Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՐԱՄԱ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ ԿԱՄ «ՇԱՆ ԱՂՋԻԿԸ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԻ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՐԱՄԱ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ ԿԱՄ «ՇԱՆ ԱՂՋԻԿԸ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Ալբերտ Ռամսդելլ Հերնի Կրտսերի պիես­ներին բնորոշ են աղմկահարույց սյուժեները, արտառոց բնավորությունները, պարադոքսալ լուծումները, թատերայնությունը։ Նա չի ճանա­չում ժանրային սահմանափակում և կյանքը տեղափոխում է բեմ, բեմը՝ կյանք, հանդիսա­տեսին շարունակ հիշեցնելով, թե «այս ամենն ընդամենը խաղ է»։ Խաղի այս կանոններին համահունչ է նաև «Սիլվիա» պիեսի բեմադրու­թյունը Համազգային թատրոնի բեմում՝ ռեժի­սորական համարձակ լուծումներով, գունային վառ մատուցումներով գրագետ, լուսավոր ու կենսուրախ մի ներկայացում (բեմադրիչ՝ Սաթենիկ Խաչատրյան, ներկայացման գեղ. ղեկա­վար՝ Հրաչյա Գասպարյան)։ Սակայն ազդա­գրերին չփնտրեք այս վերնագիրը, երիտասարդ բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը (ԵԹԿՊԻ-ի 5-րդ ռեժիսորական կուրսի ուսանողուհի, պրոֆ. Հ. Գասպարյանի արվեստանոց) դրսևորել է երիտասարդական՝ ամեն ինչ վերափոխելու համարձակ նախաձեռնու­թյուն նաև վերնագրի հարցում։ «Շան աղ­ջիկ»՝ ահա այսպիսի վիճահարույց վերնագրով է բեմադրիչը հայտ ներկայացրել իր՝ թվով երրորդ ավարտուն ռեժիսորա­կան աշխատանքով։ Թերևս ընդունելի է ամեն վերնագիր, եթե արդարացվի ռեժի­սորական հայեցակերպի շրջանակներում, և վեճերն էլ հավանաբար կդադա­րեն, երբ բեմում հայտնվի նա՝ շան աղջի­կը, կամ պարզապես անկրկնելի, արտա­ռոց ու նրբագեղ մի արարած, ում անունն է Սիլվիա (դերակատար՝ Նարինե Գրիգորյան)։

Դեռևս մութ բեմում հնչող «Շան վալ­սի» առաջին նոտաները ուղղակիորեն և առանց սեթևեթանքի հայտարարում են, թե հանդիսատեսի առաջ ծավալվելու է մի պատմություն, որն անմիջականորեն կապ ունի շնային թեմայի հետ։ Հատկա­պես, երբ թափանցիկ շիրմաների ետևից շոումենի ոգևորիչ հրավերով բեմում հայտնված մի խումբ մարդիկ (ի դեպ՝ ար­տաքին հագուկապից հստակ գծագրվող որոշակի սոցիալական պատկանելությամբ) ոչ այս կողմ, ոչ այն՝ սկսում են, մեղմ ասած, ձայնակցել, կամ, ներեցեք, հաչել շոումենի ղեկավարությամբ։ Բայց ոչ, ամեն ինչ այդքան պարզ չէ, խոսքը մարդկային հարաբերությունների մասին է, այն էլ՝ ընտանեկան հարաբերություն­ների։ Մի թեմա, որ բազմիցս արծարծվել է համաշխարհային գրականության մեջ և բեմերում, սակայն չի սպառվել, միայն թե մատուցման կերպը ճիշտ ընտրվի։ Մատուցման կերպը գտնված է այս բեմադրությունում՝ դեպի կեն­ցաղայնություն ձգտող պիեսը լուծված է պայ­մանական թատրոնի արտահայտչալեզվով: Թեև պայմանականություն թելադրում է հենց պիեսի ֆորման՝ շնիկը խոսում է մարդկային լեզվով։

Պայմանական         արտահայտչալեզուն դրսևորվում է թե՛ երաժշտական ձևավորման (կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան), թե՛ հագուստների և դեկորի միջոցով (նկարիչ՝ Դավիթ Մինասյան): Ետնաբեմում կողք-կողքի տեղադրված շիրմաները սեղմում են բեմա­կան տարածությունը՝ հորիզոնական ձգվող բեմը նպաստում է դերասանների անկաշկանդ գործողություններին աջից ձախ, միաժամանակ թույլ է տալիս հանդիսատեսին անմիջա­կանորեն հետևելու խորություն չունեցող բեմում ծավալվող իրադարձություններին։ Երկար տա­րիներ առաջին հայացքից խաղաղ կյանք վա­րող և հասարակության մեջ բարեկեցիկ դիրք զբաղեցնող ամերիկյան ընտանիքում (կինը Շեքսպիր է դասավանդում միջնակարգ դպրո­ցում, ամուսինը գրասենյակային աշխատող է) մի օր խախտվում է կյանքի սովորական ըն­թացքը. Գրեգը տուն է բերում մի շնիկի, սա­կայն Գրեգի կինը՝ Քեյթը (Արմինե Անդրեասյան), կտրականապես դեմ է տանը շուն պահե­լուն։ Գրեգը երկչոտ պիտի փորձի կնոջը համո­զել, որ իր կյանքում ինչ-որ բան սկսել է պակա­սել, ավելի կարևոր բան, քան աշխատանքն է՝ կյանքի զգացողությունը. չպատմված նախապատմությունը կարելի է գուշակել։ Եվ այստեղ է, որ պիտի վերջնականապես խախտվի ընտանեկան անդորրը։ Վե՛րջ խաղաղությանը։ Օրեցօր խորացել է ամուսինների միջև անջրպետը, նրանք չեն էլ նկատել, թե որքան վա­ղուց միմյանց ասելիք չունեն։ Իսկ Քեյթը, որ ամուսնուն զիջելու տրամադրված չէ, չի էլ փոր­ձում նկատել, որ Սիլվիան եկել է սթափեցնելու մարդկանց թմրած սրտերն  ու զգացմունքները։

Ուշագրավ է Սիլվիայի և Գրեգի (Սերգեյ Թովմասյան) բեմում հայտնվելը՝ տուն մտնելուն պես Սիլվիան անկաշկանդ վազում-կանգնում է բազմոցին՝ մեր առջև կենսուրախ, թեթև, մանկական անմիջականությամբ օժտված, անկեղծ ու սրտառուչ մի արարած է։ Գրե­գը հուզվում է, դա նկատելի է նրա՝ տուն մտնելու առաջին իսկ վայրկյաններից, ոչ պակաս հուզված Սիլվիային հանգստացնելու ապար­դյուն փորձերից, անգամ նստելու կերպից։ Նա կանխազգում է կնոջ արձագանքը, իսկ ինքը որոշել է մեկ անգամ համարձակվել, դուրս գալ իրեն ճնշող պայմանականություններից և ուղ­ղակի ապրել։

Թե ինչու Քեյթը կարող է ընդդիմանալ ըն­տանիքում նոր անդամի հայտնվելուն, լիովին արդարացվում է Հերնիի ստեղծած կենդանի ու տրամաբանական երկխոսություններում՝ դրա համար կա մի քանի պատճառ։ Սակայն ներ­կայացման հերոսուհու՝ առաջին իսկ վայրկյա­նից մարտական տրամադրվածությունը թվում է՝ պատճառ չունի, հավանաբար վերջինիս ան­տանելի, անզիջում, ինքնիշխան բնավորու­թյունն է: Այստեղ է, որ թուլանում է դերակա­տարման մեկնությունը, հետաքրքիր չէ միա­նշանակ պատասխան ունենալ Քեյթի վարքա­գծին, Հերնիի Քեյթը բազմաշերտ է հենց նրա­նով, որ այս կնոջը մեղադրելով հանդերձ կա­րելի է հասկանալ և անգամ կարեկցել։ Արմինե Անդրեասյանի Քեյթը կամային կին է, ով սովոր է պնդել իրենը՝ առանց խորամուխ լինելու երևույթի մյուս կողմին։ Այս Քեյթի քայլվածքը, շարժուձևը, խոսքն ու դիմախաղը հերոսուհուն արդարացնելու, նրա դրության մեջ մտնելու ոչ մի հնարավորություն չեն թողնում, անգամ հասկանալի է դառնում, թե ինչու Գրեգը կարող էր դիմել իր տարիքի համար բոլորովին չկշռա­դատված այս քայլին՝ մխիթարություն փնտրե­լով պատահական «անցորդուհու» մեջ։

Ֆիլլիսի հետ տեսարանում այս կնոջը կարեկցելու առիթ կա, սակայն անգամ այս դեպ­քում այն զգացողությունն է, որ Քեյթն ինքն է ոչնչից մեծ աղմուկ ստեղծում։ Այս տեսարանը լրացնում է ներկայացման ընդհանուր գունապ­նակը։ Ֆիլլիսը (Տաթևիկ Ղազարյան), կարելի է կարծել, Քեյթի ևս մի տարբերակ է, ում ամու­սինն էլ տարված է ոսկե ձկնիկներով։ Սակայն Ֆիլլիսը իր թեթևությամբ և մակերեսայնու­թյամբ ասես եկել է Քեյթին հասկացնելու, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, և նույնիսկ ավելին՝ ռոմանտիկ է, այնուամենայնիվ, անակնկալ չէ տեսարանի վերջում Ֆիլլիսի փախ­չելու բուռն ցանկությունը, եթե Քեյթի նման ուժեղ կնոջ նյարդերն են տեղի տվել… Դերա­սանուհի Տ. Ղազարյանը ներկայացնում է քաղքենի, ժամանակակից «աշխարհիկ հասարակության» տիպիկ ներկայացուցչի (գուցե այստեղ են նաև ժամանակակից կյանքի հետ առնչությունները)։ Նրա անհեթեթ հագուստից, իրեն բոլորվին չսազող գլխարկից և մեծ պա­յուսակից վատ ճաշակի հոտ է գալիս, թերևս ավելի տպավորիչ է դերակատարման արտա­քին կերպարային կողմը։ Ռեժիսորական հա­ջողված կտոր է հատկապես տեսարանի ֆի­նալային հատվածը՝ հայտնվում են Գրեգը և Սիլվիան, որոնց մուտքը ռեժիսորը նշանավո­րում է ներկայանալի երաժշտական թեմայով։ Տպավորությունն այնպիսին է, թե տարիներ ի վեր մութ և խունացած սենյակում վարագույր­ները բացվում են, և սենյակը հեղեղվում է կե­սօրվա արևի ներս հորդացող առատ լույսով, սրան նպաստում է դերակատարների վարա­կիչ խաղը։ Գրեգը փայլուն տրամադրության մեջ է, իսկ Սիլվիան զգեստափոխված է, նա արևի պես դեղին, փոռավոր կիսաշրջազգես­տով է և շողարձակում է երջանկությունից։ Խնդությունը հորդում է հանդիսասրահ։ Ֆիլլիսի հետ նրանց ողջագուրումը վերածվում է ար­հավիրքի, բեմը՝ մարտադաշտի, ուր հերոսները բաժանվել են երկու ճակատի, աջում՝ ափերից դուրս եկած Քեյթն ու Ֆիլլիսը, ձախում՝ Գրեգն ու Սիլվիան, ովքեր այս ամենից միայն հաճույք են ստանում։ Հետաքրքիր կառուցված միզանս­ցեններ, դինամիկ և օրգանական խաղ՝ իր տա­րերքի մեջ է նորին մեծություն թատրոնը։ Խելակորույս Ֆիլլիսը գզգզված և դիմակա­զերծված դուրս է պրծնում տնից։ Այնինչ այս խենթ զույգն ընդամենը կիսվեց իր երջանկու­թյամբ։ Այս իրարանցումից հետո միայն մնում է ասել՝ ա՛յ թե պտուղ է այս շան աղջիկը։ Չնա­յած ներկայացման գունեղ կերպարներին և բնավորություններին, առաջին պլանում միանշանակորեն Սիլվիան է թե՛ որպես ռեժիսորի գլխավոր մտահղացման կրող, թե՛ դերակա­տարման բարձր վարպետությամբ։ Երիտա­սարդ դերասանուհին (մասնագիտությամբ ռե­ժիսոր է, միջազգային փառատոների մասնա­կից) հանդիսատեսին հայտնի է նաև իր ռեժի­սորական չորս աշխատանքներով։ Ն. Գրիգորյանը նաև 2006 թ. «Արտավազդ»-ի մրցանակա­կիր է՝ կանացի լավագույն դերակատարման համար։ Նրա Սիլվիան ներկայացման հաղթա­նակն է։ Դերակատարուհին է հիմնականում թելադրում ներկայացման ջերմ մթնոլորտը, նա կերպարը մատուցում է բազմապլան, հոգեբա­նական խաղի նրբին ենթաշերտերով և, միա­ժամանակ, չափազանց արտիստիկ է։ Այս տեսանկյունից ամենախոսուն պատկերներից է Սիլվիայի և Քեյթի առաջին ծանոթությանը հաջորդող առաջին բախման տեսարանը։ Իր մարդամոտությամբ Քեյթի հետ բարեկամանալու տարբեր հնարամտությունների (երգում է, ծիծաղում, կատակում) պաշարը սպառած Սիլվիան Քեյթին դուր գալու վերջին ճիգերն է գործադրում։ Ապարդյուն։ Եվ ճարահատյալ անում է անթույլատրելին՝ դեպի իրեն քաշելով փոքրիկ գրասեղանը, որի վրա աշխատում է իրեն արհամարհող Քեյթը։ Քեյթն իր հերթին դեպի իրեն է քաշում սեղանը՝ ասես դրանով ցույց տալով իր դիրքորոշման անդրդվելիությունը։ Սիլվիան դարձյալ համառում է՝ փորձելով հաս­նել Քեյթի սրտի լարերին, արդյունքում ստացվում է մի տեսակ գաղափարական մենամարտ, ուր երկու կողմերը մարտնչում են սեփական ես-ի և սկզբունքի հաստատման դիրքերից և դեռևս համազոր են։ Տրամադրությունները հա­ջորդում են մեկը մյուսին, դերակատարուհու դիապազոնը ընդարձակ է: Ն. Գրիգորյանը մանրակրկիտ մշակել է արտաքուստ տիպիկ կենդանական վարքագիծ՝ բոլոր ռեֆլեքսներով և բնազդներով, որ մեկ անգամ էլ հավաստում է ռեժիսորի միտքը. մարդկային անունով, մարդ­կային լեզվով խոսող և մարդկային նրբանկա­տությամբ ու նրբազգացությամբ օժտված (թեև ինչո՞ւ մարդկային. կենդանիները հաճախ գերա­զանցում են իրենց վարքագծով շատ մարդկանց) այս էակը միևնույն է՝ մարդ չէ։ Խոսքը մարդու և բնության փոխհարաբերության մա­սին է։ Այս թեման հատկապես շեշտվում է երե­կոյան զբոսանքների ժամանակ. կարմիր բազմոցով բավականին հաճելի բնակարանը ընդամենը մի քանի վայրկյանում ուղիղ հանդիսատե­սի աչքի առաջ՝ մեկ-երկու իրի տեղափոխու­թյամբ, վերածվում է գեղեցիկ գիշերային զբո­սայգու, ուր անգամ երկնքում աստղերն են առ­կայծում։ Բազմոցի կարմիր ծածկոցը հակա­ռակ՝ կանաչ երեսով փռվում է հատակին՝ մեր­կացնելով փայտե նստարանը և պայմանակա­նորեն վերածվելով խոտի հարթ շերտի։ Այս փոքրիկ դետալը նկարչի կողմից գտնված հնարամիտ և պրակտիկ բազմաթիվ միջոցներից մեկն է։ Թերևս «Շան աղջիկը» Համազգայինի բեմի այն քիչ ներկայացումներից է, ուր երևում է բեմանկարչի ձեռագիրը։ Արդյոք երիտասարդ բեմադրիչի հետ աշխատելու փա՞ստն է, որ անկաշկանդ դրսևորվելու հնարավորություն է ընձեռել նկարիչ Դավիթ Մինասյանին։

Տեսարանում բացահայտվում է բնության և մարդու միջև գոյություն ունեցող հարմոնիան։ Բնությունը կատարյալ է իր պարզ գեղեցկու­թյամբ, այնինչ մարդկային կյանքը վաղուց կորցրել է հասարակ անմիջականությունը։ Գրեգը փորձում է ձերբազատվել այն պայմա­նականություններից, որ քաղաքակրթությունն է հորինել։ Սիլվիան ձուլվում է բնությանը, լիաթոք վայելում ազատությունը։ Տեսնել է պետք, թե ինչպես է նա վայրկենապես այլափոխվում իր ցեղակից Բոցմանին հանդիպելիս (Բոցմանի կերպարը բեմում մենք չենք տեսնում), ինչպես է վերածվում սեթևեթ աղջնակի, ով ուզում է պարզա­պես դուր գալ և ինչպես է զայրանում, երբ աննրբանկատ տերը փորձում է մի­ջամտել իր շնային գործերին։ Գրեգը պարզապես ափերից դուրս է գալիս, երբ Սիլվիան իրեն անվայելուչ է պահում, և տեսարանի վերջում շնիկն արժանանում է խիստ նկատողության։ Սիլվիան մեխա­նիկորեն ենթարկվում է «իր Աստծուն», իսկ Գրեգը բեմից հեռանում է հաղթանա­կած ժպիտով հանդիսասրահ նայելով։ Այստեղ անգամ հավանական է թվում հո­գեբանի առաջարկած այն անհեթեթ վարկածը, թե գուցե Գրեգը փնտրում էր հենց այսպիսի կնոջ, ով կենթարկվի իրեն կուրորեն, այնինչ ճիշտ նրա հակա­պատկերն է Քեյթը։ Բայց ոչ, զուր է Թոմի անհանգստությունը, թե օրը հինգ ան­գամ պետք է կրկնել՝ «ոչ թե մարդ, այլ շուն» արտահայտությունը։ Գրեգն այդ գիտե։ Այո, հեղինակային տեքստը եր­բեմն բավականին կոպիտ և երկիմաստ է հնչում այս տեսանկյունից, և ռեժիսորից է

մեծապես կախված այս կամ այն տեսարանի ենթատեքստի շեշտադրումը։ Ներկայացման մեջ իսպառ բացակայում են նման ենթատեքս­տերը։

Դերասանական ամենագունեղ մատու­ցումներից է Արման Նավասարդյանի Թոմը։ Այս կերպարի բեմում հայտնվելն իսկ եղանակ է ստեղծում։ Նրա բերետը, անփույթ գցված կար­միր շարֆը, թևերի տակ դրված գրքերը և շան վզափոկը այս մարմնեղ մարդուկին առանձնա­կի կերպարային են դարձնում։ Նրա անմիջա­կան՝ «Ողջույն հանգստացողներին»–ը, որ նման է այցեքարտի, ինքնավստահ և անկաշ­կանդ շարժուձևը հուշում են, որ վերջինս «Շնաթմբի» մշտական և, հավանաբար, ամենափորձառու այցելուն է։ Օ՜, նա շների հարցում պարզապես գիտակ է, անշուշտ, հաստափոր գրքերի փորձի հիման վրա, Թոմը կարող է ան­գամ Գրեգի գլխիկոր կեցվածքից հասկանալ նրա ընտանեկան իրավիճակը։ Դերակատարն ունի խոսքի սեփական և հյութեղ շեշտադրում­ներ, որ ընդգծում են կերպարի զվարճալիու­թյունը և խոսում Ա. Նավասարդյանի դերասա­նական տեսակի մասին առհասարակ։ Ինչպես Ֆիլլիսն է մի նոր լույսով երևակում Քեյթին, այնպես էլ Թոմը՝ Գրեգին։ Վերջիններս բախ­տակիցներ են, ժամանակի հետ Գրեգն էլ կդառնա շների փայլուն գիտակ և կսովորի ավելի անվրդով անցկացնել ընտանեկան ան­խուսափելի կոնֆլիկտները, ինչպես Թոմը, քանզի «շան և մարդու հարաբերությունները սրբագործված են բնության կողմից»։

Ռեժիսորական հյութեղ կտորներով հա­րուստ է ներկայացումը։ Արդեն հարաբերությունների բուռն և բոլորովին բաց ենթատեքս­տերով ընթացող փուլում Սիլվիայի և Քեյթի հակամարտությունը սրվել է։ Քեյթի ատելու­թյունը գագաթնակետին է հասել։ Սիլվիան էլ այլևս չի պատրաստվում լաբրադորի իր բարեհամբույր ես-ով առաջնորդվել, նա պատրաստ է արժանապատվորեն պաշտպանել իր իրա­վունքները և հատկապես՝ պայքարել պահպա­նելու համար իր գտած երջանկությունը։ Երկու կանա՞յք, շնե՞րը, դե, մի խոսքով, երկու ոխերիմ թշնամի, պատրաստ միմյանց հոշոտելու, չո­րեքթաթ կանգնած են դեմ-դիմաց և սպառնա­լիքներ են տեղում միմյանց վրա՝ ինչպես սուսե­րի հարվածներ։ Սակայն պետք է նկատել, որ այս մարտում թեև որոշակիորեն զգալի է Քեյթի հաղթանակելու հավանականությունը, ի վերջո նա մարդ է, այն էլ՝ խորամանկ, սակայն և՛ «մարդկային», և՛ գաղափարական տեսանկյու­նից հաղթանակը Սիլվիայինն է, քանզի վերջինս առաջնորդվում է սրտով: «Նա ինձ սիրում է», ասում է Սիլվիան, ահա և ամբողջը։ Ուստի չի կարող հասկանալ ո՛չ Քեյթի անհեթեթ դա­վադրությունները, ո՛չ էլ ատելության իմաստն առհասարակ։ «Նրանք, պարզվում է, այստեղ խաղ են կազմակերպել: Ինձ էլ կվերցնե՞ք…»,- կենսուրախ միամտությամբ բղավում է խոհանոցից հանկարծակիորեն հայտնված Գրեգը և չորեքթաթի է իջնում ուղիղ նրանց մեջտեղում։ Տեսարանի ավարտը հիշեցնում է լուսանկար։

Պիեսի, այսպես ասած, ամենավտանգա­վոր կետերից է տեսարանը հոգեբանի մոտ, որը նոր բացահայտումներ գուցե և չի անում, բայց խտացնում է պիեսի գույները և կարելի է օգ­տագործել ներկայացումն ավելի թատերային դարձնելու առումով։ Սակայն Ս. Խաչատրյանը ոչ միայն հատվածը ծառայեցնում է իր նպա­տակին՝ մեր դիտարկման տեսանկյունից, այլև ստեղծում է բոլորովին անսպասելի, ժամանակակից և լիովին կոնցեպտուալ տեսարան՝ շեշտադրելով ասելիքի ևս մեկ կողմ։ Ավելին, տե­սարանը այնքան ամբողջական և ավարտուն է իր տեսակի մեջ՝ ներկայացում ներկայացման մեջ, որ լիովին կարող է ինքնուրույն վերնագիր ունենալ, ասենք՝ Դոգ Շոու։

Քեյթն ու Գրեգը հոգեբանի են դիմել իրենց կոնֆլիկտը թեթևացնելու համար։ Նմանատիպ շոուներ վարելու փորձը դերասան Վարշամ Գևորգյանին չի դավաճանում նաև բեմում։ Նա կարողանում է իրավիճակը իր ձեռքը հավաքել և հանդիսատե­սից ծափեր կորզել իր յուրաքանչյուր անհեթեթ արտահայտությունից հետո այնպես, ինչպես դա կարողանում են անել ժամանակակից շոումենները։ Դերասանն իր տարերքի մեջ է, իր ճիշտ տեղում։ Նա վարակիչ է, ընդգծված արտիստիկ՝ լայնորեն կիրառված են հումորը, գրոտեսկը, շոուն։ Հայտնվելով բոլորովին այլ հար­թությունում, սակայն, Գրեգը և Քեյթը իրենց պահում են շատ բնական, հետևողականորեն հարազատ մնալով իրենց ոճին և անզիջում շարունակելով յուրաքանչյուրն իր թեման։ Ստեղծ­վում է երկու հարթություն՝ հավաստի մի կյանք (Քեյթ, Գրեգ) և մի տաղավար, ուր այդ կյանքն ի ցույց է դրվում հանդիսատեսին։ Խնդիրը դեմ է առել անլուծելի փակուղու, անգամ հոգե­բանն ի վիճակի չէ այն հաղթահարել։ Այս լրիվ խաղարկային տեսարանը հավաստում է՝ այն, ինչ տեսաք, շոու էր, մեր տաղավարում ակա­նատեսը եղաք մի ընտանիքի խնդիրների, որոնք կարող էին և ձերը լինել։ Կողքից դիտեք երևույթները, չէ՞ որ շոուների նպատակը հենց դա է։ Իսկ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սկզբից մինչև վերջ՝ ընդամենը խաղ էր, պայմանականություն, իրական էին միայն մարդկային ապրումները: Նկատենք, որ տեսարանում տեքստը ևս խմբագրված է, քանզի հարկավոր էր հարմարեցնել այս՝ բոլորովին անսպասելի ու ռեժիսորական երևակայության արդյունք հատվածի սկզբունքներին։ Տեսարանի վերջում խելագարության շեմին հայտնված հոգեբանը վազում է սեփական հոգեբույժի մոտ. ահա թե ինչի հասցրեց մարդկանց այդ շան աղջիկը։

Տարբեր թեմաների կարևորումը բեմադ­րությունում հնարավորություն է տալիս տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսի՝ հատ­կապես իրենց հուզող և հոգեհարազատ թեման գտնել այնտեղ։ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի հանրահայտ՝ «Մարդիկ հավիտյան պա­տասխանատու են նրանց համար, ում ընտե­լացրել են» խոսքերը բնորոշիչ են ներկայաց­ման վերջին տեսարանի համար։ Ոչ պակաս կարևոր է պատասխանատվության թեման։ Իր ընտանիքը փրկելու համար ընտրության առաջ կանգնած Գրեգը Սիլվիայից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հիշել է իր՝ ընտանիքի հանդեպ պատասխանատվության մասին, իսկ Սիլվիա՞ն, ում տուն բերեց, ընտելացրեց, նրա կյանքի հետ վարվեց կամայականորեն (Գրեգի «շնորհիվ» Սիլվիան այլևս մայր դառ­նալ չի կարող, նուրբ ենթատեքստով շոշափ­վում է և այս թեման)։ Եվ այս բոլոր սրիկայու­թյուններից հետո էլ, միևնույն է, Սիլվիան սի­րում է նրան։ Սիլվիան իր կենդանական սթափ բնազդով ինչ-որ վտանգ է զգում և իրեն հա­տուկ նրբանկատությամբ ամեն կերպ շեղում է Գրեգին բուն թեմայից, հետո, ի վերջո, բոլոր հնարքները սպառած, դիպչում է Գրեգի սրտի լարերին։ Գրեգը, թվում է, անդրդվելի է: Եվ Սիլվիա – Ն. Գրիգորյանը, խաղի նուրբ անցում­ներով, մեկեն վերագտնում է իր «տոկունությու­նը»՝ չդավաճանելով ներկայացման ժանրը։ Գրեգը ջախջախված է, նա զգում է մոտալուտ միայնության հեռավոր շշուկները, նա ասես հա­մոզում է ոչ թե Սիլվիային, այլ ինքն իրեն, պայ­քարում է ինքն իր դեմ։ Ներքին հակամարտու­թյան արդյունքում Գրեգ – Ս. Թովմասյանը ուժասպառ է եղել, նա ջլատվում է անորոշությունից։ Գրեգը հասկանում է սեփական քայլի անթույլատրելիության չափը:

Ներկայացման ամենաքնարական պահե­րից է Սիլվիայի մենախոսությունը Քեյթի հետ հրաժեշտի տեսարանում, նրա պարզ և միաժա­մանակ խորիմաստ հետևությունները մարդկա­յին կյանքի, երջանկության և սիրո թեմաներով: Սիլվիայի դերակատարուհին հուզիչ է, բայց ոչ երբեք սենտիմենտալ։ Նա կարողանում է չափազանց կարևոր բաներ ասելով հանդերձ էլ «փիլիսոփա» չդառնալ, այլ մնալ պարզ ու անմիջական՝ ինչպես բնությունր։ Նրան շարունակ տանջում է Քեյթի մի արտահայտությունը, թե՝ «Ափսոս, հենց սկզբից մեր ջուրը մի առվով չգնաց», ուր և Սիլվիան բացահայտելու է ասելիքը ամենակարևորի մասին.

ՍիլվիաԱսե՞մ քեզ, Քեյթ, ինչ է նշանա­կում «չգնաց»։ «Չգնաց»դա երբ ընտանիքի հայրը փախչում է իր երեխաների դայակի հետ։ «Չգնաց» — երբ երկուսը լուռ նստում են ռեստորանում, որովհետև իրար ասելու բան չունեն։ Եվ նաև «չգնաց» — երբ միակ երեխային տալիս են որբանոց։ Ահա թե ինչ է նշանակում «չգնաց», Քեյթ։

Իսկ հիմա ես քեզ կասեմ, թե ինչ է նշանա­կում «գնաց»։ «Գնաց»երբ ես նրան կարող եմ պարգևել լիարժեք երջանկություն, քեզ հետ միասին։ «Գնաց» — երբ ամեն ինչ կիսում ես։ Մարդիկ դա նաև սեր են անվանում։ Ահա թե ինչ է «գնացը», Քեյթ»։

Տեղի է ունենում անսպասելին. շան հեռանալուց հետո առաջին անգամ Քեյթը վերագնահատում է արժեքները։

Կարմիր լույսով ողողված բեմում կանգնած են բոլոր կերպարները և, իրա­րից օտարված, հանդիսասրահ նայելով՝ նրանցից յուրաքանչյուրը հնչեցնում է մի արտահայտություն այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ հետո։ Պարզվում է, որ արվարձան նրանք այդպես է չհասան, Լոն­դոն՝ նույնպես և միասին ապրեցին ևս 13 համերաշխ տարի։ Շիրմաների ետևում արձանացած հերոսները դարձյալ հաղորդավար-շոումենի հրավերով հայտնվում են բեմառաջքում՝ այս անգամ արդեն խո­նարհվելու։ Ահա և վերջ։ Ձեզ պատմեցինք «ամենագլխավորի մասին, պատմություն մի շատ սովորական և անսովոր ընտանի­քի մասին»: Իսկ Շոուն ավարտվեց, մինչ նոր շոուներ։

Եվ չմոռանաք՝ այս ամենը կարող էր պատահել հենց ձեզ հետ (ռեժիսորի կողմից ավելացված այս տողը վերաիմաստավորվում է նաև վերջաբանում):

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։