Սամվել ԿՈՍՅԱՆ / «ՍԱՏԱՆԱՆ ԿՆՈՋ ՆԵՐՍՈՒՄ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՍԱՏԱՆԱՆ ԿՆՈՋ ՆԵՐՍՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Միշտ չէ, որ «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսն ընդունելի է։ Սեփական բնույթին, նկարագրին ու սկզբունքներին հակառակվելը պարզապես ինքնակամ գործարք է սատանայի հետ և հղի տհաճ ու անկանխատեսելի հետևանքներով։ Պիեսը, որը 2006 թ. արժանացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության Երևանյան գրասենյակի և ՀԳՄ-ի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի ամենամյա գրական մրցանակաբաշխության մրցանակին, նաև այս մասին է։

Սամվել ԿՈՍՅԱՆ

 

ՍԱՏԱՆԱՆ ԿՆՈՋ ՆԵՐՍՈՒՄ

Պիես մեկ գործողությամբ

Գործող անձինք

ՆԱՐԵ – միջին տարիքի, հաճելի արտաքինով

ՎԱՐԴ – Նարեի ընկերուհին, նրա տարեկիցը

ՄԻՋՆՈՐԴ

ԱՆՈՒՇ – Նարեի հարևանուհին

ՍԱՏԱՆԱՅԻ ՁԱՅՆԸ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՔՆՆԻՉ

 

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Սենյակ: Կահավորանքը՝ բեմադրիչի հայեցողությամբ:

ՆԱՐԵ – Լույսը… չի գալիս, երբ սպասում ես։ Գալիս է… երբ մութն անտանելի է դառնում։ Թվում է՝ ահա նպատակը, ձեռքդ մեկնիր՝ կհասնես։ Մինչդեռ նրան հասնելու ճանապար­հի սկզբին ես…

ՍԱՏԱՆԱՅԻ ՁԱՅՆԸ — Չհոգնեցի՞ր։

ՆԱՐԵ — Շատ եմ հոգնել։ (Հանկարծակիի եկած՝ ցնցվում է։) Ո՞վ ես, ե՞րբ ներս մտար։

ՁԱՅՆԸ — Միշտ այստեղ եմ եղել։

ՆԱՐԵ — Ո՞նց։ (Ուշադիր շուրջն է նայում։) Պահմտոցի՞ ես խաղում։

ՁԱՅՆԸ — Խաղալ չեմ սիրում։

ՆԱՐԵ – Ո՞վ ես:

ՁԱՅՆԸ — Գուշակիր։

ՆԱՐԵ – Վանգայի հետ ես շփոթել։

ՁԱՅՆԸ – Չե՞ս վախենա։

ՆԱՐԵ – Ամբողջ կյանքում վախեցել եմ։

ՁԱՅՆԸ – Ինչի՞ց։

ՆԱՐԵ — Երբ փոքր էի, վախենում էի խորթ հորս բարկությունից։

ՁԱՅՆԸ — Իսկ երբ մեծացա՞ր։

ՆԱՐԵ — Վախենում էի տանը կմնամ, ու խորթ հայրս նորից կբարկանա։

ՁԱՅՆԸ — Հետո ի՞նչ եղավ։

ՆԱՐԵ — Ամուսնացա մեկի հետ, ում չէի սի­րում։

ՁԱՅՆԸ — Մեծ ողբերգություն չէ։ Զրոյական վիճակն ավելի սարսափելի է։ Մեռա՞վ։

ՆԱՐԵ — Ո՞վ։

ՁԱՅՆԸ — Ամուսինդ։

ՆԱՐԵ — Չէ։ (Ձեռքերով բռնում է գլուխը։) Ցնդել եմ։ Չգիտեմ՝ ով է հետս պահմտոցի խա­ղում, անջատվել ու դարդերս եմ պատմում։

ՁԱՅՆԸ — Ասացի՝ խաղալ չեմ սիրում։

ՆԱՐԵ – Ո՞վ ես, որտե՞ղ ես թաքնվել։

ՁԱՅՆԸ — Աատանան։

ՆԱՐԵ — Մահճակալի տա՞կ ես։ (Փնտրում է մահճակալի տակ։)

ՁԱՅՆԸ – Մի՛ փնտրիր։ Մահճակալի տակ փոշին շատ է։ Փոշուց ալերգիա ունեմ։ ՆԱՐԵ — Ուրիշ տեղ կփնտրեմ։ Ինչպես մտել ես, այնպես էլ դուրս արի։

ՁԱՅՆԸ — Միշտ այստեղ եմ եղել։

ՆԱՐԵ – Այստեղ՝  որտե՞ղ։

ՁԱՅՆԸ — Քո մեջ։

ՆԱՐԵ — Իմ մեջ լինեիր, ձայնդ լսած կլինեի։

ՁԱՅՆԸ — Առիթը չի եղել։

ՆԱՐԵ – Ի՞նչ է փոխվել։

ՁԱՅՆԸ — Անմեղ մի ձևացիր։ Կաշառքը չտ­վեցի՞ր։ Ուզում ես օրենքը շրջանցելով ծրագրի ղեկավար դառնալ, ուրիշներից առաջ ընկնել։ Կոտրատվելդ ինչի՞ համար է։ Տվել ես, չէ՞, կա­շառք ես տվել։ Միջնորդ էլ գտար։ Հիմա խառնվել ես, ուզում ես ինձ քշել, երբ ամենաշատը ես եմ քեզ պետք։

ՆԱՐԵ – Չե՞ս ուզում դուրս գալ։

ՁԱՅՆ — Քո մեջ ինձ լավ եմ զգում։

ՆԱՐԵ – Փոխարենը իմ վիճակն է անտանելի։

ՁԱՅՆ — Քո վիճակը քո խնդիրն է։

ՆԱՐԵ — Որ այդպես է… ուրվական էլ լինես՝ կգտնեմ։ Ու էնպես դուրս գցեմ, որ ծննդյանդ օրն էլ մոռանաս։ (Մահճակալի տակ է նայում, վարագույրների ետևում։)

ՁԱՅՆԸ — Ճիշտ որ վիճակդ մի բան չի։ Ներսում եղածը դրսում ո՞նց ես գտնելու։

ՆԱՐԵ – Կգտնեմ։ (Փորձում է սեղանը տեղա­շարժել:)

Ներս է մտնում Անուշը:

ԱՆՈՒՇ – Բա՞ն ես կորցրել։

ՆԱՐԵ — (Անուշի կողմը շրջվելով)։ Դո՞ւ ես։ Ներս արի։

ԱՆՈՒՇ – Ներսում եմ, էլի։ Գտա՞ր։

ՆԱՐԵ – Ի՞նչը։

ԱՆՈՒՇ — Չգիտեմ ինչ էիր փնտրում։ Օգնե՞մ։

ՆԱՐԵ – Հետո կփնտրեմ։

ԱՆՈՒՇ — Խառնված ես երևում, դրա համար էլ չես գտնում։ Հանդարտվիր, որ գտնես։ Էն օրը մատանիս դրել էի սեղանին, փնտրում, փնտրում էի ու չէի գտնում։ Ոնց որ սատանան չթողնի սեղանին մոտենամ։

ՆԱՐԵ – Ի՞նչ սատանա։

ԱՆՈՒՇ — Սատանան, էլի…

ՆԱՐԵ – Բա ո՞նց գտար։

ԱՆՈՒՇ — Արտակս գտավ։ Մոռացա էլ, ինչի էի եկել։ Հիշեցի… մի գդալ սուրճ չե՞ս տա։ Մերը նոր վերջացավ։

ՆԱՐԵ — Մեկը քիչ կլինի։

ԱՆՈՒՇ — Չափից գլուխ չեմ հանում։ Վախե­նում էի՝ տանը չլինես։

ՆԱՐԵ – Ո՞ւր էի գնալու։

ԱՆՈՒՇ — Մտածում էի՝ շենքի ժողովրդի հետ կլինես։

ՆԱՐԵ – Ի՞նչ գործ ունեմ։

ԱՆՈՒՇ — Ուրեմն չես լսել։ Առաջին հարկի Աղասը բակում ուզում ա գարաժ սարքի։

ՆԱՐԵ – Ուրիշ տեղ չի գտե՞լ։

ԱՆՈՒՇ — Աղասը ինչ ուզենա, որտեղ ուզե­նա՝ կսարքի։ Ասում են՝ մի մեշոկ փող ա թափել։

ՆԱՐԵ – Չեն թողնի, ապօրինի է՝ կքանդեն։

ԱՆՈՒՇ — Բա փողն ինչի՞ ա տվել։

ՆԱՐԵ – Ամեն ինչ հո փողով չի։

ԱՆՈՒՇ — Չնեղանաս, բայց ոնց որ էս աշ­խարհից չլինես։

ՆԱՐԵ – Ավելի լավ է սուրճ բերեմ։ (Դուրս է գալիս, վերադառնում սուրճի տուփը ձեռքին։)

ԱՆՈՒՇ — Չլինեիր, ի՞նչ էի անելու։

ՆԱՐԵ — Մի ուրիշը կլիներ։

ԱՆՈՒՇ – Մատանի՞դ ես կորցրել։

ՆԱՐԵ – Հասարակ մատանի էր։

ԱՆՈՒՇ – Չգտար՝ Արտակիս կուղարկեմ: Միանգամից կգտնի։

ՆԱՐԵ – Նեղն ընկա՝ կկանչեմ։

ԱՆՈՒՇ — Չնեղվես, հարևաններ չե՞նք։ Ճիշտ է, քեզ մի քիչ հարևանությունից հեռու ես պա­հում, բայց… դու էլ էդ մարդն ես։ Կարևորը՝ սիրտդ բարի ա։ Գնամ, թե չէ Գառնիկը չի սի­րում, որ սուրճն ուշացնում եմ։ (Գնում է:)

ՆԱՐԵ – Անուշն էլ նկատեց, որ խառնված եմ։ Վախեցած էլ եմ։ Ինչի՞ց եմ վախենում, ինչո՞ւ եմ խառնվել։ Չլինի՞ վախենում եմ՝ փողերս կկոր­չեն։ Քի՞չ է… Ինչքա՜ն եմ ինձ զրկել, որ հավաքել եմ։ Չէ, անկեղծ չեմ։ Առաջին անգամ եմ կաշ­առք տալիս ու վախենում եմ։ Անտեր ծրագիրը ինչ էլ անուն ունի. «Աղքատության դեմ պայ­քարի ռազմավարություն»։ Ճոճվո՞ւմ եմ։ Ոնց որ ճոճանակի վրա՝ մեղք-զղջում, մեղք-զղջում։ Չլինի՞ սատանան է ճոճում։ Ձայնը կտրել է։ Սա­տանա՞… Լուռ է։ Ո՞նց փախավ, որ չտեսա։ Բա ո՞վ է ճոճում։ Երևի քնել է։ Սատանաները քնո՞ւմ են… Հեյ, սատանա՛։

ՄԻՋՆՈՐԴ — (ներս է մտնում ժամացույցին նայելով)։ Այստեղ եմ։

ՆԱՐԵ – Ներս մտնելիս ոչ մեկին չտեսա՞ր։

ՄԻՋՆՈՐԴ — Ինչ-որ կին դուրս եկավ։

ՆԱՐԵ — Հարևանուհիս էր։

ՄԻՋՆՈՐԴ — Տնաշենի հայացքը ռենտգե­նից թափանցող էր։

ՆԱՐԵ – Ուրիշի տեսա՞ր։

ՄԻՋՆՈՐԴ — Ո՞ւմ էի տեսնելու։

ՆԱՐԵ – Սատանային կճանաչեի՞ր։

ՄԻՋՆՈՐԴ — Դրա համա՞ր ես կանչել։

ՆԱՐԵ – Ուզում էի մի անգամ էլ քննարկենք։

ՄԻՋՆՈՐԴ – Ի՞նչը… Չեմ հասկանում, կանայք ինչո՞ւ են սիրում անընդհատ նույն թեմա­յից խոսել։ Վերջակետը դրել էինք, չէ՞։

ՆԱՐԵ – Հետո՞ ինչ… Սատանայի ճտերն անընդհատ պտտվում են շուրջս, ամեն ինչ խառնում են, չեն թողնում ուրիշ բան մտածեմ: Մեծ սատանան էլ ներսից ղեկավարում է դրանց։

ՄԻՋՆՈՐԴ — Քեզ նմանին էլի եմ հանդի­պել։ Անընդհատ կանչում էր, անընդհատ ճշտում էր։ Ծրագրի ղեկավար չե՞ս ուզում լինել։

ՆԱՐԵ – Ասում ես՝ չվախենա՞մ։

ՄԻՋՆՈՐԴ — Էս հասարակությունից չե՞ս:

ՆԱՐԵ – Սատանայից էլ չվախենա՞մ։

ՄԻՋՆՈՐԴ — Եթե էս հասարակությունից ես, սատանայից ինչո՞ւ պիտի վախենաս։

ՆԱՐԵ — Այնպես է կպել… ներսիցս դուրս չի գալիս։ Երբեք այսքան չէի հոգնել։

ՄԻՋՆՈՐԴ — Հոգնելու։ ժամանա՞կ ես գտել։ Հիմա ամենաշատը հոգնությունը կարող է խանգարել։

ՆԱՐԵ – Միշտ երազել եմ մի նշանավոր քայլ անել։ Պահը եկել է, իսկ քայլս օդում է մնացել։ Վախը չի թողնում, որ հողին իջնի։

ՄԻՋՆՈՐԴ — Հնարավոր է։ Վախն ուժեղ գործոն է։

ՆԱՐԵ – Երբևէ վախեցե՞լ ես։

ՄԻՋՆՈՐԴ — Ինչ-որ բաներից վախեցել եմ։ Ապրողը պիտի վախենա էլ։ Մեռածն է, որ ոչնչից չի վախենում։ Սատանային էլ էդ քո վախն է աշխուժացրել։ Շարունակիր ապրել, ինչպես ապրել ես և քայլդ ավելի լայն գցիր:

ՆԱՐԵ — Մեկը կողքիս լիներ, երևի այդքան չվախենայի։ Առաջ էլ էր մենակությունը ճնշում, հիմա վախի հետ միացել ու ավելի անտանելի է դարձել։

ՄԻՋՆՈՐԴ — Քեզ նման կինը մենակ չպիտի լիներ։ Տղամարդկանց վրա էլ եմ զարմանում։ Ոնց որ կույր ու ինքնասպան լինեն։ Կգնան ու ախոռի միջից հենց էշին կընտրեն։

ՆԱՐԵ — Դու ո՞ւմ ես ընտրել։

ՄԻՋՆՈՐԴ — Իմը էշից մի քիչ է տարբեր­վում։

ՆԱՐԵ — Տղամարդիկ այնքան էլ մեղավոր չեն։ Երևի, անունի պես, կնոջն էլ իրենք չեն ընտրում։

ՄԻՋՆՈՐԴ — Տղամարդու ձեռքից ընտրու­թյան հնարավորությունը վերցնես, էլ ի՞նչ տղա­մարդ։

ՆԱՐԵ — Կյանքն է փոխվել։ Հեծյալ կանայք շատացել են։ Հեծյալն ինքն է որոշում՝ ում հեծ­նել և որ կողմը քշել։

ՄԻՋՆՈՐԴ — Դու է՞լ ես ուզում սանձել:

ՆԱՐԵ — Այդ մտքից էլ եմ սարսափում։ Նույ­նիսկ ընկնելու, կոտրվածքների ցավն եմ զգում։

ՄԻՋՆՈՐԴ — Իզուր։ Մեղքը մեկի մեջ է սարսափելի։ Վերևում հայտնվողը ընկնելուց չպիտի վախենա։ Բարձրացար՝ ներքևի մասին չես էլ հիշի։

ՆԱՐԵ — Միշտ այնպիսի ցնցուղ եմ երազել, որով կարելի լիներ մարդու ներսը մաքրել։

ՄԻՋՆՈՐԴ — Քոնն ես շարունակում։ Վճռական եղիր։ Առաջինը չես, վերջինն էլ չես լի­նելու։ Ուզում ես ինչ-որ բանի հասնել, ետ մի՛ նայիր։ Դժվար է, բայց իմ գործն էլ հեշտ չէ։ Հավակնորդները շատ են, միջնորդները՝ մեկը մյուսից փորձված։ Բոլորն ուզում են իրենց գործն առաջ տանել։ Եթե ջուրն ես մտել, թրջվելուց մի վախենա։ (Բջջային հեռախոսը զան­գում է։) Ալո… Ես եմ, ասա… Ի՞նչ… Մի անգամ էլ կրկնիր… Կաբինետո՞ւմ… ճշտե՞լ ես… (Տագ­նապած։) Գալիս եմ… Հիմա, էլ ե՞րբ… (Անջա­տում է հեռախոսը։)

ՆԱՐԵ – Գնո՞ւմ ես։

ՄԻՋՆՈՐԴ — Շտապ գործ է, պիտի գնամ։

ՆԱՐԵ – Էլի չխոսեցինք։

ՄԻՋՆՈՐԴ – Հետո, հետո… (Գնում է։)

ՆԱՐԵ — (հուսահատ)։ Հրաժեշտ էլ չտվեց… Ճիշտ որ, ոնց էլ անես, ջուրն իր ճանապարհով է գնում։ Միայն ոչ այն կողմը, որը քեզ է պետք։ Ճոճքն ուժեղացավ՝ ուզում եմ-վախենում եմ, գոտեպնդվում եմ-թուլանում եմ…

 

 

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Սենյակում Նարեն է։ Մտնում է Վարդը՝ խմորեղենի տուփը ձեռ­քին։

ՎԱՐԴ — (խաղարկուն)։ Ընկերուհի՜…

ՆԱՐԵ — (ողջագուրվում են)։ Կարծում էի՝ էլ չես գա:

ՎԱՐԴ – Ի՛նչ խմորեղեն եմ բերել։

ՆԱՐ — Դրա համար ուշացա՞ր։

ՎԱՐԴ – Ուշացե՞լ եմ։

ՆԱՐԵ — Չգիտեմ, անհանգիստ էի։

ՎԱՐԴ — Նշանակում է՝ սպասել ես։ Ում սպասում են՝ չի ուշանում։ Երբ էլ հայտնվի՝ ուշ չէ։ Սա ձեռքս մնաց։ (Տուփը դնում է սեղանին։) Կինը տնից դուրս գալիս հայելու առաջ հիսուն դեմք է փոխում:

ՆԱՐԵ — Երբ մեկն էլ հերիք է։

ՎԱՐԴ – Հերիք է, ընտրելն է դժվար։

ՆԱՐԵ – Չի՞ լինում՝ ամենավատը ընտրես։

ՎԱՐԴ – Կարևորը՝ քոնը լինի։

ՆԱՐԵ — Սատանան այնպես է խառնում, թողնո՞ւմ է իմանաս՝ որն է քոնը։

ՎԱՐԴ – Դրան չպիտի հիշեիր։

ՆԱՐԵ – Չի՞ եղել, որ զգաս՝ ներսդ է։

ՎԱՐԴ – Ո՞նց չէ։ Կնոջ ներքին օրգաններից մեկն էլ սատանան է։ Մոռացիր։ Ո՞վ է առանց առիթի հիշում, որ երիկամ ունի, լյարդ կամ փայծաղ։

ՆԱՐԵ – Ցավ տա՝ կհիշես։

ՎԱՐԴ – Խմորեղենը մնաց։ Սա ուտողը բո­լոր ցավերն էլ կմոռանա։

ՆԱՐԵ – Ափսեներ բերեմ։ (Դուրս է գնում։)

ՎԱՐԴ — (ուշադիր զննելով սենյակը)։ Ոչինչ չի փոխվել։

ՆԱՐԵ – (ափսեները ձեռքին մտնելով և լսելով Վարդի բառերը)։ Միայնակ կնոջ համար հեշտ չէ ինչ-որ բան փոխելը։

ՎԱՐԴ — Ո՞ւմ ես բողոքում։ Ամուսիննները պտտվում են շուրջդ։

ՆԱՐԵ — Իմը չեմ գտնում։ Կնոջ հիսուն դեմ­քերից մեկն էլ ամուսինն է։ Թեկուզ վատը, բայց իմը պիտի լինի։ Չեմ ուզում նորից ինձ խաբել միայն նրա համար, որ ինձ խաբելու հնարավո­րությունը շատ է։

ՎԱՐԴ – Արամին ի՞նչ արիր։

ՆԱՐԵ — Ինքս եմ ետևից ընկել, բայց… Ճիշտ որ, ինչի ետևից վազում ես, ավելի հեռու է փախչում։ Սուրճը չթափվի… (Նորից է գնում։)

ՎԱՐԴ – Թե մեջն ի՞նչ է գտել, դեռ ետևից էլ վազում է։ Ուրիշները կին են պահում, սա փեշ է փնտրում, որ տակը մտնի, որ կինն իրեն պահի։

ՆԱՐԵ — (գալիս է, բաժակները դնում է սեղա­նին)։ Էս սուրճ եփելը չեմ սիրում։ Եռում է, փրփրում, չհասար՝ թափվում է: Նայում ես՝ տակը բան չի մնացել։ Ճիշտ ինձ նման։

ՎԱՐԴ – Թափվե՞լ էր։

ՆԱՐԵ — Չէ։ Հիմա ես եմ թափվելու։

ՎԱՐԴ – Տղամարդը նրա համար է, որ թափ­վող կնոջը հավաքի։ Խմորեղենը փորձիր։ (Աոաջինն ինքն է վերցնում ու հաճույքով համ­տես անում:) Փորձիր, ի՞նչ ես սառել։ Լավ խմո­րեղենը ում ասես կարող է փոխարինել։

ՆԱՐԵ — Սատանան ախորժակս կապել է։

ՎԱՐԴ — Սատանա, հա սատանա… Էլի ի՞նչ են մերժել։ Սատանային միայն մերժելիս են այդքան հիշում։ Դուրս գցիր միջիցդ ու խմորե­ղենդ կեր։

ՆԱՐԵ — Գցում եմ, չի գնում։ Գիշերները չեմ քնում։

ՎԱՐԴ — Քնաբեր օգտագործիր։ Մոտս կա, տա՞մ։

ՆԱՐԵ — Առանց քնաբերի եմ ուզում քնել։ Քնած ինձ ավելի լավ եմ լսում։ Քնաբերը չի թողնի՝ լսեմ։

ՎԱՐԴ – Ասելո՞ւ ես՝ ինչ է եղել։

ՆԱՐԵ — Չի եղել։ Ինձ չլսելու խլությունից եմ վախեցած։ Ոչինչ չեմ կարողանում անել։ Անում եմ միայն այն, ինչ հնարավոր չէ չանել։

ՎԱՐԴ – Ընկերուհի՜, ընկերուհի՛… Եվ ի՞նչ ես գտել նրա մեջ։

ՆԱՐԵ – Սուրճը սառեց։

ՎԱՐԴ — Քո այդ Արամը եղունգիդ ծայրն էլ չարժի։

 

Ներս է մտնում Անուշը։ Վարդին տեսնելով մի պահ տատանվում է, բայց հաջորդ պահին առաջ է գա­լիս:

ԱՆՈՒՇ – Չլինի՞ խանգարեցի։

ՎԱՐԴ — Սուրճ էինք խմում։ Էս խմորեղենից փորձեք, հրաշալի խմորեղեն է։

ՆԱՐԵ – Հարևանուհիս է։

ԱՆՈԻՇ — Խմորեղենը գուցե փորձեմ։ (Արագ մի կտոր վերցնում և ախորժակով ուտում է:) Ճիշտ որ լավն ա։ Վաղուց չէի կերել։

ՆԱՐԵ — Երեխաներն ինչպե՞ս են։

ԱՆՈՒՇ — Կյանքս ուտելով մեծանում են։

ՆԱՐԵ — Երեք երեխա ունի՝ մեկը մյուսից անուշիկ։

ԱՆՈՒՇ — Էդ հարցով բախտս բերել ա, մե­նակ պահելն ա դժվար։ Շաքարավազի համար եմ եկել։ Անտերն էստեղ առնում ես, էնտեղ վեր­ջանում ա։

ՎԱՐԴ — Էլի խմորեղեն վերցրեք։

ԱՆՈՒՇ — Չէի հրաժարվի, բայց առանց ու­տելու էլ չաղանում եմ։ Ամուսինս լավ չի նայում չաղերին: Այնպես որ, շառից-փորձանքից հեռու։

ՆԱՐԵ — Ես շաքարավազը բերեմ։

ԱՆՈՒՇ — Իմացա՞ր… Աղասը հաղթեց։

ՆԱՐԵ — Հա՞…

ՎԱՐԴ — Աղասն ո՞վ է։

ԱՆՈՒՇ — Բիրդան աղաներից ա։ Բակում գարաժ ա սարքում։ Բնակիչները գնացել էին բողոքելու։ Քոռ ու փոշման ետ են եկել։

ՎԱՐԴ — Ո՞ւմ են բողոքել։

ԱՆՈՒՇ — Եսիմ, թաղապետարան էին գնացել:

ՎԱՐԴ – Աշխարհը հո թաղապետարանով չի՞ վերջանում։

ԱՆՈՒՇ — Վերև էլ են գնացել։ Փողի դեմ դժվար ա: Մի կտոր բակն էլ շատ թվաց։ Երեխեն որ չխաղա՝ ի՞նչ երեխա։ Ասում են՝ չպիտի խաղա, հենց ծնվեց, պիտի բիզնես անի։

ՎԱՐԴ — Դուք էլ հավաքվեք կառավարու­թյան առաջ ու գոռացեք։ Որ բոլորով գոռաք՝ գուցե լսեն։

ԱՆՈՒՇ — Որ ի՞նչ… Հետո էլ փող ճարի, որ կոկորդդ բուժես։ Աղասը ուզենա, մի գարաժ էլ իմ տան մեջ կսարքի։ Լսած չեք լինի։ Ասում են՝ մի չինովնիկ իրա կաբինետում ինֆարկտից մա­հացել ա։ Ասում են՝ սեղանին ցուցակ են գտել՝ ով ինչքան ու ինչի համար ա տվել։ Անկուշտ են, անկուշտ… վերջը նույնը չի՞…

ՎԱՐԴ — Ո՞վ է եղել։

ԱՆՈՒՇ — Անունը գլխիցս թռել ա։ Անտեր հոգսը թողնո՞ւմ ա, որ իրենից բացի մարդու գլխում ուրիշ բան էլ մնա։

ՆԱՐԵ — Շաքարավազը չբերեցի։ (Դուրս է գնում։)

ԱՆՈՒՇ — Հիմա երեխեքը տունը տակնու­վրա արեցին։ Գառնիկը հաստատ կբարկանա։

ՎԱՐԴ — Ամուսնուցդ վախենո՞ւմ ես։

ԱՆՈՒՇ — Այնքան էլ չէ… ձևացնում եմ, թե վախենում եմ։

ՎԱՐԴ – Երևի քո վախը նրան դուր է գալիս, որ ձևացնում ես։

ԱՆՈՒՇ — Դուր գա-չգա։ Իսկական կինը չվախենա էլ, գոնե պիտի ձևացնի, թե վախենում ա։ Բա ո՞նց, ուրիշ ձև չի լինի։

ՎԱՐԴ – Աշխատո՞ւմ է։

ԱՆՈՒՇ — Քչից-մչից բերում ա։ Մնացած ժա­մանակը բակում կարտ ա խաղում։

ՎԱՐԴ — Երեխաները մեծացան՝ հեշտ կլինի։

ԱՆՈՒՇ — Ի՞նչ են անելու։ Խելքը գլխին հեր ա պետք, որ թիկունք լինի։ Մեծանան, իրենք էլ են կարտ խաղալու։

ՆԱՐԵ — (մտնում է, շաքարավազի տուփը տալիս է Անուշին)։ Քիչ լինի, էլի արի։

ԱՆՈՒՇ — (վերցնում է)։ Բանկադ էս երկու օրը կվերադարձնեմ։ Շատ մնացի, ձեր սուրճը խմեք։ Խմորեղենը շատ համով էր։ (Գնում է։)

ՆԱՐԵ – Ծանոթացա՞ր… Սրանց կյանքն ուրիշ է։ Ծանրություն չկա սրանց կյանքի մեջ, դրա­նից էլ բեռ չի դառնում։ Սրանք ապրում են, մենք նույն կյանքը փորձում ենք հաղթահարել։

ՎԱՐԴ — (անսպասելի ու վճռական)։ Գնա­ցինք, դուրս ենք գալիս։

ՆԱՐԵ — Ո՞ւր։

ՎԱՐԴ — Սրճարան ենք գնում։ Շամպայն կպատվիրենք, պաղպաղակ… ավելի լավ է՝ գի­նի։ Կխմենք, կզրուցենք, ներսիդ մռայլությունն էլ քամուն կտանք։

ՆԱՐԵ – Խմորեղենը մնաց։

ՎԱՐԴ — Կվերադառնանք ու ամբողջը կու­տենք։ Մինչև վերջին փշուրը։

ՆԱՐԵ – Բա որ…

ՎԱՐԴ — Չեմ ուզում լսել։

ՆԱՐԵ – … քամին չհամաձայնի մռայլությու­նը վերցնել։

ՎԱՐԴ — Չի համաձայնի՝ ետ կբերենք։ Մինչև ավելի բարի քամի գտնենք։

ՆԱՐԵ — Ուրեմն գնացինք, թե չէ էս տան առարկաներն էլ են թթվածին շնչում։ Քամին գոնե մաքուր օդ կբերի։

ՎԱՐԴ — Չմոռանաս, որ գնալու համար պիտի շարժվել։

ՆԱՐԵ — Շարժվում եմ… շորերս փոխեմ…

Դուրս է գնում։ Վարդը փոքրիկ հայելու մեջ շպարվում է։

 

 

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Նույն սենյակը։ Ծիծաղելով մտ­նում են Նարեն ու Վարդը։ Վարդն սկսում է պարել, ապա ստիպում է, որ Նարեն էլ միանա։ Նարեն փոր­ձում է ընդդիմանալ, բայց քիչ անց տրվում է ընկերուհու տրամադրու­թյանը։

ՆԱՐԵ – Գինին է ազդել։

ՎԱՐԴ – Սրճարանում հազիվ էի զսպում, որ տեղիցս չթռչեմ ու չպարեմ։

ՆԱՐԵ — Բախտներս բերել է՝ չես թռել։ Ստիպված էի լինելու ներկաներից ներողություն խնդրել ու հայտարարել, որ ընկերուհիս չի ցնդել, պարզապես չի կարող երկար նստել ու չպարել։

ՎԱՐԴ — Ու բոլորը կծափահարեին…

ՆԱՐԵ – Ծաղիկներ էլ կտային…

ՎԱՐԴ — Տղամարդիկ էլ կխառնվեին իրար…

ՆԱՐԵ — Էն ջահելնե՞րը։

ՎԱՐԴ — Ջահելը տղամարդ չի։ Աչքերով լա­փում էին։

ՆԱՐԵ — Նայում էին, էլի։

ՎԱՐԴ — Միևնույն է, հաճելի էր։

ՆԱՐԵ — (ազատվելով Վարդից)։ Մեկը դռա­նը մոտեցավ։

ՎԱՐԴ — (անփույթ ընկնելով աթոռին)։ Մեկը մտնում է, մյուսը հեռանում է։

ՆԱՐԵ – Ներս մտավ։

 

Հայտնվում է դատախազության ցրիչը։ Քննաբար մեկ Վարդին է նայում, մեկ՝ Նարեին։

ՆԱՐԵ – Ո՞ւմ եք փնտրում։

ՎԱՐԴ – Վրա մի տուր։ Մարդը դժվարանում է կողմնորոշվել։ Կյանքում երևի միանգամից երկու գեղեցիկ կին չի տեսել։

ՑՐԻՉ — Իմ ընտրությունը վաղուց եմ արել։ Նարեն դո՞ւ ես։

ՎԱՐԴ – Ավա՜ղ…

ՑՐԻՉ — Ուրեմն դու կլինես։

ՎԱՐԴ – Բրավո, արագ գլխի ընկաք։ Սրճա­րանի՞ց եք հետևել մեզ։

ՑՐԻՉ – Սրճարան չեմ գնում։

ՆԱՐԵ – Երևի նոր փոստատարն եք։

ՎԱՐԴ – Բերածդ փո՞ղ է, թե՞ նամակ։

ՑՐԻՉ — Ծանուցագիր է։

ՆԱՐԵ – Ծանուցագի՞ր…

ՑՐԻՉ — Հա, դատախազություն են կանչել։

ՎԱՐԴ – Ո՞ւմ են կանչել։

ՑՐԻՉ — Նարեն չի՞։

ՎԱՐԴ – Քաղաքում միլիոն Նարե կա։ Ծա­նուցագիրը մեզ չպիտի բերեիք։

ՑՐԻՉ – Ինքը թող ասի՝ Նարե՞ն է, թե՞ չէ։

ՎԱՐԴ – Կրակը հո չի ընկել, որ Նարեն է։

ՑՐԻՉ – (բարձրաձայն կարդում է)։ Ամառանոցային 8, բնակարան 17։ Սա չէ՞։

ՆԱՐԵ — Սա է։

ՑՐԻՉ — Ուրեմն ճիշտ եմ եկել։

ՎԱՐԴ – Այնքան էլ չէ։ Ամառանոցային անու­նով լիքը փողոց կա։ Հասցեներն էլ կրկնվում են։ Ընկերուհի՞… ինչո՞ւ ես լռում։

ՑՐԻՉ — Վաղը ժամը 11-ին քննիչը սպասելու է։

ՆԱՐԵ – Չգիտե՞ք՝ ինչու։

ՑՐԻՉ — Ինքդ վաղը կճշտես։ Իմը ծանուցա­գիրը հանձնելն է։ Ստորագրիր, որ ստացել ես, գնամ։ Դեռ տասը ծանուցագիր էլ պիտի բա­ժանեմ։

ՎԱՐԴ – Ոչինչ էլ մի ստորագրի։ Պարտավոր չէ ուրիշի թյուրիմացության համար պատաս­խանել։

ՑՐԻՉ – Չստորագրեց, մի ծանուցագիր էլ վա­ղը կբերեմ։

ՎԱՐԴ — Թեկուզ հազար ծանուցագիր բերեք։

ՑՐԻՉ – Գործը հազարին չի հասնի։ Հրաժար­վեց՝ բերման կենթարկեն։

ՆԱՐԵ – Նրան հանգիստ թող, նա իր գործն է անում։

ՎԱՐԴ – Թյուրիմացություն բաժանելը գո՞րծ է:

ՑՐԻՉ — Ես չլինեի, ուրիշն էր բերելու։ Թե չեք ստորագրելու՝ գնամ։

ՆԱՐԵ – Ի՞նչ եմ ստորագրելու։

ՑՐԻՉ — (մեկնում է թուղթն ու գրիչը)։ Այ, էս­տեղ։

Նարեն ստորագրում է։

ՎԱՐԴ – Իզուր արեցիր։

ՑՐԻՉ — Լավ կլինի՝ չուշանաս։ (Գնում է։)

ՎԱՐԴ – (հարցական նայելով Նարեին)։ Ըն­կերուհի՞… չե՞ս ուզում խոսել։

ՆԱՐԵ – Ի՞նչ ես ուզում իմանալ։

ՎԱՐԴ – Խոսքը կտուրը մի գցիր։

ՆԱՐԵ – Խոսքը չեմ գտնում։

ՎԱՐԴ – Ի՞նչ ես արել։

ՆԱՐԵ — Երևի ավելին եմ ուզել, քան ինձ հասնում է։

ՎԱՐԴ – Ի՞նչ ես ուզել, որ օրենքի դուրը չի եկել։

ՆԱՐԵ — (ձեռքերով փակում է ականջները)։ Քրքջում է… Չեմ կարող, չեմ ուզում լսել։ (Ձեռ­քերն իջեցնում է։) Չի օգնում։ Ներսիցս է, ներսս լիքը քրքիջ է։

ՎԱՐԴ – Ասելո՞ւ ես՝ ինչ է եղել։ Դեռ կհասցնես քրքջալ։

ՆԱՐԵ – Պատահե՞լ է՝ հայելուն նայես, ու հիսունից մեկը սատանայի դեմքը լինի: Ասում էիր՝ ներքին օրգան է։ Հիմա էդ օրգանը քրքջում է, հետն էլ ցավ է տալիս։ Դեղ չունե՞ս…

ՎԱՐԴ – Խելքդ մի թռցրու… լրիվ գունատվե­ցիր։ Շնչիր, խորը շնչիր…

ՆԱՐԵ — (մի քանի անգամ խորը շնչելուց հե­տո)։ Էլի մեկը եկավ։

ՎԱՐԴ — Էս տո՞ւն է, թե՞ հյուրանոց։

 

Հայտնվում է Միջնորդը։ Տեսնելով Վարդին՝ զարմացած նայում է նրան։

ՄԻՋՆՈՐԴ – Դո՞ւ…

ՆԱՐԵ — Քեզ երբեք այսքան չէի սպասել։

ՄԻՋՆՈՐԴ – (մատնացույց անելով Վար­դին)։ Այստեղ ի՞նչ է անում։

ՆԱՐԵ — Ընկերուհիս է, ծանոթացիր։

ՄԻՋՆՈՐԴ — Մի քիչ ծանոթ եմ։ Կուզենա­յի՝ դու էլ ճանաչեիր։

ՆԱՐԵ — Ճանաչում եմ։

ՄԻՋՆՈՐԴ – Ասե՞լ է։

ՆԱՐԵ – Ի՞նչ էր ասելու։

ՄԻՋՆՈՐԴ — Որ ծրագրի հավակնորդնե­րից մեկն էլ ինքն է։ Զարմացա՞ր… Մրցակիցներ եք: Նա էլ էր ուզում ծրագրի ղեկավար լինել: Ասենք, այլևս նշանակություն չունի։ Սրա միջ­նորդն էլ հիմա նրան է փնտրում։ Ամեն ինչ խառնվել է։

ՎԱՐԴ – Ինչո՞ւ է փնտրում։

ՄԻՋՆՈՐԴ – Բոթը հաղորդելու համար։ Էլ մրցակիցներ չեք։ Ուզենաք էլ՝ չեք կարող լինել։

ՆԱՐԵ — Ասածները հասկանո՞ւմ ես։

ՎԱՐԴ – Համենայնդեպս, արտառոց ոչինչ չի ասում։

ՆԱՐԵ — Դու…

ՎԱՐԴ — Շարունակիր։

ՆԱՐԵ – Ինձ ոչինչ չէիր ասել։

ՎԱՐԴ – Ի՞նչ էի ասելու։ Դու էլ չես ասել, դու էլ ես լռել։ Բոլորն էլ ուզում են երևալ, մյուսնե­րից մի քիչ առաջ լինել։ Արտառոցը ո՞րն է։ Իմա­նայի՝ կհրաժարվեի։ Գիտես, որ կհրաժարվեի:

ՆԱՐԵ — Չէի ասում, որովհետև…

ՎԱՐԴ – Որովհետև քեզ մեղքի անունը լսելն իսկ հերիք է, մինչդեռ…

ՆԱՐԵ — Չէի ուզում կորցնել։ Ընդամենը չէի ուզում կորցնել… Իմ տարիքում գտնելը դժվար է:

ՎԱՐԴ – Եթե Արամի մասին ես ասում, էլ մի՛ խոսիր։

ՄԻՋՆՈՐԴ — Ոնց որ ավելորդ եմ… Գուցե գնա՞մ։

ՎԱՐԴ – Ասելիքդ չես վերջացրել։

ՄԻՋՆՈՐԴ – Երևի հասկացաք, որ ձեր գործը ձախողվել է։ Գործը անողը հանկարծամահ է եղել, ցնդե՛լ է, չկա՛։ Լինում է, այդպես էլ է լինում։ Չինովնիկն էլ իրավունք ունի հանկար­ծամահ լինելու։ Վատն այն է, որ մեր, ուզում էի ասել՝ ձեր փողերն էլ հետը դժոխք է տարել։ Իսկ դժոխքից հնարավոր չէ ինչ-որ բան ետ բե­րել։ Ամենակարևորը, հիմա շատերը կփորձեն պղտոր ջրում ձուկ բռնել։ Մեր անելիքը պիտի լինի, որ ձուկը մենք չլինենք։

ՆԱՐԵ — Արդեն ինձ բռնված ձկան պես եմ զգում։

ՎԱՐԴ — Մտքովս էլ չի անցնում, իսկ փողի խնդիրը պետք է լուծել։

ՄԻՋՆՈՐԴ – Քո միջնորդի հետ կլուծես:

ՎԱՐԴ — Կլուծեմ, հո չի՞ մնա: Իմ հարցերը ինքս կլուծեմ։ Նրանը ե՞րբ ես վերադարձնելու։

ՄԻՋՆՈՐԴ — Երբ դժոխքի բանալու տեղը գտնեմ։

ՎԱՐԴ — Անորոշ ես խոսում, իսկ անորոշության վերջը չի երևում։ Չի երևում, որովհետև չունի։

ՄԻՋՆՈՐԴ — Կերևա, երբ պետք լինի:

ՎԱՐԴ – Ո՞ւմ պետք լինի… խորշում եմ քեզ նմաններից։ Երբ հարմար է՝ ժամանակից առաջ եք ընկնում, չէ՝ թաքնվում եք ժամանակի ետևում։

ՆԱՐԵ – Պետք չէ…

ՄԻՋՆՈՐԴ – Քեզ նմաններն էլ անտեղի քթները չիմացածի մեջ են խոթում։ Իմացողը կիմանար, որ աշխարհը միջնորդներով է յոլա գնում, կիմանար, որ ամե-նա-ա-ռա-ջինը, աշխարհի ստեղծումից էլ առաջ, միջնորդն է եղել։ Խորշո՜ւմ եմ… Մեկը միջնորդել է, չէ՞, Տիրոջը, որ աշխարհը ստեղծի։ Ափսոս, պատմությունը չի պահել այդ առաջին միջնորդի  անունը։ Խորշելուց առաջ պիտի մտածել՝ աշխարհն ինչ կլիներ առանց միջնորդների։ Առանց նրանց Տիրոջը ո՞նց էինք հաղորդակցվելու։ Միջնորդների շնորհիվ է, որ պատերազմներն ավարտվում են, և ժողովուրդները կարող են լեզու գտնել իրար հետ։ Չեմ ուզում շարունակել։ Միջնորդ լինելը հեշտ չէ, ամեն մեկը չէ, որ կարող է միջնորդ լի­նել։ Միջնորդ ծնվում են։

ՎԱՐԴ — (ծափահարում է)։ Հիանալի էր… Քարոզ ես կարդում, քարոզիչ ես դարձել։ (Ցույց է տալիս Նարեին։) Իսկ նա մի բուռ է դարձել։

ՄԻՋՆՈՐԴ — Մոռանում է, որ ես չէ, ինքն է ինձ խնդրել։

ՎԱՐԴ – Հիմա ի՞նչ է անելու:

ՄԻՋՆՈՐԴ — Ինչ մինչև հիմա է արել։

ՎԱՐԴ — Մինչև հիմա նրան դատախազու­թյուն չէին կանչել։

ՄԻՋՆՈՐԴ – Դատախազությո՞ւն… (Մի պահ լռում է:) Այդ մեկը բացառել էի, գոնե այս գործում բացառել էի։ Ե՞րբ են կանչել։

ՎԱՐԴ — Վաղը, ժամը 11-ին։ Գուցե նրա փոխարեն ի՞նքդ գնաս։

ՄԻՋՆՈՐԴ — Մտածել է պետք։ (Գնում-գալիս է սենյակում։)

ՎԱՐԴ – Ոտքերո՞վ ես մտածում։

ՄԻՋՆՈՐԴ — (Նարեին)։ Տասնմեկին չէ, ավելի ուշ կգնաս։

ՆԱՐԵ — (ասես արթնանալով)։ Ցրիչը խնդրեց չուշանալ։

ՄԻՋՆՈՐԴ — Կանես՝ ոնց ասում եմ։ (Վար­դին.) Քեզ էլ ծանուցագիր բերած կլինեն։ Դու էլ քո միջնորդին գտիր։ Հիմա փողի մասին… Հնարավոր է՝ դրանք մի անգամ էլ պետք գան։ Վաղը կդիմավորեմ։ (Գնում է։)

ՆԱՐԵ — Ո՞ւր գնաց։

ՎԱՐԴ — Հո հետդ չէ՞ր քնելու։

ՆԱՐԵ – Էլ չի՞ գա։

ՎԱՐԴ — Չես հասցնի կարոտել՝ վաղը կդիմավորի:

ՆԱՐԵ – Վարդ…

ՎԱՐԴ – Հը՞…

ՆԱՐԵ — Մեր միջև ոչ մի վատ բան չի եղել, չէ՞:

ՎԱՐԴ – Ի՞նչ էր լինելու։

ՆԱՐԵ — Առաջվա պես ընկերուհիներ ենք, չէ՞…

ՎԱՐԴ — Ավելին։ Հիմա նույն շղթայով ենք շղթայված, ուզենանք էլ՝ չենք կարող բաժան­վել։

ՆԱՐԵ – Վարդ…

ՎԱՐԴ — Էլի ի՞նչ կա։

ՆԱՐԵ – Վահրամը գիտե՞ր։

ՎԱՐԴ – Փողն ինքն էր տվել։

ՆԱՐԵ — Չի՞ բարկանա։

ՎԱՐԴ – Հակառակը, ճակատս կհամբուրի։

ՆԱՐԵ – Վարդ…

ՎԱՐԴ – Չե՞ս ուզում պառկել։

ՆԱՐԵ – Կարո՞ղ է բանտարկեն։

ՎԱՐԴ — Հո մարդ չե՞նք սպանել։

ՆԱՐԵ – Չենք սպանել։

ՎԱՐԴ – Ուրեմն պառկիր ու լավ բաների մա­սին մտածիր։

ՆԱՐԵ – Վարդ…

ՎԱՐԴ – Հիմա՞ ինչ է եղել։

ՆԱՐԵ — Էլ Արամի ետևից չեմ վազելու։

ՎԱՐԴ – Վերջապես մի նորմալ բան ասա­ցիր: Խմորեղենը չկերանք… Դարդ մի արա, լավ օրերը դեռ աոջևում են։ Էս գործը վերջաց­րինք, նորից սրճարան ենք գնալու։ Էս տաղ­տուկը փոխել է պետք։

ՆԱՐԵ – Կարծում ես սրճարանը կօգնի՞:

ՎԱՐԴ — Մի բանից պիտի սկսել։ Թե չէ ոչ մե­կի պետքը չի, որ բոժոժի նման ձանձրույթով ենք պատանքվում։ Ես էլ գնամ։ Չեմ ուզում՝ Վահ­րամն անհանգստանա։ Չմոռանաս պառկել։ Քնիր ու ոչնչի մասին մի մտածիր։ (Գնում է:)

ՆԱՐԵ – Միայն սատանայի ձայնը չլսեմ։

 

Գալիս է Անուշը։

ԱՆՈՒՇ — Հյուրերդ գնացի՞ն։

ՆԱՐԵ – Գնացին։

ԱՆՈՒՇ — Ասացի չխանգարեմ։ Գնացին, դրա համար էլ եկա։ Բրինձս պրծավ, մի բաժակ էլ տաս՝ հերիք է։

ՆԱՐԵ — (բացակա հայացքով նայում է Անուշին, ապա պոռթկում է)։ Չկա, ոչինչ չկա՝ ո՛չ սուրճ, ո՛չ շաքարավազ, ո՛չ ալյուր, ո՛չ բրինձ։ Ոչինչ չկա, ամեն ինչ վերջացել է։ Ես էլ եմ վերջացել, ուշանայիր՝ էլ չէիր տեսնի։ Էս տունը կարմիր խաչի գրասենյակ չէ, ես էլ մայր Թերեզան չեմ։

ԱՆՈՒՇ — (փորձում է գլխի ընկնել՝ ինչ է կատարվում)։ Լավ, լավ, հանգստացիր: Թարս ոտի վրա ես արթնացել։

ՆԱՐԵ – (նույն տոնով)։ Չեմ արթնացել, քնած եմ, աչքերս էլ փակ են։ Ու չեմ արթնանալու. ո՛չ վաղը, ո՛չ էլ մյուս օրը։

ԱՆՈՒՇ — (ավելի հանգիստ)։ Գնում եմ, գնում եմ… փորձանք էր։ Քեզ էս վիճակով չէի տեսել։ Հետո կգամ։ (Դուրս է գնում։)

ՆԱՐԵ – Հետո էլ մի՛ արի, ընդհանրապես մի՛ արի, հեռացե՛ք, բոլորդ էլ հեռացե՛ք… րեսնիվայր ընկնում է մահճակալին՝ դեմքը բարձի մեջ թաղելով։)

 

 

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Սենյակում Նարեն է։

ՆԱՐԵ – Դժվար եմ արթնանում, ոնց որ սառած լույսը։ Կես քնած եմ, կես՝ արթուն։ Կեսը երազի մեջ է, կեսը՝ իրականություն։ Կիսվել եմ երկու ժամանակի մեջ, մեկը՝ լիքը, մյուսը՝ դատարկ…

ՁԱՅՆԸ — Լիքը մոռացիր։

ՆԱՐԵ — (հոգնած ու ձանձրացած)։ Կյանքս կերար… Ինչքան ես կերել, որ տռզել, չես հեռա­նում։

ՁԱՅՆԸ — Լրիվ չեմ կերել։ Չեմ սիրում գործը կիսատ թողնել։

ՆԱՐԵ — Ինձնից միայն մեղքն է մնացել, մեղքն էլ հո չե՞ս ուտելու։

ՁԱՅՆԸ — Մի հիմարացիր, ինձ ո՞նց եմ ուտելու:

ՆԱՐԵ — Ինձ ո՞նց ես ուտում։

ՁԱՅՆԸ — Միս չեմ սիրում, իմը հոգին է:

ՆԱՐԵ — Հոգին հնարավոր չէ ուտել։

ՁԱՅՆԸ — Ինձ մոտ ստացվում է։

ՆԱՐԵ — Տեսնես ի՞նչ նյութից ես, որ անունդ լսելիս բոլորը նույնն են ասում՝ թաղեմ քեզ, բայց էլի հայտնվում ես։

ՁԱՅՆԸ — Ինձ ո՞վ կարող է թաղել։ էս մոլորակը կկործանվի, ու այդպես էլ չարի բնույթը չեք հասկանա: Թաղվածներն իմ կրկնօրինակերն են։

ՆԱՐԵ — Այդքան կրկնօրինակ կլինի՞։

ՁԱՅՆԸ — Ամեն ծնվողի հետ մի կրկնօրինակ է ավելանում։

ՆԱՐԵ – Իմ մեջ դո՞ւ ես, թե՞ կրկնօրինակը։

ՁԱՅՆԸ — Այս անգամ հպարտացիր, ամեն մեկի մեջ չէ, որ հայտնվում եմ։

ՆԱՐԵ – Էդ պատվին ինչո՞վ եմ արժանացել։

ՁԱՅՆԸ — Հոգիդ եմ հավանել։ Սիրում եմ, երբ հոգին մեղքի դեմ ոչ թե ընդվզում, այլ շփոթվում է։

ՆԱՐԵ — Չքվելու հետ ո՞նց ես։

ՁԱՅՆԸ – Չձևացնես, իբր մեղանչել ես։ Մեղանչողիս տես… Ինձ էլ քշում է… Սատանան չի ծիծաղում, բայց ծիծաղս եկավ։

ՆԱՐԵ — Միայն չքրքջաս։

ՁԱՅՆԸ – Քննիչին ո՞վ կաշառեց։ Կաշառեցիր, չէ՞, որ գլուխդ ազատես։ Ինձ չես խաբի, ի՜նչ մեղանչել, վախկոտը ո՞նց կարող է մեղանչել։ Դու վախը մեղանչելու հետ ես շփոթել։ Մահու չափ վախեցել ես ու… Իմանաս չեն պատժելու՝ մեղքի մասին չես էլ հիշի։ Իսկ դատը շարու­նակվում է։ Ոտքի՛, դատարանն է գալիս։

ՆԱՐԵ — Քեզ մի ճղիր ու զոռ մի տուր։ Մեղ­քի մերկությունը տեսնողը մահապատժից էլ չի վախենա։

ՁԱՅՆԸ — (քիչ տագնապած)։ Ե՞րբ տեսար: Ինչով ասես փաթաթել էի։

ՆԱՐԵ – Երևի ծերացել ես, առաջվա պես չի ստացվում քողարկել։

ՁԱՅՆԸ — Ծիծաղս նորից եկավ։ Շատ ծիծաղեցի, վերջը մի վատ բան չլինի։ Ժամանակն ո՞վ է, որ հախիցս գա։ Սատանան չի ծերանում: Ժամանակը ծերանում է, սատանան՝ չէ:

ՆԱՐԵ — Դեմքդ էլ եմ տեսել՝ հոգնած, կնճռոտ ու մտահոգ…

ՁԱՅՆԸ — Սուտ է, ինձ տեսնողը չի ծնվել:

ՆԱՐԵ – Երևի էլ չես կարողանում ինքնագոհությունդ զսպել ու քեզ ցույց չտալ։ Հայելու մեջ դեմքս ջնջում էիր, որ քոնը երևա։

ՁԱՅՆԸ — Տեսել ու չես խելագարվե՞լ։ Աշ­խարհն ինչքա՞ն է փոխվել, որ նայել ես աչքերիս ու չես խելագարվել։

ՆԱՐԵ — Կյանքս չի հերիքել։ Ապրողն է խե­լագարվում։

ՁԱՅՆԸ — Կես կյանքը քիչ է։ Ծիծաղում էի, զգում էի՝ վատ է լինելու։ Աշխարհն էս ո՞ւր է հա­սել, որ ինձ տեսնելը ջուր խմելու պես սովորա­կան է դարձել։ Ինչ-որ բան աչքաթող եմ արել։ Կզղջա, աշխարհը թանկ կվճարի այդ վերա­բերմունքի համար։ Սատանան կարողանում է իր սխալներն ուղղել: Ամեն ինչ գլխիվայր կշրջեմ…

ՆԱՐԵ — (ձեռքերով փակում է ականջները)։ Միայն մի քրքջա, խնդրում եմ։

 

Ոտնաթաթերի վրա ներս է մտնում Անուշը։

ԱՆՈՒՇ — Ականջներդ ցավո՞ւմ են։

ՆԱՐԵ — (ձեռքերն անմիջապես իջեցնում է)։ Ինչ-որ մեկն այնպես է քրքջում, քիչ մնաց՝ խլա­նայի։

ԱՆՈՒՇ — Տեսնես էլի ո՞վ է գժվել:

ՆԱՐԵ – Ոնց որ լռեց։

ԱՆՈՒՇ — Քանի օր է չէի եկել։ Ասի՝ ամոթ է, գոնե գամ, հալդ հարցնեմ:

ՆԱՐԵ – Լավ եմ, հիմա լավ եմ… Այն օրվա համար ներիր։ Չգիտեմ՝ ինչ սատանա էր մեջս մտել։

ԱՆՈՒՇ — Լինում ա, բոլորի հետ էլ լինում ա։ Վերջերս Գառնիկն էլ ա շուտ-շուտ գոռում։ Առաջ ձենը դուրս չէր գալիս։ Հիմա ամեն ստից բանից գոռում ա։ Ձենը չե՞ս լսում… Թուղթ խա­ղալն էլ ա թարգել։ Օրերով թափառում ա, չգի­տեմ՝ ինչ ա փնտրում։

ՆԱՐԵ — Երեք երեխա ունի, աշխատանք է փնտրում։

ԱՆՈՒՇ – Առաջ էլ էր փնտրում, բայց չէր գոռում։

ՆԱՐԵ — Նյարդերը բարակել են… Հե՞շտ է։ Գործի գնաց՝ առաջվանը կլինի։

ԱՆՈՒՇ — Չգիտեմ, ինչ ասեմ։ Ամեն ինչ խառնվել ա։ Օրը մի բան լինում ա։ Չինովնիկին հիշո՞ւմ ես։

ՆԱՐԵ – Ի՞նչ չինովնիկ։

ԱՆՈՒՇ — Չեմ ասե՞լ… Էն, որ կաբինետում ինֆարկտ էր ստացել։

ՆԱՐԵ — Ոնց որ հիշեցի։

ԱՆՈՒՇ  — Էն էլ կհիշես, որ սեղանից ցուցակ­ներ էին գտել։

ՆԱՐԵ – Հետո՞…

ԱՆՈՒՇ — Գործը փակել են։ Դու մի ասա, էդ անունները ճիշտ չեն եղել։ Սուտ անուններ է գրել։ Երևում ա՝ շատ փորձված ա եղել։ Դրա համար էլ փակում են… Մեռածին ի՞նչ դատ, ի՞նչ բան։

ՆԱՐԵ – Գարաժի պատմությունն ի՞նչ եղավ։

ԱՆՈՒՇ — Չի սարքելու։

ՆԱՐԵ — Վերևի՞ց են նեղել։

ԱՆՈՒՇ — Ո՞վ էր նեղելու։ Ինքն ա էդպես որոշել։ Ասել ա՝ էն գլխից էլ չէի սարքելու։ Ասել ա՝ իրեն շուտ խնդրեին, շուտ կասեր, որ չի սար­քելու։ Ասել ա՝ էս պատմությունը իր չուզողների սարքածն ա։ Մեկ էլ ասել ա՝ գարաժի փոխարեն էրեխեքի համար խաղեր ա բերելու՝ ճոճանակ-մոճանակ… Ալյուր կունենա՞ս, գաթա էի թխում, ալյուրս պակասեց։

ՆԱՐԵ — Կարծեմ ունեմ… հիմա կնայեմ։ (Դուրս է գնում։)

ԱՆՈՒՇ — Ոնց որ սատանան միջից փախել ա… առաջվանն ա:

ՆԱՐԵ — (հայտնվում է՝ ալյուրի պարկը ձեռ­քին)։ Վերցրու։

ԱՆՈՒՇ — Քեզ չես պահո՞ւմ։

ՆԱՐԵ – Պետք չի, ես չեմ թխում։

ԱՆՈՒՇ — Ապրես, շատ ապրես: Վատ զգաս՝ կանչիր, չամաչես… Գնամ, որ էրեխեքը տունը չավիրեն։ (Գնում է։)

ՆԱՐԵ – Երանի սրա նմաններին… (Ալարկոտ նստում է աթոռին։) Ես եմ, որ տարվա եղանակների պես փոխվում եմ, չեմ էլ ճանա­չում՝ ով եմ։ Բայց ո՞վ եմ։ Դատարկված շի՞շ, ջրհո՞ր… Հնարավո՞ր է մարդուն այնպես շրջել, որ մեջը ոչինչ չմնա։ Մի բան մնացել է՝ մեղքը։ Ասա՝ ներսս իրենով չլցնի։ Ուրիշ ինչո՞վ եմ լցնելու… (Հեռախոսազանգ։ Երկմտում է, հետո պատասխանում։) Ալո… Լսում եմ… Ես եմ… Ո՞վ է… Ի՞նչ է եղել… Հասկացա, հասկացա… Ներկայանա՞մ… Ո՞ւր ներկայանամ։ Ի՞նձ… Հո չե՞ք շփոթել… Ի՞նչ են նշանակել։ Ծրագրի ղեկավա՞ր… Ե՞րբ… Հրամա­նը տվե՞լ են… Չէ, չէ, չեմ ուշանա… Շնորհակա­լություն… Մինչև վաղը… (Դնում է լսափողը։) Էս ի՞նչ կաթոց է… Էլի հարևանը ջուրը բաց է թողել։ (Արագ գնում ու վերադառնում է։) Նշանակել են… Հրամանը տվել են… Կաթոցի ձայնը չի կտրվում… (Նորից է գնում ու վերադառ­նում։) Կաթոցը ոնց որ իմ մեջ է։ Հո սատանան չի՞ լացում… Սատանաաաա՜… Լռում է: Չքվե՞ց: Երջանկությանը չդիմացավ: Ինձ հետ մի բան չլինի՞…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։