ՀԻՄԱ ԿԱՆ ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳԻՐՆԵՐ,  ՈՐՈՆՔ ՊԻՏԻ ՃԱՆԱՉՎԵՆ ՕՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ / ԱՐԱՄԱԶԴ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Քովիդյան համաճարակը տիրել է Երկիր մոլորակը. ամենուր արգելափակումներ, խստացումներ, կարանտինբնականոն կյանքը դարձել է հեռավոր հուշ:

 

Հայաստանում 2019-ի ամառային խստացումները, քովիդի տարածման վերընթաց գիծը բեկվեց սեպտեմբերի 27-ով: Ու գուցե նենգ պատերազմն ու նրա ահասարսուռ հետևանքները ստիպեցին, որ մարդիկ անտեսեն վարակը, ավելին՝ բուռն մշակութային կյանքով ապրեն, վկան՝ թատրոնների և համերգասրահների լեփլեցուն դահլիճները՝ դարերով ամրագրված իմաստությամբ, որ նման կործանարար աղետից հետո մարդուն պատրանք է պետք

Սա՝ մեր, հայաստանյան իրականությունը: Մնացած աշխարհը միայն Քովիդի դեմ է պայքարում և այդ պայքարում ավելի ու ավելի է խստացնում հանրային կյանքի ընթացքը: Այդ թվում և՝ Միացյալ Նահանգներում, որտեղ հանրային, առավել ևս՝ մշակութային կյանքը կաթվածահար է, նաև՝ թատրոնը և թատրոնի մարդը: Թեևայս իրավիճակում իրական նվիրյալը գտնում է հնար՝ շուրջը սեղմվող համավարակային օղակից դուրս «մի կում թատերական օդ» շնչելու համար:

ԱՐԱՄԱԶԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, այդպիսի մի նվիրյալ՝ դերասան, բեմադրիչ, թատերագիր, կարողացավ, պատկերավոր ասած, թատրոնը իր տուն բերելպիեսներիտեսքով: Հայ հեղինակների գործերը թարգմանեց (մի մասն արդե՛ն ուներ), կազմեց ժողովածու և հրատարակեց «Հայ թատերագիրներ» ժողովածուի առաջին հատորըC.A.P.S Publications» հրատարակչություն): Ա. Ստեփանյան թարգմանությամբ հատորում ընդգրկվել են Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Սաղաթել Հարությունյանի «Եթե քո աչքը պարզ է», Վահէ Պէրպէրեանի «Վարդագույն փիղը», Կարինե Խոդիկյանի «Չկրակե՛ք, ես արդեն սպանված եմ» պիեսները և Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»՝ Արշակ Երկրորդի և Շապուհ Բի դրվագի հիմամբ «Արշակ և Շապուհ» թատերականցված ստեղծագործությունը:   

 

Tatrondrama.am Ձեր բեմադրած գործերի ո՞ր մասն են կազմում հայ հեղինակների պիեսները: 

Արամազդ ՍՏԵՓԱՆՅԱՆ — Երևի 25-30 տոկոսը: Ճշգրիտ չգիտեմ, երևի մի օր նստեմ, հաշվեմ:

 

  1. Քանի՞ հայ հեղինակի քանի՞ պիես եք թարգմանել:

Ա. Ս. – Հակոբ Պարոնյան «Պաղտասար աղբարը», Վահէ Պէպէրեանից մեկ գործ՝ Pink Elephant-ը (Վարդագույն Փիղը), իր՝ Վահէի  տարբերակն է հրատարակված գրքում, հիմնված է իմ թարգմանության վրա, որ ներկայացրել էինք Էդինբուրգի փառատոնում, 1989 թվականին: Պերճ Զեյթունցյան «Անավարտ մենախոսություն», Կարինե Խոդիկյան «Չկրակեք, ես արդեն սպանված եմ», «Օրը դեռ շարունակվում է»,  «Սիրային քառանկյունի», Աղասի Այվազյանից «Ժանգառք», Գագիկ-Սարգիս Կարապետյան «Քիլեր» թե թարգմանություն և թե վերածում (adaptation), Խորեն Արամունի «Պատանդը», Մարիամ Օհանյան «Ես չեմ ուզում խենթանալ», Սաղաթել Հարությունյան «Եթե քո աչքը պարզ է…»…

 

  1. Ինչո՞վ է բացատրվում նման ուշադիր վերաբերմունքը հայ թատերագրությանը, հեռվից ավելի՞ հստակ է երևում որոշ բաներ

Ա. Ս. — Սկսեմ մի փոքր հեռվից: Բեմադրություններ եմ արել  70-ական թվականների վերջերից Անգլիայում: Սկզբում միայն հայերեն (հայ կամ օտար հեղինակներ), քանի որ այն սփյուռքահայերից եմ, որ մեծացել են «հայության ձուլումի» սարսափով և «սրսկվել» դրա դեմ պայքարի՝ «հայապահպանումի» կանչով: Խափանված եմ զգացել սփյուռքի  սահմանափակ պայմաններին հարմար հայկական պիեսներ չունենալու պատճառով (Սովետական տարիների գրված պիեսներից մեծ մասը անբեմադրելի էին Անգլիայում, իրենց թեմաների և մանավանդ մեծ թվով կերպարներ ունենալու պատճառով՝ 32 խոսող դերեր, պտտվող բեմի պահանջ, գյուղացիներ, կանայք, կոլխոզնիկներ, նախարարներ, քահանաներ, ուրիշ կանայք…): Անգլիայում ապրելով քսան տարի, ականատես եղա ձուլումին (որ երևի հետաձգեցի երկու րոպեով), երբ ամեն քսան պատանի-երիտասարդից երևի մեկը կամ երկուսը (կմկմալով) հայերեն կարդային: Ուրեմն հայերեն բեմադրություններ անելը այդ համեմատաբար փոքր համայնքում անկարելի էր դառնում: Սկսեցի անգլերեն բեմադրել (հայապահպանումը մի կողմ, ես թատրոն եմ սիրում): Թեպետ Ամերիկան ԵՐԲԵՔ ինձ չէր հետաքրքրել, լսելով, որ հարավային Քալիֆորնիայում 1 միլիոն հայ կա, 1989 թ. դեկտեմբերի 31-ին, լքեցի իմ սիրած Անգլիան և հաստատվեցի այստեղ: Հիմա՝ բուն պատասխանս. Ամերիկայում, 2000 թվականներին գտա Կարինե Խոդիկյանին և նրա  «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ»: Դրախտի քարտեզ: Հպարտացա և ուրախացա: Ի՜նչ «գյուտ»: Շատ լավ պիեսներ (ոչ շատ լավերի կողքին): Մի անգամ գրեցի՝ Աղասին և Կարինեն թատրոնում նույնն են, ինչ Հենրիկը՝ ֆութբալում:

(Բայց այստեղ էլ տարեցտարի ավելի դժվարացավ հայերեն լեզվով բեմադրություններ անելը: Ուրեմն աշխատել եմ հայերենով, երբ կարողացել եմ, և երբ չէ՝ աշխատել եմ անգլերենով):

 

  1. Ինչպես եկավ այս մտահղացումը՝ արդեն սեղանին է 1-ին հատորը, հիմա էլ «սպառնում» ես, որ երկրորդի և անգամ երրորդի մասին ես մտածում

Ա. Ս. — Երբ ես ու ընկերս՝ Փոլ Ռափլի-ն (Paul Rapley) թարգմանեցինք «Պաղտասար աղբարը» (ավելի ինքը, քան ես), միշտ մտածում էի (էինք), որ լավ միտք կլինի նաև հրատարակել որպես հայ թատրոնի գրականության ամենասիրված գործը: Պիեսներ ընդհանրապես թարգմանել եմ միայն բեմադրելու նպատակով (նաև անգլերենից՝ հայերեն): Բայց երբ  ծանոթացա Աղասի Այվազյանի և քո պիեսներին, համոզվեցի, որ հիմա կան հայ թատերագիրներ, որոնք պիտի ճանաչվեն օտարների կողմից: Գիտեի, որ ուրիշ լեզուներով թարգմանվել են ձեր պիեսները, բայց անգլերենովը չգտա: Դրանով հանդերձ, էլի նորից նախընտրել եմ բեմադրել հայերեն, երբ կարողացել եմ, օրինակ Այվազյանից՝ «ԴԵԿՈՐՆԵՐ» և «ԺԱՆԳԱՌՔԸ» Վիոլետա Գևորգյանի և Թագուհի Հակոբյանի մասնակցությամբ: «ՉԿՐԱԿԵՔ…»-ի պարագային, հայ դերասան-դերասանուհի չգտա, որ ուզեին խաղալ այդ դերերը, ուրեմն անգլերենով բեմադրեցի: «ՕՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»-ի բացումից երեք օր առաջ Ֆրիդայի հայ խաղացողը ասաց՝ չի ուզում խաղալ: Ես էլ նույն գիշերը թարգմանել սկսեցի, առավոտյան վարձածս թատերասրահի տիրոջին ասացի՝ կարո՞ղ եմ հետաձգել, ասաց՝ 17 օրից երեք օր ազատ է թատրոնը, հետո ամիսներ զբաղված կլինի: Ասի՝  շատ լավ: Զանգեցի ամերիկացի ծանոթ դերասանուհի Ալեհանդրային և հարցրի՝ կուզե՞ս 17 օրից Ֆրիդայի դերը խաղալ, ասաց. «ըըըըըըմմմ… Yes…  Please, oh God, I’d love too»:

Հիմա այսպես է. ես հիմա սիրում և նույնքան չափազանց մեծ հաճույք եմ ստանում թարգմանելուց, ինչքան իմ առաջին մեծ սերերից՝ քոմիկ դերեր խաղալուց,  բեմարդելուց և լուրջ դերեր խաղալուց: Եվ այն իրականությունը, որ անգլերենից (կամ պարսկերենից) հայերեն թարգմանելու ժամանակ ինձ հերոս եմ համարում, իսկ հայերենից անգլերեն թարգմանելու ժամանակ՝ դավաճան, գործին չի խանգարում:

2-րդից սկսյալ, հատորները կունենան թեմա: 2-րդը՝ Սովետի փլուզումի ազդեցությունը: 3-րդը՝ հավանաբար աբսուրդ պիեսներ:  4-րդ և 5-րդը՝ մեկ արար պիեսներ և տղամարդ/կին հարաբերություններ … 6, 7, 8, 9, 10… (ո՞վ գիտե):

 

  1. Ի՞նչ տրամաբանությամբ է կազմված առաջին հատորը:

Ա. Ս. — Նախ՝ արվեց, որպեսզի հրատարակած լինեմ (իմ մեծ հաճույքով բեմադրած) հայկական պիեսները անգլերեն լեզվով, և թե (ՄԱՆԱՎԱՆԴ) որ մի տեղ, մի կերպ արձանագրված լինի իմ ապրած ամենաերջանիկ տարիները՝ 1985-ից 1989ը: Դա իմ (և իմ կնոջ) ապրած ամենալավ օրերն էին և ամենալավ ընկերական շրջանը: (Վստահ՝ հաջորդ հատորները շատ ավելի թատերական կլինեն և շատ ավելի քիչ՝ անձնական):

 

  1. Նույն հարցը՝ 2-րդ և 3-րդ հատորների վերաբերյալ:

Ա. Ս. — 2-րդ, 3-րդ և … հատորների հրատարակելու տրամաբանությունն է՝  ամենակարևորը— ա- մենք հիմա Հայաստանում ունենք հրաշալի թատերագիրներ, որ պիտի ներկայացվեն ոչ հայ թատերասերներին, ինչքան և ինչպես որ կարելի է: Դրանից հետո՝ բ- այստեղ չեմ գտնում բավական թվով հայեր, որ գնահատում են քեզ, Աղասիին, Գուրգենին, Գագիկին և ուրիշներին: գ- թարգմանություն անելը «կայֆ» է (հրատարակելը՝ ծախս ու նեղություն, բայց ոչինչ):

 

  1. «Երբ որ բացվին դռներնթատրոնի», բեմադրելուն կարոտած Արամազդ Ստեփանյանը ի՞նչ պիես կուզենա բեմադրել:

Ա. Ս. — Սիրում եմ և բեմադրում եմ ամեն տեսակ գործ, մանավանդ քոմեդի և աբսուրդ: Չտեսած-չիմացածիս մասին որ իմանում եմ, ուզում եմ բեմադրել: Բայց անցյալ 43-44 տարում մեծ մասամբ բեմադրել եմ, ինչ որ տվյալ ժամանակաշրջանում կարելի է եղել, այսինքն՝ միջոցներն եմ ունեցել բեմադրելու: Ընտրությունս հարմարեցրել եմ ունեցածս դերասանին, թատերսրահին, ունեցած-չունեցած դրամին, գտածս թեքստին («Դեկորները», «Չկրակեքը…», «Հանուն հայրենիքի և ժողովրդի), լսածս գովքը այս կամ այն պիեսի (Պէրպէրեանի «Փիղը»), կապռիզներիս (Օսկար Ույալդի չտեսած-չկարդացածս Սալոմեն)… մի խոսքով, եթե չեմ կարողացել բեմադրել այն, որ ուզեցել եմ, բեմադրել եմ այն, ինչ որ իմ սահմանափակ ռեզորսները թույլ են տվել, սպասելով հարմար առիթի, որ բեմադրեմ ուզածս: Օրինակ՝ Սաղաթել Հարությունյանի պիեսների ժողովածուն մոտ 30 տարի գրասեղանիս վրա էր, մինչև հասավ այն օրը, որ կարողացա բեմադրել:

Կուզեմ Հայաստանում աշխատել, հայերեն և-կամ անգլերեն: Եվ եթե գա այն օրը, որ ես ասեմ՝ «հիմա կարող եմ բեմադրել ԻՆՉ ՈՐ ՍԻՐՏՍ է ուզում, գուցե պատասխանն ունենամ քո հարցի (տասնամյակների սովորությունը դժվար է թոթափել): Կասեմ՝ դու ընտրիր:

Հեռավար զրուցեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։