Ջրբաժան
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չիարվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:
- Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:
- Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները /շեշտը իրտեղում է/:
- Հա՛յ թատրոնը /շեշտը իր տեղում է/ պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:
Tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է Դավիթ ԽԱՉԻՅԱՆԸ
Արձակագիր, դրամատուրգ,
«Համերգ դատարկ դահլիճում» ժողովածուի հեղինակ
(Պիեսներ, հրապարակախոսոuթյուն)
Երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամեն ինչ սկսում և ի վերջո հանգում է արժեհամակարգի խնդրին: Եվ իմ խորին համոզմամբ մեր պարտությունը նախ և առաջ մեր արժեհամակարգի պարտությունն էր: Ավելի ճիշտ՝ արժեհամակարգի բացակայությունը հանգեցրեց ցավալի պարտության, որն, ավա՜ղ միայն ռազմի դաշտում չէր: Ընդհակառակը, հայ զինվորը կրկին ցույց տվեց իր անվեհեր կերպարը: Երանի թե ռազմաքաղաքական էլիտան մեր զինվորի թեկուզ տասը տոկոսի չափ հայրենասիրություն և կորով ունենար… Մեր պարտության ակունքները փնտրենք մեզ սնուցող արժեքային համակարգի գրեթե լիակատար սնակնության մեջ: Եկեք գոնե հիմա չխաբենք ինքներս մեզ: Ինքնախաբեությունը և աչքակապությունը կատարյալ չարիք են մեզ համար: Արցախյան առաջին պատերազմում հաղթեց խորհրդային դարաշրջանում ձևավորված և կռված ոգին՝ Շիրազով, Վազգեն Առաջինով ու Հայրենիքի վեհ գաղափարով:
Իսկ ի՞նչ ունեինք սեպտեմբերի 27-ին: Թող ինձ ներվի, բայց մի բառով ասեմ՝ համատարած կեղծիք հասարակական գոյության գրեթե բոլոր բնագավառներում: Կայանալու համար արժեհամակարգը պետք է առաջին հերթին հիմնված լինի ոչ թե անհատականությունների վրա, այլ ընդամենը սնուցվի նրանցից: Գաղափարի և արժեքների վտակներն ու գետակները պետք է հոսեն ու լցվեն ԱԶԳԻ լինելիության և ինքնահաստատման օվկիանոսի մեջ: Որքան էլ որ կարևորենք անհատի դերը՝ արժեհամակարգն է, որ համակարգային տրամաբանություն է ձևավորում: Ոգևորությունը և ինքնահաստատումը միայն ժամանակավոր բնույթ ունեն: Ոգևորությամբ մենք հաղթեցինք Ապրիլյան պատերազմում: Ինքնահաստատումով գոյատևեցինք ևս չորս տարի, բայց սեպտեմբերի 27-ը երևան հանեց մեր նորօրյա արժեքների ողջ սնանկությունը: Այլ բառերով ասած՝ արժեհամակարգի անհամատեղելիությունը այսօրվա իրականությանը: Ժամանակը կանգ չի առնում: Երբ ունես կանոնավոր փառապանծ բանակ, անիմաստ կարճատեսություն է ֆիդայական պայքարի ընկալմումների հետևում թաքնվելը: Գաղափարի և իրականության այսօրինակ բևեռացումը բերեց նրան, ինչ ունենք հիմա: Համակարգային մոտեցման լավ օրինակ է, թերևս, աղբի խնդիրը: Ազնիվ ու հայրենիքը սիրող անհատները հավաքել ու հավաքում են ուրիշների թափած աղբը, սակայն աղբից իսպառ ձերբազատվելու համար համակարգային մոտեցում է պետք: Այն է՝ աղբ ընդհանրապես չպետք է թափվի: Եթե մոտեցումը չփոխվի, հասարակության մեծամասնությունը կշարունակի թափել, իսկ մի քանի հուսահատ անհատներ երևի թե կշարունակեն հավաքել… Իսկ աղբը մեր երկրից երբեք չի վերանա:
Սխալվելուց որևէ անհատ կամ ազգ ապահովագրված չէ: Բայց դատապարտված են նրանք, ովքեր դասեր չեն քաղում և հետևություններ չեն անում: Հազարապատիկ ճիշտ է դասականը, թե «այն, ինչը մեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում», եթե մենք, իհարկե, պատրաստ ենք դասեր քաղել և սառն ուղեղով հետևություններ անել: Հայրենասիրությունն այլևս զուտ բանաստեղծական և վերացական իմաստ չպետք է ունենա, այլ միայն առարկայական և միայն համակարգային: Ինչի՞ց են սերում հայրենիքն ու հայրենասիրությունը: Կարելի է շատ մեծ ցուցակ կազմել, բայց ի վերջո այդ ամենը կենտրանանում է մի երևութի մեջ, որը մենք անվանում ենք կրթություն: Չկա հասարակական գործունեության որևէ բնագավառ, որն այս կամ այն կերպ և չափով չի առնչվում կրթությանը: Այսօր և առաջիկայում ռազմաճակատի գիծն անցնելու բոլոր ոլորտներով՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատավայր, գիտություն, արվեստ, արհեստ և այլն: Ազգը հիրավի պետք է բանակ դառնա, եթե մենք չենք ուզում վերջնականապես շուռ տալ մեր պատմության վերջին էջը: Եվ միայն ամպագոռգոռ կարգախոսներով առաջնորդվելը դարձյալ աչքակապություն է դառնալու, եթե խոսքը գործի չվերածվի:
Մենք մեզ միշտ պատկերացրել ենք մի տեսակ աշխարհից կտրված: Արտաքին աշխարհի հետ կապը կարծես թե սահմանափակվել է միայն արձակուդներին Եվրոպա գնալով կամ հեռավոր ամերիկաներում բնակվող ազգականներին այցելելով: Մինչդեռ աշխարհը լուրջ մարտահրավերների մեջ է և երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առավել լուրջ անցքեր են նշմարվում մոտալուտ ժամանակներում: Թագաժահրը, թերևս, վերջին ժամանակների մեր ամենալուրջ բախումն էր հսկա և դաժան աշխարհի հետ: Դա զարթնելու կոչ էր նաև մեզ: Ավաղ, կարծում եմ շատերս այդպես էլ չզարթնեցինք՝ երեխայի պես կարծելով, որ դա գիշերվա դժնի երազ է, որը մի պահ հօդս կցնդի, և մենք կրկին կվերադառնանք մեր հին ապրելակերպին՝ փակ աչքերով և աշխարհի բոհից առանձնացած: Սեպտեմբերի 27-ի (կամ էլ նոյեմբերի 10-ի) ամենակարևոր դասը պետք է լինի համազգային թմբիրից դուրս գալը և ազգի ճակատագիրը միայն հուսահատ անհատների վզին չթողնելը, այլ համակարգված կերպով ազգովին զինվոր, սպա և զորավար դառնալը: Բոլորին չէ տրված զորավար լինել, բայց դրանից բնավ չի նսեմանում զինվորի դերը: Իսկ մեր զինվորը երբեք չի պարտվել:
Ինչպես ասացի վերևում՝ ռազմաճակատի գիծն այսօր և ապագայում պետք է անցնի բոլոր ոլորտներով: Թատրոնը բացառություն չէ: Ես կցանկանայի շատ ավելի լայն վերցնել շրջանակը և խոսել կինոյի, հեռուստատեսության, արվեստի բոլոր ճյուղերի մասին, սակայն ապուրի համը հասկանալու համար պետք չէ ամբողջ ապուրն ուտել, ուստի բավարարվենք միայն թատրոնի մասին խոսելով: Ակնհայտորեն այս դատողությունները կարելի է տարածել նաև մյուս բոլոր ոլորտների վրա:
Մեզանում թատրոնը ևս ինչ-որ իմաստով եղել է կյանքից կտրված: Թագաժահրը մի վերջակետ դրեց, որից պետք է ուշքի գալ և նոր տողից սկսել մեր թատրոնի վերելքը: Ասելով «նոր տողից» բնավ նկատի չունեմ անցյալը ջնջելը: Սակայն ժամանակից հետ ընկնել մենք արդեն չենք կարող մեզ թույլ տալ: Ամենայն սիրով և հարգանքով հիշատակելով Սունդուկյանին, պետք է ասեմ, որ Պեպոն որպես պիես և որպես կերպար վաղուց արդեն իրեն սպառել է: 21-րդ 20-ականներին, որքան էլ փորձեն արդիական շունչ տալ դասական պիեսին, միևնույնն է՝ «Մավրն իր գործն արել է և Մավրը պետք է հեռանա»: Նայեք մեր թատրոնների խաղացանկերը՝ կամ արտասահմանյան գործեր են կամ էլ վաղուց արդեն իրենց սպառած հայկական ներկայացումներ: Մի՞թե այդքան սնանկ է մեր ժամանակակից դրաման, որ միայն կարծես պատահաբար է սպրդում հիմնականում փոքրաթիվ հանդիսատես ունեցող բեմերի վրա…
Մի կարևոր խնդիր էլ կա, որի մասին պետք է բարձրաձայնել՝ բովանդակության և ձևի հիմնահարցը: Ձևը, կարծես թե, վերջնական հաղթանակ է տանում բովանդակության հանդեպ: Մինչդեռ այսօր, առավել քան երբեք, պետք է լրջանալ: Բնավ չարհամարհելով ձևը՝ շեշտը դնել բովանդակության վրա: Ավելի ճիշտ՝ երկուսի ներդաշնակության վրա՝ առաջնությունը տալով բովանդակությանը: Թատրոնը բացառություն չէ և չպետք է լինի՝ լինի դա դասական թատրոնը, հեռուստաթատրոնը (ավաղ՝ գրեթե վերացած) կամ թե ռադիոթատրոնը:
Մենք հապաղելու ժամանակ չունենք: Չինացիներն ասում են, որ ծառ տնկելու լավագույն ժամանակը քսան տարի առաջ էր: Բայց, եթե դա չի արվել քսան տարի շարունակ, պետք է արվի այսօր, որ գոնե մի քանի տարի անց մենք արդեն հասուն ծառ ունենանք և վայելենք նրա շվաքն ու պտուղները: Այսօր բացառապես ամեն ինչ պետք է դրվի ռազմական ռելսերի վրա, այդ թվում՝ թատրոնը: Իսկ ռազմական ռելսերը կրթության ճանապարհով են անցնում: Թատրոնը պետք է կրթի և բարձրացնի հանդիսատեսին, այլ ոչ թե իջնի բեմից ներքև և դառնա «Կարգին թատրոն»: Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց «կարգին տղաների» ջատագոված արժեհամակարգը: Ես դարձյալ խոսում եմ ոչ թե անհատների, այլ համակարգի մասին: Որոշակի արժեհամակարգ որդեգրած հասարակությունը անհատներից միայն լրացուցիչ սնուցում պիտի ստանա: Մտքի հոսանքի հիմնական աղբյուրը պետք է լինի չանհատավորված արժեհամակարգը՝ մեծ, հզոր և իր զավակների կողմից սիրված հայրենիքը՝ մեր Մեծ տունը:
Հեծանիվ հորինելու կարիք չկա: Հայ թատրոնը հենց այսօր պետք է դառնա ռազմաճակատի ամենաակտիվ գծերից մեկը: Մեր պատերազմը չի ավարտվել և երբեք չի ավարտվելու: Հայը միշտ կռվել է և շարունակելու է կռվել՝ ի հեճուկս մեր թշնամյաց: Հերոսներն անթիվ են, նրանց սխրանքը՝ անմահ: Անգամ մահից հետո էլ մեր փառապանծ զինվորներն իրենց օրինակով պետք է դաստիարակեն նոր սերնդին և անգամ իրենց հայրիկների սերնդին: Ասելիքը և հատկապես անելիքը պետք է մեկը լինի՝ մենք չենք պարտվել: Մենք հաղթել ենք ռազմի դաշտում: Եվ փոշոտված ու մրոտ դեմքով ալբերտներն են թելադրելու ապագան, այլ ոչ թե կաբինետներում տաքուկ նստած ժամանակավրեպ, անգույն ու անհոտ չինովնիկները: Անգամ հարցնելու բան չկա: Այդպես է և վերջ: Մեր հերոսները Ալբերտն ու մյուս լուսաշող տղաներն են, որ փախարինելու եկան Ադամին, Մոնթեին, Պետոյին, Շահենին ու մյուս շատերին: Եթե մենք հիշենք նրանց ու նրանց օրինակով ապրենք ու պայքարենք, ապա ոչ մի դավաճանություն մեզ չի կարող վախեցնել ու հետ պահել վսեմ գաղափարներից: Կռվել՝ ապրելու և ապրեցնելու համար: Ապրել՝ հաղթելու և շենացնելու համար: Ավաղ, վերջին քսան տարում մենք պատրաստվում էինք միայն պարտության և մահվան (1915-ը առավել հոգեհարազատ է մնում, քան Սարդարապատը): Սրան պետք է վերջ տրվի: Մենք պիտի ՀԱՂԹՈՂ ՈՒ ԱՊՐՈՂ ազգ լինենք: Եվ սա անգամ քննարկման նյութ չէ: Այս դեպքում առաջարկը տալիս է ազգի էլիտան, իսկ մեծամասնությունը պետք է գնա էլիտայի ցույց տված շիտակ ճանապարհով:
Հայ դրամատուրգը պետք է մի կողմ դնի սենտիմենտալ օտարապաշտությունը և անհասկանալի ժանրերին ու թեմաներին տուրք տալու մոլուցքին (թող ինձ ներեն բացառությունները): Հիմա դրա ժամանակը չէ: Ունենք օրհասական վիճակ և չունենք ժամանակ: Թատրոնը պետք է դառնա հասարակական վայր բոլորի համար: Առանց հարցնելու՝ ուզում եք, թե ոչ՝ բոլորը պետք է հաճախեն թատրոն՝ մանկապարտեզի սաները, դպրոցականները, ուսանողները և մյուս բոլորը: Եվ պետք է դիտեն ռազմահայրենասիրական ներկայացումներ (այսօր չենք կարող մեզ թույլ տալ «հայրենասիրություն» եզրն օգտագործել առանց ռազմական նախդիրի): Երբ կլուծենք մեր հարցերը, դարձյալ կարող ենք անդրադառնալ Պեպոյին և Հյուսիսից եկած հարսնացուին, եթե դրա կարիքը լինի: Այսօր շռայլությունների ժամանակը չէ: Նորաձևությունը լավ բան է, բայց մարդկանց ճնշող մեծամասնությանը տարրական շոր ու կոշիկ է պետք ապրելու և աշխատելու համար:
Տնտեսագիտության մեջ հայտնի է առաջարկի և պահանջարկի կապը: Դասական տեսությունն առաջնությունը տալիս է պահանջարկին՝ երկրորդելով առաջարկը («Ինչի պահանջ ունի մարդը՝ այդ էլ տալիս ենք նրան»): Սակայն քսաներորդ դարի սկզբից նախ վախվորած, ապա ավելի ու ավելի համարձակորեն առաջ եկավ նոր տեսություն, որն ասում է, թե առաջարկը կարող է դառնալ առաջնային և ձևավորել համապատասխան պահանջարկ: Եթե երեխաները կրթվեն «Հայ ասպետով» և հայրենասիրական ֆիլմերով, այլ ոչ թե տարաբնույթ «կարգին» հաղորդումներով և սերիալներով, ապա մենք այսօր լրիվ այլ պատկեր կունենայինք: Բայց արժեհամակարգի բացակայությունը և համատարած ինքնախաբեությունն արեցին իրենց սև գործը, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:
Վերջում էլ երկու բառ թատրոն-դրամատուրգ համագործակցության մասին: Անկեղծ ասած, ես ինքս այդ համագործակցությունը չեմ տեսնում: Խոսքն, իհարկե, «ծանոթով» բեմադրվելու մասին չէ (դարձյալ հայցում եմ բացառություն կազմող դրամատուրգների ներողամտությունը, սակայն խոսքս կրկին և կրկին համակարգային մոտեցման մասին է): Եթե հայ բեմադրիչներն անգամ չեն կարդում Հայաստանյան թատրոնին առնչվող և լույս տեսնող միակ «Դրամատուրգիա» ամսագիրը և հայտարարում են, թե ժամանակակից հայ դրամատուրգիա գոյություն չունի, ապա մենք էլ ինչու՞ ենք զարմանում, որ աշակերտը դպրոցում իրեն հանձնարարված պարտադիր գրականությունը չի ընթերցում: Եվ եկեք չզարմանանք նաև, որ աղբն ամենուր է, իսկ ժանգոտված ինքնաձիգը չի կրակում…
Իմաստուն խոսքն ասում է, որ բեմը և խորանը նույն բարձրության վրա են: Որքան որ կարևոր է խորանը մեր ճշմարիտ հավատի համար, նույնքան կարևոր և կենսական է նաև թատրոնի բեմը՝ հույսի և հաղթանակի լույսերով օծված: Ամեն ինչ երազանքից է սկսում: Եկեք սկսենք երազել լավի մասին ու քայլ առ քայլ հասնենք մեր երազած երկրին՝ մեր ՄԵԾ ՏԱՆԸ:
Ուստի ասում եմ՝ դու՛րս եկեք վիրտուալ աշխարհից: Մտե՛ք թատրոն, պատկերասրահ, համալսարան, գիտական լաբորատորիա և գործարան: Մտածե՛ք և գործե՛ք, հայեր: Մեզ մեր նախնիներն են նայում, և մեր սերունդներն են նայելու և գնահատելու:
15.12.2020 թ., Երևան