որոնում է իրեն հարմար ապար և միաձուլվում է օտար ոգեխոսության հանդիսությանը: Երկիրը ի՛ր ձայնը պիտի ունենա, ի՛ր ասելիքը պիտի ունենա, այլապես նա լոկ ընդօրինակողն է այլազան, խայտաբղետ դրսևորումների: Ընդօրինակում է ուրիշի խոսքը, ընդօրինակում է ուրիշի բեմը:
Սեփական ասելիքը կտոր-կտոր եղած գեղագիտության խլյակները հավաքել, ձուլել կարող է միայն Պետականություն ունեցող, կայացած, հզոր, ինքնաբավ Երկիրը:
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
ՇՆԱՁԿԱՆ ՍՏԱՄՈՔՍԸ
Գործող անձինք
ՇԱՄԻՐԱՄ — գեղեցիկ կին
ՆԱԶԵԼԻ — բալետի պարուհի
ՀԵՐԻՔՆԱԶ — կոպիտ կին
ՄԱՅՔԼ — ընդհանրապես որդի
ՍԱՔՈ — սարսոֆոնահար
ԴԱՎԻԹ — դուդուկահար
ՆՎԱՐԴ — արհեստավարժ ընդդիմադիր: Անխտիր բոլոր հանրահավաքների ուղն ու ծուծ-մասնակիցը
ԾԱՏՈՒՐ — հին հայ. Կոնդի բնակիչ
ԵՐՎԱՆԴ — գլուխը կախ թոշակառու
ԾԱՄՈՒՆՑ — նոտար
ԳԱԳՈ — թաղային հեղինակություն
ՉԿՉԿՈ — թաղային հեղինակություն
ԴԱՎԴՈ — քրեական հեղինակություն
ԵՐԵՔ ԴԻՄԱԿԱՎՈՐ
Վարագույրը դեռ չի բացվել: Վարագույրի առջև նստած են սևեր հագած Նվարդը, Հերիքնազը, Ծատուրը, Մայքլը, դուդուկահար Դավիթը՝ իր դաստայով, սաքսաֆոնահար Սաքոն՝ իր խմբով: Անկյունում տեղավորվել է գեղեցկուհի Շամիրամը: Նա աննկատ է մինչև պատկերի վերջը: Լուռ են: Աջ կողմից ներս է մտնում բալետի պարուհի Նազելին: Սա էլ սևերի մեջ է, բայց ոտքերին բալետի մույկեր են: Նա անցնում է բեմի երկարությամբ և, նստելու տեղ չգտնելով, դժգոհում է, հանդիմանանքով նայում Սաքո Սաքաֆոնյանին, որը համառորեն չի ուզում նկատել նրան, ապա երկրորդ անգամ է անցնում բոլորի առջևով, այս անգամ սևեռվում է Մայքլի և Դավթի վրա, որոնք նույնպես չնկատելու են տալիս կնոջ ներկայությունը, հետո նորեն անցնում է նստածների առջևով ու մեկ-մեկ զննում դեմքերը:
ՆԱԶԵԼԻ — Ես ոչ ոքի չեմ ճանաչում… Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ:
Բոլորը որոշ ժամանակ լուռ են, ասես պիտի հասունացվեր ու միաձայնվեր պատասխանը:
ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ — Մենք էլ քեզ չենք ճանաչում… Դո՞ւ ինչ գործ ունես այստեղ:
ՆԱԶԵԼԻ — (պարի շարժումներ է անում, հետո թաշկինակը դնում է աչքերին): Ես նրա ամենասիրած դերասանուհին եմ… և ամենամտերիմ կինը:
Սաքոն սաքսոֆոնի մի քանի հնչյուն հեգնաբար հարմարեցնում է նրա շարժումներին և, ընդհանրապես, ամբողջ պատկերի ընթացքում իր գործիքի միջոցով սեփական վերաբերմունքն է ցուցաբերում մնացած գործող անձանց նկատմամբ: Դավիթն իր հերթին դուդուկով է հայտնում իր վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, երբեմն իր խոսքն է ձևավորում նվագով:
ՍԱՔՈ — (ելնելով իր տեղից, նույնպես զննում է նստածների դեմքերը՝ ասես նոր է տեսնում նրանց: Նազելին արագորեն զբաղեցնում է նրա աթոռը): Իսկապես, դուք ովքե՞ր եք… Ես էլ ձե՛զ չեմ ճանաչում:
ԲՈԼՈՐԸ՝ ՆԱԶԵԼԻԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ — (անկանոն, տարբեր ձայներով): Իսկ դու ո՞վ ես… Մենք էլ քեզ չենք ճանաչում:
ՍԱՔՈ — (մեղմ, չարագուշակ): Ես ո՞վ եմ… (Ձայնը բարձրացնելով, վիրավորված:) Ես ո՞վ եմ… Ես ո՞վ եմ… (Առավել վիրավորվածությամբ:) Ե՞ս ով եմ… Ե՞ս… Ես Սաքո Սաքաֆոնյանն եմ… Նա իմ սաքսոֆոնի ձայնը որ չլսեր՝ գիշերը քուն չէր ունենա… (Վերադառնում է իր տեղը, բայց այն արդեն զբաղեցրել է Նազելին:)
Իր տեղից ելնում է Նվարդը, անցնում ամբողջ բեմով և մեկ-մեկ դիտում բոլորի դեմքերը: Այդ ընթացքում Սաքաֆոնյանը նստում է նրա աթոռին:
ՆՎԱՐԴ — (հանդիմանանքով): Սրանց տեսե՜ք… Եկել նստել են… Մի հարցնող էղնի` ձեզ ես ճանաչո՞ւմ եմ…
ԲՈԼՈՐԸ — (խառնիխուռն): Հարցնողը մե՛նք ենք՝ մենք քեզ ճանաչո՞ւմ ենք… Դու ո՞վ ես, որ էսպես հանգիստ թրև ես գալիս ուրիշի տիրույթում:
ՆՎԱՐԴ — (թաշկինակը դնում է աչքերին և հեկեկում, ինչը չի սազում իր կերպարանքին): Ես նրա առաջին սերն եմ… Ծանոթացանք աշնան մի երեկո, երբ դեղին սաղարթը խշշում էր մեր տակը…
ՄԱՅՔԼ — (ծիծաղում է): Ձեր տա՞կը…
ՆՎԱՐԴ — (իր էության իրական կաղապարում): Հա՛, երիտասարդ, մեր տակը… Եվ պտի ասեմ, որ մեր տակը խշխշացել են ոչ միայն դեղին տերևները, այլև ճերմակկապ մետաքսն ու բատիստը, մախմուրն ու պլյուշը… (Արժանապատվությամբ, ընդգծելով:) Ես նրա առաջին կնիկն էի… օրինական, զագսով-բանով: (Շինծու մեղմությամբ:) Ապահարզանը չար լեզուների մեղքով էր:
ՀԵՐԻՔՆԱԶ — (կտրուկ վեր է կենում տեղից): Ի՞նչ ասացիր… Ոնց էլ բլբլում ա… Թե՞ քեզ թվում ա՝ հանրահավաքում ես… Ինչ լեզվիդ գա՝ դուրս ես տալու… Նա եթե կարողանար լսել՝ մազերդ կփետտեր, ոսկորներդ կջարդեր… Նրա առաջին կնիկը ե՛ս եմ եղել, տիկին խշխշան… (Նվարդի քթի առջև թափահարելով իր բռունցքը:) Եվ էդ իրավունքով ես կարող եմ ոսկորներդ ջարդել, լեզուդ պոկել լփռոշ բերանիցդ: Դու ո՞նց ես վաաբշե համարձակվել մոտենալ նրա դռանը, ի՛մ դռանը… (Մոտենում է Սաքաֆոնյանին:) Հետո դո՛ւ, պարո՛ն սաքսոֆոն… (Մոտենում է Նազելիին:) Դո՛ւ, տիկին ֆինտիֆլյուշկա՛… (Առանձին-առանձին մոտենալով մնացածին:) Դուք ովքե՞ր եք, ախր… Ես ճնաչո՞ւմ եմ ձեզ…
ԾԱՏՈԻՐ — (վարանոտ համարձակությամբ): Դո՞ւ պիտի ճանաչեիր… (Տեսնելով Հերիքնազի նախահարձակ հայացքը:) Լա՜վ, լա՜վ, ձեռքերդ շատ մի՛ թափահարի…
Հերիքնազն ուզում է նստել իր տեղը, աթոռն արդեն զբաղեցրել է Նվարդը: Այնպես որ՝ մեկը միշտ ոտքի վրա է մնում:
ԵՐՎԱՆԴ — (անհանգստացած, ելնում է տեղից, Հերիքնազը գնում է նրա կողմը՝ զբաղեցնելու համար նրա աթոռը, սակայն աթոռը չկա. Երվանդն իր հետույքին պահած կրում է նստատեղը: Նա ևս զննում է բոլորի դեմքերը, իսկ Նազելիին հասնելով՝ տեստեսում է նրա ոտքերը): Կարո՞ղ ա ձեզնից որևէ մեկը երեսիս ասի ու հաստատի, որ նա՛ ինձ չի ճանաչել: Նա՝ համարյա եղբայրը, եղբորից էլ հարազատ…
ԾԱՏՈՒՐ — Ես Կոնդում եմ ծնվել… ապրել եմ Կոնդում… ապրում եմ Կոնդում… ու Կոնդում էլ պիտի մեռնեմ: Հիմա ասա՝ որտե՞ղ ես հարազատացել նրա հետ:
ԵՐՎԱՆԴ — (շփոթամիտ): Կո՞նդ… Ի՞նչ կապ ունի Կոնդը իմ հարազատության հետ:
ԾԱՏՈՒՐ — (քթի տակ խորամանկ խնդմնդալով): Էն կապն ունի, սիրելի հարազատ, որ Երևանում ինչ կատարվում էր, մի ժամ հետո Կոնդում իմանում էինք: Կոնդը Երևանի փարոսն էր…
ԵՐՎԱՆԴ — (դես ու դեն է նայում, երկբայելով, բայց ջղայնացած): Դո՛ւ, կոնդեցի՛, գիտե՞ս որտեղ են իսկապես հարազատանում… Ասե՞մ…
ԾԱՏՈՒՐ — Չէ, ախպեր, պետք չի… Կոնդում է՛դ էլ են հասկանում…
ԵՐՎԱՆԴ — (փոքր-ինչ հանգստացած): Դե որ հասկանում են՝ սո՛ւս կաց: Եղա՞վ…
ԾԱՏՈՒՐ — (հաշտ): Եղա՛վ… Կոնդում ամեն ինչ հասկանում են:
ՆՎԱՐԴ — Ի՞նչ են հասկանում… որ հարազատանում են պատերազմո՞ւմ ու մեկ էլ՝ բանտո՞ւմ: Իմացե՛ք, եթե չեք իմանում, որ հարազատանում են հանրահավաքներում: Ընդդիմության շարքերում…
ԵՐՎԱՆԴ — (քմծիծաղով): Ընդդիմությո՞ւն… Նա ի՞նչ կապ ուներ ընդդիմության հետ:
ՆՎԱՐԴ — Էն կապը, որ մենք ծանոթացել ենք հե՛նց հանրահավաքներից մեկի ժամանակ:
ՀԵՐԻՔՆԱԶ — (մոտենում է Նվարդին): Ետևի՞ց էիր սեղմվում, թե՞ առաջից… «Կորչի» էիր բղավո՞ւմ, թե՞ «կեցցե»… Քանի՞ հոգի էին օրգազմիդ հեղինակը… Ամբողջ ընդդիմությո՞ւնը, թե՞ ընդդիմության կեսը… կամ երրորդ մասը… գուցե չորրո՞րդ մասը…
ՆՎԱՐԴ — Անսկզբունք լի՛րբ… Քեզ դատի՛ կտամ… Քեզպեսներն են երկիրն էս օրի հասցրել:
ԴԱՎԻԹ — Ինչի՞ եք կռվում, հայե՜ր… Հայեր չե՞ք… Հայե՞ր եք… Ծանոթ չէինք՝ հիմա հո ծանոթացանք: Ի՞նչ տարբերություն: Առա՞ջ էիք ծանոթացել, թե՞ հիմա: Որ եկել եք՝ ուրեմն հարգում եք նրան: Նրան ո՞վ չի ճանաչում… սաղ քաղաքը ճանաչում ա: Մենք առաջինն ենք, հլա գալու են… Հո բոլորի հետ չեք կռվելու, բոլորին հո չեք ապացուցելու, որ ծանոթ եք, հարազատ եք, բարեկամ եք, ես ինչ գիտեմ՝ էլի ի՜նչ եք… Դուք բոլորդ իրար չէիք ճանաչում, բայց ամեն մեկը առանձին-առանձին նրան ճանաչում էր, նրա հետ մոտ էր:
ՀԵՐԻՔՆԱԶ — Դո՞ւ որտեղից ես նրան ճանաչում:
ԴԱՎԻԹ — Վաա՜… Էսքան խոսելս իզո՞ւր անցավ:
ՀԵՐԻՔՆԱԶ – Փա՛ստ ա պետք… Եթե ամոթ ունեք…
ԴԱՎԻԹ — Վաա՜… Էս ինչ բերան ունես, կնի՛կ:
ՀԵՐԻՔՆԱԶ — Բերան չունեմ, է՜… Փաստաթուղթ ունեմ: Բերանից ուժեղ ու գրագետ: (Ծոցից հանում է փաստաթուղթը:) Տե՜ս… Տեսե՜ք… (Անցնում է բոլորի առջևով ու թուղթը խոթում նրանց աչքերը:) Տեսնո՞ւմ եք…
ՍԱՔՈ — Էդ ի՞նչ թուղթ է:
ՀԵՐԻՔՆԱԶ — Էս թուղթը վկայում ա, որ ես էրեխա եմ ունեցել:
ՄԱՅՔԼ — (ծիծաղելով): Հետո ի՞նչ… Ո՞վ երեխա չի ունեցել:
ՀԵՐԻՔՆԱԶ — (ջղային): Պիժո՛ն… Ես նրանի՛ց եմ երեխա ունեցել:
ՆՎԱՐԴ — (նայելով փաստաթղթին): Էդ որտե՞ղ ա գրված, որ նրանից ես էրեխա ունեցել:
ՀԵՐԻՔՆԱԶ — Լրագիր հո չի, որ ամեն ինչ գրվի… Գնացե՛ք ծննդատուն, մտե՛ք արխիվը և պարզ կդառնա:
Մայքլը փռթկում է:
ՀԵՐԻՔՆԱԶ — Դու ընչի՞ ես խրխնջում:
ՄԱՅՔԼ — Խրխնջում եմ, որովհետև ուզում եմ իմանալ, թե ձեզնից ո՞րն է իմ մայրը:
ՆՎԱՐԴ — Քո՞ւ մերը:
ՄԱՅՔԼ — (շարունակելով ծիծաղը): Հա՛, իմ մայրը, որովհետև նա իմ հայրն էր:
ԾԱՏՈՒՐ — Եվ դու չգիտես քո մո՞րը:
ՄԱՅՔԼ — Որտեղի՞ց իմանամ: Ինձ մանկատուն տարան: Ո՞վ տարավ: (Նվարդին.) Դո՞ւ… (Հերիքնազին.) Դո՞ւ…
ՍԱՔՈ – Վե՛րջ տվեք… Ամեն ինչ իրար խառնեցիք: Նա էնքան ոսկի ու դոլար ուներ, որ չէր թողնի իր երեխային մանկատուն տանեն:
ՄԱՅՔԼ — Իսկ դու չգիտե՞ս, որ նոր հայերը ժլատ են:
ԾԱՏՈՒՐ — Էդ ե՞րբ նորացավ հայը: Տասը տարի է թալանը Հայաստանում: Դու քանի՞ տարեկան ես:
ՄԱՅՔԼ — Բայց հո չե՞ս կարող հերքել, որ ես մանկատնից եմ… Իմ գոյանալուն ընդամենը մի կին էր պետք ու մի տղամարդ:
ՍԱՔՈ — Անպայման չի: Սրվակի մեջ էլ են երեխա առաջացնում:
ՄԱՅՔԼ — (որոշակի): Այո, ճիշտ եք: Նրա՛ սերմով:
ՀԵՐԻՔՆԱԶ — Դու ի՞նչ փաստաթուղթ ունես, որ նրա՛ սերմն ես:
ՄԱՅՔԼ — (ցույց տալով իր դեմքը): Խնդրե՛մ: Սրանից ավելի ճշգրիտ փաստաթուղթ կա՞ աշխարհում:
ՆՎԱՐԴ — Հայերը սաղ իրար նման են:
ԾԱՏՈՒՐ — Եվ իրար նման խուժան:
ԵՐՎԱՆԴ — Բա ասում էիր՝ կոնդեցի ես:
ԾԱՏՈՒՐ — (շփոթված): Հետո ինչ…
ԵՐՎԱՆԴ — Հետո էն, որ Կոնդը իր արժանապատվությունն ունի: Հայի՛ արժանապատվությունը:
Ծատուրը երկար հազում է:
ՍԱՔՈ — Չէ, նոր հայերը հին հայերին նման չեն:
ԾԱՏՈՒՐ — Ինչի՞… Հին հայերը հարուստներ չունեի՞ն:
ՍԱՔՈ — Խոսքը սովետական հայերի մասին է, հոպար:
ԾԱՏՈՒՐ — Էս նոր հարուստներին սովետական հայերը չշինեցի՞ն:
Վարագույրը մի փոքր բացվում է, նեղ արանք է առաջանում, որից երևում է շքեղ մի դագաղ՝ իր մեջ պարունակելով նոր հայի տիպիկ ներկայացուցչի կերպարանք (անպայման՝ մուլյաժ): Դագաղի երկու կողմից, որպես պատվո պահակ, կանգնած են սևեր հագած պատկառազդու Գագոն ու Չկչկոն:
Վարագույրի արանքից դուրս է գալիս նոտար Ծամունցը, բազմանշանակ նայում վարագույրի առջև հավաքվածներին և հայացքը տեղափոխում ձեռքում պահած թղթի վրա: Բոլորը ոտքի են ելնում և սևեռվում դեպի նոտարը:
ԾԱՄՈՒՆՑ — Ես հիմա կծանոթացնեմ ձեզ հանգուցյալի կտակին: (Կարդում է:) «Ես՝ Շմավոն Մամիկոնյանս, որ հայտնի եմ նաև Շմո մականունով, սթափ գիտակցությամբ և ինքնությունս հստակ զգալով, իմ կամքն եմ հայտնում հետևյալ կերպ. մահվանիցս հետո ամբողջ ունեցվածքս՝ բենզալցման կայանները, չորս ռեստորան, վեց սրճարան, երկու տուն Երևանում, մեկ ամառանոց Կիպրոսում, մեկ մենատուն Լոս Անջելեսում, երկու խանութ Մոսկվայում, երեք «Մերսեդես» ավտոմեքենա, մեկ «ԲՄՎ», մեկ «Աուդի», կտակում եմ Շամիրամ Ֆրունզեի Հովհաննիսյանին: Քանի որ նա երկար ժամանակ քաղաքացիական ամուսնությամբ էր կապված ինձ հետ, պահանջ-պայման եմ դնում հետմահու օրինական ճանապարհով ամուսնացնել մեզ: Արարողությունը պետք է շքեղ լինի, ինչպես շքեղ էր իմ կյանքը: Գումար չխնայել: Ամուսնության ծիսակարգը պետք է ուրախ անցնի, և ներկա լինի՝ ով որ կամենա: Հետգրություն. Շամիրամ ջան, ջիգյարս, տեսա՞ր, որ խոսքիս տերն եմ և քո բաղձանքը կատարում եմ, թեպետ հեշտ մեռնողը չեմ:
Բոլորը հայացքով որոնում են Շամիրամին, որի ներկայությունը չեն զգացել ո՛չ իրենք, ո՛չ՝ հանդիսականները: Նա անկյունում, ստվերի մեջ լուռ նստած էր ամբողջ այս ընթացքում: Այժմ լուսարձակները ուղղվում են նրա վրա, և լույսի մեջ հայտնվում է մի նոր կերպարանք, ինքնավստահ քայլվածքով անցնում է բեմի երկարությամբ և վարագույրի ճեղքից մտնելով ներս, կանգնում հանգուցյալի կողքին: Մի պահ բոլորը շվարում են:
ՆՎԱՐԴ — (սթափվելով): Ո՞նց… Ամուսնություն դիակի՞ հետ…
ԴԱՎԻԹ – Հանգուցյալի՛:
ՀԵՐԻՔՆԱԶ — Հանգուցյալը գժվել ա:
ՆԱԶԵԼԻ — Ուզում եք ասել՝ գժվել է՛ր:
ԾԱՏՈՒՐ — Որտե՞ղ եք իմացել, որ մեռելը գիժ լինի:
ԴԱՎԻԹ — Ճիշտ որ՝ մեր մեջ ամենախելոքը հիմա ինքն է: Հանգի՜ստ, ժպիտը երեսին, աշխարհից տալիք-առնելիք չունի:
ՀԵՐԻՔՆԱԶ — Իսկ ինչո՞ւ չի կտակել, որ իր քաղաքացիական կնոջը, այսինքն՝ սիրուհուն, դնեին իր կողքին:
ՆՎԱՐԴ — (Ծամունցին): Նոտա՛ր, մինչև վերջ կարդա… Կարող ա՝ էդպես էլ լինի: Գիտեմ հայերի բնավորությունը…
ՆԱԶԵԼԻ — Ես կարդացել եմ մի տեղ, որ հանգուցյալի հետ կնոջն ու ծառաներին (մատնանշում է Գագոյին ու Չկչկոյին) կենդանի-կենդանի դրել են դագաղը:
ԵՐՎԱՆԴ — Այ, իսկական սե՜ր, իսկական ընտանի՜ք…
ԴԱՎԻԹ — (նենգաժպիտ): Ասում են՝ հարազատներին էլ են հետը դրել:
ՄԱՅՔԼ — (խայթիչ): Հա, ե՛ս էլ եմ լսել… Երաժիշտների հետ մեկտեղ:
Վարագույրն ավելի է բացվում, և հավաքվածներից յուրաքանչյուրը փորձում է առաջինը ներս մտնել: Կամաց-կամաց, իրար խանգարելով, մոտենում են դագաղին, պտույտ կատարում նրա շուրջը և կանգնում Շամիրամի կողքին: Դավիթը, կարծես անհայտությունից, քաշում-դուրս է բերում դուդուկի լալյունը:
ՍԱՔՈ — (անորոշության մեջ այս ու այն կողմ է նայում): Հիմա չեմ հասկանում՝ մենք հոգեհանգի՞ստ ենք կատարելու, թե՞ հարսանիք:
ՉԿՉԿՈ – Ե՛վ էն, և՛ էն…
ԳԱԳՈ — (մատնանշելով Դավիթին): Ե՛վ նա, և՛ դու:
ՍԱՔՈ — Հա՞… Ուրեմն ե՞ս էլ գործ կունենամ:
ՀԵՐԻՔՆԱԶ — Մե՞նք ինչ ենք անելու… Լա՞ց ենք լինելու, թե՞ պարելու ենք:
ՆԱԶԵԼԻ – Պարելո՛ւ ենք, պարելո՛ւ…
ՉԿՉԿՈ – Ե՛վ էս, և՛ էն…
ԾԱՏՈՒՐ — Միասի՞ն:
ԳԱԳՈ — Կես-կես:
ԵՐՎԱՆԴ — Եկեք պարզենք. եթե առաջինը հոգեհանգիստ ենք կատարելու, մեր սիրելի հանգուցյալին հարկավոր է հորիզոնական վիճակում դնել, որ պառկած լինի, եթե հարսանիք՝ հարկավոր է ուղղահայաց պահել, որ կանգնած լինի:
Չկչկոն ու Գագոն իրար են նայում:
ՉԿՉԿՈ — Տարբերություն կա՞…
ԳԱԳՈ — (նայելով հանգուցյալին): Կարծում եմ՝ ճաշակի հարց ա:
ՉԿՉԿՈ — Հարսը պիտի կողքը կանգնած լինի, չէ՞…
ԳԱԳՈ — (նայելով Շամիրամին): Լաց լինելիս՝ պիտի վրա՛ն լաց լինի:
ՆՎԱՐԴ — Բա որ «գորկո» գոռանք՝ ո՞նց ա համբուրելու: Փեսայի՞ն պտի համբուրի, թե՞ մեռելին… Կարծում եմ՝ տարբերություն կա:
ՀԵՐԻՔՆԱԶ — (Նվարդի կողմը): Մեռելատանը չեն գոռում… Սա հանրահավաք չի: ՆԱԶԵԼԻ — Հանրահավաք չէ, բայց հարսանիք է: (Պարելով պտտվում է դագաղի շուրջը:) Հանգուցյալը խնդրել է, որ ուրախ լինենք… Իսկ ո՞ր ուրախությունն է առանց պար:
ԴԱՎԻԹ — Եվ հոգեհանգիստ էլ, չէ՞… (Ծամունցին.) Էդպես ասացիր, կարծեմ…
ՉԿՉԿՈ — (նոտարի փոխարեն): Հա՜… Էդպես ասաց: Հարց չկա, յոլա կտանենք:
ԴԱՎԻԹ — Ներողություն, բայց հարց կա: Եթե պառկած է՝ ես պիտի նվազեմ, եթե կանգնած է՝ Սաքոն: Էդ ո՞նց է լինելու…
Չկչկոն ու Գագոն հարցական իրար են նայում, հետո՝ Ծամունցին: Ծամունցը ուսերն է թոթվում:
ԳԱԳՈ — (հայացք է գցում հանգուցյալի կողմը, հետո շուրջն է նայում, ապա՝ Շամիրամին, որը քարացածի տպավորություն է թողնում, և պատասխան չստանալով, որոշում է): Միասին կնվագեք:
ԴԱՎԻԹ — (մոլոր): Հա՞… Հիմա որի՞ց սկսենք: Հոգեհանգստի՞ց, թե՞ հարսանքից:
ՍԱՔՈ — Ճիշտը հարսանիքն է:
ՉԿՉԿՈ – Ասացինք՝ միասին:
Չկչկոն ու Գագոն փորձում են դագաղի դիրքը պատկերացնել, բարձրացնում են ուղղահայաց, մեկ՝ պառկեցնում… Եվ այդպես մի քանի անգամ, սակայն վերջնական որոշման չեն գալիս:
ՆՎԱՐԴ — (հայացքով տնտղում է քարացած Շամիրամին, հետո իր բուռը միկրոֆոնի հանգույն մոտեցնում շուրթերին և դեռ անվստահ, ապա՝ ոգևորվելով): Ժողովո՜ւրդ… Ըստեղ կեղծարարություն կարող ա լինել… Էսպես միանգամից հարցը չի լուծվում… Պետք ա պարզել նոտարի ինքնությունը… Ձեզնից ո՞վ է նրան ճանաչում… (Բոլորը լուռ իրար են նայում:) Ոչ մեկը… Ուրեմն եկեք պարզենք՝ նա իսկապես նոտա՞ր է, թե՞ կաշառված անգործ… Ինչպես գիտեք՝ բնակչության կեսը աշխատանք չունի, և նրանք ամեն ինչի պատրաստ են: Կոչ եմ անում ստուգել նրա ով լինելը և պետք եղած դեպքում դիմել դատարան:
ՀԵՐԻՔՆԱԶ — Դրուստ որ՝ շատ արագ հանձնվեցինք… երբ ես նրանից երեխա ունեմ…
ՄԱՅՔԼ – Այո՛, այո՛… Ես էլ նրա որդին եմ…
ՆԱԶԵԼԻ — Իսկ ես նրա պարուհին եմ…
ԾԱՏՈՒՐ — (Ծամունցին): Ներողություն, բայց Կոնդում էլ Ծամունց անունով նոտար չենք իմացել:
Քարացած Շամիրամը անսպասելիորեն շարժունակ է դառնում և ականջները խլացնելու չափ ուժգին գոռում է, գոռոցը երկար է ու ասես վերջ չպիտի ունենա:
ՇԱՄԻՐԱՄ — Սուուուո՜ւսսսսս….
Վարագույրը Շամիրամի ճիչի հետ, մինչև այն կվերջանա, դանդաղորեն լրիվ բացվում է, և այժմ մնացածն են քարանում, աշխուժանում է միայն Շամիրամը: Նա հովազի քայլվածքով շարժվում է քարացած մարդկանց միջև, առարկա գնահատելու պես մեկ-մեկ շոշափում յուրաքանչյուրին:
ՇԱՄԻՐԱՄ — Դուք ովքե՞ր եք… Որտեղի՞ց հայտնվեցիք… Լավ նայե՞լ եք ձեր ֆասոններին… (Քարացած Նվարդին, հեգնանքով:) Դո՞ւ ես նրա առաջին սերը: Է՞դ կրծքով, է՞դ հետույքով, է՞դ ազդրերով ես նրան բավարարել: Քեզ սաղմնավորելու պահին հայրդ երկմտանքի մեջ է եղել՝ աղջկա՞ կիսաֆաբրիկատ է ուղարկում մորդ արգանդը, թե՞ տղայի: Դու նրա անվստահության արդյունքն ես: (Քարացած Հերիքնազին:) Դու, կարծեմ, փարախում ես ծնվել: Հայրդ կոլտնտեսության նախագահ էր և գողության համար սկզբում բանտարկվեց, հետո՝ էլի գողության համար, շքանշան ստացավ: Դու այդ շքանշանն ես… Սովետական Միության հերոսի շքանշանը: (Քարացած Նազելիին:) Դու այդ տոտիկներով քանիսի՞ շուրջն ես ֆռռացել: Սեղանի վրա ես ուզում պարել, բայց միշտ սեղանի տակն ես մտել… Էդ ի՞նչ էիր անում նախարարների ոտքերի մոտ: Հիմա որոշել ես դագաղի՞ շուրջը տոտիկներդ խաղացնել: Դասական բալետի ժամանակն անցել է: Ուրիշ ժամանակ է սկսվել: Այսօր ոտքերը քիչ են… Ամբողջ մարմինն էլ հերիք չի անի գոյության խոլապարի մեջ… Ներսում պիտի դինամիտ ունենաս: Առնվազն՝ ԲՄՎ-ի շարժիչ: Պարը մարմնի մեջ է լինում: Դրսի ժամանակը անցել է… Ներսի ժամանակն է եկել… Իսկ ներսը դաժան է, գիշատիչ, ճանկերով ու մագիլներով: (Քարացած Ծատուրին:) Կոնդը մեռել է արդեն… Դու պիտի թաղվեիր նրա մեջ: Դու ավելի ես մեռած, քան իմ փեսացուն, որ փառավորվել է իր այս դղյակում: Դու միշտ կախում ես ունեցել նրանից… Ու հիմա նույնիսկ դիակից կախում ունես: Ուզածդ ի՞նչ է… Մի քանի դրամ կամ դոլար, և կծախես Կոնդն էլ, Երևանն էլ… (Քարացած Մայքլին:) Դո՜ւ… Մամայի տղա… Մամաների տղա… Տակդ չիշիկ ես անում ու մաքրող չունես: Բա ես մաքրողի նմա՞ն եմ: Շարունակի՛ր չիշիկ անել, բայց ոչ ուրիշի անկողնում: (Քարացած Սաքոյին:) Լոս Անջելես ես ուզում գնա՞լ… Էդ քո ժանգոտ սաքսոֆոնո՞վ… Սարերում շվի էիր նվագում ու երազում էիր Բրոդվեյ: Գաղթականնե՛ր… Ո՞վ է ձեզ ծրագրել… Հայկ Նահապե՞տը, թե՞ Բելիարը: Խղճուկնե՜ր… Աշխարհը ձեր ներսում պիտի լինի: Դրսում աշխարհ չկա: Թուլամորթնե՜ր… (Քարացած Դավիթին:) Դուդուկի ձայնը իսկապես հաճելի էր նրան… (Այս խոսքերից Դավթի քարացածությունը սկսում է շարժվելու տարրեր ցուցաբերել:) Իսկ ես չե՛մ սիրում: Եվ ես եմ այժմ որոշում ամեն ինչ: Լսեցի՞ք, ես նրա կինն եմ: Եվ նրա ժառանգորդը: Ձեզ մնում է միայն համաձայնել: Եվ եթե որևե բանի կարիք ունեք՝ մի թռվռաք, դա ձեր գործը չէ… Հիմա ուրիշ թռիչք է հարկավոր: Խորհուրդ կտամ՝ հերթ կանգնել: Ե՛ս եմ որոշողը:
Առաջ է գալիս Նվարդը:
ՆՎԱՐԴ — (լրիվ կերպարանափոխված: Բուռը միկրոֆոնի հանգույն պահելով բերանի մոտ): Կեցցե՛ հանգուցյալի կինը… Ժողովո՜ւրդ… Երբ ես հանգուցյալի առաջին սերն էի, մի բան պարզ էր ինձ համար՝ նրա ճաշակը անթերի է: Եվ խնդրեմ, ապացույցը մեր աչքի առջև ա… Մեզ մնում ա շնորհավորել և ցավակցել տիկնոջը…
ՇԱՄԻՐԱՄ — Շամիրամին…
ՆՎԱՐԴ — Շամիրամին… Конечно — Շամիրամին: Սրտանց ցավակցենք և գլխահակ շնորհավորենք… Հակառակը՝ գլխահակ շնորհավորենք և սրտանց ցավակցենք… Մի խոսքով՝ ցավակցենք և շնորհավորենք էս ուրախ և տխուր իրադարձությունը: (Եռանդախեդդ:) Մենք քեզ հետ ենք, Շամիրա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ… (Կանգնում է Շամիրամի կողքին:)
ՀԵՐԻՔՆԱԶ — (մեկուսի): Աղվե՛ս… (Բարձրաձայն:) Շա՜-մի՜-րա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ.. (Նույնպես կանգնում է Շամիրամի կողքին:)
ՆԱԶԵԼԻ — (երգեցիկ): Շա՜-մի՜-րա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ… (Պարելով պտտվում է Շամիրամի շուրջը և կանգնում կողքին:)
ՄԱՅՔԼ — Ստացվում է՝ ինձ երեք մայր են ծնել…
ՍԱՔՈ — Երեք տարբեր ծննդատներում…
ՄԱՅՔԼ — Ամեն դեպքում ես գոհ եմ… Կեցցե՛ ժողովրդավարությունը… Շա՜-մի՜-րա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ… Շա՜-մի՜-րա՜մ…
Ծատուրն ու Երվանդը սուսուփուս միանում են նրանց:
ՉԿՉԿՈ – Սպասե՛ք… Ինչ եք իրար գլխի հավաքվում… Մարդավարի կանգնեք… Մեռելատանն ու հարսանիքին վայել…
ԾԱՏՈԻՐ — Էդ ո՞նց…
ԳԱԳՈ — Ոնց ու՝ ձայնդ սաղ լինի… Ձայնդ մեզ պետք ա…
ՆԱԶԵԼԻ — Իմ ձայնը պետք չէ՞…
ՉԿՉԿՈ – Պե՛տք ա, պե՛տք ա… Բոլորիդ ձայներն էլ պետք են…
ՇԱՄԻՐԱՄ — (դեռ խիստ ու կոշտ, ապա, հերթով դիտելով յուրաքանչյուրին, հետզհետե ժպտանման մի արտահայտություն է սողալով հայտնվում դեմքին): Ես ձեզ հասկանում եմ, լա՜վ եմ հասկանում… Ես էլ հայ եմ… Մենք և՛ նման ենք, և՛ տարբեր… Բայց հայավարի ենք տարբեր… Լաց ենք լինում մի ձևով, ուրախանում ենք նույնպես մի ձևով: Էսօր անսովոր ու զարմանալի օր է: Միայն հայերին հատուկ… Մեր ողբն ու ուրախությունը իրար են հաջորդել… Եվ մեկը մյուսին չի խանգարել… (Դադար: Բոլորը սպասումի մեջ սսկած հետևում են Շամիրամին, թե ինչ է լինելու հետո: Շամիրամի դեմքին շատ դանդաղ երևակվում է ժպիտ:) Ճի՞շտ եմ…
ԲՈԼՈՐԸ — (իրար խանգարելով բացականչում են): Ճի՜շտ ես… Ճի՜շտ ես… Ճի՜շտ ես… Արդա՜ր ես…
ՍԱՔՈ — Շամիրամ ջան, ցավդ տանեմ, եկ սկսենք հարսանիքից…
ԾԱՏՈՒՐ – Հա՛, հարսանիքից…
ԴԱՎԻԹ — Հոգեհանգիստը ավելի հարմար է, ժողովո՛ւրդ:
ԾԱՏՈՒՐ – Իհա՛րկե, հոգեհանգիստն է հարմար:
ՍԱՔՈ — (Դավթին նայելով՝ Շամիրամի կողմը): Ամուսնանում են, հետո՞ մեռնում, թե՞ մեռնում են՝ հետո ամուսնանում, հը՞…
ՆՎԱՐԴ — (ընդհանուր լռությունից հետո): Конечно — ամուսնությունից հետո են մեռնում:
ՀԵՐԻՔՆԱԶ — (հաճոյամիտ): Նայած՝ ի՞նչ ամուսնություն… (Շամիրամի կողմը, քաղցրահայաց:) Շամիրամի նմանի հետ մեռնել ո՜վ կուզենա…
ԴԱՎԻԹ — (ցույց տալով դագաղի միջի մուլյաժին): Բայց եղածը եղել է… Ուզենք-չուզենք՝ հանգուցյալի հետ է ամուսնությունը… (Հարցական նայում է Շամիրամին:)
Մնացածը ևս սպասում են Շամիրամի խոսքին: Որոշ ժամանակ ընդհանուր անշարժություն է:
ՇԱՄԻՐԱՄ — (վերջապես որոշում է): Փոխնիփո՛խ… Հարսանիք-հոգեհանգիստ, հոգեհանգիստ-հարսանիք…
ՍԱՔՈ – Կեցցե՛ս, իմաստուն որոշում…
ՆԱԶԵԼԻ — Դասական բեմադրություն՝ արժանի մեծ ռեժիսորի:
Սաքոյի խումբն սկսում է նվագել ժամանակակից պոպ երաժշտություն, Նազելին սկսում է պարել, մնացածը ևս տարբեր, երաժշտությանն անհարիր ձևերով մասնակցում են պարին, ապա միջամտում է Դավիթը՝ դուդուկահարների իր խմբով… և հետզհետե այդ ամբողջը վերածվում է խառնաղմուկ, ձայնային և շարժողական հուզավառության: Մի կողմից՝ սաքսոֆոնի հնչյունները, մյուս կողմից՝ դուդուկի նվվոցները և սրանց զուգակցող ձայնարկությունները բեմում առաջացնում են խայտաբղետ, ասիաեվրոպական կառնավալ: Եվ կենտրոնում գեղեցկուհի Շամիրամն է, որն իշխում է, տոն տալիս զանգվածի խրախճալից, խաղախնդում խելահեղությանը: (Այս հատվածում ռեժիսորին հնարավորություն է տրվում բեմադրել հումորիստական մնջախաղեր, պարային պարոդիաներ և այլն): Նրանք նորեն հայտնվում են՝ կամաց-կամաց փակվող վարագույրի առջևում, իսկ նրա փոքրացող արանքից երևում է, թե ինչպես քրեական հեղինակություն Դավդոն՝ իր երեք դիմակավոր գործակիցների հետ, մարտի են բռնվում Գագոյի և Չկչկոյի հետ, տապալում նրանց, հետո Դավդոն ատրճանակի կոթով հարվածելով Ծամունցի գլխին, ուշագնաց նոտարին գցում է իր ընկերներից մեկի ուսին, ինքը և մյուս երկուսը վերցնում են հանգուցյալով դագաղը և հեռանում: Վարագույրը նրանց դուրս գնալու ընթացքով փակվում է… Իսկ վարագույրի առջևում շարունակվում է խրախճանքը… մինչև Շամիրամը նկատում է, որ մնացել են փակ վարագույրի առջևում: Հետո, նրա հայացքը բռնելով, փակ վարագույրը տեսնում է նաև Նվարդը:
ՆՎԱՐԴ — (նայելով մեկ փակ վարագույրին, մեկ՝ դեպի հանդիսասրահը): Էս որտե՞ղ ենք…
Նվարդի կանգ առնելը նկատում է Հերիքնազը և նույնպես, նայելով շուրջը, շվարած, կանգ է առնում:
ՀԵՐԻՔՆԱԶ — Ո՞ւր ենք…
Շղթայաձև մեկ-մեկ կանգ են առնում Երվանղը, Ծատուրը, Մայքլը, Նազելին: Լռում է դուդուկի ձայնը, հանգչում են սաքսոֆոնի հնչյունները…
ԾԱՏՈՒՐ — (մոլոր): Ի՞նչ եղավ… (Այս ու այն կողմ է քայլում, ապա բեմեզրից բերում է իր աթոռը և նստում նույն դիրքով, ինչ դիրքով նստած էր ներկայացման սկզբում:)
Բոլորը մի պահ իրար են սևեռվում, հետո հանկարծ պոկվում են տեղերից և խուճապով շտապում բեմի երկու եզրերն ու աթոռներ բերում և գրավում իրենց տեղերը առաջվա պես: Առանց աթոռ է մնում միայն Նազելին: Նա, ինչպես և սկզբում, անցնում է բոլորի առջևով և մեկ-մեկ զննում դեմքերը:
ՆԱԶԵԼԻ — Ես ոչ ոքի չեմ ճանաչում… Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ…
Բոլորը որոշ ժամանակ լուռ են, ասես պիտի հասունացվեր և միաձայնվեր պատասխանը:
ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ — Մենք էլ քեզ չենք ճանաչում… Դու ի՞նչ գործ ունես ըստեղ…