Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԱՐՈՒՍ ԱՍՐՅԱՆԻ «ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ»
Նրան հիշելիս ես մտովի փոխադրվում եմ այն շեն ու լի տունը, ուր փոքրիկ «պճեղ մը անուշ սիրտ» կինը ներս մտնողին անմիջապես մատուցում էր սև, մեծ թթի բացառիկ համի ու բուրմունքի օշարակը և ապա ցույց տալիս տիկնիկները, որ բազմած էին ամենուր, իսկ ամենից շատ՝ սև, մեծ ռոյալի վրա: Տարբեր ծագերի ու ցեղերի, որ տիկնիկները հատուկ Վարդան Աճեմյանին բերում էին նրա ծանոթ-բարեկամները, երկրպագուները…
Նկատված իրողություն է, որ մարդն իր կյանքի վերջում ի մի է բերում ապրածը և ցանկանում է ապրողներին ասել, թողնել մի բան, որն իր կարծիքով, անհրաժեշտ է, կարևոր: Դա մենք կոչում ենք «պատգամ» կամ «կարապի երգ»: Այդպիսին եղավ և մեր ամենասիրված դերասանուհիներից մեկի՝ Արուս Ասրյանի վերջին խոսքն արվեստում: Եվ որքան էլ զարմանալի, այդ խոսքն ասվեց ոչ թե թատրոնում, այլ երկնագույն էկրանում, մի բնագավառ, որից փախչելո՜վ փախչում էր նա, բազմիցս արված առաջարկներին մի պատասխան տալով.
- Վախենում եմ…
Այս «վախը» նրա մեջ մտել էր 1958 թվականից, երբ իր խաղընկերների՝ Ավետ Ավետիսյանի և Մետաքսյա Սիմոնյանի հետ պատրաստում էին փոքր էկրանում ժամանակակից կյանքից ստեղծված առաջին ինքնուրույն՝ «Պատվախնդիր մարդիկ» պիեսը (հեղ.՝ Վլադիմիր Հարությունյան): Ու թեև զվարթ այդ կատակը սիրով խաղացվեց և սիրով ընդունվեց, սակայն այդ օրվանից Ասրյանը վճռեց «մոռանալ Նորքի ճամփան»: Եվ խոսքը պահեց: Խախտեց միայն այն ժամանակ, երբ 80-ին էր մոտենում: Ըստ երևույթին, բոլոր արվեստագետների պես, նա ևս եկել էր այն համոզման, որ դերասանի վաղանցուկ բեմական ստեղծագործության միակ պահպանողը ժապավենն է:
Ասենք, որ մինչ այդ արդեն մի քանի տարի նա ստեղծագործական ամլություն էր ապրում: Թերևս նրան պահողը Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահից» Մամիկի հաջողությունն էր: Որոշել էր դիմել նույն հեղինակին: Այսպես ծնվեց «Օր առանց մայրամուտի» պիեսը, ուր մամիկի կյանքը շարունակվում էր մեր ժողովրդի համար ծանր՝ մեծ Հայրենականի տարիներին: Ասրյանի Մամիկը էկրանում (ռեժ.՝ Հրաչյա Աշուղյան) դարձավ մեր ժողովրդի գոյատևման խորհրդի ու կենսաստեղծ ոգու արտահայտությունը և որովհետև կերտված էր վարպետորեն հուզական ու խոհական նկարագրի երանելի նժարումով, դերասանուհուն հատուկ անթառամ ջահելությամբ ու գերող անմիջականությամբ, ջերմ ընդունելություն գտավ հեռուստադիտողի մոտ և մամուլում: Զուր էր կարծում դերասանուհին, թե դա իր վերջին խոսքն է արվեստում, բնությունը նրան ավելի երկար կյանք էր շնորհել… Կրկին վճռեց դիմել Զարզանդ Դարյանին:
Գրողի և դերասանուհու համագործակցությունից ծնվեց «Ճակատագիր» դրամատիկական պատկերը: Ժանրի զանցառում չկար, այն ուներ էկրանի դրամատիկական ստեղծագործության անհրաժեշտ տարրեր, թեև ձևով մենախոսություն էր:
Ասենք, որ նման բան մեր երկրում մինչ այդ, մեկ անգամ էր արվել, երբ կենտրոնական հեռուստատեսությունում Վլադիմիր Ռեցեպտերը ներկայացնում էր Ստեֆան Ցվեյգի «Շախմատային նովելը»: Մեն-մենակ նա խաղում էր շախմատային հակառակորդներին՝ անձնավորելով մարդկային հակադիր էությունները: Թերևս ինչ-որ չափով այս փորձին մոտենում էր Բորիս Բաբոչկինի «Տխուր պատմությունը» (ըստ Ա. Չեխովի համանուն պատմվածքի): Բոլոր դեպքերում համեմատությունը հայ դերասանուհու օգտին է, որովհետև այստեղ գործ ունենք պոլիֆոնիկ ու բարդ կառույցով, գույների բազմազանությամբ, անձնավորման ու լուծման բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացված ստեղծագործության հետ: Եվ եթե ներքին մի բան մղում է գրիչ վերցնել ու գրել այդ մասին, ապա դա ոչ միայն բեմի երախտավորի վերջին ստեղծագործությունը գնահատելու և արարման անկրկնելի պահերը մոռացումից փրկելու համար, այլև հանգամանորեն գնահատելու էկրանի ստեղծագործական հնարավորություների բացահայտման ու լուծման այդ բացառիկ պատեհությունը, որը թերևս իր տեսակի մեջ եղավ ու մնաց միայն մեր էկրանի հարստությունը:
Ասացինք, որ գրողի ու դերասանուհու համագործակցությունից էր ծնվել այս վերջին՝ «Ճակատագիրը»: Բայց դյուրին չեղավ Արուս Ասրյանին ստուդիա տեսագրման տանելը: Սա չենք ուզում աննկատ թողնել, որովհետև սրա մեջ պարզումեկին ցոլանում է պատկառելի, սիրված դերասանուհու նկարագիրը, անօրինակ համեստությունը: Անցնում էին ամիսները, և շարունակ խախտվում էին ռեժիսոր Հրաչյա Աշուղյանի և խմբագրության պլան-ժամկետները: Այնժամ ռեժիսորը որոշեց խորամանկության դիմել, բացատրել, թե նախքան տեսագրումը մեկ անգամ պետք է փորձ անել «տեխնիկայի հետ»: Իսկ մարդիկ ու տեխնիկան կազմ ու պատրաստ սպասում էին: Եվ մանկորեն դյուրահավատ այդ կինն իր 80-ամյա բարձունքից մանկորեն խաբվեց, իբրև փորձ անկաշկանդ սկսեց ու ծայրեծայր գնաց ամբողջը… Իհարկե, վերջում պարզվեց «դավադրությունը», բայց արդեն ուշ էր: Արուս Ասրյանը ճառագայթում էր. կարևորն այն էր, որ ինչպես նա խոստովանեց, «պատանքը պատռեց»: Կարծում էր, թե չի դիմանա բարձր հզորության լուսարձակներին ու նրանց տակ էլ կմնա… Տեսագրման գալը նրա համար հրաժեշտի համազոր էր լինելու… Հաղորդումը եթեր տալուց հետո դերասանուհու վրա սկսեց տեղալ հեռախոսազանգերի իսկական տարափ: Բոլորն Ասրյանին շնորհավորում էին ու խոսում նրա արվեստի կենսունակության մասին: Հիրավի, մինչ թվում էր, տանը ներփակված դերասանուհուն ոչ ոք այլևս չի տեսնի, և հանկարծ նման շռայլ անակնկալ: Պատահական չէր, որ երկար ժամանակ ամենուր՝ փողոցում ու տրանսպորտում այդ մասին էին խոսում, չտեսնողներին զգուշացնում՝ ուշադիր լինել ու կրկնելիս անպայման դիտել, որովհետև դա իսկական հայ կնոջ կենսագրություն է, ճակատագիր: Իսկ էկրանի մասնագետների համար դա յուրօրինակ հայտնագործություն էր, որ դուռ էր բացել գրական թատրոնի և էկրանում՝ դերասանի ինքնարտահայտման նոր ու շռայլ հնարավորությունների համար:
Էկրանում հեղինակի ու վերնագրի ծանուցումից հետո հայտնվում է սիրելի դերասանուհու սիրելի դեմքը մտերմիկ, հանդարտ, սովոր սանրվածքով, համեստ ու ճաշակով հագուստով:
«Բարև ձեզ, ժողովուրդ»,- այնքան զվարթ ու անսեթևեթ բան կա այս դիմումի մեջ, որ անմիջապես անտես մի լար է նետում էկրանից այս կողմ, ուր հեռուստադիտողը դժվար թե շոյված չընդունի հրավերը: Պարզ մի արտահայտությամբ նա իրականացնում է էկրանի հոգեբանական տարածքի խնդիրը, դիտողին տրամադրում իր հետ զրույցի՝ խոստովանության եկած կնոջ հանդեպ: Հոգեբանական այս արդյունքին հասնելու համար շատ հաճախ անզոր է լինում և գեղեցիկ դեմքը, և պերճ խոսքը: Ասում են, որ դրա համար անբացատրելի նկարագիր պետք է ունենալ, վեցերորդ զգայարան և «ներքին ալիքներ»: Այն, որ 40 րոպե հեռուստադիտողը գամված տեղում հետևում, հուզվում, բերկրում էր «Ուսեփանց աղջկա» ճակատագրով, նշանակում է, որ դերասանուհին կարողացել էր հեռուստադիտողին դարձնել իր խոհակիցը, բարեկամը, սա ամենակարևորն է: Դե ինչպե՞ս կարելի է շփվել ծեր ու շատ համակրելի, ժիր ու խոսքաշեն այդ կնոջ հետ և անտարբեր մնալ նրա ճակատագրին, որն արհավիրքներ, կոտորած, կորուստ ու փախեփախ է տեսել: Իսկ Արուս Ասրյանը շատ բան չի անում. ուղղակի նստած է բազկաթոռին, և շարժումը գոտկատեղից այն կողմ չի անցնում: Էկրանի գեղագիտության համաձայն, պատումի ամբողջ միզանսցենը իրականացնում են ձեռքերը, գլուխը, դիմախաղը: Չէ՞ որ հոնքի հազիվ նկատելի շարժումը, կոպերի թրթռումը մի ամբողջ վերաբերմունք, սկիզբ ու վախճան կարող է իմաստավորել այստեղ: Իսկ Ասրյանը խոսում է աչքերով, ու միակ օժանդակ բանը, որին դիմում է, թաշկինակն է ձեռքում: Թաշկինակով նա աճող հուզում է հաղորդում, շփոթ հոգեվիճակ: Մեկ՝ փաթ է տալիս մատի շուրջը, մեկ բացում, ծալծլում, հարթում խոսքի ընթացքում: Հապա ինտոնացիա՞ն: Դա իսկական խրախճանք է, որով դերասանուհին ստեղծում է նկարագիր, կերպարի ու միջավայրի գույներ: Ասրյանի պատումը դրամատիկական հենք ունի, «գործող անձեր», իրադարձություններ, փոխհարաբերություն, լարման բարձրակետ ու լուծում: Լացն ու ծիծաղը, ամոթխած կաշկանդումն ու գեղջկական սրախոսությունը, համեստ զսպությունն ու ինքնածաղրը, հուսալքումն ու պոռթկուն դիմակայությունը. բոլորը միասին են: Հնարավոր չէ անհաղորդ մնալ, երբ թեթև արտորանքով հիշում է իր սերն ու ամուսնուն: «Ողորմածիկը լավ էլ երգում էր»… ու աչքերը խոնարհած, գլուխը կողմ թեքած, երգում է. «Արազն եկավ լափին տալով…»: Դժվար է առավել դժվար փորձաքար գտնել, քան նման մենախոսության մեջ երգելը, իսկ Ասրյանը երգում է մեկից ավելի անգամներ, երգում շատ քաղցր ու գեղեցիկ, քնքուշ ու հուզական… հետո է, որ ուշքի է գալիս ու՝
- Վա՛յ, ներող կլինեք, ժողովուրդ, մտքիս թելը կտրվեց» կամ «Ներող կլինեք, որ
օր ծերության վեր եմ կացել իմ շենից, եկել ու խոսում-երգում եմ»:
Ասրյանի հերոսուհու պատումը դեպքերի շղթա է՝ պայմանավորված նրա հուշերով, տրամադրությամբ: Անկասկած, դրանք կրում են սուբյեկտիվ նկարագիր, որովհետև առաջին դեմքով են պատմվում: Ինչպե՞ս անտարբեր մնաս, երբ սիրած մարդուն հիշելիս, աչքիդ առաջ ասես հրաշք է կատարվում՝ դեմքին շառագույն է իջնում, աչքերը խոնավ փայլ են ստանում, քթի տակ խնդմնդում է՝ ներքին հուշի՞ց, թե՞ հույզից շափաղած… Խոսքն էլ պատկերավոր է, որ ասես տեսնում ես նրա պարթևալանջ, բարի, լայնասիրտ Հարութին, որն Առաջին համաշխարհայինում մի թևը կորցնելուց հետո էլ այնքան եռանդով ու հմուտ է ղեկավարում կոլտնտեսությունը, որ առատություն է ստեղծում…
…Միմյանց հաջորդող դրվագները շատ են տարբեր՝ տրամադրությամբ, ռիթմով, հուզական ու իմաստային հագեցումով, որ այդ գունեղ ու տարողունակ խճանկարը ներկայացնում է ոչ միայն հոգեվիճակի պատկեր, այլև ժամանակների կապ: Զուր չէ, որ նման մենախոսությունը փոքր էկրանի հայրենական և արտասահմանյան տեսաբանները կոչում են «պատմողական դրամատուրգիա», «պատմողական պատում՝ առաջին դեմքով»: Այդ պատմող-վարողին պարտադիր է մի հատկություն, որ ժամանակին պարտադրվել է և հին աշխարհի հռետորներին: Արիստոտելի կարծիքով, հռետորը պետք է ունենար խոսքի, ժողովրդի հետ հաղորդակցման հատկություն, որի մեջ պարզ ցոլանար նաև նրա անձնական խառնվածքը, նկարագիրը, որպեսզի նրան հավատ ընծայեին: Ասրյանն իր տաղանդով վճռում է հեռուստադիտողի հոգեկան արձագանքի որակը: Մանրամասն, ոսկերչի պես նա մշակել է յուրաքանչյուր բառը, քամել իր ժամանակակցի համար օգտակար հնարավորը: Անմոռաց տպավորվող կենդանի դրվագներ են հատկապես ասկյարների գերությունից ազատվելու, զավակների զոհվելու հատվածները: Կա խոսքի ուժ, թափ, ռիթմ ու տրամադրություն: Իր բազմանդամ ընտանիքի մասին խոսելիս ասում է, թե «յոթ որդով սեղան էինք նստում» և իբր հարևանցի նետում. «Բա չէ՜, հիմիկվա հարսների պես. մեկ երկուսն ունենում են ու վերջ…»:
Դե եկ ու անտարբեր լսիր այն հատվածը, ուր խոսում է փախեփախի ու կոտորածների մասին, երբ «մի ընտանիքի քսան հոգուց երկուսն էին սաղ մնացել ու էդ ընտանիքի կինը մի երգ է երգել, որ «վաթսուն տարի է դեռ ականջումս է»:
Ու կրկին հրաշք. տառապած հոգուց պոկվում է «Դլե յամանը», աչքերում լճանում է արցունքն ու հոսում այտերն ի վար… Ընդամենը մի քառյակ: Մի կարճ պահ միայն, չափի հրաշալի զգացում ունեցող վարպետը աչքերին է տանում, սրբում, արցունքը կուլ տալիս ու պատրաստվում անցնել մեկ ուրիշ, բոլորովին հակատիպ հատվածի.
— Երանի ձեզ, ժողովուրդ, օ՛ր ծերության ինձ դերասան դարձրիք…
Խելացի է կազմված ամբողջ պատումի «պարտիտուրը». հուզականորեն կամ գեղագիտորեն դատարկ կամ «ծանծաղ» տեղեր չկան, դիպուկ բաշխված են հույզը, հումորը, իմաստասիրությունը: Դրա համար էլ յուրաքանչյուր նոր դրվագ հույզի նոր ալքի է բերում կամ պատումի նոր աստիճան իմաստավորում: Ասրյանն իր պատումը հասցնում է մեր օրերը, անցնում մեծ Հայրենականի միջով, որին զոհ են գնում նրա չորս զավակները:
- Վահան… Գուրգեն… Վազգեն… Պարգև…- մորմոքում է հայ կինը,- օտար
հողում մնացին… գերեզման էլ չունեցան…
Կուչ եկավ, լռեց, մի բուռ է, իսկական «պճեղ մը անուշ սիրտ»: Ու մենք իմանում ենք, որ նա գյուղի գերեզմանոցի չորս «անտեր քարերի» վրա է խունկ ծխում… Պատումն այստեղ հասնում է ողբերգական բարձրակետի, երբ քնքուշ ու կուչ եկած Ասրյանը հանդիսավորությամբ երգում է «Տեր ողորմյան»… Անհնար է հաղորդել փոթորկահույզ զգացմունքի այն թափանցիկ թրթռուն մթնոլորտը, որ նա է ստեղծում, յուրօրինակ կատարսիսի տանելով իր դիտողներին:
Վերստին չես ուզում բաժանվել սրբազան հնչյուններից, երբ իր յուրաքանչյուր խոսքը, հնչյունը չափած-նժարած դերասանուհին, որի եսը միշտ արթուն է, շտկվում է, սևեռուն հայացքով, մաժորային թեթև երանգ խառնելով խոսքին, անցնում է ընդհանրացման.
- Հո հաղթեցի՛նք, ժողովուրդ, հաղթեցինք ու մեր դուշմանի մե՛րը լաց եղավ,- ասում է ու նյարդային ծիծաղում, բայց իսկույն էլ դանակի պես հատում, ձեռքի ափով բերանը փակելով.
- Մեղա՜ քեզ, մեղա՜: Մերն է՞լ ուրախանա մոր լացի վրա…- հետևում է արտահայտիչ պաուզա…
Այսպես ժլատ միջոցներով Ասրյանը սողանց է գտնում նաև մեր հոգեբանությունն ու գաղափարն արտահայտելու համար: Մեծ խնամքով են մշակված պատումի օղակները, դրվագները, նրանց ավարտն ու շարունակությունը, և ռեժիսոր Աշուղյանը համարյա աննկատ է դարձրել իր միջամտությունը: Ափսոս, որ միայն երկու ռակուրսով է վերցնում դերասանուհուն և պատճառը նրան «խաբելու» այն փորձ է, որի մասին ասացինք: Արուս Ասրյանը հրաշալի է իրացնում ոչ միայն դերասանական, այլև ռեժիսորական խնդիրները, մշտապես առանձնացնելով դրվագները օրգանական անցումներով: Այս տեսակետից ուշագրավ է այն հատվածը, ուր անհանգիստ ու տագնապալի ռիթմով հաղորդվում է չարաղետ հեղեղի մասին, երբ «մի կռնանի» Հարութը, միակ անգամը լինելով, «թթու խոսք» է ասում կնոջն ու մեկնում:
- Գնաց ու… էն գնալն էր…
Ձայնը դողաց-ընկավ: Իջնող կարճ դադարի պահին գլուխը թեթև հակած է, հայացքը՝ մալուլ… Ու վերստին հստակ պոկվում են երգի բառերը. «Որսկան ախպեր»… այնքան սրտալի ու գեղեցիկ, որ ինչպես մյուս դեպքերում, ավելին լսելու ցանկություն ես ունենում, բայց և ոչ մի տեղ դերասանուհուն չես կարող բռնել չափի զգացման խախտման կամ առավելությունը շահարկելու մեջ: Հոսում է պատումը, և ամեն անգամ ասես ականատես ես նվիրական խոսք բացելու և փակելու իրողության հետ: Չէ՞ որ զգացումային, անուս մի կին է դիմացդ, որը հաճախ քշվելով իր զգացումի հորձանքից, մի կողմ է տանում նվիրականը ծածկող քողը… Բայց մինչ կհասցնես ըմբոշխնել նրա խորքն ու մաքրությունը, սթափվում է, նահանջում ու վերստին վրա բերում ծածկոցը… այս բացումի ու փակումի հերթագայության, հոգեբանական ու գեղարվեստական տարաբնույթ հասկացությունների միասնությամբ են պայմանավորած այս պատումի հետաքրքրությունն ու դինամիկան, խոր դրամատիզմը: Սա հոգեվիճակի բարդ հյուսվածքն անբասիր ճաշակով հինելուց զատ, կերպարի ու պատումի բարդ ու աներևակայելի դժվարին անցումները մեծ վարպետությամբ կառուցելու, նրանց օղակները հուզականորեն և գեղագիտորեն ընդունելի ագուցելու իրողությունն է, ռեժիսորական մտածողություն:
Պատումի ընթացքում Արուս Ասրյանը քեզ շարունակ պահում է իր անակնկալների տիրույթում, վերջում անելով ամենաանսպասելին. պարում է… նստած բազկաթոռում: Լսվում է դհոլ-զուռնայի մեղմ նվագը, ու ձեռքերը վեր վերցրած, թաշկինակը թեթև շարժելով, նա պարում է… Ի՜նչ գեղեցիկ է պարում Արուս Ասրյանը, ինչ նուրբ ու փոքրիկ են ձեռքերը, ի՜նչ գեղեցիկ է շարժումը, նազելի… Հապա գլո՞ւխը, որ կանացիորեն ամոթխած հակել է կողմ, հայացքը խոնարհած պարում է… Բայց պարում է ինքնամոռաց, բովանդակ էությամբ, որովհետև ոչ մի բանի «կիսատ» չի տրվում տառապած ու հարատևած, կորցրած ու գտած այդ հայ կինը, ճիշտ այնպես ինքնամոռաց ու անէացած, որպիսին իր վերջին արարումն անող Արուս Ասրյանը: Դերասանուհու կարապի երգը…
Հնուց եկած խոսքով ասենք. «Դառնամ ողորմիս տամ Արուս Ասրյանին. Դառնամ ողորմիս տամ «պճեղ մը անուշ սրտին»…
Թատրոնի սիրուց ու տագնապներից, Գիրք 1
«Հայաստան» 26.12.1991