Արթուր ԷԴԱՐ / «ՀՈԳԵՎԱՐՔ»
Արթուր ԷԴԱՐԻ «ՀՈԳԵՎԱՐՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում
ՀՈԳԵՎԱՐՔ
Անավարտ դրամա, որ կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ
Գործող անձինք
ԱՂՋԻԿ
ՏՂԱ
ԱՆԾԱՆՈԹ
Գործողության վայրը ցանկացած քաղաքի ցանկացած ավտոբուսային կանգառ է: Որն, իհարկե, ծածկ ունի:
Միանգամից բռնկված ամպրոպ: Կայծակ է, որոտ: Տեղատարափ անձրև է գալիս: Երիտասարդ զույգը վազում և մտնում է կանգառի ծածկի տակ:
ՏՂԱ — (իրենց գլխավերևում պահած բաճկոնը թափ տալով): Ա՛յ քեզ տեղատարափ… Եվ ինչ թունդ մթնեց: Վայրկյան էլ չանցավ, պայծառ արև էր ու… ա՛ռ քեզ:
ԱՂՋԻԿ — Հենց խոսք բացիր մեր պսակադրության մասին՝ երկինքն ըմբոստացավ քո դեմ:
ՏՂԱ — Դե լա՜վ, լա՜վ: Ի՞նչ կապ ունի այստեղ երկինքը: Պարզապես սովորական ամպրոպ է՝ սովորական դրսևորումներով:
ԱՂՋԻԿ – Լա՛վ, իսկ ինչպե՞ս կբացատրես, որ այս ծածկի տակ հայտվեցինք միայն ես ու դու: Չէ՞ որ փողոցը լիքն էր մարդկանցով: Ո՞ւր կորան, որտե՞ղ են պատսպարվում անձրևից:
ՏՂԱ — Դե՜… գիտե՞ս… (Շփոթահար նայում է չորսբոլորը:) Սա, ըստ երևույթին… (Գյուտ արածի պես:) Դու այնքան էլ ճիշտ չես: (Ցույց տալով ինչ-որ մի ուղղությամբ:) Այ, տեսնո՞ւմ ես, ինչ-որ մեկը կա փողոցում և քայլում է այս ուղղությամբ:
ԱՂՋԻԿ — (Տղայի մատնանշած ուղղությամբ նայելուց հետո, մտազբաղ): Տարօրինակ է, որ նա անջրաթափանցիկ վերարկուով է և անձրևանոցով:
ՏՂԱ — Իսկ ինչպե՞ս կհրամայեիք, որ նորմալ մարդը ման գար անձրևի տակ, սպորտային անդրավարտիքո՞վ:
ԱՂՋԻԿ — Իսկ նա, ի՞նչ է, գիտեր, որ անձրև՞ է գալու:
ՏՂԱ — Երևի առավոտյան եղանակի տեսություն է լսել, կամ… օդերևութաբանական ծառայության աշխատակի՞ց է:
ԱՂՋԻԿ — Ինչ-որ նման չէ՛…
ՏՂԱ — Դու ընդունակ ես առաջին հայացքից տարբերել օդերևութաբանին անվտանգության աշխատակցի՞ց:
ԱՂՋԻԿ — Վերջինին նա շատ ավելի է նման, քան փուչիկներ թռցնողի:
ՏՂԱ — (փորձելով կատակի տալ): Լսիր, դու առավոտյան ո՞ր ոտքի վրա ես վեր կացել:
ԱՂՋԻԿ — Իսկ ակնո՞ցը: Ինչո՞ւ այս եղանակին արևի ակնոց է կրում:
ՏՂԱ — Սիրելիս, յուրաքանչյուր ոք իրավունք ունի կրել այն, ինչ ուզում է: Չեմ հասկանում, թե ի՞նչն է քեզ այդքան զարմացնում:
ԱՂՋԻԿ — Լավ, լռի՛ր: Նա մեր կողմն է գալիս:
Բեմ է մտնում բարձրահասակ տղամարդ, ճիշտ այնպիսին, ինչպիսին նրան նկարագրել էր Աղջիկը: Փոքր-ինչ անվստահ քայլերով առաջանում է բեմում՝ հայացքով ինչ-որ բան փնտրելով: Շրջանցելով կանգառը, կանգ է առնում, շրջվում դեպի Տղան ու Աղջիկը:
ԱՆԾԱՆՈԹ — (հանդարտ, փոքր-ինչ անհամարձակ տոնով): Ներեցեք, սա ավտոբուսի կանգա՞ռն է:
ՏՂԱ — Ա-յո՛:
ԱՆԾԱՆՈԹ — Վերջի՞ն կանգառը:
ՏՂԱ — Այո:
ԱՆԾԱՆՈԹ — Հոգաչափ շնորհակալ եմ: Թույլ կտա՞ք…
ՏՂԱ — (փութով): Խնդրեմ, խնդրե՛մ… Աշխարհն ամենքիս է հավասար:
Անծանոթը մտնում է ծածկի տակ, փակում անձրևանոցը և զույգ ձեռքերով հենվելով նրա վրա՝ անհարմար դիրքով կանգնում է: Լռություն է: Լսվում է միայն ամպրոպի ձայնը: Տղան ու Աղջիկը գաղտագողի ուսումնասիրում են Անծանոթին: Վերջինս փորձելով զսպել իր հուզմունքը, մերթ ընդ մերթ նայում է Տղայի ու Աղջկա կողմը:
ԱՆԾԱՆՈԹ — Ներեցեք… ժամը քանի՞սն է:
ՏՂԱ — (փոքր-ինչ թշնամաբար): Իսկ ինչո՞ւ եք այդ հարցով մե՛զ դիմում: Ինչպես հասցրի նկատել, ձեր աջ ձեռքին ժամացույց կա:
ԱՆԾԱՆՈԹ — (անակնկալի եկած): Ա՜, սա՞… Հուզված եմ և կորցրել եմ այս սարքից գլուխ հանելու հմտությունը:
ՏՂԱ — Այնպես եք մտահոգվել, կարծես խոսքը ոչ թե ժամացույցի, այլ համակարգչի մասին է:
ԱՂՋԻԿ — (նայելով իր ժամացույցին): Երեքն անց է վեց րոպե:
ԱՆԾԱՆՈԹ — Ներեցեք, ցերեկվա՞:
ԱՂՋԻԿ — Ճիշտն ասած, սկսում եմ կասկածել, թե հիմա ցերեկ է: Բայց դա այդպես է: Այո, ցերեկվա:
ԱՆԾԱՆՈԹ — Անչափ շնորհակալ եմ:
Նույն դադարն է, ինչ քիչ առաջ:
ԱՆԾԱՆՈԹ — Ներեցեք անհամեստությանս համար, ես իսկապես հուզված եմ… և… ոչ մի կերպ չեմ կարողանում գլխի ընկնել, թե ձեզանից ո՞րն է տղան և ո՞րը՝ աղջիկը:
ՏՂԱ — (Աղջկան): Չէ՛, դու իրավացի էիր: Այս տիպն այլմոլորակային է: (Անծանոթին.) Լսեք, եթե շարունակեք անհեթեթ հարցեր տալ, մենք ձեզ հաստատ չենք ների… Հերիք չէ խցկվեցիք մեր ծածկի տակ, դեռ մի բան էլ ներվերիս հետ եք խաղում:
ԱՆԾԱՆՈԹ — Բայց չէ՞ որ ինքներդ ասացիք, թե աշխարհն ամենքինս է հավասար:
ՏՂԱ — Իսկ դուք չգիտե՞ք, որ դա ես չեմ ասել, որ դա… մի խոսքով, ձեզ ի՞նչ է պետք:
ԱՆԾԱՆՈԹ — Ներեցեք… եթե ասեք, թե… ձեզանից ո՞վ է տղան և ո՞վ՝ աղջիկը:
ՏՂԱ — Իսկ ձեզ, «պարոն ներեցեք», ուրիշ բան չի՞ հետաքրքրում: Դե, ասենք, մեր դրամապանակները…
ԱՂՋԻԿ — Տղան նա է, ես՝ աղջիկը:
ԱՆԾԱՆՈԹ — Օ՜հ, շնորհակալություն Դուք իսկապես շատ բարի եք: Գիտե՞ք, ինձ նախազգուշացրել էին, որ այցս այնքան էլ չի ոգևորի ձեզ, և հնարավոր անցանկալի միջադեպերից խուսափելու համար խորհուրդ էին տվել շատ… շա՜տ… Ինչևէ, ես ուրախ եմ, որ մեզ հաջողվում է ընդհանուր լեզու գտնել:
ՏՂԱ — Մե՞զ… Չեմ հասկանում, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել մեր ու ձեր միջև: Եվ հետո, ովքե՞ր և ի՞նչ խորհուրդներ են տվել ձեզ և ի՞նչ կապ կա, գրողը տանի, մե՛ր, ձե՛ր և նրա՛նց միջև:
ԱՆԾԱՆՈԹ — Հասկանո՞ւմ եք… Բանն այն է, որ դուք… ը՜, ինչպե՞ս ասեմ:
ՏՂԱ — Հենց այդպես էլ խոսեք, պարզ, մարդկային լեզվով, իսկ մենք, այլմոլորակայիններս, մի կերպ կհասկանանք ձեզ:
ԱՂՋԻԿ — Դուք, ավելի ճիշտ կլինի, չհուզվեք: Հավաքեք ձեր մտքերը և հետո նոր միայն մեզ կասեք այն, ինչ պատրաստվում եք ասել, լա՞վ:
ԱՆԾԱՆՈԹ — Շնորհակալ եմ: Դուք շատ բարի եք իմ համեստ անձի հանդեպ:
ՏՂԱ — Միայն ա՛յդ էր պակաս, որ հարսնացուիս առաջ ծռմռվեիք ու ձեզ հրեշտակ երևակայեիք:
ԱՆԾԱՆՈԹ — Ներեցեք անհամեստությանս համար, բայց ես իսկապես Հրեշտակ եմ:
ՏՂԱ — Ինչ ասացի՞ք…
ԱՆԾԱՆՈԹ — Որ ես… Հրեշտակ եմ:
ՏՂԱ — Իսկ ես Հռոմի պապն եմ… Շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, բայց հիմա հետճաշյա հանգստի ժամ է և խոնարհաբար խնդրում եմ պատվել ձեր բացակայությամբ:
ԱՆԾԱՆՈԹ — Հասկանում եմ ձեզ: Նրանք այդպես էլ ասացին, որ առաջին տպավորությունը նյարդայնացնող է և մեծ անհանգստություն է պատճառում:
ՏՂԱ – Կրկի՛ն նրանք: Իսկ դո՞ւք: Ո՞վ եք դուք: Մեզ գոնե կասե՞ք ձեր անունը: Կասե՞ք, թե «հրեշտակությունից» բացի է՞լ ինչով եք զբաղվում…
ԱՆԾԱՆՈԹ — Արդեն ասացի: Ես Հրեշտակ եմ: Ավելի ստույգ… Միայն խնդրում եմ, վատ բան չմտածեք, որովհետև ձեզանից մեկի համար ամեն ինչ դեռ վերջացած չէ՛:
ՏՂԱ — (համբերությունը հատած): Չէ, երևում է, որ առանց ֆիզիկական միջամտության այս տիպը մեզ հանգիստ չի՜ թողնի…
ԱՂՋԻԿ – Սպասի՛ր: Խնդրում եմ: Հասկանո՞ւմ ես, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Թող, ե՛ս հետը խոսեմ:
ՏՂԱ — (բորբոքված): Չեմ հասկանում… Ո՞վ է նա… Հապա մի նրա դեմքին նայիր, կարծես ֆիլմից դուրս պրծած մոլագար կամ արվամոլ լինի: (Անծանոթին՝ ծաղրով:) Հա՞, հրեշտակս, ես ճիշտ եմ, այո՞: Երևի քո դուրը շա՜տ եմ եկել, հա՞… Միայն ափսոս, որ հարսնացուս է կողքիս…
ԱՂՋԻԿ – Լռի՛ր, ի սեր Աստծո: Դու հասկանո՞ւմ ես, որ վիրավորում ես նրան:
ՏՂԱ — Ինչպե՞ս… Վիրավորո՞ւմ… Չեմ հասկանում, հիմա մեզնից ո՞վ է քո փեսացուն՝ ե՞ս, թե՞ նա:
ԱՂՋԻԿ – Դո՛ւ: Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ: Բայց թույլ տուր հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում մեզ հետ:
ԱՆԾԱՆՈԹ — Ձեր հարսնացուն ոչ միայն բարի է, այլև առողջ դատողություն ունի:
ՏՂԱ — (հուսահատ): Չէ, նա իսկական աննորմալ է, աննորմալ…
ԱՂՋԻԿ — (Տղային): Մի՛ վիրավորիր նրան: Չէ՞ որ դեռ չգիտես, թե ով է նա:
ՏՂԱ — Ինձ համար միևնույն է…
ԱՂՋԻԿ – Ո՛չ, իրավացի չես: Միևնույնը լինել չի կարող, այս մարդու ներկայությունն արդեն իրողություն է մեր կյանքում, և չգիտենք, թե ապագայում ինչ նշանակություն է ունենալու մեզ համար:
ԱՆԾԱՆՈԹ — Տրամաբանական է:
ՏՂԱ — Այո, իհա՛րկե: Շա՛տ է տրամաբանական: Իսկ հաջորդ եզրահանգումը, ըստ ամենայնի, կլինի հետևյալը՝ երրորդն ավելորդ է:
ԱՂՋԻԿ — Դու վիրավորում ես ինձ:
ԱՆԾԱՆՈԹ — (Աղջկան): Անկեղծ ասած, խիստ ցավում եմ, բայց նա միանգամայն ճիշտ կռահեց դեպքերի ընթացքը: Այո, ձեզնից մեկն ավելորդ է և պիտի հեռանա:
ԱՂՋԻԿ — Ինչպե՞ս: Ինչպե՞ս թե մեզնից մեկը պիտի հեռանա…
ՏՂԱ – Ասացի, չէ՞, ասացի, որ նրա աչքն իմ…
ԱՂՋԻԿ — Սպասիր… Լռի՛ր, խնդրում եմ: (Անծանոթին.) Լսե՜ք, անծանոթ պարոն, դուք կարո՞ղ եք քիչ թե շատ հասկանալի բացատրել, թե ո՞վ եք դուք և ի՞նչ է ձեր ուզածը:
ԱՆԾԱՆՈԹ — Ես փորձում եմ, մինչդեռ ձեր փեսացուն խանգարում է:
ԱՂՋԻԿ — Նա այլևս չի՛ խոսի: (Տղային.) ճիշտ է, չէ՞, դու ո՛չ մի բառ չես ասի, մինչև այս անծանոթ պարոնը բացատրություն չտա: (Տղան ցուցադրաբար քաշվում է մի կողմ:) Դե ահա, նա այլևս ձեզ չի խանգարի: Եվ այսպե՞ս…
ԱՆԾԱՆՈԹ — (կրկին սկսում է հուզվել): Բարի… Արդեն ձեզ ասել եմ, ես Հրեշտակ եմ:
Բայց… այլ կարգի հրեշտակ:
ԱՂՋԻԿ — Լավ, ընդունեցի՝ դուք հրեշտակ եք: Բայց բացատրեք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում «այլ կարգի»:
ԱՆԾԱՆՈԹ — Դե՜… Ես Մահվան հրեշտակ եմ: (Տղան բարձր ծիծաղում է:) Այո՛, այո՛, Մահվան հրեշտակ: (Տղային.) Ծիծաղելի ոչինչ չկա, նույնը կլիներ, եթե ես ծիծաղեի ձեզ վրա միայն այն բանի համար, որ դուք մարդ եք:
ԱՂՋԻԿ — Խնդրում եմ, ուշք մի դարձրեք նրա վրա: Ես ուշադիր լսում եմ ձեզ:
ԱՆԾԱՆՈԹ — Այսպես, ուրեմն… Միայն խնդրում եմ չհուզվեք…
ԱՂՋԻԿ — Ես համակ ուշադրություն եմ և վստահեցնում եմ, որ ոչ մի դեպքում չեմ կորցնելու հավասարակշռությունս:
ԱՆԾԱՆՈԹ — Ձեր արիությունն իսկապես հիացնում է ինձ… Դա, իհարկե, մեր խնդրի հետ որևէ կապ չունի, բայց ես անկեղծորեն կուզենայի, որ վերջում հեռացողը դուք լինեիք:
ՏՂԱ — (ծիծաղելով): Դե ահա, խնդրե՜մ:
ԱՂՋԻԿ – Սպասի՛ր: (Անծանոթին.) Խնդրում եմ, խոսեք ըստ էության, լա՞վ:
ԱՆԾԱՆՈԹ — Ըստ էության… Ըստ էության: Ի՜նչ գեղեցիկ է հնչում՝ «Ըստ էության»…
ԱՂՋԻԿ – Մի՛ շեղվեք, խնդրում եմ…
ԱՆԾԱՆՈԹ — (սթափվերւվ): Այսպես ուրեմն: Երկուսիդ պիտի հայտնեմ հետևյալը… ԱՂՋԻԿ – Հը՞… Դե ասե՛ք: Ես լսո՛ւմ եմ…
ԱՆԾԱՆՈԹ — (արդեն վճռական): Դուք կայծակնահար եք եղել: Երկուսդ էլ: Եվ հիմա հոգեվարքի մեջ եք: Սակայն մահանալու է ձեզնից մեկը: Ինձ ուղարկել են ձեզնից մեկին տանելու, իսկ մյուսը կվերադառնա իր աշխարհը:
Լռություն է տիրում: Աղջիկը փորձում է ընկալել լսածը: Տղան մոտենում, զննում է նրա անհաղորդ դեմքը: Անծանոթը նման է մոմե արձանի, կույրի սև ակնոցը նրան դարձրել է «անխոցելի»:
ՏՂԱ — Ներիր, եղբայր, իրոք քո մասին վատ կարծիքի էի: Իսկ դու, պարզվում է, սովորական երազող ես…
ԱՆԾԱՆՈԹ — (նույն հանգիստ տոնով): Ներիր, եղբայր, բայց ես ճշմարտությունն ասացի, և ձեզնից մեկը պիտի հեռանա իր աշխարհը:
ՏՂԱ — Ուզում ես ասել՝ շարունակի ապրե՞լ…
ԱՆԾԱՆՈԹ — Դու ինձ ճիշտ հասկացար:
ՏՂԱ – Հանի՛ր ակնոցդ:
ԱՆԾԱՆՈԹ — Ինչո՞ւ:
ՏՂԱ — Ուզում եմ աչքերդ տեսնել:
ԱՆԾԱՆՈԹ — Ես աչքեր չունեմ:
ՏՂԱ — (հիստերիկ): Ցնդաբանությո՛ւն…
ԱՆԾԱՆՈԹ — Ես ճշմարտությունն ասացի:
ՏՂԱ — Այդպես չի՛ լինում: Դեռ ոչ մի անգամ, օրը ցերեկով և այն էլ ավտոբուսի կանգառում Մահվան հրեշտակի չե՛մ հանդիպել:
ԱՆԾԱՆՈԹ — Իրավացի ես: Ձեր աշխարհում մենք չկանք:
ՏՂԱ — Իսկ սա քո աշխա՞րհն է, հա՞… Գուցե այս կանգառն է՞լ է քոնը, այս անձրևն է՞լ, հա՞…
ԱՆԾԱՆՈԹ — Ոչ, սա իմ աշխարհը չէ:
ՏՂԱ — Հապա ի՞նչ աշխարհ է սա, ի՞նչ…
ԱՂՋԻԿ — Իսկապես անհասկանալի է: Գուցե փորձեք բացատրել, թե մենք որտե՞ղ ենք գտնվում… եթե, իհարկե, մեր աշխարհում չենք, ինչպես դուք եք ասում…
ԱՆԾԱՆՈԹ — Սրան մենք անվանում ենք «Կերպափոխման» գոտի: Այն ընկած է ձեր և Մահվան աշխարհի միջև: Եվ գոյություն ունի զուգահեռաբար ձեր աշխարհի հետ: Ուղղակի այն իր տարածական և ժամանակային չափորոշիչներով ապրողների համար շոշափելի չէ: Հոգեվարքից մինչև Հոգու լիակատար ազատագրում նախկին մարդիկդ ապրում եք այս գոտում:
ԱՂՋԻԿ — Ենթադրենք: Իսկ հետո՞: Հետո՞ ինչ է լինում մեզ հետ:
ԱՆԾԱՆՈԹ — Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ: Իմ գործը ձեզնից որևէ մեկի հոգին մինչև Մահվան աշխարհի շեմը հասցնելն է:
ԱՂՋԻԿ — Իսկ թե ինչ է կատարվում հետո, տեղեկություն չունե՞ք:
ԱՆԾԱՆՈԹ — Հավատացեք, ձեր բարեկրթությանը ես պատասխանում եմ ամենայն ազնվությամբ: Չգիտե՛մ:
ՏՂԱ — (նմանակում է): «Ձեր բարեկրթությանը ես պատասխանում եմ ամենայն ազնվությամբ»… Լսի՛ր, եթե դու, հարգարժան հրեշտակ, դերասան ես և թաքնված տեսախցիկով նկարահանումներ ես անում, բավ է, հասար քո նպատակին: Դու իրոք անզուգակա՜ն էիր… Դե՞, որտե՞ղ է տեսախցիկը, ցույց տուր, հետո իրար ձեռք կսեղմենք, ողջույններ ու օդային համբույրներ կուղարկենք, և վե՛րջ… Դե՞… Ո՞ւր է քո տեսախցիկը: (Հայացքով փետրելով անորոշության մեջ:) Այո՛, այո՛, ձեր դերասանն անզուգական խաղաց իր դերը, մենք նույնիսկ հավատացինք նրան: Այո՜…
ԱՂՋԻԿ – Վե՛րջ տուր ծամածռվելուն… Մի՞թե չես հասկանում, որ նա չի խաղում:
ՏՂԱ — Ասում ես՝ չի՞ խաղում: (Անծանոթին.) Հապա, եղբայր, հանիր ակնոցդ ու այս միամիտ աղջկան ասա, որ քո արածն ընդամենը չար կատակ էր, որ դու ընդամենը ձևացրել ես… Հանի՛ր ակնոցդ: (Աղջկան.) Այ, հիմա կտեսնես, որ մենք նույնիսկ ծանոթներ դուրս կգանք: Ես այդ լկստված դերասաններից շատերի հետ ծանոթ լինելու պատիվը (Կտտացնելով կոկորդին.) ունեցել եմ: (Անծանոթին.) Հապա՞…
Դադար: Լռություն է: Լսվում է միայն անձրևի ձայնը: Անծանոթը դանդաղ հանում է ակնոցը: Աչքեր չունի:
ՏՂԱ — Դու, ինչ է, ուզում ես մեզ խելագարությա՞ն հասցնել…
ԱՂՋԻԿ — (գրկելով Տղային): Հանգստացիր, խնդրում եմ: Նա չի կատակում: Նա իրոք Մահվան հրեշտակն է:
Կրկին դադար: Լռություն է: Միայն անձրևի ձայն: Անծանոթն անշտապ դնում է ակնոցը:
ՏՂԱ — Եվ ի՞նչ է լինելու…
ԱՂՋԻԿ — (զուսպ անհանգստությամբ): Սպասելու ենք: Մեզնից ո՞ւմ կտանի Մահվան հրեշտակը, ո՞վ կմահանա, ո՞վ կշարունակի ապրել…
ՏՂԱ — Ուրեմն մենք դեռ ո՞ղջ ենք…
ԱՂՋԻԿ — Հոգեվարքի մեջ… (Անծանոթին.) Դուք իսկապե՞ս մեզնից մեկին տանելու եք…
ԱՆԾԱՆՈԹ — Անկեղծ ասած, ըըը… Ըստ էության՝ այո:
ԱՂՋԻԿ — Դե վե՛րջ տվեք կոտրատվելուն, մեզնից մեկը մահանալո՞ւ է…
ԱՆԾԱՆՈԹ – Այո՛:
ԱՂՋԻԿ — Եվ ո՞վ:
ԱՆԾԱՆՈԹ — Ըըը…
ԱՂՋԻԿ — Աստծո սիրուն, համարձակ եղեք, ո՞վ…
ԱՆԾԱՆՈԹ — Տղան… կամ Աղջիկը…
ՏՂԱ — Ինչպե՞ս թե… Տղան… կամ Աղջիկը:
ԱՂՋԻԿ – Գրո՛ղը տանի, կոնկրետ ո՞վ: (Անցնելով «դու»-ի.) Ո՞ւմ ես դու տանելու, ո՞ւմ…
ԱՆԾԱՆՈԹ — Ես… Ես չգիտեմ…
ԱՂՋԻԿ — Ինչպե՞ս թե՝ չգիտեմ… Չէ՞ որ քիչ առաջ ասացիր, թե եկել ես մեզնից մեկին տանելու…
ԱՆԾԱՆՈԹ — Այո… Բայց ես… չեմ հիշում… մոռացել եմ…
ԱՂՋԻԿ — Ի՞նչն ես մոռացել, ի՞նչը…
ԱՆԾԱՆՈԹ — (հանում է ակնոցը, սրբում, նորից դնում տեղը): Ես մոռացել եմ… թե… ձեզնից ո՛ր մեկիդ հոգին էի տանելու Մահվան աշխարհը…
Տղան ու Աղջիկն քարացել են: Անձրևն արդեն կտրվել է: Քար լռության մեջ լսվում են միայն մելամաղձոտ կաթկթոցներ: Մթություն: