ՋՐԲԱԺԱՆ
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:
- Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:
- Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է):
- Հա՛յ թատրոնը (շեշտը իր տեղում է) պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:
tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է
Երևանի Հովհ. Թումանյանի անվան
պետական տիկնիկային թատրոնի
գեղարվեստական ղեկավար Ռուբեն ԲԱԲԱՅԱՆԸ
- Թատրոնի առաքելություններից մեկը արագ արձագանքն է այն կարևոր հարցերին, որոնք կանգնած են ժողովրդի առջև: Այս պատերազմը մեկ անգամ ցույց տվեց մեր իրականության ցավալի օրինաչափությունը՝ մարդը, նրա կյանքը որպես մեծագույն արժեք, մեր արժեհամակարգի կենտրոնում չէ: Այստեղ մեծ մեղք ունի և մեր մշակույթը: Մենք մեծարում ենք մահը, հերոսացնում այն և քիչ արժեք ենք տալիս կյանքին: Այնինչ մահը արժեվորվում է այն ժամանակ, երբ կոչված է շարունակելու կյանքը: Մարդիկ չպիտի ապրեն հանուն մահի, նրանք կարող են մահանալ հանուն կյանքի: Կարծում եմ, որ սա խնդիր է, և ոչ միայն թատրոնի, այլ ընդհանրապես մեր մշակույթի համար: Բայց այս խնդրին երևի թե առաջինը, ապա առաջիններից մեկը պիտի անդրադառնա թատրոնը, որն ունի այսրոպեական արձագանք: Արժեվորել մարդո՛ւ կյանքը, ահա սա է, որ երբեք չի հնանա ու չի կորցնի իր կարևորությունը. մնացածը ածանցյալ է: Ես համոզված եմ, որ մարդը Տիեզերք է, և իբրև տիեզերք, մարդու խորությունը սահման չունի: Արվեստն ընդհանրապես ուսումնասիրում է մարդուն, սա՛ է նրա նպատակն ու խնդիրը, և հենց այսօր, այս պահին անհրաժեշտություն կա նման հերոսի բերել առաջին պլան՝ ժամանակակից մարդուն, որը նայում է դեպի ապագա: Մարդուն՝ իր գիտակցության զարգացման պրոցեսի մեջ: Երևի թե պետք է ճիշտ նշել փարոսները՝ ի՞նչ մարդ ենք այսօր տեսնում մեր հասարակության մեջ: Մենք հերոս են փնտրում անցյալում, իսկ իրական հերոսը ապրում է մեզ հետ, հենց մեր կողքին: Իրական հերոսն ապրում է այսօր, որպեսզի վաղը լավ ապրենք, մահանում է հանուն լավ կյանքի, որ չկրկնվի հանրահայտ «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք…» վհատ մաղթանքը: Մենք այսօ՛ր պետք է փոխենք մեր կյանքը: Հանդիսատեսն ուզում է բեմում տեսնել, թե ինչպես է հերոսը փոխում իր կյանքը, դրանով իսկ՝ նաև հանդիսատեսի կյանքը:
- Հայ դրամատուրգները, ովքեր հանդգնում են պիես գրել, պիտի ճանաչեն թատրոնը ներսից: Մեր ժամանակակիցը հետաքրքիր անձնավորություն է, պետք է գտնել նրան և փորձել ներկայացնել նրան ամենայն խորությամբ: Հանդիսատեսը այսօր հոգնել է դիմակներից, պլակատից, միանշանակությունից, դրական-բացասականից: Իրական խորը մտածող անձնանց հետաքրքրում են նման կերպարներ՝ հակասական, ոչ միանշանակ, ներքին պայքարի մեջ գտնվող, ի վերջո, թատրոնը ոչ միայն արտացոլում է կյանքը, այն նաև ուսուցիչ է կյանքը ավելի խորը ընկալելու համար: Մենք արվեստի միջոցով ենք հասկանում, թե ինչքան տարբեր ու հետաքրքիր են մարդիկ: Եվ առավել ևս թեմաների սահմանափակում, կարծում եմ, ընդհանրապես չպետք է լինի մեր իրականության մեջ: Փակ, արգելված թեմաները բերում են սուտ, կեղծիք, հանդիսատեսը չի հավատում, որովհետև կյանքը շատ ավելի բազմաշերտ է, և երբ տեսնում է, որ գիտակցաբար լռեցվում է, այդ թվում և՝ ցավագին թեմաները, նա սկսում է չվստահել: Եվս մի շատ կարևոր բան. դրամատուրգները պետք է բացառեն ուսուցողական մոտեցումը, բարոյախոսությունը. թույլ տվեք մարդիկ ինքնուրույն դատեն, որոշեն, գան եզրակացության: Դուք այնպես կառուցեք ձեր պիեսը, որ նրանք համոզված լինեն, որ ինքնուրույն են եկել այդ եզրակացությանը, հանուն որի, ի վերջո, գրվել է այդ գործը:
- Կարծում եմ, հայ թատրոնի և հայ դրամատուրգների հարաբերությունների հիմքում, ցավոք սրտի, որոշակի հայկական մոտեցում կա իրար հանդեպ՝ ոչ թե փորձում ենք իրար հասկանալ և կամուրջներ կառուցել, այլ զբաղված ենք իրար մեղադրելով: Դրամատուրգը բողոքում է անտեսված լինելուց, օտարին գերադասելուց: Թատրոնը դժգոհում է, որ դրամատուրգը չի բերում իր ուզած գործը: Կարծում եմ, մարդկային բազմաթիվ թերությունների արմատը վախի մեջ է: Այս դեպքում էլ գործ ունենք ժամանակակից հայ դրամատուրգի հետ աշխատելու վախի հետ: Նորի հետ շփվելը շատ հետաքրքիր է և միաժամանակ վտանգավոր: Բայց արվեստում դու պարտավոր ես ռիսկի դիմել և բացել նոր հորիզոններ: Եթե վերցնում ես արդեն հայտնի պիես, ամենաշատը, ինչ կարող ես ակնկալել որպես գնահատանք՝ բեմադրիչին հաջողվել է պիեսին նոր մեկնաբանություն տալ: Բայց երբեք չեն ասի, որ դու բացահայտել ես նոր դրամատուրգի կամ նրա, դեռևս անծանոթ պիեսի ամենախորքային մեկնաբանությանն ես հասել: Եթե դիմում ես անծանոթ գործի կամ դրամատուրգի, դու բացահայտում ես այդ անունը, որը շատ ավելի շնորհակալ գործ է: