Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ԱՆՊՈՉ ՃԳՆԱՎՈՐԸ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ԱՆՊՈՉ ՃԳՆԱՎՈՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Ինձ ոգևորում է, որ ինձ ոգևորում են վերածնության մոտիվները։ Ուզում եմ հավատալ, որ դա ընդհանրական պահանջ է՝ հաղթահարելու առօրեականության և գռեհկաբանության համատարած ախտանիշը:

Թերևս ավելացնեմ, որ այն, ինչ գրվել է, գրվել է միայն տեսնելուց հետո։ Կարելի է ասել, որ սա ներկայացում է՝ կոնսեր­վացված թղթի վրա։ Եվ ինչպես ամեն պահածո, այն ևս իր մեջ ներառում է թու­նավորման որոշակի վտանգ։

Առողջություն ընդ ձեզ…

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

ԱՆՊՈՉ ՃԳՆԱՎՈՐԸ

Պիես 2 գործողությամբ

Գործող անձինք

ԽՈՐ

Ս. ԿԱՐԱՊԵՏ — նույն ինքը՝ Տեր ԱՎԵՏԻՍ, նույն ինքը՝ Տեր ՄԱԿԱՐ

ՀՈՒՐԻ

ՀՈՒՍԻԿ

ՄԱՐԳՈ

ՏԻՐԱՆ Ա – նույն ինքը՝ ՏԻՐԱՆ Բ

Ա ԹԻԿՆԱՊԱՀ – նույն ինքը՝ Ա ՍՊԱՍԱՎՈՐ

Բ ԹԻԿՆԱՊԱՀ – նույն ինքը՝ Բ ՍՊԱՍԱՎՈՐ

 

Բեմը ներկայացնում է ընդունարան նախագահի նստավայրում։ Նաև՝ փողոց, բնապատկեր։ Միջավայրերը ֆրագմենտալ չեն, այլ տարրալուծված են որպես մեկ ամբողջություն։ Բնա­պատկերի մեջ կանգնած է Խորը։ Դիմակով է, բարձրակրունկ կոշիկներով։ Երգում է։ Հնչում է երգչախմբային նախերգանք։ Երբ սկսում է մենսւխոսել, երգի իր իսկ կատարումը շարունակում է հնչել որպես ֆոն։

ԽՈՐ — Առաջներում, երբ հնչում էր իմ խմբերգը, դահլիճն ակնածանքով ոտքի էր կանգնում։ «Ժամանակները փոխվել են»։ Ձեր հորինած արտահայտությունն է։ Ինչպե՞ս կարող է փոխ­վել ոչինչը։ Ես հենց այդ ոչինչն եմ… Անտիկ թատրոնի արխայիկ բրածոն… Անունս Խոր է. Խորոս, Երգչախումբ, Կապելլա… Հենց սկզբից ասեմ, որ ծափահարություն տանել չեմ կարող։ Դա ի՞նչ բարբարոս սովորույթ է… Ինչևէ, հուսով եմ, այդ վտանգն ինձ չի սպառնում։ (Երգը լռում է:) Ուշադրություն։ Այս իսկ պահին ակամա ընդհատում եմ խմբերգը և պարտքս համարում, ի հաստատումն նույն այդ արխայիկ հավա­տամքի, անտիկ հնչերանգով ազդարարել ներկայացման նախերգը՝ Prolog:

Լուսային անցում։ Բեմ են նետվում ներկայացման դերակատարները հոգևորականների զգեստներով, գունեղ, արտառոց դիմակներով։ Նրանց մեջ է ճերմակ ավանակի դիմակով Կարապետը, գլխին՝ թղթե թագ: Խաղարկվող ծաղրական հարցերի տարափն ուղղված է նրան։

ԴԻՄԱԿԱՎՈՐ – Ուստի՞ կուգաս, տեր հայր։

ԿԱՐԱՊԵՏ — Վերին Երուսաղեմեն, զա­վակս։

ԴԻՄԱԿԱՎՈՐ — Էշդ ո՞ւր է, հայր սուրբ։

ԿԱՐԱՊԵՏ — Ես ինքս և՛ էշն եմ, և՛ իշատերը։

Դ ԴԻՄԱԿԱՎՈՐ – Իսկապես, տերտերի տեսքով Գաբրիելի ձեռքից հազիվ թե պրծնեիր։

ԲՈԼՈՐԸ — Ալելույա, ալելույա… (Ծիծաղ:)

Դ ԴԻՄԱԿԱՎՈՐ – Սրբազան, կարո՞ղ ես ասել, ո՞վ էր, որ խրատում էր մարդուն։ Նա ոչ հոգի էր, ոչ՝ մարդ, ոչ էլ՝ հրեշտակ։

ԿԱՐԱՊԵՏ — Դա, անշուշտ, Բաաղամի էշն էր. «Մի՛ գնա Երուսաղեմ, մի՛ գնա Երուսաղեմ»։ (Դիմակավոր մի կին ցատկում է Կարապետի ուսերին։) Իջի՛ր շալակիցս, կնիկարմատ սատա­նա… իջի՛ր, ասացի։ (Ընդհանուր քրքիջ։)

ԿԻՆ – Չեղավ, Ձերդ օծություն, դու խախտում ես աբեղաթողի* սրբազան ծեսը, զրկելով խեղճ անասունին գայթակղության ապաշխարանքից։ (ԱբեղաթողՀայկական հնագույն տոն: Բարեկենդանի համարժեքը հոգևորականության շրջանակում։)

ԿԱՐԱՊԵՏ – Իջի՛ր շալակիցս, Սոդոմի դուստր։ Ես ինքզինքս հազիվ եմ ուսերիս կրում։ (Լկտիաբար ծիծաղող կնոջն ուսերից ցած է նե­տում, հարուցելով մյուսների սուլոցն ու քրքի­ջը։) Ետևս անցիր, սատանա՛…

ԽՈՐ — Ձերդ սրբության խռովքն անտեղի է, քանզի Աստծո օրհնությամբ առաջին աբեղաթողը հենց Նոյն է արել։

ԿԱՐԱՊԵՏ — Եվ այդժամ էր, որ Աստծո աչ­քի առաջ գայթակղվեցավ Քամը, երբ տեսավ իր գինովցած հորը մերկ ննջելիս ու ծաղրեց անոր։

ԿԻՆ – Իսկ ի՞նչ պատիժ առավ Քամը իր հորը ծաղրելու համար։

ԿԱՐԱՊԵՏ — Քամը պատժվեցավ հասա­րակական սանդուղքի ստորին սանդղակին հա­վերժ մնալու ստորակարգ դերով։

Ա ԴԻՄԱԿԱՎՈՐ – Իսկ ինչո՞ւ մեր օրերում Քամը այդ սանդուղքով հեշտորեն վեր է ելնում։

ԿԱՐԱՊԵՏ — Դա առավել զորեղ պատիժ է։

ԽՈՐ – Մե՞զ համար։

ԿԱՐԱՊԵՏ – Ի՛նքդ ասացիր։

Դ ԴԻՄԱԿԱՎՈՐ — Սրբազան, իսկ ստո՞ւյգ է, որ Բաաղամի էշը հետագայում եպիսկոպոս դարձավ։

ԿԱՐԱՊԵՏ – Բնա՛վ։ Խելացի էշի համար հոգևոր աստիճանով վեր ելնելն անհնարին բան է։

Բ ԴԻՄԱԿԱՎՈՐ — Իսկ աշխարհի՞կ կյան­քում։

ԿԱՐԱՊԵՏ — Աշխարհիկում այդ էշը խելքը քողարկելու պարագայում կարող է վեր ելնել, թերևս մինչև նախագահի խորհրդական։

ԽՈՐ – Ձերդ սրբության կատակները դառն են ու վայել չեն աբեղաթողի տոնին…

ԿԱՐԱՊԵՏ – Բավ է, արդեն իրիկնաժամ է, տոնը վաղուց ավարտվել է։ Ինձ մենակ ձգեք, հարկ է, որ զգեստափոխվեմ։

Դ ԴԻՄԱԿԱՎՈՐ — Վերջին հարցը, սրբազան, Ադամը խնձոր ուտելով ի՞նչ գաղտնիք իմացավ։

ԿԱՐԱՊԵՏ – Ցա՛վս իմացավ։ Դու խնձոր ուտելով ի՞նչ ես իմանում, սավսալակ… Հայդե, հեռու ինձնից, իժերի ծնունդներ… Կորե՛ք աչ­քիցս… (Դիմակավորները ծիծաղելով հեռանում են։ Կարապետը քթի տակ երգում է։) «Իմ հայ­րենիք… թշվառ, անտեր»… Դո՞ւ ինչ ես ցցվել…

ԽՈՐ – Դու սուրբ Կարապետն ես, ես քեզ ճա­նաչեցի:

ԿԱՐԱՊԵՏ – Ինչո՞ւ հենց Կարապետ, երբ սուրբը յոթ անուն ունի։ Ի՞նչ ես ուզում։

ԽՈՐ– (դիմակը հանելով)։ Ես Խորն եմ, ներկայացում վարողը։

ԿԱՐԱՊԵՏ — Դա մահակիս հասկացրու։ Ներկայացումդ հավակնոտ ես սկսել, Խոր։ (Քթի տակ երգում է։) «Իմ հայրենիք… թշվառ, անտեր»…

ԽՈՐ — Դե ի՞նչ, տոնը վերջացել է։ Հարկ է ազատվել ճերմակ իշու հանդերձից ու նորից սուրբ դառնալ։

ԿԱՐԱՊԵՏ — Մարդը բոլոր գույները խառնե­լով ստանում է սև, իսկ Աստված՝ սպիտակ։ Իսկ եթե բոլոր կենդանիներին խառնել իրար, մար­դուն էլ՝ վերադիր, կստացվի էշ։ Այնպես որ, այս կերպարանքով ես առավել սուրբ տեսք ունեմ։

ԽՈՐ – Լեգենդը պատմում է, որ քեզ գլխատել են կնոջ դրդմամբ ու դու նզովել ես կանանց, արգելելով քո գերեզմանին մոտ գալ։

ԿԱՐԱՊԵՏ — Ուզում եմ հավատալ, որ լե­գենդը չի ստում։

ԽՈՐ — Բայց մի սիրահար աղջիկ, Հուրի անունով, իր դժբախտ սիրո համար համարձակվել է ուխտի գալ Մշո սուրբ Կարապետ, սրբի գերեզմանին։

ԿԱՐԱՊԵՏ — Եվ այնժամ ձայն մը թնդաց վանքի գմբեթին տակ. «Այրուէգ ըլլաս, այրուէգ ըլլաս»…

ԽՈՐ – Սրբին վայել չէ ծիծաղել թշվառ աղջկա վրա։

ԿԱՐԱՊԵՏ — Դու դեռ չես լսել սրբի հայհո­յանքները։ Խոսքդ շարունակիր, լեգենդն ի՞նչ է պատմում։

ԽՈՐ – Այրուէգ. և՛ տղամարդ, և՛ կին։

ԿԱՐԱՊԵՏ — Եվ այնժամ ուխտավոր աղջկա դեմքին մորուք աճեց ու փարթամ պոչ։

ԽՈՐ– Նա դատապարտվեց հավերժ ծառա­յել սրբի գերեզմանին։

ԿԱՐԱՊԵՏ — Ամեն օր իր պոչով սրբել-մաքրել սրբի գերեզմանը։ Լեգենդին գումարվում է թատրոնը, և ճշմարտությունը վերածվում է իրեն իսկ քողարկելու հրաշալի հնարքի։

ԽՈՐ – Մորուքն ու պոչը մի կողմ, լեգենդը մնում է լեգենդ։ Իրականում այրուէգի անեծքն այն է, որ դժբախտ սիրո պարագայում նրան սիրահարվում են բոլորը՝ և՛ տղամարդ, և՛ կին։

ԿԱՐԱՊԵՏ — Այրուէգ…

ԽՈՐ – Եվ այսպես՝ դարեր շարունակ։ Սերն արժեզրկելու ինչպիսի՛ հրեշավոր պատիժ։

ԿԱՐԱՊԵՏ — Կարճ կապիր, քո պրոլոգի համար ի՞նչ է պետք, որ ավելացնեմ։

ԽՈՐ — Եվ այդ անեծքը որքա՞ն է դեռ շարու­նակվելու։

ԿԱՐԱՊԵՏ – Անե՛ծք չէ, նզո՛վք։ Թեպետ Խոր ես, բայց ժանրի ընկալում չունես։ Սա հեքիաթ չէ, և պայման լինել չի կարող։ Այսօր կակտուսներս չեմ ջրել։

ԽՈՐ — Ուրեմն, այդ նզովքից պրծում չկա՞։

ԿԱՐԱՊԵՏ — Ավելի դաժան կլիներ, եթե այդ նզովքը չլիներ։ Այդ հսկա սերն անհնար էր տեղավորել նրա փխրուն, մահկանացու մարմնում։

ԽՈՐ — Հիմա ի՞նչ…

ԿԱՐԱՊԵՏ — Կակտուսները պիտի ջրել։ Մեկը լիներ՝ ինձ ջրեր, իմ չոր գլուխը։

ԽՈՐ — Հորդանանի ջրո՞վ։

ԿԱՐԱՊԵՏ — Նույն գլուխը երկու անգամ նույն գետը չես մտցնի։

ԽՈՐ — Հասկացա… Դու էլ ես քո իսկ անեծքի զոհը դարձել։

ԿԱՐԱՊԵՏ — (զիլ ձայնով ծուղրուղու է կանչում)։ Վերջ, աքլորը կանչեց։ Գնալուս ժա­մանակն է։ Այսօր նշանակալի օր է. իմ մա­սունքները բերել են վերաթաղելու այս սրբա­զան հողում։

Մի պահ երկուսն էլ լուռ են։ Կա­րապետի աչքերը սառել են։

ԽՈՐ – Ձե՛րդ սրբություն, սո՛ւրբ Կարապետ… ներկայացումը շարունակելու ժամանակն է։

ԿԱՐԱՊԵՏ — Ժամանակի ընկալումն ըստ ներկայացման և ըստ պատուհանի գոգին դրված կակտուսի։ Ես սուրբ Կարապետը չեմ. ես նրա ծաղր-ուրվականն եմ։ Ավելի ճշգրիտ՝ այդ ուրվականի դերակատարը։

ԽՈՐ — Եթե ես Խորի դերակատարը չլինեի, կուզեի լինել սուրբ Կարապետի դերակատարը։

ԿԱՐԱՊԵՏ – Մի կողմ քաշվիր, պրոժեկտո­րի լույսը ծածկում ես։

 

Լուսային-երաժշտական անցում։ Բեմում միայնակ Խորը շարունա­կում է խմբերգել։ Զուգընթաց մենախոսում է։

ԽՈՐ — Նեղություն մի կրեք ոտքի կանգնել։ Ես ոչ հիմն եմ, ոչ էլ սգո քայլերգ… Ես ձեր բոր­բոքված երևակայության դուրսպրծուկն եմ, ձեր խղճի խայթը, աչքի փուշը, կոկորդի ոսկորը…

Մտնում է Հուրին, նստում-կծկվում է Խորի ոտքերի տակ։ Երգն ընդ­հատվում է։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, մրսում եմ… Մի բան գցիր վրաս։

Խորը հանում է կիսաբաճկոնը, գցում Հուրիի ուսերին, թիկունքից գրկում է նրան։

ԽՈՐ — Ինձ նաև Լոշտակ են ասում, բայց անունս Խոր է։ Ես ձեր երիկամի քարն եմ, լեղապարկի քարը, միզածորանի քարը…

ՀՈՒՐԻ — Դու իմ պոչն ես։

ԽՈՐ – Հրաշագեղ պոչը։

ՀՈՒՐԻ — Մազերս շոյիր։

Խորը քնքշորեն շոյում է Հուրիի մազերը։

ՀՈՒՐԻ — Ես որտե՞ղ եմ։

ԽՈՐ – Բեմի վրա։ Բեմը ներկայացնում է նա­խագահի նստավայրը։ Սենյակում երկուսն են՝ Խորը և Հուրին։ Նրանց այստեղ են բերել սուրբ Կարապետի մասունքները։

ՀՈՒՐԻ — Եվ մրսում եմ, և շոգում։

ԽՈՐ — Մի ժամից կսկսվի մասունքների վե­րաթաղման արարողությունը։ Լաց չլինես, խնդրում եմ… ինչո՞ւ ես ծիծաղում։

ՀՈՒՐԻ — Ականջիս մեջ մի խոսիր։ Խաբիր ինձ… ասա, որ մասունքները կվերցնենք ու կվե­րադառնանք Մշո սուրբ Կարապետ։

ԽՈՐ – Ի՛նքդ խնդրեցիր այստեղ գալ։

ՀՈՒՐԻ — Եթե պոչս մի տեղ է գնում, ես ո՞նց կարող եմ տեղում մնալ։

ԽՈՐ – Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող այստեղ սողոսկել։

ՀՈՒՐԻ — Ես այստեղ մնալ չեմ կարող։ Այս երկրում շատ տղամարդ կա, բոլորն էլ՝ նման պոչը կտրած մողեսների։ Եվ կանայք… տաբա­տավոր կենտավրոս կանայք։ Այս տանը ելակ կա՞։

ԽՈՐ – Աչքովս չի ընկել։ Հիմա կնայեմ։

ՀՈՒՐԻ — Չեմ ուզում, որ նայես։

ԽՈՐ – Լաց մի լինիր, ուզո՞ւմ ես քեզ խաբեմ, ասեմ, որ մասունքները կվերցնենք ու կվերա­դառնանք սուրբ Կարապետ։

ՀՈՒՐԻ — (ցույց տալով մահճակալը)։ Այն­տեղ պառկած մա՞րդ կա։

ԽՈՐ — Բանի տեղ մի դիր։ Քնեցրել եմ, բե­րանն ու ոտուձեռն էլ՝ կապել։

ՀՈՒՐԻ — Աչքերն ի՞նչ գույնի են։

ԽՈՐ – Շա՞տ գիտեմ։

ՀՈՒՐԻ — Գրկիր ինձ ու պատմիր խաչելու­թյան մասին։

Խորը գրկում է նրան, սկսում է եր­գել գրիգորյան խորալ, որը հնչում է ողջ տեսարանի ընթացքում։

ԽՈՐ — Իմ թուլությունն է համարյա ամեն օր հայտնվել Գողգոթայում և ներկա լինել խաչե­լությանը։

ՀՈՒՐԻ — Ես դա գիտեմ։

ԽՈՐ – Քեզ հետ չեմ։ Սա ես հանդիսատեսին եմ ասում։

ՀՈՒՐԻ — Գիտեմ։ Կրկնվելով հանդերձ խաչելությունը հավերժ շարունակվում է։ Ամեն ան­գամ՝ նոր, ամեն անգամ՝ ցնցող ու գեղեցիկ։ Սա ես քեզ չեմ ասում։ Պատմությունդ շարունակիր։

ԽՈՐ – Այս անգամ օդը շատ էր։ Օդի մեջ ծա­ռերի պես շարժվող մարդիկ կային։ Օդի մեջ՝ իրար հաջորդող գույներ, ճախրող ձայներ, օդի մեջ՝ կանանց մաշկը…

ՀՈՒՐԻ — Իսկ երկի՞նքը։

ԽՈՐ – Երկինք չկար։ Օդ էր, դատարկ տարա­ծություն։

ՀՈՒՐԻ — Հետո մեղմ անձրև տեղաց։

ԽՈՐ — Անձրևը չէր տեղում, այն կար։ Ու անձրևի մեջ ճախրող ճայեր կային։ (Հուրին ծի­ծաղից ցնցվում է։) Էլի ի՞նչ եղավ։

ՀՈՒՐԻ — Հիշեցի խաչվող ավազակներից մեկին, որի մեջքի ցավն էր բռնել։

ԽՈՐ — Իշիաս ուներ։ Խաչի վրա պառկեցնե­լիս ճվճվոցը գցել էր։ Բոլորը հռհռում էին… Հե­տո ձայնը կտրեց։

ՀՈՒՐԻ — Երևի խաչվելը իշիասին օգնում է։ Իսկ մեխելիս անսովոր լռություն էր։ Միայն ճա­յերն էին ճչում։

ԽՈՐ – Հետո օդի մեջ բառեր լսվեցին։ Բառե­րը դարձան աղմուկ, բայց լռությունը շարունակ­վում էր։

ՀՈՒՐԻ — Հետո սկսվեց քամին։

ԽՈՐ – Քամի՛ն… ինչ ասես, որ այն չէր քշում։ Որտեղի՞ց էր այդքան աղբ գտել։ Թղթերի կտորտանք, չորացած տերևներ, գույնզգույն փալասներ, գրքեր, էլի գրքեր, փոշի, փոշի…

ՀՈՒՐԻ – Իշու պոչ…

Խմբերգը նոր թափով վերսկսվում է։ Հռհռոցով, ճիչով խաղարկում են գունեղ, փոթորկուն տեսարան։ Բեմի վրա քամի է։ Իրենք էլ, իրենց հերթին, այս ու այն կողմ են նե­տում ձեռքներն ընկածը։ Անկող­նում անծանոթ երիտասարդն արթնացել, ապշած նրանց է նա­յում։

ԽՈՐ — …Իշու պոչ, կենտավրոսներ, անպոչ մողեսներ…

ՀՈՒՐԻ — Հույս և հուսախաբություն, կոկա-կոլայի շիշ, պետական դրոշի կոթ…

ԽՈՐ — Բարոյախոսություն, ոստիկանի մա­հակ, մարդու իրավունքների հռչակագիր…

ՀՈՒՐԻ — Նախագահի զոլավոր փողկապը՝ նախագահի հետ, սնափառություն, սոխի կճեպ, արյան շրջանառություն, հայրենի բնություն…

ԽՈՐ — Հաստագլուխ պատգամավորներ, հաստավիզ դատավորներ, հաստափոր գենե­րալներ, հաստաքամակ նախարարներ…

ՀՈՒՐԻ — Հաստագլուխ, հաստավիզ, հաս­տափոր ու հաստաքամակ բարձրաստիճան հոգևորական…

ԽՈՐ – Իսկ շքախումբը եզրափակում է ակա­դեմիական խորը ողջ կազմով. «Մեր հայրե­նիք… թշվառ, անտեր»…

Հուրին նկատել է արթնացած տղամարդուն։

ՀՈՒՐԻ — Սա ո՞վ է…

ԽՈՐ – Շա՞տ գիտեմ՝ ով է… պապս։ Քնած մարդ։ Ո՞նց, արթնացե՞լ է։ (Մոտենում է անկող­նում նստած տղամարդուն։) Հը՞… նայում ես, որ ի՞նչ։ Դե, մի բան ասա… (Բերանի կապը մի կողմ է տանում։) Հարցրու՝ հետո՞… դե, հարց­րո՛ւ…

ՀՈՒՍԻԿ – Հետո՞…

Խորը նրա բերանի կապը նորից տեղն է դնում։

ԽՈՐ – Հա, ուրեմն հետո… Հետո բոլորը ցրվե­ցին, ես էլ չհասկացա, թե ինչպես փախա ու հայտնվեցի տաճարում։ Այդ սխալը էլ երբեք թույլ չեմ տա։ Ամեն անգամվա պես պիտի գի­նետուն մտած լինեի, ուր մի քանի հարբեցողի պետքը չէր, թե դրսում ինչ է կատարվում։ (Հու­րիին.) Դու չե՞ս ուզում իմանալ, թե ինչ կատար­վեց տաճարում։ Լույսն այնքան առատ էր, որ ուշադիր նայելու դեպքում միայն կարելի էր նշմարել, որ մոմերը վառվում են։

ՀՈՒՐԻ – Ի՞նչ կատարվեց տաճարում։

ԽՈՐ — Սոսկալի էր ճիչը, որով բեմի վարա­գույրը պատռվեց։ (Անծանոթին.) Հը՞, ի՞նչ ես աչ­քերդ չռել։ (Հուրիին.) Բերանի կապը արձակե՞մ։ Դու ինձ կհարցնես՝ ո՞վ է, ես էլ նրան կհարցնեմ, նա էլ անունը կասի։

ՀՈՒՐԻ — Հուսիկն է։

ԽՈՐ – Ի՞նչ, Հուսի՞կ… Գժվե՞լ ես, ինչ է, արդեն հազար տարի է անցել։ (Անծանոթին.) Ասա, որ Հուսիկը չես, որ հիմա 10-րդ դարը չէ… Դու Հու­սի՞կն ես։ (Անծանոթը գլխով է անում։) Չի՛ կա­րող պատահել… (Ապտակելով ուշքի է բերում Հուրիին։) Չուշաթափվես, խնդրում եմ, սա ու­րիշ Հուսիկ է։ (Անծանոթին.) Դու ուրի՞շ Հուսիկ ես… այս օրիորդին ճանաչո՞ւմ ես… (Հուսիկը գլուխը բացասաբար շարժում է։) Փառք քեզ, Աստված։ Դու ճարտարապե՞տ ես։ (Հուսիկը գլ­խով՝ ոչ։) Այ, տեսնո՞ւմ ես, ճարտարապետ չէ, քեզ էլ առաջին անգամ է տեսնում։ (Հուրին գրկում է Խորին։) Գլուխս չի մտնում, սիրել կամ գլուխը պատին խփել կարելի է հինգ րոպե, տասը րոպե, լավ. մի տարի, տասը տարի։ Բայց հազար տարուց ավելի՞… Լավ, լռում եմ, մինչև հարց չտաս՝ չեմ խոսի։ Բան հարցրի՞ր։

ՀՈՒՐԻ – Ծարավ եմ։

ԽՈՐ — Հիմա կբերեմ։ (Հուսիկին.) Հը՞, բերա­նիդ կապը քանդե՞մ… Ինչի՞դ է պետք։ Պիտի աղմկես, ավելորդ հարցեր տաս։ Ինչ որ պետք է, արդեն գիտես. ես Խորն եմ, սա էլ՝ Հուրին։ Դու նրան սիրահարվել ես, ինչպես բոլորը, ան­կախ սեռից, տարիքից, մտավոր կարողություն­ներից։ (Հուսիկը տարուբերում է գլուխը։) Ո՞նց… Դու նրան չե՞ս սիրահարվել… (Հուրիի մոտ հիստերիկ ծիծաղ է սկսվում։) Բոլորովի՞ն… դա անհնար է։ Գնամ ջուր բերեմ։ (Հուրիին.) Քանի բերանը կապած է, կարող ես հետը զրու­ցել։

Խորը դուրս է գալիս, վերադառնում ջրի գավաթը ձեռքին։ Մոտենում է Հուրիին։ Վեր­ջինս ասես քնից սթափվում է։

ՀՈՒՐԻ – Լոշտա՞կ…

ԽՈՐ — Լոշտակն եմ։ Վերցրու, ջուր էիր ու­զում։

ՀՈՒՐԻ — Բաժակով չէ, լցրու բռիս մեջ։ (Ափերով ջուր է խմում, հետո դեմքը ծածկում… Խորը փորձում է շոյել։) Ձեռքերս թաց են, Լոշ­տակ… (Խորը խնամքով սրբում է Հուրիի ափե­րը, մատները։ Հուրին ուշադիր հետևում է։) Լոշ­տակ, պատմիր ծովի մասին։

ԽՈՐ – Պատմեմ, բա ո՞նց… Ուրեմն, կանգնում ես ջրի ափին, թքում ավազին, ալիքը գալիս տանում է։

ՀՈՒՐԻ — Հիմա ես ի՞նչ անեմ։

ԽՈՐ – Դեմքդ էլ սրբե՞մ…

ՀՈՒՐԻ — Լոշտակ, ոչինչ ասել չեմ կարող։ Բառերը փախչում են։

ԽՈՐ – Այդպես է։ Երջանկությունը համր է, դժբախտությունն է լեզվանի։

ՀՈՒՐԻ — Բառերը փախչում են, որպեսզի հանկարծ միտք չդառնան։

ԽՈՐ — (պաթետիկ)։ Բառերից զրկված եր­ջանկությունը հայտնվել է աղմկոտ փողոցում, զվարճացող ամբոխի մեջ. «Բարաբայի՛ն, Բարաբայի՛ն»…

ՀՈՒՐԻ — Ամբոխ չկա, փողոցն ամայի է։ Եվ նույնն են փողոցի բոլոր տները, նույն կիսավեր սուրբ Կարապետը…

ԽՈՐ — Մեխերն ավելի ու ավելի են խրվում ափերի մեջ, բայց ցավ չկա։ Կա միայն գետնից կտրված լինելու անբարբառ, անամոթ հաճույք։

ՀՈՒՐՒ — Սուրբ Կարապետի ծաղկած տա­պանաքարին անշարժացել է մի հսկա կանաչ մողես…

ԽՈՐ — Ցավը ներսում է, կրծքի խորքում, ուր երկյուղած սպասումով պատրաստվում է գեղարդի հետ հանդիպմանը։

ՀՈՒՐԻ — Սոսկալի բան է, երբ մողեսն արագ փախչում է։

ԽՈՐ – Անհարմարը գլխի փշե պսակից է։ Ար­յան շիթը ծորում է քունքն ի վար, շուրթերի անկ­յունում վերծանվելով երջանկության կպչուն դառնահամի։

ՀՈՒՐԻ — Փողոցն այրվում է։

ԽՈՐ – Ի՞նչ, ո՞նց թե՝ այրվում է…

ՀՈՒՐԻ — Այրվում են սուրբ Կարապետի ավերակները, ծառերը։

ԽՈՐ – Իսկ մարդի՞կ։

ՀՈՒՐԻ — Ամայություն է։

ԽՈՐ – Երբ Ժաննային այրում էին, մարդիկ էլ էին այրվում։ Բայց իրենք դա չէին նկատում։

ՀՈՒՐԻ — Այրվում են դաշտերը, լեռները, գե­տերը։

ԽՈՐ — Մարդիկ այրվում էին փողոցներում քայլելիս, տանը հորանջելիս, պարտեզում աշ­խատելիս, իրար սիրելիս։ Այրվում էր նրանց աղոթքը, հույսը։ Այրվում էին նրանց առավոտ­ները…

ՀՈՒՐԻ — Այրվում է երկինքը, թռչունները, անձրևը…

ԽՈՐ — Միայն Ժաննան չէր այրվում։ Հրա­պարակի կենտրոնում մերկ կանգնած դողում էր… Իսկ արցունքը թափվում էր։ Նա անտանե­լի գեղեցիկ էր…

ՀՈՒՐԻ — Այրվում է ծովը…

ԽՈՐ – Լռության մեջ բոցի ձայնը նույնն է, ինչ խաչին մեխելու հարվածների ձայնը։

ՀՈՒՐԻ — Միտքը հայտնվեց. կուզեի ականջօղեր ունենալ։

ԽՈՐ – Ինչի՞ համար։

ՀՈՒՐԻ — Թեկուզ փոքրիկ գինդեր։ Այս պա­հին դա պիտի որ փրկություն լիներ։

ԽՈՐ — Ականջօղի ու բլթակի հանդիպումը նույնքան անհեթեթ է, որքան մարդկային մարմ­նի ու խաչի հանդիպումը։

ՀՈՒՐԻ — Ես միշտ սարսափել եմ ականջնե­րը ծակելուց։

ԽՈՐ – Ավելի նպատակահարմար է բլթակի և ծամոնի հանդիպումը։

ՀՈՒՐԻ — (Հուսիկին)։ Ինչ հրաշալի է, որ քո չռած աչքերը ոչինչ չեն տեսնում։

ԽՈՐ – (Հուրիին)։ Ես քո թարգմանը կլինեմ։ (Հուսիկին.) Ափսոս, որ ոչինչ չես տեսնում։

ՀՈՒՐԻ — Դու ծովը տեսած կա՞ս։

ԽՈՐ – Դու կին ունե՞ս։

Հուսիկը գլխով է անում։

ՀՈՒՐԻ — (որոշ դադարից հետո)։ Իմ առա­ջին հիասթափությունն էր, երբ իմացա, որ ծովն աղի է։ (Հուսիկին.) Ճի՞շտ է, որ այն աղի է։

ԽՈՐ – Ճի՞շտ է, որ ծովն աղի է։

Հուսիկը գլխով է անում։

ՀՈՒՐԻ — Դու ծովը կարոտո՞ւմ ես։

ԽՈՐ – Դու կնոջդ համար կխաչվեի՞ր։

ՀՈՒՐԻ — Իսկ քո կինը տաբատ հագնո՞ւմ է։

ԽՈՐ – Իսկ քո կինը տաբատ հագնո՞ւմ է։

ՀՈՒՐԻ — Ինձ համար դա մեծ մխիթարու­թյուն է։

ԽՈՐ – (Հուրիին)։ Այսի՞նքն…

ՀՈՒՐԻ — Որ ծովն աղի է։

ԽՈՐ – (Հուսիկին)։ Բարեբախտություն է, որ չռած աչքերդ ոչինչ չեն տեսնում։

ՀՈՒՐԻ — Խորն անվերջ պատմում է խաչե­լության մասին, ինչը վստահաբար չի տեսել… Ես կարոտում եմ ծովը, որը երբևէ չեմ տեսել… Մեկը լիներ, իմ փոխարեն գոռար… Լոշտակ, տա՛ր ինձ այստեղից։

ԽՈՐ — Իհարկե, գնանք։ Գնանք մեր Մուշ, սուրբ Կարապետ։ Մասունքներն էլ հետներս տանենք։

ՀՈՒՐԻ — Չէ։

ԽՈՐ – Ի՞նչը՝ չէ։

ՀՈՒՐԻ — Ինձ ռուսերեն խաբիր։

ԽՈՐ – Ну конечно! Все будет хорошо. Пошли, дорогая. Գնանք կուլիսներ։ Հա­ջորդ տեսարանում մեր ներկայությունը ցան­կալի չէ։ (Երգելով Հուրիին բեմից հեռացնում է։) “Вечерний звон, вечерний звон…”

Բեմը որոշ ժամանակ դատարկ է։ Աղմուկով ներս են նետվում երկու հաղթանդամ սափրագլուխ, քարշ տալով կապկպված Տիրանին։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ – Պրեզիդենտիս տե­սեք… Դու քեզ հաշիվ տալի՞ս ես, ինչ ես անում։

ՏԻՐԱՆ – Չխփե՛ս, Մարգոյին կասեմ։

Բ. ԹԻԿՆԱՊԱՀ — Որ քեզ սատկացնեին, դո՞ւ էիր պատասխան տալու։

Ուզում է խփել, Ա թիկնապահը կանխում է։ Ներս է մտնում Մարգոն՝ առաջին տիկինը։

ՄԱՐԳՈ — Սա ի՞նչ բան է, ի՞նչ եք անասունի պես ներս նետվել։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ – Տիկին Մարգո, խնդրեմ, սրան տեսեք, շուկայում բռնեցինք։

ՄԱՐԳՈ – Ո՞նց թե…

Բ. ԹԻԿՆԱՊԱՀ – Տնից փախել էր։

ՄԱՐԳՈ — Դու շուկա՞ էիր գնացել։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ — Պիտի տեսնեիք, թե ամբոխը ոնց էր սրան ծեծում, թքում երեսին։

Բ. ԹԻԿՆԱՊԱՀ — Մի փոքր ուշ հասնեինք՝ շանսատակ էին անելու։

ՏԻՐԱՆ — Ուզեցի շուկա գնալ։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ – Շա՛տ բան ուզեցիր, հի­մա որ գլխիդ տվել եմ…

ՄԱՐԳՈ – Հանգի՛ստ… Վերոնիկային լո­ղացրի՞ք։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ — Լողացնելով էինք զբաղված, որ սա առիթից օգտվեց, փախավ։

ՄԱՐԳՈ – Հետո՞… ի՞նչ կասեք։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ – Վերոնիկայի մասի՞ն… Ամեն ինչ կարգին է, տեղը տեղին։

Բ. ԹԻԿՆԱՊԱՀ — Տեսքն էլ վատը չէ։ Գույնը՝ մուգ շագանակի, բնական, ներկած չէ։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ — Ստուգեցինք, մազերը չեն թափվում։

ՄԱՐԳՈ — Իսկ ինչո՞ւ Վերոնիկա…

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ – Ի՞նչ է որ…

ՄԱՐԳՈ — Որձ է, չէ՞…

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ — Հա, իսկապես, ինչո՞ւ Վերոնիկա։

ՄԱՐԳՈ — Դուք ազատ եք։ Տեսեք, եթե Լե­դիին զբոսանքից բերել են, լողացրեք ու տարեք ննջարան։ (Տիրանին.) Հետո՞… շուկայում ի՞նչ կար։ (Գլխին խփելով։) Լսիր, դու հո ապուշ չե՞ս։

Բ. ԹԻԿՆԱՊԱՀ – Ապուշը հո պոզերով չի՞ լինում։

ՏԻՐԱՆ — Սիրտս ելակ ուզեց։

Ա. ԹԻԿՆԱՊԱՀ — Տո անասո՛ւն, տանը քեզ ելակ տվող չկա՞ր։

ՄԱՐԳՈ – Վե՛րջ տվեք։ Ձեզ ո՞վ է թույլ տվել նախագահի հետ այդ տոնով խոսել։ Դո՛ւրս կո­րեք։ (Մեղմացած։) Գնացեք, խնդրում եմ։ Սպասեք… Նախ, սրա ձեռքերի կապը քանդեք։ Մի բան էլ. առանց ինձ շների զուգավորումը չսկսեք։ Չքվե՛ք։

Սափրագլուխները գնում են։

ՏԻՐԱՆ – Տեսա՞ր, իրենց նախագահի հետ ոնց են խոսում։

ՄԱՐԳՈ — Դու իրո՞ք ապուշ ես… Չգիտե՞ս, որ ժողովուրդը քեզ ատում է։

ՏԻՐԱՆ — Ինձ ծեծում էին, որովհետև նախա­գահին նման էի։ Եթե իմանային որ նախագահն եմ, ձեռք չէին տա։ Չխփես, խնդրում եմ։

ՄԱՐԳՈ — (ծեծելով)։ Идиот! Кретин! Дурак несчастный!..

ՏԻՐԱՆ – Մի՛ խփիր… բացատրիր, կհասկա­նամ։

ՄԱՐԳՈ – Փալա՛ս… Քեզնից հազիվ դիկ­տատոր դուրս գար։ Լավ, ամոթ է, լաց մի լինիր։ Քիթդ սրբիր, գնա սենյակդ ու ասա, թող քեզ կարգի բերեն։ Երկու ժամից արարողությունը կսկսվի:

ՏԻՐԱՆ — Ես չեմ կարող գալ։ Կարգադրիր, թող կրկնակիս պատրաստեն։

ՄԱՐԳՈ — Չես խոսելու, միայն ապուշի պես կանգնելու ես։ Քեզ դա հրաշալի հաջողվում է։ Կրկնակդ այս գիշեր Մոսկվա է մեկնում։

ՏԻՐԱՆ — (նկատում է անկողնում կծկված Հուսիկին): Սա ո՞վ է… քե՛զ եմ հարցնում, սա ո՞վ է:

ՄԱՐԳՈ – Մի՛ գոռա, գլուխ չունեմ։ (Մոտենալով Հուսիկին։) Քո մասին ես մոռացել էի։ Ինչո՞ւ են կապել։

ՏԻՐԱՆ — Քո նոր սիրեկա՞նն է։ Նախկինում դու ավելի պահանջկոտ էիր։

ՄԱՐԳՈ — (փարվում է Հուսիկին)։ Դե, գրկիր ինձ։ Հետո՞ ինչ, որ ձեռքերդ կապած են, այդպես շատ ավելի սեքսուալ ես։

ՏԻՐԱՆ — Սիրո մեջ քո երևակայությունը սահման չունի։

ՄԱՐԳՈ — (կրքոտ համբուրում է։ Անակնկալի եկած Հուսիկը չի դիմադրում։ Տիրանին)։ Խանդել չես կարող, գոնե մեզ մենակ թող։ (Հստերիկ։) Հեռացի՛ր, ասացի։ (Տիրանն ան­ձայն հեռանում է։) Քեզ մի երևակայիր, սա խաղ էր։ Վերջ տուր։ (Հուսիկը շշմած նայում է։) Մի ֆսֆսա, նյարդերիս ազդում ես։ Բերանով շնչիր։ Ախ, չես կարող… հիմա ի՞նչ, կապերդ ար­ձակե՞մ։ Բայց ինչի՞ համար։ Քեզ հարցեր չունեմ, քո հարցերին էլ անկեղծ չեմ պատասխանելու։ Այնպես որ, կարելի է և կապերդ արձակել։ (Քանդում է Հուսիկի ձեռքերի կապանքը։) Բե­րանիդ կապն էլ ինքդ քանդիր։ (Փորձում է ճեմել, անօգնական փռվում է անկողնուն, աչքերը լցված են։ Հուսիկը տարակուսած կանգնել է կողքին։ Աչքերը սրբելով։) Ուշադրություն մի դարձրու, դատարկ բան Է։ Ասում ես, ովքե՞ր էին քեզ կապել…

ՀՈՒՍԻԿ — Ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հաս­կանում։ Շանս տվեք, գնամ։

ՄԱՐԳՈ — Բերանդ կապած ավելի իմաս­տուն էիր։

ՀՈՒՍԻԿ — Այսքան ժամանակ վատնելու իրավունք չունեմ։ Իմ ամեն րոպեն հաշված է։

ՄԱՐԳՈ — Հիմար նախադասություն։ (Դա­դար։) Լողացնելուց հետո Լեդիի քնելու  ժամն է։ Արթնանալուն պես զուգավորումը կկայանա։ Հազիվ եմ քեզ գտել, այսինքն՝ քո շանը։ Միա­սին կդիտենք այդ արարողությունը, որից հետո կգնանք մյուս սրբազան արարողությանը ներ­կա լինելու։ Զզվում եմ ինձնից։ Մեկը լիներ, ինձ ու իմ լեզուն կապկպեր։

ՀՈՒՍԻԿ — Չեմ հասկանում, ձեր այս նստա­վայրում ինտերնետ չկա՞։ Հռոմում իմ հեռագրին են սպասում։

ՄԱՐԳՈ — Նախագահների ինչի՞ն է պետք ինտերնետը։

ՀՈՒՍԻԿ – Նախագահնե՞ր… Ուրեմն ճի՞շտ է, որ նրանք երկուսն են։

ՄԱՐԳՈ — Դա ե՞ս ասացի։ Տարօրինակ է։

ՀՈՒՍԻԿ — Հոոմի լաբորատորիան…

ՄԱՐԳՈ – Թքա՛ծ։ (Մի պահ լռություն։) Հա, լսիր, ինչո՞ւ է շանդ անունը Վերոնիկա։ Նա սե­ռական կողմնորոշման խնդի՞ր ունի։ (Հուսիկը ծիծաղում է։) Իմ Լեդին այլասեռ հակումներ չունի։ Նա պարկեշտ, ավանդապահ քած է։

ՀՈՒՍԻԿ — Վերոնիկա համաստեղության անուն է՝ Վերոնիկայի վարսեր։ Ես ուսումնասի­րում եմ այդ համաստեղության գալակտիկաները։ Շանս անունը այդտեղից է։ Եվ հետո… ճիշտ է, նա որձ է, բայց հո չէ՞ր կարող շանը տղամար­դու անունով կոչել։

ՄԱՐԳՈ – Ահա՜ թե ինչ…

ՀՈՒՍԻԿ – Իմ Վերոնիկան էլ պարկեշտ շուն է, բայց ի՞նչ թաքցնեմ, մի անգամ սիամական կատվին բռնաբարել է։

ՄԱՐԳՈ — Շանդ վերցրու ու չքվիր այստե­ղից։

Մարգոն փռվում է անկողնուն, ան­շարժանում։ Հուսիկը նստում է բազմոցին։ Գալիս է Խորը։

ԽՈՐ – Как прекрасен этот мир, посмотри, Как прекрасен этот мир… Ես եկա։ Հայտնվեցի, որ վրդովեմ ձեր միամիտ գոհա­ցումը։ Այսօրվա թատրոնում ի՞նչ Խոր… Ո՞ւմ է պետք գռեհիկ ճշմարտությունը, մանավանդ, եթե այն չկա։ Ես ձեզ ի՞նչ լեզվով խաբեմ, որ Մշո սուրբ Կարապետը Հուրիի լքելուց հետո հիմնովին չեն ավերել։ Սա՝ իմիջիայլոց։ Իսկ ճշմարտին հասու լինելու մեծագույն խոչընդո­տը ճշմարտությունն է։ Գտնելով այն, մարդու միտքը կանգ է առնում։ Այնինչ, այդտեղից պետք է սկսել իրական փնտրտուքը։ Ճշմարի­տը գիշերաթիթեռն է։ Ես հարգում եմ նրա իմաստությունը, որ թքած լինելով մեր հորինած պայմանականությունների վրա, այս պահին սիրախաղով է զբաղված թատրոնի լուսարձա­կի հետ… Как прекрасен этот мир… (Ներս է մտնում Տիրան Բ-ն, խալաթն ուսերին գցած։ Միակ տարբերությունը Տիրան Ա-ից՝ չափա­զանց ինքնավստահ կեցվածքն է։) Ահա, խնդրեմ, Տիրան Բ, նախագահի կրկնակը։ Կամ՝ իրական նախագահը։ Շնորհավորում եմ, ես ձեզ լքում եմ։ Նրա ներկայությամբ իմ ներկա­յությունն առնվազն ներկայանալի չէ։ (Հեռա­նում է։)

ՄԱՐԳՈ – Օ՜, Ձերդ գերազանցություն, ինչ­պե՞ս քնեցիր։

ՏԻՐԱ2 — Ձեր վայրենի աղմուկին քնե՞լ կլինի։

Նկատելով՝ մոտենում է Հուսիկին։ Հուսիկը ոտքի է կանգնում։ Տիրանը կասկածամիտ համառությամբ նրան է նայում։

ՀՈՒՍԻԿ — Քիչ առաջ դուք սխալ տպավո­րություն ստացաք։ Ես Վերոնիկայի տերն եմ։ Ինձ տիկին Մարգոն հրավիրել է, որպեսզի…

Մարգոյի ծիծաղը։ Տիրանը շրջվում է նրա կողմը։

ՏԻՐԱ- — Քո նոր սիրեկա՞նն է։ Առաջ դու ավելի պահանջկոտ էիր։

ՄԱՐԳՈ — Ոչ, նրա շունն է մեր սիրեկանը…

ՏԻՐԱՆ-2 – Օ՜, ինչ հետաքրքիր է… Դա նո՞ր բան է։

ՄԱՐԳՈ — Ուզում էի ասել՝ կանչել եմ բեղմ­նավորելու… (Խորհրդավոր լռություն։) Այսինքն… շանը բեղմնավորելու։

ՏԻՐԱՆ-2 — Դա ավելի օրիգինալ է։

ՄԱՐԳՈ — (ծիծաղելով)։ Ինչ պիղծ երևակայություն ունես։

ՀՈՒՍԻԿ — Ես աստղաֆիզիկոս եմ։ Զբաղվում եմ բախվող գալակտիկաների խնդրով։ Դուք ինձ պետք է հիշեք, ես ձեր ձեռքից մեդալ եմ ստացել։ Ես մի շարք երկրների ակադեմիա­ների պատվավոր անդամ եմ…

ՏԻՐԱՆ-2 — (Մարգոյին)։ Էս խելապակա­սին որտեղի՞ց ես գտել։

ՄԱՐԳՈ – Նրա շունը մեր Լեդիի…

ՏԻՐԱՆ-2 — Ես դա հասկացա։

ՄԱՐԳՈ — (ժամացույցին նայելով): Դա լավ է։ Ես գնամ։ Այսօր պատմական օր է։

ՏԻՐԱՆ-2 — Ինձ է՞լ ես քարշ տալու այդ խեղկատակությանը։

ՄԱՐԳՈ — Ես ավելի կարևոր գործի մասին եմ ասում։ Այսօր Լեդին տիկին է դառնում։

ՏԻՐԱՆ-2 — Այ, դա իրոք սրբազան գործ է: Եվ ազգօգուտ։

ՄԱՐԳՈ – Օ՜, Ժամանակ չի մնացել, գնամ սանրվածքս կարգի բերեմ։ (Հեգնանքով։) Տես­նում եմ, դուք ընդհանուր խոսելիք շատ ունեք։ (Գնում է։)

ՀՈԻՍԻԿ — Վերոնիկայի վարսերի մեջ մոտ հազար գալակտիկա կա։

ՏԻՐԱՆ-2 — Շատ ես խոսում, մոտ արի։

ՀՈՒՍԻԿ – Ինչո՞ւ…

ՏԻՐԱՆ-2 –Մի վախենա, մոտ արի… մեջքս քորիր։

ՀՈՒՍԻԿ – Ես դա չեմ սիրում։

ՏԻՐԱՆ-2 – Այդ էր պակաս, որ սիրեիր… քորիր, ես քեզ կվճարեմ։

ՀՈՒՍԻԿ — Չեմ կարող։

ՏԻՐԱՆ-2 – Շա՛տ կվճարեմ, քորի՛ր, ասացի։ (Հուսիկը քորում է նրա մեջքը։) Հը՞, ասում ես, Վերոնիկայի մազերի մեջ ինչե՞ր կան։

ՀՈՒՍԻԿ – Ինչե՞ր…

ՏԻՐԱՆ-2 – Դու էիր ասում։ Հազարավոր… ինչե՞ր…

ՀՈՒՍԻԿ — Գալակտիկաներ…

ՏԻՐԱՆ-2 – Դրանք ոջիլնե՞ր են։

ՀՈՒՍԻԿ – Ո՞նց… գալակտիկանե՞րը։

ՏԻՐԱՆ-2 — Չէ, ոչ մի գրոշ էլ չեմ տա, քո­րելդ ոչինչ չարժե։ Բայց եթե ինձ հետ սուրճ խմես, հաստատ կվճարեմ։ Շատ կվճարեմ։ (Սեղմում է ձեռքին բռնած սարքի կոճակը։) Ժակ, երկու սուրճ։ (Հուսիկին.) Կաթո՞վ, թե՞ առանց կաթ։

ՀՈՒՍԻԿ — Առանց կաթ և առանց շաքար։

ՏԻՐԱՆ-2 – Պրոֆեսորին առանց կաթի ու շաքարի։ Նստիր։

ՀՈՒՍԻԿ — (նստելով)։ Շնորհակալություն։

ՏԻՐԱՆ-2 – Դու է՞լ ես քո նախագահին ատում։

ՀՈՒՍԻԿ – Ե՞ս…

ՏԻՐԱՆ-2– Ավելի համարձա՛կ։

ՀՈՒՍԻԿ — Ուզում եք իմանալ, ինչո՞ւ…

ՏԻՐԱՆ-2 — Դա ինձ չի հետաքրքրում։ Ու­րեմն, ատում ես։ Վատ չէ։ Իսկ վախենո՞ւմ ես։ Կարող ես չպատասխանել։ Մեր զրույցի թե­ման սպառվեց։ Ներս մտնելիս քեզ ստուգե՞լ են։ Կանգնիր տեսնեմ։ Ձեռքերդ բարձրացրու։ Ասենք, ի՞նչ ստուգել, դուք՝ մտավորական կոչ­վածներդ, ոչնչի ընդունակ չեք։ Ո՛նց եմ ձեզնից զզվում։ Ոչ ձեր այո-ն է այո, ոչ էլ ոչ-ը՝ ոչ։ Մի արժանիք ունեք միայն, հեշտ եք գնվում։ (Թիկ­նապահը սուրճ է բերում։ Խմում են։ Թիկնա­պահը կանգնած է Տիրանի թիկունքին։) Երբ ես Ժակին երկու սուրճ եմ պատվիրում, նա գիտե, որ երկրորդ բաժակը պիտի թունավորի։ (Հուսի­կը սուրճը դնում է սեղանին։) Դու կես ժամ ու­նես մտածելու, ես լո՞ւրջ եմ ասում, թե՞ ոչ։ (Թիկ­նապահին.) Ստուգիր սրան ու ձեռքերը նորից կապիր։ (Թիկնապահը կապում է Հուսիկի ձեռ­քերը։) Բերանը կապել պետք չէ, սուրճը դեռ չի խմել։ Հիմա կարող ես գնալ։ (Թիկնապահը հե­ռանում է։) Հը՞, լո՞ւռ ես, չէի կարծում, որ գիտությունն արդեն ասելիք չունի։ Ախ, դու սո՞ւրճդ ես ուզում խմել, իսկ ձեռքերդ կապած են։ Ես քեզ կօգնեմ։ (Փորձում է Հուսիկին զոռով սուրճը խմեցնել:) Դե խմի՛ր, պրոֆեսոր, խմի՛ր, ասացի… (Դատարկ բաժակը շպրտում է մի կողմ: Հեգնանքով։) Մովսես Խորենացի՛…

Գալիս է Մարգոն: Նոր սանրված­քով անճանաչելի է:

ՄԱՐԳՈ — Ծրագիրը փոխվեց։ Արարողու­թյանը դու ես ներկայանալու։ Էդ ապուշը խոզի պես հարբել է։

ՏԻՐԱՆ-2 – Ես պատրաստ չեմ։

ՄԱՐԳՈ — Գնա, պատրաստվիր։ Մի քանի խոսք պիտի ասես։

ՏԻՐԱՆ-2 – (սարքի կոճակը սեղմելով)։ Ժակ, սուրճը սառել է։ Նոր սուրճը բեր ննջարանս։ (Հուսիկին.) Մնաս բարով, պրոֆեսոր։ Շատ հնարավոր է, որ մենք այլևս չհանդի­պենք։ (Գնում է։)

ՀՈՒՍԻԿ — Սա իսկակա՞ն նախագահն էր, թե՞ կրկնակը։ (Մարգոն մոտենում է Հուսիկին։) Առաջին տիկնոջ հանդեպ ինձ անվայել պահեցրի։ Ներեցեք, եթե հնարավոր է։

ՄԱՐԳՈ — (ամբողջ ուժով ապտակում է)։ Ես քեզ ներում եմ։ Դու բոլոր հիմքերն ունես առաջ քաշելու այն վարկածը, որ եթե քո հանդեպ ան­տարբեր լինեի, չէի ապտակի։ (Դադար։) Այս հարցի շուրջ գիտությունն անհամեստորեն լռում է։ Ձեռքերդ էլ պարկեշտորեն կապված են։ Սեքսուալ տեսքի մասին իմ կատակը, ինչ­պես տեսնում եմ, լուրջ ես ընդունել։ Ինչ-որ հա՞րց տվեցիր… Հա, նրանցից որն է իսկակա՞­նը… Ինչ անտանելի կլիներ իմ վիճակը, եթե նրանք երկուսը չլինեին։ Նրանք երկուսով փոխլրացնում են իմ ատելությունը։ Շատ խո­սեցի, գնամ։ Գնամ, քանի իմ անկեղծությունը նոր ապտակի առիթ չի տվել։ Իսկ զուգավորու­մը ավելի ուշ կկայանա, արարողությունից հե­տո։ Այդ հարցում շտապելն անթույլատրելի է։ Լեդին այսօր ինչ-որ երկար քնեց։

ՀՈՒՍԻԿ — Նրանցից ո՞րն է իսկականը։

ՄԱՐԳՈ — Չի իմացվի։ (Գնում է։)

Հուսիկը փռվում է բազմոցին։ Հայտնվում է Հուրին: Քիչ անց աննկատ գալիս է նաև Խորը։

ՀՈՒՐԻ — Ես եկա… (Ժպտում է։) Հիմա ես կարող եմ քեզ հետ զրուցել։

ՀՈՒՍԻԿ — Աչքս լույս։

ՀՈՒՐԻ — Ինչ հետաքրքիր է, քո բերանի կապն արձակած է, իսկ ես քեզ հետ խոսում եմ։

ՀՈՒՍԻԿ — Դա համարյա ֆանտաստիկա է։

ՀՈՒՐԻ — Դու է՞լ ես այդպես կարծում։

Խորն սկսում է երգել հայտնի խմբերգ իտալական օպերայից։ Տեսարանի ընթացքում այն ընդհատվում է, քիչ անց շարունակվե­լով ընդհատված հատվածից։

ՀՈՒՐԻ — Խորն ասում է, որ դու նշանավոր աստղագետ ես։

ՀՈՒՍԻԿ — Աստղաֆիզիկոս։

ՀՈՒՐԻ — Աստղերով գուշակություննե՞ր ես անում։

ՀՈՒՍԻԿ – Ի՜նչ բարբարոս տգիտություն։ «Բախվող գալակտիկաների կոսմոգոնիա», դա գիտության բարձրագույն ոլորտ է։ Ուսում­նասիրում է մեզնից միլիարդավոր լուսատարի հեռավորության երևույթները։ Ձեզ հասկանալի՞ է լուսատարի հասկացաթյունը։

ՀՈՒՐԻ — Իսկ քո կինը գեղեցի՞կ է։ (Խորը երգն ընդհատում է։) Ինչո՞ւ նա քո կողքին չէ։

ՀՈՒՍԻԿ — Նա ծնողների մոտ է, Ռուսաս­տանում։

Խորը շարունակում է երգը։

ՀՈՒՐԻ — Գալակտիկաները զեղեցի՞կ են։

ՀՈՒՍԻԿ — Աներևակայելի։ Փորձիր պատ­կերացնել. Վերոնիկայի վարսերի մեջ հազար գալակտիկա կա։ Յուրաքանչյուրում՝ միլիար­դավոր աստղեր։

Խորը երգն ընդհատում է։

ՀՈՒՐԻ — Իսկ քո կնոջ ծնողները Ռուսաս­տանում ի՞նչ են անում։

ՀՈՒՍԻԿ — Խոզ են պահում։

ՀՈՒՐԻ – Խո՞զ… ինչի՞ համար։

ՀՈՒՍԻԿ — Պահում են։ Իսկ կինս թոռներին է պահում։

ՀՈՒՐԻ — Նրա ծնողները թոռնե՞ր ունեն։

ՀՈՒՍԻԿ — Դրանք կնոջս թոռներն են, այ­սինքն՝ իմ։

ՀՈՒՐԻ — Դու թոռնե՞ր ունես։

ՀՈՒՍԻԿ — Երկուսը։

ՀՈՒՐԻ — Սոսկալի է… այսինքն, հրաշալի է։ Իսկ դու այստեղ ի՞նչ ես անում։

ՀՈՒՍԻԿ — Շանս եմ բերել։ Զուգավորման։

ՀՈՒՐԻ — Սոսկալի է։ Ես շներից սարսափում եմ։ Տանել չեմ կարող, երբ նրանք հաչում են։

ՀՈՒՍԻԿ — Իմը ազնվացեղ է, չի հաչում։

ՀՈՒՐԻ — Սոսկալի է։ (Խորը շարունակում է երգը։) Իսկ գալակտիկաներն ինչի՞ նման են։

ՀՈՒՍԻԿ — Նման են ափսեների… երկարա­վուն, ձվաձև ափսեների։

ՀՈՒՐԻ — Որոնց մեջ աստղե՞ր են լցված։

ՀՈՒՍԻԿ — (ծիծաղում է)։ Ճիշտ այդպես։

ՀՈՒՐԻ — Ոնց որ բրնձով փլա՞վը։

ՀՈՒՍԻԿ — Ճիշտ և ճիշտ, ոնց որ բրնձով փլավը։

ՀՈՒՐԻ — Իսկ խոզ պահելը երևի դժվա՞ր բան է։

ԽՈՐ — (երգն ընդհատելով): Ոչ մի դժվարու­թյուն։ Խոզերն ամեն ինչ ուտում են։

ՀՈՒՍԻԿ — Չեմ կարծում, որ դժվար լինի։ Խոզերն ամեն ինչ ուտում են։

Խորը շարունակում է երգը։

ՀՈՒՐԻ — Դու կարոտո՞ւմ ես քո կնոջը։

ՀՈՒՍԻԿ — Այդ մասին չեմ մտածել։

ՀՈՒՐԻ — Իսկ գալակտիկաների վրա մար­դիկ ապրո՞ւմ են։

ՀՈՒՍԻԿ — Բրնձով փլավի ափսեների մե՞ջ… Իհարկե։ Մարդիկ էլ են ապրում, խոզեր էլ։ Բե­րանիս կապն իզուր քանդեցին։

ՀՈՒՐԻ — Իսկ կնոջդ դու սիրահարվե՞լ ես։

Խորը երգն ընդհատում է։

ՀՈՒՍԻԿ — Լսիր, ի՞նչ ես կպել կնոջս… Լավ, ես քեզ կասեմ. կնոջ հանդեպ առանձնահատուկ սերն ինձ անհասկանալի է։ Սերը վերացական հասկացություն է։ Ազատություն, արդարու­թյուն, հայրենիք, հույս, հավատ, սեր…

ԽՈՐ – Սիրուհի, բջջային հեռախոս, պոմիդո­րով ձվածեղ…

ՀՈՒՐԻ — Ուրեմն, դու քո կնոջը չե՞ս կարո­տում։

ՀՈՒՍԻԿ — Դու հո պատիժ չե՞ս։ Սուրբ գիրքը քեզ ծանոթ է։ Ասված է՝ ցանկացիր և կունե­նաս։ Այսինքն, ունենալ՝ նշանակում է ցանկա­նալ։ Իսկ ցանկալ այն, ինչ ունես՝ անհեթեթ է։

ԽՈՐ – Կռտած խոզի տրամաբանություն։

ՀՈՒՐԻ — Ես խոսում եմ սիրո մասին, ոչ թե՝ ցանկության։

ՀՈՒՍԻԿ — Տարբերությունը միֆ է։

ՀՈՒՐԻ — Դու քո գալակտիկաները չե՞ս սի­րում։

ՀՈՒՍԻԿ — Սիրում եմ, քանի որ ունենալ չեմ կարող։

ՀՈՒՐԻ — Ինչպես ծո՞վը…

ՀՈՒՍԻԿ — Ինչպես ծովը, մանավանդ, որ այն չես տեսել։

ՀԵՒՐԻ — Իսկ շանդ սիրո՞ւմ ես։

ՀՈՒՍԻԿ — (ծիծաղում է)։ Հրաշալի հարց, որը չարժե պատասխանով փչացնել։ Ես հենց սիրո հարցով եմ այստեղ, շանս զուգավորելու։

ԽՈՐ – Անպոչ մողեսի տրամաբանություն։

ՀՈՒՐԻ — Աստղագետ ես, բայց ոչինչ չես հասկանում։ (Մոտենում է Խորին։) Մի խելոք բան ասա, խնդրում եմ։

ԽՈՐ — Բարեբախտություն է, որ մարդը սեփական հետույքը տեսնել չի կարող։

ՀՈՒՐԻ — Ես համաձայն եմ։

ԽՈՐ — Ես էլ եմ ինձ հետ համաձայն։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, քունս տանում է։

ԽՈՐ – Ի՞նչ ասեմ, քնիր։

ՀՈՒՐԻ — Խնդրում եմ։

ԽՈՐ — Հա, բայց ինչո՞ւ հենց ծնկիս։ Ո՞վ ասաց, որ բարձ լինելն իմ նվիրական երազանքն է։

ՀՈՒՐԻ — Դու գիտես, որ ինձ կատաղեցնում է սովորական բարձի անշնչությունը։

ԽՈՐ – Ինչ արած, այդ հայրենանվեր գործին ես հերթական անգամ նվիրաբերում եմ իմ չքնաղ ծունկը։ (Հարմար տեղավորվում է հատա­կին, Հուրին գլուխը դնում է նրա ծնկին։ Շարու­նակվող խմբերգը վերածվում է օրորոցայինի։ Հուսիկին.) Հը՞… ի՞նչ ես աչքերդ չռել։ Միայն գիտնականը կարող է այդպիսի ապուշ հայացք ունենալ։ Դե լավ, թող լինի՝ մեծ գիտնականը։ Տիեզերքին է՞լ ես այդ աչքերով նայում։ Խոր­հուրդ կտամ հայացքդ երկինք հառելուց առաջ նախ գլուխդ հանես հավի փետուրներով լցված բարձի տակից։ Գիտնական են կոչվում… Ու­ղեղները տեղափոխել են այլ գալակտիկաներ՝ երկրի գործերը թողնելով քաղաքական գործիչ­ների չեղած ուղեղներին։ (Հուրիի մազերը շոյելով։) Վերոնիկայի վարսեր… Իմ տիեզերքն այս չքնաղ վարսերն են, որտեղ կարոտը չափվում է լուսատարիներով։ Վարսեր, որոնք շոյելը, որոնց բարձ ծառայելն իմ նվիրական առաքե­լությունն է… Բարձ՝ փետուրների փոխարեն լցված ճախրող, սիրահարված ճայերով։ Ճա­յեր… Ես կնախընտրեի մոծակներին, որոնք ողջ գիշեր կվայելեին քո ծովաբույր մարմինը, թող­նելով քեզ քորելու հաճույքը։ Ընդգծումն իմն է՝ Խ, նույն ինքը՝ Խոր, նույն ինքը՝ Լոշտակ, նույն ինքը՝ Հուրիի անբաժան պոչ։

ՀՈՒՐԻ — Հրաշագեղ պոչ։

ԽՈՐ — (երգն ընդհատվում է)։ Ո՞նց… դու քնած չէի՞ր։

ՀՈՒՐԻ — Եթե քնած չլինեի, ինչպե՞ս կարող էի քեզ հաճոյանալ։

ԽՈՐ — Պոչը մնում է պոչ։

ՀՈՒՐԻ — Համբուրիր ինձ։

ԽՈՐ – Ի՞նչ… Դու երևի ուրի՞շ բան էիր ուզում ասել։

ՀՈՒՐԻ — Էլի ապուշացա՞ր…

ԽՈՐ — Ես կարծում էի դու քնած ես։

ՀՈՒՐԻ — Իսկ հիմա ի՞նչ ես կարծում։ Ես սպասում եմ։

Խորը փորձում է համբուրել Հուրի­ին, նա ճարպկորեն խուսանավում է։ Մի պահ լուռ իրար են նայում։ Հուրին հռհռում է։

ԽՈՐ — Մի րոպե, նախ պարզենք, սա երա՞զ է, թե՞ իրականություն։ (Հուրին սևեռուն նրան է նայում։) Որպես Խոր ես պարտավո՛ր եմ ճշտել, երա՞զ է… ո՞չ… իրակա՞ն է… բա՞…

ՀՈՒՐԻ — Սա ներկայացում է։

Խմբերգը նոր ռիթմով շարունակ­վում է։ Հուրին Հուսիկի գլխատա­կից քաշում է բարձը, ուժեղ խփում է Խորի գլխին։ Հուսիկի շուրջն սկսվում է բուռն տեսարան։ Խորի իրական տենչանքին հակադրվում է Հուրիի խաղ-զվարճանքը, խաղ- ըմբոստությունը, ինչի ընթացքում բեմի վրա ամեն ինչ տակնուվրա է արվում։ Ի վերջո, ողբերգության վերաճած Հուրիի խաղն սթափեցնում է Խորին։ Խմբերգը լռել է։ Խորը հարազատի քնքշությամբ գրկում է հեկեկացող Հուրիին։

ԽՈՐ – Թույլ կտա՞ս քիթդ սրբեմ։ (Հուրին գլուխը տարուբերում է։) Իսկ մազերդ շոյե՞մ…

ՀՈՒՐԻ — Դու կարող ես շոյել լուսատարիներով չափվող կարո՞տը։

ԽՈՐ — Խորը շփոթված է, ստորացված, լոշտակված։ Ուզում եմ գոռալ։ Կուզե՞ս քո փոխա­րեն էլ գոռամ։ Կուզե՞ս մրջյուն դառնամ, ինձ սատկեցնես… կամ՝ մոծակ։

ՀՈՒՐԻ — (ժպիտով)։ Չէ, մոծակ մի դառնա։ (Ծիծաղ։)

ԽՈՐ – Հիմա ես ի՞նչ անեմ։

ՀՈՒՐԻ — Մազերս շոյիր։ Միայն զգույշ, գա­լակտիկաների բրինձը չթափվի։ (Խորը մեղմ երգում է խմբերգային հատված պատարագից։) Պատմիր, երբ տաճարից դուրս եկար, ի՞նչ տե­սար։

ԽՈՐ – Տեսա ծովը, ծովին նույնացած երկին­քը։ Դեռ մթնել չհասցրած պարզկա երկնքում աստղերը մերկ էին։

ՀՈՒՐԻ — Դու ասում էիր՝ Երուսաղեմում ծով չկա։

Երաժշտությունն ընդհատվում Է։

ԽՈՐ — Ես տեսա։ (Խորի վերսկսվող խմբերգը գործուն մասնակիցն է հաջորդող տեսարանի:) Լռության մեջ ծովի վրա մեղմորեն ալիքվող հնչյունները մատնում էին Մոցարտի ներկայու­թյունը։ Հետո ծնվեցին ստվերները։ Ծովի կա­պույտին նախ նշմարվեցին դեպի ետ ճախրող ճայերի ստվերները։ Հետո հաջորդեցին ետ-ետ թռչկոտող մանուկ հրեշտակների ստվերները։ Ստվերը խնկարկող բուրվառի…

ՀՈՒՐԻ — (վեր է թռչում, ոգևորված միանում երևակայության խաղին։ Տեսարանը երազի ոճական առանձնահատկությունն ունի)։ Ալիք­ների վրա տեսնում եմ ստվերը ետ ընթացող սայլի, որի վրա բազմել են վեցթևյա սերովբեներն ու բազմաչյա քերովբեները…

«Եվ ահա շարժեր սայլիկն այն,

Եվ ահա խաղար անիվն այն»…

ԽՈՐ – Սուրբ Գևորգի ձիու ստվերը, Հենդելի կեղծամի, Վոլտերի ձեռնափայտի, Պավարոտիի թաշկինակի ստվերները…

ՀՈՒՐԻ — Լուսե ստվերը ինքնասպան պոե­տի… Հազիվ նշմարվող ստվերը ետ ճախրող ոչ մեծ թռչունի… երկար-երկար պոչով։

ԽՈՐ – Հետադարձ ցատկերով պա-դե-տե՝ բալետային շրջազգեստ հագած Հռոմի Պապի կատարմամբ…

ՀՈՒՐԻ — Իսկ հետընթաց շքերթը եզրափա­կում է կարապների երգի-պարի կամերային համույթը, մաեստրո Լորիս Ճգնավորյանի ղե­կավարությամբ։ (Մոտենում է ապշահար Հու­սիկին։) Իսկ քո խաչակնքող մազոտ ձեռքի ստվերը տեսնում եմ եկեղեցու գավթում, բարու­թյունից հիմարաբար փայլող հազարամյա տա­պանաքարի վրա։ Լոշտակ, կարծում եմ, առա­վել համոզիչ կլիներ այս տեսարանը հանդի­սատեսին ներկայացնել որպես երազ։ Սա քեզ ասում եմ որպես Խորի։

ԽՈՐ – Դու ճիշտ ես, ներկայացումը պիտի հավաստի լինի… ինչպես ստող կնոջ հայացքը։ Եվ հանդիսավոր, ինչպես…

ՀՈՒՐԻ — Թող, ես ասեմ… Ինչպես տղամար­դու հայացքը, երբ նա բացում է պահածոյի տուփը։

Սրտանց ծիծաղում են։

ԽՈՐ – (մոտենալով Հուսիկին)։ Հիմա դու նո­րից կքնես և այն ամենը, ինչ տեսար, կդառնա երազ։ Մոռացված երազ։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, գոռա, խնդրում եմ… Գո­ռա, որ սիրո համատարած խոտանը չի կարող վախճանը լինել լուսատարիներով հավերժող իրական սիրո։ Գոռա, խնդրում եմ… իմ փոխա­րեն։ (Խորը թոչկոտելով սկսում է բղավել, նախ՝ ձևական-խաղարկային, ապա՝ իրական։ Վա­րագույրը փակվելիս հասցնում է հայտարա­րել:) Վե՛րջ, վե՛րջ, շարունակելը հակացուցված է։ Վերջ առաջին մասի։ Անտրա՛կտ։ Խնդրում եմ չծափահարել… Ես ձեզ արգելում եմ ծափա­հարել… Վարագո՛ւյր։

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Հնչում է Վերդիի «Նաբուկոյի» խմբերգը։ Երգողը Խորն է։ Նա թիկունքից թիկնոցով գրկել է Հուրիին։ Գլխին փշե պսակ է։

ԽՈՐ – Վարագույրը բացվել է։ Բեմը ներկա­յացնում է բեմ։ Ժամանակը… արդեն ասել եմ, ժամանակ գոյություն չունի։ Այդ մասին խոսելու ժամանակ էլ չկա։ Խորն ու Հուրին ճախրում են երկնքում։ (Խմբերգն աստիճանաբար լռում է։) Դահլիճում հանդիսատեսն է։ Լուռ նստած են։ Այդպես ընդունված է։ Բայց դա այն լռությունը չէ, ուր կարող է հնչել ազգային հիմնը։

ՀՈՒՐԻ — Անհավատներին ես չեմ հասկա­նում, իսկ թերահավատներից վախենում եմ, ինչպես և՝ այս լռությունից։

Խմբերգը վերսկ­սում է։

ԽՈՐ — Եվ այսպես, հնչում է ազգային հիմնը։ Ձեր կուրծքն ուռչում է հպարտությունից, ձեր ոտքերը պոկվում են գետնից։ Դուք ճախրում եք ազատ տիեզերքում։ Թերահավատը հետույք­ներն են, որոնք ոչ մի կերպ չեն ուզում ազատագրվել աթոռների հանդեպ տածած սեր-սովորույթից։

ՀՈՒՐԻ – Կարելի՞ է հարցնել, ո՞ւր ենք թռչում:

ԽՈՐ – Վեր… վե՛ր, մինչև մառախուղը վերջա­նա։

ՀՈՒՐԻ — Ներքևում՝ երկրի վրա, ներկայա­ցումը շարունակվում է։ Ես տեսնում եմ թատրոնի շենքը։ Այս պահին այնտեղ՝ բեմի վրա ես մենախոսում եմ։ Հանդիսատեսը լուռ նստած լսում է։

ԽՈՐ — Թերևս ճիշտը նրանք են։ Աթոռներից պոկվելու հարկ չկա։ Ինչի՞ համար։ Հետո՞ ինչ, որ հնչում է ազգային հիմնը։ Սա ոչ սպորտային միջոցառում է, ոչ էլ կուսակցական ժողով։

ՀՈՒՐԻ — Մանավանդ, որ հնչող խմբերգն էլ ազգային հիմնը չէ:

Երգը մեղմանում է, լռում։

ԽՈՐ – Դա քեզ չի վերաբերում։

ՀՈՒՐԻ — Ճիշտ ես… ներիր։

ԽՈՐ – Քո այդ ճշմարտությունը թռիչքի հետ համատեղելի չէ։

ՀՈՒՐԻ — Թատրոնի շենքը աչքիցս կորցրի։ Թատրոնից դուրս մարդիկ ուրիշ են, նրանց ի՞նչ մեր ներկայացումը… Շտապում են, թե քիթ քչփորում, միևնույն է, նրանք ինձ ավելի են հուզում, քան թատրոնի հանդիսատեսը։

ԽՈՐ — Պատճառն այն է, որ հանդիսատեսն այս պահին մեզ հետ ճախրում է։

ՀՈՒՐԻ — Մի մոլորություն ևս։ Դա երկար ոտքերով գայթակղիչ սուտ է։ Ներիր։

ԽՈՐ — (հանդիսատեսին)։ Ձեր կուրծքն ուռ­չում է հպարտությունից, ձեր ոտքերը պոկվում են գետնից… Սա, կարծեմ, ասել եմ։

ՀՈՒՐԻ — Հետույքների մասին էլ ես ասել։

ԽՈՐ — Մառախուղի մասին նոր պիտի ասեմ։ Դու կարող ես չլսել։ (Նոր, հանդիսավոր երաժշտական թեմա։) Եկեղեցու բակում անհավա­տալիորեն քիչ մարդ էր հավաքվել։ Տիրանի ոչինչ չասող խոսքից հետո, երբ սրբազանի ծո­րուն աղոթքի տակ մասունքների սափորը դրվում էր հողի մեջ, երկնքից թափվեց մառախու­ղը։ Անկասելի, ինչպես թատրոնի երկաթե, ես կասեի՝ արծաթե վարագույր։ Աղոթերգի ժան­գոտ հնչյունները լռվեցին անթափանց կաթի մեջ։ Անհնար էր տեսնել տղամարդկանց աչքե­րը, կանանց մաշկը։ Լուսե կուրացման մեջ համրացած ճիչ կար։

ՀՈՒՐԻ — Ներքևում մարդիկ հազիվ են երևում։ Անհնար է տարբերել նրանց սեռը, աչքերի և տաբատի գույնը։

ԽՈՐ – Ճերմակ խավարի մեջ լսվում էին չգի­տես որտեղից հայտնված ճայերի ճիչերը։

ՀՈՒՐԻ — Մի քիչ էլ որ վեր ելնենք, մարդիկ ընդհանրապես կկորչեն… Սոսկալի է։

ԽՈՐ — Ես ճիշտ չասացի, մառախուղն իջավ այն պահին, երբ դու բարձրացար զոհասեղա­նին ու հագիդ շորերը նետեցիր։ Կարո՞ղ եմ հարցնել՝ ինչո՛ւ։

ՀՈՒՐԻ — Չէի ուզում՝ շորերս այրվեն։

ԽՈՐ – Եվ այդ ժամ Հուրիին գրկեց Աստղիկի ուղարկած մառախուղ-հագուստը։

ՀՈՒՐԻ — Իսկ դու ինչո՞ւ ինձ գրկեցիր։

Խ Ո Ր — Ես կրակն էի հանգցնում։

ՀՈՒՐԻ — Դրա կարիքը չկար։ Կրակի մեջ ես մրսում էի։

ԽՈՐ – (հանդիսատեսին)։ Եվ ծածկեցի նրան իմ այս թիկնոցով։

ՀՈՒՐԻ – Ինչո՞ւ ինձ գրկեցիր։

Խ Ո Ր — Ես չեմ հարցնում՝ ինչո՞ւ քեզ այրեցիր։

ՀՈՒՐԻ — Դու հենց միայն այդ հարցն ես տալիս։

ԽՈՐ — Ուրեմն, ինչո՞ւ քեզ այրեցիր։ Այն էլ ներկայացման ընդմիջմանը, հանդիսատեսի աչքից հեռու։

ՀՈՒՐԻ — Պարզվեց, որ դա անհնար է։ Եղա­ծը մի ակնթարթ էր միայն, ու ոչ ոք այն նկատել չէր կարող։ Անգամ՝ թերահավատները։

ԽՈՐ – Ակնթարթ, որը հիմա էլ շարունակվում է։

ՀՈՒՐԻ — Հիմա արդեն երկրի վրա մարդիկ չկան, չեն երևում։

ԽՈՐ — Լեռների և լճերի վրա ճախրում են թռչունները, գլխներին՝ փշե պսակներ։

ՀՈՒՐԻ — Հիմա արդեն տղամարդիկ լեռներն են. կոշտ ու կոպիտ, որոնց խորքերում գանձեր կան թաքնված։ Իսկ կանայք՝ լճերը… սքանչելի, կանչող, որոնց խորքերում տիղմ է նստած։  Լավ է, որ թիկնոցով գրկեցիր ինձ։ Մրգերի փայլը զզվելի էր։

ԽՈՐ – Մրգե՞ր…

ՀՈՒՐԻ — Երր կրակն ինձ փաթաթվեց, հայտնվեցի շուկայում։ Չնայած այն դատարկ էր, բայց անտանելի ժխոր էր։ Անտանելի էր նաև կրակի վավաշոտ ցոլքը՝ արտացոլված հասուն մրգերի վրա… Երբ ինձ գրկեցիր, շուկա­յի գմբեթի տակ ճախրանքով ծառս եղավ մի ճերմակ հավ։

ԽՈՐ — Մառախուղը ոնց որ վերջացել է։ Երկ­րի վրա գույները փոխվել են։

ՀՈՒՐԻ — Կանաչը շատացել է, պայծառացել։

ԽՈՐ – Վերացել են կենտավրոսներն ու ան­պոչ մողեսները։ Մենք այլ ժամանակի մեջ ենք։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, բառերն էլի փախչում են։

ԽՈՐ — Բառերից զրկված երջանկությունը ճախրում է կուսական անտառների, դաշտերի, գետերի վրայով… Անհրապույր դեղինում որ­պես օազիս կանաչին են տալիս Շամիրամի կախովի այգիները… Իրար վրա թափված մրջյունների պարսը կառուցում է Չինական պարիսպը։ Ահա և քաղաքը, իր հազար և մեկ եկեղեցիներով։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, տար ինձ ավելի հեռու, դեպի Ամերիկա։

ԽՈՐ – Չեմ կարող, այն դեռ չի հայտնաբեր­վել։

ՀՈՒՐԻ – Սև թռչունների գլխին այլևս փշե պսակներ չկան։

ԽՈՐ – Թռչուններ չեն։ Պավլիկյաններն են։ Մենք վաղ միջնադարում ենք։ Նրանք հետո թռչուններ դարձան։

Բեմի կիսախավարում նշմարվող մի ստվեր վազքով գալիս, թռչում է Խորի շալակը։ Խորը սարսափած ճչում է։ Շալակը թռած «ստվերը» հռհռում է։

ԽՈՐ — Էս աննորմալն ո՞վ է։

ՀՈՒՐԻ — Դու պավլիկյա՞ն ես։

ԱՎԵՏԻՍ — Ճիշտ է, ազգանունս Պավլիկ­յան է։

ԽՈՐ – Իջի՛ր մեջքիցս։

ԱՎԵՏԻՍ — Շփոթեցի։ Ինձ թվաց դու Տիրանն ես։ (Շալակից իջնում է։)

ԽՈՐ – Ի՞նչ Տիրան… Խելագա՞ր ես, ինչ է։ Սա նրա նստավայրը չէ, մենք միջնադարում ենք, քո ժամանակից դուրս։ Ես ներկայացման Խորն եմ։

ԱՎԵՏԻՍ — Խոր, դրանք քո պրոբլեմն են. բեմը մնում է բեմ։

ՀՈՒՐԻ — (այս ընթացքում շշմած նրան էր նայում)։ Էրա՞զմ…

ԱՎԵՏԻՍ — Չէ, ես Ավետիս Սրբազանն եմ, Էրազմը հայրս էր։ Պապս էլ էր Էրազմ։

ԽՈՐ — Հիշեցի, դու արարողության պատա­րագը վարող Սրբազանն ես։

ԱՎԵՏԻՍ – Ի՜նչ մառախուղ էր…

ՀՈՒՐԻ — Սրբազան, ինձ չե՞ս հիշում։

ԱՎԵՏԻՍ — Շփոթում ես։ Դա բնական է, բո­լոր սրբերս էլ իրար նման ենք։ Անդեմ ու ան­համ։

ԽՈՐ — Դու սրբի նման չես խոսում։

ԱՎԵՏԻՍ — Ես առանձնահատուկ, սրբազա՛ն սուրբ եմ։

ՀՈՒՐԻ — Դու Էրա՛զմն ես… Մակար Սրբա­զանը…

ԽՈՐ – Դու Մակար Սրբազա՞նն ես, այն անա­սո՞ւնը։

ԱՎԵՏԻՍ — Այո, մտերիմ կանանց շրջանում ինձ անասուն են ասում, բայց ես Էրազմը չեմ։ Ես Ավետիս Սրբազան Պավլիկյանն եմ։ Աղջկական անունս Մկրտիչ է։ Զգուշացնեմ նաև, որ ես խոսելու թուլություն ունեմ։

ՀՈՒՐԻ — Ներիր, շփոթեցի։

ԱՎԵՏԻՍ — Քեզ նման հուրի-փերին ի՞նչ գործ ունի այս աղբանոցում։ Քեզ Տիրա՞նն է այստեղ քարշ տվել։ Այ, նա իսկական անասուն է։ Բայց նրա թերություններից ամենազզվելին գեղեցկությունը գնահատելու նրա արժանիքն է։

ԽՈՐ – Սրբազանին վայել չէ կնոջը սեթևեթել։

ԱՎԵՏԻՍ — Օ, հանիր, խնդրեմ, ինձ գայթակղող աչքերս։

ԽՈՐ – Աստծուց չես վախենում, գոնե սատա­նայից վախեցիր։

ԱՎԵՏԻՍ — Քեզնից ի՞նչ սատանա։

ՀՈՒՐԻ — Իսկ ինձնի՞ց։

ԱՎԵՏԻՍ — Եթե սատանան այդքան գեղե­ցիկ է, ես փոխում եմ հավատս։

ԽՈՐ – Ինչպե՞ս կարող ես չունեցածը փոխել չեղածի հետ։

ԱՎԵՏԻՍ — (ծիծաղում է)։ Ասածդ ոչինչ չարժե, բայց կպատասխանեմ, քանի որ խոսելն իմ թուլությունն է։ Թեպետ վստահ չեմ, որ կհաս­կանաս։ Երբ անդունդն ես ընկնում, քանի դեռ հատակին չես հասել, հարկ է, որ վայելես ազատ անկման վայելքը։

ԽՈՐ – Իրոք որ, բոլոր սրբերդ իրար նման եք. մեջներդ սրբություն չկա։

ԱՎԵՏԻՍ — Չէ, ինչո՞ւ… Աստծուն, կարելի է ասել, վատ չեմ վերաբերվում… Ես գնահատում եմ նրա հումորի զգացումը

ԽՈՐ — Իրոք որ, անասուն։

ԱՎԵՏԻՍ — Անասուն ասացիր, Էրազմ պա­պիս հիշեցի: Նա էլ էր Սրբազան։ Բայց նա մանր եղջերավոր անասուն էր։ Նրան Խխունջ էին ասում։

ԽՈՐ — Իսկական մականուն Սրբազանի հա­մար։

ՀՈՒՐԻ – Ինչո՞ւ խխունջ։

ԱՎԵՏԻՍ — Կասեմ։ Ես զգուշացրի, որ շատ եմ խոսում։ Դա իմ միակ արժանիքն է։ Եվ ձեր դժբախտությունը։ Ո՛չ միակ։

ՀՈՒՐԻ – Ինչո՞ւ խխունջ։

ԱՎԵՏԻՍ — Համբերիր, դրան էլ կգամ։ Հայրս էլ նշանավոր անձնավորություն էր:

ՀՈՒՐԻ – Ինչո՞վ էր նշանավոր։

ԱՎԵՏԻՍ — Փետուրը քթից մտցնում էր, ականջից հանում։ Աշխարհագրագետ էր. մեռած գիտություն։

ՀՈՒՐԻ – Ինչո՞ւ մեռած։

ԱՎԵՏԻՍ — Մարդկությունն իր առաքելու­թյունն ավարտեց իր ապրած մոլորակի մանրա­մասն քարտեզը կազմելով։ Իսկ ես մեռած լե­զուների մասնագետ եմ։ Ասեմ նաև, որ ար­վեստ, մասնավորապես, թատրոն չեմ ընդու­նում։ Թերևս միայն քո երգը, Խոր… քանի որ ոչ երգելու շնորհ ունեմ, ոչ էլ՝ ձայն։ Դրանում այ­սօր համոզվեցիք։ (Հուրիին.) Դե, հարցրու, ին­չո՞ւ Խխունջ։

ՀՈՒՐԻ – Ինչո՞ւ Խխունջ։

ԱՎԵՏԻՍ — Հա, 37 թվին պապս հոգևորա­կանների սարսափն էր։ Իր ձեռքով օգնել էր եկեղեցին քանդելուն, նախշազարդ դուռն էլ շա­լակել, տուն էր բերել։ Բայց դուռը մեջքից պոկ չէր եկել։ Այդպես էլ, դուռը մեջքին կպած, ապ­րեց իննսունչորս տարի։ Աժդահա մարդ էր։ Եղբորս հետ բարձրանում, նստում էինք դռան վրա, մեզ ման էր ածում։ (Լռությունը վերած­վում է քնած մարդու համաչափ շնչառության։ Հետո շարունակում է միալար տոնով։) Այս նախագահական նստավայրն էլ մեր առանձնատունն էր։ Ինքն է սարքել, իր ձեռքով… Քանդած եկեղեցու քարերով։ Մեջքին կպած դռան վրա բարձում էր քարն ու կիրը… (Սուզվում է քնի մեջ։)

ՀՈՒՐԻ — Նորից սկսեցի մրսել:

Խորը թիկնոցով գրկում է նրան։

ԱՎԵՏԻՍ — (շարունակում է)։ Անտանելին պատարագն է, որ ամեն օր կեսգիշերի լռության մեջ հնչում է այս պատերից։ Խեղճ  խելագար մայրս…

Լռության մեջ Հուրին զգուշորեն պոկվում է Խորից, դանդաղ ետ ու առաջ անում: Խորը հազիվ լսելի ձայնով խմբերգում է:

ԱՎԵՏԻՍ — Հենց այդպես էլ, դուռը մեջքին կպած, թաղեցինք։ (Ավետիսի համաչափ շնչա­ռությունն այս անգամ վերածվում է խռմփոցի։)

Հուրիի և Խորի հայացքները հանդիպում են։

ՀՈՒՐԻ — Չես մխիթարի… աչքերդ տխուր են։

ԽՈՐ — Ճիշտը թռիչքը շարունակելն է։

ՀՈՒՐԻ — Չեմ ուզում։ Երկնքում երկինք չկա։

ԱՎԵՏԻՍ — Պապիս մեջքին կպածը դուռ էր միայն։ Իմ մեջքին ազգիս ճակատագիրն է։ (Երկար, համաչափ խռմփոց։)

 

Աննկատ հայտնվում է Տիրանը։ Զգուշավոր համառությամբ ինչ–որ բան է փնտրում։

ԽՈՐ – Ես փնտրել եմ, տանը ելակ չկա։

ՏԻՐԱՆ – Հը՞… Մարգոն մի տեղ կոնյակ պի­տի թաքցրած լինի։ (Նոր միայն նկատում է նրանց։) Ովքե՞ր եք… Ասենք, ի՞նչ կարևոր է։ Մի բան պարզ է. երկուսդ էլ խմող չեք։ Թեկուզ վարձու մարդասպաններ։ Ինձ համար միևնույն է։

ՀՈՒՐԻ — Եվ դեռ թագավոր ես կոչվում…

ԽՈՐ — Հուրի, գործ չունես։

ՀՈՒՍԻԿ — (մոտենում է Հուրիին)։ Լսիր, եթե քեզ փող տամ, ինձ խմիչք կբերե՞ս։ (Լռություն։) Չգիտեմ ով ես, բայց կուզեի ինձ հետ հարգան­քով խոսեիր։

ՀՈՒՐԻ – Հարգա՞նք… քո երկրում իրեն հարգող քաղաքացին սպասում է, թե ե՞րբ պիտի իր թագավորը սատկի։

ՀՈՒՍԻԿ — Գիտեմ։

ՀՈՒՐԻ — Ներիր։ (Տիրանը նստում է բազմո­ցին:) Դու նրանց օրերը լցրել ես ատելությամբ, անեծքով։

Ավետիսի համաչափ խռմփոցը։

ՀՈՒՍԻԿ — Սիգարետ է՞լ չունեք… Վատ է։ Հի­մա ես ի՞նչ անեմ։

ՀՈՒՐԻ – Ո՞նց թե… Տեր դարձիր քո ժողովրդին, ազատվիր քո այդ ստորակարգ կրկնակից։ Գոռա՛ վերջապես… այրիր ինքդ քեզ։

ՏԻՐԱՆ – Հը՞… Ավետիսը ձայնը կտրեց։ Մի բան եղած չլինի՞։ (Երկար դադարից հետո։) Իմ հանդեպ ատելությունը մեծագույն պարգևն է, որ կարողացել եմ տալ իմ ժողովրդին։ Եվ դա՝ շնորհիվ ստորակարգ իմ կրկնակի։ Եթե ժո­ղովրդիս մոտ իմ հանդեպ պատրանքներ լինեն, դա նրա վերջը կլինի։ Միևնույն է, ոչինչ չես փո­խի։ Ամեն ինչ այլ տեղում է վճռվում։

ՀՈՒՐԻ – Դրսո՞ւմ։

ՏԻՐԱՆ – Դրսո՞ւմ… Իսկ ներսը ո՞րն է։ Ներս չկա։ Ներսը միայն ես եմ։ Ներսը վերք է։

ՀՈՒՐԻ — Իսկ դու… եթե խոսես ժողովրդիդ հետ։

ՏԻՐԱՆ – Ինչի՞ համար… Ես միայն կարող եմ նրան ավելի դժբախտ դարձնել։ Բայց ամե­նատխուրն այն է, որ կոնյակը չգտա։ Իսկ ժողովրդիս հետ ես անվերջ եմ խոսում։ Գիշեր-ցերեկ… (Գնում է դեպի ելքը, կանգ առնում, շրջվում է:) Չգիտեմ ով ես, իրական ես, թե տեսիլ, բայց քեզ հետ զրուցելիս երջանիկ էի։ (Ուզում է գնալ, Խորի ձայնը կանխում է։)

ԽՈՐ — Մի մտահոգվիր, կոնյակդ կգտնես։

ՏԻՐԱՆ — (մի պահ մտածելուց հետո)։ Իսկ ինքս ինձ այրելու մասին կմտածեմ… հետաքրքիր առաջարկ է։

Գնում է։ Ավետիսի խռմփոցը վերսկսվում է:

ՀՈՒՐԻ — Լոշտակ, տար ինձ միջնադար, այ­րիր խարույկի վրա հանուն վաղվա օրվա հան­դեպ հավատի։

ԽՈՐ — Մենք արդեն միջնադարում ենք։

ՀՈՒՐԻ — (քնած Ավետիսին ցույց տալով)։ Սա է՞լ է միջնադարում։

ԽՈՐ – (հանդիսավոր խոսքն ուղղված է հան­դիսատեսին)։ Մակար Սրբազանի առանձնա­սենյակը։ Այն ավելի շատ ճգնավորի խուց է հի­շեցնում։ Սրբազանը քնած է։ Պատուհանից այն կողմ լավ խնամված պարտեզն է՝ նախնիների տապանաքարերով: Պարտեզը վերածվում է այգու։ Աջից այն ձգվում է մինչև Հովվի եկեղե­ցի:

ՀՈՒՐԻ — Մենք Անիո՞ւմ ենք։

ԽՈՐ – Ձախից՝ հեռվում, Մայր տաճարի ուր­վագիծն է։ Սրբազանի առանձնասենյակը։ Մա­կար Սրբազանը քնած է։ Ներս է մտնում ճար­տարապետ Հուսիկը։ Ձեռքին ոլորած գծագիր է։

ՀՈՒՍԻԿ — (մի պահ լռելուց հետո)։ Անունս Հուսիկ է։ Ինձ Մակար Սրբազանն է կանչել։

ՀՈՒՐԻ — Նա քնած է։

ՀՈՒՍԻԿ — Ես սպասեմ։

ՀՈՒՐԻ — Նա խորն է քնում։ Արթնացնելն անհնար է։

ՀՈՒՍԻԿ — Ես կսպասեմ։ (Երկար լռություն։) Դու Հուրի՞ն ես։

ՀՈՒՐԻ — Այո, Էրազմի աղջիկը։ Այսինքն, Մակար Սրբազանի ապօրինի աղջիկը։

ՀՈՒՍԻԿ — Շատ ուրախ եմ… Ներեցեք։ Ես էլ եմ ապօրինի։

ՀՈՒՐԻ — Ուրեմն, մեր հանդիպումը ապօրի­նի է։ (Ծիծաղում է։ Ծիծաղում են։)

ՀՈՒՍԻԿ – Ես եկեղեցու նախագիծն եմ բե­րել։ (Նստում է։)

ԽՈՐ — Այգու կենտրոնում ջրավազանով շատրվան է, ուր լողում են հազվագյուտ ձկներ, վայրի բադեր, կոկորդիլոսներ։ Երկար վարտի­քը հագին, ավազանում լողանում է նաև Չառլզ Ռ. Դարվինը։ Շարունակե՛ք… հետո՞…

ՀՈՒՐԻ — Էրազմը այդքան երկար դեռ չէր քնել։

ԽՈՐ – Հետո ի՞նչ եղավ։

ՀՈՒՐԻ – Հետո՞… Ավելին ի՞նչ կարող էր լի­նել. լռություն, որ հիմա էլ շարունակվում է։ Ահա և մեր ապօրինի սիրավեպը։ Հարցեր մի տա, խնդրում եմ։

ԽՈՐ – Հարկ չկա այդ լռությունը նույն կերպ կրկնել։ Հանդիսատեսը դա չի ընկալի։ Կա հնարավորություն խոսելու այն, ինչը լռում էիք։ Խոսել, առանց ուշաթափվելու։

ՀՈՒՍԻԿ — Ես եկեղեցու նախագիծն եմ բերել։

ՀՈՒՐԻ — Նա քնած է։

ՀՈՒՍԻԿ — Իսկ երազ ես եմ տեսնում։

ՀՈՒՐԻ – Ես էլ:

ՀՈՒՍԻԿ — Իսկ ի՞նչ գիտես, որ նա քո հայրն է։

ՀՈՒՐԻ — Հիմա ես ոչինչ չգիտեմ։

ՀՈՒՍԻԿ – Ճի՞շտ է, որ Մակար Սրբազանը քեզ եկեղեցուն է նվիրել։

ՀՈՒՐԻ — Այս պահից դա իմ ցանկությունն է։

ԽՈՐ – Բայց ինչո՞ւ։

ՀՈՒՐԻ — Դա հարց չէ, այլ՝ պատասխան։

ԽՈՐ — Ու էլի՝ լռություն։ (Հուսիկին.) Դե, մի բան ասա։ Խոսիր, համոզիր… փախցրու նրան վերջապես։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, լռիր, խնդրում եմ։ Այս լռությունը չի կարող քեզ ծանոթ բառերը դառնալ… ծով, կրակ, մառախուղ…

ՀՈՒՍԻԿ — Եկեղեցի, մանանեխի հատիկ, սեր։ Սա սեր չէ։ Աղետ է, երկրաշարժ, խաչելու­թյուն…

ԽՈՐ – Լեզուդ բացվեց։

ՀՈՒՍԻԿ — Այս հանդիպումը Աստծո վրի­պումն է։ Այս կոպիտ սխալը նա իրականության մեջ թույլ չէր տա։ Այն կարող էր կայանալ մի­այն այստեղ՝ բեմի վրա։ Հաշվարկը հասկանալի է. հանդիսատեսը չունի բեմում կատարվածը ճշմարիտ համարելու իմաստուն կռահումը։

ԽՈՐ – Դու արդեն քիթդ խոթում ես իմ գոր­ծերի մեջ։ Եվ այսպես, Մակար Սրբազանի սենյակում լռությունը շարունակվում է։ Տապա­նաքարերից դեպի ձախ ձգվող ճանապարհը տանում է Բուլոնյան անտառ։ Ճամփաբաժնին շվարած կանգնած է Իսրայել Օրին։ Ուսերին նստած հանրապետության նախագահը նրան անորոշ ցուցումներ է տալիս։

ՀՈՒՐԻ – Ո՞ր նախագահը… Իսկակա՞ն, թե՞ կրկնակը։

ԽՈՐ — Դրանք չէ։ Այսօրվա գործող նախա­գահը։

ՀՈՒՐԻ — Իսկ ինչո՞ւ է խեղճ մարդու ուսերին նստել:

ԽՈՐ – Ի՞նչ իմանաս… Հեյ, Ձերդ գերազանցու­թյուն, իջեք Իսրայել Օրու ուսերից։ Թող խեղճ մարդը վերջապես գտնի իր օրիենտացիան։

ՀՈՒՐԻ — Հիմա ի՞նչ պիտի լինի։

ԽՈՐ – Հիմա խնդրիր, որ երգեմ։ (Վերսկսում է «Նաբուկոյի» խմբերգը։ Երգի մեղմանալուն զուգընթաց շարունակում է խոսքը։) Համրացել է երկինքը, համրացել է երկիրը… Համրացել է և ծովը ծիրանի… (Հուրիին.) Դու շարունակիր սի­րո քո խոսքը։

ՀՈՒՐԻ — Ոչ, ոչ, սիրո խոսքեր չեն լինում։

ՀՈՒՍԻԿ — Բոլոր բառերն են սիրո խոսք դառնում։ Ծով, կրակ, մանանեխի հատիկ… Ու­սերիդ գցած գլխաշորը մանր ծաղիկներով, ար­ցունքի կաթիլն այտիդ վրա… Պատուհանի գո­գին դրված կակտուսը՝ կանաչ ծաղկամանով… Քեզ գրկած լույս օդը, լույսի մեջ ճախրող փոշու հատիկներից յուրաքանչյուրը, պատուհանից այն կողմ մաշված սալապատ արահետը՝ սուրբ Գևորգի ջնջված ոտնահետքերով…

ԽՈՐ – Դարվինը ավազանի եզրին կանգնած միզում է, փոխելով ջրի էվոլուցիոն բաղադրու­թյանը։

ՀՈՒՍԻԿ – Լռության մեջ առանց քամու օրորվող ծառերը… Տաք գետնի վրա նրանց վախվորած ստվերները, որոնք նույն նյութից են, ինչ մեր ստվերները…

ԽՈՐ – Լուռ եմ… քանի որ նույնիսկ ես չեմ կա­րող միաժամանակ երգել սիրո բոլոր երգերը։ Բայց կարող եմ լռել բոլոր չգրվածները։

ՀՈՒՐԻ — Իսկ նախագահը դեռ Իսրայել Օրու ուսերի՞ն է։

ԽՈՐ — Չէ, հիմա այնտեղ, գազոնի մեջ, Իսրա­յել Օրու արձանն է։ Ուսին մի ագռավ է նստել։

ՀՈՒՍԻԿ — Ողջ աշխարհն ուսերին գցել է նույն քո ծաղկավոր գլխաշորը։

ԽՈՐ – Գավառական քաղաքի կենտրոնական հրապարակը մարդաշատ է։ Հենց սալահատա­կին նստած Էմանուիլ Կանտն ու Կոնդոլիզա Ռայսը ռուսական շաշկի են խաղում։ Հրապա­րակի բարձր աշտարակից երիտասարդ Չարենցն իր գրքի հոնորարի թղթադրամներով թռչուններ է սարքում ու բաց թողնում «քնած ավանակի երազ» քաղաքի վրա։

ՀՈՒՍԻԿ — Հացի պատառը սփռոցի վրա, գինու սրվակը, Տեր Մակարի խռմփոցը…

ԽՈՐ – Ներքևում Երկիր մոլորակի գունային ներդաշնակությունը խախտում են այս ու այն­տեղ սևին տվող մարդկային կուտակումները։ Թրքական հորդաները շարժվում են դեպի Կոստանդնուպոլիս, մահապարտ բռնագաղթյալների քարավանները՝ դեպի Դեր-Զոր, բռնադատվածների գնացքները՝ Սիբիր։ Ազերիներն ավե­րում են Ջուղայի խաչքարերը։ Պայթյուններ Իրաքում, Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, Ֆլորիդայում՝ Կատրին փոթորիկը, Ֆրանսիայում՝ ուսանողական հուզումները։ Երևանում մռայլ եղանակ է։ Կենտրոնական փողոցները փակված են. նշանավոր գող են թաղում։ Իսկ Մակար Սրբազանի առանձնա­սենյակում Հուրիի և Հուսիկի սեր-լռությունը շա­րունակվում է։ Նրանց կողքին կանգնած Խորը մենախոսում է։ Հանդիսատեսը հուզված է, ցնցված, վրդովված և… միանգամայն անտար­բեր։ Ասենք, նրանք վաղուց են լքել դահլիճը։ Վերջին կարգում միայն մանկան արդար քնով քնած է Գաբրիել Սունդուկյանցը։ (Հուսիկին.) Կարելի՞ է նախագիծդ նայել։

ՀՈՒՍԻԿ — Ոչ, ոչ… այն ինձ արդեն դուր չի գալիս։ Նոր նախագիծն արդեն տեսնում եմ։

ԽՈՐ – Պատմիր քո մասին։

ՀՈՒՐԻ — Պատմիր քո մասին։

ՀՈՒՍԻԿ — Ապրում էինք Վանում, իմ հայրն էլ էր հոգևորական… քահանա։

ՀՈՒՐԻ —  Իսկ մա՞յրդ…

ՀՈՒՍԻԿ — Մայր չեմ ունեցել։ Երեխա էի ու հորս մայրիկ էի ասում։ Հայրս կատաղում էր և ամեն մայրիկ բառի վրա ապտակում։ Ես լաց չէի լինում։ Ընդհակառակը, հպարտ էի… Այդ կերպ ես մորս էի պաշտպանում։ Բայց մի օր, դաժան ծեծից հետո, տնից փախա։

ՀՈՒՐԻ — Իսկ ի՞նչ գիտես, որ նա քո հայրն էր…

ՀՈՒՍԻԿ — Հիմա ես ոչինչ չգիտեմ։ Գիտեմ միայն, որ եթե հիմա քեզ չհամբուրեմ, կմեռնեմ։

ԽՈՐ – Վերջապես։

ՀՈՒՍԻԿ — Իսկ եթե համբուրեմ, կմեռնեմ ավելի։

ՀՈՒՐԻ — Ես գերադասում եմ ավելին։

ՄԱԿԱՐ — (աչքերը բացերով): Նախագիծը դիր սեղանին ու գնա։

ՀՈՒՍԻԿ — Սրբազան, ես… ես նոր նախա­գիծ եմ անելու։

ՄԱԿԱՐ — Եթե հարկ լինի, ես քեզ կկանչեմ։ Հեռացիր։

ՀՈՒՍԻԿ — Հուրի, ես…

ՀՈՒՐԻ — Ոչինչ մի ասա… Գնա։

Հուսիկը գծագիրը դնում է սեղա­նին, հեռանում։ Մակարը վերցնում է գծագիրը, բացում։

ՄԱԿԱՐ — (առանց հայացքը գծագրից կտրելու)։ Գնա, ջուր տաքացրու։ Ոտքերս սառել են։ (Հուրին գնում է։ Մակարը հնչեցնում է կողքին դրված զանգը։ Մտնում են երկու սպասավոր՝ ուտելիքով լի սայլակով։) Ուշացնում եք։

Ա. ՍՊԱՍԱՎՈՐ – Ձեր զանգին էինք սպա­սում։

ՄԱԿԱՐ — Շատ ես խոսում։ (Սպասավորների օգնությամբ անձեռոցիկը օձիքին է ամրաց­նում, խոնավ շորով սրբում է ձեռքերը։) Գինին սեղանից վերցրեք։ Չգիտե՞ք, որ պաս եմ պա­հում։ Որբերին կերակրե՞լ եք։

Ա. ՍՊԱՍԱՎՈՐ — Այո, բա ո՞նց։

Մակարը շրջվում է դեպի Բ սպասավորը։

Բ. ՍՊԱՍԱՎՈՐ – Այո… աղքատներին էլ, հիվանդներին էլ…

ՄԱԿԱՐ – Ի՞նչ եք քթիս տակ ցցվել, քանի՞ցս ասեմ, ինձ հետ խոսելիս դիմացս չկանգնեք։ Սա ի՞նչ տգիտություն Է։ Ձեր ռեխը տեսնելու կարոտը չունեմ։ Ե՛տ, ե՛տ… ավելի՛ ետ։ (Լուռ ծա­մում է։) Մոմավաճառ կույրին կերակուր տարե՞լ եք։ (Լռություն։ Գդալը նետում է ապուրի մեջ, վերցնում է ափսեն, գնում դեպի պատուհանը։)

Ա. ՍՊԱՍԱՎՈՐ – Սրբազան, հիմա կտա­նենք։

ՄԱԿԱՐ – (բացում է պատուհանը, ափսեով ապուրը դուրս շպրտում, գալիս նստում է տե­ղը)։ Կորե՛ք աչքիցս։ (Ա. սպասավորին.) Չէ, դու սպասիր։ (Մյուսին.) Ուտելիքի սայլակը հետդ տար։ (Բ. սպասավորը սայլակը հրելով հեռա­նում է։ Շրջվում է դեպի Ա. սպասավորը։) Առաջ արի։ Շան զուգավորումը…

Ա. ՍՊԱՍԱՎՈՐ — Այո, կայացավ։ (Մի պահ լռության։ Մակարը դարձյալ շրջվում է նրա կողմը։) Հաջող կայացավ։

ՄԱԿԱՐ — Հիմա ինձ լսիր… ուշադիր։ Հուսի­կին պիտի վերացնել։ Հենց այսօր։ (Դադար։) Հասկացա՞ր։ Դե, ուրեմն գնա։ Չքվի՛ր, ասացի։

Սպասավորը խոնարհվում է, հեռանում։

ԽՈՐ – (մոտենալով)։ Մի անի։ Դա Սրբազա­նին վայել չէ։ (Մակարը քթի տակ երգում է։) Ուշքի եկ։ Այդ մեղքը ճակատագրորեն նստելու է բոլորիս ուսերին։ Այդ վերքը նորոգվելու է ամեն սիրո հետ…

ՄԱԿԱՐ — Քեզնից լավ տերտեր կստացվեր։

ԽՈՐ – Գոնե աղջկադ մասին մտածիր։

ՄԱԿԱՐ — Դա խոսելու նյութ չէ։ Նա եկեղե­ցուն է պատկանում։

ԽՈՐ – Ինչպես և՝ դու։ Եվ ի՞նչ ես քարոզում քո եկեղեցու բեմից։

ՄԱԿԱՐ – Բեմը մնում է բեմ։

ԽՈՐ – Հույս, հավատ… սեր…

ՄԱԿԱՐ — Հույս, հավատ, սեր։ Խիստ անձ­նական օգտագործման արժեքներ, ինչպես ատամնապրոտեզը։

ԽՈՐ – Դու հրեշ ես, վերջին սրիկան։

ՄԱԿԱՐ — Ո՞ւր է, թե վերջինը լինեի։

ԽՈՐ – Իրական, բացառիկ սերը Աստծո ծա­ռայիդ համար ոչինչ չարժե՞:

ՄԱԿԱՐ — Դու էլի քո էշն ես քշում։ Ավելի լավ է, քո ներկայացմամբ զբաղվես։ Բեմը դարձրել եք ախոռ, բառերը՝ խոզերի կերակուր։ Ինչ հեշտ ես խոսում սիրո մասին։ Խնդիրն այլ է։ Այդ տղան նման հրաշք այլևս չպետք է նա­խագծի։

ԽՈՐ — Նա եկեղեցու նախագիծն ավելի կա­տարյալ է ուզում դարձնել։ Սրբազան…

ՄԱԿԱՐ — Սա ի՞նչ անիմաստ խոսակցություն է… Արյան շրջանառություն խաչյալ մարմնում։ Հուրի՛… Այդ աղջիկն ի՞նչ եղավ։ (Վերսկսված երգն աննկատ փոխվում է խռմփոցի։ Շա­րունակվող տեսարանում արդեն Ավետիսն է։)

ԽՈՐ — (Մակարին)։ Մի՛ քնիր… քեզ հետ եմ, արթնացի՛ր։ (Հրում է, ապտակում, բարձով հարվածում։) Զարթնի՛ր, անասո՛ւն…

ՀՈՒՐԻ — (որ ներս էր մտել ու լուռ նայում էր)։ Քեզ մի կոտորիր։ Որ քնեց, էլ չես արթնաց­նի։ (Հուրին ժպտում է։ Խորը քնքշորեն գրկում է նրան։)

ԱՎԵՏԻՍ — Հենց այդպես էլ, դուռը մեջքին կպած, թաղեցինք։

Հուրին ապշած նրան է նայում։ Խորն անսպասելի սկսում է երգել։ Հուրին նստում է Ավետիսի ոտքե­րի մոտ, գլուխը դնում նրա ծնկին։

ՀՈՒՐԻ — Գետինը ոնց որ խմոր լինի։ Կանգ­նել չի լինում։

ԽՈՐ – Դա ուրիշ բան է։ (Հուրին նրան է նա­յում։) Մենք ծովի վրա ենք։

ՀՈՒՐԻ – Ի՞նչ ծով, գժվե՞լ ես։

ԽՈՐ – Չե՞ս հավատում, մոտեցիր պատահա­նին։ Նայիր ճշմարտությանը… Հետո՞ ինչ, որ ոչ ոք այն չի տեսնում:

ՀՈՒՐԻ — Ծովի վրա, հսկայական կրիայի մեջքին։

ԽՈՐ – Իզուր ես հեգնում։

ՀՈՒՐԻ — Դու հույս ունես, որ այսօրվա հան­դիսատեսը քեզ կհավատա՞։ Լոշտակ, սիրե­լիս…

ԽՈՐ – Իսկ եթե ասեմ, որ բեմից այն կողմ լու­սարձակներ են, փոշոտ կուլիսներ, ձանձրացող տեխնիկական կազմ, որ անիմաստ հոսող օրերն ու ժամերը իրար են գտել շնչարգելու­թյամբ տառապող գեր տիկնոջ անկողնում, դա ճշմարի՞տ կլինի։ Այդ դեպքում ինչո՞վ ենք մենք զբաղված բեմի վրա… Իսկ մեզ հավատացող հանդիսատեսին ուզում եմ ավելին ասել. բիբլի­ական ջրհեղեղը շարունակվում է։ Մեզ մնում է միայն ընտրություն կատարել ագռավի գռեհիկ և աղավնու գեղեցիկ ստերի միջև։ Այդ ո՞ւր…

ՀՈՒՐԻ — Պատուհանի մոտ։

Խորի շարունակվող երգն ավելի է ուժգնանում։ Անասելի աղմուկի վերածված երգն ընդհատում է զայրույթով ներս նետվող Մարգոն։ Նրան հետևում է Հուսիկը։

ՄԱՐԳՈ — Այլասերված անասո՛ւն, տա­կա՛նք…

ՀՈՒՍԻԿ – Հանգստացի՛ր, Մարգո, մի հուզ­վիր։

ՄԱՐԳՈ — Չէ, դու տեսա՞ր այդ անասունին… Լեդիին շան տեղ էլ չդրեց։ Քնձռոտ սիամական կատվի չա՞փ էլ չկար։ Անբարոյականի մեկը։

ՀՈՒՍԻԿ — Ես նկատել եմ, իմ Վերոնիկան սև գույնի շների հանդեպ անտարբեր է։

ՄԱՐԳՈ — Անունը չեմ ուզում լսել։ Այլասեր­վա՛ծ ռասիստ։

Մարգոն նետվում է բազմոցին, փակում աչքերը։ Հուսիկը նստում է նրա կողքին, մի պահ ուշադիր նայում, ապա ձեոքը գցում նրա պարանոցին։ Մարգոն անտարբեր է: Հուսիկը ձեռքը ետ է քաշում։

ԱՎԵՏԻՍ — (աչքերը բացել է, բայց դեռ քնած է): Ժողովրդիս համար եմ մտահոգ։ Քայլվածքը սրտովս չէ։ Ոտքերը կարճացել են, հազիվ են գետնին հասնում։ (Նորից խռմփում է։)

ՀՈՒՍԻԿ — Ինչ ասա՞ց։

ՀՈՒՐԻ — (վերադառնում է Խորի մոտ)։ Երբ երկինք չկա, որ արտացոլվի, ծովը բոլորովին էլ գեղեցիկ չէ։ (Խորը փորձում է վերսկսել երգը։) Մի՛ երգիր։

ԽՈՐ – Ինչո՞ւ…

ՀՈՒՐԻ — Խոսիր ծովի մասին։

ԽՈՐ – Խոսեմ. ես չեմ կիսում այն տեսակետը, ըստ որի միզելու վայրը էական չէ։ Ոչ մի զգա­ցում չի կարող համեմատվել ծովի մեջ միզելու բերկրանքին։

ՀՈՒՐԻ — Դու ծովը չե՞ս սիրում։

ԽՈՐ — Ծովը սիրելու կամ չսիրելու համար այն պիտի տեսած չլինել։ Իսկ ես տեսել եմ։ Մի ակնթարթ միայն։ Անձրևոտ օր էր, գլուխս շրջե­ցի ու տեսա։ Պատմելու, խոսելու բան չէ։ Այդ­պես երևի նախամարդն է առաջին անգամ ծո­վը տեսել։ Սոսկալի էր։

ՀՈՒՐԻ — Ամեն ինչն է սոսկալի, եթե հնարա­վոր լինի տեսնել։

ՄԱՐԳՈ — Հա, իմիջիայլոց, նա շաշ է։

ՀՈՒՍԻԿ — Ո՞վ։

ՄԱՐԳՈ — Շունդ, ո՞վ… այդ էշը։

ՀՈՒՍԻԿ – Վերոնիկա՞ն… չէ, ի՞նչ ես ասում։

ՄԱՐԳՈ — Ասում եմ՝ շաշ է։ Խեղճ Լեդիի գե­նետիկ կոդը ապականելու էր։

ՀՈՒՍԻԿ — Շաշը քո շաշ ամուսինն է։

ՄԱՐԳՈ – Ո՞ր մեկը։

ՀՈՒՍԻԿ — Երկուսն էլ… Բոլորն էլ։

ՄԱՐԳՈ — Թող նրանք իրենց գենետիկ կո­դով մտահոգվեն։ (Ծիծաղ, լռություն։)

ԽՈՐ – (մեղմ վերսկսված երգի տակ սկսում է մենախոսել)։ Ծովի վրա շաղ եկած մանր կո­հակները Աստծո կենդանի մատնահետքերն են։ Ծովում ձկներ կան… խոշոր ու մանր, գեղեցիկ ու տգեղ։ Ու բոլորն էլ՝ հիմար։ Եվ ամենասոս­կալին. ծեր ձուկ ես չեմ տեսել։ Ծովը հիշողու­թյուն չունի։ Նրա ահռելի հուշերն այս պահի մեջ են։ Ծովը ժամանակից դուրս է։ Դրա հա­մար էլ, երբ ձուկը հայտնվում է մեր տարածու­թյան մեջ, շնչահեղձ է լինում։

ՀՈՒՐԻ — Ես էլ եմ ձուկ։ Հիմար ու առանց տարիք։

ԽՈՐ – Մենք երկուսս էլ ձուկ ենք։ Մի աննե­րելի տարբերությամբ. լռելու ուժը չունենք։

ՀՈՒՍԻԿ — Տոթ է, օդ չկա։

ՄԱՐԳՈ — (տեղից վեր թռչելով)։ Այս անա­սունից է։ Շատ է շնչում, շուրջն օդը սպառվում է։ (Ոտքով Ավետիսին հարվածելով։) Վե՛ր կաց… արթնացի՛ր, անասո՛ւն…

ՀՈՒՍԻԿ — Մարգո, սպասիր… ոնց որ… Մի բան եղած չլինի՞:

ՄԱՐԳՈ — Բացառվում է։ Եկեղեցին խորն է քնում, բայց չի մեռնում։ (Դեմքը մոտեցնում Է Ավետիսի դեմքին, կիսաձայն։) Ավետի՛ս… Սրբազա՛ն… անասո՛ւն…

ԱՎԵՏԻՍ — (աչքերը բացում է)։ Հը՞… էլի անասունի պես քնե՞լ էի:

ՄԱՐԳՈ — Տանել չեմ կարող, երբ կողքիս քնած մարդ կա։

Ա Վ Ե Տ Ի Ս — Արթունն էլ մի բան չի։ Ճիշտը միասին քնելն է։

ՄԱՐԳՈ — Լպիրշ շուն։

ԱՎԵՏԻՍ — Հա, Հուսիկ, շնանալու հարցն ի՞նչ եղավ։

ՀՈՒՍԻԿ — Չէ, սրբազան, առանց քեզ գլուխ չեկավ։

ՄԱՐԳՈ — Ո՞նց, դուք անձամբ ծանո՞թ եք։

ԱՎԵՏԻՍ — Գիտությունն ու եկեղեցին սիամական եղբայրներ են։

ՀՈՒՍԻԿ — Սրբազանի հետ մենք առաջին անգամ հանդիպել ենք ճեմարանում։

ԱՎԵՏԻՍ – Ճեմարանո՞ւմ…

ՀՈՒՍԻԿ — Ես մի քանի օր այնտեղ սովորել եմ։

ՄԱՐԳՈ — Ախ, ուրեմն դու է՞լ ես սուրբ… Դո՛ւ էլ, քո այդ անպոչ գիսավո՛րն էլ…

ՀՈՒՍԻԿ – Վերոնիկա՞ն։

ԱՎԵՏԻՍ — Ասում ես, նա իրեն անվայե՞լ է պահել։

ՄԱՐԳՈ — Պիտի տեսնեիր, թե վարսավիրս Լեդիին ոնց էր գեղեցկացրել, սանրվածքը, հարսանեկան շորը, մակիյաժը…

ԱՎԵՏԻՍ — Երազում այս տունը ծովի վրա էր, պապիս մեջքին։ Պապս հսկայական կրիա էր։

ՄԱՐԳՈ — Գնամ, շորերս փոխեմ։

ԱՎԵՏԻՍ — Հուսիկ, ճի՞շտ է, որ E=MC2

ՀՈՒՍԻԿ — Նայած թե այդ տառերի տակ ինչ է հասկացվում։

ԱՎԵՏԻՍ — Տառեր։

ՄԱՐԳՈ — Սրբազանին թվերի հարաբերու­թյունն է հետաքրքրում։ Օրինակ՝ 90-60-90…

ԱՎԵՏԻՍ — Դրանք էլ սոսկ թվեր են։

ՄԱՐԳՈ — Ես որ այդ բանաձևը ապացուցե­լու շանսը չունեմ։

ԱՎԵՏԻՍ — Այդ շանսը ոչ ոք չունի։

ՄԱՐԳՈ – Ինչո՞ւ, դա քո բարձի չափերն են։

ԱՎԵՏԻՍ — Ուրեմն, դու դեռ այդ շանսն ու­նես։

ՄԱՐԳՈ — Իզուր քեզ արթնացրի։

ԱՎԵՏԻՍ — Եկեղեցին եկեղեցի է նրանով, որ երբեք չի արթնանում։

ՄԱՐԳՈ — Կարևորը՝ բարձիդ հանդեպ քո սրտաճմլիկ հավատարմությունն է։

ԱՎԵՏԻՍ — Բացառություն է թերևս այս բազկաթոռը։

ՀՈՒՍԻԿ – Այսի՞նքն…

ՄԱՐԳՈ — Նա այս նստավայրից, ճեմարա­նից ու եկեղեցուց բացի այլ տեղ չի եղել։

ԱՎԵՏԻՍ – Ի՞նչ իմաստ ունի։

ՀՈՒՍԻԿ — Անհավատալի է։

ԱՎԵՏԻՍ — Եթե չհաշվենք զուգարանը։

ՄԱՐԳՈ — Իսկապես, ի՞նչ իմաստ ունի… Մաքուր օդ ես ուզում՝ գլուխդ բարձի տակից հանիր։

ԱՎԵՏԻՍ — Կարևորը, որ քեզ ծանոթ են իմ բարձի չափերը։

ՄԱՐԳՈ — Լպիրշ։

ԱՎԵՏԻՍ — Գնա։ Ես Հուսիկի հետ լուրջ խո­սելիք ունեմ։

ՄԱՐԳՈ — Դե, իհարկե, թե ոնց են E-ն ու M-ն լրջորեն բռնաբարում C քառակուսուն։

ԱՎԵՏԻՍ – Լպիրշ։

ՄԱՐԳՈ — Շուտ պիտի գնացած լինեի։ (Գնում է։)

ԱՎԵՏԻՍ — Ուրեմն, ճեմարանում ես քեզ դա՞ս եմ տվել։

ՀՈՒՍԻԿ — Չէ, Սրբազան, մենք ճեմարանի զուգարանում ենք հանդիպել։

ԱՎԵՏԻՍ — Հնարավոր է։ Ես բարեպաշտո­րեն օգտվում էի ընդհանուր զուգարանից։ ՀՈՒՍԻԿ — Խցիկները զբաղված էին և մենք պատի տակ էինք միզում։

ԱՎԵՏԻՍ — Ռոմանտիկ պատկեր է։ Եվ՝ հուգիչ։

ՀՈՒՍԻԿ — Ձերդ սրբության մեզի շիթերը օծեցին իմ կոշիկները։

ԱՎԵՏԻՍ — Հուշերիդ մեջ այդ մանրամասը չմոռանաս։

ՀՈՒՍԻԿ — Հետո, ինձ նկատելով, աչքերդ չռեցիք ու ասացիք՝ բռռռռ… Ես սոսկալի վախե­ցա ու փախա։

ԱՎԵՏԻՍ — Դա ինձնից սպասելի է։ Լավ, մեր գործից խոսենք։

ՀՈՒՍԻԿ — Հիշում եմ. ոչ մի պահ չեմ մոռա­նա, որ ազգիս մեծագույն ծառայություն եմ մա­տուցում, որ ամեն հայրենասեր պիտի երազեր իմ տեղում լինել։

ԱՎԵՏԻՍ – Տե՛ս, ուր որ է, կսկսվի նրա մա­սաժի ժամը։ Սպանության մանրամասները ես չեմ ներկայացնի։ Դա տեքստից հանված է։ Գնանք, կուլիսներում մի անգամ էլ կբացատրեմ։ (Մի պահ լուռ իրար են նայում։)

ՀՈՒՍԻԿ — Աստված մեզ օգնական։

ԱՎԵՏԻՍ – Ի՞նչ…

Բեմի տարածքը լցվում է պատե­րից մեղմորեն հնչող պատարագի խորհրդավոր հնչյուններով։ Խմբերգը հնչում է անկանոն։

ԱՎԵՏԻՍ — Սկսվեց։

ՀՈՒՍԻԿ – Ի՞նչը։

ԱՎԵՏԻՍ — Այսօր այս պատարագը լսելու ուժ չունեմ։

ՀՈՒՍԻԿ — Սա ի՞նչ պատարագ է։

ԱՎԵՏԻՍ – Քո խելքի բանը չէ։ Գնանք։

ՀՈՒՍԻԿ – Ո՞ւր, դեռ ժամանակ կա։

ԱՎԵՏԻՍ — Այնտեղ, ուր արքաներն ու նրանց կրկնակներն անգամ ոտքով են գնում՝ եկեղեցի, մոմ վառելու։

Գնում են։

ՀՈՒՐԻ — E=MC2. դա ի՞նչ բան է։

ԽՈՐ — Մարդն իր համար Աստծո բանաձև է հորինել։

ՀՈՒՐԻ — Ծովի վրա մառախուղ է իջել։ Ես այնտեղ եմ, մառախուղին խաչված… մերկ, թա­փանցիկ։ Սա էլ՝ իմ հորինած սիրո բանաձևը։

ԽՈՐ — Ամեն պայմանականությունից դուրս է պատերից հնչող այս պատարագը։

ՀՈՒՐԻ — Մառախուղն ինձ հետ կցնդի, կմնա ծովը, ծովի վրա՝ Աստծո կենդանի մատնահետքերը։

Պատարագի ձայնն ավելի լսելի է դառնում։ Հուրիի զգուշավոր շար­ժումներն աննկատ փոխվում են պարի։

ԽՈՐ – Ծովի վրա մշուշի տեսքով թևածում է հազարամյակ առաջ Մակար Սրբազանի սեն­յակում ծնված լռությունը։ (Ահագնացող պա­տարագի տակ Հուրիի պարը ողբերգական ապաֆեոզով լցնում է ողջ բեմը։ Խորի ձայնն ավելի պաթետիկ է դառնում։) Մշուշ-լռությունը հիմա արդեն ծավալվել է բեմով մեկ։ Դեկոր­ներն աստիճանաբար տարրալուծվում են անէ­ության մեջ։ Լուսարձակների սիրահետմամբ իրենց ուրվագծերից դուրս են հորդում դերակա­տարների թափառող ստվերները։ Մշուշը բե­մից լցվում է հանդիսասրահ, իր գիրկն առնելով հանդիսատեսին, անկախ նրա հասարակական դիրքից, կուսակցական և սեռական կողմնորո­շումից, ներկայացման հանդեպ նրա վերաբեր­մունքից։ (Այլայլված բեմ է նետվում Հուսիկը, փռվում է բազմոցին, անշարժանում։ Խորի սկսած երգը ձուլվում է պատարագի հնչյուննե­րին, ապա աստիճանաբար լռեցնում այն։) Տա­րածությունը խախտող ճերմակ կուրությունը իր մեջ ներառել է հանճարեղ ներկայացման կան­խավարկածը։ Հիմա արդեն անթափանց ոչինչը ամենուր է և էական չէ, թե մենք ձեզ հետ ո՞ր ժամանակի մեջ ենք։ Էականն այն է, ինչ գոյու­թյուն ունի ի սկզբանե՝ խոսքը։ Այն, ինչ հիմա ասում եմ։ Իսկ այս պահին մենք ձկներ ենք: Ձուկ-վտարում դրախտից, ձուկ-տրոյական ավերածություն, ձուկ-վերոնյան ողբերգություն, ձուկ-երգ երգոց, ձուկ-համրություն։

Մենախոսությունը, խմբերգը և Հուրիի պարը միաժամանակ ավարտվում են։ Լռություն։

ՀՈՒՍԻԿ — Սալոմեն ես դու, դև՞ ես, թե՞ հրեշ­տակ, միևնույն է, ես նվիրում եմ քեզ Տիրան բռնակալի գլուխը։

Հաջորդող լռության մեջ ներս է նետվում Մարգոն։ Կատաղած է։ Խորը փորձում է Հուրիին տանել բեմի խորքը։

ՀՈՒՍԻԿ — Մարգո, ինչ լավ է՝ եկար։ Քեզ խոստովանելու բան ունեմ։

ՄԱՐԳՈ — (մոտենում է, նետվում բազմոցին, Հուսիկի կողքին)։ Ողորմելի փալա՛ս…

ՀՈՒՍԻԿ — Մարգո, անարդար ես։ (Փորձում է ոտքի կանգնել, Մարգոն բռնում է նրա օձի­քից, տապալում գետնին, հարվածներ տեղում գլխին։)

ԽՈՐ – (Հուրիին կասեցնելով)։ Մի՛ խառնվիր, ոչինչ չես փոխի։

ՄԱՐԳՈ — Ուրեմն, գիտնականի խղճուկ խել­քով դու ինձ օգտագործում ես քո ապաշնորհ գործերի համա՞ր։ Դա Ավետի՞սն էր ծրագրել… Ձա՛յն հանիր։

ՀՈՒՍԻԿ — Այս երկրում դա յուրաքանչյուրի երազանքն է։ Ես սպանեցի բռնակալին։ Ես հպարտ եմ իմ արարքի համար։ (Մարգոն խեղ­ճանում է, կծկվում բազմոցի անկյունում, ան­ձայն լալիս։) Դու նրա համար լալի՞ս ես… Մար­գո, դա նաև քեզ համար արեցի։ Հիմա արդեն, երբ ամեն ինչ վերջացած է, հեշտ է խոստովանել, որ ես քեզ սիրում եմ։

ՄԱՐԳՈ — (բռնկուն ծիծաղ, ապա՝ տխուր)։ Հրաշալի առիթ խոստովանության համար։

ՀՈՒՍԻԿ — Հիմա հասկանում եմ, որ սիրո համատարած խոտանը չի կարող վախճանը լի­նել լուսատարիներով հավերժող իրական սիրո։

ՄԱՐԳՈ – Ի՞նչ, ի՞նչ…

Պատերից հնչող պա­տարագը վերսկսվում է։

ԽՈՐ — Հուրի, քո փոխարեն գոռա՞մ։ (Հուրին անհաղորդ է։)

ՀՈՒՍԻԿ — Աստծո հայտնությունը զույգ թվի մեջ է՝ լույս ու ստվեր, ին և յան, տղամարդ ու կին։

ՄԱՐԳՈ — Կոճակի անցքեր։

ՀՈՒՍԻԿ – Ի՞նչ…

ՄԱՐԳՈ — Կոճակի անցքերն էլ են զույգ: Վե՛րջ… Խոստովանությունդ ավարտեցի՞ր։

ՀՈՒՍԻԿ — Հիմա ես երջանիկ կլինեմ կրել ցանկացած պատիժ։

ՄԱՐԳՈ — Դու քեզ արդեն պատժել ես։ Առավելագույնս։ Քեզ էլ, բոլորիս էլ։ Դու սպանել ես իրական Տիրանին։

ՀՈՒՍԻԿ — Դա անհնար է։ Երբ նա մասա­ժից հետո հանգստի սրահ մտավ, ես տեսա նրա պոչը։

ՄԱՐԳՈ – Ավետի՞սն է քեզ ասել։ Զգում էի, որ նրա մատը խառն է։ Մի՞թե այդ թշվառակա­նը չգիտեր, որ նրանք երկուսն էլ պոչ ունեն։

ՀՈՒՍԻԿ — Ո՞նց… չի կարող պատահել։

ՄԱՐԳՈ — (քնքշորեն շոյում է ծնկին հենած Հուսիկի գլուխը)։ Այո, սիրելիս, քեզնից հերոս չստացվեց։ Դու ընդամենը ստոր դավաճան ես, ժողովրդի թշնամի։

ՀՈՒՍԻԿ — Ես… ես նրան էլ կսպանեմ։

ՄԱՐԳՈ – Մի՛ հիմարանա։ Դեռ ոչ ոք ոչինչ չգիտի։ Մեծ հաշվով, ոչ ոք էլ ոչինչ չի իմանա։ Ու ոչինչ չի փոխվի։ Դու միայն իմ վիճակն ան­տանելի դարձրիր։

ՀՈՒՍԻԿ — Մարգո, ես քեզ սիրում եմ։

ՄԱՐԳՈ — Հերիք է հիմար-հիմար դուրս տաս։ Դու էլ շանդ պես շաշ ես։ Ես կօգնեմ, որ դու աննկատ հեռանաս։ Իսկ շունդ առայժմ այստեղ կմնա։ (Գալիս է Տիրան-կրկնակը։) Ահա և նա, ում դեմ գիտությունն ու տիեզերքն անզոր են։

ՏԻՐԱՆ — (Հուսիկին նկատելով)։ Ո՞նց… դու դեռ ո՞ղջ ես։ Տարօրինակ է։ (Նստելով։) Մի քիչ քնեցի, բայց գլուխս պայթում է։ Բանկետի խմիչքը հաջող չէր։ Ավետիսի բերած կոնյակն ո՞ւր ես դրել։

ՄԱՐԳՈ — Տեղը լավ էլ գիտես, ինչո՞ւ ես հարցնում։

ՏԻՐԱՆ — Ուզում եմ միասին խմենք։

ՄԱՐԳՈ — Ես Հուսիկի հետ գործ ունեմ։

ՏԻՐԱՆ – Սրա հետ ի՞նչ գործ։

ՄԱՐԳՈ – Խանդո՞ւմ ես։

ՏԻՐԱՆ – Դու այնքան լպիրշ ես, որ ես ինձ էլ եմ խանդում։ (Ծիծաղ։ Մարգոն էլ է ծիծաղում։ Հուսիկին.) Դու ինչո՞ւ չես ծիծաղում։ (Օձիքից բռնելով։) Ծնկի՛…

ՀՈՒՍԻԿ — Դու հրե՛շ ես, բռնակա՛լ, նե՛ռ։ Վի­րավորական է քեզ հետ նույն օդը շնչել։ Դու անասուն ես, պոչավոր անասուն։

ՏԻՐԱՆ – (ձեռքերով բռնում է նրա գլուխը, փակում քիթ-բերանը։ Հուսիկը դիմադրում է)։ Ես կօգնեմ քեզ, որ այս օդը չշնչես։

ՀՈՒՍԻԿ — (մի պահ դուրս պրծնելով)։ Մար­գո, նա ինձ խեղդում է։

ՄԱՐԳՈ — Դա էլ տարբերակ է։ (Վայելքով մեկնվում է բազմոցին։) Թիկնապահներիդ կանչե՞մ։

ՏԻՐԱՆ – Չէ… ես իմ ձեռքով։

Տիրանն ու Հուսիկը տապալվում են գետնին։ Հայտնվում է Հուրին։

ԽՈՐ – Հուրի, խնդրում եմ, մի խառնվիր։

ՀՈՒՐԻ — (Տիրանին, հուզված)։ Թո՛ղ նրան։

ՄԱՐԳՈ – Ա՜յ քեզ նորություն…

ՏԻՐԱՆ — (անակնկալից Հուսիկին թողնելով)։ Հը՞… սա ո՞վ է։ Թիկնապահներս ո՞ւր են։

ՄԱՐԳՈ — Հանգիստ։ Վախենալու բան չկա։ Հիմա կպարզենք։ (Հուրիին մոտենալով։) Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այստեղ։

ՀՈՒՐԻ — (աչքերը լցված են)։ Ես Հուսիկի սիրուհին եմ։

Մարգոն կատաղի հայացք է նե­տում Հուսիկի կողմը։

ՀՈՒՍԻԿ — (շունչը տեղը բերելով)։ Սո՛ւտ է, ես սրան չեմ ճանաչում։

Տեսարանին անընդմեջ միջամտում է Խորը իր երգով և ընդհատ մենախոսությամբ։

ԽՈՐ — Ժամանակն իր շավղից դուրս է սայ­թաքել։ Այդ է վկայում ծովի վրա սկսված կա­տաղի փոթորիկը։

ՏԻՐԱՆ — Մարգո, քեզ ասում եմ՝ սա դա­վադրություն է։

ՄԱՐԳՈ — Ձենդ կտրիր, տեղդ վեր ընկիր… Բռնակալիս տեսեք։

ԽՈՐ – Մառախուղն անգոր է լռեցնել ըմբոստ ալիքների ահագնացող աղմուկը… աղմուկը կործանվող հրեշտակների հուսահատ թևահա­րումների։

ՀՈՒՍԻԿ — Ես սրան առաջին անգամ եմ տեսնում։

ՄԱՐԳՈ – Սսկվի՛ր։ (Հուրիին.) Ինձ չի հետաքրքրում՝ ով ես, բայց հետաքրքիր է, թե ինչ­պե՞ս ես այստեղ հայտնվել։

ՏԻՐԱՆ — Սա ի՞նչ անտերություն է, ով ասես կարող է այստեղ մուտք գործել։ Պահակազորը սատկե՞լ է։

ՄԱՐԳՈ — Սիրտս խառնում է գեղեցիկ կա­նանցից։ Սուտն էլ պիտի չափ ունենա։ (Հուրի­ին.) Խոսիր…

ՀՈՒՐԻ — Միևնույն է, դու չես հասկանա։

ՄԱՐԳՈ — (մատներով շոյելով նրա դիմա­գծերը)։ Հասկանալու բան չկա։ Դու գեղեցիկ էգ ես, և վերջ։ Ինձ զվարճացնում է կնոջ դիմագծե­րի փիլիսոփայությունը. առանց հիմարության գեղեցկություն չի լինում։

Հ Ո Ի Ր Ի — Քեզնից համբույրներից մաշված ոսկե հորթի հոտ է գալիս։

Մարգոն ձգվում է, որ համբուրի նրան, Հուրին ետ է քաշվում։ Մարգոյի ծիծաղը։

ԽՈՐ – «Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծե, Նավապետ բարի, փրկեա զիս…»։

ՄԱՐԳՈ — Քեզ Սրբազա՞նն է այստեղ բերել։

ՏԻՐԱՆ — (նրանց մոտենալով)։ Տես, է՜, սրբազան անասունի ճաշակը բարձրացել է։ Բայց նա կոպիտ սխալ է գործել։ Դու ինձ էլ ես դուր գալիս։ Արցունքները տեղին են։ Խելքս գնում է կնոջ արցունքի համար։ Մարգո, քո երևակա­յությունն անսահման է։ Խորհուրդ տուր, սրան ինչպե՞ս մեռցնեմ։

ՀՈՒՐԻ — Ցավոք, դա անհնար է։

ՏԻՐԱՆ – Օհո՜… Հետաքրքիր տարբերակ է։ Եվ՝ գայթակղիչ։ Ես քո առաջարկի մասին կմտածեմ։

ԽՈՐ — Փոթորկի անսանձ ալիքները ներխու­ժել են բեմ։ Ժամանակից պոկված դերակա­տարները լողում են անէության մեջ։ «Մրրկեալ ալիք թշնամին ինձ հարուցանե, Նավապետ բարի, լե՛ր անձին իմոյ ապավեն…»։.

ՏԻՐԱՆ — Մարգո, սրա ձենը կտրիր, նյար­դերիս վրա ազդում է։

ՄԱՐԳՈ — Անհնար է։ Խանգարելը նրա կո­չումն է։

ԽՈՐ – Խորը անզոր է կանխել ջրի հոսքը դե­պի դահլիճ։ Ջուրն արդեն ամենուր է։ Սիրուց զերծ բոլոր տարածքներում։ Սա, թերևս, վեր­ջին ջրհեղեղն է։ Այդ մասին են աղաղակում մա­ռախուղի անապատում կանչող ճայերը։ Կռռո… կոռռ… կոռռ… կռռռ…

ՏԻՐԱՆ — (հարձակվում է Խորի վրա)։ Ձայնդ կտրելո՞ւ ես… (Տապալում է գետնին։ Վրա է հասնում Հուրին, հուսահատ ճգնում է Խորին պաշտպանել: Մարգոն մոտենում, Տիրանի գրպանից հանում է սիգարետի տուփը։) Մար­գո, թիկնապահներիս կանչիր։

Մարգոն հանգիստ տեղավորվում է բազմոցին, ծխախոտը դնում բե­րանը։ Հուսիկը Մարգոյի ձեռքից վերցնում է կրակվառիչը, դողացող ձեռքով վառում ծխախոտը։ Ներս է մտնում Ավետիսը։ Քթի տակ ինչ-որ բան մտմտալով տեղավորվում է իր բազկաթոռին։ Հուրին նետ­վում է նրա ծնկներին։

ԱՎԵՏԻՍ — Խաղաղվիր, աղջիկս։

ՄԱՐԳՈ — Տիրան, Սրբազանը այստեղ է։

Տիրանը դադարեցնում է կռիվը։

ԱՎԵՏԻՍ — (Հուրիին)։ Ի՞նչ ընդհանուր բան ունես այս այլանդակների հետ։

ՏԻՐԱՆ – Սրբազան, սրանք իմ դեմ ինչ-որ բան էին դավադրել։

ԱՎԵՏԻՍ — Մարգո, հեռացրու դրան աչ­քիցս։ Եվ մի մոռանա, որ դու էլի բարի գործեր ունես։ Կարգավորիր, որ բարդություններ չլի­նեն։

ՏԻՐԱՆ – Ի՞նչ բարդություն, ի՞նչ է եղել։

ՄԱՐԳՈ — Բոլորիդ հոգսը ինձ հոգսեր ստեղ­ծելն է։

ՏԻՐԱՆ — (Մարգոյին)։ Դու ինչո՞ւ թիկնա­պահներիս չկանչեցիր։

ՄԱՐԳՈ — Գնանք, դու ուզում էիր ինձ հետ խմել։

Թևանցուկ հեռանում են։ Հուրին պոկ­վում է Ավետիսից, մոտենում լաց լինող Խորին։ Փորձում է մխիթարել։

ԽՈՐ — Նա ձեռք բարձրացրեց Խորի վրա, թատրոնի վրա, Աստծո վրա։

ՀՈՒՍԻԿ — (ծնկի գալով Ավետիսի առաջ)։ Սրբազան, ես աններելի մեղք եմ գործել։

ԱՎԵՏԻՍ — Դա նաև իմ մեղքն է։ Ես պիտի կռահած լինեի, որ այլ կերպ լինել չէր կարող։ Դա միայն իմ մեղքն է։

ՀՈՒՍԻԿ — Ախր, երբ տեսա նրա պոչը, ամեն ինչ իրեն-իրեն ստացվեց։

ԱՎԵՏԻՍ — Քաղաքական, պետական գոր­ծիչները բոլորն էլ պոչ ունեն։ Քաղաքականու­թյուն կոչվածը պոչը թաքցնելու արվեստն է։ Իսկ հիմա հեռու քաշվիր։ Ինձ համար դու ար­դեն գոյություն չունես։ Հեռացի՛ր, ասացի։

Հուսիկը ելնում է, մի քանի քայլ անում, մեխվում տեղում։ Լռության մեջ վերսկսվում է պատերից հնչող պատարագը։

ՀՈՒՐԻ — Սրբազան, դու է՞լ պոչ ունես։

ԱՎԵՏԻՍ — Իմ պոչն իմ հայրենիքն է։

Պատարագի ձայնին միաձուլվում է Ավետիսի խռմփոցը։

ՀՈՒՍԻԿ — (Հուրիին)։ Քեզ ո՞վ խնդրեց իմ կյանքը փրկել։ Կարծում ես, դրանով քեզ պար­տակա՞ն կլինեմ։ Իմ կյանքը ոչինչ չարժե։ Այդ­քան էժան գնով ինձ չես գնի։

Հուրին ապշահար նրան է նայում։ Հուսիկը դանդաղ հեռանում է։ Պատարագը լռել է։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, մի բան ասա, լռությունը խախտիր, խնդրում եմ։

ԽՈՐ – Ուզո՞ւմ ես, քեզ Ամերիկա տանեմ։

ՀՈՒՐԻ — Չէ։

ԱՎԵՏԻՍ — (աչքերը բացելով)։ Ամերիկա չկա։ Դա նույն Հնդկաստանն է՝ հայտնաբեր­ված հակառակ կողմից։ Իսկ իմ թշվառ երկիրն այդպես էլ ոչ ոք չհայտնաբերեց։ Ոչ մի կողմից։ (Խռմփացնում է աչքերը բաց, ապա՝ փակում։)

ՀՈՒՐԻ — (Խորին)։ Գրկիր ինձ։ Չէ, դեմքիս մի նայիր։ Հրաժեշտ տուր ինձ, Լոշտակ։

ԽՈՐ – Ի՞նչ… ես սխալ բա՞ն եմ արել։

ՀՈՒՐԻ — Դու չես կարող սխալ բան անել, ոչ էլ ճիշտ։ Ինչպես և՝ ես։ Սա իսկական Երկիր մոլորակը չէ։ Սա նրա կրկնակն է։

ԽՈՐ – Մազերդ շոյե՞մ։

ՀՈՒՐԻ — Լոշտակ, ես էլ եմ դարձել իմ կրկնակը։ Մեջս սեր չկա։ Այսինքն՝ կա, բայց այն իմն է։

ԽՈՐ – Իսկ ո՞ւմը պիտի լիներ։

ՀՈՒՐԻ — Ո՞նց չես հասկանում, Լոշտակ, սա սեր չէ, մահ է, անանձնական ոչինչ չկա։

ԽՈՐ – Ինձ թվում է, ես քեզ հասկացա։ Քեզ ի՞նչ եղավ… ի՞նչ ես նայում։

ՀՈՒՐԻ — (անսպասելի տագնապով)։ Լոշ­տա՞կ… դո՞ւ ես։ Ինչո՞ւ ես այլայլված։

ԽՈՐ – Գժվեցի՞ր…

ՀՈՒՐԻ — Կացինը ինչո՞ւ ես ձեռքդ առել։

ԽՈՐ – Կացի՞ն…

ՀՈՒՐԻ — Էլի ապուշացա՞ր… ի՞նչ ես շշմել…

ԽՈՐ — Հա, հասկացա։ Լեգենդից հատված ենք խաղում։

ՀՈՒՐԻ — (խաղարկուն)։ «Լոշտակը գիշե­րով, թաքուն, մի ձեռքին՝ մոմ, մյուսում՝ կացին, մոտենում է քնած Հուրիին, որպեսզի նրա պոչը կտրի։ Հուրին քնից վեր է թռչում…»։ Ո՞ւր է… շուտ վերցրու… կացինը, մոմը։ Վա՛յ, բա պո՞չս… Թատրոնում պոչ չկա՞…

ԽՈՐ – Ավանակի պոչ կլինի՞։

ՀՈՒՐԻ – Ավանակի՞։ (Ծիծաղում է։) Ոչինչ, պոչ պետք չի։ Սկսի՛ր։

Կիսախավար, խորհրդավոր երաժշտություն։ Խորը, մի ձեռքին վառվող մոմ, մյուսին՝ կացին, կաղալով ու զգուշորեն մոտենում է «քնած» Հուրիին։

ԽՈՐ – (երգեցիկ ձայնով)։ «Ինչպես կաղ գրո­ղը Հուրիին մորուքը այրեցավ, ես ալ կացնով պոչը փրցնեմ…»։

ՀՈՒՐԻ — («քնից վեր թռչելով», խաղար­կուն)։ «Լոշտա՞կ, դո՞ւ ես… Այս ուշ ժամին ճրագն ինչո՞ւ ես բերել… Կացինն ինչո՞ւ ես ձեռքդ առել… Ախ, անիրավ, հասկցա… Կուզես պո՞չս կտրել… Գետինն անցնես, Լոշտակ»։

Բեմի հատվածը, ուր կանգնած է Լոշտակը, իջնում է ցած, և նա «գետնի տակն» է անցնում։ Հուրին սրտանց, վարակիչ ծիծաղում է։ Փոսի եզրին հայտնվում է Լոշտա­կի գլուխը։

ԽՈՐ — «Մեկը պիտի չըլլա՞, որ զիս հանե»։

ՀՈՒՐԻ — «Ով զքեգ հանե, ի՛նքը թող մտնե քո տեղ»։

ԽՈՐ – «Հապա ա՞զգս»…

ՀՈՒՐԻ — «Ան ալ քեզի պես գետինն անցնե…»։ Մեղա՛, մեղա՛… Այ, տեսնո՞ւմ ես, ինչ ներ­կայացում պիտի խաղայինք։ Իսկ դո՞ւ…

ԽՈՐ —  Իսկ ես այս ամենից սիրո ողբերգու­թյուն սարքեցի։

ՀՈՒՐԻ — Սիրո ողբերգություն չի լինում։ Լի­նում է չսիրո ողբերգություն։

ԽՈՐ – Սիրո խոսքեր չեն լինում։ Այս միտքը այս բեմի վրա արդեն հնչել է։

ՀՈՒՐԻ — Չի լինում նաև սիրո ներկայացում։ Ամեն ճշմարիտ գաղափար զոհաբերվում է փակվող վարագույրի խորհրդին։

ԿԱՐԱՊԵՏ — (արթնացել ու լսում էր)։ Իժե­րի ծնունդներ, ՍԵՐ բառն ավելորդ տեղը ձեր շուրթերին մի առեք… Մեղք է։ Իմ շուրթերին այդ բառն անծանոթ է։ Նրանք անեծքի են վարժված։

ՀՈՒՐԻ — (շշուկով)։ Լսեցի՞ր…

ԽՈՐ — (իր իսկ գլուխը՝ մազերից բռնած, ձգում է վեր, աչքերը շաշացնում)։ Էլի ապուշացա…

ԿԱՐԱՊԵՏ — (քթի տակ երգում է)։ «Իմ հայրենիք, թշվառ, անտեր…»։

ՀՈՒՐԻ — Նա սուրբ Կարապետն է։

ԽՈՐ – Սուրբ Կարապետը ես եմ, նրա կտրած գլուխը։ (Խաղարկուն։) «Իժերի ծնունդներ… Մոխիր ցանեք ձեր գլխին և հեռացեք անա­պատ, ապաշխարելու… քանզի մոտ է երկնքի արքայությունը»:

ԿԱՐԱՊԵՏ — Քո մեղսավոր դերին պատ­շաճ է թաքնվել սև դիմակի ետևում, ոչ թե ծաղրի ենթարկել սուրբերը։

ԽՈՐ – Դու Տեր Ավետի՞սն ես, թե՞ Տեր Մակարը:

ԿԱՐԱՊԵՏ — Անուններով ինձ չես զարմաց­նի։ Որտեղ յոթ անուն, այնտեղ էլ՝ ութը, ինը… (Ձեռքի մաղախից հանում է ճերմակ իշու հան­դերձանքը, սկսում հագնել։) Այդ անունների շարքին հավելիր նաև ճերմակ իշու պատվա­նունը։

ՀՈՒՐԻ — Սուրբ Կարապե՞տ։

ԿԱՐԱՊԵՏ — Դա նույնն է, թե՝ անուն չունե­նալ։ Ինչպես և՝ դու. Խոր, Խորոս, Երգչախումբ, հասարակական կարծիք… (Մարմինը կոտրատեով։) Ա՜խ… բոլոր մասունքներս ցավում են…

ԽՈՐ – Ուստի՞ կուգաս, հայր սուրբ և յո՞ եր­թաս:

ԿԱՐԱՊԵՏ — Անքննելի են Աստծո ուղիները և չկա այն օրհնյալ կենդանին, որ ասի. «Մի գնա Երուսաղեմ, մի գնա Երուսաղեմ»։ (Բեմով մեկ իշու հանդերձանքով այս ու այն կողմ է ցատկոտում։ Հուրին կծկված հետևում է նրան։) «Երկինքն ի յերկինս և երկիրս ի յերկինքն, Վայրէջք ի խոնարհ և վերելք ի բարձուն»…

ԽՈՐ — Հայր սուրբ, լուսավորիր մեղսավորիս։ Ասված է, որ Աստված սեր է…

ԿԱՐԱՊԵՏ — Հարցեր մի տա, ես պատաս­խաններ չունեմ։ Իժերի ծնունդներ, ապաշխա­րանքի արժանի պտուղներ տվեք, քանզի մոտ է երկնքի արքայությունը։

ԽՈՐ – Լռի՛ր վերջապես։ Այն մոտ էր երկու հազար տարի աոաջ։ Էլի քանի հազար տարի պետք է սպասել այդքան մոտ երկնային արքա­յությանը։

ԿԱՐԱՊԵՏ — (դադարում է ցատկոտել, դեմ­քից վայր է նետում դիմակը)։ Դա ժամանակի խնդիր չէ։ Այն հիմա էլ է նույնքան մոտ, որքան հազարամյակներ առաջ։ (Հուրին զգուշավոր, բայց հաստատուն քայլերով մոտենում է Կարապետին։) Չմոտենա՛ս։ (Հուրին ծնկի է գալիս նրա առջև։) Հեռո՛ւ ինձնից, Սոդոմի դուստր։

ՀՈՒՐԻ — Դու չես կարողանում հայհոյանք­ներով խաբել։ Անեծքի սովոր քո շուրթերը մի­այն ճշմարիտ սիրո խոսքեր են ասում։ (Ծնկի է գալիս։) Շոյիր, խնդրում եմ, մազերս։

ԿԱՐԱՊԵՏ – Ոչ, ոչ, դա անհնար է… Հուրի, աղջիկս, մի գլխատիր գլխատվածիս։ Ես ար­ժանի չեմ անգամ քո մազերի կապն արձակել։

ՀՈՒՐԻ — (մազերը քանդելով)։ Ոչինչ, մա­զերս ինքս կարձակեմ, իսկ դու շոյիր։

ԿԱՐԱՊԵՏ — (զգուշորեն նրա մազերը շոյելով)։ Աղջիկս, լեզուս չի բռնում քեզնից ներում հայցել։ Դո՛ւ ողորմեա մեղսավորիս, Տեր…

ՀՈՒՐԻ – Ի՞նչ հասարակ ու անխելք բան է երջանկությունը։ Գլխիս պահպանիչ կարդա, հայր սուրբ, կամ անեծք։ Ես քո խոսքի կարիքն ունեմ։

ԿԱՐԱՊԵՏ – Ո՞վ եմ ես. «…Ձեթս հեղեալ ի գռեհս աղբեալ, կաթս հոսեալ ի կույտս մոխրոց…» (Հաջորդող խոսքի ժամանակ աչքերը լցվում են։) Իսկ երկնքի արքայությունն այնքան մոտ է, որ այս պահին ես կարող եմ շոյել նրա վարսերը, որոնք տարածվելով ժամանակների մեջ, միավորում են բոլոր համաստեղություննե­րը Սիրո համաստեղության մեջ։

ԽՈՐ – Հայր սուրբ, կակտուսներդ ջրեցի՞ր։

ԿԱՐԱՊԵՏ — Հարցդ տեղին չէ, Լոշտակ, և անվայել ներկայացմանդ ողբերգական ավար­տին։

ԽՈՐ — Լեզուդ կակտուսի նման դառն է ու փշոտ։

ԿԱՐԱՊԵՏ — Պարապ խոսքերի փոխարեն հագիր բարձրակրունկներդ, քո շփոթն ու ար­ցունքները թաքցրու սև դիմակի ետևում, գլխիդ մոխիր ցանիր ու խմբերգիր հրաժեշտի ռեքվիե­մը։ Այդպե՞ս է պոչը հրաժեշտ տալիս իր մարմնին։

ԽՈՐ – Ի՞նչ է ասածդ։ Ես քեզ չեմ հասկանում։

ԿԱՐԱՊԵՏ — Հարկ է, որ դա նաև Խորիդ պատշաճ ցանկությունը լինի։ Ներկայացման լիարժեք կայացման համար նպատակահար­մար է, որ վերջում հերոսուհին մահանա։ Ւսկ Հուրի՞ն… Այսօրվա մեջ նրա գոյությունն ի սկզբանե անհեթեթ էր և տանուլ տված։ Այդ մասին են նվվում տարբեր վայրերում թաղված իմ մասունքները։

Հնչում է Մոցարտի ռեքվիեմը։ Խո­րը անհաղորդ է։ Հաջորդող մենա­խոսության ընթացքում բեմը լցվում է մշուշով։ Երգելով բեմ են մտնում անծանոթ դեմքեր՝ աստիճանաբար ամբողջացնելով երգ­չախմբի կազմը։ Մառախուղը բե­մի վրա ավելի ու ավելի է խտա­նում։

ԽՈՐ – Այստեղ է իմ Գողգոթան։ Ուր որ է, վա­րագույրը պատռվելու փոխարեն կփակվի, և ներկայացումը կավարտվի։ Մինչդեռ մառա­խուղը վերջ չունի։ Ինձ մնում է սուրբ Կարապե­տի նման հագնել ճերմակ իշու հանդերձանք, միախառնվել նրան ու զռալ, ոռնալ, աղաղակել մառախուղի անապատում։

Երբ մշուշը ցրվում է, բեմում միայն երգչախումբն է։ Համերգավարի պաթետիկ ոճն ազդարարում է հերթական համերգային կատա­րումը՝ Կոմիտաս, Հենդել, Էդ. Հովհաննիսյան, Բախ, Բրիտտեն, Մանսուրյան… Ներկայացումը վե­րափոխվել և շարունակվում է որ­պես երգչախմբային համերգ։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։