Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ.
ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԷԴՈՒԱՐԴԻ
Պարգևատրվել է ՀԹԳՄ «Ոսկե մեդալով» (2019թ.):
Ծնվել է 1991թ. մարտի 13-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, ավարտել է թիվ 3 միջն. դպրոցը: 2005-2007թթ. սովորել է Ստեփանակերտի պետդրամթատրոնի դերասանական ստուդիայում: 2009-2011թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում, հրետանային գնդում` որպես նշանառու և հրանոթի հրամանատար:
2011թ.-ից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում որպես դերասան:
Լավագույն դերակատարումներից են. Սերո (Կ.Դանիելյան` «Մենք մեր սարերն ենք»), Ռակա (Բ. Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»), Ժակ (Լ. Վերին` «Խոշոր շահում»), Բուրա Նուին (Մուրացան` «Ռուզան»), Նենիլո (Էդ. դե Ֆիլիպո` «Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը»), Գագիկ (Գ. Գևորգյան` «Սրտի հետ խաղ չեն անի»), Անդրյուս (Յու. Գրուշաս` «Սեր, ջազ, սատանա»), Ռոբերտ (Մ. Կամոլետի` «Ֆրանսիական սիրաշփոթ»), Կիկոս, Գիքոր (Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում»), Կարեն (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ»):
2016թ. ապրիլի 2-ին կամավոր մեկնել է առաջնագիծ և մինչև հունիս ամիսը հերթափոխել է դիրքերում` Տոնաշենի ուղղությամբ:
Դ. Ղահրամանյանը նաև թատրոնի լուսանկարիչն է, ունեցել է լուսանկարների ցուցահանդեսներ, իսկ ներկայացումների նրա տեսագրությունները թատրոնի պատմությունը հավերժացնելու յուրատեսակ հնարավորություն է: Նա ակտիվորեն ներգրավված է նաև թատրոնի ադմինիստրատիվ և ազդագրային աշխատանքներում:
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ ՌՈՄԱՆԻ
Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 2008թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2010-2012թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան: 2011թ.-ից աշխատում է նույն թատրոնում որպես դերասան:
Աշխատելուն զուգընթաց Մ. Գրիգորյանը 2011-2015թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի բաժանմունքի Շուշիի մասնաճյուղում և ստացել է դերասանական արվեստի բակալավրի աստիճան:
Մ. Գրիգորյանի հիշարժան դերակատարումներից են. Խրիստինա (Բ. Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»), Լաուրա (Լ. Վերին` «Խոշոր շահում»), Ֆիլիս (Ա. Հերնի` «Սիլվիա»), Կատու (Գրիմ եղբայրներ` «Բրեմենյան երաժիշտները»), Կարմելա (Էդ. դե Ֆիլիպո` «Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը»), Ժակլին (Մ. Կամոլետի` «Ֆրանսիական սիրաշփոթ»), Դուբայտե (Յու. Գրուշաս` «Սեր, ջազ, սատանա»), Փեփել (Վ. Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում»), Մեյի (Թ.Ուիլյամս` «Կատուն շիկացած տանիքին»), Դայակ (Վ. Շեքսպիր` «Ռոմեո և Ջուլիետ»), Կրիա Տորտիլիա (Ա. Տոլստոյ` «Բուրատինոյի արկածները»), Սոսե (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ») և այլն:
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության (2019թ.) և Համահայկական 7-րդ խաղերի կազմակերպչական կոմիտեի (2019թ.) պատվոգրերով:
ԴԱՎԹՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԼԵՌՆԻԿԻ
Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 10-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որին զուգընթաց 2007-2009թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետդրամթատրոնի դերասանական ստուդիան, իսկ 2009 թվականից աշխատանքի է անցել նույն թատրոնում որպես դերասան, որին ծառայում է մինչ այսօր:
Թատրոնում աշխատելու տարիներին Է. Դավթյանը միաժամանակ 2011-2015թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի բաժանմունքի Շուշիի մասնաճյուղում և ստացել է դերասանական արվեստի բակալավրի աստիճան:
Է. Դավթյանի հիշարժան դերակատարումներից են. Դունդուռ (Ա. Սանթրոսյան` «Հրաշագործ ծաղիկը»), Թագավոր (Ա. Վանոյան` «Երջանկության նետ»), Ոստիկան (Կ.Դանիելյան` «Տո լաճ տնավեր»), Արամ (Ս. Խալաթյան` «Սերը պահարան չի հարցնում»), Կալենիչ (Բ. Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»), Համտուն իշխան (Մուրացան` «Ռուզան»), Նիկոլինո (Էդ. դե Ֆիլիպո` «Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը»), Աշոտ (Վ. Բաղրյան` «Ես մնում եմ»), Լևոն (Վ. Օվյան` «Ակամա մեղավորներ»), Ջորջ (Մ. Կամոլետի` «Ֆրանսիական սիրաշփոթ»), Վիտաս (Յու. Գրուշաս` «Սեր, ջազ, սատանա»), Կարո (Վ.Օվյան` «Աշխարհը Լոռվա ձորերում»), Գուփր (Թ.Ուիլյամս` «Կատուն շիկացած տանիքին»), Տիբալտ (Վ. Շեքսպիր` «Ռոմեո և Ջուլիետ»), Ոստիկանապետ (Ա.Տոլստոյ` «Բուրատինոյի արկածները»), Խոսրով (Ա. Մանասյան` «Արա պա ստի պեն կինի»), Գյուղացի (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ»):
Պարգևատրվել է Ստեփանակերտի պետդրամթատրոնի տնօրինության (2012թ.), ԼՂՀ ՊՆ (2013թ.), ՀՀ մշակույթի նախարարության (2019թ.) պատվոգրերով:
Դրվագային դերերում նկարահանվել է Ջ. Ավետիսյանի «Դրախտի դարպասները», Շ. Վարդանյանի «Իմ խաչը» ֆիլմերում:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՕՖԵԼՅԱ ԳՐԻԳՈՐԻԻ
Ծնվել է 1983թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքում: 2000թ. ավարտել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվ. թիվ 10 միջնակարգ դպրոցը, 2005 թվականին` ԱրՊՀ լեզվագրական բաժինը, իսկ 2011 թվականին` ԱրՊՀ մագիստրատուրայի «Հայ գրականություն» բաժինը:
2000-2003թթ. միաժամանակ սովորել և ավարտել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնին կից դերասանական ստուդիան: 2003թ-ից աշխատում է նույն թատրոնում որպես դերասանուհի:
Նրա հաջողված դերակատարումներից են. Այծիկ (Բ. Զախոդեր`«Վիննի Թուխի արկածները»), Լուսերես (Հ. Թումանյան` «Լուսերեսն ու Վարդերեսը»), Հարս, Կեսուր (Ռ. Աբրահամյան` «Հարսեր… Կեսուրներ…»), Ահաբեկված (Ա. Պետրոսյան` «Արտոնված եղեռն»), Իմաստուն (Խ. Մանանդյան` «Երջանկության թռչուն»), Տատիկ (Ա. Սանթրոսյան` «Հրաշագործ ծաղիկը»), Արքայադուստր (Ա. Վանոյան` «Երջանկության նետ», Ա. Սանթրոսյան` «Հնարամիտ ծաղրածուն»), Ձյունանուշ (Մ. Կարապետյան` «Լիդուշիկի արկածները»), Ֆիլլիս (Ա. Հերնի` «Սիլվիա»), Նինուչա (Էդ. դե Ֆիլիպո` «Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը»), Մանե (Վ. Բաղրյան` «Ես մնում եմ»), Աղվես Ալիսա (Ա. Տոլստոյ` «Բուրատինոյի արկածները»):