Ջրբաժան
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:
- Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:
- Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է):
- Հա՛յ թատրոնը (շեշտը իր տեղում է) պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:
tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
դրամատուրգ, հեքիաթագիր
«Թեթև տարեք» պիեսների ժողովածուի հեղինակ
-
Եթե 21-րդ դարի թատրոն է ու քայլում է ժամանակին համընթաց, կիմանա՝ ինչ բեմադրել, իսկ քանի՞ այդպիսի թատրոն ունենք… Քանի որ մեր կյանքը անորոշությամբ պարուրվեց, մշուշոտ է նաև փնտրտուքի ուղին… Երեկվա լավը կարող է այսօրվա վատը լինել… և հակառակը… Բարձրյալին շնորհակալ ենք կյանք պարգևելու համար, բայց… աշխարհը պետք է կործանվի և նորից ստեղծվի, ինչը անում եմ իմ նոր հեքիաթներում…
-
Կյանքին կյանք տվող գործեր պետք է գրվեն…
-
Հայ թատրոնն է՛լ ավելի պետք է բարեկամանա իր ազգի դրամատուրգների հետ, համագործակցման մշակույթ ձևավորի, այլապես հույս չունենանք, որ «բարեհոգության կոչ անող» աշխարհը պետք է ինքնակորույս գնահատի հայ գրողին: Բազմակե՛տ: 21-րդ դարի մարքեթինգին չեն տիրապետում մի շարք թատրոններ, այդ պատճառով փողալացը խաթարում է իրենց նախընտրած հայ արդի դրամատուրգի հետ առողջ համագործակցմանը, երբեմն էլ որոշ ռեժիսորներ, ռեժիսուրայում, լոռեցու ասած, «իբր էն կուռը դեսն արեցին», մնաց իրենք «դառնան» դրամատուրգ կամ փնթի թարգմանություն անող, միայն թե իրենք վճարվեն: Ինքս դժգոհ չեմ մասնագիտական ճակատագրից, ընդհակառակը, բայց կապ չունի. համապատկերը այդպիսին է… Ամեն մարդ պետք է իր աշխատանքի համար վարձատրվի: