Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ / ԻԺԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ

 

Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ԻԺԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

 

Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ԻԺԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ

Գործող անձինք

ԶՈՒ-զու

ԼՈ-լո

ԿՈ-կո

 

ԶՈՒ-զու — (քնի մեջ)։ Ձեռք չտաք            ինձ, թողեք, ես չեմ գա ձեզ հետ։

ԼՈ-լո — Զառանցում է։ Ամեն գիշեր մենամարտում է, ում հետ՝ չգիտեմ։

ԿՈ-կո — Համոզված եմ, հենց մի գիշեր հանձնվի, հաջորդ երազում հանգիստ կթողնեն։

ԶՈՒ-զու — Մեկ է, չեմ գալու, բաց թողեք թևս։

ԿՈ-կ ո — Զու-զու, ո՞վ է քաշում թևդ։

ԼՈ-լո – Երևի առաջին ամուսինն է։ Նրան հաճախ է երազում տեսնում։ Վայրենու մեկն էր։ Մեռնելուց հետո էլ հաստատ չի փոխվել։

ԶՈՒ-զու — Եթե ձեռքս չթողնես, շանս բաց կթողնեմ վրադ, կգզի։

ԼՈ-լո — Շունն է՞լ է հետը։ Լավ էլ պատրաստված է քնում մեր Զու-զուն։

ԿՈ-կո – Չե՞ս տեսնում, գլխարկն էլ չի հանում վերջերս։ Կոշիկներն էլ թաքուն եմ հանել, քնած ժամանակ։

ԶՈՒ-զու — Հիմա կոշիկս կտամ գլխիդ, վայրենու մեկը։

ԿՈ-կո — Վայ, կոշիկն է փնտրում։ Քոնը տուր, չեմ հիշում, իրենն ուր եմ խցկել։

ԼՈ-լո — Զու-զու, էդ ո՞ւմ գլխին ես ուզում խփել։

ԶՈՒ-զու — (քնի մեջ)։ Որ ձեռքիս տակ ընկնի, չեմ խնայի։

ԿՈ-կո — Լո-լո, հեռու գնա, գործ չունես։

ԼՈ-լո — Անցած գիշեր էլ ինձ էին տանջում երազները: Վիրավորված եմ էս կյանքից: Ոչ արթուն է մի բան, ոչ քնած:

ԿՈ-կո — Չէ, ես շատ հանգիստ եմ քնում։ Ամուսնալուծվելուց հետո պրոբլեմ չունեմ։ (Սեղանին դրված խնձորը վերցնում, ուտում է:)

ԼՈ-լո — Իսկ ես ոչ ուտելու սիրտ ունեմ, ոչ էլ…

ԿՈ-կո — Ոչ էլ… (Երկիմաստ քրքջում է։)

ԼՈ-լո — Ենթադրությունդ անհիմն է։ Միտքս հեռու է էդ բաներից։

ԿՈ-կո — Էդ ո՞ր բաներից։ (Ավելի բարձր է քրքջում։)

ԼՈ-լո — Շատ բարձր ես հռհռում, հիմա էն կատաղած Զու-զուն կարթնանա։

ԿՈ-կո — Թող արթնանա, հերիք է, ինչքան քաղցր երազներ տեսավ։ Մտքով չի անցնում, որ կողքն արթուն ու միայնակ կանայք կան, ինչ ձայն ասես՝ չի հանում երազում։

ԶՈՒ-զու — (քնի մեջ): Ա՜խ… ա՜… ախ, ա՜յ… վա՜յ…

ԿՈ-կո — Խնդրեմ։ Էլի հանձնվեց։ (Թափ է տալիս Զու-զուին։) Լսիր, մեր կարգախոսը քեզ չի՞ վերաբերվում. «Երբեք չհանձնվել նրանց՝ ոչ արթուն, ոչ էլ երազում»։

ԶՈՒ-զու — (քնի մեջ)։ Ես մեղք չունեմ, նրանք շատ են։ Ա՜…

ԼՈ-լո — (մոտենալով)։ Արթնացիր, հերիք է: Չափդ կորցրել ես։ Վեր կաց, ասում եմ։

ԿՈ-կո — Չի արթնանա, ես նրան լավ գիտեմ։ Մինչև բոլորից մեկ առ մեկ վրեժ չլուծի՝ աչքե­րը չի բացի; Սպասում է, մինչև էդ սրիկաները ետ գան։

ԼՈ-լո — Անհեթեթ բաներ ես ասում: Ի՞նչ է նշանակում՝ սպասում է։ Մեր երազները մենք ենք կառավարում, ինչ ընթացք ուզենք՝ կտանք մեր երազներին:

ԿՈ-կո — Չէ, սիրելիս։ Երազներն են կառա­վարում մեզ։ Քնած ժամանակ ինչ խաղ ասես՝ խաղում են մեր գլխին։ Երազներում անբարո կնոջ համբավ եմ ձեռք բերել արդեն: Ես օրինա­կելի կին էի շատ կանանց համար, հիմա երա­զում նրանք երես են թեքում ու հեռու փախչում ինձնից։ Իսկ տղամարդիկ մեղուների պես բզ­զում են շուրջս:

ԼՈ-լո — Որ մտքիդ տեղ չլինի, նման երազնե­րը մինչև վերջ չես նայի։ Վեր կթռչես, դեմքիդ ջուր կքսես ու երեսդ կխաչակնքես։

ԶՈՒ-զու – (վեր է թռչում, երեսը խաչակնքում ու նորից քնում է): Ա՜խ…

ԿՈ-կո – Տեսա՞ր, երեսին խաչ հանեց ու էլի քնեց։ Էդքան հեշտ չէ նման երազներից հրաժարվելը։

ԼՈ-լո — Ուրեմն, արթուն պիտի մնանք։ Նշանակում է՝ մեզ համար ամենավտանգավոր բա­նը հորիզոնական դիրք ընդունելն է: Վե՛րջ։ Վաղվանից քնելն արգելվում է: Արթնացրու Զու-զուին:

ԿՈ-կո — Մեղքս գալիս է: Սա նրա վերջին երազն է։ Որքան հասկացա, շուտով անքուն գիշերներ ենք լուսացնելու:

ԼՈ-լո — Եթե դեմ կանգնեք մեր դաշինքի սկզբունքներին, ուրեմն սուս ու փուս կհանձնեք անդամատոմսերն ու կհեռանաք մեր շարքերից։

ԿՈ-կո — Չէ, չէ, ինչի՞ պիտի դեմ կանգնենք: Մեկը՝ ես. առանց գաղափարական պայքարի մեկ օր ապրել չեմ կարող։ Ո՞նց կլինի մի օր պայքար չմղեմ նրանց դեմ, կյանքս կիմաստազրկվի: Զու-զուն՝ չգիտեմ ոնց, բայց ես մինչև վերջ հավատարիմ կմնամ իմ երդմանը:

ԼՈ-լո — Մեր շարքերն ընդլայնվում են: Շուտով մեր հավաքներում տեղ ու դադար չի լինի: Միայնակ կանայք ակտիվացել են, նրանց միա­պաղաղ կյանքը նոր իմաստ է ձեռք բերում, հասկանո՞ւմ ես, առանց տղամարդու ապրելն էժան չի նստի էդ սրիկաների վրա։ Մի օր պա­տասխան են տալու։ Մենք նրանց ցույց կտանք, թե ինչի է ընդունակ գազազած կինը։ Կոնկրետ՝ ես աչքիս տակ մի հինգ-վեց տղամարդ ունեմ, որոնց բմբուլները քամուն եմ տալու:

ԿՈ-կո — Անկեղծ ասած… իմ նշանակետում ընդամենը մեկն է, էն էլ արդեն վաղուց բմբլահան եղած է։

ԼՈ-լո — Եթե նախկին ամուսնուդ նկատի ու­նես, նորից եմ կրկնում, նրանք հաշվի մեջ չեն։ Պարտված տղամարդկանց դեմ դուրս գալը թուլության նշան է։ Մենք պետք է զինաթա­փենք դեռևս չպարտվածներին։

ԿՈ-կո — Բա իմ վրե՞ժը… Ես վրեժի ծարավ եմ, Լո-լո։

ԼՈ-լո — Մեր շարքերում մասնավոր վրիժա­ռուներ չպիտի լինեն։ Սա գաղափարական, սկզբունքային պայքար է, ոչ թե անհատ ձեռնե­րեց վրիժառուների ակումբ։ Սեփական հար­ցերդ լուծիր մեր շարքերից դուրս, ոնց ուզում ես։ Մեր դրոշի հետ գործ չունես, Կո-կո:

ԿՈ-կո — (վերցնում է դրոշը, զննում)։ Էս դրոշի վրա մի բան սխալ է։ Շիկակարմիր մազերով կանանց պիտի ջնջել ու փոխարենը սափրած գլուխներով կանանց պատկերել։ Ավելի ազդե­ցիկ կլինի:

ԼՈ-լո — Էդ դեպքում մենք էլ պիտի սափրվենք։ Բոլորս։ Ով երդում տվեց, առաջին հեր­թին սափրում ենք գլուխը։ Այո, տպավորիչ է։ БТР-ներից դուրս ցցված կանանց գլուխներ՝ ածիլված ու խրոխտ։ Տղամարդիկ ռիսկ չեն անի ընտրությունների շեմին մեր զանգվածներին դեմ գնալ:

ԿՈ-կո — Այո՜… ճաղատ կանանց պայքարը բրդոտ արուների դեմ։ (Բարձր ծիծաղում է:)

ԼՈ-լո – Ճաղատն ուրիշ բան է։ Ճաղատն իր կամքից անկախ է ճաղատ, էդտեղ գաղափա­րական բան չկա, անսկզբունք, խեղճ վիճակ է։ Իսկ սափրած գլուխը նպատակ է, ասելիք, մարտահրավեր։ Թող Զու-զուն զարթնի, էդ հարցը կդնենք քննարկման։ Ապրես, Կո-կո, վատ միտք չէր:

ԿՈ-կո — (շվարած)։ Բայց ես հենց այնպես ասացի, կատակ արի։ Ես չեմ ուզում սափրվել։ Լո-լո… էլ ոչ մի տղամարդ վրաս չի նայի։ Բոլո­րը վրաս կծիծաղեն։ Մեր պայքարը բանի տեղ դնող չի լինի։ Ծաղր ու ծանակի առարկա կդառնանք…

ԼՈ-լո — Հերիք է բլբլաս։ Ինչի՞ց ես վախենում, չեմ հասկանում։ Ինչ է, որ հիմա գլխներիս մազ կա՝ ո՞վ է մեզ բանի տեղ դնում։ Կնոջ գաղտնի­քը մազերի մեջ չէ, Կո-կո։ Էստեղ բեր ածելին։

ԿՈ-կո — Ոնց թե… բա չենք քննարկելո՞ւ, հե­տո նոր… Զու-զուն դեռ քնած է։ Չեմ կարծում, որ նա համաձայն լինի գլուխ սափրելուն։

ԼՈ-լո — Իսկ ո՞վ է նրա համաձայնությունը հարցնում որ… Չենք էլ արթնացնի։ Իսկ երբ աչ­քերը բացի, հայելու մեջ կտեսնի բոլորովին նոր կնոջ, ով բաց ճակատով ու մերկ գլխով է նայում կյանքին: Համարձակ կանայք, ովքեր թաքցնե­լու ոչինչ չունեն տղամարդկանցից։ (Վերցնում է ածելին, մոտենում Զու-զուին։)

ԿՈ-Կո — (նրան կանխելով)։ Մի արա, Լո-լո: Զու-զուն ինձ կսպանի։ Նա ամեն օր հաշվում է իր մազերը, ամեն ընկնող մազի հետ էն աշ­խարհ է գնում: Առանց մազերի ոչ ոք գլխի չի ընկնի, որ Զու-զուն կին է:

ԼՈ-լո — Հեռու գնա, ջղերիս վրա մի ազդիր: (Հրում, գցում է Կո-կոյին։) Իսկական կնոջը առանց տեսնելու են զգում, ոչ թե մի կերպ գլխի են ընկնում, էն էլ մազերից։ (Բղավում է։) Հեր­թի՛ կանգնիր…

ԿՈ-կո — Ո՛չ մի դեպքում։ (Բռնում է գլուխը:) Հանուն որևէ գաղափարի չեմ սափրի գլուխս։ Համ էլ իմ գլուխը խորդուբորդ տեղեր ունի, բա­ցելու բան չէ:

ԼՈ-լո — Ի՞նչ անենք, իմ գլուխն էլ հարթ չէ, տեղ-տեղ կացնի հարվածներից փոսեր են առաջացել։

ԿՈ-կո — Աստված իմ, ի՞նչ կմտածեն մեր մա­սին՝ կացնահարված, հիստերիկ, ճաղատ էգերի ոհմակ, որ հոշոտում է անմեղ արուներին։ Չէ, գուցե հասունացած չեմ նման պայքարի համար։ Ես չեմ ուզում կորցնել կանացի պատ­կերս:

ԼՈ-լո — Կո-կո…

ԿՈ-կո — Ի՞նչ:

ԼՈ-լո — Դու մինչև կանացի զենքերդ վայր չդնես, չես կարող նրանց հետ հավասար պայ­քարի մեջ մտնել։ Մեր ճակատամարտն ազնիվ պիտի լինի, առանց կանացի ատրիբուտների ու հնարանքների՝ մազեր, արդուզարդ, օծանե­լիք… էդ ամենը թուլացնում է հակառակորդին։ Իսկ մենք էնքան ուժեղ ենք, որ թույլ հակառա­կորդի հետ գլուխ չենք դնի, չէ՞։ Իսկ երբ տղա­մարդիկ մեր մեջ մի քիչ կին տեսնեն՝ վե՛րջ, վեր­ջացա՛վ։ Շարժում, պայքար, իրավահավասա­րություն. ամեն ինչ հօդս կցնդի։ Քմծիծաղ կտան էդ ցինիկներն ու գլուխ չեն դնի մեզ հետ։ Այնպես որ, վե՛րջ շիկակարմիր պայքարին։ Սափրած գլուխներ, առա՜ջ…

ԿՈ-կո — (վախեցած)։ Զու-զուին արթնացրու:

ԼՈ-լո — Կարիք չկա, թող քնի։ Էս պահին նրա գլուխն ավելի կարևոր է, քան ինքը։ (Սափրում է Զու-զուի գլուխը։ Երկար, լուռ աշ­խատում է։) Վե՛րջ։ Պատրաստ է։ Ահա մեր առաջին գաղափարակրի մոդելը։

Ոգևորված խփում է Զու-զուի ճա­ղատ գլխին: Զու-զուն վեր է թռչում, նստում:

ԶՈՒ-զու — Լսում եմ։

ԿՈ-կո — Լսելը քիչ է, Զու-զու։ Տեսնել է պետք։

ԶՈՒ-զու — Ոչինչ չեմ տեսնում։

ԼՈ-լո – Իսկ ի՞նչ ես զգում։

ԶՈՒ-զու — Թեթևություն։

ԼՈ-լո — Ես էլ:

ԿՈ-կո — (լաց է լինում)։ Կյանքում ավելի այլանդակ բան չեմ տեսել:

ԼՈ-լո — Ես էլ։

ԶՈՒ-զու — Ես ոչինչ չեմ տեսնում:

ԼՈ-լո- Հիմա կտեսնես։ (Վերցնում է ածելին, մոտենում Կո-կոյին։)

ԿՈ-կո — Մի արա, Լո-լո, խնդրո՜ւմ եմ։

ԼՈ-լո — Ուշ է։ (Սափրում է։ Դուռը թակում են։) Դրսում հերթ է գոյացել: (Սափրում է, ան­դադար թակոց։) Մեր շարքերը գնալով մեծա­նում են:

ԿՈ-կո — Այլանդակ շարքերը:

ԼՈ-լո — Բազմաքանակ շարքերը:

ԿՈ-կո — Բազմաքանակ այլանդակ շարքերը:

ԶՈՒ-զու — Ես ոչինչ չեմ տեսնում:

ԼՈ-լո — (գոռում է Շուտով կտեսնես։ Մենք առաջին շարքում ենք, Զու-զու։

ԿՈ-կո — Ամենաայլանդակ շարքում:

ԶՈՒ-զու — Ես չեմ ուզում այլանդակ լինել:

ԼՈ-լո — Ուշ է։ (Ավարտում է սափրելը։)

ԿՈ-կո — Մենք այլանդակ ենք:

ԶՈՒ-զու — (վախեցած շոշափում է իր գլուխը:)։ Ես այլանդա՞կ եմ։ (Արտասվում է։)

ԼՈ-լո — Այլանդակ ու միասնաբար՝ հօգուտ նոր, քաղաքակիրթ հասարակության։

ԿՈ-կո — Այլանդակ հասարակության:

ԼՈ-լո — Հօգուտ հասարակության համաչափ զարգացման:

ԿՈ-կո — Համաչափ այլանդակության:

ԼՈ-լո — Առա՜ջ… Գրավել բոլոր պոստերը, սահմանել համատարած իրավահավասարու­թյուն։

ԿՈ-կո — Համատարած այլանդակություն։

ԼՈ-լո — Առա՜ջ, դեպի բարեկարգ ապագա:

ԿՈ-կո — Դեպի այլանդակ ապագա:

ԶՈՒ-զու — (գոռում է): Վերադարձրե՜ք իմ գանգուրները…

ԿՈ-կո — (գոռում է)։ Մեր գանգուրները նորից կաճեն, Զու-զու։

ԼՈ-լո — Կաճեն, բայց ոչ գանգուրները, այլ բազմաքանակ թունավոր իժեր… իժե՛ր… իժե՜ր… (Հիստերիկ շարժումներով սափրում է սեփա­կան գլուխը։)

ԶՈՒ-զու — Բա՛ց թողեք ինձ, ես չեմ գա ձեզ հետ։

ԼՈ-լո- Ուշ է։

Երեք ճաղատ կին բեմի կենտ­րոնում։ Դռներն ուժգին թակում են:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։