ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ՝ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
«ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ՝ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում
ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ՝ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ / Սոնա ՄԵԼՈՅԱՆ
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹԲԻԼԻՍԻՆ
«Այսօր բոլորիս համար պատմական օր էր։ Ավելի քան 100 տարի առաջ մի հայ կառուցեց այս թատրոնը, և ահա, մեկ դար անց, մյուս հայը առաջին անգամ այստեղ բեմադրեց ներկայացում»,- ասաց թատրոնի տնօրեն Գիորգի Թևզաձեն։ Խոսքը Շոթա Ռուսթավելու անվան վրացական ազգային թատրոնի, ավելի ճիշտ, Ռոբերտ Ստուրուայի թատրոնի մասին է, որը լայն համբավ է վայելում ամբողջ աշխարհում։ Այս պերճաշուք շենքը ժամանակին կառուցել է հայ նշանավոր մեկենաս Պիտոևը։ Իսկ այս բեմում առաջին անգամ ներկայացում բեմադրած հայը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, որն այստեղ ներկայացրեց Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը (ի դեպ, նա այս թատրոնում բեմադրված երկրորդ հայ դրամատուրգն է. առաջինը Գաբրիել Սունդուկյանն է։)
Այս պատմությունը սկսվեց ավելի քան քառորդ դար առաջ, երբ Մոսկվայի պետական թատերական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Հակոբ Ղազանչյանը դիտեց Ռոբերտ Ստուրուայի ներկայացումը և հասկացավ, որ «այդ թատրոնն ամենալավ թատրոնն է աշխարհում»։
Իր հերթին, խնդրո առարկա իրադարձությունն ունի երկու տարվա պատմություն, երբ մեծ ռեժիսորը Երևանում ներկա գտնվեց «ԱՐՄՄՈՆՈ» շեքսպիրյան փառատոնին և դիտելով «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը, Հակոբին առաջարկեց այն բեմադրել իր թատրոնում։
…Դեկտեմբեր ամիսն էր, իսկ Թբիլիսիում օդի ջերմաստիճանը գրեթե ապրիլյան էր։ Բայց թատրոնն «անխնա» ջեռուցվում էր՝ ինչպես հանդիսասրահում և վարչական մասում, այնպես էլ դեկորացիաների պահեստարաններում։ Ճեմասրահում երկու վիթխարի էկրաններին հատվածներ էին ցուցադրվում թատրոնի խաղացանկից՝ աշխատում էր գովազդը։
Կարելի է բազմիցս լինել Ռուսթավելու անվան թատրոնում, սակայն նա միշտ կմնա «խորհրդավոր»։ Հայ նշանավոր մեկենաս Պիտոևը պարզապես առատաձեռն մեկենաս չէր՝ նա շատ լավ գիտեր, թե ում է հարկավոր վճարել. առաստաղի շքեղ գեղարվեստական ծեփակերտվածքը, ոսկեզօծ օթյակները…
…Երևանում կանխագուշակում էին, որ, ցանկացած դեպքում, թատրոնում հանդիսատես կլինի, միայն թբիլիսահայերը կլցնեն դահլիճը:
Սակայն այս կանխագուշակումը հօդս է ցնդում՝ դահլիճում Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, այդ թատրոնի դերասանները… Իսկ դահլիճը լեփ-լեցուն էր, թեև, ելնելով երևանյան փորձից, ներկայացումը բնավ էլ «պրեմիերային» չէր։ Պարզապես ավանդույթներով հարուստ այս թատրոնում խաղում են այլ կանոններով։ Պրեմիերայից առաջ հրավիրատոմսերը ծրարներով չեն ուղարկվում, հետպրեմիերային ճառեր ու ծաղկեփնջեր չեն մատուցվում նույն ջանադրությամբ, ավելին, դրանք ընդհանրապես բացառվում են։ Վարագույր– ներկայացում-վարագույր։ Մնացածը հանդիսատեսի գործն է, որոնք, ինչպես բացատրեց թատրոնի տնօրենը, միմյանց ծանուցում են՝ երևան է եկել նոր, հետաքրքիր ներկայացում, այնպես որ և՛ չորրորդ, և՛ հինգերորդ ներկայացման համար անշլագը երաշխավորված է։ Եվ, բնականաբար, տոմսարկղի աշխատանքը։ Այս անգամ էլ Ռուսթավելու թատրոնի տոմսարկղն աշխատեց հիանալի, թեև հեղինակի և բեմադրողի ազգանունները հայկական էին։
Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը վարիացիաներ է շեքսպիրյան «Օթելլոյի» թեմաներով, որտեղ Օթելլոն, Յագոն և Դեզդեմոնան մեծ հումորով շարադրում են իրադարձությունների իրենց վարկածները։ Համենայնդեպս, Երևանում բեմադրվածը չափավոր երգիծական էր և չափավոր դրամատիկական։ «Վրացական վարկածում» Հ. Ղազանչյանը նուրբ հումորը փոխադրեց գրոտեսկի, իսկ երգիծանքը երբեմն վերածվում էր հրապարակային ֆարսի. 400 տարվա զառամյալ ծերերը՝ Դեզդեմոնան և աֆրիկյան կրքասիրությամբ նրան հոգեհան արած Օթելլոն հարաբերություններ են պարզում, իսկ նրանց, հանց դիրիժոր, տոն է տալիս Յագոն։
Ռոբերտ Ստուրուան այստեղ էլ խախտեց ավանդույթը՝ հրավիրված ռեժիսորին չառաջարկեց իր ներկայացումներում քիչ զբաղված դերասանների, այլ հայ բեմադրողին տրամադրեց լավագույն ուժերին՝ Ռուսթավելու թատրոնի պրիմա-դերասանուհի, փայլուն Նինո Կասրաձեի գլխավորությամբ։
Լավագույն ռուս դերասանները խաղում են հոգու օրենքներով՝ ցուցադրելով մարմնավորման և ապրումների խորությունը։ Ստուրուայի լավագույն դերասանները խաղում են խաղի օրենքներով։ Խաղում են լուրջ, ինչպես երեխաներն են իրենց խաղից հաճույք ստանում՝ երեխայաբար։ Խաղը նրանց էությունն է։ Խաղի մեջ նրանք ազատ են, ինչպես թռչունները՝ սավառնելիս։ Հենց այդ բացարձակ ազատությունը՝ զուգորդված վարպետությամբ, ծնունդ է տալիս Ռոբերտ Ստուրուայի դպրոցի դերասաններին։
Ահա սև ակնոցով սպիտակ Օթելլոն՝ Մալխազ Կվրիվիշվիլին, ծաղրանմանեցնելով մեծ պարող Ճաբուկիանուն, պարում է վայրի «մակաբարյան» պար, որը փոխարինել է կրքոտ մենախոսությանը։ Ահա հեգնոտ Յագոն բեմում այս ու այն կողմ է նետում չգիտես որտեղից հայտնված սպիտակ թաշկինակներ։ Յագոն՝ Դավիթ Դարչիան, սև թիկնոցով և ցիլինդրով ձեռնածու է։ Եվ «Օթելլո» խաղին ուղեկցում է լույսի աներևակայելի խաղը, քանզի Ռուսթավելու թատրոնը հովանավորի կողմից ապահովված է նորագույն տեխնիկայով, որի արժեքը մեկուկես միլիոն դոլար է…
Թեև իր ստեղծագործական կենսագրության ընթացքում Ստուրուան բեմադրել է Շեքսպիրի գրեթե բոլոր պիեսները, գուցեև հենց այդ պատճառով վենետիկյան մավրի տանջանքներն ակնկալող հանդիսականն արագորեն հարմարվեց նոր ներկայացմանը, ծիծաղում էր ի սրտե, ծափահարում և ամբողջ հոգով կանչում «բրա՜վո»:
Վարագույրն արդեն իջել էր, երբ տեղի ունեցավ, ինչպես բացատրեցին ավելի ուշ, այս թատրոնի արարողակարգի համար անհավատալի խախտում, արարողակարգ, որ սահմանել է հենց ինքը՝ գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան։ Նա բեմ եկավ ու նրա խոսքերը դժվար էր լսել ոչ միայն այն պատճառով, որ դահլիճում տարածվեց բարձրաձայն շշուկ՝ «Բայց չէ՞ որ նա երբեք նման բան չի անում»։ Մինչդեռ Վարպետը, իրոք, ցածրաձայն ասաց, որ ինքը հպարտ ու երջանիկ է տեղի ունեցածի կապակցությամբ և արագ հեռացավ։ Իսկ հետո, կուլիսների ետևում, տասնամյակներ շարունակ նրա հետ աշխատած դերասանները զարմացած ասացին, որ երբևէ Ստուրուան բեմ դուրս չի եկել և նրա աչքերում արցունքներ չեն եղել…
Վարպետի հուզմունքը դժվար չէ հասկանալ։ Ստուրուան այն ռեժիսորներից է, ով պատկանում է բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն թատերական բեմադրիչների կոհորտային և իր երկրին ու իր թատրոնին բերել է համաշխարհային փառք։ Ռուսթավելու թատրոնում հայ հեղինակի գործի բեմադրություն իրականացնելու համար հայ ռեժիսորին հրավիրելը խիզախություն էր։ Եվ արվեստի փաստը գնահատելու ընդունակ մարդկանց արձագանքը չէր կարող չառաջացնել պատասխան զգացմունքներ…
Մեծ ու իսկական հաջողության համար շնորհավորում ենք Հակոբ Ղազանչյանին՝ այս թատրոնում առաջին հայ բեմադրիչին, ով լեգենդար հայի կառուցած լեգենդար վրացական թատրոնի բեմում հայ հեղինակի գործ բեմադրեց։ «Բոլորը խոսում էին թատրոնի միասնական լեզվով»։ Մնում է հուսալ, որ այդ լեզուն հասկանալու ընդունակ մարդիկ, անկախ ժամանակի վայրիվերումներից, միշտ կմնան արվեստի անդաստանում։
ԻՆՆԱ ԲԵԶՒՐԳԱՆՈՎԱ
Թբիլիսի
ԻՍԿ ԹԱՇԿԻՆԱԿ ԵՂԵ՞Լ է…
Երևի չկա մեկը, ով չիմանա նենգ Յագոյի խարդավանքով կործանված Օթելլոյի և Դեզդեմոնայի պատմությունը։ Եվ ինչ-որ բան ավելացնել եղածին… ավելացնելու բան կարծես թե չկա։ Այդպես էինք կարծում։ Բայց գտնվեց մեկը, ով այլ տեսանկյունով նայեց կանոնիկ տեքստին։ Լավ է սա, թե վատ՝ ուրիշ հարց է։ Հենց այս տողերի հեղինակն ամենևին էլ հիացած չէ դասական գործերի արդիականացմամբ, բայց ինչ կարող ես անել, մենք ապրում ենք ծանոթ սյուժեների տարամեկնաբանումների, հավերժական թեմաների օգտագործումների դարաշրջանում, հաճախ՝ նորն ու ինքնատիպը չունենալու պատճառով։ Սակայն ասվածը չի վերաբերում Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսին, որը շեքսպիրյան սյուժեի անսովոր տարբերակ է։ Հանրահայտ «եռյակը» այս պիեսում բացահայտում է կատարվածի իրական հանգամանքները։ Ընդ որում, և՛ Դեգդեմոնան, և՛ Օթելլոն, և՛ Յագոն առանձին-առանձին վեճի են բռնվում կատարվածի իսկական էությունը «խեղաթյուրող» Շեքսպիրի հետ։
Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի բեմում առաջինը հայտնվում է Յագոն (Դավիթ
Դարչիա)՝ սրընթաց, թեթևաքայլ, արտիստիկ, հեռավոր կերպով հիշեցնելով Մեֆիստոֆելին, ծնված, ինչպես ինքն է ասում, իշխելու և ոչ ենթարկվելու համար։ Նա էլ դառնում է խարդավանքի գլխավոր զսպանակը։ Նա կարծես հավերժական չարի խորհրդանիշն է, ով ճարպկորեն, ինչը երբեմն հասնում է նրբագեղության, իրեն է ենթարկում աշխարհը… Ի դեպ, աշխարհ, որը շատ հեռու է կատարելությունից։ Եվ, իրոք, ի՞նչ գործ ունի այստեղ թաշկինակը, եթե մարդկանց հոգում է նստած այդ որդնակերուկը։
Կատարելությունից ինչքան հեռու են այս ներկայացման մեջ Օթելլոն ու Դեզդեմոնան։ Առաջին տեսարանում բեմ է մտնում երբեմնի դեռատի ու հիասքանչ, իսկ հիմա՝ ծիծաղելի ու անհեթեթ Դեզդեմոնան (Նինո Կասրաձե)։ Ինչքան էլ տարօրինակ է, նա ողջ ու առողջ է և այնքան էլ անմեղ տեսք չունի։ Վեհանձնության շղարշից զերծ է խանդոտ ու ծերացած Օթելլոն (Մալխազ Կվրիվիշվիլի)։
Նորմալ մարդուն ինչքա՛ն դժվար է խորամանկի գայթակղությանը չտրվելը՝ ահա այս ներկայացման գլխավոր միտքը։ Շատ կարևոր մի հանգամանք ևս՝ սիրահար զույգը «մաշված» տեսք ունի, իսկ Յագոն նույն քսանութամյա ջահելն է՝ չարը տարիք չունի։ Այն անմահ է։
Բեմադությունը հարուստ է ռեժիսորական հետաքրքիր, գտնված հնարքներով։ Պատմելով Օթելլոյի ու Դեզդեմոնայի մասին, Յագոն հարաբերվում է երկու՝ սև ու սպիտակ աթոռների հետ։ Մեկ այլ տեսարանում Դեզդեմոնան բուռն կերպով սգում է ամուսնու մահը՝ ծնկի գալով սև աթոռի առջև, նույնքան անմխիթար Օթելլոն գուրգուրում է սպիտակ աթոռը՝ մեռած կնոջը։ Երկու տեսարաններն էլ լուծված են կոմիկական-գրոտեսկային երանգավորմամբ, իսկ դերասանները ցուցադրում են վիրտուոզ վարպետություն, ասենք, պարի տեսարանը, որը փայլուն կատարում են Նինո Կասրաձեն ու Մալխազ Կվրիվիշվիլին։
Ներկայացման ողջ ընթացքին մասնակից է չարաբաստիկ թաշկինակը՝ վերևից կախված, իսկ երբեմն հանդես է գալիս այլ «ֆունկցիաներով», ասենք, Յագոն ձեռնածուի ճարպկությամբ գրպաններից բազմաթիվ թաշկինակներ է հանում, որոնք լրացնում են նրա մենախոսությունը։
Բեմի ձախ կողմում գտնվող թատրոնը (թատրոն թատրոնի մեջ) պայմանականությունը հասցնում է աբսուրդի… Այդ վարագույրի ետևում է կատարվում վերամարմնավորումը՝ խոստովանությունը, այսինքն՝ կերպարների ինքնամերկացումը, դիմակազերծումը, երբ մի դիմակի տակ ևս մեկն է ու էլի նորերը… Եվ ճշմարտության հասնելը դառնում է անհնար… Եվ եղե՞լ է, արդյոք, թաշկինակը։
Այս վառ ու գունեղ ներկայացումը բեմադրել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «ԱՐՄՄՈՆՈ» շեքսպիրյան ներկայացումների փառատոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը։ «Երկու տարի առաջ Ռոբերտ Ստուրուան «ԱՐՄՄՈՆՈ»-ի պատվավոր հյուրն էր և տեսնելով ներկայացումը, առաջակեց պիեսը բեմադրել նաև Ռուսթավելու անվան թատրոնում,- ասում է Հ. Ղազանչյանը։- Ինչ խոսք, թբիլիսյան ներկայացումն ուրիշ տարբերակ է և, իմ կարծիքով, ավելի հաջողված։ Դրան նպաստել է վրացիների մենթալիտետից բխող գրոտեսկը, ազգային նկարագիրն ու վարքաբանությունը։ Ինձ շատ է դուր գալիս այս թատրոնը։ Ռոբերտ Ստուրուային համարում եմ իմ ուսուցիչը, թեև նա ինձ վարպետության դասեր չի տվել։ Այս թատրոնում մի քանի անգամ դիտել եմ «Կովկասյան կավճե շրջանակը», «Ռիչարդ 3-րդը», «Լիր արքան», իմ ամենասիրած ներկայացումը՝ «Ստիքսը»… Ստուրուան մեծ ռեժիսոր է: Ինձ թվում է, սա երազ է, չեմ հավատում, որ այս հռչակավոր բեմում ներկայացում եմ բեմադրել։
Ինչ վերաբերվում է դրամատուրգիային… այն էքսպերիմենտալ մոնոպիես է, դերասանները բեմում իրար չեն հանդիպում, չեն փոխհարաբերվում։ Թբիլիսյան բեմադրության մեջ իրավիճակն այլ է՝ երեք գործող անձինք միաժամանակ բեմում են։ «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը մեծն Շեքսպիրի հայտնի ողբերգության գրոտեսկային տարբերակն է։ Այսօր էլ մարդկանց հուզում է, թե ինչու «Օթելլոյում» դեպքերն այդպիսի ընթացք ունեցան։ Մենք հանդիսատեսին պատմել ենք հնարավոր տարբերակներից մեկը»։