Հասմիկ ՉԱՐԵՆՑ / «ՊՐՈՖԵՍՈՐ ՀԵԼԼԵՐԻ ԿՏԱԿԸ»

Հասմիկ ՉԱՐԵՆՑԻ «ՊՐՈՖԵՍՈՐ ՀԵԼԼԵՐԻ ԿՏԱԿԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

Ես Հասմիկ Չարենցն եմ… Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում, ուր երկինքը գորշ է, արևը՝ պաղ ճենապակե ափսեի պես, ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կերպ ցած չի թափվում: Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ: Ցերեկը աշխատանքի եմ գնում, զբաղվում տնային գործերով, հազար ու մի աննշան, անկարևոր բաներով… Բայց երբ գիշեր է գալիս, երբ քաղաքը քնում է ու լռում են վերջին շշուկները, ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռն ու գալիս եմ… Երևան…

Ձեռքերս գրպաններս դրած, մեկ առ մեկ անցնում եմ փողոցներով, կարդում եմ բոլոր ցուցանակները, բոլոր ցայտաղբյուրներից ջուր եմ խմում: Մի քանի րոպեով մտնում եմ ընկերուհուս տուն՝ սուրճ խմելու ու դեսից-դենից խոսելու: Հետո շատ զգույշ մտնում եմ այն տղամարդու ննջարանը, ում սիրում եմ աշխարհում ամեն ինչից առավել: Կամացուկ նստում եմ մահճակալի եզրին՝ ունկնդիր նրա քնած շնչառությանը… Վերմակը ուսից ցած է սահել, ծածկում եմ, որ չմրսի…

Ամեն գիշեր, երբ եվրոպական մի փոքրիկ, անձրևոտ քաղաքում լռում են բոլոր շշուկները, ես բացում եմ իմ բնակարանի դուռն ու գալիս եմ Երևան…

— Մենք ապրում ենք նույն քաղաքում, սիրելի՛ս…

Հասմիկ ՉԱՐԵՆՑ

ՊՐՈՖԵՍՈՐ ՀԵԼԼԵՐԻ ԿՏԱԿԸ

Գործող անձինք

ՋՈՆԱԹԱՆ ՀեԼԼԵՐ — նախկին ուսանող

ՄԱՔՍԻՄ ՄԱՈՒԵՐ – ադամանդավաճառ

ԼՈՒԻՋԻ ԱՆՏՈՆԻՈՆԻ — գող և երգիչ

ԷՍՏԵԼԼԱ ԿՈՐՏԵԶ — բախտագուշակ

ՊԱՏՐԻԿ ԴԵԲՈԻԱ — բարձրակարգ խոհարար

ԻԱՆ ՌՈԲԵՐՏՍՈՆ — փաստաբան

ԴԱՆԻԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ — հետաքննիչ

ԱԴՐԻԱՆ վան ԴԱԼ – պատվելի

ՆՈՅԵՄԻ ԼԱՆԳԱՆՈ – ֆոտոմոդել

ԱՍՏՐԻԴ ՉԱՐԼՏՈՆ — լրագրող

ՌՈՄԱՆ ԲԵԼՈՎդաշնակահար

ՆԵԼՍՈՆ — տան ծառայապետ

Բոլոր հերոսները, բացի Նելսոնից, 25-30 տարեկան են: Նելսոնը տարիքն առած է, բայց առույգ:

 

Բեմը ներկայացնում է հնաոճ, բայց շքեղ հյուրասենյակ: Ամենուր բազկաթոռներ: Պատից կախված է կանացի մեծադիր յուղաներկ նկար: Նկարի աջ և ձախ կողմում երկու սաղավարտավոր ասպետներ են: Հյուրասենյակի կենտրոնում մեծ, կլոր սեղան, շուրջը՝ աթոռներ: Բեմի խորքում ռոյալ, վրան դրված է պրոյեկտոր, դիմացը կախված է էկրան: Լուսավորությունը՝ մեղմ: Դրսում աշուն է: Ջոնաթանը հեռուստացույցի առջև կանգնած հետևում է լուրերին:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Հարգելի բարեկամ­ներ, սրանով թույլ տվեք ավարտել հակագլոբալիստների ցույցի լուսաբանմանը վերաբերող մեր ռեպորտաժը Ժողովների Պալատին կից հրապարակից: Ցույցի կազմակերպիչները չու­զեցին պատմել իրենց ապագա ծրագրերի մա­սին: Իսկ ոստիկանությունը, ինչպես տեսաք, գործում է բացառապես մահակների լեզվով: Ինչ արած, լրագրողի աշխատանքը մնում է վտանգավոր: Մինչև նոր հանդիպում Ուղիղ Եթեր ծրագրում: Միրնա Վեբեր: Ուղիղ եթերի համար: Բոստոն:

 

Ջոնաթանը անջատում է հեռուստացույցը:

ՋՈՆԱԹԱՆ — (գոռում է): Նելսոն, որտե՞ղ ես:

ՆԵԼՍՈՆ — Այստեղ եմ, պարոն:

ՋՈՆԱԹԱՆ — Հյուրերը չե՞ն եկել:

ՆԵԼՍՈՆ — Դեռ Ժամանակ կա, պարոն, մի մտահոգվեք: Ցույցի պատճառով կենտրոնի բո­լոր ճանապարհները փակ են: Վստահ եմ, շու­տով կերևան:

ՋՈՆԱԹԱՆ — Իսկ ո՞վ ասաց, թե ես մտա­հոգվում եմ:

ՆԵԼՍՈՆ — Չեք մտահոգվում, պարոն: Ուրիշ ի՞նչ կկամենաք:

ՋՈՆԱԹԱՆ — Ոչինչ: (Նելսոնը ուզում է գնալ:) Նելսոն, քանի՞ տարի կլինի, որ այստեղ չեմ եղել:

ՆԵԼՍՈՆ — Մի քսան տարի կլինի, պարոն:

ՋՈՆԱԹԱՆ — Քսան տարի: Այստեղ ոչինչ չի փոխվել: Ասես երեկ լիներ: (Դադար:) Նելսոն, հիշո՞ւմ ես այն օրը, երբ հայրս ինձ գիշերօ­թիկ ուղարկեց: Հիշո՞ւմ ես այդ «հանճարների» դպրոցը: Այդ օրը վերջին անգամ տեսա նրան:

ՆԵԼՍՈՆ — Հիշում եմ:

ՋՈՆԱԹԱՆ — Հիշո՞ւմ ես, թե ինչ ասաց վերջին պահին:

ՆԵԼՍՈՆ — Պարոն, ձեր հայրը շատախոս մարդ չէր: Ես…

ՋՈՆԱԹԱՆ — Չէ, ասա, թե ինչ ասաց:

ՆԵԼՍՈՆ — (երկար մտածում է): Ասաց. «Դու հանճար ես ծնվել, զավակս, երբեք չմոռանաս այդ»: Կարծեմ այդպես ասաց:

ՋՈՆԱԹԱՆ — Ճիշտ է, ճիշտ է, հենց այդպես էլ ասաց: Սարսափելի էր: Սարսափում եմ, երբ հիշում եմ: Քանի՞ տարեկան էի այն ժամանակ:

ՆԵԼՍՈՆ — Տասը տարեկան էիք, պարոն, բայց ավելի փոքր էիք երևում:

ՋՈՆԱԹԱՆ — Փոքր էի երևում: Իսկ այս տունը այնքան մեծ էր: Մենակ սենյակից սենյակ էի թափառում…

ՆԵԼՍՈՆ — Ձեր հայրը զբաղված մարդ էր, պարոն:

ՋՈՆԱԹԱՆ — Դե, իհարկե: Համալսարան, դպրոց, լաբորատորիա: Ո՞վ ժամանակ ուներ մելամաղձոտ մի հիմարի համար, ով չորս տա­րեկանում քառանիշ թվեր էր բազմապատկում, իսկ տասը տարեկանում կարդացել էր համար­յա բոլոր փիլիսոփաներին: (Ծիծաղում է:)

ՆԵԼՍՈՆ — Կարդում էիք, բայց հետո բոլո­րը պատռեցիք ու էջերից նավակներ շինեցիք: Ձեր հայրը… ես նրան երբեք այդքան բարկա­ցած չէի տեսել:

ՋՈՆԱԹԱՆ — Հեյ, ուժեղ էր, չէ՞: Իմ թղթե նավակները: Իմ թղթե նավատորմը: (Սենյակում պտտվում է, իբր նավ է քշում:)

ՆԵԼՍՈՆ — Այո, երեք ամիս վառում էինք, չէր վերջանում…

ՋՈՆԱԹԱՆ — Երեք ամի՞ս: Լո՞ւրջ ես ասում: Չեմ իմացել: Լավ է, տեղն է նրան, վերջապես հիշեց ինձ, ցնդած ծերուկ…

ՆԵԼՍՈՆ — Պարոն, լավ չէ խոսել մեռած մարդու ետևից: Ինչքան չլինի ձեր հայրն է:

ՋՈՆԱԹԱՆ — Հայրս: Իհարկե: Մեծահամ­բավ Հարոլդ Հելլեր… դարի հանճարը… գենետիկայի արքան… էլ ի՞նչ էին ասում…

ՆԵԼՍՈՆ — Մարդիկ հարգում էին նրան:

ՋՈՆԱԹԱՆ — Հա, հարգում էին: Թե՞ վա­խենում էին… նրա մասին շշուկով էին խոսում, ինչպես վտանգավոր հանցագործի մասին: Ասենք, հանցագործի նման էլ մեռավ, չէ՞…

ՆԵԼՍՈՆ — Ես չգիտեմ, պարոն… դուք նո­րից գրգռվում եք: Շուտով հյուրերը այստեղ կլի­նեն: Ի՞նչ կմտածեն, եթե ձեզ այսպես տեսնեն: Խնդրում եմ, հանգստացեք, պառկեք, մի քիչ…

ՋՈՆԱԹԱՆ — Հանգստանալ, ոնց չէ… ես հոգնած չեմ: Հա, գիտեմ, կգնամ հալածելու պատշգամբի թրթուրներին: Ես նրանց պատե­րազմ եմ հայտարարում…

ՆԵԼՍՈՆ — Կարծես նորից տասը տարեկան լինեք…

ՋՈՆԱԹԱՆ — Այո, երեխա, խեղճ երեխա… միայն թե ինձ հնարավոր չէ «Հանճարների դպրոց» ուղարկել:

ՆԵԼՍՈՆ — Գնացեք պառկեք… դպրոցը փակել են… պահանջարկ չկա…

ՋՈՆԱԹԱՆ — Պարզ է, որ չկա… ես վերջին զոհն էի: (Աստիճաններով բարձրանում է վերև, մի պահ կանգ է առնում մոր նկարի դիմաց, շո­յում նկարը, հետո արագ գնում է վեր:)

 

Նելսոնը թղթեր և գրիչներ է դնում սեղանին: Նայում է շուրջը համոզ­վելու համար, որ ամեն ինչ կարգին է: Հետո դուրս է գալիս: Երաժշտություն: Դադար: Դռան զանգ: Նելսոնը գնում է բացելու:

ՄԱՔՍԻՄ — Պարոն Ջոնաթան Հելլերը այս­տե՞ղ է ապրում:

ՆԵԼՍՈՆ — Պարոնը սպասում է, ներս ան­ցեք:

 

Ներս է մտնում Մաքսիմը: Նորից զանգ:

ԼՈՒԻՋԻ — Ճի՞շտ ենք եկել:

ՆԵԼՍՈՆ — Պարոնը ձեզ է սպասում:

ԼՈՒԻՋԻ — Տեր Աստվա՞ծ, ինչ է կատար­վում: Քիչ մնաց ոտքի տակ տային:

ՌՈՄԱՆ — Ես գործ չունեմ նման բաների հետ:

 

Լուիջին ներս է մտնում Ռոմանի հետ: Հերթով ներս են գալիս պիե­սի գործող կերպարները: Նրանք անկանոն բառեր են փոխանա­կում: Աստրիդը հանում է սիգարե­տը, Ռոմանը վառում է այն, և այլն… Բոլորը մեկ-երկու բառով խոսում են ցույցի կամ ճանա­պարհների մասին, բայց ոչ շատ հստակ: Բառերը կարևոր չեն: Նոյեմին զգույշ, բայց ուշադիր շուրջն է նայում, ասես մի բան է փնտրում: Աստիճանների գլխին հայտնվում է Ջոնաթանը: Դադար: Բոլորը նրան են նայում: Ջոնաթանը մի պահ վերևից դիտում է բոլորին, հետո դանդաղ իջնում է:

ՋՈՆԱԹԱՆ — Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, խնդրում եմ… նստեք: (Բոլորը նստում են:) Անչափ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար: Բարի գալուստ: Համոզված եմ, որ բացատրություն եք սպասում ինձնից: Բայց ուզում եմ զգուշացնել, որ բոլորից ավելի ծարավի եմ բացատրության: (Դադար:) Ինչ­պես գիտեք, ես Ջոնաթան Հելլերն եմ: Գենետի­կայի պրոֆեսոր Հարոլդ Հելլերի որդին: Հուսով եմ, որ հորս անունը ձեզ անծանոթ չէ… Թերևս գիտեք նաև, որ հայրս մեկ տարի առաջ առեղծ­վածային պայմաններում սպանվեց:

ԴԱՆԻԵԼ — Ոմն Սվեն Լյուրսենի կողմից:

ԱՍՏՐԻԴ — Այո, շատ տարօրինակ պատմու­թյուն էր: Կարծեմ ոստիկանությունը գլուխ չհա­նեց, և գործը կոծկեցին:

ԴԱՆԻԵԼ — Ոչ, այդպես չէ, ընդամենը դրդապատճառները չպարզեցին: Մնացածը պարզ էր…

ՌՈՄԱՆ — Ես, անկեղծ ասած, ոչինչ չեմ լսել:

ԴԱՆԻԵԼ — Մարդասպանը թաքուն սողոս­կել էր պրոֆեսորի լաբորատորիան, սպանել նրան, իսկ մոտավորապես մեկ ժամ հետո ինք­նասպան եղել:

ԼՈՒԻՋԻ — Իսկ ինչո՞ւ մեկ ժամ հետո…

ԻԱՆ — Երևի համոզված լինելու համար, որ նա իրոք մեռել է:

ԴԱՆԻԵԼ — Հնարավոր է… Ինչևէ: Մարդա­սպանի գրպանում գտել էին Ստոկհոլմ-Բոստոն ինքնաթիռի տոմս, մեկ կողմի վրա, հենց իր, Լյուրսենի լուսանկարը ութ-տասը տարեկան հասակում և ուրիշ ոչինչ:

ԱԴՐԻԱՆ — Իսկ հանցագործը հայտնի՞ էր ոստիկանությանը:

ԴԱՆԻԵԼ — Այն էլ ինչպես: Լյուրսենին էին փնտրում աշխարհի բոլոր գաղտնի ոստիկա­նությունները:

ՄԱՔՍԻՄ — Պարզ է, թե ինչ տիպ էր…

ԴԱՆԻԵԼ — Վարձու մարդասպան էր: Իմ իմացածներից լավագույնը աշխարհում:

ԻԱՆ — Երևի հոգնել էր անհայտ սրիկաներ սպանելուց և որոշել էր մաքրագործել իր կեն­սագրությունը:

ԷՍՏԵԼԼԱ — Ցինիկ կարգախոս:

ՄԱՔՍԻՄ — Լավ, լռեք, թողեք, թող մարդը շարունակի:

Ն Ո 3 Ե Մ Ի — Հետո ինչ, որ նա մեծահոգա­բար լռում է:

ՋՈՆԱԹԱՆ — Չէ, ոչինչ, այս ամենը չափա­զանց հետաքրքիր է: Ես ինքս շատ քիչ բան գի­տեմ նրա մասին: Բայց դա հետո: Շարունակեմ: Հորս վերջին կամքին համաձայն, նրա աճյունը դրվեց Բոստոնի համալսարանի նախասրա­հում: Ինչ վերաբերում է նրա ժառանգությանը՝ հորս կտակը պիտի բացվեր նրա մահից մեկ տարի անց… այսօր…

ՆՈՅԵՄԻ — Կտա՞կ…

ՊԱՏՐԻԿ — Ի՞նչ կտակ:

Ընդհանուր աշխուժություն, աղ­մուկ:

ՋՈՆԱԹԱՆ — Այո, կտակ:

ՌՈՄԱՆ — Բայց մենք ի՞նչ կապ ունենք:

ՋՈՆԱԹԱՆ — Հիմա կբացատրեմ: (Գրպա­նից ծրար է հանում, խորհրդավոր նայում ներկաներին: Կարդում է:) «Ես՝ Հարոլդ Հելլերս, լինելով ֆիզիկական և մտավոր լիովին առողջ վիճակում, կազմեցի այս կտակը: Իմ մահվանից հետո ցանկանում եմ թաղվել Բոս­տոնի համալսարանին կից այգում, նրանց կող­քին, ովքեր ինձ տվեցին գիտելիքներ և կենսա­գրություն: Ձեռագրերս և գրադարանս կտակում եմ Բոստոնի համալսարանին: Տունս կտակում եմ իմ հավատարիմ բարեկամ Նելսոն Սմիթին: Նաև կենսաթոշակ, մինչև իր կյանքի վերջը: Կտակիս երկրորդ մասն ամփոփված է մյուս ծրարում, որ կարող է բացվել իմ մահվանից մեկ տարի անց, առանց նոտարի կամ կողմնակի մե­կի ներկայության: Կտակս պիտի բացվի այս­տեղ նշված բոլոր անձանց պարտադիր ներկա­յությամբ: Մեկն ու մեկի բացակայության դեպ­քում կտակը չի կարող ընթերցվել: Մինչ այդ բո­լոր անունները պիտի գաղտնի մնան»: (Հպարտ, քիչ զավեշտով նայում է շուրջը:) Ահա այդ անունները… Հը, հիմա ի՞նչ եք ասում…

ԼՈՒԻՋԻ — Անունները, անունները կարդա­ցեք:

ՋՈՆԱԹԱՆ — (կարդում է): Ջոնաթան Հելլեր, Մաքսիմ Մաուեր, Լուիջի Անտոնիոնի, Էստելլե Կորտեզ, Պատրիկ Դեբուա, Իան Ռոբերտսոն, Դանիել Մանուկյան, Ադրիան վան Դալ, Նոյեմի Լանգանո, Աստրիդ Չարլտոն, Ռոման Բելով: Կարծեմ բոլորին հիշատակեցի:

ՆՈՅԵՄԻ — Կարո՞ղ եմ տեսնել:

ՋՈՆԱԹԱՆ — Իհարկե: (Թուղթը տալիս է Նոյեմիին:) Խնդրեմ:

ՆՈՅԵՄԻ — Ահա ես…

ԻԱՆ — Կարելի՞ է…

ՆՈՅԵՄԻ — Իհարկե:

ԻԱՆ — Հետաքրքիր է: (Թուղթը տալիս է Աստրիդին:)

ԱՍՏՐԻԴ — Սա ես եմ: Անհավանական է: Կուզե՞ք տեսնել: (Թուղթը տալիս է Դանիելին:)

ԴԱՆԻԵԼ — Այստեղ ջնջում կա: Հավանա­բար մի անուն էլ է եղել: Շատ ջանասիրաբար ջնջված է: Թանաքից դատելով՝ ձեր հայրը ինքն է ջնջել:

ԼՈՒԻՋԻ — Կարո՞ղ եմ ես էլ նայել: Ահա, ես երրորդն եմ: Ձեզնից հետո: (Թուղթը տալիս է Պատրիկին:)

ՊԱՏՐԻԿ — Իրոք որ ջնջում կա: Երևի մեկի վրա զայրացել է և թռցրել ցուցակից: (Տալիս է Աստրիդին:)

ԷՍՏԵԼԼԱ — Կարծեմ կտակը բացելու ժամանակն է: Չե՞ք կարծում:

Ջոնաթանը վերցնում է թղթահա­տը և շուրջը նայում: Լռություն:

ՊԱՏՐԻԿ — Դե կարդացեք:

Ընդհանուր ծի­ծաղ:

ՋՈՆԱԹԱՆ — (կարդում է): «Իմ սիրելի Ջոնաթան, Մաքսիմ, Լուիջի, Էստելլա, Պատրիկ, Իան, Դանիել, Ադրիան, Նոյեմի, Ասւորիդ, Ռո­ման: Սիրելիներս: Ահա և բոլորդ դարձյալ այստեղ եք: Դարձյալ բոլորդ միասին: Այդպես էլ պետք է լիներ: Դուք մի ամբողջություն եք: Մի հրաշա­լի բյուրեղյա սկահակի բեկորները: Իմացեք, որ բոլորիդ սիրում եմ հավասարապես: Դուք նույն ադամանդի տարբեր ճառագայթներն եք: Կգա ժամանակ և դուք կնվաճեք աշխարհը… այն ձե­րը կլինի… Իմ ողջ հարստությունը կտակում եմ ձեզ հա­վասարապես: Ադամանդների իմ հրաշալի հավաքածուն: Հավաքածուն այստեղ է՝ տան մեջ: Տեղը չեմ նշում, որ ուրիշների ձեռքը չընկնի: Դուք միասին, համատեղ ուժերով պիտի գտնեք գանձը: Գտեք, և այն ձերն է, բոլորինդ հավա­սարապես: Եվ մի բան էլ: Դուք հանճար եք ծնվել: Երբեք չմոռանաք այդ: Հարոլդ Հելլեր: Ձեր հայրը»:

Երկար լռություն:

ՋՈՆԱԹԱՆ — Հիմա ի՞նչ ենք անելու:

ԼՈՒԻՋԻ — Նախ եկեք ծանոթանանք:

ԴԱՆԻԵԼ — Ճիշտ եք ասում: Եթե թույլ տաք, այս փոքրիկ հետաքննությունը ես կվարեմ: Ասեմ, որ դա իմ մասնագիտությունն է: Քննիչ Դանիել Մանուկյան: Պատիվ ունեմ:

ՄԱՔՍԻՄ — Խնդրեմ: Ես խնդիր չունեմ: Մի­այն կարճ: Ես զբաղված մարդ եմ:

ՌՈՄԱՆ — Չեմ հասկանում, պրոֆեսորը ինչ նկատի ուներ մեզ իր զավակները կոչելով, ես անձամբ մինչև այսօր նրա մասին ոչինչ չգիտեի:

ՋՈՆԱԹԱՆ — Պարոն Մանուկյան, գուցե իրո՞ք փորձեք հասկանալ:

ՆՈՅԵՄԻ — Բայց նամակում ասված է, որ բոլորս միասին պիտի փնտրենք և հասկանանք:

ԱՍՏՐԻԴ — Իսկապես շատ խելացի տեսք ունեք: Խելքը, ի դեպ, մոդայիկ շորերի մեջ չէ:

ՆՈՅԵՄԻ — Չէ, խելքը ջինսի և սիգարետի մեջ է:

ԱՍՏՐԻԴ — Ձայնդ կտրիր:

ՊԱՏՐԻԿ — Աղջիկներ, աղջիկներ, խնդրում եմ, մի՛ կռվեք: Տեսնենք, թե ինչ է լինում:

ԻԱՆ — Իհարկե, ճիշտ կլինի, որ ամեն ինչ օրինական լինի: Ես, որպես փաստաբան, խնդիր չեմ տեսնում: Կտակը կարծես թե իրական է: Նկատի ունեմ՝ իրոք պրոֆեսորն է գրել: Այն­պես չէ՞:

ՋՈՆԱԹԱՆ — Այո, այո, անկասկած:

ԱԴՐԻԱՆ — Դուք ի՞նչ եք կարծում, պարոն Մանուկյան: Ի՞նչ անենք:

ԴԱՆԻԵԼ — Նախ, իսկապես եկեք ծանոթա­նանք: Առաջարկում եմ հերթով պատմենք մեր մասին: Եթե, իհարկե, դեմ չեք: Հետաքննու­թյուն չէ: Բարեկամաբար: Մեր ծննդյան, ման­կության փաստերի մասին պատմենք: Հիշենք որևէ դեպք, խոսակցություն, աննշան թվացող պատահար, որ կարող է օգտակար լինել: Չգի­տեմ, եթե իրոք ուզում եք գտնել այդ, այսպես կոչված, գանձը, ուրիշ ճանապարհ չկա:

ՋՈՆԱԹԱՆ — Ո՞վ է համաձայն:

Տարբեր կողմերից, կատակի երանգով. «Ես… Ես դեմ չեմ…» և այլն:

ԴԱՆԻԵԼ — Եկեք ամեն մեկս փորձենք կապ գտնել մեր և պրոֆեսոր Հելլերի միջև:

ՋՈՆԱԹԱՆ — Ես կապ գտել եմ: Ուրախու­թյամբ կբաժանեի ցանկացողի հետ… Կներեք: Ինչո՞ւ չէ: Եթե իրոք այս տան մեջ, ինչ-որ տեղ ադամանդներ կան, փորձենք գտնել: Ես ժլատ մարդ չեմ:

ԼՈՒԻՋԻ — Եթե սեյֆում է, բացելն ինձ վրա:

ՋՈՆԱԹԱՆ — Ի՞նչ եք ասում: Ես հիացած եմ: Գուցե այդ դեպքում հենց ձեզնից էլ սկսենք:

ԼՈՒԻՋԻ — Ե՞ս սկսեմ: Լավ: Չնայած իմ անունը ցուցակում առաջինը չէր:

Բոլորը միասին: «Պատմեք, պատ­մեք…»: Ծափեր:

ԼՈՒԻՋԻ — Անունս Լուիջի Անտոնիոնի է: Ծագումով իտալացի եմ: Ծնվել եմ Նյու-Յորքում, ուղիղ երեսուն տարի առաջ: Փոքրիկ Իտալիայում: Գիտեք, թաղամաս է: Մայրս, Անջելինա Անտոնիոնին, աշխատում էր 40-րդ ավենյուի հյուրանոցներից մեկում: Բրեդֆորդ Ռոյալ Պլազա: Հիմա այն չկա: Հյու­րանոցը, այսինքն: Հիշում եմ, որ մեր տան բոլոր սրբիչների, սավանների, անգամ բաժակների վրա գրված էր ԲՌՊ և թագ էր նկարված: Ըն­կերներս կարծում էին, թե ես մի խորհրդավոր երկրի թագաժառանգ եմ: Ես էլ չէի ժխտում: Հո չէի ասելու, որ մայրս հյուրանոցի գործածությու­նից դուրս եկած իրերը տուն է բերում, խնայո­ղության նպատակով: Պարզ է: Բայց ես… ես խորհրդավոր թագաժառանգ էի, որովհետև իրոք չգիտեմ, թե հայրս ով է: Մայրս միայն ասել էր, թե ինքն ու հայրս այդ հյուրանոցում էին ծանոթացել: Ուրիշ ոչինչ: Շատ բարկանում էր, երբ հարցնում էի: Սկսում էր գոռալ, հիշա­տակելով Նեապոլի բազմաթիվ սիրեկանների, որոնց չէի ճանաչում և չեմ կարծում, թե մեր պատմության հետ որևէ կապ ունեն… Բայց ես մեկ անգամ տեսել եմ նրան: Հորս՝ այսինքն: Երևի հինգ տարեկան կլինեի: Հայրս ինձ հյուր էր տարել իր տուն: Երևի մի քանի օրով: Ու վերջ: Այլևս չհրավիրեցին: Երևի դուր չեկա: Էլ ոչ մի անգամ չտեսա նրան: Մայրս բան չասաց, բայց գիտեմ, դա հայրս էր… Բոլորը կարծում էին, երգիչ եմ դառնալու: Ես հրաշալի ձայն ու­նեմ: Արտակարգ լսողություն: Հինգ տարեկա­նից կարողանում էի ցանկացած օկտավա եր­գել: Հասկանո՞ւմ եք: Իրոք տաղանդ ունեի: Հուսով եմ, առիթ կունենաք լսելու: Բայց եր­գիչ չդարձա: Փող չկար: Դե, գիտեք, թե նման բաները ինչ արժեն:

ԱԴՐԻԱՆ — Իսկ ի՞նչ դարձաք:

ԼՈՒԻՋԻ — Այդ մեկը ձեզ հաստատ դուր չի գա:

ԱԴՐԻԱՆ — Ոչ մի արհեստ էլ ամոթալի չէ:

ԴԱՆԻԵԼ — Կարծում եմ, համաձայն կլինեք ինձ հետ, եթե որոշենք, որ ամենն, ինչ խոսվում է այստեղ, գաղտնիք է մնալու:

ՋՈՆԱԹԱՆ — Ճիշտ է, այլապես ոչ մի արդ­յունքի չենք հասնի: Լուիջի… կարո՞ղ եմ ձեզ պարզապես Լուիջի անվանել:

ԼՈՒԻՋԻ — Իհարկե կարող եք:

ՋՈՆԱԹԱՆ — Խնդրում եմ անկեղծ լինել: Մենք խոստանում ենք պահել ձեր գաղտնիքը… բոլորիս գաղտնիքները:

Ամեն կողմից համաձայնության նշաններ:

ԼՈՒԻՋԻ — Լավ, ասում եմ… ես… գող եմ… ադամանդի գող: Բյուրեղ Կարուզո, երևի լսել եք…

ԴԱՆԻԵԼ — Ում համար չկա ոչ մի փակ սեյֆ և ոչ մի ապահովագրական համակարգ: (Սու­լում է: Աղմուկ:)

ԼՈՒԻՋԻ — Ես… նախ ուզում էի դրամ հավա­քել կոնսերվատորիայի համար, բայց… մի խոս­քով, երգելը մնաց երազ… (Լռում է:)

ՋՈՆԱԹԱՆ — Ուրեմն ձեր հորը այդ մի ան­գամն եք տեսել:

ԼՈՒԻՋԻ — Այդ մի անգամը:

ՌՈՄԱՆ — Բոլորովին չե՞ք հիշում, թե ուր էիք գնացել… մի փոքր միջադեպ, մի տպավորու­թյուն:

ԻԱՆ — Այո, երբեմն իմ գործում, օրինակ, ան­հեթեթ թվացող մի փաստը մեծ նշանակություն է ունենում:

ԼՈՒԻՋԻ — Այ, որ ասում եք՝ անհեթեթ: Հի­շում եմ մի տարօրինակ բան: Ամբողջ տունը լցված էր թղթե նավակներով: Ամեն տեղ նա­վակներ կային՝ աստիճաններին, հատակին, պատուհանների գոգերին, սեղաններին, բազ­մոցներին, մի խոսքով… չգիտեմ, կարևոր է, թե չէ…

 

Ջոնաթանը ելնում է տեղից, մոտե­նում է պատի օջախին, զգուշու­թյամբ մի քար է հանում և նրա ետևից դուրս քաշում թղթե ճմրթված մի նավակ:

ՋՈՆԱԹԱՆ — Սրանցի՞ց:

ԼՈՒԻՋԻ — Աստված իմ, ճիշտ սրանցից էին… իսկ դուք որտեղի՞ց… Աստված իմ…

ՋՈՆԱԹԱՆ — Նավակները ես էի սարքել: Հորս ամբողջ գրադարանը, բոլոր փիլիսոփա­ներին… Արիստոտել, Կանտ, Նիցշե… բոլորը, բոլորը թղթե նավակների էի վերածել: (Սկսում է ծիծաղել: Գալիս է Նելսոնը:)

ՆԵԼՍՈՆ — Պարոն, կարո՞ղ եմ ձեզ մի բան ասել:

ՋՈՆԱԹԱՆ — Ի՞նչ ես ուզում, ի՞նչ կա:

ՆԵԼՍՈՆ — Չէ, մի րոպեով միայն:

Դուրս են գնում:

ՄԱՔՍԻՄ — Ամեն ինչ պարզ է: Տաղանդա­վոր պրոֆեսորի ևս մի տղան… տաղանդավոր գող:

ԼՈՒԻՋԻ — Գողը դու ես: Ես երգիչ եմ ծնվել: Լավ չլսեցի՞ր: Կարող եմ հնգաձայն օկտավա երգել, ուզածդ տոնայնության:

ՊԱՏՐԻԿ — Եվ ուզածդ սեյֆը բացել… լսողությամբ:

ԼՈՒԻՋԻ — Գիտեի, չէ՞: Կրակն ընկանք, մի բան ասացինք:

Ընդհանուր աղմուկ:

ԴԱՆԻԵԼ — Լռություն եմ խնդրում: Մենք կարևոր գործով ենք եկել: Առայժմ ենթադրենք, ընդամենը ենթադրենք, որ Լուիջին Հելլերի որդին է:

ՋՈՆԱԹԱՆ — (ներս է մտնում): Եվ իմ եղ­բայրը:

ԻԱՆ — Իհարկե, առանց փաստերի չենք կա­րող հիմք ընդունել:

ԴԱՆԻԵԼ — Ճիշտ է: Բայց շարունակենք: Ուրիշ ասելու բան ունե՞ք, Լուիջի:

ԻԱՆ — Ի՞նչ ունեք ավելացնելու:

ԼՈՒԻՋԻ — Ես… ոչինչ, գուցե հետո, թողեք ուշքի գամ:

ԴԱՆԻԵԼ — Լավ: Ո՞վ է ուզում շարունակել:

ՄԱՔՍԻՄ — Ես: Մաքսիմ Մաուեր: Ծնվել եմ Ամերիկայում: Ծագումով հրեա եմ: Հելլերների հետ ոչ մի կապ չունեմ: Իհարկե, չի բացառ­վում, որ Հելլերը կարող էր մեր հաճախորդը լի­նել: Մենք նշանավոր շատ հաճախորդներ ու­նենք:

ԱՍՏԻԻԴ — Իսկ դուք, ներեցեք, ի՞նչ գործ եք անում, եթե գաղտնիք չէ:

ՄԱՔՍԻՄ — Իհարկե, գաղտնիք չէ: Առևտրական Մաուեր և Մաուեր ընկերության տնօրենն եմ: Մեր ընկերությունը մեկ հարյու­րամյակից ավելի է՝ ադամանդներ է վաճառում ամբողջ աշխարհում:

ԼՈՒԻՋԻ — Ի՞նչ եք ասում: Դո՞ւք եք… Հին­գերորդ ավենյուի վրա գտնվող ադամանդի խանութի տերը… (Սուլում է:) Ա՜յ քեզ զուգադի­պություն:

ՄԱՔՍԻՄ — Հուսով եմ, թալանելու մտա­դրություն չունեք:

ԼՈՒԻՋԻ — Ես այդ չէի ուզում ասել… դուք…

ԻԱՆ — (ծիծաղելով): Խորհուրդ չէի տա: Դրանց ապահովագրական գործակալը, այդ Ֆոքսը, իսկական աղվես է, ձեռք չի քաշի, մինչև չբռնացնի:

ԼՈՒԻՋԻ — Ախր, ես ինչ գործ ունեմ նրա հետ: Ես գործողության իմ շրջանակն ունեմ: Ուղղակի միշտ հիացել եմ նրա խանութով: Նրա ադամանդները արվեստի գործեր են… Բոլորը գիտեն Մաուերների՝ ադամանդներ մշակելու բացառիկ տաղանդը:

ՄԱՔՍԻՄ — Ձեր ելույթը մի ուրիշ դեպքի համար պահեք, խնդրում եմ:

ԴԱՆԻԵԼ — Լավ, խնդրում եմ, պարոնայք: Ներեցեք, պարոն Մաուեր: Իսկ ձեր մանկության, անցյալի մասին որևէ արտակարգ բան…

ՄԱՔՍԻՄ — Չի եղել: Հարվարդ, գեղեցիկ կին, երեխաներ…

ԴԱՆԻԵԼ — Գուցե ձեր ծնողնե՞րը ավելին գիտեն:

ՄԱՔՍԻՄ — Ինչպես ասացի, հայրս շատ նշանավոր հաճախորդներ ուներ: Մարլեն Դիտրիխը, Մերլին Մոնրոն…

ՆՈՅԵՄԻ — Չէ մի չէ: Իսկապե՞ս Մոնրոն…

ՄԱՔՍԻՄ — Չգիտեմ: Կարող եմ զանգել: Հայրս չկա, անցյալ ամառ կորցրինք նրան, բայց մայրս գուցե մի բան հիշի:

ՋՈՆԱԹԱՆ — Շատ զգացված կլինենք, եթե հարցնեիք:

ՄԱՔՍԻՄ — Միևնույն է, տուն պիտի զան­գեի: (Դուրս է գալիս:)

ՋՈՆԱԹԱՆ — Մի բան խմենք: Համեցեք, խնդրում եմ:

Մի քանիսը մոտենում են բարին:

ԱՍՏԻԻԴ — Կարծում եմ, ծանոթ դուրս կգանք:

ԷՍՏԵԼԼԱ — Իսկ ես համոզված եմ:

ՊԱՏՐԻԿ — Իսկ ինչո՞ւ եք համոզված:

ԷՍՏԵԼԼԱ — Մեր անունները պատահական չեն ընտրված: Այստեղ մի գաղտնիք կա: Մենք անտեսանելի թելերով կապված ենք իրար:

ԱԴԻԻԱՆ — Շատ հնարավոր է: Ես էլ եմ այդպես կարծում: Ճակատագիրը մեզ ինչ-որ խորհրդով այստեղ է բերել:

ՆՈՅԵՄԻ — Ես ճակատագրին չեմ հավա­տում: Այ, կտեսնեք, ես ոչ մեկի հետ կապ չեմ ու­նենա:

ԱՍՏԻԻԴ — Չեմ էլ կասկածում: Ինչ կապ կարող է լինել իմ և ձեր միջև:

ՆՈՅԵՄԻ — Լսո՞ւմ եք, նորից է սկսում: Ի՞նչ եք ուզում: Եկած րոպեից ինձ եք կպել:

ՌՈՄԱՆ — Լավ, խնդրում եմ, մի կռվեք: Առանց այն էլ դժվար վիճակ է: Ավելի լավ է, փորձեք մի օգտակար բան հիշել:

ԻԱՆ — Ես որ նախընտրում եմ ոչինչ չհիշել:

ԷՍՏԵԼԼԱ — Ես էլ:

ՊԱՏՐԻԿ — Ներեցեք, մենք նախկինում չե՞նք հանդիպել:

ԷՍՏԵԼԼԱ — Առաջ կասեի՝ ոչ: Հիմա չեմ համարձակվում: Ամեն ինչ հնարավոր է:

ԱԴԻԻԱՆ — Այո, ամեն ինչ:

Մաքսիմը վերադառնում է:

ՄԱՔՍԻՄ — Տատս ճանաչել է Հելլերի հորը դեռևս գերմանական օկուպացիայի տարինե­րից: Այն ժամանակ միասին են գաղթել Ամերի­կա: Ավելին չկարողացա իմանալ:

ԴԱՆԻԵԼ — Իսկ չիմացա՞ք, երբևէ եղե՞լ եք այս տանը:

ՄԱՔՍԻՄ — Չգիտեմ: Հնարավոր է: Փոքր ժամանակ: Գերմանիայից Ամերիկա գաղթած հրեաները սկզբում հանդիպել են առիթից առիթ: Մայրս ասաց, գուցե և եղել են այս տա­նը նման մի առիթով: Չէր հիշում:

ՆՈՅԵՄԻ — Իսկ դուք քանի՞ տարեկան եք:

ՄԱՔՍԻՄ — Երեսուն: Իսկ դո՞ւք:

ՆՈՅԵՄԻ — Ես էլ: Համարյա:

ԴԱՆԻԵԼ — Լավ, առայժմ այսքանը: Ո՞վ է ուզում շարունակել: Պարոն փաստաբա՞ն:

ԻԱՆ — Ե՞ս: Շատ լավ: Ուրեմն. Իան Ռոբերտսոն: Փաստաբան: Ասեմ, որ մանկությունս դժկամությամբ եմ հիշում: Ծնողներիս չեմ տեսել: Գիտեմ, որ կաթոլիկ իռլանդացի են եղել: Մե­ծացել եմ Չիկագոյում: «Սուրբ մանուկ» որբա­նոցում: Ֆրանսիացի կույսերն էին պահում: Բա­ցառիկ ընդունակությունների համար, անհայտ բարերարի դրամական օգնության շնորհիվ ավարտեցի համալսարանը:

ՊԱՏՐԻԿ — Էլ մի շարունակիր… գրողը տանի, ես էլ նայում եմ… Ժան, Ժան, Աստված իմ: Ինձ նայիր: Պատին եմ, հիշո՞ւմ ես:

ԻԱՆ — (երկար սայում է): Պատրիկ, Պատի: (Տեղից վեր է թռնում, գրկախառնվում են:) Սա մեր Պատրիկն է: «Սուրբ մանուկից»: Երազում էր մեծ խոհարար դառնալ: Մանկատան բոլոր կաթսաները սա էր վառում: Գիշերները թաքուն խցկվում էինք խոհանոց ու փորձում տնտեսած խղճուկ մթերքից տորթ պատրաստել: Աշխարհի ամենահամով տորթը: Պատի, դու էն ասա, վեր­ջը խոհարար դառա՞ր:

ՊԱՏՐԻԿ — Հինգ աստղանի: Քվեբեկում մի­ակը: Դու էլ, ինչպես միշտ, փաստաբանություն ես անում: Ժանը մեր բոլորի փաստաբանն էր: Աստված իմ, այդ ե՞րբ էր…

ԷՍՏԵԼԼԱ — Ուղիղ քսանվեց տարի և երկու ամիս առաջ: (Հանում է գլխի չալման: Սև, գանգուր մազերը թափվում են ուսերին:)

ՊԱՏՐԻԿ — (ապշած նայում է): Էսսի՞: Դո՞ւ:

ԻԱՆ — Ինչքան եմ փնտրել ձեզ:

Երեքը իրար գրկում են: Էսսին կա­մաց լաց է լինում:

ՆՈՅԵՄԻ — Ի՜նչ հուզիչ պատմություն է: Ում որ պատմեմ, չի հավատա:

Երկար դադար:

ԴԱՆԻԵԼ — Ուրեմն, ինչքան հասկացա, երեքդ էլ նույն մանկատանն եք եղել, այդտեղից եք իրար ճանաչում:

ԻԱՆ — Այո, բայց ինձ որդեգրեցին: Պատրի­կին մորեղբայրը տարավ Կանադա, իսկ Էսսին, Էսսին մնաց…

ԷՍՏԵԼԼԱ — Մնացի մեն-մենակ: Սարսա­փելի էր: Հետո, տասնվեց տարեկանում, ամուս­նացա մի արգենտինացու հետ: Սխալ ընտրու­թյուն էր…

ՊԱՏՐԻԿ — Իմ խեղճ Էսսի…

ԴԱՆԻԵԼ — Ներեցեք, իսկ պրոֆեսոր Հելլե­րի հետ կապված որևէ բան չե՞ք հիշում:

ԷՍՏԵԼԼԱ — Ոչ, չեմ հիշում:

ՋՈՆԱԹԱՆ — Իսկ ես ձեզ հիշում եմ: Դուք այն ժամանակ էլ սև մազեր ունեիք, ինչպես հի­մա:

Բոլորը զարմացած նայում են Ջոնաթանին:

ԻԱՆ — Պատմեք, խնդրում ենք:

ՋՈՆԱԹԱՆ — Մի անգամ հայրս ինձ տա­րավ Չիկագո: Տպավորվել է, որովհետև հազվադեպ էր պատահում, որ հայրս ինձ որևէ տեղ տաներ: Ճանապարհին մտանք խաղալիքների խանութ: Հայրս սև մազերով մի տիկնիկ գնեց: Ասացի՝ աղջի՞կ եմ, ինչ է, ինչո՞ւ ես ինձ համար տիկնիկ առնում: Ասաց՝ քեզ համար չէ, այլ մի աղջկա, որ այս տիկնիկին է նման: Հետո հիշում եմ մի շատ մութ միջանցք, պատերին խաչեր, միջանցքից մկնդեղի հոտ էր գալիս: Հիշում եմ, որ վախենում էի: Հետո երկար սպասում էինք: Հետո դուռը բացվեց, ներս մտավ գզգզված մա­զերով մի փոքրիկ աղջիկ: Հայրս նշան արեց, ես տիկնիկը տվեցի նրան… ձեզ: Հիշո՞ւմ եք… դուք ոսկեգույն թիթեռնիկներով կոշիկ էիք հագել: Լավ հիշում եմ, որովհետև շարունակ հատակին էի նայում:

ՊԱՏՐԻԿ — Ո՞նց չի հիշում: Թիթեռնիկները ինքս էի ներկել Հիսուսի սրբապատկերից ավե­լացած բրոնզով:

ԷՍՏԵԼԼԱ – Ասացին՝ տիկնիկը հայրիկդ է բերել:

ՊԱՏՐԻԿ — (Իանին): Դո՞ւ ասացիր:

ԻԱՆ — Ե՞ս: Ես որտեղի՞ց կարող էի իմանալ:

ՊԱՏՐԻԿ — Ի՞նչ գիտեմ: Դու միշտ ամեն ինչ իմանում էիր:

ԼՈՒԻՋԻ — Վերջը բոլորս իրար ազգական ենք դուրս գալու:

ՄԱՔՍԻՄ — Աստված չանի:

ԱՍՏՐԻԴ — Ճիշտ որ:

ԻԱՆ — Լավ, ենթադրենք, որ Էսսին էլ Հելլերի աղջիկն է: Իսկ ե՞ս, իսկ Պատի՞ն: Հո չե՞նք կարող բոլորս Հելլերի երեխաները լինել:

ՄԱՔՍԻՄ — Իսկապես, ես ի՞նչ կապ կարող եմ ունենալ ձեզ հետ:

ԱԴՐԻԱՆ — Առայժմ մենք փորձում ենք կապ գտնել մեր և Հելլերի միջև, ինչո՞ւ եք չարանում:

ՌՈՄԱՆ — Այո, պարտադիր չէ ազգակցա­կան… ինչ-որ է:

ՆՈՅԵՄԻ — Այո, գուցե մենք էլ չգիտենք… ես, ես որ հիմար եմ: Դուք բոլորդ մի տաղանդ ունեք:

ԱՍՏՐԻԴ — Վերջապես մի խելոք բան ասացիք:

ՆՈՅԵՄԻ — Հանգիստ թողեք…

ԴԱՆԻԵԼ — Լավ, Նոյեմի, հանգստացիր: Դու, քեզնից անկախ, շատ խելացի բան ասացիր: Իսկապես, այդ հանգամանքը պետք է հաշվի առնել: Էստելլա, դո՞ւք ինչ տաղանդ ունեք:

ՊԱՏՐԻԿ — Ո՞վ չգիտի Էսսիի տաղանդնե­րը: Առաջին կարգի կախարդ է, բախտագուշակ: Երազների լավագույն մեկնաբան: Հիշո՞ւմ ես այն երազը, որ երեքս էլ տեսել էինք: Պատ­կերացնո՞ւմ եք, երեքս էլ նույն օրը, նույն երա­զը: Ուզո՞ւմ եք պատմեմ: Այսօրվա պես հիշում եմ:

ԱՍՏՐԻԴ — Աստված իմ, հիմա էլ երազները պիտի պատմեն:

ԴԱՆԻԵԼ – Ինչո՞ւ ոչ: Գուցե կարևոր է: Լավ, պատմեք, միայն թե կարճ:

ԷՍՏԵԼԼԱ — Երազը, ճիշտ է, երեքս էլ տե­սանք: Իբր ես, Ժանը, Պատին մի մութ տեղ էինք: Փակված էինք: Ուզում էինք դուրս գալ, չէ­ինք կարողանում: Շատ ցուրտ էր: Ես ու Պա­տին լաց էինք լինում: Ժանը մեզ մխիթարում էր… փորձում էր ելքը գտնել: Մենք վազում, վա­զում էինք, բայց էլի նույն տեղն էինք գալիս, սոսկալի էր…

ՊԱՏՐԻԿ — Ճիշտ նույն երազն էլ ես եմ տեսել…

ՄԱՔՍԻՄ — Չէ, ես չեմ կարող լսել այս անհեթեթությունը:

ԴԱՆԻԵԼ — Անհեթեթություն չէ: Իմ կարծի­քով, դա երազ չէ: Ինչ-որ բան է պատահել երե­քիդ հետ: Միաժամանակ: Իմ կարծիքով, դա իրողություն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ իրա­կան պատահար:

ԻԱՆ — Ես էլ եմ այդպես կարծում: Միշտ ասել եմ, որ երեքս նույն երազը չէինք կարող տեսած լինել:

ԴԱՆԻԵԼ — Համաձայն եմ: Ուրի՞շ:

ՊԱՏՐԻԿ — Առայժմ ոչինչ: Ես վերջացրի:

ԷՍՏԵԼԼԱ — Ես էլ: Գուցե հետո մի բան հի­շեմ:

ԱՍՏՐԻԴ — Լավ, հասկացանք: Ո՞վ է շարու­նակում:

ԴԱՆԻԵԼ — Դուք էլ շարունակեք:

ԱՍՏՐԻԴ — Աստրիդ Չարլտոն: Լրագրող եմ: Ծնվել եմ Ավստրալիայում: Մինչև երեսուն տարեկանս երբեք չեմ եղել Ամերիկայում: Հելլերի մասին գիտեմ մամուլից, գործի բերումով: Որևէ հատուկ տաղանդ չունեմ: Չէ, ունեմ, ան­սահման համբերություն: Առայժմ:

ԴԱՆԻԵԼ — Ներեցեք, իսկ ձեր ծնողներն է՞լ Ավստրալիայից են:

ԱՍՏՐԻԴ – Հայրս՝ այո: Մայրս ամերիկացի է: Հետո ի՞նչ: Այդպես մի նայեք:

ՋՈՆԱԹԱՆ — Չեմ նայում: Գուցե ծանոթ է եղել հորս հետ: Հնարավորությունների գիշեր է, չէ՞: Ասեմ, որ բնավորությամբ շատ նման եք:

ԱՍՏՐԻԴ — Հենց այդտեղ էլ կանգ առեք: Ի՞նչ է, կարծում եք բոլորիս մայրիկները ձեր հոր վզո՞վն են ընկել: Մի քիչ շատ չեղա՞վ: Թե՞ մեզ բերել եք, որ գտնենք այդ չարաբաստիկ ադամանդներն ու հետո…

ՋՈՆԱԹԱՆ – Հետո՝ ի՞նչ…

ԻԱՆ — Ինչո՞ւ եք բարկանում: Մենք ընդամենը փորձում ենք հասկանալ:

ԱՍՏՐԻԴ — Ձեր փաստաբանությունը ուրիշ տեղ կանեք, լա՞վ: Իսկ ինձ հանգիստ թողեք:

ՋՈՆԱԹԱՆ — Լսեք, ես ոչ ոքի ուժով այս­տեղ չեմ բերել: Ընդամենը մի նամակ եմ գրել ամեն մեկիդ, կտակի ցուցմունքին համաձայն: Ուրեմն, եթե եկել եք, մի քիչ համբերեք:

ՄԱՔՍԻՄ — Ոչ մեկս էլ չի երազում այստեղ լինել:

ԱՍՏՐԻԴ — (հանում է դրամապանակը, Ջոնաթանին): Ահա, ծնողներիս նկարները: Խնդրեմ, նայեք, գուցե տեսե՞լ եք… երազում…

ՋՈՆԱԹԱՆ — (նկարին նայելով, դողալով): Սա քո մա՞յրն է:

ԱՍՏՐԻԴ — Միայն թե չասեք, որ ճանաչե­ցիք, ի սեր Աստծո:

ՋՈՆԱԹԱՆ — (բռնում է նրա թևից ու աստի­ճաններով քարշ է տալիս դեպի կնոջ յուղաներկ նկարը): Նայիր, լավ նայիր հիմա սրան: Դանիել, Պատրիկ, խնդրում եմ նայեք:

Բոլորը մոտենում են ու սկսում են ուշադիր նայել: Աստրիդը հեռվից հետևում է նրանց:

ԴԱՆԻԵԼ — Նմանությունը շատ մեծ է: Իմ կարծիքով, լուսանկարի կինը և դիմանկարում պատկերվածը նույն մարդն են:

ՋՈՆԱԹԱՆ — Չի՛ կարող պատահել: Մայրս մեռել է, երբ ես փոքր եմ եղել: Նելսոնն այդպես է պատմել: Ավտոմեքենայի վթարից:

ՆՈՅԵՄԻ — Նելսոնն ո՞վ է:

ՊԱՏՐԻԿ — Ծառայողապետը: Ով որ դուռը բացեց:

ՋՈՆԱԹԱՆ — Նելսոն, Նելսոն… այստեղ արի, գրողի տարած ծերուկ: Հե՜յ, Նելսո՛ն:

Սկսում է լաց լինել: Էսսին մոտե­նում, գրկում է նրան:

ԱԴՐԻԱՆ — Հանդարտվեք, Ջոնաթան, պինդ կացեք, այսօր դեռ շատ բան ենք լսելու:

ՆՈՅԵՄԻ — Ես շատ եմ վախենում: Այնքան շատ բան լսեցի մի գիշերվա մեջ: Շատ ծանր է…

ԱՍՏՐԻԴ — Ի սեր Աստծո, մի նվնվա:

ԼՈՒԻՋԻ — (Աստրիդին): Ուզո՞ւմ եք երգեմ ձեզ համար:

ԱՍՏՐԻԴ — Մի ուրիշ անգամվա համար թողնենք: Հիմա նյարդերս չեն դիմանա: Լավ, ես վերջացրի: Ո՞վ է ուզում շարունակել: Պատ­վելի, ձեր կյանքի պատմությունը: Ձեր հայրը, մայրը… տաղանդը… (Քաշվում է սենյակի խոր­քը, սիգարետ է վառում:)

ԱԴՐԻԱՆ — Անունս Ադրիան վան Դալ է: Ծագումով հոլանդացի եմ: Բողոքական եկեղե­ցու պատվելի: Հայրս նույնպես պատվելի է եղել, պապս էլ: Մայրս պարզ երեցկին էր: Խեղճ, համեստ մեկը: Երազում էր, որ եկեղե­ցուն նվիրվեմ: Ուրիշ կյանք չեմ տեսել եկեղե­ցուց բացի: Կյանքումս ոչ մի հիշարժան դեպք չի եղել:

ՆՈՅԵՄԻ — Իսկապե՞ս ոչ մի… Խեղճ մարդ… Հաստա՞տ գիտեք…

ԱԴՐԻԱՆ — Հա, գուցե մի փաստից բացի: Փոքր ժամանակ ինձ փախցրել են: Փրկագին էին ուզել, շատ մեծ: Հայրս ապշել էր: Ինքը աղ­քատ կրոնավոր էր, ինչ ուներ, որ ինչ տար…

ԼՈՒԻՋԻ — Կապ չունի: Իտալիայում մաֆի­ան տասնյակ պատճառներով մարդկանց է առևանգում… օրինակ՝ քաղաքապետարանի վրա ճնշում գործադրելու նպատակով…

ՄԱՔՍԻՄ – Հիմար-հիմար դուրս մի տվեք… Շարունակեք, խնդրում ենք:

ԴԱՆԻԵԼ — Հետաքրքիր է, հետո՞:

ԱԴՐԻԱՆ – Հետո՝ ոչինչ: Ինչքան անսպա­սելի տարել էին, այնքան անսպասելի ետ էին բերել: Հայրս մտածել էր, որ երևի ինձ սխալ­մամբ էին տարել, մի հարուստի երեխայի փո­խարեն: Համենայնդեպս, ասում եմ, ինչ հասուն տարիքում եմ լսել:

ԴԱՆԻԵԼ — Իսկ դուք ոչինչ չե՞ք հիշում:

ԱԴՐԻԱՆ — Դժբախտաբար, ոչինչ: Մորս պատմելով՝ հագիս Հիսուսի նկարով շապիկ է եղել: Նա է ինձ փրկել:

ԼՈՒԻՋԻ — Ներեցեք, հայր սուրբ, իսկ դուք ի՞նչ տաղանդ ունեք:

ԱԴՐԻԱՆ — Չգիտեմ ինչ ասեմ: Արտակարգ հիշողություն ունեմ: Անգիր կարող եմ կարդալ բոլոր սաղմոսները, ցանկացած տողից: Եթե դա, իհարկե, տաղանդ է համարվում:

ՆՈՅԵՄԻ — Այդքան լավ հիշողություն ու­նեք, բայց փախցնելը չեք հիշում:

ԱԴՐԻԱՆ — Տեսնո՞ւմ եք, ուրեմն ոչ մի տա­ղանդ էլ չունեմ: Ես վերջացրի:

ԴԱՆԻԵԼ — Շնորհակալություն, պատվելի: Ո՞վ է շարունակում:

ՆՈՅԵՄԻ — Ես կարող եմ շարունակել, եթե դեմ չեք:

ԴԱՆԻԵԼ — Իհարկե դեմ չենք: Պատմեք, խնդրում ենք, միայն թե առանց չափազանցությունների:

ՆՈՅԵՄԻ — Իհարկե, միայն ճիշտը: Անունս Նոյեմի Լանգանո է: Մասնագիտությամբ ֆոտոմոդել եմ: Ծագումով՝ կես եթովպուհի մայրի­կիս կողմից և կես անգլուհի հայրիկիս կողմից:

ԱՍՏՐԻԴ – Սկսվե՜ց…

ՆՈՅԵՄԻ — Չէ, իսկապես: Գույնիցս չի՞ երևում: Տասնվեց տարեկանում եղել եմ միսս

Կալիֆորնիա: Նկարս համարյա միշտ ամսա­գրի շապիկին են տպում: Ջինոն ասում է, որ ես չափազանց ֆոտոգենիկ եմ:

ԼՈՒԻՋԻ — Ո՞ր Ջինոն: Կարմրամա՞զը: Նեապոլի՞ց:

ՆՈՅԵՄԻ — Իմ լուսանկարիչն է: Կարմրա­մա՞զ: Ի՞նչ իմանամ, մազը ամեն օր մի գույն ու­նի: Վենետիկից է: Չէ, Ջենովայից: Մեծ տա­ղանդ է:

ՌՈՄԱՆ — Նրա անունը ցուցակում չկա:

ՆՈՅԵՄԻ — Այո, բայց մի անգամ…

ՄԱՔՍԻՄ — Ասացեք կարճ, գեղեցկուհի:

ՆՈՅԵՄԻ — Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ:

ԼՈՒԻՋԻ — Ուրեմն մոդել լինե՞լն է ձեր տա­ղանդը:

ԱՍՏՐԻԴ — Իհարկե: Հանվել, հագնվել: Արագ, տադանդավոր կերպով արագ…

ՆՈՅԵՄԻ — Դու լռիր: Հանվելը չի: Ես կա­րող եմ համակարգչի ցանկացած ծրագրի մեջ մտնել, անգամ Ազգային Բանկի:

ԼՈՒԻՋԻ — Ազգային Բանկից գլուխ հանելու համար իրոք տաղանդ է պետք:

ՆՈՅԵՄԻ — Չէ, լուրջ: Ջինոն ասում է, որ ես համակարգչի չար ոգին եմ:

ԴԱՆԻԵԼ — Լավ, պարզ է: Ծնողնե՞րդ:

ՆՈՅԵՄԻ — Հայրս մահացել է աշխատանքի մեջ: Հրշեջ էր: Իսկական հերոս: Մայրս մանրէա­բան ֆիզիկոս է: Շատ խելացի է: Գերազանց սո­վորող է եղել: Ես սովորելու հետ գլուխ չունեի:

ՋՈՆԱԹԱՆ — Իսկ ո՞ր համալսարանն է ավարտել:

ՆՈՅԵՄԻ — Ինչպե՞ս թե որ, Բոստոնի, էլ ո՞ր: Ինչո՞ւ:

ՋՈՆԱԹԱՆ — Չէ, ոչինչ: Պարզապես հայրս ողջ կյանքը աշխատել է Բոստոնի համալսա­րանում: Բոլորդ գիտեք, նոր բան չեմ ասում: Ո՞վ մնաց, ե՞ս:

ՌՈՄԱՆ — Կարծեմ թե ես էլ: Ես, դուք և պա­րոն Մանուկյանը: Անունս Ռոման Բելով է: Դաշնակահար եմ: Ռուս էմիգրանտների ըն­տանիքից: Միշտ ապրել ենք Բոստոնում: Լավ չէինք ապրում, բայց ծնողներս մինչև վերջին սենթը ծախսում էին իմ դասերի վրա:

ԱԴՐԻԱՆ — Ես ձեզ լսել եմ ռադիոյով: Կաս­կած չկա, որ դուք տաղանդավոր եք:

ՌՈՄԱՆ — Եթե հավատանք թերթերին… չգիտեմ: Ես ուղղակի չեմ կարող ապրել առանց երաժշտության: Մնացածը ինձ չի հետաքրքրում:

ԼՈՒԻՋԻ — Հասկանում եմ… ինչպես եմ հասկանում: Սոցիալական դժվարությունները փակում են տաղանդի ճանապարհը:

ՄԱՔՍԻՄ — Դուք քաղաքական գործիչ պի­տի լինեիք, Լուիջի: Ամեն ինչի համար պատ­րաստ կարգախոս ունեք:

ԱՍՏՐԻԴ — Ամեն ինչ առաջին քայլից է սկսվում:

ԴԱՆԻԵԼ — Լավ, լրջացեք: Ասացիք՝ Բոս­տոնում եք ծնվել:

ՌՈՄԱՆ — Այո, այստեղից երկու փողոց այն կողմ հիվանդանոց կա: Մայրս մաքրություն էր անում այնտեղ: Շատ վատ էր զգում, որ ստիպ­ված է… աղքատ էինք:

ՋՈՆԱԹԱՆ — Սուրբ Ֆրանսիսկո հիվան­դանոցը: Հայրս… կարիք չկա ենթադրություններ անելու, աշխատում էր հիվանդանոցի գենե­տիկայի բաժնում: Բոլորը գիտեն: Ոչինչ չեմ ակ­նարկում: Փաստը մնում է փաստ:

ՌՈՄԱՆ — Ես… այսքանը:

ԴԱՆԻԵԼ- Լավ, Ջոնաթան, դուք շարունա­կեք:

ՋՈՆԱԹԱՆ — Չէ, նախ դուք, եթե, իհարկե, Բելովը վերջացրեց:

ՌՈՄԱՆ — Այո, այո, վերջ:

ԴԱՆԻԵԼ — Դե լավ: Դանիել Մանուկյան: Ոստիկանության քննիչ: Ամերիկա եմ ներգաղ­թել նախկին ԽՍՀՄ-ից, հինգ տարեկանում: Հայ եմ: Միշտ ապրել եմ Լոս Անջելեսում, բայց մի տարի առաջ նշանակում ստացա Բոստո­նում: Հելլերի սպանության գործը իմ առաջին լուրջ հանձնարարությունն էր: Մինչ այդ նրա գոյությունը ինձ երբեք չի հետաքրքրել: Ավելին, այս պահին ուղղակի ատում եմ նրան: Ներե­ցեք, Ջոնաթան:

ՋՈՆԱԹԱՆ — Ինձ մի ասեք: Ես այլևս մե­նակ չեմ: Ինչպիսի՛ հաճույք: Ներեցեք, շարունակեք խնդրեմ:

ԴԱՆԻԵԼ — Մանկություն: Ոչ մի հատուկ բան: Ծնողներս համարյա երբեք տանը չէին: Ես տատիս հետ էի ապրում: Տատս տան ամեն անկյունում, ամեն դարակում մանր դրամ էր թաքցնում: Ես փորձում էի գտնել: Տատս ավելի խորն էր թաքցնում, ես ավելի ճարպիկ էի դառ­նում: Այդ մանկական չարաճճիությունը պատ­ճառ դարձավ, որ ես քննիչ դարձա, իսկ ավելի հետաքրքիրն այն է, որ նորից պիտի փնտրեմ ու գտնեմ թաքցրած փողերը:

ԼՈՒԻՋԻ — Ադամանդները:

ԴԱՆԻԵԼ — Ինչ որ է:

ԱԴՐԻԱՆ — Իսկ պրոֆեսորի հետ որևէ կա՞պ, մանկական հուշե՞ր…

ԴԱՆԻԵԼ — Չէ, հաստատ չկան:

ՄԱՔՍԻՄ — Գուցե դուք էլ տուն զանգեք, հարցնեք… տատիկը հավանաբար արդեն չկա, բայց…

ԴԱՆԻԵԼ — Սխալվում եք: Տատս կա: Իր ասելով իննսուն տարեկան է, բայց իմ կածիքով մի բան էլ ավել կլինի: Զարմանալի կին է: Տան բոլոր գործերը ինքն է անում: Անհանգիստ հոգի ունի: Նույնիսկ բաժնեթղթեր է առնում-ծախում: Այս գործը վերջանա, բոլորիդ մեր տուն եմ տանելու: Չէ, իմաստ չունի զանգել: Թե չէ մի բան կկասկածի ու մի ժամից այստեղ կհայտնվի: Հետո ձեռքից չենք պրծնի: Բոլորիդ հարցախեղդ կանի: Ավելի լավ է վերջացնենք:

ՄԱՔՍԻՄ — Ճիշտ է, շատ երկարեց: Ջոնաթան, խոսքը ձերն է:

ՋՈՆԱԹԱՆ — Ջոնաթան Հելլեր: Նախկին ուսանող: Ութ տարեկանից հորս համարյա չեմ տեսել: Նախ «հանճարների» չարաբաստ դպրոցը, որ սարսափով եմ հիշում: Հետո համալսարան, որը չավարտեցի: Ալկոհոլ, թմրա­դեղեր, կասկածելի ընկերներ: Փայլուն կենսա­գրություն է… ոչինչ չես ասի: Հորս մահվան լուրն իմացա հեռուստացույցից, հանրակացա­րանի մահճակալին պառկած: Անգամ թաղմա­նը չեկա: Հորս ողջ կենսագրությունը իմացա թերթերից: Փաստեր լսեցի, որոնց մասին պատ­կերացում անգամ չունեի: Ականավոր գիտնա­կան, բազմազբաղ բժիշկ, վաստակավոր մանկավարժ: Եվ ոչ մի բառ իմ մասին: Ասես եր­բեք գոյություն չեմ ունեցել: Անգամ ինքս սկսե­ցի կասկածել, թե Հելլերի հետ որևէ կապ ունեմ Աշխատեցի մոռանալ նրան: Մինչև որ Նելսոնը կանչեց, ինչ-որ բաներ փնթփնթաց ու հանձնեց այս կտակը: Ես էլ բոլորիդ հավաքեցի այս տա­նը: Ի դեպ, ավելացնեմ, որ ես քսան տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եմ այստեղ: Տունը, ինչպես իմացաք, կտակի համաձայն Նելսոնին է պատկանում: Նա քսանհինգ տարի հորս բատլերն է եղել: Մի խոսքով… հավա­տացնում եմ, ադամանդները ինձ չեն հետաքրքրում, ոչ շատ: Ավելի շատ ուզում եմ հասկա­նալ, հասկանալ, թե ով էր այդ Հարոլդ Հելլերը… ուրիշ ոչինչ: Ես վերջացրի:

Երկար լռություն:

ՋՈՆԱԹԱՆ — Քաղցած մարդ կա՞: Ես սովից մեռնում եմ: Նելսոն, Նելսոն:

 

Նելսոնը ներս է մտնում և հե­տաքրքրությամբ շուրջն է նայում:

ՆԵԼՍՈՆ — Լսում եմ, պարոն:

ՋՈՆԱԹԱՆ — Մեզ համար սենդվիչներ պատրաստիր: Շատ: Բոլորս էլ քաղցած ենք:

ՆԵԼՍՈՆ — Հիմա կբերեմ: Ուրիշ ի՞նչ կկա­մենաք: Թեյ, սուրճ:

ՋՈՆԱԹԱՆ — Ամեն ինչ էլ բեր:

ՊԱՏՐԻԿ — Ես ձեզ կօգնեմ:

ԷՍՏԵԼԼԱ — Ես էլ:

Գնում են Նելսոնի հետ:

ՄԱՔՍԻՄ — Ես գնամ զանգեմ կնոջս:

Ջոնաթանը, Ռոմանը, Լուիջին և Նոյեմին մոտենում են բարին: Աստրիդը և Իանը մնում են նստած: Ադրիանը շրջում է սենյա­կում: Դանիելը խորացել է գրածի մեջ: Դադար:

ԻԱՆ — Ավստրալիայում ո՞ր թերթում էիք աշ­խատում:

ԱՍՏՐԻԴ — Մի մեծ բան չէր: «Գլոբ թուդեյ»: Մի քանի հազար բաժանորդ:

ԻԱՆ — Ինչ անհեթեթ պատմություն է: Ադա­մանդներ:

ԱՍՏՐԻԴ — Բայց և այնպես եկել եք: Ինչո՞ւ:

ԻԱՆ — Մարդկային հետաքրքրասիրություն: Ուրիշ ոչինչ: Իսկ դո՞ւք:

ԱՍՏՐԻԴ — Ես… թերթի համար… կարևոր չէ:

ՆՈՅԵՄԻ — Ես չէի գա: Ջինոն ստիպեց: Ասաց՝ գնա, հաստատ փողի հաշիվ կլինի: Ճիշտ դուրս եկավ:

ԼՈՒԻՋԻ — Տեսնես իրո՞ք ադամանդներ կան: Խելքս բան չի կտրում: Ավելի ծուղակի է նման: Այդ Հելլերը անդուր տիպ է, ինչ ուզում ես ասա:

ԴԱՆԻԵԼ — (Ադրիանին): Հայր սուրբ, կա­րո՞ղ եք ճշգրիտ պարզել ձեր առևանգման ամսաթիվն ու տարին:

ԱԴՐԻԱՆ — Դժվար չի: Կարծեմ զատկի նախորդող կիրակին է եղել, բայց տարին չգիտեմ: Կարող եմ հարցնել:

ԴԱՆԻԵԼ — Բարի եղեք:

Ադրիանը մի կողմ քաշված զան­գում է:

ՋՈՆԱԹԱՆ — Դանիել, ընդմիջում տվեք: Մի բան խմենք: (Գալիս ես Նելսոնը, Էստելլան, Պատրիկը՝ սկուտեղներով:) Ուտելիքն էլ բերեցին: Իան, Աստրիդ, հերիք ծխեք, միացեք մեզ: Մաքսիմն էլ եկավ:

Բոլորը ուտում են կամ խմում: Նելսոնը կանգնած նայում է նրանց մեկ առ մեկ: Հետո դանդաղ հեռա­նում է:

ԻԱՆ — Կարծում եմ, այս պատմության մեջ մի ուրիշ գաղտնիք կա, մի բան, որ ոչ ադամանդ­ների հետ կապ ունի, ոչ էլ…

ԱՍՏՐԻԴ — Ոչ էլ ի՞նչ:

ԻԱՆ — Չգիտեմ, այս ամբողջ պատմությունը տաղանդների հետ կապված… կասկածելի է, ինչ-որ…

ՆՈՅԵՄԻ — Չժխտեք, որ առաջինը ես գլխի ընկա:

ԴԱՆԻԵԼ — Չենք ժխտում: Լավ, եկեք ի մի բերենք: Ուրեմն ենթադրվում է, որ ձեզանից ոմանք, գուցե բոլորդ, Հելլերի հետ արյունակ­ցական կապ ունեք:

ԱՍՏՐԻԴ — Դա ոչնչով չի ապացուցված:

ԻԱՆ — Ճիշտ է: Հաստատ պետք չէ խոսել:

ԴԱՆԻԵԼ — Ուրիշ:

ՆՈՅԵՄԻ — Մենք բոլորս որևէ տաղանդ ունենք:

ԼՈՒԻՋԻ — Այդ մեկը հաստատ ճիշտ է:

ԱԴՐԻԱՆ — Ես նկատեցի, որ բոլորս տար­բեր ազգության ենք պատկանում:

ՊԱՏՐԻԿ — Եվ ինձնից ու Աստրիդից բացի բոլորդ ամերիկացի եք, բայց էմիգրանտների ընտանիքից:

ԴԱՆԻԵԼ — Մտածեք, մտածեք, ուրիշ ինչ ընդհանրություն կա: Ջոնաթա՞ն:

ԷՍՏԵԼԼԱ — Պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք այդպես շահագրգռված այդ ադամանդներով: Շա՞տ եք երազում հարստանալ:

ՊԱՏՐԻԿ — Էսսի, վերջ տուր: Մարդն ուզում է օգնել: Ինչ կա որ…

ԴԱՆԻԵԼ — Ես քննիչ եմ, սիրելի Էսսի: Ու­զում եմ հասկանալ, թե սա ինչ պատմություն է:

ԼՈՒԻՋԻ — Իսկ ես դեմ չեմ, որ ադամանդնե­րը գտնենք, եթե, իհարկե, կան: Ինչ է, մեկը կա՞, որ չի ուզում հարստանալ:

ԱՍՏՐԻԴ — Շատ պետքս է: Այո, ես չեմ ու­զում: Ոչ այսպես:

ԱԴՐԻԱՆ — Կարող եք եկեղեցուն նվիրել, եթե չեք ուզում:

ԼՈՒԻՋԻ — Այ թե խորամանկն եք, հայր սուրբ: Ես ոչ մեկին էլ ոչ մի բան նվիրելու միտք չունեմ:

ՆՈՅԵՄԻ — Ոչ էլ ես:

ԱԴՐԻԱՆ — Լավ, լավ, մի բան էր՝ ասացի: Վրա մի տվեք:

ԴԱՆԻԵԼ — Հայր սուրբ, ուրեմն ո՞ր թվակա­նին էին ձեզ առևանգել:

ԱԴՐԻԱՆ — Ութսուն թվականի ապրիլի երկ­րորդ կիրակին:

ԴԱՆԻԵԼ — Հաստա՞տ:

ԱԴՐԻԱՆ — Հաստատ: Մայրս ասաց: Ին­չո՞ւ: Ի՞նչ եք մտածում:

ԴԱՆԻԵԼ — Իմ կարծիքով այդ օրը մեզնից մի քանիսը այստեղ են եղել: Հիշո՞ւմ եք, Էսսի, Պատրիկի ու Իանի երազը:

ՄԱՔՍԻՄ — Ես նման բան չեմ հիշում:

ԱՍՏՐԻԴ — Ես արդեն ասել եմ, որ երբեք այստեղ չեմ եղել:

ԱԴՐԻԱՆ — Ուզում եք ասել, որ ինձ Հելլերն էր առևանգե՞լ: Դա անհեթեթություն է:

ԴԱՆԻԵԼ — Առայժմ սա միայն ենթադրու­թյուն է, ուրիշ ոչինչ:

ԻԱՆ — Լավ, ուրի՞շ…

ԴԱՆԻԵԼ — Այդ տաղանդների հարցը… կար­ծես ընտրված լինեք:

ՆՈՅԵՄԻ — Ուրեմն դա ձեզ չի՞ վերաբերվում:

ԴԱՆԻԵԼ — Միայն այնքանով, որ ես եմ վա­րել Հելլերի սպանության գործը: Ես հատուկ տաղանդ չունեմ:

ՋՈՆԱԹԱՆ — Ի՞նչ եք ակնարկում: Որ ձեզ այստեղ եմ բերել հորս սպանությունը պարզելո՞ւ: Շատ պետքս է: Նրան այդ Լյուրսենն է սպանել, ի՞նչ կա պարզելու:

ԴԱՆԻԵԼ — Լյուրսենը դրդապատճառ չու­ներ:

ՋՈՆԱԹԱՆ — Դո՞ւք որտեղից գիտեք:

ԴԱՆԻԵԼ — Ճիշտ է, չգիտեմ:

ԻԱՆ — Եկեք չվիճենք: Ոչինչ չեմ հասկանում: Հելլերի սպանությունը, ըստ ձեզ, կապ ունի ադամանդների, այսինքն՝ Հելլերի կտակի հետ:

ԴԱՆԻԵԼ — Անվիճելի փաստ է, որ սպանու­թյունների ութսուն տոկոսը կատարվում է փողի համար:

ԱՍՏՐԻԴ — Կամ վրեժի: Մեռնողի կերպարը շատ մեծ դեր է խաղում:

ԴԱՆԻԵԼ — Աստրիդ, ինչ-որ բա՞ն գի­տեք, որ մենք չգիտենք:

ԱՍՏՐԻԴ – Ես՝ ոչ:

ՋՈՆԱԹԱՆ — Նրա մահվան օրերին թեր­թերը ինչ-որ բաներ էին գրում Հելլերի գաղտնի գիտափորձերի մասին:

ԴԱՆԻԵԼ — Ի՞նչ գիտափորձեր:

ՋՈՆԱԹԱՆ — Ինչ-որ գենետիկ փորձար­կումներ: Աստրիդ, մի՞թե չեք հիշում:

ԱՍՏՐԻԴ — Հիշում եմ, որ այդ օրերին ինչ-որ լրագրող էր սպանվել:

ԴԱՆԻԵԼ — Ոչինչ չենք կարող բացառել:

ՄԱՔՍԻՄ — Չեմ հասկանում, թե ինչու պի­տի այդքան ժամանակ վատնենք Հելլերի սպա­նության վրա: Եթե ուզում եք գործը քննել, ուրիշ տեղ արեք: Չեմ հասկանում, դուք բոլորդ բան ու գործ չունե՞ք:

ԴԱՆԻԵԼ — Լավ, ընդունում եմ, շատ երկա­րացրինք: Ջոնաթան, այս տան մեջ որևէ թաքստոց կա՞: Գաղտնի պահարան, սեյֆ… Հելլերը որտե՞ղ կթաքցներ ադամանդներր:

ԼՈԻԻՋԻ — Սեյֆը ես կբացեմ:

ԴԱՆԻԵԼ — Արդեն ասել եք:

ՋՈՆԱԹԱՆ — Այս տունը ամբողջովին թաքստոց է: Որտեղ ասես կարող էր թաքցնել: Գուցե գնանք փնտրե՞նք: Ես մի քանի ենթա­դրություն ունեմ:

ՆՈՅԵՄԻ — Գնանք, գնանք:

ԱՍՏՐԻԴ — Կարծես սկաուտ լինեք, ճիշտ եմ ասում:

ՊԱՏՐԻԿ — Լավ, հումորով նայեք, սիրելի Աստրիդ: Հաշվեք, թե գանձերի կղզում եք:

ԱԴՐԻԱՆ — Լավ ասացիք: Գնանք:

ՋՈՆԱԹԱՆ — Գնանք: Վերևում գրադա­րանն է: Ամենահարմար տեղն է աշխարհում ադամանդներ թաքցնելու համար:

 

Բոլորը դուրս են գնում: Մի պահ բեմը դատարկ է: Գալիս է Նելսոնը: Մոտենում է սեղանին, ուշադիր նայում Դանիելի գրառումները: Հետո գրպանից հանում է փոք­րիկ ստվարաթուղթ, հավանաբար սլայդ, նախ լույսի տակ զննում, հե­տո դնում է Դանիելի թղթերի վրա: Խորհրդավոր ժպտում է և դուրս գնում: Դադար: Բոլորը աստիճա­նաբար վերադառնում են:

ԼՈՒԻՋԻ — Չէ, ոչ մի բան էլ չկար: Կատակ է, ուրիշ ոչինչ:

ՄԱՔՍԻՄ — Իզուր ժամանակ ենք վատնում:

ՆՈՅԵՄԻ — Ընդունեք, որ շատ հետաքրքիր է: Ասես կինոյի մեջ լինենք:

ԱՍՏՐԻԴ — Տեսնես երբ է վերջանալու:

ՋՈՆԱԹԱՆ — Գուցե նկուղն էլ նայենք:

ԷՍՏԵԼԼԱ — Ժանն ու Պատին նայեցին: Ես չհամարձակվեցի ներս մտնել:

ԴԱՆԻԵԼ — Իան, ինչ եք կարծում, երազի մեջ տեսած նկո՞ւղն էր:

ԻԱՆ — Կարծես թե:

ՊԱՏՐԻԿ — Հա, նման էր, բայց…

Դանիելը նկատում է սեղանին դրված սլայդը:

ԴԱՆԻԵԼ — Սա ի՞նչ է:

ՋՈՆԱԹԱՆ — Սլայդ է: Վրան լուսանկար կա՞:

ԴԱՆԻԵԼ — Կարծես թե… սլայդը ո՞վ դրեց այստեղ:

ՆՈՅԵՄԻ — Ես դրսում էի:

ԼՈՒԻՋԻ — Ես էլ…

ԴԱՆԻԵԼ — Լավ, առայժմ կարևոր չէ: Տես­նենք ինչ կա վրան: (Ջոնաթանին.) Տանը  ապարատ կա՞:

ԻԱՆ — Դաշնամուրի վրա կարծես մի բան է դրված:

Բոլորը խմբվում են դաշնամուրի շուրջը: Դանիելը նկարը տեղադ­րում է սարքի մեջ:

ՆՈՅԵՄԻ — Այստեղ էկրան էլ կա:

ՋՈՆԱԹԱՆ — Ապրես, Նոյեմի: Էկրանն իջեցրու: Լուիջի, լույսը մարիր:

 

Դանիելը միացնում է սարքը: Պատի վրա հայտնվում է ութից-տաս տարեկան տասնմեկ երեխա­ների խմբակային լուսանկար: Երեխաները տխուր ու վախեցած նայում են տեսախցիկին: Երկար դադար:

ՋՈՆԱԹԱՆ — Սա ես եմ: Ա՜յ քեզ բան…

ՌՈՄԱՆ — Սա էլ ես եմ: Հիմար տեսք ունեմ: Շատ նիհար էի:

ՄԱՔՍԻՄ — Սա էլ ես եմ, ակնոցով: Փոքր ժամանակ ակնոց էի դնում:

ԼՈՒԻՋԻ — Մի ինձ տեսեք: Թիթեռնի­կով… իսկական արտիստ եմ…

ՊԱՏՐԻԿ — Սա էլ՝ ես ու Էսսին: Ճիշտ այս­պես եմ քեզ հիշում:

ԱՍՏՐԻԴ — Չեմ հասկանում, թե ե՞ս ինչպես եմ հայտնվել նկարի մեջ:

ԱԴՐԻԱՆ — Սա էլ ես եմ, դեղին շապիկով, Հիսուսի նկարը վրան: Մայրս ասում էր՝ ինձ Հիսուսն է փրկել: Հիմա եմ հասկանում:

ԴԱՆԻԵԼ — Ուզում եք ասել, որ այս շապի՞կն էիք հագել ձեր առևանգման օրը: Հաստա՞տ գիտեք:

ԱԴՐԻԱՆ — Ուզում եմ ասել, այդ օրը այս շապիկն է հագիս եղել, այո: Բայց որ սա հենց այդ օրն է… չգիտեմ, գուցե…

ԴԱՆԻԵԼ — Ուրեմն բոլորդ կա՞ք այստեղ: Սա ապացուցում է իմ վարկածը, որ այդ նույն տարվա ապրիլի երկրորդ կիրակին դուք բոլորդ այստեղ եք եղել:

ՆՈՅԵՄԻ — Ասես կինոդերասաններ լինենք…

Ամեն կողմից համաձայնության բացականչություններ:

ՆՈՅԵՄԻ — Սա էլ հավանաբար դո՞ւք եք, Դանիել:

ԴԱՆԻԵԼ — Չէ, ես նկարի մեջ չկամ:

ՆՈՅԵՄԻ — (հաշվում է): Ուրեմն սա ես եմ, Մաքսիմը, Լուիջին, Ջոնաթան… Էսսին… իսկ սա՞ ով է…

ՊԱՏՐԻԿ — (երկար զենում է նկարը): Էսսի, Ժան, ուշադիր նայեք: Հազար դոլար կտամ, թե գլխի ընկնեք:

ԷՍՏԵԼԼԱ — (ուշադիր նայում է, հանկարծ ճչում է): Հեյ, ես գիտեմ, Չղջիկն է: Պատի, ճիշտ ես ասում, Չղջիկն է, չէ՞: Ականջները տես:

Այս ընթացքում Նելսոնն աննկատ ներս է մտել և ուշադիր հետևում է խոսակցությանը:

ՆՈՅԵՄԻ — Չղջիկն ո՞վ է:

ԷՍՏԵԼԼԱ — Մեր մանկատնից: Սրիկայի մեկն էր: Դաժան: Մի անգամ տնօրենի կատվին գցեց վառարանի մեջ:

ՊԱՏՐԻԿ — Հա, մի անգամ էլ ճաշի կաթսա­յի մեջ ասեղներ էր լցրել:

ԻԱՆ — Հոգեկան հիվանդ էր, ուրիշ ոչինչ:

ՄԱՔՍԻՄ — Բայց այդ սրիկա՞ն ինչպես է հայտնվել նկարի մեջ:

ՆԵԼՍՈՆ — Որովհետև նա ձեր բացակա եղ­բայրն է: Նույն ինքը՝ Սվեն Լյուրսենը: (Ծիծա­ղում է:) Չղջիկը…

Բոլորը զարմացած ետ-ետ են գնում՝ Նելսոնին նայելով:

ՋՈՆԱԹԱՆ — Նելսո՞ն: Դո՞ւ որտեղից հայտնվեցիր: Ինչե՞ր ես դուրս տալիս: Սվեն Լյուրսևնն ո՞վ է:

ԱՍՏՐԻԴ — Հելլերին սպանողը: Գլխի չե՞ս ընկնում:

ԴԱՆԻԵԼ — Պարոն Նելսոն, եթե մի բան գի­տեք, ասեք: Սիրով կլսենք:

ՆԵԼՍՈՆ — Շնորհակալ եմ, Դանիել, դու քո պարտքը կատարեցիր: Հիմա ես եմ հարցեր տալիս:

Գրպանից հանում է ատրճանակը և սպառնալից ուղղում բոլորի վրա: Մի քանիսն ընկրկում են: Ընդհա­նուր շփոթություն:

ՆԵԼՍՈՆ — Բոլորդ նստեք: Չշարժվել: Նստեք, ասում եմ:

ԴԱՆԻԵԼ — Նելսոն, հանգստացեք: Եկեք խոսենք: Բայց նախ տվեք ատրճանակը, լա՞վ: Տվեք:

 

Դանիելը մի քայլ է անում: Նելսոնը կրակում է դատարկ բազկաթո­ռի մեջ: Աստրիդը և Էսսին ճչում են: Պատրիկը գրկում է Էսսիին: Նոյեմին մի քանի քայլ առաջ է գալիս, ասես ուզում է լավ նայել Նելսոնի դեմքին: Մյուսները նստում են՝ ով որտեղ պատահի: Նելսոնը նայում է բոլորին մեկ առ մեկ: Դադարից հետո:

ՆԵԼՍՈՆ — Նստեք, ասում եմ… Իսկ հիմա ասեք: Դու էլ, Նոյեմի… Ձեզանից ո՞ր մեկն է այդ սրիկա Լյուրսենի հանցակիցը: Ո՞ր մեկդ էիք նրան վարձել, հը՞: Ձեզ եմ հարցնում: Ժա՞ն, կներեք, պարոն փաստաբան, թե՞ դու, փոքրիկ Էսսի: Աստրիդ, քիչ առաջ մեծ-մեծ խոսում էիր, ինչո՞ւ հանկարծ լեզուդ կուլ տվիր մորդ նման: ՚Ջոնի, Ջոնի, դու չես հիշի: Մայրդ ճիշտ այդպես աչքերն էր լցնում ու լռում էր: Նյարդերիս վրա էր ազդում, գիտե՞ս: Ուղղակի ուզում էի մի բան վերցնել ու գլխովը տալ:

Ջոնաթանը նետվում է դեպի Նելսոնը:

ՋՈՆԱԹԱՆ — Բերանդ փակիր, սրիկա: Հիմա գլուխդ կջարդեմ:

Մաքսիմը և Իանը բռնում են նրան:

ԻԱՆ — Վերջ տուր: Հանգստացիր: Մեզնից ի՞նչ եք ուզում, պարոն:

ՆԵԼՍՈՆ — Արդեն ասացի: Մինչև չասեք, թե ով էր այդ սրիկա Լյուրսենին պատվիրել իմ սպանությունը, այստեղից դուրս չեք գա: Լսո՞ւմ եք: Լավ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: (Ցույց է տալիս էլեկտրոնային փոքրիկ վահանակը:) Բո­լոր դռները փակված են: Առանց սրա անհնար է բացել: Ավելին, առանց գաղտնագրի մի չնչին շարժում՝ և այս տնից ոչինչ չի մնա: Ամեն ինչ հօդս կցնդի: Բում: Պայթյուն, հասկանալի՞ է: (Բազկաթոռ է քաշում բե­մեզրը և նստում:) Ահա, ես կսպասեմ: Մինչև լուսաբաց դեռ շատ ժամանակ կա: Այդ հիմար հակագլոբալիստների պատճառով առանց այդ էլ բոլոր ճանապարհները փակ են: Կներեք, մո­ռացա ներկայանալ: Հարոլդ Հելլեր: (Ծիծաղում է:) Ձեր հայրը:

Բոլորը հավաքվում են բեմի հակա­ռակ կողմում:

ՊԱՏՐԻԿ — Այս ի՞նչ փորձանքի մեջ ընկանք: Հիմա ի՞նչ է լինելու:

ԻԱՆ — Պիտի անե՞նք սրա ասածը: Ի՞նչ եք կարծում:

ՌՈՄԱՆ — Ոչինչ էլ չենք անելու: Հո չե՞նք կարող մեզնից մեկին այս խելագարի ձեռքը տալ:

ՆՈՅԵՄԻ — Բայց ճի՞շտ էր ասում, որ ինքը Հելլերն է: Եթե Հելլերն է, ապա ո՞ւմ էին սպանել մեկ տարի առաջ:

ԱՍՏՐԻԴ — Ի՞նչ կա չհասկանալու, Բարբի: Պարզ չի՞: Անշուշտ, խեղճ ծերուկ Նելսոնին, իսկականին:

ՋՈՆԱԹԱՆ — Երևի ճիշտ ես ասում: Ինչ­պե՞ս կարող էի գլխի չընկնել:

ԱԴՐԻԱՆ — Ի՞նչ է, դուք ձեր սեփական հորը չե՞ք ճանաչում: Շատ անհավանական է: Գուցե դուք է՞լ տեղյակ եք այս դավադրությանը: Ի վերջո, դուք եք մեզ այստեղ բերել:

ՄԱՔՍԻՄ — Ճիշտ է ասում: Մեզ բերել եք այստեղ, հիմա էլ ձեր ծառայի հետ թատրոն եք խաղում, որ ադամանդների տեղն իմանաք ու մեզ մեջտեղից հանեք:

ԼՈՒԻՋԻ — Վերջը չհասկացանք՝ կտակ կա՞, թե՞ չէ: Ուզում ես, որ ամեն ինչ քե՞զ մնա: Լավ ես մտածել:

ԷՍՏԵԼԼԱ — Լավ, տղային հանգիստ թո­ղեք: Ի՞նչ եք առանց իմանալու տասը կողմից վրա տվել:

ՆՈՅԵՄԻ — Ջոնաթան, խնդրում եմ, լավ մտածիր, սա Հե՞լլերն է, թե՞ ոչ:

ՋՈՆԱԹԱՆ — Ես ոչինչ չգիտեմ: Տասը տա­րեկանից հորս համարյա չեմ տեսել: Տեսած ժա­մանակ էլ այնքան էի նրանից վախենում, որ աշխատում էի երեսին չնայել: Նելսոնն այն ժա­մանակ երիտասարդ էր: Քսան տարի է անցել: Ես քսան տարի այս տանը չեմ եղել: Բայց Լյուրսենին ես չեմ վարձել, հավատացնում եմ…

ՆՈՅԵՄԻ — Պարոն Մանուկյան… Մի բան գիտե՞ք:

ԴԱՆԻԵԼ — Ես… սկզբում չուզեցի ասել… բայց կասկածը կար… ուզում եմ ասել, որ Հելլերն էր մեռել: Ես չասացի… հրդեհը…

ՋՈՆԱԹԱՆ — Այո, իհարկե: Լաբորատորի­այում հրդեհ էր բռնկվել… Լսեք, Դանիել, գուցե Լյուրսենը դո՞ւք եք:

ԴԱՆԻԵԼ — Ե՞ս: Ոչ: Ես դրդապատճառ չու­նեմ: Դուք բոլորդ ատում էիք նրան:

ՄԱՔՍԻՄ — Իսկ ադամանդնե՞րը: Դուք էիք ասում, որ բոլոր սպանությունները կատարվում են փողի համար:

ԴԱՆԻԵԼ — Ադամանդների մասին ես չէի կարող իմանալ: Ոչ ոք, բացի Հելլերից կամ Նելսոնից: Մենք, ի վերջո, չգիտենք, թե ով է սպանվել:

ԷՍՏԵԼԼԱ — Ինքն այդպես ասաց:

ՌՈՄԱՆ — Շատ բան ասաց: Գուցե Նելսոնը հենց ինքն է, ուզում է հարստանալ: Հիմա Հելլեր է խաղում:

ԼՈՒԻՋԻ — Մաֆիայում դրան ասում են չորսհարկանի բլեֆ: Դու իմ կողմից ես, բայց իբր նրա կողմից ես, բայց իմ կողմից ես… բայց նրա կողմից ես… հասկանալի՞ է…

Նելսոնն այդ ընթացքում տեղից վեր է կացել ու հետևում է խոսակ­ցությանը:

ՆԵԼՍՈՆ — Ժողովը չավարտեցի՞ք: Սկսում եմ նյարդայնանալ: Ջոնը գիտի, թե նման դեպ­քերում ինչի եմ ընդունակ, հը՞, Ջոն: Ուզում եմ բոլորին վստահեցնել: Ես իրոք Հարոլդ Հելլերն եմ: Անհավատների համար կարող եմ Մենդելեևի աղյուսակը արտասանել: Ցանկացողներ կա՞ն:

Նոյեմին մի քանի քայլ առաջ է գալիս:

ԴԱՆԻԵԼ — Չկան: Ասեք, ինչ եք ուզում:

ՆԵԼՍՈՆ — Սիրելի Դանիել: Ես կարծում էի, դու Նահանգների լավագույն խուզարկուն ես… երևում է սխալվել եմ…

ԴԱՆԻԵԼ — Ի՞նչ ես ուզում, Հելլեր…

ՆԵԼՍՈՆ — Արդեն ասացի: Ո՞վ էր որոշել սպանել ինձ: Ո՞վ էր Լյուրսենին պատվեր տվել: (Լռություն: Բոլորը լարված նայում են: Նելսոնը ատրճանակը բռնած անցնում է մեկից մյուսին, նայելով նրանց աչքերի մեջ: Հետո գնում-կանգ­նում է մի աթոռի ետևում, ասես ամբիոնի առջև ու սկսում խոսել:) Ես սիրում էի ձեզ: Բոլորիդ անխտիր: Ես հիացած էի ձեր տաղանդներով: Ուզում էի, որ դուք ձեր բռան մեջ պահեք աշխարհը, ենթարկեք ձեր քմահաճույքին, կրքե­րին, դրանց, դրանց… այդ միջակ մարդուկնե­րին, բոլոր այդ խառնակիչներին: Կանաչներին, կարմիրներին, երկնագույններին: Ազգեր, տա­րազներ, ազգային երաժշտություն, սովորույթ­ներ… թո՛ւ, հետամնաց, տափակ մարդիկ… Աշ­խարհը պիտի լինի հարթ, անգույն, առանց կրքերի… առանց կրոնի, գլոբալիզացված, հա-հա-հա… Ու միայն իմ ստեղծած գերմարդիկ, ընտրյալները, դուք, իրավունքներ պիտի ունե­նաք այդ աշխարհում, միայն դուք: Ժամանակը մոտենում է: Ժամանակը, երբ բոլորին պիտի հարթենք, ինչպես տանտիկինը լվացքն է հար­թուկում… ձեր իշխանության ժամանակը… Ի՛նչ հոգատարությամբ էի ես ձեզ ընտրել, ինչքա՜ն էի սիրում… Սիրում էի, չնայած դուք ինձ հետ ոչ մի արյունակցական կապ չունեք: Այո, դուք լավ լսեցիք: Ոչ մեկդ իմ զավակը չի, ոչ մեկդ: Ես միայն մի երեխա ունեի: Դա Սվեն Լյուրսենն էր: Իսկ ավելի ճիշտ՝ Սվեն Հարոլդ Հելլեր կրտսերը, իմ իսկական որդին… Եվ նա… դավա­ճանեց… Չղջիկը… Այդպես մի նայիր, Ջոնաթան: Դու հոգուդ խորքում միշտ գիտեիր, որ կապ չունես Հելլերների հետ: Շատ ես սենտիմենտալ: Մորդ նման կամ հորդ, այդ այդ… ինչպե՞ս էր անունը…

ՋՈՆԱԹԱՆ — Հիմա իսկապես կսպանեմ սրան…

Տեղից պոկվում է դեպի Հելլերը: Տղաները բռնում են նրան:

ՆԵԼՍՈՆ — Ես ընդամենը ուզում եմ իմա­նալ, թե ո՞վ էր Սվենի ուղեղը լվացել: Ո՞վ էր նրան իմ դեմ լարել: Այդքան բան: Դուք ադա­մանդնե՞ր էիք փնտրում, հա՞: (Ծոցից հանում է կաշվե փոքրիկ քսակ:) Ահա, կարիք չկա փնտրելու… ո՞վ էր…

 

Այս ընթացքում Ջոնաթանը զգուշ­որեն հեռացել է խմբից և վերցրել աստիճանների գլխին գտնվող աս­պետներից մեկի նիզակը: Նա անսպասելի հարձակվում է Հելլե­րի վրա: Ընդհանուր խառնաշփոթի մեջ ատրճանակը դուրս է պրծնում Հելլերի ձեռքից: Մինչ այդ Դանիելը խլել է նիզակը Ջոնաթանից, որը, չգիտես թե ինչպես, հայտնվում է Հելլերի ձեռքին: Հելլերը նի­զակով գնում է Ջոնաթանի ուղղու­թյամբ: Լսվում է կրակոց: Բոլորը նայում են կրակոցի ուղղությամբ: Նոյեմին լուռ կանգնած է՝ ատրճա­նակով Հելլերին նշան բռնած: Հելլերը փռվում է հատակին: Երկար դա­դար:

ՆՈՅԵՄԻ — (ատրճանակը նետում է հատակին, շրջվում է դեպի ներկաները և անսպասելի խո­սում բոլորովին այլ, հասուն ձայնով): Հարոլդ Հելլերը վերջապես մեռած է:

ԴԱՆԻԵԼ — (ստուգում է): Այո, մեռած է, Նոյեմի:

ՆՈՅԵՄԻ — Ներեցեք, խնդրում եմ: Ես անկեղծ չէի: Բայց չգիտեի, թե ում կարող եմ վստահել:

ՄԱՔՍԻՄ — Նոյեմի, բացատրելո՞ւ ես, ինչ է կատարվում, թե՞ ոչ:

ՆՈՅԵՄԻ — Այո, այո, ներեցեք: Ժամանակն է խոստովանելու, որ ես հատուկ հանձնարարա­կանով եմ այստեղ եկել: Ճիշտ է, իմ անունը ցու­ցակում իսկապես կա: Բայց հենց դա է պատ­ճառը, որ այս գործի համար ես եմ ընտրվել: Ար­դեն մի քանի տարի է, որ ես Հակագլոբալիստների համաշխարհային կազմակերպության նախագահության անդամ եմ:

ԼՈՒԻՋԻ — Հը, իսկ ինչո՞ւ դրսում չես, բոլորի հետ:

ԴԱՆԻԵԼ — Սպասիր, Լուիջի, կատակի ժա­մանակ չէ:

ՆՈՅԵՄԻ — Մեր կազմակերպությունը ուշի­ուշով հետևում է համաշխարհային գլոբալիզացիայի գործընթացներին: Մենք նկատում էինք, որ գլոբալիստների, այսպես ասած, պաշտոնա­կան գործընթացին զուգահեռ գոյություն ունի մի այլ, խիստ գաղտնի ընդհատակյա կազմա­կերպություն կամ օրդեն: Նրանք իրենց կոչում են LISO International.

ԷՍՏԵԼԼԱ — Լիսօ իսպաներեն նշանակում է հարթ, միանման:

ՊԱՏՐԻԿ — Հա, ֆրանսերեն էլ համարյա նման մի բառ է, lisse.

ՆՈՅԵՄԻ — Համաշխարհային Համահար­թեցման կոմիտե, կենտրոն: Միջազգային դավադրություն տաղանդների, առաջադեմ մարդ­կային մտքի դեմ, եթե կուզեք: Սաբոտաժ հակագլոբալիստների՝ մեր դեմ:

ԼՈՒԻՋԻ — Մաֆիայի պես մի բան…

ՆՈՅԵՄԻ — Նույն սկզբունքով, բայց ավելի վտանգավոր:

ԱՍՏՐԻԴ — Եվ ո՞րն է նրանց նպատակը:

ՆՈՅԵՄԻ — Բոլոր թույլատրված ու չթույլա­տրված միջոցներով ասպարեզից հանել բոլոր նրանց, ովքեր դեմ են գլոբալիզացիայի համաշ­խարհային ծրագրին: Ուրիշ ծրագրերի անվան տակ… տակից:

ԱԴՐԻԱՆ — Իսկ կառավարությունում գի­տե՞ն այդ մասին:

ՆՈՅԵՄԻ — Ենթադրում եմ: Բայց նրանց ազդեցության շրջանակը շատ մեծ է: Մենք չգի­տենք կազմակերպության անդամների լրիվ ցանկը, այն չափազանց մեծ է: Նրանք ամենուր են, ամենակարևոր պաշտոններին, միջազգա­յին կառույցներում: Ամենուր: Բայց մի բան պարզ է. Հելլերը նրանց գաղափարական առաջնորդն էր, ուղեղը, հոգևոր հայրը…

ԷՍՏԵԼԼԱ — Բայց իրականում միայն Չղջիկի հայրն էր…

ՆՈՅԵՄԻ — Դուք չեք պատկերացնում: Սա կատակ չէ և ոչ էլ չափազանցություն: Այդ մար­դիկ ոչնչի առաջ կանգ չեն առնում: Ընդհուպ մինչև պատերազմների հրահրում, անվանի մարդկանց վարկաբեկում: Քաղաքական սպա­նություններ, հեղաշրջումներ… Նրանք միայն մի նպատակ են հետապնդում. մեջտեղից հանել բոլոր նրանց, ովքեր կամա թե ակամա խանգա­րում են իրենց ծրագրին, և մեղքը գցել ներքին շուկայի վրա… հասկանո՞ւմ եք…

ՊԱՏՐԻԿ — Բայց մենք ի՞նչ կապ ունենք այս խառնաշփոթի հետ:

ՆՈՅԵՄԻ — Մեր տեղեկությունների համա­ձայն, Հելլերը տարիներ շարունակ իրականաց­նում էր գիտափորձ, որի նպատակն էր ստեղծել մի Գերմարդ, իսկ մեր համոզմամբ՝ կատարելության հասած սրիկայի, որ պիտի դառնար Հելլերի երազած համահարթեցված աշխարհի տիրակալը: Նա ընտրել էր մեզ, փոքրուց ընդգծված տաղանդներ ունեցող երեխա­ների, ընդ որում՝ տարբեր ծագման, և նպատակ ուներ կամ սկսել էր մեր գենը սինթեզել իր մի­ակ որդու, պաթոլոգիկ մարդասպան, սադիստ, հոգեկան հիվանդ Սվեն Հելլերի գենի հետ… պատկերացնո՞ւմ եք…

ԷՍՏԵԼԼԱ — Աստված իմ… սարսափում եմ մտածել:

ՆՈՅԵՄԻ — Իսկ գուցե… վախենում եմ ասել… նրա գենը մեր գենի հետ:

ԻԱՆ — Ցնդաբանություն: Աշխարհում ամեն րոպե տաղանդավոր երեխա է ծնվում: Մենք միակը չենք… նրանք ինչ…

ՆՈՅԵՄԻ — Նրանք մտադիր էին ստեղծել, կամ արդեն ստեղծել են ուսումնական մի հա­մակարգ, որ հենց դպրոցից պիտի հաշվառման մեջ առնի և, այսպես ասած, բթացնի ամեն մի տաղանդավոր միտք…

ԱԴՐԻԱՆ — Լավ, ասենք, այստեղ՝ Բոստո­նում: Իսկ աշխա՞րհը… Աֆրիկա՞ն… նոր զարգացող երկրնե՞րը:

ՆՈՅԵՄԻ — Ես չգիտեմ, նրանք մինչև ուր են հասել, բայց ասում եմ, այս ամենը շատ լուրջ է…

ԻԱՆ — Լավ, Հելլերին սպանեցիք, իսկ մյուս­նե՞րը: Իսկ ԼԻՍՕ՞-ն: Ինչպե՞ս պայքարել դրանց դեմ…

ԱԴՐԻԱՆ — Տաղանդավոր մնալով, սիրելի Իան:

ԱՍՏՐԻԴ — Տաղանդավոր երեխաներին հո­վանավորելով:

ԷՍՏԵԼԼԱ — Անկախ դպրոցներ… գուցե…

ԼՈՒԻՋԻ — Ես հաճույքով երգի դասեր կտամ, անվճար:

ՄԱՔՍԻՄ — Կարելի է հիմնադրամ ստեղ­ծել: Ես հարուստ ընկերներ շատ ունեմ: Կարող եմ հանգանակություն կազմակերպել:

ՆՈՅԵՄԻ — Գուցե մի անգամ գա՞ք մեր հա­վաքին, նայելու պարզապես…

ԴԱՆԻԵԼ — Այդ ամենը հետո, Նոյեմի: Քո կարծիքով Չղջիկը սպանության օրը ինչպե՞ս էր հայտնվել Հելլերի մոտ… դո՞ւք էիք պատվիրել…

ՆՈՅԵՄԻ — Ըստ երևույթին նա ինչ-որ բան գլխի էր ընկել, կամ զզվել էր անվերջանալի գի­տափորձերից… չգիտենք: Բայց որքան էլ ան­հավանական թվա՝ Չղջիկին ոչ ոք ոչինչ չի պատվիրել: Նա ինքն էր որոշել սպանել Հելլե­րին: Միայն թե անհաջող…

ԱԴՐԻԱՆ — Հրեշներ ծնողը իր իսկ ծնած հրեշի զոհն է դառնում…

ԴԱՆԻԵԼ — Իսկ ինչո՞ւ հենց սկզբից ոչինչ չասացիք:

ՆՈՅԵՄԻ — Ես որևէ մեկին վստահելու իրա­վունք չունեի: Բացի այդ, իմ հիմնական խնդիրն էր պարզել՝ իսկապե՞ս Հելլերը մեռած է, թե՞ ոչ, և վերջինի դեպքում վնասազերծել:

ԴԱՆԻԵԼ – Ես ցավում եմ, որ ինձ չես վստահել: Քո արածն էլ մի բան չի:

ՆՈՅԵՄԻ – Գիտեմ, կասես, որ մեր մեթոդները նրանցից չեն տարբերվում…

ՋՈՆԱԹԱՆ – Չեղավ, Դանիել, մենք թույլ չենք տա, որ Նոյեմիին բռնես:

ԻԱՆ – Եթե պետք լինի՝ ես կպաշտպանեմ նրան:

ԱՍՏՐԻԴ – Ես թերթում այնպիսի մի ռեպորտաժ կգրեմ, որ…

ԴԱՆԻԵԼ —   Սպասեք, սպասեք, իսկ ո՞վ ասաց, որ ես Նոյեմիին ձերբակալելու եմ: Մեզնից ոչ մեկը այս երեկո այստեղ չի եղել: Հակագլոբալիստները փակել էին ճանապարհները, և մենք տեղ չհասանք: Ասենք, ոչ ոք էլ չգիտեր, որ մենք այստեղ ենք եղել:

ՄԱՔՍԻՄ – Միայն կինս:

ԱԴՐԻԱՆ – Մայրս…

ԴԱՆԻԵԼ – Կարևոր չէ…

ԼՈՒԻՋԻ – Լավ: Դա դժվար չի: Մի բան կհորինենք: Իսկ Հելլերին ո՞վ է սպանել: Ի՞նչ բացատրություն պիտի տաք…

ԴԱՆԻԵԼ – Ի՞նչ Հելլեր: Սպանվածը Նելսոն Սմիթն է: Այս տան ծառայողապետը և ներկայիս տերը: Նրան սպանել են թալանի նպատակով: Ոստիկանությունը առավոտյան կգտնի Նելսոնի դիակը և ոչ մի հանցանշան: Մի մտահոգվեք, ես ամեն ինչ կկարգավորեմ:

ՆՈՅԵՄԻ – Շնորհակալ եմ, Դանիել… բոլորիցդ: Կներեք, որ սկզբում ինձ հիմարի պես էի պահում:

ԱՍՏՐԻԴ – Դու էլ ներիր: Ես ինձ անշնորհք պահեցի…

ՊԱՏՐԻԿ – Դու հաստատ դերասանական տաղանդ ունես:

ԱԴՐԻԱՆ – Լավ: Ամեն ինչ պարզվեց: Իսկ հիմա գնալու ժամանակն է: Լույս արդեն բացվում է:

ՋՈՆԱԹԱՆ – Ճիշտ է, գնանք այս դժոխքից: Չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ, որ կապ չունեմ Հելլեր կոչեցյալի հետ: Սա իմ կյանքի ամենաուրախ օրն է: Աստրիդ, սիրելիս, ես գտա քեզ… գնանք:

ԼՈՒԻՋԻ – Մի րոպե: Իսկ ադամանդնե՞րը… Պարոն Դանիել, ադամանդները հո այստեղ չե՞նք թողնելու: Կարո՞ղ եմ գոնե մեկ անգամ մոտիկից տեսնել:

ԴԱՆԻԵԼ – (ծիծաղելով): Լավ, Լուիջի, այս մի անգամը:

Դանիելը Հելլերի վզից պոկում է կաշվե քսակն ու նետում սեղանին: Լուիջին մասնագետի լրջությամբ քարերը մեկ-մեկ զննում է լույսին:

ԼՈՒԻՋԻ – Հե՛, ա՜յ քեզ բան…

ՊԱՏՐԻԿ – Հը՞, ի՞նչ գտար:

ԼՈՒԻՋԻ – Ադամանդները կեղծ են: Ճիշտ է, լավ են կեղծված, բայց ինձ չես խաբի: Կեղծ են, կեղծ…

ՄԱՔՍԻՄ – Կարո՞ղ եմ տեսնել:

ԼՈՒԻՋԻ – Մաեստրո…

Մաքսիմը գրպանի խոշորացույցով ստուգում է:

ՄԱՔՍԻՄ – Իրոք որ կեղծ են: Ես հիացած եմ, Լուիջի: Դուք իսկական գիտակ եք: Չե՞ք ցանկանա աշխատել իմ խանութում, որպես փորձագետ:

ԼՈՒԻՋԻ – Ե՞ս… Իհարկե: Դա ի՞նչ հարց է:

ԻԱՆ – (Աստրիդին): Վաղը երեկոյան ի՞նչ եք անում…

ՊԱՏՐԻԿ – Էսսի, քեզ ու Ժանին տանում եմ մեր տուն: Չենք վիճում:

Բոլորը շարժվում են դեպի ելքը:

ԴԱՆԻԵԼ – (հայտնվում է նրան դիմաց և ատրճանակը մեքենայաբար պարզելով առաջ՝ գոռում է): Սպասեք: Ոչ ոք տեղից չշարժվի: Արդեն մոռացա՞ք, որ դռները ականապատված են: Լուիջի, որպես մասնագետ կարո՞ղ եք դուռը բացել և անվնաս մեզ այստեղից ազատել:

ԼՈՒԻՋԻ – (հպարտ): Ջանք չեմ խնայի: Դռներից հեռու գնացեք:

Լուիջին վերցնում է հատակին ընկած վահանակը, ինչ-որ բան բզբզում… Լսվում է մետաղի ճռռոց, ենթադրվում է, որ դուռը բացվեց: Ամեն կողմից. «Լուիջի, ապրես», «Գնանք, գնանք, արդեն ուշ է»… Հերթով գնում են: Վերջինը Ջոնաթանն է՝ հետը վերցրել է մոր նկարը:

 

Բեմը մթնում է: Երաժշտություն: Լուսավորված է միայն երեխաների խմբանկարը պաստառի վրա: Լսվում է նրանց բարձր ծիծաղը, որը ուժգնանալով՝ ասես լցնում է դահլիճը:

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։