Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / «ԶԻՆՎՈՐԸ»

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԶԻՆՎՈՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

Ես քայլում եմ: Ես փորձում եմ մտածել ապագայի մասին: Մինչ մտամոլոր շնչում էի ասֆալտի գաղջ օդը, հաստավիզ տղաներից մեկը իր երկհարկանի մեքենայով ուզեց ինձ ճզմել գետնին: Ես խույս տվեցի, մի կերպ, կաղալով հասա տուն: Միացնում եմ հեռուստացույցը՝ քաղաքական խեղկատակները իրենց ցինիզմն են թքում իմ վրա: Ես ճչում եմ — վերջ տվեք, մենք հոգնել ենք ձեզնից: Աչքերս փակ են: Մութ է: Հեռվում, խավարի մեջ բոցկլտում են լուսատուները:

Նվիրում եմ ազատամարտիկներին, ովքեր դիրքերում են:

 

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԶԻՆՎՈՐԸ

 

Գործող անձինք

ՌԵԺԻՍՈՐ

ԳԵՆԵՐԱԼ

ԳԵՆԵՐԱԼԻ ԿԻՆԸ

ՄԱՐԴ

ԱՐՏՈ

1-ին ԶԻՆՎՈՐ

2-րդ ԶԻՆՎՈՐ

 

Վագոնի կուպե: Մեծ պատուհանից երևում է տանկը, նրանից ներքև՝ մասրենու թուփը: Տղամարդը նստած՝ լուսամուտից նայում է դուրս: Ներս են մտնում գեներալը, նրա կինը, որդին ու ռեժիսորը:

ՌԵԺԻՍՈՐ — Այստեղից լավ է երևում նկա­րահանման հրապարակը:

Մի պահ բոլորը նայում են նրան:

ԳԵՆԵՐԱԼ — (կնոջը): Դու այս կուպեում կհանգստանաս, մինչև ավարտվի նկարահանումը:

ՌԵԺԻՍՈՐ — Պարոն, չէի՞ք տեղափոխվի մեկ ուրիշ կուպե:

ՄԱՐԴ — Դուք ի՞նձ եք ասում:

ՌԵԺԻՍՈՐ — Այո: Այս կուպեն ժամանա­կավորապես տրամադրում ենք պարոն գեներալի ընտանիքին:

ՄԱՐԴ — Ես տոմս ունեմ, այս տեղը պատկա­նում է ինձ:

ՌԵԺԻՍՈՐ — Պարոն գեներալ, հրամայեք դուրս հրավիրեն նրան:

ՄԱՐԴ – Փորձե՛ք: (Լռություն:) Ես մտադիր չեմ տեղս զիջելու…

ԳԵՆԵՐԱԼ – Հանգստացե՛ք, պարոն, ընդ­հակառակը, մենք պետք է ներողություն խնդրենք ձեզ անհանգստացնելու համար: (Բարձր:) Պարոննե՛ր, մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: (Կնոջը.) Տիկի՛՜նս, նստիր այստեղ և նայիր, թե քո սիրելի ամուսինը ինչպես է դառ­նում դերասան: (Ծիծաղում են:) Սա ինձ համար մեծ փորձություն է: (Ռեժիսորին.) Եթե ստացվի, հույս ունեմ, որ ինձ կվերցնես քո ֆիլմերում խաղալու:

ՌԵԺԻՍՈՐ — Ինչ խոսք, պարո՛ն գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ — Միայն գլխավոր դերում: Ես երկրորդական դերերում չեմ համաձայնվի: (Ծի­ծաղում են:) Եվ ամենից կարևորը՝ հոնորարը հենց սկզբից կդնեք իմ սեղանին:

Ծիծաղում են: Կինը նստում է մար­դու դիմաց:

ԿԻՆ — Տիգրան, դու կմնաս ինձ մոտ:

ՏԻԳՐԱՆ – Ո՛չ, ես ուզում եմ հայրիկի հետ լինել:

ԳԵՆԵՐԱԼ — Սիրելիս, նրա համար հետաքրքրիր կլինի տեսնել, թե հայրը ինչպես է նկարահանվում:

ԿԻՆ — Լավ, կարող եք գնալ… Իմ մասին մի անհանգստացեք: (Պայուսակից հանում է գիր­քը:) Գիրք կկարդամ, մինչև վերադառնաք:

ԳԵՆԵՐԱԼ — Դե ինչ, պարոննե՛ր, գնա­ցինք:

Դուրս են գնում: Կինը գիրք է կարդում: Մարդը հա­նում է սիգարետ, ծխում է:

ԿԻՆ — Խնդրում եմ, դրսում ծխեք: (Մարդը հանում է տոմսակը, դնում սեղանին:) Գիտեմ, որ դա ձեր տեղն է, բայց ես տանել չեմ կարողա­նում ծխախոտի հոտը:

ՄԱՐԴ — Ձեր ամուսինը չի՞ ծխում:

ԿԻՆ — Ոչ: (Մարդը շարունակում է ծխել:) Խնդրում եմ…

ՄԱՐԴ — (հանգցնում է ծխախոտը): Ար­դեն երեք ժամ է՝ այս գնացքում եմ:

ԿԻՆ — Ես ձեզ հասկանում եմ:

ՄԱՐԴ — (նայում է ժամացույցին): Երեք ժամ, հինգ րոպե… Գնացքը անհասկանալի պատճա­ռով տեղից չի շարժվում:

ԿԻՆ — Ես միայն կարող եմ ցավակցել:

ՄԱՐԴ — Շնորհակալություն, տիկին, դա էլ սփոփանք է: (Լռություն: Կինը կարդում է:) Ինձ թվում է, դուք չեք կարդում:

ԿԻՆ — Այո, չեմ կարողանում կարդալ… Շոգ է:

ՄԱՐԴ — Բացե՞մ պատուհանը:

ԿԻՆ — Խնդրում եմ:

Մարդը բացում է պատուհանը: Լսում է դաշտից եկող սվսվոցը:

ԿԻՆ — Ինչ գեղեցի՜կ է…

ՄԱՐԴ — Խաղաղ է… (Լռություն: Կինը բա­ցում է գիրքը, ուզում է շարունակել կարդալ:) Դուք շա՞տ եք կարդում:

ԿԻՆ — Չեմ սիրում հեռուստացույց նայել:

ՄԱՐԴ — Ինչո՞ւ:

ԿԻՆ — Այնքան էժանագին ծրագրեր են ցու­ցադրում, որ զայրույթից շունչս կտրվում է: Իսկ գիրքն ինքդ ես ընտրում:

ՄԱՐԴ — Հավանաբար սիրային պատմու­թյուններ են:

ԿԻՆ — Ոչ, չգուշակեցիք:

ՄԱՐԴ — Բարդ, փիլիսոփայական գիրք է:

ԿԻՆ — Նորից չգուշակեցիք, արկածային է:

ՄԱՐԴ — Արկածային… Ձեր տեսքը չի ասում, որ արկածային կյանքի սիրահար եք:

ԿԻՆ — Ոչ, բայց հոգիս փնտրում է արկածնե­րի աշխարհ:

ՄԱՐԴ — Ծովահենության…

ԿԻՆ-  Մեր կյանքը այնքան միօրինակ է:

ՄԱՐԴ — Ծովահենների տիրուհին դուրս է քաշում թուրն ու գոչում. «Առա՜ջ, ի՛մ ավազակ­ներ»:

Ծիծաղում են:

ԿԻՆ — Իսկ դուք չե՞ք սիրում, կարդալ:

ՄԱՐԴ — Տասնութ տարեկանից ոչ մի գիրք չեմ կարդացել:

ԿԻՆ – Ծույլի՛կ:

ՄԱՐԴ — Ես դպրոցում լավ եմ սովորել:

ԿԻՆ — Եթե գիրք չեք կարդացել, ուրեմն ծույ­լիկ ես: Ընդունեք, որ այդպես է:

ՄԱՐԴ — Միանգամայն իրավացի եք:

ԿԻՆ — Ամուսնացա՞ծ եք:

ՄԱՐԴ — Ես արկածային կյանքի սիրահար չեմ:

ԿԻՆ — Ի՞նչ եք ասում… Խորհուրդ կտայի ամուսնանալ, որ հաստատուն ոտքերի վրա կանգնեք:

ՄԱՐԴ — Ես ձեր խորհրդի կարիքը չունեմ:

ԿԻՆ — Նեղացա՞ք…

ՄԱՐԴ — Մարդիկ խորհուրդ են տալիս, իսկ կյանքն ինքն է թելադրում, կի՛ն:

ԿԻՆ — Լավ, ինձնից մի նեղացեք, անշուշտ, դուք ճիշտ եք, բայց կյանքն այնքան արագ է անցնում, որ հետո դուք ձեզ կմեղադրեք: Այդ ո՞ւր եք նայում:

ՄԱՐԴ — Տեսնո՞ւմ եք տանկը, իսկ ներքևում՝ մասրենին:

ԿԻՆ — Այո, հետո՞ ինչ:

ՄԱՐԴ — Ձեզ հետ չի՞ պատահում, որ կարծես մեկը կամ մի պատկեր այնքան հարազատ է, որ մտքում ասում ես՝ ախր նրան տեսել եմ, ես այդ ապրել եմ:

ԿԻՆ — Լինում է: Ձեզ ի՞նչ պատահեց…

ՄԱՐԴ — Տանկը… տանկը շարժվում է…

ԿԻՆ — Դե, ի՞նչ անենք, որ շարժվում է. ուրեմն սկսվել են նկարահանումները:

Մարդը սփրթնել է, լարված նայում է տանկին:

ՄԱՐԴ — (կակազում է): Տը… տը… տանկը շարժվում է: Բռնեք գլուխս: (Կինը ակամա բռնում է:) Սեղմեք… ուժեղ սեղմեք… Գը… գը… գլխացավս սկսվեց: (Մի պահ դադար: Մարդը կամաց-կամաց ուշքի է զալիս:) Շնորհակալու­թյուն: (Կինը ուզում է ձեռքերը քաշել, բայց մար­դը բռնում է, հոտոտում, հետո համբուրում:)

ԿԻՆ — (ձեռքերը քաշում է): Խնդրում եմ, էլ այդպիսի բան չանեք:

ՄԱՐԴ — Երբ հիվանդանոցում պառկած էի ու ցավերից ոռնում էի, մայրս էր բռնում գլուխս… Կներեք, չկարողացա ինձ զսպել. ձեր ձեռքերն այնքան տաք էին:

ԿԻՆ — Ձեր ճակատի մեծ սպի՞ն է պատճառը:

ՄԱՐԴ — Երբ հուզվում եմ, ուղեղս սկսում է ցավել:

ԿԻՆ — Հիմա լա՞վ եք:

ՄԱՐԴ — Այո, մեղմացավ:

ԿԻՆ — Դուք պատերազմում եղե՞լ եք:

ՄԱՐԴ — Ոչ: Վթարից գանգս փշրվել էր. մի կերպ իրար կպցրին:

ԿԻՆ — Այնքան էլ հաջող չեն կպցրել:

ՄԱՐԴ — Եթե ինձ տեսնեիք այն ժամանակ, այդպես չէիք խոսի:

ԿԻՆ — Ուզո՞ւմ եք որևէ բան խմել:

ՄԱՐԴ — Ոչ, ինձ չի կարելի խմել: Երբ խմում եմ, տեսնում եմ նույն երազը, տանկը գալիս է…

Դրսից լսվում է տանկի հռնդյունը:

ԿԻՆ — Ինչ ասացի՞ք, ես ձեզ չլսեցի:

ՄԱՐԴ — (ծանր հոգեվիճակում է. ձեռքերը դողում են): Տանկը գալիս է…

ԿԻՆ — Եթե ձեզ վրա տանկը ծանր տպավո­րություն է թողնում, փակեք լուսամուտը:

ՄԱՐԴ — (գրպանից հանում է դեղահաբերը): Խնդրում եմ, մի բաժակ ջուր տվեք:

Կինը շշից ջուր է լցնում, տալիս նրան: Մարդը միանգամից երեք հաբ է կուլ տալիս:

ԿԻՆ — Այդքանը միանգամի՞ց…

ՄԱՐԴ — Գլուխս չի ուզում ենթարկվել ինձ:

ԿԻՆ — Ձեր կողքին մշտապես մեկը պիտի լի­նի:

ՄԱՐԴ — Մայրս մահացավ, եկա թաղմանը: (Դառը ծիծաղում է:) Նրան չճանաչեցի, ոչ մի հիշողություն, ամենը սրբվել էր: Նայում էի նրա կնճռապատ դեմքին ու ցավ չէի զգում, հե­տո… (Նայում է կնոջը:) Ինչո՞ւ եմ պատմում ձեզ, չգիտեմ:

ԿԻՆ — Ես ցավակցում եմ…

ՄԱՐԴ — Դատարկ բառեր, ամեն մարդ ինքն է կրում իր բեռը: (Կրքոտ:) Լավ կլիներ, որ նա ինձ չծներ:

ԿԻՆ — Ինչո՞ւ եք կյանքին այդպես հոռետեսո­րեն նայում:

ՄԱՐԴ — …Որ ձեզ չհանդիպեի:

ԿԻՆ — Աստված իմ, ի՞նչ եք ուզում ասել:

ՄԱՐԴ – Հեքիաթ՝ տխուր, մելամաղձոտ… Ավելորդ բառեր մի ասեք, հեքիաթը կփշրվի ու կվերջանա:

ԿԻՆ — Ես ամուսնացած կին եմ. մեր մեջ ոչինչ չի կարող լինել:

ՄԱՐԴ — Իսկ ես ձեզնից ոչինչ չուզեցի, այդ հեքիաթը միայն իմն է: (Ծանր լռություն:) Սի­րո՞ւմ եք ձեր ամուսնուն:

ԿԻՆ — (նայում է դուրս): Նայեք նրան, մենակ կանգնել է տանկի դեմ: Ինչպե՞ս կարելի է նրան չսիրել:

ՄԱՐԴ – Ապո՛ւշ, դիք-դիք կանգնել է տանկի դեմ, հիմա տանկը նրան կճզմի:

ԿԻՆ — Պարոն, նա մի ամբողջ գյուղ է փրկել:

ՄԱՐԴ — Պատերազմում տանկի դեմ այդպես հանգիստ չես կարող կանգնել:

ԿԻՆ — Դուք խոսում եք մի բանի մասին, որ­տեղ չեք եղել:

ՄԱՐԴ — Ես մտածում եմ… Ես իրավունք ու­նեմ այդպես մտածելու:

ԿԻՆ — Իսկ որտե՞ղ էիք դուք, առուծախո՞վ էիք զբաղված:

ՄԱՐԴ — Թաքնվել էի նկուղում:

ԿԻՆ — Պատերազմը սկսվեց, դուք թաքնվե­ցիք: Երբ վերջացավ, սկսեցիք մտավարժանքնե՞ր անել:

Մարդը նայում է նրան ու լռում:

ԿԻՆ — Երբ բռնել էի ձեր գլուխը, խոստովանեք, որ ձևացնում էիք, ու ձեր ամեն մի բառը կեղծ էր:

ՄԱՐԴ — Ուզում եք իմանալ՝ ինչո՞ւ…

ԿԻՆ — Այո:

ՄԱՐԴ — Մելամաղձոտությունից: (Լռու­թյուն:) Գնացքը ե՞րբ է շարժվելու:

ԿԻՆ — Գնացքը տեղից չի շարժվի այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինս նկարահան­վում է:

ՄԱՐԴ — Ահա թե ինչ, ուրեմն այդ ապուշի պատճառո՞վ եմ այստեղ լռվել:

ԿԻՆ – Չհամարձակվե՛ք: Նա հերոս է:

ՄԱՐԴ — Հերոս, ինչպես կոկորդիլոս:

ԿԻՆ- Իսկ դուք ո՞վ եք՝ վախկոտ ու ցինիկ:

ՄԱՐԴ — Փառք տվեք Աստծուն, որ կին եք:

ԿԻՆ – Փա՛ռք քեզ, տե՛ր Աստված: Հետո… Նայեք դուրս, պարո՛ն, տեսեք, թե ինչպես է իմ ամուսինը՝ ճակատը բաց, հպարտ կանգնել: Նա կռվել է հայրենիքի համար մինչև վերջ: Իսկ դուք… Հավանաբար ձեր խիղճը տանջում է… Չէ՛, դուք նախանձում եք: Մի՛ լռեք, արդարա­ցե՛ք:

ՄԱՐԴ — Արդարանալու ցանկություն չու­նեմ:

ԿԻՆ — Ինչո՞ւ, չե՞ք ուզում իմ կարծիքը փոխել: (Ծիծաղում է:) Իսկ ես՝ հիմարս, մի պահ հուզ­վեցի:

ՄԱՐԴ — Ես հերոս չեմ, հերոսը ձեր ամուսինն է:

ԿԻՆ — Ես հպարտանում եմ նրանով… Երբ քայլում եմ մեր փողոցով, ինձ մատով են ցույց տալիս ու ասում. «Ահա նա՝ հերոս գեներալի կինը»:

ՄԱՐԴ — Եվ դուք փքվում եք հնդկահավի պես:

ԿԻՆ — Լսեք, այդ ինչպե՞ս եք ինձ հետ խոսում:

ՄԱՐԴ — Շարունակեք կարդալ ձեր գիրքը:

ԿԻՆ – Կուզենամ՝ կկարդամ, կուզենամ՝ չեմ կարդա:

Ներս է մտնում Արտոն:

ԱՐՏՈ — Կներեք, ընդմիջում են հայտարարել: Թույլ տվեք հանգստանալ մի քանի րոպե:

ՄԱՐԴ — Նստիր: (Արտոն սևեռուն նայում է մարդուն:) Մենք ծանոթնե՞ր ենք…

ԱՐՏՈ — Ինձ չե՞ս հիշում… ես եմ, Արտոն:

ՄԱՐԴ — Արտո՞… Ոչ, չեմ հիշում:

ԱՐՏՈ — Դու երրորդ դասակի հրամանատա­րը չէի՞ր…

Կինը ծիծաղում է:

ՄԱՐԴ — Ես պատերազմում չեմ եղել:

ԱՐՏO — Ափսոս, այնքան նման ես մեր հրամանատարին, նրան իմ կյանքով եմ պարտական:

ՄԱՐԴ — Ինչո՞ւ չեն նկարահանում:

ԱՐՏՈ — Տանկը փչացավ, մեխանիկները վրան բզբզում են:

ԿԻՆ — Իսկ գեներալը՝ իմ ամուսինը, ի՞նչ է անում:

ԱՐՏՈ — Շատ է զայրացած: Հայհոյում է բոլո­րին, ռեժիսորը գլուխը կորցրել է:

ՄԱՐԴ — Երբ տանկը գալիս էր, ինչո՞ւ գենե­րալը չէր թաքնվում:

ԱՐՏՈ — Վախենում էր շորերը ցեխոտվի:

ԿԻՆ — Նա վախկոտ չէ, որ թաքնվի, այ դու կթաքնվես:

ԱՐՏՈ — Կինոնկարում հնարավոր է նույնիսկ պարսատիկով տանկ խփել:

ՄԱՐԴ — Իսկ իրականում, երբ տանկը գալիս է, բերանումդ թուքը չորանում է, մարմինդ չի ու­զում քեզ ենթարկվել…

ԿԻՆ — Որտեղի՞ց գիտեք…

ՄԱՐԴ — Մի ներքին զգացողություն ունեմ, կարծես դա ապրել եմ:

ԱՐՏՈ — Մարդը և տանկը անհավասար ու­ժեր են: Եթե կանգնես դեմ դիմաց, անիմաստ կզոհվես, իսկ ետևում…

ՄԱՐԴ — … գյուղն է: Վախեցած երեխաներ, լացող կանայք, ծերունիները, որոնք չէին ուզում թողնել իրենց օջախները…

ԱՐՏՈ — Ամբողջ դասակից մնացել էինք ես ու հրամանատարը:

ԿԻՆ — Ամուսի՞նս:

ԱՐՏՈ — Ամուսի՞նդ…

ԿԻՆ — Դե, գեներալը…

ԱՐՏՈ — Այո, իհարկե, նա:

ՄԱՐԴ — Ո՞վ է թփերի տակ թաքնվել:

ԱՐՏՈ — Գեներալի փոխարեն մանեկեն են պառկացրել:

ՄԱՐԴ — (մտամոլոր): Այո, նա վախենում է շորերը ցեխոտել: Մասրենի՞ է…

ԱՐՏՈ — Այո:

ՄԱՐԴ — Իսկակա՞ն:

ԱՐՏՈ — Անվնաս է մնացել:

ՄԱՐԴ — Հեռվում երևացողը գյո՞ւղն է: (Ար­տոն գլխով համաձայնության նշան է անում:) Դու այդ գյուղի՞ց ես:

ԱՐՏՈ — Աղբյուրի մոտի տունը իմն է:

ՄԱՐԴ — Աղբյուր… երկու ակով…

ԱՐՏՈ — Այո: Այդ օրը ես ու հրամանատարը նստել էինք աղբյուրի մոտ, հաց էինք ուտում:

ՄԱՐԴ — Ձվածեղ:

ԱՐՏՈ — Ճիշտ է, ձվածեղ…

ՄԱՐԴ — Հետո՞:

ԱՐՏՈ — Ամբողջ գյուղը հավաքվել, նայում էլ մեզ: Հրամանատարը շշուկով ասաց ինձ…

ԿԻՆ — Ամուսի՞նս:

ԱՐՏՈ – Հա՛, ամուսինդ… «Արտո, դանդաղ ու ախորժակով կեր, որ մարդիկ մեզ նայեն, հանգստանան»: Մենք մի կերպ կուլ էինք տալիփս հացն ու ջուրը խմում, երբ հեռվում երևաց տանկը: Ժողովուրդը խուճապի մատնվեց, բոլո­րը գոռում էին. «Տանկը, տանկը»: Հրամանա­տարը նայեց տանկի կողմը, հետո ժողովրդին ու ասաց. «Ընդամենը մեկ տանկ է»: Իսկ ինձ ասաց. «Հացդ կեր մինչև վերջ, գոնե կուշտ կմեռնենք»: Տանկը գալիս էր, իսկ մենք հաց էինք ուտում: Հանկարծ գյուղացիներից մեկը ասաց. «Դուք հերոսներ եք»: Հրամանատարը նայեց նրան ու ասաց. «Հերոս, ինչպես կոկոր­դիլոս»: Ամբողջ գյուղն սկսեց հիստերիկ ծիծա­ղել. տանկը գալիս էր, իսկ նրանք ծիծաղում էին:

Ներս է մտնում գեներալը:

ԳԵՆԵՐԱԼ – Սրիկանե՛ր, ես ձեզ ցույց կտամ… Պատկերացնո՞ւմ ես, տիկին, մարտական տանկը անսարք էր: (Նայում է կնոջը:) Քեզ ինչ-որ բա՞ն է պատահել…

ԿԻՆ — Արտոն քո հերոսության մասին էր պատմում: Հիշո՞ւմ ես, ինչ ես ասել աղբյուրի մոտ:

ԳԵՆԵՐԱԼ — Աղբյո՞ւր… Արտո, ի՞նչ ես պատ­մել:

ԱՐՏՈ — Պարոն գեներալ, դուք երևի չհիշեք, մենք նստել էինք աղբյուրի մոտ, հաց էինք ու­տում:

ԳԵՆԵՐԱԼ – Ո՛չ, հիշեցի: Մենք քաղցած էինք և ես ասացի. «Արտո, ժամանակն է, որ հաց ուտենք»: Հետո ուսապարկից հանեցինք հաց ու պանիր ու սկսեցինք ուտել:

ԿԻՆ — Արտոն ասաց, որ ձվածեղ եք կերել:

ԳԵՆԵՐԱԼ — Արտո, այդպե՞ս է:

ԱՐՏՈ- Այո, պարոն գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ — Իսկ ինձ մոտ տպավորվել էր, որ մենք հաց ու պանիր ենք կերել, էհ, բավա­կան ժամանակ է անցել:

ԿԻՆ — Իսկ Արտոն ամեն ինչ հիշում է:

ԳԵՆԵՐԱԼ — Տիկին, ինձ դուր չի գալիս խոս­քիդ տոնը, ի՞նչ է պատահել:

ԿԻՆ — Ոչինչ:

ԳԵՆԵՐԱԼ — Արտո, ասածներիս մեջ սխալմունք կա՞:

ԱՐՏՈ — Ոչ, պարոն գեներալ, ոչ, պարոն գե­ներալ, ոչ, պարոն գեներալ…

ԳԵՆԵՐԱԼ — Ենթասպա Արտո, քեզ ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ ես ժպտում:

ԱՐՏՈ — Ես երջանիկ եմ, պարոն գեներալ, ես երջանիկ եմ, պարոն գեներալ…

ԳԵՆԵՐԱԼ – Զգա՛ստ: (Արտոն զգաստ կանգնում է:) Ետ դա՛րձ: (Արտոն շրջվում է:) Քայլով մա՛րշ: (Արտոն դուրս է գալիս:) Սրիկա՛, ես քեզ վաղը ցույց կտամ: Մեզ մենակ թողե՛ք… (Բոլորը դուրս են գնում: Մարդը պատուհանից դուրս է նայում:) Ասացի՝ մեզ մենակ թողեք:

ՄԱՐԴ — Եթե խոսքը իմ մասին է, ես դուրս գնալու ցանկություն չունեմ, սա առաջին, և երկ­րորդ՝ ինչո՞ւ գնացքը չի շարժվում:

ԳԵՆԵՐԱԼ — Գնացքը չի շարժվում, քանի որ ես այդպես եմ ցանկանում:

ՄԱՐԴ — Դուք իրավունք չունեք:

ԳԵՆԵՐԱԼ — Այստեղ ես եմ իրավունք բա­ժանողը… Դու ո՞վ ես:

ՄԱՐԴ — Ինձ դիմեք միմիայն «դուք»-ով:

ԳԵՆԵՐԱԼ — Պարոն, ձեր անձը հաստատող փաստաթուղթ ունե՞ք:

ՄԱՐԴ — Անձնագիրս կբավարարի՞:

ԳԵՆԵՐԱԼ — Բարի եղեք:

ՄԱՐԴ — Իսկ դուք ինձնից փաստաթուղթ պահանջելու իրավունք ունե՞ք:

ԳԵՆԵՐԱԼ — Այո, որովհետև այս սահմանամերձ շրջանն իմ ենթակայության տակ է:

ՄԱՐԴ — Ես սահմանախախտ չեմ:

ԳԵՆԵՐԱԼ — Ի՞նչ իմանամ, գուցե լրտես ես: Ոչ, դու ահաբեկիչ ես:

ԿԻՆ — Մարատ, բավական է, հանգիստ թող այդ մարդուն:

ԳԵՆԵՐԱԼ — Պաշտպանո՞ւմ ես… (Կինը լռում է:) Այդ ե՞րբ հասցրիր այդքան մտերմանալ:

ԿԻՆ — Ես գիտեմ, ինչու ես զայրացած:

ԳԵՆԵՐԱԼ — Գիտե՞ս: (Մոտենում է կնոջը:) Էլի գիրք ես կարդում: (Նայում է գրքին:) Արկածային գրադարան… Փոքրիկս, ե՞րբ ես մեծա­նալու: Դե… Ես քեզ լսում եմ: Լռո՞ւմ ես: (Մար­դուն.) Գուցե ականջներդ փակե՞ս… (Ներս է մտնում զինվորը:)

ԶԻՆՎՈՐ – Պարո՛ն գեներալ, թույլ կտա՞ք:

ԳԵՆԵՐԱԼ — Ասա:

ԶԻՆՎՈՐ – Պարո՛ն գեներալ, տանկը վե­րանորոգված է: Ռեժիսորը խնդրեց, որ գաք նկարահանման հրապարակ:

ԳԵՆԵՐԱԼ — Լավ: (Զինվորը դուրս է գնում:) Մենք տանը կխոսենք: Իսկ ինչ մնում է ձեզ… լավ եք տեղավորվել: (Ծիծաղում է ու դուրս գնում:)

Ծանր լռություն:

ՄԱՐԴ — Խանդո՞տ է:

ԿԻՆ — Չափից ավելի:

ՄԱՐԴ — Կներեք, իմ պատճառով ընկաք անախորժության մեջ:

ԿԻՆ — Կարևոր չէ… Դուք պատերազմում եղե՞լ եք, թե՞ ոչ: Ինչո՞ւ եք խուսափում պատաս­խանելուց:

ՄԱՐԴ — Ես չեմ եղել պատերազմում:

ԿԻՆ — Խաբում եք:

ՄԱՐԴ — Ձեզ համար այդքան կարևո՞ր է:

ԿԻՆ — Այո, ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ:

ՄԱՐԴ — Ճշմարտությունը մի շուն է, որին քարկոծում են:

ԿԻՆ — Իսկ ասում եք, որ գիրք չեք կարդացել:

Ներս են մտնում երկու զինվորա­կան:

1-ին ԶԻՆՎՈՐ — Կներեք, բայց մեզ հրա­մայված է պարոնին դուրս հրավիրել կուպեից:

ՄԱՐԴ — Լեյտենանտ, ես տոմս ունեմ, այս տեղը իմն է:

2-րդ ԶԻՆՎՈՐ — Մենք հրաման ենք կա­տարում:

ՄԱՐԴ — Ես ստիպված կլինեմ ինձ պաշտպանել: (Լարված նայում են իրար: Զինվորականները ուզում են մոտենալ, մարդը կատաղած մռռում է:)

ԿԻՆ – Վե՛րջ տվեք… անմիջապես հեռացեք այստեղից:

1-ին ԶԻՆՎՈՐ — Տիկին, մենք եկել ենք հրամանը կատարելու:

ԿԻՆ — Գնացեք գեներալին հայտնեք, որ ես թույլ չտվեցի:

1-ին ԶԻՆՎՈՐ — Մեզ հրամայված է ոչ մի բանի առջև չկանգնել:

ԿԻՆ — (կանգնում է նրանց առջև): Ուրեմն սկզբից ինձ ոտնատակ տվեք: (Լռություն:)

1-ին  ԶԻՆՎՈՐ — Զբաղվիր տիկնոջով, իսկ ես նրան դուրս կհանեմ:

2-րդ ԶԻՆՎՈՐ — Խնդրում եմ, տիկին, նստեք ձեր տեղը… Մի համառեք…

ԿԻՆ — (դիմադրում է): Ինձ մի՛ դիպչեք… ես ամուսնուս կասեմ…

2-րդ ԶԻՆՎՈՐ — Ասացեք, իսկ հիմա բարի եղեք նստել: (Հրում է կնոջը, նա ընկնում է նստարանին: Այդ ընթացքում մարդն ու 1-ին զինվորը իրար հետ կռվում են:)

ԿԻՆ — (հանում է ատրճանակը, պահում նրանց վրա:) Բաց թողեք նրան, թե չէ կկրակեմ:

1-ին ԶԻՆՎՈՐ — Կատակո՞ւմ եք:

ԿԻՆ — Ոչ: (Կրակում է օդ:) Հեռացե՛ք… Հա­կառակ դեպքում… չեմ վրիպի:

1-ին ԶԻՆՎՈՐ — Գնացինք: (Գնում են:)

Մարդը վատ է զգում:

ԿԻՆ — Ձեզ վա՞տ եք զգում… Ինչո՞վ կարող եմ օգնել: Խնդրում եմ, մի լռեք:

ՄԱՐԴ — Դ… ու…ք ուժժժ…եղ կի…ն եք:

ԿԻՆ — Չեմ հասկանում:

ՄԱՐԴ — Հուզմունքից է, ինձ չի կարելի հուզվել:

ԿԻՆ — Ջուր խմեք, հիմա կփորձեմ բժիշկ կան­չել:

 

Սկսվում են նկարահանումները: Լսվում են կրակոցներ, պայթյուն­ներ ու տանկի հռնդյուն: Մարդը բռնում է գլուխը, հետո կատաղած նայում տանկին:

ՄԱՐԴ — Տանկը գալիս է… (Կանգնում է, հպարտ նայում է տանկին:) Բոլորը թող թաքնվեն: Ո՞ւր է Արտոն…

Ներս է մտնում Արտոն:

ԱՐՏՈ — Ի՞նչ է պատահել, ծեծե՞լ են…

ԿԻՆ — Ոչ: Նրա հետ ինչ-որ բան է կատար­վում, կարծես զառանցում է:

ԱՐՏՈ — Իմացա, որ եկել են նրան ծեծելու:

ՄԱՐԴ — Արտո, թիկունքս պահիր…

ԱՐՏՈ — (լացակումած): Հրամանատա՛ր:

ՄԱՐԴ — (բռնում է Արտոյի օձիքից): Արտո, մենք իրավունք չունենք մեռնելու, ետևում գյուղն է: (Նայում է երկինք:) Ուղղաթիռը ուշա­նում է, ուշանում է… տանկը գալիս է, գալիս է…

ԿԻՆ — Արտո, խոսիր, օգնի՛ր նրան:

ԱՐՏՈ — Հրամանատար, թույլ տուր առաջինը ես գնամ:

ՄԱՐԴ — Առաջի՞նը… ոչ: Արտո, քանի՞ երե­խա ունես:

ԱՐՏՈ — Չորս:

ՄԱՐԴ — Իսկ ես մի մայր ունեմ… Մայրս մա­հացավ, իսկ ես լաց լինել չկարողացա… Մենք իրավունք չունենք մեռնելու, Արտո: Ես կսողամ մասրենու տակ, իսկ դու այստեղից կրակիր: Կատարի՛ր հրամանը:

ԱՐՏՈ — Լսում եմ, հրամանատա՛ր:

Կինն ու Արտոն իրար են նայում: Լսվում է տանկի հռնդյունը: Մար­դը մոտենում է լուսամուտին, ու­զում է դուրս թռչել:

ԿԻՆ — Արտո, բռնիր նրան:

Արտոն հասցնում է բռնել: Մարդը ուշաթափվում է:

ԱՐՏՈ — Ջուր տուր… Հրամանատա՛ր, քեզ այնքան եմ փնտրել, կարծում էի վախճանվել ես…

Ետին պլանում գեներալը տանկի վրա ռումբ է գցում: Տանկը պայթում է: Լսվում են հաղթական կանչեր:

 

2-ՐԴ ՄԱՍ

Նույն անձինքն են: Արտոն լաց է լինում:

ԱՐՏՈ — Հրամանատա՛ր, վերջապես քեզ գտա… (Կնոջը.) Նա փրկեց գյուղը, փրկեց իմ կյանքը… Թշնամին տեսավ տանկի պայթյու­նը… խուճապի մատնվեցին ու փախան: Մի ժա­մից ուղղաթիռը իջավ գյուղ:

ԿԻՆ — Աստված իմ… Իսկ ինձ ասում էր, որ չի մասնակցել պատերազմին, ես էլ նրան վիրա­վորեցի:

ՄԱՐԴ — Արտո, կրակի՛ր, չթողնե՛ս թշնամի գյուղ մտնի… (Գոռում է:) Կրա՛կ, օգնեք, ոտքս…

ԿԻՆ — Զառանցում է:

ԱՐՏՈ — Հանգստացիր, հրամանատար, ես եմ՝ Արտոն:

ՄԱՐԴ — (ուշքի է գալիս): Ի՞նչ է պատահել ինձ հետ… Ոտք, ոտքս… Դու ո՞վ ես…

ԱՐՏՈ — Արտոն եմ, չե՞ս հիշում ինձ:

ՄԱՐԴ — Ոչ, չեմ հիշում: Օգնիր բարձրա­նամ… (Սրբում է աչքերը:) Լա՞ց եմ եղել…

ԿԻՆ — Օգնություն էիք կանչում:

ԱՐՏՈ — Հրամանատար, մենք միասին ենք կռվել: Դու կոնտուզիա ստացար, այդ օրվանից քեզ չեմ տեսել:

ՄԱՐԴ — Ջուր տուր:

ԱՐՏՈ — (տալիս է): Հարազա՛տս, այնքան եմ քեզ փնտրել:

ՄԱՐԴ — (գրպանից հանում է երեք հաբ ու կուլ տալիս): Ձեզ վախեցրի՞…

ԿԻՆ — Ոչ: Հիմա ձեզ լա՞վ եք զգում:

ՄԱՐԴ — Գլուխս ցավում է: (Մեկ հաբ էլ է կուլ տալիս:) Հիմար հիվանդություն է, ոչ սպա­նում է, ոչ էլ թողնում է՝ մարդավարի ապրեմ:

ԿԻՆ — Ես ծանոթ բժիշկներ ունեմ:

ՄԱՐԴ — Շնորհակալություն: Մի տասը օրից կվերադառնամ Գերմանիա բուժումը շարունա­կելու:

ԱՐՏՈ — Հրամանատար, չի կարող պատա­հել, որ ինձ չհիշեք, մենք վեց ամիս մի ամանից հաց ենք կերել:

ՄԱՐԴ — Պատմիր:

ԱՐՏՈ — Մեր ջոկատը… այ, էն սարի գլխին ընկել էր շրջապատման մեջ: Երեք ժամ կռվե­ցինք, հետո հրաման տվեցիր, որ շրջապատումը ճեղքենք: Ի՜նչ տղերք կորցրինք: Ջոկատից ողջ մնացինք ևս ու դու:

ՄԱՐԴ — Արտո, պապիրոս կպցրու, ծխենք: (Սկսում եմ հերթով ծխել:) Հետո՞:

ԱՐՏՈ — Հետո իջանք մեր գյուղ, հաց էինք ու­տում ու սպասում ուղղաթիռին… Հանկարծ սա­րի ետևից երևաց թշնամու տանկը, ուղիղ գալիս էր գյուղի վրա… Այս տանկը դու ես պայթեցրել, հրամանատար: Դու վիրավոր ընկար, իսկ տանկը՝ քեզ վրա:

ՄԱՐԴ — Ռումբը գցեցի, ու տանկը պայթեց…

ԱՐՏՈ — Հա, բո՛ւմբ, ու տանկը պայթեց…

ՄԱՐԴ – Բո՛ւմբ, ու տանկը պայթեց… Հա՜, հա՜, հա՜:

ԱՐՏՈ — Ամուր պահիր քեզ, հրամանատար:

ՄԱՐԴ — (լրջանալով): Ոչինչ չեմ հիշում, ու այս պատմությունն ինձ հարկավոր չէ:

ԱՐՏՈ — Գետինը մտնեմ, թե սուտ եմ ասում:

ՄԱՐԴ — Հիսուն տոննա կշիռ ունեցող տան­կը որ ընկնի մարդու վրա, տեղն ու տեղը կսպա­նի: Արտո, դու ներկա՞ էիր, երբ նրան հանում էին տանկի տակից:

ԱՐՏՈ — Ոչ, շարունակում էի կրակել: Հե­տո ինձ ասացին, որ քեզ ուղղաթիռով տարել են հիվանդանոց:

ՄԱՐԴ — Նա մահացել է, Արտո, իսկ ես քո հրամանատարը չեմ. դու շփոթում ևս:

ԱՐՏՈ — Դե լավ, էլի, հրամանատւսր. բոլորն ուզում են այդ հերոսությունը վերագրել իրենց, իսկ դու հրաժարվում ես:

ԿԻՆ — Դու ինչո՞ւ ես վկայել, որ ամուսինս է տանկը պայթեցրել:

ԱՐՏՈ — Ներիր ինձ, հրամանատար… Ես ծախել եմ քո հերոսությունը:

ԿԻՆ — Սրիկա, ինչպե՞ս ես համարձակվել…

ԱՐՏՈ — Գնա, գեներալ ամուսնուդ հարցրու: Հրամանատար, հրամայիր, ու ես ամբողջ պատմությունը լույս աշխարհ կհանեմ:

ՄԱՐԴ — Ամեն անգամ սպասում են ինչ-որ մեկի հրամանին, իսկ նա այն ժամանակ քսա­ներկու տարեկան էր: Արտո, քանի՞ տարեկան ես:

ԱՐՏՈ — Հիսունվեց:

ՄԱՐԴ — Ինձնից մեծ ես քսան տարով: Այն ժամանակ սպասեցիր, որ ես հրամայեմ… վա­խեցե՞լ էիր…

ԱՐՏՈ — Հրամանատար, ես երեխաներ ունեի: Վերցրու այս գումարը, դու արյունով ես վաս­տակել:

ՄԱՐԴ — Արտո, քանի՞ երեխա ունես:

ԱՐՏՈ — Չորս:

ՄԱՐԴ — Կտաս նրանց:

ԱՐՏՈ — Գոնե կեսը…

ՄԱՐԴ — Ես քեզ հրամայում եմ:

ԱՐՏՈ — Ես սրտանց առաջարկում եմ, հրա­մանատար: Կուզե՞ս՝ ամբողջը քո աչքի առաջ այրեմ:

ՄԱՐԴ — Ոչ, կարիք չկա: Արտո, ուրախ եմ, որ ողջ ես:

ԱՐՏՈ — Հրամանատար, մինչև գերեզման չեմ մոռանա քո արածը:

Դրսից կանչում են Արտոյին:

ՄԱՐԴ — Գնա, քեզ են կանչում:

ԱՐՏՈ — Լսում եմ, հրամանատա՛ր: (Դուրս է գնում:)

ԿԻՆ — Դուք իրավունք չունեք լռելու, թող մարդիկ իմանան՝ ով է իսկական հերոսը:

ՄԱՐԴ — Ես պատերազմում չեմ եղել: (Ծանր լռություն:) Վթարից հետո ինձ տարան Գերմա­նիա՝ բուժման: Հիվանդասենյակում պառկած էր վիրավոր զինվորը: Երկու ամիս հետո նա վախճանվեց:

ԿԻՆ — (մտախոհ): Բայց երբ զառանցում էիք, այնպիսի մանրամասնություններ ասացիք, որ Արտոն ուրախությունից լաց եղավ:

ՄԱՐԴ — Մեր մահճակալներն իրար կողք էին: Ամեն երեկո նա ոգևորված պատմում էր իր կռիվների մասին: Իսկ ես լսում էի նրան ու պատկերացնում ինձ մարտի դաշտում: Վերջին օրը շատ էր ընկճված, ես խոստացա լինել այն վայրում, որտեղ նա մարտնչել է:

ԿԻՆ — Խեղճ մարդ:

ՄԱՐԴ — Չհամարձակվեք խղճալ նրան: Նա­յեք ձեր շուրջն ու որոշեք՝ նրանցից ով է խղճա­լին:

Նայում են դուրս, գեներալը, շրջա­պատված սպաներով, ծիծաղում է:

ԿԻՆ — Նրանց ի՞նչ է եղել, ապրում են, շքա­նշանները շահում, իսկ քո ընկերը մեռած է:

ՄԱՐԴ — Սարսափելի անդորր է… Ոչ ոք չի կարող պարծենալ, որ հավերժ ապրելու է:

ԿԻՆ — Խոսքն այսօրվա մասին է:

ՄԱՐԴ — Ուրեմն արի խղճանք նրան, խեղճ մարդ, հիմար մարդ, ապուշ մարդ…

ԿԻՆ — Բավական է…

ՄԱՐԴ — Նրա ուղն ու ծուծը լցված էր հայրե­նիքի սիրով, խեղճ մարդ, հիմար մարդ, ապուշ մարդ… Լավ է, որ մեռած է:

ԿԻՆ — Բավական է, բավական է, բավական է… Երբ հասնեմ քաղաք, նրա մասին կգրեմ, ու դուք ինձ պետք է օգնեք… Ես թույլ չեմ տա, որ նա անհետ կորչի:

ՄԱՐԴ — Չեմ կարծում, որ նա կուզենար հերո­սանալ ու տիկնիկի նման հեռուստացույցով ցու­ցադրվել:

ԿԻՆ — Իսկ ի՞նչ կարող եմ նրա համար անել:

ՄԱՐԴ — Մոմ վառեք, ծաղիկներ դրեք Ան­հայտ զինվորի հիշատակին, օղորմաթաս խմեք…

ԿԻՆ — Ծաղրո՞ւմ եք:

ՄԱՐԴ — Մեռած մարդուն էլ ի՞նչ կարող եք տալ:

ԿԻՆ — Իսկ եթե նա ո՞ղջ է:

ՄԱՐԴ — Նրա համար շատ ծանր կլինի այս ամենը տեսնելը:

ԿԻՆ — Ես պատրաստ եմ նրան ամեն ինչում օգնել:

ՄԱՐԴ — Եթե նա ողջ մնար… Նրան հարկա­վոր կլիներ հավատարիմ կողակից, որ հոգար ու հսկեր նրան: Նա շաբաթը մեկ-երկու անգամ նոպայի մեջ էր ընկնում, գլխացավից կորցնում էր բանականությունը, բռով դեղ էր խմում, որ դիմանա ցավերին: Դուք պատրա՞ստ եք թող­նել ձեր ընտանիքը և կյանքը կապել նրա հետ:

ԿԻՆ — Այդպիսի բան չասացի:

ՄԱՐԴ — Շարունակեք խունկ ծխացնել:

ԿԻՆ — Ես ամուսին ունեմ, երեխա… Շրջապա­տը իմ մասին ի՞նչ կմտածի: Հետո ես նրան չեմ ճանաչում, գուցե իրար չհասկանանք…

ՄԱՐԴ — Հանգստացեք, տիկին, նա մահացել է: Ապրեք, ինչպես որ ապրել եք:

Ծանր լռություն: Երկուսն էլ նա­յում են դուրս:

ՄԱՐԴ — Կարծես նկարահանումները ավարտվել են, շուտով տուն կգնաք:

ԿԻՆ — Դուք ի՞նչ եք անելու:

ՄԱՐԴ — Գուցե գնացքը շարժվի:

Ներս է մտնում գեներալը՝ շքա­խմբով:

ԳԵՆԵՐԱԼ — Տիկին, բարեհաճեցի՞ր նկա­տել, թե ինչպես ոչնչացրի թշնամու տանկը:

ԿԻՆ — Մեզ վրա հարձակվել էին:

ԳԵՆԵՐԱԼ — Իսկապե՞ս… Զարմանալի է, այդ ո՞վ է համարձակվել:

ԿԻՆ — Զինվորական էին. քո անունից էին եկել:

ԳԵՆԵՐԱԼ — Իմ շրջապատում նրանց տես­նո՞ւմ ես:

ԿԻՆ — Ոչ:

ԳԵՆԵՐԱԼ — Մայոր, հենց հիմա գտեք նրանց ու ձերբակալեք:

ՄԱՅՈՐ — Լսում եմ, պարոն գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ — Բավարարվա՞ծ ես, տիկին…

ՏՂԱ — Մայրիկ, իմ հայրը իսկական հերոս է:

Մայրը համբուրում է տղային:

ԳԵՆԵՐԱԼ — Հոգնած տեսք ունես:

ԿԻՆ — Տուն եմ ուզում գնալ:

ԳԵՆԵՐԱԼ — Այո, ժամանակն է: (Ռեժիսո­րին.) Այսօր կհասցնե՞նք ցուցադրել մեր կինո­նկարը:

ՌԵԺԻՍՈՐ — Այո, պարոն գեներալ: Հետո կկատարվի շքանշանի հանձնման արարողությունը: Պրեզիդենտը անձամբ է շնորհավորելու:

ԳԵՆԵՐԱԼ — Պարոնայք սպաներ, մեզ սպասում է խնջույքի ճոխ սեղանը: Տիկին, խնդրեմ առաջ անցեք:

Սպաները ճանապարհ են տալիս: Կինը մեկ անգամ էլ նայում է մարդու կողմն ու դուրս է գալիս: Նրան հետևում են գեներալն ու սպաները:

ՌԵԺԻՍՈՐ — (բանվորներին): Հավաքեք դեկորացիաները, ոչ մի բան չմոռանաք: (Դուրս է գնում:)

 

Բանվորները առաջինը տանում են գնացք հիշեցնող դեկորացիան:

ՄԱՐԴ — Ո՞ւր եք տանում գնացքը:

ԲԱՆՎՈՐ — Գեներալի հրամանն է:

Թփերի տակից հանում են մանե­կենին, ոտքից քարշ տալով տա­նում: Երևում է մերկ, սպիտակ պա­տը: Երբ լույսը գցում են մարդու թիկունքից, երևում է նրա մեծ ստվերը:

ՄԱՐԴ — Այս հիշողությունները նույնքան կեղծ են, որքան ես: (Հուսահատ կանգնում է, նայում իր ստվերին:) Դատարկություն, դա­տարկություն… Անիծյա՛լ լինես, այս դատարկու­թյունը չեմ կարողանում լցնել, լույսը հանգցրե՛ք…

Լույսը հանգում է: Մարդը կաղալով մի կերպ քարշ է տալիս ձեռքի պայուսակը: Ներս է մտնում Արտոն:

ԱՐՏՈ – Հրամանատա՛ր: (Մարդը կանգնում է:) Ամբողջ գյուղը քեզ է սպասում:

ՄԱՐԴ — Ի՞նձ:

ԱՐՏՈ — Հա, որ իմացան դու ես… ծեր ու մա­նուկ ոտքի կանգնեցին, գալիս են քեզ ընդա­ռաջ: Դու կապրես մեզ հետ, դու մերն ես: Հրա­մանատար, հիշո՞ւմ ես Սև Քարեցի Սմբատին…

ՄԱՐԴ — Արտո, ես պատերազմում չեմ եղել:

ԱՐՏՈ — Ես քեզ լավ գիտեմ, դու այն ժամա­նակ էլ էիր այսպիսին… Բայց քո ձեռքի սպին… Ես եմ դանակով կտրել ու բեկորը հանել: Հրա­մանատար, հիշո՞ւմ ես, ինչ էիր ասում… Մենք հայրենիքի զինվորներն ենք. պատիվդ բա՛րձր պահիր, զինվոր…

ՄԱՐԴ — Ես ոչինչ չեմ հիշում:

ԱՐՏՈ — Մի հուսահատվիր, հրամանատար, ես միշտ քո կողքին կլինեմ:

Հեռվից լսվում է զուռնայի ձայնը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։