ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ / ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ ԵՎ ՏԱՍՆԻՆԸ ԱՅԼ ՇԱՏ ԿԱՐՃ ՊԻԵՍՆԵՐ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ ԵՎ ՏԱՍՆԻՆԸ ԱՅԼ ՇԱՏ ԿԱՐՃ ՊԻԵՍՆԵՐ»-ը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում

       

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ ԵՎ ՏԱՍՆԻՆԸ ԱՅԼ ՇԱՏ ԿԱՐՃ ՊԻԵՍՆԵՐ

 

  1. ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ

Հիվանդանոցի ընդունարան։ Գլուխը բռնած տղամարդ։ Մտնում է ալեհեր բժիշկը։

ԲԺԻՇԿ — Տղա է։

ՏՂԱՄԱՐԴ — Բան չեմ հասկանում։

ԲԺԻՇԿ — Տղա։

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ, բժիշկ, դժվար ժամանակներ են, բայց հայրս ինչպե՞ս է։

ԲԺԻՇԿ — Ձեր հա՞յրը։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, եկել եմ, որպեսզի իմա­նամ, թե նա ինչպես է, չնայած գիտեմ, որ եր­կար չի ձգի, դրա համար էլ շատ եմ ուզում վեր­ջին անգամ մի երկու բառ փոխանակել նրա հետ։

ԲԺԻՇԿ – Չե՞ք ուզում նստել։

ՏՂԱՄԱՐԴ — Հայրս մահացե՞լ է։ Դա՞ եք ու­զում ասել։

ԲԺԻՇԿ — Դե, փաստորեն հասկանում եք, որ բժշկի մասնագիտությունն այնպիսին է, որ այլևս արագ վճիռներ չեն կայացվում։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, չի մահացել, դա՞ նկատի ունեք։

ԲԺԻՇԿ — Նման բան չասացի։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, մահացել է։

ԲԺԻՇԿ — Դա էլ չասացի։

ՏՂԱՄԱՐԴ — Գիտեմ, որ չասացիք։ Ընդա­մենը փորձում եմ ձեզ ստիպել, որպեսզի հորս մասին ուղիղ, պարզ, հասկանալի մի բան ասեք։

ԲԺԻՇԿ — Շատ է հիվանդ։

ՏՂԱՄԱՐԴ – Մահացե՞լ է։

ԲԺԻՇԿ — Կոմայի մեջ է։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ եք կարծում, ե՞րբ դուրս կգա։ Եթե ուրիշ բան չեմ կարող անել, կցանկա­նայի մեկ անգամ ևս ողջ տեսնել նրան և գոնե հրաժեշտ տալ։

ԲԺԻՇԿ — Հնարավոր է, որ չկարողանա կո­մայից դուրս գալ։

ՏՂԱՄԱՐԴ — Բայց նաև հնարավոր է, որ կարողանա՞։

ԲԺԻՇԿ — Անհնար է համոզված լինել։

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ։ Իսկ առայժմ ուզում եմ ներս մտնել և սպասել։

ԲԺԻՇԿ — Չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ։

ԲԺԻՇԿ — Համոզված չեմ, որ նրա հանդեպ արդարացի կլինի։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս թե։

ԲԺԻՇԿ — Կոման այնքան էլ լավ չեք պատ­կերացնում։ Եթե այնպես ստացվի, որ դուրս գա, և նրան դուր չգա, որ կրկին այստեղ է հայտնվել, կարող է անմիջապես կոմայի վիճա­կին վերադառնալ, ահա թե ինչի մասին պետք է մի լավ մտածեք։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ հորս պետք է դուր չգա, որ վերադարձել է այն սենյակը, որտեղ ես եմ նստած նրա մահճակալի մոտ։

ԲԺԻՇԿ — Անշուշտ, չգիտեմ։ Ձեր մասին չի հարցրել։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ որևէ մեկի մասին հարց­րե՞լ է։

ԲԺԻՇԿ – Մինչև կոմայի մեջ րնկնելը, երբ զառանցում էր, անվերջ կրկնում էր՝ «Տղա՜, տղա՜»։

ՏՂԱՄԱՐԴ — Երբ փոքր էի, հաճախ էր ասում՝ «Տղա՜, տղա՜»։ Ինձ նրա մոտ տարեք, խնդրում եմ։

ԲԺԻՇԿ — Իհարկե, եթե պնդում եք, բայց հուսով եմ, հասկանում եք, որ հետևանքների համար ոչ մի պատասխանատվություն չեմ կրում։

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ։

Հեռանում են։

 

 

  1. ՓՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Նստարան, երկու երիտասարդ։

ԷԴ – Այն, ինչ ճիշտ ժամանակին տանջում է միտքս, անշուշտ, հենց հիմա նկատի չունեմ, քանի որ դրա համար դեռ վաղ է, և հիմա ինձ տանջողն այն է, թե փողիս թելն ինչպե՞ս ձեռքից բաց չթողնեմ։

ՍԵՄ — Անհանգստանալու կարիք չկա, եթե նույնիսկ ճիշտ ժամանակն է։

ԷԴ — Չէի անհանգստանա, եթե մտքումս ինչ-որ փոքր գումար լիներ, բայց իմն ուրիշ է, ու­զածս տասնյակ հարյուր միլիոններ են, դժվար թե պատկերացնես, չհաշված Վենեսուելայինը:

ՍԵՄ — Վենեսուելայում է՞լ ես փող ունենալու։

ԷԴ — Մտքիս կա, բացի դա՝ ձկան գործի մեջ եմ դնելու, հնարավոր է՝ ուրիշ ներդրումներ անեմ, հատկապես փետուրի մեջ։ Ասածս բա­ռախաղ չէ, նման բաներն արհամարհում եմ, փաստորեն, ինձ եմ ասում, ոչ թե քեզ, փետուրը նուրբ գործ է, բայց մեկ է, շատ եմ տվել—առել ու էլի մտքումս դրել եմ փետուրից կարգին փող սարքել։

ՍԵՄ — Կարգինր որքա՞ն է։

ԷԴ – Արհեստական փետուրից՝ հարյուր միլի­ոնից շատ ու շատ ավելի, բնականից, բոլոր տե­սակի թևավորներից, դրանց մեծ մասը՝ հազ­վագյուտ՝ մոտ երկու միլիոն եմ հաշվել։

ՍԵՄ — Էդքան քի՞չ։

ԷԴ — Երբեք մտքիցս չեմ հանում հազվագյուտ փետուրներով հազվագյուտ թռչունների հանդեպ պատասխանատվությունը։ Բացի այն, որ չի կարելի նրանց բոլոր փետուրները պոկել և ցրտահարության մատնել, նման ծրազիրը կամ քաղաքականությունը նաև անհեռատես ու ան­շահավետ է։

ՍԵՄ — Ուրեմն, պատրաստվում ես փետուր­ներդ կենդանի թռչունների՞ց պոկել։

ԷԴ — Մտածում եմ, որ փետուրներիս հիմնա­կան գրավականր դա է լինելու։ Այն թռչուննե­րից են պոկվելու, որոնց վրա անմիջապես նո­րերն են աճելու։ Աշխարհի թռչունների ամենաիսկական փետուրները։

ՍԵՄ — Կազմակերպությանդ անո՞ւնն է։

ԷԴ – Ինչ վերաբերում է արհեստական փե­տուրներին, մտածում եմ, որ ավելի լավ է ալտրուիստական անվանել, քան արհեստական, և, իհարկե, ոչ ոք չի առարկի, որ դա կեղծ չի նշա­նակում։ Իմ կիրառմամբ, ալտրուիստականն այն է, որ թևավորներին չենք նեղացնում։

ՍԵՄ — Բայց իրականում նեղացնում եք։ Բիզ­նեսիդ այդ ճյուղր՝ Աշխարհի թռչունների ամենաիսկական փետուրները, նրանց նեղություն է տալիս, չէ՞։

ԷԴ — Այնքան էլ չէ, բայց ամեն դեպքում մտադրվել եմ կազմակերպություններն առան­ձին պահել, ամեն մեկը՝ սեփական անձնակազ­մով, սարքավորումներով ու պատասխանատ­վությամբ։ Ընդհանուր առմամբ, մտածում եմ շատ ավելի փող ունենալ, քան ցանկացած մեկ ուրիշ մարդ այս աշխարհում, և ոչ մի պահ թույլ չեմ տվել, որ մտքովս անցնի որևէ կերպ խուսա­փել փողն ամբողջությամբ և լավագույնս ի շահ մարդկային ցեղի ծախսելու պատասխանատ­վությունից, չնայած հսկայական կարողությա­նը, որ մտադիր եմ ունենալ և փայփայել՝ ինչ­պես հիմա։ Այդքան բան։

ՍԵՄ — Ուրեմն, մի մտահոգվիր, քանի որ հար­կադրված ես ամեն ինչ հրաշալի անել։

ԷԴ — Մտքումս էլ հենց հրաշալի անելն է։

 

 

  1. ՆՈՐ ԴՐԱՄԱՆ

Երիտասարդ տղամարդ, նստած է նստարանին։ Մոտենում է ավելի երիտասարդ մի տղամարդ։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դեմ չե՞ք լինի, եթե խոսեմ ձեզ հետ։ Ուզում եմ զրուցել։ Դեմ չե՞ք, որ անեմ այն, ինչ ցանկանում եմ։ Դե՞մ եք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Եթե մի—երկու փոքր պիես եք նայել, որ մեր օրերում են խաղում, ավելի լավ է՝ հեռու մնաք։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ փոքր պիես։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Որոնց մեջ համասեռա­մոլներն այս ու այնտեղ հանդիպում են, դանակ­ներով ու հիստերիայով ու ճղճղոցով ահաբե­կում են մեկմեկու և քիչ է մնում՝ կռվեն իրար հետ, բայց չեն կռվում, այլ կանգնում—նայում են և սպասում են վատթարագույնին։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Արվամոլ մարդկանց դեմ ի՞նչ ունեք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այսպես ասած՝ մարդ ար­վամոլ մարդիկ։ Նրանցից ընդամենը մեկ բան եմ խնդրում, որ ինձ չզզվեցնեն այս նոր արվես­տով, որով բոլորին զարմացնում են ամենուր։ Ապրիր և թույլ տուր, որ ուրիշներն ապրեն, ան­շուշտ, ճիշտը դա է, բայց եթե գրզռված եք և ու­զում եք ինչ—որ մեկի հետ խաղալ, ուրիշ նստա­րան ընտրեք։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Բոլորովին էլ գրգռված չեմ։ Երբեմն նման բան եմ անում, որ­պեսզի տեսնեմ՝ բոլո՞րն են արվամոլ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուրեմն, հանգստացեք։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Նրանց չեմ հասկանում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հանգիստ։ Նրանց հաս­կանալ պետք չէ։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ես աղջիկ եմ սիրում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այդ մասին նույնպես կարիք չկա նշել։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես ձեզ ատում եմ, ատում եմ, ատում եմ, լսո՞ւմ եք։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Լսում եմ։

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Եթե դանակ ունենայի, կմորթեի ձեզ, կմորթեի, կմորթեի։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Գրազ կգամ, որ կմորթեիք։ (Հեռանում է։)

ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ֆաշիստ։ Հակասեմիտ։ Նեգրատյաց։ Պորտաբույծ։ Կեղտոտ, իսկական գարշահոտ շան որդի։

 

 

  1. ՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ է

ՆՈՒՅՆԻՍԿ ՆՊԱՐԵՂԵՆԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ

ՏԻԿԻՆ — Չորս դոլար և քառասունչորս սենթ, ճիշտ է, շնորհակալ եմ։ Ամեն բան տոպ­րակի մեջ է՝ պանիրը, ալյուրը, բրինձը։

ՆՊԱՐԱՎԱՃԱՌ — Նաև կարագը։

ՏԻԿԻՆ — Այո, այստեղ է։ Դե, ուրեմն, խնդրեմ փողը։

ՆՊԱՐԱՎԱՃԱՌ — Չորս դոլար և քառա­սունչորս սենթ, ճիշտ է։ Շնորհակալություն:

ՏԻԿԻՆ — Ես եմ շնորհակալ, հրաշալի նպարեղեն ունեք։ Աշխատում եմ այլևս ֆիրմային խանութներ չայցելել։ Չափից ավելի լիքն են ապրանքներով, մարդաշատ են, կոպիտ են ու շահասեր։ Ուզում եմ ասել, որ դրանց չեմ վստահում։ Չեմ վստահում դրամարկղերի մոտ կանգնած արագաշարժ աղջիկներին, չեմ վստահում դրամարկղերին, որ հաշվում-գումարում են քո ընտրած ապրանքր։ Չեմ վստահում սարքերին, որ մանրն են վերադարձնում։ Եվ չվստահելուս պատճառն այն է, որ դրանցից ոչ մեկին չի կարելի վստահել՝ աղջիկներին, դրա­մարկղերին, սարքի վերադարձրած մանրադ­րամին։ Մշտապես այնպիսի զգացում եմ ունե­նում, որ ամեն բան չափից ավելի արագ է կա­տարվում, և շատ դեպքերում, տուն հասնելուց և թվերը մի անգամ էլ ստուգելուց հետո պարզ­վում է, որ ինչ—որ բան պակասում է՝ կամ ման­րը, կամ էլ որևէ ապրանք, որի համար վճարել ես։ Դրամարկղի կտրոնի վրա յոթ անվանում է, տոպրակի մեջ վեց տեսակի ապրանք կա։ Գու­մարը չորս դոլար և տասնութ սենթ է կազմում, բայց մանրը ութսուներկու սենթի փոխարեն վաթսուներկուս է։ Քսան սենթն ո՞ւր կորավ։ Այդ խանութներն ինձ համար չեն։ Միշտ այսպիսի փոքր տեղեր եմ այցելելու։

ՆՊԱՐԱՎԱՃԱՌ — Ուրախ կլինենք ձեզ միշտ տեսնել։

ՏԻԿԻՆ — Բայց երբեք՝ ֆիրմային խանութ­ներում, հաստատ եմ ասում։ Այնտեղ ամբողջ ժամանակ այնպիսի իրարանցում է, այնպիսի բազմաքանակ անձնակազմ, այնքան շատ են դրամարկղների մոտ կանգնած աղջիկների հետ անվերջ սիրաբանող տղաները, որ թվում է, թե թատրոնի բեմ է, և ինչ—որ ներկայացում է ընթանում։ Ինքդ էլ նման ես հանդիսատեսի, որ սխալմամբ բեմի վրա է հայտնվել։ Իսկ այս խա­նութը ձեր սեփակա՞նն է։

ՆՊԱՐԱՎԱՃԱՌ — Այո, արդեն գնել եմ։

ՏԻԿԻՆ — Դուք երիտասարդ եք, լավ երի­տասարդ, ձեզ անպատճառ հաջողություն եմ մաղթում։

ՆՊԱՐԱՎԱՃԱՌ — Շնորհակալ եմ։

ՏԻԿԻՆ — Ֆիրմային խանութներում երբեք ոչ մեկի հետ գեթ երկու խելոք բառ չեմ փոխանա­կել։ Բոլորն այնքան զբաղված են, որ նույնիսկ շնորհակալություն հայտնելու ժամանակ չունեն, քեզ վրա էլ ուշադրություն չեն դարձնում։ Հա­մարում են, որ այդպես պետք է լինի։ (Տղա­մարդ է ներս մտնում🙂 Պարզապես մտածում են, որ այդ վայրն իրենց հաճույքի համար է։ Դե ինչ, կրկին կհանդիպենք։

Տիկինը դուրս է գնում:

 

 

  1. ՍՍՏՎԱԾ, ՀԻՍՈՒՍԸ, ՏՂԱՄԱՐԴԸ ԵՎ ԿԻՆԸ

ԿԻՆ – Դե, բոլորդ մոտեցեք։

ՏՂԱՄԱՐԴ — Բոլորն ասելով՝ ո՞ւմ նկատի ունես։ Ես ու դու ենք։

ԿԻՆ – Դու ամբոխ ես։ Ամեն կիրակի փոքրիկ կամակոր տղաների մեծ ամբոխ ես, որ չի ցան­կանում կիրակնօրյա դպրոց հաճախել։

ՏՂԱՄԱՐԴ — Եկեղեցի գնալ սիրում եմ, մե­նակ թե չեմ սիրում ինձ գլխապատառ այնտեղ գցել, կարծես խանութն ուր որ է՝ բացվելու է, կամ գործից ես ուշանում։ Սխա՞լ կլինի, որ մի քիչ ուշանանք։

ԿԻՆ – Սխալ է։

ՏՂԱՄԱՐԴ — Աստված կսպասի։

ԿԻՆ – Աստվա՞ծ։ Մի տես, թե ո՞վ է Աստծուց խոսում։

ՏՂԱՄԱՐԴ — Ցանկացածի նման ես էլ կա­րող եմ շատ հանգիստ Աստծուց խոսել։

ԿԻՆ – Դու կրոնական էություն չունես, երբեք տպավորություն չեմ ստացել, թե հավատում ես։ Իրականում չես հավատում։

ՏՂԱՄԱՐԴ — Շատ լավ, ես հավատում եմ, չնայած՝ ոչ իրականում։

ԿԻՆ – Անկեղծորեն չես աղոթում։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ որքա՞ն պետք է անկեղծ լինել, երբ ասում ես. «Ներկա եղիր այս սեղա­նին, Տեր»։

ԿԻՆ — Բայց այդ աղոթքը երբեք չես անում։ Ասածդ ընդամենը «Հիսուս Քրիստոս» է։ Եվ երբեք անկեղծ չէ, միշտ էլ կեղծ է։ Զայրացկոտ։

ՏՂԱՄԱՐԴ — Հիսուսը հասկանում է։

ԿԻՆ — Հիսուսը չի հասկանում։

ՏՂԱՄԱՐԴ — Եթե Հիսուսը չի, ուրեմն ոչ ոք էլ չի։

ԿԻՆ – Ի՞նչ չի։

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում։

ԿԻՆ – Ի՞նչ չի հասկանում։

ՏՂԱՄԱՐԴ — Թե տղամարդու և կնոջ հա­մար ինչ հրաշալի բան է սուրբ ամուսնությունը։

ԿԻՆ — Այ քեզ հեգնանք։

ՏՂԱՄԱՐԴ — Հիսուսը հասկանում է, հա­վատա ինձ։ Արի գնանք։

Գնում են։

 

 

  1. ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԺՊՏԱԴԵՄ – Երբևէ բաժանված կա՞ք։

ԽՈԺՈՌ — Երկու անգամ։ Ինչո՞ւ եք հարց­նում։

ԺՊՏԱԴԵՄ — Ես էլ՝ երկու անգամ։ Իմ կարծիքով, հետաքրքիր է։

ԽՈԺՈՌ — Մեղմ ասած։ Ինը տարեկան էի, երբ սկսեցի կարծել, թե մեղմ ասած է, իսկ հիմա քառասունինն եմ։ Քառասուն տարի մեղմ ասած է, չնայած ավելի երկար է թվում։ Ամենա­քիչը՝ հարյուր տարուց ավելի։ Հիմա էլի՞, եր­րորդ անգա՞մ։

ԺՊՏԱԴԵՄ — Չէ, եղբայրս է բաժանվում։ Նա և ես և մեր երկու եղբայրները, կարծես բոլորս էլ բաժանված ենք։ Ամենակրտսերը վեր­ջերս է ամուսնացել, այնպես որ դեռ չի բաժան­վել։ Բոլորս էլ մեր բոլոր կանանցից երեխաներ ունենք։ Իսկ դո՞ւք։

ԽՈԺՈՌ — Առաջինից՝ երկու տղա, երկրոր­դից՝ երկու աղջիկ, խառը գործեր են։

ԺՊՏԱԴԵՄ — Դե, որ հիմա այստեղ չեն, դժվար է ասել, բայց, կարծում եմ, գոնե կարող եմ պատկերացնել։ Ենթադրում եմ, որ լավն են։

ԽՈԺՈՌ — Զավակներիս սիրում եմ, բայց անիծյալ լինեմ, թե նրանց մասին որևէ բան գի­տեմ։ Ժամանակին նրանց մայրերին էլ էի սի­րում, նույնիսկ հիմա մեկ—մեկ դեռ սիրում եմ, բայց դժվար է։ Այս ամենի համար ես եմ մեղա­վոր։ Դուք ո՞ւմ եք մեղադրում։

ԺՊՏԱԴԵՄ — Կամա թե ակամա՝ իմ կա­նանց եմ մեղադրում, չնայած գիտեմ, որ սխալ եմ, թեև նրանք իսկապես մի փոքր զարմանալի էին, և երբ որոշեցին, որ իրենց պատասխանը բաժանվելն է, բավական կոպիտ դարձան, խո­շոր ընկերությունների ղեկավարների պես, և մշտապես թանկ ու խելացի իրավաբանների են դիմում, իսկ ես դիմում եմ ընկերներիս, որ օրենքն այնքան էլ լավ չգիտեն, չնայած իրա­վաբան են։ Ո՞ւմ մեղադրեմ։ Գրողը ինձ տանի։ Իմ կարծիքով, ոչ մեկին։

ԽՈԺՈՌ — Իսկ դատավորնե՞րը։ Մի փոքր հիմար չե՞ն։

ԺՊՏԱԴԵՄ — Ոչ թե մի փոքր, այլ բավա­կանին։ Չէի պատկերացնի, որ նրանք, հանդգնելով դատավորի աթոռը զբաղեցնել, կարող են նման կատարյալ հիմարներ լինել։ Ինձ թվում է, իրականում անգրագետ են, չնայած իսկապես փորձում են այնպես խոսել, որ հակառակը երևա։ Ասածներն էլ սարսափելի ծիծաղելի բա­ներ են։ Իմ կարծիքով, շատ աշխատելուց սպառվել են։

ԽՈԺՈՌ — Հաստատ։ Գործը է, ամեն տեսա­կի դատական վեճեր, չափից ավելի շատ իրա­վական շանտաժներ, և խեղճ ապուշները, որ դատարանում են նստում, այդ շարժերից գա­ղափար չունեն։ Երբեք այնպիսի դատավոր չեմ տեսել, որի տեսքից կամ ասածից երևա, թե գլխում երբևէ սեփական միտք է ծագել։

ԺՊՏԱԴԵՄ — Հարցն այն է, որ նույնիսկ եթե գլխում ընդհանրապես միտք եղել է, որևէ տարբերություն չկա։

ԽՈԺՈՌ — Ենթադրում եմ, որ չկա, բայց եթե ինքս մեկ անգամ, հետո երկու անգամ բաժանված չլինեի, որևէ տարբերություն կլի­նե՞ր։

ԺՊՏԱԴԵՄ — Իհարկե կլիներ, բաժանված չէիր լինի։

ԽՈԺՈՌ — Մտքումս ուրիշ բան է։ Այն տար­բերության մասին եմ խոսում, որն անկասկած իրական տարբերություն է, և անիծյալ կլինեմ, եթե ի վիճակի եմ հավատալ, որ ցանկացած փորձառությունս որևէ իրական տարբերության պատճառ կարող էր դառնալ, եթե այդ փորձա­ռությունն ունեցած չլինեի։ Հուսով եմ, հասկա­նում եք, որ ամբողջի մասին եմ ասում և այն փաստի վերաբերյալ, որ դա որևէ էական նշանակություն չունի, չնայած, ինչպես քիչ առաջ ասացի, գոնե ի վիճակի եմ եղել երեխաներովս ուրախանալ։

ԺՊՏԱԴԵՄ — Հասկանում եմ։

 

 

  1. ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՍՈՒՐԲ ՄԱՐԴԻԿ

ՌԱԲԲԻ — Ժան Ժենեն, պարոնայք։

ՔԱՐՈԶԻՉ — Ո՞վ։

ՔԱՀԱՆԱ — Ֆրանսիացի Ժան Ժենեն։

ՔԱՐՈԶԻՉ — Նրա մասին ի՞նչ կա։

ՌԱԲԲԻ — Ֆրանսիացի Ժան Ժենեի մասին է ֆրանսիացի Ժան Պոլ Սարտրի ծավալուն գիրքը, որի մեջ Սարտրն ասում է, թե Ժենեն սուրբ է։ Ինչպիսի՞ սուրբ, պարոնայք։

ՔԱՀԱՆԱ — Փոխաբերական իմաստով։ Ժե­նեն գրող է, իր տեսակի մեջ բավական հաջող­ված, բայց նա սուրբ չէ։

ՔԱՐՈԶԻՉ — Պատահմամբ նա չէ՞, որ ասում են, թե ցնցել է ֆրանսիական հասարակությու­նը։

ՔԱՀԱՆԱ – Պարզվում է, նրա մասին, այնուամենայնիվ, ինչ—որ բան գիտեք։

ՔԱՐՈԶԻՉ — Նրա և նրա գրվածքի մասին բավական արտառոց բաներ եմ լսել։ Կարծես տաղանդավոր է, գրածն էլ միտք է շարժում։

ՌԱԲԲԻ — Շատերին զայրացնում է, բայց ասեմ, որ ինքս բոլորովին էլ զայրացուցիչ չեմ համարում, եթե կարելի է այդպես արտահայտ­վել։

ՔԱՀԱՆԱ — Բոլոր գրքերը կարդացե՞լ եք։

ՌԱԲԲԻ — Անգլերենով եղածը և դիտել եմ բոլոր պիեսները, որ բեմադրվել են Նյու Յորքում։

ՔԱՐՈԶԻՉ — Ներսից նրան ինչ—որ բան ու­տում է։ Որքան գիտեմ, մի բան կա։

ՌԱԲԲԻ — Կարծես չի կարողանում տանել աշխարհի սուտն ու կեղծիքը։ Գուցե կարելի է ասել՝ մարդկային ցեղի սուտն ու կեղծիքը։ Կամ կրոնի՞։ Աստծո՞։ Ճշմարտությա՞ն։ Պարզապես նա մեզ հետ չէ, բայց կա՞ մեկը, որ սրտի խոր­քում իսկապես մեզ հետ է։ Եվ մենք իրո՞ք մեզ հետ ենք։ Գոյակցելու մեզ նման վարպետները։ Կարո՞ղ ենք հավատալ, որ իրականում մեզ հետ ենք, բոլորի հետ։

ՔԱՐՈԶԻՉ — Ինքս կարողանում եմ և այդ­պես էլ վարվում եմ։

ՔԱՀԱՆԱ — Իսկ ես այդքան համոզված չեմ։

ՌԱԲԲԻ — Եթե մեզ հետ եք, եթե բոլորի հետ եք, այդ մարդուն ընդունո՞ւմ եք՝ ինչպես կա, մարդ, որ կյանքում ճշմարտություն է որոնում և դրա մասին է գրում, մարդ, որ արհամարհում է գոյությունը, մարդկային ցեղը, կյանքն ամբող­ջությամբ, ինքն իրեն՝ վստահաբար, սակայն, հավանաբար, ոչ Աստծուն։

ՔԱՐՈԶԻՉ — Նրան հավատալու հավակ­նություն չունեմ, չնայած առանց նրան ճանաչե­լու եմ խոսում, քանի որ գրվածքներից ոչ մեկը չեմ կարդացել։

ՔԱՀԱՆԱ — Լավ է գրում։

ՌԱԲԲԻ — Երբեմն, այսպես ասած, հրեշտա­կի նման։

ՔԱՀԱՆԱ — Այո, սև հրեշտակի։ Չեմ կարող թույլ տալ, որ չսիրեմ նրան, բայց միաժամանակ պետք է խոստովանեմ, որ հնարավոր չեմ հա­մարում իսկապես հավանել կամ փայփայել։ Նրա գրածը կարդալիս մտածում եմ. «Ափսոս, հիրավի մարդ չէ կամ, նույնիսկ, հիրավի մարդ արարած չէ»։

ՌԱԲԲԻ — Բայց երկուսն էլ է։

ՔԱՀԱՆԱ – Ինչպե՞ս թե։ Նրա պատմու­թյանն ու գործին ծանոթ եք։ Սակայն նրա ցա­սումը չար է։ Ոչ թե որ նա ցածր է անհրաժեշ­տաբար մարդ լինելուց կամ ավելի ցածր, քան մարդ արարածը։ Նա ավելին է, բայց չարա­գուշակ ավելին։ Չափազանց հեշտ է չարի մեջ բարին տեսնել։ Նման ընկալմանը չեմ հավա­տում։

ՌԱԲԲԻ — Խելամիտ չէ փախչել բարդու­թյուններից, որ նոր ճշմարտությունների և իրո­ղությունների բացահայտման ծնունդ են։

ՔԱՐՈԶԻՉ — Շատ ենք խոսում, պարոնայք, չափից շատ, չեմ ասում՝ այս պահին, նկատի ու­նեմ ամբողջ ժամանակ։ Եթե, օրինակ, մար­դասպանի մասին շատ խոսենք, վստահ եմ, որ հեշտությամբ կեզրակացնենք, թե նրա զործողությունը ոչ միայն անմեղ է, այլև հերոսական է և ազնիվ, հետևաբար նա ոչ թե մեր կարեկցանքին, այլ հիացմանն է արժանի։ Ինքս այդ կերպ չեմ վարվի։ Որքան ուզում եք, կարող եք մտա­հոգվել նրա մասին, ով այն է, ինչ հնարավոր է, որ լինի, այդ առիթով ես ինձ նեղություն չեմ տա։

ՌԱԲԲԻ — Նրան չեք ճանաչում։

ՔԱՐՈԶԻՉ — Ձեզ նույնպես չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ եթե փորձեի գուշակել ձեր մա­սին ամբողջ ճշմարտությունը, և պարզվեր, որ այն մասամբ է չարաբաստիկ ճշմարտություն, ձեր հանդեպ չէի զգա այն, ինչ այդ մարդու հան­դեպ եմ զգում։

ՌԱԲԲԻ — Եթե համեմատելու լինենք՝ ինքս ոչինչ եմ։ Ինձ նման հազարավորները կան, իսկ նա մեկն է։ Փորձեք հիշել, որ նա մարդկային ցեղի ծնունդ է, գոնե այդքանը։ Նրա մեջ մեծու­թյուն կա։

ՔԱՐՈԶԻՉ — Անձնատուր չեմ լինում մեծություններին երկրպագելուն։ Ոչ մեծերին եմ սի­րում։

ՔԱՀԱՆԱ — Ամեն բան հարաբերական է։ Ոչ ոք իրապես մեծ չէ, և ոչ մեկն իրապես ոչ մեծ չէ։ Յուրաքանչյուրը միայն մեկն է։ Բոլորս միասին ընդամենը մեկն ենք և, Աստծո համեմատու­թյամբ, բոլորս միասին, իսկապես, անչափ փոքր ենք։ Բավականաչափ սարսափելի, բայց և բավականաչափ հրաշալի փոքրություն։ Նա դրա մի մասն է, չնայած, վստահաբար, անցո­ղիկ, առանձնահատուկ մասը։

ՌԱԲԲԻ — Սարտրն ասում է, որ նա սուրբ է։

ՔԱՐՈԶԻՉ — Եթե այդպես ասենք, Սարտրը միայն ասում է, որ Սարտրը սուրբ է։ Դեմ չեմ, բայց տեղին կարծիք չէ։

ՔԱՀԱՆԱ — Սարտրը գրեթե փայլուն է գրում։ Նրան ընթերցելիս զգում ես, որ մեծ է, որ Աստված նրան պետք է մեծարի։

ՔԱՐՈԶԻՉ — Չգիտենք։ Գուցե Աստված սարդինաձկներին նույնչափ է մեծարում, որքան Սարտրին։ Կարող ենք միայն ենթադրել։ Հարցն այն է, թե ինքներս միմյանց հանդեպ ինչ ենք զգում և միմյանց մասին ինչ ենք մտածում։

ՌԱԲԲԻ — Սկզբում ինձ թվում էր, որ Ժան Ժենեի գրվածքը պիղծ է, բայց բավական տա­րօրինակ է, որ ոչ մի բան, նույնիսկ պղծությու­նը, երկար ժամանակ չի կարող հարատևել մյուս բաների կողքին, և շուտով գտա, որ այն, ինչ նախկինում պիղծ էր, այլևս պիղծ չէ։ Նրա գրվածքը միայն առաջին անգամ էր պիղծ թվում, որովհետև մինչ այդ նման բան չէր ար­վել, հավանաբար՝ նման առանձնահատուկ ձևով չէր արվել, նույնպիսի յուրօրինակ անկեղ­ծությամբ։

ՔԱՐՈԶԻՉ — Նրան բարին եմ ցանկանում, ով էլ լինի, ինչ էլ արած լինի, ինչ էլ անելիս լի­նի, բայց վախենամ՝ այլևս նրա մասին լսելու ժամանակ չունեմ։ Ուրիշներն էլ կան, որ հաս­տատ մեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն։

ՔԱՀԱՆԱ — Ուրեմն, եկեք նրանց մասին մտածենք։ Ո՞ւմ մասին։

ՔԱՐՈԶԻՉ — Շվեյցերը շատերին է մտահո­գում, ովքեր թե՛ հիանում են նրանով և թե՛ ափ­սոսում են նրա արածի, նրա էության, բնավո­րության համար, սակայն կնախընտրեի, որ մի պահ ուրիշ ծերերի մասին խոսեինք, ովքեր ար­դեն ութսուն-իննսուն են, բայց հայտնի չեն։

ՔԱՀԱՆԱ — Եթե հայտնի չեն, ինչպե՞ս նրանց մասին մտածենք կամ խոսենք։

ՔԱՐՈԶԻՉ — Հայրս իննսուն է և հայտնի չէ։

ՌԱԲԲԻ — Ես սիրում եմ նրան, բայց վախե­նամ, այլևս ժամանակ չունեմ։ Պետք է գնամ։ Ուրեմն, հաջորդ անգամ հորդ մասին կխոսենք։

 

 

  1. ԿՅԱՆՔԸ ԿՅԱՆՔ է

ԹՈՄ — Հիշում եմ, թե ինչպես էի ծառ բարձ­րանում։ Իսկ դու, Ջո, հիշո՞ւմ ես, թե ինչպես ես ծառ բարձրացել։

ՋՈ — Բարձրացել եմ, բայց արդեն չեմ հիշում, որ բարձրացել եմ։ Հիշում եմ՝ գետնի մեջ փոս էի փորում, վրան տախտակներ էի դնում ու փո­սի մեջ էի մտնում։ Սեմ, դո՞ւ ինչ ես հիշում։

ՍԵՄ – Ամեն բան էլ հիշում եմ, այդ մասին կա­րող եք տեղեկանալ։

ԹՈՄ — Սեմը հոռետես է, բայց ոչ իսկական, պարզապես սիրում է բողոքել ու դժգոհել, չէ՞, Սեմ տղա։

ՍԵՄ — Ի՞նչ Սեմ տղա։ Սեմյուել Աթքինսոն, եթե դեմ չեք։

ՋՈ — Այդ դեպքում, Սեմյուել Աթքինսոն, ծե­րուկ, որ հիշում է ամեն բան։ Իսկ ես դեմ չեմ ասելու, որ նույնիսկ չեմ հիշում, թե երեկ ընթրի­քին ինչ ենք կերել։

ՍԵՄ — Աղացած միս և կարտոֆիլի պյուրե, տասնութ ծեր հիմարներ և քսաներկու պառա­ված պարկեր ծերանոցի մեծ սեղանի շուրջը։ Երբ մտածում եմ Ջորջ Բեռնարդ Շոուի նման մարդու ծերության և իմ ու քո ծերության մա­սին, Թոմ, և քո, Ջո, ինքս ինձ ասում եմ՝ Աստ­ված իմ, ինչ հիմարն ես, մարդ Աստծո, ինչ հի­մարն ես եղել տղա ժամանակ, քանի որ վերջում ծերունին կրկին դառնում է այն տղան, որ եղել է։ Տղա ժամանակ միշտ այնպիսի զգացում եմ ունեցել, թե մեծ կյանքով եմ ապրում և շատ մեծ կյանքի ճանապարհին եմ, որ երբևէ որևէ մեկը կարող է ապրել։ Իսկ հիմա՞, ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ինչպե՞ս կարող էի տղա ժամանակ նման ճիշտ զգացում ունենալ, իսկ ծեր հասա­կում՝ այսքան սխալ։

ԹՈՄ – Ութսուներկուս ես, չէ՞, Սեմ։

ՍԵՄ — Ութսուներեքի մեջ եմ։

ԹՈՄ — Քեզ էլի է ժամանակ հարկավոր, մի երկու տարի։ Պետք է ինձ նման ութսունութ դառնաս, և, կարծում եմ, ամեն բան տեղը կընկ­նի։ Միշտ էլ մարդկային ցեղի զվարթ անդամն եմ եղել։

ՍԵՄ — Զվարթ՝ որովհետև հիմար ես եղել, դա՞ նկատի ունես։

ԹՈՄ – Գիտե՞ս ինչ, Սեմ, հիմար լինելուն դեմ չեմ։ Այն տղերքը, որ հիմար չէին, հիմա որտե՞ղ են։ Աչքիս առաջ մեկը մյուսի ետևից հեռա­ցան՝ նույնիսկ երեսունը չբոլորած։ Համոզված չեմ, որ իրոք խելացի է խելացի լինելը։ Ինքս միշտ հիմար եմ եղել։ Ամեն դեպքում, ինձ դուր է եկել։ Ի՞նչ կարիք կա Ջորջ Բեռնարդ Շոուի նման մարդու հետ համեմատվել։

ՍԵՄ – Խելամիտ ապրել է իննսունմեկ տարի, ահա թե ինչու։

ՋՈ — Ես ու դու ի՞նչ գիտենք, թե ինչպես է ապ­րել։ Կարող է՝ խելամտորեն է ապրել, հնարա­վոր է՝ հիմարաբար։ Դու նույնիսկ տեղյակ չէ­իր, որ Ջորջ Բեռնարդ Շոու անունով մարդ է եղել, մինչև այստեղ չեկար ու չսկսեցիր նրա հա­տորները կարդալ, որ չգիտեմ՝ ինչպես են մեր անհեթեթ գրադարանում հայտնվել։

ՍԵՄ — Նա կյանք է ունեցել, իսկ ես՝ ոչ։

ՋՈ — Այդ մասին պետք է տղա ժամանակ մտածեիր, ինչպես նա է արել։

ՍԵՄ — Լավ էլ մտածել եմ, ուղղակի այն ձևով չստացվեց, իսկ այս ձևով, ինչպես ստացվել է, ինձ դուր չի գալիս։ Այս տարիքում ինձ պետք է աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ այցելեին, հետս զրուցեին տարբեր բաներից, ինչպես Թոմն է հիշում, որ ծառ է բարձրացել, և Ջոն է հիշում, որ գետնի մեջ փորած փոսն է մտել։ Իսկ ես, պարոնայք, ամեն բան էլ հիշում եմ և բոլո­րովին դեմ չեմ, որ ասեմ՝ պատրաստվեք, եր­կուսդ էլ, դեմ չեմ ասելու, որ բոլոր տարրերը հո­յակապ են եղել, և ոչ մեկի հետ տեղս չէի փոխի, նույնիսկ անձամբ իր՝ Ջորջ Բեռնարդ Շոուի հետ։ Սեմյուել Աթքինսոնի կյանքը արվեստի գործ չէ, բայց կյանք է։ Զարմացաք, չէ՞։

 

 

  1. ՄԵԾ ՎԵՊԵՐ, ՊԻԵՍՆԵՐ, ՊՈԵԶԻԱ

ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒ­ԹՅՈՒՆ ԳՐՈՂՆԵՐԸ

ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ այսպես, երեկոյան և ցերեկային դպրոցների միջև մեկ տարբերություն կա։ Այդ տարբերությունը ո՞րն է։

ԾԵՐ ՏԻԿԻՆ — Երեկոյան դպրոցը երեկո­յան է գործում։

ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, բայց դա նկատի չունեմ։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Երեխաների համար չէ։

ՈՒՍՈՒՑԻՉ — Հենց դա նկատի ունեմ։ Երե­խաների համար չէ։ Մեծերի համար է։ Տարիքն առածների համար։ Ովքեր կամավոր են հաճա­խում, որպեսզի ինչ—որ բան սովորեն։ Ուրեմն, այստեղ ենք, որ ի՞նչ սովորենք, դասարանին եմ հարցնում։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Դասարանի՞ն։ Ըն­դամենը երեքով ենք, ձեզ՝ ուսուցչին էլ հաշված։

ՈՒՍՈՒՑԻՉ — Դասարան, սպասում եմ։ Այստեղ ենք, որ ի՞նչ սովորենք։

ԾԵՐ ՏԻԿԻՆ — Ինչպես մեծ վեպեր գրել, մեծ պիեսներ գրել, մեծ պոեզիա գրել։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Փիլիսոփայությունը մոռացաք։ Նաև՝ մեծ փիլիսոփայություն գրել։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ճիշտ այդպես։ Ինչպես մեծ վեպեր, պիեսներ, պոեզիա և փիլիսոփայու­թյուն գրել։ Իսկ հիմա՝ ինչո՞ւ ենք ուզում մեծ վե­պեր, մեծ պիեսներ, մեծ պոեզիա և մեծ փիլիսո­փայություն գրել։ Թույլ տվեք կրկնել, որ մեծ…

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Մի կրկնեք, գլուխս ցավեց։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ասեք, երիտասարդ տիկին։ Ինչո՞ւ։

ԾԵՐ ՏԻԿԻՆ – Ե՞ս։ Երիտասարդ տիկի՞ն։ շ

ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, այո, սիրելիս, դուք։ Ին­չո՞ւ։

ԾԵՐ ՏԻԿԻՆ – Մենք ուզում ենք գրել մեծ վեպեր, մեծ պիեսներ…

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Մի կրկնեք։ Ուղղակի ասեք, թե ինչո՞ւ։

ԾԵՐ ՏԻԿԻՆ – Որովհետև մենք մեծ ենք և ուզում ենք մեր մեծությունը կիսել անթիվ ուրիշ­ների հետ, որ պակաս բախտավոր են։ Ճի՞շտ ասացի։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – (քրթմնջում է)։ Որով­հետև մենք մեծ ենք և ուզում ենք մեր մեծությու­նը կիսել անթիվ ուրիշների հետ, որ պակաս բախտավոր են։ Այո, համարում եմ, որ, ի վերջո, ճիշտ եք ըմբռնել։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ջանադրության համար՝«գերազանց»։ Այսպես։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Ջանադրության հա­մար՝ «անբավարար», իսկ «գերազանց»՝ ընդունակության համար։ Այդպես չէ՞։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ինչի՞ վրա ենք գրելու մեր մեծ վեպերը, մեր մեծ…

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Ցուցակն անգիր ենք արել, ուսուցիչ։ Մի՛ կրկնեք։

ՈՒՍՈՒՑԻՉ — Խնդրեմ, դասարան, ինչի՞ վրա։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Թղթի։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ի՞նչ թղթի։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Էժան թղթի։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ինչպիսի՞ էժան թղթի։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Գծավոր։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ինչո՞վ ենք գրելու մեր մեծ վեպերը, մեր մեծ…

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Ամեն մեկն իր մատի­տով։

ՈՒՍՈՒՑԻՉ — Շատ լավ։ Մատիտ բերե՞լ եք։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Այո։

ԾԵՐ ՏԻԿԻՆ – Այո։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ձեր մատիտների ծայրերը սո՞ւր են։

ԾԵՐ ՏԻԿԻՆ ԵՎ ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ միասին — Այո։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրեմն, պատրաստվեք, հենց որ նշան կանեմ, կգրեք։ Կգրեք մեծ վեպեր, մեծ…

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Դուք միայն նշան արեք, ուսուցիչ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Ուշադրություն, պատրաստ, սկսեցինք։ Գրեք մեծ վեպեր, մեծ…

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ — Հերիք է նույն բանը բլբլաք, ուսուցիչ։ Արդեն գրում ենք։

ՈՒՍՈՒՑԻՉ — Դե, ուրեմն, գրեք, աշխարհը սպասում է։

ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ – Ամեն երեկո երեկո­յան դպրոց եմ հաճախում, որովհետև վախենում եմ, որ կմահանամ։ Ընտրել եմ Մեծ ստեղ­ծագործությունների դասընթացը, որովհետև բացի ինձնից և ծեր տիկնոջից, ով նույնպես վա­խենում է, որ կմահանա, ոչ ոք չէր ուզում այդ դասընթացն ընտրել։

 

 

  1. ԱՏԱՄՆԵՐ

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ – Չէ՜, առողջ ատամ­ներ ունեք։

ՏՂԱՄԱՐԴ — Կավիճ, լիքը բերան կավիճ, ամբողջ կյանքում։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Առողջ, աշխատող ատամներ են։

ՏՂԱՄԱՐԴ — Կարող եք ձեզ վերցնել։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Լավ խարիսխներ են, կարող եմ մի զույգ արհեստական ատամնաշար սարքել, որ ամբողջ կյանքում անթերի ատամնանստվածք կապահովեն։

ՏՂԱՄԱՐԴ — Փնտրածս էլ հենց դա է՝ ամ­բողջ կյանքի համար անթերի ատամնանստվածք։ Մինչև հիմա ամբողջ կյանքում ի՞նչ եմ ու­նեցել։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Սխալ ատամնանստվածք։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ եթե անթերի լիներ, ի՞նչ կպատահեր։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Ցանկացած սնունդ ուտելիս գերազանց կկծեիք։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, փոխարենը ցանկա­ցած սնունդ ուտելիս ոչ գերազանց կծելն է եղել ունեցածս։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Ավելի լավ կխոսեիք։ Առոգանությունն ավելի սահուն, ավելի սուր և ավելի մաքուր կլիներ։

ՏՂԱՄԱՐԴ — Ավելի սահուն, ավելի սուր, ավելի մաքուր։ Անունս, ապրուստս, կյանքս առանց անթերի ատամնանստվածքի եմ վաս­տակել, այնպես որ, հիմա, երբ հիսունհինգ տա­րեկան եմ, և բերանումս ընդամենը յոթ ատամ է մնացել, վերջապես անթերի ատամնանստված­քի ժամանակը եկել է, այդպե՞ս է։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Տասնմեկ ատամ, տասնմեկ առողջ ատամ, վեցը՝ վերևում, հինգը՝ ներքևում, արհեստական ատամնաշարի գերա­զանց խարիսխներ։

ՏՂԱՄԱՐԴ — Տարին մեկ անգամ ատամ­նաբույժի եմ այցելում՝ ատամներս մաքրելու, և տարին մեկ անգամ ատամնաբույժն ինձ ասում է, որ պետք է արհեստական ատամներ դնեմ։ Ինչո՞ւ են ատամնաբույժներն այդ կերպ մտա­ծում։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Ձեր ատամներին մի հայացք գցելը բավական է, որ սարսռեցնի ցանկացած ատամնաբույժի, քանի որ պատկերը լիովին պարզ է։

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ զարմանում, որ ատամ­նաբույժը տեսնում է, մի փոքր զարմացած եմ, որ նա մշտապես ուզում է ինձ ամեն բան պատ­մել ատամնաբուժության և այն մասին, թե ինչ­պես արհեստական երկու ատամնաշարերը կա­րող են անթերի ատամնանստվածք ապահովել, քանի որ ուզածս ընդամենը ատամ մաքրելն է։ Երեսուն տարի առաջ նա գործ կունենար երե­սուն կամ քառասուն ատամի հետ, և ես բազկա­թոռից վեր կկենայի ու կհարցնեի՝ որքա՞ն, և նա կասեր՝ երկու դոլար, ես կվճարեի ու կհեռա­նայի, բայց անցած ինը կամ տասը տարիներին նա իր գործն անում է, ես վեր եմ կենում բազ­կաթոռից ու հարցնում եմ՝ որքա՞ն, նա ասում է՝ վեց դոլար կամ ութ դոլար կամ տասը դոլար, և ես վճարում եմ ու հեռանում։ Ժամանակները փոխվում են։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Այսօր ատամնա­բույժներն այլևս ատամ չեն մաքրում, դրա հաար տեխնիկ կամ քույր կա, բայց մտածեցի, քանի որ ձեր առաջին այցելությունն էր, լավ կլիներ՝ ինքս դա անեի և միաժամանակ տեղե­կացնեի, որ կարող եմ անթերի ատամնանստվածք ապահովել։

ՏՂԱՄԱՐԴ — Մշտական ատամնաբույժ չունեմ։ Երեք կամ չորս ատամնաբույժի մոտ եմ երեք կամ չորս անգամ եղել, բայց մեծ մասամբ միայն մեկ անգամ եմ այցելում, որ­պեսզի ատամներս մաքրեն։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Ինչպես գիտեք, այս­տեղ՝ վերևում, ձախ կողմում չորսը հեռացված են և մեկ իմաստության ատամ կա, որ բավա­կան ամուր է և իդեալական խարիսխ, իսկ ներքևում՝ աջ կողմում, գրեթե նույն վիճակն է։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, ճիշտ է։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Տասներկու շաբաթ­վա ընթացքում շաբաթական երկու այցելություն, և վերջ։

ՏՂԱՄԱՐԴ — Շաբաթը երկու այցելություն, տասներկու շաբաթ, քսանչորս այցելություն, համարյա իննսուն օրից ավելի։ (Վեր է կենում բազկաթոռից։) Որքա՞ն։

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ — Քսանհինգ դոլար։

ՏՂԱՄԱՐԴ — (վճարում է)։ Այո, ժամանակ­ները փոխվում են։ (Գնում է։)

 

 

  1. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՏՂԱ — Հիվանդ եմ, մա։

ՄԱՅՐ – Ի՞նչ է եղել։

ՏՂԱ – Ինձ ոչ մի բան դուր չի գալիս։

ՄԱՅՐ – Մի բաժակ գոլ ջուր խմիր, մեջը կես լիմոն եմ մզել։

ՏՂԱ – Հիվանդությունս կանցնի՞։

ՄԱՅՐ – Իհարկե։

ՏՂԱ – (խմում է)։ Որքա՞ն հետո։

ՄԱՅՐ – Հինգ րոպեից։

ՏՂԱ – Ինչո՞ւ եմ հիվանդանում։

ՄԱՅՐ – Գիտե՞ս ինչ, երբեք էլ լրջորեն չես հի­վանդացել։

ՏՂԱ – Ինձ լուրջ է թվում։

ՄԱՅՐ — Իհարկե, այդպես է, բայց երբ լուրջ հիվանդ ես, այդպես չէ։ Աղիներդ լա՞վ են գոր­ծում։

ՏՂԱ – Գնացել եմ։ Առավոտյան արթնացա ու գնացի, սովորականի նման էր։

ՄԱՅՐ — Քթիցդ վազո՞ւմ է։

ՏՂԱ — Մի քիչ, բայց միշտ էլ այդքան վազում է։

ՄԱՅՐ — Գլուխդ ցավո՞ւմ է։

ՏՂԱ — Մի քիչ, բայց չեմ կարծում, թե իրոք ցավում է, ուրիշ բան է։

ՄԱՅՐ – Շոգո՞ւմ ես կամ մրսո՞ւմ ես։

ՏՂԱ – Մի քիչ առաջ։

ՄԱՅՐ — Շատ ուժեղ ես։ Գուցե քիչ առաջ սկսել ես հիվանդանալ և հիմա առողջանում ես, որովհետև շատ ուժեղ ես։

ՏՂԱ – Ինչո՞ւ պետք է այնքան ուժեղ լինեի, որ չհիվանդանայի։

ՄԱՅՐ — Ոչ ոք այդքան ուժեղ չէ։

ՏՂԱ – Ինչպե՞ս է, որ երբ որևէ մեկը հիվան­դանում է, այս տուն երբեք բժիշկ չի գալիս։

ՄԱՅՐ — Եթե նա եկավ, ի՞նչ է անելու։ Հի­վանդն ինքը պետք է առողջանա, ոչ թե բժիշկը բուժի։

ՏՂԱ – Լիմոնի հյութով գոլ ջուրը միակ դե՞ղն է։

ՄԱՅՐ — Բոլորովին էլ դեղ չէ, բայց մենք միշտ համարել ենք, որ վատ զգացողին առող­ջացնում է։ Ինչպե՞ս ես քեզ զգում։

ՏՂԱ – Ավելի լավ։

ՄԱՅՐ — Հիմա սա խմիր՝ լիմոնի հյութով գոլ ջրի մեջ մեղր եմ խառնել։

ՏՂԱ – Այն մեկի մեջ ինչո՞ւ մեղր չէիր ավելաց­րել։

ՄԱՅՐ – Որպեսզի այս մեկն ավելի համեղ լի­նի։ Քաղցրից առաջ մի փոքր դառը լավ է։  

ՏՂԱ – (խմում է)։ Այս մեկը շատ համեղ էր։ Իմ հիվանդությունն ի՞նչ է։

ՄԱՅՐ – Ի՞նչ է։ Իհարկե, դու ինքդ։

ՏՂԱ – Մրսածությո՞ւն է։

ՄԱՅՐ – Ուզում ես՝ մրսածություն կոչիր, միև­նույն է, ինքդ ես։ Մարդու միակ հիվանդու­թյունն ինքն է։

ՏՂԱ – Բժիշկներն այդպես չեն ասում։

ՄԱՅՐ — Նրանք իրենց գործն են անում։ Մարդու միակ առողջությունը նույնպես ինքն է։ Դու շատ առողջ ես։

ՏՂԱ — Ատում եմ նույնիսկ թեթև հիվանդու­թյունը։

ՄԱՅՐ – Գոհ եղիր։

ՏՂԱ – Ինչո՞ւ։

ՄԱՅՐ – Ստիպում է, որ առողջությունդ ավե­լի լավ վայելես։ Բակ գնա և արևի տակ կանգ­նիր։ Արևն առողջությունդ ավելի շուտ ետ կբե­րի, քան ցանկացած այլ բան։

Տ Ղ Ա — Բարի։ (Գնում է։)

 

  1. ԽՈՍՔ

ՔՈԼԵՋԻ ՊՐՈՖԵՍՈՐ – Խոսք, խոսք, խոսք, սա է մարդու պատմությունը։ Որոշ խոս­քեր պահպանվել և հանրահայտ են դարձել։ Այ, դու, կարո՞ղ ես այդպիսի խոսքի օրինակ բերել։

ՏՂԱ — Ներող կլինեք, բայց այն ամենը, ինչ կարող եմ տալ հայրենիքիս, ես ինքս եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Շատ լավ է, չնայած նա հարցն այլ կերպ և ավելի լավ է դրել։ Հիմա, դու։

ԱՂՋԻԿ — Թող նրանք թխվածք ուտեն։

ՊՐՈՖԵՍՈՐ — Միանգամայն ճիշտ է, չնա­յած իրականում դա չպետք է ասեր, քանի որ կարևոր չէ։ Այժմ՝ դու։

ՏՂԱ – Մահ կամ ազատություն։

ՊՐՈՖԵՍՈՐ — Գերազանց է։ Դո՞ւ։

ԱՂՋԻԿ — Մի բուռ գարին ապուրն ավելի համեղ է դարձնում։

ՊՐՈՖԵՍՈՐ — Հրաշալի է, բայց չեմ հի­շում, թե ով է ասել։

ԱՂՋԻԿ — Տատիկս։

ՊՐՈՖԵՍՈՐ — Գերազանց է։ Հիմա՝ դու։

ՏՂԱ – Մի կրակիր, մինչև նրանց աչքի սպի­տակուցը չտեսնես։

ՊՐՈՖԵՍՈՐ — Հիանալի է։ Դո՞ւ։

ԱՂՋԻԿ — Միասնական ազգ, ազատություն և արդարություն բոլորին։

ՊՐՈՖԵՍՈՐ — Հրաշալի օրինակ է։ Հիմա քո հերթն է, աշխարհի համար դժվար ժամա­նակներ են, պատերազմն անխուսափելի է թվում, այդ առիթով մի բան ասա, իբր աշխար­հին ես դիմում։

ՏՂԱ – Հանո՞ւն, թե՞ ընդդեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչպես հարմար ես գտնում։

ՏՂԱ – Գիտենք, որ արդարացի ենք և Աստծո օգնությամբ կջախջախենք թշնամուն ու կպահ­պանենք…

ՊՐՈՖԵՍՈՐ — Շարունակիր։

ՏՂԱ – Չգիտեմ, թե ինչն ենք պահպանելու։

ՊՐՈՖԵՍՈՐ — Այդ դեպքում, դու ավար­տիր խոսքը։

ԱՂՋԻԿ — …քաղաքակրթությունը։

ՊՐՈՖԵՍՈՐ — Գերազանց է։

ՏՂԱ — Ես չէի ուզում ասել՝ պահպանենք քա­ղաքակրթությունը, քանի որ համոզված չեմ, թե պատերազմելով կարելի է այն պահպանել։ Ու­զում էի ասել՝ պահպանենք խաղաղությունը, բայց խոսքի առաջին մասը խաղաղության պահպանման համար սխալ էր։ Այն հանուն պատերազմի էր։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ուրեմն, խոսիր հանուն չպատերազմելու։

ՏՂԱ — Գիտենք, որ անարդարացի ենք և առանց Աստծո օգնության չպետք է պատերազմենք։

ՊՐՈՖԵՍՈՐ — Գերազանց է։ Հիմա՝ դու։

ԱՂՋԻԿ — Երկու անգամ երկուս անում է չորս։

ՊՐՈՖԵՍՈՐ — Լավ է, բայց դա այն խոս­քը չէ, որի մասին խոսում ենք։ Մի անգամ էլ փորձիր։

ԱՂՋԻԿ — Թույլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Շատ լավ է։ Դո՞ւ։

ՏՂԱ — Իմ կողմից, մարդկային ցեղի անունից։

ՊՐՈՖԵՍՈՐ — Եթե կամենում ես։

ՏՂԱ — Աշխատիր բոլոր հարցերում ամեն կերպ ճիշտ լինել, բայց միշտ հիշիր, որ կարող ես սխալվել։

ՊՐՈՖԵՍՈՐ — Լավ է։ Հիմա՝ դու։

ԱՂՋԻԿ — Ծիծաղիր, և ողջ աշխարհը կծիծա­ղի քեզ հետ, լաց եղիր, և միայն դու լաց  կլինես։

ՊՐՈՖԵՍՈՐ — Հենց այդպես։ Այժմ, աշ­խարհով մեկ խաղաղության ժամանակներում, սեփական խոսքիդ վերջին օրինակը։

ՏՂԱ — Կփրկենք բոլոր ոչ—քաղաքակիրթ երկրները, եթե անհրաժեշտ լինի՝ նաև ուժով։

ՊՐՈՖԵՍՈՐ — Դասն ավարտված է։

 

 

  1. ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՈՒՄ

ՏՂԱ — (Վարսահարդարին)։ Ենթադրում եմ, որ էստեղ շատ հետաքրքիր մարդկանց եք հան­դիպում։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Այո, հատկապես ձեզ՝ տասը կամ տասնմեկ տարեկաններիդ։ Ամենաքիչը երեք ամիս մազ չես կտրել։ Սա քոլեջ—վարսավիրանոց է, այստեղ վարսահարդա­րումը մեկ—մեկուկես, երբեմն՝ երկու դոլարի փո­խարեն քառորդ դոլար է։ Այցելուներն էլ շրջմո­լիկներ ու հարբեցողներ են։ Դրա համար էլ դուք եք հետաքրքիր դառնում։ Իսկապես չես ու­զում, չէ՞, որ այս հրաշալի մազերդ կտրեմ։

ՏՂԱ — Չեմ ուզում, բայց դպրոցում ասել են, որ քանի դեռ մազերս չեմ կտրել, դպրոցի հոգե­բանին պետք է այցելեմ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Դպրոցում հոգեբա՞ն ունեք։

ՏՂԱ – Նյու Յորքի բոլոր դպրոցներն էլ հոգե­բան ունեն։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ – Ինչի՞ համար է։

ՏՂԱ — Չենթարկվող սաների։ Ենթարկվելուն դեմ չեմ, բայց ավելի լավ եմ զգում, երբ գլխիս շատ մազ կա։ Եվ միշտ սանրում եմ, բայց երևում է, բավարար չէ։ Վարսահարդարման անհարմարությունը բարձր գինն է, ամեն դեպ­քում՝ չաշխատող տղայի համար։ Երբ մազերդ կտրում ես, տաս—տասնմեկ օրից նորից պետք է կտրել, բայց եթե երեք—չորս շաբաթ վարսա­հարդարին չես այցելում, մազերդ սկսում են ձև ստանալ, և մնում է առավոտները թրջել ու սան­րել։ Բայց դա էլ բավարար չէ, հիմար ուսուցչու­հին ասում է, որ եթե մազերս չկտրեմ, պետք է հոգեբանին այցելեմ, ես էլ ատում եմ էդ ապուշ շան որդուն, դրա համար էլ կիրակի օրե­րը աշխատանք եմ ճարել, մի ամբողջ դժոխա­յին օր ընդամենը քոսոտ դոլարանոցի համար, և չեմ պատրաստվում մեկ օրվա աշխատա­վարձս ամբողջությամբ մազ կտրելու վրա ծախ­սել։ Ահա թե ինչու եմ էստեղ եկել։ Երևի շատ կարճ կտրեք։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Գլուխդ հրաշալի ձև է ստացել, մազերդ էլ ավելի են գեղեցկացնում, իմ կարծիքով, չարժե կարճ կտրել։

ՏՂԱ – Ուզում եմ ամենաքիչը երկու ամիս մազ կտրելու մասին մոռանալ։ Ուզում եմ, որ ուսուց­չուհիս տեսնի, որ մազերս կտրել եմ, որովհետև էլ չեմ ուզում էդ հոգեբանի հետ թաթախվել։ Գլուխս բիլիարդի խաղագնդի նման սարքեք, և քառորդ դոլար կվճարեմ և անչափ երախտա­պարտ կլինեմ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ – Ինչի՞ համար ես հո­գեբանին այցելում։

ՏՂԱ – Իհարկե, խելոքանալու։ Ի՞նչ էի արել, ընդամենը ուսուցչուհուն մի քանի հարց էի տվել, միայն թե նրան դուր չեկավ, որովհետև չկարողացավ պատասխանել։ Երկրորդ անգամ Կուբային պաշտպանելու համար, բայց ուսուցչուհին ասաց, իբր կոպտել եմ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ – Կուբայի՞ն ես պաշտպանել, հա՞։

ՏՂԱ – Հա, պաշտպանել եմ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Կաստրոյին է՞լ ես պաշտպանել։

ՏՂԱ — Կաստրոյին էլ, բայց միայն նրա հա­մար, որ փորձում է բարելավել Կուբայի ժո­ղովրդի վիճակը, որ, ինչպես գիտեք, աղքատ է։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Քեզնից աղքա՞տ։

ՏՂԱ – Շատ ավելի աղքատ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Եթե Կուաբային ես պաշտպանում, ուրեմն կոմունիստ ես, չէ՞։

ՏՂԱ — Ուսուցչուհիս էլ է էդպես մտածում, չնայած հոգեբանի մոտ կոպտելու համար ու­ղարկեց։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Այդ անելով՝ ոչ-ամերիկացի ես դառնում, չէ՞։

ՏՂԱ — Եթե ազնվությունը ոչ ամերիկացի լի­նել է, ուրեմն՝ ոչ ամերիկացի եմ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Ե՞րբ հասցրիր ազն­վություն սովորել։ Դեռ երեխա ես։ Իսկ մտածե՞ ինչպես ես սովորել։

ՏՂԱ – Ազնիվ լինելը բնական է։ Հակառակն է անբնական։ Բոլորն էլ մտածել գիտեն, միայն թե մարդկանց մեծ մասը մտածում է, որ փոր­ձանքի մեջ կընկնի, եթե ասի այն, ինչ մտածում է։ Ամեն ինչ գիտեն, բայց չեն ուզում գլխացա­վանքի մեջ ընկնել, եթե ասեն այն, ինչ մտածում են։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Ինքդ գլխացավին դեմ չե՞ս։

ՏՂԱ – Շատ եմ դեմ, բայց չգիտեմ, թե ինչպես չասեմ այն, ինչ մտածում եմ։ Երրորդ և վերջին անգամ հոգեբանի մոտ ուղարկեցին, ինչպես ու­սուցչուհին որակեց՝ դիտավորյալ չարության համար։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Դիտավորյալ չարու­թյուն. արդեն իսկ վատ է հնչում։ Դիտավորյալ չարությունը ո՞րն է։

ՏՂԱ — Նրա աթոռին կոճգամ էի դրել, նա էլ նստեց վրան։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Քեզ նման խելոք տղա՞ն։ Չէի կարծում, որ դպրոցում երեխաները դեռ նման բան են անում, այն էլ՝ ուղեղ ունեցող երեխաները։

ՏՂԱ – Իսկ ես արեցի։ Նա համոզված էր, որ Դևիդն է արել՝ նեգրը, և ստիպված էի խոստովանել, որ ես եմ արել, իսկ հոգեբանն ասաց, թե արել եմ, որովհետև ատում եմ մորս։ Մորս հետ վեճեր ունենում եմ, և դրանց մեծ մասը մեծ ու աղմկոտ են, բայց ո՞վ չի ունենում։ Բոլորի մայրերն էլ ուզում են, որ իրենց որդիները լսող ու քաղաքավարի և շինծու լինեն և երբեք գլխացավանքի մեջ չընկնեն, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկն իր մորն ատում է։ Չեմ ուզում էդ խրտվիլակին կրկին տեսնել, էնպես որ, կարճ կտրեք։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Դե, եթե պնդում ես, բայց իսկապես չեմ կարծում, որ պետք է։ Ինձ թվում է, ճիշտ կանես մազերիցդ չհրաժարվես։ Կարող եմ թեթևակի կարգի բերել, կարող եմ նաև սանրվածքի տեսք տալ, և դրա համար կա­րող ես նույնիսկ չվճարել։

ՏՂԱ – Ինչո՞ւ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Տաս-տասնմեկ օրը մեկ կգաս, բայց այդ ժամանակ էլ չես վճարի։

ՏՂԱ – Ինչո՞ւ եք ուզում, որ անընդհատ գամ։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Այստեղ շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպում, բայց ոչ մեկը քեզ նման հետաքրքիր չէ, և կցանկանայի, որ ժամանակ առ ժամանակ այցելեիր՝ մազերդ թեթևակի հարդարելու, որպեսզի կարողանամ հետևել, թե գործերդ ինչպես են ընթանում։ Պայմանավորվեցի՞նք:

ՏՂԱ – Հարց չկա։

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ — Շատ լավ։ Ուրեմն, հիմա կսկսեմ մազերդ կտրել, իսկ դու ուսուցչու­հուդ և հոգեբանի մասին էլի բաներ կպատմես։

ՏՂԱ – Եղավ, շատ շնորհակալ եմ։

 

 

  1. ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ

ՈՒՍՈՒՑԻՉ — Այս դպրոցում, որը կիրակ­նօրյա դպրոցից չի տարբերվում, սովորելու ենք, թե ինչպես պետք է փող սարքել։ Ինչո՞ւ եք ու­զում փող սարքել։

ՏՂԱ – Որովհետև մեզ փող է հարկավոր։

ՈՒՍՈՒՑԻՉ — Մեզ ինչի՞ համար է փող հարկավոր։

ԱՂՋԻԿ — Սննդի և վարձի և հագուստի և մնացած բաների։

ՈՒՍՈՒՑԻՉ — Մեզ ի՞նչ փող է հարկավոր։

ՏՂԱ – Միացյալ Նահանգների։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ձեզ փորձելու համար ամե­րիկյան հինգ դոլարանոց եմ բերել։ Ինչի՞ց է այն պատրաստված։

ԱՂՋԻԿ — Հատուկ թղթից։

ՈՒՍՈՒՑԻՉ — Վրան ո՞ւմ նկարն է։

ՏՂԱ — Լինկոլնի։

ՈՒՍՈՒՑԻՉ — Հակառակ կողմում ի՞նչ նկար է։

ԱՂՋԻԿ — Լինկոլնի հուշահամալիրն է։

ՈՒՍՈՒՑԻՉ — Հինգ դոլար սարքելու հա­մար ի՞նչ պետք է անենք։

ՏՂԱ — Մի ուրիշ թղթի կտոր սարքենք, որ ճիշտ ու ճիշտ սրա նման լինի։

ՈՒՍՈՒՑԻՉ — Դա ինչպե՞ս կարելի է անել։

ԱՂՋԻԿ — Բարդ տպագրության և հատուկ լուսափորագրության միջոցով։

ՈՒՍՈՒՑԻՉ — Որը…

ՏՂԱ – Դժվար է անել։

ՈՒՍՈՒՑԻՉ — Որը նաև…

ԱՂՋԻԿ — Օրենքի խախտում է։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ընդունված է ասել՝ հակաօ­րինական է։ Եթե օրինականից առաջ հակա ենք ավելացնում, նշանակում է՝ անօրինական։ Որպեսզի հարյուր դոլար ունենանք, նման քա­նի՞ թղթի կտոր պետք է սարքենք։

ՏՂԱ – Քսան։

ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկ հազարը ունենալու հա­մա՞ր։

ԱՂՋԻԿ — Երկու հարյուր։

ՈՒՍՈՒՑԻՉ — Եթե ցանկանանք հարյուր հազար դոլար ունենալ, մեզ քանի՞ նման թղթի կտոր հարկավոր կլինի։

ՏՂԱ – Որքան որ կկազմի հարյուր հատ երկու հարյուրը։

ՈՒՍՈՒՑԻՉ — Բազում նման թղթի կտոր­ներ։ Հինգ միլիոն դոլար ունենալու համար մեզ հարկավոր կլինի մեկ միլիոն նման թղթի կտոր սարքել։ Որքան քիչ է հինգ միլիոն դոլարը։

ԱՂՋԻԿ — Հինգ միլիոն դոլարր քիչ չէ, բայց ավելի քիչ է, քան այն, ինչ ունեն ամերիկյան շատ ընտանիքներ։

ՈՒՍՈՒՑԻՉ – Կարո՞ղ եք նման մի քանի ընտանիք նշել։

ՏՂԱ – Ֆորդ, Ռոկֆելլեր, Քենեդի։

ՈՒՍՈՒՑԻՉ — Այս ընտանիքներն ինչպե՞ս են հինգ միլիոն դոլար ունեցել։ Քսանհի՞նգ մի­լիոն։ Հարյուր քսանհի՞նգ միլիոն։

ԱՂՋԻԿ — Փողր սարքել են։

ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկ մենք այստեղ ի՞նչ պետք է սովորենք անել։

ՏՂԱ – Փող սարքել։

ՈՒՍՈՒՑԻՉ – Որքա՞ն փող։

ՏՂԱ – Հինգ միլիոն դոլար։ Մեկ միլիոնն ինձ համար, մեկ միլիոնը՝ նրա, մեկ միլիոնր՝ ձեզ, մեկ միլիոնն՝ այն մեկի, մեկ միլիոնն էլ՝ մյուսի։

ՈՒՍՈՒՑԻՉ — Յուրաքանչյուրիս՝ մեկ միլիոն։

ԱՂՋԻԿ — Առանց հարկվելու։

ՏՂԱ – Անօրինական։

ԱՂՋԻԿ — Բայց՝ շատ նման։

ՈՒՍՈՒՑԻՉ — Մեր հաշվարկները հիմնված են հինգ միավորի վրա։ Կան նաև այլ միավոր­ներ։ Նշեք մի քանիսը։

ՏՂԱ – Տասը։ Քսան։ Հիսուն։ Հարյուր։

ՈՒՍՈՒՑԻՉ — Տասը, քսան, հիսուն, հար­յուր։ Մի րոպե, խնդրում եմ։ Գլխումս մի միտք ծագեց։ Ո՞վ կարող է գուշակել՝ ինչ միտք։

ԱՂՋԻԿ — Եկեք ոչ թե հինգանոցներ, այլ հարյուրանոցներ սարքենք։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ճիշտ է։ Ավելի քիչ թուղթ կօգտագործենք և ավելի շատ փող կունենանք։ Մի քիչ հայրիկիս համար, մի քիչ էլ՝ մայրիկիս։ Եթե մեկ միլիոն հատ հարյուրանոց սարքենք, հարյուր միլիոն կունենանք կամ հինգ միլիոնից քսան անգամ շատ։ Դա մեզ կերջանկացնի՞։

ՏՂԱ – Այո։

ՈՒՍՈՒՑԻՉ — Գոհ եմ, որ նման միտք հղա­ցա, որովհետև դա նշանակում է՝ շատ ավելի փող մեզնից շատ ավելի շատերի համար։ Ձեր հիացմունքը չեմ լսում։

ԲՈԼՈՐՐ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Մի անգամ էլ։ Ավելի բարձր։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Պետք է ասեմ, որ անչափ հուզիչ էր։ Վստահ եմ, որ, բացի հորիցս և մո­րիցս, կցանկանամ մեկական միլիոն տալ որ­դուս, դստերս, փեսայիս, հարսիս և մի քիչ էլ՝ աղքատներին։

ՏՂԱ – Մարդիկ կան, որոնց ես էլ կցանկանա­յի մեկական միլիոն տալ և մի քիչ էլ՝ Ալեքսանդրին։

ԱՂՋԻԿ — Մեկական միլիոն հայրիկիս և մայրիկիս, պապիկիս, տատիկիս, Մարգրեթին և մի քիչ էլ՝ խաղաղության համաշխարհային կոնգրեսին։

ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկապես ցնցող է։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՏՂԱ – Ուսուցիչ։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ասա, տղաս։

ՏՂԱ — Իսկ հազար դոլարանոց թղթի կտոր կա՞։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Լռեք։ Բոլորդ։ Եթե նման թուղթ կա, և եթե դրանից մեկ միլիոն հատ սարքենք, ապա…

ԱՂՋԻԿ — Նման թուղթ կա։ Հեռուստատե­սությամբ եմ տեսել։

ՈՒՍՈՒՑԻՉ — Երեխաներ, հազար միլիոն դոլար կունենանք։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Իրոք աներևակայելի է։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Ցանկացածին մեկ միլիոն կարելի է տալ, մեկ միլիոն կտամ օրիորդ Լեդերբրիջին։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Այսպիսով, երեխաներ, մեր առաջին դասն ավարտվեց։ Հիմա ուզում եմ նստել և այդ ամենի մասին խորհել։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Մեծ կարողությունը նաև մեծ պարտավորություն է։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Դպրոցներ, հիվանդանոց­ներ, հոգեբուժարաններ։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜։

ՈՒՍՈՒՑԻՉ — Դե, գնացեք և թույլ տվեք, որպեսզի նստեմ ու մտածեմ։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Ուռա՜: (Գնում են։)

ՈՒՍՈՒՑԻՉ — Կուզեի մի փոքրիկ կղզի ու­նենալ։ Անպայման չէ՝ Կուբան։ Գեղեցիկ կղզի՝ սիրալիր ժողովրդով։ Երեխաները, դե, այս ամենը նրանց համար խաղ է։ Չնայած այն տղան, իրոք հազարանոցի մասին նա հուշեց։ Բոլորին մեկական պաղպաղակ, իսկ նրան՝ եր­կուսը։ Միանգամայն բավարար կլինի։ Չափից շատ փողը փչացնում է աղքատներին։ Իսկ հազար միլիոնը, կարծում եմ, իսկը ինձ համար է։ (Ցածրաձայն։) Ուռա՜։

 

 

  1. ԸՆԹԵՐՑՈՂԸ ԵՎ ԳՐՈՂԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ — Վեր­ջերս ի՞նչ էիք կարդում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Վիրջինիա Վուլֆ։ Իսկ դո՞ւք։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ։ Իհարկե, բացի սովո­րական բաներից։ Պիտակներ։ Փոստի բերած թափոնը։ Երբեմն էլ որևէ առավոտյան լրագիր, որ անվճար վերցնում եմ տրամվայի վագնի ցանցադարակից:

ԿԻՆ – Այնտեղից լրագիր վերցնելն ազնիվ չէ։

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե՝ չէ, գուցե և՝ է։

ԿԻՆ — Այս դեպքում գուցե—ն հարմար չէ։ Դա ստորություն է։

ՏՂԱՄԱՐԴ — Ցանկացած մարդ մեծագույն հավանականությամբ մի քիչ ստոր է։

ԿԻՆ – Նման բան չպետք է անեք։

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե։ «Ստոր» երգը պա­տահաբար չե՞ք հիշում։

ԿԻՆ – Ոչ, բայց ի՞նչ կապ ունի։

ՏՂԱՄԱՐԴ — Դե, երաժշտությունը ստոր է՝ ցըմփ, ցըմփ, ցըմփ, ցըմփ, ցըմփ, կարծես ֆոն լինի, հետո ավելի ստոր դարձնելու համար, երբ խաղալիքի նմանվող զործիքը այդ ստոր ցըմփ–ցըմփերն իսկապես սուր ճչոց հիշեցնող հնչյունի է վերածում, կարծում եմ, որպեսզի պատկերի երջանիկ սարսափն այն տիկնոջ, որ կասկա­ծում է, թե ստորությունը դեպի իրեն է շարժ­վում։ Այլևս այդպիսի երաժշտություն չեն գրում։ Փոլ Աշը կամ Փոլ Ուիթմենը կամ որևէ մեկը քսանականներից, իրոք խելացի նվագախմբով։ Ցը՜մփ, ցը՜մփ…

ԿԻՆ – Դադարեցրեք, խնդրում եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Երգելս չե՞ք հավանում։

ԿԻՆ – Դա երգել չէ։

ՏՂԱՄԱՐԴ – Թե՞ «ստորի» իմ մեկնաբա­նությունը դուր չի գալիս։

ԿԻՆ – Ամեն ինչ իր ժամանակն ու տեղն ունի, և քանի դեռ որևէ առանձնահատուկ բանի առանձնահատուկ ժամանակն ու տեղը չէ, և երբ հարցրիք, թե վերջերս ի՞նչ էի կարդում, և ես պատասխանեցի՝ Վիրջինիա Վուլֆ, կարծում էի, թե պետք է հարցնեիք՝ Վիրջինիա Վուլֆի ո՞ր գիրքը, և այդ ժամանակ կասեի՝ «Ալիքները», և դուք կասեիք, որ այն վաղուց եք կարդա­ցել կամ նման մի բան։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, չեմ ուզում նման բան ասել։

ԿԻՆ — Եվ հետո մտածել էի, որ ճիշտ պահին հարցնելու եմ, թե վերջերս դուք ինչ էիք գրում։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ եք ուզում նման անխո­հեմ հարց տալ ինձ։

ԿԻՆ – Որովհետև ասում եք, որ գրող եք, ոչ թե Ծննդյան տոների թոհուբոհի մեջ սովորական մի աշխատակից առևտրի կենտրոնի մարզա­կան բաժնում, որտեղ ինձ նույնպես գործ են տվել Ծննդյան տոների այս թոհուբոհի մեջ։ Արդեն չորս օր է, միասին ենք նախաճաշում ձեռնարկության սրճարանում՝ սկսած մեր աշխատանքային առաջին օրվանից, հիշո՞ւմ եք։

ՏՂԱՄԱՐԴ — Ա՜, ուրեմն դուք էիք։ Ամեն անգամ, չէ՞:

ԿԻՆ — Ճիշտ այդպես։ Վերջերս ի՞նչ էիք գրում։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ, բայց իրականում ամ­բողջ ժամանակ գրում եմ։

ԿԻՆ — Հիմա է՞լ։

ՏՂԱՄԱՐԴ — Հիմա էլ։ Այս ամենը գրվածք է, բայց քանի դեռ գրողն այն չի հանձնել թղթին, ինչպես մեր մասնագիտության տեր մարդիկ են ասում, դա չգրված գրվածք է։ Ես ինձ համա­րում եմ աշխարհում չգրված գրվածքներ գրող լավագույն գրողը, նաև ընդամենը քսաներկու տարեկան եմ։ Եվ սա դրա գեղեցիկ կողմն է։ Դո՞ւք քանի տարեկան եք։

ԿԻՆ — Տասնինը։ Եվ դա Ծննդյան տոների թոհուբոհի մեջ աշխատանք ունենալու գեղե­ցիկ կողմն է, քանի որ երբ ադջիկր տասնինը տարեկան է, նա քաղցում է, և միշտ էլ հաճելի է, որ երբ քաղցում ես, հնարավորություն ունես որևէ տեղ նստել և ուտել։

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, հաճելի է, առավել հաճելի է, ասենք՝ հենց հիմա։

ԿԻՆ — Իսկ դրա համար պետք է փող ունե­նալ, և ինձ նման մեկը, որպեսզի փող ունենա, պետք է աշխատանք ունենա։ Չեմ հասկանում, թե ինչու ինձ վերցրին, երբ հարցազրույցի հա­մար այդքան հերթ կանգնած աղջիկներ կային։

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե գիտեին, որ դուք ավե­լի շատ փողի կարիք ունեք, քան մյուս աղջիկ­ները։

ԿԻՆ — Ոչ, ինձ թվում է, որովհետև ես… ը… չեմ ուզում դա շատ կարևորել կամ քննադատել մյուս աղջիկներին, բայց ես նրանցից չեմ, որ հավանաբար կարող են գեղեցկության մրցույ­թին մասնակցել։ Բայց երևի նրանցից եմ, որ լրջորեն են վերաբերվում կրճատ աշխատանքա­յին օրվան և կարող են լավ աշխատել։ Պատճառն ինչ էլ լինի, անչափ ուրախ եմ, որ ինձ վարձեցին, որովհետև արդեն սարսափում էի։

ՏՂԱՄԱՐԴ — Երբեք մի սարսափեք։ Երբեք թույլ չտաք, որ սարսափը ձեզ պատի։ Ավելի լավ է Ներգաղթ կոմիտեի օգնությանը դիմեք։

ԿԻՆ – Դա ավելի սարսափելի է, քան բոլորո­վին փող չունենալը և օր ու կես ոչինչ չուտելը։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դա ե՞րբ է եղել։

ԿԻՆ — Աշխատանք ստանալուց անմիջապես առաջ։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դրանից առաջ ի՞նչ փո­ղերով էիք ապրում։

ԿԻՆ — Տասը դոլարով գրավ էի դրել ժամա­ցույցս։ Գրավ չէի դնի, եթե համոզված չլինեի, որ ի վիճակի եմ լինելու ետ գնել։

ՏՂԱՄԱՐԴ — Դրա համա՞ր էիք նախաճաշ­ին միայն սուրճ ու կարկանդակ վերցնում։

ԿԻՆ – Իհարկե։ Դե, գիտեք, տան վարձ էլ եմ մուծում։ Հիմա ի՞նչ եք գրում։ Իսկապես ուզում եմ իմանալ։

ՏՂԱՄԱՐԴ — Թղթին դեռ այնքան չեմ հանձնել, որ կարողանամ ասել, բայց չգրված գրվածքս պիեսի տեսք ունի, չնայած վեպի էլ է նման։

ԿԻՆ — Անցած երկուշաբթի, երբ երկուսս էլ առաջին օրն էինք նախաճաշին այստեղ եկել, ինչպե՞ս եղավ, որ մոտեցաք և հարցրիք, թե կարելի՞ է իմ սեղանի մոտ նստել։

ՏՂԱՄԱՐԴ — Տեսա, որ նույն բանն էինք վերցրել, և մտածեցի, որ զրույցի ընդհանուր նյութ կունենանք, համ էլ նույն բաժնում ենք աշ­խատում, նույն ապրանքն ենք վաճառում, նույն ղեկավարի՝ պարոն Ռեզերֆորդի ենթակայությամբ, չնայած, չգիտեմ ինչու, այդ ազգանվանը չեմ հավատում, բայց խնդրեմ, ահա, նրա ազ­գանունն է, չնայած նրա մեջ Ռեզերֆորդից ոչինչ չկա. կյանքը անտանելի գրող է։

ԿԻՆ — Բայց մեր վաճառած ապրանքներից երբեք չենք խոսել։

ՏՂԱՄԱՐԴ — Որովհետև այդ մասին երբեք խոսք չէիք բացում, դրա համար էլ երկրորդ օրը կրկին եկա։

ԿԻՆ – Մյուս աղջիկները շատ ավելի հրապու­րիչ են, կարծում էի՝ կցանկանայիք նրանցից մեկի կողքը նստել։

ՏՂԱՄԱՐԴ — Կցանկանայի, բայց համոզ­ված չեմ, որ նրանք էլ կցանկանային։

ԿԻՆ – Կարծում եմ, կցանկանային։

ՏՂԱՄԱՐԴ — Կարծում եմ, ավելի շուտ ձեզ հետ կնստեմ, եթե դեմ չեք, նկատի ունեմ տևո­ղությունը։ Դեռ տասնմեկ օր աշխատելու ենք։

ԿԻՆ – Դեմ չեմ։ Այն պատճառով… ը… ուզում եմ ասել, իմ սեղանին մոտեցաք, որովհետև ես… ը… հասարա՞կ եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե մի քիչ, բայց հիմնա­կան պատճառը սուրճն ու կարկանդակն էին, նաև ուզում էի զրուցել։ Կարծում եմ, ճիշտ կլի­նի, որպեսզի տեղյակ լինեք, որ երբ աղջիկն այն է, ինչ հարկավոր է, կարողանում եմ հետը խո­սել, բայց ոչ այն ձևով, և հիմար վիճակում եմ հայտնվում։

ԿԻՆ – Սուրճից և կարկանդակից հետո իրար ետևից ծխում էիք, դա նույնպես տարակուսե­լու առիթ տվեց։ Մտածեցի, որ ձեզ նյարդաց­նում եմ, և իրոք, ինձ թվում էր, որ իմ պատճա­ռով հենց այդպես էլ պետք է լիներ։

ՏՂԱՄԱՐԴ — Հնարավոր է, որ դա այդպես է, բայց միևնույն ժամանակ ծխելն ինձ հաճույք է պատճառում, հատկապես սուրճից հետո, աշ­խատանքի ժամանակ ծխել չի թույլատրվում և, անկեղծ ասած, գրելիս ստիպված եմ ծխել։

ԿԻՆ – Եվ, իհարկե, հենց հիմա գրում եք։

ՏՂԱՄԱՐԴ — Անշուշտ։ Իմ չգրված գրվածքն ինձ համար նույնքան կարևոր է, որքան ուրիշի գրված գրվածքը։

ԿԻՆ — Եթե գրում եք, հավանաբար դեմ չեք լինի, որպեսզի ասեմ, որ երբ մեր աշխատանքն ավարտվի, կարոտելու եմ նախաճաշի շուրջ այս զրույցները։

ՏՂԱՄԱՐԴ — Դեմ չեմ լինի։ Ես էլ եմ կարոտելու, բայց այնքան գրելու նյութ կա, ամբողջ մի ժամանակ։ Դուք նույնպես պետք է սկսեք գրել։

ԿԻՆ – Չգրված գրվածքնե՞ր։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ինչո՞ւ ոչ։ Տասնինը տա­րեկան աղջիկը, որ Վիրջինիա Վուլֆ է կար­դում, չի կարող գրելուց հեռու լինել, և կապ չու­նի, նա դրանից տեղյա՞կ է, թե՞ ոչ։

ԿԻՆ — Գրում եմ։ Ուզում եմ ասել, որ փորձել եմ բանաստեղծություններ գրել։ Դե, գիտեք, թե ինչպիսի։ Գեղեցկություն և մենություն։ Գրել չեմ կարողանում, բայց կարդալ սիրում եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Վերջերս ուրիշ էլ ի՞նչ եք կարդացել։

ԿԻՆ — Օ՜, չգիտեմ։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ հանկարծ ժպտացիք։

ԿԻՆ – Ենթադրում եմ, որ գլխի եք ընկնում։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, գլխի չեմ ընկնում։

ԿԻՆ – Ենթադրում եմ, որ գլխի եք ընկնում, թե վերջերս ուրիշ ինչ եմ կարդում։

ՏՂԱՄԱՐԴ — Հերթրուդ Սթա՞յն։

ԿԻՆ — Ոչ, չնայած նրա գրքերից մի քանիսը կարդացել եմ։ Կարծում եմ, ավելի լավ է՝ աշխատանքիս վերադառնամ։

ՏՂԱՄԱՐԴ — Բարի։ Բայց նախքան գնալը պետք է ասեք։

ԿԻՆ – Սխալ չե՞ք հասկանա։

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ կարծում։ Ինչո՞ւ պետք է սխալ հասկանամ։

ԿԻՆ – Փաստն այն է, որ վերջերս ձեր չգրված գրվածքներն եմ կարդում։

ՏՂԱՄԱՐԴ – Չե՞ք խաբում։ Հավանո՞ւմ եք։ Անկեղծորե՞ն։ Մի վախեցեք։ Այն գրողներից չեմ, որ քննադատություն չեն ընդունում։ Իրոք, գրվածքներիս մասին ի՞նչ կարծիքի եք։

ԿԻՆ — Ինձ թվում է, դրանք ամենագեղեցիկ չգրված գրվածքներն են։ Որ երբևէ… ը… չեմ կարող ասել, որ կարդացել եմ, այլ երբևէ… ր… լսել եմ։ Մասնակցել եմ։ Կիսով չափ ապրել եմ։ Եվ մի օր, համոզված եմ, նաև կարդալու եմ ձեր չգրված գրվածքներից մի քանիսը։ (Գնում է։)

ՏՂԱՄԱՐԴ — Իմ առաջին ընթերցողը։ Աստված վկա։

 

 

  1. ՏՐԱՄՎԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՏՂԱՄԱՐԴ — Ենթադրում եմ, որ չգիտես, թե շաբաթվա որ օրն է։

ՏՂԱ – Չորեքշաբթի։ Յոթ տարեկան եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Յոթը կարգին տարիք է, և այսօր չորեքշաբթի է։

ՏՂԱ – Կարծում էի, չգիտեիք։

ՏՂԱՄԱՐԴ — Գիտեի։ Ուղղակի ուզում էի իմանալ, արդյո՞ք գիտես։

ՏՂԱ – Եվ ի՞նչ։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկապես գիտես, բայց հա­մոզված չեմ, որ գիտես, թե որ ամիսն է։

ՏՂԱ – Հունվա՞ր։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ։

ՏՂԱ – Փետրվա՞ր։

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ է։ Փետրվարի ո՞ր օրն է։

ՏՂԱ – Չորեքշաբթի։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, բայց չորեքշաբթի, փետրվարի հինգը կամ չորեքշաբթի, փետրվա­րի քանի՞սը։

ՏՂԱ — Չգիտեմ։ Չորեքշաբթի, փետրվարի քանի՞սը։

ՏՂԱՄԱՐԴ — Չորեքշաբթի, փետրվարի տասներկուսը։ Ինչ-որ մեկի ծննդյան օրն է։ Գի­տե՞ս, թե ում։

ՏՂԱ – Իմը չէ։ Իմ ծննդյան օրն անցել է։

ՏՂԱՄԱՐԴ — Շատ մեծ մարդու։

ՏՂԱ – Ձե՞ր ծննդյան օրն է։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, ուրիշ մեծ մարդու։

ՏՂԱ – Ջորջ Վաշինգտոնի՞։

ՏՂԱՄԱՐԴ — Նրա նման մեկի։

ՏՂԱ – Աբրահամ Լինկոլնի՞։

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ է։ Այսօր Աբրահամ Լինկոլնի ծննդյան օրն է։

ՏՂԱ – Հիմա Աբրահամ Լինկոլնը քանի՞ տա­րեկան է։

ՏՂԱՄԱՐԴ — Վաղուց մահացել է։

ՏՂԱ – Աբրահամ Լինկո՞լնը։ Մահացե՞լ է։

ՏՂԱՄԱՐԴ — Ցավոք, մահացել է։ Ուղիղ հարյուր տարի առաջ։

ՏՂԱ — Ես յոթ տարեկան եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, բայց պայծառ յոթ տա­րեկան ես։ Լավ։ Աբրահամ Լինկոլնն ո՞վ էր։

ՏՂԱ — Աբրահամ Լինկոլնը Աբրահամ Լինկոլնն էր։

ՏՂԱՄԱՐԴ — Անշուշտ, բայց նրան հիշում և հարգում են, որովհետև ինչ-որ բան է արել։

ՏՂԱ – Ի՞նչ է արել։

ՏՂԱՄԱՐԴ — Պնդել է, որ Միության բոլոր նահանգներն իրենց բոլոր քաղաքացիներին, առանց բացառության, հավասար իրավունքներ տան։

ՏՂԱ – Իսկ դա ի՞նչ է նշանակում։

ՏՂԱՄԱՐԴ — Նա ազատություն տվեց նեգր ստրուկներին։

ՏՂԱ – Ճիշտ է, հեռուստատեսությամբ եմ տե­սել։ Միշտ կանգնում և բոլորի հետ զրուցո՞ւմ եք։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, փաստն այն է, որ հազ­վադեպ եմ զրույցի բռնվում։ Եկել եմ, որ տրամ­վայ նստեմ ու քաղաք հասնեմ։ Տրամվային եմ սպասում։ Դու նույնպես եկար և այստեղ կանգնեցիր, դրա համար էլ մտածեցի, որ գուցե ցանկանում ես զրուցել։

ՏՂԱ – Ցանկանում էի։

ՏՂԱՄԱՐԴ — Դե ինչ, ուրախ եմ։ Ուզում ես որոշակի ինչ—որ բանի մասի՞ն խոսենք։

ՏՂԱ — Հա։

ՏՂԱՄԱՐԴ — Բարի։

ՏՂԱ – Ինչո՞ւ եք մեծ, հսկայական բեղ պա­հում։

ՏՂԱՄԱՐԴ — Մեծ, հսկայական բեղն ավանդական է իմ ընտանիքի տղամարդկանց համար։

ՏՂԱ – Դա ի՞նչ է նշանակում։

ՏՂԱՄԱՐԴ — Հայրս այսպիսի բեղ է ունե­ցել, որդիս նույն բեղն է ունենալու։

ՏՂԱ – Բայց ինչո՞ւ։

ՏՂԱՄԱՐԴ — Տասնյոթ կամ տասնութ տա­րեկանից հետո բոլորս էլ մեր բեղն ենք ունե­նում։

ՏՂԱ – Հայրս բեղ չունի։

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե հորդ ընտանիքի տղա­մարդկանց համար բեղ ունենալն ավանդական չէ:

ՏՂԱ — Նշանակում է, ես է՞լ չեմ կարող ունե­նալ։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ։ Երբ ժամանակը գա, ինքդ կորոշես։

ՏՂԱ – Որոշելու եմ, որ ունենալու եմ։

ՏՂԱՄԱՐԴ – Իրո՞ք։

ՏՂԱ – Ըհը, պարոն, ձեր բեղի նման բեղ եմ ու­զում։ Ե՞րբ կունենամ։

ՏՂԱՄԱՐԴ — Երևի տասնհինգ տարուց։

ՏՂԱ – Չեմ ուզում էդքան սպասել։

ՏՂԱՄԱՐԴ — Երբ փոքր էի, հին սև գուլ­պաներից բեղ էինք սարքում ու քթերիս տակ էինք կպցնում, որ տեսնեինք, թե բեղով ինչ տեսք ունենք։

ՏՂԱ – Կարո՞ղ եմ ես էլ էդպես անել։

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե։ Կարող ես նաև ածուխի կտոր վերցնել և դեմքիդ վրա բեղ նկա­րել։ Այդ բեղն այնքան կմնա, մինչև լվացվես։

ՏՂԱ – Եթե նկարեմ, ի՞նչ տեսք կունենամ։

ՏՂԱՄԱՐԴ — Հրաշալի։

ՏՂԱ — Ձեզ նմա՞ն։

ՏՂԱՄԱՐԴ – Մի քիչ։ Էլի՞ ինչ—որ բան ես ուզում իմանալ, որովհետև իմ տրամվայն արդեն մոտենում է։

ՏՂԱ – Ուզում էի զրուցելու մասին խոսել։ Սի­րում եմ զրուցել, բայց էնքան էլ շատ մարդ չեմ ճանաչում, որ ուզում են հետս զրուցել։

ՏՂԱՄԱՐԴ — Զրուցելը շատ լավ բան է։ Եթե մարդ չկա, ում հետ կարող ես զրուցել, խո­սիր շուրջդ եղած ամեն բանի հետ, զրուցիր ծա­ռերի, տների, շենքերի, կենդանիների հետ։ Ինձ համար իսկապես հաճելի էր քեզ հետ զրուցելը։

ՏՂԱ – Կարո՞ղ եմ ծառի հետ զրուցել։

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե։

ՏՂԱ – Իսկ եթե մարդիկ լսեն, չե՞ն մտածի, որ գիժ եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Քեզ համար միևնույն չէ՞։ Դու գիտես, որ գիժ չես, ծառն էլ գիտի, որ դու գիժ չես։ Գուցե դարձյա՞լ կհանդիպենք այստեղ և էլի կզրուցենք։

ՏՂԱ – Հույս ունեմ։

 

 

  1. ՏՆՕՐՀՆԵՔ

ՔԱՐՈԶԻՉ — Վերջերս ձեզ և երեխաներին եկեղեցում չեմ տեսնում, ուստի որոշեցի այցելել և գուցե տունն օրհնել։

ՄԱՅՐ — Բարի գործ եք արել, աղջիկս մեկ րոպեից թեյ և թխվածք կբերի։

ՔԱՐՈԶԻՉ — Երեխաները լա՞վ են։

ՄԱՅՐ – Այո, բոլորն էլ լավ են, և չնայած եկե­ղեցի չենք հաճախում, կիրակի օրերը զբաղվում ենք ավանդական կիրակնօրյա գործերով՝ ըն­թերցում ենք, երգում և միասին ժամանակ ենք անցկացնում։

ՔԱՐՈԶԻՉ — Այրի կնոջ համար հեշտ չէ չորս երեխա մեծացնել։

ՄԱՅՐ — Չեմ վհատվում։ Երեխաներս էլ սի­րով օգնում են, որքան կարողանում են։ ՔԱՐՈԶԻՉ — Նրանց եկեղեցի չբերելու հա­մար պատճա՞ռ կա։

ՄԱՅՐ — Առանձնապես՝ ոչ։

ՔԱՐՈԶԻՉ — Գուցե նվիրատվության հա­մար փո՞ղ չունեք։ Կամ էլ եկեղեցու մյուս այցե­լուներն ավելի լավ և ավելի նոր զգեստներո՞վ են։ Հուսով եմ, չեք մեղանչում։

ՄԱՅՐ — Իրոք, ստիպված էինք փողի մասին մտածել, նաև զգեստների։ Իսկ ես չեմ մեղան­չում։ Շուտով եկեղեցի կգանք։

ՔԱՐՈԶԻՉ — Շարական երգող ձեր երեխա­ների ձայնը միշտ էլ հուսադրել է ինձ և հաճույք է պատճառել։ Կարոտում եմ նրանց։ Գուցե փոքր-ինչ եսասե՞ր եմ։

ՄԱՅՐ – Տանը երգում ենք, երեխաներն՝ ինձ­նից շատ, և պետք է ասեմ, որ եթե նրանք դա­դարեին երգել, շատ կանհանգստանայի նրանց համար։ Իրոք բարձր, զուլալ ձայն ունեն և իս­կապես ուզում են երգել թե շարականները և թե մնացած երգերը՝ հայրենասիրական կամ կատակերգ կամ հիմար երգեր, կամ էլ ինչ պատա­հի։ Երգերի արանքում էլ միշտ զրուցում ու ծի­ծաղում են, անկարգություններ են անում և զվարճանում են, ասմունքում են, վիճում են և կատակում։

ՔԱՐՈԶԻՉ — Ինչը եկեղեցում անհնար է անել։

ՄԱՅՐ — Լավ է նաև եկեղեցում լուռ նստելը։ Շուտով կվերադառնանք, իսկ այժմ թեյ խմեք, խնդրում եմ։

ՔԱՐՈԶԻՉ — Շնորհակալ եմ։ Գուցե քարոզնե՞րս այն չեն։

ՄԱՅՐ – Ձեր քարոզներից երբեք դժգոհ չենք եղել։ Իսկապես, եկեղեցի չհաճախելու ոչ մի լուրջ պատճառ չունենք։

ՔԱՐՈԶԻՉ — Այնպես չէ՞, որ հանկարծ ամ­բողջ ընտանիքով անհանդուրժող եք դարձել եկեղեցու նկատմամբ։

ՄԱՅՐ – Օ՜, ոչ։

ՔԱՐՈԶԻՉ – Չե՞ք հոգնել իմ և ծխական համայնքի որոշ անդամների միջև ընթացող տար­բեր կրոնական վեճերից։

ՄԱՅՐ – Իսկապես՝ ոչ, երբեք որևէ մեկի կող­մը բռնելու անհրաժեշտություն չի եղել։

ՔԱՐՈԶԻՉ — Ոչ էլ անտարբե՞ր եք պաշտո­նական կրոնի հանդեպ, ինչպես շատերն են վարվում մեր օրերում։

ՄԱՅՐ — Ոչ, անտարբեր չենք։

ՔԱՐՈԶԻՉ – Այդ դեպքում կարո՞ղ եմ հարց­նել, թե պատճառն ինչ է։ Ինչո՞ւ երեխաներին եկեղեցի չեք բերում։ Նրանց կարոտում եմ։ Բոլորիդ եմ կարոտում։

ՄԱՅՐ – Իրոք չեմ գտնում, թե որևէ պատճառ կա։

ՔԱՐՈԶԻՉ — Ուրեմն, հաջորդ կիրակի կգա՞ք։

ՄԱՅՐ — Կարծում եմ, այդ ժամանակ արդեն կգանք, այդպես էլ կանենք։

ՔԱՐՈԶԻՉ — Անչափ ուրախացրիք ինձ։ Ես ծեր քարոզիչ եմ։ Անհրաժեշտ է, որ նոր մարդիկ տեսնեմ և նոր ձայներ լսեմ։

 

 

  1. ՀԱՃԵԼԻ ԶՐՈՒՑԱԿԻՑՆԵՐԸ

ԿԻՆ — Լրագրում տեսա, որ Բիլլի Ռոուզը բաժնետոմսերի շնորհիվ անցած տաս տարի­ներին ժամում 90.000 դոլար է վաստակել։

ԱՄՈՒՍԻՆ — Այդ հոդվածն իմ աչքով էլ ըն­կավ։

ԿԻՆ – Չկարդացի՞ր։

ԱՄՈՒՍԻՆ — Չցանկացա կարդալ։

ԿԻՆ – Ինչո՞ւ։

ԱՄՈՒՍԻՆ — Որովհետև շարունակությունը հաջորդ էջում էր, նման բաներ չեմ սիրում։ Իսկ ի՞նչ կա։

ԿԻՆ – Բիլլի Ռոուզին ճանաչում ես, չէ՞։

ԱՄՈՒՍԻՆ — Իհարկե, Բիլլի Ռոուզին չեմ ճանաչում։ Իսկ ինչո՞ւ պետք է Բիլլի Ռոուզին ճանաչեմ։

ԿԻՆ – Ուզում եմ ասել՝ գիտե՞ս, նա ով է։

ԱՄՈՒՍԻՆ — Բոլորովին էլ չգիտեմ։ Ո՞վ է։

ԿԻՆ – Նյու Յորքում մի ամբողջ թատրոն ու­նի, հենց այդպես էլ կոչվում է՝ «Բիլլի Ռոուզի թատրոն»։

ԱՄՈՒՍԻՆ — Եղավ, արդեն իմացա, թե Բիլլի Ռոուզն ով է։

ԿԻՆ — Ժամում 90 000 դոլար ունենալը սարսափելի մեծ գումար է։ Չե՞ս կարծում, որ նման հաջողության հասնելու համար չափազանց խելացի պետք է լինել։

ԱՄՈՒՍԻՆ — 90 000 դոլարը մեկ օրում էր, ոչ թե մեկ ժամում։

ԿԻՆ — Թեկուզ այդպես, նման բան անելու համար չափից ավելի խելացի պետք է լինել, քեզ այդպես չի՞ թվում։

ԱՄՈՒՍԻՆ — Եղել են խելացի մարդիկ, որ շատ ավելին են վաստակել, եղել են նաև ավե­լի խելացիները, որ ավելի քիչ են վաստակել, նաև շատ ավելի խելացիները, որ ընդհանրա­պես ոչինչ չեն վաստակել կամ միայն իրենց քոսոտ աշխատավարձի հույսին են եղել։ Ի՞նչ անենք։

ԿԻՆ – Բիլլի Ռոուզը հարուստ չի ծնվել։ Ամեն պեննին սեփական քրտինքով է վաստակել։

ԱՄՈՒՍԻՆ — Այլևս մի խոսիր, անչափ կգնահատեմ։

ԿԻՆ – Ո՛չ գնահատիր, ո՛չ էլ ձայնս կկտրեմ։ Պարզապես զրուցում եմ։ Չեմ ասում, թե մտա­ծում եմ, որ օրական 90.000 դոլար չաշխատելը քո կողմից ահավոր հիմարություն է կամ նման բան։

ԱՄՈՒՍԻՆ — Շնորհակալ եմ, հակառակ դեպքում չէի իմանալու, թե այդ փողն ինչպես ծախսեմ։

ԿԻՆ – Նման բան գոյություն ունի՝ երեխանե­րին Հարվարդում տեղավորել։

ԱՄՈՒՍԻՆ — Նաև այսպիսի բան գոյություն ունի՝ երեխաները չեն ցանկանում, որ իրենց Հարվարդում տեղավորեն կամ նույնիսկ Սան Ֆրանցիսկոյի պետականում, որ ավելի մոտ է։

ԿԻՆ — Նաև այսպիսի բան գոյության ունի՝ կարողանալ տուն գտնել, որ տուն է, ոչ թե սրա նման հիմար խրճիթ։

ԱՄՈՒՍԻՆ — Չեմ կարող խելացի լինել, կա­րող եմ միայն Սան Ֆրանցիսկոյի հիմար պետա­կանում հիմար անգլերենի հիմար դասախոս լի­նել և ջանալ օգնել բազմաթիվ հիմար երեխա­ների, որպեսզի նրանք հարգեն բավական խե­լամիտ հիմար անգլերենը, բայց այն ժամանակ, երբ սեփական երեխաներս կորոշեն այնտեղ սո­վորել կամ, որ ավելի գերադասելի է, այն կփո­խարինեն Հարվարդով, հուսով եմ, որ այլևս այնտեղ կամ այս հիմար խրճիթում չեմ լինի։

ԿԻՆ — Եվ հույս ունես որտե՞ղ լինել։

ԱՄՈՒՍԻՆ — Կահավորված վարձու սենյա­կում, ամուսնալուծված տղամարդ, որ սնվում է դրսում և բանաստեղծություններ է գրում, երեք որդիներս և դուստրս արդեն հասակ են առել և մեծ անհաջողակներ են, իսկ կինս՝ մժղուկների թագուհի։

ԿԻՆ – Կներես։ Ինչո՞ւ մժղուկների։

ԱՄՈՒՍԻՆ — Հասկանում եմ, որ Բիլլի Ռոուզը Էդլերի առաջնակարգ կոշիկներով հինգ ոտնաչափ հասակ ունի, և ենթադրում եմ, որ Բիլլի Ռոուզն է այն մարդը, որ քեզ խելքահան կանի։

ԿԻՆ — Չգիտեմ էլ, թե ինչո՞ւ փորձեցի հետդ զրուցել։ Անտաշի մեկն ես։

ԱՄՈՒՍԻՆ — Եթե ասելիքդ մի քիչ զգույշ ընտրեիր, մտածում եմ, որ երբեմն կարող էինք հաճելի զրուցակիցներ լինել։

ԿԻՆ – Շատ երկար ես մտածում։

 

  1. ԹԱՏԵՐԱՍԵՐՆԵՐԸ

ԱՄՈՒՍԻՆ – Չլսեցի։

ԿԻՆ — Ասում եմ, Սան Ֆրանցիսկոյում թա­ղում կատարող կա, անունը Գոդո է։

ԱՄՈՒՍԻՆ — Ճիշտ է։ Ցուցանակը տեսել եմ։

ԿԻՆ – Ներկայացման մասին ի՞նչ կասես։

ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նչ ներկայացում։

ԿԻՆ – «Գոդոյին սպասելիս», որ Սան Ֆրան­ցիսկոյի խումբը Սեն Քվենթինի ուղղիչ տանը խաղաց։

ԱՄՈՒՍԻՆ — Պիեսի մեջ այլ կերպ է։

ԿԻՆ – Այդպես է։

ԱՄՈՒՍԻՆ — Գուցե։

ԿԻՆ — Հենց դա՞ է նշանակում՝ թաղում կա­տարողին սպասելիս։

ԱՄՈՒՍԻՆ — Համոզված չեմ։

ԿԻՆ – Ներկայացումը դիտե՞լ ես։

ԱՄՈՒՍԻՆ — Ընթերցել եմ։

ԿԻՆ – Ինչո՞ւ։

ԱՄՈԻՍԻՆ — Պիեսներն ընթերցում եմ։ Ավելի լավ է ընթերցեմ, քան դիտեմ։

ԿԻՆ – Իսկ ես՝ ընդհակառակը։

ԱՄՈԻՍԻՆ — Բարձրաճաշակ ես։

ԿԻՆ – Ինչո՞ւ չես սիրում ներկայացում դիտել։

ԱՄՈՒՍԻՆ — Սիրում էի, հատկապես մինչև տասնութս լրանալը, նույնիսկ հիմա դեմ չեմ ներկայացում դիտել։

ԿԻՆ — Իսկ պիես ընթերցելն ի՞նչ առավելու­թյուն ունի։

ԱՄՈՒՍԻՆ — Հենց թեկուզ խաղն ավելի լավ է։

ԿԻՆ – Ինչպե՞ս կարող է ավելի լավ լինել։ Ոչ ոք չի խաղում։

ԱՄՈՒՍԻՆ — Գուցե հենց այդ պատճառով։ Երբ դերասաններն ու դերասանուհիները սկսում են խաղալ, որքան ավելի լավ են խաղում, այնքան հետույքդ սկսում է շատ ցավել*: (Անգլերենում այս դարձվածքը նշանակում է ձանձրալի լինել – Ծ.թ.)։

ԿԻՆ – Եթե կարելի է՝ նման բառեր մի օգտա­գործիր։

ԱՄՈՒՍԻՆ — Ցավը ճիշտ այդ տեղում է, եթե այլ բառով ասես, ծիծաղելի կլինի։ Ցավը՝ թիկունքում, անհեթեթ է։

ԿԻՆ — Ասացիր, որքան դերակատարները լավ են խաղում, այնքան քի՞չ ես նրանց հավա­նում։

ԱՄՈՒՍԻՆ — Ճիշտ այդպես։

ԿԻՆ — Քեզ դո՞ւր է գալիս, երբ վատ են խա­ղում։

ԱՄՈՒՍԻՆ — Այո, վատ խաղից հաճույք եմ ստանում։ Կարծում եմ, որ խաղը պետք է վատ լինի, իրականում՝ զզվելի։

ԿԻՆ — Տարօրինակ է։ Ինչո՞ւ։

ԱՄՈՒՍԻՆ — Որպեսզի բոլորը գլխի ընկնեն, որ խաղ է։ Վատ խաղ, խաղն այդպիսին պետք է լինի։ Երբ դերասաններն ու դերասանուհիները փորձում են այնպես խաղալ, որ թվա, թե խաղ չէ, այսինքն՝ երբ նրանք իրոք խաղում են, ինձ համար այդ երեք ժամը ձանձ­րալի է։ Իսկ երբ պիես եմ ընթերցում, մտքովս չի անցնում ձանձրանալ։

ԿԻՆ – Չե՞ս ուզում, որ խաղն իրական լինի։

ԱՄՈՒՍԻՆ — Աստված մի արասցե, ինչպես դերասանը կասեր։ Այն խաղը, որ փորձում է իրական լինել, անարգանք է։ Իրական իրակա­նությունը, որ տեղի է ունենում մի ամբողջ կյան­քի տևողություն ներկայացնող պիեսում, իր տե­սակի մեջ միակ իրականությունն է, որ չեմ կա­րողանում հանդուրժել։

ԿԻՆ – Ինձ ներկայացման տար։

ԱՄՈՒՍԻՆ — Ե՞րբ։

ԿԻՆ – Հիմա։

ԱՄՈՒՍԻՆ — Ինչ-որ տեղ զզվելի ներկայա­ցո՞ւմ կա։

ԿԻՆ — Ինձ թվում է՝ կգտնենք։ Ուզում եմ մի բան դիտել, որ քո կարծիքով պարզապես ցու­ցադրվում է։ Տար ինձ։

ԱՄՈՒՍԻՆ — Բարի։ Գնացինք։

 

  1. ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

ԿՈԿԻԿ — Երբ եկա, արդեն այստեղ էիք։ Որ­քա՞ն ժամանակ է, որ սպասում եք։

ՓՆԹԻ — Տասնհինգ րոպե։

ԿՈԿԻԿ — Դրանից շատ եմ սպասել։

ՓՆԹԻ — Գուցե տասնհինգ րոպեից ավելի։

ԿՈԿԻԿ – Ստուգվելո՞ւ։

ՓՆԹԻ — Չէ։ Պոկելու։

ԿՈԿԻԿ — Ձեզ բա՞ն է կպել։

ՓՆԹԻ — Չէ, բժշկից փող եմ պոկելու։

ԿՈԿԻԿ — Նրա հիվանդներից չեք, չէ՞։

ՓՆԹԻ – Չէ, հաջորդը դուք եք։ Գիտի, որ ես հաշվի մեջ չեմ։

ԿՈԿԻԿ – Էլի՞ եք փող պոկելու եկել։

ՓՆԹԻ — Շատ։

ԿՈԿԻԿ — Միշտ հաջո՞ղ է։

ՓՆԹԻ – Վատ չէ։ Չնայած, ստիպված սպա­սում եմ։

ԿՈԿԻԿ – Որքա՞ն։

ՓՆԹԻ – Էնքան, ինչքան հարմար կհամարի, որ սպասեմ։

ԿՈԿԻԿ — Երևում է, դեմ չեք։

ՓՆԹԻ – Չէ, էստեղ նստելը հաճույք է։

ԿՈԿԻԿ – Այստե՞ղ։

ՓՆԹԻ – Ամեն տեղ։ Ահագին փորձ ունեմ։

ԿՈԿԻԿ — Նստելր ձեր աշխատանքի մի մա՞սն է։

ՓՆԹԻ — Կարող եք էդպես համարել, բացա­ռությամբ նրա, որ աշխատանք չունեմ։

ԿՈԿԻԿ – Ինչո՞ւ։

ՓՆԹԻ – Լավ աշխատող չեմ։

ԿՈԿԻԿ — Եթե նստելուց լավ եք, պետք է այնպիսի աշխատանք գտնեք, որ նստել է պա­հանջում, փոքրիկ հյուրանոցի հերթապահի նման, կեսգիշերից մինչև առավոտվա ութը։ Մի ժամանակ ես էլ այդպիսի աշխատանք ունեի, երբ քոլեջում էի սովորում։ Նստում, դասերս էի անում։

ՓՆԹԻ – Երբեք նման աշխատանք չեմ ունեցել։

ԿՈԿԻԿ — Իսկ ինչպիսի՞ն եք ունեցել։

ՓՆԹԻ – Արդեն սկսում էի որոշել, բայց չորս տարով բանակ տարան։ Դրանից հետո էլ չկա­րողացա որոշել։

ԿՈԿԻԿ — Իսկ ինչպե՞ս եք ապրում։  

ՓՆԹԻ – Օրվա հացով, բանակից հետո օրա­կան մեկ դոլար են տալիս, պարզ է, որ քիչ է, երբեմն էլ մի—երկու դոլար՝ էստեղից։

ԿՈԿԻԿ — Բանակում ի՞նչ էր պատահել։

ՓՆԹԻ — Չորս երկար տարիներ։

ԿՈԿԻԿ — Խաղաղ օվկիանո՞ս, Եվրոպա՞, Կո­րեա՞։

ՓՆԹԻ — Խաղաղ Գերմանիա։

ԿՈԿԻԿ — Իսկ օրական մեկ դոլարն ինչի՞ հա­մար է։

ՓՆԹԻ — Մի ժամանակ գիտեի, հիմա մոռա­ցել եմ։ Երևի ինչ-որ ջիպ է խփել, վեց ամիս հի­վանդանոցում եմ անցկացրել։

ԿՈԿԻԿ — Ամենահարմարը նստակյաց աշ­խատանքը կլինի։

ՓՆԹԻ — Կլիներ։ Յոլա կգնայի։

ԿՈԿԻԿ – Լա՞վ բժիշկ է։

ՓՆԹԻ – Երբեք մոտը չե՞ք եղել։

ԿՈԿԻԿ — Ոչ, դիմացի հյուրանոցում եմ ապ­րում, հերթապահ տղան խորհուրդ տվեց, որ այստեղ գամ։ Բժիշկն ո՞վ է։

ՓՆԹԻ — Փոքր եղբայրս։ Ի՞նչ եք ուզում ստուգել։

ԿՈԿԻԿ — Առանձնապես բան չկա։

ՓՆԹԻ – Դե, ուրեմն, թռեք։

ԿՈԿԻԿ – Երևի այդպես էլ անեմ։ (Գնում է։)

Թարգմանությունն անգլերենից՝

Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ

 

You may also like...

Թողնել պատասխան