ՎԱՀԵ ՔԱՉԱ / ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ
Վահե ՔԱՉԱՅԻ «ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում
Գոյապաշտական դրամա մեկ արարով
Գործող անձինք
ԲՐԻԺԻՏ
ՎԻԿՏՈՐ
ՎԻԼԿԵՐ
ՊԻԵՌ
ՏԻՄԱԿՈՎ
ՖՐԱՆՍՈՒԱԶ
Դոկտոր ՔԱՐՏ
ԿԱՈՒԲԱԽ – գերմանացի սպա
Երկու գերմանացի զինվոր
Հյուրասենյակ, պատուհաններին՝ թանզիֆե շերտեր: Ձախ կողմում նախամուտքի միջանցքն է, աջ կողմում՝ խոհանոցն ու լոգարանը: Բեմում միայն Բրիժիտն է, նա ուշադիր զննում է սեղանը:
ԲՐԻԺԻՏ — (մտքում): Ամեն ինչ իր տեղում է, նույնիսկ աղամանները։ Տարօրինակ է, ես դրանք միշտ մոռացել, թողել եմ խոհանոցում։ (Բարձրաձայն։) Վիկտոր, ինչո՞վ ես զբաղված։ Վեցն անց կես է, շուտով հյուրերը կգան։ (Մտքում։) Հաստատ սափրվում է։ (Նայում է հայելուն։) Քսաներկու տարեկան, կարծես այնքան էլ ծեր չեմ։ (Դռան զանգ։) Չէ, հաստատ ուտելու բան եմ։
ՎԻԿՏՈՐ — (խոհանոցից մտնում է սենյակ փրփուրը երեսին, ձեռքում՝ ածելի)։ Կարծես դռան զանգն է։
ԲՐԻԺԻՏ — Գնում եմ… միայն թե դու շտապիր։ (Դուրս է գալիս միջանցք։)
ՎԻԿՏՈՐ — (մտքում): Երջանիկ կին։ Ոչինչ չես ասի։ (Գնում է խոհանոց։)
Վ Ի ԼԿԵՐ — (ներս մտնելով)։ Ես շո՞ւտ եմ եկել։
ԲՐԻԺԻՏ – (օգնելով հանել թեթև վերարկուն)։ Այդ մյուսներն են ուշացել։
ՎԻԼԿԵՐ — (գնում է դեպի սեղանը)։ Դե՜, հասկանալի է, պատերազմ է, պատերազմ… (Մտքում։) Սեղանը գցված է, հոյակապ է։ Այսպե՜ս… Աղանդերն իր տեղում… Կարտոֆիլը կճպված և օղակ-օղակ կտրտված, իսկ խոհանոցից՝ տապակած ճտի անուշահոտ բուրմունք։ Բրիժիտը նույնիսկ աղամանները չի մոռացել։ Հոյակապ խնջույք կլինի։
ՎԻԿՏՈՐ — (ներս մտնելով)։ Ողջույն, Վիլկեր։ Ի՞նչ նորություն կա։
ՎԻԼԿԵՐ — Շարունակ պատերազմ է։ (Ցածրաձայն։) Հաստատ աղբյուրներից իմացա, որ այս առավոտ գերմանացիները լուրջ կորուստներ են կրել։
ՎԻԿՏՈՐ — Դե, այդ լուրը ֆրանսիացիներիս պիտի մի փոքր քաջալերի։
ՎԻԼԿԵՐ — Խոսքը խփված քսան ինքնաթիռների մասին է… Հա, ի դեպ, դուք այս առավոտ տնից դուրս եկե՞լ եք։
ՎԻԿՏՈՐ — Բրիժիտը մեկ անգամ դուրս եկավ գնումներ կատարելու։
ՎԻԼԿԵՐ — Խորհուրդ չէի տա… Այս մի քանի օրը գերմանացիները շատ լարված են, դե՛, կապված կորուստների հետ…
ՎԻԿՏՈՐ – Ի՞նչ ես կարծում, ե՞րբ է վերջանալու պատերազմը։
ՎԻԼԿԵՐ — Վեց ամսից։ Այո, վեց ամիս։ Ես դեռ մեծահոգի եմ և նրանց շատ ժամանակ եմ տալիս։
ՎԻԿՏՈՐ — Բայց նրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել։
ՎԻԼԿԵՐ — Փարատիր մոլորություններդ, սիրելի Վիկտոր։ Նրանք սպառված են, սպառված…
ԲՐԻԺԻՏ — (հառաչելով)։ Տա Աստված… Ես ատո՛ւմ եմ պատերազմը:
ՎԻԼԵՐ — (կարծես նոր տեսավ Բրիժիտին)։ Հա՜... տեսնո՞ւմ ես, մոռացա քո նվերը հանձնել։ (Գրպանից հանում է տուփը։) Իմ և տիկնոջս անունից։ Շնորհավոր ծնունդդ։ (Համբուրում է։)
ԲՐԻԺԻՏ – Հիմա՞ բացեմ։
ՎԻԿՏՈՐ — Սպասենք մյուսներին։
ԲՐԻԺԻՏ — (իբր չլսեց. բացում է տուփը։ Ապարանջանը հագցնում է դաստակին)։ Ի՜նչ հրաշալի է։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Դե իհարկե, այնքան թանկ արժե…
ԲՐԻԺԻՏ — Վիլկեր, դուք խելագար ծախսեր եք անում։
ՎԻԼԿԵՐ — Դե իհարկե, չէ՞ որ մենք բարեկամներ ենք։ (Դռան զանգ։) Կարծես մեր ընկերները եկան։
ԲՐԻԺԻՏ — (ուրախ՝ միջանցքից վերադառնալով)։ Պիեռը և Տիմակովը եկան։ (Շրջվելով դեպի միջանցք։) Մտե՜ք, պարոնայք, դուք առանց այն էլ ուշացել եք:
Ներս են մտնում Պիեռը և Տիմակովը:
ՎԻԿՏՈՐ — Դուք փողոցո՞ւմ հանդիպեցիք։
ՏԻՄԱԿՈՎ – Ես նրա մոտ էի: (Զննելով սենյակը, մտքում։) Ֆրանսուազը դեռ չի եկել։
ԲՐԻԺԻՏ — (Տիմակովի միտքը կարդալով, մտքում)։ Համբերիր, ուր որ է կերևա։
ՊԻԵՌ — (Բրիժիտին տալով ծաղկեփունջը)։ Շնորհավորում եմ։ (Համբուրվում են:)
ՏԻՄԱԿՈՎ – (տալով կալվադոսի ցանցապատ շիշը)։ Ես նույնպես, Բրիժիտ, շնորհավորում եմ քեզ։ (Համբուրում է:)
ՎԻԼԿԵՐ — (Բրիժիտին)։ Հապա մի տուր այստեղ։ (Վերցնում է շիշը, զննում։) Կեցցե՛ս, Տիմակով, ես քեզնից այսպիսի տաղանդավոր բան չէի սպասում։
ՊԻԵՌ — (նշան անելով Վիլկերին, որ շիշն իրեն տա։ Վերցնում է շիշը, զննում, ինչպես կույրը դա կաներ։) Ճիշտ քսաներկու հատ են դրամները։ Դու չե՞ս նկատել, Բրիժիտ։
ԲՐԻԺԻՏ — Անկեղծ ասած՝ ոչ։
ՏԻՄԱԿՈՎ — Քո հաջորդ տարեդարձին մի դրամ կավելացնես։
ԲՐԻԺԻՏ — Շնորհակալ եմ, պարոնայք։ Խնդրեմ, նստեք, հիմա խմիչքը կբերեմ։
Բոլորը նստում են սեղանի շուրջ։ Բրիժիտը գինի է բերում։
ՏԻՄԱԿՈՎ — (բացելով շիշը և հոտ քաշելով խցանից)։ Լա՜վն է, շա՜տ լավը…
ՎԻԼԿԵՐ — (բաժակները լցնելով): Այո, կյանքը հիասքանչ է։ Ափսոս, որ այս զզվելի պատերազմը…
ԲՐԻԺԻՏ — Նորից չսկսեք…
ՎՒԼԿԵՐ — Ներիր, սիրելի Բրիժիտ, ես նկատի ունեի պարետային ժամը, այն նորից ետ են գցել և մենք ստիպված կլինենք մեր հոյակապ խնջույքը երկու ժամ շուտ ավարտել։
ԲՐԻԺԻՏ — Իսկապես… կեսգիշերին է, չէ՞…
ՎԻԼԿԵՐ — Ճիշտ կեսգիշերին։
ՏԻՄԱԿՈՎ — Քիչ ողբանք։ Կեսգիշերը շատ էլ պատշաճ ժամ է։
ՎԻԼԿԵՐ — Իհարկե, իհարկե, բայց փաստն է կարևորը։ Մտածեք միայն, որ կեսգիշերին փողոցում լինելու իրավունք չունենք։ Դա զայրացուցիչ է։
ԲՐԻԺԻՏ — Սիրելիներս, եկեք չվիճենք…
ՎԻԿՏՈՐ – Ի՞նչ ես ասում, սիրելիս, ինչպե՞ս կարող ենք մենք վիճել, այն էլ քո ծննդյան օրը։ Հանգիստ կճաշենք, կզրուցենք, երաժշտություն կլսենք, կպարենք…
Դռան զանգ։
ՏԻՄԱԿՈՎ — Ֆրանսուազն է։
ՎԻԿՏՈՐ — Ահա, տեսնո՞ւմ ես, սա էլ երևի Ֆրանսուազն է։ (Գնում է։)
ՏԻՄԱԿՈՎ — Ֆրանսուազն է։
Վիկտորի հետ ներս է մտնում Ֆրանսուազը՝ շոկոլադի տուփը ձեռքին։
ԲՐԻԺԻՏ — (ուրախացած վեր է թռչում տեղից): Շոկոլա՜դ…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (հանձնելով տուփը)։ Շնորհավոր ծնունդդ, սիրելիս։ (Համբուրվում են:) Չեմ հասցրել նույնիսկ տուն մտնել, այնպես որ, տեսքիս համար ներեցեք։
ՎԻԼԿԵՐ — Դու չե՞ս մրսում։ Ես վերարկուով եմ, տուն գնալիս…
ՏԻՄԱԿՈՎ — (չոր)։ Մի անհանգստացիր, Վիլկեր, իմ բաճկոնն ավելի հարմար է նրան։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Հանգստացեք, հանգստացեք, ի սեր Աստծո։ Ես չեմ մրսում։
ՊԻԵՌ — Ժամը քանի՞սն է։
Վ Ի Կ Տ Ո Ր — Յոթը, իսկ ի՞նչ կա որ…
ՊԻԵՌ — Առանձնապես ոչինչ… Կուզենայի լուրերը լսել:
ՏԻՄԱԿՈՎ — (տեղից ելնելով): Թող գրողի ծոցը կորչեն քո լուրերը։ Գոնե այսօր եկեք մոռանանք, որ պատերազմ է, գոնե այսօր եկեք ապրենք անհոգ, եկեք… սիրենք իրար… (Միացնում է ռադիոընդունիչը։) Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք… (Երաժշտություն գտնելով։) Դե, ահա և ձեզ տանգո։ Ֆրանսուազ, եթե հոգնած չես, հաճույքով քեզ պարի կհրավիրեի։
ԲՐԻԺԻՏ — Թող գոնե մի քիչ ուտի:
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (Բրիժիտին)։ Ոչինչ, ոչինչ… (Տիմակովին.) Ես հաճույքով… ես… պատրաստ եմ։
Ֆրանսուազն ու Տիմակովը տանգո են պարում։ Աննկատ ներս է մտնում դոկտոր Քարտը։
ԴՈԿՏՈՐ — Բրավո, բրավո…
ԲՐԻԺԻՏ — (վեր կենալով)։ Դոկտոր, սիրելի դոկտոր Քարտ, ինչպե՞ս ներս մտաք։
ԴՈԿՏՈՐ — Պարզ է, թե ինչպես։ Դռնով։ (Համբուրում է Բրիժիտի ձեռքը։)
ԲՐԻԺԻՏ – Ինչպե՞ս, բա՞ց էր… (Հանդիմանական նայում է Վիկտորին։)
ԴՈԿՏՈՐ — Ես արդեն փակեցի։ (Պարող զույգին։) Շարունակեք, շարունակեք…
Ֆրանսուազն ու Տիմակովը շարունակում են պարել։
ԲՐԻԺԻՏ — Խնդրեմ, դոկտոր, ինչպես միշտ նստեք ձեր տեղը։ Վիկտոր…
ԴՈԿՏՈՐ — Առանց ձևականությունների, խնդրում եմ։ Թող ամեն մեկն իր ուզած տեղը նստի։ (Տեղավորվելով։) Հա, այն էլ ասեմ, որ մոռացա քո նվերը։ Կես ճանապարհին հիշեցի։ Դե՜, հասկանում եք, օրը տասներկու ժամ եմ աշխատում։ Այնպիսի ծանրաբեռնվածություն է, որ…
ՎԻԿՏՈՐ — Ոչինչ, դոկտոր, մեկ ուրիշ օր կնվիրեք։
ԴՈԿՏՈՐ — (նկատելով սեղանի վրայի ուտելիքները, Բրիժիտին)։ Օ՜, այս ամենը մենա՞կ ես պատրաստել։
ԲՐԻԺԻՏ — (անթաքույց հպարտությամբ)։ Այո, և սա դեռ բոլորը չէ։
ԴՈԿՏՈՐ — Հիանալի է, հիանալի… (Պարող զույգին։) Տիմակով, մոտեցեք սեղանին։ (Պարող զույգն, անջատելով ռադիոընդունիչը, տեղավորվում է սեղանի շուրջ։) Բարեկամներս, կարծես պատերազմ չկա։ Առատ է սեղանը և հոսում է գինին։ Խմենք խաղաղության կենացը:
ԲՈԼՈՐՐ — (ոտքի են կանգնում): Խաղաղության կենացը։
Դրսում կրակահերթ է լսվում։ Բոլորը, բացի Տիմակովից, խուճապահար են: Լռություն։
ԲՐԻԺԻՏ — Ես ճի՞շտ լսեցի, դրանք կրակոցնե՞ր էին…
ՏԻՄԱԿՈՎ — (անհոգ)։ Այո՜, կարծես ինչ-որ մեկի վերջը տվին։
ՎԻԼԿԵՐ — Կամաց, այդքան բարձր մի խոսիր…
Դռան ուժեղ թակոցներ։
ԴՈԿՏՈՐ — Պարոնայք, լսո՞ւմ եք… (Թակոցները կրկնվում են ավելի ուժեղ։) Գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում։
ՏԻՄԱԿՈՎ — (հանգիստ գինի խմելով։) Ոչինչ, ուղղակի մեր դուռն են ջարդում։
Թակոցները շարունակվում են։
ՎԻԼԿԵՐ — Պետք է բացել… (Շարժում չկա։)
ՏԻՄԱԿՈՎ — Վիկտոր, ի՞նչ ես կարծում, պե՞տք է դուռը բացել, թե՞ թողնենք, որ ֆրիցները ջարդեն։
ՎԻԿՏՈՐ — Իհարկե, իհարկե… (Մի ցրիվ հայացք նետելով բոլորի վրա՝ դուրս է գալիս միջանցք։)
Երկու զինվոր են ներս մտնում, թռուցիկ հայացք նետելով նստածներին, վազում են խոհանոց։ Մտնում է գերմանացի սպան, նրա ետևից՝ շփոթահար Վիկտորը։ Զինվորները գալիս են խոհանոցից և զգաստ սպասում հրամանի։
ԿԱՈԻԲԱԽ – Waren Sie auf mich in karridor. (Սպասեք ինձ միջանցքում:)
Զինվորները գնում են միջանցք։ Կաուբախը մոտենում է ռադիոընդունիչին, միացնում։ Երաժշտություն է հնչում։
ՎԻԿԵՐ — (մտքում)։ Անիծյալ կույր… Լավ է, քո խելքին չընկանք։
ԿԱՈՒԲԱԽ — (անջատում է ռադիոընդունիչը)։ Քիչ առաջ, ձեր պատուհանների տակ, կրակեցին գերմանացի երկու սպայի վրա։ Նրանք մեռան։ Մարդասպանները նրանց վրա կրակեցին թիկունքից։ Հետո փախան։ Սա երկրորդ սպանությունն է այս շաբաթվա մեջ, և մենք ստիպված ենք խիստ միջոցներ կիրառել։ Գերմանացի մեկ սպանված զինվորի դիմաց մենք տասը պատանդ ենք վերցնելու։
ՎԻԼԿԵՐ — Ներեցեք, մսյո սպա, բայց մենք գործ չունենք նման բաների հետ։ Մենք հանգիստ ճաշում էինք… Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։
ԿԱՈՒԲԱԽ — Հիմա ստիպված պիտի զբաղվեք։ Ձեր թաղամասում սպանվել են երկու գերմանացի սպա, ուրեմն ինձ քանի՞ պատանդ է պետք։
ՎԻԼԿԵՐ — Կարծում եմ… քսան։
ԿԱՈՒԲԱԽ – Տեսնո՞ւմ եք, քաղաքականությամբ զբաղվելու համար այնքան էլ շատ գիտելիքներ պետք չեն, բավական է մինչև քսանը հաշվել իմանաք։ Լա՜վ… Իսկ ձեզնից ո՞վ է ապրում այս տանը։ Դո՞ւք։ (Մատնանշելով Վիլկերին։)
ՎԻԼԿԵՐ — Ոչ, ի՞նչ եք ասում…
ՎԻԿՏՈՐ – Ես եմ:
ԲՐԻԺԻՏ — Նա անմեղ է։ Նա ոչինչ չի արել…
ԿԱՈՒԲԱԽ — (մի պահ զննելով Բրիժիտին, դիմում է Վիկտորին)։ Այս շենքում քանի՞ բնակարան կա։
ՎԻԿՏՈՐ — (թուքը կուլ տալով)։ Տաս… տաս բնակարան։
ԿԱՈՒԲԱԽ — Հիանալի է։ Յուրաքանչյուր բնակարանից երկու պատանդ կվերցնենք։ Այդպես ավելի արդար կլինի։
ՎԻԼԿԵՐ — Բայց դա արդարացի չէ։ Մենք իսկապես գործ չունենք դրա հետ… Մենք բարեկամներ ենք և Բրիժիտի տարեդարձն ենք նշում:
ԿԱՈՒԲԱԽ – Տեսնո՞ւմ եք, դուք արդեն զբաղված եք ակտիվ քաղաքականությամբ։ (Մոտենալով Ֆրանսուազին։) Դո՞ւք եք Բրիժիտը։
ՎԻԿՏՈՐ — Ոչ, նա չէ:
ԿԱՈՒԲԱԽ — (Բրիժիտին) Այո՜, ներեցեք։ (Մոտենում է, համբուրում ձեռքը։) Շնորհավորում եմ, մադամ, բայց, ցավոք, այլ կերպ վարվել չեմ կարող։ Պատերազմ է։ Ինչպես դուք եք ասում. «Պատերազմում՝ ինչպես պատերազմում»։ Իմ զինվորները ձեզնից երկու պատանդ կընտրեն…
Գնում է միջանցք։ Բոլորը քարացել են։ Ներս է մտնում Կաուբախը՝ ձեռքին թիթեռների հավաքածուն։
ԿԱՈՒԲԱԽ — Այս թիթեռների հավաքածուն ձե՞րն է։ (Վիկտորն ապշահար նայում է նրան։) Թիթեռներն, ասում եմ, ձե՞րն են։
ՎԻԿՏՈՐ – (ուշքի գալով)։ Այո, այո, իմն են…
ԿԱՈՒԲԱԽ — Գիտեք, շատ հետաքրքիր հավաքածու է:
ՎԻԿՏՈՐ — Կարող եք ձեզ վերցնել։
ԿԱՈՒԲԱԽ — Ես ավարառու չեմ։ Ուղղակի այս նմուշները հետաքրքրեցին ինձ և կուզենայի ավելի մոտիկից ծանոթանալ դրանց։ Ես էլ եմ թիթեռներ հավաքում։ Եթե թույլ կտաք, ես կուղարկեմ զինվորներին և կզբաղվեմ ձեր թիթեռների ուսումնասիրությամբ։
ՎԻԿՏՈՐ — Դե, իհարկե, իհարկե…
ԿԱՈՒԲԱԽ – Դե՜, իսկ դուք ձեր միջից կընտրեք երկու պատանդ։ Կարծում եմ, դա ավելի մարդասիրական է։ Այո, տիկնայք և պարոնայք, ընտրությունը թողնում եմ ձեզ։ Կարող եք չշտապել, ինձ երկու ժամ պետք է այս հետաքրքիր հավաքածուն ուսումնասիրելու համար։ (Վիկտորին՝ սիրալիր։) Դուք ինձ խոշորացույց կտա՞ք… (Գնում է միջանցք։)
ՊԻԵՌ — Սա կատա՞կ է։
ՎԻԿՏՈՐ — Սա կատակ չէ։ Նրան իսկապես երկու պատանդ է հարկավոր։
ՊԻԵՌ — Բայց մենք չենք կարող երկու պատանդ ընտրել մեր միջից։ Դա անմարդկային է… դա հրեշավոր արարք է…
ԴՈԿՏՈՐ — Իսկապես… մենք հո միջնադարում չե՞նք։
ՎԻԼԿԵՐ — Մենք չենք կարող ընտրել, բոլորս բարեկամներ ենք… եթե, իհարկե, կամավորներ չլինեն։
ՏԻՄԱԿՈՎ – Ի՞նչ ես ուզում ասել, Վիլկեր։
ՎԻԼԿԵՐ – Ոչինչ…
ՊԻԵՌ — Մեզ մի թելադրեք, Վիլկեր։
ՎԻԼԿԵՐ — Բայց ես ոչինչ չթելադրեցի… Ես… ես գուցե ինքս պատանդ գնամ…
ԲՐԻԺԻՏ — Դա անարդար կլինի։ Մենք չենք թողնի, որ դուք գնաք։ Ճիշտ չե՞մ ասում, Վիկտոր։
ՎԻԿՏՈՐ — Հանգիստ, հանգիստ։ Մեզ չկորցնենք։ Ի մի բերենք…
ՏԻՄԱԿՈՎ — Ի մի բերելու բան չկա։ Երկու գերմանացի են սպանվել և գեստապոն ուզում է վրեժ լուծել։ Երկու ժամ ունենք, որպեսզի մեզնից երկու պատանդ ընտրենք ֆրիցի համար։
ԴՈԿՏՈՐ — Դու ճանաչո՞ւմ ես նրան։ Նրա անունը Ֆրի՞ց է։
ՏԻՄԱԿՈՎ — Ֆրից կամ Հանս, ի՞նչ տարբերություն…
ՎԻԿՏՈՐ — Գրողը տանի, նա ինձնից խոշորացույց ուզեց։ (Վազում է խոհանոց։)
Լռություն։
ԲՐԻԺԻՏ — (մտքում)։ Ի՞նչ անեմ, ճտերն ու կանաչ սիսեռը չմատուցե՞մ…
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Գրազ կգամ, որ դարդն ու ցավն իր տարեդարձի պատրաստությունն է։ Անխելք աղջիկ…
ԴՈԿՏՈՐ — (մտքում)։ Չէ, այսպես չի լինում… Սա ինչ-որ թյուրիմացություն է… Մարդն ուղղակի չի կարող անասունի պես մեռնել…
ՊԻԵՌ — (մտքում)։ Գրողը տանի, նրանք սկսում են ինձ մոռանալ, իսկ քիչ անց ավելորդ կհամարեն և…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (մտքում)։ Աստված իմ, վերջ տվեք անմիտ այս ու այն կողմ քայլելուն։ Ես խնդրում եմ ձեզ։ Նստեք։ Նստեք…
ՏԻՄԱԿՈՎ — (մտքում)։ Է՜հ, արեք, ինչ ուզում եք, խոսեք, ինչ կամենաք։ Ես գինի եմ խմելու։ (Գինի է խմում։)
ՎԻԼԿԵՐ — (Տիմակովին)։ Մեջդ դեռ խմելու ցանկությո՞ւն է մնացել։
ՏԻՄԱԿՈՎ — Ավելին։ Տապակած ճտի և կանաչ սիսեռի…
ԿԱՈՒԲԱԽ — (ներս մտնելով): Ներեցեք, որ անհանգստացնում եմ, բայց ինձ խոշորացույց է պետք։ Ես մի այնպիսի նմուշ եմ հայտնաբերել… (Այդ պահին խոշորացույցը ձեռքին ներս է մտնում Վիկտորը և փութով տալիս Կաուբախին։) Գիտե՞ք, դուք իսկապես սքանչելի հավաքածու ունեք։ (Ոգևորված դառնալով մյուսներին։) Հապա մոտ եկեք։ (Բոլորը մոտենում են, Ֆրանսուազից և Պիեռից բացի։) Նայեք այս գինանդրոմորֆին։ Մոտ եկեք, մոտ։ Տեսնո՞ւմ եք, առաջին հայացքից կարծես սովորական թիթեռ լինի։ Ապա, կռացեք… Կռացեք, կռացեք և խոշորացույցով նայեք։ Եվ գիտե՞ք, թե որն է սրա գաղտնիքը… Չտեսա՞ք… կբացատրեմ։ Սա միաժամանակ և որձ է, և էգ։ Տեսնո՞ւմ եք այս բաժանման գիծը, որն անցնում է մարմնի մեջտեղով՝ գլխից մինչև ետնամաս։ Այն բաժանում է միջատին երկու մասի, մի մասը արական է, մյուսը՝ իգական…
ՎԻԿՏՈՐ — (նույնպես ոգևորված)։ Եթե ուզում եք, վերցրեք…
ԿԱՈՒԲԱԽ — Ոչ, ոչ, ես միայն կնայեմ։
ՎԻԿՏՈՐ – Գիտե՞ք, ես մի ուրիշ, շատ ավելի հարուստ հավաքածու ունեմ։ Շատ հազվագյուտ հավաքածու է…
ԿԱՈՒԲԱԽ – Իսկապե՞ս։ Իսկ որտե՞ղ է։
ՎԻԿՏՈՐ – Իմ խանութում։
ԿԱՈՒԲԱԽ – Որտե՞ղ…
ՎԻԿՏՈՐ — Իմ խանութում… այնքան էլ հեռու չէ այստեղից։
ԿԱՈՒԲԱԽ — Ցավում եմ, բայց ժամանակ հաստատ չեմ ունենա։ Ի՞նչ արած, կբավարարվեմ այստեղ եղածով։
ՎԻԿՏՈՐ – Ներեցեք, անհամեստություն չի՞լինի ձեր անունը հարցնել։
ԿԱՈՒԲԱԽ — Բոլորովին։ Կուրտ Կաուբախ։
ՎԻԿՏՈՐ — Շատ հաճելի է, պարոն Կաուբախ… Իմ անունը Վիկտոր է, Վիկտոր Մանսե։ Իսկ սա իմ կինն է՝ Բրիժիտը։ Սրանք մեր բարեկամներն են և մենք նշում ենք իմ կնոջ տարեդարձը…
ԿԱՈՒԲԱԽ — Մեկ անգամ ևս ընդունեք շնորհավորանքներս։
ՎԻԿՏՈՐ — Շնորհակալ ենք։ Հասկանո՞ւմ եք, պարոն Կաուբախ, դուք մեզ շատ դժվարին կացության մեջ եք դրել։ Խղճի հարց է… Հասկանո՞ւմ եք, մենք բոլորս բարեկամներ էնք…
ԿԱՈՒԲԱԽ — Գիտեմ, բայց եթե երկու ժամվա ընթացքում դուք ոչինչ չորոշեք, ստիպված կլինեմ ինքս երկու պատանդ ընտրել։
ՎԻԿՏՈՐ – Ինչպե՞ս, դո՞ւք կընտրեք։
ԿԱՈՒԲԱԽ — Այո։ Իսկ հիմա թույլ տվեք զբաղվել թիթեռնիկներով։ (Գնում է միջանցք։)
ԲՐԻԺԻՏ — Իսկ ի՞նչ են անում պատանդներին։ ,
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Հիմա՜ր, հիմա՛ր աղջիկ…
ԲՐԻԺԻՏ — Դուք չլսեցի՞ք, ես հարցրի, թե ի՛նչ են անում պատանդներին։
ՊԻԵՌ — Պատանդի երկու տեսակ կա։ Մեկը, որ գնդակահարում են, մյուսը ուղարկում են Գերմանիա կամ համակենտրոնացման ճամբարներ։
ՏԻՄԱԿՈՎ — Ըստ քեզ, մենք ո՞ր տեսակին ենք պատկանում։
ՊԻԵՌ — Չգիտեմ։ (Ոտքի է կանգնում։) Բայց դժվար չէ իմանալ…
ԲՐԻԺԻՏ – Ի՞նչ ես պատրաստվում անել։
ՊԻԵՌ — Մեր հյուրին հարցնեմ, կարո՞ղ է ինձ պատանդ վերցնել։ Եթե համաձայնվեց, ուրեմն գնդակահարելու են, որովհետև ի՞նչ իմաստ ունի կույրին համակենտրոնացման ճամբար տանելը։
Գնում է միջանցք։
ՏԻՄԱԿՈՎ – (մտքում)։ Իսկ եթե չհամաձայնվեց, դու ինքնաբերաբար դուրս կմնաս ընտրությունից։ Հը՜, հիմար մարդ…
Սենյակում ճնշող լռություն է:
ԲՐԻԺԻՏ — Քաղցած չե՞ք…
Վ Ի Լ Կ Ե Ր – (մտքում)։ Աստված իմ, մեզ տանում են գնդակահարելու, իսկ սա դեռ իր տապակած ճտի մասին է մտածում։ Չէ, պետք չէ հուզվել… Ամեն ինչ դեռ կորած չէ։ Մենք յոթ հոգի ենք և դուրս պրծնելու հնարավորություն ես էլ ունեմ։ Ինչո՞ւ այդ հիմար աղջիկն այդքան հանգիստ է, թե՞ կարծում է, եթե իր տարեդարձն է, Կաուբախն իրեն չի ընտրի։ Չարաչար սխալվում է։ Կաուբախն ասաց յոթ և ոչ թե վեց հոգուց…
ՊԻԵՌ — (գալիս, նստում է իր տեղը)։ Նա պատրաստ է ինձ պատանդ վերցնել, հետևաբար…
ԴՈԿՏՈՐ — Դա անթույլատրելի է։ Առանց պատճառի մարդկանց չեն գնդակահարում: Պետք է մի բան անել։ Գնամ հետը խոսեմ։
ՏԻՄԱԿՈՎ — Անօգուտ է, դու միայն կգրգռես նրան։
ԴՈԿՏՈՐ — Լավ, բա ի՞նչ անենք։
ՎԻԼԿԵՐ — Սպասեք։ (Ֆրանսուազին.) Սիրելիս, դու գեստապոյից որևէ սպայի չե՞ս ճանաչում։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (մտքում)։ Ուզում էր ասել՝ դու գեստապոյից որևէ սպայի հետ չե՞ս պառկել։ Աստվա՜ծ իմ, ինչ կարծիք ունի իմ մասին։ (Բարձրաձայն։) Ոչ։ Ոչ մեկին չեմ ճանաչում։
ՎԻԼԿԵՐ — Դե, հասկացեք, դրությունը շատ լուրջ է։ Ոչ մի րոպե չպետք է կորցնենք… Հուսով եմ, ինձ հասկանում եք։ Մենք բոլորս էլ հայրենասեր ենք, բայց եթե մեզնից մեկն ու մեկը գեստապոյի վերևի նստածներից որևէ մեկին ճանաչում է… հասկանո՞ւմ եք… Գուցե մեզնից մեկն ստիպված է եղել գործ ունենալ նրանցից մեկի հետ։ Ֆրանսուազ…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Երբեք։
ՎԻԼԿԵՐ – Պիեռ…
ՊԻԵՌ — Երբեք։
ՎԻԼԿԵՐ — Եկեք ծիծաղելի չլինենք։ Նրանք արդեն երկու տարի է այստեղ են և մենք ամեն օր շփվում ենք նրանց հետ։
ՎԻԿՏՈՐ — Ես համաձայն եմ Վիլկերի հետ։ Եթե որևէ մեկը գեստապոյի սպա է ճանաչում…
ՏԻՄԱԿՈՎ — Լավ, ի՞նչ եք անելու այդ սպային։
ՎԻԼԿԵՐ – Ինչպե՞ս թե՝ ինչ։ Կզանգենք և կխնդրենք, որ մեզ ազատի այս խայտառակ պատմությունից։
ԴՈԿՏՈՐ — Անցյալ տարի ես գնդապետ Ուլտրիխտի կնոջն էի բուժում։ Ինձ շտապ կանչեցին… Նրանք ապրում են մեր թաղամասում։
Վ Ի Լ Կ Ե Ր — Ո՞ր փողոցում։
ԴՈԿՏՈՐ — Շահան փողոցում։
ՎԻԼԿԵՐ – Ո՞ր համարը։
ԴՈԿՏՈՐ — Գիշերային ռեստորանի վրա։
ՎԻԼԿԵՐ — Տասնինը համարն է։ Ո՞ր հարկում։
ԴՈԿՏՈՐ — Երրորդ հարկ, ձախ կողմը։
ՎԻԿՏՈՐ — (շտապով թերթում է տեղեկատուն)։ Տասնիննում երեք համար կա, երեքով էլ կզանգենք։ Գնդապետը հավանաբար սենյակ է վարձել։ Ալո, 2-10-37-ն է՞։ Գնդապետ Ուլտրիխտի բնակարա՞նն է։ (Անջատում է, նոր համար հավաքում։) Միայն թե տանը լինի… Ալո, գնդապետ Ուլտրիխտի բնակարա՞նն է… (Հեռախոսափողը տալիս է Դոկտորին։)
ԴՈԿՏՈՐ – Ալո՞, գնդապետ Ուլտրի՞խտ… Բարև ձեզ, գնդապետ, ես դոկտոր Քարտն եմ… Հիշո՞ւմ եք ինձ, գնդապետ, դոկտոր Քարտը… Անցյալ տարի… Հիանալի է… Ինչպե՞ս է տիկին Ուլտրիխտը… (Ձեռքով ծածկելով լսափողը։) Նա մահացել է…
ՎԻԼԿԵՐ — (հուշելով)։ Ցավակցություն հայտնիր և բացատրիր նրան…
ԴՈԿՏՈՐ — Խորապես ցնցված եմ… Չգիտեմ ինչպես… Այնքան անսպասելի էր… Այո, այո, հասկանում եմ… Կյանք է… Ցտեսության, գնդապետ։ (Կախում է լսափողը։)
ՎԻԼԿԵՐ — Շատ հիմար բան ստացվեց։ Այդպիսի առիթը չպետք է կորցնեինք… Մենք անգամ ամենափոքր հնարավորությունը կորցնելու իրավունք չունենք։ Պետք է նորից զանգել։ (Սկսում է համարը հավաքել։) Ե՞րբ է մահացել։
ԴՈԿՏՈՐ — Չորս ամիս առաջ։
ՎԻԼԿԵՐ — Ուրեմն դու մեղք չունես։
ԴՈԿՏՈՐ – Խոհե՞մ կլինի նորից զանգելը։
ՎԻԼԿԵՐ – Ի՞նչ ունենք կորցնելու։ Առ, խոսիր հետը…
ԴՈԿՏՈՐ — (խոսափողը վերցնելով)։ Նորից ես եմ… Ես ներողություն եմ խնդրում ձեզ ձանձրացնելու համար, բայց մի անհեթեթ պատմության մեջ եմ ընկել։ Բարեկամներիս մոտից եմ զանգում… Մենք հանգիստ ճաշում էինք…
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Աստված, խնդրում եմ, օգնիր մեզ, և խոստանում եմ ամբողջ ունեցվածքս ընկերներիս բաժանել։ Դու տեսնում ես, որ նրանց հույսը ես եմ։ Դու գիտես, որ բոլորին էլ կարող եմ օգնել…
ՎԻԿՏՈՐ — (մտքում)։ Է՜, շատ փող ունենալն էլ մի բան չէ, տես, ոնց է խառնվել իրար…
ԴՈԿՏՈՐ — Ալո… Այո, նա ուզում է մեզնից երկու պատանդ վերցնել… Կարո՞ղ եք մեզ օգնել։ Մենք իսկապես բանից հեռու ենք… (Լսափողը փակելով, Վիլկերին։) Ուզում է մայորի հետ խոսել։ Կանչեք նրան, շուտ…
ՎԻԿՏՈՐ — Իսկույն։ (Գնում է Կաուբախի ետևից։)
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Չէ՜, ոնց որ թե կպավ… Շնորհակալ եմ, Տեր Աստված… Հենց էս փորձանքից պրծնեմ, գնալու եմ գյուղի տունս ու վերջ, մնալու եմ, մինչև պատերազմն ավարտվի։ Վերջ, հերիք ինձ զոհեմ այս փսլնքոտների համար։
ԿԱՈՒԲԱԽ — (գալիս, վերցնում է հեռախոսափողը։ Միայն լսում է։ Լսափողը կախում է։) Գերմանացի երկու սպաները, որոնք ստորաբար սպանվեցին, հանգիստ զբոսնում էին։ Վաղը նույն ձևով ուրիշ սպաներ կսպանվեն։ Եվ այդպես շարունակ։ Մենք ստիպված ենք դաժանորեն գործել, որպեսզի սթափեցնենք մեղավորներին։ Այդ սպաները ընտանիք ունեին, երեխաներ։ Եթե ոճիրները շարունակվեն, և մենք չգտնենք հանցավորներին, ստիպված կլինենք ձեզ նման անմեղներին պատժել։ Դուք յոթ հոգի եք, իսկ ես ընդամենը երկու պատանդ եմ պահանջում։ Առայժմ։ (Գնում է։)
ՎԻԼԿԵՐ — Ուրիշ ճար չկա… պետք է վիճակ գցել:
ԴՈԿՏՈՐ — Ոչ, ոչ, ոչ։ Ոչ այդ ձևով։ Ուրիշ բան գտեք։
ՎԻԼԿԵՐ — Էլ ի՞նչ՝ ուրիշ։ Մենք հո չե՞նք թողնելու, որ գերմանացին ընտրություն անի։ Դա ստորացուցիչ է։
ԴՈԿՏՈՐ — Ուրեմն ի՞նչ, թողնենք ճակատագրի քմահաճույքի՞ն։
ՊԻԵՌ – Ի՜նչ հեշտ եք ասում՝ ճակատագրի քմահաճույքին…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Իսկ դու ուրիշ ե՞լք գիտես։
ՊԻԵՌ — (ցույց տալով կուրծքը)։ Այս շքանշաններին նայեք։ Ես դրանցով չեմ պարծենում, որովհետև ինձ վրա շատ թանկ են նստել։ Ռազմաճակատ… հոսպիտալ… սոսկումի գիշեր… մշտական գիշեր։ Ես ցավի ու տրտմության շատ օրեր եմ ապրել, և ընդամենը մի քանի ամիս է, որ սկսել եմ կյանքի համն զգալ։ Նորից հունի մեջ եմ ընկել, կարդում եմ, այսինքն՝ ինձ համար են կարդում, ձայնապնակներ եմ լսում, բանաստեղծություններ գրում։ Եվ չեմ ուզում այդպես ապուշ ձևով մեռնել, մեկ անգամ արդեն մեռել եմ։ Հասկացեք, ես չեմ ուզում առանց իմ ոսոխի աչքերին նայել կարողանալու գնդակահարվել։ Ընտրություն պիտի կատարեք ձեր միջից։ Եթե դուք չանեք, գերմանացին առաջինը ինձ կընտրի։ Նա ինձ ատում է։ Նա տեսավ իմ շքանշանները։ Ես շատ բան եմ արել հայրենիքի համար, հասկացեք, շատ, շատ…
Լռություն։
ՏԻՄԱԿՈՎ — Գնամ լոգանք ընդունեմ։ (Դուրս է գնում։)
ԴՈԿՏՈՐ – Ես գտնում եմ, որ նրա վարքը շատ անվայելուչ է։ Լողանալու համար հյուր չեն գալիս։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — ԲրիԺիտը և Վիկտորը նրա բարեկամներն են։ Եթե լոգանք ընդունելու ցանկություն ունի…
ԴՈԿՏՈՐ — Գուցե ես ճիշտ չարտահայտվեցի։ Մեզ պետք է կենտրոնանալ, համերաշխ լինել, այնինչ նա գնում է լոգանք ընդունելու։ Դա անթույլատրելի է։ Ի՞նչ է, լոգարան չունի՞ իր տանը, թե՞ խնայողություն է անում։
ՊԻԵՌ – Տիմակովի մեջ հրեայի արյուն չկա՞։
ՎԻԼԿԵՐ — Ո՞վ գիտե, բացի այդ, ոչ բոլոր հրեաներն են խնայող։
ՊԻԵՌ — Գիտեմ, գիտեմ, բայց ես ուզում եմ իմանալ, Տիմակովը հրեա՞ է, թե՞ ոչ։
ՖՐԱՆՍՈՒԱԶ – Իսկ եթե Տիմակովը հրեա՞ է…
ՊԻԵՌ — Եթե նա հրեա է, ուրեմն ամեն ինչ փոխվում է: Ես կարծում եմ, որ Կաուբախի համառության պատճառը հենց Տիմակովն է: Նա հավանաբար կասկածում է, որ Տիմակովը հրեա է:
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (գրգռված)։ Իսկ եթե նա հրեա չէ՞…
ՊԻԵՌ — Ստուգելը հեշտ է: Նա լողանում է, և Վիլկերը մեզ կասի, հրեա՞ է, թե՞ ոչ։
ՎԻԼԿԵՐ – Կարծո՞ւմ ես… (Գնում է լոգարան։)
ԲՐԻԺԻՏ — Իսկ նա ինչի՞ց պիտի իմանա, որ Տիմակովը հրեա է։ (Վիկտորը շշնջում է նրա ականջին։)
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (մտքում)։ Անիծյալ լինես դու, Պիեռ, անիծյալ…
ՎԻԼԿԵՐ — (վերադառնալով)։ Ոչինչ չկարողացա պարզել, անընդհատ մեջքով էր կանգնած։
ԴՈԿՏՈՐ – Իսկապե՞ս լողանում էր։
ՎԻԼԿԵՐ — Ցնցուղի տակ էր։ Օճառվում է, երգում, կարծես այս պատուհասն իրեն չի վերաբերում։
ԴՈԿՏՈՐ — Գուցե հարբա՞ծ է։
ՎԻԼԿԵՐ — Կարծես թե…
ՊԻԵՌ — Հապա մի կրակ տուր ինձ, Վիլկեր։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Օհո՜, արդեն հրամայում է: (Հրահան է տալիս։)
ՊԻԵՌ – (սիգար վառելով)։ Հրեաների պատճառով է, որ այս վիճակում ենք։ Նրանք զայրացրել են գերմանացիներին։ Լավ է, գոնե ռազմաճակատում ոչ մի հրեա չկար։ Բոլորն իրենց հարստությունն առել փախել էին։
ՎԻԼԿԵՐ — Դու ինչքա՞ն մնացիր ռազմաճակատում։
ՊԻԵՌ — Վեց ամիս։ Վեց ամիս քնեցի խրամատներում, ցեխի մեջ։ Դուք դա չեք հասկանա.. Հետո նռնակի բեկորից աչքերս խավարեցին։
ՎԻԼԿԵՐ – Ես քեզ հասկանում եմ, հասկանում…
ՊԻԵՌ — Ուրեմն պիտի հասկանաս նաև, թե ինչու ինձ իրավունք եմ վերապահել չխառնվել այս պատմությանը։
ԴՈԿՏՈՐ — (վեր է թռնում տեղից)։ Ես գնում եմ։
ՎԻԿՏՈՐ — Ո՞ւր ես գնում։
ԴՈԿՏՈՐ — Տուն։ Ես գնում եմ տուն, իմ կինը հիվանդ է։
ՎԻԿՏՈՐ — Բայց Կաուբախը քեզ չի թողնի:
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Իսկ եթե թողնի՞… (Բարձրաձայն։) Լսիր, Քարտ, դու մեզ լքելու իրավունք չունես։
ԴՈԿՏՈՐ — Դուրս գալուց հետո ձեզ ավելի օգտակար կլինեմ։ Ես կգնամ գնդապետի մոտ, կբացատրեմ իրավիճակը։
ՎԻԿՏՈՐ — Լավ, իսկ ինչպե՞ս պիտի գնաս։
ԴՈԿՏՈՐ — Ինչպես որ եկել էի՝ դռնով։ Դուք միայն սպային կասեք, որ ինձ պատանդ չեք ընտրում
ՎԻԿՏՈՐ — Կարծում ես, Կաուբախը կհամաձայնվի՞:
ԴՈԿՏՈՐ – Իհարկե, նա ընդամենը երկու պատանդ է ուզում։ Գնացեք ասեք, որ ինձ ազատ եք թողնում:
ՎԻԼԿԵՐ — (համբերությունը հատած): Հենց որ դուրս գաս, ի՞նչ կանես։
ԴՈԿՏՈՐ — Կգնամ գնդապետի մոտ:
ՎԻԼԿԵՐ — Ուրիշի՞ն գիտես, թե՞ նույն գնդապետն է:
ԴՈԿՏՈՐ – Նույնը:
ՎԻԼԿԵՐ – Ում կինը մահացե՞լ է:
ԴՈԿՏՈՐ – Բայց նա իմ մեղքով չի մահացել:
ՎԻԼԿԵՐ — Ես ասացի, թե դո՞ւ ես սպանել։
ԴՈԿՏՈՐ — Լավ, արի բառախաղով չզբաղվենք։ Արի անկեղծ խոսենք:
ՎԻԼԿԵՐ – Ես էլ դա եմ ուզում, որ անկեղծ խոսենք։ Հիմա ասա, անկեղծ, քո կողմից ազնի՞վ բան կլինի մեզ լքելը: Դու կարծում ես, մեզ համար կարող ես որևէ բա՞ն անել: Անկեղծ ասա, մեզ ապուշի տե՞ղ ես դրել: (Դոկտորը փլվում է աթոռին։) Ես էլ մի քանի սպաների գիտեմ, բայց, անկեղծ ասած, նրանք ոչինչ չեն կարող անել մեզ համար: (Վստահ, որ կոտրել է Դոկտորին:) Քո վարմունքը բնական է: Կինդ հիվանդ է, դու անհանգիստ ես… Ես մտնում եմ քո դրության մեջ:
ԴՈԿՏՈՐ — Ես գնում եմ։ Ես դիմում եմ ռիսկի… պատուհանով եմ գնում…
ՎԻԿՏՈՐ — Բայց դա ինքնասպանություն է, չէ՞, տունը շրջափակված է: Զինվորները կկրակեն:
ԴՈԿՏՈՐ — Թող լինի՝ ինչ լինելու է։ Ես գնում եմ։
ՊԻԵՌ — Ես կիսում եմ Վիկտորի կարծիքը։ Գերմանացիներն առանց վարանելու կկրակեն։ Դա ինքնասպանություն է։ Եթե այդքան ուզում եք մեռնել, Դոկտոր, ավելի գերադասելի չէ՞ պատանդ հանձնվելը։ Եվ մեզ ծառայություն կմատուցեք, և սպանվելու վտանգին չեք ենթարկվի։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (մտքում)։ Անիծյալ լինես, անիծյալ…
ԴՈԿՏՈՐ — Ոչ, ես գնում եմ։ Ես այլևս չեմ կարող… (Պատուհանից սողոսկում է դուրս: Բոլորը լարված սպասում են։)
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Ոչինչ, ոչինչ… Չկա չարիք առանց բարիքի։ Եթե հիմա նրան սպանեն՝ մեկ պատանդի հարց կլուծվի։ Բայց եթե վիրավորվի՞… Չէ՜, այդ ֆրիցները կատաղած են, առիթը բաց չեն թողնի։ Գրողը տանի, իսկ ո՞ւր են կրակոցները, ինչո՞ւ ձայն չկա, մի՞թե Քարտին հաջողվեց ծլկել… Առնետ։ Իսկական առնետ։
Ներս են մտնում Կաուբախն ու Քարտը։
ԿԱՈՒԲԱԽ — Ես միայն ձեր բարեկամների համաձայնությամբ կթողնեմ, որ գնաք։ Նրանք համաձա՞յն են։ (Սենյակում գտնվողներին.) Դուք համաձա՞յն եք, որ նա գնա։ (Բոլորը լուռ են:) Տեսնո՞ւմ եք։ Դուք կրկին յոթ հոգի եք, իսկ ես ընդամենը երկու պատանդ եմ վերցնելու։
Գնում է։ Ծիծաղելով ներս է մտնում Տիմակովը։
ՏԻՄԱԿՈՎ — Ես մի շատ ծիծաղելի անեկդոտ եմ հիշել, ուզո՞ւմ եք… (Տեսնելով բոլորի լրջությունը, լռում է:)
ՎԻԿՏՈՐ – Բրիժիտը հղի է։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Հորինեց, Աստված վկա, հորինեց։ Ասում է, որ մեր գութը շարժի։
ԴՈԿՏՈՐ – Որքա՞ն ժամանակ է:
ՎԻԿՏՈՐ — Երկու ամիս։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Մի սրան նայեք… երկու ամիս։ Բա ինչո՞ւ մինչև հիմա մեզ ոչինչ չէիր ասում։
ՎԻԿՏՈՐ — Մենք ուզում էինք այդ հաճելի նորությունն այսօր հայտնել։
ՎԻԼԿԵՐ — Հապա մի քննեք Բրիժիտին, դոկտոր։
ԴՈԿՏՈՐ — Եթե հղի է, ուրեմն՝ հղի է։ Առանց բժիշկ լինելու էլ կարելի է ստուգել։
ՊԻԵՌ – Հիմա բոլորս էլ հղի ենք։ Դա ասելու բան չէ:
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (նյարդային)։ Ինչո՞ւ… Եթե Կաուբախն իմանա այդ մասին, գուցե խնայի՞ նրան:
ՊԻԵՌ – Ուրեմն, փոխարենը կվերցնի Վիկտորին։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Նրան էլ չի վերցնի, նա ընտանիքի հայր է դառնալու։
ՎԻԼԿԵՐ – Բարեկամնե՛ր, լսեք ինձ։ Մենք արդեն բավական ժամանակ կորցրինք։ Կաուբախը պահանջում է երկու պատանդ։
Լռություն։
ՊԻԵՌ – Ինչո՞ւ եք ինձ նայում։ Ես չեմ ուզում պատանդ դառնալ։
ՏԻՄԱԿՈՎ — Քեզ ոչ ոք չի նայում:
ՊԻԵՌ — Ոչ, ես զգում եմ ձեր հայացքները։ Ես ձեզ ասացի, որ շատ բան եմ արել հայրենիքի համար։ Ձեր միջից ընտրեք պատանդ, և վերջ։ Ես ամոթանքի պատին խաչվելու ցանկության չունեմ։ Ես աչքերս եմ տվել։ Այդքանը հերիք է։ Այժմ ձեր հերթն է:
ՎԻԼԿԵՐ – Ի՞նչ է ստացվոմ: Քեզ չհաշվենք, որովհետև կույր ես։ Բրիժիտին չհաշվենք, որովհետև հղի է, Վիկտորին չհաշվենք, ընտանիքի հայր է դառնալու։ Դոկտորին չհաշվենք, որովհետև բժիշկ է, Ֆրանսուազին չհաշվենք, ամուսնուն է կորցրել պատերազմում։ Խաղատախտակի վրա երկու զինվոր է մնում՝ ես և Տիմակովը։ Դրան համաձա՞յն եք…
ՊԻԵՌ — Ներիր, բայց ես համաձայն եմ… Դու ապրել ես։ Ներիր, Վիլկեր, բայց դու լավ ես ապրել, բոլորիցս լավ։ Դու ամեն ինչ տեսել ես, իսկ մենք… Դու հո հարյուր տարի չե՞ս ապրելու։ Հասկանո՞ւմ ես…
ՎԻԼԿԵՐ – (շնչահեղձ)։ Ասենք թե… բա Տիմակո՞վը։ Չէ՞ որ նա շատ ջահել է։
ՊԻԵՌ – Տիմակովն՝ ի՞նչ… Նա արվեստի մարդ է, հագեցած է ամեն ինչից։ Նա միայն զբաղված է իր արվեստով ու ինքն իրենով։ Ճիշտ է, ջահել է, բայց արդեն հասցրել է ամեն ինչ ճաշակել։ Ճիշտ չե՞մ ասում, Տիմակով…
ՏԻՄԱԿՈՎ — (հանգիստ)։ Ճիշտ է։
ՎԻԼԿԵՐ — (նյարդային)։ Դու լկտի ես, Պիեռ, ներիր, բայց դու իրոք լկտի ես։ Դու շատ բան չես տեսնում… Եթե կույր չլինեիր, կտեսնեիր, որ ես լիարժեք կյանքով եմ ապրում, ձեր միջի ամենաջահելն եմ։
ՊԻԵՌ — Ներիր, Վիլկեր, բայց ես այդ մտադրությունը չունեի։ Եթե խոսքերս քեզ վիրավորեցին, դրանք վերագրիր կատարված դեպքերին։ Միայն։
Լռում են։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Գրողը տանի, այսպես չի լինի: Եթե ինչ-որ բան չմտածեմ, նրանք ինձ հաստատ կուղարկեն այդ ֆրիցի երախը։ (Բարձրաձայն։) Մի գաղափար ծագեց մտքումս: (Դոկտորին.) Դու ընտանեկան բժիշկ ես։ Քանի տարի է՝ բուժում ես մեզ։ Մեր մեջ անբուժելի հիվանդ չկա՞։ Դե՜, ասենք, ապագա քաղցկեղավոր…
ԴՈԿՏՈՐ — Ծիծաղելի բաներ ես ասում։
ՎԻԼԿԵՐ – Ինչո՞ւ։ Գուցե մի ցավ ունեմ, որ կրծում է ինձ։ Եթե ընդամենը մի քանի ամիս է մնում ապրելու, ինձ կզոհաբերեմ։
ԴՈԿՏՈՐ — Քննելու կարիք չունեմ, բոլորդ էլ առողջ եք։
ՎԻԼԿԵՐ – Չեղա՜վ, բժիշկ, եկեք ճշտենք։ Օրինակ՝ Վիկտորը… Կոխի մանրէներ… չարորակ ուռուցք…
ԴՈԿՏՈՐ — Ոչինչ։ Նա առողջ է: Ճիշտն ասած…
ՎԻԼԿԵՐ — Ճիշտն ասած՝ ի՞նչ…
ԴՈԿՏՈՐ — Համարյա ոչինչ…
ՎԻԿՏՈՐ — (մտքում): Ինչպե՞ս թե… ուրեմն ես տառապում եմ ինչ-որ անբուժելի հիվանդությամբ և դա թաքցնո՞ւմ է ինձնից: (Դոկտորին, բարձրաձայն։) Ասա…
ԴՈԿՏՈՐ — Դե ոչի՜նչ, ի սեր Աստծո, քո նշագեղձերն են խախուտ, քեզ բազմիցս խորհուրդ եմ տվել վիրահատել։
ՎԻԼԿԵՐ — Միայն այդքա՞նը…
ԴՈԿՏՈՐ — Այդքանը։
ՎԻԼԿԵՐ — Լավ, անցնենք Բրիժիտին։
ԴՈԿՏՈՐ — Բրիժիտն աոողջ է։
ՎԻԼԿԵՐ – Կարո՞ղ է նորմալ ծննդաբերել:
ԴՈԿՏՈՐ — Կարծում եմ՝ այո։
ԲՐԻԺԻՏ — Դուք կարո՞ղ եք անկեղծ լինել, դոկտոր։ Կարո՞ղ եք ամեն ինչ ասել։
ԴՈԿՏՈՐ — Բայց ես ասելու բան չունեմ։ Դու առողջ ես։ Հա, լյարդիդ վրա ուշադրություն պիտի դարձնես։ Եվ վատ չի լինի, եթե կույր աղիքդ հեռացնես։ Քո ստամոքսային խանգարումները դրանից են։
ՎԻԼԿԵՐ – Լավ, անցնենք առաջ։ Պիեռը…
ԴՈԿՏՈՐ — Բան չկա ասելու։
ՊԻԵՌ — Ոչ։ Կա։ Ասա նրանց, որ երեք տարի է վեներական հիվանդություն ունեմ ու մինչև հիմա էլ հետևանքներից տառապում եմ։ Եվ հանգստացրեք նրանց… սիֆիլիս չէ։
ԴՈԿՏՈՐ — Սովորական ջերմամիզություն, որ վատ են բուժել։ Լուրջ բան չէ։
ՎԻԼԿԵՐ — Իսկ ժառանգական որևէ հիվանդություն չկա՞։
ՊԻԵՌ — (բորբոքված)։ Կա։ Իմ ապուպապը փորը բռնած է մահացել, գուցե քաղցկե՞ղ ուներ։
ՎԻԼԿԵՐ – (վեճից խուսափելով)։ Հնարավոր է, որ նրա կույր աղիքն է տրաքվել, կամ ստամոքսի խոցը։ Լավ… Ֆրանսուա՞զը։
ԴՈԿՏՈՐ — Ոչինչ չունի։
ՎԻԼԿԵՐ — Այդպես չի լինում, դոկտոր, մի բան կունենա։
ԴՈԿՏՈՐ – Դե՜… նա այլևս երբեք երեխա չի ունենա։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (հանդարտ)։ Դու ինձ չես ասել այդ մասին։
ԴՈԿՏՈՐ – Դե՜, դու… ամուսնուդ զոհվելուց հետո որոշել էիր այլևս չամուսնանալ։
ՎԻԼԿԵՐ — Դա հասկանալի է… Հիմա քո մասին ասա, դոկտոր։
ԴՈԿՏՈՐ – Ի՞մ։ Ես ինձ լավ եմ զգում։ Համենայնդեպս, ինձ այդպես է թվում։
ՎԻԼԿԵՐ — Իսկ գլխացավե՞րը։
ԴՈԿՏՈՐ – Ի՞նչ գլխացավեր։
ՎԻԼԿԵՐ — Դոկտոր, մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ դու գլխացավեր ունես, և որ քո եղբայրը քաղցկեղից մահացավ։
ԴՈԿՏՈՐ — Քաղցկեղի ժառանգականությունը պարտադիր չէ։ Գլխացավը գերհոգնածությունից է։ Ես շատ եմ աշխատում։ Եթե քաղցկեղ ունենայի, առաջինը ես կիմանայի։
ՎԻԼԿԵՐ — Լավ, իսկ ե՞ս…
ԴՈԿՏՈՐ — Վատ մարսողությունից բացի ուրիշ բան չեմ տեսնում։
ՎԻԼԿԵՐ – Իսկ սի՞րտս, սիրտս ամո՞ւր է:
ԴՈԿՏՈՐ — Պիտի խոստովանեմ, որ քո սիրտը ժայռի պես ամուր է։
ՎԻԼԿԵՐ – Լսեցի՞ք, իմ սիրտը ժայռի պես ամուր է։ (Ոչ ոք ուշադրություն չի դարձնում։)
ՊԻԵՌ — (հանկարծակի): Տիմակովին մոռացաք։
ԴՈԿՏՈՐ — Տիմակովին երբեք չեմ քննել: Ենթադրում եմ, որ նա հիվանդ չի եղել:
ՏԻՄԱԿՈՎ — (լցնում է բաժակը, խմում, կտրուկ կանգնում է): Ֆրանսուազ և Բրիժիտ, փակեք ձեր գեղեցիկ աչքերը։ Ես հանվելու եմ։ Բժիշկը պետք է ինձ քննի: (Հանում է խալաթը:) Մոտեցեք, դոկտոր, մոտեցեք…
ԴՈԿՏՈՐ — (մտքում)։ Հարբած է, հիմա հաստատ կռիվ կանի։
ՏԻՄԱԿՈՎ — Հը, դոկտոր, մոտեցեք, ձեզ վատ բան չեմ անի։
ԴՈԿՏՈՐ – (նստած տեղից)։ Այստեղից էլ պարզ երևում է, որ ոչինչ չկա։
ՏԻՄԱԿՈՎ – Եթե դուք չգաք, ես կմոտենամ ձեզ։ Ի վերջո, ես իմ առողջական վիճակի համար պե՞տք է ապահով լինեմ։
ԴՈկՏՈՐ — Դու հիվա՞նդ ես… որևէ տե՞ղդ է ցավում։
ՏԻՄԱԿՈՎ — Այո։
ԴՈԿՏՈՐ — Լավ, նստիր: Ես կքննեմ քեզ։ (Մոտենում, զննում է։)
ՏԻՄԱԿՈՎ — Հը, դոկտոր։ (Բժիշկը մտախոհ է։) Շա՞տ հիվանդ եմ…
ԴՈԿՏՈՐ — Հիմա ոչինչ չեմ կարող ասել։
ՏԻՄԱԿՈՎ– Բայց չէ՞ որ բոլորի գաղտնիքները բացեցիր։
ԴՈԿՏՈՐ — Դա նույն բանը չէ։
ՏԻՄԱԿՈՎ — Ահ, թող լինի, ինչ լինելու է։ Վաղ թե ուշ մեռնելու եմ։ (Խմում է:)
ՊԻԵՌ — Դոկտոր, իսկ ես աչքերս բուժելու հույս ունե՞մ:
ԴՈԿՏՈՐ – Ինչո՞ւ ես հարցնում։
ՊԻԵՌ — Մտածում եմ…
ՎԻԼԿԵՐ — (վրա պրծնելով)։ Եթե մտածում ես պատանդ գնալու մասին, ճիշտ էլ անում ես։
ՊԻԵՌ — (անտեսելով Վիլկերին)։ Դու ինձ բազմաթիվ անգամներ քննել ես… Ասա։
ԴՈԿՏՈՐ — Աստված իմ… քեզ ինչպե՞ս ասեմ… եթե միայն հրաշքներ չլինեն…
ՊԻԵՌ — Իսկ Ամերիկայո՞ւմ, պատերազմից հետո՞…
ԴՈԿՏՈՐ — Պիեռ, ներիր, բայց դու դատապարտված ես ամբողջ կյանքում կույր մնալու։ (Պիեռը հուսահատ գլուխը կախում է։ Դոկտորը՝ մտքում։) Սա է ամբողջ ճշմարտությունը և ճիշտ կլինի, եթե դու որոշես պատանդ գնալ։ Բայց ես դրա հետ գործ չունեմ, թող Վիլկերը համոզի:
ՎԻԼԿԵՐ — (մտքում։) Հը, էլ ի՞նչ ես երկարացնում։ Քեզ չասի՞ն, որ ամբողջ կյանքդ կույր ես մնալու, կույր… խլուրդի կյանքով ես ապրելու։ Հը, դե հանձնվիր… Հանձնվիր, լսո՞ւմ ես…
ՊԻԵՌ — Ես… ես կբուժվեմ։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Օ՜, գրողը տանի…
ՏԻՄԱԿՈՎ – Ի՞նչ է, բան չստացվե՞ց։
ՎԻԼԿԵՐ — Տիմակով, գրողը տանի, մենք ծանր վիճակում ենք, իսկ դու ինձ ձեռ ես առնում: Մի քեզ նայիր… Ի՞նչ պիտի անես, եթե պատերազմը մի քանի տարով էլ երկարի։ Ո՞րն է քո ապագան։ Այն ավելի մռայլ է, քան ներկան: Դու լսեցի՞ր, ինչ ասաց դոկտորը։ Չնայած արտաքին տեսքիդ, դու վատառողջ ես։ Քիչ է ասել՝ վատառողջ, գուցե անբուժելի հիվանդ ես։ Վերջիվերջո, դա քո մեղքով չէ, կյանքն է այդպես: Այ, օրինակ՝ քո հայրը, մի օր զզվեց աշխարհից ու մի գնդակ արձակեց գանգին։ Ես նրանով հիանում եմ։ Հապա ինչպե՜ս… Ինչո՞ւ համառել։ Գերմանացիները դեռ երկար կմնան։ Նրանք երբեք չեն գնա։
ՏԻՄԱԿՈՎ — (կտրուկ վեր է կենում)։ Բարեկամներ, ես շատ կարևոր նորություն ունեմ ձեզ հայտնելու։
ՎԻԼԿԵՐ — (ուրախացած)։ Ապրես, Տիմակով, ես միշտ ասել եմ, որ դու հորդ կտորն ես։
ՏԻՄԱԿՈՎ — Ես գնում եմ լոգանք ընդունելու:
ՎԻԼԿԵՐ — Աստված իմ, վերջ տուր ծամածռություններիդ։ Առանց այն էլ մեզ քիչ ժամանակ է մնացել։ Միակ ելքն այս դժոխային իրավիճակից՝ մեր միջից երկու պատանդ ընտրելն է։ Ուրիշ տարբերակ չկա։
ՏԻՄԱԿՈՎ — (հանգիստ)։ Կա։
ՎԻԼԿԵՐ – Ի՞նչ կա։
ՏԻՄԱԿՈՎ — Ուրիշ տարբերակ… Կաուբախը։
ԴՈԿՏՈՐ — Անհույս բանէ: Իր թիթեռներից բացի ուրիշ ոչինչ չի սիրում:
ՏԻՄԱԿՈՎ — Սիրում է:
ՎԻԼԿԵՐ – Եվ ի՞նչ է սիրում:
ՏԻՄԱԿՈՎ – Կին: Կին…
ՎԻԿՏՈՐ — (միանգամից): Կին որքան ուզես կճարենք; Ես կարոդ եմ նրան հասցեները տալ:
ՎԻԼԿԵՐ — (մտքում հաշիվներ անելով): Իհարկե, իհարկե…
ՎԻԿՏՈՐ — Բոլոր ամուրիները Բերնարդենի հեռախոսն ունեն։ Ամենագեղեցիկ աղջիկները նրա մոտ են։ Ճիշտ է, մի քիչ թանկ են, բայց…
ՊԻԵՌ — Մենք կվճարենք։
ՏԻՄԱԿՈՎ — Մենք չենք կարող Կաուբախին միջնորդի մոտ ուղարկել։
ՎԻԿՏՈՐ — Բայց Բերնարդենը միջնորդ չէ։
ՏԻՄԱԿՈՎ — Դե, հասկացիր, մենք չենք կարող Կաուբախին որևէ տեղ ուղարկել։ Հասկանո՞ւմ ես… Վիլկեր, բացատրիր նրանց։
ՎԻԼԿԵՐ — (շփոթված): Ես քեզ հասկացա, բայց… այս հարցում պետք է շատ նրբանկատ լինել։ Այսպես, բարեկամներ։ Եթե Կաուբախի մասին դատելու լինենք, պիտի ընդունենք, որ նա անասուն է։ Այո, անասուն, և դեռ մի բան էլ ավելին, սադիստ անասուն։ Պատկերացրեք միայն, մտնում է տունդ և սառնասրտորեն պատանդներ պահանջում։ Դեռ ավելին, պահանջում է, որ մարդիկ իրենք իրենց միջից ընտրեն։ Եվ հանկարծ, տեսնելով թիթեռների հավաքածուն, ռոմանտիկ զեղումներ է ունենում։ Համարյա անհավատալի բան, համաձա՞յն եք… Եվ այդ թիթեռների շնորհիվ մենք երկու ժամ մտածելու հնարավորություն ենք ձեռք բերում։ (Խորամանկ:) Իսկ երկարաձգումից ներում՝ մեկ քայլ է:
ՏԻՄԱԿՈՎ – Մի կնոջ քայլ:
ՎԻԼԿԵՐ — Այո, կինը թիթեռի պես մի բան է։ Կինը հավաքածուի կողքին Կաուբախին հաստատ դուր կգա։
ՎԻԿՏՈՐ — Իսկ ո՞ւր է այդ կինը։
ՊԻԵՌ – Ինչպե՞ս չես հասկանում, Վիկտոր։ Խոսքը մեր կանանց մասին է։ Նրանցից մեկը պիտի պառկի գերմանացու հետ։ Ես հավանության չեմ տալիս այդ գաղափարին։
ՎԻԿՏՈՐ — Ես էլ։ Մի ուրիշ բան գտեք։
ՎԻԼԿԵՐ — Բարեկամներ, բարեկամներ: Եկեք խոհեմ լինենք։ Մենք պիտի օգտագործենք նույնիսկ ամենափոքր առիթը։ Ուրիշ ելք չունենք։ Եթե դու, Վիկտոր, թիթեռներ չունենայիր, մեզնից երկուսն արդեն այն աշխարհում կլինեին։ Մտածեք, բարեկամներ… տրամաբանող եղեք… Բացի այդ, ես նույնիսկ համոզված չեմ, թե Կաուբախը կպառկի նրանցից մեկի հետ։ Դա պարզապես խայծ է:
ՏԻՄԱԿՈՎ — Կարծում եմ, չի հրաժարվի: Միջանցքում նույնիսկ բազմոց կա։
ՎԻԿՏՈՐ — Կարծում ես, Կաուաբախը մեր աչքի առաջ պիտի հանվի ու հաճույքից մռռա՞… Բացի այդ, ո՞վ պետք է պառկի նրա հետ: Հուսով եմ, ոչ իմ կինը։
ՎԻԼԿԵՐ — Մենք երբեք չենք իմանա, թե ով պառկեց Կաուբախի հետ։ Մենք խոհանոց կգնանք։ Ֆրանսուազն ու Բրիժիտը կմնան այստեղ և իրենք կորոշեն։ Իսկ մենք կվերադառնանք, երր նրանք կկանչեն։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (հեգնանքով)։ Վիլկեր, դու փայլուն դատողություններ ես անում, բայց ես ասում եմ, որ նրա հետ չեմ պառկի։
ԲՐԻԺԻՏ – Ես առավել ևս չեմ պառկի։
ՎԻԼԿԵՐ — Մի շտապիր… Ես Ֆրանսուազին եմ դիմում։ (Ֆրանսուազին.) Հավատա, իմ սրտով էլ չէ, բայց մենք ուրիշ հնարավորություն չունենք։ Պատերազմ է… Նախ և առաջ դու, դո՜ւ… դե, դու սազական ես։ Բրիժիտն ամուսնացած է, ամուսինն էլ այստեղ է… ուզում եմ ասել… Լավ։ (Գրպանից չեկ է հանում և ստորագրում։) Ես գիտեմ, հիվանդ եղբայր ունես առողջարանում և նա փողի կարիք ունի։ Ահա քեզ փող, շատ փող, որ առողջարանից հետո էլ քեզ ու եղբորդ կհերիքի։ Այս չեկը նվիրում եմ քեզ, համաձա՞յն ես։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Արդեն ասել եմ քեզ, որ գերմանացու հետ չեմ պառկի։
ՎԻԼԿԵՐ – Լավ, եթե Կաուբախը մերոնցից լիներ, կպառկեի՞ր։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Գուցե…
ՎԻԼԿԵՐ – Այ, տեսնո՞ւմ ես։ Արի, կես ժամ պատկերացրու, որ նա գերմանացի զինվոր չէ։ Ավելի ճիշտ, համոզիր քեզ, որ պատերազմը վերջացել է, որ զինադադար է, որ մի օր մեր ազգերը կբարեկամանան…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (ատելությամբ): Ողջերն, այո, կբարեկամանան։ Իսկ սպանվածնե՞րը… նրանք, որ երեկ մեռան, երբեք զինադադարի իրավունք չեն ունենա։ Նրանք գնացին լեղի բերանով, տկար, չբավարարված… Ես գիտեմ, մենք ի վերջո կհաշտվենք այս ամենի հետ։ Դրոշներ կծածանվեն, երաժշտություն կլինի ու… մենք կպարենք։ Կպարենք մեր մեռելների վրա, նրանց, որ այնտեղ են, ներքևում: Դու երբևէ մտածե՞լ ես այդ դառը թագավորության մասին, որ արձագանքվում է մեր ոտքերի տակ: Դա այն թագավորությունն է, ուր հաշտված երկրների մեռելներն են՝ իրար վրա կիտված… Ես լսում եմ նրանց հեծեծանքները։ Եվ ամաչում եմ: Պահեր են լինում, երբ ուզում եմ, որ պատերազմը երբեք չվերջանա, որպեսզի հաշտության փողերի միջից երբեք չլսեմ ամուսնուս ձայնը. «Իսկ ե՞ս.. իսկ ե՞ս»։
Ճնշող լռություն։
ԲՐԻԺԻՏ — (վեր է կենում)։ Ես ի՞նչ պիտի անեմ։
ՎԻԿՏՈՐ – Ինչպե՞ս…
ՎԻԼԿԵՐ — (Վիկտորին թևանցուկ է անում, տանում մի կողմ)։ Վիկտոր, բարեկամս, հասկացիր, պետք է ինչ գնով էլ լինի, համոզել Կաուբախին։ Մենք հո չե՞նք կարող նստել ու սպասել, թե նա երբ մեզ կգնդակահարի։ Հասկանո՞ւմ ես, Բրիժիտը մեր միակ հաղթաթուղթն է… Նա լավն է և գերմանացուն հաստատ դուր կգա։ Ես գիտեմ, դու հիմա վառվում ես, բայց հավատա ինձ՝ սա այդ պահը չէ: Դու խելացի ես, գիտեմ, և հասկանում ես, որ դա նաև քեզ է ձեռնտու։ Ի՞նչ իմանաս, գուցե Կաուբախը հենց քեզ պատանդ ընտրի: Այդ դեպքում ի՞նչ կանես, ինչպես հիմա ծանոթնե՞ր ման կգաս։ Ուրեմն թող, որ Բրիժիտը մտերմանա նրա հետ… Եվ հետո, դու լսեցիր Ֆրանսուազի պատասխանը։ Եթե նրան ուղարկենք Կաուբախի մոտ, նա երկու պատանդի փոխարեն բոլորիս կգնդակահարի։ Այնպես որ, քիթդ մի կախի, միշտ էլ գալիս է առաջին անգամվա պահը։ Հասկանո՞ւմ ես…՛
ՎԻԿՏՈՐ — Հասկանում եմ… սա առաջին անգամը չէ։ Բրիժիտն արդեն դավաճանել է ինձ։
ՎԻԼԿԵՐ – Ինչպե՞ս…
ՎԻԿՏՈՐ – (ձայնը բարձրացնելով): Բրիժիտ, ասա նրանց, որ արդեն մեկ անգամ դավաճանել ես ինձ։ Պատասխանիր, ճի՞շտ է:
ԲՐԻԺԻՏ — Մի անգամ…
Վ Ի Լ Կ Ե Ր — Դե լավ, լավ… Դատարկ բաներից չարժե գլուխը կորցնել։ Օրեկան հիսուն հազար կին դավաճանում են ամուսիններին: (Վիկտորին.) Հապա հիշիր, դու առնվազն տասներկու ամուսնացած կնոջ հետ պառկած կլինես։ Բացի այդ, մենք հասկանում ենք, որ Բրիժիտը ոչ թե պառկելու է Կաուբախի հետ, այլ զոհելու է իրեն, զոհելու է հանուն մեզ, բոլորիս։ (Ավելի մտերմիկ։) Մի ուրիշ բան էլ ասեմ։ Դո՜ւ… դու համոզիր Բրիժիտին, և փոխարենը ձեր բոլոր պարտքերը կմոռանամ։ Այո, կմոռանամ։ Ես բավական հարուստ եմ և կարող եմ այս երկու տարվա ձեր պարտքերը տված համարել։ Վիկտոր, Վիկտոր, նայիր աչքերիս մեջ։ Մի՞թե ես ձեր երկուսի բարեկամը չեմ…
ՎԻԿՏՈՐ — (խոր շունչ քաշելով)։ Թող ինքը որոշի։
ՎԻԼԿԵՐ — (Բրիժիտին)։ Բրիժիտ, սիրելիս… հիմա ամեն ինչ կախված է քեզնից։ Մենք հույս ունենք, որ դու գիտես անելիքդ։ Կաուբախն այնքան անասուն չէ։ Տեսա՞ր, ինչպես երեխայի նման վրա ընկավ թիթեռնիկներին… Սիրելիս, բավական է միայն նրա թույլ տեղը գտնել՝ և նա մեզ հանգիստ կթողնի։
ԲՐԻԺԻՏ — Իսկ եթե չուզենա ինձ հետ պառկե՞լ:
ՎԻԼԿԵՐ – Ի՞նչ ես ասում… Դու կին ես։ Ե՞ս պիտի քեզ սովորեցնեմ։ Դու գիտես, թե ինչպես են հրապուրում տղամարդուն։ Հավատա ինձ, դա շատ հեշտ է, հեշտ։ Դու գեղեցիկ ես, դու ցանկալի ես… բավական է միայն… բավական է միայն մատդ շարժես և…
ԲՐԻԺԻՏ — Ես գնում եմ։ (Վիկտորին.) Բերնարդենի հասցեն որտեղի՞ց գիտես։ (Դուրս է գնում։)
Լռություն։ Սպասումի րոպեներ։ Վիկտորն սկսում է նյարդային քայլել աջ ու ձախ։
ՎԻԿՏՈՐ — (մտքում)։ Ես կսպանեմ Կաուբախին… (Փորձում է ականջ դնել։) Ոչ մի ձայն, ոչ մի աղմուկ… Իսկ ինչպե՞ս պիտի անի, ակնարկո՞վ, թե՞ առաջարկով… Սպասիր, իսկ ի՞նչ էր նա հագել շրջազգեստի տակից։ Կրծկալո՞վ էր, թե՞ ոչ… Աներևակայելի է, նա հիմա պառկած է Կաուբախի տակ… Գժվել կարելի է… (Կրկին ականջ է դնում։) Բայց ինչ լռություն է, նույնիսկ բազմոցը չի ճռճռում… Իսկ եթե Կաուբախը ուրի՞շ բան է սիրում… (Բարձրաձայն՝ Վիլկերին։) Վիլկեր, խոստովանիր, որ պառկել ես Բրիժիտի հետ։
ՎԻԼԿԵՐ – Ի՞նչ ես ասում, Վիկտոր, մտքովս չի անցել։
ՎԻԿՏՈՐ — Իսկ դո՞ւ, Տիմակով։
ՏԻՄԱԿՈՎ — (գինուց ամպ անելով)։ Հիմարություն։
ՎԻԿՏՈՐ — Իսկ դո՞ւ, դոկտոր… դու բժիշկ ես, առիթ ունեցած կլինես։
ԴՈԿՏՈՐ — Ոչ, Վիկտոր, ոչ։ Բրիժիտին իմ աղջկա պես եմ ընդունում։
ՎԻԿՏՈՐ — (Ֆրանսուազին)։ Գեղեցիկ բան չարիր, գիտե՞ս։ Չէ՞ որ Բրիժիտն ամուսնացած էր։ (Ֆրանսուազը լուռ է։) Միայն դու չես այրիացել։ Չլինի՞ ուզում ես ինձ համոզել, որ երկու տարի ոչ մի տղամարդ չես տեսել։ Չի կարող պատահել, այդպես չի լինում։ Դու ազատ էիր և կարող էիր գնալ։ Դու էլ շատ գեղեցիկ ես և գեղեցիկ մարմին ունես։ Գերմանացին քեզնից հաստատ չէր հրաժարվի։ Հապա հանվիր, ես ուզում եմ տեսնել քո մերկ մարմինը։ Հանվիր… հանվիր, ասում եմ… (Մյուսներին.) Ես ուզում եմ, որ նա մերկանա…
ՎԻԼԿԵՐ — Վիկտոր…
ՎԻԿՏՈՐ — Գոնե դու լռիր։ Բոլորը գիտեն, որ դավաճանում ես կնոջդ։ Քո կինը հրեշտակ է, իսկ դու դավաճանում ես նրան։ Չե՞ս ամաչում, հապա մի քեզ նայիր, այդ տարիքիդ էլի ջահել աղջիկների ետևից ես վազում։ Թե՞ կարծում ես, որ փող ունես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է։ Ուրեմն, իմացիր, աղջիկները միայն փողի համար են պառկում քեզ հետ, փողի… (Տիմակովին.) Իսկ դու խալաթդ փակիր… մեզ գրգռելու հոգ մի տար, մենք տղաներ չենք սիրում։ Լսիր, Տիմակով, ինչպե՞ս ես կարողանում տղամարդու հետ սեր անել։
ՏԻՄԱԿՈՎ — (հանգիստ գինի ըմպելով): Դու շատ լավ գիտես, որ ես միայն աղջիկների հետ եմ պառկում։
ՎԻԿՏՈՐ — (Դոկտորին)։ Բա սա, սա… Հենց ասում են՝ բժիշկ, գլուխս ցավում է, իսկույն՝ հանվեք։ Հանվեք, հանվեք, հանվեք… քանի՞ կին ես դատարկ տեղը մերկացրել, հը՞… Իսկ ի՞նչ եղավ անցյալ տարվա այն գեղեցիկ բուժքույրը։ Կարծեմ նա քո կնոջ դուրն էլ էր եկել… Կարծում ես, չգիտե՞մ, որ Նոր տարվա գիշերը դու, կինդ ու բուժքույրը միասին եք սեր արել…
ՊԻԵՌ – Իսկ ե՞ս։ Ինձ մոռացար։
ՎԻԿՏՈՐ — Դու լավ կանես ռեխդ փակես։ Սեռական կյանքով չես զբաղվել, բայց վեներական հիվանդությամբ ես տառապում։
ՏԻՄԱԿՈՎ — Լավ, վերջ տուր հիմարություններիդ, ինձ լսիր։ Բրիժիտը ճիշտ վարվեց։ Նա վստահ էր, որ կփրկի և իր, և քո կաշին։ Այդ մենք ենք, որ ոչ մի հնարավորություն չունենք։ Իսկ Բրիժիտին ու քեզ Կաուբախը հաստատ կխնայի։ Այնպես որ, խոհեմ եղիր։ Այդ մենք ենք վտանգում մեր կյանքը։
ՎԻԼԿԵՐ — Ես մի բան մտածեցի։ Կզանգեմ մի տասը հոգու և այստեղ կկանչեմ։
ՏԻՄԱԿՈՎ – Խելագարվե՞լ ես, ինչ է…
ՎԻԼԿԵՐ — Որքան շատ լինենք, այնքան դուրս պրծնելու հնարավորությունները կմեծանան։ Ես քսան հոգու կզանգեմ։ (Մոտենում է հեռախոսին։)
ՊԻԵՌ — Գերմանացիք չեն թողնի, որ տանը մոտենան։
ՎԻԼԿԵՐ — Ես Կաուբախին կխնդրեմ, որ թողնի։ (Համար է հավաքում։) Ալո, Բերժ… Վիլկերն է… Այս ժամին պառկե՞լ ես… Ես Մանսեի մոտ եմ։ Կնոջ տարեդարձն է։ Չե՞ս ուզում միանալ… Շամպայն կա, սիգարեթներ, երաժշտություն, կարծես պատերազմ չլինի: Գալի՞ս ես… Ո՜չ, ո՛չ, դա մեզ չես խանգարի, ընդհակառակը… Կարող ես հեծանիվով գալ, այդպես ավելի շուտ կլինի: Այո, քո բոլոր բարեկամներն էլ այստեղ են, հատկապես գեղեցկուհի Ֆրանսուազը։ (Ակնարկով:) Նա արդեն հասցրել է հարբել… Գալի՞ս ես… Ավելի վատ քեզ համար։ (Կախում է լսափողը։) Չէ, բան դուրս չի գա, մեր ժամանակը չի հերիքի։ (Լռություն:)
ՎԻԿՏՈՐ — (նյարդային)։ Լավ, ի՞նչ է անում նա այնտեղ…
Դ ՈԿՏՈՐ — Դու շատ լավ գիտես… Կարծում եմ, քեզ բացատրելու հարկ չկա…
ՎԻԿՏՈՐ – Մի սրան նայեք, ուզում է ինձ ավելի ստորացնել, կարծես թե Բրիժիտին ես եմ առաջարկել Կաուբախի մոտ գնալ։
ԴՈԿՏՈՐ — Ես չեմ ուզում քեզ ստորացնել, Վիկտոր, բայց, ի սեր Աստծո, հանգիստ մնա, դանակը ոսկորին է հասել:
Մտնում է Բրիժիտը: Տեսքը նորմալ է, պահվածքն՝ անբռնազբոս։ Նստում է աթոռին։
ԲՐԻԺԻՏ — Ոչինչ անել չի լինի։ Կաուբախր երկու պատանդ է պահանջում։ (Նայելով ժամացույցին։) Կես ժամ է մնացել ընտրելու համար։
ՎԻԿՏՈՐ — (ցնծալով)։ Ես ձեզ ասում էի։ Մեր զոհաբերությանը ոչինչ չտվեց։
ՏԻՄԱԿՈՎ – Ո՛չ, տվեց… Բրիժիտը քաջություն արեց, և քանի որ այդ միտքն իմն էր, ես ինքնակամ պատանդ եմ դառնում։ (Գնում է լոգարան։)
ՎԻԼԿԵՐ — Անկեղծ ասած, չէի կարծում, որ Տիմակովն այդպիսի քայլի ընդունակ է։ Մեզ մնում է միայն երկրորդ պատանդն ընտրել: (Ֆրանսուազին.) Սիրելի Ֆրանսուազ…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Համաձայն եմ։ Համաձայն եմ։ Ես պատանդ կգնամ, ես պատանդ կգնամ…
ՎԻԼԿԵՐ — Ահա և խոստացածս չեկը։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Ինձ ոչինչ պետք չէ, պետք չէ… Միայն խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք։ Ես կգնամ։
ՎԻԿՏՈՐ — (Բրիժիտին մի կողմ քաշելով): Լսում եմ քեզ։
ԲՐԻԺԻՏ – Ես պատմելու բան չունեմ։
ՎԻԿՏՈՐ — Բրիժիտ, դու պիտի ասե՛ս…
ԲՐԻԺԻՏ — Ցավեցնում ես, Վիկտոր…
ՎԻԿՏՈՐ — Միայն այդքա՞նը…
ԲՐԻԺԻՏ — Բայց, Վիկտոր, ոչինչ չի եղել…
ՎԻԿՏՈՐ — Դու պիտի ինձ ասես ճշմարտությունը, հասկանո՞ւմ ես, պիտի ասես… Անորոշությունն ինձ սպանում է։ Ես պիտի իմանամ, թե ինչ ես արել նրա հետ։ Ես գիտեմ, ես մեղավոր եմ, բայց դու էլ չպիտի գնայիր նրա մոտ։ Հասկանո՞ւմ ես… ես չգիտեի, որ այսքան սիրում եմ քեզ։ Եթե նույնիսկ պառկել ես Կաուբախի հետ, ես քեզ կներեմ։ Ես կմոռանամ… միայն թե ճշմարտությունն ասա, ճշմարտությունը…
ՊԻԵՌ — Ես քեզ առաջվա պես սիրում եմ, Բրիժիտ։ Ես քեզ միշտ սիրել եմ, բայց դու գերադասեցիր Վիկտորի հետ ամուսնանալ։ Հիշո՞ւմ ես մեր առաջին ժամադրությունը… Ես գիտեմ, որ դու ուշադիր լսում ես։ Գիտեմ նաև, որ Վիկտորը կողքիդ է։ Ես քեզ միշտ սիրել եմ, Բրիժիտ։ Այժմ ավելի, քան երբևէ։
ՎԻԼԿԵՐ — (տեղից ցատկելով)։ Չէ, էլ չեմ կարող, էլ քաջություն չունեմ պայքարելու… Սատանան գիտե, թե ի՞նչ է այստեղ կատարվում… Ես ուզում եմ, որ կյանքն առաջվա նման իր բնական ընթացքով գնա։ Ես պրպտեցի իմ հուշերը և ոչ մի բիծ չտեսա։ Ամբողջ կյանքս օգնել եմ ուրիշներին, օգնել։ (Մտնում է Տիմակովը։) Մի օր իրերս գրավ դրի, որ ընկերջս օգնեմ։ Նա երբեք չիմացավ այդ մասին։ Մի ուրիշ օր իմ բարեկամի պարտքերը մարեցի։ Հինգ տարի շարունակ գումար եմ ուղարկել մի տղայի, ում հազիվ էի ճանաչում, որ ուսումը կիսատ չթողնի։ Եվ լավ լսեք, այս մասին երբեք չեմ ասել։ Գիտեմ, դուք ինձ միամիտի տեղ կդնեք կամ տխմարի, բայց երբ ամուսնացա, իմ կինն արդեն հղի էր… Չէ, ինձնից չէ, ուրիշից… Ես գիտեի, բայց և այնպես ամուսնացա.. Բարեկամներս, ինձ խղճալ է պետք։ (Փլվում է աթոռին։)
ԴՈԿՏՈՐ – (փոքր-ինչ անհամարձակ)։ Իմ մասնավոր կյանքը չեմ պատմի, ձեզ հայտնի է։ Բայց դուք անծանոթ եք իմ ամենօրյա զոհաբերություններին։ Ես գիշեր-ցերեկ աշխատում եմ և կարող եմ ասել, որ հարյուրավոր հիվանդներ եմ բուժել առանց մի սու պահանջելու։ Իրավունք ունե՞մ պատանդ գնալու, իրավունք ունե՞մ իմ հիվանդներին լքելու։ Ես նրանց ժառանգականությունը գիտեմ, գիտեմ նրանց թույլ կողմերը, որոնք մի ուրիշ բժիշկ կարող է և չնկատի։ Ոչ, ոչ… առանց ինքնագովության կասեմ, իմ կարիքը դեռ զգում են։ Ինձ խնայել է պետք։
ՎԻԿՏՈՐ — Դե՜, իսկ մենք… Բրիժիտը երեխայի է սպասում։ Իմ պարտքն է նրա կողքին լինել։ Ես ոչ սպանել եմ, ոչ թալանել: Հանգիստ, ազնիվ կյանք եմ վարում։ Մենք տունուտեղ ունենք, շուտով երեխա կունենանք…
Լռություն։
ՏԻՄԱԿՈՎ — (սարկազմով)։ Իսկ դո՞ւ, Ֆրանսուազ, պատմելու բան չունե՞ս: ՖՐԱՆՍՈՒԱԶ – Չունեմ։
ՏԻՄԱԿՈՎ — Հիշիր, հիշիր, մի բան կգտնես։
ՖՐԱՆՍՈԻԱԶ –Ոչ, չունեմ։
ՏԻՄԱԿՈՎ — Զոհաբերություն չե՞ս արել, փող չե՞ս բաժանել, հիվանդ չե՞ս բուժել։
ՊԻԵՌ — Նա պատերազմում ամուսնուն է կորցրել, դա արդեն զոհաբերություն է։
Տ Ի Մ Ա ԿՈՎ– Իսկ դու պատերազմում աչքերիդ լույսն ես կորցրել և դա նույնպես զոհաբերություն է։ Կարճ ասած, այստեղ բոլորդ սրբեր ու նահատակներ եք։ Լավ, հիշողություններ պատմելու իմ հերթն է։ Խնդրեմ։ Տասնհինգ տարեկանում անկարգության համար քոլեջից վռնդել են: Քսան տարեկանում քիչ մնաց հարևանուհուս բռնաբարեի։ Անկեղծ։ Իմ ամենամեծ հաճույքը եղել է պոկեր խաղալն ու խարդախելը…
ՎԻԿՏՈՐ — Դատարկ բաներ են։
ՏԻՄԱԿՈՎ — Դա դեռ բոլորը չէ։ Անցած շաբաթ ինձ առաջարկեցին Դիմադրության մասնակից դառնալ, ես հրաժարվեցի, որովհետև հայրենասեր չեմ։ Բայց սա էլ դեռ բոլորը չէ։ Ամենավատ արարքս պահել եմ վերջում ասելու։ Ամենամեծ խաբեությունը… Ներեցեք, որ ծիծաղում եմ։ Ուրեմն, այսպես։ Մտադրությունս փոխել եմ։ Ես հրաժարվում եմ պատանդ գնալ։
ՎԻԼԿԵՐ — Դուք իրավունք չունեք։
ՏԻՄԱԿՈՎ — Հետս արդեն դուք-ո՞վ ես խոսում… Ոչ, ես իրավունք ունեմ։ Ես մտադրությունս փոխեցի։
Վ Ի ԼԿԵՐ — Դե, որ այդպես է, եկեք քվեարկենք։
ՏԻՄԱԿՈՎ — Քվեարկենք։
ՎԻԼԿԵՐ — Բոլորը համաձա՞յն են…
ԴՈԿՏՈՐ — Ես լավ չհասկացա… բոլո՞րս ենք քվեարկելու։
ՎԻԼԿԵՐ — Բոլորս…
ԴՈԿՏՈՐ – Ֆրանսուա՞զն էլ։
ՏԻՄԱԿՈՎ — Ինչ է, նրա մոտ անբուժելի հիվանդությո՞ւն եք գտել։
ՎԻԼԿԵՐ — Լսիր, Տիմակով, դոկտորը ճիշտ է։ Դու այստեղ չէիր և չիմացար, որ Ֆրանսուազն էլ քեզ նման ցանկություն հայտնեց ինքնակամ պատանդ գնալ։
ՏԻՄԱԿՈՎ — Եվ ինձ նման էլ հիմա հրաժարվում է իր մտադրությունից. ճի՞շտ է, Ֆրանսուազ։
ԴՈԿՏՈՐ – Լսիր, Տիմակով, դու ուրիշի փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք չունես։
ՏԻՄԱԿՈՎ — Ուրեմն ինձ համար կկայացնեմ։ Ես չեմ մասնակցի քվեարկությանը, եթե չի մասնակցում Ֆրանսուազը։
ՎԻԼԿԵՐ – Տիմակով…
ՏԻՄԱԿՈՎ — Ես իմ որոշումը կայացրել եմ։ Մնում է, դուք ձերը փոխեք։
ՎԻԼԿԵՐ — Եկեք նրան հարցնենք։ Ֆրանսուազ…
ՎԻԿՏՈՐ — Վիլկեր, Տիմակովը ճիշտ է… Ստացվում է, որ մենք միշտ մեր կանանց ենք զոհաբերում։ Եթե բախտի ենք գցում, եկեք անենք բոլորիս համար։
ՎԻԼԿԵՐ – Ի՞նչ կասես, դոկտոր։
ԴՈԿՏՈՐ — Պիեռին հարցրու։
ՊԻԵՌ — Ես մի կարծիք ունեմ…
ՏԻՄԱԿՈՎ — Կարծիքդ քեզ պահիր… Ֆրանսուազը կմասնակցի, և վերջ։ Վիլկեր, թուղթ բաժանիր։ (Վիլկերը չի շարժվում։) Դե… (Վիլկերը ծոցագրպանից նոթատետր է հանում։)
ԲՐԻԺԻՏ – (Տիմակովին)։ Ինչպե՞ս ենք քվեարկելու։
ՏԻՄԱԿՈՎ — Բացատրիր նրան, Վիլկեր։
ՎԻԼԿԵՐ — Հիմա կբացատրեմ։ Ուրեմն այսպես, յուրաքանչյուրիդ մեկական կտոր թուղթ կտամ։ Դուք երկու անուն կնշեք։ Ովքեր ամենաշատը կնշվեն, պատանդ կգնան։ Հսկանալի՞ է։ Մենք յոթ հոգի ենք, պատանդ գնալու համար չորս ձայնն էլ բավական է։ (Թղթերն է բաժանում։) Ի դեպ, տպագիր տառերով գրեք։ (Քվեարկում են։ Վիլկերը հավաքում է թղթերը։) Թուղթդ տուր, Վիկտոր։ (Կարդում է արդյունքները։) Պիեռը և Տիմակովը… Ֆրանսուազը և Դոկտորը… Պիեռը և Վիլկերը… Բրիժիտը և Պիեռը… Պիեռն արդեն նշվել է երեք անգամ։ Շարունակում եմ… Ֆրանսուազը և Վիկտորը… Տիմակովը և Վիկտորը… Բրիժիտը և Վիլկերը… (Անզոր շարժում է անում:) Մեծամասնություն չկա, ուրեմն քվեարկությունն անարդյունք է։
ՊԻԵՌ — Գրողը տանի, ընդամենը մեկ ձայն էր պակասում, որ պատանդ դառնայի։ Շնորհակալ եմ։ Բրիժիտ և Վիկտոր, գնացեք խոհանոց և ինձ սպասեք։ (Բրիժիտը և Վիկտորը վեր են կենում։) Գնացեք, գնացեք… (Նրանք դուրս են գնում։ Պիեռը հետևում է նրանց, բայց մինչ դուրս գալը կանգնում է շեմին։) Քանի որ ինձ երեք անգամ նշել եք, չի բացառվում, որ… Մի խոսքով, ես ստիպված եմ այսպես վարվել։ Ոչ ոք չփորձի անցնել այս շեմը, այլապես… (Բաճկոնի գրպանից ատրճանակ է հանում։) Այլապես կկրակեմ։ Պա՞րզ է։ Դուք կմնաք այս սենյակում և պատանդ կընտրեք միայն ձեր միջից, հասկացա՞ք։ (Գնում է։)
ՎԻԼԿԵՐ — Բայց դա անարդար է, նա այդպես վարվելու իրավունք չունի։ (Մոտենում է շեմին։) Պիեռ, ինձ լսո՞ւմ ես, դու իրավունք չունես… Մենք մնում ենք չորս հոգով։ Լսո՞ւմ ես… հավատա ինձ, ես քո անունը չեմ նշել, լսո՞ւմ ես, կարող եմ երդվել՝ ինչով ուզես։ Լսո՞ւմ ես, Պիեռ…
ՏԻՄԱԿՈՎ — Համոզելն իզուր է, նա չի պատասխանի։
ՎԻԼԿԵՐ — (Տիմակովին)։ Ինչ է, չե՞ս գիտակցում մեր վիճակը։ Կաուբախը ուր որ է կգա։
ԴՈԿՏՈՐ — Կինս հիվանդ էր, ես չէի ուզում տնից դուրս գալ…
ՎԻԼԿԵՐ — Ես էլ չէի ուզում այստեղ գալ։ Ավելի լավ էր գնայի ֆիլմ նայելու։ (Դեպի խոհանոցի կողմը։) Սիրելի Բրիժիտ, Վիկտոր… այդպես չի կարելի, չէ՞… մենք բարեկամներ ենք, չէ՞…
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (վեր կենալով)։ Ես կխոսեմ հետները… Միայն խնդրում եմ քեզ, Վիլկեր, նստիր քո տեղը։ (Վիլկերը նստում է, Ֆրանսուազը մոտենում է շեմին։) Պիեռ, լսո՞ւմ ես… Դու իրավունք չունես ինձ թողնելու։ Ես էլ եմ պատերազմել։ Իմ ձևով։ Դու լավ գիտես:
ՎԻԼԿԵՐ — (հուսահատ)։ Չէ, վերջը երեքով ենք մնալու…
ՖՐԱՆՍՈՒԱԶ – Ես չեմ ուզում պատանդ դառնալ։ Դու ինձ լսո՞ւմ ես, Պիեռ։ Դու իրավունք չունես ինձ թողնելու…
ՊԻԵՌ – (դրսից)։ Համաձայն եմ, ներս արի։ Բայց միայն դու, այլապես կկրակեմ։ (Ֆրանսուազը մտնում է խոհանոց։)
ՎԻԼԿԵՐ — (Դոկտորին)։ Ես ի՞նչ ասի… (Տիմակովին,) Գիտե՞ս, Տիմակով, մեր մեջ ասած, ես էլ եմ հավանում Ֆրանսուազին, շատ լավիկն է։ Եթե բախտներս բերի… հասկանո՞ւմ ես… Եվ, ընդհանրապես, ես կանանց լավ ես բավարարում։ Հապա մի գեղեցիկ աղջիկ բեր և կտեսնես…
ՏԻՄԱԿՈՎ — (կեղծ համաձայնությամբ) Դե, իհարկե, իհարկե…
ՎԻԼԿԵՐ — (ոգևորվելով)։ Հավատա, ես կանանց շատ լավ եմ բավարարում:
ՏԻՄԱԿՈՎ – Ինչ կա որ…
ՎԻԼԿԵՐ — Դոկտորը քեզ կասի։ Այդպես չէ՞, դոկտոր։ (Դոկտորը անհամբեր շարժում է անում։) Հավատա, ես ուժերիս ծաղկման շրջանում եմ։ Այ, օրինակ, անցած օրը…
ՏԻՄԱԿՈՎ — Լսիր, խելքդ թռցրի՞ր… սխրանքներդ մասին պատմելու ժամանա՞կ ես գտել։
ՎԻԼԿԵՐ — (շփոթված)։ Դու ճիշտ ես… շատ տգեղ էր նրանց կողմից մեզ այսպես…
Ներս են մտնում Ֆրանսուազը, Պիեռը, Վիկտորն ու Բրիժիտը։ Վիլկերը, Տիմակովը և Դոկտորը դանդաղ ոտքի են կանգնում։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Մենք բոլորս հավասար իրավունք ունենք ապրելու, հավասար։ (Ատրճանակը թաքցնելով, նստում է իր աթոռին։) Նստեք…
Միջանցքից սենյակ է մտնում Կաուբախը։ Եկել է ժամը։ Ֆրանսուազն զգալով Կաուբախի ակնդետ հայացքը, շրջվում է, դանդաղ վեր կենում տեղից։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — (մտքում)։ Աստվա՜ծ իմ, նույն զգացողությունը՝ ինչ ամուսնուս մահվան լուրն ստանալիս։ Այն ժամանակ էլ լաց չեղա… հիմա էլ լաց չեմ լինի… (Խոր շունչ քաշելով։) Դե ինչ, ես պատրաստ եմ։ (Դանդաղ գնում, կանգնում է Կաուբախի դիմաց։)
Կաուբախը, շրջանցելով նրան, մոտենում է Դոկտորին։
ԴՈԿՏՈՐ — (մտքում, պատառաքաղի հետ խաղալով): Հանգիստ պահիր քեզ, ապուշ, հանգիստ… Մտածիր կնոջդ մասին, հիվանդներիդ… հիվանդներիդ… հիվանդներիդ։ Կնոջդ, կնոջդ, կնոջդ…
Կաուբախն անցնում է Պիեռի կողմը։
ՊԻԵՌ — (մտքում)։ Ես զգում եմ նրա գարշելի ջերմությունը… Գրողը տանի, ինչքան մեղք եմ ես… Ինչքա՜ն լքված ու միայնակ… Եվ այդքան զոհաբերություններից հետո… այսքա՛ն անպաշտպան…
Կաուբախն անցնում Է Վիլկերի կողմը։
ՎԻԼԿԵՐ — (մտքում)։ Աստված իմ, ի՞նչ եմ անելու, եթե ինձ ընտրի… Ֆրանսուազին գրած չեկը կտամ իրեն ու կհայտարարեմ. «Գերմանական զինվորների այրիներին»։ Հա՛։ Իսկ իրեն ավելի խոշոր գումարի չեկ կգրեմ։ Հա՛, հա՛, գյուղի իմ տունն էլ կնվիրեմ գեստապոյին…
Կաուբախն անցում է Բրիժիտի կողմը։
ԲՐԻԺԻՏ — (մտքում)։ Մի՞թե նա ինձ պատանդ կվերցնի… Չի՛ կարող պատահել…
Կաուբախն անցնում է Վիկտորի կողմը։
ՎԻԿՏՈՐ — (մտքում)։ Նա քիչ կանգնեց Բրիժիտի մոտ։ Ուրեմն եղել է հետը։ Հետևաբար՝ ես նույնպես փրկված եմ։ Ես նույնպես փրկված եմ, չէ՞, պարոն Կաուբախ։ Չէ՞… Ինչո՞ւ է այսքան երկար նայում ինձ… Ի՞նչ է մտածում, հը՞, ի՞նչ… Գուցե շատ է հավանել Բրիժիտին և… ուզում է ինձ վերացնել, որ հետո անարգել նրան սիրահետի։ Չէ, դա չի լինի, ես հենց հիմա, հենց այս պահին բարձրաձայն կհայտարարեմ, որ բաժանվում եմ կնոջիցս, որ ես երբեք նրան չեմ…
Կաուբախն անցնում է Տիմակովի կողմը։
ՏԻՄԱԿՈՎ — (հանգիստ ծխելով, մտքում)։ Ի՜նչ գեղեցիկ է բարձրանում ծուխը։ Կարծես իմ հոգին լինի, որ առանց ափսոսանքի, հեգնախառն պիտի երկինք բարձրանա, երբ այս դռան առաջ գնդակահարեն ինձ։ Աստվա՜ծ իմ, ինչպես եմ ուզում սավառնել երկնքում…
Կաուբախն հեռանում է Տիմակովից, կանգնում սենյակի կենտրոնում։
ԿԱՈՒԲԱԽ — Տիկնայք և պարոնայք, դուք ազատ եք։ (Բոլորը քարացած են։) Մեղավորներին քիչ առաջ բռնեցին։ (Վիկտորին.) Պարոն Մանսե, ձեր խոշորացույցը… (Խոշորացույցը տալով, դուրս է գալիս։)
Բոլորն ապշահար և շփոթահար են։
ՖՐԱՆՍՈՒԱԶ — Խոշորացույցը… Այո՛, խոշորացույցը։ Գիտե՞ք, ինչ եմ մտածում… Կաուբախն իրո՞ք պատանդ վերցնելու ցանկություն ուներ, թե՞… Ինձ թվում է, նա ոչ թե թիթեռներին, այլ մեզ էր զննում, մեզ…
Անսպասելի միանում է ռադիոընդունիչը։ Ուրախ ու թեթև պարեղանակ է հնչում։ Բոլորն, անակնկալի եկած, շրջվում են նրա կողմը։ Հաճելի երաժշտությունը տարածվում է սենյակում։
Վիպակը պիեսի վերածեց Արթուր ԷԴԱՐԸ