ՋՐԲԱԺԱՆ

2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:

  1. Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:
  2. Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները /շեշտը իր տեղում է/:
  3. Հա՛յ թատրոնը /շեշտը իր տեղում է/ պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:

 

Tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԸ

Դրամատուրգ, արձակագիր

ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ « Անմեղսունակ պարը» պիեսի համար,

« Թատրոն 301», (2008), « Թատրոն 301 » (2009),

« Արտավազդ-Շիդար» (2015պիեսների ժողովածուների հեղինակ

 

Հնարավոր լիներ` մեր բոլոր թատրոններին կպատվիրեի  բեմադրել «Քաջ Նազարը», յուրաքանչյուր թատրոն` իր գեղագիտական հակումով, իր տեսակով, ոճով,  քաղաքացիական դիրքորոշումով («Քաջ Նազարն» ունի այդ պոտենցիալը), կարծում եմ, ուշագրավ կլիներ, յուրատեսակ մի թեսթ: Սա` կես լուրջ-կես կատակ (ավելի շատ` լուրջ): Իսկ առհասարակ, թատրոնից, կարծում եմ, կպահանջվեն ազգային ոգին բարձրացնող, ամրացնող բեմադրություններ, հայ մարդուն ընկճախտից, հուսահատությունից, պարտվողականությունից հանելուն, առողջացնելուն միտված բեմադրություններ, հայրենիքը լքելու  ցանկությունը պարսավող բեմադրություններ,  մեզ համառորեն պարտադրվող կեղծ արժեքները հակակշռող, մերժող բեմադրություններ: Հիմա հայ թատրոնը պիտի ասի հայ մարդուն` քո հայրենիքն ապագա ունի, առաքելություն ունի, քեզնո՛վ ունի, հեռացիր ատելություններից, չարախոսություններից  ու դատարկաբանություններից, կտրվիր համացանցային մոլագարությունից, հայրենիքը իրականություն է, վիրտուալ չէ, նա  հոգի ու խիղճ է ուզում, կարոտ ու սեր, համերաշխություն ու անձնվիրություն, հոգածություն ու քրտնաջան աշխատանք:

Վերը ասված այս մոտեցումներն, իհարկե, համատարած ու պարտադրական չպետք է ընկալվեն, որովհետև արվեստն ազատ երևույթ է, անազատությունը կործանում է այն: Սակայն մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել հանգամանքը, որ թատրոնը զուտ արվեստ չէ, այն նաև հրապարակախոս է, և կարող է ի շահ իր հասարակության` իր խաղացանկի գոնե մի մասով օգտագործել իր այդ հնարավորությունը£

Հայ դրամատուրգից` նույնը` վերը ասվածը:

Թեև չգիտեմ, թե ինչու ենք պիեսներ գրում` իմանալով, որ չեն բեմադրվելու… Գրում ենք պիեսներ հավանաբար արդեն ոչ այնքան թատրոնի, որքան ընթերցանության համար, այսինքն՝ հայ ժամանակակից դրամատուրգիան փչանում է, և այն փչացնում է հայ թատրոնը` իր սնոբական անտարբերությամբ: Պետք է լրջորեն մտածի այս խնդրի մասին հայ թատրոնը, իր ինքնության հիմքերն է խարխլում, իր ապագան:

Կորոնավիրուսը մտածելու ժամանակ է տվել մեզ: Մտածենք:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։