Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ.
ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
Ա. ԳԵՂԱՐՎԵՍՏԱ — ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Դերասանական կազմ
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԻԴԱ ՍԱՐԳՍԻ
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2008թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2012թ.):
Ծնվել է 1947թ. հունվարի 16-ին ԼՂԻՄ Խանածախ գյուղում: Ուսումնառությունը ստացել է նախ` տեղի ութամյա դպրոցում, ապա 1964թ. ավարտել է Բալուջայի միջնակարգ դպրոցը: 1964-1967թթ. ապրել և աշխատել է Բաքու քաղաքում: 1968թ. ընդունվել է Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ.Փափազյանի) անվան թատրոնի դերասանական ստուդիան, որը ղեկավարում էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը: Սովորելուն զուգընթաց աշխատել է թատրոնում որպես դերասան: Պարտաճանաչության, աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ կարողացել է առավելս դրսևորել բնատուր արտիստական շնորհքն ու կարողությունները և իր համեստ երանգն է բերել թատրոնի ստեղծագործական ներկապնակին: Խաղացել է սուբրետ, բնութագրական, կատակերգական և դրամատիկ դերեր: Նրա հաջողված կերպարանավորումներից են. Ֆիսկա (Ս. Կարնաուխովա, Լ. Բրաուսևիչ` «Ալվան ծաղիկ»), Լարիսա (Վ. Գագլոև` «Ասք մոր մասին»), Վալյա (Ս. Բաբայան` «Ինչպես մեծացար, որդիս»), Ադելաիդա (Ժ. Անանյան` «Սերը ճամպրուկի մեջ»), Նվարդ (Ի. Ալավերդյան` «Ա՜խ, սեր…»), Գալյա (Ա. Մակայոնոկ` «Տրիբունալ»), Էսմիրալդա (Ա. Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Շողեր (Վ.Հակոբյան` «Քո սերը` քո տունն է»), Կուլա (Դ. Պսաֆաս` «Պահանջվում է ստախոս»), Աննուշկա (Ա.Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Զարուհի, Ջավահիր (Ա.Շիրվանզադե` «Պատվի համար», «Չար ոգի»), Սուսան (Ս. Խալաթյան`«Քառասուն օր համբառնալուց առաջ»), Քսանթիպա (Գ. Սարգսյան` «Դաս կանանց»), Լուսո (Գ. Խանջյան`«Ավերակների պահակները»), Ժիվկա (Բ.Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»), Մեծ մայրիկ (Թ. Ուիլյամս` «Կատուն շիկացած տանիքին»), Սեդա (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ»):
Ա.Գաբրիելյանը բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով:
Դրվագային դերերում նկարահանվել է Գ. Վարդանյանի «Ճակատագիր» և Ջ. Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմերում:
ԵՎՐԻՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼԻ
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2008թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2013թ.), ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն ասմունքող (2005թ.):
Ծնվել է 1953թ. հունվարի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղում, 1975թ. ավարտել է Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումի թատերական բաժինը, իսկ 2009թ.-ին` Երևանի մենեջմենթի համալսարանի լրագրության բաժինը:
Ս. Եվրիյանը 1975թ. հրավիրվել է աշխատելու Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1996թ. մարտի 21-ից ընդհատել է գործունեությունը թատրոնում, այնուհետև աշխատել է ԼՂՀ տարբեր մշակութային կազմակերպություններում, այդ թվում` Ստեփանակերտի մշակույթի տան տնօրեն, ԼՂՀ պարի պետական համույթի համերգավար, խմբի վարիչ և այլն: Որպես հանդիսավար և բեմագրերի հեղինակ բազմիցս վարել է տարբեր մշակութային միջոցառումներ, ինչի համար արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: 2006թ. մարտի 22-ին կրկին տեղափոխվել է Ստեփանակերտի թատրոն, որտեղ մինչ օրս աշխատում է որպես առաջատար դերասան:
Ս. Եվրիյանը որպես դերասան կայացել է Ստեփանակերտի թատրոնում: Բեմարվեստում հմտացել է փորձառու ռեժիսորների ձեռքի տակ և վարպետ դերասանների խաղընկերությամբ: Սկզբնական շրջանում իրեն դրսևորել է որպես դրամատիկական խառնվածքի դերասան, հետագայում հաջողությամբ անձնավորել է նաև բնութագրական և նույնիսկ կատակերգական դերեր: Նրա լավագույն դերակատարումներից են. Սեյրան, Մուրադ (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Չար ոգի»), Սոսլան (Վ. Գագլոև` «Ասք մոր մասին»), Տոպպի (Չ. Դիկկենս` «Դավիթ Կոպերֆիլդ»), Գրիգորի (Ա. Օստրովսկի` «Եկամտավոր պաշտոն»), Գուլոյան (Ն. Դումբաձե` «Մեղադրական եզրակացություն»), Ջեֆրի (Ջ. Պատրիկ` «Տարօրինակ միսիս Սևիջը»), Աշոտ (Վ. Պետրոսյան` «Վերջին ուսուցիչը»), Վահան (Ա. Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Զաքիրով (Ա. Աբդուլին` «13-րդ նախագահը»), Զգոն (Վ. Օվյան` «Պըլը-Պուղի»), Ռուբեն Սևակ (Կ. Դանիելյան` «Տո լաճ տնավեր»), Նինկովիչ (Բ. Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»), Սաքո (Գ. Տեր-Գրիգորյան` «Զգուշացեք, նա դեռ կա»), Պապաք իշխան (Մուրացան` «Ռուզան»), Գաբո, Փանոս, Աշուղ (Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում»):
ԱԼՈՅԱՆ ՄԱՐՏԻՆ ԳՈՒՐԳԵՆԻ
ԼՂՀ վաստակավոր արտիստ (2014թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2012թ.):
Ծնվել է 1957թ. մարտի 6-ին Ստեփանակերտում: 1967թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ էլ 1975թ. ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը և անմիջապես վերադարձել ծննդավայր ու աշխատանքի անցել Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ`Վ. Փափազյանի) անվան թատրոնում` որպես սկսնակ դերասան: 1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում` հատուկ նշանակության կապի հետախուզական զորամասում: Զորացրվելուց հետո նորից հաստատվել է թատրոնում: 1982թ. տեղափոխվել է ԼՂԻՄ Մարտունի ավան,աշխատել է որպես գինեգործ: 1987թ. կրկին հաստատվել է Ստեփանակերտի թատրոնում: 1991-2007թթ. ծառայել է նախ Արցախի Ինքնապաշտպանության ուժերում, ապա ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում, զորացրվել է կապիտանի կոչումով: 2007 թվականից ծառայում է Ստեփանակերտի թատրոնի բեմին:
Մ.Ալոյանը Արցախյան Գոյամարտի ժամանակ, ինչպես նաև խաղաղ ծառայության օրերին իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ, խիզախ կապավոր, մասնակցել է կարևոր ռազմագործողությունների, այդ թվում Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի շարք բնակավայրերի ազատագրական մարտերին, ինչի համար արժանացել է մեդալների, այդ թվում` ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» (2004թ.), «Մարտական ծառայություն» (2005թ.), «Մայրական երախտագիտություն» (2007թ.) և ՀՀ «Գարեգին Նժդեհ» (2007թ.):
2016թ. ապրիլի 2-ին, առաջինների շարքերում, կամավոր մեկնել է սահմանամերձ գոտի և կանգնել հայ զինվորի կողքին` պաշտպանելով Թալիշ գյուղի դիրքերը:
Մ.Ալոյանը իր ուրույն երանգն է բերել նաև Ստեփանակերտի թատրոնի ստեղծագործական հարուստ ներկապնակին: Օժտված լինելով դերասանական շնորհքով, խաղընկեր լինելով վարպետ դերասանների և աշխատելով փորձված ռեժիսորների ձեռքի տակ` կարողացել է հմտանալ բեմարվեստում և կերտել բազմաթիվ դրվագային և գլխավոր դերեր` արժանանալով հանդիսատեսի համակրանքին: Նա բազմապլան դերասան է, ունի բեմական հաճելի արտաքին և ձայն:
Մ.Ալոյանի ստեղծած լիարժեք անձնավորումներից են. Գենադի (Վ. Ռոզով` «Երջանկության որոնումներ»), Ռոման (Ն. Զարուդնի` «Ծիածան»), Դավիթ (Ա. Պապայան` «Գնա մեռիր, արի սիրեմ»), Ջեկսոն (Մ. Տվեն` «Հեքլբերի ֆիննի արկածները»), Վահիկ (Վ. Հակոբյան` «Քո սերը` քո տունն է»), Ստեփանոս (Վ. Օվյան` «Պըլը-Պուղի»), Վարազդատ (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Արտաշես (Ս. Խալաթյան` «Սերը պահարան չի հարցնում»), Պեռա (Բ. Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»),Արիս (Ժ. Անանյան` «Լույս քեզ տեսնողին»), Մարտիկ (Կ. Դանիելյան` «Մենք ենք մեր սարերը»), Զաքարե (Մուրացան` «Ռուզան»), Պահակապետ (Հ. Հակոբյան` «Սերը ճամփեզրին»), Լուկա Կուպյելո (Էդ. դե Ֆիլիպո` «Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը»), Յուլյուսի հայրը (Յու. Գրուշաս` «Սեր, ջազ, սատանա»), Տարեց Թումանյան (Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում») և այլն:
Նկարահանվել է Գ. Ղազարյանի «Տունը, որ կրակում է» (Մարդի ապա), Ս. Հասան Ջալալյանի «10-րդ նահանգ» (Վաչագան Բարեպաշտ), Ջ. Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» (Պապ), «Թևանիկ» (Կյաժ Սեթո), Ա. Աբադի «Եվա» (Պապ) ֆիլմերում:
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐԻԻ
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014թ.), արժանացել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալի (2006թ.):
Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 15-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում: Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց` ընդունվել է Ստեփանակերտի բժշկական տեխնիկումի ֆելդշերական բաժինը և աշխատանքի անցել Շուշիի առողջարանում: 1974-1976թթ. աշխատել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան, ապա Ստեփանակերտի Մ. Գորկու անվան մարզային (այժմ` Մ. Մաշտոցի անվան հանրապետական) գրադարանում որպես մեթոդիստ: 1987թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը: 1983-1990թթ. աշխատել է ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության և կուլտուր-լուսավորական աշխատանքի գիտամեթոդական կենտրոնում որպես ռեժիսոր, ապա` ժողովրդական ստեղծագործության բաժնի վարիչ: 1990թ. նշանակվել է ԼՂԻՄ մշակույթի վարչության գլխավոր մասնագետ, ապա` ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի վարչության պետ:
1994-1995թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում որպես դաշտային հոսպիտալի ֆելդշեր-փրկարար: Վիրավորվել է մարտերից մեկի ժամանակ, զորացրվել է որպես երրորդ կարգի հաշմանդամ: 1995թ. վերադարձել է իր նախկին` մշակույթի վարչության պետի պաշտոնին, աշխատել է մինչև 2005 թիվը: Այնուհետև նշանակվել է Հովհ. Թումանյանի անվան մանկական հանրապետական գրադարանի տնօրեն: 2014թ. նորից վերադարձել է Ստեփանակերտի թատրոն` որպես դերասան:
Խաղացել է դրվագային և գլխավոր դերեր. Ախսարտակ (Վ. Գագլոև` «Ասք մոր մասին»), Ավազակ (Չ. Դիկկենս` «Հեքլբերի ֆիննի արկածները»), Թերթավաճառ (Ի. Բուկովչան` «Լուիջիի սիրտը»), Արթուր Ոսկանովիչ (Վ. Օվյան` «Ակամա մեղավորներ»), Կիրակոս, Վաղո (Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում») և այլն:
Դրվագային դերերում նկարահանվել է Ա. Շահբազյանի «Մի վախեցիր», Ա. Աբադի «Եվա» ֆիլմերում:
ԴԱՎԹՅԱՆ ՄԱՐԱՏ ՌՈԲԵՐՏԻ
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» (2019թ.):
Ծնվել է 1971թ. օգոստոսի 6-ին Երևան քաղաքում (արմատներով` ԼՂՀ Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից է): 1978թ. ընտանիքը տեղափոխվել է ԼՂԻՄ Հադրութ շրջկենտրոն, որտեղ էլ ավարտել է Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը: 1989-1991թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1991-1996թթ. զինվորագրվելով Արցախյան ազգային ազատագրական պայքարին, սկզբում ֆիդայական ջոկատների կազմում, այնուհետև ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում` մասնակցել է Ղարաբաղի անկախության համար մղված մարտերին, մասնավորապես` Ավդալ-Գյուլափլուի, Ղարադաղլուի, Աղդամի ռազմագործողություններին, վիրավորվել է, նորից շարք վերադարձել: Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» (2008թ.), ԼՂՀ «Մարտական ծառայություն» (2016թ.) մեդալներով:
1996թ. մայիսին ընդունվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն` որպես դերասան: 1998-2002թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Ա. Խանդիկյանի կուրսում: 2002թ. վերադարձել է Ստեփանակերտի թատրոն, որտեղ աշխատել է որպես դերասան, ռեժիսոր, իսկ 2009-2015թթ.` թատրոնի գեղարվեստական ղեկավար, 2012թ.-ից` նաև տնօրեն: 2016թ. թողել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, իսկ 2017թ.` թատրոնի տնօրենի պաշտոնը և անցել դերասանական աշխատանքի: 2008-2011 թթ. ղեկավարել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետդրամթատրոնին կից դերասանական ստուդիան, իսկ 2012 թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի բաժանմունքի Շուշիի մասնաճյուղը:
Մ. Դավթյանի ուշագրավ բեմադրություններից են. «Պոետն ու մուսան» (ըստ Հովհ. Թումանյանի), «Բոլերո» (Գ. Խանջյան), «Կողոպուտ կեսգիշերին» (Մ.Միտրովիչ), «Հրաժարական» (Հ. Մելքոնյան), «Սերը պահարան չի հարցնում» (Ս. Խալաթյան), «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (Ժ. Անանյան), «Արա պա ըստի պեն կինի» (ըստ Ա. Մանասյան):
Մ. Դավթյանի հիշարժան դերակատարումներից են. Օրեստես (Եվրիպիդես` «Անդրոմաքե»), Պերտի Օրաս (Է. Ռսլակկի` «Այլանդակ Էլզան»), Օթարյան (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար»), Ռոլան (Յան Տյատտե` «Փակուղի»), Պոետ («Պոետն ու մուսան»` ըստ Հովհ. Թումանյանի), Օնեգին (Ա.Պուշկին` «Եվգենի Օնեգին»), Կատու Բազիլիո (Ա.Տոլստոյ` «Բուրատինոյի արկածները»), Աշոտ քեռի (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ») և այլն:
Դրվագային դերերում նկարահանվել է Գոռ Վարդանյանի «Ճակատագիր», Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Շ. Վարդանյանի «Իմ խաչը» ֆիլմերում:
ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՈՒՍՏԻ
Ծնվել է 1954թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա գյուղում: Տեղում միջնակարգ դպրոցն ավարտելով` 1973-1977թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժնում: 1977-1979թթ. ծառայել է Խորհրդային բանակում, զորացրվել է լեյտենանտի կոչումով: 1979-1985թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Բանդիվանի միջն. դպրոցում: 1985թ. հրավիրվել է աշխատելու Ամասիայի ժողովրդական դեպուտատների շրջխորհրդի գործադիր կոմիտեում որպես հրահանգիչ: 1987-1989թթ. սովորել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում, որն ավարտելուց աշխատել է ՀԿԿ Ամասիայի շրջկոմի գաղափարախոսության և քարոզչության բաժնի վարիչի տեղակալ, իսկ 1991-1995թթ.` Բանդիվանի միջն. դպրոցի փոխտնօրեն: 2000թ. Գյումրիից տեղափոխվել է Ստեփանակերտ: 2004թ.-ից աշխատում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` 2004-2005թթ. որպես բեմադրական մասի վարիչ, իսկ 2006թ-ից` դերասան:
Ս. Մկրտչյանի լավագույն դերակատարումներից են` Հույն երեսփոխան (Ա. Պետրոսյան` «Արտոնված եղեռն»), Վանահայր (Ս. Խանյան` «Ամարասի կանթեղը»), Գերասիմ (Ժ. Անանյան` «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր»), Գալուստ քեռի (Կ. Դանիելյան` «Մենք մեր սարերն ենք»), Պահակ (Գ. Խանջյան` «Ավերակների պահակները»), Հանս Ֆոն Վանգենհայմ (Կ. Դանիելյան` «Տո լաճ տնավեր»), Սեմ Չարլզ (Ս. Խալաթյան` «Սերը պահարան չի հարցնում»), Սահակ, Նեսո (Վ. Օվյան` «Ակամա մեղավորներ», Սենեկապետ(Գ. Տեր-Գրիգորյան` «Զգուշացեք, նա դեռ կա» «Աշխարհը Լոռվա ձորերում»):
Դրվագային դերերում նկարահանվել է Ա. Շահբազյանի «Մի վախեցիր» (Հետախույզ), Ջ. Ավետիսյանի «Աննկատ կյանք» (Պապ), Ն. Բելյաուսկենեի «Եթե բոլորը » (Հովիվ), Ս. Հասան-Ջալալյանի «10-րդ նահանգ» (Իսրայել Օրի) ֆիլմերում: