Հովհաննես ԹԵՔԳՅՈԶՅԱՆ / «ՄԵՏԱՍՏԱԶ»
Հովհաննես ԹԵՔԳՈԶՅԱՆԻ «ՄԵՏԱՍՏԱԶ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում
Հիսուսը քայում է ջրի վրայով…
Մարդն ստեղծեց Նշանը, որ կարողանա երևույթներին ամփոփ նկարագիր հաղորդել: Հետո Նշանին ավելի հավատաց ու խճճվեց: Նոր, ոչինչ չասող նշաններ բուծեց: Թատրոնն էլ վայ-նշանների դամբարան դարձրեց: Դրանից է, որ Հիսուսի մի ոտքն անընդհատ խրվում է ջրի մեջ: Թատրոնը տասնմեկ բալանոց երկրաշարժ է սիրում: Ճիշտ Նշանները ջարդվելուց չեն վախենում:
Հովհաննես ԹԵՔԳՈԶՅԱՆ
ՄԵՏԱՍՏԱԶ
Աներևակայելի ցնորամտություն մեկ գործողությամբ
Գործող անձինք
ԱՐԵՆ
ՀՈՎԻԿ
ԳԱՆԳՐԱՀԵՐ ԿԻՆ
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱ
ՄԵՇՈԿ ՊԱՊԻ
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Անհասկանալի է, որտեղ են կատարվում գործողությունները: Թերևս յուրաքանչյուրիս ուղեղում:
ԱՐԵՆ — (անսպասելի հայտնվում է, ձեռքին՝ ատրճանակ, ուշադիր տնտղում է ատրճանակը, հետո մոտեցնում է քունքին, կրակում: Խավար, կարմիր լույս: Սթափվում է, տրորում քունքը, կարծես ոչինչ չի եղել: Չգիտես որտեղից ներս է մտնում Հովիկը): Հովի՞կ… Դու որտեղի՞ց հայտնվեցիր…
ՀՈՎԻԿ — (ծաղրով): Դու որտեղի՞ց հայտնվեցիր… Տասը րոպե առաջ դուրս եկա… Սիգարետներդ էին վերջացել…
ԱՐԵՆ — Ի՞նչ ես խոսում… Լավ… Ուրախ եմ, որ առաջինը մեր տուն ես եկել… Գոնե զանգեիր, նախապատրաստվեի…
ՀՈՎԻԿ — Ինչի՞ն նախապատրաստվեիր… Առ: (Սիգարետի տուփը նետում է Արենին:) Դե լավ, ցը…
ԱՐԵՆ — Էլի՞… Մարդավարի բարև չես տալիս… (Հանկարծ:) Բայց դու էստեղ չպետք է լինեիր…
ՀՈՎԻԿ — Իսկ ո՞ւր պետք է լինեի:
ԱՐԵՆ — Չգիտեմ, չեմ հիշում…
ՀՈՎԻԿ — Եկել եմ հրաժեշտ տալու:
ԱՐԵՆ — Գնո՞ւմ ես… Ո՞ւր…
ՀՈՎԻԿ — Ինչքան հնարավոր է քեզնից հեռու… Ասում էի, չէ՞, հանգստացիր… Չլսեցիր… Գիտեի, որ մի օր կանգնելու ես պատի առաջ…
ԱՐԵՆ — Ի՞նչ պատ…
ՀՈՎԻԿ — (ծաղրով): Գնդակահարության:
ԱՐԵՆ — (զարմացած շուրջն է նայում): Ուրեմն ես բանտո՞ւմ եմ:
ՀՈՎԻԿ — Բանտո՞ւմ…
ԱՐԵՆ — (ինչ-որ բան է նշմարում): Հա, էլի… Ըհը, ճաղերը… Միշտ էս ճաղերից վախեցել եմ… Երե՞կ էր… Քոսոտ ծերուկ եկավ… Մի աման ճաշ էր բերել… Վաղուց հաց չէի կերել… Կինս ե՞րբ թողեց, գնաց… Վրա պրծա, որ ուտեմ ու… Շան լափ էր, բայց բուրում էր մորս եփած ճաշերի նման…
ՀՈՎԻԿ — Սկսվե՜ց… Էստեղ ոչ մի ճաղ էլ չկա:
Դռան ճռոոց է լսվում: Չգիտես որտեղից հայտնվում է հնամաշ պարկով մի ծերունի: Ծերուկը նստում է հատակին, պարկից հոլ է հանում:
ԱՐԵՆ — Տեսա՞ր… Ասում էի, չէ՞… Նա է:
ՀՈՎԻԿ — (ուշադիր նայում է ծերունուն): Դո՞ւք… (Արենին.) Գիտե՞ս, ով է…
ԱՐԵՆ — Չլինի՞ պապդ է:
ՀՈՎԻԿ — Ձե՞ռ ես առնում… Հիշում եմ, երբ փոքր էի, ծերուկը միշտ վախեցնում էր ինձ: Չէ, ծերուկը չէր վախեցնում… Մայրս էր… Ասում էր՝ Մեշոկ պապին է, երեխաներ է գողանում… Երբ չարություն էի անում, սպառնում էր կանչել նրան… Չէ, չեմ սխալվել, նա է… (Մոտենում է ծերունուն:) Դո՞ւք… Բայց դուք այստեղ չպետք է լինեիք…
Ծերունին, ուշադրություն չդարձնելով նրանց, սկսում է հոլը պտտեցնել: Լուսային տեսարանը փոխվում է: Հոլի տրամագիծը դառնում է ափաչափ լույս, որը, խաղալիքի պտտվելուն զուգընթաց, հետզհետե մեծանում է, քիչ անց բեմը ողողվում է պտտվող, աչք ծակող լույսով:
ԱՐԵՆ — (ուշադիր նայում է խաղալիքին): Հո՞լը… Որտեղի՞ց քեզ մոտ հայտնվեց… (Հովիկին.) Լսիր, Ֆազ… Գիտեմ, էս քո սարքած խաղերն են… Ձեռքիցս չես պրծնի… (Շնչահեղձ է լինում:) Հո՜լը… Ծանոթ խաղալիք է… Մայրս էր նվիրել… Նոր տարուն… (Փորձում է հոլի լույսը բռնել: Գոռում է:) Մի՛ պտտեցրու… Հովի՜կ… Հարազատ դեմքեր եմ տեսնում… Կի՞նս… Հղի էր… Մեր սենյակը… Մի քանի օր առաջ կտրած վարագույրը… Ես տա՞նն եմ…
ՀՈՎԻԿ — Ի՞նչ տուն… Քիչ առաջ ասում էիր՝ բանտում ես… (Փորձում է բռնել խելագարի նման վազող Արենին:) Ո՞ւր ես վազում…
ԱՐԵՆ — (հոլի պտույտը դադարում է, նստում, շունչ է քաշում): Ետևիցս մարդ էր ընկել… Ձեռքդ տուր… Էդ ծերուկն ո՞վ է:
ՀՈՎԻԿ — Մեշոկ պապին: Ի՞նչ ես ծիծաղում… Ես հիմա էլ եմ վախենում նրանից:
ԱՐԵՆ – Վախկոտի՛ մեկը… (Կարծես ոչինչ չի եղել:) Վռնդիր դրան: (Ծիծաղում է:) Մեշոկ պապի՜ն…
ՀՈՎԻԿ – Մի՛ ծաղրիր… Լսո՞ւմ ես՝ մի՛ ծաղրիր… Նա ասես իմ ուղեղում է… Ենթագիտակցությանս մեջ…
Ծերունին կրկին պտտեցնում է հոլը: Արենը կրկին պատեպատ է խփվում:
ԱՐԵՆ — Ֆազ, եթե մի անգամ էլ ինձ հետ էսպիսի կատակ ես արել՝ ձեռքիցս չես պրծնի… Հոլը քո ինչի՞ն էր պետք… Կարծում էի կորել է… Ջարդել էի, որ էլ երբեք… (Շնչահեղձ է լինում:) Գժվում եմ…
ՀՈՎԻԿ — Ավելի լավ, ինքնասպան չես լինի… (Ծամածռություններ է անում:)
ԱՐԵՆ — Հովիկ, դու… Դու գիտե՞ս՝ ով ես… Հոլը որտեղի՞ց ես գտել: Գիտեի՝ կարգին տղա ես…
ՀՈՎԻԿ — Կարգին տղա՞… Ճշմարտությունն ասող միակ մարդն էի…
ԱՐԵՆ — Ճշմարտությո՞ւնը… Դու տեղով թույն ես: Հիմա էլ օգնելու փոխարեն մեյմունություն ես անում:
ՀՈՎԻԿ — Իսկ ի՞նչ պետք է անեմ:
ԱՐԵՆ — Վռնդիր ծերուկին: Օգնիր…
ՀՈՎԻԿ — Չեմ կարող:
ԱՐԵՆ — Հոլը… (Հարձակվում է ծերունու վրա:)
Խավար: Լույս… փոքրիշատե կոնկրետ միջավայր: Բեմի կենտրոնում պարզ երևում է դուռը: Աջ անկյունում մահճակալ կա: Մնացած իրերի առկայությունը կախված է բեմադրիչի ցանկությունից: Արենը կիսամերկ պառկած է մահճակալին: Մի պահ այնպիսի տպավորություն է, ասես դիահերձարան է:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Ներս է մտնում Հովիկը, ձեռքին՝ ծաղկեփունջ: Փունջը դնում է ծաղկամանի մեջ: Նկատում է հատակին ընկած ատրճանակը: Վերցնում, նետում է սեղանին: Շրխկոցից Արենը վեր է թռչում:
ԱՐԵՆ — Ի՞նչ է… Ո՞վ է…
ՀՈՎԻԿ — (ծիծաղելով): Ես եմ:
ԱՐԵՆ — Ֆա՞զ… Որտեղի՞ց հայտնվեցիր:
ՀՈՎԻԿ — Դուռը բացի, ներս մտա…
ԱՐԵՆ — Բայց դու էստեղ չպետք է լինեիր:
ՀՈՎԻԿ — Իսկ ո՞ւր պետք է լինեի:
ԱՐԵՆ — Ի՞նչ իմանամ… (Հագնում է վերնազգեստը:) Օվկիանոսից այն կողմ… Ձեր տանը կամ էլ բանտում…
ՀՈՎԻԿ — Ի՞նչ բանտ:
ԱՐԵՆ — Դու չէի՞ր ասում գնդակահարության պատի մասին:
ՀՈՎԻԿ — Լավ, հասկացա… (Ցուցադրաբար վեր է կենում, որ գնա:) Ցը…
ԱՐԵՆ — (բռնում է նրա ձեռքը): Ներիր… Վատ երազ տեսա: Դու էլ կայիր իմ երազում:
ՀՈՎԻԿ — Շուտ ես քնում: Տասը րոպե առաջ արթուն էիր… Ի՞նչ ես նայում, ինձ սիգարետի չուղարկեցի՞ր:
ԱՐԵՆ — Ճիշտ է… Ֆազ, բայց դու էստեղ…
ՀՈՎԻԿ — (ընդհատում է): Գիժ ես, գիժ… Բանալին էլ տվեցիր… Ասացիր, որ ալարում ես վեր կենալ, դուռը բացել… Հո պատուհանից ներս չէ՞ի մտնելու: Մանավանդ էնպիսի ճաղապատնեշ ես քաշել, ասես միլիոնով փող ունես…
ԱՐԵՆ — Ճաղապատնե՞շ… Ինչ դաժան երազ էր: Բանտում էի… որտե՞ղ էի…
ՀՈՎԻԿ — Հո երազում ինքնասպան չեղա՞ր:
ԱՐԵՆ — Լավ… (Նկատում է ծաղկեփունջը:) Ծաղիկները որտեղի՞ց հայտնվեցին…
ՀՈՎԻԿ — Ես եմ բերել:
ԱՐԵՆ — Առիթ կա՞:
ՀՈՎԻԿ — Իհարկե… (Լրջանում է:) Ուզում եմ քեզ հրաժեշտ տալ:
ԱՐԵՆ — Գնո՞ւմ ես, ո՞ւր…
ՀՈՎԻԿ — Ի՞նչ կարևոր է:
ԱՐԵՆ — Չիմանա՞մ՝ ուր ես գնում:
ՀՈՎԻԿ — Կարծում ես, ես գիտե՞մ… Արեն, դու ինձ երբեք չես լսում:
ԱՐԵՆ — Էլի սկսեցի՞ր…
ՀՈՎԻԿ — (հետզհետե նյարդայնանալով): Լավ է, չէ՞… Ընկեր է կոչվում… Արդեն մի ամիս է քեզ չեմ զանգում… Ի՜նչ շուտ մոռացար իմ մասին: Մենակությունը մեր թշնամին է, բայց երբ հերթը հասնում է թեկուզ մի վայրկյան ուրիշի ցավով ապրելուն, միանգամից մենության կողմն ենք անցնում: Ավելի լավ է մնանք մենակ, քան փորձենք հասկանալ դիմացինին:
ԱՐԵՆ — Հերիք է փիլիսոփայես:
ՀՈՎԻԿ — Ես հիվանդ եմ: Ինձ մի շաբաթից քիչ ժամանակ է մնացել:
ԱՐԵՆ — Ի՞նչ ես խոսում… Ի՞նչ հիվանդ…
ՀՈՎԻԿ — Չգիտեմ… Բժիշկները չկարողացան ճիշտ ախտորոշել: Ասում են՝ արյունս է պակասում: Վերջերս մի գիրք կարդացի: Հեղինակի անունը, ափսոս, չեմ հիշում: Գրում էր, որ մահանալիս արյունը շատ կարևոր է… Անարյուն մահով մեռնում են անտարբերության զոհերը:
ԱՐԵՆ — Ի՞նչ ես դուրս տափս:
ՀՈՎԻԿ — (ծամածռություններ է անում): Համբերիր, մի քիչ էլ համբերիր… Մի շաբաթից թըռ… կթռչեմ-կգնամ… (Մատնացույց է անում երկինքը:)
ԱՐԵՆ — Ի՞նչ՝ թըռ… Էնպես ես խոսում, ասես էդ «թըռի» մեղավորը ես եմ:
ՀՈՎԻԿ — Դո՞ւ… Ի՞նչ ես ասում: Դու սուրբ ես: (Լրջանում է:) Արեն, ես վաղուց եմ մեռել… Երկու տարի է՝ չկամ: Հիշո՞ւմ ես, նախանցյալ տարվա գարնանն էր: (Դուռը ճռռալով բացվում է: Շեմին երևում է հնամաշ պարկով ծերանին: Նա առանց ներկաներին ուշադրություն դարձնելու ներս է մտնում, նստում հատակին, պարկից հանում է հոլը, դնում իր կողքին: Այս անգամ էլ ներկաները ծերունու վրա ուշադրության չեն դարձնում:) Կարևոր չէ, ինձ հետ ինչ էր կատարվել: Այլ՝ ի՛նչ կատարվեց քեզ հետ հանդիպելուց հետո: Հուսահատ էի: Ուզում էի կիսվել, մեկին վիշտս պատմել: Փնտրեցի քեզ: «Կարգին տղա է,- մտածեցի,- դժվար պահերին մեջքին կանգնել եմ…»: Ժամը հիշո՞ւմ ես: Երեկոյան տասն էր… (Ծերունին հանգիստ հոլն է պտտեցնում: Խաղալիքի պտտվելուն զուգընթաց նրա տրամագիծը հետզհետե մեծանում է, քիչ անց բեմը կրկին ողողվում է պտտվող, աչք ծակող լույսով:) Ճեփ-ճերմակ էիր… ասես ուրվական լինեիր: Չգիտեմ, լսո՞ւմ էիր ինձ, թե՞ ոչ… (Շնչահեղձ է լինում:) Դեմքդ չէր փոխվում… Գոնե անհանգստության նշույլ երևար աչքերիդ մեջ: Կարեկցանքի մի խոսք ասեիր: Պատմությունս մի քանի անգամ կրկնեցի… Ցավս ուժեղ էր, ուզում էի գոնե պատմելով մեղմել: «Հիմա ես ի՞նչ անեմ, ասա»: Տխմար արտահայտություն: Երանի չասեի: Դու սթափվեցիր, նայեցիր աչքերիս մեջ. «Ինչ-որ բա՞ն է եղել…»: Մի անգամ էլ պատմեցի… Գլանակը կպցրիր ու… «Չեմ հասկանում, թե ինձնից ի՞նչ ես ուզում… Եթե վիճակդ էդքան լուրջ է, մորֆի սրսկվի, կայֆդ արա ու մեռի…»: (Շնչասպառ լռում է, հոլի պտույտը դադարել է:)
ԱՐԵՆ — (հանգիստ ծխախոտ է վառում): Ի՞նչ անենք, խոսք էր՝ ասացի… Քեզ ի՞նչ էր եղել: Հիմա չե՞ս խաբում… Ասում ես՝ հիվանդ եմ…
ՀՈՎԻԿ — Հասկացիր, հարցը դա չէ… (Հոլը կրկին պտտվում է:)
ԱՐԵՆ — Բա ի՞նչն է… Ի՞նչ ես երկու տարվա մեռելներին հոգեդարձ անում… (Հանգիստ զբաղվում է իր գործով, Հովիկի կողմը չի նայում:)
ՀՈՎԻԿ — (շնչահեղձ է լինում): Քեզ համար ի՞նչ կա… Բառը կրակեցիր, քաշվեցիր մի կողմ: Ես ի՞նչ անեի… Տուն գնացի… Գլուխս ածիլեցի… Քո խոսքերն էի կրկնում… Բայց որտեղի՞ց մորֆի ճարեի: Հանկարծ հիշեցի, որ ատրճանակդ ինձ մոտ է… (Սեղանի վրայից վերցնում է ատրճանակը:) Զենքերը հավաքում էին: Ատրճանակդ ինձ տվեցիր, որ չբռնագրավեն: Վերցրեցի՜… (Խաղում է ատրճանակի հետ:) Կոթից պինդ բռնել էի… Ի՞նչ էի զգում… Չէ, ցավ չէի զգում… Երևի ատելություն… Բայց ո՛չ քո նկատմամբ… Ինձ էի ատում, ինձ… Ատում էի, որ մարդ եմ… որ վաղն էլ գուցե նույն բառերն ասեմ՝ լսելով ինչ-որ մեկի տառապանքի մասին: Սառը զենքը քսում էի ածիլած գլխիս: Հետո մատս տարա ձգանին… Չոր էր… Մատս պլոկվեց… Արյուն էր ուզում գար… Բայց չհասցրեց… (Կրակում է:)
Խավար, կարմիր լույս, ծերունին անհետացել է, բայց պարկը բեմի վրա է:
ԱՐԵՆ — Հովի՜կ… (Վրա է պրծնում, շարժում է Հովիկի անկենդան մարմինը:) Հովի՞կ… Մեռա՞վ… Հովի՜կ… (Շուրջն է նայում: Հովիկի մարմինը քարշ տալով տեղավորում է մահճակալի վրա:) Աչքիս ինչ-որ բան ընկավ… էստեղ ոնց որ… (Շոր է փնտրում, որ ծածկի մարմինը: Նկատում է պարկը, սկսում է քրքրել, միջից դանդաղորեն ճերմակ կտոր է հանում:) Էս որտեղի՞ց հայտնվեց պարկի մեջ: Մեր ննջարանի վարագույրն էր, կինս էր կարել:
Վարագույրն ասես թև է առնում, ձգվում է էկրանի նման: Հոլի լույսը կրկին մեծ արագությամբ պտտվում է: Արենը պատեպատ է խփվում, ապա աննկատ թափանցում է էկրան դարձած վարագույրի մեջ: Ֆիլմն սկսվում է:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Լույսերն այս տեսարանում այնպես պետք է փոփոխվեն, որ հանդիսատեսին և բեմում խաղացող դերասաններին թվա՝ իրենք ֆիլմ են դիտում կամ խաղում են այնտեղ: Արտահայտչամիջոցները կինոյին բնորոշ զուսպ են: Սպիտակ էկրանին բեմական ձևավորումը իտալական նեոռեալիստական ֆիլմերի մթնոլորտ է հիշեցում: Ներս է մտնում Արենի երիտասարդ կինը: Մոտենում է մահճակալին, վերմակը քաշում: Արենը վեր է թռչում:
ԱՐԵՆ — Ի՞նչ է, ո՞վ է…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ԿԻՆ — Ես եմ… ես…
ԱՐԵՆ — Դո՞ւ… Դո՜ւ… (Համբուրում է կնոջը:) Աչքերիս չեմ հավատում… Թվում էր, էլ քեզ չեմ տեսնի: Ե՞րբ ես եկել:
ԿԻՆ — Ե՞ս… Ես ոչ մի տեղ չէի գնացել:
ԱՐԵՆ — Չգիտեմ: (Գլուխը հպում է կնոջ գլխին:) Երազում ինձ լքել էիր…
ԿԻՆ — Գիժ… Տասը րոպեով դուրս էի եկել: Դու ծխախոտի ուղարկեցիր… (Աչքն ընկնում է ծաղիկներին:) Հա՜, դրա համար ինձ տնից վռնդեցիր:
ԱՐԵՆ — (շփոթվում է): Հովիկն է բերել… Արի ինձ մոտ: (Գանգրահեր կինը մոտենում է, համբուրվում են:)
ԿԻՆ — Թող… (Դուրս է պրծնում Արենի գրկից:) Քնիդ մեջ գոռում էիր:
ԱՐԵՆ — Վախեցա՞ր:
ԿԻՆ — Ըհը…
ԱՐԵՆ — Սկզբում բանտում էի, հետո Հովիկը եկավ… Ինչ-որ պարկով ծերունի էլ կար… Նրա մոտ իմ ամենաչսիրած խաղալիքն էր՝ հոլը: Մայրս էր նվիրել, Նոր տարուն:
ԿԻՆ — Ճի՞շտ… Ատում եմ բոլոր տեսակի հոլերը: Հետո՞…
ԱՐԵՆ — Հետո՞… Պատկերացնո՞ւմ ես, ծերունու երազում հայտնվեցի: Արթնացա ու…
ԿԻՆ — Տեսար ինձ:
ԱՐԵՆ — Չէ… Պարզվեց՝ քնած եմ: Հովիկը եկավ: Ինչ-որ բաներ էր խոսում… Չհասկացա՝ ինչ… Ստիպված մտա մեր տան վարագույրի մեջ ու հայտնվեցի կինոյում:
ԿԻՆ — Էդ քանի՞ սերիանոց երազ ես տեսել:
ԱՐԵՆ — (գրկում է կնոջը): Ծաղրո՞ւմ ես…
ԿԻՆ — Վերջերս հաճախ ես Հովիկին երազում տեսնում: Լավ չէ… Քնիդ մեջ հո ինքնասպան չեղա՞ր:
ԱՐԵՆ — Սրանից հետո քեզ եմ տեսնելու, միայն քեզ:
ԿԻՆ — (կրկին դուրս է պրծնում Արեն գրկից): Թող… Մի վայրկյան հանգիստ նստիր, բան ունեմ ասելու:
ԱՐԵՆ — Մի համբույր, ու վերջ…
ԿԻՆ — Ոչ մի համբույր… Նստիր: Չշարժվես: Մենք երեխա ենք ունենալու:
ԱՐԵՆ — Մենք երեխա ենք ունենալո՞ւ… (Նետվում է գրկելու կնոջը, նա խույս է տալիս:) Սպասիր… Ականջներիս չեմ հավատում: Ե՞րբ իմացար:
ԿԻՆ — Տասնհինգ օր առաջ: Արդեն չորս շաբաթական է…
ԱՐԵՆ — Ինչո՞ւ չէիր ասում:
ԿԻՆ — Չգիտեմ… Դու այնքան զբաղված էիր:
ԱՐԵՆ — Պա՜հ, զբաղվա՜ծ էի: Հիմա հասկացա, թե ցերեկները ուր էիր անհետանում: Ասում էիր՝ նկուղում պահածո ես փակում: Բժշկի մոտ եղե՞լ ես:
ԿԻՆ — Ամեն ինչ կարգին է:
ԱՐԵՆ — (ինչ-որ բան է վերհիշում): Բայց երազում գիտեի, որ հղի ես: (Ձեռքից քաշում է, որ համբուրի:)
ԿԻՆ — Զգույշ, կտրուկ շարժումը կարող է սպանել նրան:
ԱՐԵՆ — Տղա՞ է, թե՞ աղջիկ:
ԿԻՆ — Դու ի՞նչ ես ուզում:
ԱՐԵՆ — Տղա, գանգրահեր տղա:
ԿԻՆ — Ուրեմն տղա կունենանք: Արեն, խնդրանքս չես մոռացել, չէ՞…
ԱՐԵՆ — Ո՞րը:
ԿԻՆ — Ճամպրուկներս նկուղում են, խոստացար բարձրացնել:
ԱՐԵՆ — (զգուշորեն փորձում է գրկել կնոջը, նա ձեռքով փորի կլորությունն է ցույց տալիս): Կբարձրացնեմ:
ԿԻՆ — Ե՞րբ:
ԱՐԵՆ — Հինգ րոպեից:
ԿԻՆ — Լուսամատի ճաղապատնեշն էլ մի օր ընկնելու է անցորդների գլխին:
ԱՐԵՆ — Հա, կամրացնեմ…
ԿԻՆ — Վեր կաց… Հնար լիներ, ուշ արթնացող տղամարդկանց գիտե՞ս ինչ կանեի…
ԱՐԵՆ — Ի՞նչ:
ԿԻՆ — Կշարեի գնդակահարության պատի տակ ու…
ԱՐԵՆ — Լավ, ենթարկվում եմ: Մի՛ սպանիր ինձ, շուտով հայր եմ դառնալու…
Արենը ելնում է անկողնուց, քնքշորեն համբուրում է կնոջը, կադրից դուրս է գալիս: Գանգրահեր կինը սկսում է սենյակը հավաքել: Նախ հարդարում է անկողինը, ապա տեսնում է ծերունու թողած պարկը: Տնտղում է պարկի պարունակությունը: Հոլը հանում, դնում է հատակին: Պտտեցնում է: Լուսային տեսարանը փոխվում է: Էկրանին պատկերված դուռը ճռռալով բացվում է, շեմին երևում է հնամաշ պարկով ծերունին: Սարսափ ֆիլմն սկսվում է:
ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄ
ԿԻՆ — (խոսում է էկրանին երևացող ծերունու հետ): Դո՞ւք… Նորից եկաք: Գոնե մի օր ինձ հանգիստ թողեք: Հոլը որտեղի՞ց մեր տանը հայտնվեց: Ախր ջարդել էի: Գոնե մի բառ ասեք: Չեք ասի… Դուք ընդամենը նկարահանված պատկեր եք: Կինո… Չորս- հինգ անգամ ժապավենն այրեցի, բայց… (Էկրանի վրա երևում են ծերունու թախծոտ աչքերը՝ խոշոր պլանով:) Տեսաերիզն ինչպե՞ս էր հայտնվել նկուղում: Ո՞վ էր բերել… Չիմացա: Ամեն անգամ այրելուց հետո տեսաերիզի նոր օրինակ էի գտնում: Բերողը լավ գիտի, որ մարդիկ իրենց ամոթն ու ցավը նկուղներում են պահում, հոտած պարկերի մեջ: (Հանկարծակի քնքշանում է:) Չգիտեի, որ դերասան եք: Այն էլ՝ կինոյի: Թեև ձեզանից ի՞նչ դերասան… Ո՞ւմ խելքին էր փչել ձեզ նկարահանել: (Ծերունին ժպտում է:) Երբ առաջին անգամ ձեզ տեսա՝ ծիծաղեցի: Նույն այս հոտած պարկով էիք: Կարծեցի ծաղրածու եք: Այդ մասին պատմեցի մորս, նա անհանգստացավ… «Չխոսես հետը,- ասաց:- Մեշոկ պապին է, երեխաներին գողանում, սապոն է դարձնում»: Իրոք նման էիք Մեշոկ պապին: (Ծերունին խաղի մեջ է մտնում Գանգրահեր կնոջ հետ:) Հետևում էիք ինձ: Քարեր էի շպրտում ձեզ վրա, օգնություն կանչում… Մի օր էլ գիշերը վեր թռա քնից ու ձեզ տեսա մահճակալիս մոտ կանգնած: Այդ օրից դուք դարձաք իմ մտքերի, վախերի պահապանը: Ձեր այդ հսկա պարկի մեջ պահում եք հինգ տարեկանից մինչև հիմա ինձ վախեցնող և ցավ պատճառող ամեն ինչ: Հինգ տարեկա՜ն… Տարիները ի՜նչ արագ են անցնում… Տագնապները, չնայած հիվանդոտ լինելուն, դժվարությամբ են մեռնում: Բավական էր ցավերս հիշեի՝ ձեր քրքրված ուրվականն անմիջապես հայտնվում էր: Հասուն աղջիկ էի, որոշեցի պայքարել ձեր հորինովի կերպարի դեմ… Չէ, երազում չէ, իրականում… Նույն տեսքով, նույն հոտած պարկով եկաք մեր տուն, հանդիպեցիք մորս հետ: Եվ անակնկալ. պարզվեց՝ դուք իմ հայրն եք: Աղջի՜կս, թանկագի՜նս… Ես քեզ սիրում եմ… Ուրեմն ի՞նչ՝ մայրս իմ մանուկ հոգին խեղել էր այն պատճառով, որ ատո՞ւմ էր ձեզ: Փախա: Ո՞ւր էի վազում… Երևի ամոթից, ցավից էի փախչում: Վազեցի, վազեցի ու հայտնվեցի մեր տան նկուղում: Մինչև հիմա այնտեղ եմ: Չեմ կարողանում դուրս գալ: Ամեն անգամ ժապավենն այրում ու ամեն անգամ այն գտնելով ուրախանում եմ: Ամուսնուցս թաքուն իջնում եմ նկուղ ու…
Էկրանին ծերունին անհետանում է, լույսը վառվում է: Կինոն վերջացել է: Ներս է մտնում Արենը:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
ԱՐԵՆ — (հեգնական): Ինչ լավ է, որ քեզ գտա:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ԿԻՆ — (զարմացած): Դո՞ւ… Բայց դու կինոյում պետք է լինեիր:
ԱՐԵՆ — Նորի՞ց… Խելքդ թռցրի՞ր… Նկուղում ի՞նչ ես անում… Էլի՞ ֆիլմն էիր նայում: Ամեն ինչ իրար ես խառնել՝ թատրոն, կինո, կյանք… Ինձ էլ ես ուզում գործող անձ դարձնել: Ես իրական մարդ եմ: Լսո՞ւմ ես, իրական մարդ: Ո՞ւր է…
ԿԻՆ — Ի՞նչը:
ԱՐԵՆ — Տեսաերիզը: (Փնտրում է:)
ԿԻՆ — (իրար է անցնում): Արեն, մի վայրկյան նստիր, բան ունեմ ասելու:
ԱՐԵՆ – Գիտեմ, ինչ ես ասելու… ցնդաբանություններ մեռած հորդ մասին: Իբր ամեն օր գալիս, խոսում է քեզ հետ: Մեշոկ պապի, չգիտեմ էլ ինչ… Լսիր, հոգեկան չե՞ս: Ինձ էլ ես ուզում քեզ նման դարձնել: Հասկացիր, ես հանգիստ կյանք եմ ուզում…
ԿԻՆ — Բայց խոսքը երկուսիս է վերաբերում:
ԱՐԵՆ — Մենք այլևս երկուսով չենք: Ես գնում եմ… Իսկ դու մնա հորդ ուրվականի հետ: Դուք իրար հետ լավ լեզու եք գտնում: Մեշոկից ձեր ցավերը կհանեք, մի մասն էլ ուրիշներին պարտքով կտաք: Ու էդպես, մինչև դու էլ դառնաս ուրվական ու մտնես ֆիլմի մեջ: (Տեսնում է պարկը, սկսում է պարունակությանը քրքրել:)
ԿԻՆ — Արեն, լսիր… Ար…
ԱՐԵՆ — Ըհը, գտա… (Տեսաերիզը հանում է պարկից:) Սա էր, չէ՞…
ԿԻՆ — Տուր ինձ:
ԱՐԵՆ — Խնդրեմ:
Գանգրահեր կինը մոտենամ է տեսաերիզը վերցնելու: Արենը տեսաերիզը խփում է հատակին: Լուսային տեսարանը կրկին փոխվում է: Լուսարձակները խելահեղ արագությամբ պտտվում են: Գանգրահեր կինը փորձում է Արենի ձեռքից խլել ժապավենը, բայց Արենը այն դուրս է քաշում, պատառոտում: Էկրանի վրա այդ պահին երևում է քրքրված ժապավենի վրա մեռնոդ ծերունին:
ԱՐԵՆ — Ըհը… Նոր պերսոնաժ գտիր քեզ համար: Ես գնում եմ…
ԿԻՆ — Արեն… Մի րոպե… Մենք… Երեխա… Գանգրահեր տղա…
Արենը դուրս է գալիս՝ շրխկացնելով դուռը: Կինը տեսնում է հոլը, մոտենում, պտտեցնում է: Լուսային տեսարանը փոխվում է: Գանգրահեր կինը դանդաղ մոտենում է սեղանին, վերցնում է ատրճանակը, մի պահ պահում է քունքին, կրակում: Կարմիր լույս, խավար:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Ներս է մտնում Գանգրահեր տղան, ձեռքին՝ ծաղկեփունջ: Փունջը դնում է ծաղկամանի մեջ: Մոտենում է անկողնուն, վերմակը քաշում: Արենը ճչալով քնից վեր է թռչում:
ԱՐԵՆ — Ի՞նչ է… Ո՞վ է…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱ — Քաղաքացի Ա՞… (Վկայականը ծոցագրպանից հանում, թափահարում է Արենի քթի առջև:) Ես քաղմասից եմ: Քննիչ…
ԱՐԵՆ — Կարող ես ազգանունդ չասել… (Խոժոռ:) Ինչպե՞ս հայտնվեցիր իմ տանը:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱ — Դուռը բացի և…
ԱՐԵՆ — Չեմ սիրում, երբ ինձ արթնացնում ու ստիպում են խոսել: Բարկանում եմ: Մենք ծանո՞թ ենք:
ՏՂԱ — Ոչ: Հասկացա… Երևի ուզում եք ասել, որ այստեղ չպե՞տք է լինեի:
ԱՐԵՆ — Իսկ ո՞ւր պետք է լինեիր…
ՏՂԱ — Իմ առանձնասենյակում: Դուք պետք է գայիք ինձ մոտ և ոչ թե ես… Լավ… Ցավում եմ, բայց ստիպված եմ մի քանի հարց տալ ձեզ:
ԱՐԵՆ — (վեր է կենում մահճակալից): Տուր, բայց մի հարց էլ ես ունեմ:
ՏՂԱ — Լսում եմ…
ԱՐԵՆ — (վերնազգեստը հագնելով): Քանի՞ տարեկան ես:
ՏՂԱ — Ինչքա՞ն կլինեմ:
ԱՐԵՆ — Երևի քսանչորս-քսանհինգ…
ՏՂԱ — (թեթևակի շիկնելով): Քսաներեք տարեկան եմ: Իսկ դո՞ւք:
ԱՐԵՆ — Քսանյոթ, պարոն քննիչ:
ՏՂԱ — Գրեթե հասակակիցներ ենք:
ԱՐԵՆ — Ինչո՞ւ ես դուք-ով խոսում: Հա՜, քննիչ ես… Լսիր, մասնագիտությունդ քեզ դուր գալի՞ս է:
ՏՂԱ — (լրջանում է): Լավ… Ժամանակը սուղ է… Նախքան հարցերիս պատասխանելը զգուշացնում եմ, որ սուտ վկայություն տալը պատժվում է օրենքով:
ԱՐԵՆ — Ո՞ր օրենքով:
ՏՂԱ — (խիստ): Դուք Հովիկ անունով ընկեր ունե՞ք:
ԱՐԵՆ — Ունեմ: Մի ժամ առաջ այստեղ էր:
ՏՂԱ — Ի՞նչ էր անում ձեր տանը:
ԱՐԵՆ — Հյուր էր եկել:
ՏՂԱ — Երկա՞ր մնաց:
ԱՐԵՆ — Չեմ հիշում… Ես քնեցի, հետո արթնացա, հետո էլի քնեցի… Բավականին ժամանակ մեր տանն էր:
ՏՂԱ — Փաստորեն այսօր տեսել եք Հովիկին, խոսել նրա հետ: Ճի՞շտ է:
ԱՐԵՆ — Այո:
ՏՂԱ — Ձեզնից բացի ուրիշ մարդ նրան տեսե՞լ է:
ԱՐԵՆ — Չէ: Ասենք՝ հա… Մեշոկով ծերունին: Տարօրինակ բիձուկ էր… Հովիկը ճանաչեց նրան, ասաց՝ իր մանկության սարսափն է Մեշոկ պապին:
ՏՂԱ — Պարզ է… Երբ Հովիկը ձեր տանն էր, ալկոհոլ օգտագործեցի՞ք:
ԱՐԵՆ — Ոչ մի կում: (Հեգնական:) Ենթատեքստերով եք խոսում, պարոն քննիչ:
ՏՂԱ — Դրա հարկը չկա: Առանց այն էլ ամեն ինչ պարզ է… Երեկ, գիշերը ժամը մեկի սահմաններում, ձեր ընկերոջ բնակարանը գող է մտնում և, գիտե՞ք, այնտեղ ինչ է պեղում…
ԱՐԵՆ — Չլինի՞ Թութանհամոնի դամբարան:
ՏՂԱ – Մի՛ կատակեք… Երկու տարվա վաղեմություն ունեցող դիակ, ավելի ճիշտ, կմախք:
ԱՐԵՆ — Ի՞նչ…
ՏՂԱ — Ձեր ընկերոջ՝ Հովիկի կմախքը: Ուստի նա չէր կարող մեկ ժամ առաջ ձեր տանը լինել, եթե վաղուց այն աշխարհն է համբարձվել: Եվ սպանվել է ձեր ատրճանակից:
ԱՐԵՆ — Ինչպե՞ս թե… Վրաս գործ եք բացո՞ւմ… Հովիկը մի քիչ առաջ մեր տանն էր: Վկա կարող եմ բերել:
ՏՂԱ — (հեգնական): Մեշոկ պապի՞ն:
ԱՐԵՆ — Ձե՞ռ ես առնում… (Տեսնում է ծաղկեփունջը:) Ըհը… Էս ծաղկեփունջը նա է բերել: Հարցրեք կնոջս:
ՏՂԱ — Ծաղկեփունջը ես եմ գնել, ընկերուհուս համար: Քո հանցանքն ապացուցված է: Մի հարց ևս. կնոջդ ինչո՞ւ սպանեցիր:
ԱՐԵՆ — Ի՞նչ…
ՏՂԱ — Սպանել ես նույն ատրճանակից, կրակել նույն տեղին և թողել նկուղում… Արյունաքամվելով մահացել է:
ԱՐԵՆ — Չեմ հասկանում… (Հանկարծ աշխուժանում է:) Ախ, հա… Հասկանում եմ… Սա երազ է… Քիչ առաջ կինոյում էի… Մեր տան վարագույրի մեջ մտա ու հայտնվեցի էկրանին: Կինս… Ասաց, որ հղի է, գանգրահեր տղա է ունենալու… (Գանգրահեր տղային.) Խփիր ինձ… Ապտակիր, որ արթնանամ…
ՏՂԱ — Լսիր, հո մոլագար չե՞ս: (Գրպանից ձայնագրիչ է հանում:) Մի ապացույց էլ կա: Սա Հովիկի բնակարանում գտանք, միացնեմ՝ լսիր:
Սեղմում է ձայնագրիչի կոճակը: Լսվում է Հովիկի ձայնը, ժապավենը տեղ-տեղ ճմռթված է: Այդ մասերում Հովիկի ձայնը լողում է:
ՀՈՎԻԿԻ ձայնը — Արեն, ես վաղուց եմ մեռել… Երկու տարի է՝ չկամ… Կարևոր չէ, թե ինձ հետ ինչ է կատարվել: Կարևորն այն է, թե ինչ կատարվեց քեզ հետ հանդիպելուց հետո: Գլանակը վառեցիր ու՝ «Չեմ հասկանում, թե ինձնից ի՞նչ ես ուզում: Եթե վիճակդ էդքան լուրջ է, գնա մորֆի սրսկվի, կայֆդ արա ու մեռի…»: Գլուխս ածիլեցի… Ատրճանակդ ինձ տվեցիր… Կոթից պինդ բռնել… (Ձայնը դողում է:) Վախենում էի… Ի՞նչ էի զգում… Ատելություն… Զենքի սառը փողը քսում… (Ճմռթված մաս:) …ածիլած գլխիս… Հետո մատ… (Ճմռթված մաս:) Ձգանին… Արյուն էր ուզում գար… (Կրակոց:)
ՏՂԱ — Տեսա՞ք… Իսկ դուք ուզում եք Մեշոկ պապիին վկա բերել:
Ճռռոցով բացվող դռան շեմին երևում է Ծերունին: Առանց ներկաների վրա ուշադրություն դարձնելու մտնում, նստում է գետնին, պարկից հանում է հոլը:
ՏՂԱ — (ապշահար նայում է Ծերունուն, տարօրինակ շարժումներ է անում): Դո՞ւք… Բայց դուք այստեղ չպետք է լինեիք: Իզուր եք եկել: Էլ չեմ սրսկվում… Գնացեք: Լսո՞ւմ եք… Ձեր թմրանյութն ինձ պետք չէ:
Ծերունին սկսում է պտտեցնել հոլը: Լուսային տեսարանը փոխվում է: Հոլի ափաչափ լույսը կրկին մեծանում, պտտվում է:
ՏՂԱ — (գրկում է Արենին): Բարև, հայրիկ… Ե՞րբ ես եկել… Հազար տարի է քեզ չեմ տեսել: Ես լավ եմ: Մի նայիր այդպես: Ասացի՝ լավ եմ… Էլ չեմ սրսկվում:
ԱՐԵՆ — (ապշահար): Ի՞նչ ես խոսում… Ես քեզ ի՞նչ հայրիկ…
ՏՂԱ — Հիշո՞ւմ ես մեր վերջին հանդիպումը: Հիվանդանոցում… Ճեփ-ճերմակ էիր, ասես ուրվական լինեիր: «Հիմար,- ասացիր և արցունքներդ չէիր կարողանում թաքցնել:- Ինչի՞ համար արեցիր այդ… Ի՞նչդ է պակաս, որ ինքնասպան էիր ուզում լինել…»:
ԱՐԵՆ — Լսիր… Հերիք է… Հիմա էլ ուրիշ կերպ ես փորձում ինձ մոլորեցնե՞լ:
ՏՂԱ — Պապ, վիճակս լուրջ էր: (Պատեպատ է խփվում:) Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ ոչ ոք չի կարող օգնել: Իսկ հարազատի խորհուրդները սպանում են, ոչ թե բուժում: Փողոցով գնում էի… Չէ, չէի գնում… Պատերն էի կրծում: Հանկարծ պարկը ուսին չորուկ մի ծերուկ տնկվեց իմ առջև: Սիգարետ ուզեց՝ տվեցի: Ու որպեսզի չխելագարվեմ, պատմեցի գլխիս եկածը: Նա գլանակը կպցրեց ու. «Չեմ հասկանում, թե ինձնից ի՞նչ ես ուզում: Եթե վիճակդ էդքան լուրջ է, գնա մորֆի սրսկվի, կայֆդ արա ու մեռի…»: (Շնչասպառ լռում է:)
ԱՐԵՆ — Ի՞նչ… Ո՞ւր եմ ընկել… Էս Հովիկի սարքած խաղերն են:
ՏՂԱ — Պապ, մենք հենց այստեղ պետք է հանդիպեինք: Նույն տարիքի մարդիկ իրար հեշտ են հասկանում:
ԱՐԵՆ — Ես մեռա՞ծ եմ…
ՏՂԱ — Չէ… Պարզապես մենք մի տեղ ենք, որտեղ չէինք կարող լինել:
Ծերունին հոլը կրկին պտտեցնում է, Գանգրահեր տղան պատեպատ է խփվում:
ԱՐԵՆ — Ի՞նչ տեղ…
ՏՂԱ — Չգիտեմ… Կորստի ցավն ահավոր բան է: Երբ անտանելի է դառնում, մտովի փորձում ես ժամանակն ու տարածությունը կտրել անցնել ու…
ԱՐԵՆ — Լսիր, դու քննիչ ես: Եվ հետո, իմ որդին չէիր կարող լինել: Քիչ առաջ չասացի՞ր, որ կինս մահացել է:
ՏՂԱ — Այո, իր երևակայության մեջ:
ԱՐԵՆ — Ի՞նչ…
ՏՂԱ — Ամենադաժան ինքնասպանությունները մեր ուղեղում են կատարվում… Պապ, խղճի խայթից սոսկալի ինքնասպանություն չկա:
ԱՐԵՆ — Ուզում ես ասել, որ ես է՞լ մտքիս մեջ ինքնասպան եղա:
ՏՂԱ — Անկասկած:
ԱՐԵՆ — Քեզ չեմ հավատում: Տասը րոպե առաջ ինձ դատում էիր, իսկ հիմա՞…
ՏՂԱ — Պապ… Միշտ էլ կրտսեր սերունդը դատում է ավագին: Ինչո՞ւ մարդուն ֆիզիկական սպանության համար դատապարտում են, իսկ անտարբերության համար՝ ոչ: (Ծերունուն.) Հեռացիր… Հոլը մի պտտեցրու… Լավ չեմ… Սիրտս խառնում է… Մրսում եմ… (Արենին.) Պապ, օգնիր ինձ, թույլ մի տուր նորից թմրամոլ դառնամ:
ԱՐԵՆ — Ի՞նչ անեմ… Պառկիր: Էստեղ վերմակ կար: Դողում ես: (Գանգրահեր տղան սրթսրթալով ընկնում է հատակին:) Մի վայրկյան սպասիր, հիմա շտապ օգնություն կկանչեմ:
ՏՂԱ — Չէ, պապ, չէ… Շտապ օգնության բժիշկները ինձ նորից դժոխք կտանեն:
ԱՐԵՆ — Ի՞նչ անեմ, տղաս…
ՏՂԱ — Նստիր կողքիս: Պապ… Դու ինձ երբեք չես հասկացել: Չեմ հիշում, երբվանի՞ց սկսեցի սրսկվել: Մեշոկ պապին էր ինձ թմրանյութ բերում… Հիմա էլ է եկել: Վռնդիր դրան: (Ծերուկին.) Ի՞նչ ես աչքերդ չռել: Գնա: Չէ, մի գնա… Տուր… Բերածդ տուր: Մարմինս ոնց որ մսաղացում լինի:
Ծերունին կրկին պտտեցնում է հոլը:
ԱՐԵՆ — (զարմացած շուրջն է նայում): Որտե՞ղ ենք… Ոնց որ հիվանդանոց լինի: (Գանգրահեր տղային.) Համբերիր… Արդեն պալատում ենք: Հիմա ամեն ինչ կանցնի:
ՏՂԱ — Պապ, մամային չասես, որ ինձ հիվանդանոց են տարել: Ծերուկին կանչիր: Էլ չեմ դիմանում…
ԱՐԵՆ — Էստեղ ծերուկ չկա:
ՏՂԱ — (ծերունին կրկին հոլը պտտեցնում է): Եկա տուն… Պապ, տանը չէիր… Գլուխս ածիլեցի… Ծերունու խոսքերն ասես սոսնձվել էին ուղեղիս… Սրսկվել էի ուզում… Չկար… Հետո հիշեցի, որ ատրճանակդ ինձ մոտ է… Ինչ-որ մեկը հրամայեց. «Ի՞նչ ես կանգնել, վերցրու…»: Ի՞նչ էի զգում… Չէ, ցավ չէի զգում… Երևի ատելություն: Ատում էի ինձ, որ մարդ եմ… Այն բանի համար, որ վաղն էլ լսելով ինչ-որ մեկի տառապանքի մասին, երևի նույն բառերն ասեմ: Զենքի սառը փողը քսում էի ածիլած գլխիս: Հետո մատս տարա ձգանին… Չոր էր… Մատս պլոկվեց… Արյուն էր ուզում գար… Բայց չհասցրեց…
Կրակոց է լսվում: Գանգրահեր տղան մտովի, առանց ատրճանակից կրակելու ինքնասպան է եղել:
ԱՐԵՆ — Տղա՞ս… Տղաս… (Ցնցում է Գանգրահեր տղային:) Հիմար, հիմար… Ինչի՞ համար արեցիր… Ի՞նչդ է պակաս…
Խավար, կարմիր լույս: Գանգրահեր տղան և Պարկով ծերունին անհետացել են: Ինչ-որ մեկը պառկած է մահճակալին:
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Ներս է մտնում Գանգրահեր կինը: Մոտենում է մահճակալին, վերմակը քաշում: Արենը վեր է թռչում:
ԱՐԵՆ — Ի՞նչ է, ո՞վ է…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ԿԻՆ — (գունատ, վհատ տեսք ունի): Ես եմ… Ուրիշ ո՞վ պետք է լինի:
ԱՐԵՆ — Դո՞ւ… (Համբուրում է կնոջը:) Աչքերիս չեմ հավատում… Երազումս քեզ հետ կռվեցի:
ԿԻՆ — Գիժ… Սիգարետներդ բերել եմ: (Սիգարետի տուփը տալիս է Արենին:) Քնիդ մեջ գոռում էիր:
ԱՐԵՆ — Վախեցա՞ր:
ԿԻՆ — Չէ… Վատ երա՞զ էիր տեսնում:
ԱՐԵՆ — Ըհը… Քննիչ էր եկել, ուզում էր ինձ ձերբակալել:
ԿԻՆ — Ինչի՞ համար:
ԱՐԵՆ — Քեզ սպանելու…
ԿԻՆ — Ձերբակալե՞ց:
ԱՐԵՆ — Չէ… Պինդ բռնվիր՝ չընկնես: Պարզվեց՝ քննիչը մեր տղան է:
ԿԻՆ — Ի՞նչ տղա…
ԱՐԵՆ — (նորից գրկում է կնոջը): Ում պետք է ունենալ:
ԿԻՆ — (հազիվ է արցունքները զսպում): Ինչե՞ր ես հնարում… Ախր լավ գիտես, որ մենք այլևս երեխա չենք կարող ունենալ:
ԱՐԵՆ — Դո՞ւ ես որոշել:
ԿԻՆ — (արտասվելով): Արեն, ինձ տասը րոպե ժամանակ է մնացել:
ԱՐԵՆ — Ի՞նչ տասը րոպե…
ԿԻՆ — Տեր Աստված… Ինչո՞ւ իմ կյանքը էսպես դասավորվեց, ինչո՞ւ:
ԱՐԵՆ — (խիստ): Ի՞նչ ես ուզում անել:
ԿԻՆ — Ի՞նչ պետք է անեմ:
ԱՐԵՆ — (ծաղրով): Տասը րոպե ժամանա՜կ է մնացել… Վերջը որոշեցիր գնալ, հա՞:
ԿԻՆ — Գիտես, որ ուրիշ ելք չկա:
ԱՐԵՆ — Իսկ իմ մասին մտածե՞լ ես:
ԿԻՆ — Ի՞նչ պետք է անեի քեզ համար, որ չեմ արել: Ամեն ինչ վերջացավ: Տասը րոպե մնաց: Մի ամբողջ հավերժությունից միայն տասը րոպե…
ԱՐԵՆ — Բոլորդ փիլիսոփա եք դարձել:
ԿԻՆ — Երանի չէ՞ր… Արեն, քիչ է մնում խելքս թռցնեմ, իսկ դո՞ւ…
ԱՐԵՆ — Դու վաղուց ես խելքդ թռցրել: Գնա… Ձեռքդ բռնող չկա…
ԿԻՆ — Բայց դատարանը վճիռն արդեն կայացրել է:
ԱՐԵՆ — Ապրես… Շատ ապրես, առանց ինձ ասելու ապահարզանի դիմում ես տվել, հա՞:
ԿԻՆ — Չեմ հասկանում… Չեմ հասկանում, թե ինչո՞ւ ես ինձ հետ այդպես վարվում: Ուզում ես քեզ չխղճա՞մ:
ԱՐԵՆ — Ճիշտ ես, ինձ միայն պետք է խղճալ: Դռան տեղը, կարծում եմ, չես մոռացել:
Զանգի ձայն:
ԿԻՆ — (գրկում է Արենին, արտասվելով): Կանչում են… Արեն… Դու երբեք ինձ չես հասկացել, բայց ես քեզ միշտ կհիշեմ:
ԱՐԵՆ — Հերիք է լաց ու կոծ անես: Բարի ճանապարհ քեզ:
Զանգը հնչում է երկրորդ անգամ: Գանգրահեր կինը դեպի դուռն է գնում:
ԱՐԵՆ — Հա, չմոռանաս ծաղիկներդ վերցնել: Եթե չես ուզում, վերադարձրու Հովիկին:
Կինը ծաղկամանից հանում է փունջը: Լուսային տեսարանը փոխվում է: Արենը պատեպատ է խփվում, ապա բացում է դուռը: Շեմին կանգնած է Հովիկը: Դահճի կարմիր հագուստով է:
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ
ԱՐԵՆ — (սարսափած): Հովի՞կ…
ՀՈՎԻԿ — Ես եմ, ես:
ԱՐԵՆ — Որտեղի՞ց հայտնվեցիր:
ՀՈՎԻԿ — Այնտեղից: Թույլ կտա՞ս ներս մտնեմ:
ԱՐԵՆ — Կնոջս չտեսա՞ր, նոր դուրս եկավ:
ՀՈՎԻԿ — Էլի հարբե՞լ ես: Կինդ այստեղ չէր կարող լինել:
ԱՐԵՆ — (կոպերն է տրորում): Ահավոր երազ տեսա: Դու էլ կայիր իմ երազում: Ասացին՝ երկու տարի առաջ մեռել ես…
ՀՈՎԻԿ — Քեզ համար՝ այո:
ԱՐԵՆ — Ֆազ… Մի ամիս է՝ չենք հանդիպել: (Ուշադիր նայում է Հովիկին, ծիծաղում:) Էս ի՞նչ ես հագել… Չլինի՞ ուզում ես թատրոն խաղալ:
ՀՈՎԻԿ — Ձե՞ռ ես առնում…
ԱՐԵՆ — Բա մարդ էսպիսի հագուստով փողո՞ց դուրս կգա:
ՀՈՎԻԿ — Հա, որոշել եմ թատրոն խաղալ: Մի պիես կա քո մասին, գլխավոր դերն եմ խաղալու:
ԱՐԵՆ — Ո՞ւմ դերը…
ՀՈՎԻԿ – Համենայնդեպս, ոչ քո…
ԱՐԵՆ — Լսիր, քեզ անկեղծորեն սիրում եմ, բայց երբեմն էնպիսի բաներ ես անում, որ քիչ է մնում սպանեմ:
ՀՈՎԻԿ — Վերջինը քեզ մոտ լավ է ստացվում:
ԱՐԵՆ — Ինչո՞ւ ես եկել:
ՀՈՎԻԿ — Եկել եմ հրաժեշտ տալու:
ԱՐԵՆ — Պա՜հո… Գոնե շուտ ասեիր՝ պատրաստվեի:
ՀՈՎԻԿ — Հիմա էլ ուշ չէ: Պատրաստվիր, մենք տասը րոպե ժամանակ ունենք:
ԱՐԵՆ — Ո՞ւր ես գնում:
ՀՈՎԻԿ — Ոչ մի տեղ: Դու ես գնում:
ԱՐԵՆ — Չէ, դու լրիվ ես ցնդել: (Վերնազգեստն է հագնում:) Սուրճ ուզո՞ւմ ես:
ՀՈՎԻԿ — Հանգիստ եղիր, հինգ րոպեից ամեն ինչ պատրաստ կլինի:
ԱՐԵՆ — «Ամեն ինչ» ասելով ի՞նչ նկատի ունես:
ՀՈՎԻԿ — Ասում էի, չէ՞, հանգստացիր: Չլսեցիր: Գիտեի, որ մի օր կանգնելու ես պատի առաջ:
ԱՐԵՆ — Ի՞նչ պատ:
ՀՈՎԻԿ — (ծաղրով): Գնդակահարության:
ԱՐԵՆ — Խնդրում եմ, գնա: Գնա, վաղն արի: Այսօր ես ցնորվելու տրամադրություն չունեմ: Դուռն աջ կողմում է: (Ցույց է տալիս դուռը, ապա ապշահար շուրջբոլորն է նայում:) Որտե՞ղ եմ ես:
ՀՈՎԻԿ — Բանտում:
ԱՐԵՆ — Ի՞նչ բանտ:
ՀՈՎԻԿ — Սովորական: Հինգ րոպեից ընթրիքը կբերեն: Գիտես, որ գնդակահարությունից առաջ մահապարտին լավ կերակրում են:
ԱՐԵՆ — Չեմ հասկանում… Ես բանտո՞ւմ եմ: Էս ի՞նչ ճաղեր են: Աչքերս են հանում: Հովիկ… Դու մեռած չե՞ս…
ՀՈՎԻԿ — Ինչ տարբերություն՝ մեռա՞ծ եմ, թե՞ ողջ… Արեն, ինձ են հանձնարարել քո դատավճիռն ի կատար ածել:
ԱՐԵՆ — Ի՞նչ… Քե՞զ… (Բարձր ծիծաղում է:)
ՀՈՎԻԿ — Այո, ինձ: Պարզվեց՝ միայն դահիճն է ճշմարտությունն ասում:
ԱՐԵՆ — Դե, ի՞նչ ես կանգնել: Սպանի՛ր, ճշմարտախոս…
Դուռը ճռռալով բացվում է: Պարկով ծերունին ներս է մտնում, առանց ներկաների վրա ուշադրություն դարձնելու նստում է հատակին, պարկից հանում է հոլը, պտտեցնում:
ԱՐԵՆ — Ծերո՜ւկը… Սա ո՞վ է:
ՀՈՎԻԿ — Մեշոկ պապին: Մի ծիծաղիր… Նա գոյություն ունի մեր ենթագիտակցության մեջ: Այս ամբողջ պատմությունը նրա հորինվածքն է: Դու պետք է սպանես ծերուկին, որ ջնջես նրան քո ուղեղից…
ԱՐԵՆ — Սպանե՞մ…
ՀՈՎԻԿ — Հասկացիր, իրականում նա գոյություն չունի, բայց պղտորում է իրականությունը:
ԱՐԵՆ — Հասկանո՞ւմ ես, ի՛նչ ես ասում… Եթե շատ ես ուզում՝ ինքդ սպանիր: Դահի՛ճ:
ՀՈՎԻԿ — Դահի՞ճ… (Հոլի պտույտը դադարում է, Հովիկը միանգամից կերպարանափոխվում է, ձայնի ու տեսքի մեջ մեղմություն է նկատվում:) Ես այս բանտի քահանան եմ:
ԱՐԵՆ — Ի՞՜նչ…
ՀՈՎԻԿ — Դու մեղադրված ես… Եկա այստեղ, որ մահից առաջ մի քիչ զրուցենք:
ԱՐԵՆ — Բայց ես հանցանք չեմ գործել:
ՀՈՎԻԿ — Դեռ չեմ տեսել մի հանցագործ, ով հոժարակամ ընդուներ իր մեղքը:
ԱՐԵՆ — (մի պահ լռում է): Իսկ ինչպե՞ս ես վերջը պատկերացնում:
ՀՈՎԻԿ — Սովորական… Երբ քեզ տանեն մահապատժի, ես տուն կգնամ, ձեռքերս կլվանամ ու արևածաղիկ կչրթեմ:
ԱՐԵՆ — Եվ չե՞ս աղոթի իմ հոգու փրկության համար:
ՀՈՎԻԿ — Միևնույն է, չի լսի… Աստված երբեք աղոթելիս մեզ չի լսում:
ԱՐԵՆ — Ես ոչինչ չեմ հասկանում… Երևի սա է վերջը:
ՀՈՎԻԿ — Երևի… Երանի քեզ: Գնում ես… Քեզ համար փոփոխություն կկատարվի: Իսկ ես կմնամ միշտ մենակ, մի բուռ արևածաղկի հետ:
ԱՐԵՆ — Չգիտես ինչու հիմա հանգիստ եմ:
ՀՈՎԻԿ — Որովհետև քեզ առանց դատ ու դատաստանի են մահվան ուղարկում:
ԱՐԵՆ — Ուզում ես ասել, որ իմ վճիռը մարդկային օրենքներից դո՞ւրս է:
ՀՈՎԻԿ — Երևի…
ԱՐԵՆ — Դու նման չես մյուս քահանաներին: Լացակումած աղոթքներ չես ասում:
ՀՈՎԻԿ — Չէ, ասում եմ… Պարզապես լինում են պահեր, երբ վախից ու ամոթից մոռանում եմ ասելիքս:
Զանգի ձայն:
ԱՐԵՆ — Զանգի ձայն էր:
ՀՈՎԻԿ — Քեզ են կանչում:
ԱՐԵՆ — Գոնե ճանապարհը լա՞վն է:
ՀՈՎԻԿ — Չգիտեմ…
Հոլը պտտվում է, կինոն կրկին սկսվում է: Սպիտակ պաստառի վրա միայն պատ է երևում: Արենը դանդաղորեն հայտնվում է կադրի մեջ, կանգնում գնդակահարության պատի աոաջ… Լսվում է շեփորների ձայն, որին հաջորդում են լիցքավորվող հրացանների չխկոցները: Մի պահ լռություն է տիրում, հետո լսվում է կրակոց: Էկրանին պատկերված Արենը մեռած ընկնում է: Կարմիր լույս, խավար… Լուսանում է… Կինոն ավարտվել է: Սեղանի մոտ կանգնած են Հովիկը և սևազգեստ Գանգրահեր կինը: Աջ անկյունում կծկված նստած է Մեշոկ պապին: Ոչ ոք նրան չի տեսնում:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ԿԻՆ — Շնորհակալ եմ, որ եկար:
ՀՈՎԻԿ — Ինչպե՞ս կարող էի չգալ… Չէ՞ որ նա իմ ընկեր էր:
ԿԻՆ — Արենի մահից հետո շատերը երես թեքեցին ինձնից:
ՀՈՎԻԿ — Գիտե՞ս, այնպիսի զգացողություն ունեմ, ասես նրա մահվան մեջ ես եմ մեղավոր:
ԿԻՆ — Մի տանջիր քեզ… Ոչ ոք մեղավոր չէ: Հա, ամուսինս կտակ էր գրել, որտեղ քեզ վերաբերող կետ կա: Իրեր են… Չմոռանաս վերցնել:
ՀՈՎԻԿ — Ի՞նչ իրեր:
ԿԻՆ — Մի հոլ և արհեստական ծաղիկներով ծաղկեփունջ:
ՀՈՎԻԿ — Շնորհակալ եմ: Ե՞րբ է երեխան ծնվելու:
ԿԻՆ — Երևի մի շաբաթից: (Ժպտում է:)
Գանգրահեր կինն ու Հովիկը դուրս են գնում: Ծերունուց բացի բեմում ոչ ոք չկա: Ծերունին դանդաղ հոլը դնում է պարկի մեջ, նստում է հատակին, ծխախոտ է վառում:
ԾԵՐՈԻՆԻ — Հոգնեցի… (Հանդիսատեսին.) Գիտեմ, դուք էլ հոգնեցիք: Ի՞նչ եք այդպես նայում… Ես սովորական մարդ եմ: Ի՞նչ անենք, որ այսպիսի տեսք ունեմ: Կորստի ցավը ահավոր է… Երբ անտանելի է դառնում, մտովի փորձում ես ժամանակն ու տարածությունը կտրել-անցնել ու հայտնվել մի տեղ, որտեղ չէիր կարող լինել: Տեսնել մարդկանց, որոնք չէին կարող այդ տեղում լինել: Չմոռանամ ասել, որ այստեղ ոչինչ չկատարվեց, դուք ոչինչ չտեսաք: Այս պիեսը երբեք չի գրվի, հետևաբար չի բեմադրվի… Խելքը գլխին ոչ մի դրամատուրգ նման բան չի գրի, և ոչ մի ճշմարիտ բեմադրիչ այդպիսի ցնդաբանություն չի բեմադրի… Էլ չեմ խոսում դերասանների մասին… Իսկ եթե փորձեք ձեր ուղեղում բեմադրել, չմոռանաք նշել ձեր ցավի մետաստազների մասին: Հա՞… չմոռանաք… (Հոլի լույսը պտտվում է:)
Վարագույրը չի փակվում, քանի որ ոչ մի ներկայացում էլ չի խաղացվել: