ՋՐԲԱԺԱՆ
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածի ահավորությունն ու խորությունը, բայց արդեն ժամանակն է վերլուծել, հասկանալ՝ ինչ չի արվել կամ թերի է արվել նախորդ կյանքում, առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. ամեն մեկը՝ իր ոլորտում, իր մասնագիտական տիրույթում:
Հարցազրույցների այս շարքը ակնկալում է խոսակցության սկզբնակետ, կարծիքների փոխանակման հարթակ դառնալ, գտնել պատասխաններ՝ ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի: Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է): Հա՛յ թատրոնը (շեշտը իր տեղում է) պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:
Tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է Սամվել ԿՈՍՅԱՆԸ
բանաստեղծ, դրամատուրգ,
ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ» պիեսի համար, «Գալիս եմ դեպի քեզ», «Եվ հույսը շարունակելի» պիեսների ժողովածուների հեղինակ
tatron—drama.am – Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի։
Սամվել ԿՈՍՅԱՆ — Եթե թատրոնը շարունակելու է իրականության հայելին լինել, ապա, հավանաբար, մոտակա տարիներին էլ անդրադարձը լինելու է անորոշությունն ու հասարակությանը պատուհասած ընկճախտը: Իրավիճակի պատճառները հայտնի են, հետևանքները՝ դեռևս անկանխատեսելի, ուստի դժվար է կանխատեսումներ անելը: Սակայն կյանքը շարունակվում է, ինչը պայքար է իրականության բազմաբնույթ դիմադրությունները հաղթահարելով առաջ գնալու, փորձելու գոյության սեփական մոդելը հաստատել, որի միջուկը միշտ էլ եղել է առավել լուսավորն ու բազմագույնը: Կարծում եմ, ապագայում թատրոնի դերը կյանքի այս պայքարին զինվորագրվելն ու աջակցելը պիտի լինի, առաջին պլան բերելով այն նվիրյալներին, ովքեր հավատալով ու անձնվիրաբար ծառայելու են հանուն առաջընթացի:
tatron—drama.am – Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հայ դրամատուրգները։
Սամվել Կոսյան — Թեև աբսուրդի ժանրը առավել տիպական է ներկայիս իրականությանը, սակայն մեզանում գոնե որոշ ժամանակ առավել կկարևորվեն այն պիեսները, որոնք կներկայացնեն ոչ թե ներկա իրավիճակը, այլ կուղորդեն հասկանալու, թե ինչպիսի միջավայրում կուզենայինք լինել: Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ պանդեմիա, պատերազմ, ցավալի պարտություն, մեզ ծանոթ աշխարհն այլևս նույնը չէ, այլ է՝ օտարված: Անծանոթ մակերեսի վրա են մարդկային հարաբերությունները, արժեքային շատ համակարգեր դեֆորմացվել են, խախտվել են համակեցության հանրային կանոնները: Վիճակն իսկապես դրամատիկ է: Դրամատուրգները չեն կարող չարձագանքել այս ամենին և պիտի սպասել թեմային առնչվող նոր պիեսների:
tatron—drama.am — Հայ թատրոնը պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:
Սամվել Կոսյան — Հայ թատրոնը ոչ թե պետք է, այլ պարտավոր է սրբագրել դրամատուրգների հետ համագործակցության իր քաղաքականությունը, քանի որ թատրոնի առաջնային անհրաժեշտությունը եղել ու մնում է պիեսը: Մինչդեռ մեր թատրոնների համար ոլորտի ամենաստորադասվածը դրամատուրգներն են, որոնց իրավունքներն ամեն պահի կարող են անտեսվել: Պիեսը բեմադրում են, հարկ չհամարելով տեղյակ պահել հեղինակին, խմբագրում են, էլի առանց հեղինակին զգուշացնելու: Մեզանում կարծես պատվաբեր չէ հեղինակ-բեմադրիչ համագործակցությունը: Փաստացի բեմադրիչների ինքնիշխանություն է: Դրամատուրգին պատվեր տալն ընդհանրապես մոռացված գործառույթ է, որովհետև պատվերը նաև պարտավորություն է, իսկ մեր թատրոնները փորձում են հնարավորինս խուսափել որևէ պարտավորությունից: Կան արտասահմանյան հեղինակներն ու դասականները, որոնց կարելի է ներկայացնել առանց գլխացավանքի, հպարտորեն բարձրաձայնելով, որ կարողացել են դրանց ժամանակակից շունչ հաղորդել: Իրականում ժամանակակից հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը կախված է միայն ռեժիսորի քմահաճույքից, ինչը վկայում է, որ մեր թատրոնները չունեն իրենց ռազմավարությունը և առաջնորդվում են այսուայն-ի սկզբունքով: Այստեղից էլ՝ այն խնդիրները, որ կան և չսրբագրվելու պարագայում շարունակվելու են: