ՋՐԲԱԺԱՆ
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում:
- Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին՝ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ ուղի ընտրի:
- Ի՞նչ և ինչպիսի՞ պիեսներ պիտի գրեն հա՛յ դրամատուրգները (շեշտը իր տեղում է):
- Հա՛յ թատրոնը (շեշտը իր տեղում է) պե՞տք է սրբագրի նրանց հետ համագործակցության իր քաղաքականությունը:
Tatron-darama.am-ի հարցերին պատասխանում է
բեմադրիչ, դերասան Ժիրայր ԲԱԲԱԶՅԱՆԸ
- Դժվար պատասխանելու հարց է, որովհետև այս դեպքում երկու մոտեցումների հետ գործ ունենք. արդյո՞ք թատրոնը պիտի անպայման հարցեր լուծի, գաղափարներ քարոզի, թե՞ թատրոնը ինքնաբավ արվեստ է: Եվ աչքի առաջ ունենալով նոյեմբերի 9-ից հետո երկրում ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս խոսել, որ ասելիքդ չդառնա քարոզ, դաստիարակչական շեշտեր չստանձնի: Բարդ հարց է, միևնույն ժամանակ բարդ արվեստ է, պետք է գտնել այն բալանսը, որպեսզի ասելիքը չվերածվի մերկապարանոց բարոյախոսության:
Գտնված պատասխան չունեմ, բայց կարելի է մտածել երկու տիպի հերոսների մասին: Առաջինը՝ կատակերգական, ուղղակի սարկաստիկ հերոսներ, որպեսզի ցույց տաս սխալը կամ այն, ինչ ծաղրելի է, քննադատելի է: Կարծում եմ, այսօր կարիք ունենք մերօրյա քաջ Նազարի ու Փանջունու: Ավելին ասեմ, այսօր ազգովի փանջունիներ ու նազարներ ենք, և այդ մասին լավագույնս կասվի հումորից մինչև սարկաստիկ ծաղրի միջոցով: Երկրորդ տեսակը… մտածում եմ, արդյո՞ք Վարդան Մամիկոնյան, Պապ թագավոր, Արշակ Երկրորդ… թե՞ Նժդեհ, Անդրանիկ… Ի՞նչ հերոս պիտի գա բեմ, ո՞վ է այսօր ողբերգական հերոսը, որը, հակառակ հոսանքին, ուզում է առաջ գնալ և պոզիտիվ ուժի մեջ է: Եվ սակայն հոսանքը շատ զորեղ է… Օրինակ պիտի բերեմ մեր արդե՛ն ունեցածից, Կոստան Զարյանի հերոսը՝ Հերյանը «Նավը լեռան վրա» վեպից: Այնքա՛ն այժմեական է, ասես այսօրվա մասին է գրված. պատմությունը կրկնում է իրեն ահավոր նույնությամբ: Ինձ համար շատ հզոր է Հերյանի պոզիտիվ կեցվածքը, նաև սիմվոլիզմը շատ ակնառու է՝ նա նավապետ է՝ Հայաստանում ծով չկա… Իսկ նա եկել է երկրում մի բան անելու, Գո՛րծ, լսել է, որ Հայաստանը անկախացել է, ուզում է մի բանով օգտակար լինել երկրի համար… Ճիշտ այսօրվա նման, երբ Սփյուռքից երբեմն գալիս են՝ առանց իմանալու իրենք անելիքը, բայց գալիս են հայրենիք, հայրենիքին սատարելու… Հերյանը որոշել էր նավ բերել Սևան, սակայն նավը մնում է կես ճանապարհին, իսկ անկախությանը հաջորդում է բոլշևիկների մուտքը Հայաստան: Եվ Հերյանի երկու՝ անձնական և անանձնական ողբերգությունները Կոստան Զարյանը շատ ժլատ ու զուսպ, մեկ նախադասությամբ է ավարտում. «Հերյանը շրջվեց վերջին անգամ նայելու իր նավին…»… Այսօր ինչքան էլ ողբերգական բաներ գրենք, կարծում եմ, վերջին մի լույս, վերջին մի հույս եթե չլինի, իզուր են մեր ջանքերը: Չենք կարող անվերջ սգալ ու մնալ ողբի մեջ: Նվիրական գաղափարը՝ անկատար, երկրի անկախությունը կորցրած Հերյանը վերադառնում է քաղաք, թե ինչ է լինելու հետո, ինչպես է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը, չգիտենք, բայց նա չի անցնում սահմանը, նա վերադառնում է քաղա՛ք: Այդ հերոսությունն է, որ կուզենայի տեսնել այսօր, այդպիսի հերոսության ու հերոսի փնտրտուքն է իմ դեպքում: Նրա բերած հույսն է ինձ պետք, ինչպես նաև ծիծաղ է պետք, որը կասի՝ տեսե՛ք, մենք երկու միլիոն փանջունի ու նազար ունենք: Մեզ նաև պետք են սովորական մարդու մարդկային պատմություններ՝ կյանքից եկած: Եվ որքան այդ պատմությունը մեր իրականությունից լինի, նույնքան աշխարհինը դառնալու հավանականությունը ունի:
- Մի փոքր հեռանալով հարցից, մի օրինակ բերեմ: Տարիներ առաջ ես և Նորա Արմանին ներկայացում արեցինք՝ «Արարատյան կայան». հայ պոեզիայի ընտրանին ներկայացրեցինք օտարներին «Ինչ ունեինք, ինչ կորցրեցինք և ինչ պիտի վերագտնենք» ուղերձով: Մեր լավագույն բանաստեղծների լավագույն գործերով, լավ թարգմանությամբ ստեղծվեց ներկայացումը: Եվ որոշեցինք՝ սա յուրօրինակ թեստ պետք է լինի Էդինբուրգի փառատոնում, բացարձակապես օտար հանդիսատեսի համար: Ի դեպ, այն օրերին Հայաստանի մասին ընդհանրապես տեղյակ չէին, հուսով եմ, ներողամիտ կընդունեք ասածս, որ դա 88-ի երկրաշարժից առաջ էր (կործանարար աղետը, ցավոք, իմացնել տվեց աշխարհին մեր մասին): Ներկայացումը խաղացինք երեկոյան, իսկ հաջորդ առավոտ ներկայացմանը անդրադարձել էր տեղի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը. հոդվածն սկսվում էր պատմական ակնարկով, համառոտ ներկայացվել էր Հայաստանի՝ դարերի ընթացքում ճակատագրական կորուստները, որից հետո շեշտվում էր՝ այդքանից հետո Հայաստանը չի կորցրել իր մշակութային և արտիստիկ անկախությունը և լուսավորում է բազմաթիվ այլ երկրներ Սփյուռքի շնորհիվ… Հոդվածն ավարտվում էր այսպես. «Զուգահեռները Շոտլանդիայի հետ ակնհայտ են»: Կարդալուց հետո ասացի՝ մենք հաղթեցինք, եթե մեր ներկայացման մեջ հանդիսատեսն ու քննադատը իրենց են տեսել, ուրեմն մեր նպատակին հասել ենք: Եվ ո՛ր երկրում որ խաղացել ենք «Արարատյան կայանը», ամեն անգամ, ավարտից հետո շատերն են մոտեցել ու ասել են՝ դուք մեր պատմությունն եք պատմում: Սա՛ է: Եվ մեր գրողները չպետք է վախենան հայկական թեմաներից. եթե այն իրական է, միջազգային կդառնա:
- Լոս Անջելեսի հայտնի թատրոններից մեկում հրավիրվել էի բեմադրելու ժամանակակից դրամատուրգ Վիլյամ Մաստրոսիմոնեի «Nanawatai» պիեսը, որը Աֆղանստանում Խորհրդային Միության վարած պատերազմի մասին էր: Ասեմ, որ հեղինակի հետ աշխատելու կարգ էր սահմանված: Նա հատուկ հրավիրվել էր Նյու Յորքից, և բեմադրական աշխատանքների ընթացքում ապրում էր Լոսում ու ներկա էր ամեն օրվա փորձերին, որոնց ընթացքում նրա հետ խորհրդակցելը ոչ միայն ընդունված, այլև պարտադիր էր: Բայց ամենակարևոր փուլը (որը պայմանագրով ևս որոշված էր) պրեմիերայից առաջ մեկ շաբաթն էր, երբ ամեն երեկո նախապրեմիերային ներկայացում էր՝ խաղում ես հանդիսատեսի առջև: Հանդիսատեսը տոմսի կես գինն է վճարում, ինչը բնական է, չէ՞ որ ներկայացումը դեռ ավարտուն չէ, նրանք կամ ուսանողներ էին, կամ տարեց մարդիկ, ցանկացած ոք, բացի… թատերական քննադատներից. նրանց մուտքը խստիվ արգելված էր: Այդ յոթ օրերին, ներկայացումից հետո ստեղծագործական խումբը անպայման քննարկում էր դահլիճի վերաբերմունքը՝ բեմադրության ո՛ր մասում ինչպես արձագանքեցին, ո՛ր կերպարը, նրա ո՛ր ռեպլիկը ինչպես ընդունվեց դահլիճի կողմից, իսկ քննարկումից հետո բեմադրիչն ու դրամատուրգը նստում և ըստ այդմ փոփոխություններ էին մտցնում տեքստի մեջ: Հաջորդ առավոտ փորձի էինք գալիս այդ փոփոխությունները փորձելու համար… Եղել է, որ մի ամբողջ մոնոլոգ է գրվել, բայց հաջորդ առավոտվա փորձից ու երեկոյան խաղացած ներկայացումից հետո հանվել է՝ նորամուծությունը իրեն չի արդարացրել, մնացել է դերասանի՝ իզուր անգիր անելու ջանքը… Եվ այսպես՝ յոթ օր, փորձարկումների շարան մինչև իրական պրեմիերայի օրը, որից հետո ներկայացումը եթե տարիներով բեմից չիջնի, ո՛չ բեմադրիչը, ո՛չ հեղինակը, ո՛չ որևէ մեկը այլևս մի բառ անգամ փոխելու իրավունք չունի: Եվ իզուր չեն ասում, որ հենց պրեմիերայի վարագույրը բացվեց՝ բեմադրիչը կարող է նույնիսկ չնայել այն՝ նա իր գործն ավարտել է: Եվ միայն այսպիսի գործընթացից հետո հրատարակվում է պիեսի տեքստը՝ պրեմիերային մասնակցած դերասանների հիշատակումով: Սա ինձ համար ամենահետաքրքիր աշխատաձևն է եղել:
Մեկ այլ աշխատաոճ էլ է եղել իմ գործունեության մեջ, ես կասեի՝ ֆրանսիական իրականության մեջ: Ես բավականաչափ աշխատել եմ Պիտեր Բրուքի և նրա դստեր՝ Իրինա Բրուքի հետ, Մնուշեկի հետ եմ աշխատել նաև, նրանք ավանդական ձևով չեն գործում: Ընտրում են ժամանակակից, թեժ թեմաներ, Մնուշկինի մոտ մի պիես գրեցին՝ «Ինդիանա». Հնդկաստանի պատմությունը անկախությունից մինչև մեր օրերը, ևս մի պիես՝ Կամբոջայի ջարդերի մասին – սրանք իրական, պատմական թեմաներ էին, բայց դերասանները արդեն գրված տեքստը փորձելիս, հենց ընթացքում հորինում էին, իմպրովիիզ էին անում: Դերասանները շատ-շատ իմպրովիզներ էին անում: Բայց, իհարկե, դրամատուրգը նստած էր դահլիճում և խորհրդակցելուց հետո միայն նա անում էր իր և բոլորի կողմից ընդունված փոփոխությունը:
Հայաստանում դեռ ժամանակակից դրամատուրգի հետ չեմ աշխատել, ուստի այս առումով դեռ ասելիք չունեմ: Դե՛ռ, որովհետև փնտրում եմ և ուզում եմ աշխատել:
Ժիրայր ԲԱԲԱԶՅԱՆ. ծնվել է Եգիպտոսում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ապա ապրել ու աշխատել է ԱՄՆ-ում, Կանադայում, Լոնդոնում, Փարիզում, Երևանում: Նախաձեռնել ու բեմադրել է «Անուշ» օպերայի պատմական առաջին ամերիկյան ներկայացումը Միչիգանի օպերային թատրոնում: Դերասանուհի Նորա Արմանիի հետ անգլերեն ու ֆրանսերեն ասմունքել է հայ պոեզիայի շարք՝ «Արարատյան Կայան», որը շահել է բազմաթիվ միջազգային մրցանակներ: Փարիզում ներկայացրել է «Ատամնաբույժն արևելյան»-ը ֆրանսերենով, ինչպես նաև Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը ֆրանսերենով և Լոնդոնում՝ անգլերենով: Վերջին քսանհինգ տարիներին Փարիզում մասնակցել է բազում ֆրանսիական ներկայացումների, այդ թվում Պիտր Բրուքի դստեր՝ Իրինա Բրուքի թատերախմբում, որի հիմնադիր անդամներից է: Բազմաթիվ ֆիլմերից և հեռուստասերիալներից նշենք A Very Secret Service, որը կարելի է դիտել Netflix-ում:
Ժ. Բաբազյանը Փարիզում հիմնել է «Տիգրան Չուհաճյան» կենտրոնը և դասախոսել «Հայ թատրոնի պատմություն» բազմաթիվ համալսարաններում:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի Պատվո անդամ է: Համազգային թատրոնում բեմադրել է «Արի երազենք», Հ. Մալյանի թատրոնում՝ «Ատամնաբույժն… նորե՞ն», Կամերային երաժշտական թատրոնում՝ «Ննջասենյակային զավեշտ» և «Կարինե» օպերետը օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:
Այժմ դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ապրում է Փարիզում և Երևանում: