Ջրբաժան
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:
tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է
Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական
դրամատիկական թատրոնի
գլխավոր ռեժիսոր Արմեն ՍԱՖԱՐՅԱՆԸ
ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «ՍԱԼՈՄԵ» ներկայացման համար
tatron-dama.am — Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին․ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի։
Արմեն ՍԱՖԱՐՅԱՆ — Կարծում եմ, ստեղծված իրավիճակը փոխել է բոլորիս կյանքը… Պատերազմները երբեք լավ հետևանքներ չեն թողնում ոչ միայն տնտեսության, այլ նաև մշակույթի վրա։ Այսօր մեր ոգին կոտրված է, բայց ո՛չ պարտված, որովհետև ես կարծում եմ, հայ ազգն ունի պատմական անցյալ, ստեղծել է հզոր մշակույթ և այդ մշակույթը պետք է շարունակի զարգանալ։ Եկեք հիշենք. Հայրենական պատերազմի ժամանակ ստեղծվեց «Ծիծաղի թատրոն»…
Ուրեմն, բոլոր ժամանակներում հայ թատրոնը կարևոր դեր է ունեցել մարդկանց կյանքում և հայ մշակույթում։ Այսօր առավել քան պարտավոր է իր ասելիքի փնտրտուքի ժամանակ մոտիվացնել ոչ միայն հույսը, այլ նաև ապագայի նկատմամբ հավատը։ Գիտեմ, դժվար է, շատ դժվար… Բայց մենք նորից պետք է ծիծաղենք, պետք է նորից ծաղրենք ու վատաբանենք արատավոր երևույթները։ Պատվենք ու փառաբանենք այն հերոսին, որի գաղափարները ուղղված են վաղվա օրվան։ Պետք է սովորենք մեր սխալներից, մենք այն ազգը չենք, որ լանք ու աշխարհը խղճա…
Մեղադրենք քարսիրտ աշխարհին, աննամուս հարևաններին, հին ու նոր աստվածներին և «եսիմ»՝ էլ ում… ժամանակն է մի քիչ էլ մեզ մեղադրենք, մեզ վրա վերցնենք պատասխանատվություն և դուրս գանք ստեղծված ծանր վիճակից:
tatron-dama.am — Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հայ դրամատուրգները… Հայ թատրոնը պետք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը։
Հայ թատրոնը առանց հայ դրամատուրգիայի գոյություն ունենալ չի կարող։ Շատ կարևոր է ազգային դրամատուրգիայի դերը մեր մշակութային կյանքում։ Այսօր առավել քան արտասահմանյան դրամատուրգիա ընտրելով և բեմադրելով ոչ ոքի չես զարմացնի։ Պիեսների ընտրության հարցում, որպես առաջնային կետ, պետք է գերիշխի այս գիտակցումը. ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք ուզում և ո՞ւր ենք գնում…
Ստեղծված իրավիճակը ինչքան որ մտահոգիչ է թատրոնների համար, նույնքան և դեռ ավելի մտահոգիչ է դրամատուրգների համար, քանզի նրանց ծնած հերոսների վրա էլ մենք՝ բեմադրիչներս, ստեղծում ենք կյանքի բնականոն գործընթացի հատվածները, որոնք էլ որպես ազդակ իրենց դերն են ունենում հասարակության բարոյահոգեբանական մտքի զարգացման վրա։ Հիմա առավել, քան երբևէ, հայ դրամատուրգների առաջ ծառացած է դժվարին ու բարդ խնդիր՝ ստեղծել նոր հերոսներ (չեմ ասում, որ մինչ այսօր չի եղել), որոնք նոր շունչ, նոր որակ ու նոր ասելիք կունենան հայ ժողովրդի ոգին արթնացնելու և վերաիմաստավորելու համար։ Կարծում եմ, որ ոչ թե պետք է, այլ պարտավոր են սրբագրել նման մոտեցումը՝ հայ դրամատուրգ և թատրոն համագործակցությունը: Եվ այստեղ համակարգի կայացման խնդիր կա…
Որպես բեմադրիչ երբեմն ինձ դուր է եկել ժամանակակից հեղինակի գործ, բայց բախվելով մի շարք խնդիրների, չեմ անդրադարձել այդ թեմային։
Եթե խնդիրը մնա այսպես, ինչպես կա, կարծում եմ, մենք միշտ էլ կունենանք բացթողումներ, չեն բեմադրվի ժամանակակից հայ հեղինակների գործերը, չի զարգանա ժամանակակից հայ դրամատուգիան։
Ասում են՝ «Անհատը դեր չունի պատմության մեջ և դա ասում են այն ժամանակ, երբ հակառակի պես միա՛յն անհատը դեր ունի պատմության մեջ»։