ԱԶՆԻՎ ՀՐԱՉՅԱ / Նաիրա ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆ
2020 թ. դեկտեմբերին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակեց 19-րդ դարի հայ նշանավոր դերասանուհի Ազնիվ Հրաչյային (1853-1919 թթ.) նվիրված մենագրությունը, հեղինակ՝ արվեստագիտության թեկնածու Նաիրա Շահվալադյան: Թատերագետն ընթերցողին է ներկայացնում արտիստուհու անձն ու ստեղծագործական նկարագիրը և ոչ միայն…
Գիտական ուսումնասիրության մեջ քննության է առնված հայ դերասանական արվեստի պատմության այն շրջանը, երբ ինչպես Արևմուտքում ու Ռուսաստանում, այնպես էլ հայ իրականության մեջ նոր էր ձևավորվում հոգեբանական ռեալիզմի ուղղությունը, դրվում էին համախմբային (անսամբլային) թատրոնի հիմքերը: Սա 19-րդ դարավերջն է և 20-րդ դարասկիզբը՝ գեղարվեստական նորագույն ձգտումներով, որտեղ Ազնիվ Հրաչյան որպես բեմական առաջնուհի առանձնանում է ստեղածագործական մտքի իր թարմությամբ, նորագույն թատրոնի ըմբռնումով ու արվեստով:
Մենագրությունը tatron-drama.am կայքի ընթերցողներին է ներկայացնում հեղինակը:
Նաիրա ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու
Ազնիվ Հրաչյայի արտիստական նկարագիրն ինձ հետաքրքրում էր դեռևս ուսանողական տարիներից, հետաքրքրություն, որ պիտի մղեր գիտական հետազոտության, և նրա արվեստի ուսումնասիրությունը դառնալու էր ատենախոսությանս թեման: Չտեսած դերասանի մասին գրելը խիստ առանձնահատուկ թատերագիտություն է, որովհետև գործ ունենք արվեստի թողած հետքի հետ: Զբաղվում ենք հետքերն ուսումնասիրելով: Այս գործով քչերն են զբաղվում: Դա թատերական քննադատությունը չէ, որ տեսնես և գրես: Թատրոնը պատմականորեն փոփոխվող ու հեռացող արվեստ է: Եվ բարդագույն խնդիր է ավելի քան մեկ դար հեռավորությունից ուսումնասիրել դերասանի կամ դերասանուհու անձն ու ստեղծագործական նկարագիրը, հստակել հայ թատրոնի պատմության մեջ արտիստի դերը. պատմականորեն ի՞նչ կետում է կանգնած նա իր արվեստով, բացահայտել նրա ստեղծագործական սկզբունքները՝ ի՞նչ է հատկանշել իրենով, բեմական ի՞նչ սկզբունք: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, անցած դերասանի մասին հետազոտությունն ավելի շատ անհրաժեշտ է այսօրվա մասնագետին, ստեղծագործողին՝ ժամանակի հայ դերասանական արվեստի նկարագիրն ու միտումներն ավելի խորությամբ ըմբռնելու համար: Թատերագիտական գրականության մեջ առանձնահատուկ տեղ ունեն դերասանական դիմանկարները, և պատմությունը ներկայանում է որպես դիմանկարների, հատկապես, դերասանուհիների դիմանկարների պատկերասրահ: 19-րդ դարի թատրոնում դերասանն է եղել այն կենտրոնաձիգ դեմքը, որ ճաշակ է թելադրել, իմաստ է տվել միջավայրին և հետաքրքրություն ու հուզական մթնոլորտ է ստեղծել նաև թատրոնից դուրս: Թատրոնն իր խաղացանկով ու ոճով հարմարվել է դերասանական անհատներին, առավելապես, բեմական առաջնուհիների ճաշակին ու թելադրանքին: Նրանք են հանդիսատեսային միջավայր ստեղծել: Սա 19-րդ դարի թատրոնի հասարակական կենսունակության կարևոր պայմաններից մեկն է, իրողություն ոչ միայն պատմական, այլև արդիական առումով: Ինչպես ցույց են տալիս ժամանակի հուշագրությունները, մամուլը և քննադատությունը, դերասանական անհատը թատրոնի պատմության կենտրոնում է, և յուրաքանչյուր անհատի ընդունում ենք որպես ժամանակի բեմական մտածողության կրողը, ավելին՝ գեղարվեստական ընդհանուր աշխարհայացքի արտահայտությունը: Գրքում անդրադարձել ենք դերասանական արվեստի պատմության մի շրջանի, երբ թե՛ Արևմուտքում ու Ռուսաստանում, և թե՛ հայ իրականության մեջ, նոր էր ձևավորվում հոգեբանական ռեալիզմի ուղղությունը, նորություն էր համախմբային թատրոնն ինքնին, և այս համատեքստում Ազնիվ Հրաչյան որպես բեմական առաջնուհի առանձնանում է նորագույն թատրոնի իր ըմբռնումով ու արվեստով: Ցավոք, այսօր քիչ է հիշատակվում այս դերասանուհու անունը և մեր ժամանակակիցներին քիչ բան է հայտնի նրա մասին: Ազնիվ Հրաչյայի դիմանկարը չէր կարող դուրս մնալ հայ թատրոնի պատմաբանների ուշադրությունից: Սակայն անհրաժեշտություն կար ճշգրտելու կենսագրությունը, գիտականորեն հիմնավորելու նրա արվեստի առանձնահատկությունները և լրացնելու նրա գործունեության չլուսաբանված ոլորտները՝ որպես ռեժիսոր, դերուսույց և թատերական կյանքի կազմակերպիչ:
Մենագրության առաջին գլուխը կենսագրական ակնարկ է: Տարեթվերի որոշ հակասությունների և անճշտությունների ենք հանդիպում դերասանուհու կենսագրությանն առնչվելիս: Կատարվել են թվական ճշտումներ, համալրվել են կենսագրական մանրամասները: Թվական ճշտումներին մեծ տեղ է հատկացվել, քանի որ գիտական մոտեցման համար ժամանակագրության հարցը կարևոր է, մեկ-երկու տարին թվում է, թե նշանակություն կարող էր չունենալ, բայց փոխկապակցված են թվերը, երբեմն մեկ թվականը մյուսի հարաբերության մեջ է ճշտվում: Սա կարևոր է ոչ այնքան դերասանուհու համար, որքան պատմության, դրան գիտականորեն մոտեցման համար, քանի որ եթե որևէ թիվ խախտվում է, այլ թվերի հետ հարաբերության մեջ որոշ իրադարձություններ պարզապես անհեթեթ են դառնում:
Հայտնի հեղինակներին անդրադառնալուց բացի, ուսումնասիրվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող անտիպ նյութեր, ձեռագիր հուշեր, դերասանուհու ժամանակակիցների ֆոնդային փաստաթղթերը: Շրջանառության մեջ են դրվել դերասանուհու մասին պատմող, մինչ օրս անհայտ, արխիվային նյութեր: Պարզելու համար, թե դերասանուհու արվեստը պատմագեղարվեստական ինչ համատեքստում է իրականացել, ուսումնասիրվել է ժամանակաշրջանի մշակութային կյանքը: Անդրադարձ է կատարվել բոլոր թատերաշրջաններին, ուշադրություն է դարձվել թատերախմբերի փոփոխվող կազմերին ու խաղացանկերին: Դրանց փոփոխությունները դիտվել են պատմաքաղաքական համատեքստում: Ժամանակագրական կարգով դուրս է բերվել և ամբողջացվել Հրաչյայի ամբողջական խաղացանկը:
Երկրորդ գլուխը պատմում է նրա դերասանական արվեստի մասին: Հրաչյան բեմ է բարձրացել, երբ պոլսահայ թատրոնում իշխել են խաղային էֆեկտները և զգացմունքներ ցուցադրելու արվեստը։ Սկսնակ դերասանուհին, թվում է, պետք է իր խաղային սկզբունքներն ու արվեստի պատկերացումները ճշտեր՝ հետևելով ընդունված ավանդույթին։ Սակայն դերասանուհու ստեղծագործական բնազդը նրան մղել է բնական և պարզ խաղի։ Հոգեբանական ճշմարտության ձգտումը եղել է նրա ներքին խառնվածքի թելադրանքը: Հրաչյան խաղացել է` զսպելով զգացմունքները։ Պոլսահայ դերասանական միջավայրում տարբեր լինելով իր սերնդակից և ավագ խաղակիցներից, Հրաչյան դիմադրության չի հանդիպել, ընդունվել է անքննադատ հիացումով: Քննադատները, նկատի առնելով Հրաչյայի՝ հոգեկան ապրումների ցուցադրման հմտությունը, մղել են նրան դեպի ռեալիստական, հոգեկան վիճակների կոնկրետություն ենթադրող պիեսներ։ Հրաչյայի արվեստում մեծ դեր է խաղացել նրա նկարագիրն ու խառնվածքը։ Դերն անձնականացնող դերասանուհին զննել է նախ և առաջ իր անձը, զգացմունքները հասցրել գեղարվեստականության ու ապրել գեղագիտական հրճվանք: Առանձնացվել է դերասանուհու մրցորդային դերերից Մարգարիտ Գոթիեն «Քամելիազարդ կինը» դրամայում: Այս դերակատարումը մամուլում և հիշողություններում ամենամեծ հետքն է թողել: Ռուսական և եվրոպական առաջատար թատրոնների նույն խաղացանկն ու դերացանկը բնականորեն ստեղծել են մրցակցային վիճակ, ինչն էլ դերասաններին մղել է որոնելու խաղի նոր գույներ և հոգեբանական ինքնուրույն վճիռներ:
Երրորդ գլխում քննվում են դերասանուհու ռեժիսորական աշխատանքները, նաև թե Հրաչյան որպես դերուսույց ինչպես է աշխատել: 1890-ականներից սկսվել է ռեժիսուրայի ինքնուրույնացումը նաև հայ թատրոնում: Ինքնակենտրոն խաղի փոխարեն ձևավորել է նոր տիպի՝ համախմբային (անսամբլային) արվեստ: Նոր ձևավորվող հայ ռեժիսորական արվեստում արտիստուհին իր դերն է ունեցել: Նրա սկզբունքներն ու պահանջները համահունչ են եղել ժամանակի եվրոպական բեմական արվեստում սկզբնավորվող եղանակներին: Ազնիվ Հրաչյային ժամանակ է պետք եղել ուսումնասիրելու գրական նյութը, պիեսում կատարվող իրադարձությունների ժամանակաշրջանը, կերպարները: Սովորաբար, դերասանների հետ աշխատելիս, նրանց կերպարները բացահայտելու նպատակով նա մի քանի անգամ քննել ու վերլուծել է պիեսը, գրական կոնտեքստից դուրս բերել խաղային իրադրությունները: Դրամատուրգիական երկը ռեժիսոր-Հրաչյայի համար գեղարվեստական հույզի, ներշնչման աղբյուր է եղել: Երկը ռեժիսոր-Հրաչյան դիտել է որպես գեղարվեստական ներշնչման նախնական պայման: Նա տևականորեն քննել է «գրվածքի ներքին էությունը», դրամատուրգիական տեքստի բեմական հնարավորության չափը, գործողության և գործող անձանց հույզերի տրամաբանությունը, հեղինակի գաղափարական միտումը:
Անդրադարձ կա Ազնիվ Հրաչյայի՝ մշակութային կյանքում զբաղեցրած տեղին: Թատերական միջավայրում բոլոր հարցերը քննարկվել ու ուղղորդվել են դերասանուհու մասնակցությամբ: Հրաչյայի կանխատեսումներն ու կարծիքները որոշիչ են եղել սկսնակ դերասանների համար: Նրա ինքնաքննադատական վերաբերմունքը ստեղծել է անաչառ արվեստագետի կերպար, ում հետ հաշվի են նստել և թատրոնի գործի կազմակերպիչները, սկսնակ ու մասնագետ դերասանները: Հրաչյայի ստեղծագործական սկզբունքներն ու ուսուցման եղանակը եղել են կենսունակ և դրսևորվել նրան տեսնողների, հետևողների արվեստում:
Ազնիվ Հրաչյայի մասին այս մենագրությունը, կարծում ենք, կհետաքրքրի թատրոնի պատմությունը ուսումնասիրողներին, թատերական կրթությանը հետևող դասախոսներին ու ուսանողներին և թատերարվեստով հետաքրքրվող ընթերցողներին: