ՋՐԲԱԺԱՆ

 

2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:

 

tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է Անահիտ ԱՐՓԵՆԸ

դրամատուրգ, սցենարիստ, արձակագիր

 

  1. Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:

Անահիտ Արփեն — Թատրոնը հասարակության դեմքն է. ինչպիսին բնակավայրն ու նրա բնակիչներն են, այնպիսին էլ նրանց թատրոնն է՝ գավառական, քաղքենի, ազատատենչ, կտրուկ և ուղղամիտ, փափկանկատ ու սիրտ շահող, միամիտ խոսող և այլն: Որովհետև թատրոնն անմիջական շփմամբ հաղորդակցության վայր է, երկխոսության հնարավորություն և մարդուն տանջող հարցերի պատասխանները գտնելու տեղ: Թատրոնը ընտանիք է կամ բազմաբնակարանային շենքի բակ ավելի մեծ ընտանիքում ու բակում՝ քաղաք-ընտանիքում, երկիր կամ պետություն-ընտանիքում: Թատրոնը սիրտուհոգի է պահանջում, մտքեր ծնում և գաղափարներ աշխատեցնում: Թատրոնը համախմբելու օջախ է և ապստամբության մեկնակետ: Թատրոնը փոթորկահույզ հոգին կարող է վերածել մարտնչող ոգու, կարող է և, հեռացնելով հրդեհի վտանգը, հանդարտեցնել այնպես, ինչպես օջախի դեռ կրակվող փայտերին սառը ջուր են լցնում, և կարմրատակած ածուխները թշշալով հանգում են:

Մեր իսկ կյանքը, հայաստանյան այսօրվա իրադարձություններով, անակնկալներով ու վայրիվերո դեպքերով հարուստ իրականությունը մեր թատրոններին բազմազան ու բազմերանգ կերպարների շքահանդես է «պարգևում»: Հենց մեր աչքի առաջ ով ասես կա՝ մեկը մեկից անհավատալի գրոտեսկային կամ աննկարագրելի հերոսական, անմնացորդ նվիրյալ կամ անպատկերացնելի տականք: Դարեր շարունակ բարոյազրկվող ժողովրդի, բայց չփչացող մեր տառապած ազգի մեջ Յագո ու Համլետներ՝ ինչքան ուզես, Զիմզիմով-Զամբախովներ, Պեպոներ ու Կակուլիներ, Խլեստակովներ, Իդիոտներ, յոթ ծովի մերաններ ու փոր թափողներ, Նազարներ ու Բազազներ, Գիքորներ ու Համբոներ, թագավորներին նամակ գրողներ ու չգրողներ, հերոսներ ու դավաճաններ, և այլն և այլն: Մնում է վերցնել ու կերպավորել՝ լավ թե վատ, թույլ, թե ուժեղ, ստացված, թե չստացված: Քանի որ թատրոնները, ինչ-ինչ պատճառներով, վաղուց, առանձնապես հակված չեն խորախորհուրդ և գեղարվեստական բարձրաճաշակ ու բարձրորակ պիեսներ ու բեմադրություններ մատուցելու, ուստի թույլ տանք մեզ ասել, որ այսօր ավելի շատ ասելիքն է կարևոր:

Ժողովուրդն անկեղծ խոսքի կարիք ունի, որի շնորհիվ էլ այսօր ավելի դինամիկ և ճկուն բեմադրությունների ու դերասանական խաղի, դրանք ընկալվելու և ընդունվելու համար բոլոր նախադրյալները կան: Հեղհեղուկ ժամանակներ ենք ապրում, երբ թացուչոր իրար են խառնվել և գողերն ավելի շուտ են բղավում. «Գողին բռնեք»՝ մատնացույց անելով անմեղներին և մարդկանց ենթարկելով նոր ու ավելի վատ փորձությունների: Մեղմ ասած՝ վիճակներն ու կերպարները բավարար են: Սակայն այսօրվա այն հերոսը, որը պետք է օրինակ ծառայի և առաջնորդի, որին մարդիկ, լավ կլինի, որ ուզենան նմանվել, պետք է ճիշտ, խնամքով ու առանց մատերի արանքով նայելու ընտրվի, ազգին ու անկախ պետականությանը ծառայելու տեսակետից ստեղծվի և նույն սկզբունքներով ստեղծված բեմադրությամբ էլ ներկայացվի հանրությանը:

Անկախ ներկայացվող պատմության թեմայից, կերպարների տիպաժայնությունից ու մասնագիտություններից՝ թատերախաղերի գլխավոր գործող անձինք, օրվա ու պատմության հերոսները, որոնց մարդիկ հետևելու են, պետք է լինեն այսօրվա իրականության և աշխարհի չարի ու բարու մեջ արդարություն որոնող, ճշմարտությանը հետամուտ, իրողության աչքերին նայելու քաջություն ունեցող, սեփական եզրահանգումներ անող, սեփական մտքով ճիշտ ու սխալ տարբերակող, կորցրածը վերագտնող, մարդկային տարրական բարոյական արժեքների կրող, գտած արժեքներին հավատարիմ մնացող, հաստատուն սկզբունքներ, ամուր կամք, անսահման սիրելու ընդունակ, աշխատող-տքնող, ձեռքերը ծալած չնստող, նոր, ավելի լավ կամ արդար կյանք կառուցելու համար անզիջում պայքարող, դիմացինին հարգող, բայց և նրա ազատությունները չբռնադատող, իրենց առաջ նպատակ դնող և նպատակին ձգտող, իղձերին հասնելու համար ապրող ուժեղ անհատականություններ:

 

 

 

  1. Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է):

 

Անահիտ Արփեն — Այսօրվա թատերախաղերը, առավել քան երբևէ, պետք է ունենան իրատեսական բախումներ, հանգուցալուծումներ ու առաջարկվող ելքով ավարտներ: Պատմությունները պետք է լինեն իրականությունից չփախչող, իրականությունը չլղոզող, իրերն իրենց անուններով կոչող, ճշմարտության աչքերին նայող և ստեղծված իրավիճակից ելքեր փնտրող. հումորի տեղը՝ հումորով, ողբալու ժամանակ՝ կսկիծով: Բայց՝ առանց հուսահատեցնելու կամ ողբասացության, այլ հակառակը՝ հաղթական անցյալի և ներկայի դրվագները թատերախաղերի վերածելով, այսօրվա կյանքը քննելով, այսօր սեփական կյանքը սեփական ձեռքով կառուցելու ուղին ապագայի համար որպես ճիշտ ճամփա ցույց տալով,  հավատ ներշնչող, հուսադրող, կորցրածը ետ բերելող, ազգի ոգին ու բանակի տրամադրությունը բարձրացնող իրատեսությամբ:

Այսօր անգամ ժամանցային ներկայացումները պետք է ազգօգուտ տարր պարունակեն: Որովհետև այսօր համախմբման, սեփականից հանուրին գնալու, սիրելու և սիրվելու, ես-ը մեծ մենք-ին խառնելու, սեփական երդիկից աշխարհին նայելու և անձնական կացարանն ու կացութաձևը աշխարհի մեջ տեսնելու, աշխարհին սեփական դեմք ցույց տալու, վերջապես, ինքնության խոսք ասելու ժամանակն է:

Մեր լավ ու վատ կողմերով, թերություններով ու առավելություններով, այս կամ այն երևույթին դեմ ու կողմ լինելով, բարձր ու ցածր մղումներով, մեր առանձնահատկություններով հանդերձ, կա մի տեղ՝ թատրոն, որտեղ հավաքվում ենք, այսուհետ պետք է ոչ միայն միասին նստենք ու նույն բանին նայենք, այլ նաև պետք է նույն ուղղությամբ մտածենք՝ հայրենիքի, բոլորիս անվտանգության, բանակի հզորացման, դիվանագիտական փաղանգի ստեղծման, հայ մարդու և Հայաստանի բնակչի ոգին ու ստեղծարարությունը բարձրացնելու, արարելու, կառուցելու և նման այլ բաների մասին: Սա է այսօրվա թատրոնի և նրա դրամատուրգի դերն ու առաքելությունը: Խաբկանքը, առանց մտասուզումների թեթև ժամանցը, ուղղակի սիրուն խոսքն ու փաթեթավորված մտքերը հանդիսատեսին եթե անգամ բավարարեն էլ, միևնույն է, չեն օգնի:

Մարդիկ մոլորված են, միմյանցից խուսափում են, վշտի ու հուսալքության մեջ են: Առավել քան երբևէ, այսօր ազգային առաջընթացին նպաստող արժեքները, ազգային ոգու, բանակի մարտունակության բարձրացմանը, ժողովրդին հուսալքումից հանող թատերախաղեր պետք է խրախուսվեն, գրվեն ու նույն ոգով բեմադրվեն: Դրաման, ապա և բեմադրված թատերախաղը, արտացոլելով մարդկանց կյանքն ու տրամադրությունները, պետք է փարատեն բոլորի կասկած-տագնապները, ամոքեն վշտերը, մխիթարանքի խոսք գտնեն և մարդկանց դուրս հանեն մոլորված վիճակից, ելք ցույց տան: Այսօրվա քաղաքական խառնիճաղանջ շոուներում ազնիվ թատրոնը միակն է, ում անկեղծ խոսքին մարդիկ կհավատան և կմխիթարվեն:

 

 

  1. Հա՛յ թատրոնը (շեշտը իր տեղում է) պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:

 

Անահիտ Արփեն — Սեփական երկրի հեղինակին սեփական հարկի տակ սեփական թեմաներով բեմադրելու քաղաքականությունը միշտ է ողջունելի, այսօրվա իրավիճակում՝ առավել ևս:

Այսօր հանգստի, միայն ժամանցին ու զվարճանքին տրվելու իրավիճակ չէ, այսօր ազգն ու երկիրը գոյութենական վտանգների առաջ են կանգնած: Հետևաբար այսօրվա թատրոնների գերակա խնդիրը, բոլոր ժանրերում ու թատրոնի տեսակներում, լալով, թե խնդալով, երգով, թե պարով, մարդկանց հոգևոր և մտավոր կարողությունների կենտրոնացումն ու աշխատեցումը գործարկելու առաքելություն ունի: Իսկ այդ խնդիրը լուծելու համար դրամատուրգների հետ աշխատելու անհրաժեշտություն է առաջանալու:

Գեղարվեստական ոճերն ու ուղղությունները, բեմադրական դպրոցներն ու համակարգերը, սկզբունքներն ու մեթոդները, ասելիքի ձևն ու ժանրը որքան էլ ճաշակի համար էական լինեն, խոսքը տեղ հասցնելու համար պարտադիր և քաղաքականություն վարելու համար որոշիչ չեն: Թատրոնի համար բազմազանությունն է շահեկան: Քաղաքական պամֆլետ կլինի, թե ողբերգություն, կատակերգություն, երգիծական մանրապատում, թե պատմական դրամա կլինի, կարևորը ասելիքն է և քաղաքացիական դիրքորոշմամբ ազգային շահով առաջնորդվելու ուղու վրա դուրս գալը:

Ազգային առանձնահատկություններով, սեփական դարդուցավով հարևանների հետ երկխոսելու և ու աշխարհ արժանապատիվ ոտք դնելու խնդիր ունենք:  Ինչ ուղղությամբ էլ աշխատեն գլոբալիստները, մեզ նման հատիկներով է կառուցվում գլոբալը: Հայ թատրոնը ամբողջի մեջ մի ուրույն հատիկ պետք է լինի իր հարուստ պատմությամբ, մշակույթով և առավել քան հարուստ այսօրվա կյանքով ու փորձություններով:

Այս բոլոր խնդիրներն իրականացնելու համար թատրոնը պետք է այսօրվա իրադարձությունների անմիջական արտացոլմամբ հագեցնի իր խաղացանկը, և, հնարավոր է, որ սեփական ուժերը բավարար չլինեն: Ուրեմն, պետք է չալարի կամ չվարանի դուրս գալ իր ամպլուայից, սովորություններից և գտնի համապատասխան պիեսներ ու նոր դրամատուրգներ, ավելի արդյունավետ համագործակցելու համար ավելի ճիշտ կանի, որ իր հնարավորություններն ու դերասանակազմը որևէ դրամատուրգի ներկայացնելով՝ այսօրվա պահանջներին ու թատրոնին համապատասխան թատերախաղեր պատվիրի ու բեմադրի:

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։