Արթուր ԷԴԱՐ / «ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏ»

Արթուր ԷԴԱՐԻ «ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏ

Անավարտ դրամա, որ պատահեց երկուսից մեկի հոգու հետ

 

Գործող անձինք

ՏՂԱՄԱՐԴ

ԿԻՆ

 

Գործողության վայրը ցանկացած քաղաքի ցանկացած բանկի սրահ է, որն, իհարկե, տագնապի գաղտնի ազդանշան ունի: Կին գանձապահին մոտենում է վայելուչ հագած Տղամարդը:

ՏՂԱՄԱՐԴ — (սիրալիր): Բարի լույս, տիկին:

ԿԻՆ — Բարի լույս, պարոն:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ հիանալի եղանակ է այ­սօր, այնպես չէ՞:

ԿԻՆ — Այո, արևից կարծես կյանք է բուրում:

ՏՂԱՄԱՐԴ — Դուք շատ պատկերավոր մտածողություն ունեք, տիկին: Դա շատ հուսադրող է:

ԿԻՆ — Ուրախ եմ ձեզ սպասարկել, պարոն:

ՏՂԱՄԱՐԴ — Կարծում եմ, իմ բախտն էլ բերեց: Տանել չեմ կարող, երբ կինը գեղեցկությունից բացի այլ արժանիք չունի:

ԿԻՆ — Շնորհակալ եմ, պարոն: Բարձրակարգ սպասարկման առաջին պայմանն, ըստ իս, այցելուի ուրախ տրամադրությունը չփչացնելն է:

ՏՂԱՄԱՐԴ — Իրավացի եք: Ձեր գործում այցելուի տրամադրությունից շատ բան է կախ­ված:

ԿԻՆ — Գուցե հաճելի զրույցից անցնենք գործ­նակա՞ն մասին:

ՏՂԱՄԱՐԴ — Ձեր առաջարկը տեղին էր, որովհետև ես, իրոք, շտապում եմ:

ԿԻՆ — Բարի: Գումարի չափն ասեք:

ՏՂԱՄԱՐԴ — Մեկ միլիոն: Որպես հոգե­պահուստ:

ԿԻՆ — (երկիմաստ): Հասկանում եմ… արձա­կուրդից նո՞ր եք վերադարձել:

ՏՂԱՄԱՐԴ — (քիչ շփոթված): Այո… բայց ի՞նչ իմացաք…

ԿԻՆ — Դժվար չէ կռահել… լավ թխացել եք:

ՏՂԱՄԱՐԴ — Իրավացի եք:

ԿԻՆ — (հաշվեթուղթը տալով): Լրացրեք սա:

ՏՂԱՄԱՐԴ — Կարիք չկա:

ԿԻՆ — Ինչպե՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — Հենց այդպես… ձեր բանկում հաշվեհամար առայժմ չունեմ:

ԿԻՆ — Պարոն, կատակի համար ժամանակ շատ կա, հիմա տեղը չէ…

ՏՂԱՄԱՐԴ — Ազնիվ խոսք, տիկին, ես չեմ կատակում:

ԿԻՆ — Այդ դեպքում… ինչպե՞ս հասկանամ…

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանալ պետք չէ, ուղղա­կի հաշվեք և տվեք միլիոնը:

ԿԻՆ — Ձե՞զ տամ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինձ:

ԿԻՆ — Բայց ինչո՞ւ:

ՏՂԱՄԱՐԴ — Ասացի, չէ՞, ինձ հոգեպա­հուստ փող է հարկավոր:

ԿԻՆ — Այո, պայմանով, որ այդ գումարն ունեք մեր բանկում:

ՏՂԱՄԱՐԴ — Այս պահին չունեմ, քիչ անց կունենամ, ի՞նչ տարբերություն: Դուք հիմա կտաք այդ միլիոնը, ես այն իսկույն ձեր բանկը կդնեմ: Այնուհետ, ինչպես պատշաճ է, կտաք ինձ միլիոնը, որն արդեն իմն է:

ԿԻՆ — Այդպես չի լինի: Դա… դա կողոպուտ է:

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ կռահեցիք, սա կողո­պուտ է:

ԿԻՆ — Լսեք, ինձ հետ նման դեպք չի եղել, բայց ֆիլմերի մեջ շատ եմ տեսել բանկ թալանողներ: Նրանք բոլորն էլ զենքով են, դիմա­կով… Իսկ դո՞ւք…

ՏՂԱՄԱՐԴ – Ես՝ ի՞նչ…

ԿԻՆ — Ավազակի նման չեք:

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ եք, ես ավազակ չեմ: Ինձ ընդամենը փող է հարկավոր:

ԿԻՆ — Ձեզ փող տալ չեմ կարող:

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, չհասկացաք: Ինձ թեյի փող պետք չէ, այլ միլիոն, միլիոն:

ԿԻՆ — Վերցնեմ ու ձեզ միլիո՞ն տամ: Անունն ի՞նչ դնեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Դուք ասացիք՝ կողոպուտ:

ԿԻՆ — Կողոպո՞ւտ…

ՏՂԱՄԱՐԴ — Հենց այդպես, կողոպուտ:

ԿԻՆ — Առանց զենքի՞, առանց աղմուկի՞…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ պարտադիր է: Ճիշտը որ ասեմ, զենք ինձ մոտ կա, և նույնիսկ նռնակ…

ԿԻՆ — Մարտակա՞ն…

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ի՞նչ եք կարծում… Չասացի՞ք, որ առանց զենքի փող չեք տա:

ԿԻՆ — Ոչ մի սենթ:

ՏՂԱՄԱՐԴ — Դրա համար էլ զենք եմ վերցրել:

ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ աղմուկ չեք հանում: Վախ­կո՞տ եք…

ՏՂԱՄԱՐԴ — Ես վախկոտ չեմ, բայց որ նա­յում եմ, թե շուրջս ով կա, խիստ ափսոսում եմ:

ԿԻՆ — Եվ ինչի՞ն, պարոն:

ՏՂԱՄԱՐԴ — (ինչ-որ մեկին մատնանշե­լով): Այն մեկին նայեք… դստեր հետ է: Փոքրիկ է նա, դեռ երեխա: Բայց կարող է, չէ՞, իմ արձա­կած գնդակներից մեկը, խիստ պատահաբար, նրա գանգի մեջ հանգրվան գտնել: Իսկ այն ծերո՞ւկը: Նա գուցե մի կյանք է ապրել, որ մեզ պես հազար մարդ էլ որ ապրի՝ չի կարողանա­լու այդքան բան անել: Ուրեմն ինչո՞ւ անմեղ հո­գիներ այս կյանքից տանեմ: Ի՞նչ իմաստ, ասեք: Տվեք ինձ միլիոն, և ես կգնամ:

ԿԻՆ — Իսկ ե՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — Դո՞ւք: Ինչպես որ միշտ: Կամ ես, կամ դուք: Հանուն մյուսների մեզնից մեկը միշտ զոհ է դառնում:

ԿԻՆ — Բայց ես չե՛մ ուզում…

ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ չեմ ուզում… Եթե կուզեք իմանալ, ձեզ շատ հավանեցի… Կյանքում ոչ մի կին՝ առողջ մտքին համարժեք գեղեցկությամբ դեռ չի հանդիպել ինձ: Դուք առաջինն եք:

ԿԻՆ — Անհարկի գովեստ… այն էլ այս պահին…

ՏՂԱՄԱՐԴ — Բայց պետք է ձեզ ասվի…

ԿԻՆ — Որպես զոհի՞:

ՏՂԱՄԱՐԴ – Հերոսի՛: Թե ձեզ զոհեք հա­նուն այս մարդկանց, Աստված ձեզ հաստատ իր մոտ կտանի: Իսկ դժոխքն այստեղ կապրեք, երբ շորթման համար ձեզ բանտ կնստեցնեն:

ԿԻՆ — Բայց ես չե՛մ ուզում…

ՏՂԱՄԱՐԴ — Ինքս էլ դեմ եմ շատ… Ամու­սին ունե՞ք:

ԿԻՆ — Չունեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Տեսնո՞ւմ եք, բախտի խաղ: Ես էլ կին չունեմ: Եվ… չեք հավատա, բայց այս պահին, այստե՛ղ կուզեի սրտանց առաջարկ անել, որ իմ կինը դառնաք:

ԿԻՆ — Առաջա՞րկ է դա:

ՏՂԱՄԱՐԴ — Ավա՜ղ, ցանկություն:

ԿԻՆ — (անցնելով «դու»-ի): Քեզ հասկանում եմ… Ի՜նչ հիմարն եմ ես: Կյանքում ինչ ասես ապրել եմ, գիտե՞ս… Բայց այս կերպ ոչ ոք և եր­բեք չէր փորձել իր սիրտը բացել…

ՏՂԱՄԱՐԴ — Եվ միլիոն ուզել:

ԿԻՆ — Ի՞նչ ասել կուզես՝ սիրո վա՞րձ, թե՞ գին:

ՏՂԱՄԱՐԴ — Ուղղակի միլիոն:

ԿԻՆ — Բայց դու ասացիր…

ՏՂԱՄԱՐԴ — Միլիո՜ն… Առանց զո՛հ:

ԿԻՆ — Բա սե՞րը… Աստվա՞ծ…

ՏՂԱՄԱՐԴ — Ամենով հանդերձ:

ԿԻՆ — Ինչպե՞ս հասկանալ:

ՏՂԱՄԱՐԴ — Շատ պարզ: Ինձ միլիոն է պետք: (Ինքն էլ անցնում է «դու»-ի:) Դու կտա՛ս:

ԿԻՆ — Էլ չեմ կարող… Հոգնեցի:

ՏՂԱՄԱՐԴ — Ցավում եմ…

ԿԻՆ — Բայց ինչո՞ւ հենց ես… (Գործնական:) Լավ, անկեղծ լինենք: Այս գործին հասնելու հա­մար պետք է ջանք թափել:

ՏՂԱՄԱՐԴ — Այլ խոսքով ասած՝ սիրուհի դառնալ:

ԿԻՆ — Անկեղծ որ լինենք, այո, իսկապես:

ՏՂԱՄԱՐԴ — Եվ շա՞տ ես տքնում այս գոր­ծից բացի:

ԿԻՆ — Դե՜… չէի ասի:

ՏՂԱՄԱՐԴ — Հա՜… հասկանում եմ: Ինչ էլ որ լինի, քո կյանքը քոնն է, իմ խնդիրը՝ ի՛մ…

ԿԻՆ — Ցավում եմ, որ օգնել չեմ կարող: Ան­կեղծ որ ասեմ, քեզ հավանեցի: Եվ նույնիսկ… ի՞նչ կասես, չհանդիպե՞նք…

ՏՂԱՄԱՐԴ — Վատ չէր լինի, միայն թե…

ԿԻՆ — Միայն թե ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ — Կստացվի… որ մենք համա­խոհներ ենք:

ԿԻՆ — Այսի՞նքն…

ՏՂԱՄԱՐԴ — Թե ինձ միանաս, կստացվի ավազակախումբ, որ բանկ կողոպտեց այնտեղ ներմուծված իր անդամներից մեկի ձեռքերով: Այսինքն՝ քո հանցակիցը կդառնամ, քեզ հետ կդատվեմ և բանտ կգնամ: Պարզ է, չէ՞, միտքս:

ԿԻՆ – Պարզը՝ պարզ է շատ: Բայց քո պայ­մանին ես համաձայն չեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Եվ չուզենալով դու, այդու­հանդերձ, ինձ միլիոն կտա՛ս:

ԿԻՆ — Ինչո՞ւ ես կարծում…

ՏՂԱՄԱՐԴ — Հակառակ դեպքում ես քեզ կսպանեմ: Եվ ոչ միայն քեզ…

ԿԻՆ — Քեզ չեմ հավատում:

ՏՂԱՄԱՐԴ — (ատրճանակ հանելով): Սրա՛ն հավատա:

ԿԻՆ — Աստվա՜ծ իմ: Ատրճանակ…

ՏՂԱՄԱՐԴ – Հա՛: Փամփուշտներ էլ կան, ու ինչպես ասի, նռնակ էլ ունեմ, դա էլ ցույց կտամ:

ԿԻՆ — Չէ, հարկավոր չէ: Հավատում եմ քեզ:

ՏՂԱՄԱՐԴ — Այ, նոր հասկացար, թե ինչն ինչոց է… Ուրեմն ընտրիր՝ մեկ միլիոն կամ կյանք: Ավելի ստույգ՝ մի քանի կյանքեր…

ԿԻՆ — Թող, որ մտածեմ…

ՏՂԱՄԱՐԴ — Թե ինչպես անես, որ քո տագնապը հոգուց դուրս փախչի, հարայ-հրո­ցով ոստիկա՞ն կանչի: Մեկի՛ց կսպանեմ:

ԿԻՆ — Չէ, ի՞նչ ես ասում… հասկանալ է պետք: Չէ՞ որ այսպիսի անախորժ վիճակ միշտ չի պատահում:

ՏՂԱՄԱՐԴ — (ատրճանակը թաքցնելով): Այո, փորձանքը մառախուղի պես թանձր է ու խոնավ, բայց, այնուհանդերձ, նկուղի պատ չէ, որ գամվես-մնաս: Ամեն քայլի հետ մի ձեռքի չափով կարող ես տեսնել և առաջ գնալ…

ԿԻՆ — Հարցն այն է, թե ո՞ւր:

ՏՂԱՄԱՐԴ — Դու պիտի ընտրես: Եզրը անդունդի չի էլ երեում, երբ հեռվում ես դու: Թվում է՝ ողորկ մի տափարակ է, և մեկ էլ՝ հո՛պ… Այնքան հատու է բերանը հողի, երբ վերջանում է… Եվ դու ընկնում ես, ընկնում ես, ընկնում…

ԿԻՆ — Դու, ինչ է, մո՞գ ես, թե՞ շառլատան:

ՏՂԱՄԱՐԴ — Քո հաճախորդը շատ սովո­րական:

ԿԻՆ — Սովորական բան չեմ տեսնում այս­տեղ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ: Քո հաճախորդներին դու փող չե՞ս տալիս:

ԿԻՆ — Տալիս եմ: Բայց երբ իրենցն են ուզում:

ՏՂԱՄԱՐԴ — Փող կոչված սողունը իրոք տեր չունի՝ ով սրիգ փչեց, նա պարկից կելնի: Այն մեկ միլիոնը, որ ես եմ ուզում, ոչ իմ փողն է արդ, և ոչ էլ քոնը: Բայց եթե տաս ինձ, իմը կդառնա:

ԿԻՆ — Եվ ճիշտ հակառակ…

ՏՂԱՄԱՐԴ — Եվ ճիշտ հակառակ, եթե դու ջանաս, որ ինձ շուտ բռնեն ու ձերբակալեն, այդ միլիոնը քեզ բաժին կդառնա որպես մի պարգև, երախտիքի տուրք ձեր բանկի կողմից:

ԿԻՆ — Ուրեմն ի՞նչ անել:

ՏՂԱՄԱՐԴ — Այլընտրանք չունես: Փողը պիտի տա՛ս:

ԿԻՆ — Կարծո՞ւմ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Վստահ եմ:

ԿԻՆ — Գիտե՞ս ինչ, արի խելամիտ վարվենք:

ՏՂԱՄԱՐԴ — Եվ ինչպե՞ս, ասա:

ԿԻՆ — Մինչ այստեղ գալը դու, ինչ է, շատ վատ կյանքո՞վ ես ապրել:

ՏՂԱՄԱՐԴ — Դե, այնպես, ոչինչ…

ԿԻՆ — Ես նույնպես: Կարիք կա՞ ինչ-որ կար­ծեցյալ անհոգ կյանքի պատրանքով երկու մար­դու կյանք, եթե ոչ ավել, վտանգի տանել: (Թա­խանձագին:) Թող քո այդ միտքը, խնդրում եմ, և հանգիստ սրտով արի բաժանվենք: Ու կմտա­ծեմ, թե մի լավ ծանոթ, ընկեր եմ գտել, որի հետ, անկեղծ, կուզեի թեկուզ անկողին մտնել…

ՏՂԱՄԱՐԴ — Քեզ մերժելու եմ: Այս օրվան՝ մի կյանք ես պատրաստվել եմ:

ԿԻՆ — Ես խնդրում եմ քեզ…

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, դա չի լինի:

ԿԻՆ — Թող լավ մտածեմ…

ՏՂԱՄԱՐԴ — Ուզում ես ասել՝ ժամանա՞կ շահեմ:

ԿԻՆ — Դե ոչ, ոչ… խնդրում եմ…

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում քեզ և քո խնդրանքը: Դու, ի՛նչ է, ուզում ես… Ա՜յ քեզ բան… Սիրահարվե՞լ ես:

ԿԻՆ — Թեկուզ և այդպես, միայն թե թող, որ քիչ էլ մտածեմ: Պետք է ելք գտնել երկուսիս համար:

ՏՂԱՄԱՐԴ — Երկուսիս համա՞ր…

ԿԻՆ — Այո, ինձ և քեզ համար… Եվ հատկա­պես քեզ…

ՏՂԱՄԱՐԴ — Ինձ համար ելքը նույն այն մուտքով է, որով բանկ մտա: Քեզ համար՝ ուրիշ, բայց կմտածես, երբ ես չեմ լինի:

ԿԻՆ — Չէ, մի՛ ասա, մի՛…

ՏՂԱՄԱՐԴ — Հիմա կտեսնենք: (Հաստա­տակամ և չոր:) Շուտ փողերը տուր, այլապես հիմա հրավառություն կսկսվի… (Ձեռքը տանում է գրպանը:)

Լսվում է ոստիկանական մեքենա­ների շչակների ոռնոցը:

ՏՂԱՄԱՐԴ — Գրողը տանի: Գրո՛ղը տա­նի… (Կնոջը՝ թախանձագին:) Ես քեզ խնդրեցի՛… (Ծոցից հանում է ատրճանակը, մի քանի անգամ կրակում կնոջ վրա: Այնուհետ՝ աղաղա­կելով:) Այսպես, պարոնայք, սա կողոպուտ է… (Անընդմեջ կրակելով, գրպանից հանում է նռնա­կը:) Շուտ, պառկե՛ք, թե չէ կքաշեմ նռնակի ձգանը… Դե՛… (Ինչ-որ ուղղությամբ նայելով և կրակելով:) Ինչ է, դու խո՞ւլ ես, ծերուկ ավա­զակ…

Աղմուկ, աղաղակ: Ոստիկանական մեքենաների շչակների ոռնոցը:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։