ՋՐԲԱԺԱՆ

2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմի ցառաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:

  1. Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:
  2. Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները /շեշտը իր տեղում է/:
  3. Հա՛յ թատրոնը /շեշտը իր տեղում է/ պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:

 

Tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԸ

Դրամատուրգ,

ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Պադամ, պադամ պադամ» պիեսի համար,

«Քառասուն օր համբառնալուց առաջ», «Վերջին ծաղրածուն»,

«Հրադադար»,«Փակուղուց այն կողմ»,

«Թվացյալ երկրի բնիկները»

պիեսների ժողովածուների հեղինակ

 

Շատ կարևոր հարցադրումներ է անում «Թատրոն-դրաման», այնքան կարևոր և կենսական, որ եթե փորձում ենք խորը մտորել այս հարցերի մասին, ակամա  մտահոգվում  ենք, թե արդյո՞ք հայ թատրոնն ի վիճակի է լուծել իր առջև ծառացած ազգայի՛ն թատրոնի (այստեղ և հետայսու՝ շեշտերն իրենց տեղում են) ահռելի խնդիրները, երբ դրանք, իրենց խորքային էությամբ ու նպատակադրումներով, այսօրվա թատերարվեստի գործիչների զգալի մասի ուժերից վեր են, նրանց մեջ արմատացած ազգային-գեղագիտական ըմբռնումերից  վաղուց օտարված:

Թող չվիրավորվեն, պարզեմ միտքս:

Նախ, եկեք քննենք, թե որքանո՞վ էր հայ թատրոնն իր տեղում ու դերում մինչև վերջերս:

Տևական ժամանակ, դեռևս խորհրդային վերջին տարիներից, Հայաստանի թատերարվեստը հետզհետե և սահուն հեռացավ ազգային-հասարակական արմատներից՝ տիրող գաղափարախոսությանը տուրք տալով, երբեմն էլ հանդես գալով որպես այդ գաղափարախոսության այլախոհ՝ համաշխարհային առաջադեմ թատերարվեստում ինքնահաստատվելու ձգտմամբ, դասականներին կամ արևմտյան հեղինակներին  նորաոճ բեմադրելով: Այդ ծիրում, իհարկե, եղան  աչքի ընկնող մի քանի բեմադրություններ, որոնք այդպես էլ մնացին որպես բեմադրիչների, մի քանի դերասանների ստեղծագործական նվաճում, բայց ոչ երբեք՝ հայ թատրոնի:

Արևմուտքն ու մեր արվեստի գլխավոր արբիտր Ռուսաստանը, հյուրախաղերի և  մեկ-երկու փառատոների ընթացքում դիտելով այդ ներկայացումները, շոյեցին մեր գլուխը՝ դրական թատերախոսություններով ու դիպլոմներով: Միայն այսքանը: Այսպես, թե այնպես, դրանք ազգային թատերարվեստի ավանդույթների շարունակում-զարգացում չես համարի:

Անկախության անցած տարիները, ցավալիորեն, չունեցան ստեղծագործական ազատությունն ի շահ ազգայինին ծառայեցնելու միտումներ, ընդհակառակը՝ օտարամոլության,  ցուցանքի, մոդեռն երևալու տենչը հանգեցրեց ազգային թատրոնի դիմազրկմանը: Հայ թատրոնը չպահպանելով և չզարգացնելով իր անվանի մեծերի բարձրարվեստ նվաճումները, չկարողացավ դաստիարակել հանդիսատես, որի հոգևոր «արժույթը» ավելի շատ հակվեց քաղքենիության նիշին, երբ արվեստն ընկալվում է որպես անձնական, կենցաղային  զգացմունքներին բավականություն տալու միջոց,  բայց ոչ՝ գեղագիտական հոգևոր արժեք: Եվ բանն այնտեղ  հասավ, որ շատ դեպքերում դահլիճը բեմ մտնող դերասանին ծափերով ողջունեց ոչ թե թատերարվեստում ունեցած նրա մեծ ավանդի կամ տվյալ կերպարը բարձրարվեստ մարմնավորելու համար, այլ որ նրան «սիրահարված է» անարվեստ սերիալներից:

Մեր թատրոնում ծայր առավ դավանափոխությունը, այն ուծացվեց «մոդեռնի» աննպատակ ու բովանդակազուրկ փնտրտունքներում, դերասանական կերպարները դարձան մակերեսային, զուրկ՝ թատրոնի հիմքն ու հավատամքը  հանդիսացող ազնիվ և ուժեղ կրքերի բախումներից, հուզականությունից: Նույնիսկ հանրահայտ դասական գործերը, որոնցում ճակատագրերի բախում, խոր դրամատիզմ ու ողբերգականություն կա, ոմանք սկսեցին բեմադրել վերտուալ-խորհրդանշային հիբրիդային ոճով, որում դերասանը բուտաֆորի վիճակում է, և դա հորջորջեցին «ռեժիսորական բեմադրություն»՝ նեղություն չտալով իրենց խորամուխ լինել այդ հասկացության բուն էության մեջ:

Հայ թատրոնները չունեցան իրենց հստակ խաղացանկային քաղաքականությունը, չարտացոլեցին ժամանակի սոցիալական, քաղաքական-հասարակական տրամադրությունները, մեր ժամանակների Զիմզիմովները, Զամբախովները, Էլիզբարովներն ու Ալիմյանները բեմում լինելու փոխարեն բազմեցին օթյակներում՝ արժանանալով թատերարվեստի մարդկանց շողոքորթ շնորհակալություններին, ինչ է թե իրենց թալանած ահռելի հարստությունից կոպեկներ են բաշխել այս կամ այն միջոցառման կամ փառատոնի անցկացման համար: Անտեսվեց գոյապայքարի, մարտական հաղթանակների, ռազմահայրենասիրական թեմատիկան, որն առաջնայինն ու գլխավորը պետք է լիներ դեռևս պատերազմական վիճակում գտնվող երկրի համար:

Քամահրվեց դրամատուրգը, բեմադրիչներից ոմանք սկսեցին խմբագրել անգամ դասականներին՝ վերաձևելով նրանց իրենց հագով: Ոմանք հավակնեցին իրենք պիես գրել, բեմադրել, կատարել նկարչական ու երաժշտական ձևավորումները:

Թատրոնները խուսափեցին ժամանակակից  հայ դրամատուրգների հետ համագործակցելուց,  քմահաճորեն վերաբերվեցին նրանց, ժամանակակից ազգային դրամատուրգիան արհամարհվեց՝  որպես թե ետ է մնում համաշխարհային արվեստի առաջավոր միտումներից: Տաղանդավոր, երիտասարդ դրամատուրգներից ոմանք կուլ տվեցին այդ մտայնության խայծն ու սկսեցին ստեղծել «եվրոպական» անհասկանալի ինչ որ միջավայրում ապրող «Մարկ»-երի, «Սյուզի»-ների անբնական, հնարովի կերպարներ՝ գերժամանակակից  ցանկասիրություններով և կործանեցին իրենց տաղանդը: Արդի հայ դրամատուրգների պիեսների սակավաթիվ բեմադրությունները կարճ կյանք ունեցան խաղացանկերում և այլն:

Ցավալիորեն,  թատերարվեստի որոշ «ինտելեկտուալ» միջավայրում, երբ խոսք է գնում ազգային թատրոնի պահպանման ու զարգացման մասին, ոմանց համար դա արխայիկ, Խեչոյի մասին խղճուկ նաղլ է, չգիտակցելով, որ ԱԶԳԱՅԻՆ  ասածդ տրեխն ու յափնջին չեն, զանց առնելով, որ ազգային ոգեղեն արժեքների հենքի վրա ամուր հյուսվածքն է բարձրարվեստ համամարդկային արժեք  դառնում:

Ահա, այս բեռով, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այսպիսի բեռնաթափությամբ դիմավորեցինք 2020 թվի սեպտեմբերի 27-ը:

Արցախյան երկրորդ պատերազմում դավադրաբար, ամոթալի պարտությամբ տարածքների հետ ունեցանք դարավոր մշակույթի ահռելի կորուստներ, որոնք հաստատապես ոչնչացվելու են: Զրոյի է հավասարավել թշնամու դեմ տարած հաղթանակների, դրանք կռող հերոսների փառաբանման, ոգեկոչման թեմատիկայով, նախանցյալ դարավերջից ի վեր ստեղծված տարբեր ժանրերի՝ գրական, երաժշտական, կերպարվեստի ու քանդակագործության ժողովրդական ու հեղինակային հարյուրավոր ստեղծագործությունների ոգեղեն ազդեցության ուժը, որը ամեն մի նոր սերնդի հայրենասիրական դաստիարակության  հիմնաքարն էր:  Վրա է հասել մեծ լռության ամլացնող մի ժամանակաշրջան, որի ընթացքում ստեղծագործական միտքն ու տաղանդը համրանում են: Սակայն, ձեռքները ծալած նստել, սպասել լավ օրերի, թե՝ ժամանակ է պետք իրողությունները սթափ գնահատելու, կողմնորոշվելու համար, թե միջավայրում ստեղծագործական դրական ազդակներ չկան, թե հասարակության ընկճվածությունը բացառում է փոխադարձ հաղորդակցվելը և այլն, միջակներին հատուկ մտայնություն է և անկարողությունը քողարկելու միջոց: Խիզախել է պետք և այդ խիզախումն էլ է տաղանդի չափանիշ ու դրսևորում, թեև, հղի է նաև ձախողումների վտանգով: Թո՛ղ որ: Ազգային արվեստը, մասնավորապես, և հատկապես թատերարվեստը այսպիսի իրավիճակում պարտավոր են հոգևոր շտապօգնություն դառնալ ազգին: Թող ներվի ոչ այնքան բարեզուսպ համեմատության համար, բայց ոչ մի բժիշկ չի սպասում, որ հիվանդը կազդուրվի՝ նոր միայն ինքը այցելության գնա:

Իմ ոչ խորքային դիտարկումներով, թատրոնների այսօրվա մտահոգությունը երկու բանում է՝ ինչպիսի պիես բեմադրել և ընկճանքի մեջ հայտնված հանդիսատեսն արդյոք կգա՞ թատրոն: Սրանց պատասխանները փոխկապակցված են ու փոխլրացյալ: Հավատացած եմ՝ կգա՛ն թատրոն, եթե բեմադրությունները հանդիսատեսին անկեղծորեն, հարազատորեն ոգեղեն ուժ ներարկելու կենսական լիցք ունենան:

Ինչում եմ տեսնում թատրոնների գերխնդի՞րը: Նախ և առաջ սկսել է պետք սկզբից, այն կետից, որտեղից հա՛յ  թատրոնը խոտորվեց իր ազգային-հասարակական դերակատարումից: Վերադառնալ է պետք հոգևոր գոյության պահպանման խնդրին, խորապես պետք է կշռադատել և ստեղծել խաղացանկային կուռ քաղաքականություն՝ նպատակաուղղված մոտակա տարիներին թատերական գեղագիտությամբ հասարակության բարոյահոգեբանական ներուժի պահպանմանն ու ակտիվացմանը: Այս գործին պետք է վերաբերվել հոգեբանի պես և անգամ՝  հոգեբանների հետ խորհրդակցելով, քանզի հարցը միայն թատրոնների գործունեության վերարթնացումը չէ, այլև հասարակության կենսունակությանն օժանդակելը:  Սերտ համագործակցել է պետք ժամանակակից դրամատուրգների հետ, պիեսներ պատվիրել նրանց, քննարկել նրանց առաջարկները: Սա պետք է ձեռնարկել այսօրվանից, այն հաշվով, որ ապրիլ ամսից մեր թատրոններում նոր բեմադրությունների պրեմիերաների շարք լինի: Դրամարկղային մուտքի վիճակը չպետք է պահանջանքի ու մտահոգության առարկա դառնա: Ժամանակի հետ դա կբարվոքվի: Եվ, ամենակարևորը, համապատասխան նախարարությունը պարտավոր է պետպատվերի քանակը շատացնել:

Գալով հերոսի փնտրտուքի հարցին, ապա դա յուրաքանչյուր դրամատուրգի աշխարհայացքի, տաղանդի, ներկա ժամանակը ճիշտ գնահատելու, անգամ նոր մարտահրավերները գուշակելու կարողություններով է պայմանավորվում, նաև՝ թատրոնների գեղագիտական ուղղվածություններով ու պահանջմունքներով: Ով էլ որ լինի այդ հերոսը՝ պատմական հայտնի անցքերի մասնակից, ժամանակակից, թե  ֆանտաստիկայի ժանրով՝ ապագայից հայտնված մեկը, միևնույն է, նրա կերպարն ու պիեսի ողջ գաղափարը պետք է աղերսվեն ներկայիս հիմնախնդիրներից՝ ազգային գեղագիտության սկզբունքներով: Կարող է թվալ, թե ազգային բառը շատ եմ օգտագործում: Ամենևին: Ներկայիս անմխիթար վիճակից դուրս գալու համար հայ թատրոնի մեկնարկային հրապարակը միմիայն ազգային գեղագիտությունն է: Իսկ երբ կառաջանա տիեզերական երկրորդ արագություն ունենալու անհրաժեշտությունը՝ ժամանակը կթելադրի, թե որ ուղղությամբ և հրթիռային ինչպիսի վառելիքով պետք է ընթանալ:

 

2

Տարիներ առաջ, երբ գրում էի սահմանամերձ գյուղերի դատարկման հիմնախնդրին նվիրված «Փակուղուց այն կողմ» դրաման, վստահ էի, որ մայրաքաղաքի թատրոններից և ոչ մեկում, ոչ էլ Գյումրիի կամ Վանաձորի թատրոնում այն չի բեմադրվելու, որովհետև, ինչպես վերը նշեցի, մեր թատրոնները օտարվել են ազգային հիմնախնդիրներն ու սոցիալական, քաղաքական-հասարակական տրամդրությունները  թատերարվեստով  ներկայացնելուց: Պիեսը մեծ հաջողությամբ բեմադրվեց Կապանի թատրոնում և հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացավ: Ինչպես ասում են՝ վերքը տիրոջն է ցավ տալիս: Իսկ ներկայիս ծանր իրավիճակում, հենց նոյեմբեր ամսին, ուժ գտա, հավակնեցի գրել «Հրամայված է ապրել» դրաման՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների հիշատակին: Ես համոզված եմ, որ անգամ մեր օրերում պետք է և կարելի է չշրջանցել ցավոտ թեման, եթե դա մատուցվում է անչափ զգույշ, ցավ չպատճառելով, սնվելով ազգային հոգեբանության զուլալ ակունքներից, հենվելով ոգեղենության ու տոկունության պահպանման գաղափարին և ոչ թե դեգերել կորուստների, ողբ ու լացի տվյատանքներում, որն, անշուշտ, բացառել է պետք:

Ասվածն, իհարկե, չի նշանակում թե հայ դրամատուրգներս միայն մեր հանրությանը հուզող օրախնդիր հարցերին պետք է սևեռվենք: Ամենևին:

Ինչ, երբ և ինչպիսի պիեսներ էլ որ գրի հայ դրամատուրգը, դրա ավիշը հայկական պիտի լինի: Մեր ժողովրդի հազարամյա հոգևոր շտեմարանը դատարկ չէ, վեր հանելու գանձեր շատ կան, ձիրք ու տաղանդ ունեցողը կգտնի իր ինչն ու ինչպեսը:

Միաժամանակ, պետք է ետ նայել հայ թատերագրության անցած ճանապարհին և նկատել թույլ տրված բացթողումները, ուղղել, լրացնել դրանք: Ահավասիկ, մեր բազմամիլիոնանոց Սփյուռքը, որի թեմատիկան հանիրավի օտարվել է հայ գրականության և արվեստի կողմից: Մինչդեռ, ստեղծագործողների փոքր բանակով, թույլ, թե բարձրարվեստ, Սփյուռքը միշտ հայրենիքի հետ է եղել, մե՛նք չենք նրա հետ եղել:

Եզրափակելով այս հարցի պատասխանը, չեմ կարող չասել հազար անգամ կրկնվածը՝ հայ դրամատուրգը, ի վերջո, պետք է շատ բեմադրվի իր երկրի թատրոնում, հայ դրամատուրգը պետք է թարգմանվի այլ լեզուներով, հայ դրամատուրգը պետք բարձր վարձատրվի:

 

3

Երբ ունենանք իր ողջ էությամբ ու բովանդակությամբ, ազգային գեղագիտական սկզբունքներով առաջնորդվող հա՛յ թատրոն, ապա հա՛յ դրամատուրգների հետ վարվող նրանց  քաղաքականությունը սրբագրելու կարիք չի ունենա, որովհետև հա՛յ թատրոնի ընթացքին մեկնարկ է պետք և ոչ թե շարունակություն:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։