Ֆրանց ԿԱՖԿԱ / «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

 

Ֆրանց ԿԱՖԿԱՅԻ «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»-ը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

 

 

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Պիես երեք գործողությամբ*

 

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՅՈԶԵՖ Կ — բանկի հավատարմատար, 30 տարեկան

ԳՐՈՒԲԱԽ — ֆրաու Գրուբախ, Յոզեֆի տսանտիրուհին

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — ֆրոյլայն Բյուրստներ, մանկամարդ կին, Յոզեֆի հարևանուհին

ԼԵՆՆԻ — փաստաբանի աղախինը, ջահել

ՖՐԻԴԱ — քննչական գրասենյակի ծառայող, ջահել

ՔԵՌԻ — Յոզեֆի քեռին

ՀՈԻԼԴ — փաստաբան, տարեց հիվանդ

ՏԻՏՈՐԵԼԼԻ — նկարիչ

ԲԼՈԿ — վաճառական

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ

ՔԱՀԱՆԱ — բանտային քահանա

ՎԻԼԼԵՄ — պահակ, այնուհետև՝ դահիճ

ՖՐԱՆՑ — պահակ, այնուհետև՝ դահիճ

ՏԵՍՈՒՉ

ԿԱՄԻՆԵՐ — Յոզեֆի կրտսեր գործընկերը

ՈՒՍԱՆՈՂ

ՔՆՆԻՉ

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — քննիչի խորհրդականը

ԳԱՆԱՀԱՐՈՂ

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ

ՏՆՕՐԵՆ — քննչական գրասենյակի տնօրենը

ԱՂՋՆԱԿ Ա.14-15 տարեկան, կուզիկ

ԱՂՋՆԱԿ Բ. — նույն տարիքի

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Մասնակցում են բազմաթիվ միանման խստաոճ կոստյումներով մարդիկ՝ քննչական դահլիճում: Ուրիշները՝ միջանցքներում, պատշգամբներում, աստիճանների վրա:

Ըստ Ֆրանց Կաֆկայի՝ ոչինչ չի կարող դուրս մնալ դատավարության տիրույթներից: Ուստի բեմը պետք է ունենա մի ընդհանուր կառույց՝ յուրօրինակ շրջանակ՝ կազմված վերին հարկից, պատշգամբներից, խճճված անցումներից, խորշերից, սանդուղքներից: Ըստ տեսարանների՝ փոխվում է միայն կենտրոնական տարածքը, որտեղ էլ տեղի են ունենում հիմնական գործողությունները:

 

ՏԵՍԱՐԱՆ 1

Յոզեֆի սենյակը: Յոզեֆը քնած է: Արթնանում է: Նայում է ժամացույ­ցին, ապա պատուհանից դուրս, նո­րից ժամացույցին: Առավոտ է:

ՅՈԶԵՖ — (սրտնեղած): Ֆրաու Գրուբախ: Ին­չո՞ւ Աննան նախաճաշը չի բերում:

Ներս է գալիս Ֆրանցը:

ՅՈԶԵՖ — Դուք ո՞վ եք:

ՖՐԱՆՑ — Չկանչեցի՞ք:

ՅՈԶԵՖ — Աղախինը նախաճաշը չի բերել:

ՖՐԱՆՑ — (կիսաբաց անելով դուռը): Նա ուզում է, որ Աննան բերի նախաճաշը: (Դրսից ծի­ծաղի ձայն է լսվում: Յոզեֆին.) Չի թույլատրվում:

ՅՈԶԵՖ — Այ քեզ բան: Հիմա կտեսնենք, թե այդ ովքե՞ր են հարևան սենյակում և ինչպե՞ս կբացատրի այս ամենը տանտիրուհին:

ՖՐԱՆՑ — Կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե մնայիք ձեր տեղում:

ՅՈԶԵՖ — Չեմ մնա: Ձեզ հետ էլ խոսել չեմ ցանկանում, մինչև չասեք, թե ով եք:

ՎԻԼԼԵՄ — (ներս է գալիս, ծամելով, նախա­ճաշի սկուտեղը ձեռքին): Ձեզ համար իսկապես ավելի լավ կլինի, որ սենյակից դուրս չգաք: (Սե­ղանին է դնում սկուտեղը:)

ՅՈԶԵՖ — Եվս մեկը… Ի՞նչ եք ուզում ինձնից ի վերջո… Լավ, ես հիմա ֆրաու Գրուբախին կհարցնեմ: (Փորձում է դուրս գալ:)

ՎԻԼԼԵՄ — Դուրս գալ չի կարելի: Դուք ձեր­բակալված եք:

ՅՈԶԵՖ — Նման է: Բայց ո՞ր հանցանքի համար:

ՎԻԼԼԵՄ — Բացատրություններ տալու լիա­զորված չենք: Հանգիստ սպասեք:

ՅՈԶԵՖ — Հանգիստ սպասե՞մ…

ՎԻԼԼԵՄ — Ձեր գործն արդեն սկսված է, երբ հարկ լինի, ամեն բան կիմանաք: Ես և Ֆրանցն առանց այն էլ խախտում ենք մեր լիազորություն­ները՝ բարեկամաբար խոսելով ձեզ հետ: Եթե ձեր բախտը բերի, ինչպես բերել է մեր՝ պահակներիս նշանակման հարցում, կարող եք հանգիստ լինել ձեր գործի համար:

ՖՐԱՆՑ — Դուք դեռ կհասկանաք, թե որքան ճշմարտացի է Վիլլեմը:

Վիլլեմը և Ֆրանցը տնտղում են Յոզեֆի պիժաման:

ՎԻԼԼԵՄ — Թերևս ստիպված եք լինելու շատ ավելի վատ շապիկ հագնել: Բայց ոչինչ, մենք կպահպանենք այս շապիկն ու մնացյալը նույն­պես, և եթե գործը ձեր օգտին վճռվի, բոլորը կվե­րադարձնենք ինչպես կա:

ՖՐԱՆՑ — Ավելի լավ է մեզ տաք ձեր իրերը, քան հանձնեք պահեստ: Պահեստում իրերը կա­րող են փոխել, իսկ որոշ ժամանակ անց կվաճառ­վեն, անկախ այն բանից՝ գործն ավարտված է, թե ոչ:

ՎԻԼԼԵՄ — Դուք երևի գիտեք, թե որչափ եր­կար են ձգվում այսպիսի գործերը:

ՖՐԱՆՑ — Ինչ խոսք, պահեստն ի վերջո կվե­րադարձնի իրերի արժեքը, բայց…

ՎԻԼԼԵՄ — Այո, բայց: Առաջինը՝ գումարը չնչին է, երկրորդ՝ փողն այնպիսի բան է, որ երկար չի մնում մարդուս գրպանում, այնպես չէ՞:

ՖՐԱՆՑ — Իհարկե: Փողը տառացիորեն հալ­չում է, ձեռքից ձեռք է անցնում… Ինձ հասկանո՞ւմ եք:

ՅՈԶԵՖ — Մի րոպե: (Անցնում է սենյակի խորքը:)

ՎԻԼԼԵՄ — Ապրես, խելոք ես:

Յոզեֆը փորփրում է պահարանի գզրոց­ները: Վիլլեմն ու Ֆրանցը ուտում են նրա նախաճաշը: Յոզեֆը գտնում է ծննդյան վկայականը: Կիսաբաց դռնից երևում է ֆրաու Գրուբախը:

ՅՈԶԵՖ — (Գրուբախին): Դե մտեք վերջապես: (Նա ետ է քաշվում:) Տանտիրուհին ինչո՞ւ չմտավ:

ՎԻԼԼԵՄ — Արգելվում է: Ձերբակալված եք, չէ՞:

ՅՈԶԵՖ — Ձերբակալված: Սակայն մի՞թե դա այսպես է արվում:

ՎԻԼԼԵՄ — (հացը թեյի մեջ թրջելով): Նորից ձերն եք պնդում:

ՖՐԱՆՑ — Մենք նման հարցերի չենք պատաս­խանում:

ՅՈԶԵՖ — Ստիպված եք լինելու պատասխա­նել: Ահա իմ փաստաթղթերը: Իսկ դուք ձերը ներ­կայացրեք, և ամենակարևորը՝ ձերբակալության հրամանը:

ՎԻԼԼԵՄ — Դա ի՞նչ է:

ՅՈԶԵՖ — Ծննդյան վկայական… Եվ էլի…

ՎԻԼԼԵՄ — Ծննդյան վկայակա՞ն: Աստված իմ: Ինչո՞ւ չեք կարողանում հաշտվել ձեր վիճակին:

ՅՈԶԵՖ — Ահա իմ փաստաթղթերը:

ՎԻԼԼԵՄ — Ձեզ երեխայի պես եք պահում: Մի՞թե կարծում եք, որ ձեր դատավարությունը կկարճվի, եթե վիճեք ինչ-որ փաստաթղթերի, ձեր­բակալության հրամանների պատճառով: Հը՞, ապա լավ մտածեք: Մենք պահակներ ենք, հարգելիս, ցածրաստիճան պաշտոնյաներ, մենք փաս­տաթղթերից իսկի գլուխ չենք հանում: Մեր գործը ձեզ հսկելն է՝ որքան պահանջվի, ինչի համար էլ աշխատավարձ ենք ստանում:

ՖՐԱՆՑ — Մեր գերատեսչությունը, որքան տեղյակ եմ, մեղավորներ չի փնտրում բնակչու­թյան մեջ. մեղքը, ինչպես ասված է օրենքում, ինքն է իր կողմը ձգում արդարադատությանը, և այն­ժամ իշխանությունները ստիպված են լինում ու­ղարկել մեզ՝ պահակներիս:

ՅՈԶԵՖ — Չգիտեմ ես այդպիսի օրենք:

ՖՐԱՆՑ — Ավելի վատ ձեզ համար:

ՅՈԶԵՖ — Կարծում եմ, այդ օրենքը գոյություն ունի միայն ձեր գլխում:

ՖՐԱՆՑ — Տեսնո՞ւմ ես, Վիլլեմ, նա խոստովանեց, որ չգիտի օրենքը, սակայն պնդում է, թե ան­մեղ է:

ՎԻԼԼԵՄ — Միանգամայն ճիշտ ես, բայց նրան որևէ բան բացատրել անհնար է:

ՅՈԶԵՖ — Տարեք ինձ ձեր պետերի մոտ:

ՖՐԱՆՑ — Ոչ վաղ, քան նրանք անհրաժեշտ կհամարեն: Խաղաղվեք և սպասեք:

ՎԻԼԼԵՄ — Եվ մի խորհուրդ՝ խնայեք ձեզ, առջևում մեծ փորձություններ են սպասում: Մեր լավ վերաբերմունքն էլ աշխատեք ճիշտ գնահատել: Մի մոռացեք, որ մենք, ով էլ լինենք, ազատ մարդ ենք, ի տարբերություն ձեզ, իսկ դա փոքր առավե­լություն չէ:

ՖՐԱՆՑ — Բայց եթե փող ունեք, պատրաստ ենք սրճարանից նախաճաշ բերել ձեզ համար:

ՅՈԶԵՖ — Հասկացա: Այս ամենը կատակ է: Աշխատանքային ընկերներս վճռել են կատակել ծննդյանս օրվա առթիվ: Ճի՞շտ եմ, չէ՞:

ՎԻԼԼԵՄ — Այսօր ձեր ծննդյան օ՞րն է:

ՅՈԶԵՖ — Երեսնամյակս է:

ՖՐԱՆՑ — Շնորհավորում եմ:

ՅՈԶԵՖ — Ուրեմն կատակ էր…

ՎԻԼԼԵՄ — Վերջ տվեք: Այս մարդն իսկապես մանկամիտ է:

ՖՐԱՆՑ — Եվ դեռ բանկի ծառայող է: Դե ի՞նչ, նախաճաշ չե՞ք ուզում:

ՅՈԶԵՖ — Ձեզնից ոչինչ հարկավոր չէ: Մի րոպե… (Պառկում է մահճակալին:)

ՎԻԼԼԵՄ — Ճիշտ որոշում է, ապրես:

Դրսից լսվում է՝ «Վիլլեմ»: Վիլլեմը գնում և անմիջապես էլ վերադառնում է:

ՎԻԼԼԵՄ — Տեսուչն է: Կամենում է տեսնել ձեզ:

ՅՈԶԵՖ — (վեր կենալով): Վերջապես: Հրավիրեք:

ՖՐԱՆՑ — Գժվե՞լ եք: Գիշերային հագուստո՞վ պիտի ներկայանաք տեսուչին: Նա կպատժի և՛ ձեզ, և՛ մեզ:

ՅՈԶԵՖ — Լույսը չբացված ներխուժում եք սենյակս և դեռ ուզում եք, որ ֆրակո՞վ լինեմ:

ՎԻԼԼԵՄ — Սև կոստյում է հարկավոր:

ՅՈԶԵՖ — Բայց գործը հո հիմա չի՞ լսվում:

ՎԻԼԼԵՄ — Սև կոստյում է հարկավոր:

ՅՈԶԵՖ — Լավ: Եթե գործին կօգնի՝ դեմ չեմ: (Հագնվում է:)

ՎԻԼԼԵՄ — Արագացրեք, տեսուչը սպասում է: Ֆրանց, հրավիրիր տեսուչին:

Ֆրանցը բացում է դուռը: Գալիս են տեսուչը և Կամիները՝ գլխարկն աչ­քերին իջեցրած, ասես վախենում է, որ Յոզեֆն իրեն կճանաչի:

ՏԵՍՈՒՉ — Յոզեֆ Կ՞: Երևի ձեզ զարմացրին այսօրվա իրադարձությունները:

ՅՈԶԵՖ — Իհարկե զարմացրին: Թեև… ոչ շատ:

ՏԵՍՈՒՉ — Ոչ շա՞տ: (Խաղում է լուցկու հա­տիկներով:)

ՅՈԶԵՖ — Թերևս ճիշտ չհասկացաք ինձ: Ես միայն ուզում էի ասել… Նստել կարելի՞ է: ՏԵՍՈՒՉ — Չի թույլատրվում:

ՅՈԶԵՖ — Ես միայն ուզում էի ասել, որ իհար­կե զարմացած եմ, բայց երբ երեսուն տարի ապրել ես այս աշխարհում և, ինչպես ասում են, սեփա­կան ճակատով ես ճանապարհդ հարթել, ակամա­յից վարժվում ես ամեն տեսակի անակնկալների և սրտիդ այնքան էլ մոտ չես ընդունում, հատկա­պես այնպիսի անակնկալներ, ինչպիսիք եղան այսօր:

ՏԵՍՈՒՉ — Ինչո՞ւ հենց այդպիսիները:

ՅՈԶԵՖ — Ես չեմ ասում, թե այս ամենը կա­տակ է. իմ կարծիքով, կատակ լինելու համար գործը շատ հեռուն գնաց արդեն:

ՏԵՍՈՒՉ — Միանգամայն ճշմարտացի եք:

ՅՈԶԵՖ — Սակայն մյուս կողմից… (Աշխատում է տեսնել Կամիների դեմքը, որը թերթում է լուսա­նկարների ալբոմը պահարանի վրա:) Ինչո՞ւ է նա քրքրում իմ լուսանկարները:

ՏԵՍՈՒՉ — Չշեղվենք:

ՅՈԶԵՖ — Մյուս կողմից այս ամենը առանձնա­կի նշանակություն ունենալ չի կարող, որովհետև ինձ մազաչափ իսկ մեղավոր չեմ զգում:

ՏԵՍՈՒՉ — Ահա թե ինչ:

ՅՈԶԵՖ — Այո: Բայց գլխավոր հարցն այն է, թե ո՞վ է ինձ մեղադրում, ո՞ր գերատեսչությունն է վա­րում գործը… Դո՞ւք՝ չինովնիկնե՞րդ: Բայց դուք նույնիսկ համապատասխան համազգեստ չունեք: Այս հարցն է, որ պահանջում եմ պարզել, որից հե­տո մենք հրաժեշտ կտանք միմյանց:

ՏԵՍՈՒՉ – Թե՛ այս պարոնները և թե՛ ես ոչ մի առնչություն չունենք ձեր գործին, ավելին՝ մենք համարյա ոչինչ չգիտենք: Մենք կարող էինք կրել ամենաիսկական համազգեստը, սակայն դա ոչինչ չէր փոխի: Ես նույնիսկ չեմ կարող հաստատապես ասել, թե դուք ինչ-որ բանում մեղադրվում եք, ավելի ճիշտ՝ դա ինձ հայտնի չէ: Այո, դուք ձերբա­կալված եք. դա ճիշտ է: Սակայն սրանից ավելին ես չգիտեմ:

ՅՈԶԵՖ — Տարօրինակ է:

ՏԵՍՈՒՉ — Խորհուրդ եմ տալիս՝ քիչ մտածեք մեր մասին, նաև այն մասին, թե ձեզ ինչ է սպա­սում, ավելի լավ է մտածեք, թե ինչ և ոնց եք անե­լու:

ՅՈԶԵՖ — Դատախազ Հաստերերն իմ հին բարեկամն է: Կարող եմ զանգել նրան:

ՏԵՍՈՒՉ — Իհարկե: Թեև չեմ պատկերացնում, թե դա ինչ իմաստ կարող է ունենալ:

ՅՈԶԵՖ — Ինչ իմա՞ստ… Իմաստ եք փնտրում, սակայն անհեթեթություններ եք դուրս տալիս: Ասում են, որ ձերբակալված եմ, միևնույն ժամանակ համոզում են, թե դատախազին զանգելն անիմաստ է:

ՏԵՍՈՒՉ — Զանգեք, խնդրեմ:

ՅՈԶԵՖ — Լավ, չեմ զանգի:

ՏԵՍՈՒՉ — Ինչո՞ւ, զանգեք:

ՅՈԶԵՖ — Ոչ, հիմա ինքս չեմ ցանկանում: (Դի­մացի շենքի պատուհաններից նայողների մասին:) Իսկ սրանք անդադար նայում են:

ՏԵՍՈՒՉ — Ովքե՞ր:

ՅՈԶԵՖ — Դիմացի շենքից: Կորե՛ք այդտեղից, է՛յ, դո՛ւք: Թատրո՞ն է, ինչ է: (Շրջվելով մյուսների կողմը:) Դեհ, պարոնայք… ձեր տեսքից կարելի է եզրակացնել, որ խնդիրը սպառված է: Առաջար­կում եմ բարեկամական ձեռքսեղմումով հրաժեշտ տալ միմյանց: Եթե համաձայն եք, ապա խնդրեմ… (Մոտենում է տեսուչին, պարզում ձեռքը:)

ՏԵՍՈՒՉ — (իբր չնկատելով Յոզեֆի ձեռքը): Որքան հեշտ եք պատկերացնում… Ուրեմն, ըստ ձեզ, պիտի հրաժեշտ տանք միմյանց: Ոչ, հարգելիս, չի ստացվի: Թեև մասամբ ճշմարտացի եք, այսօրվա համար բավական է: Ես պիտի հաղորդեի ձեզ, որ ձերբակալված եք՝ այսքանը: Հիմա իսկապես կարող ենք հրաժեշտ տալ, թեև ժամանակավոր: Դուք երևի ուզում եք բա՞նկ գնալ:

ՅՈԶԵՖ — Բա՞նկ:

ՏԵՍՈՒՉ — Այո, բանկ, ծառայության: Չե՞ք ուզում:

ՅՈԶԵՖ — Ինչպե՞ս կարող եմ գործի գնալ, եթե ձերբակալված եմ:

ՏԵՍՈՒՉ — (արդեն դռան մոտից): Այո, դուք ձերբակալված եք: Բայց դա չպետք է խանգարի, որ կատարեք ձեր ծառայողական պարտականու­թյունները: Եվ ընդհանրապես չպետք է խանգա­րի, որ սովորական կյանք վարեք:

ՅՈԶԵՖ — Դե, ուրեմն այս ձերբակալությունն այնքան էլ սարսափելի չէ:

Բոլորը հավաքվում են դռան մոտ:

ՏԵՍՈՒՉ — Ես ենթադրեցի, թե դուք ցանկա­նում եք բանկ գնալ: Ձեզ չեմ ստիպում գնալ ծա­ռայության, այլ միայն ենթադրեցի, թե ցանկանում եք անել այդ բանը: Եվ որպեսզի ձեզ մենակ չզգաք և ձեր ուշացումը հնարավորին չափ աննկատ մնա՝ այստեղ եմ հրավիրել ձեր գործընկերոջը: Նա ձեր տրամադրության տակ է: (Ցույց տալով Կամիներին:)

ՅՈԶԵՖ — Կամինե՞ր: Դո՞ւք եք: Չճանաչեցի: Բարի առավոտ:

ԿԱՄԻՆԵՐ — Բարև ձեզ, պարոն հավատար­մատար:

ՅՈԶԵՖ — Ուրեմն, հիմա միասին կգնանք գործի՞:

ԿԱՄԻՆԵՐ — Իհարկե: Ինձ հենց դրա համար էլ հրավիրել են: (Շրջվում է դեպի տեսուչը, սակայն տեսուչը, ինչպես պահակները, չքվել է:) Գնացի՞ն:

ՅՈԶԵՖ — Կարծես թե:

ԿԱՄԻՆԵՐ — (տալով Յոզեֆի գլխարկը): Խնդրեմ:

ՅՈԶԵՖ — Շնորհակալ եմ: (Վերցնելով գլխար­կը:) Գնացինք:

Դուրս են գալիս:

 

ՏԵՍԱՐԱՆ 2

Երեկո: Ֆրոյլայն Բյուրստների սեն­յակը: Սենյակում ֆրաու Գրուրախն է, թափթփված իրերն է դասավո­րում: Դռան թակոց:

ԳՐՈՒԲԱԽ — Այո:

ՅՈԶԵՖ — (կամաց): Ֆրոյլայն Բյուրստներ:

ԳՐՈՒԲԱԽ — Մտեք, Յոզեֆ:

ՅՈԶԵՖ — (ներս մտնելով): Ֆրաու Գրուբա՞խ: Ի՞նչ եք անում այստեղ:

ԳՐՈՒԲԱԽ — Սենյակն եմ կարգի բերում, նրանք ֆրոյլայն Բյուրստների իրերն էլ են տնտղել՝ մեղմ ասած:

ՅՈԶԵՖ — Մի՞թե: Պարզվում է, որ այստեղ էլ են քրքրել: Սակայն նման բան այլևս չի կրկնվի:

ԳՐՈՒԲԱԽ — Ճշմարտացի եք, նման բան չպետք է կրկնվի:

ՅՈԶԵՖ — Լո՞ւրջ այդպես եք մտածում:

ԳՐՈՒԲԱԽ — Այո: Սակայն այս ամենն այդ­քան մոտ չընդունեք ձեր սրտին: Եվ քանի որ այսքան անկեղծ խոսեցիք ինձ հետ, պարոն Կ., ուզում եմ խոստովանել. ինչ-որ բան լսեցի դռան ետևից, որոշ բան էլ պահակները պատմեցին: Ախր, խոս­քը ձեր ճակատագրի մասին է… Ես որոշ բաներ լսեցի և չեմ կարող ասել, թե գործը չափազանց վատ է: Ճիշտ է, դուք ձերբակալված եք, սակայն ոչ այնպես, ինչպես, ասենք, գողերին են ձերբա­կալում: Երբ ձերբակալում են գողի, ապա գործը վատ է, իսկ ձեր ձերբակալությունն ուրիշ է, նրա­նում, կարծում եմ, ինչ-որ գիտական բան կա: Գուցե հիմարություն է ասածս… գուցե շատ չեմ հաս­կանում, սակայն կարծում եմ, որ այս դեպքում հասկանալ էլ պետք չի:

ՅՈԶԵՖ — Ամենևին էլ հիմարություն չէ ձեր ասածը, ֆրաու Գրուբախ, համենայնդեպս, մաս­նակիորեն համաձայն եմ ձեզ հետ: Բայց ես առա­վել խստորեն եմ մոտենում խնդրին, և նրա ետևում ոչ միայն գիտական, այլև առհասարակ ոչինչ չեմ տեսնում: Ինձ հանկարծակիի բերին՝ ահա ամբող­ջը: Եթե արթնանալուց հետո անմիջապես ելնեի անկողնուց, չսպասեի աղախնին, այլ գայի ձեզ մոտ և բացառության կարգով խոհանոցում նախաճաշեի, ապա խնդրեի, որ բերեք հագուստս՝ ոչինչ էլ չէր պատահի, այն, ինչ պատահեց՝ կտրված կլիներ հենց արմատից:

ԳՐՈՒԲԱԽ — Շատ հասարակ չե՞ք ներկա­յացնում:

ՅՈԶԵՖ — Ամենևին: Բանկում նման բան ինձ հետ պատահել չի կարող, այնտեղ ես ունեմ տնօ­րեն, որը հարգում է իմ աշխատասիրությունը, ու­նեմ ենթականեր, սեղանիս դրված են ներքին և քաղաքային հեռախոսները, անդադար ներսու­դուրս են անում հաճախորդները, ծառայողները… Դե ոչինչ, հիմա արդեն ամեն բան ավարտվեց: Անկեղծ ասած, նույնիսկ չարժեր խոսել այս մա­սին, միայն ուզում էի ձեր կարծիքն իմանալ՝ խելա­միտ կնոջ կարծիքը, և անչափ գոհ եմ, որ մեր կար­ծիքները հիմնականում համընկնում են: Տվեք, ու­րեմն, ձեր ձեռքը, այսպիսի համերաշխությունը, կարծում եմ, պետք է ձեռքսեղմումով կնքել: (Պար­զում է ձեռքը:)

ԳՐՈՒԲԱԽ — (ձեռքը չմեկնելով): Ձեր սրտին այդքան մոտ մի ընդունեք, պարոն Կ.:

ՅՈԶԵՖ — Չեմ էլ ընդունում: Իսկ ֆրոյլայն Բյուրստները որտե՞ղ է:

ԳՐՈՒԲԱԽ — Թատրոնում: Շտապ գո՞րծ ունեք հետը:

ՅՈԶԵՖ — Ոչ… Պարզապես մի երկու խոսք էի ուզում ասել:

ԳՐՈՒԲԱԽ — Ցավոք, չգիտեմ, թե երբ կվերա­դառնա. թատրոնից սովորաբար ուշ է վերադառ­նում:

ՅՈԶԵՖ — Հաճախ է ուշ վերադառնում մեր օրիորդը:

ԳՐՈՒԲԱԽ — Դեհ, ջահել է, ի՞նչ կարող ես անել:

ՅՈԶԵՖ — Անշուշտ: Սակայն դա կարող է վատ հետևանքներ ունենալ:

ԳՐՈՒԲԱԽ — Բամբասել չեմ սիրում, ամեն դեպքում ֆրոյլայն Բյուրստները լավ աղջիկ է, բա­րեհամբույր, մաքրասեր… Սակայն կարծում եմ, որ առավել զսպված պետք է լինի, առավել հպարտ, ես կասեի՝ անմատչելի: Իսկ նրան այս ամիս արդեն մի քանի անգամ հանդիպել եմ ինչ-որ խուլ նրբանցքներում, տարբեր ընկերների հետ: Միայն ձեզ եմ ասում այս բանը, երդվում եմ. ախր շատ եմ ցավում նրա համար: Եվ էլի մի բան…

ՅՈԶԵՖ — Ֆրաու Գրուբախ, թերևս սխալ մեկնաբանեցիք իմ ասածը օրիորդի մասին, ես բոլորովին այլ բան նկատի ունեի: Այնպես որ, լավ կլինի ոչինչ չասեք նրան:

ԳՐՈՒԲԱԽ — Պարոն Կ., ես չեմ էլ պատ­րաստվում նրան որևէ բան ասել, դեռ ինքս համոզված չեմ… Պարզապես ուզում եմ, որ այս տանն ամեն ինչ կարգին լինի: (Չորս կողմը նայե­լով:) Կարծես ամեն բան արեցի: Իսկ դուք կարող եք սպասել, եթե հարմար եք գտնում: (Դուրս է գալիս:)

ՅՈԶԵՖ — (նրա ետևից): Չէ, ես նույնպես դուրս եմ գալիս:

Յոզեֆը, սակայն, մնում է: Նայում է ֆրոյլայն Բյուրստների նկարին սե­ղանի կամ պատի վրա: Հետո տես­նում է զգեստը, վերցնում և քնքշորեն հպում է դեմքին: Գալիս է ֆրոյլայն Բյուրստները:

ՅՈԶԵՖ — (համկարծակիի եկած՝ արագ տեղն է դնում զգեստը): Ֆրոյլայն Բյուրստներ, դո՞ւք եք: Վերջապես:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — (վախեցած): Ո՞վ է:

ՅՈԶԵՖ — Ես եմ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Պարոն Կ՞.: Չեմ հասկա­նում…

ՅՈԶԵՖ — Եկա ձեզ տեսնելու և այստեղ գտա ֆրաու Գրուբախին, նա նոր գնաց, ձեր սենյակն էր կարգի բերում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ես նրան չեմ խնդրել:

ՅՈԶԵՖ — Այո, բայց դուք նույնիսկ տեղյակ չեք. այսօր առավոտյան մի դեպք պատահեց, այ­սինքն, ոչ այնքան դեպք, որքան… Մենք հիմա կա­րո՞դ ենք մի քիչ խոսել, թույլ կտա՞ք:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Հենց հիմա՞:

ՅՈԶԵՖ — Ախր վաղուց եմ սպասում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Դե լավ: Միայն թե մահու չափ հոգնած եմ: Նստեք:

ՅՈԶԵՖ — Շնորհակալ եմ: (Նստում է:)

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — (մնալով կանգնած): Դե՞հ:

ՅՈԶԵՖ — Հնարավոր է, որ դարձյալ ասեք, թե գործն այնքան էլ հրատապ չէ, և հիմա շատ ուշ է քննարկումների համար, բայց…

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Գիտե՞ք, այդ նախաբան­ներն ինձ միշտ ավելորդ են թվացել:

ՅՈԶԵՖ — Ուրեմն իմ խնդիրն ավելի է հեշտանում: Այսօր առավոտյան, մասամբ իմ մեղքով, ձեր սենյակում ոմանք անկարգություն թույլ տվեցին:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ոմանք: Ովքե՞ր:

ՅՈԶԵՖ — Օտար մարդիկ: Իմ կամքին հակա­ռակ: Սակայն, ինչպես ասացի, իմ մեղքով: Եվ սրա համար, ահա, ցանկանում եմ ներողություն խնդրել ձեզնից:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ինչո՞ւ իմ սենյակում, չեմ հասկանում:

ՅՈԶԵՖ — Չգիտեմ: Սակայն պատահածի իսկական պատճառների մասին խոսել թերևս չարժե:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ինչ արած: Եթե պնդում եք… Եվ ներում եմ ձեզ, քանի որ խնդրում եք այդ մասին: (Անցնում է սենյակով, տնտղում է իրերը:) Նայեք, լուսանկարներս իրար են խառնել: Տարօրինակ է, պարոն Կ., որ ես պետք է արգելեմ ձեզ այն, ինչ ինքներդ չպիտի թույլ տայիք ձեզ:

ՅՈԶԵՖ — Տեսնում եմ, որ չեք հավատում, ուստի ստիպված եմ խոստովանել՝ դա արել են քննչական հանձնաժողովի անդամները: Այսօր քննչական հանձնաժողով էր եկել այստեղ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ձեր պատճառո՞վ: Չի կա­րող պատահել:

ՅՈԶԵՖ — Պատահել է: Ի՞նչ է, կարծում եք, թե ես որևէ մեղք ունենալ չե՞մ կարող:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Չեմ ուզում միանշանակ կարծիք հայտնել, և ձեզ էլ առանձնապես լավ չեմ ճանաչում… Սակայն քննչական հանձնաժողով ու­ղարկում են ծանր հանցագործության համար: Իսկ դուք տակավին ազատ եք, ուրեմն ոչ մի ծանր հանցանք չկա:

ՅՈԶԵՖ — Այո: Բայց չէ՞ որ քննչական հանձնաժողովը կարող էր գալ ու պարզել, որ ես մեղավոր չեմ կամ մեղքս այնքան մեծ չի, որքան թվացել է սկզբում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Իհարկե, կարող էր և այդ­պես լինել:

ՅՈԶԵՖ — Տեսնո՞ւմ եք: Թերևս դուք այնքան էլ լավ չեք կողմնորոշվում դատական գործընթացնե­րում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Թերևս: Սակայն ես ան­պայման կլրացնեմ իմ գիտելիքները, որովհետև հաջորդ ամսվանից պիտի իրավաբանական խորհրդում աշխատեմ:

ՅՈԶԵՖ — Իսկապե՞ս: Լավ է: Գուցե կարողա­նաք գոնե փոքր-ինչ օգնել ինձ իմ գործում: ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Շատ հնարավոր է, որ կա­րողանամ: Ես սիրում եմ իմ գիտելիքները գործնա­կանում կիրառել:

ՅՈԶԵՖ — Կարծում եմ, գործն այնքան մեծ չէ, որ իրավաբան ներգրավելու կարիք լինի, բայց լավ խորհրդատուն օգտակար կարող է լինել:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Այո, սակայն չե՞ք կարծում, որ ձեր խորհրդատուն լինելու համար պետք է իմանամ, թե խոսքն ինչի մասին է:

ՅՈԶԵՖ — Դժվարն էլ հենց դա է, որովհետև ինքս ոչինչ չգիտեմ: Ես ձեզ պատմեցի նույնիսկ ավելին, քան գիտեմ: Իրականում դա քննչական հանձնաժողով էլ չէր, ես այդպես անվանեցի, որովհետև չգիտեմ, թե ուրիշ ինչպես կարելի է անվանել: Եվ ընդհանրապես ոչ մի քննություն չի եղել, ինձ պարզապես ձերբակալեցին: Կուզե՞ք, ցույց տամ, թե ինչպես եղավ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Այնքան հոգնած եմ…

ՅՈԶԵՖ – Այնուամենայնիվ, ուզում եմ ցույց տալ: Թույլ կտա՞ք սեղանը տեղափոխեմ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Եթե այդքան կարևոր է՝ տեղափոխեք: Այնքան եմ հոգնած, որ հակառակ­վելու ուժ չունեմ:

ՅՈԶԵՖ — (տեղափոխելով սեղանը և նստելով նրա առջև): Հարկավոր է ճիշտ պատկերացնել, թե ինչպես էին նրանք տեղավորվել իմ սենյակում: Ես տեսուչն եմ: Այն անկյունում պահակներին էին, իսկ մեր բանկի ծառայողը կանգնած էր պատուհանի մոտ: Մեր սենյակներում կահավորանքը համարյա նույն դասավորությունն ունի: Գլխավոր գործող անձը, նույն ինքը՝ ես, կանգնած էի ա՛յ, այստեղ՝ սեղանի առջև: Տեսուչը հարմար էր տեղա­վորվել՝ ոտքը ոտքին, ձեռքն աթոռի թիկնակին… ամեն ինչից երևում էր, որ ծույլի մեկն է: Սկսում ենք: Տեսուչը կանչում է ինձ, գոռում է, ասես ուզում է արթնացնել: Կներեք, սակայն որպեսզի ձեզ հա­մար ավելի որոշակի լինի, ստիպված ես էլ պիտի գոռամ: (Բյուրստները ծիծաղելով մատը դնում է շրթունքներին՝ զսպելու համար Յոզեֆին, սակայն ուշանում է, Յոզեֆը գոռում է:) «Յոզեֆ Կ.»:

Թակում են դուռը:

ՅՈԶԵՖ — (նետվելով Բյուրստների մոտ և բռնելով նրա ձեռքը): Մի վախեցեք: Ես ամեն բան կկարգավորեմ: Բայց ո՞վ թակեց… Այնտեղ հյու­րասենյակն է, այնտեղ ոչ ոք չի քնում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Քնում է. երեկվանից այն­տեղ գիշերում է ֆրաու Գրուբախի զարմիկը: Ախր ինչո՞ւ գոռացիք:

ՅՈԶԵՖ — Զուր եք այդպես անհանգստանում: (Համբուրում է:)

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ի՞նչ եք անում… Գնացեք, խնդրում եմ, հենց հիմա գնացեք այստեղից: Նա ականջ է դնում դռան ետևից, նա ամեն բան լսում է: Տանջեցիք ինձ իրոք որ:

ՅՈԶԵՖ — Չեմ գնա, քանի դեռ չեք խաղաղվել: Տեղափոխվենք այն անկյունը, այնտեղից ոչինչ չի լսի: (Բյուրստները ենթարկվում է, նրանք տեղա­փոխվում են հեռավոր անկյունը:) Դուք գիտեք, որ ֆրաու Գրուբախն անվերապահորեն հարգում է ինձ, ի դեպ, ես նրան մեծ գումար եմ տվել պարտ­քով: Այնպես որ, եթե ուզում եք, հայտնեք նրան, որ ես սիրահետում եմ ձեզ, իսկ ես կհաստատեմ ձեր ասածը, և ֆրաու Գրուբախը կհավատա ինձ՝ առանց կորցնելու հարգանքն իմ նկատմամբ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Շնորհակալ եմ, բայց ըն­դունել ձեր առաջարկությունը չեմ կարող: Տարօ­րինակ է, որ չեք հասկանում, թե որքան վիրավո­րական է ձեր առաջարկը, թեպետ չեմ կասկածում, որ բարի նպատակ եք հետապնդում: Իսկ հիմա հեռացեք, դուք ցանկացաք մի քանի խոսք ասել, բայց արդեն կես ժամ է՝ խոսում ենք, դեռ ավելին:

ՅՈԶԵՖ — Բայց դուք չե՞ք բարկանում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ոչ, ոչ: Ես երբեք չեմ բար­կանում: Գնացեք, շուտ, խնդրում եմ: (Ցույց տալով հյուրասենյակը:) Տեսնո՞ւմ եք, նա վառել է լույսը և հետևում է մեզ:

ՅՈԶԵՖ — Գնում եմ, գնում եմ: (Գրկում, ագահորեն համբուրում է, միայն կապիտանի սենյա­կից լսված աղմուկն է նրան սթափեցնում:) Հիմա, հեռանում եմ:

Բյուրստները պարզում է ձեռքը հրա­ժեշտի համար: Յոզեֆը համբուրում է նրա ձեռքն ու հեռանում:

 

ՏԵՍԱՐԱՆ 3

Յոզեֆը փնտրում է՝ հարցուփորձ անելով միջանցքներում, պատշգամ­բում նստած-կանգնած մարդկանց, որոնց դեմքերին և կեցվածքներում դաջված է երկարատև սպասումի կնիքը: Նրանք անորոշ պատասխան են տալիս կամ թոթվում ուսերը: Մի քանիսը վախեցած մի կողմ են քաշ­վում: Յոզեֆը մոտենում է կիսամութ դահլիճի նախաշեմին, որտեղ լվացք է անում Ֆրիդան:

ՅՈԶԵՖ — Քննչական դահլիճն ինչպե՞ս գտնեմ, չե՞ք ասի:

ՖՐԻԴԱ — Ներս անցեք:

ՅՈԶԵՖ — (լսելով դահլիճից եկող ժխորը): Ես կանչված եմ առաջին քննության: Տարօրինակ է, չէ՞, որ կիրակի օրով քննություն է նշանակվում:

ՖՐԻԴԱ — Տարօրինակ բան չկա, մտեք: (Տեսնելով, որ Յոզեֆը չի համարձակվում մտնել:) Մի րոպե, հիմա ձեզ կուղեկցեն: Քրիստի, Քրիստի: (Մոտ եկած Քրիստիին կամ Աղջնակ Ա-ին:) Ու­ղեկցիր պարոնին:

ԱՂՋՆԱԿ Ա — (բռնելով Յոզեֆի ձեռքը): Եկեք: (Ճանապարհ բացելով:) Ճանապարհ տվեք, քննի­չի մոտ ենք գնում:

Մարդիկ ճանապարհ են տալիս: Կենտրոնում լուսավորվում է բարձր հարթա­կը, որի վրա սեղան կա, որի առջև, բազկաթոռին բազմել է քննիչը: Նրա թիկունքում կանգնած է խորհրդակա­նը. խոսում են: Հավաքվածները բա­ժանվում են երկու խմբի՝ քննիչի աջ և ձախ կողմերում: Խորհրդականը նկա­տում է աղջնակին և նրա վրա հրավի­րում քննիչի ուշադրությունը: Քննիչը կռանում է, աղջնակը ինչ-որ բան է ասում նրա ականջին և հեռանում:

ՔՆՆԻՉ — Դուք պետք է ներկայանայիք ուղիղ մեկ ժամ և հինգ րոպե աոաջ: (Աջ կողմում ժխոր է բարձրանում:)

ՅՈԶԵՖ — (սպասելով, մինչև հանդարտվի ժխո­րը): Թող որ ուշացած, բայց չէ՞ որ ես արդեն այս­տեղ եմ: (Աջ խումբը ծափահարում է:)

ՔՆՆԻՉ — Միայն բացառության կարգով այսօր կընդառաջեմ ձեզ: Բայց ուշացումներ այսուհետև չպետք է լինեն: Իսկ հիմա մոտ եկեք: (Թերթելով առջևը դրված փոքրիկ տետրը:) Դուք ներկա­րա՞ր եք:

ՅՈԶԵՖ — Ոչ: Ես խոշոր բանկի հավատարմա­տար եմ:

Աջ խումբը քրքջում է, Յոզեֆն էլ է սկսում ծիծաղել: Ձախ կողմը լուռ է: Ծիծաղ է լսվում նաև պատշգամբից:

ՅՈԶԵՖ — Ձեր հարցը, պարոն քննիչ, ավելի ճիշտ, ոչ թե հարցը, այլ համոզված հաստատումը բնորոշ է իմ դեմ սկսված գործի քննության հա­մար: Դուք կարող եք առարկել, թե ոչ մի քննու­թյուն առայժմ չկա, և լիովին ճշմարտացի կլինեք, որովհետև քննությունը կարող է այդպիսին համար­վել, եթե ես ճանաչեմ այն:

Դահլիճում աղմուկ է բարձրանում: Քննիչը կանգնում է և ձեռքի շարժու­մով լռեցնում դահլիճին: Սակայն մնում է կանգնած՝ լսելով Յոզեֆին:

ՅՈԶԵՖ — Լավ, տվյալ պահին ես ճանաչում եմ քննությունը, իհարկե, բացառապես ձեզ զիջած լինելու համար, որովհետև քննությունն ընթանում է ծայրագույնս անփույթ կերպով, և ես ցանկանում եմ, որ դուք վերջապես գիտակցեք սա:

Ներս է գալիս Ֆրիդան, անձայն անցնում սենյակի հեռավոր անկյու­նը, որտեղ կանգնած է ուսանողը: Բոլորը նայում են Ֆրիդայի ետևից: Քննիչը նստում է և սկսում թերթել տետրը:

ՅՈԶԵՖ — Ձեզ ոչինչ չի օզնի, պարոն քննիչ: Եվ ձեր այդ տետրը միայն հաստատում է ասածս: (Երկու մատով բռնում է տետրի էջից, զզվանքով բարձրացնում այն:) Եվ սա քրեական փաստա­թուղթ է կոչվում: (Սեղանին գցելով տետրը:) Կա­րող եք հանգիստ շարունակել ձեր ընթերցանու­թյունը, պարոն քննիչ, մեղքերի այսպիսի ցուցա­կից ես բոլորովին չեմ վախենում, թեպետ զրկված եմ նրա հետ ծանոթանալու հնարավորությու­նից:

Քննիչը վերցնում է տետրը, գտնում հարկավոր էջը և, իբր կլանված, ըն­թերցում: Յոզեֆը կիսամթի մեջ փորձում է տեսնել ներկաների դեմ­քերը:

ՅՈԶԵՖ — Ես չեմ ձգտում հռետորական շնորհք բանեցնել, ես միայն մեկ բան եմ ցանկանում՝ բացեիբաց քննարկել օրենքի ակնհայտ խախտումը: Ինքներդ դատեք՝ օրեր առաջ ինձ ձերբակալեցին. փաստն ինքնին ծիծաղելի է, բայց խոսքը հի­մա այդ մասին չէ: Եվ ահա, երկու պահակներ ներ­խուժեցին սենյակս առավոտյան վաղ, երբ դեռ անկողնում էի: Հնարավոր է, որ հրամայված էր ձերբակալել, ինչպես քննիչն այստեղ ասաց, ոմն ներկարարի՝ նույնպիսի մի անմեղ մարդու, ինչպիսին ես եմ, սակայն ընտրությունը, չգիտես ինչու, ընկավ ինձ վրա: Այդ պահակ կոչվածները, ինչպես պարզվեց, բացահայտ ստահակներ էին. հիմա­րություններ դուրս տալով փորձում էին մոլորեցնել ինձ, կաշառք կորզել, ինչ-որ անհեթեթ պատրվա­կով տիրանալ հագուստիս, փող էին պահանջում՝ խոստանալով սրճարանից նախաճաշ բերել այն դեպքում, երբ աչքիս առաջ լկտիաբար խփշտեցին իմ նախաճաշը: Սա քիչ է, նրանք, պարզվում է, խուզարկել են հարևան սենյակը, որտեղ ապրում է իմ կողմից խորապես հարգված մի կին: Այս պայ­մաններում դժվար էր հավասարակշռություն պահպանել, սակայն ես զսպեցի ինձ և շատ հան­գիստ հարցրի տեսուչին, թե ո՞րն է իմ ձերբակա­լության պատճառը: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պա­տասխանեց նա: Գործնականում՝ ոչինչ: Փոխարենը սենյակ հրավիրեց մեր բանկի մի ծառայո­ղի՝ իմ ենթակային: Երկար ժամանակ չէի հասկա­նում դրա նպատակը, հետո վերջապես կռահեցի՝ այդ ծառայողը պետք է լուր տարածեր իմ ձերբա­կալության մասին, այսինքն՝ վնասեր իմ հեղինա­կությանը, սասաներ իմ դիրքը բանկում: Բայց չստացվեց, պարոնայք: Նույնիսկ տանտիրուհիս, հասարակ մի կին, որին շատ հարգում եմ, նույնիսկ նա գիտակցեց, որ նման ձերբակալությունն ավելի նշանակություն չունի, քան խուժանի քաշքշուկը փողոցում:

Քննիչի կողքին կանգնած խորհրդա­կանը թաքուն ինչ-որ նշաններ է անում ներկաներից մեկին:

ՅՈԶԵՖ — Հենց նոր, պարոն քննիչ, ձեր կողքինը թաքուն նշաններ էր անում ինչ-որ մեկին: Պարզվում է, ձեր մեջ կան մարդիկ, որոնց գործո­ղություններն այստեղից կառավարվում են: Դա ինձ համար մազաչափ կարևորություն չունի: Այն­պես որ, ձեր վարձկաններին կարող եք բարձրա­ձայն պատվիրել «Ծափահարություններ» կամ «Սուլոցներ»:

Խորհրդականը ինչ-որ բան է ասում քննիչին: Դահլիճում ուժգնացող ժխոր է բարձրանում:

ՅՈԶԵՖ — (բռունցքը սեղանին խփելով): Հիմա վերջացնում եմ, պարոնայք: Կարծում եմ, որ ձեզ անհետաքրքիր չէ այս, այսպես կոչված, դատա­կան գործը, ուստի, բարի եղեք, մինչև վերջ լսեք ինձ: (Լռություն:) Անտարակույս, այս ամենի ետևում խոշոր կազմակերպություն է կանգնած, որն իր ենթակայության տակ ունի ոչ միայն ծախու պահակներ, ապաշնորհ տեսուչներ և քննիչներ, այլև բարձրաստիճան դատավորներ՝ իրենց գրա­գիրներով, ոստիկաններով, օգնականներով, գուցե նաև դահիճներով: Իսկ ո՞րն է այս խոշոր կազմա­կերպության իմաստը, պարոններ: Այն, որ ձերբա­կալեն անմեղ մարդկանց և նրանց դեմ անհեթեթ դատավարություն սկսեն: Եվ ահա, այս բացար­ձակ անհեթեթության պայմաններում, մի՞թե կարե­լի է խուսափել չինովնիկների կաշառակերությու­նից: Իհարկե ոչ: Այստեղ նույնիսկ ամենաբարձրագույն դատավորն ի վիճակի չէ ազնիվ մնալու:

Հանկարծ լսվում է Ֆրիդայի ճիչը հեռավոր անկյունից, ապա նաև ու­սանողի գոռոցը, որը գրկել է Ֆրիդային: Յոզեֆը նետվում է նրանց կողմը, սակայն նրան անմիջապես բռնում են այս ու այն կողմերից: Նա ուշադիր զննում է իրեն շրջափակած մարդկանց դեմքերը, հագուստը:

ՅՈԶԵՖ — Ահա թե ինչ: Պարզվում է, դուք բո­լորդ չինովնիկնե՞ր եք: Հիմա տեսնում եմ՝ դուք հենց այն ծախու ոհմակն եք, որի դեմ ես ելույթ ու­նեցա: Դուք խցկվել եք այստեղ, որպեսզի լսեք, հոտոտեք. առերես երկու խմբի եք բաժանվել, ծա­փահարում եք ինձ, փորձում, որպեսզի իմանաք, թե արդյոք կարելի՞ է մոլորեցնել անմեղ մարդուն: Դե ինչ, շնորհավորում եմ… (Իր օձիքից կառչած ծերուկին:) Թող, թե չէ կխփեմ: (Բոլորին.) Ուզած­ներիդ չափ ծիծաղեցիք երևի, որ անմեղ մեկը պաշտպանություն է սպասում ձեզնից: Հաջողու­թյուն եմ ցանկանում ձեր գործին, պարոնայք:

Յոզեֆը քայլում է դեպի ելքը: Քննի­չը նրանից շուտ է հասնում դռանը:

ՔՆՆԻՉ — Մի րոպե: Ես միայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ այսօր դուք, գուցե չգիտակցելով, ձեզ զրկեցիք այն առա­վելությունից, որը, ամեն դեպքում, ձերբակալվա­ծին ընձեռում է հարցաքննությունը:

ՅՈԶԵՖ — (ծիծաղելով): Այ քեզ նողկանք: Նստեք այստեղ ձեր հարցաքննություններով հան­դերձ: Մնաք բարով: (Դուրս է գալիս:)

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ 4

Յոզեֆի կաբինետը: Կամիները տնտղում է պահարանի թղթապա­նակները: Ներս է գալիս Յոզեֆը:

ՅՈԶԵՖ — Ի՞նչ եք անում այստեղ, սա ի՞նչ հանդգնություն է:

ԿԱՄԻՆԵՐ — Ընդմիջման ժամից կես ժամ անցել է, պարոն հավատարմատար:

ՅՈԶԵՖ — Դրսում գործ ունեի… Դա ձեզ իրավունք է տալիս խառնել թղթապանակնե՞րը իմ կաբինետում:

ԿԱՄԻՆԵՐ — Փոխտնօրենը հրամայեց որոշ փաստաթղթեր վերցնել ձեզնից և իրեն հանձնել: Շտապ գործ էր, իսկ ես չուզեցի ասել, թե դուք տե­ղում չեք:

ՅՈԶԵՖ — Ձեր պաշտպանության կարիքը չու­նեմ: Ի՞նչ թղթեր են հարկավոր: Նայեմ: (Նայում է Կամիների ձեռքի թղթապանակը:)

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — (դուռը բացելով): Թույլ կտա՞ք, պարոն հավատարմատար:

ՅՈԶԵՖ — Իհարկե, համեցեք, պարոն գործա­րանատեր: Նստեք: (Կամիներին.) Ո՞ւմ եք սպա­սում. տարեք թղթապանակը:

Կամիները դուրս է գալիս:

ԿԱՄԻՆԵՐ — (անմիջապես ետ գալով): Պարոն հավատարմատար:

ՅՈԶԵՖ — Էլի ի՞նչ կա:

ԿԱՄԻՆԵՐ — Ձեզ մի ջահել կին է հարցնում:

ՅՈԶԵՖ — Ասացեք թող սպասի, զբաղված եմ:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Ես երկար չեմ զբա­ղեցնի:

Կամիները դուրս է գալիս:

ՅՈԶԵՖ — (պատուհանից դուրս նայելով): Տհաճ աշուն է:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Գիտե՞ք, արդեն եր­կու օր է, որ ինձ չի հաջողվում տեսնել ձեզ:

ՅՈԶԵՖ — Ցավոք, փոքր-ինչ զբաղված եմ այս օրերին, ներող եղեք: Իմ պատճառով ձեր գործն ուշանում է երևի:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Այսօր ստիպված փոխտնօրենի մոտ մտա՝ կարգավորեց, ավելի ճիշտ, ոչ թե մտա, այլ ինքը կանչեց: (Կիսաձայն:) Ինչպե՞ս չեք հասկանում, օգտվելով իրավիճակից՝ նա պարզապես որսում է ձեր կլիենտներին: Ձեր գործն, ինչ խոսք, անչափ կարևոր է, սակայն պի­տի կարողանաք ինչ-որ կերպ համատեղել:

ՅՈԶԵՖ — Ո՞ր գործի մասին է խոսքը, ներեցեք:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Դատավարության, էլ ո՞ր:

ՅՈԶԵՖ — Ձեզ ո՞վ հայտնեց, փոխտնօրե՞նը:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Ոչ: Փոխտնօրենը որ­տեղի՞ց իմանա:

ՅՈԶԵՖ — Իսկ դուք որտեղի՞ց իմացաք:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Ես որոշ տեղեկու­թյուններ ունեմ դատական ոլորտներից: Հենց այս մասին է, որ ցանկանում էի խոսել ձեզ հետ:

ՅՈԶԵՖ — Աստված իմ, որքան մարդ է կապված դատական ոլորտներին:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Ցավոք, շատ քիչ բան կարող եմ հաղորդել, սակայն այսպիսի գործերում մանրուքն էլ կարող է նշանակություն ունենալ: Ձեր դատավարության մասին իմացել եմ ոմն Տիտորելլիից: Նա նկարիչ է: Տիտորելլի նրա կեղծա­նունն է, իսկական անունը չգիտեմ: Արդեն շատ տարիներ ժամանակ առ ժամանակ մտնում է մոտս՝ գրասենյակ, փոքրիկ նկարներ է բերում, որոնց համար նրան մի քիչ փող եմ տալիս, ողորմության պես մի բան: Մի անգամ հետաքրքրվեցի, թե ինչպես է ծայրը ծայրին հասցնում այդ նկար­ների բերած փողով և ի զարմանս ինձ իմացա, որ իր ապրուստը հիմնականում հայթայթում է դի­մանկարներով: «Դատարանին եմ ծառայում»,- ասաց նա: Այդ օրից սկսած Տիտորելլին միշտ որոշ նորություններ է պատմում իր դատարանի մասին: Բավական շատախոս մարդ է… Սակայն դա կարևոր չէ: Եվ ահա, ես մտածեցի, իսկ չի՞ կա­րող Տիտորելլին ինչ-որ չափով օգտակար լինել ձեզ: Նա շատ դատավորների է ճանաչում, ճիշտ է, առանձնակի ազդեցություն չունի նրանց վրա, բայց կարող է խորհուրդ տալ, թե ինչպես ընկնել ամենաազդեցիկ մարդկանց մոտ:

ՅՈԶԵՖ — Կարծո՞ւմ եք:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Ինչո՞ւ ոչ: Իհարկե, ես միշտ ասել եմ. պարոն հավատարմատարը հա­մարյա իրավաբան է, և ինքներդ էլ կկարողանաք ճիշտ կողմնորոշվել, ձեր գործի բարեհաջող ավարտին ես չեմ կասկածում, սակայն Տիտորելլիին տեսնելը, կարծում եմ, անօգուտ չի լինի: Ահա նրա հասցեն և միջնորդական նամակը:

ՅՈԶԵՖ — (գրպանը դնելով նամակը): Շնորհա­կալ եմ:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Կարծում եմ, Տիտորելլիի նման մարդուն չարժե հրավիրել բանկ, ինձ հասկանո՞ւմ եք:

ՅՈԶԵՖ — Իհարկե: Ինքս նրան կայցելեմ:

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ — Դա թերևս ճիշտ կլի­նի: Ցտեսություն:

ՅՈԶԵՖ — Ցտեսություն, պարոն գործարանա­տեր:

Գործարանատերը դուրս է գալիս:

ԿԱՄԻՆԵՐ — (ներս գալով): Հրավիրե՞մ ֆրոյլայնին:

ՅՈԶԵՖ — Հրավիրիր:

ԿԱՄԻՆԵՐ — (դեպի դուռը): Համեցեք, ֆրոյ­լայն:

Ներս է գալիս ֆրոյլայն Բյուրստները:

ՅՈԶԵՖ — (տեղից թռչելով): Ֆրոյլայն Բյուրստնե՞ր:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Այո, ես եմ: Բարև ձեզ, Յո­զեֆ:

ՅՈԶԵՖ — Բարև ձեզ: Նստեք, ահա, այստեղ, կարծում եմ հարմար կլինի: (Կամիներին.) Դուք ազատ եք: (Կամիները հեռանում է:) Անկեղծ ասած, շատ անսպասելի էր ձեր այցելությունը: Մեր բանկում գործե՞ր ունեք:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ոչ: Ես ցանկանում էի խո­սել ձեզ հետ, պարոն Կ.:

ՅՈԶԵՖ — Մենք կարող էինք տանը խոսել… Այսինքն, ես անչափ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, պարզապես ուզում եմ ասել…

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ինձ համար դժվար չէր, ես հիմա այստեղ մոտերքում եմ աշխատում: ՅՈԶԵՖ — Հարմար տեղավորվեք, իսկ ես կարգադրեմ, որ թեյ բերեն:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Կարիք չկա, երկար չեմ մնալու, առանց այն էլ ուշանում եմ: Պարոն Կ., արդեն մի քանի օր է, դուք թակում եք դուռս, նա­մակ ուղարկում…

ՅՈԶԵՖ — Ուրեմն տանն եք եղել և չե՞ք բացել դուռը:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Այո: Սակայն դուք չպետք է վիրավորվեք, աշխատեք ճիշտ հասկանալ ինձ… Այդ կապիտանն անդադար հետևում է, ականջ դնում, իսկ ֆրաու Գրուբախն էլ քիթը միշտ խո­թում է գործերիս մեջ: Բացի այդ…

ՅՈԶԵՖ — Բացի այդ՝ ի՞նչ, ասացեք, ֆրոյլայն Բյուրստներ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Օհ, չգիտեմ: Ես հոգնել եմ:

ՅՈԶԵՖ – Ա՜, կարծես կռահում եմ. պատճառն իմ դեմ սկսված գործն է:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Չէ… Այսինքն՝ մասամբ: Հասկացեք ինձ, այլ պայմաններում դա գուցե առանձնակի նշանակություն չունենար, սակայն այս իրավիճակում…

ՅՈԶԵՖ — Դուք արդեն իրավաբանական գրասենյակո՞ւմ եք աշխատում:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Դա կարևոր չէ: Ախ, ինչպես չեք հասկանում, պարոն Կ.:

ՅՈԶԵՖ — Ֆրոյլայն Բյուրստներ, հավատաց­նում եմ, դուք մոլորված եք, ձեզ մոլորեցրել են: (Փորձում է համբուրել ձեռքը:)

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Թողեք, ի՞նչ եք անում: Չեք պատկերացնում, թե որքան տառապանք եք պատճառում ինձ:

ՅՈԶԵՖ — Ֆրոյլայն Բյուրստներ, բայց ես…

Թափով բացվում է դուռը, սենյակ է ներխուժում քեռին:

ՔԵՌԻ — (բարձրաձայն խոսելու սովորություն ունի): Յոզեֆ, տղաս: Արի գրկեմ քեզ, տղաս: Հենց նոր իջա գնացքից և ուղիղ քեզ մոտ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Դեհ, ես գնամ, պարոն հավատարմատար:

ՅՈԶԵՖ — Մի րոպե, ֆրոյլայն:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ցտեսություն:

ՅՈԶԵՖ — Ախր լավ չստացվեց:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Հակառակը: Այսպես երևի ճիշտ է: Մի ուղեկցեք: (Դուրս է գալիս:)

ՅՈԶԵՖ — Սպասեք…

ՔԵՌԻ — (բռնելով ձեռքից): Նստիր, տղաս:

ՅՈԶԵՖ — Ճանապարհից հոգնել եք երևի, քեռի:

ՔԵՌԻ — Ի՞նչ հոգնության մասին կարող է խոսք լինել հիմա: Նա դեռ խոսում է հոգնության մասին:

ՅՈԶԵՖ — Չեմ հասկանում, թե ինչն է ձեզ այդպես հուզել, սիրելի քեռի:

ՔԵՌԻ — Մի՞թե ուզում ես թաքցնել ինձնից, Յոզեֆ:

ՅՈԶԵՖ — Հասկացա: Լսել եք դատավարու­թյան մասին: Իսկ ումի՞ց:

ՔԵՌԻ — Իմ դստրիկից՝ Էռնայից:

ՅՈԶԵՖ — Էռնայի՞ց: Բայց ես նրան վաղուց չեմ տեսել:

ՔԵՌԻ — Երեկ նամակ ստացա: (Հանում է նա­մակը:) Ահա թե ինչ է նա գրում: Միայն քեզ վերա­բերող մասն եմ կարդում. «Գործերս գիմնազիա­յում լավ են ընթանում, բայց ձեզ շատ եմ կարո­տում…», էէ, ոչ, սա չէ: Ահա. «Վերջապես այցելե­ցի Յոզեֆին, սակայն ինձ նրա մոտ չթողեցին, որովհետև նա խիստ զբաղված էր: Ցրիչն ասաց, որ նա կարևոր խոսակցություն ունի ինչ-որ պարո­նի հետ և որ հարցն, ըստ ամենայնի, վերաբերում է նրա դեմ հարուցված դատավարությանը, և որ այդ դատավարությունը շատ լուրջ բան է: Ես սաստեցի ցրիչին, ասացի, որ նման բան հնարա­վոր չէ, որ նա այլևս չտարածի այդ բամբասանքը, որովհետև չեմ հավատում ցրիչի ասածին: Սակայն, ամեն դեպքում, թանկագին հայրիկ, լավ կլիներ, որ գայիր և պարզեիր խնդիրը: Գուցե Յո­զեֆն իսկապե՞ս փորձանքի մեջ է ընկել»: (Հուզ­ված:) Լավ աղջիկ է իմ Էռնան:

ՅՈԶԵՖ — Լավն է:

ՔԵՌԻ — Դե՞, ի՞նչ կասես:

ՅՈԶԵՖ — Այո, քեռի, ճշմարիտ է:

ՔԵՌԻ — Ճշմարի՞տ: Ինչպես թե… Ի՞նչ դատա­վարություն է, չլինի՞ քրեական:

ՅՈԶԵՖ — Այո, քրեական:

ՔԵՌԻ — (առավել բարձրաձայն): Եվ դու այս­տեղ հանգիստ նստած ես, երբ քեզ քրեական դա­տավարությո՞ւն է սպասում:

ՅՈԶԵՖ — Որքան հանգիստ լինեմ, արդյունքն այնքան բարեհաջող կլինի: Դու մի վախենա, քեռի:

ՔԵՌԻ — Ոչ, ինձ հանգստացնել հարկավոր չէ: Յոզեֆ, մտածիր քո մասին, հարազատներիդ մա­սին, մեր բարի անվան մասին: Դու միշտ մեր հպարտությունն ես եղել և հիմա չպիտի դառնաս մեր խայտառակությունը: Ոչ, քո վերաբերմունքն ինձ դուր չի գալիս: Անմեղ մարդն իրեն այսպես չի պահի, եթե, իհարկե, խելքը չի թռցրել: Արագ պատմիր, թե բանն ինչ է, գուցե կարողանամ օգ­նել: Բանկային օպերացիաներն անմասն չեն այս գործին, այո՞:

ՅՈԶԵՖ — Ոչ, հավատացնում եմ: Սակայն դու անչափ բարձր ես խոսում, քեռի, իսկ ցրիչը հաստատ ականջ է դրել դռան ետևում:

ՔԵՌԻ — (կիսաձայն): Ճիշտ դիտողություն է: Դե, հիմա խոսիր:

ՅՈԶԵՖ — Իզուր ես կարծում, թե չեմ գիտակ­ցում ընտանիքի առաջ ունեցած իմ պատասխա­նատվությունը: Բայց սա այն դատավարու­թյուններից չէ, որոնք քննվում են սովորական դա­տարաններում:

ՔԵՌԻ — Դա վատ է:

ՅՈԶԵՖ — Ինչո՞ւ:

ՔԵՌԻ — Ասում եմ՝ վատ է: Բայց ինչպե՞ս պա­տահեց, չէ՞ որ նման գործերը միանգամից չեն ար­վում, այլ երկար, ծածուկ նախապատրաստվում են: Ինչ-որ նախանշաններ, ինչ-որ ակնարկներ պետք է լինեին: Ինչո՞ւ ոչինչ չէիր գրում: Իհարկե, ես ամեն կերպ կօգնեմ, սակայն հիմա, երբ գործն արդեն ընթացքի մեջ է, դա շատ դժվար կլինի: Կարծում եմ, ճիշտ կանես, մի փոքրիկ արձակուրդ վերցնես և ինձ հետ մեկնես գյուղ: Տես, ոնց ես հյուծվել: Գյուղում կկազդուրվես, և դա քեզ շատ պետք կգա, չէ՞ որ աոջևում, անշուշտ, հազար ու մի դժվարություններ են սպասում:

ՅՈԶԵՖ — Բացակայել քաղաքից կարող են թույլ չտալ:

ՔԵՌԻ — Չեմ կարծում, թե այդքան հեռուն գնան: Չէ՞ որ ամեն դեպքում նրանք չեն կորցնում իշխանությունը քո նկատմամբ:

ՅՈԶԵՖ — (մոտենալով դռանը և ականջ դնելով): Իսկ ես կարծում էի, թե դու այս գործին նույնքան քիչ կարևորություն կտաս, որքան ես:

ՔԵՌԻ — Յոզեֆ: Դու ցանկանում ես տանո՞ւլ տալ գործը: Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ քեզ պարզա­պես կջնջեն կյանքից: Եվ բոլոր հարազատներիդ էլ ետևիցդ քարշ կտաս կամ, լավագուն դեպքում, անասելի կստորացնես: Քո անտարբերությունը գժվեցնում է ինձ: Նայում եմ քեզ ու սկսում հավա­տալ ասացվածքին. «Ով թույլ է տալիս դատավա­րությունը, նա տանուլ է տալիս այն»:

ՅՈԶԵՖ — Դուք ասում եք, թե մեր ամբողջ ըն­տանիքը կարող է ներքաշվել այս դատավարու­թյան մեջ. անկեղծ ասած, չեմ հավատում դրան, սակայն եթե խորապես համոզված եք և ան­հանգստացած, պատրաստ եմ ձեր ասածով շարժվել: Միայն թե գյուղ գնալը նպատակահար­մար չեմ համարում, որովհետև դա կմեկնաբանվի որպես փախուստ, որպես մեղքերի խոստովա­նանք:

ՔԵՌԻ — Այս հարցում դու թերևս ճշմարտացի ես:

ՅՈԶԵՖ — Ուրեմն համաձայնվեցինք: Ուրիշ առաջարկություններ կա՞ն:

ՔԵՌԻ — Բայց դու դեռ չես պատմել ամբողջը: Մենք հենց հիմա կգնանք փաստաբան Հուլդի մոտ, իսկ ճանապարհին ամեն բան կպատմես ինձ: Հուլդի անունը քեզ ծանոթ չէ՞: Ո՞չ: Տարօրի­նակ է: Նա իմ դպրոցական ընկերն է: Հագնվիր, Յոզեֆ:

ՅՈԶԵՖ — (հագնելով թիկնոցը և վերցնելով գլխարկը): Ես չէի կարծում, թե այս տեսակ գործե­րում կարելի է փաստաբան ներգրավել:

ՔԵՌԻ — Այ քեզ բան: Իսկ ինչո՞ւ ոչ:

Քեռին պատրաստվում է դուրս գալ, բայց Յոզեֆը առաջ է ընկնում, կի­սաբաց անում դուռը և նայում:

ՅՈԶԵՖ — Մի րոպե… թող փոխտնօրենը մտնի իր սենյակը:

ՔԵՌԻ — Ի՞նչ փոխտնօրեն, հիմա խաղերի ժա­մանակ չէ, գնացինք:

Դուռը բացվում է, ներս է գալիս Կամիները:

ՅՈԶԵՖ — (ընկրկելով): Կամինե՞ր: Ի՞նչ կա նորից:

ԿԱՄԻՆԵՐ — Պարոն ավագ հավատարմա­տար, դուք գնո՞ւմ եք:

ՔԵՌԻ — Գնում է, գնում:

ՅՈԶԵՖ — Այո, շտապ գործ ունեմ:

ԿԱՄԻՆԵՐ — Բայց կլիենտներ են սպասում, ի՞նչ ասեմ… Չեմ կարծում, թե նրանք համաձայնեն վաղը գալ:

ՅՈԶԵՖ — Ուրեմն թող փոխտնօրենի մոտ գնան, նա լավ է յուրացնում այն ամենը, ինչից ես ստիպված եմ հրաժարվել: Գնացինք, քեռի:

ՔԵՌԻ — Գնացինք, տղաս:

Դուրս են գալիս:

 

ՏԵՍԱՐԱՆ 5

Մահճակալին պառկած է փաստա­բան Հուլդը, մութ է: Առավել մութ է այն անկյունը, որտեղ նստած է տնօ­րենը: Նախասենյակում Լեննին թեյ է պատրաստում: Դռան թակոց: Լեն­նին չի շտապում բացել դուռը: Նորից թակոց:

ՔԵՌԻ — Բացեք: (Յոզեֆին.) Երևի նոր աղա­խին է: Բացեք, մենք փաստաբանի բարեկամներն ենք:

Լեննին բացում է փականը և վերա­դառնում իր գործին:

ՔԵՌԻ — Բացեք վերջապես:

ՅՈԶԵՖ — Կարծես բացել է: (Հրում է դուռը:)

ՔԵՌԻ — (ներխուժելով): Հաջորդ անգամ ավելի աշխույժ շարժվեք: Արի, Յոզեֆ:

ԼԵՆՆԻ — (փորձելով փակել ճանապարհը): Պարոն փաստաբանը հիվանդ է:

ՔԵՌԻ — Դարձյալ սի՞րտն է: Ետ մի մնա, Յո­զեֆ:

ՀՈՒԼԴ — Լեննի, ովքե՞ր են:

ՔԵՌԻ — Ալբերտն է, վաղեմի բարեկամդ: Մի՞թե այդքան վատ ես: Չեմ հավատում: Երևի րոպեա­կան թուլություն է, կանցնի:

ՀՈՒԼԴ — Չգիտեմ: Բայց այսպես վատ երբեք չեմ եղել: Օրեցօր ավելի ու ավելի եմ ուժասպառ­վում:

ՔԵՌԻ — Վատ է: Այստեղ այնքան մութ է, այն­քան անշուք… Նա լա՞վ է խնամում, շատ անբարե­համբույրն է:

Լեննին անտարբեր է քեռու նկատ­մամբ, ուշադրությունը Յոզեֆի կողմն է:

ՀՈԻԼԴ — Գուցե մութ է և անշուք, բայց հան­գիստ է. ինձ հիմա հանգիստն է կարևոր: Իսկ Լեն­նին լավ է խնամում, ապրի Լեննին:

Լեննին սկսում է ուղղել անկողինը՝ փսփսալով Հուլդի հետ, ինչը կասկա­ծելի է թվում քեռուն:

ՔԵՌԻ — Լսեք, խնդրում եմ, մեզ մենակ թողեք, իմ բարեկամի հետ որոշ անձնական գործեր ունեմ քննարկելու:

ԼԵՆՆԻ — Մի՞թե չեք տեսնում, որ պարոն փաստաբանը խիստ հիվանդ է և չի կարող հիմա անձնական գործեր քննարկել:

ՔԵՌԻ — Ախ դու գրողի տարած… Ինձ խելագա­րի տե՞ղ եք դնում: Մենակ թողեք մեզ, աղաչում եմ:

ՀՈՒԼԴ — Լեննիի ներկայությամբ կարող ես ամեն ինչ ասել:

ՔԵՌԻ — Խնդիրը ի՛նձ չի վերաբերում, ի՛մ գաղտնիքը չէ:

ՀՈԻԼԴ — Ո՞ւմն է:

ՔԵՌԻ — Զարմիկինս: Ահա նա: Յոզեֆ Կ., ավագ հավատարմատար:

ՀՈԻԼԴ — (աշխուժանալով, պարզելով ձեռքը): Կներեք, չնկատեցի ձեզ: Լեննի, աղջիկս, դուրս արի: (Լեննին դուրս է գալիս:) Ուրեմն այսպես: Ստացվում է, որ դու ոչ թե հիվանդատես ես եկել, այլ գործով:

ՔԵՌԻ — Տեսնո՞ւմ ես, հենց այդ ջադուն հեռա­ցավ՝ տեսքդ միանգամից լավացավ:

ՀՈԻԼԴ — Սխալվում ես, Ալբերտ, նա վատ աղ­ջիկ չէ: Իսկ ինչ վերաբերում է քո հարգելի զարմի­կին, ապա երջանիկ կլինեմ, եթե ուժերս ներեն կատարելու այսչափ դժվարին գործը: Աստված ոչ անի, եթե հիվանդության պատճառով ստիպված լինեմ ուրիշ մեկին էլ ներգրավել, ու եթե սիրտս չդիմանա էլ՝ առավել արժանի պատճառ նրա խափանման համար դժվար է գտնել:

ՅՈԶԵՖ — Չեմ հասկանում:

ՀՈԻԼԴ — Ես կարծեցի, թե խոսքը ձեր դատա­վարությանն է վերաբերում:

ՔԵՌԻ — Անշուշտ: (Յոզեֆին.) Ի՞նչ չես հասկա­նում, տղաս:

ՅՈԶԵՖ — Ախր որտեղի՞ց գիտեք իմ և իմ դատավարության մասին:

ՀՈԻԼԴ — Չէ՞ որ փաստաբան եմ, ես լինում եմ դատական ոլորտներում…

ՅՈԶԵՖ — Դուք լինում եք դատական ոլորտ­ներո՞ւմ:

ՀՈԻԼԴ — Իհարկե:

ՔԵՌԻ — Մանկական հարցեր ես տալիս:

ՀՈԻԼԴ — Իսկ ո՞ւմ հետ պիտի շփվեմ, եթե ոչ՝ իմ մասնագիտության տեր մարդկանց: Ճիշտ է, հիվանդությունս հիմա փոքր-ինչ խանգարում է, բայց իմ լավ բարեկամներն Այնտեղից այցելում են ինձ, և նրանց շնորհիվ ահագին բան եմ իմա­նում: Այ, հիմա էլ ես թանկագին հյուր ունեմ: (Մութ անկյունից առաջ է գալիս ծերուկ տնօրենը:) Պարոնը գրասենյակի տնօրենն է, ծանոթացեք: Սա իմ բարեկամ Ալբերտն է, իսկ սա նրա զար­միկն է՝ բանկի ավագ հավատարմատար: Ինչպես ասացի, պարոն տնօրենն այնքան սիրալիր էր, որ այցելեց ինձ: Միայն տեղյակ մարդը կարող է հասկանալ նման այցելության գինը, միայն նա, ով գիտե, թե որքան զբաղված է պարոն տնօրենը: Նստեք, պարոն տնօրեն, կարծում եմ, մենք միա­սին հիմա որոշ հարցեր կքննարկենք:

ՏՆՕՐԵՆ — Ցավոք, միայն մի քանի րոպեներս կարող եմ նվիրել ձեզ: Սակայն չեմ ցանկանում բարեկամիս բարեկամի հետ ծանոթանալու առի­թը կորցնել: (Քեռուն.) Մոտ եկեք:

Երեքով ցածրաձայն խոսում են: Յո­զեֆը լարվում է, բայց ոչինչ չի լսում: Նախասենյակից ուժգին շրխկոց է լսվում:

ՅՈԶԵՖ — Տեսնեմ ինչ պատահեց այնտեղ: (Դուրս է գալիս:)

ԼԵՆՆԻ — (նախասենյակում բռնելով Յոզեֆի ձեռքը): Դիտավորյալ աղմկեցի, որ դուրս գաք ինձ մոտ: (Տանում է հեռավոր անկյունը:) Կարծում էի, դուք դուրս կգաք: Զարմանալի է, սկզբում աչք չէիք կտրում ինձնից, սակայն հետո ստիպե­ցիք երկար սպասել: Ինձ պարզապես Լեննի ան­վանեք:

ՅՈԶԵՖ — Հաճույքով: Գիտե՞ք, Լեննի, ես ու­զում էի դուրս գալ, բայց անհարմար էի զգում: Այնքան համարձակ մարդ չեմ, ավելի ճիշտ, ամաչ­կոտ եմ մի քիչ:

ԼԵՆՆԻ — Ոչ, ոչ, ոչ, այդ չէ, ես գիտեմ: Պար­զապես ձեզ դուր չեկա, ահա թե ինչ:

ՅՈԶԵՖ — Սխալ եք մեկնաբանում: Դուր գալ-չգալու խնդիր չկա… (Նայելով պատի նկարին պատկերված դատավորին:) Գուցե հենց սա է իմ դատավորը:

ԼԵՆՆԻ — Ես նրան ճանաչում եմ, հաճախ է գալիս մեզ մոտ: Իրականում գաճաճի մեկն է: Իսկ նկարի վրա հրամայել է իրեն ահա այսպես վեհո­րեն պատկերել: Մեծամտությունից է: Ի դեպ, այս­տեղ բոլորն են այդպիսին: Ես էլ եմ մեծամիտ և անչափ դժգոհ եմ, որ ձեզ դուր չեմ գալիս:

ՅՈԶԵՖ — (գրկում է, Լեննին գլուխը դնում է նրա ուսին): Իսկ ի՞նչ աստիճան ունի:

ԼԵՆՆԻ — Քննիչ է:

ՅՈԶԵՖ — Ընդամենը քննիչ: Իսկ բարձրաստի­ճանները թաքնվում են: Սակայն, նայեք, նա գահի վրա է բազմել:

ԼԵՆՆԻ — Սուտ բան է: Իրականում խոհանո­ցային բազկաթոռին է նստած: Անդադար ձեր դա­տավարության մասի՞ն եք մտածում:

ՅՈԶԵՖ — Ամենևին: Հակառակը՝ թերևս շատ քիչ եմ մտածում:

ԼԵՆՆԻ — Ձեր սխալը դա չէ: Լսել եմ, որ չա­փազանց համառն եք, անզիջում:

ՅՈԶԵՖ — Ո՞վ է ասել:

ԼԵՆՆԻ — Մի հարցրեք, խնդրում եմ, միևնույն է, չեմ կարողանա ասել: Ավելի լավ է ուղղեք ձեր սխալը՝ դատարանին հակառակվելն անօգուտ է: Առաջին իսկ հնարավորության դեպքում խոստովանեք: Միայն այդ կերպ կարելի է հուսալ, թե կպրծնեք: Թեև, առանց կողմնակի օգնության դա էլ երևի անհնար է: Սակայն մի անհանգստացեք, ես կօգնեմ ձեզ:

ՅՈԶԵՖ — (ծնկներին նստեցնելով Լեննիին): Իսկ եթե չխոստովանեմ, ինձ օգնել չե՞ք կա­րողանա:

ԼԵՆՆԻ — Ոչ, չեմ կարողանա… Սիրած կին ունե՞ք:

ՅՈԶԵՖ — Չունեմ:

ԼԵՆՆԻ — Ստում եք:

ՅՈԶԵՖ — Իսկապես որ… Ամոթալի է, բայց քիչ մնաց հրաժարվեմ նրանից, թեև լուսանկարը միշտ գրպանումս եմ պահում:

ԼԵՆՆԻ — Ցույց տվեք: (Վերցնելով ու նայելով:) Ինձ դուր չի գալիս, մի տեսակ կոպիտ է կարծես, խոշոր: Նա ընդունա՞կ է անձնազոհության հանուն ձեզ:

ՅՈԶԵՖ — Ոչ: Ոչ քնքուշ է, ոչ էլ, կարծում եմ, հանուն ինձ կզոհի իրեն:

ԼԵՆՆԻ — Ուրեմն նա ձեզ համար առանձնակի կարևորություն չունի: Դուք նույնիսկ չեք տխրի, եթե կորցնեք նրան կամ փոխարինեք մեկ ուրիշով: Իսկ մարմնական որևէ թերություն չունի՞:

ՅՈԶԵՖ — Մարմնական թերությո՞ւն:

ԼԵՆՆԻ — Այո: Ես, օրինակ, ունեմ մի փոքրիկ թերություն: Ահա, նայեք: (Ցույց է տալիս ձեռքը:) Այս երկու մատներս սերտաճած են, տեսնո՞ւմ եք:

ՅՈԶԵՖ — Բնության ինչպիսի խաղ: Ինչ փոք­րիկ թաթիկ է: (Համբուրում է սերտաճած մատները:)

ԼԵՆՆԻ — Օ՛, դուք համբուրեցիք ինձ: (Սկսում է համբուրել ու կծոտել Յոզեֆին:) Դուք ինձ վերց­նում եք նրա փոխարեն, տեսնո՞ւմ եք, արդեն վերցնում եք: Հիմա դու իմն ես: (Քայլերի ձայն լսելով՝ ոտքի է կանգնում:) Կարող ես գալ ինձ մոտ՝ երբ ուզես: (Տեսնելով քեռուն՝ փախչում է:)

ՔԵՌԻ — Ախ, անպիտան տղա: Այս ի՞նչ արե­ցիր: Գործը համարյա գլուխ էր գալիս, իսկ դու հանկարծ թողիր, դուրս եկար այդ փոքրիկ, կեղ­տոտ արարածի մոտ: Ախր նա, ըստ ամենայնի, փաստաբանի սիրուհին է: Այդպես վարվել մի մարդու հետ, որից կախված է բախտդ… Չեմ հաս­կանում քեզ: Եվ լավ է, որ քաղաքավարի մարդ­կանց հետ գործ ունենք, ոչինչ չասացին: Սակայն ինչպիսի խղճահարությամբ էր նայում ինձ գրա­սենյակի տնօրենը: Այդպես լուռ նստել, նայում ենք միմյանց՝ սպասելով, թե երբ կգաս:

ՅՈԶԵՖ — Բայց դուք խոսում էիք և իմ կարիքը կարծես չէր էլ զգացվում:

ՔԵՌԻ — Հիմա էլ հակաճառում ես հարազատ քեռուդ, որն ամեն կերպ փորձում է օգնել քեզ: Ան­պիտան տղա: Գնացինք: Փառք Աստծուն, որ գործ ունենք կրթված, նրբանկատ մարդկանց հետ: Բայց ինչպես էր տառապում խեղճ, հիվանդ Հուլդը: Դու արագացնում ես նրա մահը, մի մարդու մահը, ումից կախված է գործդ: Անպիտան տղա:

 

ՏԵՍԱՐԱՆ 6

Նիստերի դատարկ դահլիճ: Նա­խասրահում Ֆրիդան է: Դռան թա­կոց: Ֆրիդան ներս է թողնում Յոզե­ֆին:

ՖՐԻԴԱ — Այսօր նիստ չկա:

ՅՈԶԵՖ — Ինչպես թե՝ չկա:

ՖՐԻԴԱ — Չկա: Ինքներդ համոզվեք:

ՅՈԶԵՖ — Իսկապես որ: (Նայելով պահարանի գրքերին:) Թույլ կտա՞ք նայեմ այս գրքերը: Սրանք երևի օրենսգրքեր են:

ՖՐԻԴԱ — Չի կարելի, գրքերը քննիչինն են:

ՅՈԶԵՖ — Ահա թե ինչ: Ներկայիս արդարա­դատությունն ուզում է դատել ոչ միայն անմեղ, այլև անտեղյակ մարդուն: Դե ինչ, գնամ:

ՖՐԻԴԱ — Ինչ-որ բան հաղորդե՞մ քննիչին:

ՅՈԶԵՖ — Դուք նրան գիտե՞ք:

ՖՐԻԴԱ — Իհարկե, չէ՞ որ իմ ամուսինը դատա­րանի ծառայող է: Մեզ այստեղ բնակության տեղ են հատկացրել, սակայն նիստերի օրերին պար­տավոր ենք ազատել տարածքը: Դա ձեզ զար­մացնո՞ւմ է:

ՅՈԶԵՖ — Ինձ առավել զարմացնում է, որ դուք ամուսին ունեք:

ՖՐԻԴԱ — Հավանաբար ակնարկում եք այն նիստը, երբ խանգարեցի ձեր ելույթը:

ՅՈԶԵՖ — Այո: Անցած-գնացած բան է, բայց այն օրը պարզապես կատաղել էի:

ՖՐԻԴԱ — Սակայն իմ միջամտությունն օգտա­կար եղավ ձեզ համար: Գիտե՞ք, ձեր մասին հե­տագայում շատ անբարենպաստ խոսքեր հնչեցին:

ՅՈԶԵՖ — Հնարավոր է: Սակայն դա արդարա­ցում չէ ձեզ համար:

ՖՐԻԴԱ — Զուր եք այդպես խիստ վերաբեր­վում: Այն ջահելը, որ գրկել էր ինձ, վաղուց է վա­զում ետևիցս: Եվ ոչինչ անել չես կարող, նույնիսկ ամուսինս ստիպված է հաշտվել, եթե չի ուզում կորցնել իր տեղը՝ պետք է դիմանա, որովհետև այդ ջահելը ուսանող է և, ըստ ամենայնի, բարձր աստիճանների կհասնի:

ՅՈԶԵՖ — Ինձ արդեն ոչինչ չի զարմացնում:

ՖՐԻԴԱ — (ցածրաձայն, զգուշավոր): Ցանկա­նում եք կարգ ու կանոն մտցնել այստեղ, այո՞: Այդպես էլ ենթադրեցի ձեր այն ճառից: Անձամբ ինձ ձեր խոսքը շատ դուր եկավ: Ճիշտ է, ամ­բողջը չլսեցի, սկիզբը բաց թողեցի, իսկ վերջում ուսանողի հետ պառկած էի հատակին: Այստեղ այնքան անտանելի է: Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ կհաջողվի կարգ ու կանոն հաստատել:

ՅՈԶԵՖ — Ես դա անում եմ միայն հանուն իմ գործի: Գուցե թույլ տա՞ք նայեմ գրքերը:

ՖՐԻԴԱ — Լավ, վերցրեք:

ՅՈԶԵՖ — Շնորհակալ եմ: (Վերցնում է գրքե­րից մեկը, թերթում: Ապշած:) Ահա թե ինչ իրավա­բանական գրքեր են այստեղ ուսումնասիրվում: Ախր սա պոռնոգրաֆիկ գրականություն է: Եվ այս մարդիկ պատրաստվում են դատել ինձ: (Սեղա­նին է դնում գիրքը:)

ՖՐԻԴԱ — Ես կփորձեմ օգնել ձեզ:

ՅՈԶԵՖ — Բայց կարո՞ղ եք: Ձեզ վտանգի տակ կդնեք, չէ՞ որ ձեր ամուսինը լիովին կախված է իր պետերից:

ՖՐԻԴԱ — Այդուամենայնիվ, ես կօգնեմ ձեզ: Նստեք այստեղ: Ինչ արտահայտիչ աչքեր ունեք: Ասում են՝ իմ աչքերն էլ վատը չեն, բայց ձերն ավե­լի գեղեցիկ են: Ես անմիջապես նկատեցի, հենց առաջին անգամ: Եվ ձեր պատճառով էր, որ հետո մտա նիստերի դահլիճ: Սովորաբար ինձ նման բան թույլ չեմ տալիս:

ՅՈԶԵՖ — Չեմ կարծում, որ կարողանաք օգնել ինձ: Իսկական օգնության համար կապեր են պետք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ դուք գիտեք միայն մանր-մունր գործիչների, որոնք շատ բան անել չեն կարող:

ՖՐԻԴԱ — Մի գնացեք: Դուք բոլորովին սխալ պատկերացում ունեք իմ մասին, այդպես չի կարե­լի: Մնացեք, խնդրում եմ:

ՅՈԶԵՖ — Կմնամ, եթե այդքան ուզում եք. ես եկա կարծելով, թե այսօր դատական նիստ կա: Սակայն խնդրում եմ, իմ գործով ոչինչ մի ձեռնար­կեք: Հասկացեք, ինձ համար միևնույնն է, թե ին­չով կավարտվի այս դատավարությունը, և նրանց դատավճոի վրա միայն ծիծաղելու եմ: Իհարկե, եթե դատավարությունն առհասարակ կայանա, ինչին ես խիստ կասկածում եմ: Ավելի շուտ կարե­լի է ենթադրել, որ գործն արդեն կարճված է կամ կկարճվի մոտ ժամանակներում: Հնարավոր է, իհարկե, որ նրանք առերևույթ դեռ շարունակեն վարույթը, որպեսզի կաշառք պոկեն, սակայն կանխապես զգուշացնում եմ՝ նրանց հույսերն իզուր են: Այստեղ դուք կարող եք օգտակար լինել, հայտնեք քննիչին, որ ինձնից կաշառք պոկել չի հաջողվի: Ի դեպ, մոտի՞կ եք ճանաչում քննիչին:

ՖՐԻԴԱ — Այո: Հենց նրան նկատի ունեի, երբ առաջարկեցի օգնել ձեզ: Ես չգիտեի, որ նա ցածրաստիճան ծառայող է. սակայն եթե դուք այդպես եք ասում, ուրեմն այդպես էլ կա: Այդու­հանդերձ, կարծում եմ, որ Վերև ուղարկած նրա ար­ձանագրություններն ինչ-որ բան նշանակում են: Իսկ նա այնքան է գրում, այնքան է գրում… Մինչև ուշ գիշեր: Պատկերացրեք, ամուսնուս հետ արդեն քնած ենք, իսկ նա գրում է ու գրում լամպի մոտ նստած:

ՅՈԶԵՖ — Այս սենյակո՞ւմ:

ՖՐԻԴԱ — Այո: Եվ իմ նկատմամբ էլ անտար­բեր չէ: Երեկ, օրինակ, ուսանողի միջոցով մի զույգ մետաքսյա գուլպա էր ուղարկել: Ահա, նայեք, հի­անալի գուլպաներ են: (Ցնցվում է՝ նկատելով ու­սանողին, որը մտել ու լուռ կանգնել է դռների մոտ:) Սուս, ուսանողը հետևում է մեզ: Մի բարկացեք և վատ մի մտածեք իմ մասին, բայց հիմա պետք է նրա մոտ գնամ, այդ զզվելիի մոտ: Շուտ կվերա­դառնամ և եթե վերցնեք ինձ, կգամ ձեզ հետ՝ ուր ուզեք, և կարող եք անել ինձ հետ՝ ինչ ուզեք, ես երջանիկ կլինեմ, միայն թե ընդմիշտ հեռանամ այստեղից:

Ֆրիդան գնում, խոսում է ուսանողի հետ, որը ժամանակ առ ժամանակ նայում է Յոզեֆին: Յոզեֆը ջղային քայլում է սենյակում:

ՈՒՍԱՆՈՂ — Եթե այդքան անհամբեր եք, կարող եք գնալ: Այո, այո, դուք պիտի գնայիք անմիջապես, հենց ես մտա:

ՅՈԶԵՖ — Հակառակը, ես կարծում եմ, որ լավ կանեք՝ դուք հեռանաք, մենք չենք ավարտել մեր զրույցը:

ՈՒՍԱՆՈՂ — Զուր ազատ թողին նրան: Դա անշուշտ բացթողում էր մեր կողմից: Ես այդպես էլ ասացի՝ նրան հարկավոր է տնային կալանքի մեջ պահել: Անկեղծ ասած, երբեմն չեմ հասկանում մեր քննիչին:

ՅՈԶԵՖ — Պարապ խոսքեր են: (Փորձում է բռնել-քաշել Ֆրիդայի ձեռքը:)

ՈՒՍԱՆՈՂ — Ոչ, նրան ձեզ չեմ թողնի, հույս չունենաք: (Ֆրիդային տանում է դեպի ելքը:)

ՖՐԻԴԱ — Ճար չկա: Նրան քննիչն է ուղարկել իմ ետևից: Այս փոքրիկ այլանդակը… այս փոքրիկ այլանդակը չի թողնի ինձ:

ՅՈԶԵՖ — Բայց դուք կարծես չեք էլ ուզում ազատվել նրանից: (Փորձում է ետ քաշել ուսանո­ղին:)

ՖՐԻԴԱ — Ոչ, մի արեք, հո չե՞ք խելագարվել: Դուք կկործանեք ինձ: Թողեք նրան, աղաչում եմ, թողեք: Նա կատարում է քննիչի հրամանը:

ՅՈԶԵՖ — Ուրեմն թող կորչի գրողի ծոցը: Եվ ձեզ նույնպես տեսնել չեմ ցանկանում այլևս:

Ուսանողը դուրս է տանում Ֆրիդային: Հայտնվում են Ֆրանցը, Վիլլեմը՝ չորեքթաթ,  Գանահարողը՝ մտրակը ձեռքին:

ՅՈԶԵՖ — Ի՞նչ եք անում այստեղ: Ովքե՞ր եք:

ՖՐԱՆՑ — Ախ, պարոն, մեզ հիմա ծեծելու են, և պատճառը ձեր բողոքն է քննիչին:

ՅՈԶԵՖ — Դո՞ւք եք, իմ պահակնե՞րը:

ՖՐԱՆՑ — Մենք:

ՅՈԶԵՖ — Ես չեմ բողոքել, պարզապես պատմել եմ, թե ինչ կատարվեց իմ բնակարանում: Ի դեպ, ձեր վարքը բնավ անբասիր չէր, եթե հիշում եք:

ՎԻԼԼԵՄ — Պարոն, եթե իմանայիք, թե որքան քիչ են մեզ վճարում, այդպես խիստ չէիք դատի: Ես ընտանիք պիտի կերակրեմ, իսկ Ֆրանցն ուր որ է կամուսնանա, միայն աշխատանքով չես ապ­րի, թեկուզ կաշվիցդ էլ դուրս գաս: Ձեր ներքնահագուստը թանկարժեք էր, դե, մենք էլ գայթակղվեցինք: Լավ չստացվեց, բայց մի՞թե դա կարող է որևէ նշանակություն ունենալ մի մարդու համար, որը, ի դժբախտություն իրեն, ձերբակալվել է:

ՅՈԶԵՖ — Ես այդ ամենը չեմ իմացել, և հետո, ես չեմ պահանջել պատժել ձեզ, խոսքը միայն սկզբունքի մասին էր:

ՎԻԼԼԵՄ — Տեսնո՞ւմ ես, Ֆրանց, ես ի՞նչ էի ասում, պարոնը բնավ չի պահանջել, որ մեզ պատժեն:

ԳԱՆԱՀԱՐՈՂ — Զուր շատախոսություն է. նրանց պատժելը և՛ արդարացի է, և՛ անբեկանելի: (Մտրակում է Վիլլեմին: Ֆրանցն անընդհատ թաքնվում է Վիլլեմի կամ Յոզեֆի ետևում:)

ՎԻԼԼԵՄ — Նրան մի լսեք: Մեզ ձեր բողոքի պատճառով են պատժում: Մի՞թե սա արդարացի է: Երկուսս էլ հին ծառայողներ ենք, հատկապես՝ ես, երկուսս էլ մեզ լավ ենք դրսևորել, և ձեր ձեր­բակալությունն ու հսկումն էլ անթերի կատարե­ցինք: Մենք հույս ունեինք առաջ քաշվել ծառայու­թյան մեջ՝ գանահարող դառնալ, ինչպես նա, բայց հիմա մեր կարիերան վտանգված է, հիմա մեզ կտան միայն ամենածանր ու կեղտոտ գործե­րը, գումարած՝ այս ծեծը:

ՅՈԶԵՖ — (գանահարողին): Ոչ մի հնար չկա՞ նրանց այս ծեծից ազատելու:

ԳԱՆԱՀԱՐՈՂ — Է՜ ոչ: (Պահակներին.) Հանեք ձեր հագուստը: (Վիլլեմի մասին:) Ուզում է գանա­հարող դառնալ: Նայիր՝ ինչ ճարպոտն է, իսկ ին­չո՞ւ… Որովհետև խժռում է ձերբակալվածների նա­խաճաշը: Երևի քոնն էլ է խժռել, ճի՞շտ է: Իսկ այսպիսի մարդը գանահարող կդառնա՞:

ՅՈԶԵՖ — (գանահարողին): Քեզ լավ վճար կտամ, միայն թող նրանց:

ԳԱՆԱՀԱՐՈՂ — Է՜ ոչ, հետո էլ իմ վրա բողոք կգրես: Ոչ, ոչ:

ՅՈԶԵՖ — Հիմար մի եղիր: Տեսնում ես, չէ՞, որ փորձում եմ օգնել նրանց, թեև կարող էի չխառնվել այս գործին: Եթե իմանայի, որ նրանց կվնասեմ, երբեք անունները չէի տա: Նրանց մեղավոր էլ չեմ համարում, մեղավոր է կազմակերպությունն ամբողջությամբ վերցրած, մեղավոր են բարձրաստիճան չինովնիկները:

ՊԱՀԱԿՆԵՐ — Ճիշտ է:

Գանահարողը մտրակում է նրանց:

ՅՈԶԵՖ — (բռնելով մտրակը): Հավատա, եթե մտրակիդ տակ դատավորը լիներ՝ չէի խանգարի, հակառակը, փող կտայի, որ գործդ առավել եռանդով կատարես:

ԳԱՆԱՀԱՐՈՂ — Խոսքդ ճշմարտանման է հնչում: Բայց միևնույն է, թույլ չեմ տա ինձ կաշառել: Եթե ինձ վստահված է ծեծել՝ ուրեմն կծեծեմ:

Ֆրանցը սողեսող մոտենում է Յոզե­ֆին, կառչում նրանից:

ՖՐԱՆՑ — Եթե չեք կարողանում երկուսիս օգ­նել, փորձեք գոնե միայն ինձ ազատել: Վիլլեմը տարիքով է, փորձված, հետո, նա է ինձ սովորեց­նում օրինազանցություն կատարել: Իսկ դրսում ինձ է սպասում հարսնացուս, ժամադրված ենք: Պատկերացնո՞ւմ եք: Օհ, ինչպիսի ամոթ է ինձ հա­մար…

ԳԱՆԱՀԱՐՈՂ — Դեհ, ես այլևս սպասել չեմ կարող: Անցանք գործի:

Երկուսով էլ, մտրակահարվելով, սո­ղում են դահլիճի մութ խորքը:

ՅՈԶԵՖ — (գնալով նրանց ետևից): Սպասեք, սպասեք ախր, այսպես չի կարելի… Ի՞նչ եք անում… Սպասեք…

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ 7

Աղջնակ Ա.-ն և Աղջնակ Բ.-ն քաշքշե­լով բերում են Յոզեֆին Տիտորելլիի դռան մոտ:

ԱՂՋՆԱԿ Ա. — Տիտորելլին այստեղ է ապ­րում, գնա: Տիտորելլի, դու հյուր ունես:

ԱՂՋՆԱԿ Բ. — Տիտորելլի, դուռը բաց:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — (բացելով դուռը և խոնարհվե­լով): Նկարիչ Տիտորելլի: Ներս անցեք:

Յոզեֆը մտնում է: Խցկվում է նաև կուզիկ աղջնակը, որին նկարիչը դուրս է հանում:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — (փակելով դուռը): Այս կա­պիկներից պրծում չկա: Նստեք:

Յոզեֆը նստում է: Սենյակը փոքր է, խղճուկ, թափթփված: Մահճակալի ետևում դուռ կա: Նկարակալի նկա­րը ծածկված է կտորով:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Մի անգամ նրանցից մեկին նկարեցի և այդ օրվանից ինձ հանգիստ չեն թողնում: Եթե սենյակը ձրի տրամադրված չլիներ, անպայման կտեղափոխվեի:

ԱՂՋՆԱԿ Ա. — (դրսից): Տիտորելլի, կարելի՞ է ներս գալ:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ոչ:

ԱՂՋՆԱԿ Բ. — Ինձ է՞լ չես թողնի:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Քեզ նույնպես: (Յոզեֆին.) Ցանկանում եք նկար գնե՞լ, թե՞ դիմանկար պատվիրել:

ՅՈԶԵՖ — Ձեր մասին մեր ընդհանուր ծանո­թից իմացա, գործարանատիրոջից, նրա խորհրդով եմ եկել: Ահա… (Տալիիս է նամակը: Յոզեֆը ցույց է տալիիս կտորով ծածկած նկարը:) Նոր գո՞րծ եք սկսել:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այո: Դիմանկար է: Վատ չի ստացվում, սակայն դեռևս անավարտ է: (Բացելով նկարը:) Սա Արդարադատությունն է: (Կավիճով գծմծում է վրան:)

ՅՈԶԵՖ — Հիմա կռահեցի: Աչքերին կապ կա, իսկ սրանք էլ երևի կշեռքի նժարներն են: Սակայն ոտքերին թևիկներ կան, և ընդհանրապես, կար­ծես վազքի մեջ լինի:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Պատվիրատուն այդպես ուզեց: Սա արդարադատության աստվածուհու և, միևնույն ժամանակ, հաղթանակի աստվածուհու միատեղում է:

ՅՈԶԵՖ — Այնքան էլ հաջող միատեղում չէ: Ար­դարադատության աստվածուհին պետք է տեղում կանգնած մնա, այլապես նժարները կսասանվեն և արդարացի վճիռ չի կայացվի:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Դեհ, ես ենթարկվում եմ պատվիրատուին, ինձ մանրամասն ցուցում է տրված, թե ինչը ոնց նկարեմ:

ՅՈԶԵՖ — Կեցվածքը դատավորի կեցվածք է:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Հենց դատավոր է, որ կա, բայց գերագույն դատավորը չէ: Այս պարոններն անչափ փառամոլ են: Վերից կարգադրություն կա, որ հենց այս կեցվածքով նկարվեն: Յուրա­քանչյուրն ունի նկարվելու՝ իրեն թույլատրված կեցվածքի սահմանները:

ՅՈԶԵՖ — Իսկ ի՞նչ է այս դատավորի անունը:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այդ մեկը ասելու իրավունքը չունեմ:

ՅՈԶԵՖ — Ըստ ամենայնի դուք վստահված անձ եք դատարանում, այո՞:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Եկեք անկեղծ լինենք: Դուք ցանկանում եք ինչ-որ բան իմանալ դատարանի մասին, բայց ինձ սիրաշահելու նպատակով սկզբում նկարչությունից խոսեցիք: Օրերս գործարա­նատիրոջ հետ զրուցել ենք ձեր գործի մասին, և նա հարցրեց, թե չե՞մ կարողանա արդյոք օգտա­կար լինել: Ասացի՝ թող այդ մարդն անցնի մոտս: Եվ ուրախ եմ, որ չուշացրիք այցելությունը: Գուցե հանեք վերարկուն, այստեղ շոգ է:

Յոզեֆը հանում է վերարկուն և նո­րից նստում:

ԱՂՋՆԱԿ Ա. — (դրսից): Նա հանեց վերար­կուն:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Դուք անմեղ եք, այնպես չէ՞:

ՅՈԶԵՖ — Այո, ես կատարելապես անմեղ եմ:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Դե, եթե անմեղ եք, ուրեմն խնդիրը բարդ չէ:

ՅՈԶԵՖ — Սակայն իմ անմեղությունը չի պար­զեցնում գործը: Այստեղ բազմաթիվ նրբություններ կան, որոնցում դատարանը կարող է խճճվել:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այո, իհարկե, այդպես է: Բայց դուք, այնուամենայնիվ, անմեղ եք, չէ՞: ՅՈԶԵՖ — Անտարակույս:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Դա ամենակարևորն է:

ՅՈԶԵՖ — Ես ձեզ նման քաջատեղյակ չեմ դա­տարանին, բայց տարբեր մարդկանցից իմ լսածն ասում է այն մասին, որ թեթևամիտ մեղադրանք­ներ չեն լինում, և եթե դատավորները մեղադրանք են ներկայացրել, ուրեմն նրանք համոզված են մեղադրյալի մեղավորությանը, և հակառակն ապա­ցուցել շատ դժվար է:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Դժվա՞ր: Դա պարզապես անհնարին է, հարգելիս:

ԱՂՋՆԱԿ Ա. — Տիտորելլի, նա ե՞րբ է գնալու վերջապես:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ձայներդ կտրեք:

ԱՂՋՆԱԿ Բ. — Դու նկարելո՞ւ ես նրան:

ԱՂՋՆԱԿ Ա. — Մի նկարիր, խնդրում եմ, նա տգեղ է:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — (վազելով ու բացելով դուռը՝ աղջնակներին): Մի խանգարեք, անպիտաններ, գնացեք այստեղից, գնացեք: (Վերադառնալով:) Այս աղջնակներն էլ են կապված դատարանին:

ՅՈԶԵՖ — Ինչպե՞ս…

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ախր, աշխարհում ամեն բան կապված է դատարանին:

ՅՈԶԵՖ — Առայժմ չեմ նկատել:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Դուք, թերևս, դատարանի մասին ոչ մի պատկերացում չունեք:

ՅՈԶԵՖ — Գուցե: Ես փաստաբան եմ վարձել: Բայց չեմ վստահում նրան: Նույնիսկ առաջին խնդրագիրը դեռ չի ուղարկել: Վախենամ՝ երբեք էլ չուղարկի:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ինչո՞ւ:

ՅՈԶԵՖ — Կասկած ունեմ, որ ոչ այնքան իմ օգտին է աշխատում, որքան նրանց: Այլապես ին­չո՞ւ պատրաստ չէ խնդրագիրը: Հիմա փորձում եմ ինքս կազմել խնդրագիրը: Ահավոր դժվար բան է, ստիպված ես լինում նկարագրել ամբողջ կյանքդ իր ամենաաննշան մանրամասներով, որովհետև չգիտես, թե հատկապես ինչու ես մեղադրվում:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Սակայն անմեղ եք, չէ՞:

ՅՈԶԵՖ — Ասացի՝ անմեղ եմ. ի՞նչ եք անդադար նույնը կրկնում: Ձեզ մոտ շոգ է:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Եթե կատարելապես անմեղ եք, ես մեն-մենակ էլ դուրս կքաշեմ ձեզ այս գործից:

ՅՈԶԵՖ — Բայց դուք ասացիք, թե դատարանի վրա ոչ մի ապացույց չի ազդում:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Չեն ազդում այն ապացույց­ները, որոնք ներկայացվում են անմիջականորեն դատարանին: (Բազմանշանակ:) Սակայն խնդիրը բոլորովին այլ է, երբ փորձում են գործել պաշտո­նական դատարանի ոլորտից դուրս, ասենք՝ խորհրդակցական սենյակներում, միջանցքներում կամ, թեկուզ, այստեղ՝ նկարչական սրահում: Հասկանո՞ւմ եք: (Մեծամտորեն:) Ես իսկական իրավաբանի պես եմ խոսում, չե՞ք գտնում:

ՅՈԶԵՖ — Այո, իսկը՝ իրավաբան:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ախր, իմ կապերը դատարա­նի հետ ժառանգաբար եմ ստացել, հորիցս:

ՅՈԶԵՖ — Ինչպես թե…

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Հայրս էլ դատական նկարիչ էր: Իսկ այդ տեղը ժառանգաբար փոխանցվում է: Բանն այն է, որ տարբեր չինովնիկների պատկե­րելու համար հաստատված են բազում բարդ ու, ամենակարևորը, գաղտնի օրինակարգեր, որոնց հասու են միայն որոշակի ընտանիքներ: Այ, այն գզրոցում, օրինակ, պահում եմ հորս գրառումները, որոնք երբեք ոչ ոքի ցույց չեմ տալիս: Միայն նա, ով գիտի այդ ամենը, ընդունակ է դատավորների դիմանկարներ նկարել: Յուրաքանչյուր դատա­վոր ցանկանում է, որ իրեն նկարեն այնպես, ինչ­պես նկարել են նախկինում՝ այն ժամանակների մեծագույն դատավորներին: Իսկ դա կարող եմ անել միայն ես:

ՅՈԶԵՖ — Ուրեմն ձեր դիրքն անսասան է:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այո, անսասան է: Հենց այդ պատճառով է, որ երբեմն կարողանում եմ օգտա­կար լինել որևէ դժբախտի: Ի դեպ, ինչպե՞ս կգե­րադասեիք ազատվել դատից: Գոյություն ունի երեք հնարավորություն, առաջինը լիակատար արդարացումն է: Սակայն պետք է նկատեմ՝ դեռևս ոչ մի լիակատար արդարացման դեպք չեմ հիշում և չեմ էլ լսել:

ՅՈԶԵՖ — Ասում եք, ոչ մի լիակատար արդա­րացո՞ւմ:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ոչ մի: Ճիշտ է, ասում են, որ հնում եղել են նման դեպքեր: Սակայն հաստա­տապես պնդել դժվար է, չէ՞ որ դատարանի վերջ­նական վճիռները չեն հրապարակվում, նույնիսկ դատավորներն իրավունք չունեն նրանց ծանոթա­նալու, այնպես որ հին դատավարությունների մա­սին միայն առասպելներ են պահպանվել:

ՅՈԶԵՖ — Ուստի լիակատար արդարացման մասին խոսելն անիմաստ է: Բայց կարծեմ դուք հիշատակեցիք ևս երկու հնարավորության մասին:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այո: Թվացյալ արդարացում և քաշքշուկ, խոսքը կարող է լինել միայն այս երկուսի մասին: Սակայն սկզբում գուցե հանե՞ք ձեր բաճկոնը, շոգում եք երևի:

ՅՈԶԵՖ — Այո, այստեղ անտանելի շոգ է: Պատուհանը բացել հնարավոր չէ՞:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ոչ, չի բացվում:

ՅՈԶԵՖ — Բայց այդպես չի կարելի, վնասա­կար է:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ամենևին: Այսպես ջերմու­թյունը լավ է պահպանվում: Իսկ եթե օդափոխու­թյան կարիք եմ ունենում, մի բան, որ շատ հազ­վադեպ է պատահում, կարելի է բացել դուռը, նույ­նիսկ երկու դռները:

ՅՈԶԵՖ — (հայացքով փնտրելով երկրորդ դու­ռը): Երկո՞ւ…

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Մահճակալի ետևում է:

Յոզեֆը հանում է բաճկոնը:

ԱՂՋՆԱԿ Բ. — Նա բաճկոնն էլ հանեց:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Աղջնակները կարծում են, թե նկարելու եմ ձեզ:

ՅՈԶԵՖ — Դուք հիշատակեցինք ևս երկու հնա­րավորությունների մասին:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Հիշատակեցի: Եվ երկու դեպքում էլ ի վիճակի եմ օգնելու ձեզ: Եթե ընտրեք թվացյալ արդարացումը, ապա մի երաշխավորություն կգրեմ ձեր անմեղության մա­սին: Այդպիսի երաշխավորականի ճիշտ ձևը հայրս է ինձ փոխանցել: Այդ փաստաթուղթը ձեռ­քիս՝ կանցնեմ բոլոր ծանոթ դատավորների մոտ, կբացատրեմ, որ անմեղ եք և կխնդրեմ ստորա­գրություն դնել երաշխավորականի տակ: Ոմանք կցանկանան անձամբ ծանոթանալ ձեզ հետ, և դա նույնիսկ լավ է, որովհետև նախապես կսովորեցնեմ, թե ինչպես պահեք ձեզ և ինչ խոսեք այս կամ այն դատավորի հետ: Երբ հավաքեմ բավա­րար քանակով ստորագրություններ՝ թուղթը կներկայացնեմ գործը վարող դատավորին, և նա, ընդառաջելով ինձ, արդեն հեշտորեն կկարողանա գլուխ բերել ձեր արդարացումը:

ՅՈԶԵՖ — Ուրեմն ես ազա՞տ կլինեմ:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Կլինեք: Բայց դա, իհարկե, թվացյալ, ավելի ճիշտ, ժամանակավոր ազատու­թյուն է: Հասկանո՞ւմ եք, ցածրաստիճան դատա­վորները վերջնական արդարացում տալու իրա­վունք չունեն, նման իրավունք ունի միայն գերագույն դատարանը: Ուստի, եթե այս փուլում ձեզ արդարացրել են, դա նշանակում է, որ ձեզնից մի­այն հեռացրել են մեղադրանքը, որը, ցավոք, շա­րունակում է մնալ կախված ձեր գլխավերևում: Անիրազեկ մարդուն կարող է թվալ, թե ամեն բան վաղուց մոռացված է, մեղադրական ակտը կորսված է և արդարացումը լիակատար է ու վերջնա­կան: Իրականում ոչ մի փաստաթուղթ կորչել չի կարող: Եվ մի որևէ դատավոր առավել ուշադիր նայելով թղթերին, հանկարծ նկատում է, որ մե­ղադրանքը լիովին չի հանված և նոր ձերբակալու­թյան հրաման է արձակում: Թվացյալ արդարա­ցումից նոր ձերբակալություն ընկած ժամանակը կարող է մեծ լինել, սակայն կարող է պատահել նաև, որ արդարացված անձը դատարանից գալիս է տուն, իսկ տանը նրան արդեն սպասում է նոր ձերբակալության հրամանը:

ՅՈԶԵՖ — Եվ ամեն բան կսկսվի նորի՞ց:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Այո: Եվ դարձյալ պետք է երաշխավորական գրել, դարձյալ ստորագրություններ հավաքել և հասնել նոր արդարացման:

ՅՈԶԵՖ — Սակայն երկրորդ արդարացումն էլ վերջնական չի լինի, այո՞:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Իհարկե: Երկրորդ արդա­րացմանը հետևում է երկրորդ ձերբակալությունը, երրորդին՝ չորրորդը և այլն: Սակայն տեսնում եմ, որ թվացյալ արդարացումը ձեր սրտովը չէ:

ՅՈԶԵՖ — Ճիշտ կռահեցիք:

ՏՒՏՈՐԵԼԼԻ – Ուրեմն՝ քաշքշուկ: Քաշքշու­կի իմաստն այն է, որ դատավարությունը երկար ժամանակով խրվում-մնում է իր ամենաառաջին փուլում: Սրա համար անհրաժեշտ է ոչ մի ակնթարթ աչքաթող չանել վարույթը, յուրաքանչյուր պատեհ առիթով այցելել դատավորին և, ամենա­կարևորը, ջանք չխնայել նրա հետ ամենամտերմիկ հարաբերություններ ստեղծելու համար: Եթե սա հաջողվեց, ուրեմն համոզված եղեք, որ գործն իր առաջին փուլից դուրս չի գա: Ճիշտ է, վարույ­թը չի դադարեցվի, սակայն մեղադրյալը նույնքան պաշտպանված կլինի դատավճռից, որքան՝ եթե ազատ մարդ լիներ: Թվացյալ արդարացման հա­մեմատ այն առավելությունը կա, որ ամեն պահի նոր ձերբակալության չես սպասում: Սակայն քաշքշուկն էլ իր անհարմարություններն ունի՝ դա­տավարությունը չի կարելի բացահայտորեն լճաց­նել, այն պետք է ինչ-ինչ կերպ արտաքնապես դրսևորի իրեն, ուստի ժամանակ առ ժամանակ պետք է տրվեն որոշ հանձնարարություններ, պետք է քննարկվեն գործին վերաբերող ինչ-որ նոր թղթեր, մեղադրյալը գոնե հազվադեպ, բայց պետք է ներկայանա հարցաքննության, և այլն, և այլն: Չէ՞ որ դատավարությունը ամբողջ ժամանակ պիտի պտտվի այն շրջանով, որն արհեստականորեն նեղացվել է:

Յոզեֆը վեր է կենում:

ԱՂՋՆԱԿ Ա. — Վեր կացավ, վեր կացավ:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Արդեն գնո՞ւմ եք: Երևի շոգն է պատճառը: Ես դեռ էլի ասելիք ունեի: Բայց կարծում եմ, որ հասկացաք ինձ:

ՅՈԶԵՖ — Օ՛, այո՛:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Երկու հնարավորություննե­րի նմանությունն այն է, որ երկուսն էլ խոչընդո­տում են դատավճիռ կայացնելուն:

ՅՈԶԵՖ — Սակայն նրանք խոչընդոտում են նաև լիովին ազատ արձակելուն:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Դուք կռահեցիք գործի էու­թյունը:

Յոզեֆը հագնվում է:

ԱՂՋՆԱԿ Բ. — Նա հագնվում է:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Մի շտապեք, լավ մտածեք, սակայն հապաղելն էլ ձեր օգտին չէ:

ՅՈԶԵՖ — Շուտով դարձյալ կայցելեմ ձեզ:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Ձեր խոսքի տերը եղեք, այլա­պես ստիպված կլինեմ ինքս գալ բանկ և իմանալ, թե ինչ է պատահել:

ՅՈԶԵՖ — Բացեք դուռը վերջապես:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Աղջնակները ձեր հոգին կհա­նեն, ավելի լավ է այս դռնով դուրս եկեք:

Յոզեֆը գնում է դեպի երկրորդ դու­ռը և սպասում, որ Տիտորելլին բացի այն: Սակայն Տիտորելլին մտնում է մահճակալի տակ:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — (մահճակալի տակից): Մի րո­պե… Չե՞ք ուզում տեսնել մի նկար, որը կարող եմ վաճառել ձեզ: (Հանում է նկարը: Փչելով փոշին:) Տափաստանային բնանկար:

ՅՈԶԵՖ — Բարի: Ես գնում եմ այն:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — (ևս մի նկար հանելով, որը առաջինի ճիշտ կրկնակն է): Իսկ սա առաջինի հակապատկերն է:

ՅՈԶԵՖ — Հիանալի բնանկարներ են: Երկուսն էլ գնում եմ. կկախեմ իմ առանձնասենյակում:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Տեսնում եմ, թեման ձեզ դուր եկավ: (Հանում է երրորդ նկարը, որը նույնպես չի տարբերվում մյուսներից:) Ինչ լավ է, որ այս մեկն էլ է պահպանվել:

ՅՈԶԵՖ — Սա նույնպես կվերցնեմ: Որքա՞ն վճարեմ երեքի համար:

ՏՒՏՈՐԵԼԼԻ — Մնա հետո: Հիմա շտապում եք: Գիտե՞ք, լավ է, որ հավանեցիք այս նկարները, սրանցից էլի ունեմ մահճակալի տակ: Բոլորը ձեզ կտամ: Միայն տափաստանային բնանկարներ են: Ոմանք չեն սիրում, գտնում են, որ մռայլ է, իսկ ոմանք էլ, ինչպես դուք, հենց մռայլն են սիրում:

ՅՈԶԵՖ — Փաթաթեք բոլորը:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այսօր այս երեքը տարեք: (Բացելով դուռը:) Անհարմար մի զգացեք, անցեք մահճակալի վրայով, այս դռնից օգտվողները միշտ այդպես են անում:

ՅՈԶԵՖ — (անցնելով մահճակալի վրայով, ապ­շած շրջվում է): Ի՞նչ է այնտեղ:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Այնտե՞ղ: Ա՛, դատական գրասենյակներն են: Զարմանալու ի՞նչ կա: Իմ արվեստանոցը նույնպես դատական գրասենյակ­ներին է պատկանում, թեև դատարանն այն ինձ է հատկացրել, այսպես ասած, անձնական օգտա­գործման համար: (Նկարները տալով:) Վերցրեք:

ՅՈԶԵՖ — Ցտեսություն:

ՏԻՏՈՐԵԼԼԻ — Ցտեսություն: (Տեսնելով, որ Յոզեֆը միջանցքում բախվեց ինչ-որ իրերի:) Զգույշ, մարդ Աստծո, չընկնեք:

 

ՏԵՍԱՐԱՆ 8

Փաստաբան Հուլդի նախասենյակը: Այնտեղ վաճառական Բլոկն է, առանց բաճկոնի: Դռան թակոց:

ԲԼՈԿ — (մոմը ձեռքին՝ նայում է դռան անցքից, ապա դեպի խոհանոց, Լեննիին): Նա է:

Յոզեֆը նորից է թակում: Բլոկը վեր­ջապես բացում է:

ՅՈԶԵՖ — (ուզում է ներս գալ, Բլոկը փակել է ճանապարհը: Երեում է Լեննին՝ ներքնազգեստով և արագ չքանում է): Դուք ծառայո՞ւմ եք պարոն Հուլդի մոտ:

ԲԼՈԿ — Ոչ: Ես գործով եմ եկել, խորհրդի կարիք ունեմ:

ՅՈԶԵՖ — Առանց բաճկոնի՞:

ԲԼՈԿ — (կարծես նոր նկատելով, որ բաճկոն չկա հագին): Ահ, ներեցեք:

ՅՈԶԵՖ — Լեննին ձեր սիրուհի՞ն է:

ԲԼՈԿ — Աստված իմ, ոչ, իհարկե ոչ, ինչե՞ր եք հնարում:

ՅՈԶԵՖ — Գիտե՞ք, դուք վստահություն եք ներշնչում: Թեև… Ինչպե՞ս է ձեր անունը:

ԲԼՈԿ — Բլոկ, վաճառական Բլոկ:

ՅՈԶԵՖ — Դա ձեր իսկակա՞ն անունն է:

ԲԼՈԿ — Իհարկե: Ինչո՞ւ եք կասկածում:

ՅՈԶԵՖ — (ներս մտնելով): Մտածեցի, որ կա­րող եք իսկական անունը թաքցնելու պատճառներ ունենալ:

ԲԼՈԿ — Բնավ ոչ: Տարօրինակ բաներ եք ասում:

ՅՈԶԵՖ — (պատի նկարը ցույց տալով): Լուսա­վորեք նկարը: Ճանաչո՞ւմ եք նրան:

ԲԼՈԿ — Դատավոր է:

ՅՈԶԵՖ — Գերագո՞ւյն

ԲԼՈԿ — Այո, սա գերագույն դատավորն է:

ՅՈԶԵՖ — Ստում եք, հարգելիս: Դատական մանր ու մեծ չինովնիկների մեջ սա ամենապստիկն է:

ԲԼՈԿ — Ինչպե՞ս միանգամից գլխի չընկա, չէ՞ որ լսել էի այդ մասին:

ՅՈԶԵՖ — Դուք երևի գիտեք, թե որտեղ է թաքնվում Լեննին:

ԲԼՈԿ — Թաքնվո՞ւմ: Ոչ, նա ապուր է եփում խոհանոցում փաստաբանի համար:

ՅՈԶԵՖ — Ինչո՞ւ միանգամից չասացիք:

ԲԼՈԿ — Ուզում էի, բայց դուք շեղեցիք միտքս:

ՅՈԶԵՖ — Խորամանկն եք երևում:

ԼԵՆՆԻ — (դուրս գալով): Բարի երեկո, Յոզեֆ:

ՅՈԶԵՖ — Բարի երեկո: (Բլոկին.) Դուք նստեք: (Լեննիին.) Ո՞վ է այս մարդը:

ԼԵՆՆԻ — (գրկելով Յոզեֆին): Դժբախտի մեկն է, սնանկացած վաճառական, ոմն Բլոկ: Նայիր, ինչ խեղճն է:

ՅՈԶԵՖ — Դու ներքնաշորով էիր, Լեննի: Նա քո սիրեկա՞նն է:

ԼԵՆՆԻ — Քեզ ամեն ինչ կբացատրեմ, գնանք:

ՅՈԶԵՖ — Ոչ: Ես ուզում եմ, որ հենց այստեղ ու հենց հիմա բացատրես: (Տեսնելով, որ Լեննին ուզում է համբուրել իրեն:) Պետք չի:

ԼԵՆՆԻ — Յոզեֆ, մի՞թե խանդում ես: Ռուդի, օգնիր ինձ, չե՞ս տեսնում, ոնց է կասկածում… և թող այդ մոմը:

ԲԼՈԿ — Չեմ հասկանում, թե ինչն է ստիպում ձեզ խանդել:

ՅՈԶԵՖ — Ինքս էլ չեմ հասկանում:

ԼԵՆՆԻ — Հանգիստ թող նրան, ինքդ ես տես­նում, թե ինչ մարդ է: Պարզապես մի քիչ խղճացի, նա կարևոր կլիենտ է փաստաբանի համար: Իսկ դու ինչպե՞ս ես, Յոզեֆ: Ուզում ես խոսե՞լ փաս­տաբանի հետ: Նա իրեն վատ է զգում այսօր, բայց եթե անհրաժեշտ է՝ հենց հիմա կզեկուցեմ: Իսկ գիշերը ինձ մոտ կմնաս: Այնքան վաղուց չես եղել մեզ մոտ. նույնիսկ փաստաբանն է ան­հանգստանում: Հետո, ահագին բաներ ունեմ քեզ հայտնելու, որոշ տեղեկություններ եմ հայթայթել: Բայց նախ՝ վերարկուդ հանիր: Ապու­րը երևի պատրաստ է. զեկուցե՞մ քո մասին, թե՞ սկզբում կերակրեմ նրան:

ՅՈԶԵՖ — Զեկուցիր: (Հեռացող Լեննիի ետևից:) Ոչ, թերևս ճիշտ կլինի, որ կերակրես. թող ուժ հավաքի ինձ հետ խոսելուց առաջ, դա նրան պետք կգա:

Լեննին ետ է զալիս:

ԲԼՈԿ — (ցածրաձայն): Ուրեմն դուք է՞լ փաս­տաբանի կլիենտն եք:

ՅՈԶԵՖ — Իսկ ձեր ի՞նչ գործն է:

ԼԵՆՆԻ — (Բլոկին): Դու լռիր: (Յոզեֆին.) Ու­րեմն նախ ապուր տամ նրան: Միայն թե վախե­նամ՝ քնի, ուտելուց հետո սովորաբար անմիջա­պես քնում է:

ՅՈԶԵՖ — Ոչինչ, իմ բառերից նրա քունը ակնթարթորեն կփախչի: Դե գնա, կերակրիր:

ԼԵՆՆ Ի — (օդային համբույր ուղարկելով): Չտխրես: (Հեռանում է:)

ՅՈԶԵՖ — Վաղո՞ւց եք այցելում փաստա­բանին:

ԲԼՈԿ — Շատ վաղուց:

ՅՈԶԵՖ — Քանի՞ տարի:

ԲԼՈԿ — Դատավարության հենց սկզբից, արդեն մոտ հինգ տարի: (Գրպանից բլոկնոտը հանելով:) Այստեղ ամեն ինչ գրված է… Ահա, դատավարու­թյունն իմ դեմ սկսվեց կնոջս մահից անմիջապես հետո, արդեն հինգ ու կես տարի:

ՅՈԶԵՖ — Ուրեմն փաստաբան Հուլդը զբաղ­վում է նաև սովորական՝ քաղաքացիական գործե­րո՞վ:

ԲԼՈԿ — Իհարկե: Նույնիսկ ասում են, թե քաղա­քացիական գործերից ավելի լավ է գլուխ հանում: (Վախեցած:) Բայց խնդրում եմ, հանկարծ չհաղորդեք նրան ասածս: Նա շատ վրեժխնդիր մարդ է:

ՅՈԶԵՖ — Ձեզ պես հավատարիմ կլիենտին, կարծում եմ, երբեք վատություն չի անի:

ԲԼՈԿ — Այն էլ ինչպես կանի: Եվ հետո, ես այնքան էլ հավատարիմ չեմ:

ՅՈԶԵՖ — Չի կարող պատահել:

ԲԼՈԿ — Չգիտեմ, ձեզ վստահել կարելի՞ է:

ՅՈԶԵՖ — Կարծում եմ, կարելի է:

ԲԼՈԿ — Այդ դեպքում դուք էլ ինձ որևէ գաղտ­նիք վստահեք, որպեսզի հանգիստ լինեմ:

ՅՈԶԵՖ — Չափազանց զգուշավոր եք: Լավ, ես կհայտնեմ մի գաղտնիք, որը վերջնական հանգստություն կբերի ձեր հոգուն: Բայց՝ հետո: Սկզբում դուք ասեք, թե ո՞րն է ձեր անհավատար­մությունը Հուլդին:

ԲԼՈԿ — Ես… Ես նրանից բացի էլի փաստա­բաններ ունեմ:

ՅՈԶԵՖ — Դե, կարծում եմ, դա այնքան էլ մեծ հանցանք չէ:

ԲԼՈԿ — Սխալվում եք, այսպիսի գործերում դա, մեղմ ասած, անթույլատրելի արարք է համար­վում: Բացի պարոն Հուլդից ես ունեմ ևս հինգ փաստաբան:

ՅՈԶԵՖ — Հինգ, չհաշված սրա՞ն:

ԲԼՈԿ — Եվ դեռ բանակցություններ եմ վարում վեցերորդի հետ:

ՅՈԶԵՖ — Սակայն ձեր ինչի՞ն է պետք այդքանը:

ԲԼՈԿ — Պետք են: Առաջին հերթին չեմ ցան­կանում տանուլ տալ գործս: Այս պատճառով իրա­վունք չունեմ բաց թողնել որևէ մանրուք, եթե այն կարող է գոնե փոքր-ինչ օգնել գործին: Ունեցած-չունեցածս եմ վատնել դատավարության վրա, հարգելիս: Հիմա փլուզման եզրին եմ կանգնած ու պատճառը միայն սնանկացումը չէ, ես դատավա­րության վրա վատնում եմ նաև ամբողջ ժամա­նակս:

ՅՈԶԵՖ — Չե՞ք փորձել ինքնուրույն գործել դա­տարանում: Սա ինձ համար անչափ հետաքրքիր է և կարևոր:

ԲԼՈԿ — Փորձել եմ, սկզբում: Հետո հրաժարվե­ցի: Նույնիսկ պարզապես նստելն ու սպասելն է անասելի լարվածություն ու տառապանք բերում: Ինքներդ գիտեք, թե դատական գրասենյակնե­րում ինչ մթնոլորտ է:

ՅՈԶԵՖ — Դուք տեղյակ եք, որ ես եղե՞լ եմ այնտեղ:

ԲԼՈԿ — Ես նստած էի ընդունարանում, երբ դուք մտաք:

ՅՈԶԵՖ — Ի՜նչ զուգադիպություն:

ԲԼՈԿ — Այնքան էլ մեծ զուգադիպություն չէ, ես համարյա ամեն օր լինում եմ այնտեղ:

ՅՈԶԵՖ — Հիշում եմ, երբ մտա՝ բոլորի դեմքերին մի տեսակ ակնածանք հայտնվեց: Թե՞ թվաց:

ԲԼՈԿ — Ոչ: Բոլորն անմիջապես կռահեցին, որ իրենց առջև մեղադրյալ է կանգնած:

ՅՈԶԵՖ — Բայց ինչպե՞ս:

ԲԼՈԿ — Չգիտեմ, գիտակցական ընկալում չէ: Ասում են, օրինակ, որ մեղադրյալի դեմքից, հատ­կապես շրթունքներից, կարելի է գուշակել, թե ինչ ավարտ կունենա նրա գործը: Սնահավատություն է, իհարկե, սակայն այն օրը, ձեր գնալուց հետո, բոլորը միաբերան պնդում էին, որ ձեր դատավճի­ռը շուտով կկայացվի: Նրանցից մեկը նույնիսկ համոզում էր, թե ձեր շրթունքների վրա կարդաց ոչ միայն ձեր, այլև իր դատավճիռը:

ՅՈԶԵՖ — Իմ շրթունքների վրա՞: (Փոքրիկ հա­յելի հանելով ու նայելով:) Ոչ մի առանձնակի բան չեմ տեսնում: Իսկ դո՞ւք:

ԲԼՈԿ — Ես նույնպես: Բացարձակապես ոչինչ:

ՅՈԶԵՖ — Որքան անհավատ են մարդիկ:

ԲԼՈԿ — Այո, այո… Հիշում եմ այն ժամանակնե­րը, երբ իմ դատավարությունն էլ նույնքան նորա­թուխ էր, որքան ձերը: Այն ժամանակ իմ գործով զբաղվում էր միայն այս փաստաբանը, բայց նրանից դժգոհ էի: Գործը տեղից չէր շարժվում: Ճիշտ է, ես ճշտապահորեն ներկայանում էի բոլոր հարցաքննություններին, հավաքում էի հարկավոր թղթերը, անդադար վազում էի փաստաբանի մոտ, նա էլ բազմաթիվ երաշխավորագրեր էր հղում…

ՅՈԶԵՖ — Ինչպե՞ս…

ԲԼՈԿ — Իհարկե:

ՅՈԶԵՖ — Բայց իմ գործով նա նոր առաջին երաշխավորագիրն է պատրաստում: Հիմա տես­նում եմ, թե ինչ վատ է հետևում իմ գործին, նա համարյա ոչինչ չի անում:

ԲԼՈԿ — Չգիտեմ: Դա գուցե ոչ մի նշանակու­թյուն էլ չունի: Ինձ այդ երաշխավորագրերը հա­մարյա չօգնեցին: Որպես գաղտնիք ասեմ՝ Հուլդի պահվածքին մի խաբվեք, նա պատկանում է, դա­տական տերմինաբանությամբ ասած, մանր փաստաբանների թվին:

ՅՈԶԵՖ — Կան նաև խոշո՞ր փաստաբաններ:

ԲԼՈԿ — Կան: Իսկ դուք չե՞ք լսել: Տարօրինակ է: Չկա և ոչ մի մեղադրյալ, որ չերազի ընկնել նրանց մոտ, թեև ոչ ես, ոչ էլ իմ ծանոթներից գոնե մեկը նրանց չի տեսել երբեք: Այո, նրանց մոտ ընկնելու գայթակղությանը չարժե կուլ գնալ, որովհետև նրանք պաշտպանում են միայն նրանց, ում իրենք են հարկ համարում: Նրանց մասին երազելը մի­այն ջլատում է ուժերը: Այլ է խնդիրը ընդհատակ­յա փաստաբանների հետ գործ ունենալիս:

ԼԵՆՆԻ — (ներս գալով): Ինչ լավ եք նստած այստեղ երկուսով:

ԲԼՈԿ — Նա խնդրեց, որ պատմեմ իմ դատավա­րության մասին:

ԼԵՆՆԻ — Դե պատմիր, պատմիր:

ՅՈԶԵՖ — (տեսնելով, որ Բլոկը լռում է): Դուք ցանկանում էիք խոսել ընդհատակյա փաստա­բանների մասին:

ԲԼՈԿ — Ցանկանո՞ւմ էի: (Հասկացնելով, որ Լեննիի ներկայությամբ չի ուզում խոսել:)

ՅՈԶԵՖ — (Լեննիին): Զեկուցեցի՞ր:

ԼԵՆՆԻ — Իհարկե: Նա սպասում է քեզ: Իսկ Բլոկի հետ հետո էլ կհասցնես խոսել, նա կմնա ու կսպասի:

ՅՈԶԵՖ — (Բլոկին): Դուք կմնա՞ք:

ԼԵՆՆԻ — Կմնա: Նա հաճախ նույնիսկ գիշե­րում է այստեղ:

ՅՈԶԵՖ — Գիշերո՞ւմ է:

ԼԵՆՆԻ — Այո: Ամեն մեկին չէ, որ ուզած ժամին թողնում են փաստաբանի մոտ, ինչպես քեզ, Յոզեֆ:

ՅՈԶԵՖ — Ուզում ես ասել, որ շնորհակա՞լ լի­նեմ:

ԼԵՆՆԻ — Ոչ, ուզում եմ, որ սիրես ինձ:

ՅՈԶԵՖ — Փաստաբանն ընդունում է ինձ, որովհետև նրա կլիենտն եմ:

ԼԵՆՆԻ — Ինչ վատն է նա այսօր:

ԲԼՈԿ — Փաստաբանը նրան ընդունում է նաև այն պատճառով, որ նրա գործն իմ գործից ավելի հետաքրքիր է և դեռ խճճված չէ:

ԼԵՆՆԻ — (Յոզեֆին): Դու նրան քիչ լսիր: Նա անուշիկն է, բայց՝ շատախոս: Փաստաբանը երևի հենց դրա համար էլ չի սիրում նրան: Պատկերաց­րու, երբեմն զեկուցում եմ Բլոկի մասին, իսկ Հուլդը նրան ընդունում է միայն երկու օր անց: Բայց եթե Բլոկը նույն պահին չներկայանա՝ վերջ, հարկավոր է նորից զեկուցել: Այդ պատճառով էլ թույլ եմ տվել, որ գիշերի այստեղ: Պատահում է, որ փաստաբանը գիշերով զանգում ու պահանջում է կանչել նրան, իսկ Բլոկն այստեղ է՝ պատրաստ: Ճիշտ է, երբեմն Հուլդն իմանում է, որ Բլոկն այս­տեղ է և հետաձգում է կանչը:

ԲԼՈԿ — (ի պատասխան Յոզեֆի հարցական հա­յացքի): Այո, աստիճանաբար սկսում ես սաստիկ կախվածություն ունենալ քո փաստաբանից:

ԼԵՆՆԻ — (Յոզեֆին): Առերես է տրտնջում, իրականում սիրում է այստեղ գիշերել: Ուզո՞ւմ ես տեսնել նրա ննջարանը: (Բացում է անկյունի փոքրիկ դուռը:) Ահա՛:

ՅՈԶԵՖ — (դռնից ներս նայելուց հետո, Բլո­կին): Ծառայողների սենյակո՞ւմ եք քնում:

ԲԼՈԿ — Լեննին զիջեց: Հարմար է, գիտե՞ք:

ՅՈԶԵՖ — (Լեննիին): Դե պառկեցրու նրան քնելու: (Գնում է դեպի փաստաբանի սենյակը:)

ԲԼՈԿ — Պարոն հավատարմատար, դուք մոռա­ցաք ձեր խոստումը:

ՅՈԶԵՖ — Ի՞նչ խոստում:

ԲԼՈԿ — Ինչ-որ գաղտնիք պետք է հայտնեիք իմ գաղտնիքի դիմաց:

ՅՈԶԵՖ — Ճիշտ է: Լսեք ուրեմն՝ ես հիմա մտնում եմ փաստաբանի մոտ, որպեսզի հրաժարվեմ նրա ծառայություններից:

ԲԼՈԿ — (վեր թռչելով և հուզված վազվզելով, ձեռ­քերը երկինք մեկնած): Նա հրաժարվում է: Աստ­ված իմ, նա հրաժարվում է փաստաբանից: Նա հրաժարվում է փաստաբանից…

ԼԵՆՆԻ — Սպասիր, Յոզեֆ, դու դա չես անի: Ես թույլ չեմ տա… (Յոզեֆը հրում է նրան, մտնում Հուլդի մոտ:)

ՀՈՒԼԴ — (պառկած է անկողնում: Մի կողմ դնե­լով թուղթը, որ կարդում էր): Վաղուց սպասում եմ ձեզ:

ՅՈԶԵՖ — Իսկ ես շուտով կգնամ:

ՀՈՒԼԴ — Հաջորդ անգամ այսքան ուշ չեմ ըն­դունի:

ՅՈԶԵՖ — Դա լիովին համընկնում է իմ ցան­կությանը:

ՀՈՒԼԴ — Նստեք:

ՅՈԶԵՖ — Եթե ձեզ այդպես հաճելի է: (Նստում է:)

ՀՈՒԼԴ — Լեննին դարձյալ հալածո՞ւմ է ձեզ: (Ծիծաղելով:) Մի շփոթվեք: Դա նրա տարօրինա­կությունն է՝ բոլոր մեղադրյալները աչքին գեղեցիկ են թվում: Նա կապվում է բոլորին, սիրում, և բո­լորն էլ կարծես նրան են սիրում: Հետո, հանուն զվարճության, երբեմն պատմում է ինձ նրանց մա­սին: Ես վաղուց ներել եմ Լեննիին իր տարօրինակությունների համար և այլևս չեմ զարմանում: (Դադար:) Որոշակի նպատակո՞վ եք եկել:

ՅՈԶԵՖ — Այո: Ուզում էի ասել, որ այսօրվանից զրկում եմ ձեզ դատարանում ինձ պաշտպանելու իրավունքից:

ՀՈՒԼԴ — (նստելով): Արդյո՞ք ճիշտ հասկացա:

ՅՈԶԵՖ — Կարծում եմ, այո:

ՀՈՒԼԴ — Դե ինչ, կարելի է քննարկել նաև այդ տարբերակը:

ՅՈԶԵՖ — Դա արդեն տարբերակ չէ:

ՀՈՒԼԴ — Հնարավոր է: Սակայն, ամեն դեպ­քում, չշտապենք:

ՅՈԶԵՖ — Երկար եմ մտածել, նույնիսկ չափազանց երկար, և վճիռս վերջնական է:

ՀՈՒԼԴ — Ձեր քեռին իմ բարեկամն է, և ձեզ էլ արդեն, անկեղծ ասած, հասցրել եմ սիրել, և չէի ցանկանա, որ անուղղելի սխալ գործեք:

ՅՈԶԵՖ — Շնորհակալ եմ բարեհաճ վերաբեր­մունքի համար: Ես գիտակցում եմ, որ  ինձ համար արել եք այն ամենը, ինչ հնարավոր է և ինչը, ձեր կարծիքով, օգտակար է իմ գործին: Սա­կայն վերջերս եկա այն համոզմունքին, որ դա բա­վարար չէ:

ՀՈՒԼԴ — Դուք անհամբեր եք:

ՅՈԶԵՖ — Բնավ էլ անհամբեր չեմ: Ես զգում եմ, որ դատավարության օղակն անտեսանելիո­րեն, բայց ամուր սեղմվում է իմ շուրջը, և այս պա­րագայում ձեր դանդաղկոտությունը կարող է ան­դառնալի վնաս բերել:

ՀՈՒԼԴ — Ճիշտ է, ես թաղված եմ գործերի մեջ և հիվանդ եմ, սակայն ձեր գործը երբեք աչքաթող չեմ արել: Դուք անտեղյակ եք, և հենց դա թյուրի­մացությունների մեջ է գցում ձեզ: Դուք դադարել եք վստահել ինձ, և դա լրացուցիչ դժվարություն է ինձ համար: Հիմա էլ հայտարարում եք, որ մեր­ժում եք իմ ծառայությունները:

ՅՈԶԵՖ — Լավ, ասացեք, ի՞նչ կձեռնարկեք իմ գործով, եթե մնաք իմ պաշտպանը:

ՀՈՒԼԴ — Կշարունակեմ այն, ինչի սկիզբն արդեն դրել եմ:

ՅՈԶԵՖ — Այդպես էլ գիտեի: Ուստի զուր խոսքեր չվատնենք:

ՀՈՒԼԴ — Կարծում եմ, որ չնայած մեղադրյալ լինելուն, ձեզ մինչ այժմ չափազանց լավ են վերաբերվել, ավելի ստույգ ասած՝ չափազանց անփույթ: Հիմա ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ­պես են վարվում ուրիշ մեղադրյալների հետ. դա օգտակար կլինի ձեզ: Այժմ ես կկանչեմ Բլոկին, և դուք ամեն բան կտեսնեք:

ՅՈԶԵՖ — Հաճույքով: Բայց հաշվի առա՞ք, որ ձեզ ազատում եմ ինձ պաշտպանելու պարտականությունից:

ՀՈՒԼԴ — Այո: Սակայն դուք հենց այսօր կարող եք փոխել ձեր վճիռը: (Պառկում է դեմքով դեպի պատը և հնչեցնում զանգը:)

ԼԵՆՆԻ — (ներս գալով): Լսում եմ:

ՀՈՒԼԴ — Այստեղ բեր Բլոկին:

ԼԵՆՆԻ — Բլոկ, փաստաբանի մոտ: (Սկսում է խաղալ Յոզեֆի մազերի հետ:)

Բլոկը գալիս է և պատրաստակամ կանգնում Հուլդի մահճակալի մոտ:

ՀՈՒԼԴ — Բլոկն այստե՞ղ է:

ԲԼՈԿ — Ձեր տրամադրության տակ:

ՀՈՒԼԴ — Ի՞նչ է հարկավոր քեզ. նորի՞ց անպա­տեհ ներս մտար:

ԲԼՈԿ — Սակայն… ինձ կանչեցին կարծես:

ՀՈՒԼԴ — Կանչեցին, այո: Չնայած դրան, դու անպատեհ ներս մտար: Դու միշտ անպատեհ ես մտնում:

ԲԼՈԿ — Դուք կամենում եք, որ ես գնա՞մ:

ՀՈՒԼԴ — Քանի որ եկել ես՝ մնա: Երեկ այցելե­ցի երրորդ դատավորին և բարեկամական զրույցի ժամանակ խոսքն աստիճանաբար դարձրի քո գործի շուրջը: Ուզո՞ւմ ես իմանալ, թե նա ինչ ասաց:

ԲԼՈԿ — Օ, խնդրում եմ: Խնդրում եմ, ասացեք, պարոն փաստաբան:

ՀՈՒԼԴ — (Լեննիին): Իսկ ինչպե՞ս է նա իրեն պահել այսօր:

ԼԵՆՆԻ — Շատ խոհեմ ու կարգապահ:

ՀՈՒԼԴ — Ինչո՞վ էր զբաղված ամբողջ օրը:

ԼԵՆՆԻ — Իր սենյակում փակված՝ ձեր տված փաստաթղթերն էր կարդում, ես էի նրան փակել, որ ինձ չխանգարի:

ՀՈՒԼԴ — Կարդացածը գոնե հասկանո՞ւմ է:

ԼԵՆՆԻ — Չգիտեմ: Բայց անդադար կարդում է, առավոտից գիշեր: Միայն մեկ անգամ դուրս թողեցի, պետք ուներ:

ՀՈՒԼԴ — Դու միշտ գովում ես նրան:

ԲԼՈԿ — (ծնկի է իջնում): Ես իսկապես կարդա­ցել եմ ամբողջ օրը, իմ փաստաբան: Աղերսում եմ, մի տանջեք, ի՞նչ ասաց երրորդ դատավորը: (Փորձում է համբուրել Հուլդի ձեռքը:)

ՅՈԶԵՖ — Ի՞նչ ես անում… Վեր կաց, վեր կաց:

ՀՈՒԼԴ — Բլոկ, ո՞վ է քո փաստաբանը:

ԲԼՈԿ — Դուք:

ՀՈՒԼԴ — Իսկ ինձնից բացի՞:

ԲԼՈԿ — Ձեզնից բացի՝ ոչ ոք:

ՀՈՒԼԴ — Ուրեմն ուրիշի մի լսիր:

ՅՈԶԵՖ — (Բլոկին): Այլևս չեմ խանգարի, սողդա, ծնկի իջիր, լիզիր ձեռքերը, ինչ կուզես՝ արա, այլևս չեմ խանգարի:

ԲԼՈԿ — Չհամարձակվեք ինձ հետ այդպես խո­սել: Ո՞ր իրավունքով եք վիրավորում ինձ, այն էլ պարոն փաստաբանի ներկայությամբ: Գուցե ձեզ բարձր եք դասում, որովհետև նստել եք աթոռին, իսկ ես, ինչպես ինքներդ արտահայտվեցիք, պետք է սողա՞մ: Այդ դեպքում թույլ տվեք հիշեցնել մի հին դատական ասացվածք՝ մեղադրյալի համար շարժումը դադարից գերադասելի է, որով­հետև եթե գտնվում ես դադարի մեջ, շատ հնարա­վոր է, որ ինքդ էլ չիմանալով, արդեն նստած ես կշեռքի նժարին քո բոլոր մեղքերի հետ միասին:

ՅՈԶԵՖ — Խեղկատակ:

ԲԼՈԿ — Պարոն փաստաբան, դուք լսո՞ւմ եք, թե ինչպես է ինձ հետ խոսում այս պարոնը: Իմ դա­տավարությունն արդեն հինգ տարի է, որ շարու­նակվում է, իսկ նա իրեն թույլ է տալիս դասեր կարդալ գլխիս, նույնիսկ հայհոյել:

ՀՈՒԼԴ — Ուշադրություն մի դարձրու, արա՝ ինչպես ճիշտ ես գտնում:

ԲԼՈԿ — Անշուշտ, իմ փաստաբան: (Մոտ է սողում ու սկսում շոյել Հուլդին ծածկած վերմակը:)

ԼԵՆՆԻ — (պոկելով ձեռքը Յոզեֆի սեղմումից): Թող, ցավեցնում ես: Ես ուզում եմ Բլոկի մոտ գնալ:

ՅՈԶԵՖ — Դե գնա այդ ոչնչության մոտ: Իսկ ես մեկ րոպե էլ չեմ մնա այստեղ:

ԲԼՈԿ — Նա հեռանում է: Աստված իմ, նա հեռանում է:

ՀՈՒԼԴ — Անուղղելի սխալ եք գործում, պարոն Կ.:

ԼԵՆՆԻ — Յոզեֆ, սպասիր…

ՅՈԶԵՖ — Ոչ մի դեպքում: Մնաք բարով: (Դուրս է գալիս:)

 

ՏԵՍԱՐԱՆ 9

Եկեղեցու գավիթ: Հարթակին կանգ­նած է Քահանան: Գավիթում Յոզե­ֆը ետ ու առաջ է քայլում, սպասում է: Մի անկյունում ֆրոյլայն Բյուրստներն է՝ մոմ է վառում: Մյուս կողմում եկեղեցու կուզիկ ծառայողն է, հան­գած մոմերն է հավաքում: Յոզեֆը մի քանի անգամ անցնում է ֆրոյլայն Բյուրստների մոտով, ջանալով տես­նել դեմքը: Վերջապես ճանաչում է:

ՅՈԶԵՖ — Ֆրոյլայն Բյուրստնե՞ր: Դո՞ւք եք:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ես եմ: Ո՞վ է:

ՅՈԶԵՖ — Չճանաչեցի՞ք:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Աստված իմ, Յոզեֆ, ինչ­պես եք փոխվել:

ՅՈԶԵՖ — Վաղուց չենք տեսնվել: Ֆրաու Գրուբախից իմ պատճառով հեռացաք, այնպես չէ՞:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Չխոսենք այդ մասին:

ՅՈԶԵՖ — Չխոսենք: Անկեղծ ասած, անսպա­սելի էր ձեզ եկեղեցում հանդիպել:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ինձ լավ չեք ճանաչում, պարոն Կ.: Իսկ դուք ի՞նչ եք անում այստեղ:

ՅՈԶԵՖ — Բանկից ուղարկեցին: Մեր կլիենտ­ներից մեկին պիտի հանդիպեմ, ոմն Բերտոլուչիի:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Եկեղեցո՞ւմ:

ՅՈԶԵՖ — Ես էլ զարմացա: Սակայն տնօրենն ասաց, որ դա կլիենտի ցանկությունն է, իսկ կլիեն­տի ցանկությունը օրենք է: Այդ իտալացին որոշել է գործնական խոսակցությունը համատեղել տա­ճարի ճարտարապետության ուսումնասիրության հետ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Ինչե՞ր եք խոսում, Յոզեֆ:

ՅՈԶԵՖ — Այո, նա նաև ճարտարապետ է, այդ իտալացին: Բայց ուշացավ, կես ժամից ավել է, որ սպասում եմ այստեղ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Խեղճ Յոզեֆ: Նրանք ձեզ խելագարության կհասցնեն:

ՅՈԶԵՖ — Դատավարությունը նկատի ունեք անշուշտ:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Չգիտեմ: Ես ոչինչ չգիտեմ և չեմ ուզում իմանալ: (Պատրաստվում է հեռա­նալ:)

ՅՈԶԵՖ — Սպասեք, ֆրոյլայն Բյուրստներ, ինձ մենակ մի թողեք:

ԲՅՈՒՐՍՏՆԵՐ — Չեմ կարող: Մի ուղեկցեք: Մնաք բարով:

ՅՈԶԵՖ — Ցտեսություն:

Կուզիկ ծառայողը մատով կանչում է, Յոզեֆը մոտենում է: Ծառայո­ղը տանում է նրան քահանայի մոտ:

ՅՈԶԵՖ — Ի՞նչ եք ուզում ինձնից:

Ծառայողը ակնածանքով ցույց է տալիս քահանային և ծիծաղելի ոս­տոստալով հեռանում:

ՔԱՀԱՆԱ — (ետ քաշելով թիկնոցը, հանդիսա­վոր): Յոզեֆ Կ.:

Յոզեֆը սարսափած շրջվում է:

ՔԱՀԱՆԱ — Դու Յոզեֆ Կ.-ն ես:

ՅՈԶԵՖ — Այո:

ՔԱՀԱՆԱ — Դու մեղադրյալ Յոզեֆ Կ.-ն ես:

ՅՈԶԵՖ — Այո:

ՔԱՀԱՆԱ — Կարգադրել եմ քեզ այստեղ կանչել, որպեսզի խոսեմ հետդ:

ՅՈԶԵՖ — Ես այստեղ եմ եկել մի իտալացու հետ հանդիպելու համար:

ՔԱՀԱՆԱ — Թող այդ կողմնակի մտքերը: Ես բանտային քահանան եմ:

ՅՈԶԵՖ — Ահա թե ինչ:

ՔԱՀԱՆԱ — Այո: Մոտ արի: Գիտե՞ս արդյոք, Յոզեֆ Կ., որ քո դատավարության վիճակը վատ է:

ՅՈԶԵՖ — Հիմա ինձ էլ է այդպես թվում: Ես շատ ջանք ներդրեցի, բայց առայժմ արդյունք չկա: Ճիշտ է, խնդրագիրը դեռ պատրաստ չէ…

ՔԱՀԱՆԱ — Իսկ ավարտն ինչպե՞ս է պատկեր­վում քեզ:

ՅՈԶԵՖ — Չգիտեմ: Սկզբում կարծում էի, թե ամեն բան լավ է ավարտվելու, բայց հիմա ավելի ու ավելի հաճախ եմ կասկածում դրան: Չգիտեմ ինչով կավարտվի: Դու գիտե՞ս:

ՔԱՀԱՆԱ — Ոչ: Բայց վախենամ՝ լավ չա­վարտվի: Համարում են, որ դու մեղավոր ես: Թերևս գործը դատական ստորին ատյաններից դուրս էլ չգա: Համենայնդեպս, առայժմ համար­վում է, որ քո մեղքն ապացուցված է:

ՅՈԶԵՖ — Բայց ես անմեղ եմ: Սխալմունք է: Եվ ինչպե՞ս կարող է մարդը մեղավոր համարվել առհասարակ: Իսկ մենք բոլորս այստեղ մարդիկ ենք՝ և ես, և ուրիշները:

ՔԱՀԱՆԱ — Ճիշտ է: Սակայն մեղավորները միշտ այդպես են խոսում:

ՅՈԶԵՖ — Դու նույնպե՞ս կանխակալ կարծիք ունես:

ՔԱՀԱՆԱ — Ոչ մի կանխակալ կարծիք չունեմ:

ՅՈԶԵՖ — Շնորհակալ եմ: Իսկ մնացյալը՝ ովքեր մասնակից են դատավարությանը, բոլորն էլ կանխակալ կարծիք ունեն և իմ վիճակը գնալով վատանում է:

ՔԱՀԱՆԱ — Սխալ պատկերացում ունես գործի էության մասին: Դատավճիռն անմիջականորեն չի ներկայացվում, այլ վարույթն աստիճանաբար վերափոխվում է դատավճռի:

ՅՈԶԵՖ — Ահա թե ինչ:

ՔԱՀԱՆԱ — Իհարկե: Ի՞նչ ես մտադիր անել այսուհետև:

ՅՈԶԵՖ — Կշարունակեմ օգնություն փնտրել, երևի կան բազմաթիվ չօգտագործված հնարավո­րություններ:

ՔԱՀԱՆԱ — Չափազանց շատ ես օգնություն փնտրում ուրիշներից, հատկապես կանանցից: Մի՞թե չես նկատում, որ նման օգնությունը իսկա­կան չէ:

ՅՈԶԵՖ — Թույլ տուր չհամաձայնել: Կանայք մեծ իշխանություն ունեն: Ախր, դատարանում բո­լորը կնամոլ են: Քննիչին կին ցույց տուր, և նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե տիրանա նրան… Երևում է, ինքդ էլ չգիտես, թե ինչպիսի արդարադատությանն ես ծառայում… Այսինքն, ես գիտեմ միայն այն, ինչ ինձ է վերաբերում:

ՔԱՀԱՆԱ — (գոռալով): Քթիցդ այն կողմ ոչինչ չե՞ս տեսնում:

Երկար լռություն:

ՅՈԶԵՖ — Գուցե իջնե՞ս: Իջիր ինձ մոտ:

ՔԱՀԱՆԱ — Հիմա թերևս կարելի է իջնել: (Վերցնում է լամպն ու իջնում:) Սկզբում վերևից պիտի խոսեի, տարածության վրա: Հակառակ դեպքում ինձ վրա ազդելը հեշտ է, և ես մոռանում եմ իմ պարտականությունները:

ՅՈԶԵՖ — Մի քիչ ժամանակ կտրամադրե՞ս ինձ:

ՔԱՀԱՆԱ – Այսինքն՝ որքան քեզ անհրաժեշտ լինի:

ՅՈԶԵՖ — Դու բարի ես. բոլոր դատական ծառայողներից դու բացառություն ես: Ես վստահում եմ քեզ ավելի, քան մնացյալ բոլորին, ում հետ մինչ այժմ առնչվել եմ: Քեզ հետ կարող եմ անկեղծ լինել:

ՔԱՀԱՆԱ — Մի մոլորվիր:

ՅՈԶԵՖ — Ինչո՞ւմ է իմ մոլորությունը:

ՔԱՀԱՆԱ — Դատարանին տված գնահատա­կանի մեջ: Ահա թե ինչ է ասված նման մոլորու­թյան մասին Օրենսգրքի ներածականում: Ուշա­դիր լսիր: Օրենքի դարպասի առաջ մի պահապան է կանգնած: Եվ գալիս է նրա մոտ մի մարդ և Օրենքի տիրույթները մտնելու թույլտվություն է խնդրում: Սակայն պահապանը բացատրում է, որ ներս թողնել նրան առայժմ չի կարող: Մտածում է մարդը և հարցնում, թե գոնե հետագայում կկարո­ղանա՞ մտնել: «Հնարավոր է,- պատասխանում է պահապանը,- բայց հիմա մտնել չի կարելի»: Օրենքի դարպասը բաց է, և մարդը փորձում է տեսնել ներսը: Պահապանը ծիծաղում է և ասում՝ «Եթե այդքան անզուսպ ես, փորձիր մտնել, բանի տեղ մի դիր ինձ: Բայց գիտցիր՝ իմ ուժը մեծ է, թեև ես ամենաստորինն եմ պահակներից: Այն­տեղ, սրահից սրահ, կանգնած են մեկը մյուսից առավել հզոր պահակներ»: Շփոթվեց մարդը, նա կարծում էր, թե Օրենքը մատչելի է բոլորի համար և ուզած պահին: Նայեց անհաղորդ ու հպարտ պահակին և վճռեց սպասել: Պահակն աթոռ տվեց, և նա նստեց մուտքի մոտ: Անցնում են տա­րիներ և մարդը ժամանակ առ ժամանակ խնդրում է, որ ներս թողնեն իրեն: Պահակը երբեմն հարցեր է տալիս մարդուն, հետաքրքրվում է, թե որտեղից է նա ծնունդով և էլի ուրիշ բաներ, բայց վերջում դարձյալ թույլ չի տալիս մտնել: Մարդը տնից շատ բարիք էր բերել և բոլորը, նույնիսկ ամենաթանկարժեք բաները, տալիս է պահակին, որպես­զի սիրաշահի նրան: Պահակը վերցնում է, բայց միաժամանակ նկատում՝ «Վերցնում եմ, որպեսզի չմտածես, թե ինչ-որ հնարավորություն չես օգտա­գործել»: Տարիները գլորվում են: Ծերանում է մարդը, աչքերի լույսը խամրում է, նա տեսնում է միայն Օրենքի դարպասից հորդացող լույսը: Եվ ահա նրա կյանքը մոտենում է ավարտին: Անկա­րող լինելով շարժվել՝ իր մոտ է կանչում պահա­կին, որպեսզի տա իրեն տանջող վերջին հարցը: Պահակը կռանում է և ասում՝ «Էլի ի՞նչ է հարկա­վոր քեզ, անհագ մարդ»: «Ախր բոլորն են ձգտում դեպի Օրենքը,- ասում է մարդը,- ուրեմն ինչպե՞ս եղավ, որ այս երկար տարիների ընթացքում ոչ մե­կը, ինձնից բացի, չպահանջեց ներս թողնել իրեն»: Պահակը, տեսնելով, որ մարդն արդեն հանգչում է, ամբողջ ուժով գոռաց, որպեսզի լսելի լինի՝ «Ոչ ոք մտնել այստեղից չի կարող, որով­հետև այս դարպասը միայն քեզ համար էր նա­խատեսված: Հիմա արդեն կգնամ ու կփակեմ այն»:

ՅՈԶԵՖ — Ուրեմն պահակը խաբեց մարդուն:

ՔԱՀԱՆԱ — Չգիտեմ: Ես պատմեցի այս առա­կը ճիշտ այնպես, ինչպես Օրենքում է ասված:

ՅՈԶԵՖ — Բայց պարզից էլ պարզ է. պահակը ճշմարտությունը բացեց միայն այն ժամանակ, երբ մարդուն արդեն ոչնչով օգնել հնարավոր չէր:

ՔԱՀԱՆԱ — Նախկինում, սակայն, պահակին այդ հարցը չէին տվել: Եվ մի մոռացիր, որ նա ընդամենը պահակ էր և իր պարտքն ազնվորեն էր կատարում:

ՅՈԶԵՖ — Ազնվորե՞ն: Չեմ կարծում: Գուցե նրա պարտքը ուրիշներին ներս չթողնելն էր, իսկ այն մարդուն, ում համար նախատեսված էր մուտքը՝ պարտավոր էր թողնել:

ՔԱՀԱՆԱ — Այս առակը միշտ էլ ամենատար­բեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Մեկ­նիչներից ոմանք մեղադրում են պահապանին, մյուսները՝ մարդուն, կան նաև մեկնիչներ, որոնք խղճում են պահապանին, որովհետև եթե մարդն ազատ էր և հույս ուներ երբևիցե մտնել Օրենքի դարպասներով, ապա պահապանն այդ հույսից զրկված էր, քանզի ստիպված էր միշտ հսկել մուտքը: Իսկ շատերը, դրանց թվում նաև ես, հա­մարում են, որ պահապանի վարքը քննարկելու իրավունք առհասարակ ոչ ոք չունի, կա այն անժխտելի փաստը, որ նա Օրենքի ծառան է, այ­սինքն՝ կապված է Օրենքին և ուրեմն՝ մարդկային դատաստանի ենթակա չէ:

ՅՈԶԵՖ — Համաձայն չեմ: Եթե այդպես մտածենք՝ պահակի բոլոր ասածները պիտի ընդունենք որպես կատարյալ ճշմարտություն:

ՔԱՀԱՆԱ — Հասկացիր, որպես ճշմարտություն ընդունել-չընդունելը կարևոր չէ. կարևոր է միայն ընդունել ամենայնի անհրաժեշտու­թյունը:

ՅՈԶԵՖ — Տխուր եզրակացություն է: Կեղծիքը կանոնակարգվում է:

Նրանք լուռ քայլում են: Կուզիկ ծա­ռայողը հանգցնում է բոլոր մոմերը: Լուսավորում է միայն քահանայի ձեռքի լամպը:

ՅՈԶԵՖ — Մենք մոտենում ենք ելքի՞ն:

ՔԱՀԱՆԱ — Ոչ, մենք հեռու ենք նրանից: Իսկ դու արդեն գնա՞լ ես ուզում:

ՅՈԶԵՖ — Այո: Ես բանկում եմ ծառայում, ինձ սպասում են…

ՔԱՀԱՆԱ — Դե ինչ: Գնա:

ՅՈԶԵՖ — Բայց ես չեմ կարողանա կողմնորոշվել այս մթության մեջ:

ՔԱՀԱՆԱ — Գնա պատի տակով, ապա ձախ թեքվիր: (Հեռանում է:)

ՅՈԶԵՖ — Սպասիր, խնդրում եմ:

ՔԱՀԱՆԱ — (կանգ է առնում): Ես սպասում եմ:

ՅՈԶԵՖ — Քեզ ինձնից ուրիշ ոչինչ հարկավոր չէ՞:

ՔԱՀԱՆԱ — Ոչ:

ՅՈԶԵՖ — Սկզբում այնքան բարի էիր, իսկ հիմա հանգիստ լքում ես, կարծես բոլորովին պետքդ չեմ:

ՔԱՀԱՆԱ — Բայց դու գնում ես, չէ՞:

ՅՈԶԵՖ — Գնում եմ, այո, բայց ուզում եմ հասկանալ…

ՔԱՀԱՆԱ — Նախ հասկացիր, թե ով եմ ես:

ՅՈԶԵՖ — Դու բանտային քահանան ես:

ՔԱՀԱՆԱ — Ասել կուզի՝ ես նույնպես ծառայում եմ դատարանին, ճի՞շտ է: Ուստի ինչո՞ւ պիտի քեզնից ինչ-որ բան պետք լինի, դատարանին քեզնից ոչինչ պետք չէ: Դատարանն ընդունում է քեզ, երբ դու գալիս ես, և բաց է թողնում, երբ ու­զում ես գնալ: (Քահանայի ձայնը, աստիճանաբար հեռանալով, կրկնում է:) Դատարանն ընդունում է քեզ, երբ դու գալիս ես, և բաց է թողնում, երբ ուզում ես գնալ…

 

ՏԵՍԱՐԱՆ 10

Յոզեֆի սենյակը: Նա նստած թերթում է լուսանկարների ալբոմը: Ներս է գալիս ֆրաու Գրուբախը, թեյ է բերում:

ԳՐՈՒԲԱԽ — Բարի երեկո, պարոն Կ.:

ՅՈԶԵՖ — Բարի երեկո, ֆրաու Գրուբախ:

ԳՐՈՒԲԱԽ — Թեյ եմ բերել: Այնքան գունատ եք այսօր:

ՅՈԶԵՖ — Մի՞թե:

ԳՐՈՒԲԱԽ — Այո: Մտածեցի՝ պարոնը երևի մրսել է, թեյը հաճելի կլինի:

ՅՈԶԵՖ — Անչափ բարի եք: Դրեք սեղանին:

ԳՐՈՒԲԱԽ — Աստված իմ, ձեր շրթունքները բոլորովին անարյուն են. ինչո՞ւ անկողին չեք մտնում:

ՅՈԶԵՖ — Անարյո՞ւն: (Նայում է հայելու մեջ:) Իսկապես որ… Եվ ծայրերն էլ կախ են ընկել մի տեսակ:

ԳՐՈՒԲԱԽ — Խմեք թեյը, քանի դեռ տաք է: (Ալբոմի նկարը ցույց տալով:) Ո՞վ է այս թմբլիկ մանչուկը. ինչ անուշիկն է:

ՅՈԶԵՖ — Ես եմ, ֆրաու Գրուբախ, ես: Աչքե­րին նայեք, ստվերը տեսնո՞ւմ եք խորքում:

ԳՐՈՒԲԱԽ — Ոչ մի ստվեր էլ չեմ տեսնում, հնարում եք:

ՅՈԶԵՖ — Ֆրաու Գրուբախ, ես սաստիկ հոգնած եմ, ինձ մենակ թողեք, խնդրում եմ:

ԳՐՈՒԲԱԽ — Իհարկե, իհարկե… Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք՝ կանչեք: (Հեռանում է:)

Դռների մեջ հայտնվում են Վիլլեմն ու Ֆրանցը. այնքան փոխված են, որ համարյա անճանաչելի են: Մտնում են ու կանգնում Յոզեֆի երկու կող­մերում, ձեռքերի վրա հարթելով սև ձեռնոցների ծալքերը:

ՅՈԶԵՖ — Ուրեմն ինձ ձե՞զ են վստահել:

Եկվորները գլխի շարժումով հաս­տատում են:

ՅՈԶԵՖ — Ձեր դեմքերն ինձ կարծես ծանոթ են:

ՖՐԱՆՑ — Ոչ, դուք սխալվում եք, հավատաց­նում եմ: (Վիլլեմին.) Սխալվում է, չէ՞:

ՎԻԼԼԵՄ — Իհարկե:

ՅՈԶԵՖ — Հնարավոր է, որ սխալվում եմ: Դա կարևոր էլ չէ: (Նայելով նրանց ծամածռություն­ներին:) Լսեք, դուք ո՞ր թատրոնից եք:

ՎԻԼԼԵՄ — Թատրո՞ն: Ի՞նչ թատրոն:

ՖՐԱՆՑ — Պարոնը կատակում է: Լավ, ժամա­նակը սուղ է, գնացինք: (Փորձում են թևանցուկ անել Յոզեֆին երկու կողմից:)

ՅՈԶԵՖ — Ո՛չ այստեղ, փողոցում կբռնեք:

Դուրս են գալիս: Կիսամութ: Վիլլեմն ու Ֆրանցն անմիջապես կախ­վում են Յոզեֆի թևերից: Անցնում է ֆրոյլայն Բյուրստները:

ՅՈԶԵՖ — Ֆրոյլայն Բյուրստներ… Դե թողեք, թողեք մեկ րոպեով: Ֆրոյլայն Բյուրստներ:

ՎԻԼԼԵՄ — Հանգիստ, պարոն հավատարմա­տար, հանգիստ:

Բյուրստները հեռանում է:

ՅՈԶԵՖ — Ինչո՞ւ հատկապես ձեզ ուղարկեցին, գրողը տանի:

ՖՐԱՆՑ — Դա կարևո՞ր է:

ՅՈԶԵՖ — Թերևս ոչ: Սակայն ո՞ւր է դատավո­րը, ինչո՞ւ այդպես էլ չտեսա նրան, ո՞ւր է գերա­գույն ատյանը, ինչո՞ւ գործն այնտեղ չհասավ: (Լռություն:) Վերջ, առաջ գնալ չեմ ուզում այլևս…

ՎԻԼԼԵՄ — Այստեղ էլ հարմար է:

ՖՐԱՆՑ — Իհարկե: Ձգձգելու հարկ չկա:

Ծնկի են իջեցնում Յոզեֆին: Նրանց ետևում բեմը լուսավորվում է. այն­տեղ՝ աստիճաններին, պատշգամ­բում և այլուր, անշարժ կանգնած են բոլոր գործող անձինք և անկիրք հետևում են անցուդարձին: Ֆրանցը ամուր բռնում է Յոզեֆին, Վիլլեմը դանակը խրում է նրա սիրտը և մի քանի անգամ պտտում: Երկուսով հետաքրքրությամբ հետևում են վախ­ճանին:

ՅՈԶԵՖ — (խռխռոցով): Ինչպես մի քնձռոտ շան…

ՎԻԼԼԵՄ — Տարօրինակ մարդ, նրան թվում է, թե խայտառակությունն իրենից երկար է ապրելու: (Ֆրանցին, որ ուշադիր հետևում է անշարժացած Յոզեֆին:) Վե՞րջ:

ՖՐԱՆՑ — Վերջ:

Հեռանում են:

 

Վեպը պիեսի վերածեց Գուրգեն ԽԱՆՋՑԱՆԸ

*Պիեսը տպագրվում է կրճատումներով:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։