ԱՆՏՈՆԻՈ ԲՈՒԵՐՈ ՎԱԼՅԵԽՈ / ԲՈՑԱՎԱՌ ԽԱՎԱՐՈՒՄ

 

Անտոնիո Բուերո Վալյեխոյի «ԲՈՑԱՎԱՌ ԽԱՎԱՐՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

 

ԱՆՏՈՆԻՈ ԲՈՒԵՐՈ ՎԱԼՅԵԽՈ

 

ԲՈՑԱՎԱՌ ԽԱՎԱՐՈՒՄ

Դրամա երեք գործողությամբ

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Ժամանակակից ուսումնական հաստատության ծխարան: Նրբաճաշակ հագնված ութ ուսանող նստած են բազկաթոռներին: Չնայած կենսախինդ տեսքին, նրանց կեցվածքը տարակուսանք է հարուցում: Ուշադիր նայելով հասկանում ենք, որ բոլորն էլ կույր են: Մի քանիսը մուգ ակնոց են կրում: Նրանց պահվածքը այնքան բնական է, որ մոռանալ է տալիս ֆիզիկական թերության մասին: Միայն մի հանգամանք՝ խոսելիս չեն նայում խոսակցի ուղղությամբ:

ԷԼԻՍԱ — Տղաներ, ո՞վ կասի, ժամը քանիսն է: (Բոլորը ծիծաղում են, ասես սպասում էին այդ հարցին:) Չեմ հասկանում, ի՞նչ կա ծիծաղելու: Մի՞թե չի կարելի հարցնել՝ ժամը քանիսն է: (Ծի­ծաղն ուժգնանում է:) Լավ, էլ չեմ խոսի: Լռում եմ:

ԱՆԴՐԵՍ — Քիչ առաջ խփեց տասն անց երեսունը:

ՊԵԴՐՈ — Իսկ նոր ուսումնական տարվա բացումը տասնմեկին է:

ԷԼԻՍԱ — Ուզում էի իմանալ, չի՞ խփել արդյոք քառորդ պակասը:

ԼՈԼԻՏԱ — Դու արդեն երրորդ անգամ ես հարցնում այդ մասին:

ԷԼԻՍԱ — (գրգռված): Դե, ուրեմն խփե՞լ է, թե՞ ոչ:

ԱԼԲԵՐՏՈ — (կատակով): Ախ, մենք չգիտենք…

ԷԼԻՍԱ — Ինչ վատն եք:

ԿԱՐԼՈՍ — (ծաղրալից): Բավական է: Հան­գիստ թողեք խեղճին:

ԷԼԻՍԱ — Բոլորովին էլ խեղճ չեմ:

ԽՈՒԱՆԱ — (քնքշորեն): Ոչ, Էլիսա, երեք քառորդը դեռ չի խփել:

Ներս է մտնում Միգելը: Նա մուգ ակնոց է կրում:

ԱՆԴՐԵՍ — Հանգստացիր: Դու լավ գիտես, որ Միգելինը միշտ հայտնվում է վերջին պահին:

ԷԼԻՍԱ — Իսկ ո՞վ տվեց նրա անունը:

ՄԻԳԵԼ — (իբր նեղացած): Եթե ոչ ոք անունս դեռ չի տվել, հենց հիմա վիրավորանքից լաց կլինեմ:

ԷԼԻՍԱ — Միգելին… (Նետվում է նրա գիրկը:)

Կարլոսից և Խուանայից բացի, բոլո­րը կանգնում են, որ սեղմեն նրա ձեռ­քը:

ԱՆԴՐԵՍ — Աստված իմ, Միգելին…

ՊԵԴՐՈ — Վերջապես…

ԼՈԼԻՏԱ — Նա միշտ ճշտապահ է:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Ինչպե՞ս հանգստացար:

ԱԼԲԵՐՏՈ — Գործերդ ինչպե՞ս են:

Միգելը, Էլիսային գրկից բաց չթող­նելով, նստում է բազմոցին:

ԿԱՐԼՈՍ — Իսկ մեզ դեռ չե՞ս մոռացել:

ՄԻԳԵԼ — Օ, Կարլոս… (Մոտենում է նրա ձեռ­քը սեղմելու:) Իսկ Խուանան, իհարկե, կողքիդ է:

ԽՈՒԱՆԱ — Կռահեցիր: (Սեղմում է նրա ձեռքը:)

ՄԻԳԵԼ — (նորից գրկելով Էլիսային): Արդեն մտածում էի՝ էլ չեմ հասցնի բացմանը: Այո, հրա­շալի ժամանակ անցկացրի, բարեկամներս: Բայց ինչպես էի ուզում նորից ձեզ հետ լինել… Հենց ներս մտա, ձեռնափայտն իսկույն նետեցի դռնա­պանին: «Չե՞մ ուշացել»: «Ոչ, դեռ քսան րոպե կա»: «Հրաշալի է»: Աջից, ձախից ողջույններ… «Միգելին…», «Միգելինն արդեն այստեղ է…»: Բնականաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ ես շատ երևելի անձ եմ այստեղ:

Բոլորը ծիծաղում են:

ԷԼԻՍԱ — (նրա խոսքերը լուրջ ընդունելով): Պարծենկոտ:

ՄԻԳԵԼ — Հանգիստ: Մի ընդհատիր, խնդրում եմ: Շարունակում եմ. «Միգել, ո՞ւր ես գնում», «Միգել, Էլիսան մարգագետնում է»…

ԷԼԻՍԱ — (ամոթահար կսմթում է նրան): Հիմարիկ…

ՄԻԳԵԼ — (բղավում է): Այ… Ասացի՞՝ չընդհա­տես: «Ինչպե՞ս թե՝ ուր եմ գնում: Ընկերներիս մոտ, մեր անկյունը»: Եվ ահա, ես այստեղ եմ: (Հոգոց հանելով:) Լավ, իսկ ինչո՞ւ չենք գնում դահլիճ:

ԼՈՊԵՍ — Ինչի՞դ է պետք: Ժամանակ դեռ շատ կա:

ԱՆԴՐԵՍ — Պատմիր, ինչպես անցկացրիր արձակուրդդ:

ԷՍՊԵՐՍՆՍԱ — (ծափ տալով): Այո, այո, պատմիր:

ԷԼԻՍԱ — (բարկացած ծափ տալով): Այո, այո, պատմիր աղջկան:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Ի՞նչ ես ուզում ասել:

ԷԼԻՍԱ — Ոչինչ: Պարզապես, որ ես էլ կարող եմ «ծափիկներ» տալ:

Ուսանողները ծիծաղում են:

ԷՍՊԵՐՍՆՍԱ — Դու էիր պակաս…

ՄԻԳԵԼ — Հանգստացիր, Էլիսա: Բոլորն էլ ուզում են, որ պատմեմ: Ուրեմն ուշադիր լսեք:

ՊԵԴՐՈ — Դե, սկսիր վերջապես:

ՄԻԳԵԼ — Ուշադրություն: (Ծիծաղելով:) Մի օր վերցնում եմ ձեռնափայտս, որ փողոց դուրս գամ, և… (Լռում է, զարմանքով:) Դուք ոչինչ չե՞ք լսում:

ԱՆԴՐԵՍ — Թող կատակներդ ու շարունակիր:

ՄԻԳԵԼ — Չեմ կատակում: Ասում եմ ձեզ, որ տարօրինակ ձայն եմ լսում: Կարծես ձեռնափայ­տի…

ԼՈԼԻՏԱ — (ծիծաղելով): Երևի ականջիդ ան­ընդհատ նրա ձայնն է հնչում:

ԷԼԻՍԱ — Շարունակիր…

ԱԼԲԵՐՏՈ — Ոչ, նա չի կատակում: Իրոք ձեռ­նափայտի ձայն է:

ԽՈՒԱՆԱ — Ես էլ եմ լսում:

Ձեռնափայտը հատակին թրխկաց­նելով հայտնվում է Իգնասիոն՝ նիհար, լուրջ, մտախոհ պատանի, ան­փույթ հագնված: Անելով մի քանի անվստահ քայլ, կանգ է առնում:

ԼՈԼԻՏԱ — Ինչ տարօրինակ է…

ՄԻԳԵԼ — Դու ո՞վ ես:

Իգնասիոն վախեցած շրջվում է, որ հեռանա: Հետո փոխում է որոշումն ու արագ գնում դեպի ձախ:

ԱՆԴՐԵՍ — Ինչո՞ւ չես պատասխանում:

Իգնասիոն դիպչում է բազկա­թոռին, որի վրա նստած է Խուանան: Առաջ է մեկնում ձեռքն ու դիպչում Խուանայի ձեռքին:

ՄԻԳԵԼ — (տեղից վեր կենալով): Սպասիր: Մի գնա: (Մոտենում, շոշափում է նրան:)

ԽՈՒԱՆԱ — (անհանգստացած): Նա բռնել է իմ ձեռքը… Ես նրան չեմ ճանաչում:

Իգնասիոն թողնում է նրա ձեռքը: Միգելը բռնում է Իգնասիոյի ար­մունկը:

ՄԻԳԵԼ — Ես նույնպես:

Անդրեսը ոտքի է ելնում, բռնում ան­ծանոթի մյուս ձեռքը:

ԻԳՆԱՍԻՈ — (սարսափած): Բաց թողեք ինձ:

ԱՆԴՐԵՍ — Ի՞նչ ես փնտրում այստեղ:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչինչ: Բաց թողեք ինձ: Ես… Ես մի դժբախտ կույր եմ:

ԼՈԼԻՏԱ — (ծիծաղելով): Օհո, Միգելին, քեզ ախոյան հայտնվեց:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Ախոյա՞ն: Ուսուցիչ…

ԱԼԲԵՐՏՈ — Հաստատ առաջին կուրսեցի մի նորաթուխ կատակասեր է:

ՄԻԳԵԼ — Հիմա կպարզենք: Ուրեմն, ասում ես, ո՞վ ես դու:

ԻԳՆԱՍԻՈ — (վախեցած): Կույր եմ:

ՄԻԳԵԼ — Ախ, խեղճ տղա: Թույլ կտա՞ք ձեզ ուղեկցել դիմացի մայթը: Չքվիր այստեղից գրողի ծոցը, ապո՛ւշ: Գնա ու քո համակուրսեցիներին ծիծաղեցրու:

ԱՆԴՐԵՍ — Իրոք որ հիմար կատակ էր: Հեռացիր այստեղից:

Նրանք հրում են Իգնասիոյին. վեր­ջինս նահանջում է դեպի բեմեզրը:

ԻԳՆԱՍԻՈ — (պատրաստ լաց լինելու): Ասում եմ ձեզ, ես իրոք կույր եմ…

ՄԻԳԵԼ — Լավ ես սովորել այդ բառը: Դո՛ւրս այստեղից:

ԻԳՆԱՍԻՈ — Ինչո՞ւ չեք հավատում… Չե՞ք տեսնում, ինչ է…

ՄԻԳԵԼ — Ի՞նչ ասացիր:

ԿԱՐԼՈՍ — Բարեկամներ, կարծում եմ, մենք մեծ սխալ ենք թույլ տալիս: Նա ճիշտ է ասում: Նստեք: Մենք նույնպես… ինչպես դու ասացիր… կույր ենք:

ԻԳՆԱՍԻՈ — Դո՞ւք…

ԽՈՒԱՆԱ — Այո, մենք, բոլորս: Մի՞թե չգիտես, որտեղ ես գտնվում:

ԻԳՆԱՍԻՈ — Գիտեմ: Բայց հավատս չի գա­լիս, որ դուք բոլորը էլ… այնպիսին եք… ինչպես ես:

ԿԱՐԼՈՍ — (ժպտալով): Ինչո՞ւ:

ԻԳՆԱՍԻՈ — Դուք այնքան վստահ եք քայ­լում: Այնպես եք խոսում, ասես տեսնում եք ինձ:

ԿԱՐԼՈՍ — Դու էլ շուտով կկարողանաս: Նորե՞կ ես:

ԻԳՆԱՍԻՈ — Այո:

ԿԱՐԼՈՍ — Մենա՞կ ես եկել:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ: Հայրս տնօրենի սենյակում է:

ԽՈՒԱՆԱ — Եվ քեզ թողեցին առանց ուղեկ­ցորդի՞:

ԻԳՆԱՍԻՈ — Տնօրենն ասաց, որ շենքում առանց վախենալու կարող եմ քայլել: Հայրս սկզբում դեմ էր, բայց դոն Պաբլոն պնդեց, որ այդպես ավելի լավ կլինի:

ԿԱՐԼՈՍ — Եվ իրոք լավ է: Չվախենաս:

ԻԳՆԱՍԻՈ — Իսկ ես չեմ վախենում:

ԿԱՐԼՈՍ — Այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ, գրոշ չարժե: Միգելինն ուղղակի շատ տաքարյուն է:

ՄԻԳԵԼ — Ներիր, բարեկամ: Դոն Պաբլոն էր մեղավոր:

ԱԼԲԵՐՏՈ — (ծիծաղելով): Մանկավարժու­թյուն…

ՄԻԳԵԼ — Ճիշտ այդպես: Հենց սկզբից են որոշել քեզ վրա փորձարկել իրենց մանկավարժա­կան նորամուծությունը: Չվախենաս, այդ սինյորի հետ առնչվելու դեռ շատ առիթներ կունենաս:

Էլիսան ու Միգելը տեղավորվում են աջ կողմի բազկաթոռներին և ինտիմ զրույցի բռնվում:

ԿԱՐԼՈՍ — Առաջին անգամվա համար բավա­կան է: Եթե ուզում ես, կարող ենք ուղեկցել քեզ մինչև տնօրենի առանձնասենյակը:

ԻԳՆԱՍԻՈ — Շնորհակալ են: Ես ճանապար­հը գիտեմ: Մնաք բարով: (Մի քանի քայլ է անում դեպի բեմի խորքը:)

ԿԱՐԼՈՍ — Ոչ, չգիտես… այնտեղ ելքն է: (Թևանցուկ նրան ուղեկցում է դեպի աջ:) Սպասիր ինձ այստեղ, Խուանա: Հիմա կվերադառնամ:

ԽՈՒԱՆԱ – Լավ:

Ներս են մտնում Իգնասիոյի հայրն ու դոն Պաբլոն՝ ուսումնական հաս­տատության տնօրենը: Նա կրում է մուգ ակնոց:

ՀԱՅՐ — Ահա, նա այստեղ է:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Ասում էի, չէ՞, որ նրան շուտ կգտնենք: Եվ լավ շրջապատում: Բարի օր, տղաներ:

Լսելով նրա ձայնը՝ բոլորը ոտքի են կանգնում:

ԲՈԼՈՐԸ — Բարի օր, դոն Պաբլո:

Հայրը մոտենում և քնքշորեն, բայց ան­համարձակ թևանցուկ է անում Իգնասիոյին: Վերջինս տեղից չի շարժվում, ասես այդ հպումը տհաճ է:

ԿԱՐԼՈՍ — Մենք արդեն ծանոթացանք Իգնա­սիոյի հետ:

ԽՈՒԱՆԱ — Կարլոսը պատրաստվում էր նրան ուղեկցել ձեզ մոտ:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (հորը): Տեսնո՞ւմ եք, նրան ոչինչ չպատահեց: Տղան իսկույն ընկերներ գտավ: Եվ պետք է ասեմ, լավագույններին: Կարլոսը մեր լավագույն ուսանողներից է, Խուանան նույնպես:

ՀԱՅՐ — (չոր): Շատ հաճելի է:

ԽՈՒԱՆԱ — Մեզ նույնպես:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Կարող եք վստահ լինել, ձեր որդին այստեղ իրեն շատ լավ կզգա: Մեզ մոտ նա կգտնի ուրախություն, լավ բարեկամներ, զվար­ճություններ… խաղեր…

ՀԱՅՐ — Վստահ եմ: Սակայն, ինչ վերաբերում է խաղերին… Այն, ինչ տեսա, հրաշալի էր, խոսք չկա: Երբեք մտքովս չէր անցնի, թե կույրերը կա­րող են գնդակ խաղալ, առավել ևս, սահնակով սա­հել այդքան բարձր աշտարակից: Բայց… Կարծում եք, Իգնասիոյի համար է՞լ դրանք վտանգա­վոր չեն լինի:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Նա կվարժվի, և շատ ուրիշ բաների ևս: Մի կասկածեք:

ՀԱՅՐ — Անհավատալի է, որ նրանք կարողա­նում են այդպես զվարճանալ: Բայց… այս խեղճե­րը կույր են: Նրանք ոչի՞նչ չեն տեսնում:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Փոխարենը հրաշալի լսում են և ավելի լավ կողմնորոշվում, քան դուք: Մյուս կողմից… (Հեգնական:) Պետք է ասեմ, որ ճիշտ չէ նրանց դժբախտ համարելը… Ի՞նչ կասես, Անդրես:

ԱՆԴՐԵՍ — Միանգամայն իրավացի եք, դոն Պաբլո:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Իսկ դո՞ւք՝ Պեդրո, Ալբերտո:

ՊԵԴՐՈ — Իհարկե: Մենք ամենևին էլ դժբախտ չենք:

ԱԼԲԵՐՏՈ – Ասեք, ինչ ուզում եք, միայն ոչ դա:

ԼՈԼԻՏԱ — Թույլ կտա՞ք ասել, դոն Պաբլո…

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Այո, իհարկե, ասեք:

ԼՈԼԻՏԱ — Առանձնապես բան չէի ուզում ասել, ուղղակի ես ու Էսպերանսան էլ ենք այդպես մտածում:

ՀԱՅՐ — Ներեցեք:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Այդ դուք մեզ ներեք… մենք պարզապես փորձում ենք բացատրել: Կույրերս, կամ, ինչպես ընդունված է մեզ մոտ ասել՝ չտես­նողներս, կարող ենք հասնել այն ամենին, ինչ ցանկացած ուրիշ մարդ: Մենք զբաղեցնում ենք պաշտոններ, ուժեղ ենք, առողջ, մարդամոտ… Սակայն իմ ուսանողները սովոր չեն նման խոսակ­ցությունների: (Ուսանողներին.) Կարծում եմ, ձե­զանից առավել ընկճվածները կարող են արդեն տեղեր զբաղեցնել դահլիճում: Շուտով տասնմեկն է: (Ժպտալով:) Սա պաշտոնական հրավեր է:

ԱՆԴՐԵՍ — Շնորհակալություն, դոն Պաբլո: Գնանք, տղերք:

ԲՈԼՈՐԸ — Մինչ հանդիպում, դոն Պաբլո:

Էլիսան պատրաստվում է հետևել նրանց, բայց Միգելը բոնում է նրա ձեռքն ու նստեցնում տեղը: Իրար ձեռք բռնած՝ շարունակում են զրույցը:

ՀԱՅՐ — Ես ներողություն եմ խնդրում… Ես…

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Մի անհանգստացեք: Դուք պարզապես մեր մասին ոչինչ չգիտեք: Երևի մտածում եք, թե մենք չե՞նք ամուսնանում…

ՀԱՅՐ — Չէ, ինչո՞ւ: Իրար հետ, բնականաբար…

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Ոչ, սինյոր: Տեսնող և չտեսնող մարդկանց միջև ամուսնությունների թիվն օրեցօր մեծանում է: Այ, օրինակ, ես…

ՀԱՅՐ — Դո՞ւք:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Այո: Ես կույր եմ ի ծնե, բայց ամուսնացած եմ տեսնող, պայծառատես կնոջ հետ:

ԻԳՆԱՍԻՈ — Պայծառատե՞ս:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Մենք այդպես ենք կոչում տեսնողներին:

ՀԱՅՐ — Ներեցեք, բայց այդ բառը մեզ համար այլ իմաստ ունի:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (չոր): Բնականաբար: Սա­կայն մենք այնքան էլ բծախնդիր չենք և այդպես ենք անվանում բոլոր նրանց, ովքեր տեսողություն ունեն:

ՀԱՅՐ — Ներեցեք, խնդրում եմ:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Դրա կարիքը չկա: Ես շատ ուրախ կլինեի ծանոթացնել ձեզ կնոջս հետ, բայց, ցավոք, նա ուշանում է: Բայց Իգնասիոն անպայ­ման նրա հետ կծանոթանա, չէ՞ որ կինս նաև իմ քարտուղարն է:

ՀԱՅՐ — Գուցե հաջորդ անգամ: Իգնասիո, որ­դիս… ես շատ ուրախ եմ, որ քեզ թողնում եմ այս հրաշալի տեղում: Կարող ես չկասկածել, այստեղ քեզ դուր կգա: (Կարլոսին և Խուանային.) Իսկ ձեզ շատ եմ խնդրում, մի փոքր ոգևորեք նրան: ԻԳՆԱՍԻՈ — Հայրիկ…

ՀԱՅՐ — (գրկելով նրան:) Այո, որդիս: Դու այս­տեղ իսկական մարդ կդառնաս:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Անկասկած:

Կարլոսը թևանցուկ է անում Իգնասիոյին:

ԿԱՐԼՈՍ — Ձեր թույլտվությամբ, մեր նոր բարեկամին տանենք մեզ հետ:

ՀԱՅՐ — Այո: Իհարկե: (Հուզված:) Մնաս բա­րով, Իգնասիո… Ես շուտով կգամ:

ԻԳՆԱՍԻՈ — (անտարբեր): Ցտեսություն, հայրիկ:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Գնա՞նք:

ՀԱՅՐ — Այո: Այո:

Գնում են դեպի բեմի խորքը:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (կանգ առնելով): Կարլոս, ուղեկցեք նրան դահլիճ: Այո, և ծանոթացրեք Միգելինի հետ, նրանք նույն սենյակում են ապրելու:

ԿԱՐԼՈՍ — Մի անհանգստացեք, դոն Պաբլո:

Դոն Պաբլոն և Իգնասիոյի հայրը գնում են:

ԿԱՐԼՈՍ — Ափսոս, որ ավելի շուտ չէիր եկել: Նո՞ր ես սկսում ուսանել:

ԻԳՆԱՍԻՈ — Այո: Նախապատրաստական բաժ­նում:

ԿԱՐԼՈՍ — Ես ու Խուանան կօգնենք քեզ: Չա­մաչես, դիմիր, եթե դժվարության հանդի­պես:

ԽՈՒԱՆԱ — Այո: Անպայման:

ԿԱՐԼՈՍ — Լավ: Իսկ հիմա Միգելինը կուղեկ­ցի ձեր սենյակը: Առաջին հերթին, ինչպես հարկն է, պետք է շենքն ուսումնասիրես: Հիմա մենք ամ­բողջը կանցնենք, որ դու իմանաս, թե որտեղ են գտնվում բազկաթոռներն ու սեղանները: Դու պետք է միանգամից հրաժարվես ձեռնափայտից:

ԽՈՒԱՆԱ — (փորձելով Իգնասիոյի ձեռքից վերցնել ձեռնափայտը): Տուր այստեղ: Կտանք տնտեսվարին, թող պահի:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ: Ես չեմ կարող առանց սրա: Եվ խնդրում եմ, ավելորդ նեղություն մի կրեք ցույց տալու համար ձեր շենքը: Միևնույն է, ոչինչ չեմ հիշի:

Դադար:

ԿԱՐԼՈՍ — Ներիր, ինչպես կուզես: Բայց պետք է որքան հնարավոր է շուտ հրաժարվես դրանից: Ասում ես, երբեք չե՞ս սովորել մեր դպրո֊ցամ:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ:

ԽՈՒԱՆԱ — Կույր ես ի ծնե՞:

ԻԳՆԱՍԻՈ — Այո: Բայց իմ ընտանիքը…

ԿԱՐԼՈՍ — Մի նեղվիր: Մենք բոլորս էլ կույր ենք ի ծնե և այստեղ սովորում ենք դոն Պաբլոյի ղեկավարությամբ:

ԽՈՒԱՆԱ — Նա քեզ դուր եկա՞վ:

ԻԳՆԱՍԻՈ — Աբսուրդի աստիճան երջանիկ մարդ է:

ԿԱՐԼՈՍ — Դու այստեղ ուրիշ, ոչ պակաս երջանիկ ուսուցիչների էլ կհանդիպես…

ԻԳՆԱՍԻՈ — Նրանք է՞լ են կույր:

ԿԱՐԼՈՍ — Հարկ է ասել՝ չտեսնող… Ոչ բոլորը: Կենսաբանության ուսուցիչն, օրինակ, չի տեսնում, բայց ամուսնացած է օտար լեզուների ուսուցչի հետ, որը տեսնում է: Ֆիզիկայինը նույնպես տեսողունակ է, իսկ…

ԻԳՆԱՍԻՈ — Տեսողունակ…

ԽՈՒԱՆԱ — Այո, տեսողունակ: Տարօրինակ ի՞նչ կա:

ԻԳՆԱՍԻՈ — Մի՞թե հնարավոր է ամուսնու­թյունը կույր տղամարդու և… տեսողունակ կնոջ միջև:

ԿԱՐԼՈՍ — Ինչո՞ւ է դա քեզ զարմացնում:

ԽՈՒԱՆԱ — Նման ամուսնություններ ինչքան ուզես…

ԻԳՆԱՍԻՈ — Իսկ հակառա՞կը… Հը՞, Կարլոս: (Կարճ դադար:) Խուանա՞:

ԿԱՐԼՈՍ — Ես ու Խուանան ծեր մի զույգի ենք ճանաչում…

ԻԳՆԱՍԻՈ — Մի…

ԽՈՒԱՆԱ — Նաև Պենեն ու Լուիսիտան: Նրանք շատ երջանիկ են:

ԻԳՆԱՍԻՈ — Ընդամենը երկու ամուսնական զույգ:

ԿԱՐԼՈՍ — Չնեղանաս, Իգնասիո, բայց ինձ թվում է, հիմա մի փոքր հուզված ես: Դե, հաս­կանալի է՝ նոր, անսովոր միջավայր… Չգիտեմ, ինչպես ասեմ, որ ճիշտ լինի… Բայց դու, կարծես, նեղվում ես: Մի վախեցիր: Այստեղ դու բավարար քանակությամբ ուրախություն կգտնես, և ամեն ինչ լավ կլինի:

ԻԳՆԱՍԻՈ — Այո, գուցե իրոք նեղվում եմ… Ու ինձ թվում է, մենք բոլորս էլ մի փոքր…

ԿԱՐԼՈՍ — Մենք դեռ կխոսենք այդ մասին: Իսկ այս պահին Միգելի կարիքն է զգացվում: Միգելի՜ն… (Միգելը չի պատասխանում:) Մի ձևացրու: Գիտեմ, որ այստեղ ես: (Շոշափելով գնում է Միգելի կողմը, վերջինս կիպ հպվում է Էլիսային: Վերջապես ծիծաղելով փորձում է բռնել նրա ձեռքը:)

ՄԻԳԵԼ — Ես էլ քո գլխին նման խաղ կխաղամ, երբ Խուանայի հետ մենակ մնաս: Հը, ի՞նչ է պատահել:

ԿԱՐԼՈՍ — Արի այստեղ:

ՄԻԳԵԼ — Չեմ ուզում:

ԿԱՐԼՈՍ — Հիմարություն մի արա: Պետք է քեզ փոխանցեմ դոն Պաբլոյի հանձնարարությու­նը:

ՄԻԳԵԼ — Եթե այդ հանձնարարությանը չի կա­րելի ներգրավել Էլիսային, ոչ մի տեղ էլ չեմ գնա:

ԷԼԻՍԱ — Վերջ տուր կատակներիդ:

ՄԻԳԵԼ — Չեմ կարող:

ԽՈՒԱՆԱ — Էլիսա, արի ինձ մոտ: Գոնե մի քիչ երկուսով մնանք:

ՄԻԳԵԼ — Ստիպված եմ գնալ: (Բռնելով Էլիսայի ձեռքից, շարժվում է դեպի խումբը:) Դե, ասեք, լսում եմ:

ԿԱՐԼՈՍ — Ահա, սա Միգելինն է, մեր խենթու­կը: Չնայած տասնյոթ տարեկան է, բայց բոլորի պաշտպանն է ու սիրելին: Մի խոսքով, հրաշալի տղա: Իսկ Էլիսան նրա հլու խնամակալն է:

ՄԻԳԵԼ — Եվ որքան մեծահոգի, մեծահոգի…

ԷԼԻՍԱ — Լավ կլիներ լռեիր:

ՄԻԳԵԼ — Ներեցեք, չի ստացվում:

ԿԱՐԼՈՍ — Ավելի լավ է սեղմիր նորեկի ձեռքը:

ՄԻԳԵԼ — (Էլիսային ստիպելով): Գուցե առա­ջինը դու՝ խնամակալս:

Էլիսան սեղմում է Իգնասիոյի ձեռքը և ցնցվում:

ԿԱՐԼՈՍ — (Իգնասիոյին): Տնօրենի որոշմամբ դու Միգելինի հետ նույն սենյակում ես ապրելու: Եթե լեզու չգտնեք, ասա, և մենք նրա ականջները կձգենք:

ԻԳՆԱՍԻՈ — Իսկ ինչո՞ւ պիտի չգտնենք: Չէ՞ որ երկուսս էլ կույր ենք:

ՄԻԳԵԼ — Ասում էի, չէ՞, Կարլոս, որ այս նորեկը շատ կատակասերն է…

ԻԳՆԱՍԻՈ — Ես լուրջ եմ ասում:

ՄԻԳԵԼ — Դե, ինչ արած, դրա համար էլ եմ շնորհակալ: Բայց ինձ դժբախտ չեմ համարում: Իմ միակ դժբախտությունն այն է, որ ստիպված եմ հանդուրժել մի…

ԷԼԻՍԱ — Լռիր: Ես գիտեմ, թե ինչ ես ակնար­կում:

Բոլորը, Իգնասիոյից բացի, ծիծա­ղում են:

ՄԻԳԵԼ — Իսկ մեծագույն երջանկությունս… որ ինձ վիճակված չէ զոքանչ ունենալ:

ԷԼԻՍԱ — Անտաշ…

ՄԻԳԵԼ — (աղջիկներին): Ինչո՞ւ դադարեցրիք ձեր բամբասանքը: Դուք այնքան լավ էիք սկսել: (Աղջիկները փսփսում են և կամացուկ ծիծաղում:) Ախ, այդ կանացի գաղտնիքները, Իգնասիո: Ավելի սարսափելի ոչինչ չկա: (Խուանան և Էլիսան կսմթում են նրան:) Ախ… Ասում էի, չէ՞: (Ծիծաղում է:) Դե լավ: Առաջարկում եմ շարժվել բուֆետ: Միայն առանց աղջիկների: Այնտեղ գա­րեջուր կա…

ԿԱՐԼՈՍ — Ընդունված է:

ԽՈՒԱՆԱ — Ուժերը համախմբվեցին, հա՞: Դե լավ, քեզ հետ հետո կխոսեմ:

ԿԱՐԼՈՍ — Մենք ընդամենը մի րոպեով…

ՄԻԳԵԼ — Չհանձնվես, վախկոտ: Թռանք: Հարգարժան տիկնայք, եթե պատահաբար որո­շեք քանդել ու հավաքել մեր ոսկորները, ապա խնդրում եմ իմ ոսկորների հետ վարվել շատ զգույշ, քանզի նրանք, ի տարբերություն Կարլոսի, շատ նուրբ են ու փխրուն:

ԽՈՒԱՆԱ — Գնա, գնա…

ԷԼԻՍԱ — (նրա հետ միաժամանակ): Հիմար:

Շրջապատելով Իգնասիոյին, տղա­ները դուրս են գալիս:

ԷԼԻՍԱ — Խոսե՞նք:

ԽՈՒԱՆԱ — Խոսենք: (Նստում են թախտին: Դոն Պաբլոն մտնում է ծխարան, կանգ է առնում, ականջ դնում նրանց խոսակցությանը:) Ախ, որ­քան վաղուց չէինք խոսել:

ԷԼԻՍԱ — Ես հացի նման դրա կարիքն ունեմ:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Ես ձեզ չխանգարեցի՞:

ԽՈՒԱՆԱ — Ոչ, ինչ եք ասում: (Աղջիկները ոտքի են ելնում:) Մենք նույնիսկ չէինք սկսել:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Իսկ ինչի՞ մասին էիք պատ­րաստվում խոսել: Գուցե նոր ուսանողի՞:

ԷԼԻՍԱ — Ես կասեի… Ավելի շուտ, հին ուսա­նողների մասին:

ԽՈՒԱՆԱ — (ամաչելով): Էլիսա…

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (ծիծաղելով): Բավականին հետաքրքիր թեմա է: (Լուրջ:) Եվ այդ պահին հայտնվում է մի անտանելի ծերուկ և խոսք բացում նոր աշակերտի մասին: Էլիսան, կարծեմ, նրա հետ արդեն ծանոթացե՞լ է:

ԷԼԻՍԱ — Այո, սինյոր:

Դոննա Պեպիտան կանգնում է դռ­ների մեջ: Թևի տակ կաշվե թղթա­պանակ կա:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (միանգամից չզգալով նրա գալուստը): Մի րոպե… Կարծես իմ կինն է:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — (մոտենալով): Բարև, Պաբլո: Ներիր, մի քիչ ուշացա:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (քնքշորեն բռնելով նրա ձեռ­քը): Ինչ անուշահոտ ես բուրում այսօր, Պեպիտա:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Սովորականի պես: Բարի օր, սինյորիտաներ: Ո՞ւր են ձեր թափառա­կան ասպետները:

ԷԼԻՍԱ — Նրանք լքեցին մեզ հանուն իրենց նոր ընկերոջ:

ԽՈՒԱՆԱ — Խեղճը: Նա այնքան լավն է:

ԷԼԻՍԱ — Իսկ իմ կարծիքով, բոլորովին էլ ոչ…

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Չի կարելի այդպես խոսել ձեր ընկերոջ մասին, սինյորիտա: Հատկապես, երբ դեռ չեք ճանաչում: (Դոննա Պեպիտային.) Կարլոսն ու Միգելը գնացել են մեր նոր ուսանողի հետ: Նա այսօր է ընդունվել նախապատրաստա­կան բաժանմունք:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Ախ, ահա թե ինչ: Եվ ի՞նչ տղա է այդ նորեկը:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Ինչպես լսեցիր, այս սինյորիտաները այնքան էլ լավ կարծիքի չեն նրա մա­սին:

ԽՈՒԱՆԱ — Պարզապես Էլիսան ժամանակից շուտ է եզրահանգումներ անում:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Այո, մի քիչ: Եվ ահա այդ առիթով էլ ձեզ մի քանի խորհուրդ եմ ուզում տալ:

ԽՈՒԱՆԱ — Իգնասիոյի՞ վերաբերյալ:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Այո: (Դոննա Պեպիտային.) Ի դեպ, լավ կլինի, որ դու էլ լսես:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Ի՞նչ է, դա այդքան լո՞ւրջ է:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Ոչ, ինչպես միշտ, անկումա­յին հոգեվիճակ: Ծնողների անկարողությունից մո­լորված տխուր երիտասարդ: Չափից ավելի երես տված: Դե, հասկանալի է, միակ զավակ, մասնա­վոր ուսուցիչներ… Մի խոսքով, անհրաժեշտ է խե­լացի մոտեցում, ընկերների ջանադիր օգնություն:

ԽՈՒԱՆԱ — Մենք ուզում էինք, որ հրաժարվի ձեռնափայտից, բայց նա չցանկացավ: Ասաց, որ այդպես շատ անօգնական է զգում:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Իսկ դուք համոզեք նրան, բայց անհրաժեշտ է դա անել նրբորեն, ձեզ հա­տուկ խելացիությամբ և զգուշությամբ, սինյորիտաներ: Այդ գործում ես մեծ հույսեր եմ կապում Կարլոսի տաղանդի և նրա չափի զգացողության հետ: Թող նա նոր ուսանողի մեջ ներարկի իսկա­կան ընկերության և բարեկամության գաղափար­ները: Նման խառնվածքի տեր երիտասարդները ծարավի են քնքշանքի և ուրախության ու հաճույ­քով են բռնում մեկնած ձեռքը:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Իսկ ինչո՞ւ նրան չտե­ղավորել Միգելինի սենյակում:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — (ժպտալով): Արդեն արել ենք, սիրելիս… Սակայն, սինյորիտա Էլիսա, կա­րիք չկա, որ Միգելինն իմանա իմ առաջարկի մա­սին, քանզի, եթե դա ընդունի որպես առաջա­դրանք, ապա ոչինչ չի ստացվի:

ԷԼԻՍԱ — Ես նրան ոչինչ չեմ ասի:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Ուրեմն, մեր խնդիրն է կարճ ժամանակում Իգնասիոյի մեջ ներարկել մեր կայուն համոզմունքները: Ես ճի՞շտ հասկացա:

ԴՈՆ ՊԱԲԼՈ — Միանգամայն: Ու բավական է խոսենք, բացման պաշտոնական արարողությու­նը ուր որ է կսկսվի: Եվ այսպես, սինյորիտաներ, այս գործում հույսս կապում եմ չորսիդ հետ:

ԽՈՒԱՆԱ — Մի անհանգստացեք, դոն Պաբլո: Ցտեսություն, դոննա Պեպիտա:

Ամուսինները գնում են դեպի ձախ: Խուանան և Էլիսան քնքշորեն իրար գրկելով, մի փոքր անվստահ, սկսում են քայլել:

ԽՈՒԱՆԱ — Դե, ի՞նչ կասես: Դե, Էլիսա, խո­սիր:

ԷԼԻՍԱ — Ինձ դուր չեկավ տնօրենի առաջա­դրանքը: Այդ Իգնասիոյից մի անըմբռնելի տհա­ճություն եմ զգում, որը վանում է ինձ: Դու հավա­տո՞ւմ ես մարդու ներքին դաշտի ազդեցությանը:

ԽՈՒԱՆԱ — Այո, իհարկե: Ո՞վ դրան չի հավա­տում: Չհավատացողները երևի երբեք չեն սիրա­հարվել:

ԷԼԻՍԱ — Դու ճիշտ ես: Բայց գոյություն ունեն նաև բացասականները:

ԽՈՒԱՆԱ — Ի՞նչ…

ԷԼԻՍԱ — Դե, այնպիսիները, ինչպես Իգնասիոն: Երբ նա կանգնած էր այստեղ, ես սկսեցի վատ զգալ… Տհաճություն էի զգում ու խեղդվում էի… Իսկ երբ ձեռքս մեկնեցի նրան, նա կարծես ամ­բողջ մարմնով փշաքաղվեց: Նրա ձեռքը չոր էր ու տաք… Ուղղակի չարություն էր արտաշնչում…

ԽՈՒԱՆԱ — Չնկատեցի: Նա ինձ բավականին հետաքրքիր թվաց… Եվ, ընդհանրապես, զգաց­վում է, որ դժբախտ է: Նրան անպայման պետք է օգնության ձեռք մեկնել: Եվ, խնդրում եմ, մի՛ մտածիր այնպիսի հիմարությունների մասին, ինչպիսին վատ դաշտերի ազդեցությունն է:

ԷԼԻՍԱ — Եվ, այնուամենայնիվ, ես գերադասում եմ Միգելից ճառագող դաշտի ազդեցությունը:

ԽՈՒԱՆԱ — (ծիծաղելով): Իսկ ես՝ Կարլոսից: Սպասիր: Փայլուն գաղափար ծնվեց…

Բարձրախոսից լսվում է Բեթհովենի «Լուսնի սոնատը»:

ԷԼԻՍԱ — Դե՞:

ԽՈՒԱՆԱ — Լսո՞ւմ ես: Ինչ հրաշալի է…

ԷԼԻՍԱ — Դե, ի՞նչ ես ասում, շարունակելո՞ւ ես, թե՞ ոչ:

ԽՈՒԱՆԱ — Այո: Իմ գլխում մի փայլուն միտք ծագեց… թե ինչպես վարվել Իգնասիոյի հետ:

ԷԼԻՍԱ — Այո՞: Դե, ասա, լսում եմ:

ԽՈՒԱՆԱ — Մի ելք կա միայն… Նրա համար հարսնացու գտնել: Արի մտածենք, թե ո՞վ ավելի հարմար կլինի… Ինչո՞ւ ես լռում: Քեզ դուր չեկավ իմ գաղափարը:

ԷԼԻՍԱ — Վատ չէ, բայց…

ԽՈՒԱՆԱ — Իսկ իմ կարծիքով, փառահեղ է: Հիշո՞ւմ ես, ինչ էր կատարվում մեզ հետ մինչև Կարլոսի և Միգելինի խոստովանությունը: Ինչ­պես Կարլոսն է ասում, մենք այն ժամանակ դեռ չգիտեինք, թե ինչ ասել է ուրախություն: Իսկ հի­շո՞ւմ ես, երբ ասացի. «Էլիսա, նա ինձ սեր խոստովանեց»:

ԷԼԻՍԱ — Իսկ ես քեզ հարցրի. «Ինչպե՞ս եղավ: Պատմիր, շո՛ւտ»:

ԽՈՒԱՆԱ — Այո: Իսկ իմ հարցին տխուր պա­տասխանեցիր. «Ոչ, Միգելինն ինձ ոչինչ չի ասել… Երևի նա ինձ չի սիրում»:

ԷԼԻՍԱ — Իսկ նա խոստովանեց հաջորդ օրը:

ԽՈՒԱՆԱ — Անկասկած, իմ Կարլոսի դրդմամբ: Այ թե խորամանկ են այդ տղաները: Նրանք էլ իրենց գաղտնիքներն ունեն:

ԷԼԻՍԱ — Իսկ հետո… առաջին համբույր…

ԽՈՒԱՆԱ — (երազկոտ): Իսկ դրանից էլ առաջ…

ԷԼԻՍԱ — Ի՞նչ: Ի՞նչ ասացիր:

ՄԻԳԵԼ — Էլիսա… Էլիսա… (Ներս է մտնում աջ կողմից:)

ԷԼԻՍԱ — Այստեղ եմ, Միգելին: Ինչո՞ւ ես բղա­վում…

ՄԻԳԵԼ — Արի այստեղ: (Անսպասելի անցնում է կատակի:) Ուզում եմ գրկել քեզ…

ԷԼԻՍԱ — Կպչունիկ…

ԽՈՒԱՆԱ — Օհո… Վատ հոտ եմ առնում:

ՄԻԳԵԼ — Այո, ես էլ եմ զգում: Ուզում են մեզ բաժանել իրարից: Բայց ես թույլ չեմ տա: Գնանք այստեղից, Էլիսա:

ԽՈՒԱՆԱ — Կարլոսն ո՞ւր է:

ՄԻԳԵԼ — Հիմա կգա: Ասաց, որ իրեն այստեղ սպասես:

ԽՈՒԱՆԱ — Իսկ Իգնասիոյին որտե՞ղ թողեցիք:

ԿԱՐԼՈՍ — Իմ սենյակում: Ասաց, հոգնել է և չի մասնակցի հանդիսավոր բացմանը… Պետք է հարմար տեղեր զբաղեցնել, Էլիսա:

ԷԼԻՍԱ — Այո, գնանք: Խուանա՞:

ԽՈՒԱՆԱ — Ես կսպասեմ Կարլոսին: Մեզ հա­մար էլ տեղ պահեք:

ՄԻԳԵԼ — Կաշխատենք: Գնացինք:

Էլիսան ու Միգելը դուրս են գալիս: Լսվում է ձեռնափայտի կտկտոցը: Հայտնվում է Իգնասիոն:

ԽՈՒԱՆԱ — Իգնասիո՞… դո՞ւ ես:

ԻԳՆԱՍԻՈ — Այո, ես եմ: Խուանա՞:

ԽՈՒԱՆԱ — Ինձ ասացին, որ մնացել ես քո սենյակում:

ԻԳՆԱՍԻՈ — Այնտեղից եմ գալիս… Մնաս բարով:

ԽՈՒԱՆԱ — Ո՞ւր ես գնում:

ԻԳՆԱՍԻՈ — Տուն:

ԽՈՒԱՆԱ — Բայց… Չէ՞ որ ուզում էիր սովորել մեզ հետ:

ԻԳՆԱՍԻՈ — Միտքս փոխեցի:

ԽՈՒԱՆԱ — Մեկ ժամվա ընթացքո՞ւմ:

ԻԳՆԱՍԻՈ — Դա լրիվ բավարար էր:

Խուանան մոտենում և քնքշորեն բռնում է նրա պիջակի փեշից:

ԽՈՒԱՆԱ — Ինչպե՞ս ես տուն հասնելու:

ԻԳՆԱՍԻՈ — (փորձում է խույս տալ): Շատ հեշտ:

ԽՈՒԱՆԱ — Հայրդ շատ կվշտանա: Իսկ ի՞նչ կասի դոն Պաբլոն:

ԻԳՆԱՍԻՈ — (արհամարհական): Դոն Պաբլոն…

ԽՈՒԱՆԱ — Իսկ մե՞նք: Քեզ արդեն մեր ընկերն էինք համարում… ում հետ ուրախ և հաճելի կլիներ սովորել:

ԻԳՆԱՍԻՈ — Լռիր… Ձեզ, բոլորիդ, միայն հա­ջողվում է ինձ ցավ պատճառել: Եվ քեզ նույնպես: Քեզ՝ առաջին հերթին: «Հաճելի և ուրախ»… ան­գիր արած բառեր: Դուք թունավորված եք այդ ու­րախությամբ: Ես կարծում էի, որ այստեղ իսկա­կան ընկերներ կգտնեմ, ոչ թե դատարկ երազող­ներ:

ԽՈՒԱՆԱ — Խեղճ Իգնասիո, որքան եմ ափսո­սում քեզ համար:

ԻԳՆԱՍԻՈ — Խղճահարությունդ պահիր քեզ:

ԽՈՒԱՆԱ — Ես հասկանում եմ, ինչ է կատարվում քեզ հետ: Մենք էլ ենք ժամանակին նման բան վերապրել: Ես մի միջոց գիտեմ… Եթե հանգիստ լսես, կասեմ, թե ինչ:

ԻԳՆԱՍԻՈ — Ես հանգիստ եմ…

ԽՈՒԱՆԱ — Քեզ ընկերուհի է հարկավոր: Ծիծաղո՞ւմ ես: Շո՞ւտ գլխի ընկա:

ԻԳՆԱՍԻՈ — Դուք նույնիսկ չեք գիտակցում, թե որքան ձանձրալի եք ու միօրինակ: Հատկա­պես աղջիկներդ: Եվ այստեղ, և այնտեղ դուք մի­այն մի բան եք գլուխներդ մտցրել, և՛ կույրերը, և՛ տեսնողները: Ու դու առաջինը չես, որ նման միա­միտ միջոց ես առաջարկում: Իմ երիտասարդ հարևանուհիները նույնն էին պնդում:

ԽՈՒԱՆԱ — Հիմարիկ… Չե՞ս հասկանում, նրանք պարզապես ուզում էին քեզ դուր գալ:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ: Նրանք… ինչպես և դու, փե­սացուներ ունեին: Այդ հիմար խորհուրդը, ծնված նույնքան հիմար հրճվանքից, նման է կեղծ, ցու­ցադրական շռայլության: Դուք անդադար պնդում եք. «Ինչո՞ւ քեզ համար ընկերուհի չես գտնում»: Բայց ինչո՞ւ ձեզնից ոչ ոք չասաց, այնպես, որ ձայ­նը դողար իսկական զգացմունքից. «Ես սիրում եմ քեզ»… (Դադար:) Ինձ հարսնացուներ պետք չեն: Ինձ պետք է մեկը, որն ասի. «Ես սիրում եմ քեզ: Սիրում քո վշտով ու թախիծով հանդերձ: Եվ ու­զում եմ տառապել քեզ հետ, ոչ թե քեզ քարշ տալ շինծու ուրախության հորինված թագավորությու­նը»: Բայց այդպիսի կանայք չկան:

ԽՈՒԱՆԱ — (խոցված): Գուցե դո՞ւ չես դիմել որևէ կնոջ:

ԻԳՆԱՍԻՈ — Տեսնո՞ղ:

ԽՈՒԱՆԱ — Իսկ ինչո՞ւ ոչ:

ԻԳՆԱՍԻՈ — (հեգնանքով): Տեսնո՞ղ կնոջ:

ԽՈՒԱՆԱ — Կարևոր չէ, ցանկացած… Կնոջ…

ԻԳՆԱՍԻՈ — Կորեք բոլորդ գրողի ծոցը, և դու առաջին հերթին: Խեղդվեք ձեր ուրախության մեջ, քո այդ բարի ու խելոք Կարլոսի հետ միասին, այդ կատարյալ ապուշի, որ հավատում է, թե երջանիկ է: Ձեր Միգելինը նույնպես այդպիսին է, և դոն Պաբլոն, ու դուք բոլորդ: Բոլորդ: Դուք իրավունք չունեք ապրելու, որովհետև զրկում եք ձեզ տառա­պելու զգացումից, ձևացնում եք, թե ամեն ինչ կարգին է, աշխատում եք մոռանալ իրականու­թյունը, իսկ ում մտքով հանկարծ անցնում է տխրել, իսկույն «ուրախության» դեղատոմսն եք քիթը խոթում: Ես անմիջապես գլխի ընկա: Դոն Պաբլոն նույնիսկ չքաշվեց ակնարկել հորս, իսկ նա էլ իսկույն դիմեց ձեզ… Դուք ամենաօրինակելի աշակերտներն եք, ուսուցիչների ամենահավատարիմ օգնականները հուսահատության և թախ­ծի դեմ պայքարում… Կույրեր: Դուք ուղղակի կույր եք, ոչ թե, ինչպես ինքներդ եք ձեզ անվա­նում, չտեսնողներ:

ԽՈՒԱՆԱ — (թևաթափ): Չգիտեմ, ինչ ասեմ քեզ… Ստել էլ չեմ ուզում… Բայց գոնե հարգիր մեր բարի մղումները: Մնա մեզ հետ… Փորձիր…

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ:

ԽՈՒԱՆԱ — Խնդրում եմ: Դու չես կարող հիմա թողնել ու գնալ, դա իսկական իրարանցում կառաջացնի: Ես… չգիտեմ ինչպես քեզ համոզել:

ԻԳՆԱՍԻՈ — Դու չես կարող ինձ համոզել:

ԽՈՒԱՆԱ — Մի գնա: Ես հասկանում եմ, որ չկարողացա քեզ բացատրել… Եթե դու հեռանաս, բոլորն էլ կհասկանան, որ ես խոսել եմ քեզ հետ, բայց չեմ կարողացել համոզել: Մնա…

ԻԳՆԱՍԻՈ — Խոցված հպարտուհի:

ԽՈՒԱՆԱ — Սա հպարտություն չէ, Իգնասիո: Ուզո՞ւմ ես ծնկաչոք խնդրեմ:

ԻԳՆԱՍԻՈ — (սառը): Ի՞նչ կարիք կա: Ասում են՝ այդ դիրքը ազդեցիկ է տեսնողների համար… Իսկ մենք չենք տեսնում: Մի կապկիր նրանց, ով­քեր իսկական կյանքով են ապրում: (Երկար դադար:) Լավ, ես մնում եմ:

ԽՈՒԱՆԱ — Շնորհակալություն…

ԻԳՆԱՍԻՈ — Շնորհակալությո՞ւն: Բոլորդ էլ չափազանց կեղծավոր եք, չափազանց սառը: Իսկ ես վառվում եմ… այրվում սարսափելի կրակով: Նա այրում է ինձ ներսից և չի թողնում ապրեմ, այն կարող է այրել նաև ձեզ բոլորիդ… Ես եկա պատերազմ բերելու խաղաղությանը:

ԽՈՒԱՆԱ — Մի ասա այդպես: Դա ինձ ցավ է պատճառում: Կարևորն այն է, որ մնացիր: Համոզ­ված եմ, որ այդպես լավ կլինի բոլորի համար:

ԻԳՆԱՍԻՈ — Համառ ես… և հիմար: Քո լա­վատեսությունը նման է կուրության: Պայքարի կրակը, որն այրում է ինձ, կայրի և ձեզ:

ԽՈՒԱՆԱ — Իգնասիո, մոռացիր պատերազմի մասին: Մի՞թե չենք կարող խաղաղ գոյատևել: Ես չեմ հասկանում քեզ: Ինչո՞ւ ես այդպես տառա­պում: Ի՞նչ ես ուզում…

ԻԳՆԱՍԻՈ — Տեսնել:

ԽՈՒԱՆԱ — Ի՞նչ…

ԻԳՆԱՍԻՈ — Այո: Տեսնել: Թեև գիտակցում եմ, որ դա անհնար է: Ուզում եմ տեսնել: Ու թող այդ ցանկությունը հոշոտի իմ ամբողջ կյանքը: Ես չեմ հաշտվելու: Մենք չպետք է հաշտվենք: Առավել ևս, անհոգ ծիծաղենք… Ու եթե չգտնվի այն կի­նը, որն ինձ հետ Գողգոթա կբարձրանա, ես կգնամ մենակ: Ես հրաժարվում եմ հնազանդվե­լուց: Ես ուզում եմ տեսնել:

Դադար: Աջից ներս է մտնում Կարլոսը:

ԿԱՐԼՈՍ — Խուանա, դու այստե՞ղ ես… Խուա­նա… (Դուրս է գալիս աջ կողմից:)

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Նույն ծխարանը: Բեմի խորքի ծառե­րը մերկացել են, մարգագետինը ծածկված է տերևներով:

Էլիսան մարգագետնում հենվել է փայտե ամրաձողին: Աջից, թևան­ցուկ մտնում են Կարլոսն ու Խուա­նան:

ԿԱՐԼՈՍ — Խուանա, ասա ինձ, քեզ ի՞նչ է պա­տահել:

ԽՈՒԱՆԱ — Ոչինչ:

ԿԱՐԼՈՍ — Միայն չփորձես ինձ խաբել: Վերջերս դու մի տեսակ… ինչ որ բանից մտա­հոգված ես:

ԽՈՒԱՆԱ — Դա միայն թվում է…

ԿԱՐԼՈՍ — Մենք միշտ էլ անկեղծ ենք եղել… Ինչո՞ւ չես ուզում կիսել ինձ հետ մտահոգու­թյունդ:

ԽՈՒԱՆԱ — Բայց ես մտահոգված չեմ:

ԿԱՐԼՈՍ — Ոչ, մտահոգված ես: Ես նույնպես:

ԽՈՒԱՆԱ — Դո՞ւ: Ինչո՞վ:

ԿԱՐԼՈՍ — Իգնասիոյի պատճառով ստեղծված իրավիճակով:

ԽՈՒԱՆԱ — Նույնիսկ չգիտեմ էլ՝ ինչ ասեմ… Ախր, մասամբ, ես ինձ եմ մեղավոր համարում:

ԿԱՐԼՈՍ — Մեղավո՞ր:

ԽՈՒԱՆԱ — Այո: Պատմել եմ քեզ, որ ու­սումնական տարվա առաջին օրը համոզեցի նրան չհեռանալ: Իսկ հիմա մտածում եմ՝ իզուր: Ավելի լավ կլիներ, որ նա գնար:

ԿԱՐԼՈՍ — Այո, լավ կլիներ, բայց այդ սխալը դեռ կարելի է ուղղել… Ի՞նչ ես կարծում:

ԽՈՒԱՆԱ — Երևի:

ԿԱՐԼՈՍ — Երեկ ստիպված էի այդ մասին ասել դոն Պաբլոյին… Պետք է տեսնեիր, թե ինչ­պես էր ընկճված: Նա գտնում է, որ աշակերտնե­րը դարձել են ինքնամփոփ, ավելի անվճռական: Փորձեցի ոգևորել նրան, բայց նա ասես կորցրել է վստահությունը: Նույնիսկ խղճահարություն զգացի… և էլի շատ տարօրինակ մի զգացողու­թյուն:

ԽՈՒԱՆԱ — Տարօրինա՞կ: Ի՞նչ:

ԿԱՐԼՈՍ — Վախենում եմ նույնիսկ ասել… ատելության նման մի բան:

ԽՈՒԱՆԱ — Կարլոս…

ԿԱՐԼՈՍ — Այո: Դա ծնվեց ակամա, և զսպելն իմ ուժերից վեր էր: Նա նույնիսկ հարցրեց, թե ոչինչ չի՞ պատահել Էլիսիտային:

ԽՈՒԱՆԱ — Խեղճ Էլիսա: Երբ նստած էինք սեղանի շուրջ, զգացի, որ նա ոչ մի բանի ձեռք չտվեց… Տարօրինակ է, որ նա այստեղ չէ:

Էլիսան չի արձագանքում: Կարլոսն ու Խուանան չեն զգում նրա ներկա­յությունը:

ԿԱՐԼՈՍ — Երևի մի տեղ թաքնվել է: (Հանկարծ ոգևորվելով:) Հանուն նրա, հանուն բոլորի, հանուն այդ հիմար Միգելինի այս ամենին պետք է վերջ տալ, ամեն գնով, և որքան հնարավոր է շուտ:

ԽՈՒԱՆԱ — Բայց ինչպե՞ս:

ԿԱՐԼՈՍ — Իգնասիոն ապացուցեց, որ բարու­թյունն ու սրտացավությունը իր վրա չեն ազդում: Նա չոր է ու կտրուկ… Նա ուղղակի հիվանդ է: Բա­րեկամությանը պատասխանում է չարությամբ:

ԽՈՒԱՆԱ — Ախր, խեղճը պատեպատ է զարկ­վում, կորցրել է հոգեկան խաղաղությունը…

ԿԱՐԼՈՍ — Ոչ, նա խաղաղության կարիք չունի: Ուրեմն՝ պատերազմ…

ԽՈՒԱՆԱ — Պատերա՞զմ:

ԿԱՐԼՈՍ — Քեզ ի՞նչ պատահեց:

ԽՈՒԱՆԱ — Դու ասացիր մի բառ… այնքան ատելի…

ԿԱՐԼՈՍ — Դու լավ չես ճանաչում նրան: Հոգու խորքում նա վախկոտ է… Ո՞վ կմտածեր, որ նրա գալուստը համընդհանուր քայքայում կբերեր մեզ: Մենք պարտություն ենք կրում, Խուանա:

ԽՈՒԱՆԱ — Ես փորձում էի նրա համար ընկե­րուհի գտնել, բայց ապարդյուն:

ԿԱՐԼՈՍ — Ոչ, դա չի օգնի: Իգնասիոն այն մարդկանցից չէ, ում վրա կինը կարող է հույս դնել: Դու հո գիտես, որ նրա շուրջը անընդհատ ստրկուհիներ են պտտվում: Իսկ ինքն արհամարհում է դրանց: Մի ելք է մնացել, գտնել փաստարկներ և մերկացնել նրան բոլորի աչքի աոաջ, որ ստիպ­ված լինի թողնել հեռանալ:

ԽՈՒԱՆԱ — Ինչպիսի պարտություն մեր գիշե­րօթիկի համար:

ԿԱՐԼՈՍ — Պարտությո՞ւն: Ոչ, ճշմարտությու­նը չի կարող պարտվել, իսկ այն մեր կողմն է:

ԽՈՒԱՆԱ — Այո… Բայց ընկերուհին գուցե վերափոխեր նրան:

ԿԱՐԼՈՍ — Լավ: Մոտեցիր ինձ: Արի ինձ մոտ: (Նրա ձեռքն առնելով ափերի մեջ:) Իմ քնքուշ Խուանա, ինչպես եմ սիրում քեզ քո քնքշության համար: (Խուանան համբուրում է նրան:) Մնացել ենք միայն երկուսս, ուրիշ պայքարող չկա: Գոնե դու չնահանջես:

ԽՈՒԱՆԱ — Ինչո՞ւ ես այդպես ասում:

ԿԱՐԼՈՍ — Պարզապես քո կարիքը հիմա զգում եմ առավել, քան երբևէ:

Երեք ուսանողներով շրջապատված, հայտնվում է Իգնասիոն: Նա ավելի անփույթ է հագնված:

ԱՆԴՐԵՍ — Այս կողմ, Իգնասիո: (Ուղղորդում է նրան դեպի ձախ կողմի բազկաթոռները:)

ԻԳՆԱՍԻՈ — Աղջիկները գալի՞ս են:

ԱԼԲԵՐՏՈ — Ոչ, դեռ չեմ լսում:

ԻԳՆԱՍԻՈ — Ավելի լավ: Երբեմն նրանք ան­տանելի են դառնում:

ԱՆԴՐԵՍ — Դե լավ, ուշադրություն մի դարձ­րու: Նստիր: Ծխախոտ վերցրու:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ, շնորհակալ եմ: Ինչո՞ւ ծխել: Ինչո՞ւ ընդօրինակել տեսնողներին:

ԱՆԴՐԵՍ — Ճիշտ ես ասում: Առաջին սիգարե­տը միշտ էլ ընդօրինակում է: Վատն այն է, որ հե­տո սովորություն է դառնում: Վերցրեք, հյուրասի­րում եմ բոլորիդ:

ԿԱՐԼՈՍ — (մենամարտի թույլ ակնարկով): Բարի օր, բարեկամներ:

ԻԳՆԱՍԻՈ, ԱԼԲԵՐՏՈ, ԱՆԴՐԵՍ — (առանց մեծ ցանկության): Ողջույն:

ՊԵԴՐՈ — Ողջույն, Կարլոս: Ի՞նչ ես անում այստեղ:

ԿԱՐԼՈՍ — Նստած ենք Խուանայի հետ:

ԻԳՆԱՍԻՈ — Այստեղ հրաշալի է: Փառահեղ աշուն է սկսվել:

ԱՆԴՐԵՍ — Իսկական աշնան համար դեռ վաղ է: Տես, արևն ինչպես է այրում:

ՊԵԴՐՈ — Լավ, Իգնասիո, շարունակիր պատ­մել:

ԻԳՆԱՍԻՈ — Որտե՞ղ կանգ առանք:

ԱԼԲԵՐՏՈ — Այնտեղ, երբ սայթաքեցիր:

ԻԳՆԱՍԻՈ — Հա, սայթաքեցի աստիճանների վրա: Երևի ձեզ հետ էլ է պատահել, հաշվում ես աստիճանները, հաշվում և մտածում, թե դրանք արդեն վերջացել են: Վստահորեն դնում ես ոտքդ… ու գլորվում գետնին: Ես այնպես զրխկա­ցի, որ քիչ մնաց սիրտս պայթեր: Հազիվ կարողա­ցա վեր կենալ: Ոտքերս ասես բամբակից լինեին, իսկ աղջիկները մեռնում էին ծիծաղից: Ճիշտ է, նրանք անհոգ էին ծիծաղում, բայց սրտիս դիպավ: Աղջիկները փորձում էին իրենց զսպել, բայց չէր հաջողվում: Նկատե՞լ եք, որ կանայք երբեմն չեն կարողանում իրենց զսպել: Իսկ ես պատրաստ էի ոռնալ: Այն ժամանակ տասնհինգ տարեկան էի: Նստեցի աստիճաններին ու սկսեցի մտածել: Կյանքումս երևի առաջին անգամ փորձեցի հաս­կանալ, թե ինչո՞ւ եմ կույր, և ինչի՞ համար են ընդ­հանրապես ապրում կույրերը: Սարսափելի է մտածել, որ մարդկանց մեծամասնությունը, որ մեզնից ոչնչով լավը չեն և ոչ մի արժանիք էլ չու­նեն, տիրապետում են մոգական իշխանության… Մենք զրկված ենք այդ իշխանությունից, ընդու­նակ չենք իրերը տարբերել տարածության վրա և այդ պատճառով անարդարացիորեն ցածր ենք դասվում նրանցից, ովքեր ապրում են այնտեղ, ազատության մեջ:

Իգնասիոյի խոսելու ընթացքում Կարլոսի դեմքին ավելի է նշմարվում հազիվ զսպվող կատաղությունը:

ԱՆԴՐԵՍ — Ճիշտ ես ասում… Ես էլ եմ շատ մտածել այդ մասին: Կուրությունը ոչ միայն զրկում է մեզ տարածության վրա ունեցած իշխանությու­նից, այլև խլում է հաճելի տպավորությունների զգացողությունը: Երևի դրանք անկրկնելի զգացողություններ են: Ինչպե՞ս ես դրանք պատկե­րացնում:

Միգելը մտնում է մարգագետին: Անցնելով Էլիսայի կողքով, չի զգում նրա ներկայությունը:

ԻԳՆԱՍԻՈ — Կարծում եմ, աչքերի մեջ հաճե­լի խուտուտի նման ինչ-որ բան է առաջանում, որ փոխանցվում է նյարդային համակարգին ու այն­տեղից էլ՝ ներքին օրգաններին… ու դա առաջ է բերում վստահության և հանգստության զգացում: ԱՆԴՐԵՍ — (հոգոցով): Երևի հենց այդպես էլ կա:

ՄԻԳԵԼ — Ողջույն, տղաներ:

Էլիսան ձեռքերը խաչում է կրծքին և մոտենում մյուսներին:

ԱՆԴՐԵՍ — Ճիշտ Ժամանակին եկար: Ասա, ինչպե՞ս ես պատկերացնում տեսողությունը:

ՄԻԳԵԼ — Բոլորովին այլ կերպ, քան նկարա­գրեց Իգնասիոն: Բայց դա նշանակություն չունի, քանի որ իմ գլխում մի փայլուն միտք ծագեց: Մի­այն թե չծիծաղեք… Մենք չենք տեսնում: Ուրեմն, ընդունա՞կ ենք պատկերացնել, թե ինչ է տեսողու­թյունը: Ոչ: Հետևաբար, տեսողությունն անճանա­չելի է: Ինչը նշանակում է, որ տեսողունակներն էլ ոչինչ չեն տեսնում:

Իգնասիոյից բացի բոլորը ծիծաղում են:

ՊԵԴՐՈ — Այդ դեպքում ի՞նչ են նրանք անում:

ՄԻԳԵԼ — Դե, հերիք է ծիծաղեք, հիմարներ: Ի՞նչ են անում: Պարզապես տառապում են մի ընդհանուր տեսախաբկանքով: Համընդհանուր մտամոլորություն: Ու միակ նորմալ մարդիկ այս խենթ աշխարհում մենք ենք:

Նորից պայթում է ծիծաղը:

ԻԳՆԱՍԻՈ — (նրա ձայնից բոլորը լռում են): Մենք կարող էինք օգտվել քո մտքից և հանգիստ ապրել, եթե միայն չիմանայինք, որ տեսողությու­նը գոյություն ունի: Ահա թե ինչու քո հանճարեղ հայտնագործությունը մեզ պիտանի չէ:

ՄԻԳԵԼ — (ձայնի մեջ թախիծ է): Բայց, համենայնդեպս, սրամիտ էր:

ԻԳՆԱՍԻՈ — Այո, բայց դու նորից փորձեցիր ծիծաղով քողարկել քո անուղղելի դժբախտու­թյունը:

ԷԼԻՍԱ — Միգելին…

ԽՈՒԱՆԱ — Էլիսա…

ՄԻԳԵԼ — Գրողը տանի, Խուանա, պարզվում է, դո՞ւ էլ ես այստեղ: Իսկ Կարլո՞սը:

ԿԱՐԼՈՍ — Ես նույնպես: Եվ ձեր թույլտվու­թյամբ կուզենայի միանալ ձեզ: (Նստում է խմբից ձախ:)

ԷԼԻՍԱ — Միգելին, գնանք մարզահրապարակ, զբոսնենք մի քիչ: Հիմա այնտեղ շատ լավ է: Գնա՞նք:

ՄԻԳԵԼ — (մի փոքր կոպիտ): Հենց նոր եկա այնտեղից: Ու հետո, այստեղ շատ հետաքրքիր խոսակցություն է: Գնա Խուանայի մոտ:

ԽՈՒԱՆԱ — Արի այստեղ, Էլիսա: Այստեղ ազատ տեղ կա:

Էլիսան լուռ հոգոց է հանում ու նստում Խուանայի կողքին:

ԱԼԲԵՐՏՈ — Լսո՞ւմ էիր, թե ինչի մասին էինք խոսում, Կարլոս:

ԿԱՐԼՈՍ — Այո, Ալբերտո: Այդ ամենը շատ հե­տաքրքիր էր:

ԱՆԴՐԵՍ — Իսկ դու ի՞նչ ես մտածում այդ մա­սին:

ԿԱՐԼՈՍ — Ես գործնական մարդ եմ և ուզում եմ մի հարց տալ. մի՞թե ձեր եզրահանգումները խելամիտ արդյունք տվեցին: Ավելին, նրանք միայն թախիծ ու տագնապ են ծնում:

ՄԻԳԵԼ — Նաև ծիծաղ՝ ձեր խոնարհ ծառայի անուղղելի դժբախտության վրա:

Ծիծաղ:

ԿԱՐԼՈՍ — Ինձ համար տհաճ է ասել, Միգելին, բայց երբեմն դու հեռու ես սրամիտ լինելուց: Դե լավ, թողնենք դա: Իսկ քեզ, Իգնասիո, ուզում եմ հարցնել, եթե ճիշտ հասկացա, դու պնդում ես, որ անտեսողունակներս կազմում ենք տեսողունակներից առանձին, հատուկ մի աշխա՞րհ:

ԻԳՆԱՍԻՈ — Դե… ուզում էի ասել…

ԿԱՐԼՈՍ — Չէ, սպասիր, ճի՞շտ եմ հասկացել, թե ոչ:

ԻԳՆԱՍԻՈ — Դե… այդպես: Հատուկ, և կավելացնեի նաև՝ դժբախտ աշխարհ:

ԿԱՐԼՈՍ — Բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Աշխարհը նույնն է թե՛ մեզ համար, թե՛ նրանց: Մի՞թե նրանց նման մենք էլ չենք ուսանում: Կամ գուցե պնդես, թե պակա՞ս օգտակար ենք հասա­րակության համար: Կամ գուցե ասես, որ չենք սիրում և ընտանիք կազմում, ինչպես նրա՞նք:

ԻԳՆԱՍԻՈ — Կամ էլ չե՞ք տեսնում…

ԿԱՐԼՈՍ — Այո, չենք տեսնում: Բայց փոխարենը նրանք լինում են անթև, կաղ, կաթվածահար, տառապում են տարբեր հիվանդություններով: Քսան տարեկանում մահանում են թոքախտից կամ սպանվում են պատերազմում… Կամ էլ սովից են մահանում:

ԱԼԲԵՐՏՈ — Այ, դա ճիշտ է:

ԿԱՐԼՈՍ — Իհարկե, ճիշտ է: Դժբախտություն­ները բաժանված են մարդկանց միջև, և մենք բա­ցառություն չենք: Ուզո՞ւմ ես, քեզ ամենամեծ ապացույցը բերեմ: Մենք ամուսնանում ենք տես­նողների հետ: Այսօր դրանց թիվն արդեն քիչ չէ, իսկ վաղը դա կդառնա օրինաչափություն: (Խիստ:) Ինձ ծայրաստիճան զարմացնում է, որ դուք, մեր ուսումնական հաստատության վետե­րաններդ, կարող եք գոնե մի վայրկյան կասկա­ծել: Իգնասիոյի կասկածները հասկանալի են… Նա դեռ ինքնավստահ չէ ու վախենում է հրաժար­վել ձեռնափայտից… Եվ դուք պետք է օգնեք նրան:

ԱԼԲԵՐՏՈ — Դե, Իգնասիո, սրա՞ն ինչ կասես:

ԻԳՆԱՍԻՈ — Կարլոսի փաստարկները չա­փազանց թույլ են: Սակայն մեր զրույցն ավելի շատ կռվի է նմանվում: Ավելի լավ չէ՞ դադարեց­նենք այն: Ես հարգում եմ քեզ, Կարլոս, և չէի ու­զենա…

ՊԵԴՐՈ — Ոչ, դու պարտավոր ես նրան պատասխանել:

ԻԳՆԱՍԻՈ — Բանն այն է…

ԿԱՐԼՈՍ — Մի քաշվիր, բարեկամ: Պատաս­խանիր: Անավարտ վեճից ավելի վատ բան չկա:

ԻԳՆԱՍԻՈ — Ցավոք, մոռանում ես, որ նման վեճերը շատ հաճախ անլուծելի են: (Մի կողմ է քաշվում:)

ԱՆԴՐԵՍ — Ոչ, ոչ, մի գնա:

ԿԱՐԼՈՍ — Հանգիստ թող նրան, Անդրես… Ամեն ինչ պարզ է: Նա դեռ իր մեջ համարձակու­թյուն չի գտնում:

ԻԳՆԱՍԻՈ — Եվ դրա համար էլ ձեռնափայտի կարիք ունեմ, ճի՞շտ է:

ԿԱՐԼՈՍ — Դու ասացիր…

ԻԳՆԱՍԻՈ — (սեղանի վրայից վերցնում է մոխրամանն ու դնում գրպանը): Բոլորս էլ ձեռնա­փայտի կարիք ունենք, որ չսայթաքենք:

ԿԱՐԼՈՍ — Վախն ընկճում է հոգին, ահա թե ինչն է ստիպում քեզ սայթաքել: Դու ամբողջ կյանքդ կքայլես ձեռնափայտով և ամբողջ կյան­քում էլ կսայթաքես: Փորձիր նմանվել մեզ: Մենք չենք սայթաքում:

ԻԳՆԱՍԻՈ — Չափից ավելի ինքնավստահ ես, Կարլոս: Տես, հանկարծ չսայթաքես պատահա­բար, կարող է և ջարդուփշուր լինես: Ու հնարա­վոր է, որ շատ ավելի շուտ, քան կարծում ես: Իսկ ես չէի էլ պատրաստվում հեռանալ: Ես ուզում եմ պատասխանել քեզ, բայց թույլ տուր քայլեմ… այդպես ավելի լավ եմ տրամաբանում: (Վերցնում է սեղանը և տանում բեմի խորքը՝ ձեռնափայտը ուժեղ խփելով գետնին: Սեղանը անձայն դնում է հատակին:) Կարլոս, դու ձգտում ես համոզել, որ մենք ոչնչով չենք տարբերվում տեսնողներից…

ԿԱՐԼՈՍ — Միանգամայն ճիշտ է:

ԻԳՆԱՍԻՈ — Որքան դյուրահավատն ես: Բայց քո համոզվածությունը հեղհեղուկ է: Այն կսայ­թաքի ամենափոքր արգելքից: Դու ծիծաղում ես իմ ձեռնափայտի վրա, բայց այն ինձ թույլ է տա­լիս առանց վախի քայլել ու դեմ չառնել որևէ ար­գելքի: (Աջ կողմից մոտենում է բեմեզրին ու շրջվում: Սեղանը հայտնվում է նրա և Կարլոսի միջև:)

ԿԱՐԼՈՍ — (ծիծաղելով): Ի՞նչ արգելքի մասին է խոսքը: Այստեղ ոչ մի արգելք էլ չկա: Հիմա տես­նո՞ւմ ես, թե ինչքան վախկոտ ես: Եթե դու էլ մեզ նման այս տեղը լավ ուսումնասիրեիր, վա­ղուց մի կողմ նետած կլինեիր ձեռնափայտդ:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ, ես չեմ ուզում սայթաքել:

ԿԱՐԼՈՍ — (բորբոքված): Բայց այստեղ հնա­րավոր չէ սայթաքել: Այս տանը չկա մի անկյուն, որ մենք չիմանանք: Ձեռնափայտը լավ է փողոցի համար, իսկ այստեղ…

ԻԳՆԱՍԻՈ — Այստեղ նույնպես անհրաժեշտ է: Հակառակ դեպքում խեղճ կույրերս ինչպես իմանանք, թե ինչ է սպասվում մեր ճանապարհին:

ԿԱՐԼՈՍ — Մենք խեղճ չենք: Ու դա հրաշալի գիտենք:

ԻԳՆԱՍԻՈ — Եթե հիմա խնդրեմ, որ տեղիցդ վեր կենաս ու արագ քայլերով մոտենաս ինձ, վստա՞հ ես, որ կանես դա առանց վախի:

ԿԱՐԼՈՍ — Բնականաբար: Ուզո՞ւմ ես՝ ապա­ցուցեմ:

ԻԳՆԱՍԻՈ — Այո: Բայց շատ արագ:

ԿԱՐԼՈՍ — Գալիս եմ:

Կարլոսը մի քանի արագ քայլ է անում, բայց հանկարծ կանգ է առ­նում հ ձեռքերը մեկնում առաջ: Սե­ղանին կպնելուց նրա դեմքը բոցա­վառվում է չարությամբ ու ատելու­թյամբ:

ԻԳՆԱՍԻՈ — Շատ ես դանդաղում:

ԿԱՐԼՈՍ — (շրջանցում է սեղանը և մոտենում Իգնասիոյին): Ճիշտ չէ: Ես արդեն այստեղ եմ:

ԻԳՆԱՍԻՈ — Դու խուճապի մատնվեցիր:

ԿԱՐԼՈՍ — Բոլորովին: Ես այստեղ եմ և ապա­ցուցեցի, որ քո մտավախությունն անտեղի էր: Դու համոզվեցիր, որ ճանապարհին ոչ մի արգելք չկար:

ԻԳՆԱՍԻՈ — Բայց, համենայնդեպս, վախե­ցար: Չժխտես: (Մյուսներին.) Նա վախեցավ: Լսեցի՞ք, ինչպես երերաց ու կանգ առավ:

ՄԻԳԵԼ — Այո, Կարլոս, ստիպված ես ընդունել: Բոլորս էլ լսեցինք:

ԿԱՐԼՈՍ — Պարզապես հանկարծ հասկացա, որ…

ԻԳՆԱՍԻՈ — Ի՞նչ հասկացար: Որ հանկարծ կարող են անսպասելի արգելքնե՞ր հայտնվել: Անվանիր ինչպես կուզես, միևնույն է, դա վախ էր:

ՄԻԳԵԼ – Մեկ-զրո հօգուտ Իգնասիոյի:

ԿԱՐԼՈՍ — Եվ, այնուամենայնիվ, դա վախ չէր, այստեղ ուրիշ պատճառ կար, բայց այդ մասին հիմա չեմ կարող ձեզ ասել: Այս փորձությունն ազնիվ չէր:

ԻԳՆԱՍԻՈ — Համաձայն եմ, չեմ վիճում: (Նստում է մյուսների կողքին:) Բայց դեռ չպատաս­խանեցի քո փաստարկներին… Այո, ճիշտ է, մենք ուսանում ենք… Բայց ուսումնասիրում ենք միայն տասներորդ մասն այն ամենի, ինչ տեսնողները: Ինչ վերաբերում է սիրուն…

ԱԼԲԵՐՏՈ — Այ, դա քեզ չի հաջողվի հերքել:

ԻԳՆԱՍԻՈ — Սերն, իհարկե, հիասքանչ է: Ինչպես, օրինակ, Կարլոսի և Խուանայի սերը: Բայց դա լոկ տխուր նմանակումն է այն սիրո, որ տածում են տեսնողները: Միայն նրանք կարող են ամբողջությամբ տիրանալ իրենց սիրած էակին: Քանզի ընդունակ են նաև հայացքով շոյելու նրան… Իսկ մեզ բաժին է ընկնում այդ հիասքանչի մի չնչին մասը միայն, ձեռքի հպում և ձայնի ան­հետացող ելևեջներ… Մեր սերը լիարժեք չէ: Մենք խղճում ենք մեզ և այդ տխուր խղճահարությունը քողարկելով երջանիկ հիմարությամբ, անվանում սեր: Իսկ ավելի լավ է չձևանալ…­

ՄԻԳԵԼ — Եվս մեկ միավոր Իգնասիոյի օգտին:

ԿԱՐԼՈՍ — (իրեն հազիվ զսպելով): Բայց դու մի շատ կարևոր բան մոռացար ասել:

ՄԻԳԵԼ — Հնարավոր է:

ԿԱՐԼՈՍ — Մի՞թե մեր և տեսնողների միջև ամուսնությունները չեն ապացուցում, որ աշխար­հը նույնն է թե մեր և թե նրանց համար: Մի՞թե դա չի հաստատում, որ մեր սերը, որ ունենք ու պար­գևում ենք ուրիշներին, բնավ էլ կապկում չէ: ԻԳՆԱՍԻՈ — Այդ բոլորը զուտ խղճահարու­թյուն է:

ԿԱՐԼՈՍ — Իսկ դոն Պաբլոն և դոննա Պեպիտա՞ն… գուցե կհամարձակվես պնդել, թե նրանք է՞լ չեն սիրում իրար:

ԻԳՆԱՍԻՈ — Չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը իմ խոսքերին այլ մեկնաբանություն տար…

ԱՆԴՐԵՍ — Խոստանում ենք, ոչ ոքի ոչինչ չենք ասի:

Դոննա Պեպիտան մարգագետնի կողմից մոտենում է աջ դռանը և լսե­լով իր անունը՝ կանգ է առնում;

ԻԳՆԱՍԻՈ — (Կարլոսին): Ինչո՞ւ ես մոռանում այն կարևոր մանրուքը, որի գոյության մասին գիտենք միայն տեսնողների խոսքերից: Դա շատ կարևոր մանրուք է: Դոննա Պեպիտան և դոն Պաբլոն ամուսնացել են, որովհետև դոն Պաբլոն ուղղորդիչ փայտիկի կարիք ունի: (Ձեռ­նափայտը ուժեղ խփում է հատակին:) Իսկ ամենա­կարևորը՝ կույրերս նման բաներ չենք հասկանում, բայց դա շատ կարևոր է տեսնողների համար, որովհետև… դոննա Պեպիտան ահավոր տգեղ է:

Լռություն, որն աստիճանաբար վե­րածվում է իսկական հռհռոցի: Կարլոսը կատաղության մեջ է:

ՄԻԳԵԼ — Երրորդ միավորը Իգնասիոյի օգտին: Ծիծաղն ավելի է ուժգնանում:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — (սրտառուչ): Բարի օր, տղաներ: Տեսնում եմ, շատ ուրախ եք: (Ծի­ծաղն անմիջապես ընդհատվում է:) Նորից Միգելինն է զվարճացնում, այնպես չէ՞:

ՄԻԳԵԼ — Ճիշտ նշանակետին խփեցիք, դոննա Պեպիտա:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Այդ դեպքում ուզում եմ նկատել, որ ձեր ժամանակը դատարկ բաների վրա եք վատնում: Շուտով ժամը երեքը կլինի, իսկ դուք դեռ մարզահրապարակում չեք: Ի՞նչ տեղ ենք գրավելու մրցումներում: Դե, շուտ, բոլորս դե­պի մարզահրապարակ:

ՄԻԳԵԼ — Ներեցեք մեզ:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Լավ, ներում եմ: Մի­այն մարզվեք ինչպես հարկն է: Իսկ դուք, աղջիկ­ներ, եկեք ինձ հետ. արևային լոգանք ընդունենք մարգագետնում: (Ուսանողները դուրս են գալիս: Կարլոսը, Իգնասիոն, Խուանան և Էլիսան մնում են: Դոննա Պեպիտան Կարլոսի հետ ընդգծված քնքշությամբ է վարվում, ինչպես հարազատ որ­դուն. նրանք դոն Պաբլոյի հետ երեխաներ չունեն: Հնարավոր է, ինքն էլ չգիտակցելով, մի փոքր սի­րահարված է նրան:) Կարլոս, դոն Պաբլոն շատ էր ուզում խոսել ձեզ հետ:

ԿԱՐԼՈՍ — Հիմա կգնամ, դոննա Պեպիտա: Միայն թե մի բան ունեմ Իգնասիոյի հետ ավար­տելու:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Իսկ դուք, թանկագին Իգնասիո, չե՞ք ցանկանում սահել չմուշկներով: Ե՞րբ եք վերջապես հրաժեշտ տալու ձեր ձեռնա­փայտին:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչ մի կերպ չեմ կարողանում, դոննա Պեպիտա: Եվ հետո, իմ պարագայում դա անիմաստ է:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — Մի՞թե չեք տեսնում, թե ձեր ընկերները ինչպես են քայլում առանց դրա:

ԻԳՆԱՍԻՈ — Այո, սինյորա, դուք ճիշտ նկա­տեցիք: Ես բոլորովին ոչինչ չեմ տեսնում:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — (չոր): Դե, իհարկե, բնականաբար: Ներեցեք, ես սխալ արտահայտ­վեցի: Ուղղակի այդպիսի արտահայտություն կա… Դե, սինյորիտաներ, գնա՞նք:

ԽՈՒԱՆԱ — Ինչպես ձեզ հարմար է:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — (գրկելով երկու աղ­ջիկներին): Ուրեմն, մնում ենք: Կարլոս, չմոռա­նաս, խնդրում եմ, դոն Պաբլոյի մասին:

ԿԱՐԼՈՍ — Մի անհանգստացեք, ես հիմա կգնամ:

Դոննա Պեպիտան և աղջիկները մո­տենում են պատշգամբի ճաղաշա­րին: Իգնասիոն նստում է բազկաթո­ռին:

ԻԳՆԱՍԻՈ — Դե, ես լսում եմ քեզ:

ԿԱՐԼՈՍ — Ո՞ւր ես պահել մոխրամանը:

ԻԳՆԱՍԻՈ — Ախ, հա: Լրիվ մոռացել էի: Վերցրու: (Մեկնում է մոխրամանը:)

ԿԱՐԼՈՍ — (մի կերպ օդում գտնում, կտրուկ խլում է): Չե՞ս զգում, որ հազիվ եմ ինձ զսպում մռութիդ չհասցնելու համար:

ԻԳՆԱՍԻՈ — Դրանով քո ճշմարտացիությու­նը չես ապացուցի:

Կարլոսը շրխկոցով մոխրամանն իր տեղն է դնում և վերադառնում Իգնա­սիոյի մոտ:

ԿԱՐԼՈՍ — (ծանր շնչելով): Լսիր, Իգնասիո: Արի հանգիստ խոսենք: Եվ փորձենք հասկանալ իրար:

ԻԳՆԱՍԻՈ — Կարծեմ, ես քեզ լավ եմ հասկա­նում:

ԿԱՐԼՈՍ — Ես կուզենայի, որ իրոք հասկանա­յինք:

ԻԳՆԱՍԻՈ — Դա այդքան էլ հեշտ չէ:

ԿԱՐԼՈՍ — Համաձայն եմ: Բայց չե՞ս գտնում, որ դա անհրաժեշտ է:

ԻԳՆԱՍԻՈ — Ինչո՞ւ:

ԿԱՐԼՈՍ — Փորձեմ բացատրել: Դու ոչ մի կերպ չես ցանկանում բաժանվել քո ատելությու­նից: Շատ բարի, թող այդպես լինի, ես հարգում եմ քո զգացմունքները: Բայց անթույլատրելի եմ հա­մարում մյուսներին էլ հոռետեսությամբ վարակե­լու մտայնությունդ: Ո՞վ է քեզ դրա իրավունքը տվել:

ԻԳՆԱՍԻՈ — Սխալվում ես, ես միայն փորձում են անկեղծ լինել, և այն վարակը, որի մասին դու ասում ես, ոչ այլ ինչ է, քան մարդկանց մեջ անկեղծության զգացումի արթնացում: Ավելի լավ է պատասխանիր, թե քե՞զ ով է իրավունք տվել մարդկանց պճնելու սին ուրախությամբ, կույր լավատեսությամբ ու նման հիմարություննե­րով:

ԿԱՐԼՈՍ — Ես անում եմ ամեն ինչ, որ մեր ու­սանողները ձգտեն երջանիկ կյանքի: Իսկ քո ելույթները տանում են միայն այդ ամենի բացաս­ման, կործանման և հուսահատության:

ԴՈՆՆԱ ՊԵՊԻՏԱ — (դիմում է դրսում գտնվողներին): Միգելին, դուք արդեն երկրորդ անգամ եք ընկնում: Սա ի՞նչ բան է: Իսկ դուք, Անդրես, ձեզ ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ եք մնացել տեղում կանգնած… Սահեք: Ահա, նորից ինչ-որ մեկն ընկավ: Դուք մի տեսակ անվստահ եք դար­ձել:

ԿԱՐԼՈՍ — Լսեցի՞ր:

ԻԳՆԱՍԻՈ — Հետո՞ ինչ:

ԿԱՐԼՈՍ — Հետո այն, որ դու ես մեղավոր:

ԻԳՆԱՍԻՈ — Ե՞ս:

ԿԱՐԼՈՍ — Այո, դու, Իգնասիո: Ու ես բարեկա­մաբար խորհուրդ եմ տալիս, մտածիր… և փորձիր օգնել ազատելու մեր ուսումնական հաստատու­թյունը նման բարդույթներից:

ԻԳՆԱՍԻՈ — Ինձ նման բարդույթները չեն հետաքրքրում: Ձեր հաստատությունը կառուցված է ստի վրա:

Դոննա Պեպիտան, համբուրելով աղջիկներին, հեռանում է:

ԿԱՐԼՈՍ — Ի՞նչ ստի մասին է խոսքը:

ԻԳՆԱՍԻՈ — Այն, որ իբր բոլորդ նորմալ ու լիարժեք մարդիկ եք:

ԿԱՐԼՈՍ — Մենք հիմա դա չենք քննարկում:

ԻԳՆԱՍԻՈ — Ոչինչ էլ չենք քննարկի: Ես կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում:

ԿԱՐԼՈՍ — Դե ինչ, մնաս բարով: (Դուրս է գա­լիս:)

Իգնասիոն մնում է մենակ: Մարգա­գետին են մտնում Լոլիտան և Էսպե­րանսան: Իրար ընդառաջ են գալիս և միաժամանակ բացականչում:

ԼՈԼԻՏԱ — Իգնասիո:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Իգնասիո:

Իգնասիոն ձայն չի հանում:

ԼՈԼԻՏԱ — Այստեղ էլ չկա:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Նա խուսափում է մեզնից:

ԼՈԼԻՏԱ — Կարծո՞ւմ ես:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Նա խղճահարությունից է մեզ հետ խոսում… և, ընդհանրապես, արհամար­հում է մեզ:

ԼՈԼԻՏԱ — Իսկ գուցե ինչ-որ կնոջ մատն է խառը:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Դա միանգամից կզգայինք…

ԼՈԼԻՏԱ — Ո՞վ գիտե: Նա այնքան գաղտնա­պահ է… բայց, գուցե իրո՞ք կին է:

ԷՍՊԵՐԱՆՍԱ — Գնանք, դահլիճում փնտրենք:

ԼՈԼԻՏԱ — Գնանք:

Գնում են ձախ, չդադարելով կանչել Իգնասիոյին: Խուանան և Էլիսան զրուցում են մարգագետնում:

ԷԼԻՍԱ — Հանգիստ թող ինձ: Ես մինչե կո­կորդս լիքն եմ այդ Իգնասիոյից: (Մտնում է ծխա­րան):

ԽՈՒԱՆԱ — (հետևելով Էլիսային): Հանգստա­ցիր: Արի նստենք մի քիչ:

ԷԼԻՍԱ — Չեմ ուզում: Ես ատում եմ նրան: Ատում:

ԽՈՒԱՆԱ — Սպասիր մի րոպե: Այստեղ մարդ կա՞:

Իգնասիոն չի պատասխանում:

ԷԼԻՍԱ — Ախ, ինչպես եմ ատում նրան:

ԽՈՒԱՆԱ — Ատելությունը լավ բան չէ, Էլիսա…

ԷԼԻՍԱ — Նա խլեց իմ Միգելինին, զրկեց մեզ անդորրից: Ախ, իմ Միգելին:

ԽՈՒԱՆԱ — Քո Միգելինը կվերադառնա: Մի կասկածիր: Նա սիրում է քեզ: Ասենք, մի փոքր անտարբեր է դարձել, բայց չէ՞ որ նրան միշտ էլ ձգել է նորը: Իգնասիոն նրա համար հերթական զվարճություններից մեկն է:

ԷԼԻՍԱ — Ես կգերադասեի, որ նա ինձ աղջկա հետ դավաճաներ: Թե չէ այդ տիպը մոլորեցրել է նրան, և Միգելինն էլ իմ մասին չի մտածում:

ԽՈԻԱՆԱ — Կարծում եմ, չափազանցնում ես:

ԷԼԻՍԱ — Ոչ, բնավ: Սպասիր… այստեղ ուրիշ ոչ ոք չկա՞:

ԽՈՒԱՆԱ — Ոչ: Մարդ չկա:

ԷԼԻՍԱ — Ինձ թվաց… դեռ աոաջին օրն եմ ասել, Խուանա, այդ տիպը չարությամբ է եռում: Իսկ տառապյալ Քրիստոսի այդ կեցվա՞ծքը, որով նա համախոհներ է գրավում… Տղամարդիկ հի­մար են: Իսկ Միգելը բոլորից հիմարն է: Բայց ես սիրում եմ նրան:

ԽՈՒԱՆԱ — Ես հասկանում եմ քեզ, Էլիսա: Լաց մի լինիր…

ԷԼԻՍԱ — Ախր, սիրում եմ նրան, Խուանա:

ԽՈՒԱՆԱ — Իսկ դու այդքան մի վազիր նրա ետևից:

ԷԼԻՍԱ — Հասկանում եմ, որ ծիծաղելի վիճա­կում եմ: Բայց ոչինչ չեմ կարողանում անել: (Կանգ է առնում Իգնասիոյի կողքին, որը նստած է շունչը պահած:)

ԽՈՒԱՆԱ — Իսկ դու փորձիր: Այդպես նա ավելի շուտ կվերադառնա:

ԷԼԻՍԱ — Ինչպե՞ս փորձեմ, քանի նա այստեղ է՝ ես ոչինչ եմ: Ախ, ի՜նչ հաճույքով մի ապտակ կհասցնեի նրա մռութին: Եվ ի՞նչ է ուզում մեզնից: (Շրջվում է դեպի Իգնասիոն, չզգալով նրա գոյու­թյունը:)

ԽՈՒԱՆԱ — Նրան մեզնից ոչինչ էլ պետք չէ: Նա տառապում է… իսկ մենք չգիտենք՝ ինչպես օգնել նրան: Նա մեր մխիթարության կարիքն ու­նի:

ԷԼԻՍԱ — Դու չափից դուրս ես խղճում նրան: Նա եսասեր է: Թող մենակ տառապի:

ԽՈՒԱՆԱ — Դու մեղադրում ես նրան եսասի­րության մեջ: Բայց ի՞նչ կարող է անել այդ խեղճը, եթե տառապում է: Հարկ է, որ մենք էլ զսպենք մեր եսասիրությունը: Պետք է մեծահոգի լինել և բու­ժել նրան մեր սիրով…

ԷԼԻՍԱ — (հանկարծակի բորբոքվելով): Ոչ, Խուանա: Միայն ոչ դա:

ԽՈՒԱՆԱ — Ի՞նչ եղավ: Քեզ ի՞նչ պատահեց:

ԷԼԻՍԱ — Ոչ, թանկագինս, միայն ոչ դա:

ԽՈՒԱՆԱ — Բայց ասա՝ ի՞նչը:

ԷԼԻՍԱ — Իգնասիոն դուր է գալիս քեզ:

ԽՈՒԱՆԱ — Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում:

ԷԼԻՍԱ — Խոստացիր ինձ չհանձնվել: Ի սեր Կարլոսի, խոստացիր: Լսո՞ւմ ես, խոստացիր:

ԽՈՒԱՆԱ — Հիմարություններ մի ասա: Ես սիրում եմ Կարլոսին: Այդ ի՞նչ ես մտցրել գլուխդ: Չեմ հասկանում, թե ի՞նչ կարող է պատահել:

ԷԼԻՍԱ — Ամեն ինչ: Ամեն ինչ սպասելի է: Այդ մարդը խլեց ինձնից Միգելինոյին, դու էլ ես վտանգի տակ: Խոստացիր ինձ խուսափել նրա­նից: Ի սեր Կարլոսի, խոստացիր:

ԽՈՒԱՆԱ — Լռիր, Էլիսա, ես թույլ չեմ տա քեզ…

ԷԼԻՍԱ — Օ՜… Քո լավագույն ընկերուհին եմ, բայց ես էլ եմ քեզ համար արդեն անտանելի: Նա քեզ էլ է ենթարկել իրեն: Դու ինքդ էլ՝ չգիտակցե­լով, հայտնվել ես նրա ճիրաններում:

ԽՈՒԱՆԱ — Էլիսա…

ԷԼԻՍԱ — Ես խղճում եմ քեզ: Կարլոսին նույն­պես: Նա էլ ինձ նման կտառապի:

ԽՈՒԱՆԱ — (ճչում է): Էլիսա… Լռիր, թե չէ ես…

ԷԼԻՍԱ — Թող ինձ մենակ, իմ վշտի հետ: Պայ­քարելն անիմաստ է: Նա բոլորիցս էլ ուժեղ է: Նա խլեց մեզնից ամեն ինչ: Նույնիսկ մեր ընկերությու­նը: Դու փոխվել ես: Ես չեմ ճանաչում քեզ… Չեմ ճանաչում… (Լաց լինելով հեռանում է:)

ԻԳՆԱՍԻՈ — (տեղից վեր կենալով): Խուա­նա… (Խուանան հազիվ ճիչը զսպելով շրջվում է դեպի նա:) Ես այստեղ էի և ամեն ինչ լսեցի: Խեղճ Էլիսա: Ես չեմ նեղանում նրանից:

ԽՈՒԱՆԱ — Ինչո՞ւ չզգուշացրիր:

ԻԳՆԱՍԻՈ — Եվ չեմ զղջում դրա համար: Խուանա… (Բռնում է նրա ձեռքը): Դու իմ կյան­քում երջանկության առաջին րոպեն պարգևեցիր: Շնորհակալ եմ: Եթե միայն իմանայիր, թե ինչ հրաշալի զգացում է, երբ քեզ հասկանում են: Դու ճիշտ ես… Ես շատ եմ տառապում:

ԽՈՒԱՆԱ — Իգնասիո… Ինչո՞ւ չես փորձում զսպել քեզ:

ԻԳՆԱՍԻՈ — Ես չեմ կարող ինձ զսպել: Չեմ կարողանում մարդկանց մոլորության մեջ թողնել, երբ նրանք դիմում են ինձ… Ինձ սարսափեցնում է այն խաբեությունը, որի մեջ ապրում են նրանք:

ԽՈՒԱՆԱ — Խաղաղության փոխարեն դու մեզ պատերազմ բերեցիր:

ԻԳՆԱՍԻՈ — Ես նախազգուշացրել էի քեզ… հենց այստեղ, այս տեղում: Ու հիմա ես հաղթում եմ… Հիշիր, ինքդ ցանկացար:

ԽՈՒԱՆԱ — Իսկ եթե հիմա քեզ խնդրեմ, որ հանուն քեզ, հանուն ինձ, հանուն մեզ բոլորիս… եթե խնդրեմ քեզ հեռանա՞լ:

ԻԳՆԱՍԻՈ — Դու իսկապես դա ուզո՞ւմ ես:

ԽՈՒԱՆԱ — Ես քեզ աղաչում եմ:

ԻԳՆԱՍԻՈ — Դա չէ քո ուզածը: Դու ուզում ես քո քնքշությամբ խլացնել իմ ցավը: Եվ նվիրաբե­րում ես քո քնքշությունը: Չէ՞ որ հասկացար ինձ ու հիմա վերցնում ես քո պաշտպանության տակ: Ես սիրում եմ քեզ, Խուանա:

ԽՈՒԱՆԱ — Լռիր…

ԻԳՆԱՍԻՈ — Ես սիրում եմ քեզ և միայն քեզ: Սիրում եմ առաջին օրից: Սիրում եմ քո բ%D

You may also like...