Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ / ՀԻՆ ԲԱԿԻ ԱՌԱՎՈՏԸ

Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՀԻՆ ԲԱԿԻ ԱՌԱՎՈՏԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԻՆ ԲԱԿԻ ԱՌԱՎՈՏԸ

Թատերախաղ երեք պատկերով

Գործող անձինք

ՔԵՌԻ ՀԱԿՈԲ

ՎԱՐԴՈՒՀԻ ՄՈՐԱՔՈՒՅՐ

ՀՆԱՈՃ ԳԼԽԱՐԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ

ՏԻԿԻՆ ՄԱՐԻԱՄ

ԿԻՄ

 

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Երևանյան հին բակ, երկհարկանի քարե շենք՝ 1930-ական թվականների ոճով կառուցված։

Առաջին հարկը՝ առանձին մուտքով, վարձակալել է տիկին Մարիամը տասնամյա որդու հետ։ Երկրորդ հարկի դուռը բացվում է նեղ պատշգամբի վրա։ Այստեղ ապրում է տանտերը՝ քեռի Հակոբը։ Գարնանային պարզ առավոտ է:

Տնից դուրս է գալիս Հակոբը՝ սուրճի գավաթը ձեռքին, նստում է փայտե աստիճանին։ Ներքև՚ի հարկից լսվում է հեռուստատեսային մեկնաբանի ձայնը:

ՀԱԿՈԲ — Կիմ, ի՞նչ ես անում… ինչո՞ւ դուրս չես գալիս։

ԿԻՄ — (բացվում է պատուհանը, երևում է Կի­մի գլուխը): Ի՞նչ…

ՀԱԿՈԲ – Ի՞նչ ես անում:

ԿԻՄ — Հեռուստացույց եմ նայում:

ՀԱԿՈԲ — Թերթերը ե՞րբ ես բերելու, սուրճս արդեն խմեցի:

ԿԻՄ – Լավ, կբերեմ:

Դադար։ Դուռը բացվում է, դուրս է գալիս Կիմը:

ԿԻՄ — Բարի լույս, քեռի Հակոբ:

ՀԱԿՈԲ — Բարի լույս, Կիմ:

ԿԻՄ – Հրաշալի առավոտ է, այնպես չէ՞:

ՀԱԿՈԲ – Գարուն է: Իմ կյանքի յոթանա­սունվեցերորդ գարունը, պատկերացնո՞ւմ ես..

ԿԻՄ — Չեմ պատկերացնում։

ՀԱԿՈԲ – Դու էդ մասին ի՞նչ ես մտածում, Կիմ:

ԿԻՄ – Ինչի՞ մասին:

ՀԱԿՈԲ — Ասում եմ, իմ կյանքի յոթանասունվեցերորդ գարունն է, դու ի՞նչ ես մտածում:

ԿԻՄ — Ոչ մի բան էլ չեմ մտածում, սովորա­կան գարուն է։

ՀԱԿՈԲ – Ինչո՞ւ ես ուշ արթնացել:

ԿԻՄ — Ուշ չեմ արթնացել, պառկած հեռուս­տացույց էի նայում:

ՀԱԿՈԲ — Առավոտները հեռուստացույց չեմ միացնում։ Չեմ ուզում օրս փչացնել։ ԿԻՄ — Հազար անգամ ասել ես:

ՀԱԿՈԲ — Չեմ ուզում, որ էկրանից դեղնա­կտուց մեկը ինձ նման տարիքն առած, օրինա­վոր տղամարդուն խելք սովորեցնի, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ էս աշխարհում ու ինչպես պիտի ապրեմ կյանքս, որ չսխալվեմ:

ԿԻՄ — Բայց մարդ ուզում է, չէ՞, օրվա նորու­թյուններն իմանալ։

ՀԱԿՈԲ — Նորությունները կարող ես թերթե­րից էլ իմանալ:

ԿԻՄ – Թերթերն էլ ինչ ասես գրում են:

ՀԱԿՈԲ — Դու միայն արժանահավատները կարդա:

ԿԻՄ — Որո՞նք են արժանահավատները:

ՀԱԿՈԲ — Որոնք ես եմ կարդում:

ԿԻՄ — Հեռուստացույցով ավելի լավ է:

ՀԱԿՈԲ — Կյանք տեսած մարդ եմ, ինձ լսիր, շատ մի նայիր էդ սև արկղին:

ԿԻՄ — Սև արկղի՞ն… մեր հեռուստացույցը սև չի:

ՀԱԿՈԲ — Փոխաբերական իմաստով եմ ասում։ Ինչքան ցավ ու չարիք կա էս աշխար­հում՝ դրա միջից է դուրս գալիս:

ԿԻՄ — Օրը չբացված փնթփնթում ես:

ՀԱԿՈԲ — Շունչները պահած սպասում են, որտեղ մի դժբախտություն պատահի, որ անմիջապես լուրը հասցնեն մեզ ու կյանքներս թու­նավորեն:

ԿԻՄ — Ավելի լավ է թերթերդ բերեմ: Չեմ ուզում հետդ վիճել:

ՀԱԿՈԲ – Ճիշտ ես անում: (Մանրադրամ է նետում, Կիմն օդում բռնում է:) Շատ չուշանաս:

Տնից դուրս է գալիս տիկին Մարիամը՝ թխվածքի զամբյուղը ձեռքին:

ԿԻՄ — Մամ, ո՞ւր ես գնում:

ՄԱՐԻԱՄ – Աշխատանքի:

ԿԻՄ – Էսօր կիրակի է:

ՄԱՐԻԱՄ – Կիրակի օրն էլ են մարդիկ թխվածք ուտում:

ԿԻՄ — Ամբողջ գիշեր խոհանոցում էիր, հոգնել ես…

ՄԱՐԻԱՄ – Ոչինչ, Կոկո, էսօր շուտ կգամ:

ԿԻՄ — Էսօր մի գնա, մամ, հոգնած ես:

ՄԱՐԻԱՄ — Չեմ կարող, պատվերներ ունեմ, ժամանակին պիտի տեղ հասցնեմ:

ԿԻՄ — Պատվերները ես էլ կարող եմ տանել:

ՄԱՐԻԱՄ — Չէ, Կոկո, չեմ ուզում խառնվես էս տեսակ գործերին: Հայրդ չէր ների:

ԿԻՄ — Հայրս բան չէր ասի, եթե տեսներ՝ ոտքերդ ինչ օրի են:

ՄԱՐԻԱՄ — Առանց այդ էլ օգնում ես ինձ: Հա, խոհանոցը կարգի կբերես։ Փողոց էլ դուրս չգաս, ինձ կսպասես:

ԿԻՄ — Մամ, մի գնա, հա՞…

ՄԱՐԻԱՄ — Երկու ամսվա սենյակի վարձը չենք տվել։ Սեղանին երկու կտոր թխվածք եմ թողել, մեկը թեյիդ հետ կուտես, մյուսը քեռի Հակոբի համար է:

ՀԱԿՈԲ  — Անչափ շնորհակալ եմ, տիկին Մարիամ։ Բայց գուցե այսօր իսկապե՞ս հանգստանայիք, հոգնած տեսք ունեք։

ՄԱՐԻԱՄ — Չէ, հոգնած չեմ, մի քիչ ոտքերս են ցավում, դրան էլ արդեն վարժվել եմ:  ՀԱԿՈԲ — Գիշերը նորից փախլավա՞ եք թխել։

ՄԱՐԻԱՄ — Հա, փախլավա…

ՀԱԿՈԲ — Աստված վկա, այդքան համեղ փախլավա աշխարհում ոչ մի տեղ չես գտնի:

ՄԱՐԻԱՄ — Ձեր հաճոյախոսությունից շոյված եմ, միայն թե չկռվեք Կոկոյի հետ մինչև վե­րադարձս։

ՀԱԿՈԲ – Ինչպե՞ս կարող եմ կռվել մի երիտասարդի հետ, ում մայրն այդքան համեղ փախլավա է ինձ հյուրասիրում:

ԿԻՄ — Եթե հեծանիվ ունենայի, կես ժամում պատվերները կբաժանեի:

ՄԱՐԻԱՄ — Դե, ես գնամ, ուշանում եմ: (Գնում է:)

Կիմը տուն է մտնում։ Հեռուստացույցով օպերային արիա են հաղոր­դում։ Հակոբը ծխում է, ապա փոր­ձում է ձայնակցել կատարողին, ինչը նրան չի հաջողվում:

ՀԱԿՈԲ – Կիմ, ո՞ւր կորար, Կիմ:

ԿԻՄ — (բացելով խոհանոցի պատուհանը): Ի՞նչ կա:

ՀԱԿՈԲ — Սպասում եմ:

ԿԻՄ – Խոհանոցն եմ մաքրում, ալյուրի մեջ կորել եմ:

ՀԱԿՈԲ – Թխվածքս ե՞րբ ես բերելու:

ԿԻՄ — Կբերեմ։

ՀԱԿՈԲ – Ե՞րբ… չեմ դիմանում:

ԿԻՄ – Լավ, հիմա կբերեմ, ոնց որ երեխա լինես: (Թխվածքը վերև է տանում:)

ՀԱԿՈԲ – Շնորհակալ եմ։ Արի միասին ուտենք:

ԿԻՄ – Հիմա չեմ ուզում:

ՀԱԿՈԲ – Հրաշալի մայր ունես, Կիմ, բախտդ բերել է:

ԿԻՄ – Գիտեմ:

ՀԱԿՈԲ – Ինչո՞ւ չես ուզում, որ միասին ու­տենք, միասին համով է:

ԿԻՄ – Ախորժակ չունեմ:

ՀԱԿՈԲ – Չլինի՞ վատ երազ ես տեսել:

ԿԻՄ – Չեմ տեսել:

ՀԱԿՈԲ – Գուցե տեսել ես, չես հիշում:

ԿԻՄ — Հաստատ գիտեմ, որ չեմ տեսել։ Վեր­ջին երազը մի երկու օր առաջ եմ տեսել:

ՀԱԿՈԲ – Հետո՞… ի՞նչ էիր անում երկու օր առաջ երազիդ մեջ:

ԿԻՄ — Էլի նույնը… հեծանիվ էի քշում:

ՀԱԿՈԲ — Բայց դու, կարծեմ, հեծանիվ քշել չգիտես:

ԿԻՄ — Ո՞նց չգիտեմ, լավ էլ քշում էի։

ՀԱԿՈԲ — Ես 76 տարեկան մարդ եմ, բայց հեծանիվ քշել չգիտեմ:

ԿԻՄ — Ոչինչ, ես կսովորեցնեմ:

ՀԱԿՈԲ – Կսովորեցնե՞ս…

ԿԻՄ — Ճիշտ է, ես էլ ոչ մի անգամ չեմ քշել, բայց զգում եմ, որ կարող եմ։ Միայն թե հեծանիվ ունենամ:

ՀԱԿՈԲ — Ոչինչ, մի օր կունենաս:

ԿԻՄ — Իհարկե, կունենամ։ Փող կաշխատեմ ամառային արձակուրդներին, արդեն որոշել եմ։

ՀԱԿՈԲ — Փողով ոչ մի բան էլ չես կարող ունենալ։

ԿԻՄ — Փողով չե՞մ կարող հեծանիվ գնել:

ՀԱԿՈԲ — Ինչ խոսք, կարող ես, շատ ուրիշ բաներ էլ կարող ես գնել փողով, բայց իսկականը ունենալ չես կարող։ Փողը մեծագույն մոլորությունն է:

ԿԻՄ — Ասածներիցդ բան չեմ հասկանում:

ՀԱԿՈԲ — Կհասկանաս, երբ իմ տարիքին հասնես: Դեռ շատ ժամանակ ունես: Հիմա գնա, թխվածքդ բեր, միասին ուտենք հրաշալի փախլավան, նայենք Աստծո արարչագործած աշխարհին ու փառք տանք Տիրոջը մեր գոյության համար։ Այսօր փառք տվե՞լ ես Աստծուն քո այս օրվա համար, Կիմ։

ԿԻՄ – Մտքովս էլ չի անցել։ Իսկ դո՞ւ…

ՀԱԿՈԲ — Ես դեռ փախլավան չեմ կերել։

ԿԻՄ — Ոչինչ, դրանից հետո էլ կարելի է:

ՀԱԿՈԲ – Իհարկե, կարելի է։ Այսօր ի՞նչ օր է:

ԿԻՄ – Ի՞նչ իմանամ… երևի չորեքշաբթի:

ՀԱԿՈԲ — Կարծեմ ասացիր կիրակի:

ԿԻՄ — Կամ հինգշաբթի: Քանի օր է դպրոց չեմ գնում, օրերը խառնել եմ:

ՀԱԿՈԲ – Հիմա չորեքշաբթի՞ է, թե՞ հինգշաբթի։

ԿԻՄ – Դե լավ, թող լինի շաբաթ։

ՀԱԿՈԲ – Շաբաթը չորեքշաբթիից պակաս չի։

ԿԻՄ — Ոչ էլ ուրբաթից:

ՀԱԿՈԲ — Կամ երկուշաբթիից:

ԿԻՄ – Կամ երեքշաբթիից:

ՀԱԿՈԲ – Ճիշտ ես ասում: Երեքշաբթին էլ պակաս օր չի: Էլ չեմ ասում կիրակիի մասին: Աստծո բոլոր օրերը լավն են:

ԿԻՄ — Նայած որ կողմից ես նայում:

ՀԱԿՈԲ — Եթե վատ բան է լինում, օրը մեղք չունի։ Օրն իր համար օր է։

ԿԻՄ — Բայց չեմ կարծում, որ էսօր չորեքշաբթի է: Չորեքշաբթիի հոտ չի գալիս: ՀԱԿՈԲ – Երբվանի՞ց ես օրերը հոտով տարբերում:

ԿԻՄ — Հագար տարի է՝ գիտեմ:

ՀԱԿՈԲ — Եթե չեմ սխալվում, դեռ տաս տա­րեկան չկաս:

ԿԻՄ — Շուտով կլինեմ… չորս օրից:

ՀԱԿՈԲ — Ես ընդամենը 76 տարեկան եմ, բայց օրերը հոտով տարբերել չեմ կարողանում:

ԿԻՄ — Ոչինչ, սովորելու համար երբեք ուշ չէ:

ՀԱԿՈԲ — Քայլիր քո ճանապարհով, հավա­տա անհնարինին, և ամեն բան կարող է պա­տահել:

ԿԻՄ — Էլի երգելո՞ւ ես:

ՀԱԿՈԲ – Ինչո՞ւ ես այդպես կարծում:

ԿԻՄ — Ոնց ասեմ… հենց սկսում ես հանգերով խոսել, ուրեմն երգելդ գալիս է:

ՀԱԿՈԲ — Ճիշտ ես ասում, Կիմ: Իմ կյանքի յոթանասունվեցերորդ գարնան այս հրաշալի օրը չերգել պարզապես չեմ կարող:

Կիմը գնում է: Հակոբն օպերային արիա է երգում։ Նրա ձայնն աստիճանաբար բարձրանալով՝ տա­րածվում է բակում:

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Թերթերի կրպակ։ Ներսում տիկին Վարդուհին է: Քիչ հեռվում՝ նստարան: Կրպակին է մոտենում հնաոճ գլխարկով Տղամարդը, լուռ վերցնում է թերթերը, նստում նստարանին, անտարբեր թերթում։ Կրպակին մոտենում է Կիմը:

ԿԻՄ — Բարի լույս, Վարդուհի մորաքույր:

ՎԱՐԴՈՒՀԻ – Բարի լույս, Կիմ:

ԿԻՄ — Հրաշալի առավոտ, է, չէ՞:

ՎԱՐԴՈՒՀԻ – (անտրամադիր): Էհ, հետո՞  ինչ:

ԿԻՄ – Թերթերում ի՞նչ կա:

ՎԱՐԴՈՒՀԻ –Ես թերթ չեմ կարդում:

ԿԻՄ – Ոչ մի անգամ չե՞ք կարդացել։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ոչ մի անգամ:

ԿԻՄ – Վարդուհի մորաքույր, դուք քանի՞ տա­րեկան եք:

ՎԱՐԴՈՒՀԻ — Մտքինդ ի՞նչ է, Կիմ:

ԿԻՄ — Ոչ մի բան: Պարզապես ուզում եմ իմանալ, թե քանի տարի եք ապրել էս մեղավոր աշխարհում:

ՎԱՐԴՈՒՀԻ — Դու փոքրիկ վայրենի ես, Կիմ, այ թե ինչ կասեմ քեզ:

ԿԻՄ – Վայրենի՞ եմ… ինչո՞ւ…

ՎԱՐԴՈՒՀԻ — Չի կարելի միայնակ կնոջ տարիքը հարցնել: Իսկ ընդհանրապես ես ար­դեն 63 տարեկան եմ, 63 ու կես:

ԿԻՄ — Դուք 63 ու կես տարեկան եք, ամբողջ օրը թերթ եք վաճառում ու ոչ մի թերթ չե՞ք կար­դացել:

ՎԱՐԴՈՒՀԻ — Չեմ կարդացել ու ցանկություն էլ չունեմ իմանալու, թե հաշիշամոլ կինո­աստղը քանի միլիոն է տանուլ տվել խաղատա­նը կամ քանի երեխա է մեռել ձմռանը ցրտից ու սովից։ Հոգնել եմ, Կիմ, մահու չափ հոգնել եմ այդ ամենից:

ԿԻՄ — Բայց չէ՞ որ ուրիշ նորություններ էլ կան, ասենք, քաղաքականության մասին, կամ ֆուտբոլի:

ՎԱՐԴՈՒՀԻ — Խաբեություն է: Դրանից աշխարհը չի փրկվի:

ԿԻՄ — Կարծում եք, աշխարհի վերջը եկե՞լ է։ Ինչո՞ւ եք այսօր չարացած, Վարդուհի մորաքույր:

ՎԱՐԴՈՒՀԻ — Չարացած եմ, որովհետև մարդիկ անհոգի են դարձել:

ԿԻՄ – Երբվանի՞ց են մարդիկ անհոգի դար­ձել:

ՎԱՐԴՈՒՀԻ – Ի՞նչ իմանամ, մի օր վեր կա­ցան ու դարձան:

ԿԻՄ — Երևի գիշերը վատ երազ եք տեսել:

ՎԱՐԴՈՒՀԻ — Վաղուց երազներ չեմ տես­նում:

ԿԻՄ — Գուցե տեսել եք, բայց չե՞ք հիշում:

ՎԱՐԴՈՒՀԻ – Թերթերն ո՞ւմ համար ես տանում, Կիմ:

ԿԻՄ — Քեռի Հակոբի: Նա 76 տարեկան մարդ է, բայց այդ մասին հիշեցնելու առիթը բաց չի թողնում:

ՎԱՐԴՈՒՀԻ – Բարի՞ մարդ է:

ԿԻՄ — Շատ բարի ու օրինավոր մարդ է: Սի­րում է առավոտները երգել, բայց ոչ մի երգ մինչև վերջ չգիտի:

ՎԱՐԴՈՒՀԻ – Երևի հիմա քեզ է սպասում:

ԿԻՄ — Ոչինչ, թող երգի… (Նկատում է հնաոճ գլխարկով Տղամարդուն:) Ո՞վ է այն մարդը:

ՎԱՐԴՈՒՀԻ – Ի՞նչ իմանամ, երբեմն գալիս է, թերթ է վերցնում, մի կես ժամ նստում է ու գնում:

ԿԻՄ — Տարօրինակ գլխարկ է դրել, այնպես չէ՞:

ՎԱՐԴՈՒՀԻ — Երբ ջահել էի, այդպիսի գլխարկները նորաձև էին:

ԿԻՄ — Մի տեղ էլ եմ տեսել… կարծեմ ինչ-որ նորաձևության ամսագրում:

ՎԱՐԴՈՒՀԻ — Ուրեմն նորից նորաձև են դառնում: Ամեն նոր բան լավ մոռացված հինն է, Կիմ:

ԿԻՄ — Հետաքրքիր է, ինչի՞ մասին կարող է մտածել այդպիսի գլխարկ ունեցող մարդը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Մտածելու քի՞չ բան կա։ Կյանքն անցնում է, երեխաները մեծանում են, հոգսերը շատանում են։ Գնա, Կիմ, տար թեր­թերը, մի սպասեցրու ծեր մարդուն:

ԿԻՄ – Ծեր մարդո՞ւն… ո՞ւմ մասին եք ասում, Վարդուհի մորաքույր:

ՎԱՐԴՈՒՀԻ — Քո քեռի Հակոբի, ուրիշ էլ ո՞ւմ…

ԿԻՄ – Ինչո՞ւ եք կարծում, որ նա ծեր է:

ՎԱՐԴՈՒՀԻ – 76 տարեկան մարդը ծեր չէ, ի՞նչ է:

ԿԻՄ — Տարիքը կապ չունի։ Դե լավ, գնամ, տեսնեմ, նա՛ ինչ կասի։ (Մոտենում է Տղամարդուն:) Բարի լույս, քեռի:

ՏՂԱՄԱՐԴ — Բարի լույս:

ԿԻՄ — Հրաշալի առավոտ է, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ – Գարուն է:

ԿԻՄ – Ինչո՞ւ եք այդպես ինձ նայում։

ՏՂԱՄԱՐԴ — Ուզում եմ հիշել, թե ով ես:

ԿԻՄ — Իզուր մի չարչարվեք, չեք հիշի:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ…

ԿԻՄ — Որովհետև մենք ծանոթներ չենք:

ՏՂԱՄԱՐԴ – Կարծեմ բարևեցիր:

ԿԻՄ – Հետո՞ ինչ, անծանոթ մարդուն չի՞ կա­րելի բարևել:

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, կարելի է, բայց դու ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:

ԿԻՄ – Մարդ եմ, ամենաշատը սիրում եմ զրուցել:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ մասին:

ԿԻՄ — Ամենատարբեր բաների մասին, քեռի։ Աշխարհում հաճելի զրույցից լավ բան չկա։

ՏՂԱՄԱՐԴ — Ահա թե ինչ… հասկանում եմ:

ԿԻՄ — Դուք կարո՞ղ եք մարդ սպանել:

ՏՂԱՄԱՐԴ – Մարդ սպանե՞լ… ինչո՞ւ։

ԿԻՄ – Ի՞նչ իմանամ, մարդ սպանելու քի՞չ պատճառ կա: Ասենք, պատերազմ է:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ պատերազմ, ի՞նչ մտքեր են գլուխդ գալիս, տղա:

ԿԻՄ — Ասենք, մեր հին թշնամին նորից մեր հողն է մտել, կսպանե՞ք:

ՏՂԱՄԱՐԴ — Դա ուրիշ բան է: Տղամարդը պարտավոր է պաշտպանել իր տան ու երկրի պատիվը: Բայց շատ կուզեի, որ դրա անհրա­ժեշտությունը չլիներ:

ԿԻՄ – Հետո՞… ուրիշ ի՞նչ կասեք, քեռի… երևի մեծ ընտանիք ունեք, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ — Աղջիկ ու տղա։ Տղաս Մոսկվայում է ապրում, աղջիկս՝ Մարսելում… և եր­կու թոռնիկ:

ԿԻՄ — Թոռներ է՞լ ունեք… տղանե՞ր են:

ՏՂԱՄԱՐԴ – Տղաներ են, միայն լուսա­նկարներն եմ տեսել:

ԿԻՄ — Ուրեմն, վաղուց են գնացել: Բայց կու­զենայիք, չէ՞, որ ձեր կողքին լինեին:

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, կուզենայի, շատ կուզենայի… Ավելի լավ է այդ մասին չխոսենք:

ԿԻՄ — Իսկ ընդհանրապես ինչո՞վ եք զբաղ­վում, ի՞նչ եք անում:

ՏՂԱՄԱՐԴ — Թունաքիմիկատներ եմ պատրաստում միջատների համար:

ԿԻՄ — Միջատների ինչի՞ն են պետք ձեր թունաքիմիկատները:

ՏՂԱՄԱՐԴ – Հասկանո՞ւմ ես, ես ոչնչաց­նում եմ նրանց, որ չվնասեն գյուղատնտեսական մշակաբույսերը:

ԿԻՄ – Հասկացա: Քանի՞ տարի եք ոչնչաց­նում այդ խեղճ միջատներին:

ՏՂԱՄԱՐԴ — Երեսուն տարուց ավելի:

ԿԻՄ — Ի՞նչ եք ասում… Պետք է, որ դրանց հա­խից մի լավ եկած լինեք:

ՏՂԱՄԱՐԴ — Հա, բայց հիմա դրանք ավե­լի շատ են, քան երեսուն տարի առաջ։ Տարօրինակ է, չէ՞:

ԿԻՄ — Երեսուն տարի շատ հետաքրքիր գոր­ծով եք զբաղված:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դու քանի՞ տարեկան ես:

ԿԻՄ — Արդեն 10, բայց ոչ մի միջատ չեմ սպանել։

ՏՂԱՄԱՐԴ – Տա Աստված, առիթը չունենաս:

ԿԻՄ– Դե լավ, ես գնամ… ուրախ եմ, որ զրուցեցինք:

ՏՂԱՄԱՐԴ – Սպասիր, անունդ ի՞նչ է:

ԿԻՄ — Կիմ է: Մայրս Կոկո է ասում, բայց մի­այն նրան կարող եմ թույլ տալ, որ այդպես ասի։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրախ եմ, որ ծանոթացանք, Կիմ: Անունս Բադալ է, Բադալ Սիմոնյան, բայց ոչ մի մականուն չեմ ունեցել: Չգիտեմ, ինչու ինձ մականուն չեն տվել:

ԿԻՄ — Ոչինչ, Բադալն էլ զվարճալի անուն է:

ՏՂԱՄԱՐԴ  — Ինչո՞վ:

ԿԻՄ – Ի՞նչ իմանամ: Հուսով եմ, նորից կհան­դիպենք, պարոն Բադալ:

ՏՂԱՄԱՐԴ — Գնաս բարով, Կիմ:

Կիմը հեռանում է։ Բադալը նայում է նրա ետևից, նրա տրամադրությունը փոխվել է:

 

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Քեռի Հակոբը բակում սուրճ է խմում: Գալիս է Կիմը:

ՀԱԿՈԲ – Ինչո՞ւ այդքան ուշացար, Կիմ: Ար­դեն երեք բաժակ սուրճ եմ խմել:

ԿԻՄ – Ճի՞տ է, որ աշխարհի վերջը եկել է:

ՀԱԿՈԲ — Ո՞վ է քեզ այդպիսի բան ասել:

ԿԻՄ — Վարդուհի մորաքույրը: Նա աշխատում է այն կրպակում, որտեղից քեզ համար թերթ եմ բերում: (Թերթերը տալիս է նրան🙂

ՀԱԿՈԲ — Ահա թե ինչ… (Ակնոցը դնում, կար­դում է:)

ԿԻՄ — Նա 63 տարեկան միայնակ կին է, բայց չի սիրում, երբ իր տարիքի մասին են խո­սում:

ՀԱԿՈԲ — Ուրեմն, նրա հետ էիր շաղակրա­տում:

ԿԻՄ – Հա, երբեմն զրուցում ենք… ես զրուցել սիրում եմ:

ՀԱԿՈԲ — Չեմ պատկերացնում, թե ինչի մա­սին կարող ես խոսել այդ ծեր կնոջ հետ:

ԿԻՄ — Խոսում ենք ամենատարբեր բաների մասին:

ՀԱԿՈԲ — (թերթերից չկտրվելով)։ Ինչպիսի՞ կին է… հմայի՞չ է…

ԿԻՄ — Շատ հմայիչ ու հիմնավոր կին է, ոչ մի թերթ չի կարդում, բայց ամուսնանալու մեծ ցանկություն ունի։

ՀԱԿՈԲ – Ի՞նչ գիտես:

ԿԻՄ — Երբ կինը չի ուզում խոսել իր տարիքի մասին, ուրեմն ուզում է ամուսնանալ:

ՀԱԿՈԲ – Ե՞րբ ես հասցրել այդքան բան իմանալ կանանց մասին, Կիմ:

ԿԻՄ – Հազար տարի է՝ գիտեմ: Եթե խելքը գլխին օրինավոր տղամարդու հանդիպի, հաս­տատ կամուսնանա:

Հակոբը բարձրանում է տեղից:

ԿԻՄ – Ո՞ւր ես գնում։

ՀԱԿՈԲ — Ձեղնահարկ եմ բարձրանում:

ԿԻՄ – Ի՞նչ ես կորցրել ձեղնահարկում:

ՀԱԿՈԲ — Ակնարկներիցդ հոգնեցի: Ուզում եմ վերևում գլուխս մի քիչ քամուն տալ:

ԿԻՄ — Հարցիս չպատասխանեցիր:

ՀԱԿՈԲ – Ի՞նչ հարց:

ԿԻՄ – Աշխարհի վերջը եկե՞լ է, թե՞ չի եկել:

ՀԱԿՈԲ — Հա, եկել է: (Վերևում աղմուկով ինչ-որ բան է փնտրում🙂

ԿԻՄ – Եկե՞լ է…

ՀԱԿՈԲ — լուխը պատուհանից դուրս հանելով): Իհարկե։ Վերջին հազար տարում հենց միայն այդ մասին են խոսում։ Գնա, թեյդ խմիր։

ԿԻՄ – Ի՞նչ ես փնտրում, չեմ հասկանում:

ՀԱԿՈԲ — (ներսից): Քո գործը չէ:

ԿԻՄ — Մինչև չիմանամ՝ չեմ գնա: Թույլ կտա՞ս քեզ օգնեմ:

ՀԱԿՈԲ — Չէ, թույլ չեմ տա:

ԿԻՄ — Քիչ մնաց մոռանայի… պարոն Բադալին հանդիպեցի ճանապարհին:

ՀԱԿՈԲ — Բադալ, Բադալ… Ես գիտե՞մ՝ Բադալն ով է:

ԿԻՄ – Դժվար թե։ Տխուր մարդ է, զվարճալի անունով, լայնեզր գլխարկով:

ՀԱԿՈԲ – Հետո՞… Ինչո՞վ է զբաղված քո այդ տխուր Բադալը:

ԿԻՄ – Միջատներ է ոչնչացնում:

ՀԱԿՈԲ – Ի՞նչ տեսակ միջատներ… ի՞նչ ես ասում:

ԿԻՄ – Ամեն տեսակ։ Երեսուն տարի այդ գործով է զբաղվում:

ՀԱԿՈԲ — Բայց պարոն Բադալը ինչո՞ւ է սպանում այդ թշվառ արարածներին: Նպա­տակն ի՞նչ է:

ԿԻՄ — Գյուղատնտեսական նպատակով… թունաքիմիկատներ է պատրաստում ու կոտո­րում դրանց:

ՀԱԿՈԲ — Հիմա հաակացա: Արի, օգնիր:

ԿԻՄ — Որ ի՞նչ անենք:

ՀԱԿՈԲ — Որ սա ցած իջեցնենք: (Փոշու մեջ կորած հին հեծանիվ է դուրս կախում պատուհանից:)

ԿԻՄ — Սա ի՞նչ բան է… հեծանի՞վ… իսկական հեծանիվ է: Որտեղի՞ց…

ՀԱԿՈԲ — Ձեղնահարկից, էլ որտեղի՞ց:

ԿԻՄ – Ո՞ւմն է:

ՀԱԿՈԲ — Իմն Է։ Ի՞նչ ես շշմել, արի օգնիր։ (Միասին հեծանիվն իջեցնում են ներքև:)

ԿԻՄ — Բա ասում էիր՝ հեծանիվ չես ունեցել:

ՀԱԿՈԲ — Արթուրինն է: Հիշեցի, որ Արթուրը հեծանիվ ուներ, երբ քո տարիքին էր: Լավ է, որ դեն չեմ նետել:

ԿԻՄ — Արթուրն ո՞վ է:

ՀԱԿՈԲ – Տղաս:

ԿԻՄ – Տղա՞դ… ոչինչ չես ասել նրա մասին։ Հիմա որտե՞ղ է:

ՀԱԿՈԲ — Քսանհինգ տարի Փարիզում է ապրում:

ԿԻՄ– Քսանհինգ տարի ի՞նչ է կորցրել Փարի­զում:

ՀԱԿՈԲ — Մետրոյում գնացք է վարում:

ԿԻՄ — Հին հեծանիվ է։ Հիմա էսպիսի հեծա­նիվ չես ճարի:

ՀԱԿՈԲ — Հին է, բայց լավն է:

ԿԻՄ — Շատ լավ հեծանիվ է, խոսք չկա:

ՀԱԿՈԲ — Մի քիչ ոտնակներն են ձգվել, բայց դա մանրուք է:

ԿԻՄ – Դատարկ բան է, յուղել է պետք:

ՀԱԿՈԲ — Կարծում ես անվադողերը փտա՞ծ կլինեն… բայց տես, որ դիմացել են:

ԿԻՄ — Շատ լավ դիմացել են:

ՀԱԿՈԲ — Պետք է մի քիչ փչել:

ԿԻՄ – Դատարկ բան է: Հրաշալի հեծանիվ է, ոնց որ հեքիաթից ընկած լինի:

ՀԱԿՈԲ — Կամ էլ երազից։ Լավ նայիր, Կիմ, երազումդ հենց այս հեծանիվը չէի՞ր քշում։

ԿԻՄ — Ճիշտ որ… նույնն է: Որ երազ չլիներ, կերդվեի, որ նույնն է:

ՀԱԿՈԲ — Դու ասում էիր, որ հեծանիվ ունե­նաս, կնստես ու կքշես, ճի՞շտ է:

ԿԻՄ — Ճիշտ է:

ՀԱԿՈԲ — Մի պայման եմ ուզում կապել հետդ, Կիմ, տղամարդու նման:

ԿԻՄ — Ի՞նչ պայման:

ՀԱԿՈԲ — Թե կարողացար առաջին փորձից քշել, հեծանիվը քոնն է։ Համաձա՞յն ես… թե՞ վա­խեցար:

ԿԻՄ – Ո՞վ, ե՞ս...

ՀԱԿՈԲ — Կարևորն այն է, որ քշելիս ոչ թե ոտքերիդ նայես, այլ դիմացդ:

ԿԻՄ – Բայց դու ի՞նչ գիտես, ոչ մի անգամ չես քշել:

ՀԱԿՈԲ – Չեմ քշել, բայց գիտեմ: Հավաքիր ուժերդ, կենտրոնացիր: Դե, քեզ տեսնեմ, սան­ձիր էս հրեղեն նժույգին, ոնց որ հեքիաթի արքայազնը:

Կիմն առանց դժվարության մի պտույտ է անում ու վերադառնում Հակոբի մոտ:

ՀԱԿՈԲ – Որտե՞ղ ես ադքան լավ քշել սովո­րել, Կիմ:

ԿԻՄ — Ոչ մի տեղ, նոր սովորեցի, ասում էի, չէ՞, հենց նստեմ, հաստատ կքշեմ: Չեմ հավատում, որ արդեն հեծանիվ ունեմ: Իսկ ի՞նչ կանեինք, եթե առաջին փորձից չհաջողվեր։

ՀԱԿՈԲ — Ինչ կանեի՞նք… կփորձեինք երկ­րորդ անգամ:

ԿԻՄ – Բայց լավ էր, որ հենց առաջին փորձից ստացվեց:

ՀԱԿՈԲ — Իհարկե, կարևորը դա է:

ԿԻՄ — Դե լավ, մի պտույտ էլ տամ:

ՀԱԿՈԲ — Իհարկե, Կիմ, գնա քո ճանապար­հով, հավատա անհնարինին, և ամեն բան կա­րող է պատահել: Ու կտեսնես, որ մի օր կյանքդ կիմաստավորվի:

Կիմը ոգևորված քշում է հեծանի­վը։ Իջնում է վարագույրը։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։