Ջրբաժան

2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. ամեն մեկը՝ իր ոլորտում, իր մասնագիտական տիրույթում:

Tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

թատերագետ, հրապարակախոս,

Թատերագիտական կայքի խմբագիր

ՄԵՆՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՑ ԶՈՒՐԿ ԱԶԳ ԵՆՔ

tatron-drama. am — Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:

Տիգրան Մարտիրոսյան — Հայ թատրոնը գոնե վերջին քսան տարիներին առանձնապես աչքի չի ընկել հերոսի փնտրտուքով կամ էլ ձևավորումով: Փորձերը կամ գավառամիտ գռեհկաբանությամբ են ավարտվել, կամ այդ թեման հարևանացի շոշափող քիչ թե շատ հաջողված ներկայացումներով: Պատճառի մշակութաբանական թիկունքում վերջին 20-30 տարիների, անխտիր բոլոր իշխանությունների կողմից հերոսության ներքին ձևի կրող ինքնավար անհատականությունների հալածումն ու բարոյահոգեբանական, երբեմն նաև ֆիզիկական ոչնչացումն է: Այսինքն` հնարավոր ու անհնար միջոցներով խոչընդոտվել է հերոսի քաղաքացիական նախատիպի կայացումն ու զարգացումը, որը պետք է ենթադրաբար գեղարվեստական փոխակերպման ենթարկվեր: Չորս ղեկավարներն ու իրենց ‹‹օրինաչափորեն›› քծնալից շրջապատը այդպիսի մտածողության տեր են եղել, և աստիճանաբար կտրվելով իրականությունից՝ հեռանկարի զգացողությունը կորցրել: Նույնիսկ հերոսության արտաքին կերպի դրսևորում ռազմական սխրանքների ու պաշտպանական գործում ավանդի հեղինակների կարևորության քամահրումն ընդունելի համարել: Սպարապետի գնդակահարումից սկսած, մինչև վերջերս նրա հարազատների մասին եղկելի տեղեկատվության տարածում՝ երկրի առաջին դեմքի կողմից փառքի շքանշանի արժանացածի ընտանիքի անդամի կողմից: Ո՞վ էր այս ամենը պատվիրում ու կազմակերպում: Անշուշտ, լծակների տիրապետող անհայրենիքներից մեկը: Ակամայից հիշեցի միտումնավոր ապրիլյան զոհերի տարելիցի օրը ընտրություններ նշանակելն ու նկարված հաղթանակի առթիվ հրավառություն անելը: Հետո էլ այդ լուսավոր տղաների շիրիմները պղծելը (դիակապտության դարձերես գերեզմանապղծությունը, մահվան լուրով ցուցադրական ծիծաղով հրճվելը ընտրախավային հակումներով դիմակավորված ապքաղաքական խաժամուժին հատուկ գործիքակազմ է): Ապա Եռաբլուրում սգո երթը սուլոցներով և ծափերով ուղեկցվող պսեվդոքաղաքական շքերթի վերածելը: Արժեհամակարգային այլասերում գեներացնող այս խանձարուրում, ոնց որ թե միայն ՀԱԿԱՀԵՐՈՍՆ է գեղարվեստականորեն ողջ-առողջ մնացել: Չգիտեմ, միգուցե իրադարձություններն այնպես զարգանան, որ շրջադարձային փոփոխությունների ականատեսը լինենք, բայց դրանից հետո էլ որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի այդտեղից հավատընծա գաղափարադրույթն ու ձեր ակնկալած գեղարվեստական կերպարը ձևավորվի:

tatron-drama.an — Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է):

Տ. Մարտիրոսյան — Հայեցիության կամ հայանպաստության տեսնակյունից, եթե կարճ ձևակերպեմ պատասխանս, ապա պետք ասեմ, որ մենք պետականության կուլտուրա չունեցող՝ անկախությունն ամենթողության վերածող խալխ ենք: Այնու, որ գրեթե վստահ եմ՝ շատ-շատերի պարագայում պետականամետ մտածողություն ասվածը լավագույն դեպքում պսեվդոհայրենասիրական բաժակաճառի քաղաքագիտական զարդարանքն է, վատագույնում՝ քարոզչական անհրաժեշտ ձևակերպումը: Ու տվյալ համատեքստում բոլոր ժամանակների իշխանական գոյակացություններին ‹‹ծաղկելուց›› առաջ պետք է հասկանանք, որ այս ամենում մեծ մասնաբաժին ունի նաև ժողովրդի ինքնախաբեական կենսակերպը: Բոլոր բնագավառներում ստին, խաբեությանն ու ստորությանը մասնակից լինելը կամ էլ այն հանդուրժելը: 1999, 2008, 2016 թվականներին և հիմա էլ մոտ հինգ հազար զոհ տալուց հետո գոնե հասկանալ, որ յուրաքանչյուր ճշմարտության, ազնվության ու անկեղծության դեմ արված աննշան թվացող քայլն անգամ դատաիրավական համակարգի է՛լ ավելի այլանդակումն է խթանում, հետևաբար նաև՝ երկրի հիմքերը խարխլում: Կլինի դա օրվա իշխանավորի պատվերով վերջինիս հետ անհամաձայնություն ունեցողի դեմ ճղճիմության (արհեստական հռհռոց, խնչոց, թքել, կենցաղային խնդիրներում մանր սրիկայություններ,) հանձնակատարում, թե ադրբեջանցի վանդալի պես մշակութային կառույց մասնագիտական կայքի գործունեության խոչընդոտում: Ցավոք, ասածիս գիտակցման նշույլն անգամ չեմ տեսնում, որովհետև երբ մշակութային կրթօջախ ԵԹԿՊԻ-ում տիրող փաստացի քրեասիրության վնասների մասին ես բարձրաձայնում, անուղղակի մանրամիտ հակադարձումներով են փորձում ինքապաշտպանվել՝ սեփական կոպիտ սխալն ընդունելու և ուղղելու փոխարեն: Ըստ էության նույն բարքերն ու կարգերը փոքր-ինչ այլ փաթեթավորմամբ շարունակելու հնարավոր վարկածն եմ տեսնում, որովհետև, մեծ հաշվով, մարդիկ չեն փոխվում: Կունենա՞ն մեր դրամատուրգներն այս ամենը մերկացնելու համարձակություն, առ այն, որ ժողովրդին գեղարվեստորեն հասկացնեն իրենց մեղավորության հանգամանքները, գուցեև խուսափենք հետագա օրինազանցություններից, ստերից և դրանց զոհաբերվող մատաղացու սերունդ պահելուց: Թվում է, թե ասածս միայն դոկումենտալ ու հրապարակախոսական թատրոնի ձևաչափին հարմար եկող կենսական նյութ է, բայց հավատացեք, որ միջին ժանր դրամայի դասական օրինակով էլ կարելի է նման իրողություններ բեմադրել: Բերեմ մի տեսարանային օրինակ, որպեսզի դրության լարումը պատկերացնեք: Վերջերս Հրապարակում ընթերցեցի պատերազմի դաժանագույն դեպքերից մեկը. պատերազմ գնացած կամավորական եղբայրներից մեկը վիրավոր, անօգնական գետնին ընկած լինելով ականտես է եղել խոցված զինտեխնիկայում այրվելով եղբոր մոխրանալուն: Հիմա պատկերացրեք հետպատերզմյան շրջանը ներկայացնող պիեսում պայմանական անվանմամբ այսպիսի կերպարն իրեն ամեն կերպ խնամող, հոգ տանող ու գուրգուրող ծնողներից քննիչ կամ դատավոր հորը ի վերջո մեղադրանք է նետում, որ դուք էլ եք մեղավոր ձեր ստերի հետ միասին իմ տառպանքների համար: Բնականաբար, շրջապատն ինքնարդարացման մղումով պատճառաբանում է, որ սթրեսային հետևանքներից է դա: Բայց մեղադրանքների տևականությունից հետո էլ հայրը կհակադարձի, որ դու ես մեղավոր, գնացիր՝ շատ լավ իմանալով, որ նա քեզ մենակ չի թողնի վտանգավոր տեղում (շեքսպիրյան և տուրգենևյան ավանդույթների համաձուլվածք): Շարունակությունը թողնում եմ թատերագիրների ու սցենարիստների երևակայությանը՝ հիշեցնելով, որ սա բազմաթիվ մշակումների կարոտ գաղափարական նախօրինակ է ընդամենը: Բայց ավել քան համոզված եմ, որ ձեռքը գրիչ վերցնողների ճնշող մեծամասնությունը այսպիս մոտեցումը պարզապես սրբապղծություն կհամարի:

tatron-daram.am — Հա՛յ թատրոնը /շեշտը իր տեղում է/ պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:

Տ. Մարտիրոսյան — Հայ թատրոնն առաջին հերթին պետք է իր խաղացանկային տրամաբանության ապաքաղաքականության մասին հոգա, որ երբեմն իրենց բեմադրություններից քաղաքական պատվերի գարշահոտ չգա: Տնօրեններ ու փոխտնօրեններ կան, որոնց լպրծուն դիմախաղի հետ առերեսվելուց հետո թատրոն բառը զուգարանադռան վրա փակցնելու ցանկություն ես միայն ունենում: Այս խնդիրները լուծելուց և գաղափարապես իրոք անկախ լինելուց հետո, հնարավոր է, որ դրամատուրգի հետ համատեղ աշխատանքով մեր բազմաբղետ կյանքի բեմական վերաիմաստավորումը հրամցնող գեղարվեստական իրողություն ստեղծեն: Ու որքան էլ որ ուզում եմ, գոնե խոսքիս եզրափակումը դրական նոտայով վերջակետել, միևնույն է, չի ստացվում, քանի որ մերձավոր ապագայում էլ բեմադրիչի և դրամատուրգի իրար չտեսնելու տալու ստեղծագործական փոխհարաբերություններն (ինչպես, որ քննադատին սուր հոդվածից կամ հանրագրից հետո դերասաններն ու այլոք են իբրև թե արհամարհում, բայց որոշ ժամանակ անց մի քանի տող գովեստից հետո ‹‹կաշառված›› անինքնասերի ոգևորված աչուկներով ընդառաջ գալիս: Իսկը հինգ հազար դրամանոց ընտրություն) են ուրվանշվում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։