Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ / ՃԱՆԱՊԱ՛ՐՀ ՏՎԵՔ, ՆՈՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ «ՃԱՆԱՊԱ՛ՐՀ ՏՎԵՔ, ՆՈՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
ՃԱՆԱՊԱ՛ՐՀ ՏՎԵՔ, ՆՈՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ
- Առաջին ներարկման անհրաժեշտությունը
Ի՞նչը կարող է օգնել հոգևոր-բարոյական ապրեցնող լիցքերի կարոտ մարդուն՝ դիմակայելու քաղքենիացող կենցաղային ճահիճը գլորող հոգսաշատ ներկայի օրավուր պրկվող լարվածությունը։ Իհարկե, մշակույթը։ Ավելի ստույգ՝ մշակութային բարձրարժեք սնունդով պարբերաբար գոտեպնդվող կենսակերպը։ 2006 թվականի երկրորդ կեսն այս առումով աննախադեպ «ցեյտնոտի» վերափոխեց արվեստասեր հասարակայնության առօրյան՝ հարստացնելով քիչ թե շատ կանոնավորված ընթացիկ մշակութային դաշտը փառատոնային «հիթ-շքերթով»՝ «Ոսկե ծիրան», «Մետաքսյա-80», «Արմմոնո», «Հայֆեստ», «Թատերական Լոռի», Մանկապատանեկան ֆիլմերի, «Նռան հատիկ»… Հասարակության գրեթե բոլոր խավերի համար ամենամատչելին, ուստի և ամենամասսայականը թատերական փառատոներն էին, որոնք, ի հեճուկս երդվյալ հոռետեսների, կրկին հավաստեցին, թե վաղ է դամբանական կարդալ հնամենի հայ թատրոնի թվացյալ ավերակների վրա։ Փառատոնային համանվագում անսպասելի մեղեդիներ հնչեցրեց Երիտասարդական փառատոնը՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի յուրատեսակ հրապարակային ստուգատեսը։
Ինչո՞ւ եմ կարևորում ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Թատերական գործիչների միության այս համատեղ նախաձեռնությունը։ Արդի հայ թատրոնը, ինչպես ցանկացած երկարակյաց կենդանի օրգանիզմ, երիտասարդական արյամբ ու ավյունով (ասել է, թե՝ բեմադրական ու դերասանական նոր մտածողությամբ ու կերպավորման երանգապնակով) մշտապես թարմանալու օրինաչափ անհրաժեշտություն է զգում։ Բեմական արվեստում հիմնավորապես հաստատված ավագներից շատերը, բարեբախտաբար, դեռևս չեն սպառել իրենց ստեղծագործական եռանդն ու ինքնատիպ ուշագրավությունը։ Ազգային արժեք դարձած Վարպետների արվեստանոցներում ստացած գիտելիքները Մեծերի կողքին ու Մեծերի հետ խորացնելով՝ երկարատև ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհի հարուստ կենսափորձով ժամանակ առ ժամանակ գոհացնում են իրենց անդավաճան հանդիսատեսին՝ նոր բեմադրություններով, նոր դերակատարումներով ու դերերգերով, նկարչաերաժշտական ուշագրավ հնարքներով սինթեզված ասելիքի նորովի արդիականացված շեշտադրումներով։ Այդուհանդերձ, անվանիներից ոմանք «հոգնածության», ինքնապարպման ինչ-ինչ նշաններ են դրսևորում՝ նոր գործերում ավելի հաճախ կրկնելով նախորդներում դիպուկ գտնված, նաև՝ ուրիշներից հնարամտորեն ընդօրինակած արտահայտչամիջոցները։ Առավել մտահոգիչ է, երբ տուրք տալով ժամկետանց մոդեռնին՝ բեմից ցուցադրում են անհաջող կարկատանի պես միմյանց կցված տարբեր ոճերի ու մտածողությունների անհեթեթ մի խառնուրդ, որում առաջին հայացքից են միայն որոշակիորեն պահպանվում մատուցվող դրամատուրգիական նյութի շունչն ու ոգին։ Ինտուիտիվ զգում ես, որ «ջահակիրներից» մի քանիսը հաճույքով կանցնեին վաստակած հանգստի, բայց փառասիրությունն ու ոչ ստեղծագործական ինչ-ինչ հանգամանքներ թույլ չեն տալիս։ Գոնե՝ առայժմ… Սա առանձին, փշոտ խոսակցության նյութ է, որին դեռևս պատրաստ չեն ոչ ավագները, ոչ ամայացած ու սնանկացած թատերագիտական միտքը, ոչ էլ նույնիսկ արվեստի փշոտ ճանապարհին կամա թե ակամա հայտնված երիտասարդներից շատ-շատերը։
Վստահ եմ, մտքերիս ընթացքին հասու ընթերցողը տրամաբանորեն լրացնում է ասվածը տողատակերում ենթադրվող իմաստներով՝ մտապատկերում ամբողջացնելով ներկա մշակութային միջավայրի իրական պատկերը։ Եվ, կարծում եմ, չի ընդդիմանա, երբ ասեմ՝ Երիտասարդական փառատոն-ստուգատեսը արդի թատերարվեստի կենսունակության համար անհրաժեշտ, երկար սպասված ներարկում էր։ Առաջի՛նը։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել, սակայն, նրա պարբերական ու առավել ընդգրկուն, անաչառ ու հետևողական շարունակությունն ապահովելու դեպքում միայն։
- Խոստումնալից հայտ
Առաջին իսկ ներկայացումը՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ, հույսի կրակներ բորբոքեց։ Ափսոս, դերասանախմբում ընդգրկված սկսնակներից շատերն ակամա խաթարեցին երիտասարդ բեմադրիչի մտահղացումների կենդանի մարմնավորման թատերական պատրանքը։ Դերասանական աբրահամյանական ունակությունների գենետիկ որոշ դրսևորումներով աչքի ընկավ հանճարեղ արտիստի թոռը՝ Խորեն Լևոնյանը (Տիմակով)։
Գեղարվեստական արձակին կենսաթրթիռ մարմնավորում հաղորդելու կարողություններով հիացրեց Վահան Բադալյանը։ Գոգոլի «Խելագարի հիշատակարանի» նրա մեկնաբանությունն անակնկալ էր իր գեղագիտությամբ, տեխնիկական ու կերպավորման հնարամիտ լուծումներով։ Բեմադրական հասուն գրագիտությունը, որով Բադալյանը կարողանում է բացահայտել խելագարության հասնող Պոպրիշչինի ներաշխարհը, հանդիսատեսին վարակել հերոսի ապրածի տրամադրությամբ, հիմք են տալիս մտածելու՝ այս տաղանդավոր երիտասարդին մեծ բեմ դուրս բերելու ժամանակն է։
Երկիր մոլորակի վրա կյանքի երկունքի մասին իր մտորումներով, քնարական շնչով ու պլաստիկ լուծումներով հրապուրեց Համլետ Չոբանյանի «Մագաղաթ» միմոդրաման, որի մանրակրկիտ մտածված ձևավորումը վկայում էր Լիլիթ Ստեփանյանի բեմանկարչական ուրույն երևակայության մասին։
Բեմադրական չկաղապարված, ինքնատիպ, թող որ փոքր-ինչ վեհերոտ մտածողության կնիքն էին կրում Ամալյա Խրիմյանի «Դռնփակը» (Ժան-Պոլ Սարտր) և Նարինե Գրիգորյանի «Աչքերի որսը» (Գևորգ Կարապետյանի «Գլխատված դար» բանաստեղծությունների ժողովածուի ներշնչանքով արված)։ Վերջինս աբսուրդի և մնջախաղի խորհրդանշական անմիաձույլ սինթեզով կառուցված ներկայացում էր, որին խորիմաստ էլեգիական ոգի հաղորդեցին Զարուհի Անտոնյանի և Կարեն Խաչատրյանի մնջախաղային «դիալոգները»։ Նարինե Գրիգորյանը հանդես եկավ նաև Սաթենիկ Խաչատրյանի «Շան աղջիկը» (Ա Հերնիի «Սիլվիա» պիեսի վերնագիրն, ինչ խոսք, անհաջող է փոխվել) բեմադրության մեջ՝ Սիլվիայի դերակատարմամբ հավաստելով իր բազմակողմանի ստեղծագործական հետաքրքրությունների և անժխտելի կարողությունների մասին, որոնց կատարելագործման համար վարպետության խորացված դասընթացների ակնհայտ կարիք ունի։ Վարպետ բեմադրիչի գործնական աջակցության անհրաժեշտություն են զգում նաև Դանիել Առագաստը (Դ. Ֆո. «Վագրերը գալիս են»), Վանուհի Ղազարյանը (Վ. Ռոզով. «Երջանկություն որոնելիս»), Իշխան Ղարիբյանը (Ա. Դուդարև. «Արքայազն Մամաբուկ»), Տաթևիկ Հակոբյանը (Կ. Խոդիկյան. «Վերադառնում եմ, մոռացե՛ք»)։ Կարելի էր գոհանալ որոշ դրվագներում Զարուհի Խաչատրյանի հերոսուհու վարակիչ ապրումներով, եթե հանդիսատեսի հիշողության մեջ դաջված չլինեին «Վերադառնում եմ, մոռացե՛ք» մոնոդրամայի փայլուն մարմնավորումը բազմաշնորհ Նարե Հայկազյանի կողմից (բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան)։ Գուցե կամերային միջավայրի բացակայությո՞ւնն էր խոչընդոտել Տաթևիկ Հակոբյանի բեմադրական մտահղացման լիարյուն մարմնավորմանը։ Գուցե դրամատիկ դերեր կերտելու «խոհանոցի» գաղտնիքներին Կոմեդիայի թատրոնի դերասանուհու մասնակիորե՞ն միայն իրազեկ լինելը։ Ավելի ճիշտ՝ երկուսը միասին։ Արդյունքը՝ բեմական շինծու պատմություն, որ զգալիորեն հեռացել է մերօրյա նախնական աղերսներից։ «Վագրերը գալիս են» ներկայացման մեջ գլխավոր դերակատարի մեն-մի փոփոխությամբ Դ. Առագաստը «Հայֆեստ»–ում հասավ քաղաքական ֆարսի իր մտահղացման անհամեմատ հաջողված բեմական մարմնավորման։ Ընդգրկված լիներ երիտասարդ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի բեմադրությանը (Ս. Քեյն. «Փսիխոզ 4.48») Երիտասարդական փառատոնի ծրագրում՝ հանդիսատեսն այս երկմտությանս միանշանակ պատասխան կունենար՝ առանց բեմական կառուցիկ մտածողության ուզածդ տաղանդավոր արտիստը բեմում ենթակա է ձախողման։ Լավ կլիներ, որ հաջորդ փառատոնին մասնակցեին անվերապահորեն բոլոր երիտասարդ արվեստագետները։ Անարդարացիորեն անտեսվել էին օպերային արվեստի մունետիկները։ Մինչդեռ հրաշալի երաժշտադրամատիկական ունակություններ են ի հայտ բերում հենց միայն Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի սաները՝ Հովհաննես Այվազյանը, Անի Սարգսյանը, Արամ Օհանյանը, Խաչիկ Մաթևոսյանը։ Շատերը։ Այդ դեպքում արդեն հնարավոր կդառնար հայ թատրոնի ապագա սերմնացանների անսխալ ընտրությունը:
Ինչևէ։
Երիտասարդական փառատոնը նաև յուրատեսակ դերասանական բորսա դարձավ։ Առանձին դերակատարումներ մեխվեցին հանդիսատեսի մտապատկերում իրենց վարակիչ հուզականությամբ (Սիրանուշ Եսայանի օրիորդ Անիչկան — Աննա Պետրոսյան. «Ես մի ծառ եմ ծիրանի»), պատանեկան անմիջականությամբ (Գրիգորի Հակոբյանի արքայազն Մամաբուկը՝ Ա. Դուդարևի՝ քաղաքական պամֆլետ հիշեցնող համանուն պիեսում), կյանքային նախատիպերի լուսանկարչական (ավա՜ղ) համոզչականությամբ (Զարուհի Խաչատրյանի Լենան և Վարդան Խաչատրյանի Ֆեոդորը — Վ. Ռոզով. «Երջանկություն որոնելիս»), տրագիկոմիկական խաղաոճի ճկունությամբ (Մխիթար Մելքոնյանի և Հայկ Սարգսյանի մի քանի կերպարանափոխությունները ֆրանսիական կատակերգությունների հիման վրա արված «Միայն ֆարս»–ում), առակային կենդանու կերպարի հյութեղ անձնավորմամբ (Նարինե Պետրոսյանի Մայր վագրը — Դ. Ֆո. «Վագրերը գալիս են»), մնջախաղային ճկուն, վարպետության խոսուն արտահայտչականությամբ (Զարուհի Անտոնյանի և Կարեն Խաչատրյանի՝ աստվածաշնչյան հենքով քնարական հերոսները — «Աչքերի որսը»), ներքին ապրումի հոգեբանական խաղին ներդաշնակ պլաստիկայով (Աննա Պետրոսյանի Մեծ բեկորը – Ա. Մրոժեկ. «Սովածներ»)…
Արտիստական վառ անհատականության լուրջ հայտ էր Լիլի Էլբակյանի Ալդոնսա-Դուլսինեան (Սերվանտես. «Մարդը Լամանչից»)՝ կերպարային անխոտոր զգացողությամբ, ներազդու հոգեբանական անցումներով, անսպառ ներքին կրակով։
Տարբեր իրադրություններին համարժեք բեմական վարքագծով, խոսուն դիմախաղով Պ. Շենոյի «Դուք ողջ լինեք» ներկայացման (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Լևոն Ուզունյան) գլխավոր շարժիչ ուժը դարձավ Լևոն Չիդիլյանը (Լյուդովիկ)։
- Ո՞վ կհասնի բարեհուսո հրվանդան
Հետևելով Երիտասարդական փառատոնի շրջանակներում ցուցադրված երկու տասնյակ ներկայացումներում նոր սերնդի արվեստագետների բեմադրական ու կերպավորման ունակությունների դրսևորմանը՝ արդի հայ թատրոնի զարգացման հեռանկարով անկեղծորեն մտահոգված մարդիկ ներշնչվեցին հավատով, որ թատերարվեստում սերնդափոխության գերխնդիրը կարծես թե բարենպաստ լուծում է ստանում։ Ներկայացումից ներկայացում ամրապնդվեց խոստումնալից երիտասարդներով գործող թատրոնների ստեղծագործական խմբերը համալրելու, առույգացնելու հույսը։ Փառատոնին մասնակցած դերասան-դերասանուհիների մեծամասնության մասին կարելի է ասել՝ ունեն բնատուր օժտվածություն, տիրապետում են դերակատարման «այբուբենին»։ Գուցե պետք չէ՞ր ժամանակից առաջ ընկնելով գերագնահատել կամ թերագնահատել մեր թատերական աշխարհի նորամուտ «շինարարներին»՝ դերասաններին, բեմադրիչներին, բեմանկարիչներին, որոնց մասին թատերասեր հասարակայնությունը խիստ մոտավոր պատկերացում ուներ մինչ այս փառատոնը։ Բայցևայնպես։ Մեկնարկած թռիչքի ցանկալի բարձրությանը հասնելու համար նրանց թևեր են պետք, հստակ գիտակցություն սեփական հնարավորությունների, ինչպես նաև մասնագիտական հարուստ կենսափորձ ունեցող հոգատար և ուշիմ, այո՛, ուշիմ ուղեկիցներ՝ հնարավոր կողմնակի խութերից հեռու պահելու բարյացակամություն ունեցող թրծված նավավարներ։ Ամենակարևորը. արդի հայ թատերարվեստը պահանջվող Պառնասին հասցնելու համար այսօր, նախ և առաջ, օդի ու ջրի, հանապազօրյա հացի նման անհրաժեշտ է գործի դնել պետական լայնամասշտաբ մշակութային քաղաքականության խնամքով ծրագրավորված, հզոր մեխանիզմներ։ Դրանք արդյունավետ կաշխատեն, եթե, ի վերջո, կայանա գործող թատերախմբերի, թատերական գործիչների ստեղծագործական դաշինքը՝ ավագ, միջին և կրտսեր սերունդների՝ նեղ անձնական շահերից վեր կանգնած, գործուն մասնակցությամբ։ Այդ դեպքում միայն նոր ժամանակների աճեմյաններն ու սիրանույշները, արուտչյաններն ու ֆրունզիկները անխորտակ կլողան թատրոնի մոգական օվկիանոսում դեպի ինքնահաստատման բարեհուսո հրվանդան։ Ո՞վ մինչև գլխավոր նպատակակետը կնավարկի ու կհասնի՝ ցույց կտա ժամանակը։ Հիմա առաջնայինը ստեղծագործական անդուլ տքնանքն է, ինքնաքննադատական անզիջում աշխատանքը։ Այս ամենը նկատի առնելով, կարծում եմ, ժամանակավրեպ էր Երիտասարդականում ներկայացվածների որոշ մասին առանձնացնելը։ Փառատոնի վկայագրեր պետք էր շնորհել բոլոր մասնակիցներին, լավագույնների ընտրության իրավասության մենաշնորհը վերապահելով ամենաանաչառ ժյուրիին՝ ժամանակին։