Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ՀԱԿԱԲՋԻՋ
Մոնոպիես 1 գործողությամբ
Գործող անձ
ՄԼԵ – կոշկակար
Մլեի կոշիկի վերանորոգման արհեստանոցը: Կենտրոնում, սեղանի վրա տարատեսակ գործիքներ են և ռադիո: Պատից կախված է Տիգրան Մեծի նկարը: Մլեն, սեղանի մոտ նստած, կոշիկ նորոգելով՝ քթի տակ հայրենասիրական երգ է երգում: Կոշիկը դնում է սեղանին, միացնում ռադիոն: Լսվում է մշակութային հաղորդման վերջնամաս, որին հաջորդում է քաղաքական թեմայով հաղորդում. «Բոլոր կուսակցությունները սարսափած են, քանի որ Վարչապետը…»: Ռադիոյի ձայնը խզվում է, լսվում է խշշոց:
ՄԼԵ — Սրա՞ն ինչ եղավ… Ամեն անգամ էսպիսի կարևոր պահերին անջատվում է: Մարդ չի հասցնում լսել՝ ինչ արեց, ինչու արեց, երբ արեց, որտեղ արեց: (Հարվածում է ռադիոյին: Լսվում է թուրքական մուղամ:) Միայն է՜ս էր պակաս… (Անջատում է ռադիոն:) Բա մեր երկրո՞ւմ էլ սա միանա… Բա հարգանքն ու պատիվն էլ ո՞ւր մնացին… (Վերցնում է նոր կոշիկ, վերանորոգում:) Բա մենք էդ ա՞զգն ենք… Մեզանով են հպարտացել… Մեզանից են օրինակ վերցրել… (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Չէ՞, շեֆ ջան… Հա, բա ո՜նց… Ես գիտեմ՝ դու էլ ես ինձ հետ համաձայն: Հեռվից հեռու լսում ես, տառապում, բայց հավատում ես, որ օրերից մի օր նորից ծովից-ծով Հայաստան ենք ունենալու: (Մուրճով հարվածում է մատին:) Վա՜խ… Էդքան էլ՝ ճիշտ: (Միացնում է ռադիոն: Լսվում է խշշոց: Բարկացած հարվածում է ռադիոյին:) Տո՛, քո հերն անիծեմ… Չես միանում, մի միացիր: (Անջատում է ռադիոն:) Ոնց որ պատվերով լինի սրա աշխատելը… Երբ ուզում է՝ միանում է, երբ ուզում է՝ անջատվում: Տո՛, էս երկրում ի՞նչն է կարգին աշխատում, որ սա աշխատի: Ա՛յ մարդ, լրիվ սուտ է… Աշխարհն էլ է սուտ, մարդկությունն էլ է սուտ, պատիվն էլ է սուտ: Չէ՛, չէ՛… Պատիվը սուտ չէ… Պատիվը մահից հետո էլ է ապրում: Ինձ ո՞վ կբացատրի կյանքի իմաստը… Ո՞վ… Տո, ո՞վ գիտի, որ ով էլ բացատրի: Էս կյանքում ինչ-որ մի բան իր տեղում չէ: Այ թե ինչը՝ չգիտեմ: Տո, միայն ե՞ս եմ, որ չգիտեմ… Չէ, Մլե ջան, դու շատ-շատ ես փորձել հասկանալ, թե որտեղ է գաղտնիքը, բայց ոչ մի կերպ չի ստացվել: Շատ գիտնականներ են գլուխ ջարդել, որ բացահայտեն էդ հանելուկը, բայց մինչ օրս անհայտ է մնացել մարդկության համար: Միայն Աստված գիտի, թե ինչու է կյանքն էսպիսին ստեղծել: Ինքը ստեղծել է, ինքն էլ էդ հարցի պատասխանը ոչ մեկին չի ասել: Հե՜յ գիտի, Աստված ջան, թե ինչեր ես մտածել: Բայց դե, որ էդպես ես մտածել, ուրեմն մի բան գիտես: Քո գործերն անքննելի են: Ոչ ոք իրավունք չունի քննադատելու: (Դարակից հանում է օղու շիշն ու բաժակը, լցնում:) Քո կենացը, Աստված ջան: Ես ո՞վ եմ, որ քո փոխարեն որոշեմ կյանքի ճիշտն ու սխալը: (Խմում է:) Ուխա՜յ… Էս ի՜նչ լավ էր… Վա՜յ, օրհնվի էս օղի ստեղծողը, հա՜… Ի՜նչ դարդ ու ցավ ունես՝ մոռացության է տալիս: Տո չէ, է՜… Էս էլ մի բան չէ… Մի բան մոռանում ես, մի բան՝ հիշում: Տո, մարդ ո՞րը մոռանա, ո՞րը հիշի… Էնքա՜ն բան կա… Շատերն անիմաստ ուրախանում են ու ծիծաղում: Տո, ինչների՞դ վրա եք ուրախանում: Մեկը լինի հարցնի՝ ինչների՞դ վրա եք էդպես երջանիկ: Միայն անխելք մարդը կուրախանա ու անհոգ կապրի էս կյանքում: Ես էլ կուզեի անհոգ ու երջանիկ ապրել: Կուզեի, ո՜նց չէի ուզի… Ուրիշներից ինչո՞վ եմ պակաս… Բայց ինչի՞ վրա ուրախանամ… Պիտի գիժ լինեմ, հոգեկան հիվանդ, որ էսքան դարդերի ու ցավերի մեջ ծիծաղեմ ու պարեմ: (Պարում է:) Ա՛յ, էսպես ձեռքերս բարձրացնեմ, բերանս հարավ-հյուսիս բացեմ և ուրախանամ: (Նստում է:) Բա չէի՞ ուզի էսպիսի մի գիժ էլ ես լինեի: Կուզեի, ո՜նց չէի ուզի… Պիտի գիժ լինեի, որ չուզեի: Ախր, պատմություն ենք կերտել, հզոր անուններ ենք ներկայացրել աշխարհին, իսկ հիմա ի՜նչ օրի ենք հասել: Մենք ենք շատ ազգերի հիացմունքի առիթ դարձել: Շատերի համար մենք ենք օրինակ եղել: Տո, ինչի միայն հիացրե՞լ ենք… Բա վա՞խը… Մեզանից շատերն են վախեցել: Մեր առաջ շատերն են գլուխ խոնարհել: Իսկ հիմա՞… Ահա՜… Որ հիշում եմ՝ ցավս ու տառապանքս նորից գլուխ են բարձրացնում: Ով ինչ անում է, միայն իրեն է անում: Հա, բա ո՜նց… Մենք մեզ ներսից հոշոտեցինք, կտոր-կտոր արեցինք ու բաժանեցինք իրարից: Օտարներն էլ տեսան, որ չենք կարողանում գնահատել մեր արժեքները՝ խորամանկ աղվեսի նման, կամաց-կամաց մոտեցան ու մեր ունեցածը հավաքեցին ու իրենցով արեցին: Բա էսքանից հետո էլ ո՞նց ամուր մնայինք: Ամուր լինելու համար՝ ամուր հիմք էր պետք, իսկ էդ ամուր հիմքը մենք դարերով էինք ժառանգել: (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Քո շնորհիվ, շեֆ ջան: (Օղի է խմում): Է՜հ… Պատկերացնում եմ, թե հիմա ո՜նց ես բարկացած մեր ազգի վրա: Ախր, էդ ամուր հիմքը դու էիր մեզ ժառանգել, իսկ մենք՝ չգնահատեցինք: (Օղի է խմում): Կենացդ, շեֆ ջան… Հիմա նայում եմ աչքերիդ և ուզում եմ ամոթից մեռնել: Բայց ի՞նչ անեմ… Ախր, ի՞նչ կարող եմ անել, որ չեմ անում… Հը՞ն… Ասա՝ ո՞նց անեմ, էդպես էլ անեմ: Իմ մեղքը ո՞րն է, որ էդպես բարկացած նայում ես ինձ: Ողջ կյանքս էնպես ապրեցի, որ միշտ բարձր պահեմ ազգիս պատիվը… Քո պատիվն էլ՝ հետը… Գիտե՜մ… Գիտեմ, թե հիմա ինչ ես մտածում… Հաստատ մտածում ես, որ քո գործի շարունակողը ես պիտի լինեի: Ախր, ես էս խեղճ ու կրակ վիճակում ո՞ր մեկի դեմ պայքարեմ: Ես՝ մենակ, նրանք՝ անթիվ-անհամար: Հաշվում-հաշվում եմ՝ ազգի դավաճանների վերջը չի էլ երևում: Հա, ես էլի քո հետնորդն եմ, հո չե՞մ հրաժարվում: Ամեն բան փորձում եմ անել, որ դարերով եկած մեր սովորույթները պահեմ ու պահպանեմ, որպեսզի ազգը չկործանվի՝ ընկնելով էդ արտասահմանյան մոդաների հետևից: Էդ զռտի-պռտի բաներից հեռու պիտի մնանք: Ինչքան՝ հեռու, էնքան՝ լավ: (Օղի է խմում: Մի փոքր գինովցած է:) Շեֆ ջան, դու երբեք չմտածես… Քանի ես կամ՝ քո անվան հետ ոչ ոք չի կարող խաղալ: Մեկ առ մեկ ոտքիս տակ կգցեմ ազգի բոլոր դավաճաններին: (Նայելով Տիգրան Մեծի նկարին:) Ո՜ւֆ… Էդպես բարկացած մի՛ նայիր… Ախր, հասկացիր, որ ես էլ եմ մարդ: Ես էլ եմ վախենում քո ջղային հայացքից: Հասկացա, որ ես քո հետնորդն եմ, բայց մի մոռացիր՝ քարից չեմ: (Սպիտակ գույնի կոշիկը դնում է հատակին, վերցնում սև գույնի կոշիկ:) Ա՛յ մարդ, չեմ հասկանում… Մենք էս ի՞նչ ազգ ենք: Բնությունը մեզ էդքա՜ն գույներ է տվել, որ կյանքներս գույների մեջ անցնի, իսկ մենք ի՞նչ ենք անում… Էս աշխարհում ուրիշ գույնի կոշիկ չկա՞: Ով մոտս կոշիկ է բերում, միայն սև ու սպիտակ է: Մեր կյանքը միայն սև ու սպիտակի մեջ ենք պատկերացնո՞ւմ: Մենք էս ի՞նչ մարդ ենք… Մենք էս ի՞նչ ազգ ենք… Սև-սպիտակ, սև-սպիտակ… Տո զզվացրի՛ք, էլի… Ինչքա՞ն կարելի է: (Նայելով Տիգրան Մեծի նկարին:) Շեֆ ջան, դու ի՞նչ գույնի կոշիկ ես հագել: (Լռություն:) Ա՛յ տեսնո՞ւմ ես, շեֆ, թե որտեղից է գալիս մեր դժբախտությունը: Էստեղի՛ց… Հա՛, հա՛… Հե՛նց էստեղից… Մենք սովոր չենք ապրել գույների մեջ, սիրել բնությունն ու բազմազանությունը: Մեզ համար քառակուսի ենք ստեղծել, մտել մեր ստեղծած քառակուսու մեջ ու մեզ թվում է, թե երջանիկ ապրում ենք: Ապրո՞ւմ… Չէ, չենք ապրում… Միայն օրերն ենք գլորում: Ա՛յ, հենց էդ անգիտակցված քայլերից էլ գալիս է մեր դժբախտությունը: Ամեն բացվող օրվա հետ պոկում ենք օրացույցի թերթերը՝ չհասկանալով, որ ամեն մի թերթ մեր կյանքի մի օրն է: Ապրեցինք՝ ապրեցինք… Չէ, ուրեմն՝ վերջ… Էլ հնարավորություն չենք ունենա էդ օրը նորից ապրելու: Գունավոր բնության շռայլությունը թողած, մեզ թաղել ենք սև ու սպիտակի մեջ: Մենք ինքներս ենք մեզ բաժանել բնությունից: Ա՛յ էս է իսկական դժբախտությունը: Իսկ էդ դժբախտությունը մենք ինքներս ենք մեզ բերել: Չէ, չենք բերել՝ նվիրել ենք: Չէ՛, չէ՛, որդեգրել ենք: Այնքա՜ն ամուր ենք որդեգրել, որ ոչ թե՝ ուզում, այլ չենք կարողանում բաժանվել նրանից:
Կոշիկը շպրտում է մի կողմ: Միացնում է ռադիոն: Քաղաքական հաղորդում է: «Վերջին տվյալներով, կառավարությունում ժողովը դեռ շարունակվում է: Պայքարն ավելի է թեժանում, քանի որ Վարչապետը…»: Խշշոց:
ՄԼԵ — Թո՜ւ, քո ի՜նչն եմ ասել, հա՜… (Անջատում է ռադիոն:) Գնամ տուն, գոնե հեռուստացույցով լսեմ՝ էս ինչ իրավիճակ է երկրում: (Դադար:) Գնամ տո՞ւն… Ինչի՞ համար… Ո՞ւմ համար… Ո՞վ է ինձ սպասում, որ վեր կենամ ու գնամ: Էս ժանգոտած արհեստանոցում գոնե գործիքները, սև ու սպիտակ կոշիկներն են իմ ընկերներն ու հարազատները: Բա մարդ էլ ընտանիք ունենա, վերջում էլ կարոտո՞վ ապրի: Աչքը ջուր կտրի՝ սպասելով իր հարազատներին: (Օղի է խմում, բռունցքը խփում սեղանին:) Ո՞նց թե չգիտեմ՝ ինչի համար եմ ապրում: Տո գիտեմ, ո՜նց չգիտեմ… (Հեռախոսազանգ:) Ո՜ւֆ… Էս բջջայինն ինչի՞ համար ստեղծեցին… Մարդ իր համար հանգիստ ապրում էր, իսկ հիմա՝ ամեն րոպե՝ ծը՜նգ, հա, ծը՜նգ, ծը՜նգ, հա, ծը՜նգ… (Նայելով բջջայինի էկրանին:) Վա՜յ, աչքերիս չեմ հավատում… Ա՛յ մարդ, էս ի՜նչ հրաշք է… (Բջջայինն ուղղում է դեպի Տիգրան Մեծի նկարը») Նայի՛ր, շեֆ… Բա որ ասո՜ւմ էի՝ կզանգի, չէիր հավատում: Հլա չխանգարես, տեսնեմ՝ ինչ է ասում: (Միացնում է բջջայինը:) Ալո՜, ալո՜… Լավ է՝ հիշեցիր, որ դեռ չեմ մեռել: Մի քանի օր էլ որ չզանգեիր, ինձ լրիվ դիակ կզգայի: Ի՞նչ… Մտափոխվե՞մ… Երբե՛ք… Լսո՞ւմ ես՝ երբե՛ք… Ասում եմ՝ չէ՛… Ես ինձ իմ երկրում շատ լավ եմ զգում: Ի՞նչ… Ե՞ս եմ անտեր… (Ծիծաղում է:) Ա՛յ տղա, մարդ ո՞նց կարող է հայրենի հողի վրա իրեն անտեր զգալ: Բալա ջան, էդ դու ես անտեր-անտիրական ապրում օտարի հողում: Քո կարծիքով, Շվեդիայում քեզնով պիտի հիանա՞ն: Էդ ինձնով են հիանում… Եթե գրականության ուսուցիչ եմ եղել, ուրեմն՝ մարդ չեմ, հա՞… Բայց ես հո չեմ բողոքում: Ոչինչ, որ իմ կյանքն էլ էսպես դասավորվեց: Մարդ ամեն ինչի պիտի պատրաստ լինի: Պիտի կարողանա հաղթահարել ցանկացած դժվարություն: Բա կյանքը հո միայն շռայլ ու հարուստ ապրելու համար չէ: Էդ վախկոտներն են փախչում դժվարություններից: Հա՛, հա՛… Հե՛նց էդպես… Մի վախկոտ էլ դու էիր, որ վախեցար ու փախար: Փա՜ռք Աստծո, չեմ բողոքում: Ապրում եմ, էլի… Իմ հողի վրա ինձ ազատ ու անկախ եմ զգում: Կարևորը՝ գողություն չեմ անում, սրան-նրան չեմ խաբում: Հանգիստ խղճով ապրում եմ: Ասենք թե՝ էսօր մեկին խաբեմ, վաղը՝ մյուսին: Միլիոններ դիզեմ ու լցնեմ գրպանս: Է՜, հետո՞… Բա խի՞ղճը… Էդ միլիոնները հետս չեմ տանելու էն աշխարհ: Մի կյանք ենք ապրում, նորմալ, մարդավարի պիտի ապրենք, որ մենք էլ մեր ապրելուց մի բան հասկանանք: (Դադար:) Ա՛յ տղա, էդ ո՞նց ես խոսում… Ո՞նց թե՝ սոված-ծարավ զկռտում եմ: Բա դու չես ամաչո՞ւմ: Տո դու ի՞նչ գիտես՝ երջանկությունն ինչն է: Ո՞վ… Ես չգիտե՞մ… Վա՜յ, ես քո մարդ ասողի՛, հա՜… Ասացի՝ էլ չկրկնե՛ս, եթե չես ուզում հետս գալ ու մասնակցել իմ թաղմանը: Դու ավելի լավ կանես՝ էդ քո Շվեդիաները թողնես ու հետ գաս: Մենք էստեղ միասին հանգիստ ու մաքուր խղճով կապրենք: (Հայացքը մռայլվում է: Դադար:) Ո՞նց թե… Շատ է կարոտե՞լ… Վա՜յ, ես մեռնեմ իմ թոռան ջանին: Ախր, ես ի՞նչ մեղք էի գործել, որ Աստված ինձ էս պատիժը տվեց: Ամբողջ կյանքս ձեզանով ապրեմ, վերջում էլ կարոտը սրտումս գնամ էն աշխա՞րհ… Ո՞ր մեղքիս համար… Ո՞ր… Բա ես դրա՞ն էի արժանի… Հա՞… Դուք որ կողքիս լինեիք, թոռս իմ կարած կոշիկները կհագներ ու հպարտ-հպարտ կքայլեր իր հայրենի հողի վրա: Էդպես ես էլ ինձ գնահատված ու սիրված կզգայի: Մարդն առանց իր երկրի թափառող շան նման է, որը չգիտի՝ ուր է գնում, ինչ է անում: Թոռանս պինդ գրկիր ու ասա, որ իր պապիկը հանուն իրեն մի քանի օրով կգա ու շուտ ետ կգնա իր երկիր: Հա՛, հա՛… Տոմսը պատվիրիր… (Դադար:) Ալո՜… Ալո՜… Էդ ի՞նչ ձայներ են… Ի՞նչ եղավ… Ասում եմ՝ էդ ի՞նչ ձայներ են… Ա՜խ, հա՜… Գործնական հանդիպում ունես ու էլ չե՞ս կարող խոսել: Վա՜յ, ես քո էդ գործնական հանդիպումների ի՜նչն եմ ասել… Մարդիկ շատ են փոխվել: Մի ժամանակ հարգանք ու մարդկային սրտացավություն կար, իսկ հիմա՝ բոլորը ընկել են գործնական հանդիպումների հետևից ու դրանք ավելի են գերադասում, քան իրենց հարազատների հետ շփումը: Փո՜ղը… Փո՜ղը… Ինչ անում, չի անում, էդ չարաբաստիկ փողն է անում: Էդ անիծյալ փողը ամեն ինչ փչացրեց … Մարդկանց օտար ու սառը դարձրեց, բաժանեց իրարից: (Դադար:) Ալո՜… Ալո՜… Անջատել է: (Անջատում է բջջայինը:) Չեմ հասկանում՝ էդ արտասահմաններում ի՞նչ կա, որ էստեղ չկա: Էդ ի՞նչ նոր հիվանդություն ընկավ մեր ազգի մեջ: Էդ ի՞նչ
նոր մոդա դարձավ: Ի՞նչ էր դրա անունը, է՜… Հա՛, հա՛… Գլամուր:
(Ծաղրանքով:) Գործնական հանդիպում: (Քայլում է բեմում, փորձում նմանակել:) Բարև Ձեզ… Ներեցեք, որ մի փոքր ուշացա… Խցանման մեջ էի
ընկել… Իհարկե, իհարկե, պարոն Չգիտեմինչյան… Ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը դեռ երկար պիտի շարունակվի: Բոլոր տոկոսները կստանաք ճիշտ ժամանակին: Համեցեք, Համեցե՛ք… Նստե՛ք, որպեսզի պայմանագրի ժամկետը երկարացնենք… (Պաշտոնական նստում է սեղանի մոտ: Դարակից հանում է թուղթ ու գրիչ և ստորագրում: Հետո վեր է կենում, որպես լուսանկարիչ լուսանկարում է:) Չը՜խկ… Չը՜խկ… (Դադար:) Վա՜յ, ես ձեր գործնական հանդիպումների հե՛րն եմ անիծել… Փողեր է, որ լվանում են… Իմ անխելք տղան էլ մոդայիկ դարձավ… Գնաց ու ընկավ էդ ճահիճը: Տո դա մե՛ղք է, մե՛ղք… Հանցա՛նք… Ինքը գնաց էդ մոդայի ետևից, բավական չէր, դեռ ընտանիքն էլ հետը տարավ… Թոռս էդ կյանքը տեսնելով ի՞նչ պիտի սովորի… Ok… Hello… Thank you… Տո էլ չգիտեմ՝ ինչ… Ինչքան զռտի-պռտի բառեր կան, օգտագործում են: Ախր, հայը ո՞նց չի հասկանում, որ էդ օքեյ-մոքեյները մերը չեն… Մենք էդ էությունով չենք ծնվել ու մեծացել: Մեր բնությունն ուրիշ է: Մեր հարուստ լեզուն թողած՝ ուրիշների զռտիկներն ենք օգտագործում: Օգտագործում ենք՝ հերիք չէ՝ պարծենում էլ ենք: Պարծենում էլ ենք, հերիք չէ՝ չենք էլ հասկանում, որ էդ ամեն ինչով սպանում ենք մեր անցյալն ու ներկան: Ապագայի մասին չեմ էլ խոսում: Սպանում ենք մեր լեզուն, դարերով եկած մեր պատմությունը: (Նայելով Տիգրան Մեծի նկարին:) Լսո՞ւմ էիր, շեֆ ջան… Լա՛վ, լա՛վ… Էլ չեմ բողոքում… Ես գիտեմ՝ ինչքան խոսում եմ, դու ավելի շատ ես բարկանում… Ըհ՛ն… Նայի՛ր… Խելոք-խելոք նստում եմ: (Նստում է, լռում, նայում նկարին:) Գո՞հ ես, շեֆ… (Դադար:) Իյա՜… Ոնց որ բարկությունդ անցել է, հա՞… Էդ արդեն լավ է: Լավ, էլ չեմ խոսի, որ քեզ չբարկացնեմ: Ոնց կասես՝ էդպես էլ կանեմ: (Ձեռքերով փակում է բերանը: Դադար:) Ախր, որ չխոսեմ՝ սիրտս կտրաքի: Շեֆ ջան, հազար անգամ ներիր, բայց պիտի ասեմ… Նկարիդ չեմ նայի, որ բարկությունդ չտեսնեմ: (Մեջքով նստում է դեպի նկարը:) Ախր, լռել չեմ կարող: Որ չխոսեմ՝ սիրտս հաստա՛տ կպայթի: Շեֆ ջան, չլինի՞ ուզում ես՝ մեռնեմ: Բա որ մեռնեմ, քո սրտին դարդ չի լինի՞: (Նայելով նկարին:) Դարդ կլինի, չէ՞… Բա տեսնո՞ւմ ես… (Փակում է երեսը, դեմքը թեքում նկարից:) Շեֆ ջան, մի քանի օրով որ գնամ, թոռանս տեսնեմ, ետ գամ, ինձ ազգի դավաճան չես համարի, չէ՞… Չէ՛, չէ՛… Երկար չեմ մնա, խոստանում եմ: (Ժպտում է:) Շեֆ ունեմ, աշխարհը չունի: (Օղի է լցնում:) Քո կենացը…
Խմում է: Միացնում է ռադիոն: Լսվում է խշշոց, հետո հնչում է հայրենասիրական երգ: Մլեն պարում է, հետո պատից կախված Տիգրան Մեծի նկարը իջեցնում է, պարզում է օդ և շարունակում նկարի հետ պարել:
Բեմը մթնում է, քիչ անց՝ լուսավորվում:
Օդանավակայանի տեսարան: Մլեն բեմի կետրոնում է, սակայն այնպես է կանգնած, կարծես հերթի մեջ լինի: Անընդհատ նայում է ժամացույցին և հայացքն անհանգիստ թեքում աջ ու ձախ:
Հնչում է հայտարարությունը: «Հարգելի ուղևորներ, թռիչքը մի փոքր հետաձգվում է, ուստի հայցում ենք ձեր ներողամտությունը»:
ՄԼԵ — Թո՜ւ, ես ձեր… Էս ինչքան էլ մարդ կա: Թե ասա՝ ո՞ւր եք գնում ձեր երկիրը թողած: Հլա նայիր, է՜… Մեկը լացում է, մյուսը՝ ժպտում, մեկը՝ վարակակիր, մյուսը՝ դեռ չվարակված, բայց մյուսի փռշտոցից, ուր որ է, կվարակվի: Ի՜նչ մարդ ասես, որ չկա… Հորիզոնական աչքերով, ուղղանկյուն բերանով: Ի՜նչ են խոսում՝ չես էլ հասկանում: Սպասեմ՝ տեսնեմ, թե երբ բախտ կունենամ էս անվերջ հերթի մեջ թռիչքիս տոմսը վերցնեմ: (Դժգոհ աջ ու ձախ է նայում:) Էնքա՜ն էլ մարդ է կանգնած, որ ծայրը չի երևում: Էս սևամորթ աժդահա՞ն դիմացս ինչու է կանգնել, չեմ հասկանում: Ոչ մի բան չի երևում: (Հերթից դուրս է գալիս, մի քանի քայլ անում դեպի աջ, որպեսզի տեսնի՝ ինչ է կատարվում: Հիասթափված ետ է գալիս, որ կանգնի իր տեղը:) Սևամորթ աժդահա ջան, սա իմ տեղն է, ինչո՞ւ ես դու կանգնել: Չեմ հասկանում, սա հայերեն չի հասկանո՞ւմ: Ա՛յ մարդ, ասում եմ՝ էս իմ տեղն է: (Մի կերպ խցկվում է հերթի մեջ, շնչահեղձ մնում է կանգնած: Ուզում է փռշտալ, իրեն է կսմթում, որպեսզի զսպի փռշտոցը:) Աստված ջան, խնդրում եմ, հանկարծ չփռշտամ, թե չէ խայտառակ կլինեմ: Կմտածեն՝ վարակակիր եմ ու հատուկ եմ եկել, որ բոլորին վարակեմ: (Փակում է քիթն ու բերանը, անհանգիստ շարժումներ անում:) Տո՛ ի՜նչ եք նայում, է՜… Բոլորի հետ էլ պատահում է: (Դադար:) Մեղա՜… Մեղա՜… Փռշը՜տ… Պարոն սևամորթ աժդահա, չգիտեմ՝ ինչ ազգ ես, բայց վայրենու հայացքով էդպես մի նայիր: Մարդ եմ, վախենում եմ, չէ՞: Աֆրիկայում չեն փռշտո՞ւմ, ինչ է: Փռշտում են, էն էլ ո՜նց են փռշտում: Ա՛յ էսպես… (Կեղծ փռշտում է:) Փռը՜շտ… Փռը՜շտ… Չէ՛, չէ՛, ես վարակված չեմ: Իզուր ես քիթ ու մռութդ փակել: Ես ողջ առողջ եմ՝ տնական օղի խմած: (Վախով:) Սևամորթ ջան, էդ բռունցքդ ինչո՞ւ ես սեղմել: Երևում է, որ իսկական աժդահա տղամարդ ես, բան չունեմ ասելու, բայց պետք չէ: Հիմա ոչ տեղն է, ոչ էլ՝ ժամանակը, որ մարմնամարզություն անես: (Վախից մի քանի քայլ ետ է գնում:) Էս մարդուն ի՞նչ լեզվով ասեմ, որ հասկանա: Չփորձե՛ս… Ասացի՝ չփորձե՛ս… Վա՜խ… (Ձեռքերով փակում է երեսը, գոռալով տապալվում հատակին: Դադար: Բացում է աչքերը, նայում շուրջբոլորը:) Էսքան մա՞րդ ինչու է հավաքվել շուրջս: Չէ՛, չէ՛, թրջոց պետք չէ, աչքիս ոչինչ չի եղել: Շնորհակալ, եմ բայց մազերս ուղղել պետք չէ: Ես՝ ինքս… Շատ շնորհակալ եմ, բայց շորերիս փոշին ինքս կմաքրեմ: (Նստում է, մաքրում հագուստը:) Վա՜յ, ի՜նչ լավ է, որ օդանավակայանի աշխատակցուհին գալիս է ինձ հիվանդատես: Շա՜տ շնորհակալ եմ… Շա՜տ… (Պառկում է, փակում աչքերը, հետո նմանակում է կնոջը): «Հայրիկ ջան, ո՞նց եք…»: Լավ եմ, ազիզ ջան: Պառկած հերթիս եմ սպասում: Հոգնեցի էդքան կանգնելուց: (Նմանակում է:) «Դուք այսօրվա մեր հերթի խցկված արտոնյալն եք: Մեր տնօրինությունը ձեզ թռիչքի լուքս տոմս է նվիրում»: (Կիսաձայն:) Վա՜յ, ես ձեր ի՜նչն եմ ասել, հա՜… Տոմսը նվեր են տալիս, որ չբողոքեմ ու իրենց հաստատության անունը խայտառակ չանեմ: (Բարձրաձայն:) Ազիզ ջան, հիմա՞ պիտի գնամ էդ լյուքսը: Լա՜վ, շա՜տ լավ… Գոնե էդ լյուքում մի քիչ քնեմ, հանգստանամ: (Հատակից բարձրանում, կենտրոնում դնում է երկու աթոռ, նստում է, մյուս աթոռը դատարկ է: Աչքերը փակում է, հետո տեղից վեր թռչում🙂 Ա՛յ մարդ, էս ի՞նչ ձայն էր: Չեն թողնում՝ մարդ հանգիստ քնի: Հետո էլ ասում են՝ լյուքս, հա լյուքս: (Զննում է դատարկ աթոռը:) Է՞ս ում են բերել, նստեցրել կողքիս: Իբր լյուքս է, հա՞… Էնպես է խռմփացնում, որ չթողեց քնեմ: Ընկեր, ա՛յ ընկեր, զարթնի՛ր: Սա քեզ համար հյուրանոց չէ: Տեսնես բոլոր լյուքնե՞րն են էսպես քնում, որ աշխարհն էլ փուլ գա՝ չեն զարթնի: Էնպե՜ս էլ արհամարհական մեջքը թեքել է ինձ, իբր ինձանից լավ լյուքս է: Տո՛ սրանից ի՞նչ լյուքս… Լյուքսը ես եմ: Սա շարքային քաղաքացի կլինի: (Անցնում է աթոռի մյուս կողմը: Ապշահար նայում է, փակում է աչքերն ու բղավելով ընկնում հատակին: Հետո չորեքթաթ ետ է գնում:) Դու էլ ես լյո՞ւքս: Իսկ գիտե՞ս, որ ես էլ եմ լյուքս: Հա՛, հա՛, լյուքս Մլեն եմ: Էնպես որ նորից չփորձե՛ս, պարոն սևամորթ աժդահա: Էն ժամանակ լյուքս չէի, քրեական գործ չհարուցվեց, իսկ հիմա՝ ահա՜… (Վախով:) Ինչո՞ւ ես ատամներդ կրճտացնում ու նորից վայրենու նման ինձ նայում: Նորից էդ անիծյա՛լ բռունքը… (Գոռում է🙂 Վա՜յ, մամա՛ ջան… Էս մարդը նախնադարյան աֆրիկացի հետամնաց է: Ոչ մի լեզու չի հասկանում: (Վախով կանգնում է:) Աֆրիկացի լյուքս ջան, գնամ լվացվեմ ու հետ գամ: Դու հանգիստ քնիր: Լյուքսերին որ խանգարում են ու չեն թողնում քնեն՝ նրանք կատաղում են: Ես քեզ՝ վառ օրինակ: (Դուրս է վազում: Բեմը դատարկ է: Քիչ հետո ներս է մտնում՝ հպարտ կեցվածքով, աջ ու ձախ նայելով): Էս ի՜նչ էլ եվրո լվացարան է… (Սայթաքում է, բայց չի ընկնում:) Վա՜յ, անշնորքներ… Բա լյուքս համարի եվրո լվացարանի սալիկների վրա՞ էլ ջուր թափեն: Ո՞վ է նման բան տեսել: (Առաջ գնալով սայթաքում է, գոռալով ընկնում հատակին:)
Բեմը մթնում է, քիչ անց` լուսավորվում: Հիվանդանոցի տեսարան: Կենտրոնում՝ մահճակալ: Մլեն անշարժ պառկած է մահճակալին՝ սավանով փաթաթված: Քարացած պատկեր: Լսվում է սրտի աշխատանքի սարքի ձայն, որը մե՛կ հնչում է կամաց, մե՛կ՝ ուժեղ: Մլեն փռշտում է ու կտրուկ նստում մահճակալին: Ոչինչ չհասկանալով՝ նայում է շուրջը:
ՄԼԵ — Ա՛յ մարդ, էս ո՞ւր եմ ընկել… Ա՛յ մարդ, էս ո՞ւր են ինձ բերել… Չլինի՞ մեռել եմ: (Վեր է կենում, քայլում աջ ու ձախ, նստում է հատակին, արտասվում:) Բա որ ես մեռել եմ, ո՞նց պիտի ժողովրդիս օգնեմ, կողքին լինեմ, չթողնեմ, որ տխրի: Ախր, ես շատ նպատակներ ունեի… Նոր կուսակցություն պիտի բացեի, որ բոլորին փրկեի էս դժբախտությունից: Վա՜յ, էս ի՜նչ անարդար կյանք է: (Շոշափում է իրեն🙂 Բա որ մեռել եմ, հոգիս ո՞ւր է: (Ձայնելով🙂 Հոգի՜… Ա՛յ հոգի ջան, դո՞ւ ուր ես փախել: Հոգի՜… Հոգի՜… (Դրսից՝ աղմուկ, բղավոցներ: Վազում, պառկում է, սավանով ծածկվում: Մի պահ լռություն, հետո սավանի տակից գլուխը դուրս է հանում🙂 Չլինի՞ դժոխք եմ ընկել… Վա՜յ, մամա՛ ջան… (Նայում է շուրջը:) Դժոխքում էսպիսի հարմարավետ պայմաններ է՞լ են լինում: Չլինի՞ դժոխքի մոդան էլ է փոխվել: Տերդ մեռնի, գիտություն… Էս ո՜նց էսքան շուտ զարգացար, որ հիմա էլ սատանաներն են ժամանակակից ոճով տանջում: Վա՜յ, էս ի՜նչ բարի ու սրտացավ սատանաներ են մեր սատանաները: Էս ո՜նց են մտածում մարդկանց մասին: Էն ժամանակ որ մեռնեի՝ հե՜յ գիտի Աստված… Էնքա՜ն կտանջեին՝ կփոշմանեի, որ մեռել եմ: Աստված էլ գիտի, թե ինչ է անում, է՜… Էնպես դասավորեց, որ իր արժանի և անարժան զավակները մեռնելուց հետո շատ չտանջվեն: (Մտահոգ:) Ախր, ես արժանի զավակներից էի, դժոխքում ի՞նչ գործ ունեմ: Բա ես հիմա ո՞նց իմանամ՝ մահվան որ փուլում եմ: (Մոտենում է դռանը, փորձում բացել: Դուռը փակ է: Մի քանի անհաջող փորձից հետո հիասթափված ետ է գալիս: Հետո, համբերությունը հատած, մոտենում է դռանը, հարվածում🙂 Ախր, ես էլ եմ մեռել: Ինձ ինչո՞ւ եք բերել՝ անտեր-անտիրական էստեղ շպրտել: Ինձ լրիվ աչքաթող եք արել: Էդպես ո՞նց կլինի: (Ձայնելով:) Է՜դ ձեր գլխավոր սատանային ասեք, որ ես էլ մարդ: Մրսում եմ, չէ՞… Ես որ հիվանդանամ, գրիպ ընկնեմ, ո՞վ պիտի պատասխան տա: (Լռություն:) Կարո՞ղ է՝ դժոխք չեմ ընկել… (Ծնկի է գալիս🙂 Վա՜յ, շնորհակալ եմ, տե՜ր Աստված, որ գնահատեցիր կյանքիս վաստակն ու դրախտի ընդունարան ինձ բերեցիր: (Նայելով սպիտակ սավանին🙂 Հա՜, էլի՜… Դրա՜խտն է, դրա՜խտը… Ո՞վ է տեսել, որ դժոխքում ամեն ինչ սպիտակ լինի: Էնտեղ ամեն բան սև է, մեր կյանքի նման: (Մոտենում է դռանը🙂 Դուռը բացե՛ք… Ես պիտի տեսնեմ Աստծուն: Պիտի հայտնեմ իմ բողոքը: Խեղճ Աստված հաստատ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում աշխարհում: Ով ինչ ուզում է՝ անում է: Ես թո՛ւյլ չեմ տա, որ երկիրը քանդեն: (Մի քանի անգամ դռանը հարվածելով՝ հիասթափված ետ է գալիս): Վա՜յ, ես ձեր հե՛րն եմ անիծել… Թո՜ւ… Ձեր մարդ ասողի՛… Դուք դեռ չգիտեք, թե ո՜ւմ հետ գործ ունեք: Հե՜յ, լսո՞ւմ եք… Ես կբողոքեմ Աստծուն: Նա դրախտի աշխատողներին կփոխարինի նորերով: Դուք իրավունք չունեք դրախտում աշխատելու: Աշխարհում մի մաքուր տեղ է մնացել, էդ է՞լ եք ուզում կեղտոտել: Սրիկանե՛ր… (Ոստիկանության մեքենայի ազդանշանի ձայն:) Ա՜յ քեզ բան… Դրախտում ոստիկաններ է՞լ էն լինում: Ամեն ինչն են փչացրել: Հե՜յ, լսո՞ւմ եք… Ես հատուկ արտոնագիր ունեմ՝ Աստծո կողմից ստորագրված: Էդ նա է բարեխոսել, որ գամ դրախտ, բայց ես նրան կխնդրեմ, որ թույլ տա մի քանի օրով գնամ էն աշխարհ: Էնտեղ դեռ չկատարած գործեր ունեմ: Ես պետք է ավարտին հասցնեմ իմ կուսակցության կազմակերպչական աշխատանքները: (Դրսից՝ աղմուկ:) Տեսնես հիմա՞ ինչ է կատարվում: (Մոտենում է դռանը, փորձում ձայներից հասկանալ՝ ինչ է կատարվում: Զարմացած ետ է գալիս:) Պարոն Փահլևանյա՞ն… Ի՞նչ պարոն Փահլևանյան… Ա՜յ քեզ բան… Աստծո ազգանունն էլ է փոխվե՞լ… Ես միշտ կարդացել եմ Աստվածաշունչ, բայց վերջին տվյալներով էնտեղ նման բան գրված չկար: Աստվածաշունչն էլ փոխեցին… Վա՜յ, ես ձեր… (Հարվածում է դռանը🙂 Ասում եմ՝ դուռը բացե՛ք… Աստծուն՝ պարոն Փահլևանյանին ասեք, որ Մլե Համառիկյանն ուզում է իրեն տեսնել: (Հասկանալով որ պայքարն ապարդյուն է՝ նստում է դռան մոտ, արտասվում:) Հոգի՜, ա՜յ հոգի… Էս նեղ պահին դո՞ւ ինչու ես կորել: Բոլորը երես են թեքել ինձանից: Գոնե դու ինձ մի լքիր: Որտե՞ղ ես, իմ համառ հոգի: (Շարունակում է փնտրել շուրջը, մահճակալի տակ: Տեսնում է մահճակալին փակցված թուղթ: Վերցնում, կարդում է) «Հիվանդասենյակ համար 11… Անհայտ տղամարդ… Տարիքը՝ 50-55… Կասկածելի վնասվածքներով… Նման է հանցագործի, որը զբաղվում է թմրանյութերի թաքուն առք ու վաճառքով, սակայն նրա հանցանքը դեռ ապացուցված չէ: Երբ կոմայից դուրս գա՝ անպայման կպարզենք: Նախնական տվյալներով փորձում էր փախչել երկրից, որովհետև նրան հայտնաբերել էին ինքնաթիռի բիզնես տեղին պատկանող սանհանգույցի սառը սալիկներին ուշաթափված: Աչքի տակ կապտուկ է եղել, որն արդեն կասկածելի է նրա անձի բարի համբավի համար: Կոմայի մեջ անշարժ, երջանիկ ժպիտը դեմքին՝ պառկած էր: Միայն թմրանյութի ազդեցության դեպքում կարող է ապագա հանցուցյալն այդպես ժպտալ՝ ոչինչ չգիտակցելով»: (Թուղթը շպրտում է, վազում է դեպի մահճակալը, սավանով ծածկում դեմքը:) Աստվա՜ծ իմ… Փաստորեն՝ չեմ մեռել: Ո՛չ դժոխքում եմ, ո՛չ էլ՝ դրախտում: Օդանավակայան, ինքնաթիռ, սևամորթ աժդահա, կարճ հագած, հորիզոնական ժպտացող աշխատակցուհիներ, լյուքս համար, սառը սալիկներ… (Տեղից վեր է թռչում: Մոտենալով դռանը՝ ուժեղ հարվածում է🙂 Օգնեցե՜ք… Օգնեցե՜ք ինձ… Ես ամեն ինչ հիշել եմ… Ես ձեզ կարևոր տեղեկություն պիտի հայտնեմ հանցագործների խմբի մասին: Նրանք միասին են գործում և փորձում են մարդկանց սպանել: Ես ձեզ կպատմեմ՝ ինչ տեսել եմ: Նրանք ուզում են երկիրը կործանել: Նրանց գլխավոր հովանավորն այդ սևամորթ աֆրիկացի աժդահան է: Հե՜յ, լսո՞ւմ եք… Դուռը բացե՛ք, խնդրո՜ւմ եմ… (Շտապ օգնության մեքենայի ձայն: Ուրախացած թռչկոտում է🙂 Վա՜յ, շնորհակալ եմ, որ վերջապես լսեցիք ձայնս: Ես հավատում էի, որ դուք կօգնեք ինձ և թույլ չեք տա, որ մեղավորները տարածվեն երկրով մեկ: (Դուռը բացվում է, բեմը՝ մթնում: Մթության մեջ լսվում է Մլեի բղավոցը🙂 Օգնեցե՜ք… Ինձ ուզում են սպանել… Բա՜ց թողեք ինձ… Դուք իրավունք չունեք, սրիկանե՛ր… Ի՞նչ եք ուզում ինձանից… Ձեզ էդ աֆրիկացի աժդահա՞ն է ուղարկել… Վա՜յ, ես ձեր ի՜նչն եմ ասել… Հանցագործնե՛ր… Օգնեցե՜ք…
Մլեի ձայնը կտրվում է: Լռություն: Բեմը լուսավորվում է: Հոգեբուժարանի տեսարան: Կենտրոնում՝ մահճակալ: Մլեն կանգնած է մահճակալին, հագին՝ զսպաշապիկ: Մահճակալի վրա թռչկոտում է ու պարում: Երգում է հայրենասիրական երգ: Երգի ավարտից հետո գլուխը խոնարհում է: Ուզում է ծափահարել, չի կարողանում: Մոտենում է դռանը, գլխով հարվածում:
ՄԼԵ — Ես խելոք գիժ եմ: Հե՜յ, լսո՞ւմ եք… Ասում եմ՝ ես խելոք գիժ եմ: Դուռը բացե՛ք ու ինձ ազատե՛ք էս կտորե շղթաներից: Ես հեղափոխություն պիտի անեմ: Արդեն ծրագրված են իմ կուսակցության առաջիկա նպատակները: Երբ երկիրս ոտքի կանգնի, խոստանում, որ ձեր պաշտոնն էլ կբարձրացնեմ, որպես հեղափոխության մասնակիցներ: (Դրսից՝ ծափահարություն: Դուռը բացվում է: Մլեն դուրս է գնում և վայրկյաններ անց վերադառնում առանց զսպաշապիկի🙂 Ի՜նչ լավ է, որ մարդիկ դեռ հավատում են: (Կանգնում է մահճակալին: Սավանով փաթաթվում է, ինչպես արքաները: Մահճակալին կանգնած փորձում է ձի հեծնել: Մի քանի անհաջող փորձ է անում🙂 Իմ հպարտ ձի, ավելի լավ է, սարից իջնենք քաղաք: Մենք պետք է շփվենք ժողովրդի հետ, որովհետև իմ կուսակցությունը ժողովրդական է: Դե՛, Մլե Համառիկյան, համառի՛ր: Առանց համառության ամեն բան անօգուտ է: Իմ հպարտ նժույգ՝ Բալտազար, զգույշ իջիր էս քարքարոտ ճամփան, որպեսզի պատվով ու առանց վնասվածքների տեղ հասնենք: (Ձիու նման խրխնջում է, մահճակալից իջնում ներքև: Հատակին կանգնած շարունակում է ձի հեծնելու փորձը: Վերջապես հեծնում է ձին🙂 Բալտազար, գլուխդ վերև, հայացքդ դեպի պայծառ ապագա: Պատրա՞ստ ես, իմ ընկեր: (Խրխնջում է🙂 Ես էլ եմ պատրաստ: Դե ուրեմն՝ առա՛ջ… (Ձին հեծած մի քանի պտույտ է կատարում բեմում, կանգնում կենտրոնում: Ձիուց իջնում է🙂 Բալտազար ջան, դու գնա, քեզ համար հանգիստ խոտ արածիր, մինչև ես քարոզարշավս վերջացնեմ: (Խրխնջում է🙂 Սպասի՛ր… Ամեն տեսակի խոտ չարածես, որ փորացավ չընկնես: Հիմա ինչ խոտեր ասես՝ աճեցնում են: Քեզ
նման ընտրյալները միայն թարմ ու բնական խոտեր պիտի արածեն: (Իբր մտրակում է ձիուն: Խրխնջում է🙂 Դե գնա… (Խրխնջում է, սավանը օդում ծածանում:) Ուշադրությո՜ւն, ուշադրությո՜ւն… Պայծառ ապագան կերտելու համար ձեզ օգնության է գալիս «Հակաբջիջ» կուսակցության հիմնադիր տնօրեն, պայծառատես ու համառ Մլե Թադևոսի Համառիկյանը, նույն ինքը՝ «Համառ գայլը»: Իմ կուսակցությունն ունի մի նպատակ… Կոտրել բոլոր կարծրատիպերը, ոչնչացնել երկիրը քայքայող ու ավերող բջիջներին: (Ոռնում է: Ոռնոցին զուգահեռ՝ խրխնջում🙂 Զահրումա՛ր, Բալտազար… Երբ գազանները ժանիքները սրած մարտնչում են՝ խոտակերները պիտի լռեն: Սուսուփուս խոտդ արածիր և մի՛ խանգարիր: (Դրսից լսվում են ծափեր ու բացականչություններ՝ «Ուռա՜, Ուռա՜…) Կոչ եմ անում, որ հոգեբուժարանի հիվանդներն ու աշխատակիցները միանան ինձ: Բալտազա՛ր… (Խրխնջում է🙂 Ա՛յ տղա, Բալտազա՞ր… Քեզ հետ չե՞մ… Ասում եմ՝ արի… Ապրես, իմ խելոք Բալտազար… (Շոյում է ձիուն: Խրխնջում է🙂 Մի ափսոսա, որ արածածդ խոտը կիսատ մնաց: Կարևորը գործն է: Այս պահից դառնում ես իմ կուսակցության փոխնախագահը: Դիմավորիր մեր նոր համակիրներին: Համեցե՛ք, համեցե՛ք… Կանգնեք առաջին շարքում: (Մեջքով կանգնում է դեպի դահլիճը🙂 Ի՜մ հավատարիմ զորք… Հավսա՛ր… Զգա՛ստ… Թողնե՛լ… Բոլորիդ կոչ եմ անում զինվել և՛ հոգով և՛ մտքով, որպեսզի ծնկի բերենք մեր ոխերիմ թշնամիներին: Մե՛կ… Երկո՛ւ… Հե՜յ… Հե՜յ… (Հեծնում է ձին, սավանը ծածանելով շրջում բեմով մեկ🙂 Ուռա՜… Ուռա՜… (Դռան թակոց🙂 Մի՛ խանգարեք… Ես լուրջ պայքարի մեջ եմ: Կորե՛ք գրողի ծոցը, դավաճաննե՛ր: Դուք չեք կարող խոչընդոտել «Համառ գայլին»: (Թակոցը շարունակվում է: Մոտենում է դռանը🙂 Չե՞ք լսում… Ասացի՝ կորե՛ք գրողի ծոցը: (Բացվող դռան ձայն: Մլեին ստիպողաբար տանում են դուրս: Դրսից՝ աղմուկ, Մլեի բղավոցը🙂 Ես ձեզ կսպանե՛մ… Սրկանե՜ր… Դավաճաննե՜ր… Խաբեբանե՜ր… Կաշառակերնե՜ր…
Կնոջ ճիչ: Բեմը մթնում է, քիչ անց՝ լուսավորվում: Բանտային տեսարան: Պատերը խոնավ են, սենյակը՝ կիսամութ: Կենտրոնում՝ կիսաջարդած աթոռ ու սեղան: Մլեն նստած է սեղանի մոտ, զոլավոր հագուստով ուգլխարկով: Ծխում է, խաղաթղթերով խաղում: Խաղաթղթերը նետում է սեղանին, ծիծաղում:
ՄԼԵ — Դե՛ գնա… Չորս տուզն էլ ինձ մոտ է: 10-ով 0 դարձավ հաշիվը: Բա ի՞նչ է, կարծում էիր, թե կկարողանաս Մլեին հաղթե՞լ: Տո, ինչի մենակ էս խաղում եմ ուժե՞ղ: Նարդի, շաշկի, շախմատ… Հաղթեմ, էն էլ ո՜նց հաղթեմ: (Գրպանից հանում է թզբեհը🙂 Արա Կոլո՛տ, քեզ քանի՞ անգամ եմ ասել, որ քիթ ու մռութդ իրար չխառնես: Քանի ես կամ՝ հաշվիր, որ ախպերությունը մեջքիդ կանգնած է: Հլա էդ արցունք-մարցունքներդ մաքրիր ու ասա, իմանամ՝ ինչ է եղել: Նստի՛ր, նստի՛ր, կանգնած մի պատմիր: Դատավորի առաջ չես: Ո՞նց թե… Լո՞ւրջ ես ասում… Ուրեմն տեսակցություն թողնելու համար փող է ուզո՞ւմ: Լա՜վ, լա՜վ… Նրա հարցերը հիմա կլուծեմ: Դու տղերքին արթնացրու, ասա, որ Մլեն լուրջ հարց ունի քննարկելու: (Հպարտ կեցվածքով նստում է:) Տղերք ջան, համեցեք, զբաղեցրեք ձեր պատվավոր տեղերը, որ խորհրդակցությունը սկսենք: Մեզ մի շատ կարևոր հարց է հուզում: Մեր երկրում օր-օրի ավելանում են կաշառակերները: Աշխատավոր ժողովրդին ամեն օր օգտագործում են, քամում են վերջին գրոշները: Մենք, որ համարվում ենք ոչ աշխատավոր ու ապրում ենք պետության հաշվին, կարելի է ասել՝ ձրի հաց ուտողներ ենք, նույնպես կանգնած ենք էս լուրջ վտանգի առաջ: Մեր ախպոր՝ Արարատցի Կոլոտի դիմաց պայման են դրել… (Բռունցքը խփում է սեղանին🙂 Տո՛ քաչալ Ծաղիկյան, հարցը քեզ չի վերաբերո՞ւմ: Ինչո՞ւ ես խանգարում: Հանգիստ նստի՛ր տեղդ: Եվ ուրեմն… Քանի որ վտանգը դեռ շարունակվում է ու բոլորս կարող ենք զոհ դառնալ անօրինություններին, առաջարկում եմ, որ դուք՝ թագավոր ախպերներով, միանաք Կոնդեցի հայտնի քրեական հեղինակության, այսինքն իմ՝ Մլե Համառիկյանի արդարադատությանը: (Աղմուկ🙂 Սթափվե՜ք… Սթափվե՜ք… Ես Մլեն եմ… Աստված չանի, որ օգտագործեմ իմ բոլոր լիազորությունները և պատժեմ բոլորիդ: (Լռություն: Բռունցքը խփում է սեղանին🙂 Քանի որ մենք ուզում ենք մարդավարի ապրել, պիտի դառնանք մի բռուցք: Ուրիշ ազգերից ինչո՞վ ենք վատը: Ես՝ «Համառ գայլս», արդեն սկսել էի հեղափոխությունը, բայց սրիկաները խանգարեցին: Ոչինչ… Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ… Իսկ ով հավատում է՝ անպայման հաղթում է: (Բռունցքը խփում է սեղանին🙂 Տո՛, այ երկարականջ քոչվոր… Եթե մի անգամ էլ ծիծաղես, ականջներդ կկտրեմ ու կուղարկեմ էնտեղ, որտեղից եկել ես ու պատահաբար ընկել մեր շարքերը: Սոված-ծարավ, չգիտեմ որտեղից հայտնվեցիր, քեզ մարդատեղ դրեցինք, աթոռ տվեցինք, հիմա էլ ծիծաղո՞ւմ ես ազգի դժբախտության վրա… (Բռունցքը խփում է սեղանին🙂 Ձա՛յնդ… Վեր ընկի՛ր տեղդ: (Դադար🙂 Որտե՞ղ էինք կանգ առել: Ա՜խ, հա՜… Հիշեցի… Քանի որ երկիրը խորը ճգնաժամային դրության մեջ է, առաջարկում եմ, որ բոլորդ ժանիքները սրած՝ շարժենք անշարժը: Հենց որ անշարժը տեղից շարժվեց, մենք կդառնանք ավելի հզոր պետություն: Մարդ ենք, ոչ թե ռոբոտ… (Դրսից՝ աղմուկ: Անհանգիստ քայլում է աջ ու ձախ🙂 Էս ի՞նչ է կատարվում: (Դրսից՝ բղավոցներ🙂 Ես չե՛մ վախենում ձեզանից… Ես չե՜մ վախենում ոչ ոքից… Ես «Համառ գայլն» եմ: (Ոռնում է: Նայում է շուրջը, ավելի բարձր ոռնում🙂 Տո, ո՞ւր եք փախչում, ա՛յ վախկոտներ… Բա դուք տղամա՞րդ եք… Վա՜յ, ես ձեր տղամարդ ասողի՛, հա՜… Ես էլ մտածում էի, որ արժե ձեզ վրա հույս դնել: Տո, ձեզանից ի՞նչ տղամարդ… Նայե՛ք ինձ… Միայնակ դուրս եմ եկել ամբոխի դեմ ու չեմ վախենում: Վախենա՞մ… Ինչի՞ց վախենամ… Փախե՜ք, փախե՜ք… Փրկե՜ք ձեր կաշիները, ա՛յ վախկոտներ: Ձեզ մարդ դարձրի, հեղինակություն տվեցի, հիմա էլ փախչո՞ւմ եք: Շրջապատում ձևական հարգանք ու պատիվ եք խաղում: Քանի՞ կոպեկ արժե ձեր հարգանքը: Թե՞ դուք միայն տաք ու ապահով օրերի հարգված տղերքն եք: Ձեզ նմաններն են, որոնք փորձում են ինքնահաստատվել կյանքում՝ թոզ փչելով ժողովրդի աչքերին: Դուք առավոտյան ուրիշ մարդ եք, ցերեկը՝ ուրիշ, իսկ գիշերվա մասին չեմ էլ խոսում: (Դրսից՝ աղմուկ «Վառե՜լ… Վառե՜լ…»: Մլեն կանգնում է սեղանին, վերցնում երևակայական հրացանը🙂 Ես չե՜մ վախենում… Ես հանուն իմ ազգի լավ ապագայի պատրաստ եմ մեռնել: (Կրակում է օդ և շուրջը: Կրակոցին հաջորդում է նրա ոռնոցը: Դրսից՝ ոստիկանության մեքենայի և երկաթե դռան փականի բացվելու ձայներ: Մլեն հպարտ կեցվածքով, հրացանը ձեռքին շարունակում է կրակել ու ոռնալ🙂 Չե՜մ վախենում… Չե՜մ վախենում…
Բեմը մթնում է: Ոստիկանության մեքենայի ձայները շարունակվում են: Մթության մեջ լսվում է Մլեի ինքնամոռաց բղավոցը. «Ազատությո՜ւն… Ազատությո՜ւն…»: Բեմը լուսավորվում է: Մլեն, կոշիկի արհեստանոցում, գլուխը սեղանին դրած— քնած է: Գոռալով վեր է թռչում, խորը շունչ քաշում: Ռադիոյի խշշոցի ձայնը:
ՄԼԵ — Սրա՞ն ինչ եղավ… (Հարվածում է ռադիոյին: Քաղաքական թեմայով հաղորդում է. «Այսօր առավոտյան Վարչապետը…»: Խշշոց🙂 Թո՜ւ… (Անջատում է ռադիոն: Սեղանից վերցնում է Տիգրան Մեծի նկարը): Շեֆ ջան, դու է՞լ էիր քնել… (Նկարը կախում է պատին: Հեռախոսազանգ:) Թե ասա՝ էս բջջայինն ինչի՞ համար ստեղծեցին: Ալո՜… Ալո՜… Ի՜նչ լավ է, որ հորդ չես մոռացել: Ի՞նչ… Ո՞նց թե… Տոմսերն արդեն պատվիրե՞լ ես: Թռիչքը վաղն առավոտյա՞ն է… (Դադար🙂 Չէ՜… Չեմ գալիս… (Դուրս է վազում:)