ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / ՀՐԱՉՅԱՅԻ ԱՉՔԵՐԻ ԿԱՊՈՒՅՏ ԲՈՑԸ
1895 թվականի նոյեմբերի 24-ին ծնվել է ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՐԱՉՅԱՅԻ ԱՉՔԵՐԻ ԿԱՊՈՒՅՏ ԲՈՑԸ
Շատ է ասվում-խոսվում Հրաչյա Ներսիսյանի
աչքերի մոգական ուժի մասին, իսկ պահպանված
լուսանկարները սև ու սպիտակ են, ֆիլմերը՝ նույնպես…
Որտեղի՞ց պիտի ապագա սերունդներն իմանան, որ նման
հայորդի է եղել, որի աչքերի կապույտ բոցից խելահեղվել են
ոչ միայն հանդիսականները, այլև խաղընկերները:
…1950 թվական, մարտի 19-ը: Սունդուկյանում «Իլյա Գոլովին»-ի պրեմիերան է: Ասենք, որ այն ժամանակ «ամենաառաջնային, ամենակարևոր» թեման սովետական գաղափարախոսությամբ «ծրագրավորված» մարդու թեման էր. թատրոններն ու մշակույթի գործիչները հևիհև ամեն ինչ անում էին երկրի համար կարևորագույն հոբելյաններին ու տարելիցներին (Հոկտեմբերյան հեղափոխություն և այլն) «արժանի ձևով» հանդես գալու համար: Եվ ամեն ինչ դրան էր նվիրվում՝ և՛ նյութական միջոցների առյուծի բաժինը, և՛ լավագույն արվեստագետների բոլոր ջանքերը: Ամեն ինչ պիտի տարփողեր կոմունիստական գաղափարների գերազանցությունը, և ոչ ոք չպետք է շեղվեր այդ կարգախոսից: «Իլյա Գոլովին»-ն էլ գրել էր ամենասովետական գրողը՝ Սերգեյ Միխալկովը, ակնհայտորեն հաստատելու «ապոլիտիկ» երաժշտության դեմ կուսակցության սկսած ջարդարար գծի ճշմարտացիությունը: Պարզ էր, որ գլխավոր հերոսին պարտադիր կերպով պիտի մարմնավորեր թատրոնի ամենահմայիչ արտիստը: Ամեն ինչ արված էր պիեսի հայկական բեմադրությունը «արժանավայել» հնչեցնելու համար: Օրինակ՝ ռեժիսորը Վավիկ Վարդանյանն էր, որ «Հրացանավոր մարդը» և «Լենինը 18 թվականին» բեմադրություններից հետո համարվում էր գաղափարախոսական երկերի լավագույն մեկնաբանը, իսկ երաժշտությունը գրել էր Արամ Խաչատրյանը: Հրաչյա Ներսիսյանն էր Գոլովինի դերակատարը: Գոլովինը «ժողովրդից կտրված» կոմպոզիտոր էր, որ երաժշտությունը հասկանում է սումբուր ու կակաֆոնիա, բայց հետո «սթափվում» է, «գնում դեպի ժողովուրդը» և ստեղծում «հերոսական ժամանակաշրջանին արժանի» երգեր… Խե՜ղճ Հրաչյա Ներսիսյան. բովանդակ հոգևոր ու ֆիզիկական ուժերը ներդրել էր կենդանի կերպար ստեղծելու համար, թեև, եթե ոչինչ էլ չաներ, լոկ երևար բեմում՝ հաջողությունն ապահովված էր: Վավիկ Վարդանյանը լավ գիտեր արվեստագետին պարտադիր մյուս կարգախոսը ևս. բեմադրության մեջ պիտի իշխեին զանգվածային տեսարանները, «կոլեկտիվը»… Եվ ահա նա մտածում է բեմադրությանը մասնակից անել նաև թատերական ինստիտուտի այն ուսանողներին, որոնք ձայն ունեին, երգում էին: Նրանց մեջ էր դերասանականի Զարե Տեր-Կարապետյանը, որը ճանաչված էր գալանտերյանական երգերի կատարումով: Ավելացնեմ, որ չէր լինում մի պրեմիերա կամ փակ դիտում, որ պարտադիր կերպով թատերագետներս չլինեինք:
…Այն տեսարանն է, ուր Հրաչյա-Գոլովինը դաշնամուրի առջև աշխատում է, չի հավանում ֆրազը, ուղղում է, ապա պատռում, նետում է նոտաները: Ահավոր տառապում է, կորցրել է հավատը իր հանդեպ: Բայց դռան թակոցը նրան ստիպում է շեշտակի շրջվել դեպի մուտքը: Բացվող դռան մեջ հայտնվում է մարտիկ-Զարեն ու… Մեխվում, քարանում է տեղում: Մի լարված պաուզա է կախվում բեմի ու դահլիճի վրա: Ռեժիսորի մտահղացման համաձայն, մարտիկի ետևից պիտի հայտնվեն մի խումբ մարտիկներ և պատվի առնելով երգեն Արամ Խաչատրյանի թախծոտ ու հերոսական սքանչելի մեղեդին. «Կանաչը թեքվել է ընկած զինվորի գերեզմանին. հանի՛ր գլխարկդ…»: Բայց Զարեն քարացել է և չի շարժվում, և նրան հրում է Գևորգ Չեպչյանը: Հրաչյայի աչքերի բոցը շարունակում է հրդեհվել: Տեսարանը տապալումից փրկում են «մարտիկները». կամաց հրմրում են աջից ու ձախից, մի կերպ կողքանց ներս խցկվում և… հոգեթով մեղեդին տարածվում է դահլիճում: Հրաչյա-Գոլովինի կապույտ հրդեհի միջից արցունքի շիթեր են հոսում: Երգն ավարտվում է խելահեղ ծափերի որոտով:
Հետո, իհարկե, Վավիկ Վարդանյանն իր մոտ է կանչում Զարեին, հարցնում պատճառը, իսկ վերջինս ասում է այն, ինչ նաև մեզ ասաց: Նրան շանթել էր Հրաչյայի աչքերի կապույտ բոցը, որ բեկվելով բեմեզրի լույսերի մեջ՝ անասելի ուժ էր ստացել: Եվ դա կատարվել էր մեկի հետ, որն, ի տարբերություն մեզ, արտասահմանում շատ մեծ արտիստներ էր տեսել:
- Հավատացեք, նման մի երկրորդը չկա աշխարհում, որ այդպիսի աչքեր ունենա: Միայն Կոնրադ Վեյթն է հայտնի մոգական աչքերով (դուք նրան միայն «Բաղդադի գող»-ում եք տեսել), բայց նրա հայացքի մեջ չար, ահաբեկող բան կա: Հրաչյայինը ուրիշ է. ծովանում է, բոցկլտում, ու թվում է՝ դու ընկղմվում ես ալիքների մեջ:
«Թատրոնի սիրուց ու տագնապներից», Գիրք 1