Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

 

Թատրոնի համար գրելիս միշտ երկյուղ ունեմ, որովհետև բառից բացի քո և Երկնավորի միջև հայտնվում է ևս մեկ միջնորդ` բեմը: Իսկ վատ դերասանը կամ բեմադրիչը, ինչպես ճիշտ չընտրված բառը, կարող են խեղել ասելքդ: Չհաշված, որ այդ ասելիքին գումարվում է նաև ռեժիսորի ասելիքը… Մի խոսքով, ռիսկային է, առավելևս, երբ կա մյուս ծայրահեղությունը. ռեժիսորը կամ դերասանը կարող են քեզնից տաղանդավոր լինել, և այդ դեպքում ձեռքիցդ գնում են բոլոր դափնիները: Իհարկե, եթե մտածենք որպես հանդիսատես, թատրոնը սիրելի է. այն, ինչը պիտի տեսնես ժամերով էջեր թերթելիս, մատուցվում է կես ժամում, երևակայությունդ չես աշխատեցնում, ինչպես ընթերցելիս, արդեն ընտրված են` հերոսի արտաքինը, ժեստերն ու միմիկան, հագուստը, երաժշտությունը… մտքի և երևակայության լիակատար հանգիստ, ծուլության երանելի ժամեր:

Ի սկզբանե «Երկիր Նաիրին» հղացվել էր որպես վեպ, բայց այդ պահին իմ զբաղվածությունն այնպիսին էր, որ գրելու ժամանակ չկար, և կենցաղային վազվզոցի մեջ անընդհատ մեկ տող, մի քանի երկխոսություն գրի էի առնում, որ հանկարծ չմոռանամ, մինչև ժամանակ ունենամ ու նստեմ գրելու: Ու մի օր էլ, երբ դարձյալ արագ-արագ գրի էի առնում հերթական միտքը, որ այդ պատկերը գլխիցս չթռնի, հանկարծ նկատեցի, որ դրամայի ձև է ստացել, դրամա եմ գրել: Կարդացի` ասում է այն, ինչը պիտի վեպով ասվեր: Չգիտեմ, ինչ-որ բան կորսվել է վեպից դրամա փոխակերպման ճանապարհին, բայց կարևորը ասելիքը տեղ հասցնելն է: Եվ քանի որ ինչպես միշտ, դեռ ժամանակ չկար գրելու, նույնիսկ ուրախացա, ինչպես ասում են`

էս մեկի հարցերը լուծեցինք:

 

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

Դրամա երեք գործողությամբ

 

Գործող անձինք

ՄՀԵՐ — բանաստեղծ

ՆԱԽԱԳԱՀ

ԲԺԻՇԿ

ԽԱՉԻԿ, ՎԱՉԻԿ — նախագահի խորհրդականներ

ԿՄԱԽՔ

ՀԱՄՈ, ՀԱՅԿ — գերեզմանատան պահակներ

ՀԱՄԲՈ — գերեզմանատան պահակների ընկերը

ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ լրագրողներ, նվագախումբ, թիկնազոր,                                դպրոցականներ և այլն

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ

ԴԱՏԱԽԱԶ

ՏԻՐ — Աստծո գրագիր

ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՈՍ

ԳԱՌՆԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ — պատմաբան

ՕՆԻԿ — նախագահի քարտուղար

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴ

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ

Նախարարներ, զինվորներ, օդում շառաչող օձեր

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ 1

Գիշեր: Լուսին: Գերեզմանոց: Լսվում է շան լուսնահաչը: Գերեզմանատան պահակներից մեկը խունկ ծխելու համար նախատեսված մետաղյա թասը դնում է շիրմաքարին, բարակ ցախերը կոտրատում, դասավորում է մեջը: Թուղթը ճմրթում,

խոթում է ցախերի տակ ու կրակ տալիս:

Տպավորություն է, որ խունկ են ուզում ծխել:

ՀԱՄՈ — Այ մարդ, էս շների վրա էլ ուրիշ տեսակ եմ զարմանում. էսքան մարդու գոռուն-գոչյունը, աղոթք-աղաչանքը երկինքը բանի տեղ դնո՞ւմ ա, որ քո ոռնոցը դնի, ի՞նչ ես դունչդ վեր ձգել, գլուխներս գնաց:

ՀԱՄԲՈ — Էս ի՜նչ խաղաղ գիշեր ա, թե՞ գերեզմանատանն ենք, դրանից ա… իզուր չեն ասում՝ հավերժական հանգիստ: (Գետնից չորացած խոտեր է ճանկում, գցում կրակի վրա:)

ՀԱՅԿ — (նրա ձեռքը բռնելով): Հերիք ա:

Հայկը տոպրակից հանում է թավան, դնում կրակին, ձուն խփում է թավայի կողին, ճաքից բացում, դատարկում թավայի մեջ, կճեպը ուսի վրայով նետում, ձուն խփում է թավայի կողին, բացում, կճեպը ուսի վրայով նետում, էլի է ձու վերցնում… Լսվում է թավայի տժտժոցը: Ծոցից թերթ է հանում, թափ տալով բացում, փռում շիրմաքարին, հոտոտում է օդը:

ՀԱՄՈ — Չնայած առանց յուղի, բայց լավ ձվածեղ ա ստացվում, արաղ էլ որ ըլներ…

ՀԱՅԿ — Որ ըլներ… (Ծոցից հանում է հացը, մի պատառ պոկում, մնացածը դնում է թերթի վրա, պոկած պատառը թաթախում է դեռևս եփվող ձվածեղի մեջ ու վրան չռչռացնելով՝ ուտում:)

Այդ պահին շիրմաքարի ետևից ձեռք է պարզվում:

ՁԱՅՆ — (սահմռկեցնող տոնով): Ախպերնե՜ր… մի պատառ էլ ինձ տվեք:

ՀԱՅԿ — (զայրացած խփում է ձեռքին): Դե գնա, ես քու տիրումերը… Իբր սաղերը կշտացան, մնացին մեռածները:

ՀԱՄՈ — Արա, էս ի՞նչ բախտ ա, դժոխք ու դրախտի բարիքները թողած՝ մինչև անգամ մեռելների աչքն էլ իմ մի պատառ հացին ա:

Քարի ետևից դուրս է թռչում Գառնիկը:

ԳԱՌՆԻԿ — Բայց ի՜նչ ագահն եք:

ՀԱՄԲՈ — (գետնից խոտ ու քար ճանկռելով և նրա վրա շպրտելով): Դե ռադ էղի, սատանի ճուտ, դու էիր պակաս… Դու ո՞վ ես, որ մեր ագահ ըլնելը որոշես:

ԳԱՌՆԻԿ — Մա՛րդ:

ՀԱՅԿ — (խոտերին ինքնագոհ փռվելով ու հորանջելով հենվում է արմունկին): Չէ, ախպեր, մարդը մենակ մենք ենք: Արի նստի, հլա ասա՝ ի՞նչ կա էն աշխարհում:

Համոն թաքուն շորի վրայից հանում է քորոցն ու խրում Գառնիկի թևը:

ԳԱՌՆԻԿ — (գոռալով վեր է թռչում): Վայ, մամա ջան…

ՀԱՄՈ — (զարմացած նայում է գնդասեղի ծայրին): Չէ, սատանա չի, որ սատանա ըլներ՝ կչքվեր: Արյունն էլ կարմիր ա, որ սատանի ըլներ՝ սև կլներ:

ԳԱՌՆԻԿ — (գնդասեղի ծակած տեղը սեղմելով): Տղերք ջան, ազնիվ խոսք, մարդ եմ:

ՀԱՅԿ — Բայց մեռած…

ԳԱՌՆԻԿ — Չէ, ցավդ տանեմ, հլա նայի, շորերս ինչքան նոր են, որ մեռած լինեի, սրանք հիմա պիտի փտած լինեին: (Օձիքը քաշքշելով ու խաչը հանելով:) Ըհը, այ ախպեր, էս էլ վզիս խաչը: Ուզում ես՝ մի հատ էլ խաչակնքեմ: Ձեր նման մարդ եմ…

ՀԱՄՈ — Ախպեր ջան, էստեղ մենակ մենք ենք մարդը, մնացածը մեռելներ են:

ԳԱՌՆԻԿ — Ինչի՞ որ…

ՀԱՅԿ — Որտեվ մենք էստեղի պահակներն ենք: Հսկում ենք, հասկանում ես…

ԳԱՌՆԻԿ — Հսկում եք, որ չփախչե՞ն… էս հազար տարվա մեռելները:

ՀԱՅԿ — Ի՞նչ ասեմ, ախպերս, մեռելները պահպանվում են պետության կողմից: Մեռելների բախտը միշտ էլ բերում ա՝ էն աշխարհում հրեշտակն ու սատանեն են տեր կանգնում, էս աշխարհում՝ պետությունը… Մենք ենք, որ անտեր ենք:

ՀԱՄՈ — Էդ նրանից ա, որ հողը դրախտի ու դժոխքի արանքում ինչ-որ զոնայա մեզ համար. դրախտն ափսոս ա, դժոխքի համար էլ մենք են ափսոս, դրա համար էլ մեզ ոչ հրեշտակն ա մոտ գալի, ոչ սատանեն… Ճիշտ չե՞մ ասում:

ԳԱՌՆԻԿ — Ճիշտ ես ասում, ափսոս, Աստված քեզ նման չի մտածում:

ՀԱՄՈ — Ոչինչ, ցավդ տանեմ, բա էլ ի՞նչ հավատացյալ ենք, որ էդ մի թերությունը մեր Աստծուն չներենք:

ԳԱՌՆԻԿ — (հեգնանքով): Ծանր մի տար, առանձնապես թերություն էլ չէ, ըստ էության, մեռելը խորապես հիասթափված մարդն ա:

ՀԱՄՈ — Միթոմ էդ ի՞նչ ասիր որ… (Կասկածանքով նայում է ընկերներին:)

ԳԱՌՆԻԿ — Ասեցի՝ մարդը շնչավոր հող ա, մեռելը՝ անշունչ:Տարբերությունը մեծ չէ՝ գրամներ:

ՀԱՅԿ — (բացատրություն պահանջող հայացքով, աչքերը Գառնիկի վրա չռած): Հա՜…

ԳԱՌՆԻԿ — Այ մարդ, ձեր գյուղում տերտեր չի՞ էղել… Ասում եմ՝ Աստված մարդուն ստեղծեց կավից և իրա շունչը փչեց մեջը:

ՀԱՄՈ — Ախպեր, իսկականի՞ց նրա փչածը մի քանի գրամ ա…

ԳԱՌՆԻԿ — Չգիտեմ, գիտությունն էդ կարծիքին ա:

ՀԱՄՈ — Չէ, ցավդ տանեմ… քո մեջ փչածը կարող ա, համա իմը գոնե կիլո պիտի ըլնի: Հլա ասա տենամ՝ ո՞վ ես, ի՞նչ ես:

ԳԱՌՆԻԿ — Ձեր օգնության կարիքն ունեցող մեկը:

ՀԱՄԲՈ — Մենակ չասես՝ ինձ շալակած տարեք էն աշխարհ…

ԳԱՌՆԻԿ — Չէ, ախպեր, մի չնչին, սովորական բան ա ուզածս՝ գերեզման պիտի փորեք:

ՀԱՄԲՈ — Փողո՛վ:

ԳԱՌՆԻԿ — Բա առանց դրա՞:

ՀԱՅԿ — Թաղումը ե՞րբ ա:

ԳԱՌՆԻԿ — Թաղո՞ւմը… երեք-չորս հարյուր տարի առաջ:

ՀԱՄՈ — (ընկերներին նայելով): Անձամբ իմ համար սատանեքի հետ ավելի հետաքրքիր ա, քան գժերի:

ՀԱՅԿ — Բա էլ ի՞նչը պիտի փորենք:

ԳԱՌՆԻԿ — Գերեզման, պարզ չասեցի՞:

ՀԱՄԲՈ — Բացենք պիտի՞: Սրբապղծություն ա… էդ դատարանի որոշումով-բանով են անում:

ԳԱՌՆԻԿ — Ո՞ւմ ենք հաշիվ տալու, աշխարհը քնած ա:

ՀԱՄՈ — Բայց կարթնանա, չէ՞:

ԳԱՌՆԻԿ — Է, թող արթնանա:

ՀԱՄՈ — Բա կհարցնի, չէ՞, ո՞ւր ա իմ մեռելը, պահա՛կ:

ԳԱՌՆԻԿ — Դու էլ ասա՝ պահակն էլ մարդ ա, հոգնել գիտի, քնել գիտի… Պահակը կսպասե՞ր, որ լենուբոլ էս աշխարհում քո մեռելի ոսկորներին աչք դնող կլնի: Էն էլ հարց ա՝ ինքն ա գնացե՞լ, թե՞ թռցրել են… (Գրպանից հանում է մի տրցակ թղթադրամ, օդում ճոճում է:) Հիմա ի՞նչ ենք որոշում:

ՀԱՅԿ — Չորս հարյուր տարի առաջ մեռածի տանձի՞ն ա՝ իրան տանում են, թե թողնում, հիմա նա էնտեղ իր բոլոր դրախտները մաշել ա: Ասա, ախպեր, ո՞ր գերեզմանն ենք բացում:

ԳԱՌՆԻԿ — Մեր ախպոր:

ՀԱՄՈ — Հո չասի՜ր… անուն, ազգանուն, հայրանուն, ընտանեկան վիճակ, ծննդյան թիվ… Ինչացո՞ւ էր մեր հերոսը:

ԳԱՌՆԻԿ — Հենա ինքդ ասիր՝ հերոս էր, էլի:

ՀԱՅԿ — Գոնե տեղը գիտե՞ս:

ԳԱՌՆԻԿ — Տեղը որ իմանայի, ինքս կփորեի, էլ ձեզ ինչի՞ էի փող տալիս:

ՀԱՅԿ — Օ՜ֆ, գլուխս գնաց: Հլա հետևիցս արի, տեսնեմ ի՞նչ ես ուզում:

Հայկը գնում է: Մյուսները հետևում են նրան:

ՊԱՏԿԵՐ 2

Պահակները, նրանց ընկերը և Գառնիկը քայլում են շիրմաքարերի միջով: Զննելով կարդում են շիրմաքարերի գրությունները:

ԳԱՌՆԻԿ — (ցույց տալով հակառակ կողմը): Էս կողմից սկսենք:

ՀԱՅԿ — Էդ կողմի հետ գործ չունես: Եկեղեցու բակն ա, էնտեղ սրբերն են թաղված:

ԳԱՌՆԻԿ — Թե ասա՝ ինչի՞ եք եկել-թաղվել եկեղեցու բակում, ինչ ա, թե երկու անգամ ալելուիա եք կանչել կամ խաչ պահել: Համբերություն չունենք, էլի, ամեն ինչ ուզում ենք հենց հիմա և նաղդով:

ՀԱՄՈ — Ոնց ուզում ես պտտվիր՝ կյանքն առևտուր ա:

ԳԱՌՆԻԿ — Բա հալալ չէ՞ր կելտերին. նրանցից էս կյանքում կարելի էր փող պարտքով վերցնել՝ մյուս կյանքում վերադարձնելու պայմանով:

ՀԱՄՈ — Կելտ ենք, էլի, բա ի՞նչ ենք. մենք էլ էս կյանքն ենք նիսյայով ապրում, տանջվում-տառապում՝ մեկ այլ կյանքում վարձատրություն ստանալու ակնկալիքով:

Հիմա արդեն չորեքթաթ են գնում շիրմաքարերի միջով, մաքրում, ուշադիր կարդում են:

ՀԱՅԿ — (Գառնիկին՝ շիրմաքարերը մատնացույց անելով): Դու կարդա: Չնայած ինչ էլ գրած լինի, մեկ ա, տակինը հող ա:

ՀԱՄԲՈ — Ո՞ր դարի ա, այսպես ասած, ի՞նչ վաղեմություն ունի մեր հերոսը:

ԳԱՌՆԻԿ — Հերոսը վաղեմության ժամկետ չունի, նա միշտ արդիական ա և միշտ մեր կողքին:

ՀԱՅԿ — (լապտերը պահում է օրորոցաձև հնամենի շիրմաքարի վրա): Էս մեկի վրա մկրատ ա նկարած. սա վարսավիր ա էղել:

ԳԱՌՆԻԿ — Կամ էլ դերձակ:

ՀԱՅԿ — Ինչ-որ ա՝ հերոս չի: Անցանք առաջ: (Քայլում է առաջ, լապտերը մի քարի պահած կռանում:) Էս մի քարին մահակ ա, չոբան ա էղել:

ԳԱՌՆԻԿ — Կամ էլ հոգևոր հովիվ:

ՀԱՅԿ — Ինչ որ ա՝ հերոս չի, անցանք առաջ: Էս մեկի վրա… զուռնա՛: Նվագող ա էղել:

ԳԱՌՆԻԿ — Կամ էլ հոգեառ:

ՀԱՄԲՈ — Կամ էլ քեֆչի:

ԳԱՌՆԻԿ — Կամ էլ փչան:

ՀԱՅԿ — Ինչ որ ա՝ հերոս չի: Անցանք առաջ: Իսկ ի՞նչ պիտի նկարած ըլնի հերոսի շիրմաքարին:

ԳԱՌՆԻԿ — Էդ որ իմանայի, էլ ձեզ ինչի՞ էի փող տալիս:

ՀԱՅԿ — Հոգնեցինք:

Այդ պահին լուսինը կուլ է գնում, սկսում է անձրևել:

ԳԱՌՆԻԿ — (սրթսրթալով ու դիմացի շիրմաքարը ցույց տալով): Ինձ թվում ա՝ էս ա հերոսի շիրիմը:

ՀԱՄԲՈ — Ինչի՞ որ…

ԳԱՌՆԻԿ — Սիրտս վկայում ա… համ էլ նայեք՝ մնացածից մի քիչ բարձր տեղում ա, տեղանքը հսկում ա:

ՀԱՄԲՈ — Հա՜, նոր հիշեցի… նման մի բան պապս պատմում էր. հենց ըտենց էլ պատմում էր, ոնց քո սիրտը վկայում ա: Հաստատ էս ա:

ՀԱՄՈ — (ափերի մեջ թքելով շփում է ձեռքերը, վերցնում է բահը): Ուրեմն սկսեցինք: (Բահը խփում է հողին:) Չի գնում, մի բան խանգարում ա:

ՀԱՅԿ — Պի՞նդ ա: Ի՞նչ ա:

ՀԱՄՈ — Ի՞նչ իմանամ: (Բահն ուժեղ է խփում, մետաղյա թաս է թռչում բահի քթի տակից: Ոտքով թասը հրում է դեպի Գառնիկը:) Հլա նայի, արծա՞թ ա:

ԳԱՌՆԻԿ — (վերցնում է թասը, լապտերի լույսի տակ շուռումուռ տալիս, նետում է ուսի վրայով): Շան քաք ա՝ արծաթ ա…

Պահակները արագ փորում են ու վախվորած նայում երկինք, ստուգում՝ անձրևը կուժեղանա՞:

ՀԱՅԿ — Հլա լույս գցեք, էս ի՞նչ էրևաց: (Մյուս պահակը լույսը գցում է փոսի մեջ:) Ըհը՛, գանգն էրևաց… Ճիշտ ա, կողերից փշրված ա, բայց դրա համար էլ ենք շնորհակալ, կարար էդ էլ չլներ:

ԳԱՌՆԻԿ — (դեպի փոսը ձգվելով): Տեսնեմ… հա էլի, ինքն ա: Հլա տեսեք, ինչ մեծ ակնակապիճներ ունի: Մենակ հերոսը կարող ա էդպիսի մեծ ականակապիճ ունենալ: Հաստատ ինքն ա: Տո՛ւր:

Փորողը գանգը հարմարեցնում է բահի թաթին ու նետում:

ԳԱՌՆԻԿ — Զգո՜ւյշ… (Թռիչքով բռնում է գանգը, սեղմում կրծքին: Ապա ծնկին խփելով՝ թափ է տալիս վրայի հողը:)

ՀԱՅԿ — Էս էլ՝ ոտքը… (Ոսկորը թփթփացնում է հողին ու պարզում փոսից դուրս: Գառնիկը գանգը արագ խոթում է պարկն ու ձեռքը ձգում ազդոսկրին: Ուրախ:) Էս էլ՝ մյուսը… էս էլ՝ ձեռքը… (Հերթով տալիս է փոսից: Գառնիկը արագ վերցում ու զննելով խոթում է պարկը: Զարմացած:) Յա՜… էս ի՞նչ ա: Ես քանի՞ ոտ եմ տվել:

ԳԱՌՆԻԿ — (պարկի մեջ նայելով): Էրկու:

ՀԱՅԿ — Բայց հրես մեկն էլ կա: (Մի ազդոսկր էլ է հանում փոսից:) Հիմա սրանցից ո՞րն ա հերոսինը:

ՀԱՄԲՈ — Պարզ չի՞. որն ավելի հաստ ա, էդ էլ հերոսինն ա:

ՀԱՄՈ — Չի ըլնի, բարակը երկու հատ ա, հաստը՝ մի:

ՀԱՄԲՈ — Հերոսը հենց նրանով ա հերոս, որ մի ոտանի ա, էլ ի՞նչ հերոս, որ ոտ ու ձեռ չկորցնի… Էդ բարակներն էլ երևի կնկանն ա, սաղ-սաղ թաղել են մարդու հետ:

ԳԱՌՆԻԿ — Չէ, ախպեր: Մեր հերոսը երկու ոտով ա մնացել պատմության մեջ, ամուսնացած էլ չի: Պիտի երկրորդ հաստն էլ գտնեք:

ՀԱՄՈ — Գտնենք… (Թռչում է փոսի մեջ, առաջին պահակին:) Դու գնա հանգստացի, մի քիչ էլ ես փորեմ: (Համբոն մեկնում է ձեռքը, Հայկը կառչելով դուրս է ցատկում: Փոսից լսվում է երկրորդ պահակի ձայնը:) Եթե գանգը գտանք, ձեռներն ու մի ոտը կա…

ՀԱՄԲՈ — (ուղղելով): Իրեք ոտները…

ՀԱՄՈ — Եթե իրեք ոտները ստեղ են, պիտի չորրորդն էլ լինի, հո չի՞ համբարձվել:

Լսվում է փորողի տնքտնքոցը:

ՀԱՄՈ — Կարո՞ղ ա, իրոք մի ոտանի ա էղել:

ԳԱՌՆԻԿ — Չէ, անհնար բան ա, չորրորդ ոտքն էլ պիտի լինի:

ՀԱՄՈ — Ծխելու բան տվեք:

ԳԱՌՆԻԿ — Արի դրսում ծխի: (Փոսի մեջ թռչելով:) Մի քիչ էլ ես փորեմ:

Երկրորդ պահակը դուրս է թռչում:

ԳԱՌՆԻԿ — (փոսի միջից): Ըհը՛, էս էլ մեր չորրորդ ոտքը: Տեսա՞ք, հենց առաջին բահից… (Փոսից երևում է ոսկորը:) Հիմա չորսն էլ շարեք գետնին, հաստերը պահեք, բարակները տվեք դնենք տեղը:

Լուսաբաց: Գերեզմանատան մուտք: Անձրևը դեռ շարունակվում է: Մուտքի մոտ Գառնիկը հրաժեշտ է տալիս պահակներին և նրանց ընկերոջը:

ԳԱՌՆԻԿ — (երկինք նայելով): Լավ հասցրինք: Էնքան անձրև էկավ, հիմա մեռելները կծլեն:

ՀԱՅԿ — (Գառնիկի ձեռքը սեղմելով): Ցավդ տանեմ, ախպերս, անձրևից չվախենաս: Հենց հերոս պետք ըլնի, արի…

Ողջագուրվում են: Գառնիկը հեռանում է:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ 3

Ոստիկանություն: Սեղանի մոտ նստած է Ավագ ոստիկանը: Դիմացը՝ Մհերը: Նրա ետևում կանգնած է Շարքային ոստիկանը:

ՄՀԵՐ — (հուզված): Տաքսու կայանից տեղեկացրին, որ մեքենան տեղում ա: Ամեն ինչ այնքան լավ էր ընթանում. մինչ դուռը կփակեի, նայեցի հայելու մեջ՝ նոր կոստյում, իտալական կոշիկներ… (Ոստիկաններին.) Երբևէ հագած կա՞ք իտալական կոշիկ, դա ուրի՜շ հաճույք ա:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Հանգիստ թողնենք մոդան, ասեք, ի՞նչ ա պատահել:

ՄՀԵՐ — Ռեստորանում հյուրերն արդեն կամաց-կամաց տեղավորվում էին: Մուտքի մոտ շվեյցարը ինձ հրավիրատոմս մեկնեց: Զարմացա, չէ՞ որ արդեն այստեղ եմ: Նա ասաց՝ վրայինը կարդա: Կարդացի. «Մահվան հրավիրատոմս»: Ծիծաղեցի՝ ո՞վ ա մահվանը հրավիրատոմս ուղարկում, մահը միշտ էլ գալիս ա առանց հրավերի: Ուսիս վրայով մեկը խլեց հրավիրատոմսը. «Ներս գնա,- ասաց,- երկու բաժակ կխմես, կհասկանաս»: Պատկերացնո՞ւմ եք, ներսում բոլորի ձեռքին էլ կար դրանից, հրավիրատոմսը նկատի ունեմ:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչն ա ձեզ էս գիշերվա կեսին բերել մեզ մոտ: Ուրեմն՝ հանձնեցին հրավիրատոմսը, հրեցին ներս ու սպանեցի՞ն:

ՄՀԵՐ — Բայց չէ՞ որ ես խոսում եմ ձեզ հետ:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Փաստորեն խոսքը սպանության մասին չէ: Ուրե՞մն…

ՄՀԵՐ — Չէ, չեն սպանել, միայն հրավիրատոմսը տվին: Բոլորին էլ տվին դրանից:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Ուրե՞մն…

ՄՀԵՐ — (խիստ հուզված): Ինձ թալանել են: Ամեն ինչ տարել են, ծեղ անգամ չեն թողել:

Շարքային ոստիկանը թուղթ ու գրիչ է դնում նրա առաջ:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Գրե՛ք:

ՄՀԵՐ — Իսկ ի՞նչ գրեմ:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Տարած իրերի ցուցակը:

Մհերը վերցնում է գրիչը, գրում է: Ավագ ոստիկանը այդ ընթացքում թերթ է կարդում:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — (կանգնում է Մհերի գլխավերևում, հետևում գրելուն): Կարմիր փայտից կահո՜ւյք… արծաթե սպա՜սք… Ախպեր, միլիոնատեր ես էղել…

ՄՀԵՐ — (գրելը չընդհատելով): Ասա, է՜, ասա…

Ավագ ոստիկանը կարդում է թերթը: Շարքայինը հոգնել է սպասելուց:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — Միջանցքում եմ, որ վերջացնի, ձեն տվեք:

Շարքային ոստիկանը դոււրս է գնում: Քիչ անց վերադառնում է: Մհերը դեռ գրում է:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — Ախպեր ջան, արագացրու: Մենք հլա պիտի դեպքի վայրը զննենք:

ՄՀԵՐ — Եթե լրիվ ցուցակն եք ուզում…

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Իհարկե, լրիվ…

ՄՀԵՐ — Ուրեմն պիտի մի քիչ էլ սպասեք: Ախր թալանել են, է՜, թալանել…. մի ծեղ անգամ չեն թողել:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — Մի վախի: Ըտե՞նց բաներ ենք բացահայտել… (Դուրս է գնում:)

ՄՀԵՐ — (քիչ անց): Վերջ: Ահա… (Թղթերը հրում է Ավագ ոստիկանի կողմը:)

Ներս է գալիս Շարքայինը, վերցնում թղթերը:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — Ախպեր, դու գի՞ժ ես:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — Ում էլ էդպես թալանեն, կգժվի:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — (թղթերը Ավագին մեկնելով): Չէ, բայց… հլա կարդա, ինչ ա գրել:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — (թղթերը աչքի անցկացնելով): Պահո՜…

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — (թղթերը նրա ձեռքից վերցնելով): Հլա էս վերջին մասը լսի. «Պատեր՝ վերանորոգած վերջերս, իտալական թանկարժեք ներկերով, պատուհաններ՝ նույնպես թանկարժեք, եվրո, հատակ՝ կաղնու փայտից, ձեղնահարկ՝ հնագիտական արժեք, կառուցված 1751 թվին, այգի՝ 700 մետր, պտղատու ծառերով, մեծ մասը ազգային հպարտություն՝ ծիրան, ծառերից մեկի տակ՝ ճագարի բուն, մեջը՝ հղի մերացուն, դարպաս՝ դարբնագործի անվանական աշխատանք…»:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — (կարեկցանքով): Ուզում եք ասել՝ տունն է՞լ են տեղահան արել-տարել:

ՄՀԵՐ — (ողբագին): Տարել են, մինչև վերջին բուռ հողը:

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — (թղթերը Մհերի առաջ դնելով): Ստորագրի: Հասցեն էլ գրի: Չվախենաս, կբացահայտենք: Էդքան մեծ թալանը հեշտ չի պարտակելը, շուտով իրենք իրենց կբացահայտեն:

Մհերը ստորագրում է, գրում հասցեն, թղթերը հրում ոստիկանին:

ՄՀԵՐ — Ես էլ էդ հույսին եմ…

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ — (վերցնում է, նայում): Արա, դե շուտ ասեիր, էլի, ո՞ւր էիր գլուխ տանում:

ՄՀԵՐ — Դուք ինչ-որ բա՞ն գիտեք:

ԱՎԱԳ ՈՍՏԻԿԱՆ — (հասցեին նայելով): Ինչի մենակ մե՞նք, բոլորն էլ գիտեն: Սպասեք, ձեզ կընդունի դատախազը:

 

ՊԱՏԿԵՐ 4

Հարուստ կահավորած աշխատասենյակ: Սեղանի առաջ նստած է դատախազը, նրա դիմաց՝ Մհերը:

ԴԱՏԱԽԱԶ — Իսկ դու որտե՞ղ էիր էդ պահին:

ՄՀԵՐ — Ընկերոջս աղջկա հարսանիքին:

ԴԱՏԱԽԱԶ — Բա մարդ հարսանի՞ք կգնա էդպիսի օրով:

ՄՀԵՐ — Որ գնում էի՝ սովորական օր էր: Չնայած լավ կլիներ չգնայի, փեսան հավատացյալ էր. սպանեցին իրենց հոգևոր երգերով… Պիտի չգնայի, ձանձրալի հարսանիք էր:

ԴԱՏԱԽԱԶ — Ես էլ եմ դրանցից զզվում: Չնայած որ հավատացյալ լինեիր, ավելի հեշտ կտանեիր, կհասկանայիր, որ իրական գանձերը երկնքում են:

ՄՀԵՐ — (դառը քմծիծաղով): Երկրի վրա էլ վատ չէր… կարգին ապրում էի:

ԴԱՏԱԽԱԶ — (ֆսֆսալով կռանում է, գրասեղանի դարակից հաստափոր թղթապանակ է հանում, միջից` փաստաթուղթ, դնում է Մհերի առաջ ու մատը տողի վրա սահեցնելով կարդում է): Պետության կարիքների համար… ահա, խնդրեմ, ողջ թաղն ա վերցված պետության կարիքների համար: Տունդ, իհարկե, վերադարձնել չենք կարող, բայց փոխհատուցում կտանք:

ՄՀԵՐ — Չեմ ուզում: Ոչ մի փոխհատուցման համաձայն չեմ, ես իմ տունն եմ ուզում:

ԴԱՏԱԽԱԶ — Էս ի՜նչ անտանելի ազգ ենք… արա, յոթ հարյուր տարի պետություն չենք ունեցել, հիմա դու էկել՝ մի տուն չես ուզում զոհաբերել քո քսանամյա պետությանը: Արա, քո խիղճն ի՞նչ խիղճ ա, դու քո մանուկ հայրենիքից բա՞ն ես պահանջում:

ՄՀԵՐ — (վիրավորված և հուզված): Եթե ինձ նախօրոք ասեիք, եթե անգամ ակնարկեիք… ես գուցե ավելին կտայի, բայց որ այդպես հանկարծակի, այդպես արհամարհական… Այո՛, պահանջում եմ:

ԴԱՏԱԽԱԶ — Ցավդ տանեմ, ես մի հոգի, դուք՝ երկու միլիոն, ես ի վիճակի՞ եմ, ո՞ր մեկիդ հարցնեմ: Մարդ ենք, չէ՞, մտեք իմ դրության մեջ:

ՄՀԵՐ — Ես իմ տունն եմ պահանջում, որտեղ ծնվել եմ, որտեղից Սիբիր է աքսորվել իմ հայրը, որտեղից Ղարաբաղյան պատերազմ է մեկնել իմ եղբայրն ու չի վերադարձել, որտեղից թաղել են իմ մորը, որտեղ պիտի ծնվեն իմ երեխաները… (Ձեռքը խփում է սեղանին:) Ես իմ կենսագրությո՛ւնն եմ պահանջում:

ԴԱՏԱԽԱԶ — Բա քու էրեսին թքելու չի՞: Արա, եղբայրդ էստեղ լիներ՝ ի՞նչ կասեր: Նա իր կյանքն ա տվել հայրենիքին, դու չորս պատն ափսոսո՞ւմ ես: (Հեռախոսազանգ: Դատախազը վերցնում է ընկալուչը:) Ի՞նչ… Ժողովուրդը դժգո՞հ ա: Միտինգ են անո՞ւմ: Սպառնում են հեղափոխությա՞մբ: Ես ի՞նչ իմանամ, մի բան արեք: Շեղեք նրանց ուշադրությունը: Ո՞նց: Ի՞նձ եք հարցնում՝ ոնց:

ՄՀԵՐ — (հեգնանքով): Հայրենիքի հանդեպ մասսայական սիրո տեսարան կազմակերպեք:

ԴԱՏԱԽԱԶ — (ապշած ու զայրույթից խեղդվելով): «Սիրո տեսարա՞ն»… սե՞քս… սրբապղծությո՜ւն… գիտե՞ս քեզ ինչ կանեմ, արա, դու էդ ո՞ւմ հայրենիքին…

ՄՀԵՐ — (վախից կմկմալով): Ի՞նչ եք ասում: Ես ավանդապահ մարդ եմ, ի՞նչ սեքս…

ԴԱՏԱԽԱԶ — (ընկալուչի մեջ): Ինչ-որ բան մտածեք, ասենք… վազեք Երևանից Սևան և այդ վազքը նվիրեք Գարեգին Նժդեհին: (Հեռախոսը ցած դնելով մի այլ թուղթ է հրում Մհերի առաջ:) Ահա, փոխհատուցման տարբերակները, ընտրի որն ուզում ես:

ՄՀԵՐ — (կարդում է, զայրույթից վեր թռչելով): Ձե՞ռ եք առնում: Ես կբողոքեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: (Հեռախոսազանգ: Դատախազը նորից վերցնում է ընկալուչը: Մհերը սեղանին տեսնում է հրավիրատոմսը: Գլխի շարժումով հրավիրատոմսը ցույց տալով:) Դուք է՞լ եք հրավիրված:

ԴԱՏԱԽԱԶ — Իսկ ո՞վ հրավիրված չէ, որ… դարիս մեծագույն թաղումն ա:

ՄՀԵՐ — Ճանաչո՞ւմ էիք: (Գլխի շարժումով հրավիրատոմսն է ցույց տալիս:)

ԴԱՏԱԽԱԶ — Էն էլ ոնց… ոնց որ հարազատ հորս:

ՄՀԵՐ — (դատախազի ձեռքը սեղմելով): Ցավակցում եմ: Զգում եմ, որ հարազատ մեկն ա եղել, կիսում եմ ձեր վիշտը:

ԴԱՏԱԽԱԶ — Ցավակցո՞ւմ: Բայց չէ՞ որ դա ուրախություն ա, համազգային ուրախություն…

ՄՀԵՐ — (չհասկացող հայացքը՝ հրավիրատոմսին): Մենք Թալեաթի՞ն ենք թաղում:

ԴԱՏԱԽԱԶ — Ի՞նչ… Արա, դու հա՞յ չես, ես քու տիրումերը… շուտ արա, նստի, փոխհատուցմանդ հարցը լուծենք, ռադ էղի գնա, էլ չեմ համբերի՝ կսատկացնեմ… (Մհերը վախեցած նստում է: Հեռախոսազանգ: Վերցնում է ընկալուչը:) Արա, էս ի՛նչ ահավոր օր ա, հորս արև… (Ցած է դնում ընկալուչը, Մհերին.) Ի՞նչ որոշեցիր փոխհատուցման հետ կապված:

ՄՀԵՐ — Ձեզ լինի ձեր փոխհատուցումը, բա՛ն էլ չեմ ուզում:

ԴԱՏԱԽԱԶ — Մի բորբոքվի, դրսում հաճելի չէ, դաժան ձմեռ ա սպասվում… Հոգեբուժարանը ընտրի, դա ավելի ձեռնտու ա: Բերդում խուժանը շատ ա, հոգեբուժարանից հնարավոր ա առողջ դուրս գալ, բերդից՝ չէ: Իսկ հոգեբուժարանը՝ տաք տեղ, ձրի սնունդ, բժիշկների կիրթ միջավայր… Էլ Աստծու կրա՞կ ես ուզում:

ՊԱՏԿԵՐ 5

Գիշեր: Հիվանդասենյակ: Մհերը նստած մահճակալին, ակնդետ նայում է իր դիմաց, ապա ձեռքերն առաջ պարզած թափահարում, ասես քշում է ինչ-որ մեկին: Հետո խռխռալով բռնում է սեփական օձիքը, փորձում ազատվել անտեսանելի ձեռքերից: Քացով խփում է: Մի պահ հանգստանում է ու շնչակտուր նետվում դեպի հեռախոսը: Հավաքում է համարը: Ընկալուչի մեջ լսվում է բժշկի հոգնած ու ձանձրացած ձայնը:

ԲԺԻՇԿ — Հը՞:

ՄՀԵՐ — Ես եմ:

ԲԺԻՇԿ — Ճանաչեցի: Ի՞նչ կա: Նորից պոռնիկ Շամիրա՞մը:

ՄՀԵՐ — (շնչակտուր): Չէ: Էս անգամ եգիպտական փարավոնը՝ փղերով, քրմերով. տեղը-տեղին… Էկավ ու բռնեց օձիքս՝ պիտի գաս Եգիպտոս: Ասում եմ՝ «Ինչի՞ս են պետք էդ անապատները, մենք մեր արևի ձեռն ենք կրակն ընկել»: Գայթակղում ա՝ բուրգերը կտեսնես: Ես նրան՝ «Ինչի՞ս են պետք էդ մահվան բացիլակիրները: Մոռացե՞լ ես՝ քանի գիտնական ա մեռել դրանք պեղելիս»: Իսկ նա՝ «Գիտնականները մեռել են, որովհետև փնտրել են ճշմարտությունը. ճշմարտությունը միշտ էլ մահացու է: Դու ճշմարտությանը ձեռք չես տա: Ուղղակի բուրգերը կտեսնես, ուղտ կքշենք, կզվարճանանք»: Ծիծաղում եմ՝ «Ուրիշները իրենց տներում այլմոլորակային են պահում վանդակներում, դու դեռ ուղտով ես հիանում»: Էլի հանգիստ չի տալիս՝ «Հենց հոգնեցիր, բուրգերում սուրճ կխմենք: Էլ մի ձգձգի, շուտ արա…»: Պատկերացնո՞ւմ ես՝ ինձ հրամայում ա: Կատաղեցի՝ «Ոչ էլ էդպես հրամայիր, վաղուց արդեն դու փարավոն չես, դու հազարամյա մումիա ես և քո արքայական հզորությունը պահում ես միայն բուրգերում ու անեծքներում: Էնպես որ, ես քեզնից չեմ վախենում»: Ինքն էլ ա կատաղում՝ «Փարավոնների անեծքի՞ց էլ…»: Ես տակ չմնացի՝ «Ահ, դու ոչ ողջ ես, ոչ մեռած, ոչ կյանքի վրա իշխանություն ունես, ոչ մահվան, ինչի՞ պիտի քո անեծքից վախենամ»: Խեղճացավ՝ «Բա բուրգե՞րը»: Ասեցի՝ «Չէ, ախպեր, գոհ եմ: Էդ հիմա ես էդպես ասում. դուք՝ փարավոններդ, կատաղած դիակներ եք, ձեզ համար թշնամի ու բարեկամ չկա, ով դուրներդ չեկավ՝ անեծք, ով խանգարեց՝ անեծք, ով կոշիկները չհանեց ներս մտնելիս՝ անեծք… Մի խոսքով, ռադ էղի, ժամկետանց, փտած ծերուկ: Հիմա գիտե՞ս ինչ թագավորներ կան. կոճակ սեղմելով են աշխարհը նվաճում»: Այ էստեղ նա փրփրեց՝ «Կանիծե՛մ»: Բայց դե, ինձ գիտես, ծաղրեցի. «Վա՜յ, էս ոնց վախեցա, հիմա չիշիկ կանեմ տակս»: Վիրավորանքից մեռավ՝ «Անիծում եմ…- ասաց:- Ես քեզ ավելի դաժան կանիծեմ, քան մահն է. ես անիծում եմ քեզ տեսնել ճշմարտությունը»: Այ էստեղ ես մորթեցի փարավոնին, ասեցի՝ «Ո՜ւֆ, ցնդած… ինչ էլ վախեցնել վախեցրիր: Իմ փարավոնի միամի՜տ մումիա, ինչը քեզ համար անեծք ա, ինձ համար ճակատագիր ա: Ես էդ անեծքը հետս ծնվել եմ»:

ԲԺԻՇԿ — Ապրես, այ էդպես, միշտ դուխդ տեղը պահի, չհանձնվես: Բա ի՞նքը:

ՄՀԵՐ — Քո կարծիքով ի՞նչ. ռադ էղավ-գնաց:

ԲԺԻՇԿ- Քեզ էլ չեմ հասկանում… Ուզածդ ի՞նչ ա. Շամիրամին մերժում ես, փարավոնին մերժում ես: Կա՞ մեկը, ում չես մերժում:

ՄՀԵՐ — Կա, բայց դա արդեն քո գործը չի: Քո գործը ցնորքներն են:

ԲԺԻՇԿ — Լավ, տասի կողմերն արի: Բայց չուշանաս:

ՄՀԵՐ — Ավելի շուտ հնարավոր չէ՞, մի տեսակ անհանգիստ եմ:

ԲԺԻՇԿ — Վալերիանկա լցրու բամբակի վրա, դիր քթիդ, խորը շնչի ու քնի:

ՄՀԵՐ — Վալերիանկա չունեմ:

ԲԺԻՇԿ — Ի՞նչ ասեմ… մի բաժակ օղի խմի:

ՄՀԵՐ — Օղի որտեղի՞ց… (Ներքնակի տակից հանում է օղու շիշը:) Համ էլ օղին ցնորքների վրա չի ազդում: (Շշից կում է անում:)

ԲԺԻՇԿ — Բայց քո վրա ազդում ա, չէ՞:

ՄՀԵՐ — Ինչի, մենք ի՞մ դեմ ենք պայքարում:

ԲԺԻՇԿ — Ա՛յ ցավդ տանեմ, հիմիկվա դրությամբ՝ հա՛, թող քնեմ… արդեն լուսանում ա, արթնանանք, կգաս:

ՄՀԵՐ — Բա որ փարավոնը էլի գա՞… փղերով-բանով…

ԲԺԻՇԿ — Ոնց որ առաջին անգամը ռադ արիր, նույնը կկրկնես:

ՄՀԵՐ — Բայց զորավորներից էր երևում, քուրմն էլ պապիրուսին բան էր խզմզում ու ինձ թարս-թարս նայում:

ԲԺԻՇԿ — Մի վախեցի, զորավորներն էլ մահկանացու են և պարունակում են նույն հինգ լիտր արյունը. ոչ մի կաթիլ ավել: Մի լավ, տեղը-տեղին հայհոյիր, թող ռադ ըլնի, մինչև լույսը բացվի:

ՄՀԵՐ — Լավ:

Ցած է դնում ընկալուչը, սևեռվում, փակում է աչքերը: Ձեռքը կրծքին դրած տնքում է, ապա բացում աչքերը, նորից վերցնում ընկալուչը, համար հավաքում:

ՊԱՏԿԵՐ 6

Բժշկական սարքերով հագեցած ամբուլատոր սենյակ: Անկյունում՝ գրասեղան, աթոռ, սեղանի վրա՝ ապակե փոքրիկ ակվարիում: Մհերը նստած է սենյակի կենտրոնում: Բժիշկը էխոկարդիոգրամի սարքը փաթաթում է նրա գլխին, ճակատին ու քունքերին ջուր է քսում բամբակով, լարերի մյուս՝ ռետինե ծայրը ամրացնում ջուր քսած տեղերը:

ՄՀԵՐ — (փորձում է կատակել): Ստուգում ես՝ ուղեղ կա՞:

ԲԺԻՇԿ — Չէ: Հաստատ գիտեմ, որ կա: Ով ուղեղ չունի, էստեղ չի հասնում: (Հընթացս հետևում է ուղեղի աշխատանքը գրող ժապավենին ու ծայրից բռնած և՛ կարդում է, և՛ խոսում:) Ինձ հիշեցրու՝ ինչո՞վ էիր զբաղվում:

ՄՀԵՐ — Հեչ, բանաստեղծ եմ:

ԲԺԻՇԿ — Հոգո՞վ:

ՄՀԵՐ — Առհասարակ:

ԲԺԻՇԿ — Բա էլ ինչի՞ ես դժգոհում, դա քեզ նույնիսկ օգտակար ա. ցնորքները գրականության սնման աղբյուրներից են, իզուր էլ ուզում ես բուժվել: Ճի՞շտ են բանաստեղծները, երբ հպարտանում են, թե Աստված իրենց տվել ա իր աչքը:

ՄՀԵՐ — Բայց դա լավ ա՞ որ… Նա Աստված ա և դիմանում ա իր տեսածին, ես մարդ եմ, ինձ համար անհնար ա դիմանալը: Ես ունեմ հիվանդ սիրտ, բորբոքված երևակայություն, անընդհատ կեղեքում եմ ինքս ինձ, որ չեմ ասում այն, ինչ գիտեմ: Բայց օրերից մի օր կանտեսեմ խղճահարությունը մարդ արարածի հանդեպ և ողջ դաժանությամբ կյանքի երեսին կնետեմ այն, ինչ գիտեմ նրա մասին:

ԲԺԻՇԿ — Մի ժամանակ ես էլ էի գրում: Դե գիտես՝ սիրահարված ժամանակ բոլորն են գրում: Սիրահարվելուս խերն էն էղավ, որ «Ավանգարդը» տպեց բանաստեղծություններս: (Հանկարծ զվարթանալով:) Գրելու պարգևածը հաճո՞ւյք ա, թե՞ բավականություն:

ՄՀԵՐ — Ոչ հաճույք ա, ոչ էլ բավականություն: Մի էքսցենտրիկ բառ կա՝ կայֆ: Գրելը էնպիսի կայֆ ա, ինչպես արյուն խմելը, երբ գիտես, որ ոչ մի նորմալ մարդ դա չի անի, որ անցար մարդեղենության սահմանը՝ տալիս ա էն զգլխիչ արբունքը, ինչ երակից հորդող արյան կպչուն գոլորշին: Դու համոզված ես, որ գիշատիչ ես և գրչով հոշոտում ես կյանքը գիշատչության բոլոր օրենքների անթերի կիրառմամբ, բայց, ի տարբերություն այլ գիշատիչների, ուզածդ պահին կարող ես ետ դառնալ Աստծո մարմնի մեջ. քեզ համար այդ ճամփան երբեք փակ չէ:

ԲԺԻՇԿ — (թղթե ժապավենից չկտրվելով, նրան ուշադիր լսելով և առանձնապես բան չհասկանալով): Բանաստեղծները սիրում են ցավը:

ՄՀԵՐ — (հպարտությամբ): Ինչպես հոգեկան հիվանդին են ծակծկում, հասկանալու համար՝ ցավ զգո՞ւմ ա, կյանք կա՞ մեջը, էնպես էլ մենք կյանքի նյարդերն ենք. մեզ խոշտանգում են, հասկանալու համար՝ կյանքը ո՞ղջ ա: Քանի մենք կանք, կյանքը ողջ ա, և կարևոր չէ, որ մեր տառապանքի հաշվին:

ԲԺԻՇԿ — Ասում ես՝ ովքե՞ր են քո տառապանքը. Շամիրամը, փարավոնը… է՞լ…

ՄՀԵՐ — Օձերը:

ԲԺԻՇԿ — Օձե՞րը: Ի՜նչ դաժան անցում… Բայց դու դրանց մի նայի որպես չարության աղբյուրի, այլ խեղճ, անիծված, անձեռ, անոտ, ու նաև՝ անդրախտ… Եղբայր, էդ մի թույնն էլ չունենա՞ն: Բա ո՞նց ապրեն:

ՄՀԵՐ — Բժիշկ, հիմա դու ի՞մ բարեկամն ես, թե՞ օձերի:

ԲԺԻՇԿ — (մահապարտի հպարտությամբ շեշտելով): Ճշմարտությա՛ն, սիրելիս, ճշմարտությա՛ն: (Ավարտում է կարդիոգրամի ժապավեն կարդալը:)

ՄՀԵՐ — Ի՞նչ էիր փնտրում:

ԲԺԻՇԿ — Ցավի աղբյուրը:

ՄՀԵՐ — Ե՞վ…

ԲԺԻՇԿ — Դարն է, սիրելիս, դարը:

ՄՀԵՐ — Իսկ դա բուժելի՞ ա:

ԲԺԻՇԿ — Չեմ կարող ասել, թե մենք բուժում ենք, բայց արտասահմանում բուժում կա: Ցավոք, թանկ արժի: Ի դեպ, փողի մասին, քանի որ դու բանաստեղծ ես… քեզ մատչելի մի տարբերակ ունենք: Արդեն հաջող բուժված մի հիվանդ ունենք. իմ գիտական հայտնագործությունը: Եթե կուզես՝ կծանոթացնեմ: (Մհերի գլխից հանում է սարքը, փաթաթում կարդիոգրամի ժապավենը, դնում սեղանին:)

ՄՀԵՐ — Կարելի ա… Իսկ որտե՞ղ կարող եմ տեսնել նրան:

ԲԺԻՇԿ — Սո՞ւրճ:

ՄՀԵՐ — Չէի հրաժարվի:

ԲԺԻՇԿ — Նստեք, հիմա կբերեմ: (Դուրս է գնում, քիչ անց վերադառնում, ձեռքին՝ երկու բաժակ:) Չհարցրի էլ՝ քա՞ղցր, թե՞ դառը:

ՄՀԵՐ — Ոնց պատահի:

ԲԺԻՇԿ — Խնդրեմ:

ՄՀԵՐ — (սուրճի բաժակը վերցնելով): Շնորհակալություն: Իսկ ե՞րբ ա գալու հիվանդը… դե նա՝ ապաքինվածը:

ԲԺԻՇԿ — Ինչպե՞ս… Դուք դեռ չե՞ք ծանոթացել, ախր նա էստեղ ա, էս սենյակում:

ՄՀԵՐ — Էստե՞ղ: (Զարմացած չորսբոլորը նայելով:) Բայց էստեղ մեզնից բացի ուրիշ մարդ չկա:

ԲԺԻՇԿ — Մա՞րդ: Ես ասել եմ՝ նա մա՞րդ ա: Եվ առհասարակ, գիտնականի համար չկա մարդ, կենդանի, առարկա: Նրա համար բոլորը կա՛մ փորձ են, կա՛մ փորձի արդյունք:

ՄՀԵՐ — Այնուամենայնիվ…

ԲԺԻՇԿ — (մատնացույց անելով ապակե ակվարիումը, որի մեջ մեծ, կանաչ դոդոշ է): Ահա… ահա մեր ապաքինվածը: (Վերցնում է հիվանդի անձնական քարտը, մեկնում Մհերին:) Խնդրեմ նրա հիվանդության՝ շերեփուկից գորտ ու գորտից դոդոշ դառնալու պատմությունը: Կարող ես կարդալ:

Մհերը ապշահար զննում է ակվարիումը: Ապա շտապում է դեպի դուռը, այդ պահին դռան տակից ծրար են նետում: Վերցնում է, կարդում:

ՄՀԵՐ — Տեր Աստվա՜ծ… ամենուր նույն հրավիրատոմսն ա, մի՞թե կարելի ա էսքան երկարատև մեռնել:

Բժիշկը մոտենում է, վերցնում, կարդում է հրավիրատոմսը:

ԲԺԻՇԿ — Եղբայրս էլ էր ստացել, ես էլ մտածեցի՝ ինձ արհամարհել են:

ՄՀԵՐ — Գնալո՞ւ ես:

ԲԺԻՇԿ — Իսկ դու՝ ո՞չ: Չե՛մ հավատում…

ՄՀԵՐ — Տեսնեմ:

ԲԺԻՇԿ — Անպայման արի, ինչպե՞ս կարելի ա դա բաց թողնել:

ՄՀԵՐ — (չուզենալով մատնել իր անտեղյակությունը):Յուրաքանչյուրիս տեղը:

ԲԺԻՇԿ — (գոհունակ կրկնելով): Յուրաքանչյուրիս տեղը:

ՄՀԵՐ — Շնորհակալություն: Ցտեսություն:

ԲԺԻՇԿ — Ցտեսություն: Եթե որոշես բուժվել, քո տրամադրության տակ եմ:

Մհերը գնում է:

ՊԱՏԿԵՐ 7

Հիվանդասենյակ: Մհերը պառկած է երկաթե մահճակալին, հայացքը առաստաղին՝ ճոճվում է: Ներս են մտնում Խաչիկն ու Վաչիկը: Մհերը նրանց նայելով շարունակում է ճոճվել:

ԽԱՉԻԿ, ՎԱՉԻԿ — Բարի օր, երիտասարդ:

ՄՀԵՐ — Բարև, բարև…

ՎԱՉԻԿ — Դուք պոետ Մհեր Վարդանյա՞նն եք:

ՄՀԵՐ — Այո:

ԽԱՉԻԿ — Մհեր ջան, ինչի՞ ես էդպես պառկած, անբան ճոճվում:

ՄՀԵՐ — Է՜, ինձ միայն ճոճվելն ա մնում, էլ ի՞նչ անեմ:

ՎԱՉԻԿ — Ինչի՞ ես էդպես դառնացած: Բա դու իրավունք ունե՞ս քո տաղանդը վատնելու: Չէ՞ որ դա ազգային հարստություն է: Քեզ ո՞վ է թույլ տվել էդպես դաժանորեն վատնել ազգային հարստությունը:

ՄՀԵՐ — Է՜, էլ հարստությո՞ւն մնաց…. Թալանել են, է՜, թալանել, մինչև վերջին բուռ հողը: Մնում ա՝ մարդ կախվի, պրծնի:

ԽԱՉԻԿ — Ես քեզ հասկանում եմ. ցանկացած նորմալ մարդ կյանքում գոնե մի անգամ էդպիսի փորձ արել է՝ մտովի կամ փաստացի… Հետաքրքրասիրություն է. մարդն ուզում է ծիկրակել անդին: Բայց… եթե ինքնասպանություն, ապա միայն դանակ. խրում ես սիրտդ, և վերջ: Իսկ կախվելը հարմար չի, ջանջալ է՝ ծառ ճարի, պարան օճառի, աթոռ ունեցի, որ վրան կանգնես… բազմաթիվ պայմանականություններից է կախված: Եվ բացի այդ՝ իրերը փող են: Հավատա՛, դանակը ձեռնտու է. մինիմալ ծախսով մաքսիմալ արդյունք:

ՎԱՉԻԿ — Ի՛նչ հիմարություններ եք դուրս տալիս… Էս մարդուն տրված է տիեզերքը պեղել, իսկ դուք ի՞նչ եք խոսում:

ՄՀԵՐ — Ա՜… արդեն դա էլ չի ձգում. աշխարհում ամեն ինչ արդեն ուսումնասիրված ա, տիեզերքն ու կյանքը՝ բացահայտված: Աշխարհը զննված ու քննված ա հողից առ երկինք, ամեն ինչ՝ տեսնված ու ապրված ա… Ոչինչ, ոչինչ չի մնացել բացահայտելու, ապրելու ոչինչ չի մնացել: (Զսպանակավոր ներքնակը ճռճռացնելով շարունակում է ճոճվել:) Ճոճվել, միայն ճոճվել…

ՎԱՉԻԿ — Երազանքը զուտ անհատական է, ինչպես ճակատագիրը…

ՄՀԵՐ — Է՜, սիրելիներս, հավատացեք, որ երազանքս էլ ա կողոպտված… ձանձրալի ա՝ ապրելու ոչ մի շարժառիթ: Ճոճվել, միայն ճոճվել… (Ավելի արագ է ճոճվում մահճակալին:)

ԽԱՉԻԿ — Չէ, վիճակդ լուրջ է: Մնում է՝ մահդ փնտրես: Մահը միշտ էլ թարմացնում է կյանքը:

ՄՀԵՐ — Իսկ որտե՞ղ փնտրեմ: Չնայած՝ դժվար օգնի…

ԽԱՉԻԿ — Հեռու գնալ պետք չէ, մարդու մահը իր կրունկի տակ է:

ՄՀԵՐ — (վեր է թռչում, զննում իր ոտնատակը): Ո՞ւր ա, բան էլ չկա: Հլա մի դանակ տվեք, փորեմ, կարո՞ղ ա՝ ներսում ա:

ՎԱՉԻԿ — Պետք չի արյուն թափել, բալես: Մենք քաղաքակիրթ աշխարհում ենք ապրում և մահվանը հասնելու շատ ավելի բարեկիրթ ձևեր գիտենք, քան արյուն թափելն է: Արի մեզ հետ և նրան կտեսնես:

ՄՀԵՐ — Իսկ դուք ովքե՞ր եք, ես ձեզ չեմ ճանաչում, ինչի՞ պիտի ձեզ ենթարկվեմ: Ի՞նչ իմանամ՝ ո՞ւր եք կանչում:

ԽԱՉԻԿ — Էդ մենք չենք… Հայրենիքն է կանչում:

ՄՀԵՐ — Ես արդեն բանակում ծառայել եմ:

ՎԱՉԻԿ — Դու մեզ չհասկացար, տղաս. ոչ թե դու ես պետք, այլ քո կյանքը:

ՄՀԵՐ — Բախտներդ չբերեց, պապիկներ, էդ առումով էլ եմ ընչազուրկ. հոգիս՝ Աստծուն, մարմինս՝ հողին, բան չունեմ, ընչազուրկ եմ:

ՎԱՉԻԿ — Հանգիստ եղիր, բալես, տիեզերքի հետ մենք կապ չունենք: Մենք հայրենիքի ծառաներն ենք և վերցնում ենք քո կյանքը երկրի կարիքների համար: Փոխարենը ինչ ուզես՝ կստանաս: Ասենք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոն:

ՄՀԵՐ — Ինչի՞ս ա պետք:

ՎԱՉԻԿ — Ո՞նց թե՝ ինչիս ա պետք, գիտե՞ս, ինչ փող կաշխատես: Աշխարհում տասը միլիոն հայ կա և բոլորն էլ երազում են տուն ու գերեզման ունենալ հայրենիքում: Իսկ հայրենիքը փոքր է, ընդամենը քսանինը հազար քառակուսի մետր: (Ինքնագոհ ծիծաղով:) Լավ բանը միշտ էլ քիչ ա լինում:

ԽԱՉԻԿ — Մտածիր, ձեռնտու բան ենք առաջարկում: Գիտե՞ս, ինչ փող կաշխատես, ամեն սանտիմը հազար անգամ կվաճառես ու կվերավաճառես:

ՄՀԵՐ — Այ մա՜րդ… հանգիստ թողեք ինձ: Ինձ բան էլ պետք չէ: (Նորից պառկում է, շարունակում ճոճվել:)

ՎԱՉԻԿ — Մեզ էլ պետք չէ, հայրենիքին է պետք: Իսկ դու գիտես՝ ո՞վ ես: Դու ազգային հերոս Գևորգ Բ-ի ժառանգն ես, մի՞թե քո ինքնությունը քեզ չի կանչում: Դու հերոս ես ու հերոսի որդի, և հայրենիքը հիմա քեզ է կանչում: Գիտե՞ս՝ հերոսն ի՛նչ է. ազգի բժիշկը: Նա էլ բժշկի պես հույս է վաճառում ժողովրդին:

ՄՀԵՐ — Պապիներ ջան, ազնիվ խոսք, զզվում եմ առևտրից: Եվ հետո, ի՞նչ իմանամ՝ ո՞ւր եք տանում:

ՎԱՉԻԿ — Դեպի անմահություն…

ԽԱՉԻԿ — Հետաքրքիր մարդ ես, ուր էլ տանենք, գժանոցից լա՞վ չի:

ՄՀԵՐ — (մի պահ մտածելով): Լավ, համոզեցիք:

Մհերն իջնում է մահճակալից, խաբս տալով փախչում սենյակից: Խորհրդականները հարայ-հրոցով հետևում են նրան:

ՊԱՏԿԵՐ 8

Քարանձավ: Օդի միջով շառաչում են հրե օձեր, քարանձավի մուտքն են հսկում: Ինչ-որ մեկը փռշտում է:

ՄՀԵՐ — (դրսից): Չգիտեմ՝ ով ես, բայց առողջություն:

ՏԻՐ — Մի առաջ արի, տեսնեմ դո՞ւ ով ես:

ՄՀԵՐ — Օձերդ չեն թողնում:

ՏԻՐ — (ձեռքը օդի մեջ շարժում է, օձերը ցախերի պես թափվում են շեմքի առաջ): Արի՛: Ի՞նչ ես ուզում:

Մհերը առաջանում է, տեսնում՝ մի աժդահա նստած, եղունգով քարե էջին փորագրում է:

ՄՀԵՐ — Չգիտեմ: Վայ թե կորել եմ:

ՏԻՐ — Ինչո՞վ օգնեմ: Ասա՝ ի՞նչ ես ուզում:

ՄՀԵՐ — Ճիշտն ասած, չգիտեմ՝ ով ես, որ իմանամ՝ ինչ ուզեմ:

ՏԻՐ — Ես Աստծու գրագիրն եմ: (Շարունակում է եղունգով խազեր անել քարին:) Մեռնող-ապրողների ցուցակն եմ կազմում: (Մհերը մոտենում է, փորձում Տիրի ուսի վրայով նայել:) Ի՞նչ ես ծիկրակում, քեզ թվում է՝ բա՞ն ես հասկանալու…

ՄՀԵՐ — Հեչ, ասի ճշտեմ՝ իմ անունը կա՞:

ՏԻՐ — Չկա, բայց եթե ուզում ես, կգրեմ:

ՄՀԵՐ — Մի վախեցրու, էդ ոչ դու ես որոշում, ոչ ես: Ցուցակի տերն ուրիշ մեկն ա:

ՏԻՐ — Մի տող բան մնաց, էս տողն էլ գրեմ ու էջը կավարտեմ, կուղարկեմ:

ՄՀԵՐ — Վերջին տողն ա՞: Իսկ որտե՞ղ ես գրելու քո անունը: Դու հո անեծքի պես անմահ չե՞ս: Խեղճ մարդ: Եթե պետք ա՝ իմը գրի, բայց դու ինչ մեղք ես, դարեդար աշխատում ես, եղունգ կոտրում, գլուխ տրաքացնում, աչք քոռացնում ու առանց հանգստի… ի՜նչ անհարգալից վերաբերմունք Երկնավորի կողմից: Բեր ըմբոստացի, վերջին տողում քո անունը գրի, գնա հանգստացի:

ՏԻՐ — Փաստորեն եկել ես, որ ասես՝ մահս ես կամենում:

ՄՀԵՐ — Չէ, ուղղակի հիշեցնում եմ, որ հարություն առնելու համար երբեմն-երբեմն պետք է մահանալ:

ՏԻՐ — Բա իմ գործն ո՞վ կանի:

ՄՀԵՐ — Աստված կգտնի մեկ այլ սանիտար, ով կհոգա իր տիրույթների մաքրության մասին:

ՏԻՐ — Չլինի՞ քեզ նկատի ունես:

ՄՀԵՐ — Չէ:

ՏԻՐ — Եթե վերջին տողը պահեմ ինձ համար, բա քեզ ի՞նչ անեմ:

ՄՀԵՐ — Մի տեղ թաքցրու, ինձ ուզում են թաղել:

ՏԻՐ — Ցուցակից բացի ուրիշ տեղ չունեմ մարդ թաքցնելու:

ՄՀԵՐ — Հիմա թողնելու ես ինձ թաղե՞ն:

ՏԻՐ — Լավ, մնա մոտս:

ՄՀԵՐ — Շնորհակալ եմ: Բայց… քանի որ էդքան բարի ես, լավություն անել՝ անել ա, թող էդ վերջին տողը ես լրացնեմ: (Տիրը զարմացած նրան է նայում:) Շատ եմ խնդրում, ցավդ տանեմ, ինձ համար մեռնել-ապրելուց էլ կարևոր ա էդ մի տողը: Քեզնից ի՞նչ ա գնում, դու էնքան տողեր ունես, էնքան էջեր, ապրելու էնքան ժամանակ… իսկ ե՞ս… մարդ էղի, ինչ ուզես կանեմ… Օձերիդ զբոսանքի կտանեմ, ճաշդ կեփեմ, քարանձավդ կավլեմ, մենակ էդ մի տողը ինձ զիջի:

ՏԻՐ — Դժվար է հասկանալը՝ ինչ կստացվի, եթե մարդու ձեռքը դիպչի տիեզերքի ցուցակներին, բայց… Հետաքրքիր է, ո՞ւմ անունն ես գրելու, որ քեզ էդպես պատեպատ ես տալիս:

ՄՀԵՐ — Էն մարդու, ով ուզում էր ինձ սաղ-սաղ թաղել:

ՏԻՐ — Ջղայնացած ես երևում, բայց… Աստծուց առաջ չընկնես:

ՄՀԵՐ — Աստված էնքան համբերատար ա… Մինչև որոշի ջղայնանալ, Հայաստանից միայն Հ տառը կմնա:

ՏԻՐ — Արդեն, արդեն…

ՄՀԵՐ — Ինչի՞ց հասկանանք: Աստծո զայրույթի հույսին մնացինք, էլի, որ հասանք քարանձավ: (Տնտղում է Տիրի կացարան-քարանձավը:)

ՏԻՐ — Ի՞նչ ասեմ, Տիրոջ զայրույթը էնքան նրբերանգներ ունի, հո մենակ մահը չի՞: Մենք միայն երևացողն ենք տեսնում, բա աներևո՞ւյթը… Ով գիտի՝ ի՞նչ պատիժներ կան Աստծո զայրույթի ալիքներում:

ՄՀԵՐ — Չէ, ախպեր, ես իմ գործը կանեմ, թե չէ մինչև Տիրոջ զայրույթի ջրերը հասնեն Հայաստան, իմ վրա մի թիզ կանաչ կբուսնի…

ՏԻՐ — Ցանկացած դեպքում, երբ ցուցակ ու հրավիրատոմս եք կազմում, միշտ հիշեք՝ վերջին տողի իրավունքը իմն է: Ախր, դու ո՞վ ես…

ՄՀԵՐ — Ես հերոսաց հերոսի ոգին եմ, բա դո՞ւ ով ես:

ՏԻՐ — Ես Աստծո գրագիրն եմ, մեռնող-ապրողի ցուցակ կազմողը:

ՄՀԵՐ — Իսկ ես ապրողների ոգին եմ, քեզնից հզորը:

ՏԻՐ — Արդեն տարբերություն չկա: Աստծո զայրույթի ջրերն արդեն դեպի երկիր են հոսում. մի զորեղ նոպա, և ոչինչ չկա: Իսկ եթե չկան մարդիկ, չկա և ցուցակի անհրաժեշտություն: Մենք մնալու ենք մենակ, երես առ երես:

ՄՀԵՐ — Ո՞վ՝ մենք:

ՏԻՐ — Ես ու դու. դու՝ մարդ արարածդ, ես՝ Աստծու մեռյալների ցուցակ կազմողը, մահվան լրաբեր հեշտակը: Եթե չկան ապրողներ, չկան և մեռնողներ: Ես դառնում եմ ավելորդ մի բան: (Մտքերի մեջ ընկնելով:) Դրա համար էլ քեզ ցույց կտամ ետդարձի ճամփան, որ գնաս, ապրես ու բազմանաս…

ՄՀԵՐ — Տեր Աստվա՜ծ… մի՞թե ես եմ հաջորդ Նոյը:

ՏԻՐ — Վերջի՛ն Նոյը: Իսկ մինչ էդ՝ նարդին բեր…

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ 9

Նախագահը նայում է պատուհանից: Դրսից լսվում են

հեղափոխական կոչեր, ցուցարարների աղմուկը: Ներս է ընկնում Գառնիկը, ձեռքի պարկը դնում է սեղանին:

ԳԱՌՆԻԿ — Բերել եմ:

ՆԱԽԱԳԱՀ — Ի՞նչը:

ԳԱՌՆԻԿ — Իսկ դուք ինչի՞ն եք նայում պատուհանից:

ՆԱԽԱԳԱՀ — Ցուցարարներին: Ժողովուրդը դժգոհ ա, բողոքում ա: Պետք ա մի բան մտածել նրանց հանդարտեցնելու համար:

ԳԱՌՆԻԿ — (պարկը ցույց տալով): Մտածել եմ: (Սեղանին է դնում ձեռքի բրոշյուրը, որ կարողանա պարկը բացել:)

ՆԱԽԱԳԱՀ — (մինչ Գառնիկը պարկն է բացում, մոտենում, կարդում է բրոշյուրի վերնագիրը): Հը՜մ… «Ինչպես փրկվել». հետաքրքիր վերնագիր ա:

ԳԱՌՆԻԿ — Փողոցում Եհովայի վկաները տվեցին, ինչ-որ նոր աստված են հայտնաբերել…

ՆԱԽԱԳԱՀ — Չեմ զարմանում, մարդը միշտ էլ թարմության կարիք ա զգում:

ԳԱՌՆԻԿ — Թարմության կարի՞ք: Բայց չէ՞ որ մենք հանուն Նրա դարեդար տառապել ենք, սպանվել, ենթարկվել ցեղասպանության, պաշտել ու խաչվել: Եթե մենք գնանք նոր աստծո ետևից, ո՞վ կտա մեզ մեր տառապանքի գինը:

ՆԱԽԱԳԱՀ — Բան չունեմ ասելու, ուղղակի հետաքրքիր վերնագիր ա:

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչն ա հետաքրքիր, մինչև հիմա չգիտե՞ք՝ ինչպես փրկվել. ապրեք պատվիրաններով և փրկված եք:

ՆԱԽԱԳԱՀ — Պատվիրանները հավատ չեն ներշնչում: Դրանք գալիս են եգիպտական մեռյալների գրքից, ճիշտ ա, էնտեղ դրանք քառասունն էին, որովհետև էն ժամանակ մարդիկ ավելի ստրուկ էին: Մեզնից հետո եկողներն էլ կվերցնեն երևի հինգը ու կզարմանան, թե մենք ինչ ստրուկ ենք եղել:

ԳԱՌՆԻԿ — Եթե ինձ մնա, ես կթողնեմ միայն մեկը՝ մի սպանաներ: Թե չէ՝ մի շնացիր, սուտ մի խոսա, տո եսիմ ինչ… այ մարդ, կյանքը լրիվ են ուզում զրկել համուհոտից:

ՆԱԽԱԳԱՀ — Սխալ ես մտածում. տիեզերքը երբեմն-երբեմն թարմանալու ու սանիտարական մաքրման կարիք ա զգում: Եվ առհասարակ. միշտ և առհավետ էս երկրի վրա իշխանությունը էդպես են պահել՝ սպանելով:

ԳԱՌՆԻԿ — (վերջապես պարկը բացելով): Էս անգամ ավելի խելոք բան եմ մտածել ժողովրդի դժգոհությունը բավարարելու համար:

ՆԱԽԱԳԱՀ — Իրո՞ք: Եվ ի՞նչ:

ԳԱՌՆԻԿ — Պետք ա բորբոքել նրանց հայրենասիրությունը:

ՆԱԽԱԳԱՀ — Ինչպե՞ս:

ԳԱՌՆԻԿ — (պարկը ցույց տալով): Խնդրե՛մ:

Գառնիկը հանդիսավորությամբ բացում է պարկը, հանում է մի մեծ ոսկոր, դնում սեղանին, հպարտ նայում նախագահին: Հետո հանում է այլ ոսկորներ, վերջում բռով հանում է մանր-մունր ոսկորներ, լցնում կույտի վրա: Վերջապես հանում է գանգը:

ԳԱՌՆԻԿ — (գանգը հանդիսավոր դնելով կույտի գլխին): Մա՛րդ:

ՆԱԽԱԳԱՀ — (դեռևս վախը չհաղթահարած): Էս ի՞նչ ա: Էս ի՞նչ փայլեցրած ոսկորներ են: Դու հո սատանայապաշտ չե՞ս:

ԳԱՌՆԻԿ — Ի՜նչ եք խոսում: Հլա տեսեք ինչ լավ շուշաթղթել եմ, ոսկեջրել, ոսկեթելի վրա շարել: (Գանգի քունքերից խնամքով բռնած դանդաղ բարձրացնում է, ողնաշարը սկսում է շարժվել, չխկրտալով ձգվում է դեպի վեր:)

ՆԱԽԱԳԱՀ — (աթոռ է փնտրում, գտնելով՝ ընկնում վրան): Վերջապես ասելո՞ւ ես, սա ինչ ա:

ԳԱՌՆԻԿ — (ցնծագին): Ազգային հերո՛ս:

ՆԱԽԱԳԱՀ — Քո ազգային հերոսով ինձ վախեցրիր, տնաշեն, սիրտս թուլացավ:

ԳԱՌՆԻԿ — Անտեր մնա կյանքը՝ բա՞ն ա մնացել հերոսից: Հանգիստ եղեք, նա վաղուց արդեն կմախք ա:

ՆԱԽԱԳԱՀ — Իսկ ինչի՞ ա էստեղ, ուղարկեք թանգարան. ազգայինի տեղը թանգարանն ա՝ հիշողության գիրկը:

ԳԱՌՆԻԿ — Նա դեռ մեզ պիտի օգնի:

ՆԱԽԱԳԱՀ — Ինչո՞վ պիտի օգնի էդ մի քանի կիլո ժամկետանց կալցիումը էս խառը ժամանակներում: Լսո՞ւմ ես, ոնց են աղմկում…

ԳԱՌՆԻԿ — Չարժե, չարժե թերագնահատել հերոսներին: (Թեթևակի ցնցում է գանգը, նրա ետևից շարժվում են ողերը:) Էս տղեն… ժողովրդի զավակը և ապավենը կօգնի մեզ պահելու իշխանությունը:

ՆԱԽԱԳԱՀ — (հեգնանքով): Հանելո՞ւ ես ընդդիմության դեմ:

ԳԱՌՆԻԿ — Ինչպես ասում ա հայ ժողովրդական առածը՝ մարդու թշնամին էլ պիտի մարդուն արժանի լինի: Քեզ թվում ա՝ մեր չկայացած, խեղճուկրակ, դրսի ցուցումով շնչող ու արտաշնչող ընդդիմությունը արժանի ա նման հակառակորդի՞: Մի՞թե նրա ոսկորների փայլը ձեզ ավելին չի ասում… (Նախագահը հարցական նայում է:) Էս տղուն, էս հերոսին հանելու եմ ժողովրդիս դեմ: Ժողովրդին հնազանդության մեջ պահելու համար չկա ավելի զորեղ զենք, քան հայրենասիրությունն ա:

Մինչ նախագահը ոչինչ չհասկանալով նայում է ոսկեջրած ոսկորների կույտին, ներս է մտնում Գագոն, սեղանին է դնում մոմլաթե տոպրակը, հանդիսավոր լռությամբ կանգնում:

ՆԱԽԱԳԱՀ — Էս ի՞նչ ա:

ԳԱԳՈ — (տոպրակից սեղանին է տեղափոխում արնակոլոլ սիրտ): Ազգային հերոսի սի՛րտը:

ՆԱԽԱԳԱՀ — (սարսափահար, ցույց տալով կմախքը): Սրա՞:

ԳԱԳՈ — Բա էլ ո՞ւմ:

ՆԱԽԱԳԱՀ — Բայց սա արյունոտ ա, իսկ հերոսը… (մատնացույց անելով փայլող կմախքը) Աստված գիտե, թե երբ…

ԳԱԳՈ — Կարծում եմ, դժվար չէ հասկանալը, որ հերոսի սիրտը միշտ և առհավետ արյուն ա ծորում իր ժողովրդի համար:

ՆԱԽԱԳԱՀ — Իսկ հերոսը համաձա՞յն ա, որ իր սիրտը էսպես պատառոտելով հանել ու արյունը չռչռացնելով հասցրել եք էստեղ:

ԳԱԳՈ — Ո՞վ, ե՞զը: Նա եզ ա, ի՞նչ պիտի ասեր:

ԳԱՌՆԻԿ — Ե՞զ: Այ քեզ լկտիություն, դրա համար քեզ դատ է հասնում, դու անպատվում ես մեր սրբությունները:

ԳԱԳՈ — Չէ, խոսքը հերոսի մասին չէ: Հասկանո՞ւմ եք, մարդու սիրտը փոքր ա, հարմար չի գալիս հերոսի չափերին: Ախր, էդ անտերը պիտի մեծ լինի, որ հայրենիքը տեղավորի: Դրա համար էլ եզանը վերցրի:

ՆԱԽԱԳԱՀ — (մեկ ներկաներին, մեկ սեղանը տնտղելով): Հնարամիտ է:

ՊԱՏԿԵՐ 10

Հրապարակ: Հրապարակում է Ժողովուրդը՝ զորք, լրագրողներ տեսախցիկներով, դպրոցականներ, տուրիստներ, օտարերկրացիներ և այլն: Զորքը շրջապատել է հրապարակը, որպեսզի ոգևորված ամբոխը ներս չխուժի: Ներսում՝ ամբիոնի առաջ նախագահի անվտանգության աշխատակիցները: Լրագրողները աջուձախ վազվզելով սրանից-նրանից  հարցազրույց են վերցնում: Զինվորականների ուղեկցությամբ ժամանում է նախագահը: Ժողովրդին ձեռքի թափահարումով ողջունելով՝ բարձրանում է բեմ, որտեղ արդեն նրան են սպասում նախարարները և մի հոգևորական: Զինվորականները ևս բարձրանում են բեմ: Ամեն ինչ քարանում է: Ամբիոնին է մոտենում նախագահը:

ՆԱԽԱԳԱՀ — Սիրելի հայրենակիցներ, հարգարժան հյուրեր, պատիվ ունեմ բացելու այս հանդիսավոր արարողությունը: Ամեն ժողովուրդ ունի իր փառքերը հանձինս իր փառապանծ զավակների: Նրանց կենսագրությունը ապրեցնում է մեզ, նրանց թողած ժառանգությունն է, որ պիտի գուրգուրենք. քանզի հայրենի՛քն է այդ ժառանգությունը: Սիրելիներս, այս պահին մենք սկսում ենք մեր հերոսաց հերոս, ազգի պարծանք և ոգեղեն մարմնացում, ամենայն հայոց հերոս Գևորգ Բ-ի սուրբ մասունքների հոբելյանական՝ քսանհինգերորդ վերաթաղումը: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաները դադարում են: Լռություն:

ՆԱԽԱԳԱՀ — Այժմ հրապարակ ենք հրավիրում մեծանուն պատմաբան պարոն Գառնիկ Հախնազարյանին, ով փրկել է հերոսի մասունքները կորստից: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների ուղեկցությամբ ամբիոնին է մոտենում պատմաբանը՝ գլխից վեր պահած հին, բազմաչարչար ուղեպայուսակ:

ԳԱՌՆԻԿ — (ամբիոնին հասնելով համբուրում է ուղեպայուսակը, դնում ցած, հուզաթաթավ): Չունենալով ոչինչ, բայց ունենալով Աստծո օրհնությունը… (Հուզվում է, մի պահ լռում, մաքրում աչքերը:) Ես հայտնվեցի սիբիրյան ամենադաժան բանտում: Դուրս գալու վերջին օրը, բանտի՝ աղբանոցի վերածված եղբայրական գերեզմանոցից, գիշերով, թաքուն, մթության քողի տակ, հանուն հայրենիք հաղթահարելով ահն ու սարսափը, բանտի պահակ Իվանին, առանց լապտերի ու լուսնի, կուրացուցիչ խավարի մեջ, խմեցրի երեք շիշ օղի, առանց բահի ու բրիչի, ձեռքերով փորեցի ողջ բակը, հերոսի ոսկորները ջոկեցի բակում թաղված բազմաթիվ դատապարտվածների ոսկորներից, էդպես հողախառը դրեցի այս սակվոյաժի մեջ ու բերեցի: Ահա՛ այն: (Համբուրում է ուղեպայուսակը:) Պաշտելի Գևորգ Բ-ի ոսկորները թաքցրած, վրան լցրած բուժիչ խոտեր, ես անցա պետական սահմանը՝ հերոսի աճյունը հասցնելով հայրենիք:

Հրապարակը թնդում է ծափահարություններից: Գիտնականը աչքերը սրբելով իջնում է ամբիոնից:

ՆԱԽԱԳԱՀ — Իսկ այժմ, ի նշան կյանքի հավերժության, հրապարակ բերել մանկան օրորոցը, որի մեջ մենք կամփոփենք մեր ազգի պարծանքի աճյունը:

Համազարկերի ներքո և եռագույնի ուղեկցությամբ հրապարակ է բերվում մեծ, ոսկե օրորոց. դնում են ամբիոնի առաջ, հրապարակի կենտրոնում:

ՆԱԽԱԳԱՀ — Մատուցե՛նք հարգանքի մեր վերջին տուրքը ազգիս փրկչին: (Կողքին կանգնած հոգևորականին.) Խնդրեմ, սրբազան. խնկարկենք նրա լույս հիշատակը և անմահ մասունքները:

Սրբազանը մոտենում է ուղեպայուսակին, առաջ է պարզում մեծ, ակնակուռ խաչը, երգեցիկ ձայնով կարդում աղոթքը: Այնուհետև նախագահի օգնական Օնիկը ամբիոնին է փռում ոսկեկար ծածկոց, պայուսակից հանում և ամեն անգամ համբուրելով հանածը՝ ոսկորները հերթով դասավորում է ծածկոցին:

ՆԱԽԱԳԱՀ — Եվ այսպես, սիրելի ժողովուրդ, սկսելով մեր պանծալի հերոսի վերաթաղումը, ասեմ, որ մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի մաս ունենալու իր հերոսից: Այդ իսկ պատճառով աջ ազդրի ոսկորը մենք կամփոփենք Արարատի մարզում. աշխարհ շրջած այս ոտքը Մասիս սարի ոգեղեն մարմնացումն է և պետք է մոտ լինի նրան: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը ամբիոնից վերցնում և զինվորներին է հանձնում աջ ազդրի ոսկորը: Մինչ երկու զինվոր ակնածելով նախագահից ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցի միջից հանում են սովորական օրորոց, դնում մեծի կողքին: Զինվորները ազդոսկրը դնում են դրա մեջ:

ՆԱԽԱԳԱՀ — (մատնացույց անելով բանաստեղծին, որ կանգնած է առաջին շարքում): Անմահացրու այս պահը հավերժության համար, բանաստե՛ղծ:

ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՈՍ — (բանաստեղծի թևքից քաշելով): Բուժմանդ փողն ուզի, բուժմանդ փողն ուզի… Ձրի չանես:

ՆԱԽԱԳԱՀ — Իմ սիրելի ժողովուրդ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա Տավուշի մարզում մարտի ժամանակ ընկավ ձիուց, վնասելով ձախ ոտքը: Այդ իսկ պատճառով մենք ձախ ազդոսկրը կամփոփենք Տավուշի մարզում: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը ամբիոնից վերցնում և զինվորներին է հանձնում ձախ ազդրի ոսկորը: Մինչ երկու զինվոր ակնածելով նախագահից ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցից հանում են ևս մի սովորական օրորոց, նախորդից փոքր: Զինվորները ազդոսկրը դնում են դրա մեջ:

ՆԱԽԱԳԱՀ — (ձեռքը ժողովրդի կողմը ուղղած): Ցնծա՛, հայ ժողովուրդ:

ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՈՍ — (սրա-նրա կողքին հայտնվելով, թևքից քաշելով): Ուզի՛, ուզի՛… Ձրի չցնծաս, ուզի՛:

ՆԱԽԱԳԱՀ — Աջ բազուկը պետք է ամփոփվի Կոտայքի մարզում, որովհետև սա այն ձեռքն է, որ Գեղարդի եկեղեցում երկինք պարզած աղոթում էր իր ժողովրդի համար: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը ամբիոնից վերցնում և զինվորներին է հանձնում աջ բազկոսկրը: Մինչ երկու զինվոր ակնածելով նախագահից ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցից հանում են ևս մի սովորական օրորոց, նախորդից փոքր: Զինվորները բազկոսկրը դնում են դրա մեջ:

ՆԱԽԱԳԱՀ — Ազգիս փրկչի ձախ բազուկը արժանի է Գեղարքունիքի հողին: Սա այն թևն է, որ լողալով անցավ Սևանը կես օրում և հասավ օգնության: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը ամբիոնից վերցնում և զինվորներին է հանձնում ձախ բազկոսկրը: Մինչ երկու զինվոր ակնածելով նախագահից ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցից հանում են ևս մի սովորական օրորոց, նախորդից փոքր: Զինվորները բազկոսկրը դնում են դրա մեջ:

ՆԱԽԱԳԱՀ — (ափի մեջ դրած ի ցույց է պահում գանգը): Իմ սիրելի ժողովուրդ… Գանգը: Թվում է, այն հզոր գանգը, ուր ծնունդ է առել մեր ազգային գաղափարախոսությունը, պիտի պահպանվի այստեղ՝ հայրենիքում: Բայց ոչ: Մենք այն կթաղենք Մերձավոր արևելքում, ուր ապրում են մեր բազմաթիվ քրիստոնյա և կրոնափոխ եղած եղբայրները: Նրանք պիտի՛ ունենան հայրենիքի գաղափարը: Գանգի շիրիմը թող ուխտատեղի դառնա հայրենիքի սիրուց և հայրենիքի ցավով տառապող մեր բազմաթիվ եղբայրների համար:

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը զինվորներին է հանձնում գանգը: Մինչ երկու զինվոր ակնածելով նախագահից ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցից հանում են ևս մի սովորական օրորոց, նախորդից փոքր: Զինվորները գանգը դնում են դրա մեջ:

ՆԱԽԱԳԱՀ — (ձեռքը ժողովրդի կողմը պարզած): Դարերի համար պահի՛ր նրա պատկերը, ժողովո՛ւրդ:

ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՈՍ — (սրա-նրա թևքից քաշելով): Արժանապատվությո՛ւնդ պահանջի, արժանապատվությո՛ւնդ պահանջի… Ձրի չանես:

ՕՆԻԿ — (նախագահին շշուկով զգուշացնելով): Ոսկորները քչություն կանեն:

ՆԱԽԱԳԱՀ — (միայն օգնականի համար, քթի տակ շշնջալով): Հո կշտանալիք չէ՞: Ամեն տեղ մի հատ դրեք, հերիք ա: Մի քանի հատ էլ պահեք նեղ օրվա համար:

ՕՆԻԿ — Հատ-հատ գույքագրված ա, չեմ կարող…

ՆԱԽԱԳԱՀ — Ողնաշա՛րը: (Բռնելով ձգում-բարձրացնում է ոսկե թելին շարված ողերը:) Այն որպես խորհրդանիշ կամփոփվի Սյունիքում, որովհետև Սյունիքը մեր հայրենիքի ողնաշարն է: Այն պետք է այսպիսի հերոսներով ամուր լինի: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը ամբիոնից վերցնում և զինվորներին է հանձնում ոսկե թելի վրա շարված ողնաշարը: Մինչ երկու զինվոր ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցից հանում են ևս մի սովորական օրորոց, նախորդից փոքր: Զինվորները ողնաշարը դնում են դրա մեջը:

ՆԱԽԱԳԱՀ — Այս հանդիսավոր առիթով, հայրենիքին մատուցած մեծագույն ծառայության համար, այն է՝ ազգիս հերոսաց հերոսի ոսկորները ժամանակից փրկելու և դեպի հավերժություն ուղղորդելու համար, «Պատմահայր» հուշամեդալով պարգևատրել գիտնական Գառնիկ Հախնազարյանին: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը պատմաբանին է հանձնում հուշամեդալը: Պատմաբանը հուզմունքից ձեռքը կրծքին սեղմած ստանում է հուշամեդալը, աչքերը սրբելով հեռանում:

ՆԱԽԱԳԱՀ — Իսկ այժմ, սիրելիներս, ազգիս դարավոր ցավով տառապող սի՛րտը…

Դեպի ամբիոն է առաջանում Գագոն՝ հերոսի սիրտը արծաթե սկուտեղի վրա դրած և գլխից վեր պահած, բերում, դնում է ամբիոնին:

ՆԱԽԱԳԱՀ — Ճիշտ կլիներ այս հրաբորբ սիրտը, որին հուր-հավիտյան երախտապարտ ենք հայրենիք ունենալու համար, ամփոփել Հանրապետության հրապարակում: Բայց չլինենեք եսասեր: Ես ինձ իրավունք եմ վերապահում բոլորիս զրկել այս չքնաղ սրտից և այն ամփոփել Արևմուտքում, ուր առ օրս դեգերում են ցեղասպանությունից մազապուրծ մեր անթիվ հայրենակիցների սերունդները: Թող ամեն անգամ այս պատկառելի սրտի շիրմին այցի գալիս հիշեն՝ հայրենիքի սերն ու սիրտը իրենց հետ են: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը արծաթե սկուտեղով վերցնում և զինվորներին է հանձնում արնածոր սիրտը: Մինչ երկու զինվոր ակնածելով նախագահից ստանում են այն, երկուսը արագ ոսկե օրորոցից հանում են ևս մի սովորական օրորոց, նախորդից փոքր: Զինվորները սիրտը դնում են դրա մեջ: Երկու զինվոր օրորոցը ծածկում են եռագույնով:

ՆԱԽԱԳԱՀ — Հայրենիքին մատուցած մեծագույն ծառայության, այն է՝ ազգային հերոսաց հերոսի սիրտը հավերժորեն արնածոր պահելու համար, գեներալ հռչակել թիկնապահների ջոկատի հրամանատար Գագիկ Մկոյանին: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Գագոն հպարտությունից փքված շտապում է բեմ, նախագահից ստանում գեներալի ուսադիրները: Ապա ձեռքը կրծքին դնելով ծնկի գալիս, համբուրում է եռագույնը, որ դրված է բեմի անկյունում:

ՆԱԽԱԳԱՀ — Ի վերջո, սիրելի հայրենակիցներ և հարգարժան հյուրեր, հերոսն ինքը, այսինքն՝ նրա ոգին: Սա այն գանձն է, որը մենք չենք տա ոչ ոքի՝ ոչ սիրուց և ոչ էլ ատելությունից դրդված: Հերոսի ոգին պիտի մնա հայրենիքում, քանզի դա է, որ մեզ հայ է պահում աշխարհի բոլոր ծագերում: Նա պիտի ամփոփվի պանթեոնում, հանճարների և հերոսների կողքին, այլապես թերի կլինի մեր ազգային դիմագիծը: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո զինվորները հրապարակ են ուղեկցում Մհերին: Նա բանից անտեղյակ աջ ու ձախ է նայում, ընդունում-ուղարկում է օդային համբույներ:

ՆԱԽԱԳԱՀ — (մատնացույց անելով կենտրոնում դրված ոսկե օրորոցը): Ահա այս ոսկե հավերժության մեջ պիտի ամփոփվի ազգիս փառապանծ ոգին:

Ուղեկցող զինվորները Մհերին հրում են դեպի ոսկե օրորոցը, փորձում նրան խցկել այնտեղ:

ՄՀԵՐ — Էս ի՞նչ եք անում: Ես համաձայն չեմ: Ես չեմ ուզում ննջել: Իմ քունը դեռ չի տանում:

ԶԻՆՎՈՐ — Հիմար մի էղի. դու քո մահով հայրենիք ես կերտում:

ՄՀԵՐ — Դուք կերտեք, ես չեմ ուզում: (Փորձում է ազատվել զինվորների ձեռքից:)

Ուռաներն ու համազարկերը դադարել են, պետք է արարողությունը շարունակել: Զինվորները ժամանակ չունեն համոզելու:

ԶԻՆՎՈՐ — Ափսոս, որ էդքան ապուշ ես:

Երկու զինվոր ծածկում են նրան հասարակության աչքից, երրորդը թափով խփում է գլխին: Մհերը ընկնում է զինվորների վրա, որոնք նրան խցկում են ոսկե օրորոցի մեջ:

ՆԱԽԱԳԱՀ — Ազգիս հերոս ոգին դարեդար աննկուն պահելու համար իմ երկու խորհրդականներին պարգևատրում եմ «Փրկիչ» հուշամեդալով: Ուռա՛:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜…

Ուռաների և համազարկերի ներքո նախագահը Վաչիկին և Խաչիկին հանձնում է հուշամեդալները:

ՆԱԽԱԳԱՀ — Եվ այսպես, իմ ժողովուրդ, մեր հավերժի երթը սկսված է: Մենք սկսում են մեր ազգային հերոս Գևորգ Բ-ի քսանհինգերորդ՝ հոբելյանական վերաթաղումը: Ամուր պահեք նրա թողած հայրենիքը և ձեր սրտերում վառ՝ նրա հիշատակն ու պատգամները: Քանզի այստեղ… (մատնացույց է անում օրորոցները) միայն ժողովրդի արժանավոր զավակը և հերոսը չէ: Այստեղ մեր հայրենիքն է և ժողովրդի ապագան… Առաջ, դեպի աստվածային հավերժություն: Ուռա՛:

Նախագահի խոսքերին հաջորդում են համազարկերն ու ցնծության բացականչությունները:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Ուռա՜, ուռա՜, ուռա՜, ուռա՜…

Զինվորները մոտենում են օրորոցներին: Հանկարծ աղմուկ է բարձրանում, ամեն ինչ ցնցվում է, իրարանցում է սկսվում, մարդիկ փախչում են, ցրվում աջուձախ:

ՁԱՅՆԵՐ — Երկրաշա՜րժ, երկրաշա՜րժ… փախեք:

Բոլորը փախչում են, զինվորները, շպրտելով օրորոցները, հետևում են նրանց: Մհերը ուշքի է գալիս, ձգվում օրորոցից դուրս: Ձեռքը գցում, բռնում է մեկին:

ՄՀԵՐ — Էս ո՞ւր, էս ի՞նչ իրարանցում ա:

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴ — Իրարանցում չէ, ջրհեղեղ ա, ջրհեղե՜ղ… փախե՜ք:

ՄՀԵՐ — (օրորոցից դուրս է թռչում, վազում նրա ետևից): Իսկ ո՞ւր ա տապանը, ո՞ր կողմ վազենք:

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴ — Սա ջրհեղեղ ա առանց տապանի, փախի, ուր աչքդ կտրում ա…

Մհերը միանում է փախչողներին:

2010 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։