ՋՐԲԱԺԱՆ

2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:

 

tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բեմադրիչ,

ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակ՝ «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ»

ներկայացման համար

 

  1. Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — 2020 թվականը հայ ժողովրդի դեմքին դաժանորեն ևս մի խորը սպի ավելացրեց և երկիրն ընկղմվեց մորմոքի, ցավի, անհայտության մառախուղի մեջ։ Այժմ նորից փորձում ենք ուշքի գալ այդ հարվածից, ի մի բերել մեր ուժերը, հասկանալ կատարվածն ու դրա հնարավոր հետևանքները։ Ողբերգականության աստիճանը, ցավոք սրտի,  մեր պատմության անցքերում մեկումեջ հանդիպող դրվագների շարքին է պատկանում։ Հազարամյա վայրիվերումների, պատերազմների, քաղաքական ու տնտեսական վերելքների և անկումների, ահռելի մշակութային հարստությունների կուտակումների և եղածը  փրկելու ճանապարհին անընդհատ ոտնակոխ ենք եղել, ասպատակվել, դավաճանվել, դարձել տարագիր ու խատուտիկի պես ցրվել երկրագնդով մեկ՝ արժանանալով մի բթամատ տեղի՝ քարերի արանքում սեղմված՝ երեք անգամ մեր երազանքի Հայաստանի Հանրապետությունը հիմնելու համար։  Եվ ավելորդ չեմ համարում այս հապճեպ էքսկուրսը, որովհետև, այնուամենայնիվ, առանց բարձրագոչ լոզունգների և ինքնագովեստի ուզում ենք հասկանալ, թե ի վերջո ի՞նչ ենք բերել մեզ հետ 21-րդ դար, ի՞նչն ենք մոռացել և ինչի՞ց ենք ինքներս հրաժարվել ճանապարհին, ի՞նչ բարդույթներ և ինչպիսի ամոթալի ու բացասական գծեր ենք փոխառել, հոգևոր սնունդ տալու ինչպիսի՞ հող ունենք և ի՞նչ մշակույթից է հունցվում մեր դիմագիծը։  Եվ ինչ չի արվել կամ թերի է արվել հարցը անչափ տարողունակ է, սակայն այսօր այն սեղմ ու հասկանալի ձևակերպման կարիք ունի, որովհետև պիտի ոչ միայն հրատապ կարգով հնչեցվի հանրությանը, այլ նաև գործի դրվի։

Հրատապ խնդիրներն ու անելիքները ուրվագծված են․ հիմա առավել ևս թատրոնն իր հերթին պիտի հոգա մարդուն բարոյալքումից, ինքնակործանումից փրկելու մասին։ Սա համաշխարհային լրջագույն վտանգ է։ Աստծո կողմից սահմանված նորմերից ու բնությունից երես թեքած մարդը, հեգնելով Արարչին, վերցրել է աշխարհի ղեկն իր ձեռքը։ Այս հիվանդագին, կեղծ ու մարդատյաց աշխարհակարգը զվարճանում է դարի զարհուրելի արատների շքերթով, որն առանց որևէ զղջումի ու խղճի մարդկությանը տանում է ինքնաոչնչացման։ Որքան էլ այս ամենը մերժելի է, սակայն, ցավոք, դրա դեմ մղվող պայքարը դեռ թույլ է։ Արժեքներն ամեն կերպ փորձում են կեղեքել։ Ամեն բան կատարվում է շատ ավելի արագ, քան երբևէ։ Ահա այս իրադարձությունների բովի մեջ ենք և կամ պետք է համակերպվենք կամ դիմադրենք՝ այդ սոսկալի պտտանի մեջ չհայտնվելու համար։ Անտագոնիստի ու պրոտագոնիստի միջև թեժ կռիվ է, որտեղ անտագոնիստը դեռ հաղթում է։

Իսկ ո՞վ է պրոտագոնիստը։ Ո՞վ է հերոսը։ Ժամանակը, ճիշտ է, ծնում է իր հերոսին, և եթե խոսենք թատրոնի մասին, ապա մեր օրերում հայրենի դրամատուրգիայի ու թատրոնի համար այդ հարցն այլևս ոչ թե  օրակարգային է, այլ հրատապ։ Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է նա։ Բազմիցս եմ մտածել և երևակայել, թե ով է, ինչպիսին է, ինչ է ուզածը և այլն․․․ Մեր նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած արհավիրքները ծնեցին բազում իրական հերոսներ։ Նրանք հիմա էլ մեր շուրջ են, մեզ հետ։ Անթիվ անհամար պատմություններ կան, կապված նաև մերօրյա հերոսների հետ։ Որքան աներևակայելի քաջություններ են գործել նրանք, քանի-քանի անգամ են  նայել մահվան աչքերի մեջ։

Մերօրյա այս անձնուրաց կերպարը, թատերգության տիրույթ անցնելով, նախ պետք է ստանա բավարար գեղարվեստականություն՝  իր մեջ համադաշն կերպով ներառելով ազնվացեղ, կրթված, բարոյական հայ մարդու տեսակը ներկայացնող հոգեբանական հատկանիշները։ Ազնվացե՛ղն ու կրթյա՛լը պետք է լինի այն դեմքը, այն խորհրդանիշը, որը պիտի ոչ միայն գաղափարապես մերժի, այլև իր ողջ ցասումով ջնջի՛ ամենայն ցածրը, ստորը, կեղծը, մութը, շահամոլականը, տգիտությունը, դավաճանությունը։ Այս անհատն է մարմնավորելու ազգի, ժողովրդի գաղափարների, տենչերի, արդարության ու սիրո հավաքական ներուժը և հենց նա՛ պիտի կատարի այդ մեծ ցատկը։ Նա ընտանիք – հայրենիք համակարգի բարձր նիշը պաշտպանող հերոսն է, նա նաև իր ժամանակի  գիտական վերելքի առաջամարտիկն է։ Կարելի է ասել, Պրոմեթևսի նման նա պետք է դուրս հանի մարդկանց այս կորացած, խեղճացած վիճակից, բացի նրանց աչքերը, տա նրանց ապրելու, արարելու ուժ ու հնարավորություն։ Մարդիկ կտեսնեն, կհավատան ու կհետևեն նրան։

 

  1. Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է):

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Իհարկե ներողություն եմ խնդրում հայ դրամատուրգներից, բայց իրավունք եմ վերապահում նրանցից մեծ մասին խնդրելու, որպեսզի պիեսները լինեն առավել իրադարձային, գործողություններով, անսպասելի շրջադարձերով ու ցայտուն կերպարներով լի։ Եվ ընդհանրապես, ինձ թվում է ժամանակակից թատերգությունը, գոնե որոշ դեպքերում, պիտի համարձակորեն բեռնաթափվի տեքստերի գերծանրաբեռնվածությունից։

Այսօր քան երբևէ, կարծում եմ, թատրոններն ունեն ԱՆՀՐԱԺԵՇՏ պիեսների կամ եթե կուզեք՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ մասին պիեսների կարիք։ Ուժեղ անհատների մասին պիեսներ են անհրաժեշտ։ Նրանց դերը եղել է և կա անգնահատելի։ Այլևս ավելորդ ու ժամանակավրեպ են ընկճախտ, անտարբերություն կամ անկումային տրամադրություններ առաջացնող պիեսները, ինչպես նաև հաճախ հանդիպող ոչինչի մասին պիեսները։ Հրաժեշտ տանք մելամաղձախոհական «հերոսին», քանզի նա ոչինչ ի վիճակի չէ որոշելու և իրագործելու։ Բեմում անհրաժեշտ են իրադարձություններ, գործողություններ, բախումներ, վիճելի իրավիճակներ, կրքեր ու պայքար։ Այս պարագայում դրամատուրգիան շատ կարևոր  առաքելություն ունի, որովհետև պետք է պատրաստի այսօրվա հերոսի սպասված բեմելը։

 

  1. Հա՛յ թատրոնը (շեշտը իր տեղում է) պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Այժմ, ինչ գնով էլ լինի, պիտի նախ ուղղենք մեր մեջքը և սթափ վերարժևորենք ամենը, շատ ռեալ գնահատենք կատարվածն ու փորձենք մաքսիմալ անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չվախենանք ինքնաքննադատումից։ Մի նոր քրոնիկոն է, որը դեռ երկար ժամանակ պիտի ուսումնասիրենք ու փորփրենք և որքան շատ դրվագներում հպարտանանք, այնքան էլ պիտի ամաչենք և ափսոսանք ապրենք։ Ինչպես բեմը չի սիրում դերասանի սուտ ապրումներն ու խաղը, այնպես էլ պիեսները պիտի մարտնչեն ստի ու կեղծիքի դեմ՝ պարտադիր բարձրաձայնելով վերոհիշյալ խնդիրները։ Հիմա վստահ եմ, այս ֆոնին տարատեսակ սյուժեներով և ասելիքներով դրամատուրգների մտքերում նոր պիեսների գաղափարներ են խմորվում և սա շատ լավ առիթ է, որպեսզի դրամատուրգներն ու ռեժիսորները համագործակցեն միմյանց հետ։ Այսպիսով  թատրոնը կսրբագրի արդի հայ դրամատուրգիայի հետ համագործակցության քաղաքականությունը և այդ տանդեմն առավել ինտենսիվ հարաբերությունների փուլ կմտնի։ Ինքս տարբեր ժամանակահատվածներում ունեցել եմ այդ փորձը և հեծանիվ հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ դա անչափ կարևոր էր ինչպես իմ, այնպես էլ դերասանների համար։ Դրամատուրգ-ռեժիսոր ճիշտ ստեղծագործական կապն ի զորու է նպաստելու տվյալ թատրոնի գեղարվեստական, գաղափարական, հայեցակարգային  խիստ կարևոր հարցերի լուծմանը, որի մեջ պիտի հաշվի առնվեն թատրոնի ուղղվածությունը, պատրաստվող պիեսի ժանրային առանձնահատկությունները, թատրոնի դերասանախմբի ներուժը, ինչու չէ նաև տվյալ թատրոնի բեմական, տեխնիկական հնարավորությունները և այլն․․․ Նման հմտությունների առկայության ու գրագետ մոտեցման դեպքում միայն հաջողությունն անխուսափելի կլինի։

 

Դավիթ Հարությունյան — բեմադրիչ

ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Վերջին ուսուցիչը» ներկայացման համար

Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ

ԵԹԿՊԻ-ի դասախոս

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։