Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԱՊՐԵԼ

 

 

Երբ Ար­ցախ­յան երկ­րորդ պա­տե­րազ­մի թնդա­նոթ­նե­րը դեռևս ­չեն լռել, երբ հե­րո­սա­բար մարտն­չող բա­նա­կին և նրան ա­մուր թի­կունք դար­ձած ժո­ղովր­դին դա­վադ­րա­բար պար­տադր­ված պար­տութ­յու­նը հո­գե­բա­նա­կան շո­կի է են­թար­կել ազ­գին և ող­բեր­գա­կան, քաո­սա­յին վի­ճա­կի բե­րել հան­րա­յին կյան­քը, այս մթնո­լոր­տում ստեղ­ծա­գոր­ծե­լը, մա­նա­վանդ` հա­վակ­նել գրե­լու ոչ վաղ անց­յա­լի հաղ­թա­կան գո­յա­պայ­քար­նե­րի և ներ­կա­յիս մա­քա­ռում­նե­րի թե­մա­յով, խոս­տո­վա­նենք, թվում է ան­հար­կի է և ան­կա­րե­լի: Սա­կայն ինձ օգ­նութ­յան հա­սան ման­կութ­յան և պա­տա­նե­կութ­յանս տա­րի­նե­րին իմ շրջա­պա­տի` Ե­ղեռ­նի, գաղ­թի տա­ռա­պա­լից ճա­նա­պարհ­ներ ան­ցած, գո­յա­պայ­քա­րի հե­րո­սա­մար­տե­րում ապ­րել-հա­րատևե­լու ի­րա­վուն­քը անձ­նու­րաց պաշտ­պա­նած մար­դիկ` հայ­րե­նա­դարձ­ված ըն­տա­նիք­նե­րի հա­մար Կի­րո­վա­կա­նում հապ­ճեպ կա­ռուց­ված բա­րա­քա­յին «Է­վա­կո­բա­զա» թա­ղա­մա­սի հարևան­ներս: Այդ թա­ղը մի փոք­րիկ Հա­յաս­տան էր` տար­բեր բար­բառ­նե­րով, ու­րույն կեն­ցա­ղով, ճա­կա­տագ­րե­րով, և ՀԱՅՔ էր` ճա­կա­տագ­րի դժնդակ հար­ված­նե­րին ողջ ժո­ղովր­դով, սե­րունդ առ սե­րունդ  դի­մագ­րա­վե­լու, տո­կա­լու, հաղ­թե­լու, հա­րատևե­լու, ա­րա­րե­լու, հայ­րե­նա­սի­րութ­յան ո­գե­ղեն հու­րը ան­թե­ղած պա­հե­լու և ե­կող սե­րունդ­նե­րին ժա­ռան­գե­լու դի­ցա­կան մթնո­լոր­տով: Ա­հա հենց սա էլ դար­ձավ այն հեն­քը, ո­րի վրա հյուս­վեց պիե­սի հիմ­նա­կան ա­սե­լիքն ու գա­ղա­փա­րը` դի­մա­կա­յել, չկորց­նել ո­գու ա­րիութ­յու­նը, տո­կալ և պայ­քա­րել` հա­մոզ­ված լի­նե­լով, որ հաղ­թա­նակ­նե­րը չեն նվի­րա­բեր­վում, այլ ձեռք են բեր­վում թշնա­մու և մեր կյան­քը խա­թա­րող ցե­ցե­րի դեմ պայ­քա­րով:

Եվ մի բան էլ. այս պիե­սը հնա­րա­վոր է և վա­վե­րագ­րա­կան հա­մա­րել, քան­զի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը և հե­րոս­նե­րը մտա­ցա­ծին չեն և նույ­նիսկ գլխա­վոր հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը չեն փոխ­ված: Պիե­սի գե­ղար­վես­տա­կան մտահ­ղա­ցու­մը, թերևս, նրա կա­ռուց­վածքն է` ներ­կա­յաց­վող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ժա­մա­նա­կա­յին հեր­թա­գայ­ման խախ­տում­նե­րով և ո­րոշ պատ­կե­րա­յին ան­ցում­ներ, որ թե­լադր­ված են պատ­մութ­յու­նը բե­մա­կան դարձ­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յամբ:

 

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԱՊՐԵԼ

Դրամա մեկ գործողությամբ, տասը դրվագով

 

Նվիրվում է Արցախյան երկրորդ պատերազմի

նահատակների հիշատակին

 

Ներկայացման դրվագները թմբիրի մեջ գտնվող, ծանր վիրավոր Դավթի տեսիլներն են` իրադարձությունների, հերոսների ու

նրանց տարիքի հերթագայման խախտմամբ:

Ձևավորումը պայմանական է, տվյալ գործողության վայրն առավել

ընկալելի է, ինչպես լինում է երազում կամ ենթագիտակցության մեջ:

Ցանկալի է, որ բեմադրիչը պիեսին վերաբերվի որպես ավանգարդիստական կտավի, որին պատկերված հին և նոր առարկաների առնչություններն ու միաձուլումները բեմականացման միջոցով ներկայացնեն հիմնական

ասելիքը` բոլոր ժամանակներում ժողովրդի և նրա սերունդների միասնական պայքարը` հանուն գոյատևման և հարատևման:

 

Գործող անձինք

ԴԱՎԻԹ — 12-15 տարեկան, ներկայացման ընթացքում

տարիքը փոխվում է` 20-22 տարեկան

ՍՈՆԱ — Դավթի սերը, 12-15 տարեկան, ներկայացման

ընթացքում տարիքը փոխվում է` 20-22 տարեկան

ՄՀԵՐ — Դավթի հայրը, հասուն տարիքի

ՇՈՒՇԱՆ — Դավթի մայրը, հասուն տարիքի, ներկայացման ընթացքում տարիքը փոխվում է` տարեց

ԽԱՉԻԿ — տարեց

ՇՈՂԵՐ — Խաչիկի կինը, տարեց

ԳԱՐԵԳԻՆ — տարեց

ՀԱՅԿԱԶ — հասուն տարիքի, դերձակ

ԼՈՒՍԻԿ — Հայկազի կինը, հասուն տարիքի

ԲԱԼԱԲԵԿ — հասուն տարիքի, զինվորական վերնաշապիկով, կրծքին` Հայրենական մեծ պատերազմի շքանշան

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Բալաբեկի կինը, հասուն տարիքի

ՀՌԻՓՍԻԿ — հասուն տարիքի պչրուհի

ՖԻԴԱՅԻ — երիտասարդ Խաչիկը` 18 տարեկան

ՍԱՄՍՈՆ — միջին տարիքի, երկրորդ մուտքին` հասուն

ԱՐՇԱԿ — Սոնայի եղբայրը, 25 տարեկան

ՄԱՆՉՈՒԿ — 8-10 տարեկան

Դրվագներում` Սուրո, բժիշկ, ասիստենտ, բուժքույր, զինվոր, վիրավոր զինվոր, ազերի, լարախաղաց, դհոլահար, տարեց բանվոր, երիտասարդ բանվոր, Արշակի մայրը:

Ձախակողմում աղոտ լուսավորվում է դաշտային հոսպիտալը: Վիրահատման սեղանի մոտ բժիշկները մաքառում են վիրավորի կյանքի համար:

ԲԺԻՇԿ — Դավի՛թ… Դավիթ, չքնես… Ճնշո՛ւմը:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Նորմալ է:

ԲԺԻՇԿ — Չքնես, տղաս… Վերջացնում ենք, քիչ մնաց: (Սրտի տրոփյունն արագանում է: Անհանգստացած:) Ճնշո՛ւմը…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ընկնում է:

ԲԺԻՇԿ — Ներերակային հեղուկը` շիթով:

ՍՈՆԱՅԻ հեռացող, արձագանքվող ձայնը — Դա՛-վիի՜թ… Դա՛-վիի՜թ…

Պատկերը տարրալուծվում է:

ԴՐՎԱԳ ԱՌԱՋԻՆ

Հին բակ: Ծեփաթափ երկհարկանի տուն: Պարանին` լվացք, հենակին հարմարեցված լվացարան, փայտե սեղան, իշոտնուկ, աթոռակներ, երիտասարդ կաղնենի:

Աքլորականչով բացվող առավոտ:

Տանից դուրս եկած Խաչիկը արևելք թեքվելով խաչակնքում, անձայն աղոթում է: Սրբիչն ուսին դուրս է գալիս Շողերը:

ՇՈՂԵՐ — Բարլուս, Խաչիկ:

ԽԱՉԻԿ — Բարի լույս, տիկին, հանգիստ քնացա՞ր:

ՇՈՂԵՐ — (լվացվում է): Այ մարդ, ասա` «քնեցիր», էլի՜:

ԽԱՉԻԿ — Հանգիստ քնեցի՞ր:

ՇՈՂԵՐ — Հա, ոչինչ: Թեյը դիր պրիմուսի վրա, հավերին կուտ տամ, գամ: (Գնում է:)

Գիրքը թևատակին, դույլով ջուր վերցրած, տանից դուրս է գալիս պատանի Դավիթը:

ԴԱՎԻԹ — Բարի լույս, քեռի Խաչիկ:

ԽԱՉԻԿ — Բարև, Դավիթ: Դեռ «Ձորի Միրո՞ն» կկարդաս, չավարտեցի՞ր:

ԴԱՎԻԹ — «Միրոն» վերջացրի: (Գիրքը սեղանին թողնելով մոտենում, ջրում է կաղնին:) Սա «Ռանչպարների կանչն» է, շատ հետաքրքիր գիրք է: (Վերադառնում, նստում է սեղանի մոտ, բացում է գիրքը:) Քեռի Խաչիկ, Անդրանիկ զորավարը, Արաբոն, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը իսկապե՞ս մեծ հերոսներ են եղել, թե՞ Դաշտենցը գեղարվեստորեն հզորացրել է նրանց:

ԽԱՉԻԿ — Մանչս, երբ հայն իր մաճն ու գութանը կթողնե, զենք կառնե, որ հայրենիքն ազատագրե, ան արդեն իսկ հերոս է: Քո հայրն ալ ճիշտ այդպես հերոսացավ:

ԴԱՎԻԹ — Քեռի Խաչիկ, ո՞նց անեմ, որ նրանց նմանվեմ:

ԽԱՉԻԿ — Տղաս, դուն քո տնկած ծառը կխնամես, այնպես չէ՞:

ԴԱՎԻԹ — Բայց ծառ ջրելն ի՞նչ հերոսություն է…

ԽԱՉԻԿ — Անշուշտ, ծառ ջրելը հերոսություն չէ, սակայն այդ ծառը սնուցող հողը պաշտպանելը հերոսացում է: Մինչև պատերազմ մեկնիլը քո հայրը վարորդ էր, բայց երբ զենք վերցուց, մեկնեց Արցախ` արդեն իսկ հերոս է: Ուրիշ հարցեր ունի՞ս, տո՛ւր, քանի դեռ Շողերը հավաբունեն դուրս չի ելեր, դուրս գա նե` գլխուս գալիքն արդեն գիտես:

ԴԱՎԻԹ — Քեռի Խաչիկ, մեր բակի բոլոր բնակիչներն էլ բարի են, բայց ամեն օր ինչո՞ւ են իրար հետ վիճում:

ԽԱՉԻԿ — (մտախոհ): Երկուշաբթին ծանր օր է, գիտե՞ս…

ԴԱՎԻԹ — Բայց նրանք ամեն օր են վիճում: Ցերեկով վիճում են, երեկոյան` հաշտվում, կարծես ոչինչ էլ չի եղել:

ԽԱՉԻԿ — Անոնց ողջ կյանքը ծանր երկուշաբթի եղած է, տղաս… Իրենք ի բնե չար չեն, անոնց վեճը կյանքին հետ է: Անփորձանք կյանքի սովոր չեն, ամեն պստիկ բանեն կնեղվին, պաշտպանվիլ կուզեն:

Հավաբնից լսվում է Շողերի աղեկտուր ողբը:

ՇՈՂԵՐ — Վա՜յ, վա՛յ, իմ անմե՜ղ, իմ սիրո՜ւն, ի՛մ-ի՛մ անգին ճուտիկ ջա՜ն…

ԽԱՉԻԿ — Ահավասիկ, օրը սկսավ:

ՇՈՂԵՐ — (սատկած ճուտը ձեռքին բակ է մտնում): Աչքով են տվե՜լ… Հա՛, էլի՜, աչքով են տվե՜լ, չար աչքը խավարի, հա՜…

ԽԱՉԻԿ — Նորեն ճո՞ւտ է սատկել:

ՇՈՂԵՐ — Հազար անգամ ասել եմ` Խաչի՛կ, աչքդ ճտերիս վրա պահիր, աչքով չտա՜ն… Օրը հազար անգամ աղոթում ես, այ մարդ, մի անգամ էլ ճտերիս համար աղոթիր, էլի՜…

Աղմուկի վրա դուրս են գալիս Հայկազը` կար անելով, Լուսիկը, Գարեգինը, Վարդանուշը, Հռիփսիկը` հայելին ձեռքին:

ՇՈՂԵՐ — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ… Խատուտիկս է, ժողովո՜ւրդ, խատուտիկս է՜…

ՀԱՅԿԱԶ — (ասեղը թելելով, հեգնական): Էլի ճուտ ա սատկե՞լ: Էդքան սատկում են` չպրծա՞ն:

ՀՌԻՓՍԻԿ — Օ՜, բարքեր, օ՜, ժամանակներ… Հեթանոսական ողբը` տիեզերքի նվաճման դարում: Позор!

ԳԱՐԵԳԻՆ — Տիկին, ի՞նչ ըսել է «պազոր»:

ԼՈՒՍԻԿ — (Հռիփսիկին): «Պազո՜ր»… իբր թե բան ասավ: Վերքը տիրոջն ա ցավ տալի: Քո ճուտը լիներ, էդ շպարված երեսդ արունլվիկ էիր արել:

ՀՌԻՓՍԻԿ — Ֆի՛, գեղջկուհի:

ՇՈՂԵՐ — (մորմոքում է): Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ…

ԼՈՒՍԻԿ — (Հռիփսիկին` սպառնալից): Ի՞նչ ասի՜ր…

ՀԱՅԿԱԶ — (կարից չկտրվելով` Լուսիկին): Մի խառնվիր, կռիվը գլուխդ կկապեն, ես քու քեֆը չունեմ:

ԼՈՒՍԻԿ — Չէ, ի՞նչ ասի՜ր… Երանի իմանամ, թե ի՞նչ ասիր:

ՀՌԻՓՍԻԿ — Որ չիմանաս` երկիրը չի տուժի:

ԼՈՒՍԻԿ — Երկրին չկպնես, դու էիր պակաս:

ՀՌԻՓՍԻԿ — Ֆի՛: Հայոց մայրաքաղաքի գավառական պատկեր: (Շրջվում, մազափունջը հայելում ուղղելով տուն է մտնում:)

ԼՈՒՍԻԿ — (նրա ետևից չանչ անելով): Գրողս ուտես, դե արի ու սրա հետ հարևանություն արա:

ՇՈՂԵՐ — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ…Աչքից է եղել, ժողովո՜ւրդ, աչքի՜ց…

ՎԱՐԴԱՆՈՒՇ — (լվացքը պարանից հավաքելով): Ա՛յ կնիկ, մէ օրմ կեղնի՞ օր Աստծու լուսը չհարամես: Ամո՛թ է, ամո՛թ: Երկու հարուր ճտից մեկն էլ կսատկի խո…

ՇՈՂԵՐ — Ճտի տեղը դու պիտի լինեիր, դո՜ւ, որ լաց չլինեի…

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Անամո՛թ: (Փութկոտ տուն է մտնում:)

ՇՈՂԵՐ — Գլուխդ հողեմ, ջադո՜ւ, ուրեմն քու կարծիքով ճուտը մարդ չի՞, որ սատկել է` լաց ըլնել պետք չի՞, քյավթա՜ռ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — (դուրս է գալիս): Ինչըղ էս թաղի բուդիլնիկն էղնիս, տնաշե՛ն… (Տուն է մտնում:)

ՇՈՂԵՐ — Տո՛, բուդիլնիկն էլ ես, ռադիոն էլ ես, դեռ… դեռ… ցիվիլիզացիան էլ: Դե՛ գնա:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — (դուրս է գալիս, ձեռքերը կանթում): Իդիկ ի՞նչ մեղքս էր:

ՇՈՂԵՐ — Շաշ կռո ես, է՜, եկար քաղաք, մարդ դարձար ու ճտին էլ հավան չես:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Անամո՛թ:(Շրջվում է, որ տուն մտնի` շեմքին ընդհարվում է դուրս եկող ամուսնուն, երկյուղած ընկրկում է:)

ԲԱԼԱԲԵԿ — (խիստ): Տուն մտի: Բարի լույս, Խաչիկ ջան:

ԽԱՉԻԿ — Բարև, Բալաբեկ:

ԲԱԼԱԲԵԿ — Ի՞նչըղ ես, Խաչիկ ջան:

ԽԱՉԻԿ — Իշտե:

ԲԱԼԱԲԵԿ — Լավ էղի, ախպեր ջան, լավ էղի՜… (Իբր նոր է նկատում Շողերին:) Բարև, քուրս: Վա՞յ, էդ ի՞նչ է էղե… վա՜խ-վա՜խ-վա՜խ, ափսոս չէ՞ր: Աչքից էղած կեղնի: Վա՜խ, վա՜խ, վա՜խ… Հա՜, չար աչքն էնպես բանըմ է, օր ծանրած կովը կտրաքի: Բեր, բեր, քուրս… Իդիկ էլ շնչավոր է, բեր հողավորենք: (Ճուտը վերցնում է Շողերի ձեռքից:) Խաչիկ ախպեր, քելե, քելե էրթանք հողավորենք:

ԽԱՉԻԿ — (գլխահակ): Շուկա պիտի երթամ:

ԲԱԼԱԲԵԿ — Իմ էլ թոշակը չեն բերե, փոստ կերթամ: Քելե, քելե էրթանք: (Թևանցուկ` Խաչիկին բակից դուրս է բերում:)

ՇՈՂԵՐ — (Բալաբեկի ետևից չանչ է անում): Կտանի՜, գառան պես խելոք մարդուս կխմացնի՜, փալասի պես կբերի, կգցի տուն: Չունենամ ձեզ պես հարևանը… (Շրջվում, նկատում է Դավթին:) Դո՞ւ ինչի ես տնկվել: Ուրախանում ես, հա՞: Իմ ճտերը ձեր կոտեմից են սատկում, կմեռնե՞ք` համեմ ցանեք:

ԴԱՎԻԹ — Շողեր մորաքույր, մերը հենց համեմ է:

ՇՈՂԵՐ — Ուրեմն համեմից են սատկում, մեկ էլ հորդ կապիտալիստական ավտոյի ծխից: (Տուն է մտնում:)

Պարկը ուսած` տնից դուրս է գալիս Գարեգինը:

ԳԱՐԵԳԻՆ — (շեմքից գոռում է): Ադի-բուդի՜, ադի-բուդի՜, ադի-բուդի՜…

Դուրս է գալիս Հայկազը` կրկնաբաճկոն հագած, մի քանիսն էլ` ձեռքին:

ՀԱՅԿԱԶ — Այ մարդ, փողոց դուրս արի, նոր գոռա, էլի՛… Մարդ լեղաճաք է լինում սրա ձայնից…

ԳԱՐԵԳԻՆ — Է՞, դուն ալ կանչե, քեզի ո՞վ խանգարեց:

ՀԱՅԿԱԶ — Ես կանչեմ-չկանչեմ, ամբողջ աշխարհը գիտի, որ ես Տելեգրեյկա Հայկազն եմ: Շուկայում գլուխս տեսնում` վրա են պրծնում: Ես Գարեգինը չեմ, որ ժամերով բարդուրին նստեմ:

ԳԱՐԵԳԻՆ — «Բարդուրին» ի՞նչ ըսել է…

ՀԱՅԿԱԶ — Որ հայերեն չգիտես, քեզ հետ էլ ի՞նչ խոսեմ: Արի, արի, օրը ճաշ դառավ: (Դուրս են գնում:)

Մենակ մնալով, Դավիթը հակվում է գրքին: Նրա թիկունքում երևակվում է Մհերը` զինվորական համազգեստով:

ԴԱՎԻԹ — (նրան չնայելով): Էլի եկա՞ր:

ՄՀԵՐ — Ես միշտ ներկա եմ, տղես: Ոչ մի տեղ չեմ գնացել:

ԴԱՎԻԹ — Հայրիկ, ինձ հետ տարօրինակ բաներ են կատարվում: Ես պատմություններ եմ տեսնում, որոնք գուցե վաղուց են եղել, բայց ես այնտեղ չեմ եղել: Նրանք ինձ ճանաչում են, ինձ հետ խոսում…

ՄՀԵՐ — Դու իմ ու պապիդ հետ կատարվածն ես տեսնում, տղես: Հողը, բակը, տունն իրենց հիշողությունն ունեն: Հիշողությունն արթնանում է, ապրողներին հիշեցնում նախնիների կյանքն ու փորձը:

ԴԱՎԻԹ — Բայց ինչո՞ւ եմ հենց ձեր կյանքը տեսնում:

ՄՀԵՐ — (հոգոցով): Ծանր հարց ես տալիս… Դավիթ, տղաս, թե՛ ես ու թե՛ քո պապը չծերացանք: Պապիկդ զոհվեց Արցախյան գոյամարտի ժամանակ, ես` Ապրիլյան քառօրյայի: Մենք մեր կյանքը կիսատ ապրեցինք: Դու ես մեր շարունակությունը և քո հիշողության մեջ արթնանում են մեր կյանքի պատմությունները: Հողը մո՞տդ է…

ԴԱՎԻԹ — Հա, իհարկե, մայրիկը կարել է պիջակիս աստառին, որ միշտ ինձ հետ լինի:

ՄՀԵՐ — Մշուց բերված հող է, տղաս:

ԴԱՎԻԹ — Գիտեմ, պատմել ես:

ՄՀԵՐ — Նեղն ընկնես` խորհրդակցիր հետը, քեզ ուժ կտա:

ԴԱՎԻԹ — Հայրիկ, հողը միշտ քո մոտ է եղել, ճի՞շտ է:

ՄՀԵՐ — Իմ հետ էլ, պապիկիդ հետ էլ:

ԴԱՎԻԹ — Բա ինչո՞ւ ձեզ չպաշտպանեց, երկուսդ էլ զոհվեցիք:

ՄՀԵՐ — Այդ մենք պիտի նրան պաշտպանենք, Դավիթ, մե՛նք, որ նրանից ուժ ստանանք, կարողանանք անմահանալ հայրենիքի հետ:

ԴԱՎԻԹ — Դուք անմահացա՞ք:

ՄՀԵՐ — Քեզնով, տղաս, քեզնով… (Հեռանալով` անէանում է 🙂

 

ԴՐՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ

Ամայի բակը: Մտնում է Սոնան:

ՍՈՆԱ — (շուրջը նայելով համոզվում է, որ հետևող չկա, փոքրիկ քար վերցնելով շպրտում է պատուհաններից մեկին): Դա՛-վի՜թ… Դա՛-վի՜թ…

Արագաքայլ մտնում է Սամսոնը` գալիֆե շալվարով, զինվորական կոշիկներով:

ՍԱՄՍՈՆ — (խուզարկու աջ ու ձախ նայելով): Ախչի, Ասատուրի աղջիկ, հալա մոտ արի:

ՍՈՆԱ — (մանրաքայլ մոտենում է): Բարև ձեզ:

ՍԱՄՍՈՆ — Բարև: Գիտես, չէ՞, որ ես թաղային կոմիտեի լիազորն եմ և պարտավոր եմ ամեն ինչ իմանալ: Քիչ առաջ էստեղ ի՞նչ աղմուկ էր:

ՍՈՆԱ — Ճուտ էր սատկել:

ՍԱՄՍՈՆ — Ափսո՜ս…

ՍՈՆԱ — Հա, ափսոս էր:

ՍԱՄՍՈՆ — Գլխիդ զոռ մի տուր, ճտի ափսո՞սը որն է… Բա դու ինչի՞ ես կանգնել, ո՞ւմ ես սպասում:

ՍՈՆԱ — Դավթին:

ՍԱՄՍՈՆ — Էս վերջերս շատ չե՞ք իրար սպասում:

ՍՈՆԱ — Մենք համադասարանցիներ ենք: Դասերը միասին ենք սովորում: Որոշել ենք դպրոցն ավարտել, ընդունվել բուհ:

ՍԱՄՍՈՆ — Սպա՛-կոյնո՜… Էդ ի՞նչ շայկա է, ղեկավարն ո՞վ է:

ՍՈՆԱ — Ինստիտուտ է:

ՍԱՄՍՈՆ — Այսինքս:

ՍՈՆԱ — Դե… ինստիտուտ է` բուհ, բարձրագույն ուսումնական հաստատություն: Բանասեր ենք դառնալու:

ՍԱՄՍՈՆ — Ուրեմն, ասում ես` բուհը ինստիտուտ է… Վատ հոտ է գալի՜ս… Էդ ի՞նչ տեսակ ինստիտուտ է, իմացար, որ ինժեներ չեք դառնալու, լյոտչիկ չեք դառնալու, արհեստ չեք սովորելու:

ՍՈՆԱ — Դա էլ է մասնագիտություն, քեռի Սամսոն:

ՍԱՄՍՈՆ — Հաշիվը մեկ է: (Մատ է թափ տալիս:) Կուրսից շեղվել եք` աչքներդ կհանեմ: (Փութկոտ դուրս է գնում:)

Լսվում է մոտեցող Բալաբեկի, Գարեգինի, Հայկազի, Խաչիկի երգը: Սոնան դուրս է փախչում:

Գինովցած, օրորվելով մտնում են հարևանները` ամեն մեկը մի բաճկոն հագած: Գարեգինը հազիվ է բերում ուսած պարկը, Խաչիկը կռթնած է Դավթի ուսին:

ԲՈԼՈՐԸ — (գոռոցով երգում են).

Առաքել, Մու-շե՜ղ,

Լեռներուց իջա՜ն,

Ավերակ ջաղա՜ց, հոգի ջա՛ն,

Գտան օթևա՜ն…

Բակ մտնելով բաճկոնները հանում, վերադարձնում են Հայկազին:

ԲԱԼԱԲԵԿ — Դե, ձեզի մեռնիմ, քելեք քիչըմ հանգստացեք: (Խոնարհաբար սեղմում է Խաչիկի ձեռքը:) Դու ողջ էղնիս, Խաչիկ ախպեր, ճտի մնացած կյանքը քու վրա էղնի… (Օրորվելով տուն է մտնում:)

ԳԱՐԵԳԻՆ — (Խաչիկի ձեռքը սեղմելով): Աստված հոգին լուսավորե: (Պարկի ծանրությունից հակելով տուն է մտնում:)

ՀԱՅԿԱԶ — Խաչիկ ախպեր, Աստծով մխիթարվես… (Բաճկոնները թևին դարսելով:) Ի՞նչ ասեմ… Ինչ լինում է, մրսելուց է լինում: Էս աշխարհում տաք մնալուց ոչ ճուտ ա սատկե՜լ, ոչ էլ մարդ ա մեռել… (Օրորվելով` դեպի տուն:) Այ, եթե ճուտդ… ճո՜ւ-տը՛դ… տելեգրեյկա հագած լիներ, ֆյուո՜ւ…

ԽԱՉԻԿ — (երգում է): Դե զարկեք, զարկե՜ք…Դե զարկեք քաջ-քա՜ջ… (Դավթի օգնությամբ նստում է ծառի տակ:) Տիրո՜ջ սուրբ կամքով, հոգի ջան… Մենք կերթանք առա՜ջ… Դավիթ, ի՞նչ ծառ է աս ծառը, գիտե՞ս:

ԴԱՎԻԹ — (կողքին նստելով): Իմ տնկած ծառն է, ո՞նց չգիտեմ, կաղնու ծառ է:

ԽԱՉԻԿ — Ապրիս: (Կարճ դադար:) Է՛հ, աշխա՜րհ, աշխարհ… Դեռ քանի՜-քանի ծառ կա, որ ջուր կուզե, քանի՜-քանի ծառ զինվորի արյունով սնվեցավ և ոչ` աղբյուրի ջրով: Դուն Աղբյուր Սերոբը գիտե՞ս:

ԴԱՎԻԹ — Իհարկե գիտեմ: Խիզախ հայդուկապետ էր: Նրան հայի դավաճանությամբ գլխատեցին:

Գալիս է Սամսոնը:

ՍԱՄՍՈՆ — (չորս կողմը խուզարկու նայելով, Խաչիկին): Բարև, հարազատ, ո՞նց ես:

ԽԱՉԻԿ — Իշտե:

ՍԱՄՍՈՆ — Արևկող ես անում, հա՞:

ԽԱՉԻԿ — Ատանկ է:

ՍԱՄՍՈՆ — Ճիշտ ես անում, քու ցավը տանեմ: Որ եկել ես հայրենիք, ուրեմն էս արևից քեզ էլ է հասնում: Արևը ժողովրդինն է, աշխատավոր մասսաներինը:

ԽԱՉԻԿ — Շնորհակալ եմ, հոնտեղ արևը կապիտալիստներունն էր:

ՍԱՄՍՈՆ — Ի՛-յա՜… Էդ որտե՞ղ:

ԽԱՉԻԿ — Ֆրանսիա:

ՍԱՄՍՈՆ — Էդ ո՞նց:

ԽԱՉԻԿ — Անանկ:

ՍԱՄՍՈՆ — Բա չտեսա՞ր էս կողմերում ով էր ֆուտբոլ խաղում: Խփեցին, դամկոմի շուշեն կոտրեցին:

ԽԱՉԻԿ — «Ֆուտբոլը» անգլիերեն բառ է, գիտե՞ս:

ՍԱՄՍՈՆ — Ի-յա՜… էդ լակոտներին տես, է՞… (Փութկոտ հեռանում է:)

ԽԱՉԻԿ — (նրա ետևից նայելով` անհույզ): Սամսոնը վատ մարդ է:

ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ, քեռի Խաչիկ, քեզ ի՞նչ վատ բան է արել:

ԽԱՉԻԿ — Տղաս, մարդ մը, որ խելքի փոխարեն պաշտոնը կօգտագործե և ոչ թե խելքը պաշտոնին մեջ` վատ մարդ է: Ինչո՞ւ, գիտե՞ս: Անխելք պաշտոնավորը խելացի մարդը կկապկե և ամեն ինչ հակառակը կընե, իր շահի համար կընե: Հասկցա՞ր…

ԴԱՎԻԹ — Հասկացա:

ԽԱՉԻԿ — Ապրիս: Կրնա՞ս ըսել` երկրագնդի վերա քանի հայ կապրի:

ԴԱՎԻԹ — Մի տեղ կարդացել եմ… Եթե չեմ սխալվում, մոտավորապես…

ԽԱՉԻԿ — Ալ մի շարունակե: Ինչ թիվ էլ ըսես` սխալ է:

ԴԱՎԻԹ — Բայց գրքում եմ կարդացել, քեռի Խաչիկ:

ԽԱՉԻԿ — Սխալ է, տղաս, սխալ է: Հայ ժողովուրդը բոլոր դարերուն ատենը դավաճաններ ունեցած է: Դուն դավաճաններուն հա՞յ կհամարես… Աղբյուր Սերոբին մատնած Ավեին հա՞յ կհամարես, Անի մայրաքաղաքը Բյուզանդիային հանձնած Վեստ Սարգիսին ու Պետրոս Գետադարձին հա՞յ կհամարես… Այնպես որ, Դավիթ, հիշե, մեր թաղամասին մեջ հայերու թիվը մեկով պակաս է: Թաղային Սամսոնին հանե մեջտեղեն: (Ստուգելով` լսող չկա՞, կիսաձայն:) Անիկա մատնագիր գրող է, 47 թվականին անոր մատնությամբ շատերն աքսորվեցան Սիբիր:

ԴԱՎԻԹ — Իմ հայրն ինչպիսի՞ մարդ է, քեռի Խաչիկ:

ԽԱՉԻԿ — Քո հայր Մհերն ալ, քո մայր Շուշանն ալ բարի մարդիկ են, տղաս: Սոնան ալ աղվոր աղջիկ է:

ԴԱՎԻԹ — (շփոթված ոտքի է ելնում): Ի՞նչ Սոնա…

ԽԱՉԻԿ — Ասատուրին աղջիկը: Հանե, պատի տակ թաքնված քեզի կսպասե:

Մշուշ: Սրտի տրոփյուն: Ձախակողմից դանդաղ քայլերով մտնում է զինվորական համազգեստով Մհերը` ինքնաձիգն ուսած: Հասնելով Դավթին, անցնում է նրա կողքով, նրա ուսին թողնելով զենքը` դուրս է գնում:

ԴՐՎԱԳ ԵՐՐՈՐԴ

Բակը: Շուշանը, աթոռակին նստած, պաշտպանական ցանց է հյուսում: Մտնում են Շողերը, Վարդանուշը` մեծ փաթեթներով, Լուսիկը` մի քանի բաճկոն ձեռքին, Հռիփսիկը` նազկտան քայլվածքով:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Էս ինչ լավ գործի ես, Շուշան ջան: Ֆռոնտ բդի ղրգե՞ս:

ՇՈՒՇԱՆ — Հա, ռազմաճակատի համար է:

ՇՈՂԵՐ — Դե, սրանք էլ վերցրու: (Ձեռքի փաթեթը ցած է դնում:) Փափուկ բալիշներ են` իմ հավերի բմբուլներից:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — (իր փաթեթը տալով): Բրդից տաք գուլպաներ են, ես եմ գործե: Բարով հագնի՜ն, բարով ետ գան:

ԼՈՒՍԻԿ — (բաճկոնները փաթեթների մոտ տեղավորելով): Էս էլ մեր կողմից: Հայկազիս կարած տելեգրեյկաներն են:

ՇՈՂԵՐ — Բա Դավիթն ո՞ւր է, իմացանք, որ ինքն է ռազմաճակատ ուղարկվող օգնություններ կազմակերպողը:

ՇՈՒՇԱՆ — Դավիթը ետնաբակում է: Սրանք կհանձնեմ իրեն, շնորհակալություն:

ՀՌԻՓՍԻԿ — (շեշտված հանդիսավորությամբ առաջանում, դրամապանակից փող է հանում, մեկնում Շուշանին): Սա էլ` իմ կողմից: Իմ խնայողություններն են:

ՇՈՒՇԱՆ — Շնորհակալություն:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մենք ենք շնորհակալ, օր դուք ըսպես լավ գործ եք բռնե, աղջիկ ջան: (Կատակով:) Հռիփսիկը փողն ի՞նչ պդի էնե, ներկ պդի առնե, քսե երեսին, էլի:

ՀՌԻՓՍԻԿ — Վարդանուշ, էս սուրբ օրով բերանս բացել մի տուր:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Տո քելե, Հռիփսիկ ջան, դու ե՞րբ ես քեզի փակ պահե, օր էսօր ծածկվիս:

Հարևանուհիներն անքեն ծիծաղելով դուրս են գնում: Բջջայինով խոսելով բակ է մտնում Արշակը` զինվորական համազգեստով:

ԱՐՇԱԿ — Դավիթ, Արշակն է, ձեր բակում եմ, բեռնատարը բերեցի: Լավ, սպասում եմ: (Մոտենում է Շուշանին:) Բարև ձեզ, Շուշան մորաքույր:

ՇՈՒՇԱՆ — Դո՞ւ ես, Արշակ ջան, բարի օր: Նստիր: Տեսա՞ր,աշխարհն էլի ոնց խառնվեց, այ բալա:

ԱՐՇԱԿ — (նստելով): Հե՛չ չմտածես, հաղթելու ենք:

ՇՈՒՇԱՆ — Իհարկե, հաղթելու ենք: Միայն թե… մտադիր էինք էս աշուն քրոջդ` Սոնային, Դավթիս հետ նշանենք, էն էլ… (Զննելով նրա համազգեստը:) Էս ռազմաճակատ ես մեկնո՞ւմ:

ԱՐՇԱԿ — Վաղն առավոտյան: Դավթի հետ կգնանք, օգնությունները կհանձնենք ու կմիանանք մերոնց:

ՇՈՒՇԱՆ — Դավթի՞… ասացիր` Դավթի հե՞տ…

ԱՐՇԱԿ — Հա: Ինքը ձեզ բան չի՞ասել:

ՇՈՒՇԱՆ — (մտախոհ): Ասել է… Դեռ ծնված օրից է ասել…

Մտնում է երիտասարդ Դավիթը, Արշակի հետ ջերմ ողջագուրվում, նստում է ազատ աթոռին:

ԴԱՎԻԹ — Մամ, շատ կա՞, որ ավարտես:

ՇՈՒՇԱՆ — Մի ժամվա գործ մնաց:

ԴԱՎԻԹ — Մամ, ուզում եմ քեզ բան ասել:

ՇՈՒՇԱՆ — Մի ասա, տղես, արդեն գիտեմ:

ԴԱՎԻԹ — Գիտե՞ս… (Շուշանը չի պատասխանում: Առժամանակ լուռ են:) Ինչո՞ւ չես խոսում:

ՇՈՒՇԱՆ — Խոսում եմ, տղես, բա չե՞մ խոսում… խոսում եմ: (Պաղատագին:) Ետ կգաս: Ետ կգաս, Դավիթ, մեր պատին լուսանկարի տեղ չկա՜…

 

Սրտի տրոփյուն: Մշուշոտ, թույլ լուսավորվում է դաշտային հոսպիտալը:

ԲԺԻՇԿ — Տամպո՛ն: (Բուժքույրը վիրախծուծ է տալիս: Ասիստենտին:) Զգո՛ւյշ, սիներակն է:

ԱՍԻՍՏԵՆՏ — Նկատել եմ, բժիշկ:

ԲԺԻՇԿ — Լայնի՛չ: (Բուժքույրը մեկնում է գործիքը:) Ավելի մեծը, բեկորն այստեղ կարծես շեղակի լայն է: (Բուժքույրը նորն է տալիս:) Համբերիր, տղաս, վերջին բեկորն է, համբերիր…

ԴԱՎԻԹ — Հողը… հո՛ղը… հո՜ղը…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Բժիշկ, ինչ-որ բան է ասում:

ԲԺԻՇԿ — Ասա, Դավիթ, խոսիր, խոսի՛ր, տղաս…

ԴԱՎԻԹ — Հո՜ղը…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Հո՞ղը… Ասաց` հո՞ղը…

ԲԺԻՇԿ — Այստեղ է, այստեղ… Մի խոսիր, բայց չքնես… Հողն այստեղ է…

ԱՍԻՍՏԵՆՏ — Ի՞նչ հող:

ԲԺԻՇԿ — Երբ պիջակը հանում էի, ձախ ծոցագրպանից արյունոտված քսակ ընկավ: Պարզվեց, մեջը հող է ու տետրի թուղթ, վրան գրված` «Մշո հող»… Երևի թալիսման է պահում:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Այ քեզ բա՜ն…

Վիրահատությունը շարունակվում է:

Դեմ դիմաց կանգնած երևակվում են Մհերն ու Դավիթը` զինվորական համազգեստներով, ինքնաձիգերով:

ՄՀԵՐ — Հիշիր, տղաս, մեր նախնիներն իրենց բնաշխարհը հոր անունով կոչեցին` հայրենի՛ք, լեզուն մոր անունով` մայրենի՛: Եվ իրենց սերունդներին ավանդեցին` մա՛յր հայրենի՛ք: Այն ավելի թանկ է, քան կյանքը:

ԴԱՎԻԹ — Հայրիկ, ինչո՞ւ այդ մասին ինձ ավելի վաղ չէիր ասում:

ՄՀԵՐ — Քո հերթը դեռ չէր եկել, տղաս:

Երևակվում են Շուշանն ու Արշակի մայրը, նրանց դեմ-դիմաց կանգնած են զինվորական Դավիթն ու Արշակը: Անխոս հառված են միմյանց:

ՍՈՆԱ — (դրսից): Դա-վի՜թ… Դա-վի՜թ… (Վազքով մտնում, նրանց տեսնելով` կարկամում, ապա խոնարհ մոտենում, կանգնում է մայրերի մեջտեղում:)

ԴԱՎԻԹ, ԱՐՇԱԿ — (միաձայն): Սոնա… մամային լավ կնայես:

 

ԴՐՎԱԳ ՉՈՐՐՈՐԴ

Բակը: Երեկո է: Բալաբեկն ու Մհերը նարդի են խաղում, Հայկազը թել-ասեղով կար է անում, մյուս հարևան-հարևանուհիները զրուցում են: Պատանի Դավիթն ու Սոնան էլ են այստեղ:

ԳԱՐԵԳԻՆ — (շարունակում է սկսած պատմությունը): Այդ տղան քովս բերեք,- ըսավ յուզբաշին: Ինձի մոտ տարին…

ԽԱՉԻԿ — (դիտմամբ ընդհատում է): Օր մը, Փարիզին մեջ կոշկակար Փանոսը հանդիպեցավ: Գարեգին, Փանոսը կհիշե՞ս:

ԳԱՐԵԳԻՆ — Այո, կհիշեմ… (Շարունակում է խոսքը:) Դուն որո՞ւ տղան ես,- հարցուց յուզբաշին: Արամի,- ըսի: Անո՞ր,- մատը տնկեց կախաղանը…

ԽԱՉԻԿ — (դարձյալ ընդհատում է): Աս կոշկակար Փանոսը, կոշիկ նորոգելուն ատենը, կրունկին մեջ ոսկի գտած էր: Գարեգին, սա պատմությունը պետք է որ լսած ըլլաս:

ԳԱՐԵԳԻՆ — Լսած եմ, ջանմ… Անո՞ր,- մատը տնկեց կախաղանը: Ոչ,- ըսի և երեսս դարձուցի դեպի հայրս, որ քրոջս գրկած, ջախջախված գլխով ինկած էր…

ԽԱՉԻԿ — (ընդհատում է): Ծո, մոռցա ըսել, երեկ գիշեր քնացա, երազ տեսա… Ավանակն ի՞նչ է:

ՀԱՅԿԱԶ — (գործից չկտրվելով): Հարստություն է:

ԽԱՉԻԿ — Հիսուսի ավանակն էր:

ԲԱԼԱԲԵԿ — (խաղից չկտրվելով): Աստծու կողմից հարստություն կստանաս:

ԽԱՉԻԿ — Հարցուց, թե Գարեգինն առո՞ղջ է, չուզե՞ր արքայության դռներն իր առջև բացվին:

ՀԱՅԿԱԶ — Յա՜, ա՛յ մարդ, գոնե երեսին մի ասա:

ՄՀԵՐ — Երազդ լույսին լինի, Խաչիկ, շատ վատ երազ ես տեսել մեր Գարեգինի վրա: (Բալաբեկին:) Զառդ գցի:

ԳԱՐԵԳԻՆ — (անհանգստացած): Իրա՞վ կըսես:

ԽԱՉԻԿ — Իրավ:

ՀՌԻՓՍԻԿ — (հայելու մեջ իրեն զննելով): Երազներն, իհարկե, նախագուշակ են, բայց գիտությունը հերքում է երազների կանխատես լինելը:

ԳԱՐԵԳԻՆ — (վախեցած խաչակնքում է): Տիրոջ կամքն է:

ԽԱՉԻԿ — Ապրիս: Հազար տարիե ի վեր Հիսուսի համար ավանակություն եմ ըրե, ըսավ, հոգնեցա:

ԳԱՐԵԳԻՆ — Ավանակն ըսա՞վ:

ԽԱՉԻԿ — Այո: Հիսուսը արձակեց զիս, ըսավ, Գարեգինը ինձի պիտի փոխարինե:

Ծիծաղ է պայթում:

ՀԱՅԿԱԶ — Վա՛յ, Գարեգին, վա՛յ, լավ վախեցրեց քեզ Խաչիկը:

ԳԱՐԵԳԻՆ — Չվախցա, ջանըմ… Երեկ գիշեր ես ալ երազ տեսա: Ասկյարները հարձակվել էին, կոտորած էր… Տուները այրեցին, թալանեցին, մորթեցին…

ԽԱՉԻԿ — (հուզված): Բավակա՛ն է:

ԳԱՐԵԳԻՆ — …եղբորս կապեցին ծառեն, սուրը բարձրացրին, որ սիրտը մխրճեն, ճչացի…

ԽԱՉԻԿ — (վրդովված): Բա՛-վա՛-կա՛ն է՜:

ԳԱՐԵԳԻՆ — (չընկալելով): Ինչ ըսի՞ր…

ԽԱՉԻԿ — Բավական է, մա՛րդ: Ուրիշ պատմություն չունի՞ս աս երեխաներու մոտ պատմելու: Ես դիտմամբ խոսքը կփոխեմ, դուն դարձյալ նախճիր կպատմես:

ԳԱՐԵԳԻՆ — (նեղացած): Է՞, ես իմ պատմությունս կհիշեմ…

ԽԱՉԻԿ — Ատ չէ՛ քո պատմությունը:

ԳԱՐԵԳԻՆ — (զգուշավոր): Խաչի՛կ…

ԽԱՉԻԿ — Այսքան շո՞ւտ մոռցար:

ԳԱՐԵԳԻՆ — Խաչիկ… հիվա՞նդ ես:

ԽԱՉԻԿ — Ո՛չ, շատ առողջ եմ: Դուն հայդուկ Գարեգինը չե՞ս, ինչո՞ւ կմոռնաս և կհիշես միայն խեղճ մանկությունդ:

ԳԱՐԵԳԻՆ — (վախեցած): Խենթեցա՞ր: Կագեբե՞ն կարոտեցիր:

ԽԱՉԻԿ — Ամենևին: (Դավթին.) Դուն, տղաս, մտիկ մի ըներ նման պատմություններու: Հայը և՛ զենք բռնել գիտե, և՛ հաղթել գիտե:

ԴԱՎԻԹ — Գիտեմ, Խաչիկ քեռի, իմ պապիկն ու հայրիկն էլ են կռվել ու հաղթել: Ճի՞շտ է, հայրիկ:

ՄՀԵՐ — (նարդին փակելով): Ճիշտ է, տղաս:

ԽԱՉԻԿ — (Դավթին): Կեցցե՛ս: (Գարեգինին.) Դուն ինչո՞ւ կվախնաս, Գրգո՜: Մուսալեռի կռվին թուրքը չկրցավ Գրգոյին սպանել, դուն ինչո՞ւ կթաղես քեզի:

ԳԱՐԵԳԻՆ — (գլխահակ): Դուն չվախցար, ու կյանքիդ կեսը Սիբիրը կերավ… Մոռցա՞ր:

ԽԱՉԻԿ — Ո՛չ: Սիբիրն ալ չեմ մոռցած, տովարիշչ կագեբեն ալ չեմ մոռցած, թոնիրի մեջ նետված մայրիկիս ալ չեմ մոռցած: Բայց ամենեն շատ կուզեմ Գեչրլուն հիշել, և կհիշե՛մ: Այո՛, կհիշե՛մ:

ՀԱՅԿԱԶ — Գեչրլո՞ւն… Մեր Հոկտեմբերյանի շրջանի Գեչրլու գյո՞ւղը:

ԽԱՉԻԿ — Ոչ: Մեր Սարդարապատի՛ Գեչրլու գյուղը:

ՀԱՅԿԱԶ — Վա՜հ: Դու Փարիզից չե՞ս հայրենադարձվել:

ԽԱՉԻԿ — (խոր շունչ է քաշում, զսպված հանդարտությամբ): 1921-ին Պարսկաստանով Ֆրանսիա անցա:

ԲԱԼԱԲԵԿ — (զարմացած): Հըբը… Գեչրլո՞ւն…

ԽԱՉԻԿ — Ատ 18 թվին էր, մայիսի քսաներեքը: Շևքի փաշայի զորքը գրավված էր Գեչրլուն: Պարոն Պողոսբեկ Փիրումյան մեզի հրաման տվավ` հարձակվի՛լ…

ԲԱԼԱԲԵԿ — Վե՞րջը…

ԽԱՉԻԿ — Մահապարտներու մեր վաշտը ատ հրամանին կսպասեր: Եթե անգամ հրաման չըլլար, մենք խենթեցած էինք վրեժեն: Թյուրքը գրաված էր Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը և արդեն Երևան կարշավեր: Մայիսի 21-ին ասկյարը Սարդարապատ կայարան և գյուղը մտավ, ավերեց Գեչրլուն… Ալ նահանջի տեղ չկար, զենքը ձեռքին մեռնիլը պատիվ էր: Մենք խենթեցած էինք, և հրամանը ճիշտ պահուն եղավ: Գրոհի ելանք: Ասկյարները հրետանին գործի գցեցին, բայց ուշ էր արդեն, ձեռնամարտի նետվեցանք: Մեր ամեն մեկ քայլը Հայաստանը ետ կբերեր: Քայլ առ քայլ մեր հողը մեզի կուգար… Ձեռնամարտի պահուն օնբաշին ետ ցատկեց և մաուզերը ուղղեց վերաս: Աչքը աչքիս առավ… Չեմ գիտեր, ի՞նչ տեսք ունեի, որ ատ շունը սարսափեց, ճչաց ու զենքը վար նետելով փախավ… Մենք բոլորս ալ նույն տեսքն ունեինք…

Դադար:

ՀԱՅԿԱԶ — Հայի բախտ է՜… Հաղթում ենք, հաղթո՜ւմ, երկիրն ուրիշի ենք տալիս:

ԽԱՉԻԿ — Հայու բախտ չէ: Հայու կարճ հիշողություն է: Կհաղթե ու կկարծե, թե թշնամին այլևս իր բարեկամը դարձավ, կմոռնա, որ թշնամի ունի: Զենքը մեկ կողմ կնետե, հող կվարե, եկեղեցի կկառուցե…

ԲԱԼԱԲԵԿ — Քեզի չեմ հասկնա, Խաչիկ ախպեր: Հըբը ի՞նչ պըտի էներ հայը: Ո՞ր մե ազգը պատերազմից հետո իր հողը չի մշակե՜, քանդվածը չի սարքե՜:

ԽԱՉԻԿ — Այո: Բայց զենքը միշտ պատրաստ պիտի պահե: Զորեղ պիտի մնա: (Գարեգինին.) Զավակներուն իր հաղթանակը պիտի պատմե, անոնց իր հաղթանակն ու հաղթանակի ոգին պիտի կտակե և ո՛չ թե պարտություններու ողբը:

ԳԱՐԵԳԻՆ — Վերջ տուր, բե՞… (Փութով հանում է պիջակը, մեկնում Հայկազին:) Քանդե, աստառը քանդե, և կտեսնաք, որ իմ փամփուշտը դեռ արձակեմ պիտի:

ՀԱՅԿԱԶ — (պիջակի աստառից փոքրիկ կապուկ է հանում): Էս ի՞նչ է:

ԳԱՐԵԳԻՆ — (պարծանքով): Փամփո՛ւշտ: Մուսալեռեն մնաց: (Կապուկից հանելով` մեկնում է Դավթին:) Վերցուր, տղաս, ասոր հերթը դեռ գալու է:

ԽԱՉԻԿ — (ոտքի ելնելով` պոռթկում է): Ո՜չ… Ո՛չ: Ետ վերցուր, Գարեգին, ե՜տ:

ԳԱՐԵԳԻՆ — (շփոթվում է): Սակայն…

ԽԱՉԻԿ — Գրգո՜, խև Գրգո, դուն սա փամփուշտն ինչու ետ բերիր… Ինչո՞ւ բերիր և ո՞ւր կուղարկես: Հին փամփուշտով նոր հաղթանակ չըլլար, Գրգո՜:

ԳԱՐԵԳԻՆ — Աս մարդը ի՞նչ կխոսի, չեմ հասկնար:

ԽԱՉԻԿ — Ամեն փամփուշտ զորավոր է ի՛ր կռվին մեջ: Ինչո՞ւ չկրցար սա փամփուշտը պարպել:

ԳԱՐԵԳԻՆ — Չե՞ս գիտեր, ֆրանսիացիները եկան…

ԽԱՉԻԿ — Եվ չորս հազար մուսալեռցի նավերն առին, փախցուցին, այնպես չէ՞:

ԳԱՐԵԳԻՆ — Այո:

ԽԱՉԻԿ — Մենք ձեռնամարտի նետվեցանք, որովհետև փամփուշտ չունեինք, Գրգո՛: Դուն սա փամփուշտն ինչո՞ւ չպարպեցիր:

ԳԱՐԵԳԻՆ — (խեղճացած): Ի՞նչ ընեմ… Մեկ կո՞ղմ նետեմ…

ԽԱՉԻԿ — Թշնամուն հաղթելը սխրագործություն է, տղաք: Սակայն հաղթելը քիչ է, հաղթանակը պահպանել է պետք: Հզո՜րը կրնա պահպանել իր հաղթանակը: Գրգո, անուշիկ եղբայր, մի նեղվե: Ետ վերցուր փամփուշտը: Ան դասալիք է: Քո չպարպված փամփուշտը դասալիք է՜: (Գլխահակ նստում է:)

Դադար:

ԲԱԼԱԲԵԿ — Խաչիկը ճիշտ կսե: Մի նեղվե, Գարեգին ախպեր: Աստված չտա` պատերազմ էղնի, բայց օր էղավ` ուրիշ կռիվ է էղնելու:

Դադար:

ՍՈՆԱ — Խաչիկ քեռի, ինչ լավ է, որ դուք Սարդարապատում չեք զոհվել… Այդ բոլորն ումի՞ց կիմանայինք:

ԽԱՉԻԿ — Մեզի հրամայված էր ապրել, աղջիկս:

ԴԱՎԻԹ — Ո՞վ էր հրամայել, Փիրումյա՞նը:

ԽԱՉԻԿ — Ոչ:

ԴԱՎԻԹ — Սիլիկյա՞նը:

ԽԱՉԻԿ — Ոչ:

ԴԱՎԻԹ — Ո՞վ էր հրամայել, քեռի Խաչիկ:

ԽԱՉԻԿ — Աստծո հրամանն է, տղաս: Հայու համար ապրիլը` հաղթել կնշանակե: (Ցուցամատով հեռացնում է ծանրացող արցունքը:)

Դադար:

ՍՈՆԱ — Քեռի Բալաբեկ, Խաչիկ քեռին ինչո՞ւ է մեկ աչքով լալիս:

ԲԱԼԱԲԵԿ — Մենձենաս` կհասկանաս, գառ…

Մթնեցում:

ԴՐՎԱԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Բեմը չլուսավորված` լսվում է Շողերի ողբը:

ՇՈՂԵՐ — Վա՜յ, վայ իմ անմե՜ղ, իմ սիրո՜ւն, իմ-իմ անգին ճուտիկ ջա՜ն… Մեր տան վրա թուղթուգիր են արել, գի՜ր…

Լուսավորվում է: Առավոտ է: Բակի կենտրոնում սատկած ճուտը ափերում բռնած, հարևանների շրջանի մեջ կանգնած է Շողերը: Վարդանուշը լվացք է փռում: Հայկազն, անտարբեր, կար է անում: Մի կողմ քաշված, գլխահակ կանգնած է Խաչիկը: Բոլոր հարևաններն այստեղ են, միայն Լուսիկն ու Բալաբեկը չկան:

ՇՈՂԵՐ — Տե՛ս-տե՛ս-տե՛ս-տե՛ս, սևուկս է, սևուկս է՜… Օրը հազար անգամ ասել եմ` Խաչի՜կ, ներսուդուրս են անում, ճտերիս են նայում, խաչակնքիր, այ մա՜րդ, խաչակնքիր` աչքի չգան… Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ… իմ սևուկ ճուտիկ ջա՜ն…

ՎԱՐԴԱՆՈՒՇ — (ձեռքերը վեր կարկառելով): Քեզի մեռնիմ, արդար բարի լույս, էնպես էնես, օրըմ էլ հերթը իրան հասնի…

ՇՈՂԵՐ — Վա՛յ, բարի լույսը խռով մնա գլխիդ, Վարդանո՜ւշ, չունենամ քեզ պես բայղուշ հարևանը… Այ ժողովուրդ, լսեցի՞ք, թե ի՞նչ անեծք թափեց էս ջադուն…

Հեռվից` Լուսիկի ձայնը:

ԼՈՒՍԻԿ — Ա՛յ խա՜լխ, ա՛յ ժողովո՜ւրդ, հասե՜ք, եկեք, տեսեք, թե ի՞նչ կրակ է թափվում մեր գլխին, հասե՜ք… (Որսորդական հրացանը սպառնալից պարզած` ներս է բերում բահ ու քլունգով երկու բանվորի:) Առա՛ջ անցեք, ավելորդ շարժում եք արել` կգյուլլեմ:

ԲԱԼԱԲԵԿ — (տանից տագնապած դուրս է գալիս` վերնաշապիկը հագնելով): Էս ի՞նչ բան է… Լուսիկ, զենքը ետ պահե… Էս ի՞նչ պատմություն է…

ԼՈՒՍԻԿ — (հրացանն իջեցնում է): Իրանց հարցրու:

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Այ ախպեր, մեզ հանձնարարել են, մենք էլ եկել, գործ ենք անում:

ԼՈՒՍԻԿ — Հա՜-ա՞… Դուք գիտե՞ք, թե որտեղ եք գործ անում: Բահը ձեռքներիդ իմ կարտոֆիլի հողամասում ի՞նչ գործ եք անում:

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Վահ, գիշերվա երազ է՞: Այ քույրիկ, ուբորնի ենք սարքում:

ԳԱՐԵԳԻՆ — Ներեցեք, կաղաչեմ, ի՞նչ ըսել է ուփորնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆՎՈՐ — Զուգարան ենք կառուցում:

ԼՈՒՍԻԿ — Վուե՜… Էս թաղում ինչն է շատ` ուբորնին: Մերը` մեկ, Գարեգինինը, հրես` քթներիդ տակին` երկուս, Խաչկանցը` իրեք, Վարդանուշենցը` չորս…

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Այ, կին, ի՞նչ ես առավոտ կանուխ թվաբանություն կարդում: Ընդհանուր ուբորնի է լինելու:

ԼՈՒՍԻԿ — Վա՛յ, ձեր խելապակաս գլուխը թաղե՜մ, խի՞, կոմունիզմի ենք հասե՞լ… Ցխեմ ձեր գլուխը, լավ բան է` ձեր թաղում սարքեք: Իմ մարդը խանդոտ ա, լավ ա դեռ քնած ա, որ իմացավ` Աստծու կրակը ձեր գլխին կլցնի:

ՀԱՅԿԱԶ — (կարից կտրվելով` աքլորանում է): Ո՞վ ա քնած, է՞, էն ո՞վ ա քնած…

ԼՈՒՍԻԿ — Հե՜չ, ա՛յ մարդ, հե՜չ, խոսքի օրինակ ասի: Օբշի ուբորնի էին ուզում սարքել, չթողինք: Ո՞վ ա լսել էդպես բան: Ամոթն իստակ կտրել են:

ԲԱԼԱԲԵԿ — (տարեց բանվորին): Ո՞ւմ հրամանն է:

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Քաղաքապետարանի:

ԳԱՐԵԳԻՆ — Ընդհանուր արտաքնոցը առաջադիմություն է: Ֆրանսիո մեջ ատանկ շինություններ շատ կան:

ԼՈՒՍԻԿ — Մեզ հենց շնությունն էր պակա՜ս, էն էլ ֆրանսիական` առաջադիմականը:

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Եկել ենք, որ հիմքերը փորենք:

ԲԱԼԱԲԵԿ — Հա՜… Կրնա՞ք ըսել, թե ինչըղ պըդի էղնի էդ… էդ… Գարեգին, անունն ի՞նչ էր:

ԳԱՐԵԳԻՆ — (հպարտորեն): Առաջադիմությո՛ւն:

ՀԱՅԿԱԶ — Այ մարդ, Ֆրանսիայի առաջադիմությունը մեր ինչի՞ն ա պետք, է՜… Մեր առաջադիմությունը այլ ուղիով է:

ԲԱԼԱԲԵԿ — Կեցե՛ք, կեցե՛ք: Առաջադիմությունը չէ, Գարեգին, շինության անունն ի՞նչըղ ըսիր:

ԳԱՐԵԳԻՆ — Արտաքնո՛ց:

ԲԱԼԱԲԵԿ — Հա, օղորմի հորդ: (Տարեց բանվորին.) Կրնա՞ք ըսել, թե ինչըղ կեղնի էդ արտաքնոցը:

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Աջ կողմինը` տղամարդկանց բաժինը, ձախում, պատից էն կողմ` կանանցը:

ԲԱԼԱԲԵԿ — (մտախոհ): Էդ-պե՜ս… Ըսածդ պատը հա՞ստ է:

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Երեսուն սանտիմետր:

ԲԱԼԱԲԵԿ — Դռներու վրա գրած կեղնի՞, թե որ մեկն է կին մարդոցը, որ մեկը…

ՏԱՐԵՑ ԲԱՆՎՈՐ — Կգրվի:

ԲԱԼԱԲԵԿ — Եղավ: Հասկցանք: Կրնա՞ մեր Գարեգինը ձեզի օգնե: Էնիկ ֆրանսիայից է, ըդպես արտաքնոցներ շատ է մտե-էլե:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆՎՈՐ — Նախագծով ենք կառուցում, հայրիկ, շեղվելու իրավունք չունենք:

ԲԱԼԱԲԵԿ — Չունիք, հա՞: Հասկցա:

ՇՈՂԵՐ — (հիշելով սատկած ճուտին): Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ…

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ի՛-յա՜, էդ մե կտոր լացը բերնիդ մեջ էր մնացե՞…

ԲԱԼԱԲԵԿ — (Վարդանուշին): Էլի սկսի՞ր… Մարդը կորուստ ունի` բդի լա: (Շողերին:) Վախ-վախ-վախ… ինչըղ էլ սիրուն ճուտ է…

ԼՈՒՍԻԿ — Այ ժողովուրդ, մի որոշում կայացրեք է՞, կարտոլատեղս ձեռից գնում է:

Փութկոտ մտնում է Սամսոնը:

ՍԱՄՍՈՆ — Սպա՛-կոյնո՜… Էտ ո՞վ է համարձակվել, իմացար, քաղաքապետի որոշումը կատարող շինարար անձերին գերի վերցնել:

ԼՈՒՍԻԿ — Հենց` ես: Էսքան ուբորնի սարքել կլինի՞: Մենք ազատ-անկախ երկիր ենք կառուցո՞ւմ, թե՞ ուբորնի:

ՍԱՄՍՈՆ — Ընկեր Լուսիկ, խնդրում եմ ձեզ զսպել: Շուտով ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Հատուկ այդ նպատակով և ազգաբնակչության գեղարվեստական ճաշակը բարձրացնելու համար, իմացար, մեծ բարերար պարոն Սուրեն Շեկոյանն իր հաշվին լարախաղաց է հրավիրել: Նրա ելույթից հետո ժողով կանենք, դեպուտատը հատուկ հաղորդումներ կանի ձեր ապագայի մասին:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ընչի, հո գրբաց չէ՞:

ԼՈՒՍԻԿ — Դու լավ բանի համար հո չէի՞ր գա: Ժողո՜վ…

ՍԱՄՍՈՆ — Բա լարախաղացը դատարկ տեղն են ուղարկե՞լ: (Մատը բազմանշանակ վեր է տնկում:) Էնտեղ էլ մտածողներ կան: Լարախաղացի պարով ժողովրդին հավաքում ենք մի տեղ, հետո դեպուտատը բացատրում է, որ թաղի հին շենքերը պիտի իրացվեն, մեծ շինարարություն է լինելու, իմացար, էտ ուբորնին էլ` շինարարների համար է:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Քա, վա՞յ, հըլը չսարքած քյանդրբազով ձեռներես առան: Որ ըդպես է, մեզի կարտոլատեղն ավելի է ձեռնտու:

ՍԱՄՍՈՆ — Դե, դե, առանց շանտաժի:

ԼՈՒՍԻԿ — Շանտաժը դու ես: Մեր երկրում կառավարությունը հենց ինքը` ժողովուրդն է: Մենք ենք որոշողը:

ՍԱՄՍՈՆ — Այ քեզ փորձանք, կռիվը որտեղից է դուրս գալի՞…

ԼՈՒՍԻԿ — Փորձանքն էլ ես դու:

ՍԱՄՍՈՆ — Այ կին…

ԼՈՒՍԻԿ — Կինն էլ ես դու… Էդ էլ չեղավ` կեսգիշերին մտար տունս, թե` շպիոն ես ման գալի:

ՍԱՄՍՈՆ — Ես քո գլուխը չունեմ: Մի-մի աթոռ վերցրեք, եկեք ժողովի: (Ուզում է գնալ:)

ԲԱԼԱԲԵԿ — Բա քյանդրբա՞զը:

ՍԱՄՍՈՆ — Ասինք, էլի, կրկեսի արտիստներից է: Մշո Առաղ գյուղի հայտնի փահլևան Հաջու աշակերտը:

ԽԱՉԻԿ — (հուզված առաջանում է): Ներեցեք… ներեցեք, Առաղ ըսի՞ք:

ՍԱՄՍՈՆ — Հա, ի՞նչ կա որ:

ԽԱՉԻԿ — (ձեռքը սեղմում է սրտին, փլվում մոտակա աթոռին): Ոչինչ… ոչինչ…

ԲԱԼԱԲԵԿ — Խաչիկ ախպե՞ր, քեզի ի՞նչ եղավ…

ԽԱՉԻԿ — (դողացող ձեռքով սրբում է արցունքը): Առաղը… Առաղը, Բալաբեկ, ծննդավայրս է: Հաջին մեր դրկիցն էր…

ԲԱԼԱԲԵԿ — Եդև՞…

ԽԱՉԻԿ — Մարդ չմնաց… Գաղթի ճանապարհին քույրս Հաջիի սայլին վրա էր… Գիշերը խուժանը հարձակվեց, փախանք, իրար կորցրինք: Ինձի մինչև հիմա կթվար, թե անոնց սպանել են: Եթե Հաջին կենդանի է… Բալաբեկ… Եթե Հաջին կա, ուրեմն քույրս… քույրս…

ԲԱԼԱԲԵԿ — Խաչիկ, քեզի պինդ պահե: (Սամսոնին.) Դու լա՞վ գիտես, որ մեր դերասանը Հաջու աշակերտն է եղէ:

ՍԱՄՍՈՆ — Էդպես ասին… (Բանվորներին.) Գնացինք, օրը ճաշ դառավ: (Գնում են:)

ԲԱԼԱԲԵԿ — (Դավթին): Ծո, վազե, դերասանին կանչե, թող գա, վազե… (Դավիթը վազքով դուրս է գնում:) Խաչիկ, ախպերս, քեզի պինդ պահե: Էդ քյանդրբազն օր Հաջուն տեսած էղնի, քրոջդ հաստատ տեսած կեղնի:

ԽԱՉԻԿ — (դողացող ձայնով): Բալաբեկ… կվախնա՜մմմ…

ԲԱԼԱԲԵԿ — (ջանում է հուզմունքը զսպել): Տղամարդ մնա: (Հավաքվածներին.) Ծո, ի՞նչ եք ըդպես շիվարե: Հիմի քյանդրբազը կուգա ու աչքալուսանք կուտա: Ըդպես չէ՞, Գարեգին… Հայկազ, ըդպես չէ՞… Խաչիկ ախպեր, տղամարդ մնա…

Մտնում են Դավիթը, լարախաղացը, դհոլահարը` գործիքով:

ԴԱՎԻԹ — Բալաբեկ քեռի, եկան:

ԲԱԼԱԲԵԿ — Եկան, հա՞… Համեցեք, ախպեր, համեցեք, նստեք հոս: (Եկվորները, հավաքվածներին գլխով բարևելով, զարմացած նստում են:) Ուրեմն… ըդպես: Ախպեր, դո՞ւ ես քյանդրբազը… ծո ի՞նչ կըսեմ, ներող կեղնիս, դո՞ւ ես մեր դերասանը, լարախաղացը:

ԼԱՐԱԽԱՂԱՑ — Ես եմ: Շորերս էի փոխում, եկան ասին, որ…

ԲԱԼԱԲԵԿ — Հա՞… Լավ են էրե: Լավ էրիր, օր էկար, շնորհակալ եմ: Մե բանըմ պդի քեզի հարցնենք, ախպեր, ներող կեղնիս:

ԼԱՐԱԽԱՂԱՑ — Ասա, ախպեր, ասա:

ԲԱԼԱԲԵԿ — Մեր լսելով, դու Մշո Առաղ գյուղի փահլևան Հաջու աշակերտն ես: Հիմի քեզի շատ կխնդրենք, ըսես, թե որտե՞ղ ես տեսե էնոր: Էնիկ մեր… մեր բարեկամն է ու…

ԼԱՐԱԽԱՂԱՑ — Որ ճիշտն ասեմ, ես փահլևան Հաջուն չեմ տեսել:

ԲԱԼԱԲԵԿ — Ի՞նչըղ թե…

ԼԱՐԱԽԱՂԱՑ — Հա, ախպեր, չեմ տեսել… Լսել եմ:

ԲԱԼԱԲԵԿ — Բայց մեր լսելով… կըսեն, թե դու…

ԼԱՐԱԽԱՂԱՑ — Ճիշտ է, այդպես ասում ենք… Ո՞նց բացատրեմ… Կրկեսի բոլոր լարախաղացներս մեզ նրա աշակերտն ենք համարում, որովհետև փահլևան Հաջին շատ հայտնի մարդ է եղել: Մենք էլ այդպես ենք հայտարարում, որ հանդիսատես շատ ունենանք:

ԲԱԼԱԲԵԿ — Հա՜… Ուրեմն, կսես, էդ բանի համար, հա՞, հենց էնպես… Հասկցանք:

ԼԱՐԱԽԱՂԱՑ — Հա, ախպեր, ի՞նչ մեղքս թաքցնեմ, այդպես է:

Վարդանուշն արտասվում է: Խաչիկը սրբում է արցունքը:

ԲԱԼԱԲԵԿ — (նայում է հուզված հարևաններին, արտասվող Խաչիկին): Ուրեմն, ըդպես… Հենց էնպես… (Դհոլահարին.) Ախպորը ղուրբան, «Յարխուշտա» զարկ:

ԴՀՈԼԱՀԱՐ — Բայց… առանց նվագի…

ԲԱԼԱԲԵԿ — Դու հայ ե՞ս:

ԴՀՈԼԱՀԱՐ — Հա, բա ո՞նց:

ԲԱԼԱԲԵԿ — Դե որ հայ ես, «Յարխուշտա» զարկ:

ԼԱՐԱԽԱՂԱՑ — (գործընկերոջը): Կատարի՛ր:

Դհոլահարը ոտքի է ելնում: Հնչում են դհոլի հատու զարկերը:

Բալաբեկն ուսերը դանդաղ շտկում, բռունցքված ձեռքերը վեր պարզելով ցասումով ցնցում է, մի պահ այդ դիրքով քարանում, ապա սկսում է պարային շարժումները` հեթանոս մոգի պես իր ցեղին պայքարի կոչելու, ոսոխին դիմագրավելու, ետ մղելու կատաղի արտահայտություններով:

ԲԱԼԱԲԵԿ — (ահեղաձայն): Զա՜րկ… Զա՛րկ… Չհանձնվիս, զա՜րկ…

ԴՐՎԱԳ ՎԵՑԵՐՈՐԴ

Արկերի պայթյուն, կրակահերթեր, ծուխ, փոշի:

Ճամփորդական պայուսակը ձեռքին կիսախավար բլինդաժ է մտնում Շուշանը` զինվորի ուղեկցությամբ:

ԶԻՆՎՈՐ — Ախր տու հի՞նչ ըս անում ստըղ, մորքուր, նստէ տանը, լի՜:

ՇՈՒՇԱՆ — Մի հերսոտի, տղա ջան, Դավիթս ծանր վիրավոր է, նրա մոտ էի գնում, ավտոբուսը ռմբակոծեցին…

ԶԻՆՎՈՐ — Լյավ, տու ստըղ կաց, դիվերսանտնեն հարձակվալըն, տյուս չիկյաս: (Շեմքին չհասած:) Բյուրդանանց տյուս չիկյաս բլինդաժան:

Շուշանը անվստահ առաջանում, նստում է արկղերից մեկին` ամեն որոտից կուչ գալով:

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ — Ջուր… ջուր…

ՇՈՒՇԱՆ — (նկատում է անկյունում պառկած վիրավորին): Քոռանա՜մ… ( Շտապում է նրա մոտ:) Վիրավո՞ր ես, բալես… Համբերիր, հիմա ջուր կտամ… (Պայուսակից ջրի շիշ հանելով` օգնում է զինվորին խմել:) Խմիր, խմիր, քեզ մատաղ լինեմ… Շա՞տ է ցավում…

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ — Շա՜տ… Մամ… մամ ջան, դու ե՞րբ եկար, ո՞նց գտար ինձ…

ՇՈՒՇԱՆ — Ընկերդ բերեց: Մի խոսիր, ուժերդ խնայիր, բալես:

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ — Մամ, տնեցիք ո՞նց են…

ՇՈՒՇԱՆ — Լավ են, բոլորն էլ լավ են… Քեզ կտեղափոխենք հիվանդանոց, կբուժվես, լավ կլինի…

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ — Արմենս դեռ չի՞ քայլում, չի՞ խոսում…

ՇՈՒՇԱՆ — Արմե՞նը… Խոսում է, քայլում է, բա ո՞նց… Քեզ է կարոտում… Բոլորն էլ քեզ կարոտում են: Որտեղի՞ց ես վիրավոր, բալես, վերքդ կապե՞լ են: (Ստուգում է:) Դիմացիր, հիմա վիրակապը կփոխեմ: (Պայուսակից սրբիչ է հանում:)

Բլինդաժը ցնցվում է պայթյունից, ծխի ու փոշու միջով ներխուժած ազերին կուրորեն կրակահերթ է բացում` գոռալով. «Ալլահ աքբար»:

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ — Ա-ա՜խ…

ՇՈՒՇԱՆ — (ձեռքերը կարկառած մղվում է թշնամու վրա): Թիկունքդ կապտի՜… էս ի՞նչ արիր…

Անակնկալի եկած ազերին ետ-ետ է գնում` լիցքավորելով զենքը, նույն պահին շեմքին հայտնված զինվորը կրակում, տապալում է նրան:

ԶԻՆՎՈՐ — Մորքուր ջան, վախիս վեչ, քշլանընք տրանց, տու հանգիստ կաց… (Արագ դուրս է գնում:)

ՇՈՒՇԱՆ — Աստված ջան… Աստված ջան, էս ի՞նչ ես անում… երազ է… վատ երազ… ո՞նց կարող է կյանքը մահերի շարան լինի… երազ է… (Սթափվում, նետվում է դեպի վիրավոր զինվորը:) Մորդ աչքերը քոռանան, բալե՜ս, չհասցրի վերքդ կապեմ… Երնեկ մերդ խլանա, չիմանա կատարվածը… Աստված ջան, ո՞ւր է քո ուշքն ու միտքը, որ քո ստեղծած մարդը գազան է դառնում: Բա դու գլխի չե՞ս, որ սա մարդու կռիվ չի, սրբի ու սատանայի կռիվ է: Ամեն պատերազմ քո դեմ է, Աստված ջա՜ն, քո ստեղծած աշխարհի դեմ, ինչո՞ւ ես թողնում… Իմ անմեղ, ջահել երեխեքը քեզ են պաշտպանում, Աստված ջան, բա դու ինչո՞ւ չես նրանց տեր կանգնում: Ո՞վ է տեսել, որ մարդն Աստծուն պաշտպանի… էս ինչքա՞ն ես թույլ, Աստված ջան: Անունդ էլ չիմացա, բալես, բայց քեզ Դավիթ կասեմ, դու էլ ես իմ որդին… (Տապալված ազերիին:) Քո անունն էլ չգիտեմ… դու իմ օրհնանքը անեծք դարձրիր… Բա քեզ մայր չէր ծնե՞լ, քո մերը քեզ չի օրհնե՞լ, բա դու չե՞ս իմացել օրհնանքի գինը: Նա քեզ ասել է` գնա, հայ սպանի՞, ասել է` երեխա մորթի՞, ի՞նչ է ասել, որ գազան մեծացար… Թող Աստված քո հոգու դատաստանն անի, բայց ես քեզ չեմ ներում, մարդու մեղքն է ներվում, գազանինը պատժվում է… չեմ ներո՜ւմ… (Ձեռքերը կարկառելով:) Անիծվե՜ս…

 

ԴՐՎԱԳ ՅՈԹԵՐՈՐԴ

Բակը: Գիշեր է` լուսնի թույլ շեղբով:

Ծնկի իջած Գարեգինը ափերով հողակույտը բլրելով` փոքրադիր գերեզման է սարքում: Ավարտելով գործը, ոտքի է ելնում, հայացքը խոնարհում թմբին:

Մոտեցած Խաչիկը լուսնի շեղբից լուսավորվում է:

ԽԱՉԻԿ — Գրգո՜, իմ խև՜ Գրգո… (Գրկախառնվում, հեռանում է:)

Մոտենում,Գարեգինի ձեռքը սեղմում ու հեռանում են Բալաբեկը, Հայկազը, Մհերը:

Մթնեցում:

Լուսավորվում է:

Բակում ուրախ իրարանցում է. Շուշանը սփռոց է փռում սեղանին, Շողերը օղու շիշ, բաժակներ է բերում, Լուսիկը` հաց ու կանաչեղեն:

ՀՌԻՓՍԻԿ — (դուրս է գալիս տանից` ծաղիկներով ծաղկամանը բռնած, շորոր քայլվածքով, երգելով):

Я поля влюблённым постелю —

Пусть поют во сне и наяву!..

Я дышу, и значит — я люблю!

Я люблю, и значит — я живу!

Տղամարդիկ ուրախ զրուցելով, ան­­շտապ բոլորվում են սեղանի շուրջը:

Դավիթն ու Սոնան մեկդի կանգնած, հետևում են նրանց:

ՍՈՆԱ — Այ քեզ բա՜ն, գերեզման սարքելուց հետո հավաքվեցին խնջույքի՞:

ԴԱՎԻԹ — Ես այդպես տեսա: Հայրս ասաց, որ իր հիշողություններն եմ վերապրում, բայց մեկ-մեկ էլ ես նրանց տեսնում եմ այսօրվա մեջ, վաղվա մեջ:

ՍՈՆԱ — Հետո՞, Դավիթ, հետո ի՞նչ տեսար:

ԲԱԼԱԲԵԿ — Վարդանուշ, գնա, էն քու դրած սրսուռ թթվից բեր:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հիմի բերեմ, Բալաբեկ ջան: (Արագաքայլ մտնում է տուն:)

ԽԱՉԻԿ — Տղաք, բաժակները լցրեք:

ՀՌԻՓՍԻԿ — Я дышу, и значит — я люблю! Я люблю, и значит — я живу! (Ծաղկամանը տեղավորում է սեղանի կենտրոնում:) Պարոնայք, սա ո՞ր թիվն է: Տոնական սեղանին պետք է ծաղիկներ լինեն:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — (ափսեով թթուն դնում է ծաղկամանի մոտ): Անուշ էրեք:

ՀՌԻՓՍԻԿ — (Վարդանուշին): Այս ի՞նչ ես անո՜ւմ… այս ի՞նչ ես անո՜ւմ…

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Քա, վա՞յ… էլի՞ դիվոտեցիր:

ՀՌԻՓՍԻԿ — Ո՞վ է տեսել բուրավետ ծաղիկների կողքին քացախահոտ թթու դնեն:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հեչ դարդ մի էնե: Վրեդ յոթը լիտր դուխի էս լցե, տնաշեն, դրան ուրիշ հո՞տ կդիմանա:

ԽԱՉԻԿ — (բաժակը ձեռքին ոտքի է ելնում): Բարեկամներս, այսօր կրկնակի տոն է: Նախ, որ մեր հայրենիքի Անկախության հերթական տարեդարձն է, իսկ երկրորդը…

ԳԱՐԵԳԻՆ — (անսովոր աշխուժությամբ): Կեցի՛ր, կեցիր… Այդ մասին ինքս կըսեմ:

ԲԱԼԱԲԵԿ — Գարեգինը ճիշտ կըսե, Խաչիկ ախպեր: Թաղումն ինքն է էրե, գերեզմանն ինքն է սարքե:

ՀԱՅԿԱԶ — Այ մարդ, խոսք ասեք` բան հասկանանք:

Բակ են մտնում թանկարժեք կոստյումով, պարանոցին ոսկե շղթա, ցուցամատին ու մատնեմատին մատանի կրող Սուրոն, տոնական, բայց հնաոճ կոստյումով, փողկապով Սամսոնը:

ՍԱՄՍՈՆ — (առաջ ընկնելով` Սուրոյին ուղեկցում է գերեզմանաթմբի մոտ: Հաճկատար): Խնդրեմ, նաչալնիկ ջան:

ՍՈՒՐՈ — Բա էն ի՞նչ բանի են, ինչի՞ են հավաքվել:

ՍԱՄՍՈՆ — Երկուսից մեկը. եթե մարդ են թաղել` քելեխն է, թե թուղթուգիր են թաղել` քեֆ են անում:

ՍՈՒՐՈ — Թուղթուգի՞ր, ո՞ւմ վրա, որ ի՞նչ…

ՍԱՄՍՈՆ — (շողոքորթ): Բա էտքան միամիտ կլինե՞ն, Վարոսիչ ջան, քո վրա են թուղթուգիր արել, որ գործերդ վատ գնան: Միտդ չի՞, չէին համաձայնվում էս փլվող շենքից դուրս գալ, որ հյուրանոցդ կառուցես:

ՍՈՒՐՈ — (ազդված): Սրանք էի՞ն: Հալա արի… ես դրանց թուղթուգիր ցույց կտամ: (Մոտենում են:)

ՍԱՄՍՈՆ — Բարև, հարազատներ ջան, էս ինչի՞ եք հավաքվել, լավ բանի համար ա՞, ասեք` մենք էլ ուրախանանք:

ԽԱՉԻԿ — Այսօր մեծ տոն է: Ի՛նչ օր է, գիտե՞ս:

ՍԱՄՍՈՆ — Չորեքշաբթի ա:

ԽԱՉԻԿ — (մի պահ մտորում է): Այս շաբաթվա մեջ այլ չորեքշաբթի կա՞:

ՍԱՄՍՈՆ — Գիժ ե՞ս խոսացնում… Իհարկե չկա:

ԽԱՉԻԿ — Ահա, ատ առիթով ալ քեֆ կընենք:

ՍԱՄՍՈՆ — Լա՜վ, էլի, Խաչիկ, դու հենց ընենց տեղը քեֆ անողը չես: Պատճառն ասա` մենք էլ ուրախանանք:

ՀՌԻՓՍԻԿ — Պարոն Սամսոն, այսօր մեր Անկախության օրն է:

ՍԱՄՍՈՆ — (կեղծ զվարթությամբ): Մալադեց: Ես էլ եմ ուրախ, որ վերջապես ազատվում եք էս Նոյի թվի շենքից:

ԲԱԼԱԲԵԿ — Ի՞նչ կա, Սամսոն: Դու հենց էնպես տեղը մեզի չէիր հիշի, գալդ բարի՞ է:

ՍԱՄՍՈՆ — Բա եղա՞վ… Մեր մեծ բարերար պարոն Սուրեն Շեկոյանի հետ իրա տերիտորիան ենք նայում: Ժամկետը լրացել է, ձեր տեղափոխվելու ժամանակն է, շինարարություն է սկսվելու: Մարդը ժողովրդի համար ա մտածում, աշխատատեղեր ա ստեղծում, միլիոններ ա ծախսում` 5 աստղանի հյուրանոց կառուցելու համար, բա չգա՞ր մի հատ նայեր: (Իբր նոր է նկատում:) Էն ի՞նչ գերեզման է… երեկ էստեղով անցա, չկար:

ՎԱՐԴԱՆՈՒՇ — Դու ուրդեղո՞վ անցնիս, օր գերեզման չթողնիս եդևեդ:

ՍԱՄՍՈՆ — Բա էտ ասելու խոսք է՞ր, Վարդանուշ:

ԼՈՒՍԻԿ — Հենց` ասելու խոսք էր: Մոռացել ե՞ս, որ սովետի վախտով կեսգիշերին մտար տունս, թե` շպիոն ես ման գալի:

ՍՈՒՐՈ — Լա՜վ, արա, լա՜վ… Հին բուրդը քամուն մի տվեք: Ո՞վ է էտ գերեզմանը սարքել:

ԳԱՐԵԳԻՆ — Ես:

ՍՈՒՐՈ — Ի՞նչ ես թաղել: (Գարեգինը չի պատասխանում:) Քեզ հետ եմ, է՞, բիձա, ի՞նչ ես թաղել: (Սամսոնին.) Թռի` քանդի: (Սամսոնը շտապում է ծառին հենված բահը վերցնել, անցնել գործի:) Իմ տերիտորիան գերեզմանոց եք սարքո՞ւմ, արա՜… Թուղթուգիր եք անո՞ւմ: Էտ էլ իմ լավության պատասխանն ա՞, որ էս փլվող հավաբնից ձեզ հանում, տանտեր եմ դարձնում:

ԲԱԼԱԲԵԿ — Էտ մեկը` չեղավ: Քու խոստացած գումարով, ախպոր տղա, մեկ սենյականոց էլ չես կրնա առնի: Էտ մասին մենք քեզի ըսել ենք, ուր որ պետք է` նամակ ենք ղրգե: Էնպես որ մի վռազի, էս հայաթը դեռ քոնը չէ:

ՍԱՄՍՈՆ — (հևալով մոտենում է): Որ ասում եմ` թուղթուգիր ա՞… (Կապուկ է դնում սեղանին:) Խնդրեմ` факт на лицо.

ՍՈՒՐՈ — Բաց:

Սամսոնը երկյուղած խաչակնքում, քանդում է կապուկը:

ԼՈՒՍԻԿ — (չանչ է անում): Ա՛յ խաչը գլխիդ խռով կենա, հա՜… Բա սովետի վախտով աթեի՞ստ էիր:

ՍՈՒՐՈ — Սամսո՞ն… էտ ի՞նչ գտար, որ շշմեցիր:

ՍՈՒՐՈ — Շեֆ ջան, հին հրացանի պատրոն ա:

ԳԱՐԵԳԻՆ — Այո, փամփուշտ է: Մուսա լեռան ճակատամարտեն մնացած փամփուշտ:

ՍԱՄՍՈՆ — Բա ինչի՞ եք թաղել:

ԽԱՉԻԿ — Ատ փամփուշտը երդմնազանց եղած է, իր պարտքը չէ կատարած, ան արդեն իսկ մեռած էր:

ՍՈՒՐՈ — (Սամսոնին): Դեսը տուր: (Փամփուշտը զննում է:) Ասում ես` էտ որ թվին ա եղե՞լ:

ԽԱՉԻԿ — 1915-ին:

ՍՈՒՐՈ — (պայծառանում է): Արա, սա անտիկվար ա՜… (Փամփուշտը ծոցագրպանն է դնում: Սամսոնին:) Գնացինք: (Կեսճամփից շրջվում է:) Ժողովո՜ւրդ, թե էլի ըսենց թաղելու բան կունենաք, ձեն հանեք: Իսկ էս հավաբնից թե դուրս չեկաք` գլխներիդ եմ փլելու, լավ իմացեք: Խաղեր չտաք, Սուրոյի դեմ խաղ չկա: (Դուրս են գնում:)

Դադար: Բոլորը մտքերի մեջ են:

ԽԱՉԻԿ — (ոտքի ելնելով շրջվում է արևելք, խաչակնքում է): Փա՜ռք քեզի, Արարիչ, իմաստաբար արժանի չհամարեցիր, որ դավաճան փամփուշտը սուրբ հողին մեջ ամփոփվե: Ան իր տեղը գտավ: Նման զնմանն գտանէ:

Մթնեցում, լուսավորված մնում են Մհերն ու Դավիթը:

ԴԱՎԻԹ — Հայրիկ, ինչպե՞ս է, որ մեր բոլոր սերունդները պատերազմ են գնում:

ՄՀԵՐ — Մեր հայրենիքը միշտ վտանգված է, տղաս:

ԴԱՎԻԹ — Իսկ կունենա՞նք մի սերունդ, որը մինչև խոր ծերություն պատերազմ չտեսնի:

ՄՀԵՐ — (մի պահ մտորում է): Բնությունը կաղնուն հզոր ու երկարակյաց է ստեղծել, բայց երբ նրա տերևի վրա լեղու գնդիկներ են առաջանում, որոնք շատ նման են նրա պտուղներին, քայքայում են ծառն ու չորացնում: Ուշադիր եղիր, տղաս, որ քո խնամած ծառի վրա լեղի չլինի:

ԴԱՎԻԹ — Ուշադիր կլինեմ, բայց դու իմ հարցին չպատասխանեցիր` կունենա՞նք մի սերունդ, որ…

ՄՀԵՐ — Ես քո հարցին պատասխանեցի, տղաս, պատասխանեցի…

ԴՐՎԱԳ ՈԻԹԵՐՈՐԴ

Պատկերը խմբովին լուսանկարվելու պահ է հիշեցնում: Բեմի կենտրոնում նստած ու կանգնած են բոլոր հարևանները` հառված հանդիսատեսին: Նրանց մեջտեղում Դավիթն է: Նրանց խոսքը թույլ արձագանք ունի:

Տեսարանի ընթացքում անընդմեջ լսվում է սրտի տրոփյուն:

ԽԱՉԻԿ — Չերկնչես, մանչս: Ալ նահանջի տեղ չիկա: Հիշի՛ր, ամեն մեկ քայլդ հայրենիքը կազատագրե: Պահպանե կյանքդ, սպանե մահդ: Հայու համար ապրիլը հաղթել կնշանակե:

Լույսը թարթում է` լուսանկարչական խցիկի լուսարձակի բռնկման պես::

ԲԱԼԱԲԵԿ — Հազար ու հազար տարի հայը աշխարհքի հետ կռվի մեջ է: Էնոր պարն էլ է կռիվ, երգն էլ, սերն էլ է կռիվ, կարոտն էլ: Հույսն ու հավատն էլ կռիվ են: Մեր Խաչիկը մե աչքով կուլա: Էդ աչքը կարոտ ունի, մուրազ ունի, դեռ կռիվ ունի էդ աչքը: Էդ աչքը մենք ենք, գա՛ռ: Գնա՛, սրբե՛ էդ աչքի արցունքը:

Լույսը թարթում է:

ՄՀԵՐ — Քո հերթն է, տղաս: Դու մեզնից իմացար այն, ինչը կյանքով են հաստատում: Զգա՛ արյունդ, լսի՛ր արյանդ կանչը: Դա օգնության աղերս չէ, կո՛չ է ու հրաման: Զգոն եղիր, տղաս, որ քո խնամած ծառի վրա լեղի չլինի:

Լույսը թարթում է:

ՇՈՒՇԱՆ — Ետ կգաս: Ետ կգաս, Դավի՛թ, մեր պատին լուսանկարի տեղ չկա՜…

Մթնեցում:

ԴՐՎԱԳ ԻՆՆԵՐՈՐԴ

Հորիզոնում կրակի բոցերով փոթորկվող հրդեհի պատկեր է:

Հեռվից լսվում է արկերի պայթյունների, կրակահերթերի որոտը:

Զինվոր Դավիթը հառված է հրդեհին:

ՖԻԴԱՅԻ — (դրսից): Դավիթ, կեցի՛ր… («Մոսին» հրացանով մտնում, վազքով մոտենում է:) Կեցի՛ր, տղաս, միասին պիտի երթանք:

ԴԱՎԻԹ — Դու քանի՞ տարեկան ես, որ ինձ որդեգրում ես, ջահե՛լ:

ՖԻԴԱՅԻ — Տասնութ:

ԴԱՎԻԹ — (քմծիծաղում է): Ես քեզնից մեծ եմ:

ՖԻԴԱՅԻ — Դավիթ, չճանչցա՞ր ինձի:

ԴԱՎԻԹ — (անտարբեր): Մենք ծանո՞թ ենք:

ՖԻԴԱՅԻ — Քո ծնված օրեն… Խաչիկն եմ, Խաչիկը:

ԴԱՎԻԹ — Խաչի՞կ… Քեռի Խաչի՞կ…

ՖԻԴԱՅԻ — (զվարթացած): Հապա՞: Հայրդ ալ այստեղ է, Գեչրլուի արծիվներն ալ այստեղ են, բոլորս այստեղ ենք:

ԴԱՎԻԹ — (հորիզոնից չկտրվելով): Քեռի Խաչիկ, մեր երկիրն այրվում է:

ՖԻԴԱՅԻ — Ան հրդեհ չէ, տղաս, քուրա է, որուն մեջ պիտի կոփվինք:

Այրվող հորիզոնի կարմիր լավան կլանում է բեմը:

Կարճ դադար:

Երևակայական, արնակարմիր ամպերով վայր:

Դավիթն ու զինվորը դեմ-դիմաց կանգնած են:

ԶԻՆՎՈՐ — Բարի գալուստ հավերժություն:

ԴԱՎԻԹ — Դու ո՞վ ես:

ԶԻՆՎՈՐ — Քո մայրն ինձ Դավիթ անունով կոչեց:

ԴՐՎԱԳ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Բեմի երկարությամբ կիսաշրջանաձև կանգնած, արձանացած հերոսներն ակնդետ նայում են կենտրոնում ծառի նորատունկ ճյուղը ջրող Մանչուկին:

Զինվորական համազգեստով, ինքնաձիգն ուսած մտնում է Դավիթը, հայացքը հածում է շրջապատին, մոտենում տղային:

ԴԱՎԻԹ — (կքանստում է տղայի դիմաց): Անունդ ի՞նչ է:

ՄԱՆՉՈՒԿ — Մհեր:

ԴԱՎԻԹ — Մհե՞ր… Լա՜վ անուն է:

ՄԱՆՉՈՒԿ — (մատը մեկնելով): Սա հրացա՞ն է:

ԴԱՎԻԹ — Հա, հրացան է:

ՄԱՆՉՈՒԿ — Մա՞րդ է սպանում:

ԴԱՎԻԹ — Չէ, պաշտպանում է:

ՄԱՆՉՈՒԿ — Ո՞ւմ է պաշտպանում:

ԴԱՎԻԹ — Հայրենիքը, ժողովրդին: (Ծոցագրպանից քսակը հանում, հողը շաղ է տալիս ծառաբնին:)

ՄԱՆՉՈՒԿ — Էդ ի՞նչ ես անում:

ԴԱՎԻԹ — Հողը զորեղացնում եմ:

ՄԱՆՉՈՒԿ — Ինչի՞ համար:

ԴԱՎԻԹ — Որ ծառն ապրի:

ՄԱՆՉՈՒԿ — Ծառը ապրո՞ւմ է:

ԴԱՎԻԹ — Ապրում է, եթե տերևի վրա լեղի չառաջանա:

ՄԱՆՉՈՒԿ — Լեղի՞… դա ի՞նչ է:

ԴԱՎԻԹ — Դա գնդակ է` արձակված թիկունքից, ցեց է` մարմնի մեջ:

ՄԱՆՉՈՒԿ — Հողն է՞լ է ապրում:

ԴԱՎԻԹ — Հողն էլ:

ՄԱՆՉՈՒԿ — Բա ո՞վ է մեռնում:

ԴԱՎԻԹ — Պարտվողը:

ՄԱՆՉՈՒԿ — Իմ հայրիկը զոհվել է:

ԴԱՎԻԹ — Քո հայրը չի զոհվել, հաղթե՛լ է:

ՄԱՆՉՈՒԿ — Որ հաղթում են, չե՞ն զոհվում:

ԴԱՎԻԹ — Չէ: Որ հաղթում են, անմահանում են:

ՄԱՆՉՈՒԿ — Անմահանո՞ւմ… Դա ի՞նչ է:

ԴԱՎԻԹ — (թախծոտ ժպտում, շոյում է տղայի գլուխը): Կմեծանաս, կհասկանաս, գառ…

ՄԱՆՉՈՒԿ — Որ մեծանամ`զինվոր եմ դառնալու:

ԴԱՎԻԹ — Դու հիմա էլ ես զինվոր:

ՄԱՆՉՈՒԿ — Բայց ես զենք չունեմ:

ԴԱՎԻԹ — (զինվորական գլխարկը դնում է Մանչուկի գլխին, ինքնաձիգը կախում է նրա ուսից): Դու զինվոր ես, տղաս, զինվոր ես: Պաշտպանիր երկիրդ: (Դուրս է գնում` անէանալով:)

Մանչուկը ժամապահի դիրք է ընդունում`

ինքնաձիգն ուսած, զգաստ:

Արձանախումբը դանդաղ առաջանում է:

Նոյեմբեր, 2020

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։