Արա ՎԱՀՈՒՆԻ / «ՎԵՐՋ: ԹԱՏՐՈՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է: ՑՐՎԵՔ ՁԵՐ ՏՆԵՐԸ»

 

Արա ՎԱՀՈՒՆՈՒ «ՎԵՐՋ: ԹԱՏՐՈՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է: ՑՐՎԵՔ ՁԵՐ ՏՆԵՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

Այս պատմությունը սկզբում «հեքիաթ» անվանվեց, այն էլ՝ «Վախենալու հեքիաթ» ու որպես վիպակ հանձնվեց ընթերցողի դատին: Ինչ կարծիք ասես՝ չլսեցի: Արդյունքն այն եղավ, որ այս պատմությունը վերանվանեցի «թատրոն» ու վերածեցի պիեսի: Կուզենայի լսել հանդիսատեսի կարծիքը…


Արա ՎԱՀՈՒՆԻ

ՎԵՐՋ: ԹԱՏՐՈՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է: ՑՐՎԵՔ ՁԵՐ ՏՆԵՐԸ

Գործող անձինք

Գործողությանը մասնակցում են եռագլուխ Դևի բոլոր գլուխները՝

ՄԻՋԻՆ

ԱՋ

ՁԱԽ

ՄԱՔՐԱՍԵՐ – Դևի մաքրասեր կինը

ԲԱՄԲԱՍԿԱՆ – Դևի բամբասկոտ կինը

Ա ՑԱՆՑԱՌ – Ժամագործ դատախազի կինը

Բ ՑԱՆՑԱՌ – Հանրապետության խոհարար նախագահի կինը

Գ ՑԱՆՑԱՌ – Հաշվապահ ռազմագետի կինը

Մասնակցում են նաև Դևի դռան ետևում հերթի կանգնած և դահլիճում նստած կանայք:

 

Ահազդու դղրդոցով բացվում են երկաթյա դարպասները: Երեք գլխանի Դևի ապարանքի կենտրոնական սրահն է: Ամեն ինչ երկաթից է՝ պատերն ու դռները, աթոռներն ու սեղանները, նաև Դևի մահճակալը՝ հարդարված թիթեղյա բարձերով ու սավաններով:

Բազմաթիվ դռներից կենտրոնական դռան ճակատին մեծ տառերով գրված է՝ ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑ:

Երկաթե գահավորակին նստած է Դևը իր երեք գլուխներից Միջինի այտը ափին դրած: Անթարթ մի կետի է նայում:

ՄԻՋԻՆ — (խոր հոգոց հանելով): Լավ, մեր տխուր մտքերը մի կողմ թողնենք և ցրվելու հա­մար տեսնենք, թե աշխարհում ի՞նչ է կատար­վում: (Վերցնում է շուրջը թափված թերթերից մեկն ու սկսում է շուռումուռ տալ:) Չէ՜… Գնալով ծերանում ենք, տղերք: Առանց ակնոցի արդեն բան չենք տեսնում:

ԱՋ — Երեք հարյուր տարին ի՞նչ է, որ ծերու­թյունից ես խոսում: Մեր աչքերն ուղղակի շատ կարդալուց են թուլացել: Մի հինգ այսքան էլ դեռ պիտի ապրենք և չուզողների աչքը հանելու համար մեր հարսանիքներում դեռ շատ պիտի պարենք:

ՄԻՋԻՆ — Ապրելը… կարող է ապրենք: Բայց նոր հարսանիքների հավես չունեմ:

ԱՋ — Ինչո՞ւ: Ասացինք, որ մեր աչքերն են թու­լացել, բայց հո չասացի՞նք, որ մյուս բաներն էլ են թուլացել:

ՄԻՋԻՆ — Ախպոր պես, հարսանիքներից չխոսենք: Հենց հարսանիքի անուն եք տալիս, աչքիս դեմ մեր էս մաքրասեր կինն է տնկվում: (Գլխով խոհանոցի կողմն է ցույց տալիս:) Եվ ես իմ հարսանիքի փոխարեն մեր հոր հարսանիքն եմ հիշում: (Վերցնում է թերթերից մեկը:) Օհո՜… Տեսնո՞ւմ եք, ինչ են գրում: Հայերն այս տարի համաժողովրդական ծառատունկ են հայտարարել:

ՁԱԽ — Միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ հայե­րը շատ խելոք ու աշխատասեր ժողովուրդ են:

ԱՋ — Ո՞վ, հայե՞րը: Որ քո հայերը լավ ծառ են կտրում, բոլորս գիտենք: Բայց որ նրանք ծա­ռատունկ են հայտարարե՜լ… Չէ՛: Աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա:

ՁԱԽ – Խի՞ չես հավատա, այ անհավատ Թովմաս: Հո դա էլ ես չեմ ասում, թերթերն են գրում: Հո թերթերն էլ սուտ չե՞ն գրում:

ԱՋ – Ա՛յ հարիֆ, բա խելքը գլխին մարդը… թու, թու, թու… կներես, որ քեզ մարդ անվանեցի: Բայց ո՞նց մարդ չանվանեմ, եթե թերթերին ես հավատում: Ինչ է, չգիտե՞ս, որ աշխարհի սուտը թերթերի բերանում է գտնվում: Իսկ որ քո հայերը չեն կարող ծառատունկ հայտարարել, հիմա կապացուցեմ:

ՁԱԽ — Ապացուցի:

ԱՋ — Եվ կապացուցեմ: Ո՞ւր է, մի հատ էդ թերթն ինձ տվեք: (Խլում է թերթն ու աչքերին մոտեցնելով, ապշած բացականչում է:) Տղերք, ես կգժվեմ:

ՄԻՋԻՆ և ՁԱԽ — (միասին): Քեզ ի՞նչ պատահեց:

ԱՋ — Տղերք, էս թերթից մեր անտառի ծառերի հոտն եմ առնում:

ՁԱԽ — Հիմա մարդը ե՞ս եմ, թե՞ դու: Չգի­տե՞ս, որ թերթի թուղթը ծառերից են պատրաս­տում:

ԱՋ — Այ հիմա դու ինձ ապացուցեցիր, որ հա­յերը իրոք շատ խելացի ազգ են: Որովհետև ծառերը կտրում, թուղթ են պատրաստում և վրան գրում, որ ծառատունկ են հայտարարում:

 

Աջի ծիծաղը կիսատ է մնում: Ատամի երեք խոզանակ ձեռքին ներս է խուժում Դևի մաքրասեր կինը:

ՄԱՔՐԱՍԵՐ — (ճչալով): Էս ի՞նչ եք արել, ա՛յ անիծվածներ:

ԴԵՎ — (երեքով): Ի՞նչ ենք արել:

ՄԱՔՐԱՍԵՐ — (ճչալով): Սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անեիք, ա՛յ անասուններ:

ԴԵՎ — (սարսափած): Բայց ի՞նչ ենք արել: Ասա, իմանանք:

ՄԱՔՐԱՍԵՐ — Էն եք արել, որ նորից եք էս անտեր խոզանակներն իրար խառնել: Քանի՞ անգամ եմ ձեզ ասել, որ այս խոզանակը քո ապուշ գլխի համար է: Սա՝ այս այլանդակի, իսկ սա էլ՝ այս սրիկայի համար է:

ԴԵՎ — (երեքով, թեթևացած շունչ քաշելով): Հանգստացիր, այ կնիկ, ի՞նչ ես դատարկ բա­ների համար ներվեր քայքայում: Հետո՞ ինչ, որ խառնել ենք: Երևի մտքերի մեջ ենք ընկել ու չենք նկատել: Հո դիտավորյալ չե՞նք արել:

ՄԱՔՐԱՍԵՐ — Հենց դիտավորյալ եք արել: Ես ձեր նենգ ու ստոր հոգին լավ եմ ճանաչում: Հենց դիտավորյալ էլ խառնել եք, որ ինձ գերեզ­ման իջեցնեք:

ԴԵՎ — Բայց, կնիկ ջան, չեմ հասկանում, թե ինչո՞ւ մենք պիտի երեք խոզանակ պահենք:

ՄԱՔՐԱՍԵՐ — (ցնցված): Ո՞նց թե՝ ինչու: Չէ՞ որ դուք տարբեր անձեր եք: Իսկ ամեն անձ իր առանձին խոզանակը պիտի ունենա:

ԴԵՎ — Ոչ, մենք տարբեր անձեր չենք, այլ մի դև ու մի անձ ենք: Դու պիտի մեր անկողնում համոզված լինեիր: Մենք իրարից չենք զզվում, որ տարբեր խոզանակներ օգտագործենք: Մեզ մի խոզանակն էլ բավական է:

ՄԱՔՐԱՍԵՐ — (սարսափած): Աստված իմ, բայց չէ՞ որ դա հակահիգիենիկ է:

ՄԻՋԻՆ — Ես չգիտեմ, թե դա ի՞նչ «էնիկ» է, բայց նորից եմ կրկնում, որ մի խոզանակն էլ մեզ, այ, էսքան հերիք է անում: (Ձեռքը կոկորդին է քսում:)

ՄԱՔՐԱՍԵՐ — Աստված իմ, ես կխելա­գարվեմ, դուք իրարից չե՞ք զզվում:

ԱՋ — (շեշտված հանդարտությամբ): Չէ, չենք զզվում:

ՄԱՔՐԱՍԵՐ — Իսկ ես զզվում եմ ձեզ տես­նելիս, ուղղակի սիրտս խառնում է:

ԱՋ — Ումի՞ց ես զզվում:

ՄԱՔՐԱՍԵՐ — Տո հենց քեզնից:

ՄԻՋԻՆ — Ինձնից է՞լ:

ՄԱՔՐԱՍԵՐ — Քեզնից էլ: (Ձախին:) Էս այլանդակից էլ:

Դևը ոտքի է կանգնում:

ՄԻՋԻՆ — Իսկ հիմա դու կտեսնես, որ մենք քեզնից բոլորովին չենք զզվում և այնպիսի հա­ճույքով ու ախորժակով քեզ կուտենք, ինչպես մեր կանանցից դեռ ոչ մեկին չենք կերել:

Դևը հարձակվում է Մաքրասերի վրա՝ նրան պատառ-պատառ անե­լու:

ՁԱԽ – Վա՛յ, տղերք ջան, միայն թե այստեղ արյուն չթափեք: Եկեք նրան ուսուցչանոց քարշ տանք ու դասը էնտեղ տանք:

Դևը հափռում է Մաքրասերին ու դեպի ուսուցչանոցի դուռն է քարշ տալիս: Դռան փակվելուց հետո լսվում է Մաքրասերի ճիչերը և Դևի գռմռոցն ու ատամների ժնգժնգոցը:

ՄԱՔՐԱՍԵՐ — Վա՜յ մամա ջան, քո մինու­ճար աղջկան էս ի՞նչ են անում:

ՄԻՋԻՆ — (ծամելով ու գռմռալով): Չես տես­նո՞ւմ, ուտում ենք:

ՄԱՔՐԱՍԵՐ – Չհամարձակվե՛ք կեղտոտ ձեռքերով ինձ կպնել, փնթի անասուններ: ՄԻՋԻՆ — Ձեռքով կտրած հացն ավելի հա­մով է լինում:

ՄԱՔՐԱՍԵՐ — Ախր էս փնթիությանը ես ո՞նց դիմանամ, իմ ջանը հո քա՞ր չի:

ԱՋ — Ճիշտ որ քար չի, լավ էլ փափուկ է:

ՄԱՔՐԱՍԵՐ — (լացակումած): Գոնե լվացվեք, նոր կերեք:

ՁԱԽ — Աղջի, դու մեր գլխին էս ի՞նչ հարամ թիքա դարձար:

ՄԱՔՐԱՍԵՐ — Թեկուզ ինձնից մի պուտ արյուն էլ մնա, մինչև չլվացվեք, ինձ ձեր գլխին հարամ եմ անելու:

ՄԻՋԻՆ — Չէ, տղերք, ինչպես տեսնում եմ, պիտի լվացվենք: Էս չարիքից փրկվելու ուրիշ ճար չունենք: Եկեք սուսուփուս լվացվենք:

Դևը սրահ է մտնում, վերցնում եր­կաթյա կուժը, սկսում է լվացվել:

ՄԱՔՐԱՍԵՐ — Չմոռանաք ձեր փրչոտ ականջներն էլ լվանալ:

Դևը վերադառնում է ուսուցչանոց:

ՄԻՋԻՆ — Լվացվեցինք, հիմա կարո՞ղ ենք քեզ հանգիստ ուտել:

ՄԱՔՐԱՍԵՐ — (երջանկացած): Այ, ինչ եմ ասել… հիմա կերեք, ու թող ձեր կերածը ձեզ հալալ լինի: Սրանից հետո ծպտուն հանողը շան աղջիկ լինի:

Քիչ անց բացվում է դուռը, Դևը, բերանները մաքրելով և ատամնե­րը քչփորելով գալիս, նստում է գահավորակին:

ՁԱԽ — Էս մաքրասերների լավն էն է, որ առանց մաքրելու էլ կարելի է ուտել:

ԱՋ — Էլ ի՞նչ մաքրես, երբ նրանք կիսաֆաբրի­կատ հավերի պես փետրահան արված ու մաքրված են լինում:

ՄԻՋԻՆ — Շատ էլ համով էր շան արջիկը:

ԱՋ Համ հաճույք ստացանք, համ էլ այդ չարիքից պրծանք:

ՁԱԽ — Տղերք, մի բան ասեմ, վրաս չծիծաղեք: Մեր էն փնթի կինն ինձ ավելի դուր եկավ, քան էս մաքրասերը: Սրանից շատ ուժեղ մաստիկա­յի հոտ էր գալիս:

ԱՋ — Եթե այդ փնթիին սխտորով պատրաս­տած չլինեի, տեսնենք ո՞նց էր դուրդ գալու:

ՁԱԽ — Այդ փնթիին սխտորով պատրաստելը ումի՞ց ես սովորել:

ԱՋ — Քո այդ շատ սիրած հայերից: Նրանք մի ճաշ ունեն, տավարի տոտիկներից ու գարշա­հոտ թափանից են պատրաստում, վրան առատ սխտոր են լցնում ու դևերի պես ձեռքերով ու­տում:

ՄԻՋԻՆ — Դուք այստեղ ձեր սխտորներից ու ճաշերից եք խոսում, իսկ ես մեր անորոշ վիճա­կի մասին եմ մտածում: Մաքրասերին ու­տելուց հետո նորից ամուրի դարձանք: Բա չեք մտածո՞ւմ, թե ո՛ւմ ծնկներին ենք մեր էս խեղճ ու կրակ գլուխները դնելու:

ՁԱԽ — Սիրտդ լեն պահիր, գլուխը դնելու հա­մար հարմար մեկը կա: Եվ լավ էլ փափուկ ու դիմացկուն ծնկներ ունի:

ՄԻՋԻՆ — Բա ձեն հանի, հեր օրհնած: Ո՞վ է:

ՁԱԽ Չեք ճանաչում: Տեսքից կարծես կար­գին կին է երևում, բայց մի փոքրիկ թերություն ու­նի:

ՄԻՋԻՆ — Անթերի կին չկա: Իսկ ի՞նչ թերու­թյուն է:

ՁԱԽ — Ասում են, մի քիչ բամբասել է սիրում:

ՄԻՋԻՆ — Ոչինչ: Չեմ կարծում, որ այդ բամբասկանը մեր մաքրասերից վատը կլինի: Նա որտե՞ղ է:

ՁԱԽ — Էսպիսի նեղ օրվա համար, երկուսիցդ թաքուն, մեր մառանում եմ պահել: Մտածում էի, որ մի օր պետք կգա:

ՄԻՋԻՆ — Այ տղա, էդ ի՞նչ ես արել: Հիմա մկները նրան կերած կլինեն:

ԱՋ — Մի անհանգստանա: Դու բամբասկաններին լավ չես ճանաչում: Նրանց ոչ մի մուկ չի դիմանա: Համոզված եմ, որ այդ խեղճերը ոչ թե նրան, այլ իրար են կերել:

ՄԻՋԻՆ – Հա՛… Լավ բան չես ասում, բայց ի՞նչ արած: Հո գլուխներս չոր քարին չե՞նք դնե­լու: Եթե սա ճիշտ է ասում, որ նա շատ փափուկ ծնկներ ունի, ուրեմն գնանք, մառանը բացենք, ու եթե մկները նրան դեռ չեն կերել, բերենք ու մեզ կին դարձնենք:

Դևն ուղղվում է դռներից մեկի կողմը:

ԱՋ — Ճարս ի՞նչ: Որտեղ դուք, այնտեղ էլ ես: Միայն հետո չասեք, որ չեմ զգուշացրել: Ո՞վ է էս ձախլիկից խեր ստացել, որ մենք ստա­նանք:

Դուրս են գնում: Քիչ անց Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգի» հնչյունների տակ, Բամբասկանի ձեռքից բռնած, Դևը բեմ է մտնում, նստում է գահավորակին: Բամբասկանը կանգնում էր նրա դիմաց:

ՄԻՋԻՆ — (երկար լռելուց հետո): Մենք լսել ենք, որ բամբասել ես սիրում:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Այդպիսի սուտ տարածո­ղի լեզո՛ւն չորանա:

ՄԻՋԻՆ — Կխոսես, երբ քեզ ձայն կտան: Հասկացա՞ր:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Ո՞նց չհասկացա, շատ էլ լավ հասկացա: Այ, օրինակ, իմ հարևանուհին, բամբասանք չլինի ասել…

ՄԻՋԻՆ — Դու նորից բերանդ բացի՞ր:

ԱՋ (քրքջալով): Բա որ ասում էի… Սա դեռ ծաղիկներն են, պտուղները հետո կտեսնեք:

ՄԻՋԻՆ — (Աջի կողմը խոժոռ նայելով): Սրտովս գնա: (Բամբասկանին.) Նորից եմ զգուշացնում, առանց մեր թույլտվության չհամար­ձակվես բերանդ բացել: Հասկացա՞ր: Հիմա ուշադիր լսիր և ասածներս ականջիդ օղ արա: Քիչ առաջ մեր նախկին կնոջը կերանք: Կե­րանք միայն այն բանի համար, որ իր մաքրասիրությամբ էր ուզում մեր գլխին նստել: Սա ասում եմ, որ բամբասանքիդ ու շատախոսու­թյանդ վերջ տաս: Հասկացա՞ր:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Ո՞նց չհասկացա: Չհաս­կանալու ի՞նչ կա: Բայց խոսքը մեր մեջ, շատ լավ եք արել, որ նրան կերել եք, դա նրան քիչ էր, ա՛չքն էլ պիտի հանեիք: Բամբասանք չլինի ասել, այդ մաքրասերներն այնքան գարշելի արարածներ են, որ…

ՄԻՋԻՆ — Գարշելին դու ես, անպիտանի մե­կը: Ես թույլ չեմ տա, որ իմ ներկայությամբ մեր հանգուցյալ կնոջը բամբասեն:

ԱՋ — (քրքջալով): Այս մի հարցը կարծես պարզեցինք: Մնում է մյուս հարցն էլ պարզենք: (Գլխով Ձախի կողմն է ցույց տալիս): Սա ասում էր, որ դու լավ ծնկներ ունես: Ճի՞շտ էր ասում:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Կարող եք ձեր աչքով տեսնել ու համոզվել: (Փեշերն է բարձրացնում:) Այսպիսի ծնկներ ձեր ո՞ր կինն է ունեցել: Հը՞… դե ձեն հանեք:

ՄԻՋԻՆ — (ամոթից աչքերը փախցնելով): Փեշերդ իջեցրու, ա՛յ անամոթ: Ի՞նչ ես այսքան տղամարդկանց ներկայությամբ ծնկներդ բա­ցել: Բա դու ամոթ չունե՞ս:

ՁԱԽ — (Միջինին): Եթե քեզ դուր չի գալիս, կարող ես չնայել: Դա քո անձնական գործն է: Իսկ ես ուզում եմ նայել, և ինձ շատ է դուր գա­լիս: (Բամբասկանին.) Դու սրան ուշադրություն մի՛ դարձրու և, եթե կարելի է, մի քիչ էլ փեշերդ վեր քաշի:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Այսպե՞ս:

ՄԻՋԻՆ — (պոռթկալով): Դո՛ւրս կորեք այս­տեղից, անառակներ: Ես թույլ չեմ տա, որ այս սուրբ օջախը անառականոց դարձնեք: Չքվեք այստեղից:

ՁԱԽ — Ես մեծ հաճույքով կչքվեի, բայց թող­նո՞ւմ եք, որ չքվեմ: Եթե կարողանայի, գլուխս կառնեի ու այնքան հեռու կփախչեի, որ ձեր մռութներն այլևս չտեսնեի:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Ես էլ մեծ հաճույքով քեզ հետ կփախչեի:

ՄԻՋԻՆ — Իհարկե, կփախչեիք, որ մեր աչ­քից հեռու անառակությամբ զբաղվեք և մեր անբիծ անունը արատավորեք:

ԱՋ — (Ձախին): Այդքան հեշտ ես փախչելուց խոսում, որովհետև չգիտես, թե ինչ վտանգ է քեզ սպասում: Առանց մեզ դու մարդ­կանց նման ընդամենը մի գլուխ կունենաս և նրանց նման հիմար կդառնաս:

ՄԻՋԻՆ — Անկեղծ ասա, ուզո՞ւմ ես մարդ դառնալ:

ՁԱԽ — Հո խելքս չե՞մ թռցրել: Թող թշնամի՛ս մարդ դառնա:

ՄԻՋԻՆ — Դե, ուրեմն խելքդ գլուխդ հավա­քիր և փախչելու մտքից ձեռ քաշիր:

ՁԱԽ — Դե ջղայնացած էի, մի բան էր՝ ասացնի:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Ախ, դու հենց էնպես էիր ասո՞ւմ: Դավաճան: Իսկ ինչո՞ւ էր քեզ թվում, որ քեզ հետ կփախչեի: Ես ավելի շուտ սրա հետ կփախչեի: (Միջինին է ցույց տալիս:) Ճիշտ է, առաջին հայացքից կոպիտ մարդ է թվում, բայց այդպիսի տղամարդիկ բարի սիրտ են ու­նենում:

ՄԻՋԻՆ — Այո, այդպիսի տղամարդիկ ար­տաքին կոպտության տակ բարի սիրտ են ունե­նում: Դու էլ առաջին հայացքից ցանցառ ու բամբասկան կնոջ տպավորություն ես թողնում, բայց բավականին նրբազգաց ու խելացի կին ես երևում, որովհետև միայն այդպիսի կինը կա­րող էր ինձ ճիշտ հասկանալ և գնահատել:

ՁԱԽ Քո սիրտն է բարի՞: Տո, դու չէի՞ր քիչ առաջ մեր մաքրասեր կնոջը խժռում: Եթե դու ես բարին, ուրեմն ես էլ Գաբրիել հրեշտակն եմ:

ՄԻՋԻՆ — Իսկ դու չէի՞ր խժռում:

ՁԱԽ — Ես ոչ թե խժռում, այլ վայելում էի:

ՄԻՋԻՆ — Ի՞նչ էիր անում:

ՁԱԽ — Վայելում էի:

ՄԻՋԻՆ — Ձայնդ կտրի՛, բռի անասուն: Սրան մի տեսեք՝ «Վայելո՜ւմ էի»… Այո, այն­պես էիր վայելում, որ այդ վայելքի պահին եր­կու ատամ կոտրեցիր:

ԱՋ — Տղերք, վերջ տվեք: Չեք տեսնո՞ւմ, սա ինչ խաղեր է խաղում:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — (թևերը կանթերով): Ի՞նչ խաղեր եմ խաղում, ասա տեսնեմ:

ԱՋ — Մեկին գովելով, մյուսին փնովելով կամ էլ քծնելով իրար դեմ հանեցիր ու կռվացրիր:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Ո՞վ, ե՞ս ես կռվացրել: Վայ, մամա ջան: Տեսնո՞ւմ ես, իմ մասին ինչեր են բամբասում: Իրենք կռվում են ու իմ վրա են գցում: Տո, դու ո՞վ ես, որ քեզ քծնեմ կամ ի՞նչ է քո պաշտոնի անունը, որ քեզ սիրաշահեմ:

ԱՋ — Սպասի՜ր, սպասի՜ր… մի քիչ հետո կիմա­նաս իմ պաշտոնի անունը:

ՁԱԽ — Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել: Մո­ռացե՞լ ես, թե ում հետ գործ ունես:

ԲԱՄԲԱՍԿԱՆ Չեմ մոռացել… Բա նոր­մալ մարդը երեք գլուխ կունենա՞:

ՄԻՋԻՆ — Էլի ես շարունակո՞ւմ:

ԲԱՄԲԱՍԿԱՆ Ինչո՞ւ պիտի չշարունա­կեմ, հո տան չխոսկան հարս չե՞մ: Վայ, մամա ջան, էս ի՞նչ վայրենիների հետ եմ ամուսնացել: Տեսնո՞ւմ ես, թե աղջիկդ ի՜նչ հետամնաց ըն­տանիք է ընկել: Փոխանակ ուրախանան, որ իրենց ձեռքն ինձ պես կիրթ ու առաջադեմ կին է ընկել, դեռ ուզում են բերանս էլ փակել:

ԱՋ — Այ առաջադեմ, դու լավ կանես փեշերդ իջեցնես…

ԲԱՄԲԱՍԿԱՆ – Ա՛յ, ձեր մակարդակը դա է: Զարմանալ կարելի է, որ երեք գլուխ ունեք, բայց մի գլխի չափ էլ խելք չունեք, որ առաջա­դիմությունը ուրիշ բանի հետ եք շփոթում:

ՁԱԽ Եթե դա այն է, ինչը դու ես ակնարկում, այդպիսի առաջադիմությունը ես շատ եմ սի­րում:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Իսկույն երևում է, որ առաջադիմության ձգտող միակ գլուխը դու ես: ԱՋ — Ո՞վ, էս հետադեմն է առաջադիմության ձգտո՞ւմ: Եթե իմանայիր, թե սա ինչի է ձգտում, առաջադեմ չէիր անվանի:

ՄԻՋԻՆ — Տղերք, տղերք, վերջ տվեք: Հիմա էլ դուք սկսեցի՞ք: Չե՞ք տեսնում, որ սա դիտա­վորյալ է անում: (Բամբասկանին.) Լսիր, ա՛յ չա­րիք: Վերջին անգամ եմ քեզ զգուշացնում, փե­շերդ իջեցրու, գնա խոհանոց և այնտեղ վեր ընկի:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վերջապես ձեր դիմակը պատռեցիք և ասիացու բռի դեմքը ցույց տվիք: Կանացի մարմինը, որ միշտ էլ բանաստեղծնե­րի ու նկարիչների ներշնչանքի ու ցանկության առարկան է եղել, ձեզ պես բռի ասիացիների համար միայն կռվի բուն ու ամոթանք է եղել:

ԱՋ և ՁԱԽ — (քթների տակ խնդմնդալով): Ասա, է՛, ասա՛:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — (Միջինին մատնացույց անելով): Եվ պիտի ասեմ ու ապացուցեմ, որ դու բռնակալ ես: Իսկ սրանք, չնայած քո եղբայր­ներն են, քեզ հետ ընդհանուր ոչինչ չունեն:

ԱՋ (սարսափած): Տղերք, սրա բերանը եթե չփակենք, Ասիան ու Եվրոպան էլ իրար դեմ կհանի:

ՁԱԽ – Ա՛յ չարիք, ի՞նչ ես ուզում: Մեր մեջ կռիվ գցեցիր՝ բոլ չի, հիմա էլ համաշխարհային պատերազմ ես ուզո՞ւմ:

ՄԻՋԻՆ — Դե, բավական եղավ: Ես թույլ չեմ տա, որ քո պատճառով աշխարհի անեծքը մեր գլխին թափվի: Նորից եմ կրկնում, վերջ տուր բանսարկություններին և աչքիցս չքվիր:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Պահ, պահ, պահ… Դու իմ շատ պետքն ես: Կարծես ողջ կյանքս քեզ եմ երազել: Միայն քո դեմքը չտեսնելու համար ասա՝ ո՞ր դռնով չքվեմ, ու ես մեծ հաճույքով այս­տեղից կչքվեմ:

ՄԻՋԻՆ — (ձեռքը թույլ-թույլ թափ տալով): Ինձ համար մեկ է, միայն չքվիր:

ԱՋ — Թույլ տվեք, սիրելիս, ձեր ուղեցույցը դառնալ: (Ուսուցչանոցի դուռն է ցույց տալիս:)

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Իսկույն երևում է, որ կրթված ու կարգին գլխի հետ գործ ունեմ: Ձեր եվրոպական շարժուձևը հենց այդ մասին է վկայում: Իսկ ի՞նչ կա այնտեղ:

ԱՋ — Օ՜… Այնտեղ եվրոպական մեթոդով կա­նանց վերապատրաստման կուրսերն են: Այնպես որ, սիրելիս, մենք շուտով կգանք և մեծ հաճույքով քեզ կվերապատրաստենք:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Հա՞, եթե եվրոպական է, դա արդեն լավ է: Դե, ես գնացի, միայն խնդրում եմ, շատ չուշանաք:

ԱՋ – Օ՜… Ի՞նչ եք ասում: Մենք՝ եվրոպացի­ներս, մեր դամաներին երբեք չենք սպասեց­նում:

ՁԱԽ — Մեր գործն այնքան ենք սիրում, որ աշ­խատանքից երբեք չենք ուշանում:

ԲԱՄԲԱՍԿԱՆ – Հիանալի՛: Ես հեռանում եմ և մեծ անհամբերությամբ ձեզ եմ սպասում: (Թաթիկով է անում Միջինին:) Բռնակա՞լ… (Թաթիկով է անում նաև Ձախին ու Աջին:) Օրեվուար, պարոնայք… Չաո՜…

Ուսուցչանոցի դուռը փակվում է:

ՄԻՋԻՆ — (դռան կողմը խեթ նայելով): Չաո, չաո… Չարիք:

ՁԱԽ — (երկար լռելուց հետո): Հիմա սրան ի՞նչ ենք անելու:

ՄԻՋԻՆ — Պարզ չէ՞… Եթե իմ անունը բռնա­կալ է դրել, ուրեմն անունս պիտի արդարացնեմ և նրան հենց հիմա խժռեմ:

ՁԱԽ — Մի օրում երկու կին… մի քիչ շատ չի՞:

ԱՋ Շատը՝ շատ է: Բայց ճարներս ինչ, մի կերպ պիտի ուտենք:

ՁԱԽ — Բայց ես մինչև կոկորդս կուշտ եմ: Եվ բոլորովին ախորժակ չունեմ:

ՄԻՋԻՆ — Ոչինչ, ախորժակը ուտելու ժամա­նակ է գալիս:

ԱՋ – Կատակը՝ կատակ, բայց գործը՝ գործ: Վեր կացեք գնանք և այս տհաճ, բայց ազգօ­գուտ գործը վերջացնենք:

ՁԱԽ — (ծանր հոգոց հանելով): Դե, ի՞նչ արած: Եթե դուք գնում եք, ես էլ ճարահատյալ ձեզ հետ պիտի գամ:

ԱՋ — Իհարկե, պիտի գաս: Էս ճաշը դու ես սարքել, դու էլ պիտի ուտես:

ԵՐԵՔՈՎ — (վճռական): Գնացինք:

 

Դևը վճռական քայլերով մտնում է ուսուցչանոց: Լսվում են նրա ահարկու մռնչյուններն ու Բամբասկանի աղեկտուր ճիչերը:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վա՜յ, հասե՜ք… հայ ժո­ղովուրդ… Ինձ էս վայրենիների ձեռքից ազա­տեք:

ՄԻՋԻՆ — Հայ ժողովուրդը որ ճար ունենար, իրեն ճար կաներ:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վայ, անխիղճներ… էս վայրենի ասիացին ձեզնից խղճով է ուտում:

ԱՋ — (ծամելով ու գռմռալով): Տեսնո՞ւմ եք սրան… Կեսը կերել ենք, բայց էլի է ուզում աշ­խարհը խառնել:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վա՜յ, մամա ջան, ես կմեռնեմ… Էս ո՞վ է իր կոտրած ատամներով ցավեցնում…

ՁԱԽ — Ես եմ:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վա՜յ, մամա ջան… Էս ի՞նչ ատամներով են ինձ ուտում… կարծես բութ դանակով են մորթում…

ՁԱԽ — Դա ատամներից չի, ախորժակս որ տեղը լիներ, այնպես անցավ կուտեի, որ քեզ կթվար, թե նարկոզով են ուտում:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վա՜յ, մամա ջան… Էս ո՞նց են ինձ վիրավորում… Առանց ախորժակի են աղջկադ ուտում: Տեսնո՞ւմ ես, մամա ջան, թե քո աղջիկը ցանկությունից զուրկ ինչ իմպո­տենտների հետ է ամուսնացել:

ՁԱԽ — Ես ե՞մ իմպոտենտը…

ԲԱՄԲԱՍԿԱՆ – Չէ՛, սա է…

ՄԻՋԻՆ — Ե՞ս…

ԲԱՄԲԱՍԿԱՆ – Չէ՛, սա…

ԱՋ — Ե՞ս…

ԲԱՄԲԱՍԿԱՆ – Չէ՛, չէ… սա…

ՄԻՋԻՆ — Տղերք, սրան մի՛ լսեք… Սա էլի է ուզում մեզ իրար խառնի…

ԵՐԵՔՈՎ — Դե որ այդպես է, եկեք, տղերք ջան, էս չարիքին էնպես կուլ տանք, որ մի պուտ արյուն էլ սրանից չմնա:

ԲԱՄԲԱՍԿԱՆ — Վա՜յ, մամա ջան… ես մե­ռա՛…

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Նույն կենտրոնական սրահը, նույն գահավո­րակին նստած Դևը:

ՄԻՋԻՆ — (հատակից թերթ վերցնելով): Եկեք մի քիչ էլ մտավոր աշխատանքով զբաղվենք: Կին ուտելուց բացի աշխարհում ուրիշ բաներ էլ են կատարվում:

ՁԱԽ — Մաքրասեր ու Բանսակու ուտելուց բացի ուրիշ ի՞նչ կարևոր բան կարող է լինել:

ՄԻՋԻՆ — Չգիտեմ, տեսնենք: (Ակնոցը դնե­լով): Ես հոդվածների վերնագրերը կկարդամ, որն ընտեք, դա էլ կկարդամ: (Կարդում է:) «Հյուսիսի քրիստոնյա թագուհու հարսն իր մահմեդական սիրեկանի հետ ֆրանկների երկրում ավտովթարի է ենթարկվել: Թագուհին և ողջ ժողովուրդը խոր սգի մեջ են»:

ԱՋ — Էլ մի՛ շարունակի: Թուո՜ւ… Դեռ սգում են այդ լրբերի համար: Հարավից ի՞նչ լուր կա: Հյուսիսի անունը էլ ինձ մոտ չտաք:

ՄԻՋԻՆ — Հարավի՞ց, խնդրեմ: (Կարդում է:) «Հարավի թագավորը դավաճանության հա­մար իր ողջ հարեմը սրի է քաշել»:

ԱՋ — Եթե չեմ սխալվում, նա հազար կին ու­ներ…

ՁԱԽ — Էդ Հարավի թագավորը մեզ էլ տվեց-անցավ:

ՄԻՋԻՆ — Իսկ մենք քանի՞ կին ենք կերել:

ՁԱԽ — Մոտ հինգ հարյուր:

ՄԻՋԻՆ — Էս ո՞ւր է աշխարհը գնում, չեմ հասկանում:

ՁԱԽ — Ինչպես տեսնում եմ, Հյուսիսն ու Հա­րավը իրարից չեն տարբերվում: Արևմուտքից ի՞նչ լուր կա:

ՄԻՋԻՆ — Հրես: (Կարդում է:) «Արևմուտքի թագավորը վիրահատությունից հետո թագուհի է դարձել»:

ԱՋ — Վայ աշխարհ, աշխարհ, էս ի՞նչ է կա­տարվում: Իսկ Արևելքի երկրից լուր չկա՞:

ՄԻՋԻՆ Կա:

ԱՋ — Դե կարդա: Երևի Արևելքը դեռ չի փչացել:

ՄԻՋԻՆ — Խնդրեմ: (Վեր է թռչում:) Տղերք, ես կգժվեմ:

ԱՋ և ՁԱԽ — Քեզ ի՞նչ պատահեց:

ՄԻՋԻՆ — Էն պատահեց, որ աշխարհով մեկ խայտառակ եղանք: Լսեք, լսեք… էս խայտա­ռակ հայտարարությունը լսեք: (Կարդում է:) «Երեք գլխանի Դևի Ձախ գլուխը ամուսնու­թյան առաջարկություն է անում այն բոլոր կա­նանց, որոնք փափլիկ ու դիմացկուն ծնկներ ու­նեն: Այնքան դիմացկուն, որ երեք ծանր գլխի դիմանան: Իմ արտաքին տվյալների մասին կարող եմ հայտնել, որ բոլոր կանայք ինձ հրա­պուրիչ տղամարդ են համարում: Հ.Գ. Ներկա­յանալ ծննդյան, կրթության և առողջության վկայականններով…»: (Կտրուկ շրջվում է Ձախի կողմը:)

ՁԱԽ — Ինչո՞ւ ես ինձ նայում:

ՄԻՋԻՆ — Բա ո՞ւմ նայեմ, մեր Ձախ գլուխը դու չե՞ս:

ՁԱԽ — Հա, հետո ի՞նչ: Քիչ Ձախ գլուխներ կա՞ն:

ՄԻՋԻՆ — Այ տղա, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ հերթեր են մեր դռանը գոյանալու:

ԱՋ — Ինձ ավելի շատ մի բան է հետաքրքրում, թե ե՞րբ է սա խմբագրությունների ճամփեքը սո­վորել: Հրապուրիչի՜ս նայեք: Քնձռոտի՛ մեկը, քնձռո՛տ:

ՁԱԽ — Էս էլ ձեր շնորհակալությունն է, չէ՞: Անշնորհակալներ: Դե, գնացեք ու ձեր հիմար գլուխները չոր քարին դրեք: Տեսնենք առանց փափուկ ծնկների ո՞նց եք յոթ օր քնելու: Բացի դրանից, հիմա ո՞ր կինն է թերթ կարդում, որ մեր դռանը հերթեր գոյանան:

Դռան թակոց:

ՄԻՋԻՆ — (Ձախին): Էս դռան թակոցն ինձ ասում է, որ կանայք էլ են թերթ կարդում: (Բարձրաձայն:) Դուռը բաց է, մտեք:

Թերթը ձեռքին ներս է մտնում առաջին ցանցառը, որին այդպես էլ կանվանենք:

Ա ՑԱՆՑԱՌ — (շուրջը նայերս)): Շատ կներեք, սա՞ է Դևի ձախ գլխի բնակարանը:

ՄԻՋԻՆ — Այո:

Ա ՑԱՆՑԱՌ — Իսկ չէի՞ք ասի, նա տա՞նն է:

ՄԻՋԻՆ — Ձեր դիմացը հենց նա է:

Ա ՑԱՆՑԱՌ — Իսկ ձեր երեքից ո՞րն է ձախ գլուխը: Կներեք, բայց ես ձախն ու աջը միշտ էլ խառնել եմ:

ՄԻՋԻՆ — Եթե սա մեր աջ գլուխն է, ուրեմն ես միջին գլուխն եմ, ստացվում է, որ մեր ձախ գլուխը սա է:

Ա ՑԱՆՑԱՌ – Աա՜… ուրեմն դուք եք ձախ գլուխը: Շատ ուրախ եմ ծանոթության համար: Այս հայտարարությունը դո՞ւք եք տվել: (Նրան է մեկնում թերթը:)

ՁԱԽ — Այո, հարգելի տիկին, դուք գտնում եք, որ համապատասխանո՞ւմ եք այստեղ նշված բո­լոր կետերին:

Ա ՑԱՆՑԱՌ — Համապատասխանելը էլ ո՞նց է լինում: Այսպիսի փափուկ, դիմացկուն ծնկներ ո՞ր մեկդ է տեսել: (Փեշերն է բարձրաց­նում:) Հրես իմ ծննդյան վկայականն ու դպրոցի ատեստատը: (Պայուսակից հանում ու ինչ-որ փաստաթղթեր է ցույց տալիս:) Սա էլ մեր պո­լիկլինիկայի բժշկի տեղեկանքն է: Նույնիսկ ամուսնության վկայականն եմ բերել:

ՄԻՋԻՆ — Բայց, հարգելի տիկին, վկա­յականը հաստատում է, որ դուք ամուսնացած եք, այսինքն՝ ամուսին ունեք:

Ա ՑԱՆՑԱՌ – Ե՛վ ունեմ, և՛ չունեմ:

ՄԻՋԻՆ — Ինչպե՞ս հասկանանք:

Ա ՑԱՆՑԱՌ — Շատ պարզ: Ամուսինս բանտում է, ես չեմ կարող ասել, որ ամուսին ունեմ ու չեմ էլ կարող ասել, որ չունեմ: Այսինքն՝ և կա, և չկա: Հիմա հասկացա՞ք:

ՄԻՋԻՆ – Հա՛… հասկացանք: Իսկ չէի՞ք ասի, սիրելի տիկին, ինչպե՞ս է ձեր ամուսինը

բանտում հայտնվել:

Ա ՑԱՆՑԱՌ — Դա երկար պատմություն է:

ՄԻՋԻՆ — Իսկ դուք փորձեք կարճ պատմել:

Ա ՑԱՆՑԱՌ — Որ շատ եք ուզում, կպատ­մեմ: Ի՜նչ ամուսին ունեի… ի՜նչ ամուսին: Ոսկի ձեռքեր ուներ: Ինչին ձեռք էր տալիս, ոսկի էր դառնում: Բայց ի՞նչ ասես, որ բախտ չուներ: Եվ խեղճի բախտն էն օրից ծռվեց, երբ նա «բան­տի» ժամացույց ստեղծեց:

ՄԻՋԻՆ — Ձեր ամուսինը ժամագո՞րծ էր:

Ա ՑԱՆՑԱՌ Ոչ, դատախազ էր:

ՄԻՋԻՆ — Դատախազը… ժամագո՞րծ… (Քրքջում են:) Ծիծաղից մեռնել կարելի է:

Ա ՑԱՆՑԱՌ — Իսկ ինչո՞ւ եք ծիծաղում: Եթե տեսնեիք, թե ինչ «բանտի» ժամացույց էր սարքել, հիմա այդպես չէիք ծիծաղի:

ԱՋ Բայց չհասկացա, թե ինչ է նշանա­կում «բանտի» ժամացույց: Ինչ է, ձեր բանտերում ուրիշ ժամացույցների՞ց են օգտվում:

Ա ՑԱՆՑԱՌ — Չէ հա՜: Այդքան խելք նրանց որտեղի՞ց: Այդ ապուշները մինչև հիմա մեր սովորական ժամացույցներից են օգտվում, որոնք միայն ժամեր, րոպեներ ու վայրկյաններ են հաշվում:

ԱՋ — Բա էլ ուրիշ ի՞նչ պիտի հաշվեին:

Ա ՑԱՆՑԱՌ — Տարիներ:

ԱՋ — Ո՞նց թե՝ տարիներ:

Ա ՑԱՆՑԱՌ — Ինչո՞ւ եք զարմանում: Մարդուն որ բանտ են նստեցնում, հո րոպենե­րով կամ վայրկյաններով չե՞ն նստեցնում: Տա­րիներով են նստեցնում, չէ՞:

ԱՋ — Հա:

Ա ՑԱՆՑԱՌ — Հա ու ջան: Իմ մարդն էլ տարիներ հաշվող ժամացույց էր հնարել, անունն էլ «բանտի ժամացույց» էր դրել: Հիմա հասկացա՞ք, թե ինչ հանճարեղ գյուտ էր նա արել: (Կսկիծով:) Ինչ ձեռքեր ունե՜ր… Ինչ ձեռ­քե՜ր…

ԴԵՎ — (միասին): Հա՜… Հիմա հասկացանք: Իսկ հետո ի՞նչ եղավ:

Ա ՑԱՆՑԱՌ — Էլ ի՞նչ պիտի լիներ: Խեղճ մարդուս բռնեցին ու ծակը խոթեցին:

ԴԵՎ Ժամացույցի համա՞ր:

Ա ՑԱՆՑԱՌ — Չէ, կաշառքի: Ինչ ձեռքեր ունե՜ր… Ինչին ձեռք էր տալիս, ոսկի էր դառնում:

ԴԵՎ — (կեղծ ցավակցությամբ): Հաա՜… Իրոք, ոսկի ձեռքեր է ունեցել:

ԱՋ — Իսկ նա բանտում իր պատրաստած ժա­մացույցից է օգտվո՞ւմ:

Ա ՑԱՆՑԱՌ — Հա: Ինչ ձեռքեր ունե՜ր… Ինչ ձեռքե՜ր…

ԱՋ — Իսկ այդ ժամացույցի սլաքները դեռ քանի՞ պտույտ պիտի կատարեն, մինչև նա բան­տից ազատվի:

Ա ՑԱՆՑԱՌ — Մի լրիվ պտույտ:

ԱՋ — Ուրեմն տասներկու տարի են տվել: Իսկ սլաքներն ինչքա՞ն են պտտվել:

Ա ՑԱՆՑԱՌ — (կսկիծով: Ըսկի տեղից չեն էլ շարժվել:

ԱՋ — Պարզ է: Ուրեմն վերջերս են բռնել:

Ա ՑԱՆՑԱՌ — Էն էլ ո՜նց են բռնել: Որ խեղճի վիճակը տեսնեիք, ձեր լացն էլ կգար:

ԱՋ — Անկասկած լաց կլինեինք: Որովհետև մենք շատ քնքուշ սիրտ ունենք:

ՄԻՋԻՆ — Իսկ հիմա, հարգելի տիկին, մեզ ասեք, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ձեզ:

Ա ՑԱՆՑԱՌ — Այնքանով, որ ինձ հետ ամուսնանաք, մինչև մարդս բանտից դուրս կգա ու ես նրա մոտ կվերադառնամ: Իսկ մինչ այդ և՛ դուք ինձնից ու իմ ծնկներից կօգտվեք, և՛ ես ժամանակը ձեզ հետ կկարճեմ:

ՄԻՋԻՆ — Դուք շատ ճիշտ հասցեով եք եկել: Մենք ձեր ժամանակը այնպես կկարճենք, որ չեք էլ զգա, թե ոնց թռավ:

Ա ՑԱՆՑԱՌ — Իմ ուզածն էլ հենց դա է:

ՄԻՋԻՆ — Հիանալի: Իսկ այժմ, հարգելի տիկին, դուք այստեղ անցեք: (Ուսուցչանոցի դռան կողմն է ցույց տալիս:) Քիչ հետո մենք կգանք և ձեր ժամանակն ու ձեզ իսպառ կկար­ճենք:

Ա Ցանցառը ուսուցչանոցի դռան կողմն է գնում:

ՄԻՋԻՆ — Կներեք, ևս մի հարց: Երբ այստեղ էիք գալիս, դրսում ուրիշ սպասողներ կայի՞ն:

Ա ՑԱՆՑԱՌ — Հերթը դիմացի սարին է հասել:

ՄԻՋԻՆ — Եղավ: Շնորհակալություն:

Ուսուցչանոցի դուռը փակվում է Ա Ցանցառի ետևից:

ՄԻՋԻՆ — (Ձախին): Այ տղա, էս ի՞նչ արեցիր:

ՁԱԽ — (անվրդով): Ի՞նչ եմ արել:

ՄԻՋԻՆ — Ո՞նց թե՝ ինչ եմ արել: Չլսե­ցի՞ր, թե հերթն ուր է հասել:

ԱՋ — Իսկ ինձ անընդհատ մի միտք է տանջում, թե էս ավանտյուրիստը որտեղի՞ց է խմբագրու­թյունների ճամփեքը սովորել:

Դռան թակոց:

ՄԻՋԻՆ — (ցածրաձայն): Էս խոսակցությու­նը հետո կշարունակենք: (Բարձրաձայն:) Մտեք: Դուռը բաց է:

Թերթը ձեռքին ներս է մտնում Բ Ցանցառը:

Բ ՑԱՆՑԱՌ — (թերթը ցույց տալով: Բարև ձեզ: Այս հայտարարությունը…

ՄԻՋԻՆ — Այո, այո: Մենք ենք տվել: Ներ­կայացեք խնդրեմ:

Բ ՑԱՆՑԱՌ — Ո՞նց ներկայանամ: Ձեզ ի՞նչ է հետաքրքրում:

ՄԻՋԻՆ — Ամուսնացա՞ծ եք… ամուսնացած չե՞ք…

Բ ՑԱՆՑԱՌ – Ե՛վ ամուսնացած եմ, և՛ ոչ:

ՄԻՋԻՆ — Ինչ է, ձեր ամուսինն էլ է բան­տո՞ւմ:

Բ ՑԱՆՑԱՌ — Ոչ, գժանոցում է:

ՄԻՋԻՆ — (ցածրաձայն): Աչքներս լույս: (Բարձրաձայն:) Ինչո՞ւ է գժանոցում:

Բ ՑԱՆՑԱՌ — Որովհետև գժվեց:

ՄԻՋԻՆ — Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ գժվեց:

Բ ՑԱՆՑԱՌ — Քաղաքականության ձեռից:

ՄԻՋԻՆ Քաղաքական գործի՞չ էր:

Բ ՑԱՆՑԱՌ Ոչ, խոհարար էր:

ՁԱԽ (գլուխը բռնելով): Տղերք, հիմա էլ ես կգժվեմ: Ախր, այ տիկին, խոհարարն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ:

ԱՋ — Դու շատ իզուր ես այդպես կարծում: Քաղաքականության մեջ էլ են ճաշեր եփում ու թափում:

ՄԻՋԻՆ — Այնպիսի ճաշեր, որ մատներդ էլ հետը կուտես:

ԱՋ — Դե, պատմեք տեսնենք, ինչպե՞ս եղավ, որ ձեր ամուսինը գժանոց ընկավ:

Բ ՑԱՆՑԱՌ — Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խեղճ մարդս որոշեց էս անշնորհակալ ու անարժան երկրի նախագահը դառնալ:

ԱՋ — Խոհարարը… նախագա՞հ:

Բ ՑԱՆՑԱՌ — Ինչո՞ւ եք զարմանում: Նույնիսկ Լենինն է ասել, որ երկիրը խոհարարները պիտի կառավարեն:

ԴԵՎ – Հա՛… Եթե Լենինն է ասե՜լ…

Բ ՑԱՆՑԱՌ — Հա: Ուրեմն ամուսինս ու­զում էր էս անարժան երկրի նախագահը դառնալ: Բայց նա նկատել էր, որ բոլոր ընտրու­թյուններում կեղծիքներ են կատարվում, որով­հետև իրենց ճաշարանի հաճախորդները գնա­լով պակասում էին, սովածներն էլ ավելանում էին: Եվ նա մի այնպիսի ընտրելաձև էր հնարել, որտեղ կեղծիք ասված բանը լրիվ բացառվում էր, անունն էլ «փորի ընտրություն» էր դրել:

ՄԻՋԻՆ — Ինչի ընտրությո՞ւն:

Բ ՑԱՆՑԱՌ — «Փորի ընտրություն»:

ՄԻՋԻՆ — Առաջին անգամ եմ լսում: Իսկ ինչպե՞ս էր ուզում այդ փորի ընտրությունները կազմակերպել:

Բ ՑԱՆՑԱՌ — Շատ պարզ և հասարակ: Նա առաջարկում էր, որ բոլոր ընտրողները ընտրության օրը աղի բլիթ ուտեն: Ով երազում նրանց ջուր կտա, հենց նրան էլ նախագահ ընտրեն: Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե մեր ազգի աղջիկ­ները դարեր շարունակ այդպես են իրենց հա­մար փեսացուներ ընտրել, ապա ինչո՞ւ չի կարե­լի նույն ձևով հանրապետության նախագահ ընտրել:

ՄԻՋԻՆ — (կեղծ հիացմունքով): Ինչպիսի՛ հանճարեղ պարզություն:

ԱՋ — Եվ ի՜նչ հանճարեղ արդարություն:

ՁԱԽ — Դե արի ու այդպիսի ընտրությունը կեղծի:

ՄԻՋԻՆ — Դա անհնարին է: Իսկ հետո ի՞նչ եղավ:

Բ ՑԱՆՑԱՌ — Իսկ հետո որոշեցինք մեր գյուտն առաջինը մեր վրա փորձել:

ՄԻՋԻՆ — (կեղծ հիացմունքով): Ինչպիսի՛ ինքնազոհություն: Այդպիսի բան միայն մեծ գիտնականներն են արել: Իսկ հետո՞, հետո ի՞նչ եղավ:

Բ ՑԱՆՑԱՌ — Հետո էն եղավ, որ ընտրու­թյան օրը մենք մեր աղի բլիթը կերանք և տեղաշոր մտանք:

ՄԻՋԻՆ — Եվ ի՞նչ երազ տեսաք:

Բ ՑԱՆՑԱՌ — Իմ երազում նա ինձ ջուր տվեց, իսկ նրա երազում ես էի ջուր տվել: Իսկ դա գիտեք ի՞նչ է նշանակում:

ԴԵՎ — (երեքով): Չէ:

Բ ՑԱՆՑԱՌ — Դա նշանակում է, որ նա հանրապետության նախագահ է ընտրվել, իսկ ես էլ հանրապետության առաջին տիկինն եմ դարձել:

ՄԻՋԻՆ — (կեղծ ակնածանքով): Այդ դեպ­քում թույլ տվեք երեքիս անունից ձեզ շնորհավո­րել:

Բ ՑԱՆՑԱՌ — Սպասեք: Ավելի լավ կա­նեք, շնորհավորելու փոխարեն ցավակցեք:

ԴԵՎ — (կեղծ սարսափած): Ի՞նչ էր պատա­հել:

Բ ՑԱՆՑԱՌ — Էլ ի՞նչ պիտի պատահեր: Երբ արթնացանք և այն, ինչ տեսանք, մեզ այնպես ցնցեց, կարծես մեր գլխին սառը ջուր լցվեց:

ԴԵՎ — Իսկ ի՞նչ տեսաք:

Բ ՑԱՆՑԱՌ — Էն տեսանք, որ ամուսնուս փոխարեն մի ուրիշ անաղուհաց ու անհացուջուր մարդու են նախագահ ընտրել և իմ փոխա­րեն էլ նրա կինն է հանրապետության առաջին տիկինը դարձել:

ԴԵՎ — (կեղծ վրդովմունքով): Ինչպիսի՛ խայ­տառակություն, ինչպիսի՛ անարդարություն:

ԱՋ Փաստորեն պետական հեղաշրջում է կա­տարվել: Ինչպիսի՜ խայտառակություն: Ինչպի­սի՜ անարդարություն…

Բ ՑԱՆՑԱՌ — (կսկիծով): Խայտառակու­թյուն ասիք ու պրծա՞ք…

ՄԻՋԻՆ — Իսկ դուք չբողոքեցի՞ք:

Բ ՑԱՆՑԱՌ — Բա ի՞նչ արեցինք: Խեղճ մարդս իր խոհանոցն ու շերեփները թողեց, սկսեց բոլոր դռները ծեծել ու ապացուցել, որ ինքն է էս երկրի իսկական տերն ու նախագահը:

ԴԵՎ — Եվ ի՞նչ:

Բ ՑԱՆՑԱՌ — Ոչինչ: Բոլորը սարսափած հեռու էին փախչում կամ էլ ծիծաղից փորները բռնած, նրա ետևից հայ-հույ էին անում: Եվ հենց փողոցում էլ նրան չամփեցին ու գժանոց տարան:

ԴԵՎ — Ինչ տխուր պատմությո՜ւն…

Բ ՑԱՆՑԱՌ — Տխուր ասիք ու պրծա՞ք:

ՄԻՋԻՆ — Մենք զարմանում ենք, թե դուք ինչպե՞ս չեք գժվել:

Բ ՑԱՆՑԱՌ — Ո՞վ է ասում, որ չեմ գժվել: Գժվելն էլ ո՞նց է լինում:

ԱՋ — Ինչպե՞ս չգժվես: Երբ օրինական նախա­գահը գժանոց է ընկել, իսկ նրա տեղը անաղու­հաց մեկն է նստել:

Բ ՑԱՆՑԱՌ — Նրա կինն էլ պալատում իմ տեղն է զավթել, ինձ էլ ձեր նմանների դռներն է գցել:

ՄԻՋԻՆ — Իրոք որ կարելի է գժվել: Իսկ ին­չո՞վ կարող են մեր նմանները ձեզ համար օգ­տակար լինել:

Բ ՑԱՆՑԱՌ — Ընդամենը մի փոքրիկ բա­նով: Եթե ուզում եք՝ կարող եք ինձ հետ ամուսնանալ, չեք ուզում՝ առանց քաշվելու ասեք: Որովհետև ես, բացի սրանից, ամուսնության մի ուրիշ հայտարարություն էլ ունեմ:

ԱՋ — Ինձ թվում է, չարժի, որ ձեր ծանր տեղը թեթևացնեք և էս հասցեից էն հասցեն վազեք: Չէ՞ որ դուք հանրապետության առաջին տի­կինն եք:

ՄԻՋԻՆ — Մենք էլ ենք այդպես կարծում: Մանավանդ որ դրա կարիքը չկա: Որովհետև այս հսկայական հերթից միայն ձեզ ենք ընտ­րել:

ԱՋ — Եվ այն էլ ձեր ամուսնու առաջարկած «փորի ընտրությամբ» ենք ձեզ ընտրել:

ՄԻՋԻՆ — Իսկ երբ մենք փորով ենք ընտ­րում, դրան բեկանել չկա:

Բ ՑԱՆՑԱՌ — Դե, որ փորի ընտրությամբ եք ընտրել, էլ ինչո՞ւ պիտի ուրիշ տեղ գնամ: Սրանից լավ տեղ էլ որտե՞ղ ճարեմ: Իսկ հիմա ասեք, ես ի՞նչ պիտի անեմ:

ՄԻՋԻՆ — Իսկ հիմա դուք այստեղ անցեք: (Ցույց է տալիս ուսուցչանոցի դռան կողմը:) Մինչև տեսնենք, թե ինչ ենք անելու:

Բ Ցանցառը ուսուցչանոցի դռան կողմն է գնում:

ՄԻՋԻՆ — Հա, ևս մի հարց: Երբ այս­տեղ էիք գալիս, չնկատեցի՞ք կանանց հերթն ուր էր հասել:

Բ ՑԱՆՑԱՌ — Հերթը սարի էն կողմն էր անցել:

Ուսուցչանոցի դուռը փակվում է: Դռան թակոց:

ԱՋ — Ըհը… Աչքներս լույս, մեկն էլ եկավ: Մտեք: Դուռը բաց է:

 

Թերթը ձեռքին ներս է մտնում Գ Ցանցառը:

Գ ՑԱՆՑԱՌ — Շատ կներեք, դո՞ւք եք այս…

ՄԻՋԻՆ — Այո, մենք: Եկեք ձևականություն­ների վրա ժամանակ չկորցնենք: Ներկայացեք, խնդրեմ:

Գ ՑԱՆՑԱՌ — Իսկ ի՞նչ է ձեզ հետաքրքրում:

ՄԻՋԻՆ — Ամուսնացա՞ծ եք:

Գ ՑԱՆՑԱՌ — Ե՛վ այո, և՛ ոչ:

ՁԱԽ — Ուզո՞ւմ եք ես ասեմ, թե ձեր ամուսինը որտեղ է գտնվում:

Գ ՑԱՆՑԱՌ — Որտե՞ղ է զտվում:

ՁԱԽ — Բանտում:

Գ ՑԱՆՑԱՌ — Տեսա՞ք, որ չգուշակեցիք:

ՁԱԽ — Ուրեմն գժանոցում:

Գ ՑԱՆՑԱՌ — Ոչ էլ գժանոցում:

ՁԱԽ — Բա որտե՞ղ է:

Գ ՑԱՆՑԱՌ — Ոչ մի տեղ էլ չի:

ՁԱԽ — Ո՞նց թե՝ ոչ մի տեղ էլ չի:

ԱՋ — Երևի մահացել է:

Գ ՑԱՆՑԱՌ — Ոչ էլ մահացել է:

ՁԱԽ — Բա ի՞նչ է եղել:

Գ ՑԱՆՑԱՌ — Պայթել է:

ՄԻՋԻՆ — Ո՞նց թե՝ պայթել է: Տղերք, ես կգժվեմ: Ախր, այ տիկին, ձեր ամուսինը հո ռումբ չէ՞ր, որ պայթեր:

Գ ՑԱՆՑԱՌ — Ռումբ չէր, բայց պայթեց:

ՄԻՋԻՆ — Բայց ո՞նց:

Գ ՑԱՆՑԱՌ — Դա երկար պատմություն է:

ՄԻՋԻՆ — Իսկ դուք փորձեք մի երկու բառով պատմել:

Գ ՑԱՆՑԱՌ — Որ շատ եք ուզում, կպատ­մեմ: Ուրեմն այսպես: Սկսեմ նրանից, որ նա ռազմագիտության մեջ մի շատ խոշոր ու կարևոր գյուտ էր արել:

ՄԻՋԻՆ — Ձեր ամուսինը զինվորակա՞ն էր:

Գ ՑԱՆՑԱՌ – Ո՛չ: Հաշվապահ էր: Նրան տակը միզելու պատճառով բանակից ազատել էին:

ՄԻՋԻՆ — Բայց հաշվապահն ի՞նչ գործ ու­ներ ռազմագիտության հետ:

ԱՋ — Ինչո՞ւ ես զարմացել: Ինչ է, չգիտե՞ս, որ մարդիկ սիրում են իրենց չիմացած բաների մեջ քթները խոթել: Դատախազն ու խոհարարը՝ քեզ օրինակ:

Գ ՑԱՆՑԱՌ — Այդպես եք խոսում, որով­հետև չգիտեք, թե ինչ գյուտ էր արել: Բայց որ իմանաք, համոզված եմ, երեքիդ բերանները բաց կմնան:

ԱՋ — Իմ բերանը որ բաց է մնացել: Դե պատ­մեք, տեսնենք, այդ ի՞նչ գյուտ էր արել:

Գ ՑԱՆՑԱՌ — Ուրեմն խեղճ մարդս գի­տականորեն ապացուցել էր, որ Ավարայրի ճակատամարտում եթե Վարդան Մամիկոնյանը պարսկական փղերի դեմ թեկուզ մեկ հատ հա­կատանկային թնդանոթ ունենար, մենք կհաղ­թեինք և ինքն էլ չէր զոհվի:

ՄԻՋԻՆ — Ինչ հանճարեղ գյուտ: Պատկե­րացնո՞ւմ եք, տղերք, թե այդ թնդանոթը ոնց պարսկական փղերի հերը կանիծեր:

Գ ՑԱՆՑԱՌ — Բա որ ես ասում էի, չէիք հավատում:

ՄԻՋԻՆ — Հետո ի՞նչ եղավ:

Գ ՑԱՆՑԱՌ — Ի՞նչ պիտի լիներ: Էս երկ­րում ո՞ր հանճարին են գնահատել: Բավական չի, որ չգնահատեցին, դեռ սկսեցին ձեռ առնել:

ԱՋ — Եվ նա դրանից պայթե՞ց:

Գ ՑԱՆՑԱՌ — Ոչ, դրանից չպայթեց: Պայթելը հետո եղավ:

ԱՋ — Դե, շուտ արեք, պատմեք, թե չէ անհամ­բերությունից մենք էլ կպայթենք:

Գ ՑԱՆՑԱՌ — Ուրեմն, խեղճ մարդս որ­պեսզի ցույց տա, թե ինչպես է իր գյուտը գործում, ընդամենը մի չնչին փիղ և մի հակատան­կային թնդանոթ էր իշխանությունից պահան­ջում:

ԱՋ Եվ ի՞նչ… տվեցի՞ն:

Գ ՑԱՆՑԱՌ — Ոնց չէ, տվեցին: Նրանք իրենց հոր ցավն էլ ուրիշին չեն տա:

ԱՋ – Հա՛… Նրանք շատ անգթորեն են ձեզ հետ վարվել: Դե, պարզ է, որ ձեր ամուսինն էլ չդիմացավ և դրանից պայթեց:

Գ ՑԱՆՑԱՌ – Ո՛չ: Դրանից էլ չպայթեց: Բայց պայթելուն արդեն մոտենում էր:

ՄԻՋԻՆ — Միայն խնդրում եմ, մի քիչ արագ մոտեցեք:

Գ ՑԱՆՑԱՌ — Արդեն մոտեցել եմ: Մի եր­կու խոսք է մնացել, որ մարդս պայթի: Երբ խեղճը տեսավ, թե ինչ քար անտարբերություն է իր շուրջը տիրում, որոշեց մի թնդանոթ սարքել և մեր գազանանոցի փղի վրա փորձարկել:

ՄԻՋԻՆ — Սարքեց ու փորձարկե՞ց:

Գ ՑԱՆՑԱՌ — (հպարտությամբ): Այո՛: Սարքեց ու փորձարկեց:

ՄԻՋԻՆ — Եվ ի՞նչ…

Գ ՑԱՆՑԱՌ — (կսկիծով): Եվ այն… որ խեղճից մի կտոր էլ չմնաց, որ տանեի թաղեի ու վրան լաց լինեի:

ԴԵՎ — (կեղծ ցավակցելով): Հա՜… Շատ տխուր պատմություն է:

Գ ՑԱՆՑԱՌ — Հիմա դուք հասկացա՞ք, թե ինչու էի ասում, որ ամուսինս և՛ կա, և՛ չկա: Որովհետև ո՛չ մեռած է, ո՛չ էլ թաղված: Մի խոս­քով, ես շատ անորոշ վիճակում եմ հայտնվել:

ԱՋ — Իրոք որ, շատ անորոշ վիճակում եք հայտնվել:

ՄԻՋԻՆ – Այո՛… Շատ դժվար է հանճարի կին լինել:

Գ ՑԱՆՑԱՌ — Շատ ճիշտ եք ասում: Դրա համար էլ, երբ ձեր այս հայտարարությունը կարդացի, ինքս ինձ ասացի. «Այ աղջի, եթե ու­զում ես մյուս կանանց պես երջանիկ լինել, քեզ ոչ թե հանճարեղ գիտնական, այլ անգագետ ու բռի չոբան է հարկավոր»:

ՄԻՋԻՆ — Դուք շատ ճիշտ եք մտածել և շատ ճիշտ հասցեով եք եկել: Մեզ պես բռիները գոնե չեն պայթում:

ԱՋ — Եվ եթե պայթում էլ են, միշտ շատ ուտե­լուց են պայթում: Այնպես որ, մենք վաղուց էինք ձեզ սպասում:

Գ ՑԱՆՑԱՌ — Շատ ուրախ եմ: Դե լավ, ես գնամ և ձեր փորը լցնելու համար պատրաստություն տեսնեմ: Ձեր խոհանոցը որտե՞ղ է:

ԴԵՎ — Այստեղ է: (Ուսուցչանոցի դուռն է ցույց տալիս:)

Գ Ցանցառը ուսուցչանոցի կողմն է գնում:

ՄԻՋԻՆ — Հա, ևս մի հարց: Երբ այստեղ էիք մտնում, կանանց հերթն ո՞ւր էր հասել:

Գ ՑԱՆՑԱՌ — Հերթը երեք սարից էլ այն կողմ էր անցել:

ՄԻՋԻՆ — Եղավ, շնորհակալություն:

Ուսուցչանոցի դուռը փակվում:

ՄԻՋԻՆ — Տեսա՞ք էս ցանցառին: Մեզ ան­գրագետ ու բռի չոբան անվանեց:

ԱՋ — Ոչինչ: Ես նրանից այնպիսի չոբանի խո­րոված կսարքեմ, որ մատներդ էլ հետը կուտեք:

ՄԻՋԻՆ — Բայց, տղերք, լսեցի՞ք, թե հերթն ուր է հասել:

ԱՋ — Լսեցինք, լսեցինք: (Սարսափած:) Բայց մի՞թե աշխարհում այսքան շատ ցանցառ կա:

ՄԻՋԻՆ — Կա, կա: Եվ եթե մի քիչ ուշաց­նենք, էս ցանցառների հերթը ծովից-ծով էլ կանցնի:

ՁԱԽ — (սարսափած): Բա հիմա ի՞նչ անենք:

ՄԻՋԻՆ — Ի՞նչ պիտի անենք: Վեր կաց, դուրս արի ու ոնց ուզում ես, մեզ դրանց ձեռքից ազատի: Էս խաղը դու ես սարքել, դու էլ խա­ղա:

ՁԱԽ — Առանց ձեզ ո՞նց դուրս գամ: (Ձեռքե­րով ցույց է տալիս, որ իրենք մի մարմին են:)

ԱՋ Ոնց առանց մեզ հարցնելու հայտարա­րություն էիր տալիս, այնպես էլ առանց մեզ դուրս արի և քո հայտարարությունը չեղյալ հայ­տարարի:

ՁԱԽ — Բա դուք խիղճ ունե՞ք: Ո՞նց եք ձեր հա­լալ ախպորը այդքան ցանցառների մոտ մենակ ուղարկում: (Սարսափած:) Վիզս էլ կտրեք, մե­նակ դուրս եկողը չեմ:

ՄԻՋԻՆ — Այ, այդպես եք անում: Ամեն մեկդ ինքնագլուխ գործեր եք բռնում ու բոլորիս կրակն եք գցում:

Դևը դանդաղ ոտքի է կանգնում և քթի տակ դժգոհ մռթմռթալով դռան կողմն է քայլում:

ՄԻՋԻՆ — Մշո Սուլթան Սուրբ Կարապետ, դու մեզ օգնական: (Բացում է դուռը և թափով դուրս է գալիս:)

Քիչ անց դրսից լսվում է Դևի եռաձայն որոտը:

ԴԵՎ – Էհեհեհե՜յ… Լսեք բոլորդ: Ով առա­ջինն է և ով վերջինն է: Ով նստած է կամ կանգ­նած: Ով արթուն է կամ քնած: Բոլորդ լսեք և ձեր տները վերադարձեք:

Դրսից կանանց բողոքի ձայներ են լսվում:

ԴԵՎ — (եռաձայն): Ով չլսեց, նորից եմ կրկնում: Ցրվե՛ք ձեր տները և ձեր ամուսինների մոտ վերադարձեք: Մյուսներին էլ ասեք, որ խելք հավաքեն: Վերջ: Թատրոնն ավարտված է: Ձեր տները ցրվեք:

Այս խոսքերից հետո Դևը թափով բեմ է խուժում և դահլիճին է դի­մում:

ԴԵՎ — (եռաձայն): Ինչ է, չլսեցի՞ք: Թատրոնն ավարտված է: Ձեր տները ցրվեք: Վե՛րջ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։