Գոռ Վանյանի «Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը» աշխատությունը
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանի «Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը» աշխատությունը:
Հեղինակն ընթերցողին է ներկայացնում 20-րդ դարի հայ անվանի ռեժիսոր Արմեն Գուլակյանի (1899-1960) կյանքն ու գործունեությունը: Սույն գիտական ուսումնասիրության մեջ, ժամանակի թատերական քննադատության էջերից ու հուշագրություններից բացի, քննության են առնված բազմաթիվ արխիվային նյութեր` անտիպ գրառումներ, ռեժիսորական օրինակներ, նամակներ, լուսանկարներ, թատրոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա հետազոտողը նոր լույսի տակ է դիտում Արմեն Գուլակյանի ստեղծագործական ուղին, բացահայտում նրա ռեժիսորական ոճն ու արվեստի առանձնահատկությունները:
ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ
Արմեն Գուլակյանը մեր դասախոսի՝ Հենրիկ Հովհաննիսյանի ուսուցիչն էր եղել, և մենք Գուլակյանի մասին թատերական ինստիտուտի մյուս ուսանողներից մի քիչ ավելին գիտեինք: Ինձ, որպես նախկին մարզիկի, սկզբում տրամադրում էր ռեժիսորի կամային բնավորությունը: Խիստ էր, կարգապահ, հետևողական ու աշխատասեր. կարդում էինք նրա մասին սովետական լույսով գրված թատրոնի պատմության գրքերում: Բայց ինչպե՞ս էր ստեղծագործել, ո՞րն էր նրա արվեստի առանձնահատկությունը, մնում էր անհասկանալի ու մշուշոտ: Այս մասին կարելի էր պատկերացում կազմել միայն Հովհաննիսյանի հետ ունեցած զրույցներից, պատմում էր՝ ինչպիսի թատերական մանկավարժ էր Գուլակյանը. «նա մեր դերասանական կուրսը վարում էր ինչպես մի փոքրիկ թատերախումբ»: Տարիներ անց այս միտքը հետազոտությանս բանալին էր դառնալու:
Ճանաչել Գուլակյանին, նշանակում էր հասկանալ ուսուցչիս, որը մեզ ինքնաճանաչման էր մղում: Բայց սա ամենը չէր: Արմեն Գուլակյանը 20-րդ դարի հայ թատրոնի պատմության ամենաառանցքային դեմքն էր, թատերական ազգային ավանդույթների պահպանողը, շարունակողն այն ռեալիստական գծի, որ սկսվում է Գևորգ Չմշկյանից, կատարելագործվում Գևորգ Պետրոսյանի անսամբլային արվեստում, հասնում Օվի Սևումյանի հոգեբանական ռեալիզմին: Նա հայ թատրոնին տվել էր դերասանների մի ողջ աստղաբույլ: Գուլակյանի ուսանողներն էին եղել Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Աբաջյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը: Ինքն էր բացահայտել Մետաքսյա Սիմոնյանի բեմական տաղանդը, Սունդուկյանի թատրոն կանչել Մհեր Մկրտչյանին: Գուլակյանի արվեստի ուսումնասիրությունը, ինչպես իմ, այնպես էլ այլ հետազոտողների համար, կարող էր հիմք հանդիսանալ բացահայտելու նաև հիշյալ դերասանների ստեղծագործական նկարագիրը: «Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը» դարձավ ատենախոսությանս թեման: Երբ հետազոտությունը պետք է հրապարակվեր, գրքում տեղ գտավ ևս մեկ գլուխ՝ «Թատերական գործիչն ու մանկավարժը»:
Բեղուն է Արմեն Գուլակայնի ստեղծագործական ուղին: Նա իր ողջ կյանքը նվիրել է ազգային բեմարվեստի զարգացմանը. ռեժիսոր, թատերագիր, թատերական մանկավարժ, թատրոնական գործի կազմակերպիչ, մեծ կամքի, զգոն մտքի և ուժեղ բնավորության տեր անհատականություն: Գուլակյանը մեծապես նպաստել է հայ թե՛ դրամատիկական և թե՛ օպերային թատրոնների զարգացմանը: Շուրջ երկու տասնամյակ` 1930-50-ական թվականներին, նա հայ բեմի առաջատարն է եղել, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծագործական նկարագիրն ու ուղղվածությունը որոշող բեմադրիչը:
Գուլակյանի բեմական-հասարակական գործունեության մեջ չեն նկատվել վայրիվերումներ, սկզբունքի պակաս, անհարկի հակասություններ: Սակայն քիչ չեն նրա մասին ձևավորված հակասական կարծիքները: Շատերը համարել են 20-րդ դարի հայ թատրոնի ամենապրոֆեսիոնալ ռեժիսորը, ոմանք էլ այն կարծիքին են, որ նա ուղղակի զբաղված է եղել խորհրդային գաղափարախոսության պրոպագանդայով: Ռեժիսորի շատ բեմադրություններ տարբեր մեկնաբանությունների առիթ են տվել և չբացահայտված շերտեր էին ենթադրում:
Այժմ, երբ փլուզվել է Խորհրդային հասարակարգը, երբ արվեստագետի միտքն ազատ է գաղափարական հարկադրանքներից, ինչպես Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը, այնպես էլ` անցյալ դարի հայ թատրոնի պատմության շատ էջեր, կարծում ենք, նոր ուսումնասիրություն են պահանջում:
Գիրքը գրելիս ինձ հետաքրքրում էր ոչ թե՝ ով էր Գուլակյանը և ինչ բեմադրեց (այդ մասին բավականին գրականություն կա), այլ՝ ինչպե՞ս է ռեժիսորը ստեղծագործել, պատմական ի՞նչ ժամանակաշրջանում և թատերական ի՞նչ համատեքստում է իրականացել նրա արվեստը:
Գրավոր փաստերին հավատարիմ մնալով, աշխատելով առաջ չընկնել ժամանակակիցներից, այնուամենայնիվ, նկատում էի, որ ինչ-ինչ տվյալներ դուրս են մնացել Գուլակյանի կենսագիրների ուշադրությունից: Ուստի շրջանառության մեջ են դրվել ռեժիսորի մասին պատմող, մինչ օրս անհայտ, արխիվային նյութեր: Գուլակյանի ստեղծագործական կյանքին վերաբերող փաստերն աշխատել ենք ճշտել, ի մի ենք բերել և ավելացրել կենսագրական նոր տվյալներ, զուգահեռաբար բացահայտել նրա ռեժիսուրայի բնույթն ու բեմական արվեստի մասին տեսակետները:
Գիրքը կազմված է վեց գլուխներից: Առաջին գլխում անդրադարձել ենք ռեժիսորի կենսագրության վաղ շրջանին, պարզել, թե Գուլակյանն ինչ կրթություն է ստացել, ովքեր են եղել նրա ուսուցիչները: Ինչ է նա սովորել Օվի Սևումյանի դրամատիկական ստուդիայում և ինչ՝ Մոսկվայում ուսանելիս: Բացահայտել ենք՝ Մոսկվայի Հայկական Պետական դրամատիկական ստուդիայում ինչ առարկաներ են դասավանդել, պարզել նաև, թե Գուլակյանը որտեղ և ինչպես է սկսել տիրապետել բեմական տեխնիկայի գաղտնիքներին: Աշխատության երկրորդ գլխում նկարագրված է Արմեն Գուլակյանի ռեժիսորական գործունեության սկիզբը Երևանի Առաջին պետական թատրոնում: Փորձել ենք պարզել՝ ինչպիսին էր Գուլակյանի ստեղծագործական նկարագիրը ռեժիսորական գործունեության վաղ շրջանում: Նա 20-րդ դարասկզբի նորագույն հոսանքներով ներշնչված, համարձակ ու հետաքրքիր փորձարարություններ է արել, եղել մոդեռնիստ, սակայն որևէ մեկին չի ընդօրինակել, ռուսական բեմից չի դիմել փոխառությունների: Անդրադառնալով ռեժիսորի վաղ շրջանի ստեղծագործություններին, հեղինակները չեն նշում, թե պատմա-քաղաքական ինչ պայմաններում են իրականացել նրա բեմադրությունները: Ուսումնասիրության ժամանակ այս հարցը նույնպես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Այս շրջանում ինչպես Գուլակյանը, այնպես էլ շատ այլ ռեժիսորներ դասական պիեսները դասակարգային պայքարի տեսանկյունից են բեմադրել:
Երրորդ գլխում քննել ենք, թե Գուլակյանն ինչպես է բեմադրել դասական հեղինակների երկերն իր ստեղծագործական կյանքի հասուն շրջանում (1940-55թթ.): Եթե 1920-ական թվականներին դասական պիեսները նրա համար եղել են բեմադրական արտաքին հնարքների պլակատային ու պայմանական լուծումների առիթ, ապա 1935-40-ական թվականներից սկսած, գրական հիմքի բոլոր առանձնահատկություններն ու մանրամասները ռեժիսորը կարևորել է: Նրա համար հեղինակի խոսքը եղել է ելակետ, ներշնչման աղբյուր, դրության ու բեմավիճակի պայման:
Չորրորդ գլուխում խոսվում է Գուլակյանի ստեղծագործական սկզբունքների մասին: Քննելով արվեստագետի ռեժիսորական հայացքները՝ համոզվում ենք, որ նա դերասանին է համարել բեմական արվեստի հիմքը: Ինքը եղել է հոգեբանական ռեալիզմի հետևորդ, սունդուկյանական ավանդույթի պահպանողն ու շարունակողը, և այս ամենին զուգահեռ, իր արվեստում կիրառել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստեղծագործական սկզբունքները: Արմեն Գուլակյանին համարում են և՛ ազգային թատերական ավանդույթների շարունակողը, և՛ հայ թատրոնում Ստանիսլավսկու «սիստեմի» լավագույն գործնական մեկնաբանը: Այս համադրության մեջ ենք դիտում ռեժիսորի ստեղծագործական նկարագիրը: Բեմական արվեստի նրա ըմբռնումներն ու տեսակետներն այս համատեքստում են:
Հինգերորդ գլխում անդրադարձել ենք Գուլակյանի օպերային բեմադրություններին, բացահայտել նրա բեմադրական սկզբունքներն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Անհրաժեշտ ենք համարել պարզել, թե ռեժիսորն, ի տարբերություն դրամատիկական թատրոնի դերասանների, ինչպես է աշխատել օպերային թատրոնում երգիչ-դերասանների հետ: Ուսումնասիրել ենք՝ ինչպես է նա օպերայում բեմադրել մասսայական տեսարանները: Ոչ մի անկենդան դեմք: Բեմում ամենաերկրորդական գործող անձի ներկայությունն անգամ եղել է իմաստավորված:
Թատրոնական գործի կազմակերպումն ու թատերական մանկավարժությունն անբաժանելի են եղել Գուլակյանի ստեղծագործական նպատակներից: Այս մասին է խոսվում գրքի վեցերորդ գլխում: 1935-40-ական թվականներից սկսած, (և՛ թատրոնում, և՛ մանկավարժության մեջ) տարված լինելով Ստանիսլավսկու «սիստեմի» գործնական մեկնաբանությամբ, ռեժիսորը միանգամայն պարզ գիտակցել է՝ «սիստեմից» ինչն է դերասանին հարկավոր, ինչը՝ ոչ: Որպես Ստանիսլավսկու «սիստեմի» հետևորդ, նա նույնպես պայքարել է դիլետանտիզմի և քաղքենիության դեմ, թատրոնում ամեն գնով փորձել է հաստատել երկաթյա կարգապահություն, իսկ արտիստին փնտրել է աշխատասեր, բարոյապես ազնիվ մարդկանց մեջ:
Հետազոտության նպատակն է եղել ամբողջական և հնարավորինս անաչառ ներկայացնել Արմեն Գուլակյանի ռեժիսորական նկարագիրը, բացահայտել մարդկային խառնվածքը, ստեղծագործական սկզբունքները, նրա ռեժիսորական ոճն ու արվեստի առանձնահատկությունները:
Գիրքը հասցեագրված է բեմադրիչներին, դերասաններին, թատերագետներին, թատրոնի պատմությամբ հետաքրքրվող և ընթերցասեր լայն շրջաններին: